Գործք


1 Առաջին պատմութիւնը գրի առայ, ո՛վ Թէոփիլէ, այն բոլոր բաների մասին, ինչ Յիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից 2մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատուէր տուեց առաքեալներին, որոնց ինքն ընտրել էր, եւ երկինք վերացաւ։ 3Նա իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծու արքայութեան մասին։ 4Եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատուէր տուեց նրանց, որ Երուսաղէմից չմեկնեն, այլ սպասեն Հօր խոստումին, «որը, - ասաց, - լսեցիք ինձնից. 5որովհետեւ Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ պիտի մկրտուէք Սուրբ Հոգով»։ 6Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»։ 7Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. 8այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»։ 9Եւ երբ այս խօսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացաւ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ 10Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին սպիտակ զգեստների մէջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. 11«Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»։ 12Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ։ 13Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան։ 14Սրանք բոլորը, միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ։ 15Եւ այն օրերին Պետրոսը վեր կացաւ եղբայրների մէջ (եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ հաւատացեալների բազմութիւն կար) եւ ասաց. 16«Ո՛վ եղբայրներ, պէտք է, որ կատարուէր գրուածը, ինչ որ նախօրօք Սուրբ Հոգին ասել էր Դաւթի բերանով Յուդայի մասին, որ Յիսուսին բռնողներին առաջնորդ եղաւ. 17որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մէջ էր. եւ նրան էլ վիճակուած էր այս սպասաւորութիւնը։ 18Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց։ 19Եւ այս բանը յայտնի եղաւ բոլոր նրանց, որոնք Երուսաղէմում են բնակւում, այնպէս որ մինչեւ իսկ այն ագարակը կոչուեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արեան ագարակ. 20որովհետեւ սաղմոսների գրքում գրուած է. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի». եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի»։ 21Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր, - 22սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ, - պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի նրա յարութեանը»։ 23Եւ ներկայացրին երկուսին՝ Յովսէփին, որին Բարսաբա էին կոչում, եւ որ վերանուանուեց Յուստոս, ու Մատաթիային։ 24Եւ աղօթք անելով՝ ասացին. «Տէ՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛յց տուր այս երկուսից մէկին, որին ընտրեցիր, 25որպէսզի առնի վիճակն այն պաշտօնի եւ առաքելութեան, որից Յուդան ընկաւ իր տեղը գնալու համար»։ 26Եւ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելաւ Մատաթիային, եւ սա դասուեց տասնմէկ առաքեալների հետ։
2 Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ 2Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ 3Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ։ 4Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս։ 5Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ 6Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից իւրաքանչիւրի լեզուով։ 7Ամէնքը հիանում էին եւ զարմանում. ու միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. 8բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք։ 9Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, 10Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ 11թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, - լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծու մեծագործութիւնների մասին»։ 12Բոլորը զարմանում էին եւ միմեանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»։ 13Իսկ ուրիշներ, ծաղրելով, ասում էին. «Նոր գինուց հարբած են»։ 14Պետրոսը, Տասնմէկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը եւ ասաց. «Ո՛վ հրէաստանցիներ եւ դուք ամէնքդ, որ Երուսաղէմում էք բնակւում, այս ձեզ յայտնի թող լինի, եւ իմ խօսքերին ակա՛նջ դրէք. 15սրանք հարբած չեն, ինչպէս դուք էք կարծում, քանի որ դեռ առաւօտեան ժամը ինն է. 16այլ՝ այս ա՛յն է, որ ասուեց Յովէլ մարգարէի բերանով. 17«Եւ պիտի լինի սրանից յետոյ, վերջին օրերին, - ասում է Աստուած, -որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրայ,եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան.ձեր երիտասարդները տեսիլներեւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ 18եւ իմ ծառաների ու իմ աղախինների վրայ այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ,եւ նրանք պիտի մարգարէանան։ 19Եւ վերը, երկնքում զարմանալի գործեր պիտի ցոյց տամ,իսկ ներքեւում, երկրի վրայ՝ նշաններ.արիւն եւ հուր եւ ծխի մրրիկ. 20արեգակը խաւար պիտի դառնայ,եւ լուսինը՝ կարմիր, ինչպէս արիւն,քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը։ 21Եւ պիտի լինի այնպէս, որ ամէն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկուի»։ 22Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, 23Աստծու սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. 24նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան։ 25Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է.«Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ,որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. 26դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, 27որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելուեւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի. 28ինձ ցոյց տուիր կեանքի ճանապարհները,քաղցրօրէն լցրեցիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ»։ 29Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. 30բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, 31ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝«Նրա անձը գերեզմանում չթողնուեց,եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ»։ 32Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. 33Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. 34որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է.«Տէրն ասաց իմ Տիրոջը՝նստի՛ր իմ աջ կողմը, 35մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրեւ պատուանդան դնեմ»։ 36Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»։ 37Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ 38Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. 39որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը»։ 40Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»։ 41Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան։ 42Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ։ 43Ամէն մարդու վրայ ընկել էր ահ եւ երկիւղ, եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ եւ զարմանալի գործեր էին կատարւում։ 44Հաւատացեալներն ամէնքը միասին էին, եւ ինչ որ ունէին, հասարակաց էր. 45նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին՝ ում ինչ որ պէտք լինէր։ 46Ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում։ 47Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում։ Եւ Տէրը օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր։
3 Պետրոսը եւ Յովհաննէսը տաճար էին բարձրանում կէսօրից յետոյ ժամը երեքի աղօթքի համար։ 2Եւ մօրից կաղ ծնուած մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, - որ կոչւում էր Գեղեցիկ, - որպէսզի նա տաճար մտնողներից ողորմութիւն խնդրի։ 3Սա տեսնելով Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմութիւն ստանայ։ 4Պետրոսը նրան նայեց Յովհաննէսի հետ եւ ասաց. «Նայի՛ր մեզ»։ 5Նա դարձաւ դէպի նրանք եւ ակնկալում էր նրանցից մի բան ստանալ։ 6Եւ Պետրոսն ասաց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կը տամ. յանուն Նազովրեցի Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց եւ քայլի՛ր»։ 7Եւ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. եւ իսկոյն ամրացան նրա ազդրերն ու սրունքները։ 8Նա վեր ցատկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտաւ. քայլում էր եւ վազվզում ու օրհնում Աստծուն։ 9Եւ ամբողջ ժողովուրդը տեսաւ նրան քայլելիս եւ Աստծուն օրհնելիս։ 10Եւ նրան ճանաչեցին, թէ նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մօտ ողորմութիւն ստանալու համար. եւ եղած նշանի վրայ զարմանքով լցուեցին։ 11Եւ մինչ նա Պետրոսին եւ Յովհաննէսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը, զարմացած, վազեց նրանց մօտ դէպի այն բակը, որ կոչւում էր Սողոմոնի բակ։ 12Երբ Պետրոսն այս բանը տեսաւ, ժողովրդին ասաց. «Ո՛վ Իսրայէլացիներ, այս բանի վրայ ինչո՞ւ էք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ էք նայում, որպէս թէ մեր անձի զօրութեամբ կամ քաջութեամբ քայլել տուած լինէինք դրան։ 13Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը, մեր հայրերի Աստուածը փառաւորեց իր Որդուն՝ Յիսուսին, որին դուք մատնեցիք եւ Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել։ 14Եւ դուք Սրբին ու Արդարին ուրացաք ու խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհուի ձեզ. 15եւ սպանեցիք կեանքի Առաջնորդին, որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց. եւ այդ բանին մենք իսկ վկայ ենք։ 16Յիսուսի անուան զօրութի՛ւնը բժշկեց այս մարդուն, որին տեսնում էք եւ ճանաչում, որովհետեւ նրա անուանը հաւատաց։ Եւ Յիսուսի միջոցով եղած հաւա՛տն է, որ սրան տուեց այս առողջութիւնը՝ ձեր բոլորի ներկայութեամբ։ 17Եւ արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտութեամբ արեցիք դուք, ինչպէս եւ ձեր իշխանաւորները, 18բայց ինչպէս որ Աստուած նախօրօք յայտնել էր բոլոր մարգարէների բերանով իր Քրիստոսի չարչարուելը, այդպէս էլ կատարեց։ 19Արդ, ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար, 20որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից, եւ որպէսզի նա ուղարկի Յիսուսին, որ ձեզ համար վաղօրօք սահմանուած է Քրիստոս, 21որին երկինքը պէտք է ընդունի մինչեւ բոլոր բաների վրայ հաստատուելու ժամանակները, այն բաների, որոնց մասին Աստուած խօսեց իր սուրբ մարգարէների բերանով։ 22Մովսէսը մեր հայրերին ասաց. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի. 23եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի»։ 24Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին։ 25Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն»։ 26Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ իւրաքանչիւրիդ յետ դարձնելու համար ձեր չար գործերից»։
4 Եւ մինչ նրանք խօսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրայ հասան քահանաները եւ տաճարի իշխանաւորներն ու սադուկեցիները, 2զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին եւ, յանձին Յիսուսի, մեռելների յարութեան մասին էին պատմում։ 3Նրանց ձերբակալեցին եւ բանտարկեցին մինչեւ յաջորդ օրը, որովհետեւ երեկոյեան դէմ էր։ 4Իսկ խօսքը լսողներից շատերը հաւատացին, եւ հաւատացեալների թիւը հասաւ շուրջ հինգ հազարի։ 5Յաջորդ օրը Երուսաղէմում հաւաքուեցին նրանց իշխանաւորները, երէցներն ու օրէնսգէտները, 6Աննա քահանայապետը եւ Կայիափան, Յովհաննէսը, Ալեքսանդրոսը եւ բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։ 7Եւ առաքեալներին մէջտեղ կանգնեցնելով՝ հարցաքննում էին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դուք այդ բժշկութիւնը»։ 8Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցուած, ասաց նրանց. «Ո՛վ իշխանաւորներ ժողովրդի եւ երէցնե՛ր Իսրայէլի, 9օրինաւո՞ր բան է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդէպ եղած բարիքի համար, թէ ինչո՛վ նա բժշկուեց։ 10Թող յայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։ 11«Սա՛ է այն վէմը, ձեզնից՝ շինողներիցդ անարգուած,որ անկիւնաքար եղաւ»։ 12Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք»։ 13Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութեանն ի տես եւ վերահասու լինելով, թէ նրանք տգէտ եւ անուս մարդիկ են, զարմացան, որովհետեւ ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. 14եւ տեսնում էին նաեւ բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ եւ չէին կարողանում որեւէ պատասխան տալ։ 15Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմեանց հետ եւ ասացին. 16«Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէմի բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, եւ մենք չենք կարող ուրանալ։ 17Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլեւս չխօսեն»։ 18Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով ամենեւին չխօսել եւ չուսուցանել։ 19Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին եւ ասացին նրանց. «Եթէ Աստծու առաջ արդար է առաւել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք։ 20Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել»։ 21Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց՝ ոչ մի միջոց չգտնելով, թէ ինչպէ՛ս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետեւ բոլորը փառաւորում էին Աստծուն՝ կատարուած բաների համար, 22քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր։ 23Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները։ 24Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դո՛ւ, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, 25Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր.«Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները,եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. 26երկրի թագաւորները իրար մօտ եկան,եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ»։ 27Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ, 28անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի։ 29Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. 30եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»։ 31Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին։ Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում։ 32Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր։ Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար հասարակաց էր։ 33Եւ առաքեալները մեծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին։ Ու նրանց բոլորի վրայ մեծամեծ շնորհներ կային։ 34Եւ նրանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր, որովհետեւ, ովքեր գիւղերի կամ ապարանքների տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում 35ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, եւ նրանք բաշխում էին իւրաքանչիւրին՝ ում ինչքան պէտք էր լինում։ 36Յովսէփը, որ ղեւտացի էր, ծագումով՝ կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է մխիթարութեան որդի), մի արտ ունէր. 37նա վաճառեց այն եւ գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։
5 Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց 2եւ նրա գումարից մի մաս կնոջ գիտութեամբ թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։ 3Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր. 4չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն»։ 5Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։ 6Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։ 7Եւ շուրջ երեք ժամ անցաւ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ էր եղել, ներս մտաւ։ 8Պետրոսը նրան դիմեց եւ ասաց. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»։ Եւ նա ասաց. «Այո՛, այդչափ»։ 9Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք միաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կը հանեն»։ 10Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ։ 11Եւ մեծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։ 12Եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մէջ. եւ բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահի մէջ էին։ 13Ուրիշներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց յարգում էր։ 14Եւ աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը. 15այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնէ նրա ստուերը հասնի նրանցից մէկին։ 16Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքւում էր Երուսաղէմ. բերում էին հիւանդներ եւ պիղծ ոգիներից տանջուածներ, որոնք բոլորն էլ բժշկւում էին։ 17Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցուեցին առաքեալների դէմ. 18եւ ելան ձեռք դրեցին առաքեալների վրայ ու նրանց հրապարակաւ բանտ դրին։ 19Ապա Տիրոջ հրեշտակը գիշեր ժամանակ բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով՝ ասաց. 20«Գնացէք կանգնեցէ՛ք տաճարի մէջ եւ ասացէ՛ք ժողովրդին այս կենարար պատգամը»։ 21Եւ երբ այս լսեցին, առաւօտեան մտան տաճարը եւ ուսուցանում էին։ Եկաւ քահանայապետը, եւ նրանք, որ նրա հետ էին. ի մի հաւաքեցին ատեանը եւ իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը. եւ մարդ ուղարկեցին բանտ՝ առաքեալներին բերելու։ 22Երբ սպասաւորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. 23«Բանտը ամենայն զգուշութեամբ փակուած գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»։ 24Երբ տաճարի իշխանաւորները եւ քահանայապետները այս խօսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրայ, թէ արդեօք այդ ի՛նչ պէտք է եղած լինի։ 25Եւ մէկը եկաւ նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ժողովրդին ուսուցանում են»։ 26Այն ժամանակ իշխանաւորը, սպասաւորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնութեան, որովհետեւ վախենում էին ժողովրդից, որ չքարկոծուեն։ 27Եւ բերելով նրանց՝ ատեանի առաջ կանգնեցրին։ Քահանայապետը հարցաքննեց նրանց 28եւ ասաց. «Ձեզ խստիւ չպատուիրեցի՞նք միթէ՝ չուսուցանել այն անունով. եւ սակայն ահա հիմա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքով. եւ այն մարդու արեան պատասխանատուութիւնը ուզում էք մեր վրայ գցել»։ 29Պատասխան տուեցին Պետրոսն ու առաքեալները եւ ասացին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց։ 30Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուեց Յիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով։ 31Աստուած նրան բարձրացրեց իր աջ ձեռքով որպէս առաջնորդ եւ փրկիչ՝ Իսրայէլին տալու համար ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն։ 32Այս բաների համար նրա վկաները մենք ենք եւ Սուրբ Հոգին, որը Աստուած տուեց իրեն հնազանդուողներին»։ 33Եւ երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան ու խորհուրդ էին անում նրանց սպանել։ 34Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր, օրէնուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատուուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ եւ հրամայեց, որ առաքեալներին մի փոքր ժամանակով դուրս հանեն. 35ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ի՛նչ պէտք է անէք։ 36Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանել էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց։ 37Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան։ 38Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի. 39իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»։ 40Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց։ 41Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել։ 42Եւ ամէն օր, տաճարում թէ տներում, չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին։
6 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ իրենց այրիները ամենօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին։ 2Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնն ու ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել։ 3Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար. 4իսկ մենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք»։ 5Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. եւ ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցուած մի մարդ էր, եւ Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր. 6նրանց կանգնեցրին առաքեալների առաջ եւ, աղօթք անելով, նրանց վրայ ձեռք դրեցին։ 7Եւ Աստծու խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր։ Եւ քահանաներից շատեր հնազանդւում էին հաւատին։ 8Ստեփանոսը, շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում։ 9Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։ 10Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա։ 11Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծու դէմ»։ 12Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան։ 13Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. 14լսեցինք դրա բերանից, որ ասում էր, թէ՝ «Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց»։ 15Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։
7 Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»։ 2Եւ նա ասաց. «Եղբայրե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. 3«Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ»։ 4Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդէացիների երկրից՝ բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք։ 5Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգութիւն չտուեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր։ 6Աստուած այսպէս խօսեց. «Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառայ պիտի դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն։ 7Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ, - ասում է Աստուած, - եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում»։ 8Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին։ 9Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր 10ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի Փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիներին եւ նրա ամբողջ տան վրայ։ 11Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, եւ մեր հայրերը ուտելիք չէին գտնում։ 12Եւ Յակոբը լսելով, թէ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, 13իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ Փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը։ 14Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգի։ 15Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքը եւ մեր հայրերը։ 16Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սիւքէմում։ 17Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, 18մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին։ 19Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն։ 20Այդ ժամանակում ծնուեց նաեւ Մովսէսը, որն Աստծու առաջ վայելուչ էր եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. 21եւ երբ նրան ընկեցիկ արեցին, Փարաւոնի դուստրը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց որպէս իրեն որդեգիր։ 22Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց եւ զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով։ 23Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը։ 24Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով՝ զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց եգիպտացուն սպանելով։ 25Մտածում էր, թէ իր եղբայրները կ՚իմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան։ 26Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել ու ասաց. «Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում»։ 27Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեր վրայ. 28մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»։ 29Եւ այս խօսքերի վրայ, Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները։ 30Երբ քառասուն տարիներ անցան, Սինա լերան անապատում նրան երեւաց Տիրոջ հրեշտակը՝ մի մորենու կրակի բոցերի մէջ։ 31Եւ Մովսէսը այս տեսնելով՝ զարմացաւ տեսիլքի վրայ, ու երբ նա մօտենում էր նայելու, հասաւ Տիրոջ ձայնը. 32«Ես եմ քո հայրերի Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը»։ Եւ Մովսէսը, զարհուրած, չէր համարձակւում նայել։ 33Եւ Տէրը նրան ասաց. «Քո ոտքերի կօշիկները հանի՛ր, որովհետեւ այն տեղը, որի վրայ դու կանգնել ես, սուրբ հող է։ 34Ես աչքովս տեսայ Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը եւ իջայ նրանց փրկելու։ Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս»։ 35Այն Մովսէսին, որին ուրացան եւ ասում էին՝ «Ո՞վ քեզ մեր վրայ իշխան եւ դատաւոր կարգեց», նրա՛ն Աստուած որպէս իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երեւաց Մովսէսին մորենու մէջ։ 36Նա՛ դուրս հանեց նրանց՝ նշաններ եւ զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում եւ Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարիներ։ 37Ա՛յս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք»։ 38Ա՛յս Մովսէսն է, որ անապատում հաւաքուած ժողովրդի եւ այն հրեշտակի միջեւ էր, որ Սինա լերան վրայ խօսեց նրա հետ եւ մեր հայրերի հետ. նա՛ է, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։ 39Մեր հայրերը չուզեցին հնազանդուել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դէպի Եգիպտոս դարձան 40եւ Ահարոնին ասացին. «Մեզ համար աստուածներ կերտի՛ր, որ գնան մեր առաջից. որովհետեւ այն Մովսէսը, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թէ ինչ պատահեց նրան»։ 41Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում։ 42Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս որ գրուած էլ է մարգարէների գրքում.«Միթէ անապատում քառասուն տարիզոհեր ու պատարագնե՞ր մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն. 43այլ դուք վերցրիք Մողոքի վրանըեւ Հռեմփա աստծու աստղըեւ այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար.ահա ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի միւս կողմը»։ 44Անապատում մեր հայրերի հետ էր վկայութեան խորանը. ինչպէս նա, որ խօսեց Մովսէսի հետ, հրաման տուեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր։ 45Եւ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Յեսուի հետ գրաւեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստուած վտարեց մեր հայրերի առջեւից։ 46Այսպէս էր մինչեւ Դաւթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտաւ ու խնդրեց, որ Յակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի։ 47Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. 48սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ, ինչպէս մարգարէն է ասում. 49«Երկի՛նքն է իմ աթոռը,եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի։Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ, - ասում է Տէրը, - կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. 50չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը»։ 51Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծու կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր հայրերն էին, այնպէս էլ՝ դուք։ 52Ձեր հայրերը մարգարէներից որի՞ն չհալածեցին։ Եւ սպանեցին նրանց, որոնք նախօրօք պատմեցին Արդարի գալստեան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, 53դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրէնքն ստացաք, բայց այն չպահեցիք»։ 54Եւ այս բաները լսելով՝ ժողովականները սրտներում զայրանում էին եւ նրա վրայ ատամներն էին կրճտացնում։ 55Եւ նա լի էր Սուրբ Հոգով. նայեց երկինք ու տեսաւ Աստծու փառքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը. եւ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»։ 56Նրանք բարձրաձայն աղաղակելով փակեցին իրենց ականջները եւ բոլորը միասին նետուեցին նրա վրայ։ 57Եւ քաղաքից դուրս հանելով՝ նրան քարկոծեցին. եւ վկաներն իրենց զգեստները դրեցին Սաւուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ։ 58Եւ քարկոծում էին Ստեփանոսին, որը աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ 59Նա ծնկի եկաւ, բարձր ձայնով աղաղակեց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»։ Եւ երբ այս ասաց, մեռաւ։ Սօղոսն էլ համաձայն էր նրա սպանութեանը։
8 Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք տեղի ունեցաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը։ 2Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին։ 3Իսկ Սօղոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց եւ կանանց ու մատնում բանտարկութեան։ 4Եւ նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը։ 5Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։ 6Ժողովրդի բազմութիւնը միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, երբ լսում եւ տեսնում էր այն նշանները, որ նա անում էր, 7որովհետեւ շատ դիւահարներից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով՝ դուրս էին ելնում։ 8Եւ բազում անդամալոյծներ եւ կաղեր բժշկւում էին. 9եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ։ Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում եւ զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը մեծ մէկն է. 10փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զօրութիւնը, որ մեծ է կոչւում»։ 11Հիացումով էին նայում նրան, որովհետեւ երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր։ 12Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, մկրտուեցին։ 13Ինքը Սիմոնը եւս հաւատաց եւ, մկրտուելով, միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր։ 14Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, 15որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. 16քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով։ 17Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան։ 18Սիմոնը տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. 19«Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի, ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»։ 20Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգեւները կարելի է փողով ստանալ. 21դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ։ 22Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. 23քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ»։ 24Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեցէք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրայ ոչինչ չգայ»։ 25Եւ նրանք վկայութիւն տալով՝ խօսեցին Աստծու խօսքը ու վերադարձան Երուսաղէմ։ Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին։ 26Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ դու հարաւի կողմը՝ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ անապատ է»։ 27Նա վեր կացաւ ու գնաց։ Եւ ահա եթովպացի մի ներքինի, եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել, 28վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի մարգարէ էր ընթերցում։ 29Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր եւ այդ կառքի մօտ գնա»։ 30Եւ Փիլիպպոսը առաջ վազելով՝ լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում. 31ու ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»։ Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»։ Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի։ 32Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. «Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար.եւ ինչպէս անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ,այնպէս էլ նա իր բերանը չի բացում. 33իր խոնարհութեան պատճառով նրա դատաստանը տեղի չունեցաւ.եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի.քանի որ նրա կեանքը երկրից վերացուած է»։ 34Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի»։ 35Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան։ 36Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ։ Եւ ներքինին ասաց. «Ահա՛ ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտուել»։ 37Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»։ Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծու Որդին է»։ 38Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան. ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին։ Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան։ 39Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ։ Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ. 40իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում։ Եւ, շրջելով, աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա։
9 Սօղոսը դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով լցուած՝ քահանայապետի մօտ եկաւ 2եւ նրանից նամակներ խնդրեց, Դամասկոսում ժողովարաններին ուղղուած, որպէսզի, եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին, տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի։ 3Եւ նա գնալիս, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց։ 4Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։ 5Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»։ Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես։ 6Ոտքի՛ կանգնիր եւ այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կ՚ասուի, թէ դու ի՛նչ պէտք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ 7Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում։ Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ 8Եւ երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց։ 9Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մէջ Տէրն ասաց՝ Անանիա՛։ Սա ասաց՝ այստեղ եմ, Տէ՛ր։ 10Եւ Տէրը նրան ասաց. «Ոտքի՛ կանգնիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչւում, եւ Յուդայի տանը կը փնտռես Սօղոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղօթքի մէջ է»։ 11Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ Անանիա անունով մի մարդու, որ մտաւ եւ ձեռքը դրեց իր վրայ, որպէսզի տեսնի։ 12Անանիան պատասխանեց. «Տէ՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թէ որքան չարիքներ է արել Երուսաղէմում քո սրբերին. 13եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանութիւն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»։ 14Տէրը նրան ասաց. «Գնա՛ դու, որովհետեւ նա ինձ համար ընտրեալ անօթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագաւորների եւ իսրայէլացիների առաջ. 15քանի որ ես ինքս եմ նրան ցոյց տալու, թէ նա ինչքան պէտք է չարչարուի իմ անուան համար»։ 16Անանիան գնաց եւ մտաւ այն տունը. ու ձեռքը դնելով նրա վրայ՝ ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէ՛րն ինձ ուղարկեց՝ Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով»։ 17Եւ իսկոյն նրա աչքերից թեփերի պէս բաներ ցած ընկան. ապա տեսաւ, ոտքի ելաւ ու մկրտուեց։ 18Եւ սնունդ ընդունելով՝ զօրացաւ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր։ 19Եւ անմիջապէս ժողովարաններում Յիսուսի՛ն քարոզեց՝ ասելով, թէ նա՛ է Աստծու Որդին։ 20Բոլոր նրանք, որ լսում էին, զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղէմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, եւ այստեղ էլ նոյն բանի համար էր եկել, որպէսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»։ 21Բայց Սօղոսը առաւել եւս էր զօրանում եւ նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակւում, եւ ապացուցում էր, թէ սա՛ է Քրիստոսը։ 22Բազում օրեր անցնելուց յետոյ հրեաները խորհուրդ արեցին նրան սպանելու։ 23Նրանց նենգութիւնը Սօղոսին յայտնի դարձաւ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռները պահում էին, որպէսզի նրան սպանեն։ 24Իսկ աշակերտները գիշերով վերցրին նրան եւ, պարսպից ցած կախելով, վանդակի մէջ դրած իջեցրին։ 25Երբ Սօղոսը Երուսաղէմ եկաւ, փորձում էր աշակերտներին յարել, բայց ամէնքը վախենում էին նրանից. չէին հաւատում, թէ իսկապէս աշակերտ էր դարձել։ 26Բայց Բառնաբասը նրան վերցրեց եւ բերեց առաքեալների մօտ ու նրանց պատմեց, թէ ինչպէս ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խօսել էր նրա հետ եւ թէ Դամասկոսում էլ Յիսուսի անունով համարձակ քարոզել։ 27Եւ Սօղոսը աշակերտների հետ էր եւ Երուսաղէմում շրջում էր նրանց հետ ու համարձակ քարոզում Տիրոջ անունով։ 28Խօսում ու վիճում էր յունախօս հրեաների հետ, որոնք հետամտում էին նրան սպանել։ 29Եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին եւ ուղարկեցին Տարսոն։ 30Սակայն եկեղեցին ամբողջ Հրէաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղութեան մէջ էր եւ, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկիւղով, Սուրբ Հոգու մխիթարութեամբ աճում էր։ 31Եւ պատահեց, որ Պետրոսը, բոլորի մէջ շրջելիս, իջաւ նաեւ այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում։ 32Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով՝ մահճի մէջ պառկած էր։ 33Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարի՛ր քո անկողինը»։ Եւ նա իսկոյն վեր կացաւ։ 34Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան։ 35Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. սրա կեանքը լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ նա կատարում էր։ 36Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատունը։ 37Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թէ Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ։ 38Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ։ Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին։ Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ եւ զգեստներ էր կարել տուել Այծեմնիկը իրենց համար։ 39Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղօթք արեց եւ, դառնալով մարմնին, ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր»։ Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ 40Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ 41Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը։ 42Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ։
10 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարիւրապետ «Իտալական» կոչուող գնդից. 2նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով՝ շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ Աստծուն աղօթում էր։ 3Կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծու հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս։ 4Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց՝ ի՞նչ է, Տէ՛ր։ Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները, յիշատակուելով, Աստծու առաջ ելան։ 5Եւ արդ, մարդիկ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչւում. 6նա մնում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է»։ 7Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին եւ իր սպասաւորներից բարեպաշտ մի զինուորի 8ու նրանց ամէն բան պատմելով՝ Յոպպէ ուղարկեց։ 9Յաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին եւ մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու։ 10Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում։ Եւ մինչ ճաշ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ. 11եւ տեսնում էր երկինքը բացուած եւ չորս ծայրերից կախուած մի ինչ-որ անօթ, ինչպէս մի մեծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ։ 12Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները։ 13Եւ նրան հասաւ մի ձայն. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»։ 14Եւ Պետրոսն ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»։ 15Ձայնը նրան կրկին անգամ հասաւ. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»։ 16Այս պատահեց երեք անգամ, եւ սփռոցը երկինք վերացաւ։ 17Եւ մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, 18ձայն տուեցին ու հարցրին. «Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթեւանել»։ 19Եւ մինչ Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահաւասիկ ինչ-որ մարդիկ քեզ փնտռում են. 20ուստի դու վե՛ր կաց, իջի՛ր եւ առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետեւ նրանց ես եմ ուղարկել»։ 21Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. «Ում փնտռում էք, ահա ես եմ. ի՞նչ բանի համար էք եկել»։ 22Եւ նրանք ասացին. «Կոռնելիոս հարիւրապետը՝ մի արդար եւ աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողմից վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչելու իր տունը եւ քեզնից լսելու, ինչ որ ասելու ես»։ 23Նա ներս կանչեց նրանց եւ իր մօտ օթեւան տուեց։ Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք եւս նրա հետ գնացին։ 24Հետեւեալ օրը մտան Կեսարիա։ Եւ Կոռնելիոսը նրանց սպասում էր՝ կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին։ 25Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու նրա ոտքերն ընկնելով երկրպագում էր։ 26Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»։ 27Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ։ 28Նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդու համար օտարազգու հետ շփուել կամ նրան մօտենալ. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ. 29դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ բանի համար ինձ կանչեցիք»։ 30Եւ Կոռնելիոսն ասաց. «Սրանից չորս օր առաջ, այս ժամին, մինչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց. 31«Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, եւ քո ողորմութիւնները յիշուեցին Աստծու առաջ։ 32Արդ, մարդ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթեւանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը, ծովի մօտ։ Նա կը գայ եւ կը խօսի քեզ հետ»։ 33Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից»։ 34Պետրոսը բերանը բացեց եւ ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, 35այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան։ 36Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տէրը։ 37Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը. 38գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետեւ Աստուած նրա հետ էր։ 39Եւ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրէաստանում եւ Երուսաղէմում արեց նա, եւ որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։ 40Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ՝ 41ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրուած էինք եւ որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ։ 42Եւ նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին։ 43Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով մեղքերի թողութիւն կը ստանան»։ 44Եւ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին։ 45Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. 46որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն։ 47Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս եւ մենք»։ 48Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի։ Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնայ։
11 Առաքեալները եւ Հրէաստանի կողմերում գտնուող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մէջ էլ են ընդունել Աստծու խօսքը։ 2Բայց երբ Պետրոսը Երուսաղէմ ելաւ, հրէութիւնից դարձած հաւատացեալները մեղադրում էին նրան եւ ասում. 3«Չթլփատուած մարդկանց մօտ մտաւ եւ նրանց հետ կերաւ»։ 4Եւ Պետրոսն սկսեց հերթով պատմել նրանց ու ասաց. 5«Ես Յոպպէ քաղաքում աղօթում էի եւ յափշտակութեան մէջ մի տեսիլք տեսայ. իջնում էր մի անօթ, մեծ սփռոցի նման, չորս ծայրերից երկնքից կախուած, որ հասաւ մինչեւ ինձ մօտ։ 6Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսայ երկրի չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները։ 7Եւ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»։ 8Բայց ես ասացի. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք իմ բերանը պիղծ եւ անմաքուր բան չի մտել»։ 9Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու այն պիղծ մի՛ համարիր»։ 10Այս պատահեց երեք անգամ, եւ վերստին ամէն ինչ երկինք վերացաւ։ 11Եւ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մօտ էին ուղարկուած, եկան եւ կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնւում էի։ 12Եւ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաեւ այս վեց եղբայրները, եւ մենք մտանք այն մարդու տունը։ 13Եւ նա մեզ պատմեց, թէ ինչպէս իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է. «Յոպպէ մարդ ուղարկի՛ր եւ Պետրոս կոչուած Սիմոնին կանչի՛ր, 14որ քեզ պիտի ասի խօսքեր, որոնցով պիտի փրկուես դու, նաեւ՝ քո ամբողջ տունը»։ 15Եւ երբ սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ, ինչպէս որ իջել էր մեր վրայ սկզբում։ 16Յիշեցի Տիրոջ խօսքը, որ ասում էր. «Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք կը մկրտուէք Սուրբ Հոգով»։ 17Արդ, եթէ Աստուած միեւնոյն պարգեւը նրանց եւս տուել է, ինչպէս եւ մեզ, երբ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ես ինչպէ՞ս կարող էի Աստծուն արգելք լինել»։ 18Այս բանը լսելով՝ լռեցին եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստուած հեթանոսներին եւս դէպի կեանք տանող ապաշխարութիւն տուեց»։ 19Ստեփանոսի դէմ կատարուած հալածանքի պատճառով ցրուածները հասան մինչեւ Փիւնիկէ, մինչեւ Կիպրոս ու Անտիոք. նրանք ոչ ոքի չէին քարոզում խօսքը, այլ՝ միայն հրեաներին։ 20Եւ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ եւ կիւրենացիներ, Անտիոք մտնելով, յոյներին էին դիմում՝ աւետարանելով Տէր Յիսուսին։ 21Եւ Տիրոջ զօրութիւնը նրանց հետ էր։ Հաւատացեալների մի բազմութիւն դէպի Տէրը դարձաւ։ 22Նրանց մասին այս լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցուն։ Եւ Բառնաբասին ուղարկեցին մինչեւ Անտիոք։ 23Երբ սա եկաւ եւ տեսաւ Աստծու շնորհները, ուրախացաւ եւ յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած մնան Տիրոջը. 24ըստ որում նա բարի, Սուրբ Հոգով եւ հաւատով լցուած մարդ էր. եւ Տիրոջը յարածների վրայ բազում ժողովուրդ աւելացաւ։ 25Ապա Բառնաբասը ելաւ գնաց Տարսոն՝ Սօղոսին փնտռելու եւ, նրան գտնելով, բերեց Անտիոք։ 26Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հաւաքւում էին եկեղեցու մէջ եւ ուսուցանում էին շատ շատերին։ Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին «քրիստոնեաներ» անուանեցին։ 27Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք։ 28Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով։ 29Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող էր, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին։
12 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց։ 3Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց։ Բաղարջակերաց օրերն էին. 4երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ։ 5Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած։ 6Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին։ 7Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ, կանգնեց մօտը, ու մի լոյս ծագեց այդ տեղի վրայ։ Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»։ Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից։ 8Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափները ոտքերդ գցի՛ր»։ Եւ նա այնպէս արեց։ Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրադ գցի՛ր եւ արի՛ իմ յետեւից»։ 9Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, թէ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում։ 10Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք։ Դուռը իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. եւ, մի փողոց մտնելով, անցան նրա միջով. ապա հրեշտակը իսկոյն նրանից հեռացաւ։ 11Երբ Պետրոսը ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողվրդի ամէն ակնկալութիւնից»։ 12Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերն ու աղօթք էին անում։ 13Տան դուռը բախելիս՝ Ռոդէ անունով մի աղախին մօտեցաւ եւ ականջ էր դնում։ 14Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։ 15Նրանք ասացին նրան՝ գժուել ես։ Իսկ աղախինը առաւել եւս պնդում էր, թէ այդպէս է։ Ապա նրանք ասացին՝ նրա հրեշտակն է։ 16Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը։ Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։ 17Եւ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն. եւ պատմեց, թէ ինչպէս Տէրը իրեն հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս բաները պատմեցէ՛ք Յակոբոսին եւ եղբայրներին»։ Եւ ինքը ելաւ գնաց այլ տեղ։ 18Եւ երբ առաւօտ եղաւ, զինուորների մէջ մեծ խռովութիւն ընկաւ, թէ արդեօք Պետրոսն ի՛նչ եղաւ։ 19Իսկ Հերովդէսը, երբ նրան փնտռեց ու չգտաւ, պահակներին հարցաքննելուց յետոյ հրամայեց սպանել նրանց։ Ապա Պետրոսը Հրէաստանից Կեսարիա իջաւ ու այնտեղ էր մնում։ 20Եւ Հերովդէսը ցասումով էր լցուած տիւրոսցիների եւ սիդոնացիների դէմ։ Նրանք միաբանուած՝ եկան նրա մօտ եւ համոզելով Բղաստոսին՝ թագաւորի սենեկապետին, խաղաղութիւն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրւում։ 21Եւ որոշուած օրը Հերովդէսը թագաւորական զգեստ էր հագել եւ ատեան էր նստել ու հրապարակաւ խօսում էր նրանց հետ։ 22Իսկ ամբոխը աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է եւ ոչ թէ մարդ»։ 23Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ։ 24Իսկ Աստծու խօսքը աճում ու բազմանում էր։ 25Բառնաբասն ու Սօղոսը, երբ իրենց պաշտօնը կատարեցին, Երուսաղէմից վերադարձան։ Իրենց հետ վերցրել էին նաեւ Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում։
13 Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայենը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը։ 2Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»։ 3Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին։ 4Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա ու այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս։ 5Եւ Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խօսքն էին քարոզում։ Որպէս օգնական ունէին նաեւ Յովհաննէսին։ 6Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան մի ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու էր. 7սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր։ Սերգէոսը աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին, ուզում էր լսել Աստծու խօսքը։ 8Բայց նրանց դէմ դուրս եկաւ Եղիմաս մոգը (որովհետեւ նրա անունը այսպէս է թարգմանւում) եւ ուզում էր բդեշխի փոխանորդին հաւատից շեղել։ 9Իսկ Սօղոսը, որը եւ Պօղոսն է, Սուրբ Հոգով լցուած, նայեց նրան ու ասաց. 10«Ո՛վ դու, որ լի ես ամէն նենգութեամբ ու խորամանկութեամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամէն արդարութեան։ Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարի։ 11Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրայ է. եւ կոյր կը լինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»։ Եւ անմիջապէս նրա վրայ մէգ ու խաւար իջաւ. եւ խարխափելով՝ առաջնորդողներ էր փնտռում։ 12Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հաւատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետութեան վրայ։ 13Պափոսից խարիսխ վերցնելով՝ Պօղոսը եւ իր հետ եղողները եկան Պամփիւլիայի Պերգէ քաղաքը։ Յովհաննէսը, նրանցից բաժանուելով, Երուսաղէմ վերադարձաւ, իսկ նրանք, առաջ գնալով, 14Պերգէից եկան Պիսիդեան Անտիոք քաղաքը. եւ շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին։ 15Եւ Օրէնքի ու մարգարէների ընթերցումից յետոյ, ժողովարանի պետերը նրանց մօտ մէկին ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթէ ունէք մխիթարանքի խօսքեր ժողովրդին, խօսեցէ՛ք»։ 16Պօղոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, եւ դո՛ւք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. 17Իսրայէլի այս ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին եւ Եգիպտացիների երկրում, պանդխտութեան ժամանակ, ժողովրդին բարձրացրեց եւ հզօր բազուկով նրանց այնտեղից հանեց։ 18Եւ շուրջ քառասուն տարի ժամանակով անապատում նրանց կերակրեց։ 19Եւ Քանանու երկրում եօթը ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց։ 20Եւ դրանից յետոյ շուրջ չորս հարիւր յիսուն տարի նրանց տուեց դատաւորներ՝ մինչեւ Սամուէլ մարգարէն։ 21Եւ այնուհետեւ թագաւոր խնդրեցին. ու Աստուած թագաւոր տուեց նրանց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սաւուղին, քառասուն տարի։ 22Եւ երբ նրան փոխեց, նրանց համար մէջտեղ բերեց Դաւթին որպէս թագաւոր, որի մասին եւ վկայելով՝ ասաց. «Գտայ Յեսսէի որդի Դաւթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը»։ 23Աստուած, ըստ իր խոստման, սրա սերնդից յարուցեց Իսրայէլի համար մի փրկչի՝ Յիսուսին։ 24Նրա գալստից առաջ, նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել։ 25Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. «Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ»։ 26Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին։ 28Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան։ 29Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին։ 30Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ 32Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում.«Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ»։ 34Եւ որ նրան յարութիւն տուեց մեռելներից ու այլեւս ապականութեան չի դառնալու, այդ մասին այսպէս է ասում. «Ձեզ պիտի տամԴաւթին խոստացուած վստահելի սրբութիւնները»։ 35Ուստի եւ մի ուրիշ տեղ էլ ասում է.«Քո Սրբին ապականութիւն տեսնել չես տայ»։ 36Սակայն Դաւիթը իր սերնդի ժամանակ ծառայեց եւ Աստծու կամքով վախճանուեց ու աւելացաւ իր հայրերի վրայ, եւ նրա մարմինը ապականութիւն տեսաւ։ 37Բայց Յիսուս, որին Աստուած յարութիւն տուեց, ապականութիւն չտեսաւ։ 38Եղբայրնե՛ր, թող ձեզ յայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողութիւն աւետարանւում. 39եւ այն ամենից, որոնցից չկարողացաք Մովսէսի օրէնքով արդարանալ, նրանով կ՚արդարանայ, ով հաւատում է։ 40Զգո՛յշ կացէք, գուցէ ձեր գլխին գայ այն, ինչ ասուած է մարգարէների գրուածքներում. 41«Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր,եւ զարմացէ՛ք ու չքուեցէ՛ք. որովհետեւ ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու,այնպիսի մի գործ, որին չպիտի հաւատաք,եթէ մէկը ձեզ պատմի այն»։ 42Եւ երբ Բառնաբասն ու Պօղոսը այնտեղից ելան, աղաչում էին, որ միւս շաբաթ էլ նոյն բաներն ասեն իրենց։ 43Եւ երբ ժողովուրդը ցրուեց, հրեաներից եւ հրէութան դարձած աստուածապաշտներից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի յետեւից, որոնք խօսում էին նրանց հետ ու համոզում նրանց, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մէջ։ 44Եւ երբ յաջորդ շաբաթ օրը եկաւ, գրեթէ ամբողջ քաղաքը հաւաքուեց Աստծու խօսքը լսելու։ 45Երբ հրեաները այդ բազմութիւնը տեսան, նախանձով լցուեցին եւ, Պօղոսի ասածներին ընդդիմախօսելով, հայհոյում էին։ 46Իսկ Պօղոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պէտք է Աստծու խօսքը խօսէինք. բայց քանի որ դուք այն մերժում էք եւ ձեզ արժանի չէք համարում յաւիտենական կեանքի, ահա մենք դառնում ենք դէպի հեթանոսները. 47որովհետեւ Տէրը մեզ այսպէս պատուիրեց. «Քեզ դրեցի որպէս հեթանոսների լոյս,որպէսզի դու փրկութեան միջոց լինես մինչեւ երկրի ծագերը»։ 48Այս բանը լսելով՝ հեթանոսները ուրախացան եւ փառաւորում էին Տիրոջ խօսքը. եւ ովքեր սահմանուած էին յաւիտենական կեանքի համար, հաւատացին։ 49Եւ Աստծու խօսքը ամբողջ գաւառում տարածւում էր։ 50Բայց հրեաները աստուածապաշտ եւ երեւելի կանանց ու քաղաքի գլխաւորներին գրգռեցին եւ, Պօղոսի ու Բառնաբասի դէմ հալածանք յարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։ 51Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրայ թափ տալով, եկան Իկոնիոն։ 52Եւ աշակերտները լցուեցին ուրախութեամբ եւ Սուրբ Հոգով։
14 Իկոնիոնում Պօղոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը եւ նոյն ձեւով խօսում, այնպէս որ թէ՛ հրեաների եւ թէ՛ հեթանոսների մի մեծ բազմութիւն հաւատաց։ 2Բայց չհաւատացող հրեաները հեթանոսների մտքերը եւս չարացրին եղբայրների դէմ։ 3Նրանք երկար ժամանակ շրջում էին եւ համարձակ խօսում. եւ Տէրը վկայում էր իր շնորհի խօսքի մասին՝ թոյլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ եւ զարմանալի գործեր լինեն։ 4Եւ քաղաքի բազմութեան մէջ պառակտում առաջ եկաւ. ոմանք հրեաների կողմն էին, եւ ոմանք՝ առաքեալների։ 5Երբ հեթանոսներն ու հրեաները իրենց իշխանաւորներով միասին նրանց անարգելու եւ քարկոծելու դիմեցին, 6նրանց լուր տրուեց, եւ փախան լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքներն ու շրջակայ գաւառը եւ այնտեղ էին աւետարանում։ 7Եւ Լիւստրայում մի մարդ կար՝ նստած, ոտքից տկար, ի ծնէ կաղ, որը երբեք չէր քայլել։ 8Սա լսեց Պօղոսի խօսքերը, որը, նրան նայելով եւ տեսնելով, թէ փրկութեան հաւատ ունի, 9բարձրաձայն ասաց. «Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. կանգնի՛ր քո ոտքերի վրայ ուղիղ»։ Եւ նա վեր ցատկեց ու վազվզում էր։ 10Եւ ժողովրդի բազմութիւնը, տեսնելով այն, ինչ Պօղոսն արեց, իր ձայնը բարձրացրեց եւ լիկայոներէն ասաց. «Աստուածներ, մարդկանց կերպարանքով, իջան մեզ մօտ»։ 11Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պօղոսին՝ Հերմէս, քանի որ նա էր խօսքն առաջնորդողը։ 12Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր եւ պսակներ հասցնելով դռան մօտ, կամենում էր զոհ մատուցել բազմութեան հետ միասին։ 13Իսկ Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս վազեցին. աղաղակում էին եւ ասում. 14«Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ էք անում դուք. մենք էլ բնութեամբ ձեզ նման մարդիկ ենք, որ ձեզ աւետարանում ենք, որպէսզի այդպիսի ունայնութիւններից դառնաք դէպի կենդանի Աստուածը, որն ստեղծեց երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ամէն ինչ, որ նրանց մէջ կայ։ 15Նա անցեալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թոյլ տուեց, որ գնան իրենց ճանապարհներով։ 16Եւ սակայն նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախութեամբ»։ 17Եւ այս ասելով՝ հազիւ հանդարտեցրին ժողովրդի բազմութիւնը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ իւրաքանչիւրը գնայ իր տեղը։ 18Եւ մինչ նրանք շրջում եւ ուսուցանում էին, Անտիոքից եւ Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պօղոսի եւ Բառնաբասի հետ համարձակութեամբ վիճելով՝ խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից։ Եւ ասում էին. «Ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամէն ինչ ստում են»։ Եւ Պօղոսին քարկոծելով՝ քարշ տուին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։ 19Եւ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացաւ եւ քաղաք մտաւ ու յաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ միասին ելաւ գնաց Դերբէ։ 20Այդ քաղաքում աւետարանելուց եւ շատերին աշակերտ դարձնելուց յետոյ, վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ Անտիոք՝ 21աշակերտածների սրտերը ամրացնելով եւ յորդորելով, որպէսզի հաստատ մնան հաւատի մէջ։ Եւ ասում էին. «Բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստծու արքայութիւնը»։ 22Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղօթք արեցին եւ նրանց յանձնեցին Տիրոջը, որին հաւատացել էին։ 23Պիսիդիայի մէջ շրջելով՝ եկան Պամփիւլիա։ 24Եւ Պերգէում եւս Տիրոջ խօսքը քարոզելուց յետոյ իջան Ատտալիա։ 25Այնտեղից էլ նաւարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից էլ յանձնուած էին Աստծու շնորհներին այն գործի համար, որ կատարեցին։ 26Եւ երբ եկան ու հաւաքեցին եկեղեցին, պատմեցին, թէ Աստուած նրանց հետ ինչքան բաներ արեց եւ թէ ինչպէս հեթանոսների առաջ հաւատի դուռը բացեց։ 27Եւ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ։
15 Հրէաստանից իջել էին ոմանք Անտիոք եւ եղբայրներին ուսուցանում էին. «Մովսէսի օրէնքի համաձայն, եթէ չթլփատուէք, չէք կարող փրկուել»։ 2Եւ երբ Պօղոսի եւ Բառնաբասի ու նրանց միջեւ շատ հակառակութիւն եւ վէճ առաջացաւ, վճռեցին, որ Պօղոսն ու Բառնաբասը եւ նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղէմ բարձրանան, առաքեալների եւ երէցների մօտ։ 3Եկեղեցու կողմից ճանապարհ դրուելուց յետոյ, նրանք շրջելով անցան Փիւնիկէի եւ Սամարիայի միջով եւ պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախութիւն պատճառելով բոլոր եղբայրներին։ 4Եւ երբ Երուսաղէմ հասան, եկեղեցու առաքեալների ու երէցների կողմից ընդունուեցին. պատմեցին, թէ Աստուած ինչ բաներ արեց իրենց միջոցով։ 5Փարիսեցիների հերձուածից մի քանի հաւատացեալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պէտք է թլփատել եւ պատուիրել, որ պահեն Մովսէսի օրէնքը»։ 6Եւ առաքեալներն ու երէցները հաւաքուեցին այս բանը քննութեան առնելու համար։ 7Եւ շատ վէճ լինելուց յետոյ, Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ ձեր մէջ առաջին օրերից Աստուած ինձ ընտրեց, որ հեթանոսները իմ բերանով Աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան։ 8Եւ սրտագէտն Աստուած նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպէս, ինչպէս տուեց մեզ։ 9Եւ նրանց ու մեր միջեւ ոչ մի խտրութիւն չդրեց՝ հաւատով մաքրելով նրանց սրտերը։ 10Արդ, ինչո՞ւ էք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք կարողացանք տանել։ 11Այլ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհով հաւատում ենք, որ կը փրկուենք, ինչպէս եւ նրանք»։ 12Ամբողջ ժողովը լռեց. ապա լսում էին Բառնաբասի ու Պօղոսի պատմելը, թէ Աստուած նրանց ձեռքով ինչքան նշաններ եւ զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մէջ։ 13Երբ նրանք լռեցին, Յակոբոսը, խօսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ. 14Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։ 15Եւ այդ բանում մարգարէների խօսքերը համընկնում են իրար, ինչպէս որ գրուած է. 16«Սրանից յետոյ կը վերադառնամեւ կը շինեմ Դաւթի փուլ եկած տունըեւ նրա աւերակները վերստին կը շինեմու կը վերականգնեմ այն, 17որպէսզի Տիրոջը փնտռեն մնացած մարդիկ,ինչպէս եւ բոլոր հեթանոսները, որոնց վրայ դրուած է իմ անունը», - ասում է Տէրը, նա, որ անում է այս բոլորը։ 18Ի յաւիտենից յայտնի են Տիրոջը իր բոլոր գործերը։ 19Դրա համար ես էլ ինձ իրաւունք եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, 20այլ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհուած կերակուրներից եւ պոռնկութիւնից, խեղդամահ արուած կենդանիներից եւ արիւնից. 21քանի որ Մովսէսը, առաջին սերունդներից սկսած, իւրաքանչիւր քաղաքում իր քարոզիչներն ունի, եւ նա ամէն շաբաթ օր ժողովարանում ընթերցւում է»։ 22Այն ժամանակ առաքեալներին եւ երէցներին, ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թուաց, որ իրենց միջից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ. Յուդային՝ Բարսաբա կոչուածին եւ Շիղային, որոնք գլխաւորներն էին։ 23Եւ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետեւեալը. «Առաքեալները, երէցները եւ եղբայրները Անտիոքում, Սիրիայում եւ Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջոյն են յղում։ 24Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովեցրել են ձեզ խօսքերով եւ խախտել են ձեր մտքերը՝ ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել, 25ուստի, հաճելի թուաց մեզ՝ միատեղ հաւաքուածներիս, ուղարկել ձեզ մօտ ընտրուած մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պօղոսի հետ, 26մարդիկ, որոնք իրենց անձը նուիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար։ 27Արդ, ուղարկեցինք Յուդային եւ Շիղային, որ նրանք էլ խօսքով նոյնը պատմեն. 28որովհետեւ հաճելի թուաց Սուրբ Հոգուն եւ մեզ՝ աւելի ոչ մի բեռ չդնել ձեր վրայ, բացի այս կարեւորներից. 29այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լաւ կ՚անէք։ Ո՛ղջ եղէք»։ 30Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ նամակը տուեցին։ 31Եւ նրանք ընթերցելով՝ այդ մխիթարութեան համար ուրախացան։ 32Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց։ 33Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ։ 34Սակայն Շիղային հաճելի թուաց այնտեղ մնալ։ 35Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծու խօսքը։ 36Իսկ մի քանի օր յետոյ Պօղոսը Բառնաբասին ասաց. «Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են»։ 37Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ հետը տանել, 38բայց Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն։ 39Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնքան, որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը Մարկոսին վերցնելով՝ նաւարկեց դէպի Կիպրոս։ 40Իսկ Պօղոսը Շիղային ընտրելով՝ ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծու շնորհին. 41եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում ու ամրապնդում էր եկեղեցիները։
16 Պօղոսը եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա։ Եւ այնտեղ Տիմոթէոս անունով մի աշակերտ կար, հաւատացեալ հրեայ կնոջ եւ հեթանոս հօր որդի, 2որը վկայուած էր լիւստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից։ 3Պօղոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան՝ այդ տեղերում գտնուող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտէին, թէ նրա հայրը հեթանոս էր։ 4Երբ անցնում էին քաղաքներով, նրանց յանձնարարում էին պահել Երուսաղէմում գտնուող առաքեալների եւ երէցների կողմից պատուիրուած հրամանները։ 5Այսպէս, եկեղեցիները ամրապնդւում էին հաւատի մէջ ու օրէցօր նրանց թիւն աւելանում էր։ 6Շրջեցին Փռիւգիայում եւ Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելուելով, որ Ասիայի նահանգում խօսքը չքարոզեն։ 7Բայց երբ Միւսիայի մօտերքը եկան, փորձում էին Բիւթանիա գնալ, սակայն Յիսուսի Հոգին նրանց թոյլ չտուեց։ 8Ուստի, Միւսիայի միջով անցնելով, Տրովադա իջան։ 9Գիշերը Պօղոսին մի տեսիլք երեւաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Մակեդոնիա անցի՛ր եւ օգնի՛ր մեզ»։ 10Եւ երբ նա այդ տեսիլքը տեսաւ, իսկոյն ուզեցինք առաջ գնալ դէպի Մակեդոնիա՝ հետեւութիւն անելով, որ Տէրը մեզ հրաւիրեց, որ նրանց աւետարանենք։ 11Տրովադայից դուրս գալով՝ ուղիղ գնացինք դէպի Սամոթրակէ եւ յաջորդ օրը՝ Նոր քաղաք. 12այնտեղից էլ՝ Փիլիպպէ, որ Մակեդոնիայի առաջին գաւառի մէկ քաղաքն էր՝ Կողովնիա։ Այնտեղ, քաղաքում մի քանի օր մնացինք։ 13Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դէպի գետափ, ուր հրեաները սովոր էին աղօթք անել։ Եւ նստած խօսում էինք հաւաքուած կանանց հետ։ 14Եւ Լիդիա անունով աստուածավախ մի կին, որ Թիւատիր քաղաքից էր եւ ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. եւ նրա սիրտը Տէրն ինքն էր բացել՝ անսալու Պօղոսի խօսքերին։ 15Եւ երբ որ մկրտուեցին ինքը եւ իր տունը, նա աղաչեց եւ ասաց. «Եթէ ինձ Տիրոջ հաւատացող էք համարում, իմ տունը մտէ՛ք եւ օթեւանեցէ՛ք»։ Եւ ստիպելով՝ մեզ տարաւ։ 16Եւ մինչ մենք աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ՝ չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տէրերին մեծ օգուտ էր տալիս։ 17Նա Պօղոսի եւ մեր յետեւից ընկած՝ աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրեալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհները»։ 18Եւ շատ օրեր էր անում այդ բանը։ Պօղոսը, զայրանալով, դարձաւ եւ չար ոգուն ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ դրա միջից դուրս ելնես»։ Եւ նոյն ժամին չար ոգին ելաւ։ 19Երբ նրա տէրերը տեսան, որ իրենց շահի աղբիւրը կտրուեց, Պօղոսին եւ Շիղային բռնելով՝ քաշեցին դէպի հրապարակը, իշխանաւորների առաջ 20ու նրանց բերելով զօրագլուխների մօտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են 21եւ մեզ քարոզում են օրէնքներ, որ օրինաւոր չէ մեզ համար ո՛չ ընդունել եւ ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմէացիներ ենք»։ 22Եւ ամբոխը թափուեց նրանց վրայ. զօրագլուխները պատռեցին նրանց զգեստները եւ հրամայեցին նրանց գանահարել։ 23Եւ նրանց շատ վէրքեր հասցնելուց յետոյ բանտարկեցին ու բանտապետին պատուիրեցին, որ նրանց զգուշութեամբ պահի։ 24Սա այսպիսի հրաման ստանալով՝ նրանց ներսի բանտը նետեց ու նրանց ոտքերը կոճղի մէջ ամրացրեց։ 25Եւ գիշերուայ կէսին Պօղոսն ու Շիղան աղօթում էին ու օրհնում Աստծուն։ Կալանաւորները նրանց ականջ էին դնում։ 26Եւ յանկարծակի մեծ ցնցում եղաւ, այնպէս որ բանտի հիմքերը շարժուեցին, եւ իսկոյն բոլոր դռները բացուեցին, ու բոլորի կապանքները քանդուեցին։ 27Երբ բանտապետը արթնացաւ եւ բանտի դռները բացուած տեսաւ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, որ բանտարկեալները փախել են։ 28Բայց Պօղոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք»։ 29Նա լոյս խնդրեց ու ներս խուժեց. եւ զարհուրած ընկաւ Պօղոսի եւ Շիղայի առաջ. 30եւ նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տիա՛րք իմ, ես ի՞նչ պէտք է անեմ, որ փրկուեմ»։ 31Եւ նրանք ասացին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին եւ կը փրկուես դու եւ քո ամբողջ տունը»։ 32Եւ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խօսքը։ 33Եւ գիշերուայ նոյն ժամին տարաւ նրանց, վէրքերից լուաց, եւ ինքն ու իւրայինները բոլորն էլ անմիջապէս մկրտուեցին։ 34Եւ նրանց բերելով իր տունը՝ նրանց առաջ սեղան դրեց. եւ իր ամբողջ տնով ուրախացաւ Աստծուն հաւատացած լինելու համար։ 35Երբ առաւօտ եղաւ, զօրագլուխները պատուիրակ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»։ 36Եւ բանտապետը Պօղոսին տեղեկացրեց այս խօսքերը. «Զօրագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակուէք։ Ուստի, դո՛ւրս եկէք եւ գնացէ՛ք խաղաղութեամբ»։ 37Իսկ Պօղոսը նրանց ասաց. «Հրապարակաւ գանահարեցին մեզ՝ հռոմէացի անմեղ մարդկանցս, եւ բանտ դրեցին ու հիմա թաքուն-թաքո՞ւն են մեզ դուրս հանում. ո՛չ, այդպէս չի լինի. այլ հէնց իրենք թող գան եւ դուրս հանեն մեզ»։ 38Եւ պատուիրակները այս խօսքերը տեղեկացրին զօրագլուխներին, որոնք, երբ լսեցին, թէ հռոմէացիներ են, զարհուրեցին եւ եկան աղաչեցին նրանց։ 39Եւ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ իրենց քաղաքից գնան։ 40Եւ նրանք, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մօտ եւ, եղբայրներին տեսնելով, մխիթարեցին նրանց ու մեկնեցին։
17 Եւ Ամփիպոլիս ու Ապողոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր հրեաների ժողովարան կար։ 2Եւ ըստ իր սովորութեան, Պօղոսը մտաւ նրանց մօտ եւ երեք շաբաթ օրեր նրանց հետ խօսեց Գրքերից։ 3Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, թէ Քրիստոս պէտք է չարչարուէր եւ մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Յիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։ 4Եւ նրանցից ոմանք համոզուեցին ու յարեցին Պօղոսին եւ Շիղային։ Բացի դրանցից, կային նաեւ աստուածապաշտ հեթանոսներ եւ թուով ոչ սակաւ երեւելի կանայք։ 5Իսկ հրեաները նախանձեցին եւ վերցնելով գռեհիկ, անօրէն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին եւ քաղաքը յուզեցին. եւ Յասոնի տան առաջ կուտակուելով՝ ուզում էին Պօղոսին եւ Շիղային հրապարակ տանել։ 6Եւ երբ նրանց չգտան, Յասոնին եւ եղբայրներից ոմանց քարշ տուին քաղաքապետների մօտ՝ բողոք բարձրացնելով, թէ՝ «Սրանք, որ աշխարհը յուզեցին, այստեղ էլ են հասել, 7եւ Յասոնը նրանց ընդունել է. եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. մի ոմն Յիսուսի մասին ասում են, թէ թագաւոր է»։ 8Եւ գրգռեցին ժողովրդին ու քաղաքապետներին, որ այս բաները լսում էին։ 9Բայց երաշխիք ստանալով Յասոնից եւ ուրիշներից՝ արձակեցին նրանց։ 10Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դէպի Բերիա Պօղոսին եւ Շիղային, որոնք, երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, 11քանի որ սրանք աւելի ազնիւ մարդիկ էին, քան թէ Թեսաղոնիկէում եղածները։ Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են։ 12Նրանցից շատերը հաւատացին, ինչպէս նաեւ թուով ոչ սակաւ յոյն երեւելի կանայք եւ տղամարդիկ։ 13Բայց Թեսաղոնիկէի հրեաները երբ իմացան, թէ Բերիայում էլ Պօղոսի կողմից քարոզուեց Աստծու խօսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմութիւնը յուզելու ու գրգռելու։ 14Այն ժամանակ եղբայրները Պօղոսին իսկոյն ուղարկեցին, որ գնայ մինչեւ ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթէոսը մնացին այնտեղ։ 15Եւ ովքեր Պօղոսին տանում էին, նրան հասցրին մինչեւ Աթէնք եւ, Շիղային ու Տիմոթէոսին ուղղուած պատուէր ստանալով, որ շտապ նրա մօտ գան, իրենք վերադարձան։ 16Եւ մինչ Պօղոսը Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ։ 17Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ ամէն օր՝ ում որ հանդիպում էր։ 18Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք, ձեռ առնելով, վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին ու յարութիւնն էր աւետարանում։ 19Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես։ 20Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ի՛նչ բաներ կը լինեն» 21(որովհետեւ աթենացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք)։ 22Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ։ 24Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա՛ է Տէրը երկնքի եւ երկրի. 25նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր։ Նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ։ 26Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք։ 29Եւ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած։ 30Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»։ 32Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կը լսենք քեզնից այդ մասին»։ 33Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց։ 34Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ։
18 Սրանից յետոյ Պօղոսը Աթէնքից մեկնելով՝ եկաւ Կորնթոս. 2եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի, ծագումով պոնտացի, որը իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից, համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պէտք է հեռանային։ Եւ գնաց միացաւ նրանց։ 3Եւ որովհետեւ արհեստակից էր, նրանց մօտ մնաց եւ աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։ 4Նա ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին։ 5Երբ Շիղան եւ Տիմոթէոսը Մակեդոնիայից իջան եկան, Պօղոսը Հոգու կողմից մղւում էր վկայութեամբ փաստելու հրեաներին, թէ Յիսուսն է Քրիստոսը։ 6Եւ երբ նրանք ընդդիմացան եւ հայհոյեցին, զգեստները թափ տուեց ու ասաց. «Ձեր արիւնը ձեր գլուխը. ես անպարտ եմ. սրանից յետոյ հեթանոսներին եմ գնում»։ 7Եւ այնտեղից գնալով՝ մտաւ մէկի տունը, որի անունը Տիտոս Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ 8Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջը իր ամբողջ տնով։ Նաեւ կորնթացիներից շատերը նրան լսելով՝ հաւատացին եւ մկրտուեցին։ 9Եւ Տէրը գիշերը մի տեսիլքի մէջ Պօղոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խօսի՛ր եւ մի՛ լռիր, 10քանի որ ես քեզ հետ եմ. եւ ոչ մէկը քո դէմ չպիտի ելնի քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ 11Եւ նա այնտեղ մնաց մէկ տարի եւ վեց ամիս՝ ուսուցանելով նրանց Աստծու խօսքը։ 12Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները, միաբանուելով, Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին։ 13Նրանք ասում էին. «Սա տարհամոզում է մարդկանց, որ օրէնքին հակառակ եղանակով Աստծուն պաշտեն»։ 14Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ մի չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում»։ 16Եւ նրանց ատեանից դուրս արեց։ 17Եւ բոլոր յոյները ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով՝ ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը այդ մասին բնաւ հոգ չէր անում։ 18Իսկ Պօղոսը դեռ շատ օրեր մնալով՝ եղբայրներից հրաժեշտ առաւ եւ նաւարկեց դէպի Ասորիք։ Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը։ Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել։ 19Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով՝ խօսքն ուղղեց հրեաներին։ 20Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ, 21այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կը գամ ձեզ մօտ»։ 22Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր, Երուսաղէմ եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք։ 23Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։ 24Ապողոս անունով մի հրեայ, ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ՝ Գրքերին։ 25Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին։ Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը։ 26Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել։ Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծու ճանապարհը։ 27Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա այնտեղ հասաւ, Աստծու շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին, 28քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, թէ Յիսո՛ւսն է Քրիստոսը։
19 Եւ մինչ Ապողոսը դեռ Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. 2«Երբ հաւատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրանք ասացին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»։ 3Եւ նա ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»։ Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»։ 4Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ, ով գալու է իրենից յետոյ, նրա՛ն թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»։ 5Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով։ 6Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։ 7Նրանք շուրջ տասներկու հոգի էին։ 8Եւ Պօղոսը ժողովարան մտնելով՝ երեք ամիս համարձակ խօսում էր, քարոզում եւ Աստծու արքայութեան մասին համոզում նրանց։ 9Երբ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, նրանցից բաժանուեց, աշակերտներին զատեց եւ խօսում էր ամէն օր Տիւրան անունով մէկի դպրանոցում։ 10Այս տեւեց երկու տարի, այնպէս որ ասիացի, հրեայ եւ հեթանոս բոլոր բնակիչները լսեցին Տիրոջ խօսքը։ 11Աստուած ոչ սակաւ զօրաւոր գործեր էր անում Պօղոսի միջոցով. 12մինչեւ իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիւանդների մօտ, եւ ախտերը հեռանում էին նրանցից. եւ չար ոգիները դուրս էին գալիս։ 13Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդուեցնողներ էին, յանդգնեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝ ասելով. «Երդուեցնում եմ ձեզ Յիսուսով, որին քարոզում է Պօղոսը»։ 14Այս անողները ոմն Սկեւոս հրեայ քահանայապետի եօթը որդիներն էին։ 15Չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք»։ 16Եւ այն մարդը, որի մէջ չար ոգի կար, վազեց նրանց վրայ եւ երկուսին էլ բռնելով՝ գետին զարկեց նրանց. այնպէս որ նրանք մերկ եւ վիրաւոր փախան այդ տնից։ 17Եւ այս բանը յայտնի դարձաւ Եփեսոսում բնակուող բոլոր հրեաներին եւ հեթանոսներին։ Եւ նրանց բոլորի մէջ ահ ընկաւ. եւ Տէր Յիսուսի անունը փառաւորւում էր։ 18Եւ հաւատացեալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները։ 19Եւ կախարդութեամբ զբաղուողներից շատերը բերում էին իրենց գրքերը եւ բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշուեցին եւ գտան, որ յիսուն հազար արծաթ դահեկան էր։ 20Եւ այսպէս Աստծու խօսքը աճում էր ու զօրանում։ 21Եւ երբ այս բաները կատարուեցին, Պօղոսը մտադրուեց շրջել Մակեդոնիայում եւ Աքայիայում ու ապա գալ Երուսաղէմ։ Ասում էր. «Իմ այնտեղ գնալուց յետոյ պէտք է, որ ես Հռոմն էլ տեսնեմ»։ 22Իր պաշտօնեաներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։ 23Այդ ժամանակ Տիրոջ ճանապարհի մասին բաւական մեծ խռովութիւն առաջ եկաւ։ 24Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհեանի արծաթէ մանրաքանդակներն էր պատրաստում եւ վարպետներին ոչ քիչ շահ էր բերում։ 25Ժողովելով նրանց եւ նոյն արուեստի մասնագէտներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ մեր շահը այս գործից է, 26եւ տեսնում էք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլեւ գրեթէ ամբողջ Ասիայի նահանգից այս Պօղոսը բազում ժողովուրդ համոզելով, դարձի է բերել՝ ասելով, թէ դրանք, որ ձեռքով են շինուած, աստուածներ չեն։ 27Եւ սրա վտանգն է ոչ միայն այն, որ մեր կողմը պիտի արհամարհուի, այլ նաեւ այն, որ Արտեմիս մեծ դիցուհու մեհեանը ոչինչ պիտի համարուի, այն աստիճան, որ պիտի քանդուի նաեւ մեծութիւնը նրա, որին ամբողջ Ասիան եւ աշխարհն է պաշտում»։ 28Երբ այս լսեցին, լցուեցին բարկութեամբ. աղաղակում էին ու ասում. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»։ 29Քաղաքը լցուեց խռովութեամբ. բոլորը միասին դիմեցին դէպի թատրոն, քարշ տալով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պօղոսի ուղեկիցներին։ 30Բայց երբ Պօղոսն ուզեց մտնել ամբոխի մէջ, աշակերտները նրան չթողեցին։ 31Ասիացի պետերից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մօտ մարդ ուղարկեցին եւ աղաչեցին, որ թատրոնում չերեւայ։ 32Իսկ ուրիշներ էլ այլ բան էին աղաղակում, քանի որ նրանց ժողովը խառնաշփոթութեան մէջ էր. եւ նրանցից շատերը չէին իմանում, թէ ինչի համար են հաւաքուել։ 33Ապա ամբոխից ոմանք բազմութեան միջից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին. եւ երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը եւ ուզում էր պատասխանել ամբոխին։ 34Երբ իմացան, որ մարդը հրեայ է, բոլորը միաձայն մօտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»։ 35Քաղաքի գլխաւոր քարտուղարը լռեցրեց ամբոխին ու ասաց. «Ո՛վ եփեսացիներ, իսկ ո՞վ է մարդկանցից նա, որ չգիտէ մեծ Արտեմիս դիցուհու եւ Դիոպետէոսի՝ եփեսացիների մեհենազարդ այս քաղաքը։ 36Եւ որովհետեւ այդ անշուշտ այդպէս է, դուք պէտք է հանդարտուէք եւ յանդգնութեամբ ոչինչ չանէք։ 37Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհեան կողոպտողներ են եւ ո՛չ էլ՝ մեր դիցուհուն հայհոյողներ։ 38Իսկ եթէ Դեմետրիոսը եւ նրա հետ եղող վարպետները մէկի դէմ որեւէ բան ունեն, ատեան թող գնան. դատաւորներ կան, թող նրանց առաջ ամբաստանութիւն անեն։ 39Բայց եթէ մի այլ բանի մասին խնդիր կայ, թող օրինաւոր ժողովում դա վճռուի. 40որովհետեւ մեզ համար էլ վտանգ կայ, որ մեղադրուենք այսօրուայ այս կռուի պատճառով, որ տեղի ունեցաւ առանց որեւէ յանցանքի առկայութեան, եւ դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս հաւաքոյթի համար»։ Եւ այս ասելով՝ ժողովն արձակեց։
20 Երբ ամբոխը հանդարտուեց, Պօղոսը կանչեց աշակերտներին ու նրանց յորդորելով՝ հրաժեշտի ողջոյն տուեց եւ ելաւ գնաց Մակեդոնիա։ 2Այդ կողմերում շրջելուց եւ նրանց բազում խօսքերով յորդորելուց յետոյ եկաւ Յունաստան։ 3Մօտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց յետոյ, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դէմ դաւ նիւթուեց. ուստի խորհեց Մակեդոնիայով վերադառնալ։ 4Եւ մինչեւ Ասիա նրա հետ էին գնում Պիւռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը եւ Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթէոսը եւ ասիացիներ Տիւքիկոսն ու Տրոփիմոսը։ 5Սրանք առաջ էին գնացել եւ Տրովադայում մեզ էին սպասում։ 6Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերից յետոյ նաւարկեցինք Փիլիպպէից ու հինգ օրից հասանք Տրովադա, նրանց մօտ. այնտեղ կանգ առանք եօթը օր։ 7Եւ շաբաթ օրը, մինչ հաւաքուել էինք հացը կտրելու, Պօղոսը, որ յաջորդ օրը մեկնելու էր, խօսում էր նրանց հետ. եւ նա խօսքը երկարեց մինչեւ կէսգիշեր։ 8Եւ այն վերնատանը, ուր հաւաքուած էինք, բազում լապտերներ կային։ 9Իսկ Եւտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քնի մէջ էր ընկել։ Երբ Պօղոսը խօսելը երկարաձգեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ յարկից ցած ընկաւ. ու վերցրին նրան մեռած։ 10Պօղոսը, ցած իջնելով, ընկաւ նրա վրայ, նրան իր գիրկը վերցրեց ու ասաց. «Մի՛ խռովուէք, քանի որ սրա հոգին վրան է»։ 11Յետոյ վեր ելաւ, հացը կտրեց ու կերաւ. եւ մինչեւ առաւօտ շատ բաներ եւս խօսեց ու ապա ելաւ գնաց։ 12Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին եւ շատ մխիթարուեցին։ 13Եւ մենք նաւ մտնելով՝ ուղղուեցինք դէպի Ասոն. յոյս ունէինք այնտեղից Պօղոսին նորից վերցնել, որովհետեւ այդպէս էր պատուիրել, ըստ որում ինքը ցամաքով էր գնալու։ 14Եւ երբ նա մեզ հանդիպեց Ասոնում, նրան առնելով եկանք Միտիլինէ։ 15Եւ այնտեղից նաւարկելով՝ յաջորդ օրը գնացինք Քիոսի դիմացը, իսկ միւս օրը հասանք Սամոս եւ հետեւեալ օրը եկանք Միլետոն, 16որովհետեւ Պօղոսը մտադիր էր նաւարկել Եփեսոսի մօտով, որպէսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր Պենտեկոստէի օրը Երուսաղէմ հասնել, եթէ այդ նրան յաջողուէր։ 17Եւ Միլետոնից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երէցներին. 18եւ երբ նրանք եկան նրա մօտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, ամբողջ ժամանակ ձեզ հետ միասին ինչպէս ապրեցի՝ 19ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհութեամբ եւ բազում արտասուքով ու փորձութիւններով, որ հրեաների նենգութիւնների պատճառով ինձ պատահեցին։ 20Ինչպէ՜ս բնաւ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից եւ ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը. 21վկայութիւն տուի հրեաներին եւ հեթանոսներին Աստծու առաջ ապաշխարելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի մասին։ 22Արդ, ահա ես, Սուրբ Հոգու մղումով, Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, այդ չգիտեմ. 23միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքի մէջ ինձ վկայում է ու ասում. «Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ»։ 24Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծու շնորհը աւետարանելու։ 25Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. 26դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, 27որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ։ 28Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով։ 29Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին։ 30Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար։ 31Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ-մէկ՝ արտասուքներով խրատեցի։ 32Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբերի հետ։ 33Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. 34դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը։ 35Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը»։ 36Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել։ 37Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։ 38Մորմոքւում էին մանաւանդ նրա այն խօսքի վրայ, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու։ Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը։
21 Եւ երբ մենք նրանցից բաժանուեցինք ու նաւ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով. յաջորդ օրը՝ Ռոդոն, այնտեղից էլ՝ Պատարա։ 2Այնտեղ գտնելով մի նաւ, որ Փիւնիկէ էր գնում, բարձրացանք ու գնացինք։ 3Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ իր բեռներն էր թափելու։ 4Եւ գտնելով աշակերտներին՝ եօթը օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պօղոսին ասում էին, որ Երուսաղէմ չբարձրանայ։ 5Եւ երբ մենք այդ օրերը անցկացրինք, ելանք գնացինք. նրանք բոլորը, կանանց եւ որդիների հետ միասին, մինչեւ քաղաքից դուրս մեզ ճանապարհ դրեցին. եւ ծովեզրին, ծնկի գալով, աղօթեցինք։ 6Ապա միմեանց հրաժեշտ տալով՝ մենք նաւ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը։ 7Եւ մեր նաւարկութիւնը շարունակելով Տիւրոսից՝ հասանք Պտողեմայիդա ու եղբայրներին ողջոյն տալուց յետոյ մէկ օր նրանց մօտ մնացինք։ 8Յաջորդ օրը այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա եւ, մտնելով տունը Փիլիպպոս աւետարանչի, որ եօթը սարկաւագներից մէկն էր, օթեւանեցինք նրա մօտ։ 9Նա ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք մարգարէուհիներ էին։ 10Եւ երբ շատ օրեր մենք այնտեղ մնացինք, Հրէաստանից Ագաբոս անունով մի մարգարէ իջաւ։ 11Եւ մեզ մօտ գալով՝ վերցրեց Պօղոսի գօտին, կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը եւ ասաց. «Այսպէս է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, որի գօտին է այս, հրեաները նրան այսպէ՛ս պիտի կապեն Երուսաղէմում եւ յանձնեն հեթանոսների ձեռքը»։ 12Երբ այս լսեցինք, մենք եւ այնտեղ գտնուողները աղաչեցինք, որ նա Երուսաղէմ չբարձրանայ։ 13Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց ու ասաց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք լաց լինում եւ իմ սիրտն էլ ճմլում, ես Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար Երուսաղէմում ոչ միայն կապուելու, այլեւ մեռնելու պատրաստ եմ»։ 14Եւ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք՝ Տիրոջ կամքը թող լինի։ 15Այդ օրերից յետոյ պատրաստուեցինք եւ Երուսաղէմ բարձրացանք։ 16Մեզ հետ եկան նաեւ կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասոնի մօտ, որը նախապէս աշակերտ էր, եւ որի տանը օթեւանելու էինք։ 17Եւ երբ մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ խնդութեամբ ընդունեցին։ 18Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները։ 19Ողջունելով նրանց՝ նա մի առ մի պատմեց այն բաները, որ Աստուած նրա ծառայութեան միջոցով արեց հեթանոսների մէջ։ 20Եւ նրանք, լսելով, փառաւորում էին Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին։ 21Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան։ 22Արդ, ի՞նչ պէտք է լինի. հաստատապէս կը լսեն, որ եկել ես։ 23Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մօտ կան չորս ուխտադիր մարդիկ. 24նրանց քեզ հետ ա՛ռ եւ նրանց հետ միասին մաքրուի՛ր. եւ նրանց ծախսը քեզ վրայ վերցրու, որ իրենց գլուխները ածիլեն։ Այսպէս ամէնքը իմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկ են եղել, ոչինչ են, եւ, ընդհակառակը, դու էլ համաձայն ես օրէնքը պահելու։ 25Գալով հաւատացեալ հեթանոսներին՝ մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցուած զոհերից ու արիւնից եւ խեղդամահ արուած կենդանուց եւ պոռնկութիւնից»։ 26Այն ժամանակ Պօղոսը իր հետ վերցրեց այդ մարդկանց եւ յաջորդ օրը, նրանց հետ մաքրուելուց յետոյ, տաճար մտաւ՝ յայտնելու մաքրման օրերի աւարտի մասին. որից յետոյ, նրանցից իւրաքանչիւրի համար զոհ մատուցուեց։ 27Սակայն երբ եօթնօրէքը կատարելու մօտ էին, ասիացի հրեաները նրան տաճարի մէջ տեսնելով՝ նրա շուրջը հաւաքեցին ամբողջ ամբոխը, եւ ձեռքները նրա վրայ դնելով՝ աղաղակում էին. 28«Ո՛վ իսրայէլացիներ, օգնեցէ՛ք, այս մարդն է, որ, հակառակ ժողովրդի եւ օրէնքի ու այս սրբավայրի, ամենուր ամենքին ուսուցանում է. մինչեւ իսկ հեթանոսներին տաճար մտցրեց եւ այս սուրբ տեղը պղծեց»։ 29Ըստ որում առաջուց նրա հետ քաղաքում տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն եւ կարծում էին, թէ Պօղոսը նրան տաճար մտցրեց։ 30Ամբողջ քաղաքը շարժուեց, եւ ժողովուրդը խռնուեց. բռնելով Պօղոսին՝ քարշ տուեցին տաճարից դուրս. եւ իսկոյն դռները փակուեցին։ 31Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասաւ, թէ ամբողջ Երուսաղէմը յուզման մէջ է։ 32Սա իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առնելով իր հետ՝ շարժուեց նրանց վրայ։ Եւ նրանք, տեսնելով հազարապետին ու զինուորներին, դադարեցին Պօղոսին ծեծելուց։ 33Այն ժամանակ հազարապետը, մօտենալով, բռնեց նրան եւ հրամայեց նրան կապել կրկնակի շղթաներով. եւ հարցնում էր, թէ՝ ով է եւ ինչ է արել։ 34Ամբոխի մէջ այլեւայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմկի պատճառով ստուգութիւնը չկարողացաւ իմանալ, հրամայեց նրան զօրանոց տանել։ 35Երբ աստիճաններին հասաւ, այնպէս եղաւ, որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նրան բարձրացնեն եւ տանեն, 36NVrsքանի որ ժողովրդի բազմութիւնը յետեւից էր գնում՝ աղաղակելով՝ մա՛հ դրան։ 37Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ»։ Եւ նա ասաց. «Յունարէն գիտե՞ս. 38չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»։ 39Պօղոսն ասաց. «Ես հրեայ մարդ եմ, կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, ինձ հրամա՛ն տուր, որ իմ խօսքն ուղղեմ այդ ժողովրդին»։ 40Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը։ Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն լեզուով եւ ասաց.
22 «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, այժմ լսեցէ՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»։ 2Երբ լսեցին, որ եբրայերէն լեզուով դիմեց իրենց, առաւել եւս հանդարտուեցին եւ լռեցին։ 3Եւ նա ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, եւ դաստիարակուել եմ այստեղ, այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ, կրթուած ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան։ Նախանձայոյզ էի Աստծու հանդէպ, ինչպէս դուք բոլորդ՝ այսօր։ 4Ես այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ՝ կապելով եւ բանտերի մատնելով տղամարդկանց եւ կանանց, 5ինչպէս ինձ վկայ են քահանայապետը եւ ամբողջ ծերակոյտը, որոնցից եղբայրներին ուղղուած նամակներ էլ առնելով՝ Դամասկոս էի գնում եղբայրների մօտ՝ այնտեղից եւս կապեալներ բերելու համար Երուսաղէմ, որ պատժուեն։ 6Եւ մինչ գնում էի եւ մօտեցայ Դամասկոսին, կէսօրուայ ժամանակ յանկարծ երկնքից սաստիկ լոյս փայլատակեց իմ շուրջը. 7եւ ես գետին ընկայ. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ 8Եւ ես պատասխանեցի. «Ո՞վ ես, Տէ՛ր»։ Եւ ինձ ասաց. «Ես Նազովրեցի Յիսուսն եմ, որին դու հալածում ես»։ 9Ինձ հետ եղողները եւս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խօսում էր։ 10Եւ ես ասացի. «Ի՞նչ պէտք է անեմ, Տէ՛ր»։ Եւ Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ Դամասկոս, եւ այնտեղ քեզ կը պատմուի այն բոլորի մասին, որ հրամայուած է քեզ անել»։ 11Եւ քանի որ այդ լոյսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնելով, առաջնորդեցին ինձ, եւ Դամասկոս մտայ։ 12Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից, 13եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր»։ 14Եւ ես իսկոյն դէպի վեր նրա՛ն նայեցի։ Եւ ինձ ասաց. «Մեր հայրերի Աստուածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը եւ տեսնես Արդարին ու լսես նրա բերանից ձայնը, 15որպէսզի բոլոր մարդկանց մօտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր։ 16Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»։ 17Եւ երբ ես վերադարձայ Երուսաղէմ եւ տաճարում աղօթում էի, մտայափշտակութեան մէջ ընկայ. 18տեսայ նրան, որն ինձ ասում էր. «Շտապի՛ր, իսկոյն Երուսաղէմից դո՛ւրս ել, քանի որ իմ մասին քո վկայութիւնը չեն ընդունելու»։ 19Եւ ես ասացի. «Տէ՛ր, իրենք իսկ գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հաւատացողներին։ 20Եւ երբ թափւում էր քո վկայի՝ Ստեփանոսի արիւնը, ես ինքս էի, որ նրա մօտ էի կանգնել եւ համաձայն էի լինում նրա սպանմանը. եւ նրան սպանողների զգեստներն էի պահում»։ 21Եւ նա ինձ ասաց. «Գնա՛, որովհետեւ ես քեզ պէտք է ուղարկեմ հեռաւոր հեթանոսների մօտ»։ 22Մինչեւ այս խօսքը նրան ունկնդրում էին. ապա բարձրացրին իրենց ձայները եւ ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մէկին, որովհետեւ այդպիսին չպէտք է ապրի»։ 23Եւ մինչ նրանք աղաղակում էին, զգեստները հանում գցում էին եւ փոշին օդի մէջ ցանում, 24հազարապետը հրամայեց, որ նրան զօրանոց մտցնեն. եւ ասաց. «Ծեծելով հարցաքննեցէ՛ք նրան, որպէսզի իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նրա դէմ այդպէս աղաղակում»։ 25Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասաց հարիւրապետին, որ վերակացուն էր. «Հռոմէացի եւ չդատուած մարդուն օրինաւո՞ր է, որ դուք ծեծէք»։ 26Երբ հարիւրապետը այս լսեց, մօտեցաւ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. 27«Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմէական քաղաքացի է»։ 28Հազարապետը մօտեցաւ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմէացի՞ ես»։ Եւ նա ասաց՝ այո՛։ 29Հազարապետը ի պատասխան ասաց. «Ես ի գին մեծ գումարի եմ ստացել այդ քաղաքացիութիւնը»։ Իսկ Պօղոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»։ 30Եւ իսկոյն նրանից հեռացան նրանք, որ նրան պիտի ծեծէին։ Ինքը հազարապետն էլ վախեցաւ, երբ իմացաւ, թէ հռոմէացի է, մանաւանդ որ նրան կապանքի տակ էլ էր առել։ 31Յաջորդ առաւօտ հազարապետը ուզելով ճշմարիտն իմանալ, թէ հրեաների ամբաստանութիւնն ինչ է, կապերից արձակեց Պօղոսին եւ հրամայեց կանչել քահանայապետներին ու ամբողջ ատեանը եւ, Պօղոսին իջեցնելով, կանգնեցրեց նրանց մէջ։
23 Պօղոսը հայեացքն ուղղելով ատեանին՝ ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտութեամբ եմ կեանք վարել Աստծու առաջ մինչեւ այսօր»։ 2Անանիա քահանայապետը հրամայեց սպասաւորներին, որ խփեն նրա բերանին։ 3Այն ժամանակ Պօղոսը նրան ասաց. «Աստուած է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. եւ դու նստում ես, որ օրէնքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրէնքից դուրս ինձ հարուածեն»։ 4Շուրջը կանգնողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»։ 5Եւ Պօղոսն ասաց. «Չգիտէի, եղբայրնե՛ր, որ քահանայապետ է, քանի որ գրուած է՝ քո ժողովրդի իշխանին չպիտի հայհոյես»։ 6Երբ Պօղոսն իմացաւ, որ ատեանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ միւսում՝ փարիսեցիները, աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու որդի փարիսեցու. այժմ ես դատւում եմ նաեւ մեռելների յարութեան յոյսի համար»։ 7Եւ երբ այս ասաց, փարիսեցիների եւ սադուկեցիների միջեւ ճեղքուածք առաջ եկաւ, եւ բազմութիւնը պառակտուեց, 8որովհետեւ սադուկեցիներն ասում էին՝ յարութիւն չկայ. ո՛չ էլ հրեշտակ եւ ո՛չ Հոգի. իսկ փարիսեցիները ընդունում էին երկուսն էլ։ 9Եւ մեծ աղմուկ եղաւ. փարիսեցիների կողմից օրէնուսոյցներից ոմանք ոտքի ելան եւ հակառակում էին՝ ասելով. «Այս մարդու մէջ ոչ մի չարութիւն չենք գտնում, այլ թերեւս նրա հետ Հոգի կամ մի հրեշտակ խօսած լինի»։ 10Եւ երբ խռովութիւնը սաստկացաւ, հազարապետը, վախենալով, որ գուցէ նրանք Պօղոսին պատառ-պատառ կ՚անեն, զինուորներին հրամայեց իջնել եւ նրանց միջից նրան վերցնել ու տանել զօրանոց։ 11Յաջորդ օրուայ գիշերը Տէրը կանգնեց նրա մօտ ու ասաց. «Քաջալերուի՛ր, Պօղո՛ս, որովհետեւ, ինչպէս ինձ համար վկայեցիր Երուսաղէմում, նոյն ձեւով պէտք է, որ դու Հռոմում եւս վկայես»։ 12Եւ երբ առաւօտ եղաւ, որոշ թուով հրեաներ ժողով անելով՝ նզովեցին իրենք իրենց, որ, մինչեւ Պօղոսին չսպանեն, ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն։ 13Եւ քառասունից աւելի էին նրանք, որոնք իրար հետ այս երդումն էին արել։ 14Սրանք մօտեցան քահանայապետներին եւ երէցներին ու ասացին. «Նզովելով նզովեցինք մեզ, որ բան չճաշակենք, մինչեւ Պօղոսին չսպանենք. 15բայց դուք հազարապետին, ատեանի հետ միասին, իմա՛ց տուէք, որ նա ձեզ մօտ իջեցնի նրան, որպէս թէ նրա մասին ուզում էք աւելի ճշգրիտ բաներ իմանալ. իսկ մենք, նախքան նրա մօտենալը, պատրաստ ենք նրան սպանելու»։ 16Եւ Պօղոսի քրոջ որդին, լսելով այս դաւադրութիւնը, եկաւ զօրանոց ու Պօղոսին պատմեց։ 17Եւ Պօղոսը, իր մօտ կանչելով հարիւրապետներից մէկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մօտ տա՛ր, որովհետեւ նրան հաղորդելու բան ունի»։ 18Եւ նա նրան առաւ եւ տարաւ հազարապետի մօտ ու ասաց. «Կալանաւորուած Պօղոսն ինձ կանչեց եւ խնդրեց այս պատանուն քեզ մօտ բերել. քեզ ասելու բան ունի»։ 19Հազարապետը նրա ձեռքից բռնելով՝ մի կողմ գնաց եւ հարցրեց. «Ինձ հաղորդելու ի՞նչ ունես»։ 20Նա ասաց. «Հրեաները միաբանուեցին խնդրելու քեզ, որ վաղը Պօղոսին ատեան իջեցնես, իբր թէ ուզում են նրա վերաբերեալ աւելի ճշգրիտ հարցաքննութիւն անել։ 21Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից աւելի քան քառասուն մարդ դարան են մտել եւ նզովել են իրենք իրենց, որ ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն, մինչեւ որ նրան չսպանեն։ Այժմ պատրաստ են եւ քո հրամանին են սպասում»։ 22Ապա հազարապետը արձակեց պատանուն՝ նրան պատուիրելով. «Ոչ ոքի մի՛ ասա, թէ այս բաներն ինձ տեղեկացրիր»։ 23Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց ու ասաց. «Պատրաստեցէ՛ք երկու հարիւր զինուորներ, գիշերուայ ժամը երեքից, որպէսզի գնան մինչեւ Կեսարիա. նաեւ՝ եօթանասուն հեծեալներ եւ երկու հարիւր նիզակաւորներ, 24ինչպէս եւ պատրաստի գրաստներ, որ Պօղոսին իջեցնեն եւ ապահով հասցնեն Ֆելիքս կուսակալի մօտ»։ 25Եւ գրեց մի նամակ, որի բովանդակութիւնը հետեւեալն է. 26«Կլօդիոս Լիւսիաս՝ գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜յն. 27այս մարդուն հրեաները բռնել էին, եւ նրանց կողմից սպանուելու մօտ էր նա. իմանալով, որ հռոմէացի է, ես զինուորներով վրայ հասայ եւ նրան ազատեցի։ 28Կամենալով գիտենալ այն յանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան իջեցրի նրանց ատեանը։ 29Գտայ, որ նա իրենց օրէնքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանուած ու մահուան կամ կալանքի արժանի որեւէ յանցանք չունէր։ 30Երբ այս մարդու հանդէպ նրանց կողմից նիւթուած դաւն ինձ տեղեկացուեց, նրան ուղարկեցի քեզ մօտ եւ հրամայեցի, որ ամբաստանողներն էլ խօսեն նրա մասին քո առաջ. ո՛ղջ եղիր»։ 31Եւ հետեւակ զինուորները, հրամանի համաձայն, Պօղոսին առնելով՝ գիշերով տարան Անտիպատրիս։ 32Եւ յաջորդ օրը, թողնելով հեծեալներին, որ նրա հետ գնան, զօրանոց վերադարձան։ 33Նրանք մտան Կեսարիա եւ նամակը կուսակալին տալով՝ Պօղոսին էլ կանգնեցրին նրա առաջ։ 34Նա երբ կարդաց, հարցրեց, թէ ո՛ր նահանգից է. եւ ստուգելով, որ Կիլիկիայից է, ասաց. 35«Քեզ կը լսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ գան»։ Եւ հրամայեց պահել նրան Հերովդէսի ապարանքում։
24 Եւ հինգ օր յետոյ Անանիա քահանայապետը մի քանի ծերերի եւ Տերտիւղոս անունով մի ճարտասան մարդու հետ իջաւ եկաւ։ Սրանք Պօղոսի մասին կուսակալին ներկայացրին իրենց ամբաստանութիւնը։ 2Եւ երբ նրան կանչեցին, Տերտիւղոսն սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը բազում խաղաղութիւն է գտել քո շնորհիւ եւ գործերի կարգաւորութիւն՝ քո խնամքի պատճառով։ 3Ամէն բանի համար եւ ամենուրեք քեզնից շնորհակալ ենք, ո՛վ գերազանցդ Ֆելիքս, եւ մեծապես գոհ։ 4Բայց որպէսզի աւելորդ յոգնութիւն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտութեամբ մեզ կարճիկարճոյ լսես։ 5Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնուող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է եւ նազովրեցիների հերձուածի առաջնորդը։ 6Սա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք եւ ըստ մեր օրէնքի ուզեցինք դատել։ 7Եկաւ Լիւսիաս հազարապետը ու մեծ բռնութեամբ մեր ձեռքից յափշտակեց 8եւ հրամայեց, որ նրան ամբաստանողներն էլ քեզ մօտ գան։ Նրան դու ինքդ կրկին դատելով կը կարողանաս վերահասու լինել այն ամենին, ինչի համար մենք նրան ամբաստանում ենք»։ 9Հրեաներն էլ համաձայն գտնուեցին ու ասացին՝ այդպէս է։ 10Երբ կուսակալը նրան գլխով արեց, որ խօսի, Պօղոսը պատասխանեց. «Գիտեմ, որ շատ տարիներից ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին յօժարութեամբ պատասխան եմ տալիս. 11ինչպէս որ կարող ես գիտենալ, տասներկու օրից աւելի չէ, ինչ ես Երուսաղէմ եմ բարձրացել երկրպագութիւն անելու համար։ 12Ինձ ո՛չ տաճարում են որեւէ մէկի հետ գտել խօսելիս եւ կամ շուրջս բազմութիւն հաւաքելիս, ո՛չ ժողովարաններում եւ ո՛չ էլ քաղաքում. 13ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձ ամբաստանում են։ 14Բայց այս խոստովանում եմ քեզ, թէ համաձայն այն ճանապարհի, որը ասում են՝ հերձուած է, այնպէ՜ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հաւատալով այն ամենին, որ գրուած է Օրէնքում եւ մարգարէների մէջ։ 15Յոյս ունեմ առ Աստուած, որ, ինչպէս դրանք էլ են ակնկալում, յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների։ 16Դրա համար ինքս էլ ճիգ եմ անում, որ Աստծու եւ մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ։ 17Բազում տարիներից յետոյ եկայ օգնութիւն անելու իմ ազգին եւ զոհեր մատուցեցի, 18որոնցով սրբուած էի, երբ ինձ գտան տաճարում, որտեղ ո՛չ բազմութեան հետ էի եւ ո՛չ էլ խռովարար ամբոխի։ 19Այդ ասիացի հրեաներից ոմանք իրե՛նք պէտք է գային քո առաջ եւ ամբաստանէին ինձ, եթէ իմ դէմ մի բան ունենային. 20եւ կամ հէնց սրանք թող ասեն, թէ ի՛նչ անիրաւութիւն են գտել իմ մէջ, մինչ ատեանի առաջ էի կանգնած, 21բացի միայն գուցէ իմ այն խօսքից, որ ասացի բարձրաձայն, երբ նրանց մէջ կանգնել էի. «Մեռելների յարութեան համար է, որ ես այսօր ձեզնից դատւում եմ»։ 22Ֆելիքսը նրանց գործը յետաձգեց, քանի որ աւելի ստոյգ գիտէր այդ ճանապարհի մասին, եւ ասաց. «Մինչեւ Լիւսիաս հազարապետը այստեղ իջնի, ձեր գործը կը յետաձգեմ»։ 23Եւ հարիւրապետին հրամայեց նրան պահել, բայց որոշ չափով ազատ. եւ նրա իւրայիններից ոչ ոքի չարգելել, որ նրան ծառայեն։ 24Մի քանի օր յետոյ Ֆելիքսը եկաւ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեայ էր. կանչեց Պօղոսին եւ նրանից լսեց ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի մասին։ 25Եւ մինչ Պօղոսը խօսում էր արդարութեան, ժուժկալութեան եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը, զարհուրած, ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կը կանչեմ»։ 26Միաժամանակ ակնկալում էր, որ Պօղոսից իրեն դրամ կը տրուի. դրա համար յաճախ կանչելով նրան՝ խօսում էր նրա հետ։ 27Երկու տարին լրանալուց յետոյ Ֆելիքսի փոխարէն Փեստոս Պորկիոսը եկաւ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին կալանքի տակ թողեց։
25 Երբ Փեստոսը իշխանութեան գլուխ անցաւ, երեք օր յետոյ Կեսարիայից Երուսաղէմ բարձրացաւ։ 2Քահանայապետներն ու հրեաների գլխաւորները նրան զեկոյց տուին Պօղոսի մասին եւ, 3նրանից շնորհ խնդրելով, աղաչում էին, որ նրան Երուսաղէմ կանչի, մինչ իրենք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։ 4Իսկ Փեստոսը պատասխանեց, թէ նա Կեսարիայում կը պահուի, եւ թէ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու. ապա ասաց. 5«Ձեզնից ովքեր կը կարողանան, ինձ հետ թող իջնեն, եւ եթէ այդ մարդու վրայ որեւէ յանցանք կայ, նրան թող ամբաստանեն»։ 6Եւ ոչ աւելի քան ութ կամ տասը օր այդտեղ մնալուց յետոյ եկաւ իջաւ Կեսարիա. եւ յաջորդ օրը, ատեան նստելով, հրամայեց, որ Պօղոսին բերեն։ 7Երբ նա եկաւ, նրա շուրջը բոլորուեցին Երուսաղէմից իջած հրեաները. եւ նրա վրայ բարդում էին բազում եւ ծանր յանցանքներ, որ չէին կարողանում ապացուցել, 8քանի որ Պօղոսը պատասխանում էր. «Ոչնչով յանցաւոր չեմ ո՛չ հրեաների օրէնքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դէմ»։ 9Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղէմ բարձրանալ եւ այդ խնդիրների համար այդտեղ դատուել իմ առաջ»։ 10Պօղոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատեանի առաջ, ուր եւ պէտք է դատուեմ։ Հրեաներին ոչ մի անիրաւութիւն չեմ արել, ինչպէս ինքդ էլ քաջ գիտես. 11ուրեմն եթէ յանցաւոր եմ եւ մահուան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենայ։ Իսկ եթէ ոչինչ չկայ այն մեղադրանքների մէջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպէս շնորհ յանձնել դրանց։ 12Կայսրի՛ն եմ բողոքում»։ 13Այն ժամանակ Փեստոսը իր խորհրդականների հետ խօսելուց յետոյ պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մօտ պիտի գնաս»։ 14Մի քանի օր անցնելուց յետոյ Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։ 15Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսը արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած, 16որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին։ Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ։ 17Նրանց պատասխանեցի. «Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմացը չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ»։ 18Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն։ 19Նրա դէմ ներկայացող ամբաստանողները մէջտեղ չէին բերում չարագործութեան ոչ մի յանցանք, որոնց մասին ես կասկած ունէի. 20այլ ինչ-ինչ խնդիրներ ունէին նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է։ 21Երբ այսպիսի խնդիրների քննութեան համար տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ կը կամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել։ 22Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի Նորին Գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»։ 23Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կը կամենայի այդ մարդուն լսել»։ Փեստոսն ասաց. «Վաղը կը լսես»։ 24Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեան մտան, Փեստոսը հրամայեց, որ Պօղոսին բերեն։ 25Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքայ եւ բոլոր մարդիկդ, որ մեզ հետ էք, սրան տեսնում էք. հրեաների ամբողջ ժողովուրդը թէ՛ Երուսաղէմում եւ թէ՛ այստեղ սրա մասին ամբաստանութիւն էին անում ինձ մօտ եւ աղաղակում, թէ՝ չպէտք է կենդանի մնայ։ 26Բայց ես վերահասու եղայ, թէ դա մահուան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ բողոքած լինելով մարդկանցից Գերազանցին՝ խորհեցի, որ ուղարկեմ նրան։ 27Դրա մասին իմ տիրոջը՝ կայսրին ստոյգ բան չունեմ գրելու. այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի եւ, մանաւանդ, քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքայ, որպէսզի վերստին քննութիւն կատարելով՝ կարողանամ մի բան գրել, 28քանի որ ինձ անպատեհ բան է թւում ուղարկել մի բանտարկեալի եւ նրա մասին որեւէ յանցանք չնշել»։
26 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քեզ թոյլատրուած է, որ քո մասին խօսես»։ Այն ժամանակ Պօղոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց. 2«Հրեաների՝ իմ մասին արած բոլոր ամբաստանութիւնների համար, Ագրիպպա՛ս արքայ, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու, 3մանաւանդ նրա համար, որ գիտակ էլ ես հրեաների բոլոր կրօնական սովորութիւններին եւ խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերութեամբ ինձ լսես։ 4Բոլոր հրեաները տեղեակ են իմ կեանքին իմ մանկութիւնից ի վեր, որը հէնց սկզբից անցել է Երուսաղէմում իմ ազգի մէջ։ 5Նրանք վաղուց գիտեն, եթէ կամենան վկայել, որ ես որպէս փարիսեցի ապրել եմ մեր կրօնական խստագոյն օրէնքների համաձայն։ 6Եւ այժմ դատւում եմ, կանգնած ատեանի առաջ, Աստծուց մեր հայրերին տրուած խոստումի յոյսի համար։ 7Ջերմեռանդութեամբ գիշեր ու ցերեկ պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը յուսացել են դրան հասնել։ Այդ յոյսի՛ համար, ո՛վ արքայ, ես էլ ամբաստանւում եմ հրեաների կողմից։ 8Ձեզ ինչո՞ւ է անհաւատալի թւում, որ Աստուած մեռելներին յարութիւն կը տայ։ 9Ես ինքս էլ պատշաճ էի համարում շատ բան Նազովրեցի Յիսուսի անուանը հակառակ գործել, 10ինչ որ արեցի իսկ Երուսաղէմում. քահանայապետներից իշխանութիւն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի եւ նրանցից սպանուելու ենթակայ եղողների համար հաւանութիւն էի տալիս։ 11Եւ բոլոր ժողովարաններում շատ անգամ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեն։ Առաւել եւս մոլեգնելով նրանց դէմ՝ հալածում էի նրանց մինչեւ օտար քաղաքներ»։ 12«Ըստ այսմ, երբ քահանայապետների իշխանութեամբ եւ հրամանով Դամասկոս էի գնում, 13կէսօրին, ճանապարհին, ո՛վ արքայ, տեսայ, որ երկնքից արեգակի լուսաւորութիւնից առաւել ուժեղ մի լոյս փայլատակեց իմ շուրջը եւ նրանց շուրջը, որ ինձ հետ էին գնում։ 14Եւ երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայերէն լեզուով. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար խիստ դժուար է խթանի դէմ աքացել»։ 15Եւ ես ասացի. «Ո՞վ ես, Տէ՛ր»։ Տէրն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. 16վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրայ. ես քեզ երեւացի նրա համար, որ քեզ նշանակեմ պաշտօնեայ եւ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար եւ այն բաների համար, որոնցով պիտի երեւամ քեզ. 17ես քեզ կը փրկեմ ժողովրդիցդ եւ հեթանոսներից, որոնց մէջ քեզ կ՚ուղարկեմ, 18որպէսզի բանաս նրանց աչքերը, նրանց դարձնես խաւարից դէպի լոյս եւ սատանայի իշխանութիւնից՝ դէպի Աստուած, որպէսզի նրանք մեղքերի թողութիւն ստանան եւ սրբերի հետ ժառանգութեան բաժին՝ իմ հանդէպ ունեցած հաւատով»։ 19Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքայ, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնուեցի, 20այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղէմում եւ Հրէաստանի բոլոր գաւառներում, ապա նաեւ հեթանոսներին քարոզեցի, որ զղջան եւ դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարութեան արժանի գործեր անեն։ 21Դրա համար հրեաները, տաճարում ինձ բռնելով, փորձեցին սպանել։ 22Սակայն Աստծուց օգնութիւն հասաւ, եւ ես մինչեւ այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին եւ մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարէներն ու Մովսէսն են խօսել լինելիք դէպքերի մասին. 23թէ՝ Քրիստոս չարչարուելու է. թէ՝ մեռելներից առաջին յարութիւն առնողը լոյս է աւետարանելու ժողովրդին եւ հեթանոսներին»։ 24Երբ նա այս պատասխանը տուեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորւում ես, Պօղո՛ս, քո մեծ հմտութիւնը քեզ խելացնորութեան է տանում»։ 25Իսկ Պօղոսն ասաց. «Չեմ ցնորւում, ո՛վ Գերազանցդ Փեստոս, այլ զգաստութեան եւ ճշմարտութեան խօսքեր եմ արտասանում. 26արքան այս բաներին գիտակ իսկ է, դրա համար համարձակ եմ խօսում, քանի որ յանձն չեմ առնում այս բոլորից որեւէ բան քեզնից ծածկել, որովհետեւ մի որեւէ խուլ անկիւնում չէ, որ այս բանը գործուած է։ 27Ագրիպպա՛ս արքայ, մարգարէներին հաւատո՞ւմ ես. գիտեմ, որ հաւատում ես»։ 28Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ»։ 29Եւ Պօղոսն ասաց. «Կը խնդրէի Աստծուն, որ, վաղ թէ ուշ, ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։ 30Արքան ոտքի ելաւ, ինչպէս եւ կուսակալը, Բերենիկէն եւ բոլոր նրանք, որ նրանց հետ նստել էին։ 31Եւ մինչ գնում էին, իրար հետ խօսում էին ու ասում. «Մահուան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։ 32Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթէ կայսրին բողոքած չլինէր»։
27 Երբ մեզ հրամայուեց նաւարկել դէպի Իտալիա, Պօղոսին եւ մի քանի այլ կալանաւորների յանձնեցին Սեբաստեան գնդից մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր. 2եւ բարձրանալով ադրամինտական մի նաւ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաեւ Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը։ 3Յաջորդ օրը իջանք Սիդոն։ Եւ Յուլիոսը, Պօղոսի հանդէպ մարդասիրութիւն ցուցաբերելով, նրան հրաման տուեց գնալ բարեկամների մօտ խնամք ստանալու։ 4Այնտեղից դուրս գալով, քանի որ քամին հակառակ կողմից էր, նաւարկեցինք Կիպրոսի մօտով աւելի ցած։ 5Ապա Կիլիկիայի եւ Պամփիւլիայի մէջտեղում, բաց ծովի միջով նաւարկելուց յետոյ իջանք Լիկիայի Միւռա քաղաքը։ 6Եւ այնտեղ հարիւրապետը գտնելով ալեքսանդրեան մի նաւ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ մտցրեց։ 7Եւ բազում օրեր դանդաղ նաւարկելուց յետոյ դժուարութեամբ հասանք մինչեւ Կնիդիայի մօտերքը. եւ երբ քամին թոյլ չտուեց մեզ, նաւարկեցինք Կրետէի եզերքով ներքեւ, մինչեւ Սաղմոնիայի մօտերքը։ 8Նրա եզերքով դժուարութեամբ անցնելուց յետոյ, հասանք մի տեղ, որ կոչւում էր Գեղեցիկ նաւահանգիստ, եւ որին կից էր Ղասէա քաղաքը։ 9Եւ քանի որ շատ ժամանակ էր անցել, եւ նաւարկելն էլ վտանգաւոր կը լինէր, մինչեւ իսկ ծոմապահութեան օրերն էլ արդէն անցել էին, Պօղոսը նրանց խրատ տուեց եւ ասաց. 10«Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նաւարկութիւնը չարիքով եւ բազում վնասով է լինելու ոչ միայն բեռների եւ նաւի համար, այլեւ մեր անձերի»։ 11Բայց հարիւրապետը նաւապետին եւ նաւատիրոջն աւելի էր լսում, քան Պօղոսի խօսքերը։ 12Երբ նաւահանգիստը ձմեռելու համար անյարմար թուաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպէսզի մի գուցէ կարողանան հասնել Փիւնիկէ քաղաքը եւ ձմեռել Կրետէի այդ նաւահանգստում, որը նայում էր դէպի հարաւակողմը եւ ցամաքամասը։ 13Եւ երբ հարաւի մեղմ քամին փչեց, կարծեցին, թէ կը հասնեն այնտեղ, ուր դիմում էին։ Եւ նաւարկելով՝ Կրետէի եզերքի մօտով անցան։ 14Ոչ շատ ժամեր յետոյ նաւի շուրջը բարձրացաւ մի կատաղի քամի, որ կոչւում է Եւրացիկլոն։ 15Երբ նաւը քշուեց եւ քամու դէմ չկարողացաւ պայքարել, տեղի տուեցինք եւ գնում-գալիս էինք։ 16Եւ դիմելով դէպի մի կղզի, որը Կլօդա էր կոչւում, դժուարութեամբ կարողացանք բռնել մակոյկը, որը նաւի վրայ քաշեցինք. 17ապա օգնութեան միջոցներ օգտագործելով՝ նաւը ներքեւից կապեցին. վախենալով, որ գուցէ յորձանուտի մէջ ընկնեն, առագաստը իջեցրին. եւ այնպէս գնում-գալիս էին։ 18Եւ քանի որ մենք ամենասաստիկ տագնապի մէջ էինք, յաջորդ առաւօտ բեռները ծովը թափեցին։ 19Իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքերով նաւի գործիքները ծովը նետեցին։ 20Երբ բազում օրեր ո՛չ արեւ եւ ո՛չ էլ աստղեր էին երեւում, ու փոթորիկն էլ նոյն սաստկութեամբ շարունակւում էր, մեր փրկութեան ամէն յոյս վերացել էր։ 21Եւ որովհետեւ շատ օրեր քաղցած էին, Պօղոսը, կանգնելով նրանց մէջ, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինձ պէտք է անսայիք ու Կրետէից չելնէիք եւ այս չարիքն ու վնասը չքաշէիք։ 22Արդ, ձեզ խրատում եմ, որ քաջալերուէք, որովհետեւ, բացի նաւից, ձեզնից եւ ոչ մէկի կեանքին վնաս չպիտի հասնի. 23որովհետեւ այս գիշեր Աստծու հրեշտակը, որին պատկանում եմ ես ու ծառայում, երեւաց ինձ ու ասաց. 24«Մի՛ վախեցիր, Պօղո՛ս, դու կայսեր առաջ էլ պէտք է ներկայանաս. եւ ահա բոլոր նրանց, որ այդ նաւի մէջ քեզ հետ են, Աստուած քեզ է շնորհել»։ 25Դրա համար էլ քաջալերուեցէ՛ք, մարդի՛կ, որովհետեւ հաւատ ունեմ Աստծու վրայ, թէ կը լինի այնպէս, ինչպէս որ ինձ ասուեց։ 26Միայն թէ՝ մենք պէտք է մի կղզի ընկնենք»։ 27Երբ տասնչորսերորդ գիշերը եղաւ, եւ մենք Ադրիականի անդունդների վրայ դեռ օրօրւում էինք, գիշերուայ կէսին նաւավարները կարծեցին, թէ ցամաք են հասել։ 28Ջրի խորութիւնը չափող գունդը ցած գցելով՝ երեսունեօթը մետր խորութիւն գտան. որոշ տարածութիւն կտրելուց յետոյ նորից գցեցին եւ քսանութ մետր գտան։ 29Վախենալով, թէ մի գուցէ խութերով տեղ կ՚ընկնեն, յետեւի կողմից չորս խարիսխներ ցած գցեցին. անձկութեամբ տենչում էին, որ այգը բացուի։ 30Բայց նաւավարները ուզում էին նաւից փախչել. ուստի մակոյկը ծով իջեցրին այն պատճառաբանութեամբ, որ իբր թէ առջեւի կողմից էլ են խարիսխներ գցելու։ 31Պօղոսը հարիւրապետին եւ զինուորներին ասաց. «Եթէ դրանք նաւի մէջ չմնան, դուք ազատուել չէք կարող»։ 32Այն ժամանակ զինուորները մակոյկի պարանները կտրեցին ու դէն գցեցին։ 33Եւ երբ այգը բացուելու մօտ էր, Պօղոսը բոլորին խնդրեց, որ կերակուր ուտեն՝ ասելով. «Այս տասնչորսերորդ օրն է, որ դուք քաղցած՝ սպասումով էք անցկացնում եւ դեռ ոչինչ չէք կերել։ 34Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտէք, քանի որ դա հէնց ձեր փրկութեան համար է. որովհետեւ ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»։ 35Եւ երբ այս ասաց, հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհութիւն տուեց, կտրեց եւ սկսեց ուտել։ 36Ամէնքը քաջալերուեցին. եւ իրենք էլ կերակուր կերան։ 37Նաւի մէջ բոլորս երկու հարիւր եօթանասունվեց հոգի էինք։ 38Երբ կերակրով յագեցան, ցորենը ծովը թափելով՝ նաւը թեթեւացրին։ 39Եւ երբ այգը բացուեց, երկիրը չէին ճանաչում, բայց նշմարում էին մի ծովախորշ, որ ծովափ կարող էր լինել. եւ խորհում էին, թէ հնար լինէր նաւը այնտեղ հասցնել եւ փրկել։ 40Ուստի խարիսխները յատակից կտրելով՝ ծովի մէջ բաց թողեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին ու քամուն տուեցին՝ դէպի ծովի ափի կողմը։ 41Ընկնելով երկու ծովերի միջեւ գտնուող մի ծանծաղուտ՝ նաւը ծռեցին. եւ նաւի առաջակողմը յատակին խրուելով, անշարժ մնաց, իսկ յետեւի կողմը ալիքների սաստկութիւնից ջարդուփշուր էր լինում։ 42Այն ժամանակ զինուորները խորհուրդ արեցին, որ կալանաւորներին սպանեն, որպէսզի ոչ ոք չլողայ ու փախչի։ 43Սակայն հարիւրապետը նրանց խորհրդին արգելք եղաւ, որովհետեւ ուզում էր Պօղոսին ազատել. ուստի հրամայեց, որ, ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետուեն, 44իսկ միւսները՝ ոմանք տախտակների վրայ, ոմանք էլ նաւի այլ բեկորների վրայ ցամաք ելնեն։ Եւ այսպէս ամէնքը, փրկուելով, ցամաք ելան։
28 Երբ արդէն փրկուած էինք, այն ժամանակ իմացանք, թէ այն կղզու անունը Մելիտինէ էր։ Եւ բարբարոս բնակիչները մեր հանդէպ չափից աւելի մարդասիրութիւն ցոյց տուին. 2խարոյկ վառեցին եւ մեզ բոլորիս ընդունեցին՝ տեղացող անձրեւի եւ ցրտի պատճառով։ 3Եւ երբ Պօղոսը բաւականին շատ չոր ճիւղեր հաւաքեց եւ խարոյկի վրայ դրեց, մի իժ կրակի տաքութեան պատճառով դուրս գալով՝ կախուեց նրա ձեռքից։ 4Եւ երբ բարբարոսները գազանին նրա ձեռքից կախուած տեսան, միմեանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թէպէտ ծովից փրկուեց, բայց Արդարութիւնը նրան թոյլ չտուեց, որ ապրի»։ 5Ապա Պօղոսը գազանին կրակի մէջ թափ տուեց, եւ իրեն ոչ մի վատ բան չպատահեց. 6իսկ նրանք սպասում էին, որ նա կ՚ուռչի կամ կ՚ընկնի ու յանկարծակի կը մեռնի։ Շատ սպասելուց յետոյ, երբ տեսան, որ նրան որեւէ վնաս չհասաւ, նորից խօսքը դարձրին եւ ասում էին. «Սա մի աստուած է»։ 7Այդ տեղի շրջակայքում գտնւում էին ագարակները Պոպլիոս անունով մի մարդու, որ կղզու գլխաւորն էր. սա երեք օրով մեզ իր մօտ ընդունեց եւ սիրով հիւրընկալեց։ 8Եւ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով եւ փորլուծութեամբ հիւանդացած, անկողին ընկնի։ Պօղոսը նրա մօտ մտաւ եւ աղօթելով ձեռքը նրա վրայ դրեց ու նրան բժշկեց։ 9Եւ երբ այս պատահեց, ուրիշ հիւանդներ էլ, որ կղզում կային, գալիս էին ու բժշկւում։ 10Սրանք մեծ պատիւներով պատուեցին մեզ, եւ երբ գնում էինք, ինչ որ պէտք էր, տուեցին։ 11Եւ երեք ամիս յետոյ բարձրացանք դիոսկուրեանների նշանը կրող ալեքսանդրեան մի նաւ, որը ձմեռել էր կղզում։ 12Եւ Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք։ 13Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն. եւ երբ մի օր յետոյ հարաւի քամին փչեց, երկու օրում եկանք Պատիողոս, 14ուր եւ գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ եօթը օր մնանք իրենց մօտ։ Եւ ապա ելանք Հռոմ։ 15Եւ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչեւ Ապփիոսի հրապարակը եւ Երեք կրպակները։ Պօղոսը նրանց տեսնելով՝ գոհութիւն տուեց Աստծուն ու քաջալերուեց։ 16Եւ երբ Հռոմ մտանք, հրաման տրուեց Պօղոսին, որ առանձին բնակուի իր պահապան զինուորի հետ միասին։ 17Եւ երեք օր յետոյ նա հրաւիրեց հրեաների գլխաւորներին. եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ես ժողովրդին կամ հայրենի սովորութեանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ՝ որպէս Երուսաղէմից մի կալանաւոր, մատնուեցի հռոմէացիների ձեռքը, 18որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետեւ իմ մէջ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտան։ 19Բայց երբ հրեաները հակառակ խօսեցին, հարկ եղաւ կայսրին բողոքել. բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դէմ չարախօսելու բան ունէի։ 20Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ գտնւում»։ 21Եւ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրէաստանից ոչ մի նամակ չենք ստացել. մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խօսել քո մասին։ 22Բայց խնդրում ենք քեզնից լսել, թէ ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձուածի մասին մեզ արդէն յայտնի է, որ ամենուրեք նրա դէմ հակառակութիւն կայ»։Որոշակի օրուայ համար Պօղոսի հետ ժամադրուելուց յետոյ, նրա մօտ՝ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առաւօտից մինչեւ երեկոյ բացատրում էր Աստծու արքայութիւնը եւ նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայութիւն բերելով Մովսէսի օրէնքից եւ մարգարէներից։ 23Ոմանք համոզւում էին նրա խօսքերին. ուրիշներ էլ չէին հաւատում։ 24Եւ իրար մէջ անհամաձայն լինելով՝ թողնում գնում էին, երբ Պօղոսն ասաց այս մի խօսքն էլ. «Սուրբ Հոգին Եսայի մարգարէի բերանով լաւ խօսեց մեր հայրերին՝ 25ասելով. «Գնա՛ ժողովրդի մօտ ու ասա՛՝լսելով պիտի լսէք ու չպիտի իմանաք, եւ տեսնելով պիտի տեսնէք ու չպիտի տեսնէք. 26որովհետեւ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է,եւ իրենց ականջներով ծանր են լսումու իրենց աչքերը փակել են,որպէսզի երբեք աչքերով չտեսնենու ականջներով չլսենեւ հոգով չիմանան եւ դարձի չգան,ու ես էլ դրանց չբժշկեմ»։ 27Եւ արդ, թող ձեզ յայտնի լինի, որ Աստծու այս փրկութիւնը ուղարկուեց հեթանոսներին, եւ նրանք կը լսեն»։ 28Եւ երբ այս ասաց, նրա մօտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենք իրենց մէջ էլ շատ վէճեր ունէին։ 29Եւ ամբողջ երկու տարի Պօղոսն ապրեց իր ծախսով։ 30Եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մօտ։ 31Քարոզում էր Աստծու արքայութիւնը եւ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տէր Յիսուս Քրիստոսի մասին։