Ամբակում


1 Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն։ 2Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես։ 3Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու։ Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ դատաւորը կաշառք էր առնում։ 4Այդ պատճառով օրէնքը խափանուեց, եւ արդարութիւնը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, դրա համար էլ սխալ դատաստան էր լինում։ 5Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէ՛ս զարմացէք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին չէք հաւատայ, նոյնիսկ եթէ մէկը պատմի ձեզ։ 6Ահա ես կ՚արթնացնեմ քաղդէացիներին՝ դաժան եւ արագընթաց մի ազգ, որ արշաւում է երկրի լայնքով մէկ՝ ժառանգելու այն բնակավայրերը, որոնք իրը չեն։ 7Նա ահեղ է ու սարսափելի, եւ նրա դատաստանը իր կողմից կը լինի, ինքն է վճռում իր դատաստանը, եւ իր իշխանութիւնը իրեն է պատկանում։ 8Ընձառիւծներից առաւել արագ կը վազեն նրանց ձիերը. աւելի արագ, քան արաբական գայլերը, նրանց զինեալները կ՚ասպատակեն, կը գան հեռուներից եւ կը սլանան, ինչպէս արծիւն է հաճոյքով սլանում դէպի կերակուրը։ 9Նրանց դէմ կանգնող ամբարիշտների վերջը կը գայ։ Գերիներ կը կուտակի աւազի չափ։ 10Նա թագաւորների հետ զեխութիւն կ՚անի, բռնակալները նրան խաղալիք կը դառնան, բոլոր ամրոցների հետ խաղ կ՚անի, հող կը կուտակի եւ կը գրաւի դրանք։ 11Այն ժամանակ կը փոխուի նրա միտքը, նա անց կը կենայ եւ կը դառնայ բարեհաճ. սա է իմ Աստծու զօրութիւնը։ 12Արդարեւ, դու չե՞ս մեր Տէր Աստուածը սկզբից, ուրեմն չենք մեռնի. Տէ՛ր, նրան դատաստանի ենթարկեցիր եւ ստեղծեցիր ինձ, որ յանդիմանեմ նրա խաղը։ 13Մաքուր է քո աչքը՝ չարիք տեսնելուց հեռու. կատարուածին նայել չես կարող. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին եւ չնկատեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։ 14Մարդկանց ծովի ձկների՞ պէս ես դարձնում եւ սողունների՞ պէս, որոնք առաջնորդ չունեն։ 15Բաբելոնը նրանց կարթով հանեց, ձգեց իր ցանցով եւ հաւաքեց իր ուռկաններով։ 16Այդ պատճառով կ՚ուրախանայ եւ կը ցնծայ նրա սիրտը, դրա համար զոհ կը մատուցի իր ուռկանին եւ խունկ կը ծխի իր ցանցին, քանի որ նա նրանցով ուռճացրեց իր բաժինը, եւ իր կերակուրը ընտիր եղաւ։ 17Այդ պատճառով նա կը տարածի իր ցանցը եւ երբեք չի խնայի կոտորելու ազգերին։
2 Իմ պահակակէտում կը կանգնեմ, կը բարձրանամ ժայռի վրայ եւ կը տեսնեմ, թէ ինչ կը խօսի ինձ հետ եւ ինչ պատասխան կը տայ իմ յանդիմանութեան։ 2Պատասխանեց ինձ Տէրը եւ ասաց. «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրայ, որպէսզի ով որ կարդայ, համարձակ կարդայ. 3որովհետեւ տեսիլքիդ կատարման համար տակաւին ժամանակ կայ,այն կը ծագի անպայման եւ ոչ իզուր տեղը։ Բայց եթէ ուշանայ, համբերի՛ր, որովհետեւ ինչ որ պիտի գայ, կը գայ եւ չի ուշանայ։ 4Եւ եթէ որեւէ մէկը երկմտի, իմ անձը բարեհաճ չի լինի նրա նկատմամբ»։ 5Արդարեւ արդարը հաւատքով կ՚ապրի, իսկ կասկածողն ու արհամարհողը ամբարտաւան մարդ է եւ ոչինչ աւարտին չի հասցնի։ Ով իր հոգին ընդարձակում է ինչպէս գերեզման եւ անյագ է ինչպէս մահը, իր շուրջը կը հաւաքի բոլոր հեթանոսներին եւ իր մէջ կ՚ամփոփի բոլոր ազգերին։ 6Արդարեւ, սրանք, այս բոլորը նրա մասին պատմութիւններ չե՞ն յօրինի. նրան կը մտցնեն երգերի մէջ եւ կ՚ասեն. «Վա՜յ նրան, ով իւրացնում է այն, ինչ իրենը չէ. մինչեւ ե՞րբ նա այդքան շատ պիտի ծանրացնի իր տանջօղակները, 7որովհետեւ յանկարծ կ՚ելնեն նրան ուտողները, կը զարթնեն նրա դաւաճանները, եւ դու աւար կը դառնաս նրանց համար։ 8Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, ժողովուրդների ամբողջ մնացորդացը քե՛զ կը կողոպտի մարդկանց արեան, երկրի, քաղաքի եւ նրա բոլոր բնակիչների ամբարշտութեան համար։ 9Վա՜յ նրան, ով իր տան համար ագահութիւն կ՚անի,իր բոյնը բարձր տեղ կը դնիչար ձեռքերից ազատելու համար։ 10Քո տան ամօթը հաստատեցիր.ոչնչացրիր բազում ազգերի եւ դու յանցանք գործեցիր. 11քանի որ քարը հիմքից կ՚աղաղակի, եւ որդը փայտի միջից այդ մասին ձայն կը տայ։ 12Վա՜յ նրան, ով քաղաքը արեան վրայ է կառուցումեւ քաղաք է հաստատում անիրաւութեամբ։ 13Այդ բոլորը Ամենակալ Տիրոջ կողմից չի՞ լինում. շատ ժողովուրդներ պակասեցին կրակի պատճառով, եւ շատ ազգեր նուազեցին, 14որպէսզի երկիրը լցուի Տիրոջ փառքի գիտութեամբ, ինչպէս ծովերը ծածկող բազում ջրերն են։ 15Վա՜յ նրան, ով ընկերոջը պղտոր հրապոյրներով է արբեցնում, արբեցնում է, որպէսզի նայի նրանց մերկութեանը։ 16Փառքի փոխարէն անարգանքով լիացար. դու էլ խմի՛ր, շարժուի՛ր եւ դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, եւ անարգութիւն կուտակուեց քո փառքի վրայ. 17քանի որ Լիբանանի ամբարշտութիւնը կը ծածկի քեզ, գազանների թշուառութիւնը կը զարհուրեցնի քեզ՝ մարդկանց արեան, երկրի, քաղաքի ու նրա բոլոր բնակիչների ամբարշտութեան պատճառով։ 18Ինչ օգուտ ունի քանդակուած արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն.սուտ երեւոյթ. իսկ ստեղծողը յոյսը դրեց իր ստեղծածի վրայ՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով։ 19Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափուի՛ր եւ զարթնի՛ր, իսկ քարին՝ բարձրացի՛ր, մինչ դրանք աչքի առաջ գտնուող երեւոյթ են՝ արծաթից ու ոսկուց կռած, եւ բոլորովին շունչ չկայ դրանց մէջ։ 20Սակայն Տէրը իր սուրբ տաճարի մէջ է, եւ ամբողջ երկիրը թող վախենայ նրանից։
3 Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով։ 2«Տէ՛ր, քո լուրը լսեցի եւ վախեցայ, նայեցի քո գործերին եւ զարհուրեցի. դու կը ճանաչուես երկու գազանների միջեւ, երբ տարիները մօտենան՝ կը յայտնուես, երբ ժամանակը հասնի՝ կ՚երեւաս, երբ իմ անձը բարկութիւնից խռովուի՝ ողորմութիւնս կը յիշես։ 3Աստուած Թեմանից կը գայ, սուրբը՝ զով եւ անտառախիտ լեռից. նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնութեամբ լցուեց երկիրը (դադար)։ 4Նրա ճառագայթները լոյսի պէս կը լինեն, եւ եղջիւրներ կային նրա ձեռքում։ Նա ուժգին սէր հաստատեց իր զօրութեան նկատմամբ։ 5Նրա առջեւից լուրը կը գնայ եւ դաշտ դուրս կը գայ նրանից յետոյ։ 6Նա կանգնեց, եւ շարժուեց երկիրը. նայեց, եւ հալուեցին ազգերը, լեռները բռնութեամբ խորտակուեցին, եւ հալուեցին յաւերժական բլուրներ։ 7Նրա ընթացքը յաւիտենական տեսայ, զարհուրեցին եթովպացիների վրանները եւ Մադիամի երկրի վրանները։ 8Մի՞թէ գետերի դէմ ես բարկանում, Տէ՛ր, քո բարկութիւնը գետերի՞ վրայ է ընկնում, կամ քո ասպատակութիւնը՝ ծովերի՞ վրայ, որպէսզի բարձրանաս քո ձիու վրայ, իսկ քո հեծնելը փրկութիւն է։ 9Շատ ձիգ կը լարես քո աղեղը իշխանութեան դէմ, - ասում է Տէրը, - երկիրը գետերով պատռուեց։ 10Քեզ կը տեսնեն ժողովուրդները եւ երկունքի ցաւեր կ՚ունենան. դու ես հաստատում ջրերի ընթացքը։ Անդունդները ձայն տուեցին սաստիկ բարձրութեամբ։ 11Բարձրացաւ արեգակը, եւ լուսինը կանգնեց իր տեղում։ Քո նետերը կը թռչեն լոյսի մէջ, եւ քո զէնքերի փայլը կը լինի փայլատակումների պէս։ 12Սպառնալիքներով խոնարհեցրիր երկիրը եւ բարկութեամբ կը տկարացնես ազգերին։ 13Ելար քո ժողովրդի փրկութեան համար՝ փրկելու քո օծեալներին. մահ բերեցիր անօրէնների գլխին. կապանքներ բարձրացրիր ամբողջ պարանոցն ի վեր (դադար)։ 14Ապուշ դարձնելով խորտակեցիր բռնակալների գլուխը։ Նրանք կը սասանուեն դրանից, կ՚արձակեն իրենց երասանները ինչպէս գաղտագողի ուտող աղքատ։ 15Ծով հանեցիր քո ձիերը՝ շատ ջրեր պղտորելու։ 16Նայեցի, եւ իմ սիրտը զարհուրեց իմ շրթների աղօթքների ձայնից, դող ընկաւ ոսկորներիս մէջ, եւ փորս անհանգստացաւ ներսից։ Կը հանգստանամ նեղութեան օրը, որպէսզի ելնեմ գնամ դէպի իմ պանդուխտ ժողովուրդը. 17քանզի եթէ անգամ թզենին իր պտուղը չտայ, որթատունկը ծնունդ չունենայ, ձիթենին բերք չտայ, դաշտերը կերակուր չտան, հօտերը դադարեն արածելուց, եւ մսուրների մէջ եզներ չլինեն, 18ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստուծով։ 19Տէր Աստուածն է իմ զօրութիւնը, նա կը հաստատի իմ ոտքերը մինչեւ վերջ եւ ինձ բարձունք կը հանի՝ յաղթելու իր երգով»։