Եփեսացիներ
1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, Եփեսոսում եղած սրբերին եւ հաւատացեալներին ի Քրիստոս. 2շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 3Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ, երկնային աշխարհում. 4նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով։ 5Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճութեան։ 6Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով։ 7Նրանո՛վ է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ իր շնորհի մեծութեան չափի, 8որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ։ 9Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, 10որպէսզի, ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի։ 11Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակուած բաժինը, ըստ առաջադրութեան Աստծու, որ ամէն ինչ յաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն. 12մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանուած եղանք գովելու նրա փառքը։ 13Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտութեան խօսքը՝ ձեր փրկութեան Աւետարանը, որին հաւատալով կնքուեցիք խոստացուած Սուրբ Հոգով, 14որ մեր ժառանգութեան առհաւատչեան է մինչեւ այն օրը, երբ կատարելապէս կը տիրանանք փրկութեանը՝ ի գովութիւն նրա փառքի։ 15Ուստի ես էլ, երբ լսեցի ձեր հաւատի մասին, որ ունէք ի Տէր Յիսուս, եւ սիրոյ մասին, որ ունէք բոլոր սրբերի հանդէպ, 16չեմ դադարում գոհութիւն յայտնել ձեզ համար՝ յիշելով ձեզ իմ աղօթքներում, 17որպէսզի մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ Հայրը փառքի, ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան հոգի իրեն ճանաչելու համար։ 18Նա լուսաւոր պիտի դարձնի ձեր սրտի աչքերը, որպէսզի մենք հասկանանք, թէ ի՛նչ է նրա կոչման յոյսը, ի՛նչ է նրա ժառանգութեան փառքի մեծութիւնը սրբերի մէջ 19եւ ի՛նչ է նրա զօրութեան գերազանց մեծութիւնը։ 20Նա իր ամենակարող զօրութիւնը ցոյց տուեց Քրիստոսով, երբ նրան յարութիւն տուեց մեռելներից եւ նստեցրեց իր աջ կողմում, երկնքի մէջ՝ 21ամէն իշխանութեան, պետութեան, զօրութեան ու տէրութեան վրայ, այլեւ ամէն անուան վրայ, որ տրւում է ոչ միայն այս աշխարհում, այլ նաեւ հանդերձեալում։ 22Նա ամէն ինչ հնազանդեցրեց Յիսուսի ոտքերի տակ եւ նրան հաստատեց, իբրեւ գլուխ եկեղեցու, բոլոր բաների վրայ, 23եկեղեցի, որ նրա մարմինն է, լրումը նրա, ով ամէն ինչ լցնում է ամէն բանի մէջ։
2 Եւ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու յանցանքների մէջ, 2որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորութեան՝ հնազանդուելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մէջ։ 3Նրանց թւում եւ մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով եւ կատարում մարմնի ու մտքի ցանկութիւնները. եւ իսկապէս Աստծու բարկութեան արժանի մարդիկ էինք ուրիշների նման։ 4Բայց Աստուած, որ առատ է ողորմութեամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, 5մինչ մեռած էինք մեր մեղքերի մէջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհով փրկուեցինք)։ 6Նրա հետ յարութիւն տուեց մեզ եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Յիսուսով, 7որպէսզի գալիք բոլոր դարերում ցոյց տայ իր շնորհի անչափելի մեծութիւնը մեր նկատմամբ՝ քաղցրութեամբ ի Քրիստոս Յիսուս. 8որովհետեւ Աստծու շնորհով փրկուածներ էք հաւատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգեւն է Աստծու, 9ոչ էլ ձեր գործերից է, որպէսզի ոչ ոք չպարծենայ. 10որովհետեւ նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծուածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որպէսզի դրանք կատարենք։ 11Ուստի եւ՝ դուք յիշեցէ՛ք, որ մի ժամանակ հեթանոսներ էիք մարմնով, այսինքն՝ անթլփատ էիք (այդպէս էիք կոչւում մարմնի վրայ ձեռքով կատարուած թլփատութիւն չունենալու պատճառով), 12քանի որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք եւ հեռացած Իսրայէլի քաղաքացիութիւնից, օտարացած խոստման ուխտերից եւ ոչ մի յոյս չունէիք ու առանց Աստծու էիք աշխարհում։ 13Իսկ այժմ, Յիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձաւորներ եղաք Քրիստոսի արեամբ, 14որովհետեւ նա է մեր խաղաղութիւնը, նա, որ երկուսը մէկ դարձրեց. քանդեց իր մարմնի մէջ միջնորմը՝ թշնամութիւնը, 15եւ հրամաններով տրուած պատուիրանների օրէնքը ջնջեց, որպէսզի իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ եւ խաղաղութիւն հաստատի 16ու իր խաչով հաշտեցնի երկուսին մէկ մարմնի մէջ Աստծու հետ. քանզի թշնամութիւնն սպանեց իր խաչով։ 17Եւ եկաւ խաղաղութիւն աւետարանեց ձեզ՝ հեռու եղողներիդ, եւ խաղաղութիւն՝ մօտ եղողներիդ. 18որովհետեւ նրանով է, որ երկուսս էլ արտօնութիւն ունենք մերձենալու Հօրը մէ՛կ Հոգով։ 19Ապա ուրեմն, օտար եւ պանդուխտ չէք, այլ՝ համաքաղաքացի սրբերին եւ ընտանի՝ Աստծուն, 20կառուցուած առաքեալների եւ մարգարէների հիմքի վրայ, որի անկիւնաքարը Քրիստոս Յիսուսն է։ 21Նրա վրայ ներդաշնակութեամբ հաստատուած ամբողջ կառոյցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի, 22որի մէջ դուք էլ նրա հետ կառուցւում էք որպէս բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով։
3 Ահա թէ ինչու ես՝ Պօղոսը, ձեզ՝ հեթանոսներիդ համար Յիսուս Քրիստոսի բանտարկեալն եմ։ 2Թերեւս դուք լսած լինէք Աստծու շնորհի տնտեսութեան մասին, որ տրուեց ինձ ձեզ համար. 3որովհետեւ յայտնութեա՛մբ ցոյց տրուեց ինձ խորհուրդը, ինչպէս աւելի վերեւ գրեցի ձեզ համառօտակի, 4որպէսզի կարող լինէք ընթերցել եւ տեսնել իմ իմացութիւնը Քրիստոսի խորհրդի մէջ, 5խորհուրդ, որ այլ սերունդների մարդկանց որդիներին ցոյց չտրուեց, ինչպէս այժմ այն յայտնուեց իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին Սուրբ Հոգու միջոցով, 6որպէսզի հեթանոսները Քրիստոս Յիսուսի միջոցով ժառանգակից, նոյն մարմնի անդամ եւ նրա խոստմանը հաղորդակից լինեն Աւետարանով։ 7Եւ այդ Աւետարանին ես սպասաւոր եղայ ըստ Աստծու շնորհի այն պարգեւների, որ տրուեցին ինձ նրա զօրութեան ներգործութեամբ 8(ես, որ յետինն եմ բոլոր սրբերի, ինձ տրուեց այս շնորհը)՝ աւետարանելու հեթանոսներին Քրիստոսի անքնին մեծութիւնը 9եւ բոլորին լուսաւորելու, որպէսզի գիտենան, թէ ի՛նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ ծածկուած էր ի յաւիտենից Աստծու մօտ, որ ստեղծեց ամէն ինչ, 10որպէսզի եկեղեցու միջոցով յայտնի լինի այժմ երկնային իշխանութիւններին եւ պետութիւններին Աստծու բազմապատիկ իմաստութիւնը, 11նրա յաւիտենական նախասահմանութեան համաձայն, որ նա իրագործեց Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։ 12Մենք էլ համարձակութիւն եւ արտօնութիւն ունենք մերձենալու Աստծուն այն վստահութեամբ, որ ունենք Յիսուս Քրիստոսին հաւատալով։ 13Ուստի աղաչում եմ, որ չընկճուէք ձեզ համար մեր կրած նեղութիւնների պատճառով, նեղութիւններ, որ մեր փառքն են։ 14Ահա թէ ինչու ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ, 15որից իր անունն է ստանում ամէն ազգատոհմ երկնքում եւ երկրի վրայ, 16որպէսզի դուք, ըստ իր փառքի մեծութեան, իր Հոգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս. 17այնպէս որ, ձեր հաւատի միջոցով, Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք. 18եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ի՛նչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը, 19այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծու լրիւ ամբողջութեամբ։ 20Ուրեմն, նրան, որ կարո՛ղ է աւելին անել, առաւել առատութեամբ, քան այն ամէնը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զօրութեան, որ գործում է մեր մէջ, - 21նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Յիսուսով, բոլոր ժամանակներում, յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
4 Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկուածս, որ ընթանաք այնպէս, ինչպէս վայել է այն կոչմանը, որին կոչուեցիք. 2կատարեալ խոնարհութեամբ, հեզութեամբ եւ համբերութեամբ հանդուրժեցէ՛ք միմեանց սիրով, 3ջանացէ՛ք պահել հոգու միութիւնը խաղաղութեան կապով. 4մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը, որին Աստուած կոչեց մեզ։ 5Մէ՛կ Տէր կայ, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն, 6մէ՛կ Աստուած, Հա՛յր բոլորի, որ է բոլորի վրայ, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ։ 7Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ ըստ Քրիստոսի պարգեւած չափի. 8դրա համար էլ ասում է. 9«Ելաւ» -ն ի՞նչ է, եթէ ոչ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը։ 10Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը։ 11Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ 12հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի, 13մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծու Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը։ 14Այնպէս որ, այսուհետեւ չլինենք երեխաներ, որոնք տարուբերւում ու քշւում են վարդապետութեան բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայութեամբ, որոնք խորամանկութեամբ, խաբելով մոլորեցնում են. 15այլ ճշմարտութեամբ ապրելով սիրոյ մէջ, ամէն բան աճեցնենք նրա՛ մէջ, որ գլուխն է՝ Քրիստոս։ 16Նրանից է կախուած ամբողջ մարմինը, իրար ամրօրէն միացած զանազան յօդերով, այնպէս որ, երբ մարմնի իւրաքանչիւր մասը գործում է ինչպէս որ պէտք է, ամբողջ մարմինը աճում է եւ կառուցւում սիրոյ մէջ։ 17Արդ, այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանաք այնպէս, ինչպէս որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնութեամբ. 18նրանց մտքերը մթագնուած են, եւ իրենք օտարացած են Աստծու կեանքից՝ իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է։ 19Նրանք իրենց յոյսը կտրեցին եւ ագահութեամբ անձնատուր եղան անառակութեան եւ ամէն տեսակ պիղծ գործերի։ 20Բայց դուք այսպէս չսովորեցիք Քրիստոսին. 21թէպէտեւ լսել էք նրա մասին եւ սովորել նրանից, թէ Յիսուսի մէջ է ճշմարտութիւնը. 22հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. 23նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով 24ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ։ 25Ուստի դէ՛ն գցեցէք ստախօսութիւնը. իւրաքանչիւրը թող իր ընկերոջն ասի ճշմարտութիւնը, որովհետեւ միմեանց անդամներ ենք։ 26Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի. 27եւ Սատանային տեղի մի՛ տուէք։ 28Ով գողանում էր, այլեւս թող չգողանայ, այլ մանաւանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպէսզի կարո՛ղ լինի տալու նրան, ով կարիքի մէջ է։ 29Ոչ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խօսքը, որ շինիչ է եւ օգտակար, որպէսզի շնորհով լցուի նա, ով այն լսում է։ 30Եւ մի՛ տրտմեցրէք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքուեցիք փրկութեան օրուայ համար։ 31Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանայ ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ։ 32Միմեանց հետ եղէ՛ք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով։
5 Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ, 2եւ ընթացէ՛ք սիրով, ինչպէս որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար որպէս անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն։ 3Հեռո՛ւ ձեզնից պոռնկութիւն եւ ամէն տեսակ պղծութիւն կամ ագահութիւն. դրանց անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, ինչպէս որ վայել է սրբերին. 4եւ հեռո՛ւ ձեզնից զազրախօսութիւն կամ յիմար խօսք կամ խեղկատակութիւն, որ վայել չեն. այլ, մանաւանդ, գոհութիւն թող մատուցուի Աստծուն։ 5Այս բանն իմացէ՛ք, թէ ամէն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ մարդ, որ կռապաշտ է, Աստծու եւ Քրիստոսի թագաւորութեան մէջ ժառանգութիւն չունի։ 6Սնոտի խօսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ դրա համար է, որ գալիս է Աստծու բարկութիւնը անհնազանդ մարդկանց վրայ։ 7Ուրեմն՝ նրանց մասնակից մի՛ եղէք, 8որովհետեւ, թէպէտեւ մի ժամանակ խաւար էիք, հիմա լոյս էք ի Տէր. ընթացէ՛ք ինչպէս լուսոյ որդիներ. 9քանզի լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը։ 10Ստուգեցէ՛ք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. 11եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք, 12որովհետեւ, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն իսկ ամօթ է. 13այլ ամէն ինչ բացայայտուելով՝ լոյսով յայտնի է լինում, քանզի ամէն ինչ, որ յայտնի է, լոյս է։ 14Դրա համար էլ ասում է. 15Տեսէք, թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է ընթանաք. ոչ թէ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. 16ժամանակն օգտագործեցէ՛ք, քանզի օրերը չար են. 17դրա համար անմիտ մի՛ եղէք, այլ իմացէ՛ք, թէ ի՛նչ է Տիրոջ կամքը։ 18Եւ մի՛ հարբէք գինով. դրա մէջ զեխութիւն կայ. այլ մանաւանդ լցուեցէք Հոգո՛վ, 19որպէսզի խօսէք միմեանց հետ սաղմոսներով, օրհներգութիւններով եւ հոգեւոր երգերով, որպէսզի երգէք եւ ձեր սրտերում սաղմոս ասէք Տիրոջը։ 20Գոհութի՛ւն յայտնեցէք ամէն ժամ ամէն ինչի համար Հօրը եւ Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով։ 21Հնազանդուեցէ՛ք միմեանց Քրիստոսի երկիւղով։ 22Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը, 23որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի։ 24Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց ամէն ինչում։ 25Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, 26որ սրբացնի աւազանի մաքրութեամբ՝ խօսքով, 27որպէսզի նա իր առաջ փառաւոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղութիւն կամ նման բաներից ոչինչ չունենայ, այլ լինի սուրբ եւ անարատ։ 28Նոյն ձեւով մարդիկ պարտաւոր են սիրել իրենց կանանց իբրեւ իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. 29որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցին. 30քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից եւ նրա ոսկորներից։ 31«Դրա համար մարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին»։ 32Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ։ 33Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նո՛յնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի իր մարդուց։
6 Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը։ 2Պատուի՛ր քո հօրն ու մօրը, - որ առաջին պատուիրանն է՝ տրուած խոստումով, - 3որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ։ 4Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով։ 5Ծառանե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին ահով եւ դողով եւ անկեղծ սրտով, ինչպէս հնազանդ էք Քրիստոսին. 6ո՛չ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպէս մարդահաճոյ անձեր, այլ՝ որպէս Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստծու կամքը։ 7Յօժարութեա՛մբ ծառայեցէք, ինչպէս պիտի ծառայէիք Տիրոջը եւ ոչ թէ՝ մարդկանց։ 8Իմացէ՛ք, որ իւրաքանչիւր ոք՝ թէ՛ ծառայ եւ թէ՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյնն էլ կը ստանայ Տիրոջից։ 9Եւ դուք, տէրե՛ր, նո՛յնն արէք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ ե՛ւ նրանք, ե՛ւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ։ 10Եւ վերջապէս, զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ. 11եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. 12որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ 13Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. 14եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ 15ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ։ 16Եւ այս բոլորի վրայ, առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ 17Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը։ 18Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք Հոգով. եւ այդ բանի մէջ հսկեցէ՛ք անխոնջ յարատեւութեամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար, 19նաեւ ինձ համար, որպէսզի ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու համարձակութեամբ՝ ցոյց տալու համար Աւետարանի խորհուրդը, 20որի պատգամաւորն եմ ես այս կապանքներով, որպէսզի իմ այս վիճակում համարձակուեմ խօսել, ինչպէս որ պարտաւոր եմ խօսել։ 21Բայց որպէսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թէ ինչ եմ անում, Տիւքիկոս սիրելի եղբայրը եւ Տիրոջ հաւատարիմ պաշտօնեան ձեզ ամէն ինչ կը տեղեկացնի այդ մասին. 22նրան ուղարկեցի ձեզ մօտ, որպէսզի դուք տեղեակ լինէք մեր մասին, եւ նա մխիթարի ձեր սրտերը։ 23Խաղաղութի՜ւն եղբայրներին եւ սէ՜ր հաւատով հանդերձ՝ Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 24Շնո՜րհ բոլոր նրանց, որոնք սիրում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին անեղծութեամբ։