Եսայի


1 Ամոսի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսաւ Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ, երբ Հրէաստանում թագաւորում էին Օզիան, Յովաթամը, Աքազը եւ Եզեկիան։ 2Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։ 3Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացաւ։ 4Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերով լի ժողովո՛ւրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի սրբին։ Նրանք օտարացան ու յետ քաշուեցին։ 5Ինչո՞ւ էք անօրէնութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում։ Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան։ 6Ոտքերից մինչեւ գլուխ նրա վրայ առողջ տեղ չկայ. վէրքերի, այտուցների եւ շարաւոտ խոցերի վրայ դնելու ո՛չ սպեղանի կայ, ո՛չ ձէթ եւ ո՛չ էլ վիրակապ։ 7Ձեր երկիրն աւերակ է, ձեր քաղաքները՝ հրոյ ճարակ. թշնամի ցեղերից աւերուած ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում։ 8Սիոնի դուստր Երուսաղէմը պիտի մնայ լքուած, ինչպէս տաղաւարը՝ այգում, մրգապահների հիւղակը՝ սեխի պարտէզում, ինչպէս պաշարման մէջ գտնուող քաղաքը։ 9Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կը դառնայինք Սոդոմի պէս, կը նմանուէինք Գոմորին։ 10Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծու օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։ 11«Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը, -ասում է Տէրը,-ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արիւնը չէ, որ ուզում եմ, 12եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ։ Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակէք կոխոտել իմ գաւիթները։ 13Եթէ ազնիւ ալիւրի հաց մատուցէք ինձ՝ զուր է լինելու. ձեր խնկերն էլ են պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները եւ տօնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ. 14ձեր պահեցողութիւնն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին։ Կշտացել եմ ձեզնից, այլեւս չեմ ների ձեր մեղքերը։ 15Երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արիւնով։ 16Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափեցէ՛ք ձեզնից, վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին։ 17Սովորեցէք բարի՛ք գործել, արդարութի՛ւն փնտռեցէք, փրկեցէ՛ք զրկուածի՛ն, արդարադա՛տ եղէք որբի հանդէպ, իրաւո՛ւնք տուէք այրուն։ 18Եկէ՛ք խօսենք իրար հետ, -ասում է Տէրը.-եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կը դարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ։ 19Եւ եթէ յօժար լինէք ու լսէք ինձ, դուք կը ճաշակէք երկրի բարիքները. 20իսկ եթէ չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս»։ 21«Ինչպէ՜ս պոռնիկ դարձաւ հաւատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հաւատով, ուր արդարութիւնն էր բնակւում, իսկ այժմ՝ մարդասպանները։ 22Ձեր արծաթը փորձուած չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում, 23ձեր իշխաններն ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրէժխնդիր, որբերի իրաւունքը չեն պաշտպանում եւ ուշադրութիւն չեն դարձնում այրիների դատին»։ 24Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի ամենազօր Աստուածը. «Վա՜յ ձեզ, Իսրայէլի հզօրնե՛ր, բարկութիւնն իմ այլեւս չի դադարելու իմ հակառակորդների հանդէպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին։ 25Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրայ, մաքրելու համար քեզ քուրայում պիտի այրեմ, կորստեան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրէններին, բոլոր ամբարտաւաններին պիտի խոնարհեցնեմ։ 26Քեզ վրայ, ինչպէս առաջ, դատաւորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ՝ ինչպէս նախկինում, եւ այն ժամանակ դու կը կոչուես Քաղաք արդարութեան՝ քաղաքների մայր հաւատարիմ Սիոն»։ 27Արդարեւ, նա գերութիւնից պիտի փրկուի իրաւունքով, արդարութեամբ եւ ողորմածութեամբ։ 28Բայց անօրէններն ու մեղաւորները պիտի խորտակուեն միասին, եւ նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջուեն միասին։ 29Նրանք ամաչելու են այն կուռքերի համար, որոնց հանդէպ սէր էին տածում, ամօթահար են լինելու այն դիւապատկերների համար, որ իրենք կերտեցին, խայտառակուելու են այն պարտէզների համար, որոնց ցանկանում էին։ 30Լինելու են ինչպէս տերեւաթափ բեւեկնի, նմանուելու են այգու, որը ջուր չունի։ 31Նրանց զօրութիւնը վերածուելու է ծեծուած վուշի խռիւի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, եւ անօրէններն ու մեղաւորները այրուելու են միասին. եւ չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը։
2 Ամոսի որդի Եսայուն ուղղուած խօսքը Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին 2Վերջին օրերին պիտի յայտնուի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանայ բլուրների վրայ, եւ բոլոր հեթանոսները պիտի շարժուեն դէպի նա։ 3Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկէ՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Յակոբի Աստծու տունը։ Նա մեզ կը սովորեցնի իր ճանապարհները, որոնցով եւ կը գնանք»։ Օրէնքները Սիոնից են դուրս գալիս, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։ 4Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մէջ ու պիտի յանդիմանի բազում ժողովուրդների։ Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, եւ իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրայ սուր չպիտի բարձրացնի,եւ նրանք այլեւս չեն սովորելու պատերազմել։ 5Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէ՛ք քայլենք Տիրոջ լոյսի մէջ։ 6Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից, որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը, առաջուայ պէս լցուեց կախարդներով, եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։ 7Նրանց երկիրը լցուեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիւ չկար. նրանց երկիրը լցուեց երիվարներով, նրանց ռազմակառքերին թիւ չկար։ 8Նրանց երկիրը լցուեց իրենց իսկ ձեռքերով կերուտած գարշելի կուռքերով, եւ նրանք երկրպագեցին նրա՛նց, որ իրենց մատներն էին ստեղծել։ 9Ստորացաւ մարդը, գետնամած խոնարհուեց տղամարդը, ես չեմ ների նրանց։ 10Արդ, Տիրոջ սարսափից ու նրա փառքի զօրութիւնից գնացէք քարերի տա՛կ մտէք, հողի մէ՛ջ թաքնեցուէք, երբ նա կը յառնի երկիրը պատուհասելու։ 11Տէրը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, ու այդ օրը միայն Տէրը պիտի բարձրանայ, 12քանզի Զօրութիւնների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտաւանների վրայ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների վրայ, որոնք պիտի խոնարհուեն, 13նաեւ Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների վրայ եւ Բասանի բոլոր կաղնի ծառերի վրայ, 14բոլոր բարձր լեռների եւ բարձրիկ բլուրների վրայ, 15բոլոր վերասլաց աշտարակների եւ բարձր պարիսպների վրայ, 16ծովի բոլոր նաւերի վրայ, բոլոր վեհաշուք նաւերի վրայ։ 17Ամէն մարդ պիտի խոնարհուի, մարդկանց հպարտութիւնը պիտի իջնի, եւ միայն Տէրը պիտի բարձրանայ այդ օրը։ 18Նրանք իրենց բոլոր ձեռակերտ կուռքերը պիտի տանեն թաքցնեն 19քարայրներում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա փառքի զօրութիւնից, երբ նա կը յառնի՝ երկիրը պատուհասելու։ 20Այն օրը մարդ իր արծաթէ ու ոսկէ գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի հանի՝ 21Տիրոջ սարսափից եւ նրա փառքի զօրութիւնից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տէրը կը յառնի՝ երկիրը պատուհասելու։ 22Դադարեցէ՛ք յոյս դնել այն մարդու վրայ, որի շունչը ռունգերի մէջ է, որովհետեւ ի՞նչ վստահութիւն կարող է ներշնչել նա։
3 Ահաւասիկ Զօրութիւնների Տէր Աստուածը Հրէաստանից եւ Երուսաղէմից պիտի վերացնի հզօր տղամարդուն եւ զօրաւոր կնոջը, հացի զօրութիւնը եւ ջրի զօրութիւնը, 2հսկային, զօրեղին եւ քաջամարտիկին, դատաւորին, մարգարէին, քննիչին եւ ծերին, 3յիսնապետին եւ սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ խելամիտ ատենակալին։ 4Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց։ 5Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դէմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի, անարժանն՝ արժանաւորի հետ։ 6Ու մարդ պիտի բռնի իր եղբօրը կամ իր հօր ընտանիքից մէկին եւ ասի. «Դու վերարկու ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի»։ 7Այն ժամանակ պատասխան է տալու՝ ասելով. «Իշխան չեմ լինի, որովհետեւ իմ տանը ո՛չ հաց կայ եւ ո՛չ էլ հագուստ. ես այս ժողովրդի վրայ իշխան չեմ դառնայ»։ 8Եւ այսպէս, Երուսաղէմը լքուեց, Հրէաստանը կործանուեց, եւ նրանց լեզուները անօրէնութեամբ ապստամբեցին Տիրոջ դէմ։ 9Ահա թէ ինչու նրանց փառքը նսեմացաւ, ամօթը ծածկեց նրանց երեսը, եւ նրանք, սոդոմայեցիների նման, իրենց մեղքերը պատմեցին ու յայտնի դարձրին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետեւ իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին 10եւ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է»։ Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։ 11Վա՜յ անօրէնին, չարիքներ պիտի գան նրա վրայ՝ ըստ իրենց կատարած չար գործերի։ 12Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ. ո՛վ իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ եւ խոտորում ձեր շաւիղները։ 13Բայց ահա ներկայանալու է Տէրը, որ դատաստան անի, եւ իր ժողովրդին կանգնեցնելու է ատեանում։ 14Տէրն ինքը դատելու է իր ժողովրդի ծերերին եւ նրանց իշխաններին. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից յափշտակուածը ձեր տներում է։ 15Դուք ինչո՞ւ էք զրկում իմ ժողովրդին եւ ամօթահար անում տնանկներին»,«ասում է Տէրը, Զօրութիւնների Տէրը։ 16Այսպէս է ասում Տէրը. «Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում»։ 17Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց։ 18Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները, 19պիտի քանդի նրանց հիւսերը,վերացնի նրանց ծամակալները, 20նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քօղազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու ապարանջանները, մեհեւանդներն ու գինդերը, 21նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը, 22եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը, 23բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքօղը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները։ 24Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես։ 25Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն։ 26Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան,պիտի մատնուեն սգի,իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալուես գետին։
4 Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։ 2Այն օրն Աստուած իր խորհրդաւորութեամբ ու փառքով պիտի ճառագի երկրի վրայ՝ բարձրացնելու եւ փառաւորելու համար Իսրայէլի մնացորդացին։ 3Թէ՛ Սիոնից մնացածները եւ թէ՛ Երուսաղէմից մնացածները, բոլորը, որոնք Երուսաղէմի կենաց գրքի մէջ են գրուած, սուրբ պիտի կոչուեն, 4քանզի Տէրը Սիոնի եւ Երուսաղէմի տղաների ու աղջիկների աղտեղութիւնը պիտի լուանայ, դատաստանի հոգով եւ այրման հոգով արիւնը նրանց միջից պիտի սրբի։ 5Նա պիտի գայ, եւ Սիոն լերան բոլոր տեղերը ու նրա շուրջն եղած ամէն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկուեն ամենայն փառաւորութեամբ, կարծես բորբոքուած կրակի լոյսով ու ծխով։ 6Հովանի պիտի լինի տօթի դէմ, եւ ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրեւի դէմ։
5 Իմ սիրեցեալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը.Մի անկիւնում, արգաւանդ մի տեղում, այգի ունէր իմ սիրելին։ 2Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի եւ ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մէջ, նաեւ հնձան փորեցի այնտեղ եւ սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ 3Այժմ, Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, իմ ու իմ այգու դա՛տն արէք. 4էլ ի՞նչ պիտի անէի իմ այգու համար, որ չարեցի։ 5Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ Հիմա ես ինքս կ՚ասեմ, թէ ինչպէս եմ վարուելու իմ այգու հետ. կը քանդեմ նրա ցանկապատը, եւ թող յափշտակութեան ենթարկուի այն. կը կործանեմ նրա պարիսպները, եւ թող ոտքի կոխան լինի այն։ 6Կը լքեմ իմ այգին, թող չէտուի ու չփորուի, թող նրա մէջ փուշ բուսնի, ինչպէս խոպան տեղում, եւ կը պատուիրեմ իմ ամպերին, որ չանձրեւեն իմ այգում։ 7Զօրութիւնների Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, Յուդայի երկրի մարդը՝ նրա սիրած դալար որթատունկը. սպասեցի, որ նա իրաւունքը պահի, առաջ տանի, բայց նա անիրաւութիւն արեց, արդարութեան փոխարէն՝ ողբ ու աղաղակ։ 8Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպէսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրայ մենակ դուք էք ապրելու։ 9Ահաւասիկ այդ ամէնը հասաւ Զօրութիւնների Տիրոջ ականջին։ Եւ թէկուզ տները բազմաթիւ լինեն, նրանք աւերակ են դառնալու. եթէ մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնուելու, որ բնակուի նրանց մէջ։ 10Տասը լուծ եզան վարատեղը տալու է մէկ սափոր արդիւնք, տասը արդու սերմանողը երեք գրիւ է հաւաքելու։ 11Վա՜յ նրանց, ովքեր առաւօտեան վեր կենալով՝ ընկնում են օղու յետեւիցեւ օրն անցկացնում դրանով, եւ հէնց գինին նորից բորբոքում է նրանց։ 12Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում,բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրութիւն չեն դարձնում։ 13Իմ ժողովուրդն այսուհետեւ գերութեան է մատնուելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից եւ ջրի ծարաւից բազմանալու են նրանց դիակները։ 14Դժոխքն էլ ինքն իրեն լայնացրել եւ բացել է իր երախները, որպէսզի դադար չունենայ. փառաւորուածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զուարճամոլները նրա մէջ պիտի իջնեն։ 15Մարդը պիտի ստորացուի, անուանի տղամարդը պիտի անարգուի, ամբարտաւան աչքերը պիտի խոնարհուեն, 16եւ Զօրութիւնների Տէրն արդարութեամբ պիտի բարձրանայ, սուրբ Աստուածն արդարութեամբ պիտի փառաւորուի։ 17Յափշտակուածները պիտի արածեն ինչպէս ցուլեր, եւ մնացածների աւերակների վրայ գառները պիտի ճարակեն։ 18Վա՜յ նրանց, ովքեր կարծես երկար պարանով իրենց մեղքերն են քարշ տալիս եւ ասես երինջների լծափոկով՝ իրենց անօրէնութիւնները։ 19Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրայ հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայէլի սրբի խորհուրդը, որ իմանանք»։ 20Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ՚անուանեն եւ բարին՝ չար, որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս, որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառնը։ 21Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կը դնեն, իրենք իրենց աչքին խորագէտ կ՚երեւան։ 22Վա՜յ ձեր այդ հզօրներին, որոնք գինի են ըմպում, եւ ձեր իշխաններին, որոնք խառնուած թունդ օղի են խմում, 23որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին եւ արդարի իրաւունքն են գողանում։ 24Դրա համար էլ, ինչպէս եղէգն է վառւում կրակի կայծերից, այնպէս էլ նրանք են այրուելու բորբոքուած բոցից, նրանց արմատը դառնալու է մղեղի նման, նրանց ծաղիկը փոշու պէս վեր է ելնելու, որովհետեւ նրանք մերժեցին Զօրութիւնների Տիրոջ օրէնքը, առաւել եւս անարգեցին Իսրայէլի սրբի խօսքը։ 25Եւ սաստկացաւ Զօրութիւնների Տիրոջ զայրոյթը իր ժողովրդի դէմ. Նա ձեռքը ձգեց նրանց վրայ եւ ոչնչացրեց՝ իր բարկութիւնը տարածելով նաեւ լեռների վրայ, եւ նրանց դիակները, իբրեւ աղբ, թափուած են ճանապարհներին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկութիւնը չիջաւ. տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։ 26Այսուհետեւ ազդանշան կը տայ հեռաւոր ազգերին ու նրանց կը բերի երկրի ծայրերից. եւ ահա նրանք առանց յապաղելու արագ կ՚ընթանան եւ թեթեւօրէն տեղ կը հասնեն։ 27Ո՛չ քաղց են զգալու եւ ո՛չ էլ յոգնելու, ո՛չ նիրհելու են եւ ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մէջքի գօտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կօշիկների կապերն են քանդուելու։ 28Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարուած, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիւները՝ մրրիկի պէս։ 29Նրանք յարձակուելու են ինչպէս առիւծներ, վրայ են հասնելու ինչպէս առիւծի կորիւններ. գոչիւն են հանելու, յարձակուելու են եւ գազանաբար կոտորելու. եւ չի լինելու ոչ ոք, որ փրկի նրանց։ 30Այն օրը, ինչպէս ալեծուփ ծովի ձայնը, աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրայ։ Պիտի նայեն դէպի վեր՝ երկնքին, եւ դէպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան լինելու է դաժան խաւար։
6 Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով։ 2Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին։ 3Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։ 4Կանչողների ձայնից դռան բարաւորը վեր բարձրացաւ, ու տունը լցուեց ծխով։ 5Եւ ես ասում եմ. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը»։ 6Եւ ահա ինձ ներկայացաւ սերովբէներից մէկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից։ 7Բերեց մօտեցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կը հանի քո անօրէնութիւնները, եւ քո մեղքերը կը սրբի քեզնից»։ 8Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, եւ կամ ո՞վ կը գնայ այդ ժողովրդի մօտ»։ Ու ես ասացի. «Ահաւասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։ 9Նա ասաց. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք,տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք». 10քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, եւ ես էլ բժշկեմ նրանց»։ 11Եւ ես ասացի. «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր»։ Իսկ նա պատասխանեց. «Մինչեւ որ քաղաքներն աւերուեն բնակիչ չլինելու եւ տները՝ մարդ չլինելու պատճառով, եւ այդ երկիրը մնայ ամայի»։ 12Դրանից յետոյ Աստուած կը հանդուրժի մարդկանց, եւ կենդանի մնացածները կը բազմանան երկրի վրայ։ 13Սակայն սրանցից էլ մէկ տասներորդը կը պահպանուի. նորից կ՚ենթարկուեն գերութեան ու յափշտակութեան, եւ սուրբ սերունդը, ինչպէս իրենց պատեանը թօթափած բեւեկն ու կաղին,նրա հաստատութիւնը կը դառնայ։
7 Այնպէս պատահեց, որ Հրէաստանի թագաւոր Օզիայի որդի Յովաթամի որդու՝ Աքազի օրօք Ասորիքի արքայ Ռասիմը եւ Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակէէն յարձակուեցին Երուսաղէմի վրայ, որպէսզի պատերազմեն նրա դէմ, բայց չկարողացան պաշարել այն։ 2Դաւթի տանը լուր հասաւ, թէ Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկաւ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժուէր հողմից։ 3Տէրն ասաց Եսայուն. «Դու քո փրկուած որդու՝ Յասուբի հետ Կտաւ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրայ, վերեւի ջրաւազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին 4եւ ասա՛ նրան. «Զգո՛յշ եղիր եւ հանդարտուի՛ր. մի՛ վախեցիր, եւ թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանզի երբ վրայ հասնեն իմ բարկութիւնն ու զայրոյթը, ձեզ դարձեալ պիտի ոտքի կանգնեցնեմ։ Արամի որդին եւ Ռոմելայի որդին 5քո դէմ չար խորհուրդ խորհեցին։ Եփրեմը եւ Ռոմելայի որդին ոխով ասացին. 6՚Գնանք Հրէաստանի վրայ, խօսենք նրանց հետ, նրանց մեզ ենթարկենք եւ նրանց վրայ թագաւոր կարգենք Տաբէլի որդուն»։ 7Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. ՚ Այդ խորհուրդը չի կատարուելու եւ չի լինելու. 8քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛ւս վաթսունհինգ տարի, եւ Եփրեմի թագաւորութիւնն իբրեւ ժողովուրդ պիտի դադարի»։ 9Եփրեմի գլուխը Սոմորոնն է, իսկ Սոմորոնի գլուխը՝ Ռոմելայի որդին. եթէ չհաւատաք, չէք էլ հասկանայ«»։ 10Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով. 11«Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»։ 12Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»։ 13Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել։ 14Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. 15իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ 16Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով։ 17Աստուած քեզ վրայ, քո ժողովրդի եւ քո հօր տան վրայ այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատուեց Հրէաստանից. -պիտի բերի Ասորեստանի արքային։ 18Այդ օրը Տէրը պիտի շարժի ճանճերին, որոնք Եգիպտոսի գետի միւս կողմն են գտնւում, եւ գոռեխներին, որոնք Ասորեստանի երկրում են։ 19Բոլորը պիտի գան ու նստեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու քարայրներում, բոլոր փապարներում ու ամէն ծառի վրայ։ 20Այդ օրը Տէրը մեծ եւ արիւնով հարբած սրով՝ գետի այն կողմում եղած Ասորեստանի թագաւորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մօրուքները։ 21Եւ այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն մարդ, մի երինջ եւ երկու ոչխար պահելով, 22կաթի առատութիւնից իւղ պիտի ուտի. իւղ ու մեղր պիտի ուտի ամէն ոք, ով կենդանի կը մնայ այդ երկրում։ 23Այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժէքով, խոպան պիտի դառնայ եւ փշով լցուի։ 24Նետաձիգներ եւ աղեղնաւորներ պիտի մտնեն այնտեղ։ Ողջ երկիրը խոպան պիտի դառնայ ու փուշ բերի, եւ ամէն սարալանջ, ուր արօրն էր վարում, այլեւս ակօս չի ունենալու։ Երկիւղը չի հասնելու այնտեղ,որովհետեւ այդ խոպան ու փշոտ վայրերը պիտի դառնան գառան արօտավայր եւ եզան ոտքի կոխան պիտի լինեն»։
8 Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ արագօրէն աւարառութեա՛ն ենթարկել, շուտափոյթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է։ 2Ինձ համար վկաներ կը կարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային»։ 3Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց։ Տէրն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր Արագ-արագ կողոպտի՛ր եւ շուտ-շուտ աւար ա՛ռ, 4քանզի մինչ մանուկը կը սովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կը բերուեն Ասորեստանի թագաւորի առաջ»։ 5Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց. 6«Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն, 7դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը։ Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը եւ շարժուի ձեր պարիսպների վրայով. 8այն մարդուն, որ ի վիճակի կը լինի բարձրացնել իր գլուխը, եւ այն զօրաւորին, որ ունակ կը լինի որեւէ բան անելու, պիտի վերացնի Հրէաստանի երկրից. նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»։ 9Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք։ Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու։ 10Ինչ խորհուրդ էլ անէք՝ Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք՝ չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է։ 11Այսպէս է ասում Տէրը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա ձեռքի զօրութեանը՝ հետեւելով այս ժողովրդի ճանապարհին. 12«Ասում են, թէ երբեք չար բան չեն խօսում. բայց չէ՞ որ ինչ խօսում է այդ ժողովուրդը՝ չարութիւն է։ Մի՛ սարսափէք այն բանից, ինչից նրանք են վախենում, եւ մի՛ անհանգստացէք։ 13Իրեն՝ Զօրութիւնների Տիրո՛ջը սրբացրէք, թող ձեր վախը Նա՛ լինի։ Եթէ յոյսդ նրա վրայ դնես, 14նա քեզ համար սրբութիւն կը լինի, եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։ Բայց Յակոբի տունը որոգայթի եւ Երուսաղէմի դարանակալ ծործորների մէջ է։ 15Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի ուժասպառ լինեն, ընկնեն ու խորտակուեն. մարդիկ, որոնք ապահովութեան մէջ էին, պիտի ենթարկուեն պաշարման։ 16Այն ժամանակ պիտի յայտնուեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրէնքները, 17որպէսզի որեւէ մէկը չկարողանայ սովորել եւ ասել. «Կը մնամ ու կը սպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Յակոբի տնից, յոյս կը դնեմ նրա վրայ»։ 18Ահաւասիկ ես եւ իմ զաւակները, որ Աստուած ինձ պարգեւեց. եւ Իսրայէլի տան վրայ թող նշաններ ու հրաշքներ լինեն Զօրութիւնների Տիրոջից, որ բնակւում է Սիոն լերան վրայ։ 19Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Հարցրէ՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախօսներին ու որովայնախօսներին», այն ժամանակ ասացէ՛ք. «Մի՞թէ որեւէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։ 20Չէ՞ որ օրէնքը տուեց՝ օգնութեան համար, որպէսզի ասեն, թէ սրանք այն խօսքերը չեն, որոնց համար պէտք է կաշառք տալ»։ 21Սոսկալի սովը պիտի սպառնայ ձեզ, եւ երբ քաղցած լինէք, պիտի վշտանաք, հայհոյանք թափէք իշխանի ու աշխարհի հասցէին։ 22Ձեր հայեացքը պիտի ուղղէք դէպի վեր՝ երկնքին, պիտի նայէք դէպի վար՝ երկրին, եւ կարիքը, տառապանքն ու խաւարը, նեղութիւնը, անձկութիւնն ու մթութիւնը պիտի դիմաւորեն ձեզ։ Ոչ ոք չպիտի կարողանայ տեսնել։ Եւ նա, ով նեղութեան մէջ լինի,չի տկարանալու, մինչեւ որ գայ ժամանակը։
9 Նախ դուք ա՛յդ նեղութիւնները տարէք եւ շո՛ւտ թօթափեցէք,Զաբուղոնի՛ երկիր, երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, նաեւ միւսներդ, որ բնակւում էք ծովեզերքին եւ Յորդանան գետի այն կողմում, հեթանոսների՛ Գալիլիա եւ Հրէաստանի՛ կողմեր։ 2Այն ժողովուրդը, որն ընթանում էր խաւարի միջով, տեսաւ մեծ լոյս. ձեզ համար էլ, որ բնակւում էք աշխարհում եւ մահուան ստուերների մէջ, լոյս պիտի ծագի։ 3Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախութեանը, ուրախանալու է քո առաջ, ինչպէս հնձի ժամանակ են ուրախանում եւ կամ աւարը բաժանելիս, 4որովհետեւ վերացաւ այն մեծ լուծը, որ նրանց վրայ էր դրուած, եւ գաւազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպէս Մադիամի օրերին, նա մերժեց հարկապահանջների գաւազանը։ 5Ամէն մի պատմուճանի եւ հանդերձի համար, որ նենգութեամբ էին հաւաքել, տուգանքով պիտի հատուցեն, նոյնիսկ եթէ դրանք այրուած լինէին, նրանք պիտի յօժարէին հատուցել, 6քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի։ 7Ես խաղաղութիւն կը բերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջութիւն։ Մեծ է նրա իշխանութիւնը, եւ նրա խաղաղութիւնը սահման չունի։ Նա պիտի նստի Դաւթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը, իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից։ Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա։ 8Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց, բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ։ 9Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով. 10«Աղիւսները թափուեցին, բայց եկէք քար տաշենք, մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք եւ մեզ համար աշտարակ կառուցենք»։ 11Աստուած պիտի կործանի Սիոնի լերան վրայ բարձրացածներին եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին, 12արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին, որոնք լիաբերան կերան Իսրայէլին։ Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց, տակաւին նրա ձեռքը բարձրացած է։ 13Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի։ Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ։ 14Եւ Տէրը մէկ օրում վերացրեց Իսրայէլի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։ 15Ծերն ու ականաւորը գլուխն են, իսկ մարգարէն, որ անօրէնութիւն էր ուսուցանում, պոչն է։ 16Եւ պիտի այնպէս լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին,բայց մոլորեալները պիտի մոլորեցնեն նրան, որպէսզի կուլ տան։ 17Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։ 18Անօրէնութիւնը պիտի վառուի ինչպէս կրակ, չորացած սիզախոտի պէս պիտի այրուի կրակից, պիտի վառուի մայրիների անտառում, որոնց շուրջը, բոլոր բլուրների վրայ, հուրը պիտի ճարակի նրանց։ 19Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի, եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի։ Մարդ իր եղբօրը չի խղճալու, 20քաղցից նա պիտի շրջուի դէպի աջ,պիտի շրջուի դէպի ձախ,պիտի ուտի, բայց չյագենայ՝ մինչեւ իսկ իր բազուկների միսն ուտելով։ 21Մանասէն Եփրեմին պիտի ուտի, եւ Եփրեմը՝ Մանասէին, ապա միասին պիտի պաշարեն Յուդայի երկիրը։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։
10 Վա՜յ նրանց, ովքեր չար գործեր են արձանագրում, անընդհատ գրի են առնում իրենց չարութիւնը, 2խեղաթիւրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրաւունքը, որպէսզի որբեւայրին յափշտակութեան ենթարկուի, որբը՝ աւարի։ 3Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղութիւնը հեռուներից պիտի գայ. ո՞ւմ մօտ պիտի փախչէք օգնութեան համար, ո՞ւր պիտի թողնէք ձեր հարստութիւնը։ 4Գերութեան չմատնուելու համար նրանք սպանուածների տակ պիտի թաքնուեն։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։ 5Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկութեան ու զայրոյթի գաւազանը. 6քանզի իմ բարկութիւնն անօրէն ազգի վրայ պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն աւարի ու յափշտակութեան, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները եւ թաղեն նրանց փոշու տակ։ 7Իսկ Ասորեստանի իշխանն այդպէս չմտածեց, ինքն իր մտքում այդպէս չխորհեց, այլ մտադրուեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։ 8Եւ եթէ նրան ասեն, թէ՝ «Միայն դո՞ւ ես լինելու իշխան», 9կը պատասխանի. «Մի՞թէ ես չնուաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, եւ Քաղանէն, ուր աշտարակը կառուցուեց։ Ես գրաւեցի նաեւ Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան։ 10Ինչպէս որ դրանք իմ ձեռքով գրաւեցի, այնպէս էլ պիտի նուաճեմ բոլոր իշխանութիւնները»։ Ողբացէ՛ք, ո՛վ կուռքեր, որ Երուսաղէմում եւ Սամարիայում էք, 11քանզի ինչպէս որ վարուեցի Սամարիայի եւ նրա ձեռակերտների հետ, նոյն կերպ էլ վարուելու եմ Երուսաղէմի եւ նրա կուռքերի հետ։ 12Այնպէս պիտի լինի, որ, երբ Տէրը վերջացնի ամէն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրայ եւ Երուսաղէմում, իր բարկութիւնը պիտի թափի նաեւ մեծամտացողի վրայ, Ասորեստանի իշխանի եւ գոռոզութեամբ փայլող նրա աչքերի վրայ։ 13Արդարեւ, նա ասաց. «Իմ զօրութեամբ կը կատարեմ եւ իմ իմաստութեամբ ու խելքով կը վերացնեմ ազգերի սահմանները, կը յափշտակեմ նրանց հարստութիւնները, կը ցնցեմ շէն քաղաքները, 14իմ բազկով կը յարձակուեմ բոլոր երկրների վրայ՝ ինչպէս հաւաբնի վրայ, եւ բոլորին կը վերցնեմ՝ ինչպէս մնացած ձուեր. ոչ ոք իմ ձեռքից չի փրկուի, ոչ ոք ինձ չի ընդդիմանայ, բերանը չի բացի եւ ծպտուն չի հանի»։ 15Այսպէս ասաց Տէրը. «Միթէ կացինը կը բարձրանա՞յ առանց փայտահատի, կամ սղոցը վերեւ կ՚ելնի՞ առանց որ մէկը ձգի այն. այնպէս էլ՝ գաւազանը կամ ցուպը, եթէ մէկը չբռնի այն։ Այդպէս չի կարող լինել»։ 16Զօրութիւնների Տէրը քո պատուի վրայ անարգանք է ուղարկելու, եւ քո փառքի վրայ բոցավառ հուրն է բորբոքուելու։ 17Լոյսն Իսրայէլի կրակ պիտի դառնայ եւ նրան սրբի բորբոքուն հրով, խոտի պէս պիտի լափի անտառը։ 18Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, եւ փրկուողը նման պիտի լինի բորբոքուած բոցից ազատուածի։ 19Կենդանի մնացածները թուով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանայ հաշուել նրանց։ 20Այն օրը Իսրայէլից մնացածները եւ Յակոբի տնից փրկուածներն այլեւս մեղքի մէջ չեն ընկնելու եւ ոչ էլ ապաւինելու են իրենց զրկողներին, այլ արդար սրտով ապաւինելու են Աստծուն՝ Իսրայէլի Սրբին։ 21Յակոբի տնից մնացածները պիտի շուռ գան դէպի զօրաւոր Աստուածը։ 22Եւ եթէ Իսրայէլի ժողովուրդը ծովի աւազի չափ էլ լինի, նրանից սակաւաթիւ մարդիկ են միայն մնալու։ Դա կատարուելու է կարճ ու կտրուկ եւ արդարութեամբ, 23այդ բանը Զօրութիւնների Տէրը վճռականօրէն է կատարելու համայն աշխարհում։ 24Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակւում ես Սիոնում, մի՛ վախեցիր ասորեստանցիներից, երբ նրանք քեզ հարուածեն գաւազանով, քանզի այդ հարուածները ես եմ բերում քեզ վրայ, որպէսզի ճանաչես եգիպտացիների ճանապարհը։ 25Բայց փոքր-ինչ անց իմ բարկութիւնը պիտի իջնի, եւ իմ զայրոյթը պիտի ուղղուի նրանց դիտաւորութիւնների դէմ»։ 26Տէր Աստուած հարուածներ պիտի յարուցի նրանց դէմ, նման այն հարուածներին, որոնք հասան Մադիամին՝ չարչարանքների տեղում. նրա զայրոյթը պիտի երեւայ, ինչպէս Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ ծովն անցնելիս։ 27Այն օրը նրա երկիւղը պիտի վերանայ քո վրայից, նրա լուծը՝ քո պարանոցից.եւ ձեր ուսերից պիտի խորտակուի նրա լուծը։ 28Նա պիտի գայ հասնի Անգէ քաղաքը, անցնի Մակեդդովով եւ իր բեռը վայր դնի Մաքմասում։ 29Պիտի անցնի ձորերով, յարձակուի գաբաւոնացիների վրայ, ահաբեկի Ռաման՝ Սաւուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի։ 30Խրխի՛նջ բարձրացրու քո ձայնով. թող լուրը հասնի Լաիս, թող լուրը հասնի Անաթոթ. 31թող զարհուրի Մադեբենան, նաեւ նրանք, որ բնակւում են Գեբիմում։ 32Նա պիտի մխիթարուի այսօր՝ գիշերելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դուստր լերանը եւ այն բլուրներին, որոնք Երուսաղէմում են։ 33Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը՝ Աստուած, իր ուժով ահուսարսափի պիտի մատնի փառաւորուածներին, եւ ամբարտաւանութեամբ բարձրացածները պիտի խորտակուեն ու խոնարհուեն. 34բարձրադիր սրով պիտի ընկնեն, եւ Լիբանանն իր բարձունքներով պիտի կործանուի։
11 Յեսսէի արմատից գաւազան պիտի ընձիւղուի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։ 2Նրա վրայ պիտի իջնի Աստծու հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի ու զօրութեան հոգին, գիտութեան եւ աստուածպաշտութեան հոգին. 3Աստծու երկիւղի հոգին պիտի լցնի այն։ Ո՛չ ըստ կարծիքի պիտի դատի նա եւ ո՛չ էլ ըստ խօսքերի յանդիմանի։ 4Նա տնանկի իրաւունքը պիտի պաշտպանի եւ արդարութեամբ պիտի դատի երկրի տառապեալներին. իր բերանի խօսքով հարուածի երկրին եւ իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։ 5Արդարութեամբ պիտի գօտեւորի իր մէջքը եւ ճշմարտութեամբ կապի իր կողերը։ 6Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառիւծը ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առիւծը միասին պիտի սնուեն, եւ մատաղատի մանուկը պիտի հովուի նրանց։ 7Եզն ու արջը միասին պիտի ուտեն, նրանց ձագերը խառը պիտի շրջեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի։ 8Մատաղատի մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բունը եւ իժերի ձագերի բունը, 9ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել եւ խայթել իմ սուրբ լերան վրայ, քանզի ամբողջ երկիրը լցուելու է Տիրոջ գիտութեամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը։ 10Այն օրը հեթանոսներն իրենց յոյսը դնելու են Յեսսէի արմատի վրայ, որն իշխան է կանգնելու հեթանոսներին, եւ նրա հանգիստը փառահեղ է լինելու։ 11Այն օրը Տէրը նորից պիտի ցոյց տայ իր ձեռքը՝ նախանձելի դարձնելու համար իր ժողովրդի մնացորդներին, որոնք պահպանուած են լինելու Ասորեստանում եւ Եգիպտոսում, Բաբելոնում եւ Եթովպիայում, Էլամում եւ Արեւելքում, Արաբիայում եւ ծովի կղզիներում։ 12Հեթանոսներին դրօշ պիտի պարզի եւ հաւաքի Իսրայէլի կորուսեալներին, Յուդայի տնից ցրուածներին պիտի հաւաքի աշխարհի չորս անկիւններից։ 13Եփրեմի նախանձը պիտի վերանայ, եւ Յուդայի թշնամիները կորստեան պիտի մատնուեն. Եփրեմը չպիտի նախանձի Յուդային, եւ Յուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։ 14Այլազգիների նաւերը պիտի չուեն, միանգամից աւարի պիտի ենթարկեն ծովակողմը, թէ՛ արեւելցիներին եւ թէ՛ եդոմայեցիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրայ, եւ ամենից առաջ ամոնացիներին են հնազանդուելու։ 15Տէրը պիտի ցամաքեցնի Եգիպտոսի ծովը, իր շնչի սաստկութեամբ իր ձեռքը պիտի երկարի գետի վրայ ու հարուածի եօթը գետաբերաններին, որպէսզի կօշիկով համարձակ կարողանան անցնել այնտեղով։ 16Մի անցուղի պիտի լինի Եգիպտոսում պահպանուած իմ ժողովրդի համար, եւ Իսրայէլը պիտի լինի այնպէս, ինչպէս այն օրը, երբ ելաւ Եգիպտացիների երկրից։
12 Այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ։ 2Ահա Աստուածն իմ եւ փրկիչ Տէրն իմ. ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն է ու իմ օրհնութիւնը, եւ փրկութիւն եղաւ ինձ համար»։ 3Ուրախութեան ջո՛ւր առէք փրկութեան աղբիւրներից։ 4Եւ այն օրը պիտի ասես. «Օրհներգեցէ՛ք Տիրոջը, հնչեցրէ՛ք նրա անունը, նրա փառքը տարածեցէ՛ք հեթանոսների մէջ, յիշեցէ՛ք, որ բարձր է նրա անունը։ 5Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, պատմեցէ՛ք այդ մասին արար աշխարհում։ 6Ցնծացէ՛ք եւ ուրա՛խ եղէք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայէլի սուրբը վեր բարձրացաւ նրա մէջ»։
13 Ամոսի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին 2«Լերան բարձունքին, սարահարթի վրայ դրօ՛շ կանգնեցրէք, ձեր ձայնը բարձրացրէ՛ք նրանց վրայ, մի՛ վախեցէք, ձեռքով նշա՛ն արէք, դո՛ւրս եկէք, իշխաննե՛ր, որ ես հրաման տամ։ 3Իմ նուիրեալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպէսզի գոհացում տան իմ բարկութեանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։ 4Լեռների վրայ բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հաւաքուած թագաւորների ու ցեղերի ձայնն է հնչում»։ Զօրութիւնների Տէրը հրաման է արձակել սպառազէն ազգերին, 5որ գան հեռու երկրներից. երկնային հաստատութեան ծայրերից հասել է Տէրն իր սպառազէններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը։ 6Ողբացէ՛ք, քանզի մօտ է Տիրոջ օրը, եւ հասել է Աստծու պատուհասը։ 7Ահա թէ ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամէն մարդու սիրտը պիտի դողայ։ 8Պատգամախօսները տագնապի մէջ պիտի ընկնեն, երկունքի ցաւը պիտի բռնի նրանց, ինչպէս ծննդաբերող կանանց։ Տրտնջալով մէկը միւսին պիտի նայի, պիտի զայրանան, եւ զայրոյթից պիտի կարմրեն իրենց դէմքերը, 9քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝լի անսահման բարկութեամբ, ոխակալութեամբ ու զայրոյթով, որպէսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղաւորներին վերացնի այնտեղից։ 10Արդարեւ, երկնքի աստղերը, Հայկի համաստեղութեան եւ երկնային բոլոր լուսատուների հետ միասին, լոյս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խաւարի, լուսինը նոյնպէս իր լոյսը չպիտի տայ»։ 11Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրաւների հպարտութիւնը, ամբարտաւանների մեծամտութիւնը պիտի խոնարհեցնեմ։ 12Իսկ մնացածներն աւելի յարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն աւելի յարգանքի պիտի արժանանայ, քան սոփերական թանկագին քարերը»։ 13Այն օրը, երբ Զօրութիւնների Տիրոջ բարկութիւնը վրայ հասնի, նրա զայրոյթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, եւ երկիրն իր հիմքերից պիտի սասանուի։ 14Կենդանի մնացածները պիտի լինեն ինչպէս սարսափից փախած այծեամ եւ մոլորեալ ոչխար, նրանց հաւաքող չի լինելու, ամէն մարդ իր ժողովրդի մօտ պիտի վերադառնայ, իւրաքանչիւր մարդ իր երկիրը պիտի փախչի։ 15Ով որ բռնուի, պարտութեան պիտի մատնուի, իսկ մի տեղ հաւաքուածները սրով պիտի ընկնեն։ 16Նրանց որդիներին նրանց աչքերի առաջ պիտի սպանեն, նրանց տները պիտի կողոպտեն, իսկ նրանց կանանց պիտի խայտառակեն։ 17«Ահա նրանց վրայ պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին։ 18Նրանք երիտասարդների աղեղները պիտի ջարդեն, ձեր որդիներին չեն գթալու, նրանց աչքը չի խնայելու ձեր մանուկներին»։ 19Եւ Բաբելոնը, որ քաղդէացի թագաւորից փառապանծ է կոչւում, պիտի դառնայ այնպէս, ինչպէս Սոդոմն ու Գոմորը, որոնց Աստուած կործանեց։ 20Այնտեղ յաւիտեանս յաւիտենից բնակուող չպիտի լինի, բազմաթիւ ցեղեր այլեւս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլեւս այնտեղով չպիտի անցնեն, հովիւներն այնտեղ այլեւս հանգիստ չպիտի առնեն։ 21Այնտեղ կայան են գտնելու վայրի գազանները, նրանց տները լցուելու են աղաղակով, այնտեղ բուն են դնելու համբարուները, դեւերն են կաքաւելու այնտեղ, յուշկապարիկներն են բնակուելու նրա մէջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում։
14 Պիտի գայ ժամանակը, շտապ հասնի, չի յապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու։ Տէրը գթալու է Յակոբին, Իսրայէլին դարձեալ իր ընտրեալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, եւ պանդուխտներն աւելանալու են Յակոբի տանը։ 2Նրանց ընդունելու են հեթանոսները եւ բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն եւ բազմանան Աստծու երկրում՝ ծառաներով ու աղախիններով։ Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, նրանց տիրողները նրանց ծառայութեան տակ են ընկնելու։ 3Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր։ 4Ու այս ողբը պիտի յօրինես Բաբելոնի թագաւորի վրայ եւ ասես այն օրը. «Ինչպէ՜ս այլեւս չկայ հարկապահանջը, ինչպէ՜ս լռեց կողոպտիչը։ 5Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը, 6զայրոյթով, սոսկալի հարուածներով ու անողոք բարկութեամբ ոչնչացրեց նրանց ցեղերին։ 7Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց եւ կանչում է ցնծութեամբ։ 8Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. « Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել»։ 9Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծուեց ներքեւում,միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին եղել,եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից։ 10Ամէնքը դիմեցին քեզ՝ ասելով. «Դու էլ մեզ նման բռնուեցիր եւ դարձար մեզ պէս»։ 11Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան. ցեցը պիտի տարածուի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի։ 12Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին,ընկաւ գետին ու խորտակուեց։ 13Մտքիդ մէջ ասում էիր. «Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ. 14կը բարձրանամ ամպերից էլ վեր, կը նմանուեմ Բարձրեալին»։ 15Բայց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը։ 16Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրայ եւ ասեն. «Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագաւորներին, 17աւերակ էր դարձնում աշխարհներ, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ»։ 18Բոլոր ազգերի թագաւորները պատուով ննջեցին՝ ամէն մէկն իր տանը, 19իսկ դու պիտի ընկնես լերան վրայ՝ իբրեւ մեռել գարշելի՝ սրակոտոր բազում դիակների մէջ, որոնք դժոխք են իջնելու։ Ինչպէս արնաթաթախ անմաքուր ձորձը, այնպէս էլ դու չպիտի մաքրուես, 20որովհետեւ ապականեցիր իմ երկիրը եւ կոտորեցիր իմ ժողովրդին. յաւիտեանս յաւիտենից դու չպիտի յիշուես։ 21Չա՛ր զաւակ, պատրաստի՛ր քո որդիներին՝ իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանուելու համար, որպէսզի ոտքի չելնեն նրանք, չնուաճեն երկիրը եւ այն չլցնեն պատերազմներով»։ 22«Պիտի ելնեմ նրանց դէմ, -ասում է Զօրութիւնների Տէրը,-պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զաւակը»։ Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բաբելոնն աւերակ պիտի դարձնեմ, 23որ այնտեղ ոզնիները բնակուեն, եւ նա ոչնչութեան վերածուի. այն պիտի դարձնեմ տիղմի ու կորստեան խորխորատ»։ 24Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ինչպէս ասացի, այնպէս պիտի լինի, 25եւ ինչպէս մտածել եմ, այնպէս էլ պիտի կատարուի. ասորեստանցիներին իմ երկրի մէջ եւ իմ լեռների վրայ պիտի կոտորեմ, թող նրանք ոտքի տակ գնան, եւ նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնութիւնը վերանայ ձեր պարանոցից»։ 26Այս է այն խորհուրդը, որ խորհեց Տէրը համայն աշխարհի մասին, եւ այս ձեռքն է, որ բարձրացել է հանուր ազգերի վրայ։ 27Արդարեւ, այն, ինչ սուրբ Աստուած խորհեց, ո՞վ կարող է խափանել, եւ ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։ 28Այլազգիներին ուղղուած այս պատգամը եղաւ այն տարում, երբ մեռաւ Աքազ արքան. 29«Մի՛ ուրախացէք, ո՛վ դուք, բոլո՛ր այլազգիներ, թէ ձեզ հարուածողների լուծը խորտակուեց, որովհետեւ օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից էլ՝ թեւաւոր օձեր։ 30Աղքատները պիտի կերակրուեն Տիրոջ շնորհիւ, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղութեան մէջ, իսկ քո զաւակին Նա քաղցով պիտի սպանի, քո մնացորդներին էլ պիտի կոտորի։ 31Ողբացէ՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրէք, տագնապա՛ծ քաղաքներ եւ բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելաւ հիւսիսից, եւ այլեւս ոչ ոք չի լինի։ 32Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագաւորները, քանզի Տէրը հաստատեց Սիոնի հիմքերը, եւ նրա շնորհիւ պիտի փրկուեն ժողովրդի թշուառները»։
15 Պատգամ մովաբացիների մասին 2Գիշերով պիտի կոտորուի մովաբացին, գիշերով պիտի կործանուի Մովաբի պարիսպը։ Սգացէ՛ք ձեզ, որովհետեւ կործանուելու է Գեդեբոնը՝ ձեր մեհեանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբաւի վրայ լաց լինելու։ Ողբացէ՛ք, քանզի ամէն գլուխ ճաղատ է դարձել, բոլոր բազուկները՝ խորտակուել։ 3Նրա հրապարակներում քո՛ւրձ հագէք, նրա տանիքների վրայ լաց ու կո՛ծ արէք եւ նրա փողոցներում ամէնքդ ողբացէ՛ք ու լացէ՛ք։ 4Եսեբոնն ու Ելէիլան գոյժ բարձրացրին, նրանց ձայները մինչեւ Յասսա հասան, ահա թէ ինչու մովաբացու ձայնը հնչում է երկար,եւ նա ճանաչում է իրեն։ 5Մովաբացու սիրտն իր մէջ գոչում է մինչեւ Սեգոր, որովհետեւ նա երեք տարեկան երինջ է։ Լուիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մօտ, Արոնիիմի ճանապարհին կոտորածի վայնասուն եւ իրարանցում պիտի ընկնի։ 6Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանայ, եւ այնտեղ դալար բոյս չպիտի ճարուի. մի՞թէ այդպէս հնարաւոր կը լինի ապրել։ 7Նրա ձորերի վրայ պիտի բերեմ արաբացիներին, որ գրաւեն, 8քանզի մովաբացու սահմանների բողոքը միացաւ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասաւ մինչեւ Ելիմի ջրհորը։ 9Եւ Ռեմոնի ջուրը պիտի լցուի արեամբ, քանզի Ռեմոնի վրա՛յ պիտի բերեմ արաբացիներին, սողունների պէս պիտի ուղարկեմ երկրի վրայ ու վերացնեմ Մովաբի զաւակին, Արիէլին եւ Ադեմի մնացորդներին։
16 Մի՞թէ Սիոնի դստեր լեռը աւերակ ապառաժ է լինելու։ 2Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես ինչպէս թռած թռչնի անտէր մնացած ձագը։ 3Սակայն դու էլ, Առնո՛ն, փոքր-ինչ երկա՛ր մտածիր՝ նրանց համար սգոյ տներ կառուցելու, որոնք, կարծես խաւարի մէջ, միջօրէի ժամին հանապազ փախչում են։ 4Նրանք զարհուրած են, բայց դու չես առաջնորդում. Մովաբի փախստականները քեզ մօտ են պանդխտելու, հալածողից քեզ մօտ են ապաւինելու, քանզի ընկաւ քո մարտակից ընկերը, կորաւ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը։ 5Ողորմածութեամբ պիտի հաստատուի աթոռը, ու նրա վրայ, Դաւթի խորանի մէջ, ճշմարտութեամբ պիտի բազմի նա, ով դատելիս իրաւունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանայ արդարութիւն անել։ 6Լսեցինք Մովաբի ամբարտաւանութեան մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտաւանութիւնը ես վերացրի քեզնից, 7բայց ոչ այնպէս, ինչպէս քո կախարդութիւնը, եւ ոչ էլ այնպէս, ինչպէս նրանք, որ Մովաբի ողբն են անում։ Մովաբի վրայ պիտի ողբան բոլոր նրանք, որոնք բնակւում են Դեսեթում, պիտի մրմնջան ու չամաչեն, 8քանզի Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները նուազեցին, ազգերի իշխանները կոտորեցին նրա ընտիր-ընտիր որթատունկերը, որոնք հասնում էին մինչեւ Յազեր, տարածւում անապատում,եւ նրանց շառաւիղները ձգուելով անցնում ծովից այն կողմ։ 9Դրա համար էլ Յազերի լացով պիտի լամ Սեբիմայի այգիների վրայ։ Ո՛վ Եսեբոն եւ Ելէիլա, ձեր ծառերը կոտորուեցին, որպէսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, եւ ամէն ինչ կործանուի։ 10Ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանան այգիներից, ձեր այգեստանում ուրախութիւն չի լինելու, ձեր հնձաններում գինի չեն քամելու, որովհետեւ է՛լ այգեկութ չի լինի։ 11Ահա թէ ինչու իմ աղիքները քնարի նման պիտի հնչեն Մովաբի համար, իսկ իմ փորը, իբրեւ պարիսպ, նորոգեցիր։ 12Եւ դա քեզ համար պիտի լինի ամօթանք, որովհետեւ Մովաբը տանջուեց իր մեհեաններում եւ ուխտաւորի նման պիտի մտնի իր ձեռակերտ կռատների մէջ, որոնք չպիտի կարողանան փրկել նրան։ 13Սա է այն խօսքը, որ Տէրը մի ժամանակ ասաց Մովաբի մասին 14եւ այժմ նորից խօսեց՝ ասելով. «Երեք տարուայ ընթացքում, վարձկանի տարիների պէս, պիտի անարգուի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծութեամբ, եւ նա պիտի դառնայ սակաւամարդ ու աննշան»։
17 Պատգամ Դամասկոսի մասին։«Դամասկոսն ահաւասիկ պիտի վերանայ քաղաքների միջից, պիտի կործանուի. 2յաւիտեան լքուած՝ պիտի դառնայ հօտերի մակաղատեղի եւ նախիրների հանգրուան, եւ ոչ ոք չի լինելու, որ քշի նրանց։ 3Այլեւս Եփրեմի համար այն չի դառնալու ամուր ապաստան, այլեւս թագաւորութիւն չի մնալու Դամասկոսում, եւ ոչ էլ ասորիներից կենդանի մնացածներն են այնտեղ ապրելու, որովհետեւ նա աւելի լաւ չէ, քան իսրայէլացիներն ու նրանց փառքը»,-այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը։ 4«Այն օրը Յակոբի փառքը պիտի նսեմանայ, նրա փառքի մեծութիւնը պիտի սասանուի։ 5Այնպէս պիտի լինի, ինչպէս եթէ մէկը կանգնած ցորենը խուրձ-խուրձ հաւաքի իր գիրկը, ապա նրա յետեւից ընթանայ հասկաքաղը, կամ եթէ մէկը Հաստատութեան հովտում հասկ քաղի, ապա այնտեղ մնայ խոզանը. 6կամ էլ նմանուելու է այն ձիթենուն, որի բարձր ճիւղերին մնացել է երկու-երեք պտուղ, չորս-հինգ հատ էլ՝ նրա ոստերին», - այսպէս է ասում Տէր Աստուած։ 7Այն օրը մարդն իր յոյսը դնելու է իր Արարչի վրայ, եւ նրա աչքերը պիտի նայեն Իսրայէլի սրբին։ 8Այլեւս չպիտի ապաւինեն մեհեաններին եւ ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ ապաւինելու են Իսրայէլի սրբին. ո՛չ իրենց սրբազան կոթողներին են նայելու, ո՛չ էլ իրենց գարշելի կուռքերին։ 9Այն օրը քո քաղաքները պիտի լքուեն ու աւերակ դառնան, ինչպէս որ Իսրայէլի զաւակների երեսից անհետացան ամորհացիներն ու խեւացիները։ 10Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն եւ չյիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհաւատ տունկ եւ անհաւատ սերմ պիտի տնկես։ 11Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորուես։ Եթէ անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը, 12երբ կտակելու ես, ինչպէս հայրն է ժառանգութիւն թողնում իր որդիներին։ 13Վա՜յ ձեզ, բիւրաւոր ազգերի բազմութիւննե՛ր, այնպէս պիտի խռովուէք, ինչպէս ալեկուտակ ծովը. բիւրաւոր ազգերի ալիքները պիտի շառաչեն ջրերի նման։ 14Բիւրաւոր ազգերը նման են յորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տէրը նրանց պիտի խեղճացնի եւ հալածի հեռու, հեռու։ Յարդի մղեղի պէս նրանք պիտի քշուեն քամուց, անիւի փոշու նման փոթորկից հողմացրիւ պիտի արուեն։ 15Երեկոյեան դէմ սուգ պիտի անեն, առաւօտը չբացուած այլեւս գոյութիւն չեն ունենալու։ Այս է ձեր աւարառուների բաժինը, եւ ժառանգութիւնը նրանց,որոնք կողոպտում էին ձեզ։
18 Վա՜յ եթովպացիների գետի այն կողմում առագաստներին ապաւինած երկրին, 2որ ընծաներ էր ուղարկում ծովով եւ մագաղաթեայ հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպէսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մօտ, ազգ, որ օտար է ու չար, եւ դրանից աւելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անյոյս է ու ոտքի տակ տրուած։ 3Եւ այժմ ամբողջ երկրի գետերը, ինչպէս աշխարհ, բնակեցուած են. պիտի բնակեցուի նրանց աշխարհը, երբ նշանը լերան վրայից վերանայ, եւ լսելի լինի փողի ձայնը, 4քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Զգոյշ պիտի լինեն իմ քաղաքում, ինչպէս միջօրէի տօթ արեւից կամ ամառային օրերի անձրեւաբեր ամպից»։ 5Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացուի ու ազոխ դառնայ, մանր-մունր ողկոյզները պիտի կտրեն մանգաղով, ճիւղերը պիտի հատեն ու դէն նետեն։ 6Ամէն ինչ պիտի թողնեն երկնքի թռչուններին 7եւ երկրի գազաններին. նրանց վրայ պիտի հաւաքուեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրայ։ 8Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։
19 Տեսիլք եգիպտացիների վրայ 2Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն։ 3Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ։ 4«Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։ 5Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց», - այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը։ 6Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու։ 7Գետերն ու գետերի ջրադարձները քաշուելու են, հաւաքուած բոլոր ջրերը ցամաքելու են, եւ բոլոր մարգագետինները, եղէգի ու կնիւնի բոլոր խիտ թաւուտներն ու լոռամարգերը, 8գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են։ 9Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու։ 10Ամաչելու են նաեւ բարակ կտաւ մանող կտաւագործները, եւ նրանք, որ բեհեզ են գործում։ 11Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են։ 12Տայանի իշխանները՝ թագաւորի իմաստուն խորհրդականները, յիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ։ Էլ ինչպէ՞ս կ՚ասէք արքային. «Իմաստունների զաւակներ ենք մենք, նախկին թագաւորների զաւակներ»։ 13Արդ, ո՞ւր են քո իմաստունները, թող պատմեն քեզ եւ ասեն, թէ ինչ խորհուրդ խորհեց Զօրութիւնների Տէրը Եգիպտոսի մասին։ 14Տայանի իշխանները յիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։ 15Տէրը մոլորութեան ոգի խառնեց նրանց, եւ նրանք Եգիպտոսն ամէն բանի մէջ մոլորեցրին այնպէս, ինչպէս մոլորւում է այն հարբածը, որ փսխում է։ 16Եւ թող եգիպտացիներն այլեւս գործ չունենան՝ ո՛չ յետոյ եւ ո՛չ էլ առաջ, ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ վերջում։ 17Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով եւ զարհուրելով Զօրութիւնների տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրայ։ 18Իսկ Հրէաստան երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, եւ ամէնքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն նրանց մօտ, պիտի սարսափեն այն խորհրդից, որ Զօրութիւնների Տէրը խորհեց իրենց մասին։ 19Այն ժամանակ Եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խօսելու են քանանացիների լեզուով եւ երդուելու են Զօրութիւնների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչուելու է Ասեդեկ քաղաք։ 20Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է Եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատուին կանգնեցուելու է յուշակոթող, 21որը Եգիպտացիների երկրում Տիրոջ համար յաւիտենական նշան է լինելու։ Իրենց նեղութիւնների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, եւ Տէրը նրանց մօտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց, դատաստանով է փրկելու նրանց։ 22Տէրը յայտնի պիտի դառնայ եգիպտացիներին, ու այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը եւ մատուցեն զոհեր ու ընծաներ, ուխտ պիտի դնեն Աստծուն եւ կատարեն այն։ 23Տէրը մեծամեծ հարուածներ պիտի հասցնի եգիպտացիներին, բայց եւ պիտի լսի ու բժշկի նրանց, ու նրանք պիտի դառնան դէպի Տէրը, որը պիտի լսի ու բժշկի նրանց։ 24Այն օրը Եգիպտոսից դէպի Ասորեստան ճանապարհ պիտի լինի, ասորեստանցիները պիտի մտնեն Եգիպտոս, եգիպտացիներն էլ պիտի գնան ասորեստանցիների մօտ. եգիպտացիները պիտի ծառայեն ասորեստանցիներին։ 25Այն օրն Իսրայէլը եգիպտացիների ու ասորեստանցիների շարքում երրորդը պիտի լինի՝ 26օրհնութեան արժանանալով այն երկրում, որն օրհնելու է Զօրութիւնների Տէրը՝ ասելով. «Օրհնեալ լինի իմ ժողովուրդը, որը Եգիպտոսում է եւ Ասորեստանում, օրհնեալ լինի իմ ժառանգութիւնը՝ Իսրայէլը»։
20 Այն տարին, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկուելով, եկաւ Ազոտոս, պատերազմ մղեց Ազոտոսի դէմ եւ գրաւեց այն, 2ահա այդ ժամանակ Տէրը խօսեց Ամոսի որդի Եսայու հետ եւ ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մէջքից եւ հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»։ Այդպէս էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն։ 3Եւ Տէրն ասաց. «Ինչպէս որ իմ ծառայ Եսային քայլեց մերկ ու բոկոտն, այդպէս երեք տարի եգիպտացիների եւ եթովպացիների համար հրաշքներ ու նշաններ պիտի լինեն։ 4Թող հասկանան, որ այդպէս Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու ամօթոյքը բաց, խայտառակելով եգիպտացիներին։ 5Եւ պարտութեան մատնուած եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրայ յոյս էին դրել, եւ որոնք նրանց համար զօրութիւն էին»։ 6Ապա այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. «Ահաւասիկ մենք մեր յոյսը դրել էինք սրանց վրայ, ապաւինել սրանց օգնութեանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից, իսկ մենք ինչպէ՞ս պիտի փրկուենք»։
21 Տեսիլք ծովափնեայ անապատի վրայ։Ինչպէս անապատով անցնող մրրիկ, այդպէս նա եկաւ անապատային երկրից։ 2Ահաւոր էր եւ սարսափելի այն տեսիլքը, որ երեւաց ինձ։ Անարգողն անարգում է, անիրաւը՝ անիրաւութիւն գործում։ Ինձ վրայ յարձակուեցին էլամացիք, ինձ վրայ եկան պարսից պատգամաւորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։ 3Ահա թէ ինչու մէջս սարսուռ ընկաւ, ցաւերը բռնեցին ինձ, ինչպէս ծննդկան կնոջը։ Փախայ, որպէսզի չլսեմ, շտապեցի, որպէսզի չտեսնեմ։ 4Միտքս շուարեց, յանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկաւ։ Նայի՛ր, թէ ինչ դիտաւորութիւն ունես. 5սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր։ Եկէ՜ք, իշխաննե՛ր, պատրաստեցէ՛ք ձեր վահանները, 6քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Ինքդ անձամբ գնա դէ՛տ եղիր, ինչ որ տեսնես՝ կը պատմես»։ 7Եւ ես տեսայ երկու հեծեալ, մի հեծեալը՝ էշի վրայ, միւս հեծեալը՝ ուղտի։ Մեծ ուշադրութեամբ ականջ դրեցի։ «Ուրիային կանչիր քո դիտանո՛ցը», -ասաց Տէրը։ 8Ու ամբողջ ցերեկը եւ ողջ գիշերը հետեւեցի բանակին 9ու տեսայ, որ գալիս է նոյն հեծեալ զոյգը՝ ձայն տալով եւ ասելով. «Ընկաւ, կործանուեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետին տապալուեցին»։ 10Լսեցէ՛ք, կենդանի մնացածնե՛ր եւ տանջուածնե՛ր, լսեցէ՛ք այն, ինչ ես լսեցի Զօրութիւնների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայէլի Աստուածը։ 11Տեսիլք եդոմայեցիների վրայ։ Մի ձայն ինձ կանչում է Սէիր լերան վրայից. «Պահպանեցէ՛ք պարսպաբուրգերը»։ 12Ես կը պահպանեմ առաւօտ ու գիշեր։ Եթէ դու ինձ հարցնես, հարցրո՛ւ եւ եկ ինձ մօ՛տ բնակուիր»։ 13Պատգամ արաբացիների մասին։ Գիշերները կը ննջես անտառում, Դոդանիմի ճանապարհին։ 14Ընդառա՛ջ եկէք եւ ջո՛ւր բերէք ծարաւածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացո՛վ ընդառաջ ելէք փախստականներին, 15որովհետեւ անթիւ են սպանուածները եւ բազում՝ մոլորեալները, անթիւ են սրերը եւ բազում՝ լարուած աղեղները, որովհետեւ բազմաթիւ են պատերազմում ընկածները։ 16Այսպէս ասաց ինձ Տէրը. «Եւս մի տարի՝ նման վարձկանի տարուան, եւ կը վերանայ Կեդարի որդիների փառքը։ 17Կեդարի աղեղնաւոր ու զօրաւոր որդիներից մնացածները եւս սակաւաթիւ կը լինեն», -քանզի Իսրայէլի Տէր Աստուա՛ծը խօսեց։
22 Պատգամ Սիոնի հովտի մասինԻ՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ ինչո՞ւ դուք բոլորդ իզուր տանիք բարձրացաք։ 2Ձեր քաղաքը լցուեց գուժկաններով։ Ո՛վ պերճացեալ քաղաք, քո վիրաւորները սուսերով վիրաւորուածներ չեն, եւ քո դիակներն էլ պատերազմում ընկած դիակներ չեն։ 3Բոլոր իշխաններդ փախստական են դարձել, գերեալներդ խստօրէն կալանաւորուած են, քո հզօրները, որոնք հեռու էին փախել, անխտիր կապանքների մէջ են։ 4Դրա համար էլ ասացի. «Թո՛յլ տուէք ինձ՝ դառնօրէն լաց լինեմ, մի՛ աշխատէք ինձ մխիթարելիմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։ 5Արդարեւ, Սիոնի հովտում Զօրութիւնների Տիրոջ կողմից խռովութեան, ոտնատակ տալու եւ շփոթութեան օր է. մեծ ու փոքր առհասարակ մոլորուած՝ տարուբերւում են լեռների վրայ։ 6Իսկ էլամացիները, կապարճներ առած,ձի հեծած եւ յարձակուող գնդերով պիտի գան, 7եւ քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցուեն կառքերով, հեծեալները երիվարներով պիտի խցանեն քո դռները։ 8Նրանք պիտի կործանեն Յուդայի երկրի դարպասները եւ այն ժամանակ պիտի տեսնեն քաղաքի ընտիր-ընտիր ապարանքները, 9ի յայտ պիտի բերեն Դաւթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը։ Եւ պիտի տեսնեն, որ դրանք շատ են։ Հին ջրմուղը պիտի շուռ տան դէպի քաղաք, 10պիտի քանդեն Երուսաղէմի ապարանքները՝ քաղաքի պարիսպներն ամրացնելու նպատակով։ 11Իսկ դուք երկու պարիսպների մէջտեղը, հին ջրմուղից աւելի ներս, պիտի ջուր հանէք ձեզ համար,առանց ձեր հայեացքն ուղղելու նրան, որ առաջուց շինել էր այն, առանց նրա հիմնադրողին հեռուից-հեռու ճանաչելու։ 12Այն օրը Զօրութիւնների Տէրը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու եւ քուրձ հագնելու։ 13Իսկ նրանք ուրախութիւն ու ցնծութիւն արեցին. արջառներ էին սպանում,ոչխարներ էին մորթում, որպէսզի միս ուտեն, գինի խմեն եւ ասեն. «Ուտենք ու խմենք, որովհետեւ վաղը մեռնելու ենք»։ 14Բայց դա հասնելու է Զօրութիւնների Տիրոջ ականջին։ «Եւ ձեր այդ մեղքերին մինչեւ ձեր մահը թողութիւն չի տրուելու», -ասում է Զօրութիւնների Տէրը։ 15Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Դու գնա՛, մտի՛ր դիւան, Սոմնաս հանդերձապետի մօտ, եւ ասա՛ նրան. 16«Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է բերել քեզ այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մէջ քեզ համար օթեւան ես շինել»։ 17Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից եւ փառապսակից։ 18Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, եւ այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկայ պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տայ։ 19Քո դիրքից ու աստիճանից պիտի զրկուես։ 20Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն, 21նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակն իր ճոխութեամբ, քո հազարապետութիւնը նրա ձեռքը պիտի տամ, եւ թող նա հայր դառնայ Երուսաղէմի ու Յուդայի երկրի բնակիչների համար։ 22Դաւթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, եւ ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։ 23Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, եւ թող նա բազմի իր հօր տան փառքի աթոռին։ 24Թող նրան ապաւինեն իր հօր տան բոլոր պատուաւոր մարդիկ՝ փոքրից մինչեւ մեծը։ Բոլոր անօթները, մանր թէ մեծ, մինչեւ կարասները, նա պիտի բացի, եւ ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, եւ ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամէն ինչ կախուած է լինելու նրանից։ 25Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Աներեր մարդը պիտի շարժուի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանուի, եւ նրա փառքը պիտի վերանայ նրանից», - քանզի Տէ՛րը խօսեց։
23 Պատգամ Տիւրոսի մասինՈղբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կարքեդոնացիները կործանուեցին եւ այլեւս չեն վերադառնայ Կիտացիների երկրից, ուր գերութեան քշուեցին։ 2Ո՞ւմ են նման այդ կղզու բնակիչները.նման են փիւնիկեցի վաճառականներին, որոնք անցնում են ծովով ու մեծ ջրերով. 3վաճառականների սերունդ են. ինչպէս ամռանը հունձն է հաւաքւում, այդպէս են այդ վաճառականները ազգերի համար։ 4«Ամաչի՛ր, Սիդո՛ն», -ասում է ծովը։ Ծովի զօրութիւնն էլ ասում է. «Միթէ ես երկունքի ցաւով չե՞մ բռնուել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կոյսեր չե՞մ մեծացրել»։ 5Երբ լուրը Եգիպտոսի երկիրը հասնի, վիշտը պիտի պատի նրան Տիւրոսի համար։ 6Գնացէ՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն էք, ողբացէ՛ք։ 7Արդեօք սկզբից իսկ ձեր այդ ամբարտաւանութիւնը չէ՞ր, որ նրա մատնութեան պատճառ դարձաւ. նա իր իսկ ոտքերով հեռաւոր պանդխտութեան պիտի քշուի։ 8Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տիւրոսի մասին. միթէ նա յետին մէ՞կն էր կամ տկար մի ոք։ Նա, նրա վաճառականները քանանացիների պատուաւոր մարդիկ էին, նրա առեւտրականները երկրի իշխաններն էին։ 9Զօրութիւնների Տէրը մտածեց վերջ տալ ականաւոր մարդկանց ողջ ամբարտաւանութեանը եւ երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատուաւորներին։ 10Քո հո՛ղը մշակիր, որովհետեւ այսուհետեւ նաւերը չեն գալու Կարքեդոնից, 11քո ձեռքի զօրութիւնը այլեւս չի երեւալու ծովի վրայ, դու, որ սարսեցնում էիր թագաւորներին։ Զօրութիւնների Տէրը Քանանի համար հրամայեց՝ կործանե՛լ նրա հզօրութիւնը։ 12Պիտի ասեն, թէ՝ «Էլ չշարունակենք թշնամանքը եւ չզրկենք Սիոնի կոյս դստերը»։Ոտքի՛ կանգնիր եւ ծովո՛վ անցիր։ Սակայն թէկուզեւ դիմես դէպի Կիտիիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։ 13Եւ եթէ քաղդէացիների երկիրը գնաս, որը, սակայն, նոյնպէս աւերուած է ասորեստանցիներից, այնտեղ եւս քեզ համար դուլ ու դադար չի լինելու։ Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա պարսպաբուրգերը, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալուեց ու կործանուեց։ 14Ողբացէ՛ք, Կարքեդոնի՛ նաւեր, քանզի կործանուեց ձեր ամրութիւնը։ 15Եւ պիտի գայ մի օր, երբ Տիւրոսը եօթանասուն տարի լքուած պիտի լինի, այնքան, որքան մի թագաւորի իշխանութեան ժամանակն է լինում, որքան մի մարդու կեանքի ժամանակը։ Ու եօթանասուն տարի յետոյ Տիւրոսը պիտի դառնայ այնպիսին, ինչպէս ասւում է պոռնիկի երգում. 16«Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, ո՛վ դու պոռնկութեան լքուա՛ծ քաղաք, լա՛ւ նուագիր, նորից ու նորից երգիր, որ քո յիշատակը մնայ։ 17Ու եօթանասուն տարի յետոյ Տէրը պիտի այցելի Տիւրոսին, որը նորից նոյն կարգով պիտի վերահաստատուի, ինչպէս առաջ էր, եւ այնտեղ պիտի կատարուի աշխարհի երեսին գոյութիւն ունեցող բոլոր երկրների թագաւորների առեւտուրը։ 18Նրա վաճառքի շահը Տիրոջը պիտի նուիրաբերուի. ոչ թէ առանձին մարդկանց համար պիտի հաւաքեն, այլ նրա վաճառքի շահը պիտի պատկանի Տիրոջ առջեւ բնակուողներին, որպէսզի ուտեն, խմեն եւ, ի նշան Տիրոջ հանդէպ իրենց երախտագիտութեան, ուրախ լինեն։
24 Ահաւասիկ Տէրը ամայացնելու է աշխարհը, աւերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը եւ ցանուցիր է անելու նրա բնակիչներին։ 2Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը։ 3Ամբողջովին պիտի աւերուի երկիրը, լրիւ պիտի կողոպտուի երկիրը, քանզի Տէրն իր բերանով ասաց այդ. 4«Սո՛ւգ արա, որովհետեւ երկիրը կործանուեց,աշխարհն աւերուեց ու ամայացաւ, երկրի բարձունքները սուգ մտան»։ 5Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրէնքները, խեղաթիւրեցին նրա պատուիրանները եւ դրժեցին յաւիտենական ուխտը։ 6Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, եւ սակաւաթիւ մարդիկ են կենդանի մնալու։ 7Պիտի սգայ գինին, պիտի սգայ այգին, խրախճանքով տարուածները բոլորը հոգոց պիտի հանեն։ 8Թմբուկների ցնծութիւնը դադարեց, ամբարիշտների հպարտութիւնն ու մեծութիւնը տեղի տուեցին, քնարների ձայները լռեցին։ 9Խմողներն ամօթահար եղան ու այլեւս գինի չէին խմում, օղին դառնութեան փոխուեց նրանց համար։ 10Բոլոր քաղաքներն աւերակ դարձան, ապարանքների դռները գոց մնացին, որովհետեւ ներս մտնող չկար։ 11Ամէն, ամէն տեղ գինու վրա՛յ ողբացէք. ամէն ուրախութիւն լռեց, վերացաւ ողջ երկրի ցնծութիւնը։ 12Աւերակ քաղաքները պիտի լքուեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանուեն։ Այս ամէնը պիտի կատարուի երկրի վրայ, հեթանոսների մէջ։ 13Ինչպէս վերջին պտուղը քաղելու համար ճռաքաղ են անում ձիթենին, այդպէս ճռաքաղ պիտի անեն եւ նրանց։ Եւ երբ այգեկութը դադարի, նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն։ 14Իսկ երկրի վրայ կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, եւ ծովի ջրերը պիտի յուզուեն։ 15Դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարուրի ծովի կղզիները, եւ Տիրոջ անունը պիտի փառաւորուի։ Ո՛վ Տէր Աստուած Իսրայէլի, 16երկրի ծայրերից հրաշալի օրհնութիւն լսեցինք. «Յո՛յս բարեպաշտին». եւ թող ասեն. «Ինձ համար է իմ խորհուրդը,իմ խորհուրդն ինձ եւ իւրայիններիս համար է»։ Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրէնքները։ 17Ահը, գուբը եւ որոգայթը թող սպառնան ձեզ, ո՛վ երկրի բնակիչներ։ 18Ով որ ահից փախչի՝ թող ընկնի գուբը, եւ ով որ ելնի գբից՝ թող բռնուի որոգայթի մէջ։ Ահա բացուեցին երկնքի պատուհանները, եւ երկրի հիմքերը ցնցուեցին։ 19Երկիրը շփոթի ու խռովութեան մէջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի,տարակուսի եւ խոնարհուի։ 20Երկիրը պիտի շարժուի ու ցնցուի ինչպէս այգու պահապանի տնակ, հարբածի ու երերուողի պէս պիտի գլորուի եւ պիտի չկարողանայ ոտքի կանգնել, որովհետեւ նրա վրայ ծանրացել է անօրէնութիւնը։ 21Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ։ 22Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց։ 23Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լերան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ։
25 Տէ՛ր Աստուած իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ 2Այո՛, Տէ՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը յաւիտենապէս չվերաշինուի։ 3Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկուած մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ, 4որովհետեւ բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշուառութիւնից տանջուածին՝ ապաւինութեան յարկ, չար մարդկանցից փրկելով նրանց։ 5Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝իբրեւ Սիոնին ծարաւի տոչորուած մարդկանց։ 6Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն մրուրից մաքրուած իւղով եւ հանգչեն այս լեռների վրայ։ 7Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տէրն այս խորհուրդն ունի։ 8Մահը զօրացաւ եւ կուլ տուեց, բայց Աստուած բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից, քանզի սա Տիրոջ բերանը խօսեց. ինչպէս ամպի հովանին յաղթահարում է տապը, այնպէս էլ Նա պիտի ընկճի հզօրների բազուկները։ 9Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»։ 10Աստուած մեզ հանգիստ է պարգեւելու այս լեռներում, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպէս որ օրանն է ճզմւում կամնասայլի տակ։ 11Տէրն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղեւ այդպէս նրան պիտի թշուառացնի ու կործանի, հողին պիտի հաւասարեցնի նրա հպարտութիւնը՝ նրա վրայ տարածելով իր ձեռքերը։ 12Քո բարձր պարիսպների ամրութիւնը պիտի խոնարհեցնի՝ գետնին հաւասարեցնելով այն։
26 Այն օրը Հրէաստան երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զօրաւոր քաղաքը եւ մեր փրկութիւնը, որ կանգնելու է ինչպէս պարիսպ ու պատուար։ 2Բացէ՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ յարգում է արդարութիւնը, պահպանում ճշմարտութիւնը, 3որ հոգում է ճշմարտութեան մասին եւ ապահովում խաղաղութիւնը։ 4Յոյսով ապաւինեցինք քեզ յաւիտենապէս, ո՛վ Տէր։ 5Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում դրանք։ 6Հեզ ու խոնարհ մարդիկ՝ կոխոտում,եւ աղքատները ոտքի տակ են տալիս դրանք»։ 7Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դիւրին են աստուածապաշտների ճանապարհները։ 8Տիրոջ ճանապարհներն արդար են։ Քո անուանն ենք ապաւինել մենք եւ քո յիշատակին, որին տենչում է մեր հոգին։ 9Գիշերով իմ հոգին դէպի քեզ է շտապում, Աստուա՛ծ, քանզի քո հրամանները լոյս են երկրի վրայ։ Արդարութի՛ւն սովորեցէք, ո՛վ երկրի բնակիչներ, 10որովհետեւ ամբարիշտը պապանձուեց։ Ով երկրի վրայ արդարութիւն չի ուսանում,նա ճշմարիտ բան չի կատարի։ Թող կորչի ամբարիշտը, որպէսզի չտեսնի փառքը Տիրոջ։ 11Տէ՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չգիտեն. պիտի գիտենան ու ամաչեն, վրէժխնդրութիւնը պիտի սպառնայ չխրատուող ժողովրդին, եւ այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։ 12Տէ՛ր Աստուած մեր, տո՛ւր մեզ խաղաղութիւն, դու, որ ամէն ինչով վարձատրել ես մեզ։ 13Տէ՛ր Աստուած մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տէր, եւ քո անունն ենք տալիս։ 14Իսկ մեռածները կեանքը չեն տեսնելու. բժիշկները յարութիւն չեն կարող տալ։ Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստեան մատնեցիր նրանց բոլոր արուներին. 15դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տէր, չարիք աւելացրիր երկրի փառաւորուածների վրայ, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում։ 16Տէ՛ր, նեղութեան մէջ յիշեցինք քեզ, որովհետեւ քո տուած փոքր նեղութիւնը խրատ է մեզ համար։ 17Ինչպէս որ երկունքի մէջ գտնուողը, որ մօտ է ծննդաբերելու, ճչում է իր ցաւերից, այդպէս եղանք նաեւ մենք քո երկիւղից, Տէ՛ր, մենք, որ քո սիրելին ենք. 18յղիացանք, երկունքով բռնուեցինք, ծնեցինք ու երկրի վրայ ստեղծեցինք փրկութեան քո ոգին։ Այլեւս մենք չենք կործանուի, կը կործանուեն աշխարհի բնակիչները։ 19Պիտի յառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, եւ ուրախանալու են երկրի վրայ, որովհետեւ այն ցօղը, որ քեզնից է, բժշկութիւն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանուի։ 20Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնուի՛ր միառժամանակ, մինչեւ որ անցնի Տիրոջ բարկութիւնը, 21քանզի Տէրն ահաւասիկ իր սրբարանից բարկութիւն է բերում երկրի բնակիչների վրայ, իսկ երկիրը պիտի ցոյց տայ իր արիւնը եւ չպիտի թաքցնի սպանուածներին։
27 Այն օրը Տէրը պիտի քաշի սուրբ, մեծ ու հզօր սուրը փախչող վիշապ օձի վրայ, գալարուող վիշապ օձի վրայ՝ ծովի մէջ սպանելով վիշապին։ 2Այն ժամանակ մի սքանչելի այգի է լինելու, որին տիրանալը ցանկալի պիտի լինի։ 3«Ես մի անառիկ քաղաք եմ, քաղաք, որին պաշարելը զուր է։ Ես պիտի հարբեցնեմ նրան, որ գիշերը գրաւուի, իսկ ցերեկը խորտակուի նրա պարիսպը։ 4Չեղաւ մէկը, որ ձեռք չտար նրան։ Ո՞վ է, որ կ՚օգնի ինձ ագարակի մէջ պահպանելու արտի հունձը։ Սրա համար պատերազմողին այսուհետեւ պիտի անարգեմ։ Ահա թէ ինչու Տէրը կատարեց այն ամէնը, ինչ որ կարգադրեց։ «Այրուեցինք», -ասում են ու բողոքում նրա բնակիչները. - 5եկէ՛ք նրա հետ խաղաղութիւն պահենք»։ 6Յակոբի հաւաքուած որդիները նոր տունկի նման պիտի ընձիւղներ տան. Պիտի ծաղկի Իսրայէլը, եւ աշխարհը պիտի լցուի նրա պտղով։ 7Մի՞թէ սա այնպէս պիտի վիրաւորուի, ինչպէս որ Նա հարուածեց նրան, կամ այնպէս պիտի սպանուի, ինչպէս որ սպանեց նրան։ 8Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր, արդեօք, որ խստասրտօրէն եւ բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»։ 9Ուստի Յակոբի անօրէնութիւնը պէտք է վերանայ, եւ այս է լինելու նրա օրհնութիւնը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ նրա մեհեանների բոլոր քարերը մանր փոշու պէս պիտի փշրեն, այլեւս չեն պահպանուելու նրանց պաշտամունքի կուռքերը, 10այլ կտոր-կտոր պիտի արուեն, ինչպէս մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։ Եթէ մի շէն վայր մնայ, ապա պիտի վերածուի այնպիսի տեղի, ուր հօտն է մակաղելու կամ ուր լքուած ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արօտավայր է դառնալու այն, որտեղ եւ նրանք հանգրուանելու են։ 11Երկար ժամանակ անց այնտեղ դալար բոյս չի գտնուելու, որովհետեւ այդ տեղը պիտի չորանայ։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս էք հանդէսից, առա՛ջ եկէք, դուք, որ այն ժողովուրդը չէք, որն իմաստուն է։ Ահա թէ ինչու ձեզ չի գթալու Աստուած, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։ 12Այն օրը Տէրն արգելք պիտի դնի գետի փոսից մինչեւ Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մէկ առ մէկ հաւաքեցէ՛ք իսրայէլացիներին։ 13Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, եւ նրանք, ովքեր ցրուած են Ասորեստանի երկրում եւ կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղէմի սուրբ լերան վրայ երկրպագեն Տիրոջը։
28 Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լերան գագաթին. դուք հարբած էք, բայց ոչ գինուց։ 2Ահաւասիկ Տիրոջ ահաւոր ու խիստ բարկութիւնը, որ թափւում է ինչպէս կարկուտ, եւ ապաստանելու ոչ մի տեղ չկայ. նա նման է բուռն հեղեղներին ու յորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, եւ երկրին հանգստութիւն է բերելու։ 3Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակը ոտքի կոխան պիտի լինի, 4եւ բարձր լերան գագաթին յուսոյ ծաղիկը փառքից պիտի թառամի ինչպէս վաղահաս թուզ, որ, երբ որեւէ մէկը նկատում է, դեռ ձեռքը չառած՝ ուզում է կուլ տալ։ 5Այն օրը Զօրութիւնների Տէրը յոյսի նրբահիւս պսակ պիտի դառնայ՝ պատրաստուած ի փառս ժողովրդի մնացորդների, 6որպէսզի նրանք լինեն հոգով արդար ու դատաստանի երկիւղով յետ կանգնեն ծուլութիւնից։ 7Արդարեւ, նրանք մոլորուած են գինիով, նրանք իրենց կորցրին օղու համար. քահանան ու մարգարէն օղու համար յիմարացան, գինու համար ցնորուեցին. օղով հարբած՝ նրանք դանդաչեցին ու մոլորուեցին, որովհետեւ դա ինքնին յիմարութիւն է։ 8Թող այդ մոլութիւնն անէծքի բաժին դառնայ, որովհետեւ այդ մոլութիւնը ագահութիւնից է։ 9Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանուածների՞ն, կրծքից կտրուածների՞ն։ 10Ո՛չ, ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր շրթունքներիդ անզգամութեան համար. 11այդ ժողովրդի հետ խորթ լեզուով պիտի խօսեն 12եւ ասեն դրանց, թէ քաղցածի հանգիստը դա է, եւ դա է աղէտը. բայց նրանք չեն կամենում լսել։ 13Հետեւապէս նրանց է ուղղուած Տիրոջ խօսքը. «Ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչեւ որ գնան, թիկունքի վրայ տապալուեն, խորտակուեն, տանջուեն ու մեռնեն»։ 14Ուրեմն լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ նեղուած մարդիկ եւ Երուսաղէմի ժողովրդի իշխաննե՛ր։ 15Դուք ասացիք. «Ուխտ կնքեցինք դժոխքի հետ եւ դաշինք կռեցինք մահուան հետ. եթէ փոթորկուող մրրիկ էլ բարձրանայ, մեզ վրայ չի գայ, քանզի սուտը մեզ համար յոյս դարձրինք, ուրեմն ստութեամբ էլ կը պաշտպանուենք»։ 16Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան՝ չի ամաչի։ 17Յոյսով պիտի հաստատեմ իմ իրաւունքը եւ կշեռքով՝ իմ ողորմութիւնը, եւ իզուր իրենց յոյսը պիտի դնեն ստութեան վրայ՝ ասելով, թէ՝ «Մեզ չի հասնի մրրիկը, 18չի վերացնի մահուան հետ կնքած մեր ուխտը»։ Ձեր յոյսը, որ դժոխքի վրայ է, չի հաստատուելու, որովհետեւ եթէ փոթորկուող մրրիկը սպառնայ, ոտքի տակ պիտի գնաք։ 19Իսկ երբ այն գայ անցնի, պիտի վերցնի ու տանի ձեզ,առաւօտից առաւօտ, օր ու գիշեր պիտի անցնի,եւ դուք պիտի լինէք չարիքների կասկածի մէջ։Ո՛վ դուք նեղեալներ, սովորեցէ՛ք լսել։ 20Մարտնչել եւս չենք կարող, որովհետեւ երբ հաւաքուեցինք, տկարացանք ինչպէս ամբարիշտների լեռը։ 21Տէրը, բարկութեամբ լի, յառնելու է Գաբաւոնացիների հովտում եւ կատարելու է իր գործը, դառն գործը, քանզի նրա բարկութիւնը օտարի պէս է դատելու, եւ օտարի պէս է վրայ հասնելու նրա դառնութիւնը։ 22Իսկ դուք մի՛ ցնծացէք, որ չամրանան ձեր կապանքները, քանզի Տիրոջից, Զօրութիւնների Տիրոջից լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ Նա կատարելու է ողջ երկրի վրայ։ 23Ունկնդի՛ր եղէք եւ անսացէ՛ք իմ ձայնին, ո՛ւշ դրէք եւ լսեցէ՛ք իմ խօսքերը։ 24Մի՞թէ հերկուորն ամբողջ օրը կը հերկի, կամ մի՞թէ սերմը նախապէս կը ցանի, քանի դեռ նա հողը չի հերկել։ 25Մի՞թէ նախ նրա երեսը չի փխրեցնի, յետոյ մի փոքր արջնդեղ եւ չաման չի ցանի, ապա սահմանուած տեղում ցորեն ու գարի, կորեկ ու հաճար չի սերմանի։ 26Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծու արդարութեամբ, որով եւ ուրախ ես լինելու։ 27Արջնդեղը կալսելով չի մաքրուի, եւ կամնասայլի անիւը չամանի վրայ չեն պտտեցնի. արջնդեղը թակիչով է ծեծւում-անջատւում, իսկ չամանը հացով է ուտւում։ 28Բայց ես ձեզ վրայ յաւիտեան չպիտի բարկանամ, եւ ոչ էլ իմ դառնութեան ձայնն է ձեզ ճնշելու։ 29Այս իմաստուն գործերը եղան Զօրութիւնների Տիրոջից։ Արդ, մտածեցէ՛ք, վերացրէ՛ք ձեզնից ձեր ունայն մխիթարութիւնը։
29 Վա՜յ քեզ, Արիէ՛լ քաղաք, Արիէլ, որը Դաւիթը պաշարեց, քանզի տօները խառնուեցին իրար։ Արմտի՛ք հաւաքեցէք եւ տարէցտարի կերէ՛ք, կերէ՛ք Մովաբի հետ միասին։ 2Ես նեղը պիտի գցեմ Արիէլին, որ նրա զօրութիւնն ու մեծութիւնը իմը լինեն։ 3Ես Դաւթի պէս պիտի պաշարեմ քեզ, պատնէշեմ քեզ շուրջանակի եւ քո շուրջբոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ։ 4Եւ քո խօսքերը դէպի հողը պիտի խոնարհուեն, քո պատգամները գետնի մէջ մտնեն. քո կանչը պիտի լինի ինչպէս վհուկներինը, եւ հողի ընդերքում քո ձայնը պիտի տկարանայ։ 5Ամբարիշտների մեծութիւնը պիտի դառնայ անուի փոշու նման, քեզ զրկողների բազմութիւնը՝ մաղուած խնկի պէս։ 6Եւ մի ակնթարթում այցելութեան պիտի գայ Զօրութիւնների Տէրը՝ թնդիւնով, որոտումով ու բարձրաբարբառ կանչով, փոթորկուած մրրիկով եւ լափող կրակի բոցով։ 7Ինչպէս գիշերուայ երազի մէջ յայտնուած տեսիլքում, բոլոր հեթանոսների բազմութիւնը յարձակուելու է Երուսաղէմի ու այնտեղ հաւաքուածների վրայ,նաեւ նրանց վրայ, որոնք նեղում են նրան։ 8Բայց ինչպէս որ երազի մէջ քաղց են զգում եւ ուտում ու արթնանալով տեսնում, որ դա սին երազ էր, եւ կամ ինչպէս մէկը, որ երազում ծարաւում է եւ խմում ու արթնանալով նորից ծարաւ է մնում, եւ իզուր է անցնում հոգու այդ ցանկութիւնը, -այդպէս պիտի լինի նաեւ բոլոր հեթանոսների մեծութիւնը, որոնք զօրքով հաւաքուեցին եւ ելանընդդէմ Երուսաղէմի եւ Սիոն լերան։ 9Ապշահար եղաք, յիմարացաք, թմրեցիք, է՛լ աւելի թմրեցիք, հարբեցիք, բայց ո՛չ գինուց եւ ո՛չ էլ օղուց. 10քանզի Տէրը ձեզ յիմարութեան ոգի խմեցրեց եւ խցանեց ձեր, ձեր մարգարէների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը։ 11Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպէս կնքուած նամակի խօսքեր, որը երբ տան որեւէ գրագէտ մարդու եւ ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետեւ կնքուած է»։ 12Եւ նոյն գիրը պիտի տան մի մարդու ձեռքը, որը տառեր չի ճանաչում, ու ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, նա պիտի պատասխանի՝ կարդալ չգիտեմ։ 13Տէրն ասում է. «Այս ժողովուրդը մօտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատուիրաններն ու վարդապետութիւններն է ուսուցանում։ 14Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստութիւնը եւ արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։ 15Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խաւարի հետ են։ Նրանք ասում են. «Ո՞վ կը տեսնի մեզ, ո՞վ պիտի իմանայ, թէ ինչ ենք անում»։ 16Բայց չէ՞ որ դուք բրուտի կաւ էք. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կ՚ասի, թէ՝ դո՛ւ չես ինձ ստեղծել, կամ արարածն՝ Արարչին, թէ՝ իմաստութեամբ չես արարել ինձ։ 17Շատ չէ՝ քիչ ժամանակ կ՚անցնի, եւ Լիբանանը կը դառնայ ինչպէս Քերմէլ լեռը, իսկ Քերմէլն անտառ կը համարուի։ 18Այն ժամանակ խուլերը պիտի լսեն այդ գրուածքի խօսքերը, եւ խաւարի ու մէգի մէջ գտնուող կոյրերի աչքերը պիտի տեսնեն. 19աղքատներն ուրախութեամբ պիտի ցնծան Տիրոջ համար, եւ յոյսը կորցրած մարդիկ պիտի լցուեն խնդութեամբ։ 20Անօրէնը պիտի վերանայ, ամբարտաւանը պիտի անհետ կորչի, անիրաւները պիտի ոչնչանան չարիքների մէջ, 21նրանց հետ՝ նաեւ նրանք, ովքեր խօսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց յանդիմանողների բոլորի դռներին թակարդ էին լարում եւ անարդարութեամբ ծռում իրաւունքը։ 22Ուստի եւ Տէրն այսպէս է ասում Յակոբի տան մասին, որ նա ընտրեց Աբրահամից. «Հիմա Յակոբը չի ամաչելու, Իսրայէլը հիմա երեսի գոյնը չի փոխելու, 23բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Յակոբի սրբին ու պիտի երկնչեն Իսրայէլի Աստծուց։ 24Հոգով մոլորուածները պիտի ճանաչեն իմաստութիւնը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդուել, թոթովախօս լեզուները պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն»։
30 Այսպէս է ասում Տէրը. «Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանզի խորհուրդ էք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք էք կռում, բայց ոչ իմ հոգով, մեղքերի վրայ մեղքեր էք բարդում։ 2Առանց ինձ հարցնելու գնում իջնում էք Եգիպտացիների երկիրը՝ Փարաւոնից օգնութիւն գտնելու եւ եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու։ 3Բայց Փարաւոնի պաշտպանութիւնը ձեզ համար ամօթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապաւինելը՝ նախատինք. 4քանզի Տայանիս երկրում իշխանները չար պատգամաբերներ են. 5զուր տեղը ջանք կը թափե՞ն մի ժողովրդի համար, որից ո՛չ շահ եւ ո՛չ էլ օժանդակութիւն ու օգուտ է լինելու իրենց, այլ՝ ամօթ ու նախատինք»։ 6Տեսիլք անապատում նեղութեան եւ տառապանքի մէջ գտնուող չորքոտանիների մասին։ 7Առիւծն ու առիւծի կորիւնը եւ իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը բարձած էշերին եւ իրենց հարստութիւնը դրած ուղտերի վրայ, գնում են մի ազգի մօտ, որից իրենց օգուտ ու օժանդակութիւն չի լինելու, այլ՝ ամօթ ու նախատինք։ 8Եգիպտացիներին, որոնք իզուր եւ ապարդիւն են օգնում ձեզ, յայտնի՛ր. «Զուր է ձեզնից ստացած մեր մխիթարանքը»։ 9Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրայ եւ գրքի մէջ, որպէսզի դա պահպանուի իր ժամանակի համար եւ յաւիտեանս յաւիտենից, 10քանզի ժողովուրդն անհաւատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետեւել Աստծու օրէնքին։ 11Նրանք մարգարէներին ասում էին. «Մի՛ մարգարէացէք, այլ խօսեցէ՛ք մեզ հետու մեզ պատմեցէ՛ք մի այլ մոլորութեան մասին. 12մեզ յե՛տ դարձրէք այդ ճանապարհից, հեռացրէ՛ք մեզ այդ շաւղից, մեր միջից հանեցէ՛ք Իսրայէլի Աստծու օրէնքները»։ 13Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Որովհետեւ դուք անարգեցիք այդ խօսքերը եւ ապաւինեցիք սնոտի ստին, տրտնջացիք եւ յոյս դրիք դրա վրայ, 14այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկոյն խորտակուած պարսպի պէս, որը գրաւուած է, եւ որին հասել է յանկարծակի կործանում։ 15Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցէ անօթի ջարդուելուն, այնքան մանր փշրուած, որ որեւէ մէկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպէսզի դրանով կրակ վերցնի եւ կամ կարողանայ մի քիչ ջուր առնել»։ 16Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբ Աստուածը. «Երբ դարձի գաս եւ հոգոց հանես, այն ժամանակ կ՚ապրես եւ կ՚իմանաս, թէ որտեղ ես գտնւում»։ Որովհետեւ յոյսդ դրել էիր սնոտի բաների վրայ, դրա համար էլ սնոտի դարձաւ եւ ձեր զօրութիւնը։ Դուք չէիք կամենում լսել, 17այլ ասում էիք. «Մենք կը փախչենք մեր երիվարներով»։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. «Մենք կը փախչենք մեր արագընթաց երիվարներով»։ Դրա համար առաւել արագընթաց պիտի լինեն նրանք, որոնք ձեզ հալածելու են. 18քանզի մէկի աղաղակից հազարը պիտի փախչի, հինգի աղաղակից՝ տասը հազարը, մինչեւ որ մնաք լերան վրայ ցցուած ձողի նման եւ կամ ինչպէս բլրի վրայ կանգնեցուած քարակոթող։ 19Սակայն շուտով Աստուած նորից գթալու է ձեզ, վեր է կենալու, որպէսզի ողորմի ձեզ։ Տէր Աստուած մեր դատաւորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան, 20որովհետեւ արդար ժողովուրդը պիտի բնակուի Սիոնում։ Եւ Երուսաղէմը լալով պիտի պաղատի, թէ՝ ողորմի՛ր ինձ։ Պիտի ողորմի քեզ, պիտի գթայ քո ձայնին ու աղաղակին, հէնց որ տեսնի ու լսի քեզ։ 21Տէրը նեղութեան մէջ քեզ՝ հաց եւ թշուառութեան մէջ ջուր պիտի տայ. էլ քեզ չեն մօտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետեւ աչքերդ բացուելու են քեզ մոլորեցնողների հանդէպ, 22եւ ականջներդ քեզ մոլորեցնողների յետեւից լսելու են նրանց ասած խօսքերը, թէ՝ « Սա է ճանապարհը, այստեղով գնանք», եւ կամ թէ՝ « Դէպի ա՛ջ, կամ՝ դէպի ձա՛խ»։ 23Դու պիտի պղծես արծաթապատ եւ ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք եւ թափես ինչպէս դաշտանի ջուր, ինչպէս աղբ՝ պիտի հեռացնես դրանք։ 24Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրեւ պիտի լինի, քո հողի հացն ու բերքը պիտի լինեն առատ ու յուռթի, եւ այն օրը քո հօտերը պիտի արածեն փարթամ ու ընդարձակ վայրում։ 25Ձեր արջառներն ու եզները, որոնք հողն են վարում, պիտի ուտեն յարդ՝ խառնուած գարու հետ, որ բերելու են կալից։ 26Այն օրը բոլոր բարձր լեռների եւ բոլոր բարձրաբերձ բլուրների վրայ ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, եւ կործանուեն աշտարակները։ 27Այն օրը լուսնի լոյսն արեգակի լոյսի պէս պիտի լինի, իսկ արեգակի լոյսը պիտի լինի եօթնապատիկ շատ, պիտի դառնայ եօթը օրուայ լոյսի չափ, ու Տէրը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարուածը, պիտի բուժի քո վէրքերի ցաւերը։ 28Ահաւասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գայ Տիրոջ անունը՝ բարկութեամբ վառուած եւ փառքով լի. բարկութեամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խօսքերը։ Նրա բարկութիւնն ու ցասումը կրակի պէս պիտի լափեն, 29իսկ նրա հոգին, ինչպէս ձորը լցուող յորդահոս հեղեղ, պիտի հասնի մինչեւ պարանոցը։ Եւ պիտի բաժանի ու խռովութեան մատնի ազգերին՝ իրենց սնոտի մոլորութեան համար, պիտի հալածի նրանց մոլորութիւնըեւ նրանց հանի միմեանց դէմ։ 30Մի՞թէ դուք հանապազ ուրախութեամբ պիտի մտնէք իմ սրբութիւնները, մի՞թէ ամէն ժամ տօնախմբութիւններով, ցնծութեամբ ու փողերով պիտի մուտք գործէք Տիրոջ լեռը՝ Իսրայէլի սուրբ Աստծու մօտ։ 31Տէրը լսելի պիտի դարձնի իր փառաւոր ձայնը, ցոյց պիտի տայ իր բազկի զայրոյթը՝ սրտմտութեամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահաւոր բարկութեամբ, ինչպէս եւ ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։ 32Ասորեստանցիները պիտի ընկճուեն Տիրոջ ձայնից եւ այն հարուածներից, որ Նա հասցնելու է նրանց։ 33Եւ իրենց օգնականները, որոնց վրայ յոյս էին դրել, ամէն կողմից շրջապատման մէջ են առնելու նրան. փողերով ու թմբուկով նրանք շատ անգամ փոխնիփոխ պիտի կռուեն նրանց դէմ ու ոչ թէ վաղօրօք, այլ հէնց ժամանակին վրէժխնդիր պիտի լինեն նրանցից։ 34Եւ արդ, մի՞թէ ձեզ համար եւս նախատեսուած է թագաւորել։ Խոր ձորի մէջ փայտ է դիզուած, մեծ փայտակոյտն է բորբոքուել հրով. Տիրոջ զայրոյթն է բորբոքուած, ինչպէս ծծմբով լի ձոր։
31 Վա՜յ նրանց, ովքեր օգնութիւն գտնելու համար իջնում են Եգիպտոս, ովքեր հեծեալներին ու մարտակառքերին են ապաւինում, թէ շատ են, եւ ձիերի մեծ բազմութեանը. նրանք Իսրայէլի սրբի վրայ յոյս չեն դնում, Աստծուն չեն փնտռում։ 2Բայց Տէրն իմաստուն է, նրանց վրայ չարիք է բերելու, եւ նրա խօսքը չի անարգուի. նա կը կանգնի չար մարդկանց տների, նրանց սնոտի յոյսի վրայ։ 3Եգիպտացի մարդուն են ապաւինում եւ ոչ թէ Աստծուն, ձիերի մարմիններին, « բայց օգնութիւն չի լինի. Տէրը իր ձեռքը կ՚երկարի նրանց վրայ, եւ օգնողները տանջանքի կ՚ենթարկուեն, իսկ նրանցից օգնութիւն սպասողները կը կործանուեն, ամէնքն անխտիր կ՚ոչնչանան։ 4Այսպէս ասաց ինձ Տէրը. «Ինչպէս որ առիւծը եւ առիւծի կորիւնը մռնչում են դէպի այն որսը, որի վրայ են յարձակւում, այնպէս էլ ինքը պիտի բացականչի, լեռները լցնի իր ձայնով, եւ նրանք պարտութեան պիտի մատնուեն, նրա բարկութեան սաստկութիւնից պիտի հալուեն. այդպէս է իջնելու Զօրութիւնների Տէրը Սիոն լերան եւ նրա բլուրների վրայ»։ 5Ինչպէս թեւածող թռչունները, այդպէս էլ Զօրութիւնների Տէրը պիտի հովանի լինի Երուսաղէմին, նրա թիկունքին կանգնի, օգնի, փրկի եւ ապրեցնի։ 6Դարձէ՛ք դէպի Տէրը, ո՛վ Իսրայէլի որդիներ, որ գաղտնի ու չար խորհուրդներ էք խորհում. 7քանզի այն օրը մարդիկ պիտի վերացնեն իրենց արծաթէ եւ ոսկէ կուռքերը՝ իրենց ձեռքերի գործած մեղքերը։ 8Եւ ասորեստանցին պիտի ընկնի, բայց ոչ մարդու սրով. մարդու սուրը չի ուտելու նրան, նա փախուստի պիտի մատնուի, բայց ոչ սուսերի պատճառով. նրա երիտասարդները եւս պարտութեան պիտի մատնուեն։ 9Նրանք, ովքեր բանտարկուածների պէս թաքնուած են լինելու ժայռերի մէջ, 10նոյնպէս պարտութեան են մատնուելու. փախչողն էլ պիտի բռնուի։Այսպէս է ասում Տէրը. «Երանի՜ նրան, ով զաւակ ունի Սիոնում, եւ ում տանեցիները Երուսաղէմում են»։
32 Ահա մի թագաւոր, որ արդարութեամբ պիտի թագաւորի, եւ իշխաններ, որոնք իրաւունքով պիտի իշխեն։ 2Եւ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, այնպէս պիտի լինի,ինչպէս յորդ ջրերի մէջ թաքնուած մէկը։ Իսկ Սիոնը նմանուելու է մի փառաւոր գետի, որ յորդել է տոչորուած երկրում։ 3Այլեւս յոյս չեն դնելու մարդկանց վրայ, այլ իրենց ականջները պահելու են լսելու համար. 4տկարների սրտերը պիտի անսան ու հնազանդուեն, թոթովախօս լեզուներն արագօրէն պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն։ 5Էլ չեն դիմելու յիմարին, որ լինի իրենց իշխան, եւ ոչ էլ քո պաշտօնեաներն են ասելու, թէ՝ լո՛ւռ կաց. 6քանզի յիմարը յիմարութիւն դուրս կը տայեւ իր սրտում փուչ բաներ կը մտածի՝ անօրէնութիւն անելով, Աստծու մասին մոլորութիւններ խօսելով, հալածելով քաղցած հոգիներին եւ ծարաւած մարդկանց դատարկ արձակելով։ 7Չարագործերն անօրէն խորհուրդներ են խորհում՝ անիրաւ խօսքերով ապականելով խեղճերին եւ դատի ժամանակ արհամարհելով աղքատների խօսքը. 8իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, եւ այդ խորհուրդը կայ ու կը մնայ։ 9Ո՛վ բարեկեցիկ կանայք,եկէք ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ դուք, դուստրե՛ր, խոհե՛մ եղէք ու լսեցէ՛ք իմ խօսքերը։ 10Ցաւով ու տագնապով պիտի յիշէք տարեկան տօների օրերը, քանզի այգեկութը նուազեց, ցանքսը դադարեց, եւ այլեւս յետ չեն գալու։ 11Զարհուրեցէ՛ք, բարեկեցիկնե՛ր, տրտմեցէ՛ք, մեծամիտնե՛ր, հանուեցէ՛ք, մերկացէ՛ք, քո՛ւրձ հագէք, 12լա՛ց եղէք եւ կո՛ւրծք ծեծեցէք սիրելի հանդերի համար եւ այգիների բերքի համար։ 13Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, եւ բոլոր ապարանքների միջից ուրախութիւնը պիտի վերանայ. փարթամ քաղաքի ապարանքները պիտի լքուեն։ 14Պիտի լքեն այդ քաղաքի հարստութիւնը եւ ցանկալի տները, քո աւանները յաւիտենապէս քարանձաւների պիտի վերածուեն, ցիռերը պիտի զուարճանան այնտեղ,եւ հօտերը պիտի արածեն, 15մինչեւ որ բարձրից ձեզ վրայ գայ Հոգին, եւ Քերմէլն անապատ դառնայ, Քերմէլ լեռն անտառ համարուի, 16եւ իրաւունքը հանգրուանի անապատում, արդարութիւնը բնակուի Քերմէլում։ 17Արդարութեան գործերը խաղաղութեամբ պիտի կատարուեն, արդարութիւնը անդորրութիւն պիտի հաստատի, յոյս ունեցողները յաւիտեան պիտի մնան։ 18Եւ իմ ժողովուրդը պիտի բնակուի խաղաղութեան քաղաքում, պիտի բնակուի յոյսով եւ լինի ապահով ու հանգիստ։ 19Եթէ կարկուտ էլ թափուի, նրանց վրայ չի գալու։ Անտառում բնակուողները նոյնպէս պիտի լինեն այնպէս ապահով, ինչպէս նրանք, որոնք դաշտում են։ 20Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մօտ, ուր ոտք են դնում եզն ու էշը։
33 Վա՜յ նրանց, ովքեր թշուառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշուառութեան մատնել. ով որ արհմարհում է, ձե՛զ չէ, որ արհամարհում է, քանզի ձեզ արհամարհողները պարտութեան պիտի մատնուեն. ինչպէս որ ձորձերի վրայի ցեցը, այնպէս էլ նրանք պարտութեան պիտի մատնուեն։ 2Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ։ Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու։ 3Քո ձայնի ահից ժողովուրդները յիմարացան, եւ քո երկիւղից հեթանոսները ցրուեցին։ 4Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս, ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից.այդպէս էլ ծաղրելու են ձեզ։ 5Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել։ 6Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ։ Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածպաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան գանձերը։ 7Ահաւասիկ նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրե՛նք են ձեզնից վախենում. պատգամաւորներ են ուղարկում, որպէսզի դառնօրէն լաց լինելով՝ խաղաղութիւն աղերսեն։ 8Նրանց ճանապարհները կտրուեցին, հեթանոսների ահը հանդարտուեց, եւ վերացաւ նրանց հետ կնքուած ուխտը. այլեւս նրանց մարդ մի՛ համարէք։ 9Սուգ արեց եւ տկարացաւ երկիրը, Լիբանանն ամօթահար եղաւ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածուեց, Գալիլիան եւ Կարմելոսը մերկացան։ 10«Այժմ ելնելու եմ ես, -ասում է Տէրը, -այժմ փառաւորուելու եմ, այժմ բարձրանալու եմ։ 11Ահա պիտի տեսնէք, ահա ամօթահար պիտի լինէք, զուր պիտի լինի ձեր հոգու զօրութիւնը, եւ կրակը ձեզ պիտի ճարակի։ 12Հեթանոսները ագարակի մէջ խանձուած փշի նման պիտի դառնան՝ այրուած ու լքուած։ 13Թող հեռւում գտնուողները լսեն՝ ինչ որ կատարեցի, եւ մօտ եղողները ճանաչեն իմ զօրութիւնը»։ 14Անօրէնները մերժուեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եւ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, թէ կրակը բորբոքուել է, կամ ո՞վ պիտի յայտնի ձեզ յաւիտենական կայանի մասին։ 15Ով արդարութեամբ է ընթանում, խօսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրէնութիւնն ու անիրաւութիւնը, իր ձեռքերը հեռու պահում կաշառքից, ծանրացնում ականջները, որպէսզի չլսի արեան վրիժառութեան մասին, փակում աչքերը, որպէսզի անարդարութիւնը չտեսնի, « 16նա հաստատուն ապառաժի բարձր անձաւի մէջ է բնակուելու. հաց պիտի տրուի նրան, ջրով եւս ապահովուած պիտի լինի նա։ 17Դուք տեսնելու էք թագաւորին իր փառքի մէջ,ձեր աչքերը հեռուից դիտելու են երկիրը, 18ու ձեր հոգին խորհելու է Աստծու երկիւղի մասին։ Ո՞ւր են գրագիրները, ո՞ւր են խրատատուները, ո՞ւր է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների հաշիւը. 19նա խորհրդի չնստեց ժողովրդի հետ, որն անտեղեակ էր ու ծանրալեզու, որովհետեւ չէր լսում. վատթարացած մի ժողովուրդ, որ լսածի մասին չէր ուզում մտածել։ 20Ահա մեր փրկութեան քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղէմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժուելու, յաւիտեանս յաւիտենից չեն շարժուելու նրա վրանների ցցերը, չեն խզուելու եւ դրանց պարանները, 21քանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը։ Ձերն է լինելու այն երկիրը, ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլեւս չես գնալու, չեն գնալու եւ քո վարած նաւերը, որովհետեւ մեծ է մեր Աստուածը եւ մեզ չի անտեսի։ 22Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ։ 23Կտրուեցին քո պարանները, որովհետեւ չդիմացան, կայմն էլ թեքուեց եւ չի բացելու առագաստը ու չի պարզելու դրօշը մինչեւ կորստեան մատնուելը? 24Այնուհետեւ բազում կաղեր աւարառութիւն պիտի կատարեն։ Ժողովուրդը, որ բնակւում է դրանց մէջ, չպիտի ասի, թէ՝ տանջուեցինք, որովհետեւ նրա մեղքերին թողութիւն է լինելու։
34 Մօ՛տ եկէք ու լսեցէ՛ք, ո՛վ հեթանոսներ, ակա՛նջ դրէք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրը՝ իր մէջ գտնուողների հետ, աշխարհը՝ իր մէջ ապրող ժողովուրդների հետ։ 2Տիրոջ զայրոյթը բոլոր ազգերին է ուղղուած, բարկութիւնը նրանց բոլոր բազմութիւնների դէմ է, որպէսզի ոչնչացնի նրանց՝ մատնելով սպանութեան. 3իսկ նրանց վիրաւորները պիտի ընկնեն դիտապաստ, նրանցից նեխահոտ պիտի փչի, լեռները պիտի թրջուեն նրանց արեամբ։ 4Երկնային բոլոր զօրութիւնները պիտի հալուեն, երկինքը մագաղաթի պէս պիտի գալարուի, բոլոր աստղերը ցած պիտի թափուեն ինչպէս որթատունկի տերեւ կամ ինչպէս թզենուց վայր ընկնող տերեւ։ 5Սուրն իմ, որ հարբել է երկնքում, այժմ իջնելու է եդոմայեցիների վրայ եւ կորստեան դատապարտուած ժողովրդի վրայ՝ դատաստանի համար։ 6Տիրոջ սուրը յագեցել է արեամբ, ուռել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորայում՝ զոհաբերութիւն, իսկ եդոմայեցիների երկրում մեծ սպանդ է լինելու։ 7Նրանց հետ պիտի ճզմուեն մեծամեծները, նաեւ խոյերն ու ցուլերը. երկիրը պիտի հարբի նրանց արեամբ, եւ հողը նրանց ճարպով պիտի լցուի։ 8Արդարեւ, Տիրոջ դատաստանի օրն է, Սիոնի դատաստանի հատուցման տարին. 9եւ նրա ձորերը ձիւթ պիտի դառնան, իսկ նրա հողը՝ ծծումբ. 10նրա հողը, ինչպէս ձիւթ, զօր ու գիշեր պիտի վառուի եւ յաւիտենապէս չի հանգչելու։ Նրա ծուխը վեր պիտի բարձրանայ, եւ նա սերնդից սերունդ պիտի աւերուի, շատ ու շատ ժամանակներ պիտի աւերուի, եւ չի լինելու ոչ ոք, որ անցնի այնտեղով։ 11Այնտեղ բնակութիւն պիտի հաստատեն թռչուններն ու ոզնիները, ցիներն ու ագռաւները, նրա մէջ պիտի ջնջուեն ու աւերակ դառնան չափուած սահմանները, յուշկապարիկները պիտի բնակուեն այնտեղ։ 12Նրա իշխանները պիտի դադարեն գոյութիւն ունենալուց, նրա թագաւորներն ու մեծամեծները պիտի կործանուեն։ 13Նրա քաղաքներում եւ ամրոցներում փշաբեր ծառ պիտի բուսնի։ Համբարուների բնակատեղի եւ ջայլամների հանգրուան պիտի դառնայ նա, 14ուր դեւերն ու յուշկապարիկներն են հանդիպելու եւ միմեանց ձայն տալու։ Այնտեղ պիտի հանգրուանեն յուշկապարիկները, որովհետեւ իրենց համար հանգիստ են գտնելու։ 15Այնտեղ ոզնին ձագեր պիտի հանի, եւ երկիրը զգուշութեամբ սնուցելու է նրա ձագերին։ Այնտեղ միմեանց են հանդիպելու եղջերուները եւ իրար երես են տեսնելու. 16նրանք թուով պիտի բազմապատկուեն, նրանցից մէկն անգամ չի նուազելու, ընկերն ընկերոջ պակաս չի զգալու,քանզի Տէրն է այդպէս հրամայել նրանց, Նրա Հոգին է նրանց հաւաքել։ 17Նա է նրանց այդ վիճակին արժանացրել, նրա ձեռքն է նրանց կեր բաժանել՝ յաւիտեանս յաւիտենից։ Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ եւ հանգրուան գտնեն այնտեղ։
35 Թող ուրախանայ ծարաւած անապատը, թող ցնծայ անապատը ու ծաղկի ինչպէս շուշանը։ 2Թող ծաղկի ու ցնծայ Յորդանանի անապատը. նրան պիտի տրուի ե՛ւ փառքը Լիբանանի, ե՛ւ պատիւը Կարմելոսի, ու իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհութիւնը մեր Աստծու։ 3Ո՛ւժ առէք, լքուա՛ծ ձեռքեր ու տկարացած ծնկներ, 4մխիթարուեցէ՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գօտեպնդուեցէ՛ք եւ մի՛ երկնչէք։ Ահաւասիկ մեր Աստուածը դատաստանով պիտի հատուցի եւ վրէժխնդիր լինի, նա ինքը պիտի գայ ու փրկի մեզ։ 5Այն ժամանակ կոյրերի աչքերը պիտի բացուեն, եւ խուլերի ականջները լսեն։ 6Այն ժամանակ կաղը եղջերուի պէս պիտի վազի, եւ ծանրախօսների լեզուն պարզ պիտի դառնայ, քանզի ջուր պիտի բխի անապատում, եւ գետ՝ ծարաւած հողում։ 7Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածուեն, եւ տոչորուած հողում աղբիւրի ջրեր պիտի բխեն։ Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռուողեն, եւ հօտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու եւ ճահճուտներ։ 8Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, եւ ճանապարհը սուրբ պիտի կոչուի, այդ տեղով պիղծը չպիտի անցնի, « պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, -մտամոլոր մարդիկ անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորուեն։ 9Այնտեղ առիւծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մէկն այնտեղով չի անցնելու եւ այնտեղ ամենեւին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկուածները եւ Տիրոջ համար հաւաքուածները։ 10Պիտի վերադառնան ու ցնծութեամբ գան Սիոն, եւ նրանց գլխի վրայ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի, օրհնութիւն ու ցնծութիւն պիտի լինի նրանց գլխի վրայ, ուրախութիւնը պիտի դիմաւորի նրանց, ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի անհետանան։
36 Այնպէս պատահեց, որ Եզեկիայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Հրէաստանի ամուր քաղաքների վրայ եւ գրաւեց։ 2Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զօրքով Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ ուղարկեց Ռափսակին, որը եկաւ կանգ առաւ Կտաւ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերեւի աւազանի ջրմուղի մօտ։ 3Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որ հրովարտակներ էր գրում, եւ Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր։ 4Ռափսակը նրանց ասաց. «Գնացէք յայտնեցէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում Ասորեստանի մեծ արքան. «Ո՞ւմ վրայ ես յոյս դրել. 5խորհրդով կամ բերանի խօսքերով պատերազմի հարց կը լուծուի՞. իսկ հիմա ո՞ւմ վրայ ես յոյս դրել, որ չես հնազանդւում ինձ։ 6Ահա դու յոյսդ դրել ես ջախջախուած եղեգնեայ ցուպի՝ եգիպտացու վրայ, որին եթէ որեւէ մէկը յենուի՝ պիտի խորտակուի, եւ այն պիտի ընկնի ձեռքից. ահա այդպիսին է Եգիպտոսի Փարաւոն արքան ամենքի համար, որոնք ապաւինել են նրան։ 7Իսկ եթէ ասէք, թէ՝ մեր Տէր Աստծուն ենք ապաւինել, ապա մի՞թէ դա նա չէ, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց եւ Հրէաստանին ու Երուսաղէմին հրաման տուեց, որ միայն իր առջեւ գտնուող զոհասեղանին երկրպագութիւն մատուցեն։ 8Դէ ուրեմն եկէք միացէ՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, եւ ես ձեզ երկու հազար երիվար կը տամ, եթէ դուք կարողանաք դրանց համար հեծեալներ տալ։ 9Եւ դուք, որ յոյս էք դրել Եգիպտոսի վրայ, նրանց հեծեալների ու երիվարների վրայ, ինչպէ՞ս պիտի կարողանաք կռուել իմ տիրոջ աշխարհակալ զօրապետներից որեւէ մէկի հետ։ 10Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը՝ նրա հետ պատերազմելու համար։ Տէրն ինձ ասաց. «Գնա՛ այդ երկիրը եւ աւերի՛ր այն»։ 11Ապա Եղիակիմը, Սոմնասը եւ Յովաքը ասացին նրան. «Մեզ՝ քո ծառաների հետ խօսի՛ր ասորերէն, որովհետեւ մենք այն հասկանում ենք, մեզ հետ հրէերէն մի՛ խօսիր. ինչո՞ւ ես այդպէս խօսում, որ հասնի այն մարդկանց ականջին, որոնք պարիսպների վրայ են»։ 12Ռափսակը նրանց ասաց. «Մի՞թէ միայն ձեր տիրոջ մօտ կամ ձեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը, որ խօսեմ այս բաները, եւ ո՞չ արդեօք այն մարդկանց մօտ, որոնք նստում են այդ պարսպի վրայ, որպէսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը եւ չխմեն իրենց մէզը»։ 13Ռափսակը ոտքի ելաւ եւ բարձր ձայնով հրէերէն կանչեց ու ասաց. «Լսեցէ՜ք Ասորեստանի մեծ արքայի թագաւորական պատգամները։ 14Այսպէս է ասում արքան. «Թող Եզեկիան ձեզ չմոլորեցնի այնպիսի խօսքերով, որոնցով չի կարող փրկել ձեզ։ 15Եւ թող չխաբի ձեզ Եզեկիան, թէ Աստուած փրկելու է ձեզ, եւ այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքը չի մատնուելու։ Մի՛ լսէք Եզեկիային»։ 16Այսպէս է ասում Ասորեստանի արքան. «Եթէ դուք ձեր բարին էք կամենում, եկէք ի՛նձ յանձնուէք, եւ իւրաքանչիւրդ կ՚ուտէք ձեր այգու եւ թզենու պտուղը ու կը խմէք ձեր ջրհորի ջուրը, 17մինչեւ որ գամ եւ տանեմ ձեզ մի երկիր, որ նման է ձեր երկրին, երկիր ցորենի ու գինու, հացառատ ու այգեշատ։ 18Թող ձեզ չխաբի Եզեկիան՝ ասելով, թէ՝ «Աստուած պիտի փրկի ձեզ». արդեօք ազգերի աստուածները կարողացա՞ն Ասորեստանի արքայի ձեռքից փրկել իրենց այս կամ այն երկիրը։ 19Ո՞ւր են Եմաթի ու Արփաթի աստուածները, ո՞ւր է Սեփարուիմ քաղաքի աստուածը. միթէ իմ ձեռքից կարողացա՞ն փրկել Սամարիան։ 20Այդ բոլոր ազգերի աստուածներից արդեօք ո՞ր մէկն էր, որ կարողացաւ իմ ձեռքից փրկել իր երկիրը, որ ձեր Աստուածն էլ կարողանայ իմ ձեռքից փրկել Երուսաղէմը»։ 21Լուռ մնացին նրանք եւ ոչ մի պատասխան չտուին, որովհետեւ թագաւորը հրամայել էր պատասխան չտալ։ 22Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որը հրովարտակներ էր գրում, Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մօտ եւ նրան հաղորդեցին Ռափսակի խօսքերը։
37 Եզեկիա արքան, լսելով այս խօսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ մտաւ Տիրոջ տունը։ 2Այնուհետեւ Եղիակիմ հազարապետին, գրագիր Սոմնասին եւ ծեր քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամոսի որդու՝ Եսայի մարգարէի մօտ, 3որ ասեն նրան. «Այսպէս է ասում Եզեկիան. «Այսօր նեղութեան ու նախատինքի, կշտամբանքի ու բարկութեան օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։ 4Թող քո Տէր Աստուածը լսի Ռափսակի խօսքերը, որին ուղարկեց իր տէրը՝ Ասորեստանի արքան, որպէսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խօսքերով, որոնք լսեց քո Տէր Աստուածը։ Արդ, աղերսի՛ր քո Տէր Աստծուն մնացածներիս համար»։ 5Եզեկիա արքայի պաշտօնեաները ներկայացան Եսայուն։ 6Եւ Եսային ասաց նրանց. «Այս բանը կը հաղորդէք ձեր տիրոջը։ Այսպէս է ասում Տէրը. «Չվախենաս այն խօսքերից, որ լսեցիր, եւ որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաւորները։ 7Ահա ես արքայի մէջ խռովութեան ոգի կը սերմանեմ. լուր առնելով՝ նա կը վերադառնայ իր աշխարհը եւ իր երկրում սրի բաժին կը դառնայ»։ 8Ռափսակը իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լոբնան, վերադարձաւ ու հասաւ Ասորեստանի արքայի մօտ։ 9Եւ երբ եթովպացիների Թարակ արքան դուրս եկաւ սրան պաշարելու, նա յետ եկաւ այնտեղից եւ պատգամաւորներ յղեց Եզեկիայի մօտ՝ յայտնելով. 10«Այսպէ՛ս ասացէք Հրէաստանի Եզեկիա արքային. «Թող քեզ չմոլորեցնի Աստուած, որին դու ապաւինել ես՝ ասելով, թէ Երուսաղէմը չի մատնուի Ասորեստանի արքայի ձեռքը։ 11Բայց մի՞թէ դու չես լսել, թէ Ասորեստանի թագաւորներն ի՛նչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպէ՛ս կործանեցին նրանց։ Իսկ, ի՛նչ է, դու փրկուելո՞ւ ես։ 12Մի՞թէ աստուածները փրկեցին իմ այն ազգերին, որոնց իմ հայրերը կորստեան մատնեցին. Գոզանը, Խառանը, Ռափեթը, որոնք գտնւում են Եմաթի երկրում։ 13Ո՞ւր են Եմաթի եւ Արփաթի թագաւորները, ո՞ւր են Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Գաւայի թագաւորները»։ 14Եզեկիան, պատգամաւորների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտաւ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։ 15Եզեկիան աղօթքի կանգնեց Տիրոջ առաջ եւ ասաց. 16«Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի, որ բազմում ես քերովբէների վրայ, դու ես աշխարհի բոլոր թագաւորութիւնների միա՛կ Աստուածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։ 17Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տէր, եւ լսի՛ր. Տէ՛ր, բա՛ց քո աչքերը եւ նայի՛ր, ո՛վ Տէր. լսի՛ր, Տէ՛ր, եւ իմացի՛ր այն պատգամները, որ ուղարկեց Ասորեստանի Սենեքերիմ արքան՝ նախատելու համար կենդանի Աստծուն։ 18Արդարեւ, Ասորեստանի թագաւորներն աւերեցին համայն աշխարհն իր երկրներով, 19հրոյ ճարակ դարձրին նրանց կուռքերը եւ կործանեցին, քանի որ նրանք աստուածներ չէին, այլ՝ մարդու ձեռքով կերտուած փայտէ ու քարէ կուռքեր։ 20Բայց արդ, Տէ՛ր Աստուած մեր, ազատի՛ր մեզ նրանց ձեռքից, որպէսզի աշխարհի բոլոր թագաւորութիւնները գիտակցեն, որ դու ես միակ Աստուածը»։ 21Ապա Ամոսի որդի Եսային ուղարկուեց Եզեկիայի մօտ ու ասաց նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Լսեցի այն աղօթքները, որոնցով պաղատեցիր ինձ՝ ընդդէմ Ասորեստանի Սենեքերիմ արքայի»։ 22Ահա այս է այն պատգամը, որ յայտնեց Աստուած նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ, ո՛վ Սիոնի կոյս դուստրը,քո յետեւից հեգնանքով նայեց Երուսաղէմի դուստրը։ 23Ո՞ւմ վրայ թափեցիր քո նախատինքն ու չարութիւնը, ո՞ւմ վրայ ես բարձրացրել ձայնդ, ինչո՞ւ հայեացքդ չես յառում բարձունքին՝ դէպի Իսրայէլի սուրբը։ 24Ինչո՞ւ պատգամաւորների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր, թէ՝ « Իմ կառքերի բազմութեամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելայ, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները եւ մտայ նրա անտառի ամենաբարձր կողմերը, 25կամուրջ գցեցի եւ ցամաքեցրի ջրերն ու բոլոր ջրամբարները»։ 26Մի՞թէ դու չես լսել, թէ աւելի առաջ, հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ եւ այժմ էլ յայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մէջ, 27նաեւ բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողի, եւ նրանք չորացան, դարձան ինչպէս տանիքի վրայ այրուած խոտ, ինչպէս չորացած սէզ։ 28Արդ, ես գիտեմ քո տեղն ու հանգրուանը,գիտեմ, թէ որ ճամփով ես գնում ու գալիս։ 29Քո զայրոյթն ու բարկութիւնը, քո մաղձոտութիւնն ինձ համար ակներեւ են, դրա համար էլ լկամ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին եւ յետ պիտի դարձնեմ քեզ նոյն ճանապարհով, որով եկար։ 30Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտէք սերմանուածը, միւս տարին պիտի ուտէք մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանէք ու հնձէք, այգիներ տնկէք եւ ուտէք նրանց պտուղը։ 31Հրէաստանում մնացածները արմատներ պիտի արձակեն դէպի ներքեւ եւ պտուղ պիտի տան վերեւում, 32որովհետեւ նրանք Երուսաղէմում պիտի լինեն, եւ փրկուածները՝ Սիոն լերան վրայ. Զօրութիւնների Տիրոջ նախանձախանդրութեամբ է այդպէս լինելու»։ 33Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Ասորեստանի թագաւորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրայ, դա չպիտի փակի վահաններով եւ ոչ էլ պատնէշներով պիտի պաշարի դա, 34այլ պիտի վերադառնայ այն նոյն ճանապարհով, որով եկել է, եւ չպիտի մտնի այդ քաղաքը։ 35Այսպէս է ասում Տէրը. «Պիտի պահպանեմ այդ քաղաքը, որպէսզի փրկեմ դա՝ ինձ եւ իմ ծառայ Դաւթի համար»։ 36Ապա Տիրոջ հրեշտակը ելաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազարին սպանեց։ Առաւօտեան վեր կենալով՝ գտան բոլորի անշունչ դիակները։ 37Եւ Ասորեստանի Սենեքերիմ արքան նորից դարձաւ, գնաց ու բնակուեց Նինուէում։ 38Եւ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մէջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելէքը եւ Սարասարը, սրով սպանեցին նրան եւ իրենք փախստական գնացին Հայաստան։ Իսկ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ասորդանը։
38 Այն ժամանակ Եզեկիան հիւանդացաւ մահացու հիւանդութեամբ. Ամոսի որդի Եսային եկաւ նրա մօտ ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Պատուէ՛ր տուր տանդ համար, որովհետեւ մեռնելու ես, չես ապրելու»։ 2Եւ Եզեկիան երեսը շրջեց դէպի պատը, աղօթք արեց ու ասաց. 3«Ո՛վ Տէր. յիշի՛ր ինձ, Տէ՜ր, քանզի քո առաջ արդարութեամբ ու ճշմարիտ սրտով ընթացայ եւ քեզ համար հաճելի գործեր կատարեցի»։ Ապա մեծ ցաւով լաց եղաւ Եզեկիան։ 4Եւ Տէրը, խօսքն ուղղելով Եսայուն, ասաց. 5«Գնա՛ եւ ասա՛ Եզեկիային, թէ այսպէս է ասում քո հօր՝ Դաւթի Տէր Աստուածը. «Լսեցի քո աղօթքի ձայնը եւ տեսայ քո արցունքները. ահաւասիկ քո կեանքի ժամանակի վրայ աւելացնում եմ տասնհինգ տարի. 6Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու այս քաղաքը, պիտի պահապան լինեմ այս քաղաքին»։ 7Եւ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, թէ Աստուած կատարելու է այն խօսքը, որ ասաց. 8«Ահաւասիկ ես յետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստուերը. քո տան տասը աստիճաններով ներքեւ իջած շողքը ես տասը աստիճանով յետ եմ շրջելու»։ Եւ շողքը բարձրացաւ տասը աստիճան, հասաւ այնտեղ, ուր ստուերն էր իջել։ 9Հրէաստանի արքայ Եզեկիայի աղօթքը այն ժամանակ, երբ նա հիւանդացաւ եւ ապաքինուեց հիւանդութիւնից. 10«Ես ասում էի, թէ երբ իմ օրերն սպառուեն, մնացած տարիներս թողած՝ ընկնելու եմ գերեզմանի դռները։ 11Ասում էի, թէ երկրի վրայ այլեւս չեմ տեսնի Աստծու փրկութիւնը, էլ չեմ տեսնի մարդ ու բնակիչ։ 12Զրկուեցի ես իմ ազգատոհմից, թողի իմ մնացած կեանքը, որը ելաւ ու հեռացաւ ինձնից,ինչպէս քանդւում է կանգուն տաղաւարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատուի, ինչպէս ջուլհակի ոստայնը, որ մօտ է կտրուելու։ 13Այն օրը դատապարտուած մնացի մինչեւ առաւօտ. ասես առիւծը ջարդէր իմ բոլոր ոսկորները, զօր ու գիշեր դատապարտուած մնացի։ 14Ճչում էի ինչպէս ծիծեռնակը եւ աղաւնու նման մնչում, որովհետեւ աչքերս տկարացան նայելուց դէպի երկնքի բարձունքը՝ դէպի Տէրը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցաւերը 15եւ ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնութիւն իմ անձի։ 16Այդ մասին քեզ պատմուեց, Տէ՛ր, եւ դու արթնացրիր իմ հոգին, ես մխիթարուեցի եւ ապրեցի։ 17Ահաւասիկ խաղաղութեան փոխուեց իմ դառնութիւնը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանուեմ, ինձնից յետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։ 18Գերեզմանում գտնուողները չէ, որ պիտի խոստովանեն քեզ, մեռածները չեն, որ պիտի օրհնեն քեզ,եւ ոչ էլ քո ողորմութեանն են յուսալու նրանք, ովքեր գերեզման են իջնում։ 19Ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպէս ես այժմ։ Այսուհետեւ մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարութեան մասին, 20ո՛վ փրկիչ իմ Տէր։ Եւ իմ կեանքի բոլոր օրերին քո աստուածային տաճարի առաջ չեմ դադարելու սաղմոսարանով օրհներգելու քեզ»։ 21Ապա Եսային Եզեկիային ասաց. «Թզի չի՛ր վերցրու, մանրի՛ր եւ դի՛ր վէրքիդ վրայ, եւ պիտի առողջանաս»։ 22Իսկ նա պատասխանեց. «Դա նշան է, որ Աստծու տաճա՞րը պիտի մտնեմ»։
39 Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաւորներ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ հրովարտակներով ու նուէրներով, որովհետեւ լսել էր, թէ նա հիւանդացել է մերձիմահ եւ առողջացել։ 2Նրանք ուրախութիւն պատճառեցին Եզեկիային, որը ցոյց տուեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու եւ արծաթի, զէնքերի բոլոր պահեստները, ամէն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տէրութեան սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցոյց չտար։ 3Եւ ահա Եսայի մարգարէն ներկայացաւ Եզեկիա արքային եւ ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մօտդ»։ Իսկ Եզեկիան պատասխանեց. «Հեռաւոր աշխարհից են եկել մօտս, Բաբելոնից»։ 4Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տան մէջ»։ Եզեկիան պատասխանեց. «Ամէն բան, ինչ որ կայ իմ տանը, տեսան։ Բան չկայ իմ տան մէջ, որ չտեսնէին, տեսան նաեւ իմ գանձերը»։ 5Եսային ասաց նրան. «Հիմա դու լսի՛ր Զօրութիւնների Տիրոջ պատգամները. 6«Ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամէն բան, ինչ որ կայ քո տան մէջ, ինչ որ հաւաքել են քո հայրերը մինչեւ այսօր։ Դրանք Բաբելոն պիտի տարուեն, ոչ մի բան չեն թողնելու»։ Աստուած ասաց, 7թէ պիտի տարուեն նաեւ քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու եւ ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագաւորի պալատում»։ 8Իսկ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խօսքը, որ դու յայտնեցիր, բարի է. թող արդարութիւն ու խաղաղութիւն լինի իմ օրերում»։
40 «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին, - ասում է Աստուած, - 2դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։ 4Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ 5Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց»։ 6Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ 7Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափւում,որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը։ Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ 8Խոտը չորանում է, ծաղիկը թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»։ 9Ե՛լ այդ բարձր լերան վրայ, ո՛վ աւետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ աւետաբերդ Երուսաղէմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր եւ յայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին. 10«Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են։ 11Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին,կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»։ 12Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով։ 13Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար։ 14Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը, կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան։ 15Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը։ 16Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, 17եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում։ 18Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։ 19Միթէ կո՞ւռք է նա, որին կերտել է արուեստաւորը, եւ կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանութիւն ու կերպարանք տալով նրան։ 20Հիւսնն էլ անփտելի փայտն է ընտրել եւ խելք ու հնարքի դիմել, թէ ինչպէս կանգնեցնի այն, որ չշարժուի։ 21Միթէ չլսեցի՞ք ու չիմացա՞ք, ի սկզբանէ ձեզ չպատմուե՞ց, չհասկացա՞ք, թէ ով հաստատեց երկրի հիմքերը։ 22Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում։ Նա է կանգնեցրել երկինքն ինչպէս կամար, ձգել՝ ինչպէս վարագոյր եւ հիմնել երկիրը՝ նրա մէջ բնակուելու համար։ 23Նա է, որ իշխաններին անիշխանութեան է դատապարտում եւ երկիրն ամայացնում, 24որպէսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, եւ նրանց արմատը հողի մէջ չհաստատուի։Նա կը փչի նրանց վրայ, եւ կը չորանան, ու փոթորիկը խռիւի նման կը քշի դրանք։ 25«Արդ, ո՞ւմ կ՚ուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահաւասար լինէի», « ասում է Իսրայէլի սուրբը։ 26Աչքներդ դէպի երկի՛նք բարձրացրէք եւ տեսէ՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամէնը, ո՞վ ստեղծեց նրա համակարգութիւնը՝ մեծ փառքով եւ անհնարին ուժով ամէն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից։ 27Մի՛ ասա, Յակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խօսում, Իսրայէ՛լ, թէ՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, եւ իմ Աստուածը վերացրեց իմ իրաւունքներն ու հեռացաւ»։ 28Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ յաւիտենական Աստուածը, երկրի սահմանները հաստատող Աստուածը ո՛չ քաղց է զգում եւ ո՛չ էլ յոգնում, նրա իմաստութիւնն անքննելի է։ 29Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն։ 30Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի յոգնեն, քաջընտիր մարդիկ անզօր պիտի դառնան, 31իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապաւինում, նոր ուժ պիտի ստանան եւ նոր փետուրներով զարդարուեն ինչպէս արծիւներ, պիտի վազեն, բայց չպիտի յոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
41 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի իշխանները նորոգուելու են զօրութեամբ, մօտենալու են ու միասին խօսելու եւ պատմելու են արդար դատաստանի մասին։ 2Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը, 3նրանց փախստական է դարձնելու եւ խաղաղութեամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են։ 4Արդ, կ՚ասէ՞ք, թէ Նա չի գալու. ո՞վ արեց ու կատարեց այս ամէնը, ո՞վ կանչեց նրան, որ կանչւում էր առաջին ցեղերից։ Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան։ 5Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան։ 6Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով. 7«Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ»։ Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրայ, որպէսզի չշարժուեն։ 8Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի, 9որին օգնական եղայ՝ երկրի ծայրերից ու նրա եզերքներից կանչելով նրան եւ ասելով, թէ՝ «Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես եւ չեմ լքի քեզ», - 10դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։ 11Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն։ 12Եթէ փնտռես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան։ 13Արդարեւ, ես եմ քո Տէր Աստուածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ «Մի՛ վախեցիր, ես կ՚օգնեմ քեզ»։ 14«Չվախենաս, Յակո՛բ, որ որդ ես հիմա,եւ դու, Իսրայէ՛լ, որ սակաւամարդ ես այժմ,ես օգնեցի քեզ», - ասում է Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որը փրկելու է քեզ։ - 15Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես։ 16Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով։ 17Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին։ Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց։ 18Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կը վերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների։ 19Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կ՚աճեցնեմ, 20որպէսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան բոլորը, թէ Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամէնը, եւ Իսրայէլի սո՛ւրբը հաստատեց»։ 21«Մօտեցել է ձեր արդար դատաստանը, - ասում է Տէր Աստուած, -«Մօտեցել է ձեր արդար դատաստանը», - ասում է Յակոբի թագաւորը։ 22Թող մօտենան ու պատմեն ձեզ, թէ ի՛նչ դէպքեր են կատարուելու։ Եւ կամ առաջներում կատարուածներն էլ թող մեզ պատմեն, որպէսզի մտքներս պահենք եւ գիտենանք, թէ ի՛նչ եղաւ առաջ, եւ ի՛նչ է լինելու յետոյ։ 23Ասացէ՛ք, պատմեցէ՛ք մեզ, թէ վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթէ աստուածներ էք՝ բա՛րին կատարեցէք, չարը կատարեցէք, որպէսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք, թէ ո՛րտեղից էք դուք, եւ ո՛րտեղից է գալիս ձեր արածը, 24որովհետեւ պիղծ են նրանք, որ երկրից ընտրել են ձեզ։ 25Բայց ես պիտի արթնացնեմ հիւսիսային մարդուն եւ արեւելեանին, նրանք պիտի կանչուեն իմ անունից, պիտի գան իշխանները, եւ բրուտի կաւի նման դուք պիտի տրորուէք այնպէս, ինչպէս բրուտն է տրորում։ 26Ո՞վ կը պատմի սկզբում եղածի մասին, որ գիտենանք, եւ կամ աւելի առաջ կատարուածի մասին, որ ասենք, թէ ճշմարիտ է. ո՛չ առաջներում եղածի մասին պատմող կայ, եւ ո՛չ էլ մէկը, որ լսի ձեր խօսքերը։ 27Սկսեմ Սիոնից եւ ճանապարհին մխիթարեմ Երուսաղէմին։ 28Ահաւասիկ ոչ մի հեթանոս չկայ, չկայ նաեւ նրանց կուռքերից ոչ մէկը, որ պատմի, ու եթէ հարցնեմ իսկ նրանց, թէ՝ որտեղի՞ց էք, ինձ պատասխան չեն տայ։ 29Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ։
42 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն։ Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի։ 2Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, 3անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու։ 4Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ։ 5Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ. 6«Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին, 7որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից։ 8Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»։ 9Ինչ որ նախասահմանուած էր, այն էլ կատարուեց, իսկ ինչ որ նոր պիտի կատարուի, ե՛ս կը պատմեմ ձեզ, մինչեւ պատմուելն էլ այն յայտնի կը դառնայ ձեզ։ 10Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգութեամբ, քանզի նրա իշխանութիւնը բարձունքներում է փառաբանւում, եւ նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նաւարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից։ 11Թող ուրախ լինեն անապատն ու նրա աւանները, Կեդարի բանակատեղիներն ու բնակիչները, թող ուրախանան Վէմի բնակիչները, լեռների գագաթներից կանչեն, 12փառք տան Աստծուն, իսկ կղզիները պատմեն նրա քաջութեան մասին։ 13Զօրութիւնների Տէր Աստուածը պիտի գայ ու պատերազմ մղի, նախանձ պիտի յարուցի եւ բարձրաձայն պիտի գոչի իր թշնամիների վրայ։ 14Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թէ պիտի լսեմ ու միշտ լուռ մնամ. համբերող եղայ ինչպէս ծննդկան, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ։ 15Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ եւ նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների եւ ճահճուտները ցամաքեցնեմ։ 16Կոյրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շաւիղներով, որոնք ծանօթ չեն նրանց. խաւարը լոյս պիտի դարձնեմ նրանց համար եւ դժուարանցանելին՝ դիւրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար եւ չեմ լքելու նրանց։ 17Բայց նրանք երես դարձրին ինձնից։Ամօթ ու պատկառա՛նք ունեցէք դուք, որ ապաւինել էք կուռքերին եւ ասում էք ձուլածոներին, թէ՝ « Մեր աստուածներն էք դուք»։ 18Խուլե՛ր, լսեցէ՛ք, կոյրե՛ր, նայեցէ՛ք ու տեսէ՛ք. 19ո՞վ է կոյրը, եթէ ոչ իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթէ ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց։ Ո՞վ է կոյրը, եթէ ոչ ուծացածը։ Կուրացան Աստծու ծառաները։ 20Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք։ 21Տէր Աստուած կամենում էր, որ արդարութիւն լինի, գոհութիւն մատուցեն, 22բայց տեսայ, որ ժողովուրդը կողոպտուեց ու աւարի մատնուեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ եւ բոլոր ապարանքներում, ուր եւ թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք յափշտակութեան մատնուեցին, եւ ոչ ոք չկար, որ նրանց փրկէր, աւարառութեան ենթարկուեցին, եւ չգտնուեց մէկը, որ ասէր, թէ՝ ե՛տ տուր։ 23Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կը դնի այս ամենին եւ կը մտածի այն մասին, թէ ինչ է կատարուելու յետագայում։ 24Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակութեան, Իսրայէլը՝ աւարառութեան. ո՞չ արդեօք Աստուած, որի հանդէպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով եւ չլսեցին նրա օրէնքները։ 25Նա նրանց վրայ թափեց իր զայրոյթն ու բարկութիւնը, պատերազմի դատապարտեց նրանց,բոլոր կողմերից կրակի մէջ առաւ նրանց, բայց նրանցից ոչ մէկը չգիտակցեց, խելքի չեկաւ։
43 Արդ, այսպէս է ասում Տէր Աստուածը, որ արարեց քեզ, Յակո՛բ, եւ ստեղծեց քեզ, Իսրայէ՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես։ 2Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի.եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի. 3քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ։ Եգիպտոսն ու Եթովպիան որպէս փրկագին տուի քեզ համար եւ Սուհէնը քեզ հետ փոխանակեցի։ 4Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառաւորուեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կը տամ քո փոխարէն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։ 5Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ. արեւելքից կը բերեմ քո սերունդը եւ արեւմուտքից կը հաւաքեմ քեզ։ 6Հիւսիսին կ՚ասեմ՝ բե՛ր, եւ հարաւին, թէ՝ մի՛ արգելիր. բերէ՛ք իմ որդիներին հեռաւոր երկրից եւ իմ դուստրերին՝ երկրի ծագերից, 7բոլորի՛ն, որոնք երբեւէ կոչուել են իմ անունով. որովհետեւ իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի եւ արարեցի նրան։ 8Բարձրացրի կոյր ժողովրդին. եւ թէպէտ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, եւ խցանուած են նրանց ականջները։ 9Թող բոլոր ազգերը հաւաքուեն միասին, թող նրանց իշխանները ժողովուեն, բայց ո՞վ կարող է պատմել այս, եւ կամ ո՞վ կարող է ձեզ ազդարարել այն, ինչ առաջ է կատարուել. թող բերեն իրենց վկաներին եւ արդարանան, թող լսեն եւ ասեն ճշմարտութիւնը։ 10Եղէ՛ք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկայ լինեմ, -ասում է Տէր Աստուած. -ծառայ ընտրեցի ձեզ, որ հասկանաք ու հաւատաք ինձ եւ գիտակցէք, թէ ո՛վ եմ ես։ Ինձնից առաջ ուրիշ Աստուած չի եղել, ինձնից յետոյ եւս չի լինի։ 11Ե՛ս եմ Աստուած, ինձնից բացի չկայ մէկը, որ փրկութիւն տայ։ 12Յայտնեցի եւ փրկեցի. նախատեցի, ու ձեր մէջ օտար չկար. դուք ինքներդ կարող էք վկայ լինել ինձ համար։ 13Ես եմ Տէր Աստուածը ի սկզբանէ եւ միշտ.չկայ մէկը, որ իմ ձեռքից կարողանայ ազատուել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»։ 14Այսպէս է ասում Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կ՚ուղարկեմ, բոլորին տեղահան կ՚անեմ ու փախստական կը դարձնեմ, եւ քաղդէացիները նաւերով պաշարման մէջ կ՚առնուեն»։ 15Ե՛ս եմ Տէր Աստուածը՝ ձեր սուրբը, որ ցոյց տուի ձեզ Իսրայէլի թագաւորին»։ 16Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ, 17Նա, որ կառքեր ու նժոյգներ է հանում եւ բազմահամար զօրքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպէս հանգած պատրոյգ։ 18«Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք, 19քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։ 20Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի երկրին՝ գետեր, խմեցնելու համար իմ ընտրեալ ազգին։ 21Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։ 22«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ։ 23Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։ 24Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրէնութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու։ 25Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւններըեւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու։ 26Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես։ 27Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ։ 28Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի»։
44 «Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ։ 2Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. Մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ։ 3Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ։ 4Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ։ 5Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»։ 6Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի թագաւորը եւ նրա փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ։ 7Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատմի ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է. մինչեւ գալը թող պատմեն ձեզ։ 8Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից»։ 9Բոլոր նրանք, որ ստեղծում ու կերտում էին սնոտի աստուածներ, այն ժամանակ իսկ ոչնչութիւն էին։Նրանք այդ անում էին ըստ իրենց ցանկութեան, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են եւ ո՛չ էլ ըմբռնում, եւ դուք էլ կարող էք վկայել այդ մասին։ 10Թող ամաչի նա, ով ստեղծում է ստեղծուածը եւ անօգուտ կերպով կուռք է ձուլում, նաեւ բոլոր նրանք, որ հաղորդակից են դառնում նրան։ 11Բայց ամօթահար պիտի լինեն բոլոր նրանք, որ կուռքեր են ստեղծում եւ կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստուած լինեն, բոլորովին պիտի չորանան եւ անտեսուեն մարդկանցից։ Պիտի հաւաքուեն ամէնքը, դէմառդէմ կանգնեն միասին, պիտի ամաչեն եւ առհասարակ ամօթահար լինեն։ 12Երկաթագործը իր համար գործիք կռեց, ուրագը սրեց եւ տաշեց նրանով, դուրը գործի դրեց ու յղկեցեւ իր բազկի ուժով կանգնեցրեց այն։ Իսկ ինքը քաղց է զգալու, տկարանալու, ջուր իսկ չի խմելու։ 13Հիւսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց,պատկերի ձեւ ու նմանութիւն տուեց, դուրով յղկեց այն, սոսնձապատեց, նրան տուեց տղամարդու կերպարանք, մարդու դէմքի ձեւ ու գեղեցկութիւն եւ կանգնեցրեց իր տան մէջ։ 14Այն փայտը, որ կտրեց, « սոճին կամ սօսին, կաղնին կամ թեղօշը, որոնք տնկեց Տէրը, եւ անձրեւը աճեցրեց, 15որպէսզի մարդու համար վառելիք լինեն, « ահա դրանից վերցրեց, վառեց ու տաքացաւ, մի կէսից հաց եփեց, իսկ մի կէսն էլ արձան շինեց եւ երկրպագեց նրան. իր իսկ շինած արձանի առաջն ընկած՝ երկրպագեց նրան։ 16Նրա կէսն այրեց խարոյկի վրայ, որի կրակով հաց եփեց եւ միս խորովեց, կերաւ, կշտացաւ ու տաքացաւ՝ ասելով, թէ՝ «Երանի՜ ինձ, որ տաքացայ եւ կրակը տեսայ»։ 17Իսկ կէսից քանդակուած աստուած շինեց եւ, խոնարհուելով, երկրպագեց նրան, աղօթեց նրա առաջ եւ ասաց՝ «Փրկի՛ր ինձ, քանզի դու իմ աստուածն ես»։ 18Նրանք անկարող եղան մտածել եւ իմանալ, որովհետեւ նրանց աչքերը՝ տեսնելու համար եւ նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։ 19Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կէսը կրակով այրեցին եւ նրա կրակի վրայ հաց եփեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կէսից կուռք պատրաստեցին եւ երկրպագում են նրան։ 20Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, եւ նրանք մոլորուած են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. դուք տեսնում էք, բայց չէք ասում, թէ՝ «Խաբէութիւն է մեր ձեռքերի մէջ»։ 21«Յիշի՛ր դա, Յակո՛բ, նաեւ դու, Իսրայէ՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, եւ դու, Իսրայէ՛լ, մի՛ մոռացիր ինձ։ 22Ահաւասիկ ջնջեցի քո անօրէնութիւնները ինչպէս ամպ եւ քո մեղքերը՝ ինչպէս մէգ. ինձ մօ՛տ դարձիր, որպէսզի փրկեմ քեզ»։ 23Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստուած ողորմեց Իսրայէլին, փո՛ղ փչեցէք, երկրի հիմքե՛ր, ուրախութեան կանչե՛ր արձակեցէք, լեռնե՛ր, բլուրնե՛ր եւ նրանց վրայ գտնուող բոլո՛ր ծառեր, որովհետեւ Աստուած փրկեց Յակոբին, եւ Իսրայէլը պիտի փառաւորուի։ 24Տէրը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից,այսպէս է ասում. «Ես եմ Տէրը, որ անում, կատարում եմ ամէն ինչ, միայնակ տարածեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը։ 25Էլ ո՞վ է, որ ի չիք դարձրեց վհուկների կախարդութիւնները եւ դիւթութիւնները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին յետ է դարձնում եւ նրանց խորհուրդները յիմարութեան վերածում, 26իր ծառաների խօսքերն է հաստատում եւ արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ե՛ս եմ, որ ասում եմ Երուսաղէմին, թէ՝ բնակելի՛ դարձիր, եւ Հրէաստանի քաղաքներին, թէ՝ վերստի՛ն կառուցուեցէք. եւ ես պիտի վերականգնեմ նրանց աւերակները։ 27Ես ասում եմ անդունդին, թէ՝ աւերուի՛ր.եւ ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը։ 28Ես ասում եմ Կիւրոսին, թէ՝ իմաստնացի՛ր, որ կատարես իմ բոլոր ցանկութիւնները։ Ես ասում եմ Երուսաղէմին, թէ՝ կառուցուի՛ր, եւ ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։
45 Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն։ 2Ես կ՚ընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը։ 3Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կը բացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը։ 4Իմ Յակոբի համար եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ եւ ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, 5որ ես եմ Տէր Աստուածը,եւ չկայ մէկ ուրիշը։ 6Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ։ 7Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը։ 8Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի։ Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»։ 9Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կ՚անի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ։ 10Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։ 11Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. «Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին եւ իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ։ 12Ես ստեղծեցի երկիրը, եւ մարդուն՝ նրա վրայ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տուեցի բոլոր աստղերին։ 13Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի,եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կը կառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած ժողովրդին յետ կը բերի՝ առանց կաշառքի եւ առանց ընծաների», « ասում է Զօրութիւնների Տէրը։ 14Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առեւտուրը եւ սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն եւ քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայուած՝ քո յետեւից պիտի շրջեն եւ քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն եւ ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետեւ Աստուած քո մէջ է, ու պիտի ասեն, թէ՝ ուրիշ Աստուած չկայ, բացի քեզնից»։ 15Դու ես Աստուածը, իսկ մենք չգիտէինք, ո՛վ Աստուած՝ փրկիչդ Իսրայէլի։ 16Պիտի ամաչեն, ամօթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամօթով պիտի հեռանան։ 17Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի Իսրայէլը փրկուեց յաւիտենական փրկութեամբ։ Դուք չէք ամաչելու, այլեւս ամօթահար չէք լինելու մինչեւ յաւիտենութիւն։ 18Արդարեւ, այսպէս է ասում Տէրը, որ ստեղծեց երկինքը, Աստուած, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգաւորեց այն. զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար. «Ես եմ Տէրը, ուրիշը չկայ։ 19Ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ երկրի մութ տեղում. Յակոբի սերնդին չասացի, թէ՝ սնոտի բաներ էք փնտռում։ Ես եմ, ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը»։ 20«Հաւաքուեցէ՛ք եւ եկէք միասին խորհեցէ՛ք, ո՛վ դուք հեթանոսներից փրկուածներ։ Ովքեր վերցրել, բերում էին փայտէ կուռքը եւ աղօթում էին աստուածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց։ 21Երբ նրանց յայտնեն, թող մօտ գան, որպէսզի միասին իմանան, թէ այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տուեց.եւ այժմ էլ ասւում է ձեզ. « Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ»։ 22Դարձէ՛ք ինձ մօտ, եւ կը փրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ։ 23Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից՝ արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու։ Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու 24եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու։ Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու։ 25Աստուծով պիտի արդարանայ եւ փառաւորուի իսրայէլացիների ամէն մի սերունդ»։
46 «Ընկաւ Բէլը, խորտակուեց Դագոնը. նրանց կուռքերը յայտնուեցին կենդանիների եւ անասունների վրայ։ Իբրեւ բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջուած ու քաղցած կենդանիների վրայ. 2անզօր լինելով փրկուելու պատերազմից՝ գրաստների հետ միասին գերութեան քշուեցին լքուած ու խեղճ կուռքերը։ 3Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու Յակոբի տուն եւ դուք, Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած, 4քանզի ես նոյնն եմ։ Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս ստեղծեցի եւ ե՛ս էլ պիտի հանդուրժեմ, ե՛ս պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։ 5Ո՞ւմ կը նմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք մոլորեալներ, 6որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց։ 7Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան։ 8Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք, մոլորեալնե՛րդ, սրտա՛նց դարձի եկէք, 9մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ե՛ս եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ, 10որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։ 11Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերի, հաստատեցի եւ կատարեցի, բերի նրան եւ դրի յաջող ճանապարհի վրայ։ 12Լսեցէ՛ք ինձ դուք, սրտով մոլորուածնե՛րդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը՝ յանուն իմ փառքի»։
47 «Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն։ 2Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քօղդ, քաշի՛ր մազերդ. 3մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները։ Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց. 4նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի սուրբ։ 5Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խաւարի մէջ, ո՛վ քաղդէացիների դուստր, էլ չես կոչուի թագաւորութիւնների զօրութիւն։ 6Ես բարկացել էի իմ ժողովրդի վրայ, որովհետեւ պղծեցին իմ ժառանգութիւնը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածութիւն չարեցիր նրանց նկատմամբ։ 7Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր եւ ասացիր. « Ես յաւիտեան իշխան կը մնամ»։ Երբեք չմտածեցիր ու չյիշեցիր վախճանի մասին։ 8Արդ, լսի՛ր այս, ո՛վ դու փափկասուն, որ նստել էիր ինքնագոհ եւ սրտիդ մէջ ասում էիր, թէ՝ «Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ, որբեւայրութիւն չեմ քաշելու եւ որբութիւն չեմ ճանաչելու»։ 9Սակայն դրանք երկուսն էլ՝ որբեւայրութիւնն ու անզաւակութիւնը, մէկ օրուայ մէջ յանկարծակի քեզ վրայ են հասնելու, անսպասելի քեզ վրայ են գալու քո դիւթութիւնների, քո սաստկացող կախարդութիւնների պատճառով, 10քո ինքնավստահութեան ու չարութեան պատճառով, որովհետեւ ասում էիր, թէ՝ «Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ»։ Դո՛ւ, որ այդպէս ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկութիւնը ամօթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մէջ ասացիր. « Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ»։ 11Քեզ այնպիսի կորուստ է վրայ հասնելու, որ չես իմանալու,այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մէջ. քեզ վրայ մի թշուառութիւն է գալու, որ չես կարողանալու յետ մղել, քեզ վրայ յանկարծակի աւերում է գալու, որ դու չես գիտակցելու։ 12Դէ հիմա մնա՛ քո դիւթութիւնների ու քո բազում կախարդութիւնների մէջ, որոնք քո մանկութիւնից սկսած սովորեցիր. գուցէ կարողանաս օգո՞ւտ քաղել, գուցէ կարողանաս ո՞ւժ առնել։ 13Չարչարուեցիր քո խորհուրդներով։ Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թէ ի՛նչ է գալու քո գլխին։ 14Ահաւասիկ նրանք բոլորը, ինչպէս խռիւ, պիտի այրուեն կրակի մէջ եւ իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրայ. դրանք քեզ համար օգնութիւն պիտի լինեն։ 15Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առեւտուր արեցիր քո մանկութիւնից.նրանք բոլորն էլ իրար յետեւից մոլորուեցին, եւ դու փրկութիւն չունես»։
48 «Լսեցէ՛ք այս, ո՛վ Յակոբի տուն, Իսրայէլի անունով կոչուածներդ եւ Յուդայի սերնդից ծնուածներդ, որ երդւում էք Իսրայէլի Աստծու անունով եւ յիշում նրան, բայց ո՛չ ճշմարտութեամբ, ո՛չ արդարութեամբ։ 2Դուք ձեզ խրախուսում էք սուրբ քաղաքի անունով եւ ձեզ հաստատուն էք համարում Իսրայէլի Աստծու շնորհիւ, որի անունը Զօրութիւնների Տէր է։ 3Մինչեւ հիմա պատմում էի առաջին եղելութիւնների մասին. դրանք իմ բերանից ելան եւ լսելի դարձան. ես յանկարծակի կատարեցի, եւ դրանք վրայ հասան։ 4Գիտէի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթէ ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից։ 5Քեզ պատմուեց մինչեւ այժմ կատարուածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տուի քեզ, որպէսզի երբեք չասես, թէ՝ «Դրանք իմ կուռքերը կատարեցին», չասես, թէ՝ «Քանդակուածները եւ ձուլածոյ կուռքերը պատմեցին ինձ»։ 6Լսեցիք ամէն ինչ եւ մտքներդ չպահեցիք, սակայն քեզ լուր պիտի տամ այն նորի մասին, որ այսուհետեւ պիտի լինի։ 7Բայց չես ասում, որ՝ հիմա պիտի լինի եւ ոչ թէ վաղուց է եղել, հին ժամանակներում, ու դու չես լսել այդ մասին։ 8Մի՛ ասա, թէ՝ «Այո՛, գիտեմ դա», որովհետեւ ո՛չ գիտես եւ ո՛չ էլ իմացել ես, եւ սկզբից իսկ քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես եւ դեռ որովայնից անօրէն ես կոչւում։ 9Իմ անուան համար ես քեզ պէտք է ցոյց տամ իմ բարկութիւնը եւ իմ փառքը,որ բերել եմ քեզ վրայ,բայց քեզ չեմ ոչնչացնելու։ 10Ահաւասիկ վաճառեցի քեզ, բայց ոչ յանուն արծաթի, եւ փրկեցի քեզ աղքատութեան հնոցից։ 11Իմ անուան համար արեցի այդ, որպէսզի իմ անունը չհայհոյուի.ես իմ փառքը ուրիշին չեմ տայ»։ 12«Լսի՛ր ինձ, Յակո՛բ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ես կանչում եմ. ե՛ս եմ առաջինը, ե՛ս եմ եւ յաւիտենականը։ 13Իմ ձե՛ռքը դրեց երկրի հիմքերը, եւ իմ ա՛ջը հաստատեց երկինքը. կը կանչեմ նրանց բոլորին, եւ նրանք միասին կը գան։ 14Կը հաւաքուեն ամէնքը եւ կը լսեն, թէ սա ո՞վ պատմեց նրանց։ Յանուն քո սիրոյ կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդէացիների սերունդը։ 15Ե՛ս կանչեցի եւ ե՛ս խօսեցի, ե՛ս բերի նրան եւ յաջողեցրի նրա ճանապարհը։ 16Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի»։ Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց,Տէրը եւ նրա Հոգին։ 17Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստուածը, ե՛ս քեզ ճանապարհ ցոյց տուի, որով դու գնացիր։ 18Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կը լինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման։ 19Քո սերունդը աւազի չափ կը լինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ։ Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ»։ 20Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրա՛խ ձայնով պատմեցէք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ «Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին»։ 21Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի։ Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի։ «Աամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու», -ասում է Տէրը։
49 «Լսեցէ՛ք ինձ, կղզիների՛ բնակիչներ, ակա՛նջ դրէք, հեթանոսնե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատուի դա», -ասում է Տէրը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տուեց, երբ ես դեռ իմ մօր որովայնում էի։ 2Իմ բերանը հաստատեց ինչպէս սուր սուսեր եւ ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպէս մի ընտիր նետ եւ թաքցրեց իր կապարճում։ 3Նա ինձ ասաց. «Դու իմ ծառան ես, Իսրայէ՛լ, քեզնով պիտի ես փառաւորուեմ»։ 4Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը չարչարուեցի, իմ ուժն անմիտ բաների վրայ ծախսեցի, բայց իմ իրաւունքը Տիրոջից է, եւ իմ վաստակն իմ Աստծու առաջ է։ 5Արդ, Տէրը, որն ինձ որովայնից իր համար ծառայ ստեղծեց, ասաց, որ Յակոբին եւ Իսրայէլին իր շուրջը հաւաքեմ։ Պիտի հաւաքուեմ ու փառաւորուեմ Տիրոջ առաջ, եւ իմ Աստուածը ինձ համար զօրութիւն է լինելու։ 6Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպէսզի հաստատես Յակոբի ազգը եւ Իսրայէլի ցրուածներին վերադարձնես։ Ահաւասիկ ազգի համար քեզ իբրեւ ուխտ հաստատեցի եւ հեթանոսների համար՝ իբրեւ լոյս, որպէսզի փրկութիւն լինես մինչեւ աշխարհի չորս ծագերը»։ 7Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ փրկեց քեզ. «Սրբացրէ՛ք նրան, ով անարգում է իր անձը,ով արհամարհուած է ազգերի կողմից եւ իշխանների ծառաներից,թագաւորները պիտի տեսնեն նրան եւ ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան յանուն Տիրոջ, որը հաւատարիմ է, եւ յանուն Իսրայէլի սրբի, որն ընտրեց քեզ»։ 8Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար, 9շղթայուածներին ասելու, թէ՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին, թէ՝ յայտնուեցէ՛ք։ Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին,նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ։ 10Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարաւելու, ո՛չ էլ արեւից խորշակահար են լինելու, եւ նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբիւրների ակունքների մօտ պիտի տանի նրանց։ 11Իմ բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ եւ բոլոր շաւիղներս արօտների վերածեմ։ 12Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հիւսիսից եւ ծովից, եւ ոմանք՝ Պարսից երկրից»։ 13Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր, թող լեռները ցնծութիւն կանչեն, եւ բլուրները՝ արդարութիւն, քանզի Աստուած ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապեալներին։ 14Բայց Սիոնն ասաց. «Տէրն ինձ թողեց, Աստուած ինձ մոռացաւ»։ 15«Մի՞թէ կինը կը մոռանայ իր մանկանը կամ չի գթայ իր որովայնի ծնունդներին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ», -ասում է Տէրը։ - 16«Ահա իմ ձեռքերի ափերի մէջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամէն ժամ դու իմ առաջ ես։ 17Դու արագօրէն պիտի վերաշինուես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ։ Քեզ աւերողները քո միջից պիտի վտարուեն։ 18Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ եւ տե՛ս բոլորին. ահա հաւաքուել ու գալիս են դէպի քեզ։ Կենդանի եմ ես, -ասում է Տէրը։ Նրանց բոլորին պիտի հագնես ինչպէս պատմուճան, նրանց քո վրայ պիտի կրես ինչպէս հարսի զարդ։ 19Արդարեւ, քո աւերակները, ամայացած ու կործանուած երկիրը նեղուածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, եւ քեզ կուլ տուողները քեզնից պիտի հեռանան։ 20Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. « Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր, որ բնակուենք»։ 21Եւ քո մտքում պիտի ասես. « Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզաւակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակուած. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, ո՞ւր էին սրանք»։ 22Այսպէս է ասում Տէր Աստուածն. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին, իրենց գիրկն առած, եւ քո դուստրերին, իրենց ուսերին դրած, պիտի բերեն։ 23Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն։ 24Որեւէ մէկը կարո՞ղ է միթէ խլել հսկայի կողոպուտը կամ կարո՞ղ է յանիրաւի գերեվարել ու ազատուել»։ 25Այսպէս է ասում Տէրը. «Եթէ որեւէ մէկը հսկային գերեվարի, կ՚առնի նրա աւարը. նա, ով հսկայի աւարը կը վերցնի, շատ լաւ էլ կ՚ազատուի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու եւ փրկելու եմ իմ որդիներին։ 26Մեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն եւ, ինչպէս նոր գինի, պիտի խմեն իրենց արիւնն ու հարբեն։ Եւ ամէն մարմին պիտի իմանայ, թէ ես եմ Տէրը, որ փրկեցի ու օգնեցի քեզ եւ զօրաւոր դարձրի Յակոբին»։
50 Այսպէս է ասում Տէրը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մօրը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառուեցիք, եւ ձեր անօրէնութիւնների պատճառով արձակեցի ձեր մօրը։ 2Եկայ, եւ մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսէր. մի՞թէ իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թէ ես ի զօրու չեմ ազատելու։ Ահա իմ կշտամբանքով կը ցամաքեցնեմ ծովը, կը չորացնեմ գետերը, եւ նրանց ջրերի պակասութիւնից կը չորանան նրանց ձկներըու կը սատկեն ծարաւից։ 3Խաւար կը հագցնեմ երկնքին, նրա համար քուրձը կ՚անեմ հագուստ»։ 4Տէր Աստուած ինձ խրատող լեզու տուեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խօսք ասել, ամէն առաւօտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։ 5Տիրոջ խրատը կը բացի իմ ականջները, եւ ես խստասիրտ չեմ դառնայ ու չեմ ընդդիմանայ։ 6Թիկունքս հարուածների տուեցի, ծնօտներս՝ ապտակի, եւ երեսս շուռ չտուի նախատինքից ու թքից։ 7Տէր Աստուած եղաւ ինձ օգնական, դրա համար էլ ամօթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպէս կարծր քար։ Գիտեմ, որ չեմ ամաչելու, 8քանզի մօտ է նա, ով արդարացնելու է ինձ։ Ո՞վ է իմ ոսոխը, թող գայ եւ կանգնի մէջտեղը. ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մօտենայ ինձ. 9քանզի ահաւասիկ Տէրը, Տէրն է ինձ օգնական, եւ ո՞վ է, որ չարչարելու է ինձ։ Ահա դուք բոլորդ, ինչպէս ձորձեր, պիտի հնանաք, ցեցն ու որդը պիտի ուտեն ձեզ։ 10Ձեր մէջ ո՞վ է, որ վախենում է Տիրոջից, լսում է նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին դէպի խաւարը, եւ լոյս չկար նրանց համար, թող իրենց յոյսը դնեն Տիրոջ անուան վրայ եւ խրախուսուեն Աստուծով։ 11Ահա դուք ամէնքդ, որ վառուած էք հրով, պիտի պարտուէք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լոյսի միջով 12ու պիտի բորբոքուէք բոցով։ Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, եւ դուք տրտմութեան մէջ պիտի մեռնէք։
51 «Լսեցէ՛ք ինձ, դուք, որ արդարութեան էք հետամուտ եւ փնտռում էք Տիրոջը, նայեցէ՛ք այն հաստատուն վէմին, որից կերտուել էք, եւ այն հորի փոսին, որից հանուել էք։ 2Ձեր հայր Աբրահամի՛ն նայեցէք եւ Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանզի ում ես կանչեցի, նա մէկն էր,օրհնեցի նրան, սիրեցի նրան եւ բազմացրի նրան։ 3Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր աւերակները. քո բոլոր աւերակները դրախտի եմ վերածելու, արեւմտեան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախութիւն ու ցնծութիւն են նրա մէջ տեղ գտնելու, փառաբանութիւն ու օրհնութեան ձայն։ 4Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը, եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար։ 5Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ։ 6Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին. երկինքը պիտի անցնի ինչպէս ծուխը, եւ երկիրը պիտի մաշուի ինչպէս ձորձերը, նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ, եւ իմ արդարութիւնը չի պակասելու։ 7Դուք, որ ճանաչում էք իրաւունքը, եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում, լսեցէ՛ք ինձ. մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից, եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի, 8քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձերեւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարութիւնը պիտի մնայ յաւիտեան, եւ իմ փրկութիւնը՝ սերնդից սերունդ»։ 9Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ, եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը, զարթնի՛ր, ինչպէս հին օրերում, ինչպէս վաղեմի ժամանակներում։ Մի՞թէ դու նա չես, որ հատեցիր ովկիանոսի լայնութիւնը, վանեցիր վիշապին. 10Դու այն չե՞ս, որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի յորդութիւնը եւ ծովերի խորութիւնները ճանապարհ դարձրեց, որպէսզի այնտեղով անցնեն փրկուողներն ու ազատուողները։ 11Տիրոջ շնորհիւ պիտի լինի վերադարձը, եւ նրանք Սիոն են գալու ցնծութեամբ ու յաւիտենական ուրախութեամբ. նրանց գլխի վրայ օրհնութիւն պիտի լինի, եւ ուրախութիւնը պիտի հասնի նրանց. ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի հեռանան։ 12«Ես եմ, ես այն նոյնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թէ դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց եւ ադամորդուց, որոնք չորացան ինչպէս խոտ։ 13Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը եւ հաստատեց երկիրը, ու դու միշտ, ամէն օր վախենում էիր քեզ նեղողի բարկութիւնից՝ մտածելով, թէ նա կը բնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկութիւնը։ 14Քո փրկութիւնը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. եւ քո հացը չի պակասելու։ 15Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը։ 16Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ,երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. « Դու իմ ժողովուրդն ես»։ 17Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։ 18Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ։ 19Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ։ 20Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց։ 21Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։ 22Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն։ 23Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. « Խոնարհուի՛ր, որ անցնենք»։ Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քո վրայով անցնողների համար»։
52 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով։ 2Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր. 3Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»։ 4Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը նախ Եգիպտացիների երկիրն իջաւ, որպէսզի իբրեւ նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնութեամբ Ասորեստան քշուեց։ 5Բայց այժմ ինչո՞ւ էք այստեղ»։ Այսպէս է ասում Տէրը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշուեց. նրանք ապշահար էին մնացել եւ լաց էին լինում»։ Այսպէս է ասում Տէրը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապէս հայհոյւում է հեթանոսների մէջ։ 6Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, գիտենայ, որ ես նոյնն եմ, որի մասին խօսում էին, եւ ահա եկել հասել եմ»։ 7Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»։ 8Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին։ 9Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը։ 10Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկութիւնը։ 11Հեռացէ՛ք, հեռացէ՛ք, ելէ՛ք այդտեղից եւ պիղծերին մի՛ մօտեցէք. ելէ՛ք այդ երկրի միջից եւ հեռացէ՛ք, դուք, որ վերցրել բերում էք Տիրոջ սպասքը։ 12Ո՛չ խռովութեամբ պիտի ելնէք եւ ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջեւից Տէրն ինքն է ընթանալու, եւ ձեզ հաւաքելու է նա, որ Աստուածն է Իսրայէլի։ 13Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի։ 14Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է, 15այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։
53 Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը։ 2Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն։ Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն։ 3Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց։ 4Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան։ 5Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք։ 6Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։ 7Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջեւ նրա նման իր բերանը չի բացում։ 8Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց։ 9Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում։ 10Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից։ Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կ՚արժանանաք, որի միջոցով Տէրը կը ցանկանայ ազատել նրան իր ցաւերից, 11ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը։ 12Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց։ Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրէնութիւնների համար դատապարտուեց։
54 Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ։ Չէ՞ որ Տէրն ասաց. 2«Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։ 3Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները։ 4Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»։ 5Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի։ 6Տէրը քեզ չկանչեց որպէս լքուած ու վարանած կնոջ եւ ոչ էլ իբրեւ մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստուած ասաց. 7«Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթութեամբ պիտի ողորմեմ քեզ։ 8Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց յաւիտենական կարեկցութեամբ պիտի ողորմեմ քեզ»։ Այդպէս ասաց Տէրը, որ փրկեց քեզ։ 9«Սա ինձ համար նոյնն է, ինչ Նոյի օրօք, ջրհեղեղի ժամանակ. ինչպէս որ այն ժամանակ նրան երդուեցի, որ չեմ բարկանայ երկրի վրայ, այնպէս էլ երդուեցի, որ չեմ բարկանայ քեզ վրայ։ 10Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմութիւնն է պակասելու քեզնից, եւ ո՛չ էլ քո խաղաղութեան ուխտը պիտի վերանայ», -ասաց Տէրը։ 11«Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ,մինչեւ որ դու մխիթարուես։ Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ. 12քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից։ 13Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն։ 14Արդարութեամբ պիտի շէնանաս։ Հեռո՛ւ կանգնիր անիրաւից, որ ահ չունենաս, եւ դողը քեզ չբռնի։ 15Ահա եկողները իմ անունով պիտի մօտենան քեզ, քեզ մօտ պիտի պանդխտեն եւ քեզ ապաստան դարձնեն։ 16Ահաւասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպէս մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում եւ գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար։ 17Ոչ մի վնասակար գործիք քո դէմ յաջողութիւն չպիտի ունենայ, եւ դու քո դէմ դատաստանի ելնող ամէն մի լեզու պարտութեան ես մատնելու, նրա հետ՝ եւ քո բոլոր դատախազներին։ Դա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ ինձ համար դուք էք լինելու իրաւացի», -ասում է Տէրը։
55 «Ո՛վ դուք, որ ծարաւած էք, գնացէ՛ք ջրի, եւ դուք, որ բոլորովին արծաթ չունէք, գնացէք գնեցէ՛ք ու կերէ՛ք առանց արծաթի եւ առանց գինու համար վճարելու։ 2Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ էք գնում եւ ոչ թէ հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չէք ծախսում։ Լսեցէ՛ք ինձ եւ բարիքնե՛ր ճաշակեցէք, ու բարութեան մէջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։ 3Ակա՛նջ դրէք ինձ եւ հետեւեցէ՛ք իմ ճանապարհին։ Լսեցէ՛ք ինձ, եւ ձեր հոգիները կ՚ապրեն բարութեան մէջ, ու ես ձեզ հետ յաւիտենական ուխտ կը կնքեմ՝ շնորհելով ձեզ Դաւթին խոստացուած անանց սրբութիւնները։ 4Ահա նրան տուեցի որպէս հեթանոսների վկայ, որպէս ազգերի իշխան եւ հրամանատար։ 5Քեզ չիմացող ազգերը պիտի դիմեն քեզ, եւ քեզ չճանաչող ժողովուրդներն ապաւէն պիտի դարձնեն քեզ յանուն քո Տէր Աստծու՝ Իսրայէլի սրբի, որը փառաւորեց քեզ»։ 6Փնտռեցէ՛ք Տիրոջը եւ, երբ գտնէք,կանչեցէ՛ք նրան.երբ նա ձեզ մօտենայ, 7ամբարիշտը թող հրաժարուի իր ընթացքից, անօրէն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնայ Տիրոջ մօտ՝ եւ ողորմութիւն կը գտնի, մեր Աստծո՛ւ մօտ, որը բազմապատիկ թողութիւն պիտի շնորհի ձեր անօրէնութիւններին։ 8«Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, եւ ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին, -ասում է Տէրը, - 9այլ, ինչպէս երկինքն է հեռու երկրից, այնպէս էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, եւ իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։ 10Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել, 11այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից.նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես։ 12Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդութեամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ։ 13Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի. եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»։
56 Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը։ 2Երանի՜ այն մարդուն, որ կ՚անի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կը մնայ դրան, կը պահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կը քաշի անիրաւութիւն անելուց»։ 3Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ « Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ « Ես չոր փայտ եմ»։ 4Այսպէս է ասում Տէրը ներքինիներին. «Ովքեր կը պահեն իմ պատուիրանները, կը նախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մէջ կը մնան, 5նրանց իմ Տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու։ 6Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կը պահեն իմ շաբաթները եւ չեն պղծի, ու կը մնան իմ ուխտի մէջ, - 7նրանց կը տանեմ իմ սուրբ լեռը, կ՚ուրախացնեմ նրանց իմ աղօթքի Տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կը լինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի Տուն պիտի կոչուի»։ 8Այսպէս է ասում Տէր Աստուած, որ հաւաքում է Իսրայէլի բոլոր ցրուածներին. «Նրանց վրայ ես պիտի հաւաքեմ անապատի բոլոր գազանների բազմութիւնները»։ 9Եկէք կերէ՛ք, ո՛վ դուք անտառի բոլոր գազաններ։ 10Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել։ 11Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են եւ չգիտեն, թէ ի՛նչ է իմաստութիւնը. ամէնքն իրենց ճանապարհներով գնացին։ 12«Եկէ՛ք, -ասում են, -գինի առնենք եւ հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերութիւնը կը լինի»։
57 «Տեսէ՛ք, ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում։ 2Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից։ 3Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ։ 4Ինչո՞վ էք պարծենում, ո՞ւմ վրայ էք բացում ձեր բերանները եւ կամ ո՞ւմ վրայ էք հանում ձեր լեզուները. մի՞թէ դուք կորստեան որդիներ չէք, անօրէնութեան սերունդ, 5որ անտառախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին եւ խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։ 6Այդ է քո բաժինը, այդ նոյնն է քո վիճակը. նրանց առաջ նուէրներ թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, եւ այս ամենի վրայ միթէ չե՞մ բարկանալու, -ասում է Տէրը։ 7Այնտեղ, բարձր ու մեծ լերան վրայ է քո անկողինը, եւ դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։ 8Ապա դռների դրանդիների վրայ հաստատեցիր քո յիշատակները։ Կարծում էիր՝ եթէ ինձնից հեռանաս, աւելի՞ բան պիտի գտնես։ Քո անկողինները լայնացրիր եւ փռուեցիր դրանց վրայ. սիրեցիր քո հոմանիներին 9եւ յաճախակի դարձրիր քո պոռնկութիւնը նրանց հետ։ Հեռաւորներից շատերին քե՛զ կապեցիր եւ պատգամաւորներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ 10Նկուն դարձար ու իջար գերեզման, յոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդութիւններից եւ չասացիր, թէ՝ «Այժմ հանգստանամ», որովհետեւ ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդուեցիր ինձ։ 11Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր եւ չյիշեցիր ինձ, միտքդ չբերիր, սրտիդ մէջ չդրիր, իսկ ես քեզ տեսայ ու անտեսեցի։ Ես այն եմ, որ յաւիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։ 12Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարութեան եւ քո չարիքների մասին, 13որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, եւ քեզ չեն փրկելու քո նեղութիւնից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն եւ մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրայ են յոյս դրել, պիտի ստանան երկիրը եւ ժառանգեն իմ սուրբ լեռը։ 14Նրանք պիտի ասեն. « Բացէ՛ք նրա առաջ ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրէ՛ք իմ ժողովրդի ճանապարհից»։ 15Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։ 16«Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզանից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել։ 17Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ առաջ թախծոտ՝ անցաւ իր ճանապարհները։ 18Ես տեսայ նրա սրտի ճանապարհները եւ բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարութիւն տուի նրան։ Նրա սգաւորների համար պտուղ ստեղծեցի։ 19Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին, -ասում է Տէրը, -ու ես պիտի բժշկեմ նրանց։ 20Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով։ Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ», -ասում է Տէրը։
58 Ուժգի՛ն կանչիր եւ մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Յակոբի տանը՝ իր անօրէնութիւնների մասին։ 2Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն 3եւ ասում են. «Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ։ 4Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ։ 5Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, -ասում է Տէրը։ - 6Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները։ 7Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր։ 8Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։ 9Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»։ Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, 10քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի։ 11Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի։ 12Քո դարաւոր աւերակները կը վերաշինուեն, եւ քո հիմքերը մշտնջենական կը լինեն սերնդից սերունդ. դու պիտի յառնես ու կոչուես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջեան դարուփոսերը վերացնող։ 13Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը։ 14Նա քեզ կ՚առաջնորդի դէպի երկրի բարիքները եւ իբրեւ սնունդ քեզ կը տայ քո հայր Յակոբի ժառանգութիւնը, քանզի Տիրոջ բերանը խօսեց այս։
59 Մի՞թէ Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. 2ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ, ձեր անօրէնութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ։ 3Արդարեւ, ձեր ձեռքերը պղծուած են արեամբ, եւ ձեր մատները՝ մեղքով. ձեր շուրթերն անօրէնութիւն խօսեցին, եւ ձեր լեզուները խորհում են անիրաւութիւն։ 4Չկայ մէկը, որ արդարութիւն խօսի, եւ բացակայում է ճշմարտութեան իրաւունքը. յոյս են դրել սնոտի բաների վրայ եւ ունայնութիւն են խօսում, յղանում են ցաւեր եւ ծնում անօրէնութիւն։ 5Քարբ օձի ձուեր են ծակում եւ սարդերի ոստայն հիւսում. եթէ որեւէ մէկը կամենայ ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մէջ կը գտնի ջուր եւ քարբ օձ։ 6Նրանց ոստայնները հագուստ չեն դառնայ, եւ ոչ էլ նրանք կարող են զգեստաւորուել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրէնութեան գործեր են, նրանց ձեռքերի մէջ անիրաւութեան գործեր կան։ 7Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն։ 8Նրանք չճանաչեցին խաղաղութեան ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարութիւն չկայ, որովհետեւ նրանց շաւիղները, որոնցով ընթանում են, խոտորուած են, եւ նրանք խաղաղութիւնը չեն ճանաչում։ 9Ահա թէ ինչու իրաւունքը հեռացաւ նրանցից, եւ արդարութիւնը չի հասնելու նրանց. մինչ նրանք լոյս էին ակնկալում՝ խաւար եղաւ նրանց համար, մինչ լոյսի էին սպասում՝ շուռ եկան դէպի մութը։ 10Կոյրերի պէս նրանք պատերն են շօշափելու, խարխափելու են աչքերից զրկուածների պէս, կէսօրին գլորուելու են, ինչպէս կէսգիշերին, օրհասական մարդկանց պէս հոգեվարքի տանջանքներ են տանելու 11եւ առհասարակ թափառելու են արջերի ու աղաւնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղաւ, սպասեցինք փրկութեան, բայց այն հեռացաւ մեզնից, 12քանզի բազում են մեր անօրէնութիւնները քո առաջ, եւ մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրէնութիւնները մե՛ր մէջ են, մենք ինքնե՛րս գիտենք մեր անիրաւութիւնները։ 13Ամբարիշտ դարձանք եւ ստեցինք Տիրոջ առաջ, յետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրաւութիւն խօսեցինք եւ ապստամբեցինք, մեր սրտերում անիրաւութեան խօսքեր յղացանք ու որոճացինք։ 14Յետ վանեցինք իրաւունքը, եւ արդարութիւնը հեռացաւ մեզնից։ Ճշմարտութիւնը սայթաքեց նրանց ճանապարհներից. նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ, 15եւ արդարութիւնը վերացաւ նրանց միջից. արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան։ 16Տեսաւ Տէրը եւ չհաւանեց, որովհետեւ իրաւունքը բացակայում էր։ 17Նայեց, բայց մարդ չկար, դիտեց, բայց չկար մէկը, որ օգնական լինէր. եւ իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմութեան հաստատեց նրանց։ 18Իբրեւ զրահ հագաւ արդարութիւնը, իբրեւ սաղաւարտ՝ գլխին դրեց փրկութիւնը, իբրեւ հանդերձ ու պատմուճան՝ իր վրայ գցեց վրէժխնդրութիւնը, որ հատուցում տայ նրանց։ 19Նա նախատինք ու հատուցում պիտի տայ հակառակորդներին ու կղզիների բնակիչներին։ 20Արեւմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արեւելքում՝ նրա փառքից ու համբաւից։ Բարկութիւնն, ինչպէս գետ, ուժգնօրէն պիտի գայ Տիրոջից, կատաղօրէն վրայ պիտի հասնի։ 21«Մի փրկիչ պիտի գայ Սիոնից ու պիտի վանի Յակոբի ամբարշտութիւնները», -ասում է Տէրը։ 22«Այս է իմ ուխտը նրանց հետ, -ասում է Տէրը։ -Իմ հոգին, որ քեզ վրայ է, եւ իմ խօսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետեւ մինչեւ յաւիտենութիւն չպիտի պակասեն քո բերանից, քո զաւակի բերանից եւ քո զաւակի զաւակի բերանից», -ասում է Տէրը։
60 Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը, եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու։ 2Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու։ 3Թագաւորները գալու են դէպի քո լոյսը, հեթանոսները՝ դէպի քո լոյսի փայլը։ 4Աչքերդ բարձրացրո՛ւ եւ շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մօտդ հաւաքուած քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից եւ, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին։ 5Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետեւ ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստութիւնը քո կողմը պիտի դառնայ։ 6Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր եւ տալու են Տիրոջ փրկութեան աւետիսը։ 7Կեդարի ոչխարների բոլոր հօտերը քեզ մօտ պիտի հաւաքուեն, Նաբէօթի խոյերը պիտի բերուեն ու իմ սեղանի վրայ պիտի մատուցուեն իբրեւ ընդունելի զոհ, եւ իմ աղօթքի Տունը պիտի փառաւորուի։ 8Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ։ 9Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար։ 10Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագաւորները պիտի ծառայեն քեզ, որովհետեւ իմ բարկութեան պատճառով հարուածեցի քեզ եւ իմ գթասրտութեան համար սիրեցի քեզ։ 11Քո դռներն օր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն եւ չպիտի փակուեն, որպէսզի քո մէջ տեղափոխեն ազգերի հարստութիւնը եւ նրանց թագաւորներին բերեն քեզ մօտ։ 12Իսկ այն ազգերն ու թագաւորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանուեն։ 13Լիբանանի փառքը դէպի քեզ է գալու՝ դափնիով, սօսիով, նոճիով ու մայրիով, որպէսզի լիապէս փառաւորեն իմ սրբարանի տեղը, եւ ես փառաւորեմ իմ ոտքերի տեղը։ 14Քեզ մօտ պիտի գան քեզ նեղողների եւ զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագութիւն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչուես Տիրոջ քաղաք, Իսրայէլի սրբի Սիոն։ 15Դու եղար լքուած ու ատելի, եւ ոչ ոք չկար, որ օգնէր քեզ, ես քեզ կը դարձնեմ յաւիտենական ուրախութիւն, ցնծութիւն՝ սերնդից սերունդ։ 16Դու պիտի ծծես հեթանոսների կաթը եւ ուտես թագաւորների հարստութիւնը, պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։ 17Պղնձի փոխարէն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարէն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարէն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարէն երկաթ եմ տալու քեզ, խաղաղութիւն եմ տալու քո իշխաններին, եւ քո վերակացուներին՝ արդարութիւն։ 18Քո երկրում անիրաւութեան մասին այլեւս չի լսուելու եւ ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշուառութեան մասին. քո պարիսպները պիտի անուանուեն փրկութիւն, եւ քո դռները՝ ցնծութիւն։ 19Այլեւս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկուայ լոյս է լինելու, եւ ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լոյս է տալու, այլ քեզ համար Տէրն է յաւիտենական լոյս լինելու, եւ Աստուած՝ քո փառքը։ 20Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, եւ լուսինը քեզնից չի պակասելու, որովհետեւ Տէրը քեզ համար յաւիտենական լոյս է լինելու։ Քո սգոյ օրերը պիտի վերջանան։ 21Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի եւ յաւիտենապէս պիտի ժառանգի երկիրը՝ պահպանելով իր նոր տունկը՝ իր ձեռքի գործը յանուն իմ փառքի։ 22Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց։
61 Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, 2հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին, 3փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի։ Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ։ 4Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները։ 5Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները։ 6Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք։ 7Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար։ 8Ես՝ Տէրս, սիրում եմ արդարութիւնը եւ ատում յափշտակութիւնն ու անիրաւութիւնը, արդարներին պիտի տամ իրենց վաստակը եւ յաւիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։ 9Պիտի ճանաչուեն նրանց սերունդը ազգերի մէջ եւ նրանց զաւակները՝ ժողովուրդների մէջ. ամէնքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց եւ ասեն, թէ՝ «Սրանք Աստծու օրհնեալ զաւակներն են», ու ցնծութեամբ պիտի ուրախ լինեն ի Տէր։ 10Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով։ 11Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ։
62 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ։ 2Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու։ 3Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ 4Այլեւս չես կոչուելու Լքեալ, ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ։ Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն, որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ, եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի։ 5Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ, այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար։ 6Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը։ 7Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ։ 8Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր, 9այլ ովքեր այդ ամբարեցին՝ նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը, եւ ովքեր այդ հաւաքեցին՝ նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում։ 10Գնացէք նե՛րս մտէք իմ դռներով, պատրաստեցէ՛ք ճանապարհները,շտկեցէ՛ք շաւիղները, ճամփա՛յ բացէք իմ ժողովրդի համար, հեռացրէ՛ք քարերը ճանապարհից եւ դրօշա՛կ բարձրացրէք հեթանոսների համար։ 11Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահաւասիկ գալիս է քո Փրկիչը, եւ իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։ 12Տիրոջ ձեռքով փրկուած Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչուելու ես Փնտռուած քաղաք եւ ոչ թէ Լքուած»։
63 Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է եւ հուժկու զօրութեամբ։ Ես խօսում եմ արդարութեան եւ փրկութեան իրաւունքի մասին։ 2Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը։ 3Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրոյթով տրորեցի նրանց, բարկութեամբ ճմլեցի նրանց եւ գետնին հաւասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արիւնաթաթախ արի. 4քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկութեան տարին եկել հասել էր։ 5Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թէ ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ։ Իմ բազուկը փրկեց նրանց, եւ միայն իմ բարկութիւնն ինձ զօրավիգ եղաւ։ 6Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց։ 7Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ։ Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ։ 8Նա էր, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ».եւ նա նրանց փրկութիւն բերեց իրենց բոլոր նեղութիւններից։ 9Ոչ թէ ինչ-որ պատգամաւոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ՝ Տէրն ինքը. եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց յար ու յաւիտեան։ 10Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տէրը նրանց թշնամի դարձաւ, ինքն իսկ պատերազմեց նրանց դէմ։ 11Այնժամ նրանք հին ժամանակները յիշեցին՝ ասելով. «Ո՞ւր են Մովսէսը եւ նրա ժողովուրդը, ո՞ւր է նա, որ երկրից դուրս բերեց հօտերի հովուին, ո՞ւր է նա, որ նրանց մէջ դրեց Սուրբ Հոգին. 12ո՞վ էր, որ իր աջով բարձրացրեց Մովսէսինեւ որի առաջ իր փառաւոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը յաւերժացնելու համար։ 13Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպէս ձին է անցնում անապատով, կամ ինչպէս գրաստը՝ դաշտով, ու նրանք չյոգնեցին։ 14Տիրոջ Հոգին իջաւ եւ առաջնորդեց նրանց»։ Քո ժողովրդին դու այնպէս առաջնորդեցիր, որ քո անունը փառաւորեն։ 15Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ո՛ւր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ո՛ւր են քո մեծ ողորմութիւնն ու գթութիւնը, որոնցով ներում էիր մեզ։ 16Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտէր մեզ, Իսրայէլը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը։ 17Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սէր քո ծառաների, դարձի՛ր ի սէր քո ժողովրդի,որ քո ժառանգութիւնն է։ 18Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը։ 19Եղանք ինչպէս առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում։
64 Եթէ բացես երկինքը, քո ահից լեռները կը սասանուեն եւ կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի դիմաց։ 2Կրակը կ՚այրի քո հակառակորդներին, եւ քո անունը յայտնի կը դառնայ թշնամիներիդ. քո պատճառով հեթանոսները խռովութեան կը մատնուեն։ 3Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կը սասանուեն։ 4Հնուց ի վեր չլսեցինք, եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մէկ այլ Աստուած, որ իր ողորմութեան վրայ յոյս դնողների համար այսպիսի բաներ անէր, 5ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում եւ յիշում քո ճանապարհները։ Եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորուեցինք։ 6Մենք ամէնքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց, մեր անօրէնութիւնների պատճառով մենք ամէնքս ցած թափուեցինք ինչպէս տերեւ. հողմերը քշեցին մեզ։ 7Ոչ մէկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել. ահա թէ ինչու քո երեսը մեզնից շրջեցիր եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։ 8Տէ՜ր, մեր Հայրն ես դու. մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը, մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք։ 9Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր։ Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր, մենք ամէնքս քո ժողովուրդն ենք։ 10Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ, Երուսաղէմը՝ անապատ։ 11Անէծքի մատնուեց մեր սուրբ ու փառաւոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ,հրոյ ճարակ դարձաւ, եւ մեր ամբողջ փառաւորութիւնը կործանուեց։ 12Եւ այս ամենի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր, լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ։
65 Յայտնուեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտռում։ «Ահաւասիկ ես կամ», ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց։ 2Ամէն օր իմ ձեռքը երկարեցի դէպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում էր ոչ թէ բարի ճանապարհով, այլ իր մեղքերի յետեւից։ 3Այս ժողովուրդը բարկացնում էր ինձ. իմ առաջ միշտ զոհեր էին մատուցում իրենց պարտէզներում եւ իրենց աղիւսների վրայ խունկ ծխում դեւերին, որոնք նրանց համար յիշատակ դառնալ չէին կարող։ 4Քարայրներում էին պառկում ու քնում, որպէսզի երազ տեսնէին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, եւ նրանց բոլոր ամանները պղծուած էին։ 5Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մօտեցիր ինձ, որովհետեւ ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկութեան, որի մէջ ամէն օր բորբոքւում է կրակը։ 6Ահա իմ առջեւ գրուած է. «Չեմ լռելու, մինչեւ որ չհատուցեմ նրանց մեղքերը՝ վերադարձնելով իրենց ծոցը։ 7Նրանց հետ միասին՝ նաեւ նրանց հայրերի մեղքերը, -ասում է Տէրը,-որոնք խնկարկում էին լեռների վրայ եւ բլուրների վրայ նախատում էին ինձ. հատուցելու եմ նրանց առաջուայ արարքները՝վերադարձնելով իրենց ծոցը»։ 8Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ «Մի՛ փչացնիր դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ», այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար.յանուն նրա չեմ կործանելու բոլորին։ 9Յակոբի եւ Յուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպէսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրեալներն ու ծառաները պիտի ժառանգեն այնեւ բնակուեն այնտեղ։ 10Անտառի մէջ պիտի լինեն հովիւների մակաղատեղերը, եւ Աքորի ձորը պիտի դառնայ նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտռել։ 11Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը եւ սեղան գցեցիք դեւերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։ 12Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք եւ, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։ 13Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարաւ էք մնալու. ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամօթով էք մնալու։ 14Ահաւասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախութեամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցաւից աղաղակելու էք, ձեր հոգու կսկծից ողբալու էք։ 15Ձեր անունն իմ ընտրեալների նողկանքի համար պիտի թողնէք, եւ Տէրը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրուի, որը պիտի օրհնաբանուի երկրի վրայ։ 16Որպէսզի օրհնեն ճշմարիտ Աստծուն, երկրի վրայ երդուողները պիտի երդուեն ճշմարիտ Աստուծով, առաջուայ նեղութիւնը պիտի մոռանան, այլեւս իրենց միտքը չպիտի բերեն։ 17Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջուաններն այլեւս չպիտի յիշենեւ այլեւս իրենց միտքը չպիտի բերեն։ 18Ուրախութիւն ու ցնծութիւն են գտնելու այն բանի մէջ, ինչ ես հաստատելու եմ։ Ահա ես Երուսաղէմն ստեղծում եմ ցնծութեան համար եւ իմ ժողովրդին՝ ուրախութեան համար։ 19Պիտի ցնծամ Երուսաղէմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մէջ այլեւս լացի ձայն եւ կամ բօթի ձայն չպիտի հնչի։ 20Այնտեղ չի լինելու մանկահասակ եւ կամ ծեր, որ լցրած չլինի իր կեանքի ժամանակը,քանզի կրտսեր որդին հարիւր տարեկան պիտի լինի, իսկ հարիւր տարեկանում մեռնողը մեղաւոր եւ անիծեալ պիտի համարուի։ 21Տներ պիտի շինեն եւ իրե՛նք պիտի բնակուեն, այգիներ պիտի տնկեն եւ նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։ 22Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն։ Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը։ 23Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են։ 24Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ ի՞նչ էք ուզում։ 25Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց։ Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լերան վրայ», -ասում է Տէրը։
66 Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար, -ասում է Տէրը, -եւ կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։ 2Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, եւ ամէն ինչ իմն է, -ասում է Տէրը. -ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից։ 3Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհներըեւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։ 4Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։ 5Տիրոջ պատգամնե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից։Ո՛վ մեր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների եւ ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրախութեան ժամին, եւ նրանք ամաչեն։ 6Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին։ 7Քանի դեռ յղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցաւերը չէին հասել,նա ազատուեց, եւ ծնուեց մի արու զաւակ։ 8Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, եւ միանգամից մի ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց եւ ծնեց իր մանուկներին։ 9«Ե՛ս տուեցի քեզ այդ յոյսը, բայց դու ինձ չյիշեցիր, -ասում է Տէրը. -մի՞թէ ես չստեղծեցի ամուլին եւ ծննդկանին», -ասում է քո Աստուածը։ 10Ուրախացի՛ր, Երուսաղէ՛մ, եւ դուք էլ հաւաքուեցէ՛ք, որպէսզի ցնծաք նրա մէջ. ամէնքդ էլ, որ սիրում էք նրան եւ սուգ էք մտել նրա համար, խնդացէ՛ք եւ ուրախացէ՛ք միասին։ 11Պիտի սնուէք ու յագենաք նրա մխիթարող ստինքներից եւ կուշտ ու պինդ վայելք պիտի առնէք նրա գալիք փառքից։ 12Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց։ 13Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում։ 14Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր ծաղկեն, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին։ 15Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումըեւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը, 16քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից։ 17«Նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ եւ մուկ, միասին պիտի բնաջնջուեն, -ասում է Տէրը։ - 18Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։ 19Նրանց վրայ նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ։ 20Եւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, -ասում է Տէրը։ - 21Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ, -ասում է Տէրը։ - 22Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ, -ասում է Տէրը, -այդպէս մնալու է եւ ձեր սերունդը։ 23Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու, - ասում է Տէր Աստուածը։ - 24Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին»։