Յոբ
1 Աւսիդ քաղաքում մի մարդ կար, որի անունը Յոբ էր։ Այդ մարդը ճշմարտախօս էր ու անարատ, արդար էր ու աստուածապաշտ, ամէն տեսակի չար ու մեղաւոր գործերից հեռու։ 2Եօթը տղաներ ու երեք աղջիկներ ունեցաւ նա։ 3Նրա հօտի մէջ եօթը հազար ոչխարներ կային, երեք հազար ուղտեր, հինգ հարիւր լուծ եզներ եւ արածող հինգ հարիւր մատակ էշեր. ունէր եւ բազմաթիւ սպասաւորներ։ Մեծամեծ գործեր ունէր նա երկրի վրայ։ Այդ մարդը բոլոր արեւելաբնակներից ամենաազնուականն էր։ 4Նրա որդիները, համաձայնելով, իրենց հետ իրենց երեք քոյրերին վերցնելով, իրար մօտ էին գալիս, խրախճանքներ սարքում, նրանց հետ ուտում-խմում։ 5Եւ երբ աւարտւում էին խրախճանքի օրերը, Յոբը նրանց յետեւից մարդիկ էր ուղարկում եւ սրբագործում էր նրանց. առաւօտեան վեր կենալով՝ նրանց համար, ըստ նրանց թուի, զոհեր էր մատուցում՝ մէկական զուարակ, նրանց մեղքերի համար։ Յոբն ասում էր. «Գուցէ իմ զաւակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Այսպէս էր անում Յոբը՝ նրանց խրախճանքների բոլոր օրերին։ 6Եւ մի օր ահա Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Տիրոջ առաջ. նրանց հետ սատանան էլ եկաւ՝ ման գալով երկրի երեսին, շրջելով նրա վրայ։ 7Եւ Տէրն ասաց սատանային. «Որտեղի՞ց ես գալիս դու»։ Պատասխան տուեց սատանան Տիրոջն ու ասաց. «Երկրի երեսին շրջելով ու երկնքի տակ ման գալով եմ եկել»։ 8Եւ Տէրն ասաց նրան. «Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբին, որի նման անարատ, ճշմարտախօս, աստուածապաշտ, ամէն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկայ երկրի վրայ»։ 9Պատասխան տուեց սատանան՝ ընդդիմանալով Տիրոջը. «Միթէ Յոբը ձրի՞ է պաշտում Տիրոջը. 10չէ՞ որ դու ես պաշտպանել նրան արտաքուստ ու նրա տունը՝ ներքուստ, եւ ամէն ինչ, որ կայ նրա շուրջը. նրա ձեռքի գործերը դու ես օրհնել, երկրի վրայ նրա անասունները դու ես բազմացրել։ 11Բայց դէ փորձի՛ր մեկնել ու գցել քո ձեռքը նրա ամբողջ ունեցուածքին, ու կը տեսնես, որ նա դէմառդէմ կ՚անիծի քեզ»։ 12Այն ժամանակ Տէրն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցուածքը քո ձեռքն եմ տալիս, պայմանով որ նրա անձին ձեռք չտաս»։ Եւ սատանան հեռացաւ Տիրոջ առաջից։ 13Եւ այդ այն օրն էր, երբ Յոբի տղաներն ու աղջիկները իրենց աւագ եղբօր տանը ուտում ու գինի էին խմում։ 14Եւ ահա մի պատգամաբեր եկաւ Յոբի մօտ ու ասաց նրան. «Լծկան եզները վար էին անում, մատակ էշերն էլ՝ արածում նրանց մօտերքը. 15գերեվարողները եկան ու տարան նրանց, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատմելու»։ 16Եւ մինչ նա խօսում էր, մի ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Երկնքից կրակ թափուեց ու այրեց հօտերը, հովիւներին էլ նոյն ձեւով ճարակեց։ Միայն ես մնացի ու եկայ քեզ պատմելու»։ 17Եւ մինչ նա խօսում էր, մի ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Ասպատակներ ասպատակեցին մեզ երեք խմբերով, շրջապատեցին ուղտերն ու տարան դրանք, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատմելու»։ 18Եւ մինչ նա խօսում էր, մի ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Մինչ քո տղաներն ու աղջիկներն իրենց աւագ եղբօր մօտ ուտում-խմում էին, 19անապատից յանկարծակի սաստիկ հողմ փչեց ու խփեց տան չորս անկիւններին. տունը փլուեց քո զաւակների վրայ, ու նրանք վախճանուեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատմելու»։ 20Ապա Յոբը վեր կացաւ, պատառոտեց իր հագուստները, կտրեց իր գլխի մազերը եւ գետին փռուելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց. 21«Իմ մօր որովայնից ես մերկ դուրս եկայ, մերկ էլ կը վերադառնամ։ 22Տէրը տուեց, Տէրն էլ յետ առաւ։ Ինչպէս որ հաճելի էր Տիրոջը, այնպէս էլ եղաւ։ Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը»։ 23Եւ նրան պատահած այս բոլոր դէպքերի ժամանակ Յոբը չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամութիւն հանդէս բերեց Աստծու հանդէպ։
2 Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց մէջ էր ու նրանց հետ Տիրոջ առաջ եկաւ կանգնեց նաեւ սատանան։ 2Եւ Տէրն ասաց սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»։ Այն ժամանակ սատանան Տիրոջն ասաց. «Եկել եմ՝ թափառելով անցնելով երկնքի ներքոյ եւ շրջելով ամէն տեղ»։ 3Եւ Տէրն ասաց սատանային. «Տեսա՞ր արդեօք իմ ծառայ Յոբին, որի նման ճշմարտախօս, անարատ, աստուածապաշտ, ամէն չար գործից հեռու մնացող մարդ չկայ երկրի վրայ. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղութեան մէջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստեան մատնեմ նրա ունեցուածքը»։ 4Պատասխան տուեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մորթի դէմ՝ մորթ. մարդն ինչ որ ունի՝ իր կեանքի համար կը տայ։ 5Բայց ահա մեկնի՛ր ձեռքդ, ձե՛ռք տուր նրա ոսկորին ու մարմնին, ու կը տեսնես, որ նա դէմառդէմ կ՚անիծի քեզ»։ 6Տէրն ասաց սատանային. «Ահա նրան քո ձեռքն եմ մատնում, պայմանով որ նրա կեանքը պահես»։ 7Եւ սատանան հեռացաւ Տիրոջ առաջից եւ ոտից գլուխ չարորակ վէրքերով պատեց Յոբին։ 8Եւ Յոբը խեցու մի կտոր առնելով՝ քերում էր թարախը. նստում էր աղբիւսում, քաղաքից դուրս։ 9Ու երբ այս դէպքից շատ ժամանակ անցաւ, կինն ասաց նրան. «Մինչեւ ե՞րբ, դիմանալով, պիտի ասես, որ համբերելու ես դեռ մի որոշ ժամանակ՝ փրկութեան յոյս ակնկալելով։ Ահա ջնջուած է յիշատակդ երկրի երեսից, ոչնչացուած են տղաներդ ու աղջիկներդ՝ իմ որովայնի ծնունդները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով։ Դու ինքդ էլ զազրելի որդերի մէջ նստած ես բացօթեայ, իսկ ես, մոլորուած, ծառայի պէս տնից տուն, տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թէ ե՛րբ է արեգակը մայր մտնելու, որ հանգստանամ իմ տառապանքներից ու ցաւերից, որոնք այժմ պատել են ինձ։ Արդ, մի խօ՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր»։ 10Եւ Յոբը նրան նայելով՝ ասաց. «Խօսեցիր ինչպէս մի անզգամ կին. եթէ Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եւ իր հետ պատահած այս բոլոր դէպքերի ժամանակ Յոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամութիւն հանդէս բերեց Աստծու հանդէպ։ 11Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքայ Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը եւ մինեցիների արքայ Սոփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Յոբի վրայ, համաձայնելով եկան նրա մօտ, իւրաքանչիւրն իր աշխարհից՝ մխիթարելու եւ ամոքելու նրան։ 12Նրան հեռուից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. իւրաքանչիւրն իր պատմուճանը պատառոտեց. երկինք նայելով՝ հող ցանեցին գլխներին։ 13Եօթն օր ու եօթը գիշեր նստեցին նրա շուրջը. նրանցից ոչ ոք մի բան չխօսեց հետը, որովհետեւ տեսնում էին նրան հասած սաստիկ մեծ հարուածները։
3 Ապա Յոբը դժուարութեամբ բաց արեց բերանը, անիծեց իր ծնուած օրը, 2խօսեց ու ասաց. 3«Կորչի թող օրն այն, երբ ես ծնուեցի, ու գիշերն էլ, երբ ասացին ինձ, թէ՝արու մի զաւակ է սաղմնաւորուել։ 4Խաւար թող դառնայ այն գիշերը, եւ Տէրը վերեւից չփնտռի թող այն։ 5Նրա վրայ է՛լ լոյսը չծագի. թող պատեն խաւարն, ստուերները մահուան, ու մէգը իջնի թող նրա վրայ։ 6Անիծեալ լինի այն օրն, գիշերն էլ. խաւարը տանի։ Չլինի թող այն՝ տարուայ օրերում, ու չթուարկուի նաեւ օրերում այն ամիսների։ 7Այլ գիշերը այն լինի ցաւերում, եւ թող չայցելեն նրան խնդութիւն, ոչ էլ ցնծութիւն։ 8Նզովի թող նա, ով պիտ անիծի օրն այն, ով ձեռքն իր գցի վիշապին։ 9Խաւարեն թող այն աստղերն գիշերուայ. գիշերն սպասի, բայց լոյս չգայ թող, ու չտեսնի թող երբեք ծագելը վառ արուսեակի. 10քանզի չփակեց իմ մօր արգանդի դռները, որով գուցէ եւ վանէր ցաւերն իմ աչքից։ 11Ինչո՞ւ չմեռայ ես էլ արգանդում, դուրս եկայ այսպէս եւ տեղնուտեղը չչքացայ գէթ։ 12Ինչո՞ւ ծնուեցի, ինչո՞ւ ծծեցի ստինքներն իմ մօր։ 13Մինչ հիմա հանգչած ես կը լինէի, 14կը ննջէի ու կը հանգչէի ես արքաների հետ, երկրի իմաստնոց, որ յոխորտում են սրերով իրենց, 15կամ իշխանների, որ բազում ոսկի ունեն եւ որոնք լցրել են իրենց տներն արծաթով, 16կամ ինչպէս վիժուածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մօր, կամ զերթ մանուկներ, որոնք որ լոյսը չտեսան երբեք։ 17Այնտեղ են հիմա ամբարիշտները, որ բորբոքեցին զայրոյթը Տիրոջ։ Այնտեղ հանգչեցին մարմնով տանջուածներ, 18անցեալի մարդիկ, որ չեն լսում էլ ձայնն հարկահանի։ 19Այնտեղ են փոքրն ու մեծը միասին, նոյնպէս եւ ծառան, որ չունի երբեքտիրոջից երկիւղ։ 20Ինչո՞ւ է տրւում լոյսը այն անձանց, որ դառնացած են, կեանքը՝ ցաւագնած այն հոգիներին, 21որ մահ են տենչում՝ չեն հասնում դրան, փորում են, ինչպէս գանձ կը փորէին, կ՚ուրախանային, թէ մահ գտնէին։ 22Մահն մարդու համար հանգիստ է, 23սակայն ճամփան դէպի այն ծածկուեց նրանից. փակեց նրա շուրջը ինքը Աստուած։ 24Կերակրից առաջ՝ հեծութիւնն հասաւ. արցունքներով ու ահով եմ ընկճուած, 25քանզի ինչ բանի երկիւղն ունէի՝ հասաւ ինձ վրայ. ինչից որ վախ կար՝ հէնց ի՛նձ պատահեց։ 26Չխաղաղուեցի, դադար չառայ ես, ոչ էլ հանգչեցի, քանի որ վրաս բարկութիւնն իջաւ»։
4 Եղիփազ Թեմնացին ասաց. 2«Մի՞թէ շատ անգամներ են ասուել քեզ խօսքեր տանջալից. եւ ո՞վ կը դիմանայ խօսքերիդ զօրութեան։ 3Որովհետեւ եթէ խրատել ես դու շատերին, բռնել ես ձեռքը տկարի ու մխիթարել, 4խօսքովդ կանգնեցրել ոտքի անզօրին, եղել քաջալեր ծնկին կթոտած, - 5արդ քեզ վրայ են հասել տանջանքներ։ Բայց տագնապել ես։ 6Չէ՞ որ երկիւղդ անզգամութիւն է, ինչպէս կասկածդ՝ ճամփի վրայ անչար։ 7Յիշի՛ր դու արդ. այն ո՞ր անմեղն է կորել-գնացել, կամ երբեւէ արդարները եղե՞լ են արմատախիլ։ 8Ինչպէս որ ես եմ տեսել միշտ. ով որ վարել է ու անպատշաճ սերմեր ցանել, փոխարէնը ցաւ է հնձելու։ 9Կորչելու են Տիրոջ հրամանով, ոչնչացուելու զայրալից շնչից։ 10Հանգել են զօրութիւնն առիւծի, գոչիւնը էգ առիւծի եւ պերճութիւնը վիշապների։ 11Սատկել է մրջնառիւծը՝ կեր չլինելուց. իրար են լքել կորիւններն առիւծի։ 12Եթէ քո խօսքերում դեռ ճշմարիտ բան գոյութիւն ունենար, այդպիսի չար բաներ քեզ չէին պատահի։ Ուրեմն ականջն իմ չի՞ ընդունելուհրաշակերտ բաներ նրանից։ 13Գիշերային արհաւիրքներ ու դղրդիւններահ են գցել մարդկանց սրտում. 14դողումն ու սոսկումն են պատել ինձ եւ սաստիկ ցնցել ոսկորներն իմ։ 15Մի շունչ դիպաւ իմ երեսին. քստմնեցին մազերս ու մարմինն իմ։ 16Կանգնեցի, բայց չհասկացայ. տեսայ, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ։ Միայն շունչ ու մի շշնջիւն էի լսում։ 17Մահկանացուն միթէ Տիրոջ մօտ աւելի մաքո՞ւր է, կամ մի մարդ աւելի անարա՞տ է քան գործերը Նրա, 18եթէ չի հաւատում իր ծառաներին, իսկ հրեշտակների վրայ խոտոր բաներ է նկատում։ 19Արդ, գալով կաւէ տներում բնակուածներին (մենք էլ միեւնոյն կաւից ենք), ցեցի պէս կերաւ նրանց, 20եւ առաւօտից մինչեւ երեկոյ նրանք գոյութիւն չեն ունենայ։ Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել՝ կորան։ 21Փչեց նրանց վրայ, ու չորացան, ոչնչացան նրանք,զի չունէին իմաստութիւն։
5 Արդ, կանչի՛ր, եթէ մէկը քեզ ձայն է տալու, կամ եթէ տեսնելու ես սուրբ հրեշտակներից որեւէ մէկին։ 2Յիրաւի, բարկութիւնն անզգամին սպանում է,մոլորեալին մեռցնում։ 3Ես տեսել եմ ահա անզգամներին արմատ գցելիս, բայց իսկոյն խորտակուել են տները նրանց։ 4Հեռու լինեն թող նրանց զաւակները փրկութիւնից, եւ խղճուկ քարշ գան թող վատթարների դռներին. բայց ոչ ոք չի գտնուելու, որ փրկի նրանց։ 5Ինչ որ նրանք ժողովել են՝ արդարներն են ուտելու, իսկ իրենք չեն ազատուելու պատուհասներից. քամուելու է զօրութիւնը նրանց։ 6Արդարեւ, հողից չէ որ ելնում է տառապանքը, ոչ էլ լեռներից են բուսնում ցաւերը։ 7Այլ մարդը տանջանքով է ծնւում. արծիւների ձագերը բարձունքներում են ճախրում։ 8Սակայն ես Տիրոջից եմ խնդրելու, Տիրոջը՝ բոլորի իշխանին եմ ձայն տալու, 9որ կատարում է մեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ գործեր, որոնք թիւ ու համար չունեն, 10որ տալիս է անձրեւ՝ երկրի վրայ, ուղարկում ջրեր՝ երկնքի ներքոյ, 11որ բարձրացնում է խոնարհներին եւ ոտքի է կանգնեցնում կորուսեալներին, 12որ փոխում է մտադրութիւնները խորամանկների, որոնց ձեռքերը ճշմարիտ գործեր չեն կատարում, 13որ վրայ է հասնում իմաստուններին՝ հանճարով, ջախջախում մտադրութիւնները բազմադաւների։ 14Ցերեկը խաւարն է նրանց վրայ հասնելու, իսկ կէսօրին խարխափելու են ինչպէս գիշեր ժամանակ։ 15Պատերազմով են ոչնչանալու, եւ աղքատն ազատուելու է հզօրի ձեռքից։ 16Յոյս է ունենալու տկարը, եւ փակուելու է անիրաւի բերանը։ 17Երանելի է այն մարդը, որին Տէրն ուղղում է երկրի վրայ. ուստի, Յո՛բ, չհրաժարուես Ամենակալի խրատից։ 18Տէրն է, որ ցաւ է պատճառում, բայց յետոյ նորից ամոքում, խփում է, բայց նրա ձեռքն է բժշկում։ 19Վեց անգամ փրկելու է քեզ վշտերից, իսկ եօթներորդին չարը քեզ չի մօտենալու։ 20Սովի ժամանակ քեզ մահից է փրկելու, պատերազմի ժամանակ կապանքներից է ազատելու քեզ։ 21Պահելու է քեզ լեզուի հասցրած տառապանքներից, ու չես սարսափելու քեզ վրայ եկած չարիքներից։ 22Արհամարհելու ես անիրաւներին ու անօրէններին եւ երկիւղ չես կրելու վայրի գազաններից, 23որովհետեւ դաշտի քարերի հետ ես դաշինք կնքելու, վայրի գազանների հետ խաղաղութեան մէջ ես լինելու։ 24Ապա իմանալու ես, որ խաղաղութիւն կայ քո տան մէջ, եւ քո յարկի տակ բան չի պակասելու։ 25Իմանալու ես, որ բազում են քո սերունդները, եւ քո որդիները դաշտի խոտի պէս են լինելու։ 26Գերեզման ես իջնելու ժամանակին հնձուած հասուն ցորենի պէս, կամ ինչպէս ժամանակին մէկտեղուած կալի շեղջը։ 27Ահա սա այսպէս քննեցինք, սա է, ինչ որ լսեցինք. բայց դու ինքդ իմացիր, թէ ի՛նչ ես արել»։
6 Յոբը խօսեց ու ասաց. 2«Թէ որ կշռելով կշռէր մէկը իմ սրտմտութիւնը, ցաւերս էլ բարձէր նժարին կշռի, ծովի աւազներից էլ ծանր կը լինէին դրանք։ 3Խօսքերս կարծես խենթ-խելառ լինեն, 4զի նետերն Տիրոջ մէջն են իմ մարմնի, զայրոյթը նրա արիւնս է ծծում. բերան բացելիս կտըտում են ինձ։ 5Արդ, մի՞թէ զուր է էշն վայրի զռում, եթէ չի խնդրում իր համար նա կեր։ Կամ թէ կը գոռա՞յ եզը մսուրում, եթէ ունենայ առատ կերակուր։ 6Կամ կ՚ուտուի՞ առանց աղի հաց։ Կամ համ կը լինի՞ դատարկ խօսքերում։ 7Չի կարող հանդարտուել իմ հոգին, քանի որ շարաւոտ եմ տեսնում կերակուրս, ինչպէս հոտն առիւծի։ 8Երանի կատարուի խնդիրքն իմ, եւ յոյսս լիացնի Տէրը։ 9Սկսեց Տէրը ինձ խոցոտել, սակայն թող չսպանի ինձ իսպառ։ 10Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրայ ճեմում էի. չպիտի խնայեմ ես նրան, որպէսզի սուտ չելնեն խօսքերը սուրբ Աստծուս։ 11Զօրութիւնս ի՞նչ է, որ համբերեմ. ժամանակս ի՞նչ է, որ դիմանայ իմ հոգին։ 12Մի՞թէ քար զօրութիւն է ուժն իմ. մարմինս պղնձի՞ց է միթէ։ Կամ չէի վստահում ես դրան։ 13Զրկուեցի ինքս իմ նեցուկից. Օգնութիւնն հեռացաւ արդ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիւ։ 14Մերձաւոր չնայեց երբեք ինձ. նուազած առուի պէս, ալիքի պէս անցան իմ կողքով։ 15Ովքեր դողում էին ինձանից, 16այժմ ահա եկել են ինձ վրայ։ 17Ձիւնն ինչպէս կամ ինչպէս քարացած սառոյցը, որ իսկոյն հալչում է ջերմոյթից, չի յիշում, թէ ինչ էր ինքն առաջ, - 18նոյն ձեւով լքուեցի բոլորից նաեւ ես, կորստեան մատնուեցի ու դարձայ ես տնանկ։ 19Եւ դուք, որ նայում էք Սաբայի շաւիղին, տեսէք եւ ճամփաներն թեմնացւոց. 20ամօթով կը մնան, ովքեր որ յոյս դրին քաղաքի, ինչքերի վրայ այս։ 21Դէ ահա դուք նոյնպէս անողորմ հասել էք ինձ վրայ. գէթ վէրքիս նայելով դուք երկիւղ կրեցէք։ 22Այժմ բան խնդրեցի՞ ես ձեզնից, 23կամ միթէ ձե՞ր ուժով կարող եմ փրկել ինձ թշնամուց,կամ փրկել հզօրաց ձեռքերից։ 24Ուսուցէք դուք էլ ինձ՝ կը լռեմ։ Իսկ եթէ մոլորուած ես լինեմ, ինձ խելքի՛ բերէք դուք։ 25Բայց կարծէք իզուր են խօսքերն այս ճշմարիտ. չէ՞ որ ես ձեզանից զօրութիւն չեմ խնդրում։ 26Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերն են կարող լռեցնել. պիտ չանսամ նաեւ ձեր բարբառած խօսքերին։ 27Բայց քանի հասել էք ինձ վրայ, իբրեւ մի որբուկի, շարժուել էք բարեկամի վրայ ձեր, - 28էլի ես նայելով ձեր դէմքին՝ պիտ երբեք չստեմ։ 29Նստեցէ՛ք. դատի մէջ անիրաւ բան չլինի. եւ դարձեալ արդարին հետեւէ՛ք, 30քանի որ իմ լեզուին անիրաւ բան չկայ, քիմքս էլ չի ձգտում երբեք իմաստութեան»։
7 «Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքն մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր։ 2Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին, - 3այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ։ Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ. 4թէ քնեմ՝ ասում եմ. «Ե՞րբ պիտի բացուի լոյս», արթնանամ՝ դարձեալ թէ՝ «Ե՞րբ կը լինի երեկոյ»։ Ցաւով եմ լեցուն ես իրիկուն-առաւօտ։ 5Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու։ 6Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում։ 7Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան. 8չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի։ Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի՝ երկնքից ջնջուած ամպի պէս։ 9Զի եթէ իջնի մարդ գերեզման, 10չի ելնի այլեւս, չի դառնայ՝ իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի։ 11Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտ խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտ բացեմ դառնութիւնն իմ հոգու։ 12Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել։ 13Ասացի՝ ամոքեն պիտի ինձ մահիճներս. եւ ինքս պիտ քննեմ անկողնում իմ բոլոր գործերը։ 14Երազով վախեցնում, տեսիլքով հարուածում ես դու ինձ։ 15Իմ հոգին հանում ես դու ինձնից, մարմնիցս՝ շունչը իմ, մահուանից՝ կեանքը իմ։ 16Քանի որ յաւիտեան չեմ ապրի, թող որ ես համբերող միշտ լինեմ։ Հեռո՛ւ կաց դու ինձնից, քանի որ իզուր է կեանքը իմ։ 17Եւ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սեւեռում իր վրայ, 18կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առաւօտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։ 19Մինչեւ ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչեւ որ ցաւերով կուլ տամ ես լորձունքս։ 20Թէ ես մեղք գործեցի՝ ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։ Ինչո՞ւ ես ինձ դարձրել քեզ ոսոխ, որ լինեմ քեզ համար ես մի բեռ։ 21Ինչո՞ւ չես ներել դու յանցանքներս, չես թողել մեղքերն իմ։ Եւ ահա երկիր եմ դառնում ես շատ կանուխ. այլեւս չեմ լինի»։
8 Բաղդատ Սոքեցին խօսեց ու ասաց. 2«Մինչեւ ե՞րբ ես այդպէս խօսելու։ Մեծաբանութեան հովեր կան քո բերանում։ 3Միթէ անիրա՞ւ դատաստան կը տեսնի Տէրը, կամ նա, որ ամէն ինչ ստեղծեց, իրաւունքը կ՚աղաւաղի՞։ 4Եթէ քո զաւակները մեղանչեցին նրա առաջ, ինքն էլ պատիժներ ուղարկեց անօրէնութիւնների համար։ 5Բայց դու աղօթքներով վաղ առաւօտեան դիմի՛ր Ամենակալ Տիրոջը. 6եթէ սուրբ ու ճշմարիտ լինես՝ քո աղօթքներին ականջ կը դնի,քեզ կը վերադարձնի արդար յարկը քո։ 7Եթէ սկզբում քոնը քիչ էր, վերջում այն անբաւ կը լինի։ 8Բայց դու տեղեկացի՛ր հին ազգերից եւ քննի՛ր տոհմերի գլխաւորներին։ 9Քանի որ մենք երէկուան ենք պատկանում, բան չենք իմանում. ստուեր է երկրի վրայ կեանքը մեր։ 10Միթէ նրանք պիտի չսովորեցնե՞ն քեզ ու պատմեն, իրենց իմաստութիւնից պիտի չբխեցնե՞ն խօսքերն իրենց։ 11Միթէ պրտուն կը կանաչի՞ առանց ջրի, կամ կը բարձրանա՞յ կնիւնն առանց ջրուելու։ 12Չի՞ հնձուելու այն, մինչ իր արմատների վրայ է. եթէ ամէն խոտ մինչեւ յագեցում չոռոգուի՝ չի՞ չորանայ։ 13Արդ, բոլորի վախճանն այնպիսին կը լինի, որ կը մոռանան Տիրոջը, այդպէս էլ ամբարշտի յոյսը կը կորչի։ 14Շէն չի լինի տունը նրա. սարդոստայնի պէս կ՚անհետանայ յարկը նրա։ 15Թէկուզ եւ հաստատի տունն իր՝ այն չի մնայ կանգուն. հէնց իր ձեռքը գցի դրան՝ այն չի խարխլի։ 16Արեգակից է խոնաւութիւնը, եւ նրա նեխուածքից է դուրս գալու իր շիւը։ 17Քարակարկառի վրայ է ննջելու ու մանրախիճ քարերի վրայ ապրելու. իսկ եթէ արմատախիլ արուի իր տեղից,նրա տեղն էլ ուրանալու է նրան։ 18Այսպիսի բան չե՞ս տեսել միթէ. 19ամբարշտի կործանումն այսպիսին է լինելու, իսկ հողից ուրիշն է բուսնելու։ 20Տէրը չի մերժում անմեղին՝ ամբարշտի ամէն ընծայ ընդունելի չի լինելու։ 21Ճշմարիտ մարդկանց բերանները ծիծաղով են լցուելու, նրանց շրթունքները՝ գոհութեամբ։ 22Նրանց թշնամիներն ամօթով են ծածկուելու. ամբարշտի բնակավայրերն այլեւս չեն մնալու»։
9 Յոբը խօսեց ու ասաց. 2«Ճշմարտապէս գիտեմ, որ այդ այդպէս կը լինի. ինչպէ՞ս կարող է մարդ արդար լինել Աստծու առաջ։ 3Եթէ Աստուած ուզի դատ տեսնել իր հետ՝ նրան չի լսելու, որովհետեւ հազար խօսքին մի խօսքով իսկ պատասխան չի տալու։ 4Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել։ 5Չեն իմանում, թէ Նա, որ մաշեցնում է լեռները, բարկութեամբ կը տապալի էլ դրանք։ 6Նա է, որ երկնքի ներքոյ շարժում է գետինը հիմքերից, եւ նրա սիւները դողում են։ 7Նա է, որ հրամայում է արեգակին, ու սա չի ծագում, փակում է աստղերի դէմը։ 8Նա է, որ մենակը տարածել է երկինքը եւ ծովի վրայ այնպէս է շրջում, ինչպէս ցամաքի վրայ։ 9Նա է, որ ստեղծել է Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու Մազարոթը։ 10Նա է, որ արարում է մեծամեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաները, որոնց թիւ ու համար չկայ։ 11Եթէ ինձանից վեր բարձրանայ՝ չեմ տեսնի, իսկ եթէ կողքովս անցնի՝ այդպէս էլ չեմ իմանայ։ 12Եթէ ոչնչացնի՝ ո՞վ յետ կը պահի նրան, կամ ո՞վ նրան կ՚ասի՝ ի՞նչ արեցիր։ 13Ետ դարձաւ նա բարկութիւնից, եւ նրանից սարսեցին կէտերը, որ երկնքի ներքոյ են։ 14Երանի՜ թէ լսի ինձ եւ իրաւացի համարի իմ խօսքերը։ 15Եթէ արդար լինեմ, ու ինձ չլսի՝ նրա դատաստանն եմ աղերսելու։ 16Իսկ եթէ աղաղակեմ իրեն, ու լսի՝ հաւատալս էլ չի գալու, որ հէնց լսել է ինձ։ 17Փոթորիկով չի ոչնչացնելու ինձ։ Բազում են հարուածները, որ ինձ զուր տեղը հասցրել է. ինձ հանգիստ էլ չի տալիս։ 18Դառնութեամբ է լցրել ինձ. 19քանի որ հզօր է՝ բռնանում է։ Եւ հիմա այն ո՞վ է, որ նրա դատաստանին հակառակ կը կանգնի։ 20Եթէ արդար լինեմ, բերանս ինձ ամբարիշտ կը դարձնի, անարատ լինեմ՝ կամակոր կը դառնամ։ 21Իսկ եթէ հոգով մեղանչել եմ՝ չգիտեմ. գիտեմ միայն, որ կեանքս խլում են ինձանից։ 22Դրա համար եմ ասել. « Բարկութիւնը կործանում է մեծին ու հզօրին»։ 23Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկւում, քանի որ մատնւում են ամբարշտի ձեռքը։ 24Նա դատաւորների երեսն է ծածկում. եթէ նա չէ ծածկողը, ապա ո՞վ է։ 25Սակայն սուրհանդակից էլ արագ անցաւ իմ կեանքը. փախաւ այն ու չերեւաց։ 26Կը գտնուի՞ նաւերի ճանապարհի կամ թռչող, կեր փնտռող արծուի հետքը։ 27Եթէ ասեմ, թէ մոռանալու եմ գանգատուելը, երեսս գետին խոնարհելով՝ հեծեծեմ, 28դողը կը պատի իմ բոլոր անդամները, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։ 29Եթէ ամբարշտութիւն էի անում՝ ինչո՞ւ չմեռայ։ 30Եթէ ձիւնով իսկ լուացուէիու ձեռքերս էլ օշնանով մաքրէի, 31դարձեալ սաստիկ աղտեղութեամբ կը ներկէիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով. 32քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ դատ անէի ես, եւ որպէս հաւասար դատաստանի գայինք։ 33Ո՜ւր է թէ մի միջնորդ լինէր, դիմացս գար ու դատ անէր երկուսիս միջեւ։ 34Նա անպայման կը հեռացնէր ինձանից խարազանը, եւ դրա ահն ինձ չէր սարսափեցնի. 35էլ չէի վախենայ, այլ կը խօսէի. բայց գիտեմ, որ այդպէս չէ. որ ինքս մենակ եմ տանջւում»։
10 «Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ։ 2Ու կ՚ասեմ. «Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ». եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ։ 3Բարւո՞ք է քեզ թւում անիրաւուած լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, նայել պիղծերի խորհրդին։ 4Մի՞թէ դու նայում ես, ինչպէս մարդն է նայում, կամ տեսնում, ինչպէս մահկանացուն է տեսնում։ 5Տարիներդ մարդու տարինե՞ր են միթէ, 6որ փնտռում ես կրկին յանցանքներս ու քննում մեղքերս։ 7Գիտես, որ երբեք չեմ մեղանչել, բայց ո՞վ ինձ կ՚ազատի քո ձեռքից։ 8Քո ձեռքն է արարել ու ինձ ձեւ է տուել, բայց յետոյ դարձել ես, զարկել ինձ։ 9Յիշի՛ր, որ կաւից ես ստեղծել. վերստին դու հող ես ինձ դարձնում։ 10Մի՞թէ չես կաթի պէս կթել ինձ, պանրի պէս մակարդել։ 11Մորթ ու միս հագցրել, ոսկրերով, ջիլերով ես օժտել։ 12Կեանք ու կարեկցանք ես դրել ինձ վրայ. հոգատարութեամբ ես պահել իմ ոգին։ 13Եւ քանի այս բոլորն ունես դու՝ գիտեմ, որ ամէն բան կարող ես. քեզ համար չի լինի ոչ մի բան ուժից վեր։ 14Մեղանչեմ թէկուզ ես՝ կը պահես. չես պահել զերծ դու ինձ՝ մեղքերից։ 15Ամբարիշտ թէ եղայ՝ օ՜, վա՜յ ինձ. արդար էլ թէ լինեմ՝ չեմ կարող հայեացքս բարձրացնել, զի մէջս անարգանք կայ լեցուն։ 16Որսուած եմ իբր առիւծ, որին պիտ սպանեն։ Ինձ դարձեալ չարաչար ջնջում ես, 17նորոգում հարուածներս իմ գլխին։ Բարկութեամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրայ, փորձիչներ ես բերել դու իմ դէմ։ 18Ինչո՞ւ ինձ հանեցիր արգանդից, ու տեղում չմեռայ։ Ոչ մի աչք չէր տեսնի ինձ այնժամ, ու կարծես թէ եղած էլ չէի լինի ես։ 19Եւ ինչո՞ւ արգանդից ուղղակի գերեզման չիջայ ես, 20կամ մի՞թէ շատ կարճ չէ ժամանակն իմ կեանքի։ Թո՛յլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգչեմ ես, 21մինչեւ այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խաւարին ու մթին, 22երկիրը, ուր յաւերժ աղջամուղջ է տիրում, եւ որտեղ լոյս չկայ, ու ոչ ոք չի կարող տեսնել կեանք մարդկային»։
11 Սոփար Մինեցին ասաց. 2«Ով շատ է խօսում, պարտաւոր է նոյն ձեւով էլ լսել. խօսողը կարո՞ղ է խօսքերով արդարանալ։ 3Օրհնեալ է սակաւակեաց կանանց ծնունդը։ Շատ էլ մի՛ շաղակրատիր, որովհետեւ մէկը չկայ, որ քեզ պատասխան տայ։ 4Մի՛ ասա՝ «Գործերովս մաքուր ու անարատ եմ Տիրոջ առաջ»։ 5Այլ մտածի՛ր, թէ ինչպէ՛ս է Տէրը շրթունքները բաց անելու եւ հետդ խօսելու։ 6Քեզ կը հասկացնի իմաստութեան զօրութիւնը, որ կը լինի կրկնակի, քան քոնը։ Ապա կ՚իմանաս, թէ ինչ որ գլխիդ բերել է Տէրը՝ արժանի էր քո գործած մեղքերին։ 7Կը գտնե՞ս Տիրոջ ճանապարհը, կամ վերահասու կը լինե՞ս այն դէպքերին, որ սահմանել է քեզ համար Ամենակալը։ 8Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել։ Խորն է դժոխքը. ի՞նչ կ՚իմանաս։ 9Երկար են երկրի չափերը. լայն է ծովը։ 10Եւ եթէ Աստուած կործանի այդ բոլորը, ո՞վ կ՚ասի նրան՝ այդ ի՞նչ արեցիր։ 11Ինքը գիտէ անօրէնների գործերը. անարժան բաներ տեսնելով՝ անտես չի առնի։ 12Դատարկաբան մարդը խօսքերի մէջ է թաքնւում։ Կնոջից ծնուած մարդը նման է անապատի վայրի էշի։ 13Իսկ եթէ դու մաքուր ես պահել քո սիրտը՝ ձեռքդ մեկնի՛ր դէպի Աստուած։ 14Եւ եթէ քո մէջ անօրէնութիւն կայ՝ հեռո՛ւ վանիր այն քեզանից, եւ անօրէնութիւնը քո յարկի տակ թող չիջեւանի։ 15Եւ ահա քո դէմքը կը փայլի վճիտ ջրի պէս, կը մերկանաս աղտեղութիւնից ու երկիւղ չես կրի, 16կը մոռանաս նեղութիւններդ, ինչպէս անցած ալիքը, ու չես զարհուրի։ 17Աղօթքդ քեզ համար արուսեակի պէս կը լինի. կէսօրին կը ծագի կեանքը քո, ու վստահ կը լինես, որ յոյս ունես. հոգսերի ու տարակուսանքների միջից խաղաղութիւնը կ՚երեւայ քեզ։ 18Անդորր կը գտնես, եւ ոչ ոք չի պատերազմի քեզ հետ։ 19Շատերը շուռ կը գան ու քո հաճութիւնը կը փնտռեն. փրկութիւնը կը վրիպի նրանցից, 20որովհետեւ նրանց յոյսն իրենց իսկ կորուստն է։ Ամբարիշտների տեսողութիւնը կը սպառուի»։
12 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Արդ դո՞ւք էք լոկ մարդիկ. հանճարը ձեզ հե՞տ է մեռնելու։ 3Ես նոյնպէս ձեզ նման սիրտ ունեմ։ 4Արդար ու անարատ մի մարդ է ենթարկուել ծաղրանքի։ 5Սահմանուած ժամանակ պատրաստուեց. տեսաւ իր տները՝ կործանուած օտարից, անօրէնների ձեռքով աւերուած։ 6Բայց ով որ չար լինի՝ թող երբեք չյուսայ, թէ անպարտ կը լինի։ Եւ ով որ բարկացնի Տիրոջը, նրանից մի՞թէ չի պահանջուի պատասխան։ 7Բայց դէ ե՛կ ու հարցրո՛ւ գազանին՝ թէ կը տայ պատասխան, երկնքի թռչունին՝ թէ մի՛ բան կ՚ասի քեզ. 8ու պատմի՛ր դու երկրին՝ թէ մի բան հասկացնի. կամ ձկները ծովի կը պատմե՞ն մի բան քեզ։ 9Եւ սակայն ո՞վ է, որ չիմացաւ, թէ Տիրոջ ձեռքն է ստեղծել ամէն ինչ։ 10Եւ մի՞թէ իր Տիրոջ ձեռքին չէ կեանքը կենդանի շնչերի ու հոգին ամէն մարդ էակի։ 11Զի միտքն է քննում խօսքն, ու քիմքն է համտեսում կերակուր։ 12Ժամանակի երկարութեան մէջ կայ իմաստութիւն, եւ կեանքի երկարութեան մէջ՝ միտքը հանճարեղ։ 13Նրանի՛ց գալիս են ուժ, իմաստութիւն, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճար։ 14Թէ Նա կործանի՝ ո՞վ կը շինի այն, թէ Նա փակ դնի մարդկանց առաջ՝ ո՞վ բաց կ՚անի այն։ 15Թէ Նա արգելք դնի ջրերի առաջ՝ կը չորանայ հողը, իսկ թէ որ թոյլ տայ՝ կը կործանի երկիրը։ 16Նրանի՛ց գալիս են ուժ ու զօրութիւն, Նրա՛նն են հանճար եւ իմաստութիւն։ 17Գերի է քշում խորհրդականներին, յիմարացնում է երկրի դատաւորներին, 18գահերին է նստեցնում արքաներինեւ գօտի կապում նրանց մէջքին։ 19Գերութեան է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզօրներին։ 20Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում։ 21Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա։ 22Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի։ 23Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում։ 24Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն։ 25Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն։
13 Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս։ 2Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից։ 3Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար։ 4Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն։ 5Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կը գայ ձեզ այցելութեան։ 6Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք։ 7Չէ՞ որ մեր Տիրոջ առաջ էք խօսում, նրա յանդիման նենգ բարբառում էք։ 8Ետ պիտի քաշուէ՞ք։ Ո՛չ, ինքներդ ձեզ եղէք դատաւոր։ 9Բայց բարւոք է, որ ինքը քննի ձեզ։ Զի թէ արուածը իրեն վերագրէք՝ նա էլ ձեզ նուազ չի կշտամբելու։ 10Իսկ եթէ ծածուկ՝ աչառու լինէք մարդկանց նկատմամբ, 11Իր արհաւիրքը ահի կը մատնի, նրա երկիւղը կը թափուի ձեզ վրայ։ 12Պերճանքը ձեր մոխրի պէս կը լինի, մարմինը՝ կաւի։ 13Լռեցէ՛ք, զի ես եմ խօսելու, գտնելու անդորր իմ զայրոյթից։ 14Մարմինս առնեմ ատամներիս մէջ, հոգիս ամփոփեմ ձեռքերի մէջ իմ։ 15Թէ որ իջեցնի Ամենազօրը ձեռքը ինձ վրայ (սկսել էլ է)՝ չե՞մ խօսելու ես Նրա առաջին եւ պաշտպանուելու փորձեր անելու։ 16Կը դառնայ դա ինձ իբրեւ փրկութիւն, զի նրա առաջ նենգ բան չի կանգնի։ 17Լսեցէ՜ք, անսացէ՜ք խօսքերիս. ի լուր ամենքիդ եմ ասում ես սա։ 18Մօտ եմ ես ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երեւալու ես։ 19Ո՞վ է ոսոխն իմ, որ դէմ կանգնի ինձ. ինչո՞ւ կաշկանդուեմ եւ կամ էլ մեռնեմ։ 20Երկու բաներ են լոկ անհրաժեշտ ինձ. այն ժամանակ է՛լ հո չե՞մ թաքնուի ես Քո երեսից։ 21Ե՛տ քաշիր ինձնից ձեռքդ. եւ ահդ թող ինձ չսարսափեցնի։ 22Յետոյ դիմի՛ր ինձ, ու Քեզ կը լսեմ, թէ խօսես ինձ հետ՝ պատասխան կը տամ։ 23Որքա՞ն մեղք ունեմ, անօրէնութիւն, հասկացրո՛ւ Դու ինձ՝ որքա՞ն են դրանք։ 24Ինչո՞ւ ես պահում դրանք ինձանից։ Ինձ Քեզ թշնամի՞ ես հաշւում արդեօք, 25թէ՞ քամուց շարժուող տերեւից ես Դու վախենում այդպէս, կամ թէ հակառա՞կ ես կանգնում Դու ինձ՝ հողմավար խոտիս։ 26Իմ դէմ չար վճիռներ գրեցիր ու վրաս գցեցիր ջահելի մեղքերս։ 27Ոտքերս դրեցիր կոճղի մէջ, խուզարկու դարձար իմ գործերին, քննեցիր նոյնիսկ ոտնահետքերս, 28մինչդեռ մարմինս է հին տիկի պէս, կամ էլ ցեցակեր՝ ձորձի պէս»։
14 «Կնոջածին մարդն է սակաւակեաց ու լի դառնութեամբ։ 2Ով որ ծաղկել էր որպէս մի ծաղիկ՝ թափուեց ու ընկաւ, փախաւ իբր ստուեր. հաստատ չի մնայ։ 3Մի՞թէ նրան ես հաշուի առնելու եւ ներս տանելու Քո դատաստանին։ 4Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ո՛չ ոք. թէկուզ եւ կեանքն երկրի վրայ մէկօրեայ լինի։ 5Արդ, հաշուուած են օրերը նրա. ժամ ես դրել Դու, խոյս չի տայ երբեք։ 6Հեռո՛ւ նրանից, որ հանգչի մի քիչ, հաճոյք ստանայ իր կեանքից գէթ իբր մի վարձկան։ 7Ծառի համար իսկ գտնւում է յոյս. թէեւ կտրում են, նորից է ծաղկում։ Ճիւղերը նրա դեռ չեն պակասում։ 8Անգամ արմատը թէ որ ծերանայ խորքի մէջ հողի, քարերի մէջ էլ խեղդուի բունը, - 9ջրի հոտից իսկ կը ծաղկի իսկոյն, նորատունկի պէս պտուղներ կը տայ։ 10Բայց մահկանացուն՝ վախճանուած մարդը գնում է եւ է՛լ գոյութիւն չունի։ 11Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են. 12նոյնպէս մարդիկ թէ ննջեն՝ է՛լ վեր չեն կենայ։ Մինչեւ երկինքը իսպառ չլուծուի՝ չեն զարթնի քնից։ 13Ու երանի թէ գերեզմաններում պահէիր դու ինձ, մինչեւ որ անցնէր բարկութիւնը քո, եւ ժամանակ ինձ նշանակէիր, յիշէիր դու ինձ։ 14Մարդը թէ մեռնի՝ կ՚ապրի՞ նա դարձեալ՝ ամբողջացնելով օրերն իր կեանքի։ Պիտի սպասեմ, մինչեւ որ կրկին գոյութիւն առնեմ։ 15Դու ձայն կը տաս ինձ՝ կը պատասխանեմ։ Մի՛ մերժիր գործը քո սուրբ ձեռքերի։ 16Նկատել ես վարքը իմ. չի վրիպի քեզանից մեղքերիցս ոչ մին։ 17Յանցանքներս կնքել ես քսակի մէջ.նշել, թէ ի՛նչ յանցանք եմ գործել ակամայ։ 18Փլուելու ենթակայ լեռը պէտք է փլուի. եւ վէմն էլ պիտ շարժուի իր տեղից։ 19Եւ ինչպէս ջրերն են քարերը ողորկում,հեղեղում դաշտերը կոշտ հողի,այնպէս էլ դու մարդու յոյսերն ես չքացրել։ 20Մերժել ես նրան իսպառ. նա անցել գնացել է։ Դու նրա երեսն ես աւերել ու այդպէս արձակել։ 21Թէպէտեւ նա բազում որդիներ ունենայ, նա այդ չի իմանայ, իսկ եթէ սակաւ էլ լինեն, չի ճանաչի։ 22Բայց անդամներն իր ախտահարուած են, իսկ հոգին նրա սգում է իր մէջ»։
15 Եղիփազ Թեմնացին նորից խօսեց ու ասաց. 2«Հոգով հանճարեղն իմաստութեամբ պատասխան կը տա՞յ արդեօք, կ՚անցկացնի՞ իր որովայնի ցաւը, 3եթէ յանդիմանի արտայայտութիւններով, որոնք արժանի չեն, եւ խօսքերով, որոնցից օգուտ չկայ։ 4Դրանց երկիւղը դու էլ մերժեցիր ու Տիրոջ առաջ չարաշահեցիր այսպիսի խօսքեր։ 5Յանցաւոր եղար բերանիդ խօսքերով, իսկ հզօրների խօսքերը չքննեցիր։ 6Քո իսկ բերանն է կշտամբելու քեզ, ոչ թէ ես. շրթունքներդ քո դէմ վկայութիւն են տալու։ 7Ի՛նչ է, բոլոր մարդկանցից առա՞ջ ես ծնուել, թէ՞ բոլոր բլուրներից վաղ ես հաստատուել։ 8Դո՞ւ ես լսել Տիրոջ հրամանը, թէ՞ քեզ է օժտել նա իմաստութեամբ։ 9Այն ի՞նչ է, որ դու գիտես, իսկ մենք՝ ոչ, կամ ի՞նչն է, որ դու կ՚իմանաս, իսկ մենք՝ ոչ։ 10Մեր մէջ էլ կան ծերեր, ալեհեր մարդիկ, տարիքով շատ աւելի մեծեր, քան քո հայրը։ 11Մեղքերիդ համեմատ շատ քիչ տանջանքներ ես կրել ու աւելի շատ ես մեծաբանել։ 12Ինչո՞ւ յանդուգն դարձաւ քո սիրտը, ինչո՞ւ լկտի նայեցին քո աչքերը. 13սրտմտութիւնդ դուրս թափեցիր Տիրոջ առաջ եւ այդպիսի բառեր հանեցիր քո բերանից։ 14Այն ո՞ր մահկանացուն է անարատ եղել, կամ այն ո՞ր կնոջածինն է արդար լինելու։ 15Եթէ Աստուած սրբերին չի հաւատում, ու երկինքը նրա առաջ անարատ չէ, 16առաւել եւս գարշելի ու պիղծ է այն մարդը, որ անօրէնութիւններն ըմպելիքի նման է խմում։ 17Պատմելու եմ քեզ, Յո՛բ, լսի՛ր ինձ։ Ինչ որ տեսել եմ, 18ինչ որ իմաստուններն են ասում, ինչ որ չեն թաքցրել նրանց հայրերը, - պատմելու եմ քեզ։ 19Նրանց է միայն տրուել երկիրը, եւ ոչ մի օտարածին չի խառնուել նրանց։ 20Ամբարշտի ամբողջ կեանքը հոգսերով է անցնում, ու տարիները բռնակալ մարդուն հաշուով են տրուած։ 21Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թէ խաղաղութեան մէջ է՝ նրա վրայ կործանում է գալու։ 22Թող չհաւատայ, թէ կը վերադառնայ խաւարից, որովհետեւ արդէն սրի է դատապարտուած։ 23Սահմանուած է իբրեւ անգղերին կեր. իր ներսում ինքն էլ գիտէ, որ հաստատ կործանուելու է։ 24Մթին օրը զարհուրեցնելու է նրան. անձկութիւնն ու նեղութիւնն են նրա վրայ հասնելու. կործանուելու է իբրեւ առաջին գծի զօրավար, 25որովհետեւ ձեռք է բարձրացրել Տիրոջ դէմ ու ընդվզել է Ամենակալ Տիրոջ դէմ։ 26Գոռոզութեամբ, իր վիթխարի վահանով է յարձակուել նրա վրայ։ 27Երեսը ծածկել է իր ճարպով ու երկսայրի սուր դրել ազդրին։ 28Աւերակ քաղաքներում է բնակուելու եւ անմարդաբնակ տներ մտնելու. ինչ որ իրենք պատրաստել էին, ուրիշներն են տանելու։ 29Չի հարստանալու, ունեցուածքը չի մնալու, երկրի վրայ ստուեր չի գցելու, խաւարից էլ չի փրկուելու։ 30Նրա բողբոջը հողմն է թառամացնելու. թափուելու է ծաղիկը նրա։ 31Թող չհաւատայ, որ հանգիստ է գտնելու. վախճանը փուչ է լինելու։ 32Վաղաժամ են կտրուելու ճիւղերը նրա,շիւերն էլ չեն ծաղկելու։ 33Խակ պտուղի պէս վաղաժամ է քաղուելու. ձիթենու ծաղկի պէս ցած է թափուելու, 34քանզի մահն է ամբարշտի վկան. հուրն է այրելու կաշառակերների տները։ 35Իր մէջ ցաւեր է սաղմնաւորելու. վախճանը փուչ է լինելու. նրա արգանդը նենգութիւն է ծնելու»։
16 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ։ 3Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։ 4Ես էլ ձեզ պէս կը խօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր։ 5Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով։ 6Գուցէ իմ բերանում ուժ ունենայի, ու ես չզլանայի շրթունքներս շարժել, 7քանզի թէ խօսեմ՝ չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ՝ աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես։ 8Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած։ 9Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ։ Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս։ 10Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ։ Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ։ 11Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս։ 12Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ։ 13Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք։ 14Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել։ Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ. 15ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով։ Վրաս են թափուել զօրաւորները, 16եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք։ 17Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս։ 18Անիրաւութիւն չկար իմ ձեռքին,եւ անարատ էր աղօթքն իմ հոգու։ 19Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ։ 20Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են։ 21Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն։ 22Երանի մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը։ 23Իմ տարիները հաշուուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին»։
17 «Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։ 2Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու։ Գողացան օտարներն ինչքերս։ 3Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի։ 4Քանի որ սրտները հեռու է դատումից, ուստի չես բարձրացնի Դու նրանց։ 5Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր։ Աչքերս որդոցս համար հալուեցին։ 6Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձայ։ 7Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս. խիստ պաշարուած եմ բոլորի կողմից։ 8Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրայ. արդարը հիմա վեր է կենալու անիրաւի դէմ։ 9Հաւատարիմը թող հաստատ մնայ իր ճանապարհին, իր մաքուր ձեռքով քաջալերութիւն ստանայ թող միշտ։ 10Բայց դուք էլ, ամէնքդ, վե՛ր կացէք, եկէ՛ք. ձեր մէջ չեմ գտնում ճշմարտութիւն ես։ 11Իմ օրերը խիստ շարաւոտ եղան. սրտիս երակներն ամէն պայթեցին։ 12Գիշերս ցերեկուայ տեղ դրին նրանք. լոյսը մերժուեց մութի երեսից։ 13Թէ համբերեմ ես՝ դժոխք կը դառնայ ինձ համար տունս։ Խաւարի մէջ է փռուած մահիճս։ 14Մահը ինձ համար ես հայր կոչեցի, նեխուածքը՝ մայր, քոյր։ 15Ո՞ւր է յոյսը իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ ես։ 16Թէ՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս. բոլորս իրար հետ հո՞ղն ենք իջնելու»։
18 Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց. 2«Մինչեւ ե՞րբ դադար չես առնելու. հանդարտուի՛ր, որ մենք էլ խօսենք։ 3Ինչո՞ւ ենք մենք չորքոտանիների պէս լռել քո առաջ, 4իսկ դու համակ բարկութիւն ես։ Հիմա եթէ դու մեռնես՝ երկնքի ներքոյ ամայութի՞ւն է տիրելու, թէ՞ լեռներն են հիմնայատակ կործանուելու։ 5Հանգելու է ամբարիշտների լոյսը. նրանց բոցը չի փայլելու։ 6Նրա լոյսը խաւարելու է իր յարկի տակ, եւ ճրագը հանգելու է նրա վրայ։ 7Յետին մարդիկ յափշտակելու են նրա ունեցուածքը. սխալ են դուրս եկել նրա խորհուրդները։ 8Ոտքը ծուղակն է ընկնելու, եւ նա թպրտալու է ուռկանում։ 9Դարաններ են վրան թափուելու. ծարաւիներին զօրացնելու է նրա դէմ։ 10Նրա համար հողում թակարդ է թաքցուած, իսկ ճանապարհին՝ որոգայթներ։ 11Ցաւերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատեր նրա ձեռքն ու ոտքն են կապելու տանջահարող սովով։ 12Նրա համար ահաւոր կործանում է պատրաստուած. ոտքի ներբանները մաշուելու են։ 13Տարաժամ մահը ուտելու է գեղեցկութիւնը նրա. 14առողջութիւնը դուրս է քշուելու նրա յարկից։ Տագնապով նրան է հասնելու Մահ-արքայի պատուհասը։ 15Գիշերը նա բնակուելու է նրա յարկի տակ. նրա վայելչութիւնը ծծումբի բոցով է փչանալու։ 16Նրա արմատները խորքից են ցամաքելու, հունձն էլ վերեւից է թափուելու։ 17Յիշատակը նրա կորչելու է երկրի երեսից, անունն էլ ջնջուելու է հրապարակաւ։ 18Լոյսից խաւար են քշելու նրան, եւ իր ժողովրդի մէջ ծանօթ չի ունենալու։ 19Երկնքի ներքոյ նրա տունը չի փրկուելու, այլ այնտեղ օտարներ են բնակութիւն հաստատելու։ 20Յետին մարդիկ հեծեծելու են նրա վրայ, առաջինները զարմանքով են համակուելու, 21թէ սրա՞նք են անիրաւների տները, սրա՞նք են այն մարդկանց տեղերը, ովքեր Տիրոջը չճանաչեցին»։
19 Յոբը խօսեց ու ասաց. 2«Մինչեւ ե՞րբ պիտ տանջէք իմ հոգին, խօսքերով պիտ ընկճէք իմ անձը։ 3Իմացէ՛ք, որ Տէրը ինձ հետ այսպէս վարուեց։ Բամբասում էք ինձ, յարձակւում վրաս, չէք էլ ամաչում։ 4Այո՛, արդարեւ ես մոլորուեցի (մոլորութիւնս իմ ներսում է հանգուցուել)՝ ասելով բաներ, որոնք արժան չեն։ Խօսքերս եւս մոլորութիւն են ու չեն պատշաճում մեր ժամանակին։ 5Մի կողմ թողնենք այն, որ դուք ինձ վրայ մեծ-մեծ խօսում էք, յարձակւում վրաս նախատինքներով։ 6Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել։ 7Ահա ծաղրւում եմ նախատինքներով՝ բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ։ 8Շրջապատուած եմ՝ չեմ կարող խոյս տալ։ Խաւարն է չոքել համակ ինձ վրայ։ 9Մերկացրել է ինձ փառքերից բոլոր, հանել իմ գլխից պսակը նաեւ։ 10Պաշարել է ինձ բոլոր կողմերից, ու կործանուած եմ. յոյսս կտրել է յաւէտ՝ ծառի պէս։ 11Սաստիկ բարկութեամբ է վարուել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ։ 12Գնդերը նրա, բոլորը մէկտեղ, հասել են վրաս. դարանակալներ կտրել են բոլոր ճանապարհներս։ 13Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առաւել՝ օտարներին են ճանաչել նրանք։ 14Բարեկամներս անողորմ դարձել, անգոսնել են ինձ մերձաւորներս, իսկ ծանօթներս անունս անգամ արդ մոռացել են։ 15Հիւրընկալուածներն իմ յարկի ներքոյ, աղախիններն իմ համարել են ինձ լիովին օտար. մի այլազգի եմ թուացել նրանց։ 16«Ծառա՜յ» եմ կանչել, բայց նա չի լսել. 17ես իմ բերանով կնոջս աղաչում, աղերսում էի։ Պաղատանքներով կանչում էի ես որդներին իմ բոլոր հարճերի, 18յաւէտ ուրացել են նրանք էլ ինձ. հէնց վեր եմ կենում՝ բամբասում են ինձ։ 19Զզուել են ինձնից իմ ծանօթները. ում սիրում էի՝ իմ դէմ են ելել։ 20Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մէջ իմ ոսկորներն եմ պահում սեղմելով։ 21Ո՛վ բարեկամներ, ողորմեցէ՛ք ինձ, ողորմեցէ՛ք ինձ, զի Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս։ 22Տիրոջ պէս ինչո՞ւ էք ինձ հալածում. մի՞թէ իմ մարմնով չէք յագեցել դուք։ 23Ի՜նչ կը լինէր, որ կարողանայի ես գրել խօսքերս, յաւիտենական մի մատեանի մէջ գրանցել դրանք՝ 24երկաթէ գրչով կապարի կամ թէ վէմերի վրայ փորագրելով, 25քանի որ գիտեմ՝ յաւերժական է Նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ՝ 26յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ։ Տիրոջ կողմից են հասել բոլորը, 27որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը։ Այդպէս ամէն ինչ իմ ծոցում հանգաւ։ 28Իսկ թէ հարցնէք՝ «Ինչի՞ մասին մենք խօսենք իր առաջ, ինչպէ՞ս գտնենք մենք արմատը գործի», - 29դո՛ւք էլ վախեցէք մթին գործերից։ Զի բարկութիւնն է անօրէնների վրայ հասնելու. ապա կ՚իմանան, թէ ո՛ւր է իրենց բուն էութիւնը»։
20 Սոփար Մինեցին նորից խօսեց ու ասաց. 2«Չէի կարծում, թէ դու մեր դիմաց այդպէս կը խօսես։ Մի՞թէ դու ինձնից աւելի իմաստուն ես։ 3Ես ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատին, եւ իմ բանականութեան ոգին է, որ պատասխան է տալու ինձ։ 4Մի՞թէ դու դա հիմա ես իմացել եւ ոչ թէ այն ժամանակուանից, երբ երկրի վրայ մարդն է ստեղծուել։ 5Ամբարիշտների ուրախութիւնը չարաչար կործանման նշան է, անօրէնների խնդութիւնը՝ կորուստ։ 6Եթէ անգամ երկինք բարձրանան նրա ընծաները, ողջակէզներն էլ ամպերին հասնեն, - 7երբ թուայ, թէ հաստատուած է՝ այն ժամանակ իսպառ կորչելու է. իսկ ովքեր որ նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է։ 8Երազի պէս է թռչելու եւ չի գտնուելու. գիշերային տեսիլքի պէս է թռչելու նա։ 9Այն աչքը, որ նայել է նրան, այլեւս չի տեսնելու, ոչ էլ նրա բնակավայրն է նրան ընդունելու։ 10Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքուելու։ 11Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին յագեցած, իր հետ էլ հողում են ննջելու։ 12Եթէ անգամ քաղցրանայ չարութիւնը նրա բերանում, թաքցնի այն իր լեզուի տակ, - 13չի՛ խնայելու նրան, թողութիւն չի՛ շնորհելու։ 14Կուտակելու է այն իր կոկորդում, ու ինքն էլ չի կարողանալու իրեն օգնութեան հասնել. իժի թոյն կայ նրա փորում։ 15Անիրաւութեամբ հաւաքուած նրա հարստութիւնը դուրս է փսխուելու. հրեշտակը նրան քաշել հանելու է տնից։ 16Վիշապների զայրոյթն է նա ծծելու, եւ նրան օձի լեզուն է սպանելու։ 17Չի տեսնելու նա արածող կենդանիների կիթը, ոչ էլ մեղրի ու կարագի պաշարներ։ 18Զուր ու պարապ տեղն է նա հարստութիւն վաստակել, ուստի չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպէս չծամուող ու չկտրտուող կարծր բան, 19որովհետեւ շատ տկարների տներ է խորտակել, բնակարաններ խլել, բայց չի կառուցել։ 20Նրա ունեցուածքին փրկութիւն չկայ. իր ցանկացած ձեւով չի ազատուելու։ 21Ուտելու մթերք չի ունենալու։ Դրա համար նրա բողբոջները չեն ծաղկելու։ 22Երբ իրեն թուայ, թէ ահա առատութեան մէջ է՝ նեղութիւն է կրելու։ Ամէն անգամ տագնապի մէջ է լինելու, 23թէ ինչպէ՛ս է լցուելու իր որովայնը։ Աստուած նրա վրայ է ուղարկելու իր սրտմտութիւնն ու զայրոյթը, վրան ցաւեր է թափելու, 24եւ նա սրի ձեռքից չի ազատուելու։ 25Պղնձէ աղեղն է խոցոտելու նրան. նետն է թափ անցնելու նրա մարմնով։ Նրա յարկի տակ աստղեր են շուռ գալու, եւ արհաւիրքներ են թափուելու գլխին։ 26Համակ խաւարն է սպասում նրան, եւ անշէջ հուրն է ճարակելու նրան։ Եկուորն է չարչարելու նրա ընտանիքը։ 27Երկինքը մէջտեղ է հանելու նրա անօրէնութիւնները, եւ աշխարհն է վեր կենալու նրա դէմ։ 28Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. հասնելու է նրա վրայ ցասման օրը։ 29Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն, եւ այս է լինելու նրա ունեցուածքը՝ Վերակացուից սահմանուած»։
21 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Ակա՛նջ դրէք, ակա՛նջ դրէք խօսքերիս։ Երանի չլինէր ձեզանից եկած մխիթարանքը։ 3Թո՛յլ տուէք դուք ինձ, ու ես կը խօսեմ. գուցէ չայպանէք խօսքերիս համար։ 4Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. եւ ինչո՞ւ պէտք չէ, որ բարկանամ ես։ 5Զարմանում էք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնօտներին ձեր։ 6Հէնց որ յիշում եմ՝ տագնապում եմ ես, քանզի ցաւերն են պատել մարմինս։ 7Այդ ինչպէ՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նոյնիսկ լողում են հարստութեան մէջ։ 8Նրանց սերունդը ըստ ցանկութեան է, եւ զաւակները՝ աչքների առաջ։ 9Նրանց տները՝ երջանկութեան մէջ, եւ ոչ մի տեղից՝ դոյզն ինչ երկիւղ։ Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։ 10Նրանց կովերը հաստատ ծնում են, յղիութիւնը երբեք չի վիժում. 11հորթերը նրանց յաւերժական են, ինչպէս գառնուկներ։ Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝ 12ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից։ 13Ամբարիշտները կեանքները ահա բարիքների մէջ են աւարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են։ 14Եւ Տիրոջ կ՚ասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա։ 15Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կայ, որ նրան մօտենանք»։ 16Չի նայում բնաւ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բիւր։ 17Սակայն կը մարի ամբարիշտների ճրագը նոյնպէս. նրանց կը հասնի կործանումը մեծ. զայրոյթից վրէժի երկունքը կը բռնի նրանց։ 18Ու կը լինեն յարդ՝ հողմի բերանին, կամ թէ չէ փոշի՝ մրրիկից քշուող։ 19Իր ունեցուածքը վերջ կը տայ մի օր իր որդիներին. կը հատուցի եւ ճանաչել կը տայ Տէրը հէնց իրեն։ 20Նրա աչքերը կը տեսնեն անշուշտ իր սպանուելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատուի նա։ 21Զուարճութիւնը իր տան մէջ է միշտ, իր հետ. կեանքի ամիսներն արդ կը կտրուեն։ 22Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է հանճար, գիտութիւն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին։ 23Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստոյգ կը մեռնի սաստիկ անզգամ լինելու համար։ 24Իր որովայնը ճարպակալած է. ու քամուելու է իր ուղն ու ծուծը։ 25Դառնութիւնն հոգու կը սպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։ 26Կը ննջեն նրանք, բոլորը մէկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտութիւնն համակ։ 27Եւ հիմա գիտեմ, որ յանդգնութեամբ հասել էք վրաս։ 28Հիմա դուք կ՚ասէք, «Իշխանի տունը այն որտե՞ղ է որ. ո՞ր յարկի տակ են ամբարիշտները բնակւում հիմա»։ 29Դուք դա հարցրէ՛ք լոկ անցորդներին ճանապարհների. նրանց նշաններն օտար ցոյց մի՛ տաք։ 30Չարն շտապում է դէպի այն օրը անդարձ կորստեան. քշւում է դէպի օրը հատուցման։ 31Ո՞վ է պատմելու նրա առաջին՝ իր վարքի մասին, արածի համար ո՞վ է, որ պիտի հատուցի նրան։ 32Եւ ինքը դէպի գերեզման ուղղուեց. անքուն անցկացրեց-մնաց տապանում. ձորի խիճերը քաղցր թուացին։ 33Նրա յետեւից կ՚երթան բոլորը, իսկ առջեւից էլ՝ մարդիկ բիւրաւոր։ 34Եւ ինչո՞ւ էք դուք զուր տեղը ջանում ինձ մխիթարել. ձեզանից կեանքում հանգիստ օր բնաւ չեմ ունենայ ես»։
22 Եղիփազ Թեմնացին նորից խօսեց ու ասաց. 2«Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է իմաստութիւն եւ գիտութիւն։ 3Արդ, Տիրոջն ի՞նչ փոյթ, թէ դու անարատ ես քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես վարքդ։ 4Կամ բանի տեղ դնելով՝ կը յանդիմանի՞ քեզ, քեզ հետ դատաստանի՞ կը նստի։ 5Չէ՞ որ քո չար արարքները բազմաթիւ են, մեղքերդ՝ անթիւ։ 6Առանց պատճառի քո եղբայրներին գրաւ ես վերցրել, մերկերի զգեստները յափշտակել։ 7Ծարաւածներին ջուր չես խմեցրել, նաեւ քաղցածների հացը կտրել։ 8Ոմանց աչքի տակ ես առել ու նրանց բնակեցրել երկրի վրայ։ 9Այրիներին ձեռնունայն ես արձակել եւ որբերին չարչարել։ 10Հիմա քո շուրջը որոգայթներ են դրուած, եւ սաստիկ պատերազմն է քեզ տագնապի մէջ գցել։ 11Լոյսդ քեզ խաւար թուաց. քնի մէջ քեզ ջրերը ծածկեցին։ 12Միթէ Նա, ով բարձունքում է ու նայում է՝ չի՞ տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտաւանութեամբ զգեստաւորուածներին խոնարհեցրեց։ 13Եւ ասացիր. «Ի՞նչ գիտէ Հզօրը», կամ թէ՝ «Ամպի մէ՞ջ է դատ անելու»։ 14Ամպն է նրա ծածկոյթը, ու երբ շրջում է նա երկնի ծիրի մէջ, ոչինչ տեսանելի չէ։ 15Չե՞ս պահելու այն յաւիտենական շաւիղները, որոնց վրայ կոխեցին տարաժամ յափշտակուած արդար այրերը։ 16Նրանց հիմքերը յորդաբուխ գետ են։ 17Նրանք ասում էին. «Տէրը մեզ ի՞նչ կ՚անի», կամ՝ «Ամենակալն ի՞նչ կը թափի մեր գլխին»։ 18Նա սրանց տները բարիքներով լցրեց։ Բայց ամբարիշտների մտադրութիւնը հեռու է նրանից։ 19Արդարները տեսան ամբարիշտների կործանումը ու ծիծաղեցին. անարատն էլ տեսաւ ու արհամարհեց՝ ասելով. 20«Արդարեւ, նա չքանդե՞ց դրանց նեցուկը։ Դրանց ունեցուածքների մնացորդները հուրն է ճարակելու»։ 21Բայց եկ խստակեա՛ց եղիր, թէ կարող ես համբերել. եւ քո պտուղը կը փարթամանայ։ 22Ուսմո՛ւնք ընդունիր նրա բերանից, նրա խօսքերը սրտիդ մէ՛ջ վերցրու։ 23Եւ եթէ դարձի գաս ու քո անձը խոնարհեցնես Տիրոջ առաջ, անիրաւութիւնը հեռացրած կը լինես քո յարկից։ 24Կը բազմես ամուր վէմի վրայ, ինչպէս Սոփերի ձորի ժայռի վրայ։ 25Եւ Ամենակալը քեզ օգնական կը լինի թշնամիներիդ դէմ ու յայտնապէս կը վարձատրի քեզ, ինչպէս զտած արծաթ։ 26Ապա համարձակ կը կանգնես Տիրոջ առաջ ու զուարթ կը նայես դէպի երկինք։ 27Երբ նրան աղերսես՝ կը լսի քեզ ու կատարել կը տայ քեզ՝ քո ուխտը։ 28Քեզ կը վերադարձնի արդար բնակարանդ։ Քո ճանապարհներին լոյս կը լինի, 29որովհետեւ ինքդ քեզ խոնարհ պահած կը լինես ու կ՚ասես, թէ ամբարտաւանութիւն ես արել։ 30Կ՚ապրեցնի նրանց, ում աչքերը խոնարհ են. կը փրկի անարատին։ Քո մաքուր ձեռքերով կ՚ազատես քեզ»։
23 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Ես էլ գիտեմ, որ իմ երեսից եմ յանդիմանւում ես. իմ հեծութեան մէջ ծանրացել է այդ ձեռքը ինձ վրայ։ 3Իսկ ո՞վ կ՚իմացնի՝ կը գտնե՞մ Նրան, եւ ես վերջապէս կը հասնե՞մ նրան։ 4Կը ներկայացնեմ ես նրա առաջ դատս ու փաստեր։ 5Ու կ՚իմանամ ես բուժիչ խօսքերը, որ ինձ կ՚ասի նա. լաւ կը հասկանամ, ինչ որ խօսի ինձ։ 6Թէկուզ մեծ ուժով գայ նա ինձ վրայ՝ իր պատուհասներն ի գործ չի դնի։ 7Ճշմարտութիւնն էլ, յանդիմանանքն էլ գալիս են նոյնից, ուստի վերջապէս իրաւունքներս մէջտեղ կը հանի։ 8Թէ առաջ գնայ, ու ես չլինեմ՝ ինչպէ՞ս կ՚իմանամ դէպքերը վերջին։ 9Իր ձախ ձեռքը, որ ստեղծեց նրան, ես չբռնեցի։ Թէ որ իջեցնի աջն էլ ի՛նձ վրայ՝ դա, միեւնոյնն է, չեմ նկատի ես, 10քանի որ ինքը գիտէ իմ վարքը, քննել-կշռել է, կարծես թէ ոսկի։ 11Կ՚ըմբռնեմ նրա պատուիրանները, կ՚ընթանամ նրա ճանապարհներով ու էլ չեմ շեղուի։ 12Պատուիրաններից դուրս չեմ գայ բնաւ, որ չմեռնեմ ես։ Խօսքերը նրա ծոցումս կը պահեմ։ 13Հապա եթէ նա այսպէս դատ անի՝ էլ ո՞վ կը լինի, որ դիմադարձի,որովհետեւ նա ինչ որ կամեցել՝ այն էլ արել է։ 14Ահա թէ ինչու կը փութամ մօտը ու խրատուելով՝ կը մտմտամ ես միայն իր մասին։ 15Ի լրումն սրանց՝ տագնապ կ՚ապրեմ ես նրա առաջին ու խելքի գալով՝ ես կը զարհուրեմ։ 16Սիրտս Տէրն էր, որ հիւանդացրեց, Ամենակալը նեղը լծեց ինձ։ 17Չէի իմանում, թէ իջնելու էր խաւարը վրաս. թանձր մէգով է ծածկուել դիմացս։»
24 «Ինչո՞ւ մոռացան ամբարտաւանները մեր Տիրոջը. ամբարիշտները սահմանը անցան։ 2Հօտը հովուի հետ յափշտակեցին, 3որբուկի էշը քշեցին տարան ու իւրացրին այրու եզն անգամ։ 4Շեղեցին խեղճին ուղիղ շաւիղից. երկրի հեզերին, բոլորին մէկտեղ, ընկճեցին նրանք, ու սրանք դարձան մի-մի վայրի էշ դաշտերի վրայ։ 5Վատնեցին իրենց գործերն ինձ համար. քաղցր եղաւ հացը լկտի մանկանց հետ։ 6Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք. ամբարիշտների այգին խեղճերը մշակեցին, բայց չստացան հաց, վարձ։ 7Բազում մերկերի քնեցրին նրանք առանց հագուստի, զգեստն հանեցին նրանց վրայից։ 8Նրանք թրջւում են լեռների ցօղից. քանի որ չունեն բնակուելու տեղ՝ ժայռերի տակ են ապաստան գտնում։ 9Յափշտակեցին ստինքից որբին եւ տնանկներին տառապեցրին։ 10Իզուր քնեցրին մերկին անհագուստ, սովահարի էլ հացը կտրեցին։ 11Դարան սարքեցին կիրճերում իզուր. ճանապարհն ուղիղ՝ չիմացան երբեք։ 12Մարդիկ զրկուեցին քաղաքից, տնից. հոգիներն մանկանց խիստ հեծեծեցին։ Իսկ Նա ինչո՞ւ չի այցելում սրանց։ 13Երկրում ապրեցին, սակայն չիմացան. ճանապարհն արդար չճանաչեցին. Աստծու շաւիղով երբեք չընթացան։ 14Տեղեկանալով նրանց գործերին՝ խաւարի մատնեց Տէր Աստուած նրանց. ու կը նմանուեն գիշերուայ գողի։ 15Շնացողն աչքը խաւարին է լոկ յառում-սեւեռում։ Եւ կ՚ասի՝ «Թող ոչ մէկի աչքը չտեսնի իրեն. քօղ է գցել նա հիմա երեսին»։ 16Մութի միջով է փորել իր տունը. ցերեկի դիմաց փակել են իրենց ու չեն իմացել՝ ի՛նչ բան է լոյսը։ 17Այգն իրենց համար մահուան ստուեր է, եւ ըմբռնում են նրանք տագնապը մահուան ստուերի։ 18Ամբարիշտները աւելի թեթեւ են ջրի երեսին։ Նրանց մի մասը երկրի վրայ կը կործանուի. եւ նրանց տունկերը կը լինեն ցամաքած հողի վրայ. 19խլեցին որբից խուրձը ցորենի։ Նրանց մեղքերը երեսով տուին։ Ու ցօղի մշուշի նման նա անյայտ էլ կը մնայ։ 20Եւ թող նա ստանայ արածի համեմատ. անիրաւ ամէն մարդ թող ջարդուի քայքայուած ծառի պէս, 21քանի որ ամուլ կնոջ բարի բան չի արել, 22որբեւայրուն չի ողորմել, աղքատին կործանել է բարկութեամբ։ Ու անգամ թէ ոտքի կանգնի նա՝ հաւատ չի ունենայ իր կեանքի հանդէպ մարդ։ 23Հիւանդանալիս չի ակնկալի, որ կ՚առողջանայ, այլ կը խրուի նա հիւանդութեան մէջ. իր յոխորտանքով շատ-շատերի է նա տառապեցրել։ 24Կը թառամի նա տօթ եղանակին, ինչպէս որ խոտը կամ ինչպէս հասկը՝ ընկած ցօղունից։ 25Թէ լինի մէկը, որ ասի, թէ ես ստե՛ր եմ խօսում, թող որ բանի տեղ չդնի նա էլ իմ ասածները»։
25 Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց. 2«Արդ, մի՞թէ առասպել է, որ երկիւղում են նրանից, ով բարձունքներում ամէն ինչ անում է։ 3Ոչ ոք թող չկարծի, թէ նրա գնդերը կը յապաղեն պատժել. ո՞ւմ վրայ չի իջնի նրա որոգայթը։ 4Մահկանացուն ինչպէ՞ս արդար կը լինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնուածներից ո՞վ կը մաքրի իր հոգին, 5որովհետեւ եթէ լուսնին հրամայի Նա՝ չի ծագի։ Աստղերն իսկ մաքուր չեն Նրա առաջ, 6ուր մնաց մարդը, որ ապականուած է, եւ մարդու որդին, որ որդ է»։
26 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու դու. արդեօք ո՞չ նրա, ում ուժն անբաւ է, ու բազուկն՝ հզօր։ 3Ո՞ւմ խորհրդակից ես լինելու դու. արդեօք ո՞չ նրան, ով ամբողջապէս իմաստութիւն է։ 4Ո՞ւմ յետեւից ես արդ գնալու դու. արդեօք ո՞չ նրա, որի զօրութիւնը այնքա՜ն մեծ է։ Ո՞ւմ ես բան ասել, եւ կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից։ 5Միթէ երբեւէ կը ծնուեն ջրի խորքից հսկաներ, կամ էլ այնտեղի բնակիչներից։ 6Մերկ է դժոխքը Աստծու առաջ, եւ կործանումը չունի վրան քօղ։ 7Ոչնչի շուրջը փռեց երկինքը, կախեց երկիրը ոչնչի վրայ։ 8Իր ամպերի մէջ ջուրն է ծրարում, եւ չի պատռուի մէգը նրանց տակ։ 9Նա, ով պահում է երեսն իր գահի, փռում է վրան իր մառախուղը։ 10Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչեւ վախճանը լոյսի ու մութի։ 11Երկնի սիւները սարսուել են այնպէ՜ս ու զարհուրել են նրա սաստումից։ 12Հանդարտեցրել է ծովն իր զօրութեամբ, եւ ովկիանոսը իր իմաստութեամբ տարածուել-փռուել։ 13Սարսուել են նրանից փականքներն երկնի. սպանել է նա իր հրամանով վիշապն ապստամբ։ 14Ահա այս է մասն իր ճանապարհի, եւ դեռ պիտ լսենք խօսքերը նրա, մինչեւ վերջին շիթ։ Եւ ո՞վ կ՚իմանայ նրա որոտման զօրութիւնը մեծ, երբ այն արձակուի»։
27 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Կենդանի է Տէրն, որ ինձ հետ այսպէս դատաստան տեսաւ, Ամենակալը դառնացրեց հոգիս։ 3Եթէ տակաւին իմ մէջ է հոգիս, եւ աստուածային շունչը ապրում է իմ ռունգերի մէջ, - 4իմ շրթունքները անօրէնութիւն չեն արտասանի, եւ ոչ էլ հոգիս անիրաւութեան մասին կը խորհի։ 5Մինչեւ մեռնելս էլ չի լինի, որ ես ձեզ արդար կոչեմ, քանզի չեմ փոխի անմեղութիւնն իմ։ 6Եւ արդարութեան ձայնին անսալով՝ չեմ հրաժարուի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։ 7Առաւել եւս՝ թող թշնամիներս լինեն կործանուող ամբարիշտները, իմ դէմ դուրս եկած, կորստի մատնուած անօրէնները։ 8Եւ ի՞նչ յոյս ունի ամբարիշտը, որ հաստատ կը մնայ. գուցէ Տիրոջը ապաւինելով կարենայ փրկուե՞լ, 9կամ թէ Տէր Աստուածն ականջ կը դնի՞ իր խնդրանքներին։ 10Եթէ մի տագնապ երբ հասնի իր վրայ, նա վստահութիւն պիտի չունենայ Աստծու առաջ։ Դիմի էլ Նրան՝ ունկն կը դնի՞ արդեօք Նա իրեն։ 11Կ՚ասեմ հիմա ձեզ, թէ այն ի՞նչն է, որ Տիրոջ ձեռքին է, ու չեմ ծածկի ես ձեզնից այն բանը, ինչ որ ձեռքին է Ամենակալի։ 12Ահա բոլորդ հէնց քաջ գիտէք, որ ունայն բաներին ունայնութիւն էք աւելացնում դուք։ 13Այս է բաժինը ամբարիշտ մարդու՝ Տիրոջից գծուած. Ամենակալի կամքով անպայման զօրաւորների ունեցուածքը հէնց իրենց դէմ կ՚ելնի։ 14Ու եթէ անգամ բազում զաւակներ ունենան նրանք՝ պիտի սպանուեն, իսկ թէ պատահի՝ չափահաս դառնան, մուրացկանութեամբ պիտի դեգերեն։ 15Ովքեր որ նրա շուրջը կը լինեն՝ մահով կը մեռնեն. նրանց այրիներին մէ՛կը չի գթայ։ 16Ու եթէ անգամ հողի պէս արծաթ հաւաքեն նրանք կամ կաւի նման պատրաստեն ոսկի՝ 17դրանք բոլորը արդարներին լոկ բաժին կը դառնան, ու արդար մարդիկ կը տիրեն նրանց ունեցուածքներին։ 18Դարձել է նրանց տունը ցեցի կեր, սարդոստայնի բոյն։ 19Քնում է հարուստ, բայց արթնանում է ոչ իբր մեծատուն, աչքերն է բացում, տեսում ամէն բան չքացած ընդմիշտ։ 20Ցաւեր պիտի գան վրան՝ ջրի պէս, գիշերուայ խաւարն պիտ ծածկի նրան։ 21Պիտ խլի նրան խորշակն ու գնայ, 22պիտ քշի նրան տեղից հարազատ, շպրտի նրան ու չխնայի։ Փախչելով պիտի փախչի խորշակից։ 23Ծափ պիտի զարնի սա նրա դիմաց, եւ քարշ պիտի տայ տեղից հարազատ»։
28 «Յայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանւում է, եւ տեղը ոսկու, ուր այն զտւում է։ 2Երկաթը հողից է դուրս գալիս, պղինձն էլ քարի պէս տաշւում է։ 3Կարգ է սահմանել խաւարի համար. ինքն է ճշգրտում բոլոր ծիրերը՝ 4քարի, խաւարի, մահուան ստուերի, ինչպէս փոշուց է կտրում-բաժանում խրամն հեղեղատի։ Ով մոռանում է ճամփան ճշմարիտ, մարդկանց մէջ տկար պիտի լինի նա։ 5Գալով այս հողին՝ ապա այնտեղից է ելնում հացը. իսկ իր ընդերքը շուռ-մուռ է տրուած, ինչպէս կրակից։ 6Նրա քարերը շափիւղայ ունեն, իսկ հողը՝ ոսկի։ 7Շաւիղ կայ՝ երբեք ծանօթ չէ թռչնին,եւ ոչ էլ անգղի աչքն է այն տեսել, 8ուր ոտք չի դրել մարդն ամբարտաւան, որտեղով առիւծ չի անցել անգամ։ 9Մարդ ձեռքն է գցել ապառաժներին, հիմքից սասանել բարձրաբերձ լեռներ։ 10Պատառոտել է գետի յորձանքներ։ Բոլոր պատուական այս բաները ես աչքովս եմ տեսել։ 11Գետերի խորքն է երեւան հանել, իր զօրութիւնը ցոյց տուել լոյսին։ 12Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի։ 13Բայց մահկանացուն չգիտէ ուղին դէպ իմաստութիւն. չի էլ երեւում սա մարդկանց միջին։ 14Անդունդը ասաց. «Ինձ մօտ դա չկայ», իսկ ծովը ասաց. «Իմ խորքում չէ դա»։ 15Դրա փոխարէն գրաւ չի դրւում, ու չի կշռւում դրա գնով մէկ՝ որեւէ արծաթ։ 16Սոփերի ոսկու հետ չի դրուի այն նժարի վրայ, ոչ էլ պատուական եղնգաքարի ու շափիւղայի։ 17Չեն համեմատ նրա հետ ոսկի, ոչ էլ ապակի, ու չի ճարուի նրա գնով անօթ ոսկեղէն։ 18Բարձրութիւններ, խորութիւններ թող չյիշուեն է՛լ. խորքում է փռել Նա ճշմարտութիւնն։ 19Չի չափուի հետը եւ տպազիոնը այն եթովպացւոց, ոսկիների հետ չի դրուի երբեք նժարի վրայ։ 20Այդ որտեղի՞ց է իմաստութիւնը, եւ ո՞րն է տեղը խելք ու հանճարի։ 21Թաքնուած է այն բոլոր մարդկանցից, ծածկուած՝ երկնի ամէն թռչունից։ 22Կորուստը, մահը ասացին. «Շատ ենք մենք լսել նրա համբաւի մասին»։ 23Տէրը հեշտութեամբ պատրաստեց նրա ճանապարհները, քանզի նրա տեղն Ինքը լոկ գիտէ. 24Ինքը ամէն բան երկնքի ներքոյ տեսնում է անձամբ։ Գիտէ ամէն ինչ, որ ստեղծել է աշխարհի վրայ՝ 25կշիռը հողմի, չափը ջրերի, որ Ինքն է կարգել։ 26Նա Ինքն է տեսել ու մէկ-մէկ հաշուել։ Եւ ճանապարհ է սահմանել ամպի որոտման ձայնով։ 27Այն ժամանակ էլ տեսել է Ինքը իմաստութիւնը ու նրա մասին յայտնել է մարդուն.։ 28Պատրաստել, քննել ու ասել է Նա. « Աստուածպաշտութիւնն է իմաստութիւն, ու չարիքներից հեռու մնալը՝ խելացիութիւն»։
29 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Ո՞վ ինձ կը դարձնէր նախկին օրերիս, ամիսներին իմ, երբ պաշտպանում էր ինձ ինքը Աստուած, 3երբ լուսաւոր էր նրա ճրագը իմ գլխի վերեւ, երբ նրա լոյսով էի ընթանում խաւարի միջով, 4երբ զուարճութեան ճամփի մէջ էի,երբ Տէրն այցի էր գալիս իմ տունը, 5երբ լողում էի հարստութեան մէջ, շուրջս՝ ծառաներ, 6երբ կարագով էր ճամփաս ողողուած, լեռներս կաթով էին ոռոգւում, 7երբ առաւօտեան քաղաք դուրս գալիս՝ հրապարակում էր դրւում աթոռս։ 8Տեսնում էին ինձ երիտասարդներ եւ քաշւում էին, ու կանգնում էին ծերերը ոտքի։ 9Ընդհատում էին իրենց խօսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։ 10Ովքեր բան էին լսում իմ մասին՝ երանի տալիս, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։ 11Զի ականջը, որ ունկնդրում էր ինձ, երնէկ էր տալիս, ինձ տեսնող աչքը մի կողմ էր շրջւում։ 12Զի աղքատին ես հզօրի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգ որբուկին։ 13Կեանքից հեռացող մարդկանց օրհնանքը տեղում էր վրաս, այրու բերանը օրհնաբանում ինձ։ 14Արդարութեամբ էի զգեստաւորուել եւ իրաւունքը թիկնոցի նման գցել ինձ վրայ։ 15Կոյրին աչք էի եւ կաղ մարդուն՝ ոտք ու խեղճերին՝ հայր։ 16Դատ էի անում նրան, ում բնաւ չէի ճանաչում։ 17Անիրաւների ծնօտը ջարդում, յափշտակուածը խլում էի ես նրանց ժանիքից։ 18Ասում էի, թէ գուցէ տարիքս ծերութեան հասնի, արմաւենու պէս երկար ժամանակ կարենամ ապրել։ 19Ջրերի վրայ իմ արմատները լայն տարածուէին, ու ցօղն էլ հանգչէր իմ հնձի վրայ։ 20Ակնկալիքս ընդունայն եղաւ. իմ գործիքն, աղեղն իր ձեռքին՝ անցաւ նա։ 21Մարդիկ ինձ լսում ու անսում էին, խորհուրդներս տալիս՝ միշտ լռում էին, 22խօսքերիս չէին բան աւելացնում։ 23Խնդակցում էին, երբ որ հետները խօսում էի ես. սպասում էին նրանք իմ խօսքին, ինչպէս ծարաւ հողն՝ անձրեւի գալուն։ 24Երբ ես նրանց հետ ծիծաղում էի, չէին հաւատում, բայց չէր նուազում լոյսը իմ դէմքից։ 25Ինքս էի ընտրում բոլորի ուղին, զերթ իշխան նստում, զօրքի մէջ բազմում իբրեւ թագաւոր»։
30 «Ես, որ գրգանքով ամոքում էի, արդ յետին մարդիկ քամահրում են ինձ։ Խրատում են ինձ բոլորը մէկտեղ, որոնց հայրերին նախատում էի, որոնց հաւասար չէի համարի շներին անգամ ես իմ հովուական։ 2Իմ ինչի՞ն էր պէտք նրանց ձեռքերի զօրութիւնը փուչ։ 3Եկել է նրանց կեանքի վախճանը. կարօտութեան ու սովամահութեան մէջ են, անծնունդ։ Նրանք, որ երէկ անձկութիւնից ու թշուառութիւնից հէնց փախչում էին անջրդի վայրեր։ 4Նաեւ նրանք, որ խշխշան խոտով էին փաթաթւում, որոնց կերակուրն հէնց խոտն էր, որ կար։ 5Անարգներ նրանք, արհամարհուածներ, կարօտ մնացած ամէն բարիքի, նրանք, որ սովից ծառի արմատներ էին ծամծմում։ 6Գողերն են հիմա վեր կացել իմ դէմ, որոնց տները քարայրներն էին, 7ձայն էին տալիս արձագանքի մէջեւ ապրում էին չոր ճիւղերի տակ։ 8Զաւակներն էին անզգամների, որոնց անունը, ինչպէս եւ փառքը մարել են երկրում։ 9Հիմա քնար եմ դարձել ձեռքներին,եւ իմ մասին են նրանք բամբասում։ 10Հեռու մնացին՝ զզուելով ինձնից, եւ չքաշուեցին դէմքիս թքելուց, 11քանի որ Տէրն էլ կապարճը բացել, խոցոտել էր ինձ, սանձ գցել դէմքիս։ 12Վեր են կացել արդ ողջ սերունդներով, ոտքերն են պարզել ու ճամփայ ելել՝ յարձակուեն վրաս։ 13Ու խաչուել են ճամփաներս կորստաբեր ուղիների հետ նրանց։ 14Մերկացրեց Տէրն ինձ իմ պատմուճանից, խոցոտեց անձս իր սուր նետերով՝ մօտենալով ինձ, ինչպէս կամեցաւ։ 15Ախտերով եմ վարակուած. ցաւերս յետ են դարձել։ Քամու պէս անցաւ յոյսը ինձանից, եւ մշուշի պէս՝ իմ փրկութիւնը։ 16Հոգիս է լցուել բերնէ ի բերան։ Ինձ համակել են ցաւալից օրեր։ 17Գիշերը ոսկորներս են խաշւում. ջղերս են քայքայուել։ 18Տէրն իր զօրութեամբ ձեռքը գցել է իմ պատմուճանին ու պատմուճանիս ժապաւէնի պէս պատել է շուրջս։ 19Մի կաւի տեղ է ընդունում նա ինձ. հողն ու մոխիրն են բաժինս դարձել։ 20Քեզ դիմեցի ես, բայց չլսեցիր. կանգնեցին նրանք ու դիտեցին ինձ։ 21Իմ նկատմամբ դու անողորմ եղար. ինձ հզօր ձեռքովդ հարուածեցիր դու։ 22Ցաւի մէջ դրիր ինձ, զրկեցիր փրկութեան միջոցից։ 23Գիտեմ, որ մահը ինձ պիտի ջնջի,քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։ 24Ու երանի թէ կարողանայի իմ հոգին կրթել եւ կամ ուրիշին խնդրել, աղաչել, որ նոյնը անէր։ 25Ես, որ հեծեծում ու ողբում էի դժբախտի վրայ,երբ տեսնում էի մարդուն վշտի մէջ։ 26Ես յոյս ունէի բարութիւն տեսնել, մինչդեռ չար օրեր են ինձ պատահել։ 27Իմ որովայնը եռեւեփում է ու չի հանդարտւում. թշուառ օրերն են հասել ինձ վրայ։ 28Պիտի շրջեմ ես նեղացած սրտով, անսանձ բերանով. ու հաւաքոյթի մէջտեղում կանգնած՝ ձայնս բարձրացնեմ։ 29Համբարուների եղբայր եմ դարձել, ջայլամին՝ ընկեր։ 30Սաստիկ սեւացել է մորթս հիմա, ու ոսկորներս այրուել են տօթից։ 31Քնարս է սուգ դարձել, սիրտս եւ երգս՝ լացուկոծի մէջ»
31 «Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու չնայեցին նրանք մի կոյսի։ 2Աստուած բաժին է հանել ինձ վերուստեւ բաւականին մեծ ժառանգութիւն՝ իր այն բարձունքից։ 3Անիրաւ մարդու կործանումը չէ՞ միթէ դա հէնց կամ վտարումը այն մարդկանց, ովքեր անօրէնութիւն են գործում կեանքում։ 4Ինքը չէ՞ միթէ, որ պարզ տեսնում է իմ ճանապարհը ու հաշուի առնում քայլերս բոլոր։ 5Թէ ծաղրողի հետ գնացած լինեմ, թէ իմ ոտքերը նենգութեան ճամփով շտապած լինեն 6(բայց կշռուել եմ արդար կշեռքով, եւ գիտէ Տէրն իմ անմեղութիւնը), 7թէ շեղուած լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս յետեւից, թէ կպած լինեմ ձեռքով՝ կաշառքի, - 8ապա թող որ ես սերմանեմ, սակայն ուրիշներն ուտեն, ու ես անարմատ լինեմ երկրի վրայ։ 9Թէ գնացել է սիրտս ուրիշի կնոջ յետեւից, թէ դարանակալ եմ եղել իր տան դարպասների մօտ, - 10ապա թող կինս նոյնպէս հաճելի լինի ուրիշի, ու թող տառապեն իմ մանուկները. 11քանզի այլ մարդու կնոջ պղծելը անզուսպ բարկութեան է լոկ արժանի. 12կրակ կը վառուի իր մարմնի բոլոր անդամների մէջ. ո՛ր կողմն էլ հասնի՝ հիմքից կը ջնջի։ 13Իրաւունքն արդար թէ անտեսել եմ ես իմ ծառայի կամ իմ աղախնի, որ մօտ է եկել իմ դատաստանին, - 14ի՞նչ եմ անելու, եթէ հարցուփորձ անի ինձ Տէրը, կամ թէ դատ անի՝ ի՞նչ պատասխան եմ ես տալու նրան։ 15Չէ՞ որ ինձ նման նրանք էլ մի օր պտղաւորուել են ինչ-որ արգանդում. նոյն որովայնում ենք գոյացել մենք։ 16Իսկ այն խեղճին, որ կարիքի մէջ էր, արդեօք երբեւէ օգնութեան չեկա՞յ։ Թողեցի՞ արդեօք, որ այրու աչքերն ողբալուց մաշուեն։ 17Կամ թէ պատառս մենա՞կ կերայ ես ու չհանեցի՞ բաժին որբերին։ 18Իմ երիտասարդ օրերից հօր պէս սնունդ տուեցի, մօրս արգանդից ուղի ցոյց տուի։ 19Կորած մերկերին անտեսեցի՞ ես ու չհագցրի՞։ 20Չքաւորներն ինձ չօրհնեցի՞ն միթէ, նրանց թիկունքը խաշներիս բրդով էլ չտաքացա՞ւ։ 21Թէ որբի վրայ ձեռք եմ բարձրացրել՝ հաշուելով, թէ շատ են օգնականներս, 22ապա թող ուսս թափուի անրակից, իսկ բազուկս էլ պոկուի արմունկից. 23քանզի ինձ Տիրոջ սարսափն է պատել, ու նրա առաջ չեմ կարող կանգնել։ 24Եթէ հողիս մէջ ոսկի պահեցի, յոյս դրի ես թանկ քարերի վրայ, 25թէ ուրախացայ հարստութեանս վրայ անսահման, թէ անթիւ գանձի վրայ ձեռք դրի 26(չե՞նք տեսնում միթէ, որ լուսաւորող արեգակն անգամ հիւծւում է մի օր, լուսինը՝ մաշւում. այդ նրանցից չէ), 27եթէ գաղտնաբար սիրտս հրապուրուեց, թէ ձեռքս դրի բերանիս վրայ ու համբուրեցի, - 28թող այս բոլորն մեծ անօրէնութիւն դիտուեն ինձ համար, որ սուտ եմ եղել Բարձրեալ Աստծու՝ Տիրոջ առաջին։ Ուժ, կարողութիւն, խելք, իմաստութիւն Նրանից են լոկ։ 29Թէ ուրախացայ գետնին թաւալուող թշնամուս վրայ, եւ «վա՜շ» ասացի իմ սրտի խորքում, - 30թող ականջներս լսեն անէծքն իմ, թող արհամարհուեմ ու քամահրուեմ իմ ժողովրդից։ 31Եթէ իմ մասին աղախիններիս բազմութիւնն ասի՝ «Երանի՜ նրա մսով յագենանք», քանզի քաղցր էի ես նրանց համար 32(օտարը դրսում չէր օթեւանում. իմ դուռը բաց էր եկուորի առաջ), 33թէ թաքցրեցի ակամայ գործած ես իմ մեղքերը 34(չէի ամաչում ես բազմութիւնից, որ նրա առաջ չասէի դրանք), եթէ աղքատին ես դատարկ ձեռքով դուրս արի դռնից 35(երնէ՜կ լսէի, թէ Տիրոջ ձեռքը չի զարհուրեցրել), կամ եթէ մէկից առած մուրհակը, 36իբրեւ մի պսակ ուսերիս դրած՝ կարդալով 37պատառ-պատառ չարեցի, յետ չդարձրի այն՝ ոչինչ չառնելով իմ պարտապանից, 38թէ իմ պատճառով հեծեծեց հողը, թէ ակօսները նրա լաց եղան, 39եթէ կերայ ես արդիւնքը նրա առանց վճարի, կամ տակնուվրայ արեցի հոգին հողի տէրերի, - 40ապա ցորենի փոխարէն եղինջ թող բուսնի այնտեղ, գարու փոխարէն՝ մորենի միայն»։
32 Յոբը դադարեց խօսելուց։ Այնուհետեւ նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու չխօսեցին Յոբի դէմ, որովհետեւ Յոբն արդար էր նրանց աչքին։ 2Բարկացաւ Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին, Օստացիների աշխարհից, Արամի արենակիցներից. սաստիկ զայրացաւ Յոբի վրայ, քանի որ սա իրեն արդար էր ցոյց տալիս Տիրոջ առաջ։ 3Նա սաստիկ բարկացաւ նաեւ նրա երեք բարեկամների վրայ, քանի որ Յոբի պատասխանը չէին կարողացել տալ, նրա ամբարիշտ լինելը ցոյց չէին տուել։ 4Սակայն Եղիուսը յապաղեց Յոբի պատասխանը տալու, քանի որ միւսներն իրենից աւելի տարեց էին։ 5Տեսաւ Եղիուսը, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկայ, ու նրա բարկութիւնը բորբոքուեց։ 6Բարաքիէլի որդի Եղիուս Բուզացին նորից խօսեց ու ասաց. «Ես երիտասարդ եմ տարիքով, իսկ դուք՝ աւելի երէց։ Դրա համար ես լուռ եմ մնացել՝ վախենալով ինքս իմ իմաստութիւնն յայտնելուց։ 7Ասացի, թէ շատ տարեց մարդիկ են նրանք, որ խօսում են, ու տարիներից ի վեր ճանաչել են իմաստութիւնը։ 8Սակայն այդպէս էլ չէ. մարդիկ հոգի ունեն. Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է դրանք։ 9Միայն տարեց մարդիկ չէ, որ իմաստուն են, ոչ էլ ծերերն են միայն, որ ճշմարիտը գիտեն։ 10Դրա համար էլ ասացի. « Լսեցէ՛ք ինձ, ու ես կը յայտնեմ ձեզ, ինչ որ գիտեմ, ակա՛նջ դրէք իմ խօսքերին. 11կ՚ասեմ ի լուր ամենքիդ, մինչեւ որ քննէք խօսքերս, թէ ձեր չափ բան գիտեմ»։ 12Ահա ձեր մէջ ոչ ոք չկար, որ յանդիմանէր Յոբին, նրա խօսքերի պատասխանը տար։ 13Չլինի, թէ ասէք՝ Տիրոջ իմաստութեանը բան ենք աւելացրել։ 14Դուք էք մի մարդու համարձակութիւն տուել այսպիսի խօսքեր ասելու»։ 15Զարհուրեցին ու պատասխան չտուին այլեւս։ Բառերը պակասեցին նրանց։ 16Համբերեցին ու չխօսեցին, որովհետեւ մնացին առանց պատասխանի։ 17Եղիուսը նորից խօսեց ու ասաց. 18«Դարձեալ խօսելու եմ, որովհետեւ լեցուն եմ խօսքերով, որովհետեւ շունչս իմ ներսում ինձ սպանում է, 19որովայնս տիկի մէջ դրուած ու կապուած նոր գինու պէս եռում է, կամ դարբինների փուքսի պէս ուռել է։ 20Շրթներս բաց անելով՝ խօսելու եմ, որ հանգստանամ. 21ոչ մէկից չեմ ամաչելու, մարդկանցից էլ չեմ պատկառելու, 22քանզի երեսպաշտութիւն անել չգիտեմ, այլապէս ցեցն ինձ կ՚ուտի»։
33 «Բայց դու, Յո՛բ, լսի՛ր խօսքերս, ակա՛նջ դիր իմ խօսքերին։ 2Ահա բաց եմ արել բերանս, ու խօսում է իմ լեզուն։ 3Սրտիս խօսքերն անարատ են, եւ իմ շուրթերի իմաստութիւնը յստակօրէն կ՚իմացուի։ 4Աստուածային հոգին է, որ ստեղծել է ինձ, եւ Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ։ 5Եթէ կարող ես՝ այս մասին տո՛ւր քո պատասխանը, ապա թէ ոչ համբերո՛ղ եղիր, 6դու ի՛մ դիմաց կանգնիր, ես էլ՝ քո։ Դու էլ, ինձ պէս, կաւից ես ստեղծուած. նոյն նիւթից ենք ստեղծուած մենք։ 7Արդ, թող իմ ահը չհամակի քեզ, ոչ էլ ձեռքս ծանրանայ թող քեզ վրայ։ 8Սակայն դու խօսեցիր իմ ականջին, ու քո խօսքի ձայնը լսեցի ես։ 9Ասացիր. «Մաքուր եմ ու չեմ մեղանչել, անարատ եմ, որովհետեւ անօրէնութիւն չեմ արել։ 10Մեղադրանքներ է բարդել ինձ վրայ Աստուած ու ինձ հակառակորդ համարել։ 11Կոճղի մէջ է դրել ոտքերս ու կապել բոլոր ճանապարհներս»։ 12Ինչպէ՞ս ես ասում, թէ արդար ես, ու Տէրը չի լսել քեզ։ Մինչդեռ յաւիտենական է Նա, որ մարդկանց վերեւում է։ 13Նաեւ ասում ես, թէ ինչո՛ւ իր ատեանում դեռ ականջ չի դրել քո բոլոր խօսքերին։ 14Մի անգամ է խօսում Տէրը, կամ երկրորդ անգամ՝ երազի միջոցով, կամ էլ գիշերային այցելութեամբ 15(երբ սաստիկ արհաւիրքներ են վրայ հասնում մարդկանց՝ անկողնում նիրհելիս, 16այն ժամանակ են մտքերը յայտնւում նրանց)։ 17Այդպիսի ահաւոր տեսիլքով է ահա, որ զարհուրեցրեց Աստուած նրանց՝ մարդուն անիրաւութիւնից յետ կանգնեցնելու եւ նրա մարմինը կործանումից փրկելու համար։ 18Նրա հոգին զերծ պահեց մահուանից, որպէսզի նա պատերազմում չընկնի։ 19Նաեւ կշտամբեց նրան անկողնային հիւանդութեամբ, ընդարմացում բերեց նրա բազմակոյտ ոսկորներին։ 20Թէեւ հոգին կերակուր պիտի տենչայ, բայց ինքը պիտի չկարողանայ ուտելու սնունդ ակնկալել, 21մինչեւ որ մաշուեն նրա մսերը, ու սոսկ ոսկորները երեւան։ 22Նրա մարմինը մօտեցել է մահուան, կեանքը՝ գերեզմանին։ 23Եթէ մահաբեր հազար հրեշտակներ էլ լինեն, նրանցից ոչ մէկը նրան չի խոցի, 24թէ որ գիտակցի ու իր սրտով դառնայ դէպի Տէրը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցոյց տայ իր անմտութիւնը։ Այն ժամանակ Տէրը կը պաշտպանի նրան, որ մահուան գիրկը չընկնի։ 25Կը նորոգի մարմինը նրա, ինչպէս ծեփը պատի, ու ոսկորները նրա ծուծով կը լցուեն։ Կը փափկացնի մարմինը նրա, ինչպէս մարմինը մանկան, ու մարդկանց մէջ կը հաստատի նրան՝ երիտասարդացած։ 26Երբ Տիրոջն աղերսի, կ՚ընդունուի նրա կողմից, լուրջ դէմքով կը մտնի խոստովանութեան,քանի որ Աստուած արդարութեան համար կը հատուցի մարդկանց։ 27Ապա կը մեղադրի մարդն ինքն իրեն ու կ՚ասի. « Այդ ինչե՜ր էի անում ես, եւ իմ մեղանչումների համեմատ ըստ արժանւոյն Նա չպատժեց ինձ։ 28Փրկեց հոգիս, որպէսզի այն ապականութեան մէջ չմտնի, եւ որպէսզի կեանքս լոյսը տեսնի»։ 29Այս ամէնն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազօրը՝ երեք ճանապարհներով։ 30Հոգիս փրկել է մահից, եւ կեանքս լոյսի մէջ օրհնելու է նրան։ 31Ակա՛նջ դիր, Յո՛բ, լսի՛ր ինձ, կտրի՛ր ձայնդ, ու ես կը խօսեմ։ 32Եթէ բան ունես՝ պատասխա՛ն տուր ինձ, քանի որ ուզում եմ, որ արդարանաս։ 33Ապա թէ ոչ, դու ինձ լսի՛ր, կտրի՛ր ձայնդ, եւ քեզ իմաստութիւնը կ՚ուսուցանեմ»։
34 Եղիուսը նորից խօսեց ու ասաց. 2«Ո՛վ իմաստուններ, լսեցէ՛ք ինձ, եւ դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրէք. 3քանզի ականջն է քննում խօսքերը, իսկ կոկորդը կերակուրներ է ճաշակում։ 4Արդ, մենք մեզ համար ատեան ընտրենք ու մեր մէջ իմանանք, թէ ի՛նչն է բարի։ 5Յոբն ասաց. «Ես արդար եմ, բայց Տէրը մի կողմ նետեց իմ իրաւունքները, 6արդար դատաստան չարեց իմ հանդէպ. սաստիկ է նետի յարուցած վէրքը,եւ ես անիրաւութիւն չեմ գործել»։ 7Արդ, կա՞յ մարդ, որ, Յոբի պէս, արհամարհանքն իբրեւ ջուր խմի, 8չմեղանչելով, ամբարշտութիւն չանելով,անօրէնութիւն անող մարդկանց գործերին չմասնակցելով՝ ընթանայ ամբարիշտների հետ։ 9Չասես՝ «Ոչ մէկին պատիժ վրայ չի հասնի, մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու»։ 10Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեցէք։ Այնպէս չլինի թող, որ ես ամբարշտութիւն անեմ Տիրոջ հանդէպ ու Ամենակալի առաջ աղմկեմ, թէ արդար եմ ես։ 11Յուրաքանչիւր մարդու, ըստ նրա արարքների, կը հատուցի Նա,ըստ նրա վարքի կը փոխադարձի նրան։ 12Գուցէ Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել, կամ կը պղծի՞ իրաւունքն Ամենակալը, նա, որ երկիրն է ստեղծել։ 13Այն ո՞վ է, որ ստեղծել է երկնքի ներքոյ ու միջոցի մէջ եղած ամէն բան։ 14Եթէ կամենար սահմանափակել եւ հոգին յետ իր մէջ պահել, 15առհասարակ ամէն մարմին վերջ կը գտնէր, ամէն մարմին կը դառնար հող, որից որ ստեղծուել էր։ 16Իսկ եթէ չես խրատուել, սա՛ էլ լսիր, ակա՛նջ դիր խօսքիս ու բառերիս։ 17Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրաւութիւնը, խորտակել է նաեւ չարիքը. արդարները յաւիտեան են ապրում։ 18Ամբարիշտ է նա, ով թագաւորին ասում է՝ անիրաւ ես դու, իսկ իշխաններին համարում է է՛լ աւելի ամբարիշտ։ 19Նա չի պատկառել մեծապատիւ մարդկանցից, աւելի պատիւ չի ընծայել երեւելի մարդկանց, քան աղքատներին։ 20Ի զուր կը լինի նրանց՝ ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետեւ անօրէնութեամբ են շարժուել՝ խեղճերին էլ խոտորեցնելու համար. 21քանզի Տէրն ինքը տեսնում է մարդկանց արարքները, ինչ որ սրանք արել են. նրանից ոչինչ ծածուկ չի մնում։ 22Եւ թաքնուելու տեղ չեն ունենայ նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, 23որովհետեւ մարդու վրայ ոչինչ չի դնելու բացի իրաւունքից, որովհետեւ Տէրը տեսնում է ամէն ինչ, 24քննում, վերահասու է լինում անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաների, որ թիւ ու համար չունեն։ 25Ինքն է, որ ճանաչում է նրանց գործերը եւ մի գիշերում տապալելու նրանց, ու խորտակուելու են։ 26Խաւարեցրել է ամբարիշտներին, եւ սրանք մատնուել են իրենց թշնամիների ձեռքը։ 27Արդարեւ, նրանք շեղուել են Աստծու արդար օրէնքից, նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել։ 28Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։ 29Թէ ինքը լռութիւն պահի՝ ո՞վ է դատապարտելու, թէ դէմքը ծածկի՝ ո՞վ է նրան տեսնելու։ 30Ժողովրդի խստասրտութեան պատճառով ազգերի ու մարդկանց վրայ կեղծաւորին է թագաւոր կարգելու։ 31Մէկն ասելու է Ամենազօրին. « Առել ու գրաւել եմ առանց քեզ. 32թէ անիրաւութիւնս տեսել ես՝ ցո՛յց տուր ինձ, իսկ եթէ անօրէնութիւն եմ արել՝ այլեւս չեմ անի»։ 33Մի՞թէ մէկը քեզնից դա պահանջելու է, որ դու մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թէ ես, իսկ եթէ մի բան գիտես՝ ասա՛։ 34Դրա համար սրտով իմաստունները,նոյնպէս եւ ամէն խելացի մարդ, որ լսում է դա, պիտի ասի. 35«Բայց Յոբն իմաստութեամբ չխօսեց, եւ նրա խօսքերը խելացի չեն»։ 36Բայց հաշուի՛ առ, Յո՛բ, եւ անզգամի պէս մի՛ պատասխանիր դեռ, 37որպէսզի ձեր մեղքերը չաւելացնէք. Տիրոջ առաջ շատ բան խօսելն անօրէնութիւն է համարուելու ձեզ համար»։
35 Եղիուսը նորից խօսեց ու ասաց. 2«Այդ ի՞նչն ես իրաւունք համարել, 3դու ո՞վ ես, որ ասում ես. « Արդար եմ Տիրոջ առաջ», կամ՝ «Մեղանչեցի, ի՞նչ անեմ»։ 4Կը պատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ. 5երկնքի՛ն նայիր ու տե՛ս, նկատի՛ր ամպերը. քեզնից որքա՜ն բարձր են։ 6Եթէ մեղք ես գործել, ի՞նչ ես անելու, ու եթէ բազում անիրաւութիւններ ես կատարել, ի՞նչ կարող ես անել։ 7Արդ, եթէ արդար ես, ի՞նչ ես տալու Նրան, կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։ 8Ամբարշտութիւնդ՝ քեզ նման մարդկանց, արդարութիւնդ էլ՝ մարդու որդիների համար օգուտ չունեն։ 9Շատերի կողմից զրպարտուածները կ՚աղաղակեն, ձայն կը բարձրացնեն շատերի բռունցքի պատճառով։ 10Սակայն մէկը չի ասել. « Ո՞ւր է Աստուած, որ այս ամէնն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակութեան ժամերը, 11որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից»։ 12Այն ժամանակ ձայն կը տան, բայց չես լսի, որովհետեւ ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտաւանութիւնից։ 13Տէրը չի ուզում անկարգութիւններ տեսնել,որովհետեւ Ամենակալն ինքը տեսնում է բոլորին, ովքեր անօրէնութիւն են գործում. իսկ ինձ կը փրկի։ 14Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան, եթէ կարող ես գովել նրան այնպէս, ինչպէս որ նա կայ։ 15Եւ արդ, քանի որ չկայ մէկը, որ կրել է նրա բարկութիւնը, մէկը, որ գիտակցել է իր ծանր մեղքերը, - 16ապա ուրեմն Յոբն էլ զուր է բացում բերանը եւ իր անգիտութեամբ ծանրացնում խօսքերը»։
36 Եղիուսը նորից խօսեց ու ասաց. 2«Ինձ դեռ մի փոքր բան է մնում, որ քեզ սովորեցնեմ այն, ինչ դու չգիտես,քանի որ մէջս դեռ ունեմ խօսքեր, 3որ միտքս ընկալել է հեռուից-հեռու։ 4Արդարօրէն ասելու եմ ճշմարիտ բաներ եւ ոչ թէ լսուած անիրական ու դատարկ խօսքեր։ 5Իմացի՛ր, որ Տէրը չի մերժում անմեղին. հզօր է իր զօրութեամբ. 6ամբարշտի կեանքը չի խնայելու եւ պաշտպանելու է աղքատի իրաւունքը։ 7Իր աչքը չի դարձնելու արդարից, եւ ով որ իր առաջ գտնուի՝ թագաւորների հետ գահի վրայ է լինելու. նրանց հաստատապէս նստեցնելու է, եւ նրանք բարձրանալու են։ 8Իսկ չարերը, ձեռնակապերով կաշկանդուած, թշուառութեան պարաններով են կապկպուելու։ 9Նրանց յայտնելու է իրենց արարքները, նաեւ յանցանքները, որ սաստկացել են։ 10Լսելու է արդարին ու ասելու է, որ յետ կանգնեն անիրաւութիւնից։ 11Եթէ լսեն ու իրեն ծառայեն, իրենց օրերը բարիքների մէջ են աւարտելու, տարիները՝ շքեղութեան մէջ։ 12Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետեւ նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետեւ խրատուել էին, բայց չէին հնազանդուել։ 13Սրտով կեղծաւորներն իրենց հանդէպ զայրոյթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետեւ Տէրը կապել է նրանց։ 14Նրանք երիտասարդ տարիքում են մեռնելու, նրանց կեանքը խոցոտուելու է մահուան հրեշտակների կողմից 15այն բանի համար, որ խեղճին ու անզօրին են նեղել։ Տէրը բարձրացնելու է հեզերի իրաւունքները. 16քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Քո տակ գտնուող անդնդից ազատեց քեզ ու առաջդ պարարտութեամբ լի սեղան դրեց։ 17Չի պակասելու արդարների ուղիղ դատաստանը, բայց զայրոյթ է իջնելու ամբարիշտների վրայ 18անօրէն կաշառքի համար, որ ընդունում էին անիրաւութեամբ։ 19Թող քո միտքը կամովին երես չդարձնի խնդրանքներից, երբ տկարները ցաւի մէջ են։ Զօրութեամբ բոլոր օժտուածներին առաջ չտանես գիշերը, 20որպէսզի ժողովուրդը նրանց փոխարէն դուրս չգայ։ 21Այլ զգո՛յշ եղիր, գուցէ անպատեհ բաներ անես, որովհետեւ նրան փրկել ես աղքատութիւնից։ 22Ահա Ամենազօրը կը զօրացնի իր զօրութեամբ, որովհետեւ այն ո՞վ է, որ նրա պէս ուժեղ է, 23կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կ՚ասի. « Ինչ որ արել է, անիրաւութեամբ է արել»։ 24Յիշի՛ր, շա՜տ մեծ են նրա գործերը, որ սկսել են գովերգել արդար մարդիկ։ 25Ամէն մարդ անձամբ է տեսել, թէ որքա՛ն են մարդիկ խոցոտուած։ 26Ահա, Ամենազօրը շատ մեծ է, բայց մենք չենք իմանայ. նրա տարիների համրանքն անսպառ է։ 27Նա հաշուել է անձրեւի շիթերը, եւ սրանք անձրեւի տեսքով կը լցուեն ամպերի մէջ։ 28Երկնքի ամպերը կը յորդեն։ Ամպերը հովանի է դարձրել անթիւ մարդկանց. դրանք մէգ են դարձել մարդկանց վրայ։ Ժամանակ է սահմանել անասունների համար, եւ դրանք գիտեն ծնելու կարգը։ Այս բոլորի վրայ զարմացած չէ՞ քո միտքը, չի՞ դողում սիրտդ կրծքիդ տակ, քանի որ Նա կատարել է մեծ-մեծ բաներ, որ մենք չգիտէինք։ Հրամայում է ձիւնին՝ «Իջի՛ր լերան վրայ», նաեւ ձմեռային անձրեւներին, որ ցոյց տան իրենց զօրութիւնը։ Ամէն մարդու միջոցով է վկայում այս բոլորը, որպէսզի իւրաքանչիւր ոք իմանայ իր թոյլ լինելը։ 29Իսկ դու կ՚իմանա՞ս ամպերի սփռուելը կամ նրա վրանի չափերը։ 30Ահա ճանապարհով մէկ լոյս է գցել դրա վրայ եւ ծովի խորքերն է ծածկել, 31որպէսզի դրանցով դատի ժողովուրդներին, կերակուր պարգեւի զօրացածին։ 32Ձեռքերով լոյսն է ծածկել ու հրահանգ տուել, թէ ե՛րբ պէտք է դա լինի։ 33Իր բարեկամներին կը պատմի դրա, ինչպէս նաեւ ինչքերի ու անիրաւութեան մասին»։
37 «Ու դրա վրայ խռովուել է սիրտս, շարժուել իր տեղից։ 2Լսի՛ր Տիրոջ սրտմտութեան ու զայրոյթի լուրը. նրա բերանից խորհուրդ է դուրս գալու։ 3Ամէն ինչ նրա երկնային իշխանութեան տակ է, իսկ նրա լոյսը՝ երկրի ծագերի վրայ։ 4Նրա յետեւից մի ձայն է գոչելու, որոտալու է իր բարձր ձայնով եւ դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր ձայնը։ 5Ամենազօրը որոտալու է սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։ 6Հրամայել է ձիւնին՝ «Իջի՛ր լերան վրայ», նաեւ ձմեռային անձրեւներին, որ ցոյց տան իրենց զօրութիւնը։ 7Խափանում է ամէն մարդու ձեռքի գործը, որպէսզի իւրաքանչիւր ոք իմանայ իր թոյլ լինելը։ 8Գազաններն իրենց որջերն են մտել, խշտիներով ծածկուել։ 9Հարաւային քամու շտեմարաններից խորշակ է դուրս գալիս, բարձրաւանդակներից՝ ցուրտ, 10եւ Ամենազօրի շնչից սառնամանիք է սփռուելու։ 11Ուղղութիւն է տալիս ջրերին, ինչպէս կամենայ, խիտ ամպերը ցիրուցան է անելու։ 12Մէգը ցրելու է նրա լոյսը, իսկ ինքը դարձնելու է շրջանակները։ Ուր որ կամեցել՝ տնօրինել է դրանց գործը եւ այն ամէնը, ինչ կը հրամայի նրանց։ Սրանք երկրի վրայ կարգուած են իր կողմից՝ 13խրատի համար լինի թէ երկիւղ գցելու կամ ողորմութեան համար, եւ բոլորը կը գտնեն Նրան։ 14Ակա՛նջ դիր սրան, Յո՛բ, եկ խրատուի՛ր Տիրոջ զօրութեամբ։ 15Գիտենք, որ Աստուած տնօրինել է իր գործերը. լոյսն է ստեղծել խաւարի մէջ։ 16Գիտէ ամպերի էութիւնը։ Չարագործների յանցանքներն արհաւիրք են։ 17Ինչո՞ւ է պատմուճանդ տաքանում, երբ երկիրը հանգստանում է հարաւային հողմից։ 18Այդ Տէրն է հաստատել երկինքը եւ նրա մէջ գտնուող ջրալի ամպերը, որոնք իր զօրութեամբ ցած է թափում։ 19Բայց հէնց ինչո՞ւ, դէ հասկացրո՛ւ ինձ, ի՞նչ ենք ասելու նրան, ու ապա դադարենք շատ բաների մասին խօսելուց։ 20Միթէ մօտս մատեա՞ն կայ,կամ դպի՞ր է կանգնած, որ մարդկանց գրածը լինելով՝ լռեցնեմ։ 21Ամէն մարդու չէ, որ լոյսը տեսանելի է. փայլածուն ամպերի մէջ է, ինչպէս որ լոյսը՝ ամպերի վերեւում։ 22Հիւսիսից ոսկեճաճանչ ամպերն են. սրանց համեմատութեամբ մեծ են Ամենակալի փառքն ու պատիւը։ 23Չգիտենք մենք նրա զօրութեանը նմանուող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, եւ դու պէտք չէ՞ որ լսես նրան։ 24Դրա համար են մարդիկ նրանից երկիւղ կրում. նրանից վախենում են նաեւ սրտով իմաստունները»։
38 Երբ Եղիուսը դադարեց խօսելուց, Տէրն ասաց Յոբին՝ փոթորկի ու ամպի միջից. 2«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք։ 3Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։ 4Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն։ 5Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ։ 6Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա։ 7Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։ 8Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ։ 9Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր։ 10Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. 11«Կը գաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի». այդտեղ, քո մէջ կը խորտակուեն ալիքները քո։ 12Թէ քո՞ կողքին կարգեցի լոյսն առաւօտեան։ 13Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։ 14Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ։ 15Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների։ 16Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների։ 17Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։ 18Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։ 19Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի։ 20Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց։ 21Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են։ 22Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի։ 23Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար։ 24Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ։ 25Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները 26եւ ճանապարհներն ամպրոպների,որ տեղան երկրի վրայ, 27ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար։ 28Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին։ 29Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, 30եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։ 31Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քօղը Հայկ համաստեղութեան։ 32Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ։ 33Կ՚իմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները։ 34Ձայնովդ կը կանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կը լսի՞ քեզ։ 35Շանթեր կ՚արձակե՞ս, ու կը սլանա՞ն դրանք. եւ կ՚ասե՞ն քեզ՝ թէ ինչ է սա։ 36Ո՞վ է կանանց տուել ոստայնանկութեան հմտութիւն ու երփներանգ գործուածքներ ստեղծելու շնորհ։ 37Ո՞վ է հաշւում ամպերն իմաստութեամբ։ Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրայ, 38հողը փոշու պէս թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպէս խորանարդ քարերը՝ իրար։ 39Կերակուր կ՚որսա՞ս առիւծների համար, վիշապների մարմինը կը կշտացնե՞ս,երբ դրանք կուչ են եկած։ 40Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում։ 41Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն։
39 Գիտես քարայծների ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետե՞ւլ ես եղնիկների երկունքին։ 2Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց։ 3Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից։ 4Ազատութիւն կ՚ունենան նրանց ձագերը, ծնելով՝ կը բազմանան, դուրս կը գան ու այլեւս չեն վերադառնայ։ 5Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա։ 6Նրան իբրեւ կայան սահմանել եմ առապարները, իբրեւ բնակավայր՝ աղուտները։ 7Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքներն հարկահանների։ 8Դիտում է իր լեռնոտ արօտավայրերը ու շրջում է՝ ամէն դալարիք փնտռելու։ 9Միեղջերուն յօժար կը լինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մէջ։ 10Չուանով նրան լուծ կը կապե՞ս, կամ նա ակօս կը քաշի՞ քո դաշտում։ 11Յոյսդ կը դնե՞ս նրա վրայ, քանի որ նրա զօրութիւնը մեծ է, եւ նրան կը թողնե՞ս գործերդ քո բոլոր։ 12Կը հաւատա՞ս, որ սերմանուելիքներդ հատուցելու է ու հաւաքելու քո կալում։ 13Գեղեցիկ են թռչող նէեղասների թեւերը. եթէ ասիդն ու նէեսանէլ բեղմնաւորւում են, արժէ տեսնել, 14որովհետեւ նէեսան իր ձուերը գետին է դնում, հողով տաքացնում է 15ու մոռանում, թէ ոտքի տակ ցրիւ կը գան, եւ անապատի գազանները կը կոխոտեն դրանք։ 16Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստեան վախը չունի նա, 17որովհետեւ Աստուած նրանից վերցրել է իմաստութիւնը եւ խելքի բաժին չի տուել նրան։ 18Բայց երբ դէպի վեր ու բարձունքներ բարձրանայ,կը ծիծաղի երիվարի ու հեծեալի վրայ։ 19Դո՞ւ ես միթէ օժտել ձիուն զօրութեամբ, 20պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինութիւն գցել, նրա լանջը փառաւոր դարձրելու խիզախութիւն տուել նրան։ 21Որոտում է դաշտում ու դոփում, զօրութեամբ դուրս է գալիս դաշտ։ 22Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա։ 23Նրա վերեւում շողշողում են աղեղն ու սուրը, շարժւում՝ վահանն ու նիզակը։ 24Իսկ ինքը բարկութեամբ գետինն է փորփրում։ Չի հաւատում մինչեւ փողը չհնչի։ 25Իսկ երբ հնչում է փողը, «վա՜շ-վա՜շ» է կանչում։ Հեռուից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։ 26Քո խելքի՞ց է որ բազէն թեւերը տարածելով կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարաւի կողմը, 27կամ քո՞ հրամանով է արծիւը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձաւներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բոյնի վրայ, 28մնում է այնտեղ ու կեր է փնտռում։ 29Նրա աչքերը դիտում են հեռուից, 30իսկ նրա ձագերը զոհի արեան մէջ են թաթախուած։ Ուր որ դիակ գտնեն՝ իսկոյն այնտեղ են յայտնւում»։ 31Եւ Տէր Աստուած խօսեց ու Յոբին ասաց. 32«Միթէ մէկը պիտի կարողանա՞յ իմ դատաստանը ծռել, պիտի յանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տայ»։ 33Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց. 34«Էլ ինչո՞ւ դատ անեմ դեռ, կշտամբեմ ու յանդիմանեմ։ Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչութիւն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի պապանձուեմ։ 35Բերանս բացի մի անգամ արդէն, էլ երկրորդ անգամ բան չեմ աւելացնի»։
40 Տէրը ամպերի միջից նորից խօսեց ու ասաց Յոբին. 2«Այդպէս չէ. տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։ 3Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թէ ես քեզ այլ ազդարարութեամբ չեմ յայտնուել, քան այնպէս, որ դու արդար երեւաս։ 4Թէ՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նոյն բազուկն ունես կամ նրա հետ նոյն ձայնով ես որոտում։ 5Դէ ուրեմն, բարձր կեցուածք ընդունի՛ր, զօրութիւն, փառք ու պատիւ ա՛ռ վրադ։ 6Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկութեամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ-սառեցրո՛ւ ամբարտաւաններին։ 7Անմիջապէս խորտակի՛ր ամբարիշտներին, 8առհասարակ բոլորին հողի մէջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր։ 9Համաձայնուե՞մ արդեօք, որ աջդ կարող է փրկել։ 10Իսկ ահա քո առաջն է, որովհետեւ գազաններն արջառի պէս խոտ են ճարակում։ 11Ահա նրա ուժը մէջքին է, զօրութիւնը՝ որովայնի պորտի շուրջ։ 12Իր պոչը նոճու պէս տնկել է, 13ջլերն իրար են հիւսուած, կողերը պղնձից են, ողնաշարը՝ ձոյլ երկաթից։ 14Տիրոջ արարածների սկիզբը նա է՝ խաղալիք դարձած հրեշտակների ձեռքին։ 15Ապառաժ լերան վրայ հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել։ 16Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում՝ շամբի, եղէգի ու կնիւնի տակ։ 17Նրա գլխաւերեւում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մէկ, եւ բարդու սիւները։ 18Հեղեղ էլ լինի՝ նա չի զգայ։ Անձնապաստան է. եթէ Յորդանան գետն էլ դէպի իր բերանը դիմի՝ 19իր ակնակապիճների մէջ կ՚առնի այն։ 20Եթէ վիշապը խոյս տայ, կը ծակե՞ս նրա ռունգերը։ Կարո՞ղ ես կարթով բարձրացնել նրան, նրա դնչին պախուրց կը դնե՞ս։ 21Թէ՞ շղթայ կը կապես նրա քթին։ Սանձ կ՚անցկացնե՞ս նրա կզակին։ 22Քեզ հետ կը խօսի՞ հեզութեամբ, քաղցր լեզուով։ Հետդ ուխտ կը դնի՞։ 23Նրան քեզ իբրեւ յաւիտենական ծառայ կը նուաճե՞ս։ 24Նրա հետ կը խաղա՞ս, ինչպէս թռչնի հետ, կամ ձագի պէս թելով կը կապե՞ս նրան։ 25Ազգեր կը կերակրուեն նրանով, եւ փիւնիկեցիների տոհմերը նրան իրենց մէջ կը բաժանեն։ 26Բոլոր նաւաստիները, մի տեղ հաւաքուելով, նրա պոչից մի թեփ անգամ չեն վերցնի. նրա գանգը ձկնորսների նաւերում է։ 27Հէնց որ ձեռքդ վրան դնես՝ կը մտաբերես այն պայքարը, որ տեղի է ունենալու նրա մարմնի մէջ. ու այլեւս չես անի։ 28Չես տեսել դու նրան, ոչ էլ կը զարմանաս իմ ասած այս խօսքերի վրայ։
41 Չես երկնչի, որովհետեւ ես եմ այդ բոլորը պատրաստել։ Բայց ո՞վ է, որ ինձ պիտի հակառակուի, կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանայ, 2երբ այն ամէնը, ինչ որ կայ երկնքի ներքոյ, իմն է։ 3Յանուն նրա՝ վիշապի, ես չեմ լռելու։ Նրա գործն ուժեղ լինելով՝ խղճալու են նրա զուգընկերոջը։ 4Ո՞վ կը մերկացնի նրա երեսի քօղը, եւ ո՞վ կը մտնի նրա փակ պատեանից ներս, 5ո՞վ բաց կ՚անի նրա երախի դռները։ Ահն է իշխում նրա ատամների շուրջ-բոլորը. 6փորը պղնձէ վահան է, յօդերը՝ սուր-սուր քարեր, մէկը միւսի յետեւից կպած են, 7նրա միջով օդ չի անցնի։ 8Ասես եղբայրն իր եղբօր հետ գնայ. իրարից կը բռնեն ու չեն բաժանուի։ 9Նրա փռնչոցից փայլակներ են դուրս թռչում. նրա աչքերը փայլածուի տեսք ունեն։ 10Նրա բերանից վառուած լապտերներ են դուրս ժայթքում, եւ հրեղէն շանթեր են արձակւում։ 11Նրա ռունգերից, ինչպէս հնոցի կրակից, ծուխ է ելնում։ 12Նրա շնչից կայծեր են դուրս թռչում, եւ բերանից բոց է դուրս գալիս։ 13Նրա պարանոցում զօրութիւնն է հաստատուած. նրա առջեւից կործանումն է ընթանում։ 14Նրա մարմնի անդամները ամուր կպած են իրար. եթէ մէկը վրան ընկնի, նա չի էլ խլրտայ, 15որովհետեւ նրա սիրտն ապառաժ քար է կտրել եւ դարբնի սալի նման անշարժ, հաստատուն է։ 16Երբ խլրտայ՝ ահը կը համակի երկրի գազաններին, չորքոտանիներին ու զեռուններին։ 17Թէ նրան տէգեր, զէնքեր ու նիզակներ հանդիպեն, վնաս չեն հասցնի, 18որովհետեւ նա երկաթը յարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։ 19Նրան չի խոցում պղնձէ աղեղը։ 20Ռմբաքարը նա խոտի տեղ է ընդունում, լախտը՝ եղէգի։ Ծիծաղում է իր դիմաց ճօճուող կրակի վրայ։ 21Սուր-սուր տէգերը նրա անկողինն են։ Ծովի ամբողջ ոսկին նրա տակ՝ անբաւ կաւի պէս է։ 22Անդունդները կաթսայի պէս է եռացնում։ Ծովը ոչնչութիւն է համարում, անդնդային տարտարոսը՝ մի գերի, 23անդունդները՝ զբօսավայր։ 24Երկրի վրայ չկայ բան, որ նման լինի նրան։ Նա ստեղծուել է իբրեւ խաղալիք իմ հրեշտակների համար։ 25Արհամարհանքով է նայում ամէն բարձր բանի, եւ ջրերում եղած ամէն ինչի թագաւորն ինքն է»։
42 Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց. 2«Գիտեմ, պատում է ուժդ ամէն ինչի, ու չի թուլանում քո մէջ ոչ մի բան։ 3Այն ո՞վ կը ծածկի քեզնից իր միտքը, խօսք կը խնայի ու կը կարծի, թէ կարող է պահել։ Այն ո՞վ կ՚ասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու ապշելի բաներ, որոնց ես իրազեկ չէի։ 4Արդ, լսի՛ր ինձ, Տէ՛ր. ես եմ խօսելու, հարցնելու բաներ. սովորեցրո՛ւ ինձ։ 5Սրանից առաջ ես ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան հէնց քեզ։ 6Այդ պատճառով նուաստ համարեցի ինձ ու հալուեցի ես։ Ինքս ինձ հող ու մոխիր եմ դիտում»։ 7Երբ Տէրը Յոբի հետ այս բաները խօսեց, Աստուած ասաց Եղիփազ Թեմնացուն. «Մեղք գործեցիր դու, նաեւ քո երկու բարեկամները,քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպէս իմ ծառայ Յոբը։ 8Բայց հիմա եօթը զուարակ առէ՛ք ու եօթը խոյ, գնացէ՛ք իմ ծառայ Յոբի մօտ, ու թող նա ողջակէզ անի ձեզ համար, իմ ծառայ Յոբը թող նաեւ աղօթի ձեզ համար, քանի որ, եթէ ես նկատի ունեցած չլինէի նրան, ու նրա համար չլինէր այս, ես արդարեւ կորստի մատնած կը լինէի ձեզ,որովհետեւ իմ ծառայ Յոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք»։ 9Եղիփազ Թեմնացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Մինեցին գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրենց։ Եւ թողութիւն շնորհեց նրանց մեղքերին՝ յանուն Յոբի։ 10Ու Տէրը ճոխացրեց Յոբին, եւ երբ սա աղօթեց իր բարեկամների համար, Տէրը թողութիւն շնորհեց նրանց մեղքերին։ Տէրը կրկնակի աւելի շատ տուեց, քան այն հարստութիւնը, որ առաջ Յոբն ունէր։ 11Նրա բոլոր եղբայրներն ու քոյրերը լսեցին այն բոլոր դէպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մօտը, եկան նաեւ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան-խմեցին նրա մօտ, սփոփեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրայ, որ նրա գլխին բերել էր Տէրը։ Իւրաքանչիւրը նրան մի գառ տուեց ու չորսդրեհմանոց անդրոշմ ոսկի։ 12Ու Տէրը Յոբի կեանքի վերջին շրջանն աւելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հօտի մէջ կային տասնչորս հազար ոչխարներ, վեց հազար ուղտեր, հազար լուծ եզներ, հազար արածող մատակ էշեր։ 13Նա ունեցաւ եօթը տղայ եւ երեք աղջիկ։ 14Առաջին աղջկան Տիւ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջիւր։ 15Եւ երկնքի ներքոյ Յոբի դուստրերի պէս ու նրանցից աւելի գեղեցիկներ չգտնուեցին։ Յոբն իր աղջիկներին ժառանգութեան բաժին տուեց նրանց եղբայրների հետ։ 16Յոբը, այն հարուածներից յետոյ, ապրեց հարիւր եօթանասուն տարի (նա ապրեց ընդամէնը երկու հարիւր քառասուն եւ ութ տարի)։ Յոբը տեսաւ իր զաւակներին, որդիների որդիներին, մինչեւ չորրորդ սերունդը։ Ու վախճանուեց Յոբը զառամեալ հասակում, տարիների բեռան տակ կքած։ Նաեւ գրուած է, որ նա էլ յարութիւն է առնելու նրանց հետ, ում Տէրը յարութիւն պիտի տայ։ 17Սա թարգմանուած է ասորերէն գրքից։ Յոբը բնակւում էր Աւստայ երկրում, եդոմայեցիների ու արաբների սահմաններում։ Առաջ նրա անունը Յոբաբ էր։ Արաբ կին առնելով՝ որդի ունեցաւ, որի անունն էր Եննով։ Նրա հայրը Զարեհն էր՝ Եսաւի որդու որդին։ Նրա մայրը բոսորացի էր։ Այնպէս որ նա Աբրահամից սկսած՝ հինգերորդ սերունդն էր։ Սրանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդոմում. առաջինը՝ Բէորայ Բաղակը (սրա քաղաքի անունն էր Դենաբայ), Բաղակից յետոյ՝ Յոբաբը (որ Յոբ կոչուեց), սրանից յետոյ՝ Ասոմը (որ թեմնացիների երկրի զօրավարն էր), սրանից յետոյ՝ Բարադի որդի Ադադը (որ Մադիամին ջարդեց Մովաբի դաշտում. նրա քաղաքի անունն էր Գէթեմ)։ Իսկ այն բարեկամները, որ նրա մօտ եկան, սրանք էին. Եղիփազը՝ թեմնացիների արքան (Եսաւի որդիներից), Սոքեցիների բռնակալ Բաղդատը, մինեցիների արքայ Սոփարը։