Յովհաննէս


1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։ 2Նա սկզբից Աստծու մօտ էր։ 3Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ 4Կեանքը նրանով էր։ Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր։ 5Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց։ 6Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս։ 7Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան։ 8Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին։ 9Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ։ 10Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին։ 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։ 13Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին։ 14Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ։ 15Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի։ Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»։ 16Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան։ 18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան։ 19Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 20նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ։ 21Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ Իսկ դու մարգարէ՞ն ես։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 22Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին։ 23Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»։ 24Եւ եկողները փարիսեցիների կողմից էին։ 25Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան եւ ոչ էլ մարգարէն»։ 26Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, 27որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»։ 28Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում։ 29Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը։ 30Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար։ 31Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»։ 32Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ։ 33Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»։ 34Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»։ 35Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը։ 36Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծոյ»։ 37Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից։ 38Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»։ 39Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»։ Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր։ 40Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից։ 41Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս)։ 42Սա նրան տարաւ Յիսուսի մօտ։ Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է՝ Պետրոս)։ 43Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»։ 44Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից։ 45Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»։ 46Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»։ 47Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»։ 48Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»։ 49Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»։ 50Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»։ 51Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»։
2 Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր։ 2Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները։ 3Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»։ 4Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ 5Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»։ 6Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր։ 7Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»։ Եւ լցրին բերնէբերան։ 8Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»։ Եւ նրանք տարան։ 9Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), 10խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»։ 11Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան։ 12Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր։ 13Հրեաների զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ 14Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին։ 15Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց։ 16Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր Տունը վաճառատան մի՛ վերածէք»։ 17Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո Տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»։ 18Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կը տաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»։ 19Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ»։ 20Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երե՞ք օրում այն վերականգնում ես»։ 21Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում։ 22Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր։ 23Եւ երբ Յիսուս զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատեր հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր։ 24Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, որովհետեւ ինքն ամենքին ճանաչում էր 25եւ կարիք չկար, որ որեւէ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կար մարդու հոգու մէջ։
3 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր։ 2Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ 3Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ 4Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ 5Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. 6որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։ 7Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»։ 9Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»։ 10Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս։ 11Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում։ 12Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ։ 13Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր։ 14Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի։ 18Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց։ 19Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին. 20որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ 21Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»։ 22Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ 23Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, 24քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել։ 25Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց։ 26Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»։ 27Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ։ 28Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից։ 29Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է։ 30Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»։ 31«Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում։ 32Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում։ 33Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, 34քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի։ 35Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը։ 36Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»։
4 Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը 2(թէպէտեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), 3թողեց Հրէաստան երկիրը եւ վերստին եկաւ Գալիլիա։ 4Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով։ 5Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին։ 6Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար։ Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր։ 7Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. 8«Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն)։ 9Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում)։ 10Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»։ 11Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր։ 12Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»։ 13Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի։ 14Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»։ 15Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»։ 16Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»։ 17Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»։ Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, 18որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»։ 19Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես։ 20Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»։ 21Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ՚երկրպագեն Հօրը։ 22Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է։ 23Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ՚երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում։ 24Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»։ 25Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կը պատմի»։ 26Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»։ 27Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ։ 28Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց. 29«Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»։ 30Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ։ 31Եւ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»։ 32Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»։ 33Աշակերտները իրար մէջ ասում էին՝ արդեօք մէկը դրան ուտելու բա՞ն է բերել։ 34Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը։ 35Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս եւս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար։ 36Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան։ 37Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ ա՛յլ է սերմանողը եւ ա՛յլ՝ հնձողը։ 38Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»։ 39Եւ սամարացիների այդ քաղաքից շատեր հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի։ 40Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր։ 41Ուրիշ շատեր էլ նրան հաւատացին՝ իր խօսքի համար. 42եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»։ 43Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա. 44քանի որ Յիսուս ինքն իսկ վկայել էր, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի։ 45Սակայն, երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիները նրան ընդունեցին, որովհետեւ նրանք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում՝ տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին։ 46Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել։ Պալատական մի պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում։ 47Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ էր։ 48Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»։ 49Պաշտօնատարը նրան ասաց. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»։ 50Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եւ մարդը հաւատաց Յիսուսի ասած խօսքին ու գնաց։ 51Եւ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, թէ նրա տղան կենդանի է։ 52Նա հարցրեց նրանց, թէ ո՞ր ժամին ապաքինուեց։ Նրան ասացին. «Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին ջերմը նրան թողեց»։ 53Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց՝ քո որդին կենդանի է։ Եւ հաւատաց ինքը, ու իր ամբողջ ընտանիքը։ 54Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս՝ Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ։
5 Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ 2Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով, 3որոնց մէջ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն։ 4Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով։ 5Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր։ 6Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»։ 7Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»։ 8Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ 9Եւ մարդը առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այն օրը շաբաթ էր։ 10Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»։ 11Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ 12Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»։ 13Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ 14Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»։ 15Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց։ 16Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ 17Սակայն Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»։ 18Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում։ 19Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում, 20քանի որ Հայրը սիրում է Որդուն, եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կը տայ սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կը զարմանաք. 21որովհետեւ, ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է՝ ում կամենայ։ 22Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, 23որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը։ Ով Որդուն չի պատւում, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խօսքը լսում է ու հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ։ 25Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կը գայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ մեռելները կը լսեն Աստծու Որդու ձայնը, եւ նրանք, որ կը լսեն, կ՚ապրեն, 26որովհետեւ, ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի եւ կեանք է տալիս, նոյնպէս եւ Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ եւ տալ։ 27Եւ նրան իշխանութիւն տուեց դատաստան անելու, քանի որ մարդու Որդի է. 28դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը 29եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար։ 30Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ, ինչպէս լսում եմ Հօրից՝ դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»։ 31«Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ։ 32Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին։ 33Յովհաննէսի մօտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը։ 34Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք։ 35Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով։ 36Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ։ 37Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել։ 38Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետեւ, ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում։ 39Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ՚ունենաք։ Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք։ 40Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք։ 41Ես մարդկանցից փառք չեմ առնում։ 42Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդէպ սէր չունէք ձեր մէջ։ 43Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում։ Եթէ ուրիշ մէկը գայ իր անունով, նրան կ՚ընդունէք։ 44Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս։ 45Մի՛ կարծէք, որ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ որպէս ամբաստանող կը կանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել. 46որովհետեւ, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել. 47իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս պիտի հաւատաք»։
6 Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ. 2եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ։ 3Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ։ 4Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը։ 5Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ։ Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։ 6Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու։ 7Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»։ 8Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. 9«Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»։ 10Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։ 11Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին։ Նոյն ձեւով եւ ձկներից՝ որչափ որ կամեցան։ 12Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»։ 13Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից։ 14Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»։ 15Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց։ 16Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան։ 17Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը, դէպի Կափառնայում։ Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. 18եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր։ 19Երբ շուրջ հինգ կամ վեց կիլոմետր թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին մօտեցել էր, սաստիկ վախեցան։ 20Եւ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցէք»։ 21Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին։ 22Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։ 23Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել։ 24Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու։ 25Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։ 26Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք։ 27Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»։ 28Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»։ 29Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»։ 30Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես։ 31Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»։ 32Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»։ 34Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ 35Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի։ 36Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում։ 37Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։ 39Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց։ 40Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»։ 41Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ 42Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք։ Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»։ 43Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. 44ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ։ 45Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»։ Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ։ 46Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը։ 47Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը։ 48Ես եմ կենաց հացը։ 49Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ 50Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի։ 51Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 52թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»։ 53Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ 54Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։ 55Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, 56քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք։ 57Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ։ 58Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով։ 59Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կ՚ապրի յաւիտեան»։ 60Նա այս բաներն ասաց Կափառնայումի մէջ ժողովարանում ուսուցանելիս։ 61Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»։ 62Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է. 63իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր...»։ 64«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք։ 65Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»։ Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. 66«Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»։ 67Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում։ 68Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»։ 69Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք։ Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես։ 70Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 71Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»։ 72Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր։
7 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդները ուզում էին սպանել նրան։ 2Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր։ 3Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». 5քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան։ 6Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։ 7Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են։ 8Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»։ 9Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլիայում։ 10Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն։ 11Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ եւ ասում էին՝ ո՞ւր է նա։ 12Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է։ 13Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում։ 14Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր։ 15Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»։ 16Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց։ 17Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում։ 18Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ։ 19Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում։ 20Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»։ Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»։ 21Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք։ 22Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից)։ 23Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում։ Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի։ 24Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք»։ 25Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել։ 26Իսկ ահաւասիկ բացայայտօրէն խօսում է, եւ դրան բան չեն ասում. գուցէ արդարեւ իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը։ 27Բայց մենք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»։ 28Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք։ 29Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա՛ ուղարկեց ինձ»։ 30Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել։ 31Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»։ 32Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան։ 33Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց։ 34Ինձ կը փնտռէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 35Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնայ, որ մենք դրան չգտնենք. միթէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների՞ մօտ պիտի գնայ եւ հեթանոսների՞ն պիտի ուսուցանի։ 36Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց՝ կը փնտռէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 37Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։ 38Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ 39Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր։ 40Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. 41ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր։ 43Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ։ 44Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց։ 45Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։ 47Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել։ 48Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, 49բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»։ 50Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51«Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»։ 52Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»։
8 Ապա ամէն ոք իր տունը գնաց։ Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը։ 2Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց։ 3Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կին եւ նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին. 4«Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է, 5իսկ Օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ 6Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր։ 7Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»։ 8Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր։ 9Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը։ Եւ Յիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ։ 10Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ 11Եւ սա ասաց՝ ո՛չ, Տէ՛ր։ Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»։ 12Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ՚ընդունի կենաց լոյսը»։ 13Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»։ 14Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում։ Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում։ 15Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. 16թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ՝ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց։ 17Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է։ 18Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»։ 19Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»։ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կը ճանաչէիք»։ 20Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել։ 21Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, եւ դուք ինձ կը փնտռէք եւ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք, քանի որ, ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 22Հրեաները ասացին. «Միթէ անձնասպանութեա՞ն կը դիմի, քանի որ ասում է, թէ՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 23Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքեւից էք, իսկ ես՝ այն վերեւից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ։ 24Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք. արդարեւ, եթէ չհաւատաք, որ ես եմ, կը մեռնէք ձեր մեղքերի մէջ»։ 25Նրան ասացին՝ ո՞վ ես դու։ Յիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից եւեթ խօսում էր ձեզ հետ։ 26Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու եւ դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. եւ ես, ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խօսում աշխարհում»։ 27Եւ նրանք չիմացան, թէ Հօր մասին էր ասում իրենց։ 28Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում։ 29Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետեւ ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»։ 30Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան։ 31Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ 32Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»։ 33Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»։ 34Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է։ 35Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է։ 36Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք։ 37Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ։ 38Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»։ 39Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»։ Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կը գործէիք։ 40Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց. 41դուք ձեր հօր գործերն էք անում»։ Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»։ 42Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ։ 43Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել։ 44Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար։ Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր։ 45Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում։ 46Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում։ 47Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»։ 48Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»։ 49Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ։ 50Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է եւ դատում։ 51Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»։ 52Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ։ Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի։ 53Միթէ դու աւելի մե՞ծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»։ 54Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին դուք ասում էք, թէ՝ մեր Աստուածն է. 55ու չէք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ։ 56Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»։ 57Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»։ 58Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»։ 59Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց։
9 Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. 2իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»։ 3Յիսուս պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլ՝ որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն։ 4Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ 5Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ»։ 6Երբ այս ասաց, թքեց գետնին եւ թքով կաւ շինեց, եւ կաւը ծեփեց կոյրի աչքերի վրայ ու ասաց նրան. 7«Գնա՛ լուացուիր Սիլովամի աւազանի մէջ» (որ թարգմանւում է՝ առաքուած)։ Գնաց լուացուեց, եկաւ եւ տեսնում էր։ 8Իսկ հարեւանները եւ նրանք, որ նախապէս տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր եւ մուրում»։ 9Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, բայց նման է նրան։ Իսկ ինքն ասում էր՝ ես եմ։ 10Նրան ասացին. «Իսկ ինչպէ՞ս բացուեցին քո աչքերը»։ 11Նա պատասխանեց. «Մի մարդ, որին ասում են՝ Յիսուսն է, կաւ շինեց եւ ծեփեց իմ աչքերը եւ ինձ ասաց. «Գնա՛ Սիլովամ եւ լուացուի՛ր»։ Գնացի, լուացուեցի եւ տեսնում եմ»։ 12Նրան ասացին՝ ո՞ւր է նա։ Նրանց ասաց՝ չգիտեմ։ 13Նրան, որ մի ժամանակ կոյր էր, բերին փարիսեցիների մօտ 14(օրը շաբաթ էր, երբ Յիսուս կաւ շինեց եւ կոյրի աչքերը բացեց)։ 15Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպէ՞ս ես տեսնում»։ Եւ նա նրանց ասաց. «Կաւ դրեց աչքերիս վրայ, եւ լուացուեցի ու տեսնում եմ»։ 16Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղաւոր մի մարդ ինչպէ՞ս կարող է այսպիսի նշաններ կատարել»։ Եւ նրանց մէջ պառակտում կար։ 17Դարձեալ կոյրին ասացին. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Եւ նա ասաց՝ մարգարէ է։ 18Եւ հրեաները չէին հաւատում, թէ նա կոյր էր, եւ բացուեց, մինչեւ որ կանչեցին աչքերը բացուածի ծնողներին, 19հարցրին նրանց ու ասացին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թէ՝ կոյր ծնուեց. իսկ այժմ ինչպէ՞ս է, որ տեսնում է»։ 20Նրա ծնողները պատասխանեցին եւ ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է, եւ որ կոյր ծնուեց. 21բայց թէ այժմ ինչպէ՛ս է, որ տեսնում է, չգիտենք, կամ թէ՝ ո՛վ բացեց դրա աչքերը, մենք չգիտենք. հէնց իրե՛ն հարցրէք. ինքն արդէն չափահաս է. իր մասին ինքը թող խօսի»։ 22Նրա ծնողները այսպէս ասացին, որովհետեւ հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդուել էին, որ, եթէ մէկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացուի ժողովարանից։ 23Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդէն չափահաս է, հէնց իրե՛ն հարցրէք»։ 24Նորից կրկին անգամ կանչեցին այդ մարդուն, որ կոյր էր, եւ նրան ասացին. «Աստծուն փա՛ռք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է»։ 25Իսկ նա ասաց. «Թէ մեղաւոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ»։ 26Դարձեալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերը ինչպէ՞ս բացեց»։ 27Նրանց պատասխանեց. «Նոր ձեզ ասացի, եւ չէք լսում, ինչո՞ւ էք ուզում նորից լսել. միթէ դո՞ւք էլ էք կամենում նրան աշակերտել»։ 28Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ. մենք Մովսէսի աշակերտներն ենք։ 29Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. իսկ սրան չգիտենք, թէ որտեղից է»։ 30Մարդը պատասխանեց նրանց եւ ասաց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտէք, թէ նա որտեղից է, եւ սակայն իմ աչքերը բացեց։ 31Գիտենք, որ Աստուած մեղաւորներին չի լսում, բայց եթէ մէկը աստուածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է։ 32Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թէ մէկը ի ծնէ կոյր ծնուած կոյրի աչքերը բացած լինի։ 33Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որեւէ բան անել չէր կարող»։ 34Պատասխանեցին եւ ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մէջ ես ծնուած եւ դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»։ Եւ նրան դուրս հանեցին։ 35Յիսուս լսեց, թէ նրան դուրս են հանել. եւ երբ նրան գտաւ, ասաց. «Դու Աստծու Որդուն հաւատո՞ւմ ես»։ 36Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տէ՛ր, ո՞վ է, որ նրան հաւատամ»։ 37Յիսուս նրան ասաց. «Ե՛ւ տեսար նրան, ե՛ւ նա է, ով խօսում է քեզ հետ»։ 38Ու նա ասաց. «Հաւատում եմ, Տէ՛ր»։ Եւ երկրպագեց նրան։ 39Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»։ 40Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»։ 41Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»։
10 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ. 2իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների։ 3Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում։ 4Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը։ 5Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»։ 6Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ 7Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ 8Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ 9Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի։ 10Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան։ 11Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ 14Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ։ 17Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ։ 18Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»։ 19Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ։ 20Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»։ 21Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»։ 22Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր։ 23Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում։ 24Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։ 25Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին։ 26Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ 29Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ 30Ես եւ իմ Հայրը մի ենք»։ 31Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ 32Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»։ 33Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ 34Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»։ 35Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ։ 37Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք։ 38Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»։ 39Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ։ 40Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում։ 41Շատեր նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։ 42Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան։
11 Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից։ 2Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր։ 3Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»։ 4Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»։ 5Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին։ 6Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր։ 7Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»։ 8Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»։ 9Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, 10իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»։ 11Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ 12Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»։ 13Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում։ 14Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. 15բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք։ Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»։ 16Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ 17Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ։ 18Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր։ 19Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար։ 20Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր։ 21Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»։ 23Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»։ 24Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»։ 25Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. 26եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի։ Հաւատո՞ւմ ես այս բանին»։ 27Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ 28Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»։ 29Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ։ 30Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել։ 31Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ 32Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ 33Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. 34«Ո՞ւր դրիք նրան»։ Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»։ 35Եւ Յիսուս արտասուեց։ 36Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»։ 37Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»։ 38Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը։ Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած։ 39Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»։ Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»։ 40Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»։ 41Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. 42եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ 43Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ 44Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»։ 45Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան։ 46Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց։ 47Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ 48Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ 49Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. 50«Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»։ 51Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար։ 52Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի։ 53Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն։ 54Եւ Յիսուս այնուհետեւ այլեւս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մօտ էր անապատին. գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, եւ իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։ 55Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն։ 56Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն։
12 Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել։ 2Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր։ 3Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով։ 4Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5«Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրուեց աղքատներին»։ 6Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում։ 7Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ։ 8Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք։ Ինձ միշտ ձեզ հետ չունէք»։ 9Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել։ 10Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին։ 12Յաջորդ օրը, ժողովրդի բազմութիւնը, որ զատկի տօնին էր եկել, երբ լսեց, թէ Յիսուս Երուսաղէմ է գալիս, 13արմաւենիների ճիւղեր վերցրեց եւ Յիսուսին ընդառաջ ելաւ։ Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա՜, օրհնեա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագաւոր Իսրայէլի»։ 14Եւ Յիսուս մի էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս որ գրուած է. 15«Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագաւորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրայ»։ 16Եւ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորուեց, այն ժամանակ յիշեցին, թէ այդ նրա մասին էր գրուած, եւ իրենք այդ էին արել նրան։ 17Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հէնց գերեզմանից կանչեց եւ նրան մեռելներից կենդանացրեց։ 18Եւ դրա համար էլ նրան ընդառաջ ելաւ ժողովուրդը, որովհետեւ լսել էին, որ այդ նշաններն էր արել։ 19Իսկ փարիսեցիները միմեանց ասում էին. «Տեսնում էք, որ ոչ մի օգուտ չէք ստանում. ահաւասիկ ամբողջ աշխարհը նրա յետեւից գնաց»։ 20Այնտեղ կային նաեւ որոշ թուով հեթանոսներ՝ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն։ 21Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»։ 22Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց։ Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին։ 23Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ։ 25Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար։ 26Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը։ 27Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին։ 28Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»։ 29Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»։ 30Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար։ 31Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի։ 32Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»։ 33Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու։ 34Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»։ 35Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում։ 36Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»։ Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնուեց։ 37Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, 38որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»։ 39Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. 40«Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»։ 41Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին։ 42Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն. 43քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը։ 44Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ 45Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց։ 46Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ։ 47Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը։ 48Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը, 49որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ։ 50Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է։ Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»։
13 Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց։ 2Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդէն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Յուդայի սրտի մէջ դրել էր, որ մատնի նրան, 3Յիսուս իմացաւ, որ Հայրը ամէն բան իր ձեռքն էր յանձնել, եւ որ ինքը Աստծուց էր ելել եւ Աստծու մօտ էր գնում։ 4Նա վեր կացաւ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով՝ մէջքին կապեց։ 5Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ եւ սրբել մէջքին կապած սրբիչով։ 6Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, եւ սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»։ 7Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կ՚իմանաս»։ 8Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»։ Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»։ 9Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլեւ իմ ձեռքերն ու գլուխն էլ լուա՛»։ 10Յիսուս նրան ասաց. «Լուացուածին ուրիշ բան պէտք չէ, բայց միայն ոտքերը լուանալ, քանի որ ամբողջութեամբ մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»։ 11Քանի որ նա գիտէր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր էք»։ 12Եւ երբ նրանց ոտքերը լուաց, վերցրեց իր զգեստները եւ դարձեալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտէ՞ք, թէ այդ ինչ արեցի ձեզ։ 13Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ. 14իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ. 15որովհետեւ մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք։ 16Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ 17Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք։ 18Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. 19հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ՚ուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»։ 21Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»։ 22Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում։ 23Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ։ 24Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում։ 25Եւ սա Յիսուսի կրծքովն ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»։ 26Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»։ Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային։ 27Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ։ Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»։ 28Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց. 29որովհետեւ ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին։ 30Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ։ Եւ գիշեր էր... 31Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան։ 33Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, - այժմ այդ ձեզ էլ եմ ասում։ 34Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք։ 35Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»։ 36Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»։ Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետեւից»։ 37Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»։ 38Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»։
14 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ։ 2Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք։ 4Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»։ 5Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։ 6Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով։ 7Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»։ 8Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»։ 9Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր։ 10Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ։ Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը։ 11Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ։ 12Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ։ 13Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով»։ 14«Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները. 15եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 16Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի։ 17Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ։ 18Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու։ 19Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ։ 20Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»։ 21Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»։ 22Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք։ 23Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց։ 24Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ։ 25Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»։ 26«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք։ 27Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես։ 28Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք։ 29Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի։ 30Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»։
15 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։ 2Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։ 3Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։ 4Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող։ 6Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի։ 7Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի։ 8Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք։ 9Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք։ 10Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ։ 11Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի։ 12Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ։ 13Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ 14Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։ 15Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ։ 16Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ։ 17Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»։ 18«Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել։ 19Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ 20Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն։ 21Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։ 22Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ։ 23Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը։ 25Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին։ 26Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին. 27կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք»։
16 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ 2Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։ 5«Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում։ 6Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը։ 7Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ՚ուղարկեմ ձեզ մօտ։ 8Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի եւ արդարութեան հարցում եւ դատաստանի հարցում։ 9Մեղքի հարցում՝ որովհետեւ ինձ չեն հաւատում. 10արդարութեան հարցում՝ որովհետեւ իմ Հօր մօտ եմ գնում, եւ այլեւս ինձ չէք տեսնի. 11դատաստանի հարցում՝ որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտուած է։ 12Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել։ 13Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ։ 14Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ։ 15Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ»։ 16«Մի փոքր ժամանակ, եւ այլեւս ինձ չէք տեսնի. եւ ապա մի քիչ եւս՝ եւ ինձ նորից կը տեսնէք. եւ ես գնում եմ Հօր մօտ»։ 17Աշակերտներից ոմանք միմեանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ մեզ ասում է, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ կը տեսնէք եւ թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»։ 18Եւ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ եւս» -ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»։ 19Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, եւ նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմեանց հարցնում, որ ասացի, թէ՝ մի փոքր ժամանակ, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ՝ մի քիչ եւս, եւ կը տեսնէք ինձ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի։ 21Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց։ 22Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։ 23Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ։ 24Մինչեւ հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի»։ 25«Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ։ 26Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. եւ ձեզ չեմ ասում, թէ՝ ե՛ս պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար, 27քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետեւ դուք սիրեցիք ինձ եւ հաւատացիք, որ ես Աստծուց ելայ։ 28Ելայ Հօրից եւ եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հօր մօտ»։ 29Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում եւ ոչ մի առակ չես ասում։ 30Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, եւ պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»։ 31Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք. 32ահա պիտի գայ ժամանակ եւ արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը, եւ ինձ միայնակ պիտի թողնէք. սակայն ես միայնակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է։ 33Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք։ Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»։
17 Յիսուս երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի. 2ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամենքին, որ նրան տուեցիր։ 3Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր։ 4Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տուիր, որ անեմ. 5եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը։ 6Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին։ 7Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուիր, ես նրանց տուեցի. 8եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։ 9Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տուեցիր, որովհետեւ նրանք քոնն են։ 10Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մէջ փառաւորուած եմ։ 11Եւ ես այլեւս աշխարհի մէջ չեմ, իսկ նրանք աշխարհի մէջ են. եւ ես դէպի քեզ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որով ինձ տուեցիր, որպէսզի լինեն մի, ինչպէս մենք էլ մի ենք։ 12Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տուեցիր. եւ ես պահեցի. ու նրանցից ոչ ոք չկորաւ, բացի կորստեան դատապարտուած մարդուց, որպէսզի գրուածը կատարուի։ 13Բայց հիմա քեզ մօտ եմ գալիս եւ այս բաները խօսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան։ 14Ես նրանց տուի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ 15Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից։ 16Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ 17Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է։ 18Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ 19Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացուեն ճշմարտութեամբ։ 20Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, 21որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ։ 22Եւ ես տուեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տուեցիր, որպէսզի մի լինեն, ինչպէս եւ մենք մի ենք։ 23Ես՝ նրանց մէջ, եւ դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն միութեան մէջ։ Եւ աշխարհը գիտենայ, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ. եւ ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր։ 24Հա՛յր, ում որ ինձ տուիր, կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տուեցիր, քանի որ ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը։ 25Արդա՛ր Հայր, թէեւ աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել։ 26Եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, եւ ես՝ նրանց մէջ»։
18 Երբ Յիսուս այսպէս խօսեց, աշակերտներով հանդերձ ելաւ գնաց Կեդրոնի ձորի միւս կողմը. այնտեղ մի պարտէզ կար, ուր մտան ինքը եւ իր աշակերտները։ 2Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետեւ Յիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հաւաքուել էին։ 3Եւ Յուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով։ 4Իսկ Յիսուս իր վրայ եկող այս ամէնը տեսնելով՝ դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտռում»։ 5Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն։ Յիսուս նրանց ասաց՝ ես եմ։ Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան։ 6Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետին ընկան։ 7Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտռում։ Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն։ 8Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտռում, նրանց թո՛յլ տուէք գնալ». 9որպէսզի կատարուի խօսքը, որ ասել էր, թէ՝ նրանց, որոնց ինձ տուեցիր, նրանցից եւ ոչ մէկին չկորցրի։ 10Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետեւ սուր ունէր, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց։ Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր։ 11Յիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատեանի մէջ դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տուել, չպիտի՞ խմեմ»։ 12Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Յիսուսին եւ կապեցին։ 13Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարուայ քահանայապետի աներն էր։ 14Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տուեց, թէ աւելի լաւ է, որ ժողովրդի համար մէկ մարդ մեռնի։ 15Եւ Յիսուսի յետեւից գնում էին Սիմոն Պետրոսը եւ միւս աշակերտը։ Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը։ 16Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ, դուրսը։ Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց եւ Պետրոսին ներս մտցրեց։ 17Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ 18Այնտեղ կային ծառաներ եւ պահակներ, որոնք խարոյկ էին արել եւ տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր։ 19Իսկ քահանայապետը հարց տուեց Յիսուսին նրա աշակերտների եւ վարդապետութեան մասին։ 20Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում եւ տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. եւ ծածուկ ոչինչ չեմ խօսել։ 21Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա՛, նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»։ 22Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը մի ապտակ տուեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։ 23Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»։ 24Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ։ 25Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացաւ եւ ասաց՝ ո՛չ, չեմ։ 26Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»։ 27Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն մի աքաղաղ կանչեց։ 28Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Այգաբաց էր։ Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։ 29Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»։ 30Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»։ 31Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրէ՛ք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէ՛ք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ» 32(որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով էր ինքը մեռնելու)։ 33Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»։ 34Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ ուրիշներ իմ մասին քեզ ասացին»։ 35Պիղատոսը պատասխանեց. «Միթէ ես էլ հրեա՞յ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»։ 36Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնը այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կը մարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց, արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»։ 37Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու թագաւո՞ր ես»։ Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ։ Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է, իմ ձայնը լսում է»։ 38Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»։ Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ, հրեաների մօտ, ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում։ 39Բայց դուք սովորութիւն ունէք, որ զատկին ձեզ համար մի բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»։ 40Բոլորը աղաղակեցին եւ ասացին՝ ո՛չ դրան, այլ՝ Բարաբբային։ Եւ այն Բարաբբան աւազակ էր։
19 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել։ 2Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին։ 3Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ։ Եւ նրան ապտակում էին։ 4Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»։ 5Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ։ Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»։ 6Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»։ 7Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծու Որդի դարձրեց»։ 8Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ։ 9Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու։ Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց։ 10Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»։ 11Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»։ 12 13Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»։ 14Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա։ 15Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր։ Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»։ 16Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»։ 17Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի։ 18Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան։ Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, 19որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին։ 20Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»։ 21Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն)։ 22Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»։ 23Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ 24Իսկ զինուորները, երբ Յիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները եւ չորս մաս արեցին. իւրաքանչիւր զինուորի՝ մէկ մաս։ Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերեւից ներքեւ ամբողջովին հիւսած շուրջանակի, 25ուստի միմեանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրայ վիճակ գցենք, ում որ ելնի», որպէսզի կատարուի գրուածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ գցեցին»։ Զինուորներն այս բանն արեցին։ 26Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը եւ Մարիամ Մագդաղենացին։ 27Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ 28Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ։ 29Այնուհետեւ Յիսուս, գիտենալով, թէ ահա ամէն ինչ կատարուած է, որպէսզի կատարուի գրուածը, ասաց՝ ծարաւ եմ։ 30Եւ այնտեղ քացախով լի մի աման կար. զինուորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին եւ այն դրին եղէգի ծայրին ու մօտեցրին նրա բերանին։ 31Երբ Յիսուս լեղախառն քացախը բերանն առաւ, ասաց. 32«Ամէն ինչ կատարուած է»։ Եւ գլուխը կախելով՝ հոգին աւանդեց։ 33Իսկ քանի որ ուրբաթ էր, որպէսզի մարմինները չմնան խաչի վրայ մինչեւ շաբաթ օրը, - որովհետեւ այն շաբաթը տօնական մեծ օր էր, - հրեայ առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները եւ վերցնեն նրանց։ 34Զինուորները եկան եւ առաջինի սրունքները կոտրեցին, նոյնպէս եւ միւսինը, որ նրա հետ խաչ էր հանուել։ 35Բայց երբ եկան Յիսուսի մօտ եւ տեսան, որ նա արդէն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, 36այլ զինուորներից մէկը տէգով խոցեց նրա կողը, եւ իսկոյն արիւն եւ ջուր ելաւ։ 37Եւ ով այս բանը տեսաւ, վկայեց. եւ նրա վկայութիւնը ճշմարիտ է, եւ նա գիտէ, որ ճշմարիտ է ասում, որպէսզի դուք էլ հաւատաք։ 38Այս պատահեց, որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ նրա ոսկորը չպիտի փշրուի։ 39Եւ դարձեալ միւս գրուածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»։ 40Այնուհետեւ Յովսէփը, որ արիմաթիացի էր եւ Յիսուսի թաքուն աշակերտն էր հրեաների վախի պատճառով, Պիղատոսին աղաչեց, որ Յիսուսի մարմինը վերցնի։ Եւ Պիղատոսը հրաման տուեց. ուստի Յովսէփն ու Նիկոդեմոսը եկան եւ նրան վերցրին։ 41Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով Յիսուսի մօտ էր եկել, բերեց մօտ հարիւր լիտր զմուռս՝ հալուէի հետ խառնուած։ 42Վերցրին Յիսուսի մարմինը եւ պատեցին կտաւներով՝ խնկերով հանդերձ, ինչպէս որ հրեաների սովորութիւնն էր՝ պատել։ 43Եւ այն տեղում, ուր նա խաչուեց, պարտէզ կար. եւ այդ պարտէզում՝ մի նոր գերեզման, որի մէջ երբեք որեւէ մէկը չէր դրուած։ 44Եւ քանի որ գերեզմանը մօտ էր, հրեաների ուրբաթի պատճառով, այնտե՛ղ դրեցին Յիսուսի մարմինը։
20 Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցուած է։ 2Ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն միւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»։ 3Պետրոսը եւ միւս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս։ 4Երկուսով միասին վազում էին, բայց միւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից եւ աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ։ 5Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ։ 6Եկաւ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա յետեւից էր գալիս. մտաւ գերեզմանը եւ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, 7եւ վարշամակը, որ նրա գլխին էր, միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած՝ մի կողմ էր։ 8Այն ժամանակ մտաւ եւ միւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց. 9քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ՝ մեռելներից պէտք է յարութիւն առնի։ 10Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը։ 11Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. եւ մինչ դեռ լաց էր լինում, կռացաւ դէպի գերեզմանը 12եւ տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարմինն էր եղել։ 13Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա նրանց ասաց. «Որովհետեւ իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»։ 14Երբ այս ասաց, դէպի յետեւի կողմը դարձաւ եւ տեսաւ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է։ 15Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»։ Նրան այնպէս թուաց, թէ պարտիզպանն է. եւ ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»։ 16Յիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ։ Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ)։ 17Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»։ 18Մարիամ Մագդաղենացին եկաւ ու աշակերտներին պատմեց, թէ ինքը Տիրոջը տեսել է, եւ նա իրեն այս բաներն է ասել։ 19Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով։ Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»։ 20Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը։ 21Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ 22Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին։ 23Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»։ 24Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ։ 25Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք։ Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։ 26Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ։ Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ։ 27Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»։ 28Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։ 29Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»։ 30Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն։ 31Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք։
21 Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. եւ յայտնեց այսպէս. 2միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլը, որ Գալիլիայի Կանա քաղաքից էր, Զեբեդէոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ երկու հոգի։ 3Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին եւ նաւակը մտան. եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ 4Երբ առաւօտ եղաւ, Յիսուս կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Յիսուսն է։ 5Յիսուս նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունէ՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։ 6Նրանց ասաց. «Ուռկանը գցեցէ՛ք նաւակի աջ կողմը եւ կը գտնէք»։ Գցեցին. եւ ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել։ 7Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր, Պետրոսին ասաց՝ Տէրն է։ Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թէ Տէրն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, եւ իրեն նետեց ծովի մէջ։ 8Միւս աշակերտներն էլ նաւակով եկան. եւ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարիւր կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ։ 9Երբ ցամաք ելան, տեսան վառուած ածուխի մի կրակատեղ՝ մի ձուկ նրա վրայ եւ հաց։ 10Յիսուս նրանց ասաց. «Բերէ՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ 11Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք մեծ-մեծ ձկներով։ 12Թէեւ այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց։ 13Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք։ Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետեւ գիտէին, որ Տէրն է։ 14Եկաւ Յիսուս, առաւ հացը եւ տուեց նրանց. նոյնպէս եւ ձուկը։ 15Այս երրորդ անգամն էր, որ Յիսուս երեւաց իր աշակերտներին՝ մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։ 16Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»։ Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին։ 17Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին։ 18Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թէ սիրում եմ քեզ»։ Յիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին։ 19Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր՝ ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն՝ ուր չես կամենայ»։ 20Այս ասաց, նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն։ Եւ երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ իմ յետեւից։ 21Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ 22Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»։ 23Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»։ 24Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Յիսուս նրան չասաց, թէ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ։ 25Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է։ 26Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք, եթէ մէկը մէկ առ մէկ գրած լինէր, կարծում եմ, թէ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին։