2 Յովհաննէս
1 Երէցիցս՝ ընտրեալ Տիրուհուն եւ նրա որդիներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ. եւ ոչ թէ միայն ես, այլ նաեւ բոլոր նրանք, որոնք գիտակ են ճշմարտութեանը, 2որովհետեւ այն ճշմարտութիւնը, որ հաստատուած է մեր մէջ, ձեզ հետ էլ է. եւ դուք յաւիտենապէս մեզ հետ էք։ 3Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից՝ Հօր Որդուց, շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն ձեզ՝ ճշմարտութեամբ եւ սիրով։ 4Չափազանց ուրախ եղայ, որ գտայ քո որդիներից ոմանց, որոնք ընթանում են ճշմարտութեամբ, ըստ այն պատուիրանի, որն ստացանք Հօրից։ 5Եւ այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիկին, որ սիրենք միմեանց. ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանէ ունէինք։ 6Եւ ա՛յս է սէրը. որ ընթանանք ըստ նրա պատուիրանների։ Եւ ա՛յս է պատուիրանը, որ ի սկզբանէ լսեցիք, որպէսզի ըստ այնմ էլ ընթանաք։ 7Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է եւ Նեռ։ 8Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր հանդէպ, որպէսզի չկորցնէք ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։ 9Ամէն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետութեան մէջ, չի ճանաչում Աստծուն։ Ով մնում է վարդապետութեան մէջ, նա ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը։ 10Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։ 11Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին։ 12Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով եւ թանաքով, քանի որ յոյս ունեմ անձամբ գալ ձեզ մօտ եւ դէմառդէմ խօսել, որպէսզի մեր ուրախութիւնը կատարեալ լինի։ 13Քեզ ողջունում են քո ընտրեալ քրոջ որդիները։ Շնո՜րհ ընդ ձեզ։