3 Յովհաննէս


1 Երէցիցս՝ սիրելի Գայիոսին, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ։ 2Սիրելի՛ս, աղօթում եմ քո բոլոր գործերի յաջողութեան եւ քո առողջութեան համար. այնպէս, ինչպէս որ քո հոգին էլ յաջողութեան մէջ է։ 3Շատ ուրախացայ, երբ եղբայրները եկան եւ վկայեցին քո ճշմարտութեան մասին, այն, թէ ինչպէ՛ս ես դու ընթանում ճշմարտութեամբ։ 4Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում։ 5Սիրելի՛ս, հաւատարմութեամբ ես գործում. ինչ որ անում ես եղբայրների համար, նոյնը արա՛ նաեւ օտարների համար, 6որոնք վկայեցին քո սիրոյ մասին եկեղեցու առաջ։ Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրայ դնելով՝ բարի գործ արած կը լինես, 7քանի որ նրանք Քրիստոսի՛ անուան համար ճանապարհ ելան եւ ոչ մի օգնութիւն չստացան հեթանոսներից։ 8Ուրեմն՝ մենք պարտաւոր ենք ընդունել այդպիսիներին, որպէսզի գործակից լինենք ճշմարտութեանը։ 9Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփէսը, որ իրեն միւսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ։ 10Դրա համար, եթէ գամ, պիտի յիշեցնեմ այն գործերը, որ նա արել է։ Չար խօսքերով, շատախօսելով տանջում է մեզ։ Եւ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլեւ արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են. եւ այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում։ 11Սիրելի՛ս, մի՛ նմանուիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։ 12Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին եւ ինքը՝ ճշմարտութիւնը. վկայում ենք նաեւ մենք. եւ դու գիտես, որ մեր վկայութիւնը ճշմարիտ է։ 13Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով եւ թանաքով, 14քանի որ յոյս ունեմ շուտով տեսնել քեզ եւ դէմառդէմ խօսել։ 15Խաղաղութի՜ւն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունի՛ր մեր սիրելիներին, իւրաքանչիւրին՝ առանձին-առանձին։