Դատաւորներ


1 Յեսուի վախճանուելուց յետոյ իսրայէլացիները հարցնում էին Տիրոջը եւ ասում. «Մեզնից ո՞վ առաջինը դուրս կը գայ պատերազմի քանանացիների դէմ»։ 2Տէրն ասաց. «Յուդայի՛ ցեղը պէտք է դուրս գայ, քանի որ երկիրը նրա ձեռքն եմ յանձնել»։ 3Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ կալուածքը եւ քանանացիների դէմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կը գամ քո կալուածքը»։ Շմաւոնը գնաց նրա հետ։ 4Յուդան գնաց, եւ Տէրը քանանացիներին ու փերեզացիներին յանձնեց նրա ձեռքը, եւ նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։ 5Բեզեկում գտան Ադոնիբեզեկին, նրա դէմ պատերազմեցին եւ ջարդեցին քանանացիներին ու փերեզացիներին։ 6Ադոնիբեզեկը փախաւ, բայց նրան հետապնդեցին, հասան նրան եւ կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մատները։ 7Ադոնիբեզեկն ասաց. «Եօթանասուն թագաւորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի մատները կտրուած էին, հաւաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպէս ես էի արել, այդպէս էլ Աստուած ինձ հատուցեց»։ Նրան բերին Երուսաղէմ, եւ նա այնտեղ մեռաւ։ 8Յուդայի որդիները պատերազմեցին Երուսաղէմի դէմ, գրաւեցին այն, սրի քաշեցին եւ քաղաքը հրով այրեցին։ 9Դրանից յետոյ Յուդայի որդիներն իջան պատերազմելու լերան կողմում, հարաւում եւ դաշտավայրում բնակուող քանանացիների դէմ։ 10Յուդան գնաց Քեբրոնում բնակուող քանանացիների վրայ, եւ Քեբրոնը դուրս եկաւ նրա դէմ։ Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր։ Ջարդեցին Սէսիին, Աքիմանին եւ Թոլմիին՝ Ենակի զաւակներին։ 11Այնտեղից յարձակուեցին Դաբիրի բնակիչների վրայ։ Դաբիրի անունն առաջ Նամակաց քաղաք էր։ 12Քաղէբն ասաց. «Ով որ հարուածի Նամակաց քաղաքին եւ գրաւի այն, իմ դուստր Ասքային նրան կնութեան կը տամ»։ 13Եւ գրաւեց այն Քաղէբի կրտսեր եղբօր՝ Կենեզի որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց։ 14Երբ աղջիկը գնում էր, Գոդոնիէլը յորդորեց նրան, որ իր հօրից ագարակ խնդրի։ Աղջիկը տրտնջաց, աղաղակեց էշի վրայից եւ ասաց. «Հարաւային երկիր տուիր ինձ»։ Քաղէբը նրան ասաց. «Ի՞նչ եղաւ քեզ»։ 15Ասքան նրան ասաց. «Ինձ օրհնութիւն տո՛ւր. որովհետեւ ինձ հարաւային երկիր տուիր, տո՛ւր ինձ նաեւ ջրի աղբիւրներ»։ Եւ Քաղէբը նրա ցանկութեամբ նրան տուեց վերին աղբիւրներն ու հովիտների աղբիւրները։ 16Մովսէսի աներոջ՝ Կինեցի Յոբաբայի որդիները, Արմաւենիների քաղաքից գնացին Յուդայի որդիների մօտ, Յուդայի անապատը, որը Յուդայի երկրի հարաւում է, Արադի զառիվայրի մօտ, եւ գնացին բնակուեցին ժողովրդի հետ։ 17Յուդան գնաց իր եղբայր Շմաւոնի հետ, եւ նրանք հարուածեցին, նզովեցին ու կոտորեցին Սեփաթում բնակուող քանանացիներին եւ այդ քաղաքի անունը կոչեցին Սատակում։ 18Յուդան չառաւ Գազան ու նրա սահմանները, Ասկաղոնն ու նրա սահմանները, Ակկարոնն ու նրա սահմանները, Ազոտոսն ու նրա արտերը։ 19Տէրը Յուդայի հետ էր։ Յուդան գրաւեց լեռը, բայց հովիտների բնակիչներին չկարողացաւ տիրել, որովհետեւ Ռեքաբը զատեց նրանց, եւ նրանք երկաթէ կառքեր ունէին։ 20Քեբրոնը տուին Քաղէբին, ինչպէս ասել էր Մովսէսը։ Քաղէբը այնտեղից ժառանգութիւն ստացաւ Ենակի որդիների երեք քաղաքները եւ քշեց այնտեղից Ենակի երեք որդիներին։ 21Բենիամինի որդիները Երուսաղէմում բնակուող յեբուսացիներին չնուաճեցին, եւ յեբուսացիները բնակւում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչեւ այսօր։ 22Յովսէփի որդիներն իրենք էլ գնացին Բեթէլի դէմ, եւ Տէրը նրանց հետ էր։ 23Իսրայէլի տոհմը բանակատեղի դրեց Բեթէլում. այդ քաղաքի անունն առաջ Լուզա էր։ 24Պահապանները մի մարդ տեսան, որ դուրս էր գալիս այդ քաղաքից, բռնեցին նրան եւ ասացին. «Ցո՛յց տուր մեզ քաղաքի մուտքը, եւ մենք կը խնայենք քեզ։ 25Նա նրանց ցոյց տուեց քաղաքի մուտքը, եւ նրանք քաղաքը սրի քաշեցին, իսկ այն մարդուն եւ նրա ազգատոհմը ազատ արձակեցին։ 26Այդ մարդը գնաց Քետիմ երկիրը, այնտեղ քաղաք շինեց եւ նրա անունը Լուզա դրեց, եւ այդ է նրա անունը մինչեւ այսօր։ 27Մանասէն որպէս ժառանգութիւն չստացաւ Բեթսանը, այսինքն՝ Սկիւթուպոլիսը, նրա աւանները եւ նրա արտերը, Թանաքը եւ նրա աւանները, Դորի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները, Բաղակի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները, Յեբղամի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները. եւ քանանացիները շարունակեցին բնակուել այդ երկրում։ 28Երբ Իսրայէլը հզօրացաւ, քանանացիներին հարկի տակ գցեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։ 29Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակուող քանանացիներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ Գազերում ու Եփրեմին հարկատու եղան։ 30Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Ամանի բնակիչներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ եւ նրանց հարկատու եղան։ 31Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաեւ Դորի, Սիդոնի, Դալափի, Աքազիփի, Ելփայի, Ափէկի, Ռոբի բնակիչներին։ 32Ասերացիները բնակուեցին այդ երկրում ապրող քանանացիների մէջ, որովհետեւ չկարողացան վերացնել նրանց։ 33Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամիւսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակուեց այդ երկրում ապրող քանանացիների մէջ, իսկ Բեթսամիւսի եւ Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։ 34Ամորհացիները Դանի որդիներին նեղեցին լերան վրայ, որովհետեւ նրանց թոյլ չէին տալիս իջնել հովիտները։ 35Եւ ամորհացիները շարունակեցին բնակուել Մրտենիների լերան վրայ։ Այնտեղ, Մրտաստանում եւ Սաղապինում արջեր եւ աղուէսներ կային։ Յովսէփի տոհմի ձեռքը ծանրացաւ ամորհացիների վրայ, եւ ամորհացիները հարկատու եղան նրանց։ 36Ամորհացիները Ակրաբիմի զառիվայրի վրայ, Վէմից վեր սահմանակից էին եդոմայեցիներին։
2 Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից դուրս եկաւ Լացատեղը, Բեթէլ եւ Իսրայէլի տուն ու ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. «Տէրը ձեզ հանեց Եգիպտոսից եւ բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդուել էր, որ ձեզ կը տայ եւ ձեզ ասաց. ՛՛Ձեզ հետ դրած ուխտս յաւիտեան չեմ դրժի։ 2Դուք այս երկրի բնակիչների հետ դաշինք մի՛ կնքէք, ոչ էլ նրանց չաստուածների հետ, մի՛ երկրպագէք նրանց, այլ խորտակեցէ՛ք նրանց կուռքերը, կործանեցէ՛ք նրանց զոհասեղանները՛՛։ Բայց դուք իմ խօսքը չլսեցիք եւ այդ բանն արեցիք։ 3Եւ ես ասացի. ՛՛Այլեւս չեմ տեղաշարժի այս ժողովրդին, որին շարունակ կոտորեցի եւ նրան չեմ քշի ձեր առաջից։ Նրանք ձեզ համար փորձանք կը դառնան, եւ նրանց չաստուածները ձեզ համար գայթակղութիւն կը լինեն՛՛»։ 4Երբ Տիրոջ հրեշտակն այս խօսքերն ասաց Իսրայէլի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայն բարձրացրեց ու լաց եղաւ։ 5Դրա համար էլ այն տեղի անունը Լալօնք դրին. եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։ 6Յեսուն արձակեց ժողովրդին, եւ իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տունը եւ ամէն մէկն իր կալուածքը՝ երկիրը ժառանգութիւն ստանալու համար։ 7Եւ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Յեսուի կենդանութեան բոլոր օրերում եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Յեսուից յետոյ եւ որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայէլի համար։ 8Տիրոջ ծառայ Յեսուն՝ Նաւէի որդին, վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում, 9եւ նրան թաղեցին իր ժառանգութիւնը հանդիսացող երկրի լերան վրայ, Թամնաթարէսում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում։ 10Վախճանուեց նաեւ այդ ամբողջ սերունդը։ Դրանից յետոյ եկաւ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը եւ ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայէլի մէջ։ 11Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին եւ Բահաղիմին պաշտեցին. 12թողին իրենց հայրերի Տէր Աստծուն, որ նրանց հանել էր Եգիպտացիների երկրից, գնացին օտար աստուածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստուածների ետեւից, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը, 13լքեցին նրան եւ պաշտեցին Բահաղին ու Աստարտներին։ 14Սաստիկ զայրացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տէրը մատնեց նրանց շրջակայ թշնամիների ձեռքը, եւ նրանք չկարողացան դէմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ կռապաշտութիւն էին արել։ 15Տիրոջ ձեռքը չարիք պատճառելու համար նրանց վրայ էր, ինչպէս որ ասել էր Տէրը եւ ինչպէս որ երդուել էր. եւ Տէրը խիստ նեղեց նրանց։ 16Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց եւ նրանց փրկեց կողոպտիչների ձեռքից։ Բայց նրանք դատաւորներին էլ չլսեցին, 17որովհետեւ օտար աստուածների հետեւելով՝ կռապաշտութիւն արեցին, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորուեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատուիրանները լսելով։ Նրանք այդպէս չարեցին։ 18Եւ երբ Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց, Տէրն այդ դատաւորների հետ էր եւ նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատաւորների կենդանութեան բոլոր օրերին, որովհետեւ Տէրը նրանց կարեկցում էր պաշարողների եւ չարչարողների երեսից կրած նրանց հեծութեան համար։ 19Եւ երբ դատաւորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրէնութիւն էին անում իրենց հայրերից աւելի՝ գնալով օտար աստուածների ետեւից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դէն չէին նետում իրենց կուռքերը եւ ետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։ 20Եւ սաստիկ բարկացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել եմ նրանց հայրերի հետ, եւ չլսեց իմ ձայնը, 21ես էլ այլեւս չեմ քշի նրանց առաջից ոչ մի մարդու այն ազգերից, որ կենդանի թողեց Նաւէի որդի Յեսուն։ 22Նա թողեց, որ նրանցով փորձեմ իսրայէլացիներին, թէ արդեօք նրանք կը զգուշանա՞ն եւ Տիրոջ ճանապարհով կը գնա՞ն, թէ՞ ոչ, ինչպէս զգուշացան նրանց հայրերը»։ 23Եւ Տէրը թողեց այդ ազգերին, շուտով չվերացրեց նրանց եւ չմատնեց նրանց Յեսուի ձեռքը։
3 Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Յեսուն, որպէսզի Աստուած նրանցով փորձի իսրայէլացիներին, ամենքին, որոնք չգիտէին քանանացիների բոլոր պատերազմների մասին. 2(միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն իսրայէլացիների սերունդներին, նրանց, որոնք առաջուց չգիտէին պատերազմել). 3նա թողեց այլազգիների հինգ նախարարութիւնները, բոլոր քանանացիներին, սիդոնացիներին եւ Լիբանանում Բաղհերմոն սարից մինչեւ Լաբոեմաթ բնակուող խեւացիներին։ 4Նրանցով պիտի փորձէր իսրայէլացիներին եւ իմանար, թէ կը լսե՞ն արդեօք Տիրոջ պատուիրանները, որ նա տուել էր նրանց հայրերին Մովսէսի միջոցով։ 5Եւ իսրայէլացիները բնակուեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խեւացիների, յեբուսացիների եւ գերգեսացիների մէջ։ 6Նրանց աղջիկներին իրենց համար կին առան եւ իրենց աղջիկներին տուին նրանց տղաներին, պաշտեցին նրանց չաստուածներին։ 7Իսրայէլացիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տէր Աստծուն եւ պաշտեցին Բահաղին եւ անտառները։ 8Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքայ Քուսարսաթեմի ձեռքը, եւ իսրայէլացիները նրան ծառայեցին ութ տարի։ 9Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տէրը Իսրայէլի համար մի փրկիչ մէջտեղ հանեց. նրանց տուեց Գոդոնիէլին՝ Կենեզի որդուն, Քաղէբի կրտսեր եղբօրը։ Տէրը լսեց նրանց։ 10Գոդոնիէլի մէջ Տիրոջ հոգին բնակուեց, եւ նա Իսրայէլում դատաւորութիւն արեց։ Նա պատերազմի դուրս եկաւ Քուսարսաթեմի դէմ, Տէրը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային. Գոդոնիէլը յաղթեց Քուսարսաթեմին։ 11Երկիրը քառասուն տարի հանգստացաւ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիէլը մեռաւ։ 12Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. եւ Տիրոջ առաջ չարիք գործելու պատճառով Տէրը Իսրայէլի դէմ զօրացրեց Մովաբի արքայ Եգղոմին։ 13Նա հաւաքեց նրանց դէմ Ամոնի եւ Ամաղէկի բոլոր որդիներին, գնաց հարուածեց Իսրայէլին եւ տիրեց Արմաւենիների քաղաքին։ 14Տասնութ տարի իսրայէլացիները ծառայեցին Մովաբի արքայ Եգղոմին։ 15Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց համար մի փրկիչ մէջտեղ հանեց՝ յիմենեցի մի մարդու՝ Գերայի որդի Աւոդին, որը երկու ձեռքով էլ յաջող էր գործում։ Իսրայէլացիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։ 16Աւոդն իր համար մէկ կանգուն երկարութեամբ երկսայրի սուր շինեց, կապեց այն իր աջ ազդրին թիկնոցի տակից եւ գնաց 17ու ընծաները մատուցեց Մովաբի արքայ Եգղոմին։ Եգղոմը շատ գէր մարդ էր։ 18Երբ Աւոդն իր ընծաները տուեց վերջացրեց եւ արձակեց ընծաները բերողներին, Եգղոմը վերադարձաւ Գաղգաղայում եղած կուռքերի մօտից։ 19Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, քեզ ծածուկ ասելու խօսք ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եւ ամենքին ասաց. «Հեռո՛ւ գնացէք»։ Եւ նրա մօտ եղողները դուրս եկան։ 20Նա միայնակ նստած էր իր ամարանոցի վերնատանը։ Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացաւ գնաց նրա մօտ։ 21Երբ նա վեր կացաւ, Աւոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց սուրն իր աջ ազդրից եւ Եգղոմի կողը խրեց, 22սրի կոթն էլ խրեց վէրքի մէջ։ Ճարպը ծածկեց վէրքի բերանը, որովհետեւ նա սուրը նրա կողից չհանեց։ 23Նա դուրս եկաւ պատշգամբ, անցաւ սրահը, նրա դէմ փակեց վերնատան դռները, կողպեց, եւ ինքը դուրս ելաւ գնաց։ 24Նրա ծառաները ներս մտան, տեսան, որ վերնատան դռները փակուած են, եւ ասացին. «Գուցէ սենեակում նստել է բնական կարիքի համար»։ 25Կանգնեցին ու մնացին ամօթից, եւ ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Առան բանալին, բաց արին եւ տեսան, որ ահա իրենց տէրը ընկած մեռած է գետնին։ 26Մինչ նրանք իրարանցման մէջ էին, Աւոդը փախաւ Սիրոթա, եւ ոչ ոք ուշ չդարձրեց նրա վրայ։ Նա անցաւ կուռքերի մօտով եւ փախաւ ընկաւ Սիրոթա։ 27Երբ Աւոդը եկաւ Իսրայէլ, փող փչեց Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա հետ իջան լեռից, եւ ինքը նրանց առջեւում էր։ 28Նա ասաց նրանց. «Իջէ՛ք իմ ետեւից, որովհետեւ մեր Տէր Աստուածը մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա ետեւից ու նախ գրաւեցին Մովաբի եւ Յորդանան գետի միջեւ եղած անցումները եւ ոչ մի մարդու թոյլ չտուին անցնել։ 29Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մօտ տասը հազար մարդ՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զօրաւոր մարդկանց, եւ նրանցից ոչ մի մարդ չազատուեց։ 30Այդ օրը մովաբացիներն ընկճուեցին Իսրայէլի ձեռքի տակ, եւ երկիրն ութսուն տարի հանգստացաւ։ Աւոդը նրանց դատաւորը եղաւ մինչեւ իր մահը։ 31Աւոդից յետոյ մէջտեղ ելաւ Անաթի որդի Սամեգարը, որն արօրի մաճով այլազգիներից վեց հարիւր մարդ կոտորեց, աւար առաւ չափազանց շատ արջառ եւ ոչխար՝ չհաշուած կովերի հորթերը։ Եւ նա՛ էլ փրկեց Իսրայէլը։
4 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։ Սամեգարը մեռաւ։ 2Տէրը նրանց մատնեց քանանացիների արքայ Յաբինի ձեռքը, որը թագաւորում էր Ասորում։ Նրա զօրագլուխը Սիսարան էր, որը բնակւում էր Ազգերի Արիսոթում։ 3Իսրայէլացիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետեւ Յաբինը ինը հարիւր երկաթէ կառքեր ունէր եւ քսան տարի սաստիկ նեղում էր իսրայէլացիներին։ 4Այն ժամանակ Իսրայէլում դատաւորութիւն էր անում մարգարէուհի Դեբորան՝ Լաբիդոթի կինը։ 5Նա բնակւում էր արմաւենու տակ, Ռամայի եւ Բեթէլի միջեւ, Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա մօտ էին գնում դատաստանի համար։ 6Դեբորան մարդ ուղարկեց եւ Նեփթաղիմի Կադէսից կանչեց Բարակին՝ Աբինէէմի որդուն եւ նրան ասաց. «Չէ՞ որ Իսրայէլի Տէր Աստուածը քեզ հրաման տուեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես Նեփթաղիմի որդիներից եւ Զաբուղոնի որդիներից տասը հազար մարդ 7եւ տանես քեզ հետ Կիսոնի հեղեղատը, Յաբինի զօրագլուխ Սիսարայի, նրա զօրքերի ու նրա կառքերի դէմ, եւ Տէրը նրանց քո ձեռքը կը մատնի»։ 8Բարակը նրան ասաց. «Եթէ ինձ հետ գաս, կը գնամ, իսկ եթէ չգաս ինձ հետ, չեմ գնայ, որովհետեւ ես չգիտեմ այն օրը, երբ Տէրն իր հրեշտակի միջոցով կ՚աջակցի ինձ։» 9Դեբորան նրան ասաց. «Անշուշտ կը գնամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ քաջութիւնը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետեւ Տէրը մի կնոջ ձեռքը կը մատնի Սիսարային»։ Դեբորան վեր կացաւ ու Բարակի հետ գնաց Կադէս։ 10Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին հրաւիրեց Կադէս։ Տասը հազար մարդ նրա ետեւից գնացին. Դեբորան նոյնպէս գնաց նրա հետ։ 11Կինեցիների մերձաւորները բաժանուել էին կինեցիներից՝ Մովսէսի աներոջ Յոբաբի որդիներից, եւ իրենց վրանը կանգնեցրել էին Հանգուցեալների կաղնու մերձակայքում, Կադէսի մօտ։ 12Սիսարային իմաց տուին, որ Աբինէեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։ 13Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարիւր երկաթէ կառքեր եւ իր հետ եղող բոլոր զօրքերը Ազգերի Արիսոթից Կիսոնի հեղեղատում հաւաքեց։ 14Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետեւ սա է այն օրը, որ Տէրը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տէրն է քո առաջ»։ Բարակն իջաւ Թաբոր լեռից, եւ նրա ետեւից՝ տասը հազար մարդ։ 15Տէրը զարհուրեցրեց Սիսարային եւ նրա բոլոր կառքերն ու նրա ամբողջ բանակը խորտակեց Բարակի առաջ սրի բերանով։ Սիսարան իջաւ իր կառքից եւ հետիոտն փախաւ։ 16Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչեւ Ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկաւ սրի բերանով, եւ ոչ ոք չմնաց կենդանի։ 17Սիսարան հետիոտն փախաւ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Յայէլի վրանը, որովհետեւ Ասորի արքայ Յաբինի եւ կինեցի Քաբերի տան միջեւ խաղաղութիւն էր։ 18Յայէլն ընդառաջ ելաւ Սիսարային եւ ասաց նրան. «Դէպի ինձ շո՛ւռ արի, տէ՛ր իմ, շո՛ւռ արի եւ մի՛ վախեցիր»։ Եւ նա գնաց վրանը՝ նրա մօտ. եւ կինը նրան ծածկեց նրա ծածկոցով։ 19Սիսարան ասաց նրան. «Մի քիչ խմելու ջուր տո՛ւր ինձ, ծարաւ եմ»։ Եւ նա բաց արեց կաթի տիկը, խմեցրեց նրան եւ ծածկեց նրա երեսը։ 20Սիսարան նրան ասաց. «Կանգնի՛ր դու վրանի դռան մօտ, եւ եթէ մէկը քեզ մօտ գայ եւ քեզ հարցնի ու ասի, թէ՝ այդտեղ մարդ կա՞յ, կ՚ասես, թէ՝ չկայ»։ 21Եւ կինը ծածկեց նրան նրա ծածկոցով։ Ապա Քաբերի կին Յայէլն առաւ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտաւ նրա մօտ, ցիցը մխեց նրա ծնօտի մէջ եւ նրան գետնին գամեց։ Նա տապալուեց նրա ոտքերի առաջ եւ հոգին փչեց։ 22Եւ ահա Բարակը, հետապնդելով, գալիս էր Սիսարայի ետեւից։ Յայէլը նրան ընդառաջ ելաւ եւ ասաց նրան. «Ե՛կ այստեղ, քեզ ցոյց տամ այն մարդուն, որին փնտռում ես»։ Նա մտաւ նրա մօտ, եւ ահա Սիսարան ընկած մեռած էր՝ ցիցը նրա քունքի մէջ։ 23Տէր Աստուած այդ օրը իսրայէլացիների առաջ նուաստացրեց քանանացիների Յաբին թագաւորին։ 24Եւ իսրայէլացիների ձեռքը գնալով զօրանում էր քանանացիների Յաբին արքայի վրայ, մինչեւ որ նրանց բնաջինջ արեցին։
5 Այդ օրը Դեբորան եւ Աբինէեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին. 2«Իսրայէլի զօրավարներին առաջնորդելու համար, Ժողովրդի յօժարութեան համարՕրհնեցէ՛ք Տիրոջը։ 3Լսեցէ՛ք, թագաւորնե՛ր,Ունկնդի՛ր եղէք, նախարարնե՛ր,Ես Տիրոջն եմ երգում,Սաղմոս եմ ասում Իսրայէլի Աստծուն։ 4Տէ՛ր, երբ դու դուրս եկար Սէիրից,Երբ չուեցիր Եդոմի դաշտերից,Երկիրը շարժուեց, եւ երկինքը տակնուվրայ եղաւ,Ամպերը ջուր ցօղեցին, 5Լեռները շարժուեցին Սինայի Տէր Ելովայի երեսից,Իսրայէլի Տէր Աստծու երեսից։ 6Անաթի որդի Սամեգարի օրերին,Յայէլի օրերինՊակասեցին թագաւորները,Գնացին շաւիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։ 7Իսրայէլի մէջ զօրավարներ չմնացին, չմնացին,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Դեբորան,Մինչեւ որ մէջտեղ ելաւ Իսրայէլի մայրը։ 8Գարու հացի նման փափագեցին օտար, սնոտի աստուածների.Այն ժամանակ դեռեւս անյայտ նոր գեղարդներով պատերազմեցին իշխանների քաղաքները՝Քառասուն հազար մարդ՝ Իսրայէլի մէջ։ 9Իմ սիրտն Իսրայէլի իշխանների կողմն է.Ժողովրդի զօրաւորնե՛ր,Օրհնեցէ՛ք Տիրոջը։ 10Կէսօրին սպիտակ ձիեր հեծնողնե՛ր,Դատաւորների ատեան գնացողնե՛ր, 11Ձա՛յն տուէք նուագածուներին ցնծացողների մէջ.Այնտեղ թող գովաբանեն արդարութիւնը Տիրոջ,Նա զօրացրեց արդարութիւնն Իսրայէլի մէջ,Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջաւ քաղաքները։ 12Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,Արթնացրո՛ւ բիւրաւորներին ժողովրդի հետ.Արթնացի՛ր, արթնացի՛ր, խօսի՛ր երգերով։Զօրացած՝ վե՛ր կաց, Բարա՛կ,Գերի՛ր քո գերիներին, ո՜վ Աբինէեմի որդի։ 13Այնժամ մեծացաւ նրա զօրութիւնը,Տէրն ի՛նձ ենթարկեց ինձնից ուժեղներին։ 14Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում.Քո եղբայր Բենիամինը հետեւեց քո ժողովրդին։Իմ մօտից խուզարկուներ իջան Մաքիր,Իսկ Զաբուղոնի երկրից՝ պատմութեան դպրի գաւազան ունեցող զօրացուցիչներ։ 15Իսաքարի զօրավարները Դեբորայի եւ Բարակի հետ էին,Եւ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրայ։Ռուբէնի տոհմերումՄեծամեծ յուզմունք կար։ 16Ինչո՞ւ են նստել Մոսփաթեմի մէջԵւ լսում են տագնապողների գոչիւնը,Որպէսզի անցնեն Ռուբէնի կողմը։Մեծամեծ յուզմունք է բարձրացել։ 17Գադը Յորդանան գետի այն կողմում էր բնակւում.Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նաւերի մէջ։Ասերը ծովի եզերքին է բնակւումԵւ ծովախորշերում է ապրում։ 18Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահուան վտանգի մէջ,Եւ Նեփթաղիմի ժողովուրդն իրեն դնում է վտանգի մէջ դաշտի բարձունքներում։ 19Թագաւորներ եկան եւ պատերազմեցին,Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագաւորները Թանաքի մէջ,Մակեդդովի ջրերի վրայ.Ագահութեամբ արծաթ չառայ։ 20Երկնքից պատերազմեցին աստղերն իրենց շրջաններից,Պատերազմեցին Սիսարայի դէմ։ 21Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,Կադեսիմի հեղեղատը,Կիսոնի հեղեղատը։Թող ես կոխոտեմ նրանց,Թող իմ ոտքը զօրանայ։ 22Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի սմբակները։Իմ կրունկները գետնին հաւասարեցրին նրանց ահարկու հպարտութիւնը։ 23«Նզովեցէ՛ք Մարոզ քաղաքը, - ասում է Տիրոջ հրեշտակը, - Անիծելով անիծեցէ՛ք նրա բնակիչներին,Որովհետեւ Տիրոջն օգնութեան չեկան,Չեկան Տիրոջն օգնութեան հզօր ռազմիկների դէմ»։ 24Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝Կինեցի Քաբերի կինը,Օրհնեալ լինի նա կանանց մէջ իր վրանում։ 25Սիսարան ջուր խնդրեց, իսկ նա կաթ տուեց,Իշխանների ամանով կարագ մատուցեց։ 26Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց,Աջը մուրճին՝ իսպառ ջախջախելու եւ ոչնչացնելու։Սպանեց Սիսարային,Ցիցը մեխեց նրա քունքի մէջ,Խրեց նրա գլխի մէջ եւ սպանեց նրան։ 27Նա ծանրացած ընկաւ նրա ոտքերի,Ընկաւ նրա ծնկների միջեւ,Այնտեղ կորացաւ, մինչեւ որ գետին փռուեց, ընկաւ թշուառականը։ 28Սիսարայի մայրը նայում էր վանդակաւոր պատուհանից,Տեսնում էր Սիսարայի մօտից եկողներին,Իսկ նրա կառքն ուշանում էր գալու։- Ինչո՞ւ են ուշանում նրա կառքի անուահետքերը։ 29Նրա իշխանների իմաստուն կանայք պատասխան են տալիս նրան ու ասում,Հէնց ինքն էլ իր խօսքերին պատասխան է տալիս ու ասում. 30« Աւար բաշխողները չեն գտնի նրան,Որ բարիք անեն բարեկամներին՝ ամէն մէկին բաժանելով իր աւարը։Նրա աղիքները ճմլեց Սիսարայի ստացած գոյնզգոյն աւարը, 31Նկարազարդ, գոյնզգոյն երանգներով աւարը,Գոյնզգոյն, նկարազարդ հիւսուածքներով նարօտը նրա պարանոցի վրայ»։ 32Այսպէս թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տէ՛ր,Իսկ նրան սիրողները թող լինեն այնպէս, ինչպէս արեւը, որ ծագում է իր զօրութեամբ»։ 33Եւ երկիրը խաղաղուեց քառասուն տարի։
6 Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, եւ Տէրը նրանց եօթը տարի մադիամացիների ձեռքը մատնեց. 2եւ մադիամացիների ձեռքը ծանրացաւ Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով իրենց համար ապաստաններ շինեցին լեռներում, քարայրներում եւ ամրոցներում։ 3Երբ իսրայէլացիները վարուցանք էին անում, մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բնակիչները ելնում, յարձակւում էին նրանց վրայ, 4բանակատեղի էին դնում նրանց մօտ եւ փչացնում հողի բերքը մինչեւ Գազայի սահմանները։ Իսրայէլին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ո՛չ ոչխար, ո՛չ արջառ, ո՛չ էշ։ 5Նրանք իրենց ոչխարներով վեր էին կենում, բերում էին իրենց վրանները եւ մորեխի պէս բազմութեամբ վրայ էին հասնում։ Նրանց եւ նրանց ուղտերին թիւ չկար։ Հասնում էին Իսրայէլի երկիրը՝ այն աւերելու համար։ 6Եւ Իսրայէլը մադիամացիների պատճառով շատ աղքատացաւ։ Իսրայէլացիները աղաղակեցին Տիրոջը։ 7Եւ երբ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով աղաղակեցին Տիրոջը, 8Տէրն իսրայէլացիների մօտ մարգարէ ուղարկեց եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, ձեզ դուրս բերի ծառայութեան տնից, 9փրկեցի ձեզ եգիպտացիների ձեռքից եւ բոլոր ձեզ նեղողների ձեռքից, քշեցի նրանց ձեր առաջից եւ նրանց երկիրը ձեզ տուի։ 10Եւ ձեզ ասացի.՛ ՛Ես եմ ձեր Տէր Աստուածը, մի՛ վախեցէք ամորհացիների աստուածներից, որոնց երկրում դուք բնակւում էք՛՛, բայց դուք չլսեցիք իմ խօսքը»»։ 11Եւ Տիրոջ հրեշտակը եկաւ ու նստեց Եսրէի հօր՝ Յովասի կաղնու տակ, որը Եփրայում էր գտնւում։ Նրա որդի Գեդէոնը կալում ցորեն էր կալսում՝ փախուստ տալով մադիամացիներից։ 12Տիրոջ հրեշտակը երեւաց նրան եւ ասաց. «Տէրը քեզ հետ է, ով զօրաւոր կտրիճ»։ 13Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրայ, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որ պատմեցին մեզ մեր հայրերը՝ ասելով. «Չէ՞ որ Տէրը մեզ հանեց Եգիպտոսից», եւ հիմա ինչո՞ւ է նա մեզ լքել ու մադիամացիների ձեռքը մատնել»։ 14Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ քո այդ զօրութեամբ եւ փրկի՛ր Իսրայէլը մադիամացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես եմ ուղարկում քեզ»։ 15Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, ինչո՞վ փրկեմ ես Իսրայէլը. ահա իմ հազարաւոր մարդիկ ամենից աղքատն են Մանասէի ցեղի մէջ, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ»։ 16Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Տէրը քեզ հետ է, եւ դու մադիամացիներին կը ջարդես, ինչպէս մէկ մարդու»։ 17Գեդէոնն ասաց. «Եթէ ես քո աչքի առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշան ցո՛յց տուր, որ դու ես ինձ հետ խօսում, 18մի՛ գնա այստեղից, մինչեւ որ քեզ մօտ գամ եւ իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ»։ Նա ասաց. «Ես եմ, եւ կը նստեմ այստեղ, մինչեւ որ ետ դառնաս ինձ մօտ»։ 19Գեդէոնը ներս մտաւ, այծերի հօտից մի ուլ մորթեց եւ մէկ արդու ալիւրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց ափսէի վրայ, արգանակը կճուճի մէջ ածեց, դրեց նրա առաջ կաղնու տակ եւ երկրպագութիւն արեց։ 20Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերցրո՛ւ դու այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրայ, իսկ արգանակը վրա՛ն թափիր»։ Եւ նա այդպէս արեց։ 21Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց եւ հասցրեց մսին ու բաղարջին։ Քարից կրակ դուրս եկաւ ու լափեց բաղարջ հացերը. եւ Տիրոջ հրեշտակը հեռացաւ նրա աչքից։ 22Գեդէոնը տեսաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է, եւ ասաց. «Ո՜հ, ո՜հ, Տէ՛ր, Տէ՛ր, տեսայ ես Տիրոջ հրեշտակին երես առ երես»։ 23Տէրը նրան ասաց. «Խաղաղութիւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնի»։ 24Եւ Գեդէոնն այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջը խաղաղութիւն»։ Դա այնտեղ է մինչեւ այսօր։ Եւ մինչդեռ ինքն այնտեղ էր իր հօրը՝ Եսրէին պատկանող Եփրայում, 25այդ գիշեր Տէրը նրան ասաց. «Ա՛ռ դու քո հօր պարարտ եզն ու եօթը տարեկան երկրորդ եզը եւ քանդի՛ր քո հօրը պատկանող Բահաղի զոհասեղանը, կտրտի՛ր նրա մօտ եղած անտառը 26եւ զոհասեղան շինի՛ր քո Տէր Աստծու համար, որը քեզ երեւաց Մանոզ լերան գլխին, պատերազմի տեղում. վերցրո՛ւ երկրորդ եզը եւ ողջակէ՛զ արա քո կտրտած անտառի փայտերով»։ 27Գեդէոնն իր ծառաներից տասներեք մարդ առաւ եւ արեց այնպէս, ինչպէս նրան ասաց Տէրը։ Եւ որովհետեւ իր հօր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցաւ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։ 28Առաւօտը կանուխ քաղաքի մարդիկ վեր կացան եւ տեսան, որ կործանուած է Բահաղի զոհասեղանը, նրա մօտի անտառը կտրտուած է, եւ պարարտ եզը ողջակէզ է արուած նոր շինուած զոհասեղանի վրայ։ 29Եւ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Պրպտեցին, քննեցին եւ ասացին, թէ այդ բանը Յովասի որդի Գեդէոնն է արել։ 30Քաղաքի մարդիկ ասացին Յովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն, նա պէտք է մեռնի, որովհետեւ կործանել է Բահաղի զոհասեղանը եւ կտրտել է նրա մօտի անտառը»։ 31Յովասն իր դէմ ելած մարդկանց ասաց. «Միթէ դո՞ւք պէտք է պաշտպանէք այժմ Բահաղի դատը, եւ կամ դո՞ւք պէտք է ազատէք նրան։ Ով որ նրան վնասել է, կը մեռնի մինչեւ առաւօտ։ Եթէ նա Աստուած է, թող ինքը լուծի իր վրէժը, քանի որ կործանել են նրա զոհասեղանը»։ 32Եւ այդ օրը նրան անուանեց Յերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետեւ քանդել էր նրա զոհասեղանը։ 33Իսկ բոլոր մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները հաւաքուեցին միասին եւ եկան, բանակատեղի դրին Յեզրայէլի հովիտներում։ 34Տիրոջ հոգին զօրացրեց Գեդէոնին, նա եղջերափող փչեց, եւ Աբիեզերի ցեղի մարդիկ նրան խրախուսելով գնացին նրա ետեւից։ 35Մանասէի ամբողջ ցեղին պատգամաւորներ ուղարկեց, կանչեց, եւ սրանք էլ գնացին նրա ետեւից։ Պատգամաւորներ ուղարկեց նաեւ Ասերի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերին, եւ սրանք էլ ելան նրան ընդառաջ։ 36Գեդէոնն ասաց Աստծուն. «Եթէ փրկելու ես Իսրայէլն իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես, 37ահա ես կալի մէջ խուզած բուրդ կը դնեմ. եթէ միայն խուզած բրդի վրայ անձրեւ լինի, իսկ ամբողջ գետինը՝ չոր, կ՚իմանամ, որ Իսրայէլն ազատելու ես իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես»։ 38Այդպէս էլ եղաւ. յաջորդ օրն առաւօտ կանուխ Գեդէոնը վեր կացաւ, քամեց բուրդը, եւ բրդից մի կոնք լիքը ջուր թափուեց։ 39Գեդէոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկութիւնը չբորբոքուի ինձ վրայ, մի անգամ եւս խօսեմ եւ մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրայ չորութիւն լինի, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ»։ 40Եւ այն գիշերն Աստուած այդպէս արեց. միայն բրդի վրայ չորութիւն եղաւ, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ։
7 Յերոբոաղը, այսինքն՝ Գեդէոնը, եւ նրա հետ եղած ամբողջ զօրքը կանուխ վեր կացան եւ բանակատեղի դրին Արէդի աղբիւրի մօտ, իսկ Մադիամի եւ Ամաղէկի բանակը նրանց հիւսիսային կողմում, Գաբաաթամում էր, հովտի մէջ։ 2Տէրն ասաց Գեդէոնին. «Քեզ հետ եղող զօրքը շատ է, չեմ ուզում մադիամացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թէ Իսրայէլն իմ առաջ պարծենայ եւ ասի, թէ՝ «Իմ ձեռքը փրկեց ինձ»։ 3Տէրը նրան ասաց. «Խօսի՛ր ի լուր ժողովրդի եւ ասա՛. «Ով որ վախկոտ է, թող ետ դառնայ»։ Եւ գնացին Գաղաադ սարից. զօրքից քսաներկու հազար հոգի ետ դարձան, եւ մնացին տասը հազար։ 4Տէրն ասաց Գեդէոնին. «Զօրքը տակաւին շատ է, իջեցրո՛ւ նրանց ջրի մօտ, այնտեղ նրանց փորձութեան կ՚ենթարկեմ քեզ համար. ում մասին քեզ ասեմ, թէ՝ «Դա թող գնայ քեզ հետ», նա թող գնայ քեզ հետ, իսկ ում մասին ասեմ, թէ՝ «Դա թող չգնայ քեզ հետ», նա թող չգնայ քեզ հետ»։ 5Նա զօրքն իջեցրեց ջրի մօտ, եւ Տէրը Գեդէոնին ասաց. «Ովքեր շան նման լեզուով լակեն այդ ջրից, նրանց առանձին կը կանգնեցնես, իսկ ովքեր խմելու համար իրենց ծնկների վրայ կռանան, նրանց էլ առանձին կը կանգնեցնես»։ 6Եւ ովքեր լակեցին ձեռքով ու լեզուով, նրանց բոլորի թիւը եղաւ երեք հարիւր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացաւ ծնկների վրայ։ 7Տէրն ասաց Գեդէոնին. «Այն երեք հարիւր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ կը փրկեմ եւ մադիամացիներին քո ձեռքը կը մատնեմ, իսկ այն ամբողջ ժողովուրդը թող գնայ, ամէն մէկն իր տեղը»։ 8Եւ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, եւ Գեդէոնը Իսրայէլի բոլոր մարդկանց իրենց բնակութեան տեղն արձակեց եւ միայն այն երեք հարիւր մարդկանց պահեց. Մադիամի բանակը նրանից ներքեւ՝ հովտում էր։ 9Այդ գիշեր Տէրը նրան ասաց. «Շտապ վեր կաց իջի՛ր այստեղից բանակատեղի, որովհետեւ նրան քո ձեռքն եմ մատնում. 10իսկ եթէ վախենում ես դու մենակ իջնել, նախ դու իջիր բանակատեղի քո ծառայ Փարայի հետ։ 11Կը լսես, թէ ինչ են խօսում, եւ այն ժամանակ կը զօրանան քո ձեռքերը, եւ կ՚իջնես բանակատեղի։ Եւ նա իր ծառայի հետ իջաւ մինչեւ թշնամու բանակի առաջապահ զօրքը, որ կազմում էր բանակի մէկ յիսուներորդ մասը։ 12Մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները բանակ էին դրել ծործորների մէջ մորեխների պէս մեծ բազմութեամբ։ Նրանց ուղտերին թիւ չկար, նրանք շատ էին, ինչպէս ծովափի աւազը։ 13Գեդէոնը բանակատեղի մտաւ եւ լսեց, որ մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում. «Երազ տեսայ, ասում է, ահա գարէ մի հաց գլորւում էր դէպի Մադիամի բանակները եւ եկաւ մինչեւ Մադիամի վրանը, հարուածեց նրան ու կործանեց, եւ վրանը գլխիվայր ընկաւ»։ 14Նրա ընկերը պատասխան տուեց եւ ասաց. «Դա ուրիշ բան չէ, եթէ ոչ իսրայէլացի Յովասի որդի Գեդէոնի սուրը. Տէրը նրա ձեռքն է մատնել մադիամացիներին եւ բոլոր բանակները»։ 15Երբ Գեդէոնը լսեց երազի պատմութիւնն ու նրա մեկնութիւնը, երկրպագեց Տիրոջը, վերադարձաւ իսրայէլացիների բանակն ու ասաց. «Վե՛ր կացէք, որովհետեւ Տէրը մադիամացիների բանակը մեր ձեռքն է մատնել»։ 16Նա այդ երեք հարիւր մարդուն երեք գնդի բաժանեց եւ ամենքի ձեռքը տուեց եղջերափողեր եւ սափորների մէջ դրուած ջահեր։ 17Եւ ասաց նրանց. «Ի՛նձ նայեցէք եւ նո՛յնն արէք. ահա ես մտնում եմ բանակի մէջ եւ ինչպէս որ ես անեմ, այդպէս էլ դո՛ւք արէք։ 18Երբ ես եւ բոլոր ինձ հետ եղողները կը փչենք եղջերափողերը, դուք էլ փչեցէ՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը եւ ասացէ՛ք. «Տիրոջ եւ Գեդէոնի սուրը»։ 19Գեդէոնը եւ նրա հետ հարիւր մարդ կէս գիշերուայ սկզբին հասան բանակի ծայրը՝ զարթեցնելով միայն պահապաններին, փչեցին եղջերափողերը, վայր գցեցին իրենց ձեռքի սափորները։ 20Այն երեք գնդերն էլ փչեցին եղջերափողերը, կոտրատեցին սափորները։ Նրանք իրենց ձախ ձեռքով առան ջահերը, իսկ աջ ձեռքով եղջերափողերը բռնած՝ փչեցին, աղաղակեցին եւ ասացին. «Տիրոջ եւ Գեդէոնի սուրը»։ 21Ամէն մէկն առանձին կանգնեց բանակի շուրջը, եւ ամբողջ բանակը վազեց. փող փչեցին եւ փախան։ 22Երբ այն երեք հարիւր եղջերափողերը հնչեցին, Տէրն այնպէս արեց, որ ամբողջ բանակի մէջ ամէն մարդ սուրն իր ընկերոջ վրայ դարձնի. եւ ամբողջ բանակը փախաւ մինչեւ Բեթասետա, իսկ գնդերից մէկն էլ՝ մինչեւ Աբէլմաուլայի բարձունքը եւ մինչեւ Տաբէթ։ 23Իսրայէլացիները իրար ձայն տուին Նեփթաղիմից, Ասերից եւ ամբողջ Մանասէից ու հետապնդեցին մադիամացիներին։ 24Գեդէոնը պատգամաւորներ ուղարկեց Եփրեմի բոլոր սահմանները եւ ասաց. «Իջէ՛ք մադիամացիներին ընդառաջ եւ գրաւեցէ՛ք ջրերի կիրճերը մինչեւ Բեթփարա ու Յորդանան գետը»։ Եփրեմի բոլոր մարդիկ իրար ձայն տուին եւ գրաւեցին ջրերի անցքերը մինչեւ Բեթփարա ու Յորդանան գետը։ 25Բռնեցին մադիամացիների երկու իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում, մադիամացիներին հալածեցին, Օրեբի եւ Զեբի գլուխները Յորդանան գետի այն կողմից բերին Գեդէոնին։
8 Եփրեմի մարդիկ Գեդէոնին ասացին. «Այս ի՞նչ բան է, որ արեցիր մեզ հետ. մեզ չկանչեցիր, երբ մադիամացիների դէմ պատերազմելու գնացիր»։ Եւ նրա հետ սաստիկ վիճեցին։ 2Նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թէ Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լաւ չէ. 3Տէրը ձեր ձեռքը մատնեց մադիամացիների իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. ես ի՞նչ կարողացայ անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խօսքն ասաց, նրանց հոգին հանգստացաւ նրա նկատմամբ։ 4Գեդէոնը եկաւ Յորդանան գետը եւ իր հետ եղող երեք հարիւր մարդկանց հետ գետն անցաւ սպառուած եւ քաղցած։ 5Նա ասաց Սոքքոթի մարդկանց. «Ուտելու հա՛ց տուէք այս զօրքին, որ ինձ հետ է, որովհետեւ նրանք քաղցած են, իսկ ես կը հետապնդեմ Զեբէիին ու Սաղմանային՝ մադիամացիների թագաւորներին»։ 6Սոքքոթի իշխաններն ասացին. «Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն արդէն քո բռունցքի մէջ է, որ մենք քո զօրքին հաց տանք»։ 7Գեդէոնն ասաց. «Եթէ այդպէս չէ, ապա երբ Տէրը Զեբէիին ու Սաղմանային իմ ձեռքը տայ, ես ձեր մարմինները կը ծուատեմ անապատի փշերով եւ տատասկներով»։ 8Այնտեղից նա գնաց Փանուէլ եւ նրանց հետ նոյն ձեւով խօսեց։ Փանուէլի մարդիկ նրան պատասխան տուեցին այնպէս, ինչպէս պատասխանել էին Սոքքոթի մարդիկ։ 9Գեդէոնը խօսեց Փանուէլի մարդկանց հետ եւ ասաց. «Երբ ես նորից վերադառնամ խաղաղութեամբ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։ 10Զեբէին եւ Սաղմանան Կարկարում էին գտնւում, եւ նրանց բանակը նրանց հետ էր. բոլորը մօտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել էին Արեւելքի բնակիչների ամբողջ բանակից, իսկ ընկածները հարիւր քսան հազար սրակոտոր եղած մարդիկ էին։ 11Գեդէոնը բարձրացաւ վրանաբնակների ճանապարհով, Նաբաէի արեւելեան կողմից, որ գտնւում է Նաբէի դիմաց, ու հարուածեց բանակին, որովհետեւ բանակն անհոգութեան մէջ էր։ 12Զեբէին եւ Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիամացիների երկու թագաւորներին՝ Զեբէիին ու Սաղմանային, եւ նրանց ամբողջ բանակը տակնուվրայ արեց։ 13Յովասի որդի Գեդէոնը պատերազմից ետ դարձաւ Արէսի զառիվայրից։ 14Սոքքոթի մարդկանցից նա մի պատանեակ բռնեց եւ նրան հարցուփորձ արեց։ Սա նրա համար գրաւոր տուեց Սոքքոթի իշխանների ու ծերերի անունները՝ եօթանասունեօթը մարդու։ 15Գեդէոնը եկաւ Սոքքոթի իշխանների մօտ եւ ասաց նրանց. «Ահա Զեբէին եւ Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. «Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն այժմ քո բռունցքի մէջ է, որ մենք սովից սպառուած քո մարդկանց հաց տանք»։ 16Նա առաւ քաղաքի իշխաններին ու ծերերին եւ անապատից՝ փշեր ու տատասկներ եւ դրանցով ձաղկեց Սոքքոթի մարդկանց, 17Փանուէլի աշտարակը կործանեց եւ կոտորեց քաղաքի մարդկանց։ 18Նա ասաց Զեբէիին եւ Սաղմանային. «Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպիսին դու ես, նոյնպիսին եւ նրանք էին՝ քեզ նման, եւ դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագաւորի որդիների նման էր»։ 19Գեդէոնն ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մօր որդիներն էին»։ Եւ երդուեց նրանց ու ասաց. «Կենդանի է Տէրը. եթէ դուք նրանց ողջ թողնէիք, ես ձեզ չէի սպանի»։ 20Եւ իր անդրանիկ որդուն՝ Եթերին ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետեւ վախեցաւ, քանի որ մանուկ էր։ 21Զեբէին եւ Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց եւ դու ի՛նքդ զարկ մեզ, որովհետեւ մարդու ուժը իրեն համեմատ կը լինի»։ Գեդէոնը վեր կացաւ, սպանեց Զեբէիին ու Սաղմանային եւ նրանց ուղտերի վզից մանեակներն առաւ։ 22Իսրայէլի մարդիկ Գեդէոնին ասացին. «Իշխի՛ր մեզ վրայ դու եւ քո որդին ու քո որդու որդին, որովհետեւ դու մեզ փրկեցիր մադիամացիների ձեռքից»։ 23Գեդէոնը նրանց ասաց. «Ես ձեզ վրայ չեմ իշխի, եւ ոչ էլ իմ որդին կ՚իշխի ձեզ վրայ, Տէ՛րը թող իշխի ձեզ վրայ»։ 24Ապա Գեդէոնը նրանց ասաց. «Ձեզանից մի բան եմ խնդրում. ամէն մարդ իր աւարից մի գինդ թող տայ ինձ»։ Նրանք ոսկի գինդեր ունէին, քանի որ իսմայէլացիներ էին։ 25Նրանք ասացին. «Սիրով կը տանք»։ Եւ փռեցին նրա հանդերձներն, ու ամէն մարդ իր աւարի ոսկի գինդերը այնտեղ գցեց։ 26Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար եօթը հարիւր սիկղ ոսկի եղաւ, բացի շռնչաններից, ապարանջաններից, պսակակալներից եւ ծիրանիներից, որոնք մադիամացիների թագաւորների վրայ կային, եւ բացի նրանց ուղտերի վզի ոսկի մանեակներից։ 27Գեդէոնը դրանցով եփուդ շինեց եւ դրեց այն իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայէլը նրան հետեւելով՝ այդ կուռքը պաշտեց, եւ դա Գեդէոնի ու նրա տան համար գայթակղութիւն եղաւ։ 28Այսպէս մադիամացիներն ենթարկուեցին իսրայէլացիներին եւ այլեւս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդէոնի օրօք երկիրը հանգստացաւ քառասուն տարի։ 29Յովասի որդի Յերոբոաղը գնաց բնակուեց իր տանը։ 30Գեդէոնը եօթանասուն որդի էր սերնդագործել, որովհետեւ շատ կանայք ունէր։ 31Սիկիմում նրա ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, եւ Գեդէոնը նրա անունը Աբիմելէք դրեց։ 32Յովասի որդի Գեդէոնը մեռաւ խոր ծերութեան հասակում եւ թաղուեց իր հօր՝ Յովասի գերեզմանում, Եսրէի հօրը պատկանող Եփրայում։ 33Երբ Գեդէոնը մեռաւ, իսրայէլացիները նորից բահաղիմեաններին հետեւելով՝ կուռքեր պաշտեցին եւ ուխտ դրին Բահաղ Բերիթի հետ, որ նա իրենց աստուածը դառնայ։ 34Իսրայէլացիները չյիշեցին իրենց Տէր Աստծուն, որ նրանց փրկեց իրենց շրջակայքի բոլոր թշնամիներից։ Նրանք Յերոբոաղի, այսինքն՝ Գեդէոնի տան հանդէպ երախտագէտ չեղան այն բոլոր բարեգործութիւնների դիմաց, որ նա արել էր Իսրայէլին։
9 Յերոբոաղի որդի Աբիմելէքը գնաց Սիկիմ իր մօր եղբայրների մօտ, խօսեց նրանց հետ եւ իր մօր հօրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց. 2«Բոլոր սիկիմացիներին ի լուր ասացէ՛ք. «Ո՞րն է լաւ ձեզ համար՝ Յերոբոաղի բոլոր եօթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրայ, թէ՞ մէկ մարդու իշխելը. եւ յիշեցէ՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ»։ 3Նրա մօր եղբայրները նրա այս բոլոր խօսքերը հասցրին Սիկիմի բոլոր բնակիչների ականջին, եւ նրանց սիրտը հակուեց Աբիմելէքի կողմը, որովհետեւ ասացին, թէ՝ «Նա մեր եղբայրն է», 4եւ նրան տուին Բահաղ Բերիթի ուխտի տնից եօթանասուն արծաթ։ Դրանցով Աբիմելէքը դատարկապորտ եւ ահարկու մարդիկ վարձեց, որոնք եւ գնացին նրա ետեւից։ 5Նա գնաց Եփրա, իր հօր տունը եւ մի քարի վրայ կոտորեց իր եղբայրներին՝ Յերոբոաղի որդիներին՝ եօթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Յովաթամը՝ Յերոբոաղի կրտսեր որդին, որովհետեւ թաքնուել էր։ 6Սիկիմի բոլոր մարդիկ եւ Մաաղոնի ամբողջ տունը գնացին թագաւոր կարգեցին Աբիմելէքին Կռուի կաղնու մօտ, որ Սիկիմում է։ 7Երբ լուրը հասաւ Յովաթամին, նա գնաց կանգնեց Գարիզին լերան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղաւ եւ ասաց նրանց. «Լսեցէ՛ք ինձ, Սիկիմի՛ մարդիկ, եւ Աստուած ձեզ կը լսի։ 8Ծառերը գնացին իրենց համար թագաւոր օծելու եւ ասացին ձիթենուն. «Թագաւորի՛ր մեզ վրայ»։ 9Ձիթենին նրանց ասաց. «Թողնեմ իմ պարարտութիւնը, որով փառաւորում են ինձ Աստուած եւ մարդիկ, եւ գնամ ծառերի՞ վրայ իշխեմ»։ 10Ծառերն ասացին թզենուն. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։ 11Թզենին նրանց ասաց. «Իմ քաղցրութիւնն ու իմ լաւ պտուղները թողած՝ գնամ ծառերի՞ վրայ իշխան լինեմ»։ 12Ծառերն ասացին որթատունկին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։ 13Որթատունկը նրանց ասաց. «Իմ գինին եւ Աստծու ու մարդկանց ուրախութիւնը թողած՝ գնամ ծառերի՞ իշխան լինեմ»։ 14Ծառերն ասացին փշին. «Եկ թագաւորի՛ր մեզ վրայ»։ 15Փուշն ասաց ծառերին. «Եթէ իսկապէս դուք ինձ ձեզ վրայ թագաւոր էք օծում, եկէք ծածկուեցէ՛ք իմ հովանու տակ, եթէ ոչ՝ փշից կրակ դուրս կը գայ եւ կ՚այրի Լիբանանի մայրիները»։ 16Արդ, եթէ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք Աբիմելէքին թագաւոր դարձնելով, եթէ լաւ վարուեցիք Յերոբոաղի եւ նրա տան հետ, եթէ նրա ձեռքի գործերի համեմատ հատուցեցիք նրան... 17Իմ հայրը ձեր փոխարէն պատերազմեց, իր կեանքը չխնայեց եւ ձեզ ազատեց մադիամացիների ձեռքից։ 18Իսկ դուք այսօր ելաք իմ հօր տան դէմ եւ կոտորեցիք նրա որդիներին՝ եօթանասուն մարդ մի քարի վրայ եւ նրա աղախնի որդի Աբիմելէքին, - քանի որ նա ձեր եղբայրն է, - սիկիմացիների թագաւոր կարգեցիք։ 19Եթէ այսօր Յերոբոաղի եւ նրա տան հետ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, օրհնուած լինէք դուք եւ ուրախացէ՛ք Աբիմելէքով, եւ նա էլ ձեզնով թող ուրախանայ։ 20Իսկ եթէ ոչ, թող Աբիմելէքից կրակ դուրս գայ եւ այրի Սիկիմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գայ Սիկիմի բնակիչներից ու Մաաղոնի տնից եւ այրի Աբիմելէքին»։ 21Յովաթամը փախաւ ու ազատուեց, գնաց Բերայի ճանապարհով եւ բնակուեց այնտեղ՝ թաքնուելով իր եղբայր Աբիմելէքից։ 22Աբիմելէքն իշխեց Իսրայէլի վրայ երեք տարի։ 23Աստուած չար ոգի ուղարկեց Աբիմելէքի եւ Սիկիմի բնակիչների մէջ, եւ Սիկիմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելէքի տունը, 24որպէսզի Յերոբոաղի եօթանասուն որդիներին հասած անիրաւութիւնը նրա վրայ գայ, եւ նրանց արիւնը հասնի իրենց եղբայր Աբիմելէքի վրայ, որ նրանց կոտորեց, նաեւ Սիկիմի բնակիչների վրայ, որոնք զօրացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։ 25Սիկիմի բնակիչները նրա համար դարան պատրաստեցին լեռների կատարներին եւ կողոպտում էին բոլորին, ովքեր անցնում էին նրանց մօտի ճանապարհով։ Լուրը հասաւ Աբիմելէքին։ 26Իսկ Աբեդդի որդի Գաաղը եւ նրա եղբայրները եկան մտան Սիկիմ, եւ Սիկիմի բնակիչներն ապաւինեցին նրան։ 27Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին եւ անիծեցին Աբիմելէքին։ 28Աբեդդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելէքն ո՞վ է, եւ Սիքէմի որդին ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. նա Յերոբոաղի որդին չէ՞, եւ իր ծառայ Զեբուղը նրա վերակացուն չէ՞։ Սիքէմի հօր՝ Եմորի մարդկանց հետ, ինչո՞ւ համար նրան ծառայենք։ 29Երանի թէ այս ժողովրդին իմ ձեռքը տային, եւ ես հեռացնէի Աբիմելէքին եւ ասէի նրան. «Զօրքերդ շատացրո՛ւ եւ դո՛ւրս եկ իմ դէմ»։ 30Քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդդի որդի Գաաղի խօսքերը եւ բարկութեամբ լցուեց։ 31Նա Աբիմելէքի մօտ պատգամաւորներ ուղարկեց նուէրներով եւ ասաց. «Ահա Աբեդդի որդի Գաաղն ու նրա եղբայրները եկել են Սիկիմ եւ քաղաքը պաշարում են, որ հանեն քո դէմ։ 32Հիմա դու եւ քեզ հետ եղող զօրքը գիշերը վե՛ր կացէք եւ դարանամո՛ւտ եղէք դաշտում։ 33Առաւօտեան, հէնց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կացէք եւ քաղաքի վրայ յարձակուեցէ՛ք։ Երբ նա եւ նրա հետ եղող զօրքը դուրս գան քո դէմ, նրա հետ արա՛ այն, ինչ որ ձեռքիցդ կը գայ»։ 34Աբիմելէքը եւ նրա հետ եղող զօրքը գիշերով վեր կացան եւ չորս գնդով դարան մտան Սիկիմի մօտ։ 35Առաւօտեան Աբեդդի որդի Գաաղը դուրս եկաւ եւ կանգնեց քաղաքի դարպասի առաջ։ Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը դուրս եկան դարաններից։ 36Աբեդդի որդի Գաաղը տեսնելով զօրքը՝ Զեբուղին ասաց. «Ահա լեռների գագաթից զօրք է իջնում»։ Զեբուղը նրան ասաց. «Լեռների ստուերն ես տեսնում դու եւ մարդկանց տեղ ես դնում»։ 37Գաաղը նորից խօսեց եւ ասաց. «Ահա զօրք է իջնում երկրի պորտից դէպի ծովի կողմը, եւ մի գունդ էլ գալիս է Դիտանոցների կաղնու ճանապարհով»։ 38Զեբուղը նրան ասաց. «Հիմա ո՞ւր է քո բերանը, որն ասում էր, թէ ո՞վ է Աբեմելէքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն զօրքն է, որը դու արհամարհում էիր։ Հիմա վե՛ր կաց եւ նրա հետ պատերազմի՛ր»։ 39Գաաղը դուրս եկաւ Սիկիմի բնակիչների առաջ եւ կռուեց Աբիմելէքի դէմ։ 40Աբիմելէքը նրան հալածեց, նա փախաւ նրա առաջից, եւ շատ վիրաւորներ ընկան մինչեւ քաղաքի դարպասները։ 41Աբիմելէքը մնաց Արիմում, իսկ Զեբուղը Գաաղին եւ նրա եղբայրներին քշեց, որ Սիկիմում չբնակուեն։ 42Յաջորդ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկաւ. դա իմացաւ Աբիմելէքը։ 43Նա առաւ զօրքը, երեք գնդի բաժանեց եւ նրանց հետ դարան մտաւ։ Նա տեսաւ, որ զօրքը դուրս է գալիս քաղաքից, յարձակուեց նրանց վրայ եւ ջարդեց նրանց։ 44Աբիմելէքը եւ նրա հետ եղող գնդերը կռուեցին եւ կանգնեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ երկու գնդերը յարձակուեցին դաշտում գտնուողների վրայ եւ ջարդեցին նրանց։ 45Աբիմելէքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դէմ. նրանք գրաւեցին քաղաքը եւ նրա մէջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին եւ այնտեղ աղ ցանեցին։ 46Այս լսեցին Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, եկան Բեթէլ Բերիթի տան ամրոցը։ 47Աբիմելէքին լուր հասաւ, որ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ հաւաքուել են։ 48Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը բարձրացան Սելմոն լեռը, Աբիմելէքը կացինն իր ձեռքն առաւ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրայ եւ ասաց իր զօրքին. «Տեսաք, թէ ես ինչ արեցի, դուք էլ անմիջապէս նոյնը արէք»։ 49Նրանցից իւրաքանչիւրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելէքի ետեւից. փայտը դրին ամրոցի վրայ եւ ամրոցը հրով այրեցին։ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, մօտ հազար մարդ՝ տղամարդ եւ կին, մեռան։ 50Աբիմելէքը գնաց Թեբէս, պաշարեց եւ գրաւեց այն։ 51Քաղաքի մէջ մի ամուր աշտարակ կար, բոլոր տղամարդիկ եւ կանայք ու քաղաքի բոլոր գլխաւորները փախան այնտեղ, փակեցին դուռը ներսից եւ բարձրացան աշտարակի կտուրը։ 52Աբիմելէքը եկաւ մինչեւ աշտարակը, կռուեց դրա դէմ եւ մօտեցաւ աշտարակի դռներին։ 53Մի կին երկանաքարի մի կտոր գցեց նրա գլխին եւ ջարդեց Աբիմելէքի գանգը։ 54Աբիմելէքն իսկոյն ձայն տուեց իր կապարճակիր պատանուն եւ նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը եւ սպանի՛ր ինձ. չլինի, թէ ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, եւ Աբիմելէքը մեռաւ։ 55Իսրայէլացիները տեսան, որ Աբիմելէքը մեռաւ. նրանցից ամէն մէկը գնաց իր տեղը։ 56Այսպէս Աստուած Աբիմելէքի գլխին թափեց նրա չարիքը, որ նա գործել էր իր հօր դէմ՝ կոտորելով իր եօթանասուն եղբայրներին։ 57Սիկիմի մարդկանց բոլոր չարագործութիւններն Աստուած նրանց գլխին թափեց, եւ Յերոբոաղի որդի Յովաթամի անէծքը նրանց գլխին եկաւ։
10 Աբիմելէքից յետոյ Իսրայէլը փրկելու համար մէջտեղ ելաւ Փուայի որդի Թողան, նրա հօրեղբօր որդին՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակւում էր Սամարիայում, Եփրեմի լերան վրայ։ 2Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներեք տարի եւ մեռաւ ու թաղուեց Սամարիայում։ 3Նրանից յետոյ մէջտեղ ելաւ գաղաադացի Յայիրը եւ Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներկու տարի։ 4Նա ունէր երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու աւանակի վրայ։ Նրանք ունէին երեսուներկու քաղաք։ Նա դրանք կոչեց Յայիրի աւաններ, եւ այդպէս են կոչւում մինչեւ այսօր։ Այդ քաղաքները գտնւում են Գաղաադում։ 5Յայիրը մեռաւ եւ թաղուեց Կամոնում։ 6Իսրայէլացիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել եւ պաշտեցին Բահաղիմներին, Աստարոթին, ասորեստանցիների աստուածներին, Սիդոնի աստուածներին, Մովաբի աստուածներին, ամոնացիների աստուածներին եւ այլազգիների աստուածներին։ Նրանք լքեցին Տիրոջը եւ չպաշտեցին նրան։ 7Տէրը բարկութեամբ բորբոքուեց իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց այլազգիների ձեռքը ու ամոնացիների ձեռքը։ 8Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին եւ ճզմեցին իսրայէլացիներին, բոլոր իսրայէլացիներին, որոնք Յորդանան գետի այն կողմում, ամորհացիների երկրում, Գաղաադում էին։ 9Ամոնացիներն անցան Յորդանան գետը՝ պատերազմելու Յուդայի դէմ, Բենիամինի դէմ եւ Եփրեմի տան դէմ։ Իսրայէլացիները խիստ նեղութեան մէջ ընկան։ 10Նրանք աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Մեղանչեցինք քո դէմ, որովհետեւ թողեցինք մեր Աստծուն եւ Բահաղիմներին պաշտեցինք»։ 11Տէրն ասաց իսրայէլացիներին. «Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, ամոնացիները, մովաբացիները, այլազգիները, 12սիդոնացիները, ամաղէկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, եւ դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։ 13Իսկ դուք թողեցիք ինձ եւ օտար աստուածներ պաշտեցիք։ Դրա համար այլեւս ձեզ չեմ փրկելու։ 14Գնացէ՛ք, աղաղակեցէ՛ք այն աստուածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղութեան ժամանակ»։ 15Իսրայէլացիներն ասացին Տիրոջը. «Մենք մեղանչեցիք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թւում, բայց միայն, Տէ՛ր, ազատի՛ր մեզ այսօր»։ 16Եւ նրանք հեռացրին իրենց միջից օտար աստուածներին եւ միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտուեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցաւեց Իսրայէլի տառապանքի համար։ 17Ամոնացիները վեր կացան եւ բանակատեղի դրին Գաղաադում. իսրայէլացիներն էլ վեր կացան եւ բանակատեղի դրին Դիտանոցում։ 18Գաղաադի ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամոնացիների դէմ, նա թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների գլխաւորը»։
11 Գաղաադացի Յեփթայէն հզօր եւ ուժեղ մարդ էր։ Նա որդին էր մի պոռնիկ կնոջ, որը Գաղաադից ունեցաւ Յեփթայէին։ 2Գաղաադի կինը նրա համար որդիներ ծնեց, եւ երբ կնոջ որդիները զօրացան, վռնդեցին Յեփթայէին եւ ասացին նրան. «Դու մեր հօր տան մէջ ժառանգութիւն չպիտի ունենաս, որովհետեւ պոռնիկ կնոջ որդի ես»։ 3Յեփթայէն փախաւ իր եղբայրների երեսից եւ բնակուեց Տոբ երկրում։ Յեփթայէի մօտ հաւաքւում էին դատարկապորտ մարդիկ եւ շրջում էին նրա հետ։ 4Որոշ ժամանակից յետոյ ամոնացիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ։ 5Երբ ամոնացիները պատերազմում էին Իսրայէլի դէմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տոբ երկրից վերցնեն։ 6Նրանք ասացին Յեփթայէին. «Ե՛կ եւ մեզ համար զօրավար եղիր, եւ ամոնացիների դէմ պատերազմ տանք»։ 7Յեփթայէն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք, հանեցիք իմ հօր տնից եւ հեռացրիք ինձ ձեզնից։ Հիմա, երբ նեղութեան մէջ էք, ինչո՞ւ էք եկել ինձ մօտ»։ 8Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. «Այդպէս չէ, մենք քեզ մօտ ենք եկել, որ մեզ հետ գնաս, եւ պատերազմ տանք ամոնացիների դէմ, եւ մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլխաւոր լինես»։ 9Յեփթայէն ասաց Գաղաադի ծերերին. «Եթէ դուք ինձ վերադարձնէք ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնի, ես իշխան կը դառնա՞մ»։ 10Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. «Տէրը թող մեր մէջ վկայ լինի, որ մենք քո խօսքի համաձայն կ՚անենք»։ 11Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նրան իր վրայ գլխաւոր եւ առաջնորդ կարգեց։ Յեփթայէն Տիրոջ առաջ Մասեփայում ասաց իր այս բոլոր խօսքերը։ 12Յեփթայէն ամոնացիների թագաւորի մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես ինձ մօտ պատերազմելու իմ երկրում»։ 13Ամոնացիների թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասաց. «Ինչո՞ւ Իսրայէլը գրաւեց իմ երկիրը Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան գետը։ Հիմա խաղաղութեամբ այն վերադարձրո՛ւ ինձ, եւ ես կը գնամ»։ Պատգամաւորները վերադարձան Յեփթայէի մօտ։ 14Յեփթայէն նորից պատգամաւորներ ուղարկեց ամոնացիների արքայի մօտ 15եւ ասաց նրան. «Այսպէս են ասում Իսրայէլը եւ Յեփթայէն. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայէլը չգրաւեց Մովաբի երկիրն ու ամոնացիների երկիրը, 16այլ Իսրայէլն անապատով գնաց մինչեւ Կարմիր ծովը եւ եկաւ մինչեւ Կադէս։ 17Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց Եդոմի արքայի մօտ եւ ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով, բայց Եդոմի արքան չլսեց՛՛։ Մովաբի արքայի մօտ էլ պատգամաւորներ ուղարկեց, բայց նա էլ չկամեցաւ։ Եւ Իսրայէլը մնաց Կադէսում, 18շրջեց անապատում, պտոյտ տուեց Եդոմի երկրով եւ Մովաբի երկրով, եկաւ Մովաբի երկրի արեւելեան կողմով եւ բանակատեղի դրեց Առնոնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտաւ, որովհետեւ Մովաբի սահմանն Առնոնն էր։ 19Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց ամորհացիների Սեհոն արքայի մօտ, որ Եսեբոնի եւ ամորհացիների թագաւորն էր, եւ Իսրայէլը նրան ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով մինչեւ իմ տեղը՛՛։ 20Եւ Սեհոնը չկամեցաւ, որ Իսրայէլն անցնի իր սահմաններով։ Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակատեղի դրեց Ասսայում եւ պատերազմեց Իսրայէլի դէմ։ 21Իսրայէլի Տէր Աստուածը Սեհոնին եւ նրա ամբողջ ժողովրդին իսրայէլացիների ձեռքը մատնեց, եւ ջարդեցին նրանց, 22եւ Իսրայէլը ժառանգեց այդ երկրում ապրող ամորհացիների երկիրը, ամորհացիների բոլոր սահմանները Առնոնից մինչեւ Յաբոկ եւ անապատից մինչեւ Յորդանան գետը։ 23Արդ, Իսրայէլի Տէր Աստուածը ամորհացիներին վերացրել է Իսրայէլի իր ժողովրդի առջեւից, դո՞ւ պիտի ժառանգես այն։ 24Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի քեզ ժառանգութիւն տուածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածը ժառանգութիւն տուեց մեզ։ 25Արդ, դու Սեպփորի որդի Բաղակից՝ Մովաբի արքայից լա՞ւ ես. միթէ նա վի՞ճեց իսրայէլացիների հետ կամ պատերազմե՞ց նրանց դէմ. 26Իսրայէլը երեք հարիւր տարի ապրում է Եսեբոնում եւ նրա աւաններում, Արոյերում եւ նրա աւաններում ու Յորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Ինչո՞ւ չազատեցին դրանք այնքան ժամանակ։ 27Ես քո դէմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դէմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դէմ։ Իսրայէլացիների եւ ամոնացիների միջեւ դատաւոր եղող Տէրը թող այսօր դատաստան անի»։ 28Բայց ամոնացիների արքան չանսաց Յեփթայէի յղած խօսքերին։ 29Եւ Տիրոջ հոգին հակուեց Յեփթայէի կողմը։ Նա Գաղաադից, Մանասէից եւ Գաղաադի Դիտանոցից անցաւ ու Գաղաադի Դիտանոցից գնաց ամոնացիների կողմը։ 30Յեփթայէն Տիրոջը ուխտ արեց եւ ասաց. «Եթէ ամոնացիներին իմ ձեռքը մատնես, 31եւ ես խաղաղութեամբ վերադառնամ ամոնացիների մօտից, իմ տան դռնից ինձ ընդառաջ դուրս եկողին Տիրոջը ողջակէզ կը մատուցեմ»։ 32Եւ Յեփթայէն գնաց ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց մատնեց նրա ձեռքը։ 33Նա ջարդեց նրանց Արոյերից մինչեւ Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան քաղաք՝ մինչեւ այգեստանների Յաբէլը խիստ մեծ կոտորած տալով։ Ամոնացիները փախան իսրայէլացիների առաջից։ 34Յեփթայէն եկաւ Մասեփա, իր տունը, եւ ահա նրա աղջիկը նրան ընդառաջ ելաւ թմբուկներով եւ պարերով։ Նա նրա միակ սիրելի զաւակն էր, եւ նրանից բացի նա ուրիշ տղայ կամ աղջիկ չունէր։ 35Երբ նրան տեսաւ, պատառոտեց իր զգեստները եւ ասաց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս, դու ինձ ընկճեցիր, փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ քեզ համար պարտաւորութիւն ստանձնեցի Տիրոջ առաջ եւ չեմ կարող խօսքս ետ առնել»։ 36Աղջիկը նրան ասաց. «Եթէ ինձ համար պարտաւորութիւն ես ստանձնել Տիրոջ առաջ, արա՛ ինձ հետ այն, ինչ դուրս է եկել քո բերանից այն բանի փոխարէն, ինչ արեց Տէրը քեզ համար՝ վրէժ լուծելով քո թշնամիներից՝ ամոնացիներից»։ 37Եւ աղջիկն իր հօրն ասաց. «Միայն այս բա՛նն արա ինձ համար. թո՛յլ տուր, որ ես երկու ամիս գնամ ման գամ լեռների վրայ եւ իմ ընկերուհիների հետ ողբամ իմ կուսութիւնը»։ 38Եւ հայրն ասաց. «Գնա՛»։ Եւ արձակեց նրան երկու ամիս։ Աղջիկը իր ընկերուհիների հետ գնաց եւ լեռների վրայ ողբաց իր կուսութիւնը։ 39Երբ լրացաւ երկու ամիսը, վերադարձաւ իր հօր մօտ, եւ հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եւ Իսրայէլի մէջ սովորութիւն դարձաւ ողբալ Յեփթայէի աղջկան. 40սահմանուած օրերին, տարուայ մէջ չորս օր, Իսրայէլի աղջիկները հաւաքւում էին ողբալու գաղաադացի Յեփթայէի աղջկան։
12 Եփրեմի որդիները հաւաքուեցին, եկան Սեփենա եւ ասացին Յեփթայէին. «Ինչո՞ւ ամոնացիների դէմ պատերազմի ելար եւ մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կ՚այրենք քո տունը եւ քեզ էլ՝ հետը»։ 2Յեփթայէն նրանց ասաց. «Ես եւ իմ ժողովուրդը զրկուած մարդիկ էինք եւ ամոնացիները խիստ նեղում էին ինձ։ Ես բողոքով դիմեցի ձեզ, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։ 3Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, ինքս ինձ վտանգի ենթարկեցի, գնացի ամոնացիների դէմ, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնեց։ Հիմա ինչո՞ւ էք դուք ելել այսօր իմ դէմ պատերազմելու»։ 4Եւ Յեփթայէն հաւաքեց Գաղաադի բոլոր տղամարդկանց ու պատերազմ մղեց Եփրեմի դէմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմեաններին, որովհետեւ եփրեմեանների ազատուածներն ասել էին, թէ՝ «Դուք, գաղաադացիներ, Եփրեմի եւ Մանասէի միջեւ Եփրեմի փախստականներ էք»։ 5Գաղաադացիները եփրեմեաններից գրաւեցին Յորդանան գետի կիրճերը, եւ երբ եփրեմեանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թէ դուք էլ եփրեմեան էք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։ 6Նրանց ասում էին. «Մեզ մի նշան տուէ՛ք, ասացէ՛ք՝ հասկ, հասկ»։ Բայց նրանց չէր յաջողւում այդպէս ասել, ուստի բռնում եւ կոտորում էին նրանց Յորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմեաններից քառասուներկու հազար մարդ զոհուեց։ 7Յեփթայէն վեց տարի դատաւորութիւն արեց Իսրայէլում. գաղաադացի Յեփթայէն մեռաւ եւ թաղուեց իր քաղաքում՝ Գաղաադում։ 8Նրանից յետոյ Իսրայէլում դատաւորութիւն արեց բեթղեհէմացի Եսեբոնը։ 9Նա երեսուն տղայ ունէր եւ երեսուն աղջիկ։ Աղջիկներին մարդու տուեց, իսկ տղաների համար երեսուն կին բերեց դրսից։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց եօթը տարի։ 10Եսեբոնը մեռաւ եւ թաղուեց Բեթղեհէմում։ 11Նրանից յետոյ Իսրայէլում տասը տարի դատաւորութիւն արեց զաբուղոնացի Ելոնը։ 12Զաբուղոնացի Ելոնը մեռաւ եւ թաղուեց Եղիմում՝ Զաբուղոնի երկրում։ 13Նրանից յետոյ Իսրայէլում դատաւոր եղաւ փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին։ 14Նա քառասուն որդի եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակներ։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց ութ տարի։ 15Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին, մեռաւ եւ թաղուեց Եփրաթոնում, Եփրեմի երկրում, Ամաղէկի լերան վրայ։
13 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։ 2Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովէ էր։ Նրա կինը ամուլ էր եւ զաւակ չէր ունենում։ 3Տիրոջ հրեշտակը երեւաց այս կնոջը եւ ասաց նրան. «Ահա դու ամուլ ես եւ երեխայ չես ունեցել, բայց կը յղիանաս եւ որդի կը ծնես։ 4Արդ, զգո՛յշ եղիր, գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, 5որովհետեւ ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց մօր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայէլը այլազգիներից»։ 6Կինը մտաւ իր տունը եւ ասաց իր ամուսնուն. «Աստծու մարդը եկաւ ինձ մօտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թէ որտեղից է, նա ինձ իր անունը չասաց։ 7Նա ինձ ասաց. «Ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես, հիմա գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց իր մօր արգանդից մինչեւ իր մահուան օրը»։ 8Մանովէն Տիրոջն աղաչեց եւ ասաց. «Աղաչում եմ, Տէ՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մօտ, թող դարձեալ գայ մեզ մօտ եւ սովորեցնի, թէ ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնուի»։ 9Աստուած լսեց Մանովէի ձայնը, եւ Աստծու հրեշտակը նորից եկաւ նրա կնոջ մօտ, երբ նա նստել էր հանդում։ Նրա ամուսին Մանովէն նրա մօտ չէր։ 10Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն եւ ասաց նրան. «Ահա երեւաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մօտ»։ 11Մանովէն վեր կացաւ, գնաց իր կնոջ հետ, եկաւ այն մարդու մօտ եւ ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խօսել է այս կնոջ հետ»։ Հրեշտակն ասաց. «Ես եմ»։ 12Մանովէն ասաց. «Արդ, երբ քո խօսքերը կատարուեն, ինչպիսի՞ն պէտք է լինեն մանկան կեանքի կանոններն ու գործերը»։ 13Տիրոջ հրեշտակն ասաց Մանովէին. «Թող նա զգուշանայ այն ամենից, որ ասացի այդ կնոջը. 14որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի եւ օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանայ այն ամենից, որ պատուիրեցի»։ 15Մանովէն ասաց հրեշտակին. «Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մօտ պահենք եւ մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ»։ 16Տիրոջ հրեշտակը Մանովէին ասաց. «Եթէ ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթէ ուլը ողջակէզ պիտի անես, Տիրո՛ջը մատուցիր այն»։ Մանովէն չիմացաւ, թէ նա Տիրոջ հրեշտակն է։ 17Մանովէն ասաց Տիրոջ հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը, ասա՛, որ երբ քո խօսքը կատարուի, փառաւորենք քեզ»։ 18Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է»։ 19Մանովէն վերցրեց զոհաբերուելիք ուլը եւ քարի վրայ մատուցեց սքանչելագործ Տիրոջը. Մանովէն եւ նրա կինը նայում էին։ 20Երբ բոցը զոհասեղանից դէպի երկինք բարձրացաւ, Տիրոջ հրեշտակն էլ բարձրացաւ զոհասեղանի բոցի հետ։ Մանովէն ու նրա կինը նայում էին եւ երեսի վրայ գետին ընկան։ 21Տիրոջ հրեշտակն այլեւս չերեւաց Մանովէին ու նրա կնոջը։ Այն ժամանակ Մանովէն իմացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է։ 22Մանովէն ասաց իր կնոջը. «Անպատճառ կը մեռնենք, որովհետեւ տեսանք Աստծուն։ 23Եւ նրա կինը նրան ասաց. «Եթէ Տէրը ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակէզն ու զոհը եւ մեզ չէր յայտնի այդ ամէնը իր ժամանակին եւ այն մեզ լսելի չէր դարձնի»։ 24Եւ կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց։ Մանուկն աճեց, եւ Տէրը նրան օրհնեց։ 25Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ Դանի բանակում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ։
14 Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսաւ, որը հաճելի թուաց նրան։ 2Նա գնաց պատմեց իր հօրն ու մօրը եւ ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսայ. արդ, նրան ինձ համար կի՛ն առէք»։ 3Նրա հայրն ու մայրը ասացին նրան. «Մի՞թէ կին չկայ քո եղբայրների աղջիկների եւ իմ ամբողջ ժողովրդի մէջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից»։ Սամփսոնն ասաց իր հօրը. «Նրան բե՛ր ինձ համար, որովհետեւ նա հաճելի է իմ աչքին»։ 4Նրա հայրն ու մայրը չգիտէին, որ դա Տիրոջից է, որպէսզի նա վրէժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայէլի վրայ։ 5Սամփսոնն իր հօր եւ մօր հետ իջաւ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մէջ եւ տեսաւ, որ ահա առիւծի մի կորիւն է մռնչում իր դիմաց։ 6Տիրոջ հոգին աջակցեց նրան, եւ նա պատառեց առիւծին ինչպէս մի ուլի, մինչ նրա ձեռքին զէնք չկար։ 7Նա իր արածը չպատմեց իր հօրն ու մօրը։ Նրանք եկան, խօսեցին կնոջ հետ, եւ կինը հաճելի թուաց Սամփսոնին։ 8Մի քանի օր յետոյ, երբ ետ դարձաւ այդ աղջկան կնութեան առնելու, ճանապարհը շեղեց առիւծի դիակը տեսնելու համար եւ տեսաւ, որ առիւծի բերանի մէջ մեղուների մի պարս եւ մեղր կար։ 9Նա առաւ այն իր բերանը եւ ուտելով գնաց իր հօր եւ մօր մօտ, նրանց էլ տուեց, եւ նրանք կերան։ Բայց նրանց չասաց, թէ մեղրը առիւծի բերանից է հանել։ 10Նրա հայրն իջաւ այն կնոջ մօտ, եւ Սամփսոնն այնտեղ եօթը օր հարսանիք արեց, որովհետեւ երիտասարդներն այդպէս էին անում։ 11Նրանք զարհուրելով Սամփսոնից՝ նրա մօտ երեսուն ընկեր կարգեցին, որոնք նրա մօտ մնացին։ 12Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կ՚ասեմ. եթէ խնջոյքի այս եօթը օրուայ ընթացքում այն լուծէք եւ գտնէք, ես ձեզ կը տամ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ։ 13Իսկ եթէ չկարողանաք լուծել, դուք կը տաք ինձ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, եւ լսենք այն»։ 14Եւ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկաւ, եւ հզօրից քաղցրութիւն դուրս եկաւ»։ Նրա հանելուկը չկարողացան լուծել երեք օրուայ ընթացքում։ 15Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թէ չէ քեզ եւ քո հօր տունը կ՚այրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։ 16Սամփսոնի կինը լաց եղաւ ամուսնու մօտ եւ ասաց նրան. «Դու ատել ես ինձ եւ չես սիրել, որովհետեւ այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես յայտնել»։ Սամփսոնը նրան ասաց. «Իմ հօրն ու մօրը չեմ յայտնել, հիմա քե՞զ պիտի յայտնեմ»։ 17Եւ խնջոյքի եօթը օրերին կինը լաց եղաւ նրա մօտ։ Եօթներորդ օրը Սամփսոնը յայտնեց նրան, որովհետեւ նա թախանձում էր։ Կինն էլ յայտնեց իր ժողովրդի զաւակներին։ 18Եօթներորդ օրը արեւամուտից առաջ քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր եւ ի՞նչն է առիւծից հզօր»։ Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ դուք իմ երինջով չհերկէիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»։ 19Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին, նա իջաւ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց եւ նրանց տօնական զգեստներն առաւ եւ տուեց հանելուկը լուծողներին։ Սամփսոնը սաստիկ բարկացաւ եւ գնաց իր հօր տուն, 20իսկ Սամփսոնի կինն ամուսնացաւ նրա կնքահօր հետ, որ նրա ընկերն էր։
15 Մի քանի օր յետոյ, ցորենի հնձի օրերին Սամփսոնը մի ուլ վերցնելով՝ այցելեց իր կնոջը եւ ինքն իրեն ասաց. «Մտնեմ սենեակ կնոջս մօտ»։ Բայց կնոջ հայրը չթողեց, որ նրա մօտ մտնի։ 2Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թէ դու ատեցիր նրան եւ նրան կնութեան տուի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քոյրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարէն»։ 3Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կը լինեմ այլազգիներիդ առաջ, եթէ նրանց դէմ չարութիւն անեմ»։ 4Եւ Սամփսոնը գնաց, երեք հարիւր աղուէս բռնեց։ Նա ջահեր վերցրեց եւ աղուէսներին կապեց միմեանց հետ՝ պոչ պոչի, ջահերը դրեց երկու պոչերի մէջտեղը եւ կապեց։ 5Նա ջահերը կրակով վառեց եւ արձակեց այլազգիների հնձի մէջ, այրեց ցորենի շեղջերը, առաջուց հնձուածները, դէզերն ու չհնձուած ցորենը, մինչեւ անգամ այգիներն ու ձիթենիները։ 6Այլազգիներն ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եւ ասացին. «Թամնացու փեսայ Սամփսոնը, որովհետեւ կնոջ հայրը նրա կնոջն առաւ եւ նրա ընկերոջը կնութեան տուեց»։ Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հօր տունը, կնոջը եւ կնոջ հօրը։ 7Սամփսոնը նրանց ասաց. «Եթէ մի այդքան էլ անէք, դարձեալ չեմ հաշտուի, այլ ձեր ամէն մէկից իմ վրէժը պիտի լուծեմ»։ 8Եւ մեծամեծ հարուածներով զարկեց նրանց սրունքներին ու մէջքին, եւ իջաւ բնակուեց Ետեմի քարայրում, հեղեղատի մօտ։ 9Այլազգիները վեր կացան, բանակատեղի դրին Յուդայի երկրի շուրջը եւ տարածուեցին Ելքիի շուրջբոլորը։ 10Յուդայի երկրի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ էք եկել մեզ վրայ»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարուենք այնպէս, ինչպէս նա վարուեց մեզ հետ»։ 11Եւ Յուդայի երկրից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրայ, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ»։ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպէս որ նրանք վարուեցին ինձ հետ, այդպէս էլ ես վարուեցի նրանց հետ»։ 12Նրան ասացին. «Եկել ենք քեզ կապելու եւ այլազգիների ձեռքը մատնելու»։ Սամփսոնը նրանց ասաց. «Երդուեցէ՛ք, որ չէք սպանի ինձ, տուէ՛ք ինձ նրանց ձեռքը, եւ դուք երբեք մի՛ հանդիպէք ինձ»։ 13Նրանք երդուեցին նրան եւ ասացին. «Ո՛չ, քեզ կը կապենք եւ կը տանք նրանց ձեռքը, բայց քեզ չենք սպանի»։ Եւ նրան կապեցին երեք նոր պարաններով ու դուրս հանեցին քարայրից։ 14Նա եկաւ մինչեւ Ծնօտ կոչուած վայրը, այլազգիներն աղաղակեցին եւ ընթացան նրա դէմ յանդիման։ Տիրոջ հոգին աջակից եղաւ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրուած թելի նման, եւ կապանքները հալուեցին թափուեցին նրա բազուկներից։ 15Նա գետին տապալուած էշի մի ծնօտ գտաւ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն եւ դրանով հազար մարդ սպանեց։ 16Սամփսոնն ասաց. «Էշի ծնօտով կը բնաջնջեմ նրանց, որովհետեւ էշի ծնօտով կոտորեցի հազար մարդ»։ 17Եւ երբ իր խօսքը վերջացրեց, ծնօտը ձեռքից գցեց եւ այդ տեղն անուանեց Ծնօտի կոտորած։ 18Նա խիստ ծարաւեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով յաջողեցրիր այս մեծ փրկութիւնը, իսկ հիմա ծարաւի՞ց պիտի մեռնեմ եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։ 19Եւ Տէրը Ծնօտ կոչուող վայրում մի անցք բացեց, նրանից ջուր դուրս եկաւ, նա խմեց, ոգի առաւ եւ զովացաւ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնօտի աղբիւր»։ Եւ այն գոյութիւն ունի մինչեւ այսօր։ 20Սամփսոնը այլազգիների իշխանութեան օրօք Իսրայէլում քսան տարի դատաւոր եղաւ։
16 Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ եւ մտաւ նրա մօտ։ 2Լուրը հասաւ գազացիներին, եւ նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը դարանակալեցին նրան քաղաքի դարպասի մօտ եւ ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչեւ առաւօտ եւ սպանենք նրան»։ 3Սամփսոնը քնեց մինչեւ կէսգիշեր. կէսգիշերին վեր կացաւ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը եւ դրանք նիգերով մէկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրայ, տարաւ այն լերան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, եւ դրանք դրեց այնտեղ։ 4Դրանից յետոյ նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Սորեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր։ 5Այդ կնոջ մօտ եկան այլազգիների նախարարները եւ ասացին. «Խաբի՛ր նրան եւ տե՛ս, թէ ինչում է նրա մեծ զօրութիւնը, եւ կամ ինչպէս կարող ենք հնար գտնել եւ կապել նրան, որ տկարացնենք նրան։ Իսկ մենք ամէն մէկս քեզ կը տանք հազար հարիւր արծաթ»։ 6Եւ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ասա՛ ինձ, թէ ինչում է քո մեծ զօրութիւնը, եւ քեզ տկարացնելու համար ինչով պէտք է կապել քեզ»։ 7Սամփսոնը նրան ասաց. «Եթէ ինձ կապեն եօթը դալար ճիւղերով, կը տկարանամ եւ կը դառնամ սովորական մարդկանց նման»։ 8Եւ այլազգիների նախարարները բերին եօթը դալար ճիւղեր, եւ Դալիլան նրան կապեց դրանցով 9ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ նա կտրտեց ճիւղերն այնպէս, ինչպէս կը կտրտուի կրակից այրուած բարակ թելը թափ տալուց։ Եւ այդպէս չհասկացուեց նրա զօրութիւնը։ 10Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ եւ սուտ խօսեցիր, գոնէ հիմա ասա՛, թէ ինչով կը կապուես»։ 11Եւ նա ասաց նրան. «Եթէ ինձ կապեն եօթը նոր չուաններով, որոնք գործածուած չլինեն, կը տկարանամ եւ կը լինեմ սովորական մարդկանց նման»։ 12Դալիլան առաւ նոր չուաններ, դրանցով կապեց նրան եւ ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ Դալիլան շտեմարանում դարանակալ նստել էր։ Իսկ Սամփսոնը ասեղի թելի նման կտրտեց թափեց այն իր բազուկներից։ 13Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչեւ ե՞րբ պիտի խաբես ինձ եւ սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թէ ինչո՞վ կը կապուես»։ Նա ասաց նրան. «Եթէ իմ գլխի եօթը գիսակները հիւսես շղթայաձեւ հիւսքերով եւ ցցերով ամրացնես պատին, կը տկարանամ սովորական մարդկանց նման»։ 14Եւ Դալիլան քնեցրեց նրան, առաւ նրա գլխի եօթը գիսակները շղթայաձեւ հիւսքերով, ցցերով ամրացրեց պատին եւ ասաց նրան. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը ոստայնի եւ հիւսքերի հետ միասին, եւ չիմացուեց նրա զօրութիւնը։ 15Դալիլան նրան ասաց. «Ինչպէ՞ս ես ասում, թէ քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ եւ չասացիր, թէ ինչո՞ւմ է քո մեծ զօրութիւնը»։ 16Եւ երբ ամբողջ գիշերը նեղեց նրան խօսքերով, թախանձեց եւ հոգին հանեց սպանելու չափ, 17նա սրտանց պատմեց նրան ամէն ինչ եւ ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետեւ Աստծու ուխտաւոր եմ ես իմ մօր արգանդից, իսկ եթէ ածիլուեմ, իմ զօրութիւնը կը գնայ ինձնից, ես կը տկարանամ եւ կը դառնամ բոլոր մարդկանց պէս»։ 18Երբ Դալիլան տեսաւ, որ նա սրտանց պատմեց իրեն ամէն ինչ, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին եւ ասաց. «Բոլորդ եկէ՛ք, որովհետեւ սրտանց պատմեց ինձ ամէն ինչ»։ Եւ այլազգիների բոլոր նախարարները եկան նրա մօտ արծաթն իրենց ձեռքին։ 19Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մէջ, վարսաւիր կանչեց, որն ածիլեց նրա գլխի եօթը գիսակները։ Նա սկսեց թօշնել, եւ նրանից գնաց նրա զօրութիւնը։ 20Դալիլան ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից եւ ասաց. «Վեր կենամ եւ անեմ այնպէս, ինչպէս միշտ եւ թափ տամ»։ Նա չգիտէր, թէ Տէրը մեկնել էր իրենից։ 21Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, իջեցրին նրան Գազա, կապեցին երկաթէ կապանքներով, եւ նա բանտում աղօրիք էր պտտեցնում։ 22Նրա գլխի մազերն սկսեցին աճել ածիլելուց յետոյ։ 23Այլազգիների նախարարները հաւաքուեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագոնին եւ ուրախանան։ Նրանք ասացին. «Մեր աստուածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։ 24Երբ մարդիկ տեսան նրան, օրհնեցին իրենց աստուածներին՝ ասելով. «Մեր աստուածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամուն՝ մեր երկիրն աւերողին, որը շատացրեց մեր վիրաւորներին»։ 25Երբ նրանց սրտերը զուարթացան, ասացին. «Կանչեցէ՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գայ»։ Սամփսոնին կանչեցին բանտից եւ զուարճանում էին նրանով։ Նրան կանգնեցրին երկու սիւների մէջտեղում։ 26Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. «Թո՛յլ տուր ինձ շօշափեմ սիւները, որոնց վրայ հաստատուած է այս տունը, եւ յենուեմ նրանց վրայ»։ 27Տունը լի էր տղամարդկանցով եւ կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրայ կային մօտ երեք հազար կանայք եւ տղամարդիկ, որոնք դիտում էին Սամփսոնի պարը։ 28Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասաց. «Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր, յիշի՛ր ինձ եւ զօրացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստուա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրէժս լուծեմ այս այլազգիներից»։ 29Եւ Սամփսոնը բռնեց մէջտեղի երկու սիւներից, որոնց վրայ հաստատուած էր տունը, եւ յենուեց նրանց վրայ՝ մէկին աջ ձեռքով, միւսին՝ ձախ։ 30Եւ Սամփսոնն ասաց. «Թող մեռնեմ ես այս այլազգիների հետ»։ Եւ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկաւ բոլոր նախարարների եւ նրա մէջ եղած ամբողջ ժողովրդի վրայ։ Եւ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահուան պահին, աւելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանութեան ժամանակ։ 31Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունն իջան, վերցրին հանեցին եւ թաղեցին նրան իր հօր Մանովէի գերեզմանում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ։ Նա Իսրայէլում դատաւոր էր եղել քսան տարի։
17 Եփրեմի լերան վրայ Միքա անունով մի մարդ կար։ 2Նա իր մօրն ասաց. «Այն հազար հարիւր արծաթը, որ վերցուել է քեզնից, եւ որի համար անէծք տուիր եւ ասացիր իմ ականջին, թէ՝ «Այն արծաթն ինձ մօտ է», ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդեա՛կ իմ, օրհնեալ լինես Տիրոջից»։ 3Եւ նա իր մօրը վերադարձրեց հազար հարիւր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նուիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածոյ կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։ 4Իսկ Միքան այդ արծաթը մօրը վերադարձրեց։ Մայրն առաւ երկու հարիւր արծաթ, այն տուեց ձուլողին, նա էլ ձուլածոյ կուռք շինեց դրանից, որը մնաց Միքայի տանը։ 5Միքայի տունը նրա համար աստծու տուն եղաւ։ Եւ նա եփուդ ու թերափ շինեց. ձեռնադրեց իր որդիներից մէկին, եւ սա նրա համար քահանայ եղաւ։ 6Այդ օրերին Իսրայէլում թագաւոր չկար, եւ ամէն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։ 7Յուդայի ազգատոհմից, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, մի պատանի կար, որ ղեւտացի էր եւ այնտեղ էր բնակւում։ 8Այս մարդը Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնաց պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար։ Նա ճանապարհորդելով եկաւ մինչեւ Եփրեմի լեռը եւ մինչեւ Միքայի տունը։ 9Միքան նրան ասաց. «Ո՞րտեղից ես գալիս»։ Նա ասաց. «Ես ղեւտացի եմ, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, գնում եմ պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար»։ 10Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մօտ, ինձ համար հայր եւ քահանայ եղի՛ր, եւ ես քեզ ամէն տարի տասը արծաթ, մի զոյգ զգեստ եւ ուտելիք կը տամ, որով կ՚ապրես»։ 11Ղեւտացին գնաց եւ ապաստանեց այդ մարդու մօտ։ Այս պատանին նրա համար եղաւ ինչպէս իր որդիներից մէկը։ 12Միքան ղեւտացուն ձեռնադրեց, եւ պատանին նրա համար քահանայ եղաւ եւ ապրում էր Միքայի տանը։ 13Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տէրն ինձ բարիք արեց, քանի որ այս ղեւտացին ինձ համար քահանայ եղաւ»։ Այն օրերին Իսրայէլում թագաւոր չկար։
18 Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակուելու կալուածք էր փնտռում, որովհետեւ մինչեւ այդ օրերը Իսրայէլի ցեղերի մէջ նրան կալուածք չէր հասել։ 2Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց ցեղերի թուի համեմատ, զօրաւոր մարդիկ Սարաայից եւ Եսթաւուլից, որ գնան լրտեսեն եւ հետախուզեն այդ երկիրը։ Նրանց ասացին. «Գնացէ՛ք, զննեցէ՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչեւ Միքայի տունը եւ գիշերեցին այնտեղ։ 3Եւ մինչդեռ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղեւտացի պատանու ձայնը, մտան նրա մօտ եւ ասացին նրան. «Ո՞վ բերեց քեզ այստեղ, ի՞նչ ես անում եւ ի՞նչ գործ ունես այստեղ»։ 4Նա ասաց նրանց. «Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, եւ ես նրա համար քահանայ եղայ»։ 5Նրան ասացին. «Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թէ յաջող կը լինի՞ մեր գնացած ճանապարհը»։ 6Քահանան նրանց ասաց. «Գնացէ՛ք խաղաղութեամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»։ 7Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդոնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում իշխանութիւն ունեցող մէկը չկար, որ բան ասէր, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ասորեստանցիների հետ գործ չունէին։ 8Այդ հինգ մարդիկ եկան Սարաա եւ Եսթաւուլ իրենց եղբայրների մօտ։ Նրանց եղբայրներն իրենց ասացին. «Ինչո՞ւ էք նստել»։ 9Նրանք ասացին. «Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ մենք մտանք շրջեցինք այն երկրում մինչեւ Լայիսա եւ տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակւում է անհոգ՝ սիդոնացիների նման. նրանք հեռու են Սիդոնից եւ ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ տեսանք այն երկիրը, որ շատ լաւն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ էք։ Հիմա ինչո՞ւ էք յապաղում գնալու մտնելու եւ ժառանգելու այն երկիրը։ 10Երբ որ գնաք, կը տիրէք մի անհոգ ժողովրդի եւ ընդարձակ երկրի, որովհետեւ Աստուած այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրայ եղած ոչ մի բանի պակասութիւն չկայ»։ 11Եւ այնտեղից՝ Սարաայից եւ Եսթաւուլից գնացին Դանի ազգատոհմից վեց հարիւր մարդիկ՝ զինուած պատերազմական զէնքերով։ 12Գնացին բանակատեղի դրին Յուդայի երկրի Կարիաթարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչեւ այսօր կոչւում է Դանի բանակատեղի, որ Կարիաթարիմի ետեւի կողմում է։ 13Այնտեղից անցան, եկան մինչեւ Եփրեմի լեռը եւ հասան մինչեւ Միքայի տունը։ 14Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին լրտեսելու Լայիսա երկիրը, պատասխանեցին եւ ասացին իրենց եղբայրներին. «Գիտէ՞ք, որ այս տներում եփուդ, թերափ եւ ձուլածոյ կուռք կայ։ Հիմա տեսէ՛ք, թէ ինչ պիտի անէք»։ 15Եւ նրանք շրջուեցին այնտեղ ու մտան ղեւտացի պատանու տունը՝ Միքայի տունը եւ նրա ողջութիւնը հարցրին։ 16Իսկ Դանի որդիներից պատերազմական զէնքով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մօտ։ 17Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը լրտեսելու, յարձակուեցին, վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն։ Քահանան եւ պատերազմական զէնքերով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնել էին դռան մուտքի մօտ։ 18Երբ նրանք Միքայի տունը մտան եւ վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ էք անում»։ 19Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանիդ վրայ դի՛ր, ե՛կ մեզ հետ եւ մեզ համար հայր ու քահանայ եղիր. մի՞թէ քեզ համար աւելի լաւ է միայն մէկ մարդու տան քահանայ լինել, քան Իսրայէլի մէկ ցեղի եւ ազգատոհմի քահանայ»։ 20Քահանայի սիրտը զուարթացաւ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակած ու ձուլածոյ կուռքերը եւ մտաւ զօրքի մէջ։ 21Նրանք ետ դարձան գնացին եւ նրանց առաջ աւերեցին նրա ամբողջ տունն ու շքեղ ունեցուածքը։ 22Երբ նրանք հեռացան Միքայի տնից, Միքան եւ նրա տանը եղած մարդիկ բողոք բարձրացրին եւ հասան Դանի որդիների յետեւից։ 23Դանի որդիները շուռ եկան եւ ասացին Միքային. «Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում»։ 24Միքան ասաց. «Ինձ համար իմ շինած աստուածները եւ իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, եւ ինչո՞ւ էք ասում ինձ, թէ՝ «Ինչու ես աղաղակում»։ 25Դանի որդիներն ասացին նրան. «Քո ձայնը թող չլսուի մեր ետեւից, թէ չէ քեզ կը հանդիպեն բարկացած սրտով մարդիկ եւ կը կործանեն քեզ ու քո ընտանիքը»։ 26Եւ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան տեսնելով, որ նրանք իրենից զօրաւոր են, վերադարձաւ իր տունը։ 27Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային եւ գնացին Լայիսա՝ հանգիստ եւ վստահ ու անհոգ ժողովրդի վրայ, նրանց սրի քաշեցին եւ քաղաքն այրեցին։ 28Ոչ ոք չկար, որ փրկէր նրանց, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ոչ մի գործ չունէին որեւէ մարդու հետ։ Այդ քաղաքը Ռոբի հովտի մէջ էր։ Քաղաքը շինեցին եւ այնտեղ բնակուեցին. 29եւ քաղաքի անունը իսրայէլական ծագում ունեցող իրենց հօր անունով Դան կոչեցին. իսկ նախապէս քաղաքի անունը Լայիսա էր։ 30Դանի որդիներն իրենց համար կանգնեցրին Միքայի քանդակած կուռքը, իսկ Մանասէի որդի Գերսոնի որդի Յովնաթանը՝ ինքը եւ իր որդիները մինչեւ երկրի գերութեան օրը Դանի ցեղի քուրմերն էին։ 31Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովի մէջ էր։
19 Այն օրերին, երբ Իսրայէլում թագաւոր չկար, Եփրեմի լերան կողմերում մի ղեւտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդն իր հարճը դարձրեց Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից մի կնոջ։ 2Նրա հարճը նրանից խորշեց եւ գնաց իր հօր տունը՝ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը եւ այնտեղ մնաց երեք ամիս։ 3Նրա մարդը վեր կացաւ գնաց նրա ետեւից, որ քաղցրութեամբ խօսի, հաշտեցնի նրան իր հետ եւ նորից ետ բերի իր մօտ։ Նրա հետ էին իր ծառան եւ մի զոյգ էշ։ Գնացին մինչեւ նրա հօր տունը։ Երբ աղջկայ հայրը նրան տեսաւ, ելաւ նրան ընդառաջ։ 4Նրա աները՝ աղջկայ հայրը, ներս տարաւ նրան, եւ նա նրա մօտ մնաց երեք օր։ Կերան, խմեցին եւ գիշերեցին այնտեղ։ 5Չորրորդ օրը, երբ առաւօտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. «Սիրտդ պնդացրո՛ւ մի կտոր հացով, յետոյ կը գնաք»։ 6Նստեցին, կերան եւ խմեցին երկուսը միասին։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. «Այս գիշեր էլ այստեղ մնա՛, եւ թող սիրտդ զուարթանայ»։ 7Մարդը վեր կացաւ, որ գնայ, բայց նրա աները ստիպեց նրան, եւ նա մնաց ու գիշերեց այնտեղ։ 8Հինգերորդ օրը կանուխ վեր կացաւ, որ գնայ. աղջկայ հայրն ասաց. «Սիրտդ պնդացրո՛ւ հացով եւ զբօսնի՛ր մինչեւ օրը վերջանայ»։ Եւ կերան ու խմեցին երկուսով։ 9Մարդը վեր կացաւ, որ իր հարճի եւ ծառայի հետ գնայ։ Բայց աղջկայ հայրն ասաց նրան. «Ահա օրը երեկոյ դարձաւ, այստե՛ղ գիշերիր, թող սիրտդ զուարթանայ, վաղը կանուխ ճանապարհ կ՚ընկնես եւ կը գնաս քո տունը»։ 10Բայց մարդը չկամեցաւ այնտեղ գիշերել, վեր կացաւ ու գնաց։ Եկաւ հասաւ մինչեւ Յեբուսի դիմաց, այսինքն՝ Երուսաղէմ. նրա հետ էին մի զոյգ համետած էշ եւ իր հարճը։ 11Երբ նրանք Յեբուսի դիմացն էին, օրը տարաժամել էր։ Ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ թեքուենք դէպի յեբուսացիների քաղաքը եւ այնտեղ գիշերենք»։ 12Տէրը նրան ասաց. «Ճանապարհը չշեղենք դէպի օտարազգիների քաղաքը, որտեղ իսրայէլացիներ չկան, այլ անցնենք մինչեւ Գաբաա»։ 13Եւ իր ծառային ասաց. «Ե՛կ մօտենանք այդ տեղերից մէկին եւ գիշերենք այնտեղ՝ Գաբաայում կամ Հռամայում»։ Եւ անցան գնացին։ 14Երբ մօտեցան Գաբաային, որ Բենիամինի երկիրն է, արեգակը մայր մտաւ։ 15Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա եւ գիշերեն այնտեղ։ Նա մտաւ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ նրանց իր տունն առնէր գիշերելու համար։ 16Եւ ահա երեկոյեան հանդից, իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր եւ պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի ցեղի որդիներ էին։ 17Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսաւ ուղեւոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում եւ որտեղի՞ց ես գալիս»։ 18Նա ասաց նրան. «Մենք Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնում ենք մինչեւ Եփրեմի լերան կողմերը, որովհետեւ ես այնտեղացի եմ։ Ես գնացի մինչեւ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը, իսկ հիմա իմ հօր տունն եմ գնում, եւ չկայ մի մարդ, որ մեզ իր տունը ընդունի։ 19Մեր էշերի համար յարդ եւ խոտ, իսկ ինձ եւ այս աղջկայ ու ծառայի համար հաց եւ գինի կայ. քո ծառաները ոչ մի բանի պակասութիւն չունեն»։ 20Ծեր մարդն ասաց. «Խաղաղութիւն քեզ, քո ամէն պակասութիւնն ինձ վրայ լինի, բայց դու այդ հրապարակում մի՛ գիշերիր»։ 21Եւ նրան տարաւ իր տունը, էշերին խոտ տուեց, նրանք լուացին իրենց ոտքերը, կերան եւ խմեցին։ 22Երբ նրանց սրտերը զուարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրէն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը եւ խօսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ յարաբերութիւն ունենանք»։ 23Այն մարդը՝ տան տէրը, գնաց նրանց մօտ եւ ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամութիւն մի՛ արէք, այդ մարդն իմ տունը մտնելուց յետոյ այդ անզգամութիւնը մի՛ արէք։ 24Ահա իմ կոյս աղջիկը եւ այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկեցէ՛ք նրանց, արէ՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, բայց այս մարդու հետ այդ անզգամութիւնը մի՛ արէք»։ 25Բայց մարդիկ չուզեցին լսել։ Եւ այդ մարդն առաւ իր հարճին ու դուրս հանեց։ Նրանք կենակցեցին նրա հետ եւ լլկեցին նրան ամբողջ գիշերը մինչեւ առաւօտ եւ առաւօտը բացուելիս բաց թողեցին նրան։ 26Առաւօտեան կինը եկաւ, ընկաւ այն մարդու տան դռան շեմին, որտեղ իր տէրն էր, եւ հոգին փչեց։ 27Առաւօտեան նրա տէրը վեր կացաւ, բացեց տան դուռը, դուրս եկաւ, որ գնայ իր ճանապարհը եւ տեսաւ, որ իր հարճն ընկած էր դռան մօտ, ձեռքերը շեմի վրայ։ 28Եւ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք»։ Նա պատասխան չտուեց, որովհետեւ մեռած էր։ Մարդը նրան վերցրեց դրեց էշի վրայ, վեր կացաւ եւ գնաց իր տեղը։ 29Երբ մտաւ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին եւ ոսկորներն էլ կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի եւ դրանք ուղարկեց Իսրայէլի բոլոր ցեղերին։ 30Բոլոր տեսնողներն ասում էին, թէ այդպիսի բան ո՛չ եղել է եւ ո՛չ էլ տեսնուել Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու օրերից մինչեւ այսօր։ Հիմա դրա մասին խորհուրդ արէ՛ք եւ ասացէ՛ք, թէ ինչ պէտք է անել։
20 Բոլոր իսրայէլացիները դուրս եկան, եւ ժողովուրդը՝ Դանից մինչեւ Բերսաբէէ եւ Գաղաադի երկիրը մէկ մարդու պէս հաւաքուեց Տիրոջ առաջ Մասեփայում։ 2Ամբողջ ժողովրդի իշխանները եւ Իսրայէլի բոլոր ցեղերը՝ չորս հարիւր հազար սուսերամարտիկ, ներկայացան Աստծու ժողովրդի հաւաքին։ 3Բենիամինի ցեղի որդիները լսեցին, որ իսրայէլացիները եկել են Մասեփա։ Իսրայէլացիներն ասացին. «Ասացէ՛ք, թէ ո՞րտեղ կատարուեց այս չարագործութիւնը»։ 4Ղեւտացի մարդը՝ սպանուած կնոջ ամուսինը, պատասխան տուեց եւ ասաց. «Ես եւ իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը, որ գիշերենք։ 5Գաբաայի բնակիչները ելան իմ դէմ, գիշերով շրջապատեցին տունն իմ շուրջը եւ ուզում էին ինձ սպանել։ Իմ հարճին լլկեցին, խեղդեցին, եւ նա մեռաւ։ 6Ես էլ առայ իմ հարճին, կտրատեցի նրան եւ ուղարկեցի Իսրայէլի տէրութեան բոլոր սահմանները, որովհետեւ նրանք մեծ յանցանք եւ անզգամութիւն արեցին Իսրայէլի մէջ։ 7Ահա մենք ամէնքս իսրայէլացիներ ենք, մեզ խօ՛սք ասացէք ու խորհո՛ւրդ տուէք»։ 8Ամբողջ ժողովուրդը վեր կացաւ մէկ մարդու նման եւ ասաց. «Մեզնից ոչ մի մարդ իր յարկի տակ չի մտնելու, եւ ոչ մի մարդ ճանապարհը չի թեքելու դէպի իր տուն։ 9Ահա թէ ինչ պիտի անենք հիմա Գաբաային. նրա վրայ գնանք վիճակահանութեամբ. 10Իսրայէլի բոլոր ցեղերից վերցնենք հարիւրից տասը, հազարից հարիւր, տասը հազարից հազար մարդ, որ օրուայ պաշար տանեն բոլոր նրանց համար, ովքեր կը գնան Բենիամինի երկրի Գաբաա վայրի դէմ, որ պատժեն նրան՝ Իսրայէլի մէջ նրա արած ամբողջ անզգամութեան համար»։ 11Եւ բոլոր իսրայէլացիները մէկ մարդու նման հաւաքուեցին եկան քաղաքներից։ 12Իսրայէլի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մօտ մարդիկ ուղարկեցին եւ ասացին. «Այդ ի՞նչ չարագործութիւն է, որ եղաւ ձեր մէջ։ 13Հիմա տուէ՛ք Գաբաայի այդ ամբարիշտ մարդկանց՝ Բելիարի որդիներին, որ սպանենք նրանց եւ վերացնենք չարիքն Իսրայէլից»։ Բայց Բենիամինի ցեղի որդիները չկամեցան լսել իրենց եղբայրների՝ իսրայէլացիների ձայնը։ 14Եւ Բենիամինի ցեղի որդիները հաւաքուեցին իրենց քաղաքներից Գաբաայի մէջ, որ իսրայէլացիների դէմ պատերազմի դուրս գան։ 15Այն օրը իրենց քաղաքներից եկած Բենիամինի ցեղի որդիները քսանհինգ հազար սուսերամարտիկ էին, չհաշուած Գաբաայի բնակիչներին, 16որոնք եօթը հարիւր մարդ էին՝ ընտիր երիտասարդներ ամբողջ ժողովրդից՝ երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկաւորներ էին, որ քարեր էին նետում եւ մազաչափ չէին վրիպում։ 17Բոլոր իսրայէլացիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարիւր հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ պատերազմող մարդիկ։ 18Վեր կացան գնացին Բեթէլ, եւ իսրայէլացիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի ցեղի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ 19Տէրն ասաց. «Յուդան թող լինի առաջնորդը»։ Եւ իսրայէլացիներն առաւօտեան վեր կացան, բանակեցին Գաբաայի մօտ։ 20Իսրայէլացիները ելան Բենիամինի ցեղի դէմ պատերազմելու եւ Գաբաայի մօտ նրանց դէմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։ 21Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան քաղաքից, եւ այն օրը իսրայէլացիներից քսաներկու հազար մարդ սպանեցին եւ գետին տապալեցին։ 22Բայց Իսրայէլի մարդիկ դարձեալ զօրացան եւ նորից ճակատ կազմեցին պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։ 23Իսրայէլացիները վեր կացան եւ մինչեւ երեկոյ լաց եղան Տիրոջ առաջ եւ Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբօր՝ Բենիամինի ցեղի դէմ»։ Տէրն ասաց. «Դո՛ւրս եկէք նրանց դէմ»։ 24Եւ երկրորդ օրը իսրայէլացիները պատերազմի ելան Բենիամինի ցեղի որդիների դէմ։ 25Բենիամինն էլ ելաւ նրանց դէմ պատերազմելու երկրորդ օրը եւ ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց եւ գետին տապալեց։ Սրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։ 26Բոլոր իսրայէլացիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ։ 27Այդ օրերին այնտեղ էր Տէր Աստծու ուխտի տապանակը։ 28Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենէէսն էր կանգնում։ Իսրայէլացիները հարցրին Տիրոջը եւ ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի ցեղի որդիների դէմ պատերազմելու դուրս գա՞նք, թէ՞ դադարեցնենք»։ Տէրն ասաց. «Դո՛ւրս եկէք, վաղը նրանց կը մատնեմ ձեր ձեռքը»։ 29Իսրայէլացիները դարանակալներ դրին Գաբաայի շուրջը։ 30Երրորդ օրը իսրայէլացիները դուրս եկան Բենիամինի ցեղի դէմ, ճակատ կազմեցին Գաբաայի մօտ, ինչպէս նախորդ անգամները։ 31Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան ժողովրդի դէմ, հեռացան քաղաքից եւ սկսեցին նախորդ անգամների պէս ջարդել-վիրաւորել ժողովրդին այն ճանապարհների վրայ, որոնցից մէկը դուրս էր գալիս Բեթէլ, իսկ միւսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում իսրայէլացիներից մօտ երեսուն մարդ կոտորեցին։ 32Բենիամինի ցեղի որդիներն ասացին. «Սրանք մեր առաջ կոտորուելու են, ինչպէս նախորդ անգամ»։ Իսկ իսրայէլացիներն ասացին. «Փախչենք եւ հեռացնենք նրանց քաղաքից ու ճանապարհից»։ 33Եւ բոլոր իսրայէլացիները վեր կացան իրենց տեղից եւ վերադասաւորուեցին Բաալթամարում։ Իսրայէլացի դարանակալները կռւում էին իրենց տեղից, Գաբաայի արեւմտեան կողմից։ 34Ամբողջ Իսրայէլից տասը հազար ընտիր մարդիկ եկան Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացաւ, բայց Բենիամինի ցեղի որդիները չգիտէին, որ իրենց վրայ չարիք է հասել։ 35Եւ Տէրը Բենիամինի ցեղին հարուածեց իսրայէլացիների առաջ, եւ իսրայէլացիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարիւր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։ 36Երբ Բենիամինի ցեղի որդիները տեսան, որ պարտութեան են մատնուած, տեղի տուին իսրայէլացիների առաջ։ Իսրայէլացիները յոյսները դրել էին Գաբաայի շրջակայքում եղած դարանամուտների վրայ։ 37Դարանամուտները յարձակուեցին եւ թափուեցին Գաբաայի վրայ, մտան եւ ամբողջ քաղաքը սրի քաշեցին։ 38Իսրայէլացիները պայմանաւորուել էին դարանակալների հետ, որ կրակ վառեն եւ ծուխ հանեն քաղաքի վրայ։ 39Այդ ազդանշանի վրայ իսրայէլացիները պէտք է ետ քաշուէին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել իսրայէլացի դարանակալներին, կոտորեցին մօտ երեսուն վիրաւոր մարդ եւ ասացին, թէ՝ «Կոտորւում են մեր առաջ այսօր, ինչպէս նախորդ պատերազմում»։ 40Կրակէ ազդանշանը ծաւալուելով բարձրացաւ քաղաքի վրայ ինչպէս ծխի սիւն։ Բենիամինի ցեղի մարդիկ ետ նայեցին եւ տեսան, որ այրուող քաղաքը երկինք է բարձրանում։ 41Իսրայէլացիները նորից ետ դարձան, Բենիամինի ցեղի մարդիկ տագնապեցին, որովհետեւ տեսան, որ չարիքը հասել է իրենց վրայ։ 42Նրանք իսրայէլացիներից փախան անապատի ճանապարհով, բայց պատերազմը հասաւ նրանց, եւ քաղաքից դուրս եկող իսրայէլացիներն սպանում էին նրանց՝ իրենց մէջ առնելով։ 43Բենիամինի ցեղի մարդկանց նրանք ջարդեցին եւ հետապնդեցին Նուից մինչեւ Գաբաայի դիմացը՝ արեւելեան կողմից։ 44Բենիամինի ցեղից ընկան տասնութ հազար մարդ. նրանք բոլորն էլ զօրաւոր մարդիկ էին։ 45Մնացածները, տեսնելով այդ, փախան դէպի անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին։ Ճանապարհին Բենիամինի ցեղից հինգ հազար մարդ հնձեցին, հետապնդեցին նրանց մինչեւ Գաղաադ եւ նրանցից երկու հազար մարդ էլ կոտորեցին։ 46Այն օրը Բենիամինի ցեղից ընկածները քսանհինգ հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ զօրաւոր մարդիկ։ 47Մնացածները՝ վեց հարիւր մարդ, խոյս տալով փախան անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին եւ այնտեղ, Ռեմոնի քարայրում մնացին չորս ամիս։ 48Իսկ Իսրայէլի մարդիկ յետ դառնալով՝ յարձակուեցին Բենիամինի ցեղի որդիների վրայ, հերթով սրի քաշեցին քաղաքում նրանց, մինչեւ իսկ անասուններին եւ ամէն բան, որ գտան բոլոր քաղաքներում, իսկ կոտորածից զերծ մնացած քաղաքները մարդիկ ուղարկեցին եւ այրեցին հրով։
21 Իսրայէլացի տղամարդիկ երդուեցին Մասեփայում եւ ասացին. «Մեզանից ոչ մէկն իր դուստրը Բենիամինի ցեղից մարդու կնութեան թող չտայ»։ 2Ամբողջ ժողովուրդը եկաւ Մասեփա՝ Բեթէլ, մինչեւ երեկոյ նրանք նստեցին այնտեղ Աստծու առաջ, բարձրացրին իրենց ձայնը, սաստիկ լաց եղան 3եւ ասացին. «Իսրայէլի՛ Տէր Աստուած, ինչո՞ւ համար այս բանը եղաւ Իսրայէլում, որ այսօր Իսրայէլից մի ցեղ բնաջնջուէր»։ 4Յաջորդ օրը ժողովուրդը կանուխ վեր կացաւ, այնտեղ զոհասեղան շինեցին եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին։ 5Իսրայէլացիներն ասացին. «Իսրայէլի բոլոր ցեղերից ո՞վ է, որ այս հաւաքին, Տիրոջ առաջ Մասեփա չի եկել։ Արդարեւ, մեծ երդում էին տուել՝ ասելով, թէ՝ «Պիտի մեռնի՛ նա, ով չգայ Մասեփա հաւաքի»։ 6Իսրայէլացիները ցաւեցին իրենց եղբայր Բենիամինի ցեղի համար եւ ասացին. «Այսօր Իսրայէլից մի ցեղ վերացաւ։ 7Հիմա ի՞նչ անենք առանց կնոջ մնացածներին, քանի որ մենք երդուել ենք Տիրոջով, որ մեր աղջիկներից նրանց կնութեան չտանք»։ 8Եւ ասացին. «Իսրայէլի ցեղերից ո՞վ է, որ չի եկել Տիրոջ առաջ Մասեփա»։ Պարզուեց, որ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրից ոչ ոք չէր եկել բանակատեղի՝ հաւաքին։ 9Եւ ժողովրդին հաշուառման ենթարկեցին։ Նրանց մէջ մարդ չկար Գաղաադի երկրի Յաբիսի տնից։ 10Ժողովուրդն այնտեղ ուղարկեց տասներկու հազար զօրաւոր մարդիկ, նրանց պատուիրեցին եւ ասացին. «Գնացէ՛ք եւ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի բնակիչներին՝ ե՛ւ կանանց, ե՛ւ մանուկներին կոտորեցէ՛ք սրով։ 11Ահա թէ ինչ պիտի անէք. բոլոր արուներին եւ արուի հետ անկողին մտած կանանց կոտորեցէ՛ք»։ 12Եւ Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի բնակիչների մէջ նրանք գտան չորս հարիւր կոյս աղջիկ, որոնք տղամարդու հետ անկողնում չէին պառկել։ Նրանց բերին բանակատեղի՝ Սելով, որ Քանանացիների երկրում է։ 13Եւ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, որ խօսեն Բենիամինի ցեղի որդիների հետ, որոնք Ռեմոնի քարայրում էին, եւ նրանց խաղաղութեան կոչեցին։ 14Այն ժամանակ Բենիամինի ցեղի մարդիկ վերադարձան իսրայէլացիների մօտ։ Իսրայէլացիները նրանց կնութեան տուին Գաղաադի երկրի Յաբիս բնակավայրի աղջիկներին. եւ դա նրանց հաճելի թուաց։ 15Ժողովուրդը ցաւեց Բենիամինի ցեղի համար, որովհետեւ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ ճեղք էր բաց արել։ 16Ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք առանց կնոջ մնացած միւսների համար, քանի որ Բենիամինի ցեղի կանայք բնաջնջուեցին»։ 17Եւ ասացին. «Բենիամինի ցեղից ժառանգութիւն է ազատուել, թող Իսրայէլից ցեղ չբնաջնջուի։ 18Բայց մենք չենք կարող մեր աղջիկներից նրանց կնութեան տալ, որովհետեւ մենք՝ իսրայէլացիներս, երդուելով ասացինք. «Անիծուած լինի նա, ով Բենիամինի ցեղին աղջիկ կնութեան կը տայ»։ 19Եւ ասացին. «Ամէն տարի Տիրոջ տօն է լինում Սելովում, որը Բեթէլի հիւսիսում, Բեթէլից Սիկիմ տանող ճանապարհի արեւելեան կողմում, Լիբանանից հարաւ, Ելեբոնայում է գտնւում»։ 20Նրանք Բենիամինի ցեղի որդիներին պատուիրեցին եւ ասացին. 21«Գնացէ՛ք, դարա՛ն մտէք այգիներում։ 22Երբ տեսնէք, որ Սելովի աղջիկները, պար բռնած, խմբերով դուրս են գալիս, դո՛ւրս եկէք այգիներից, թող ամէն տղամարդ մի կին յափշտակի Սելովի աղջիկներից, եւ գնացէ՛ք Բենիամինի ցեղի երկիրը։ 23Եթէ նրանց հայրերը եւ եղբայրները գան ձեր դէմ բողոքելու, նրանց կ՚ասէք, թէ՝ «Խղճացինք նրանց, որովհետեւ պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառան». եւ քանի որ դո՛ւք չէ, որ նրանց կնութեան տուիք աղջիկներին, դա ձեզ համար մեղք չէ»։ 24Եւ Բենիամինի ցեղի որդիներն այդպէս արեցին. պարողներից իրենց թուի համեմատ յափշտակելով կանայք առան եւ գնացին, վերադարձան ամէն մէկն իր կալուածքը, քաղաքներ շինեցին եւ բնակուեցին դրանց մէջ։ 25Այն ժամանակ իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր ցեղի եւ ազգատոհմի մօտ, եւ այնտեղից ամէն մարդ գնաց իր կալուածքը։ Այն օրերին Իսրայէլում թագաւոր չկար, եւ ամէն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իրեն։