3 Թագաւորաց


1 Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։ 2Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»։ 3Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ։ 4Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան։ 5Ադոնիան՝ Ագիթի որդին, վեր-վեր թռչելով, ասաց. «Ես պէտք է թագաւորեմ»։ Եւ նա կառքեր ու հեծեալներ պատրաստեց։ Յիսուն սուրհանդակներ ընթանալու էին նրա առջեւից։ 6Հայրը նրան երբեք չարգելեց, չասաց, թէ՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Ինքն էլ դէմքով գեղեցիկ էր ու ծնուել էր Աբեսաղոմից յետոյ։ 7Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, ու նրանք օգնեցին Ադոնիային։ 8Սադոկ քահանան, Բանեան՝ Յովիդայէի որդին, Նաթան մարգարէն, Սեմէին, Ռէին եւ Դաւթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։ 9Եւ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոոլեթի քարի մօտ, որը Ռոգէլի երկրին մօտ է։ Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, եւ Յուդայի երկրի բոլոր տղամարդկանց՝ արքայի ծառաներին, 10բայց Նաթան մարգարէին, Բանեասին, քաջարի մարդկանց եւ իր Սողոմոն եղբօրը չկանչեց։ 11Նաթան մարգարէն խօսելով Սողոմոնի մօր՝ Բերսաբէէի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագաւոր է դարձել, եւ մեր տէր արքայ Դաւիթը այդ չգիտի։ 12Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո եւ Սողոմոն որդուդ կեանքը։ 13Գնա՛ Դաւիթ արքայի մօտ, խօսի՛ր նրա հետ եւ ասա՛. «Չէ՞ որ դու ինքդ, տէ՛ր իմ արքայ, երդուելով քո աղախնին, ասացիր, թէ՝ «Քո որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին»։ Էլ ինչո՞ւ է թագաւորել Ադոնիան»։ 14Երբ կը սկսես խօսել արքայի հետ, ես կը մտնեմ ու կը լրացնեմ քո խօսքերը»։ 15Բերսաբէէն մտաւ սենեակ, արքայի մօտ։ Արքան շատ էր ծերացել, եւ սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։ 16Բերսաբէէն խոնարհուեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»։ 17Նա պատասխանեց. «Իմ տէ՛ր արքայ, դու քո Տէր Աստուծով երդուեցիր քո աղախնին ու ասացիր, թէ՝ «Իմ որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին», 18բայց ահա Ադոնիան է թագաւորել, եւ դու, տէ՛ր իմ արքայ, այդ չես իմացել։ 19Բազում արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զօրքի հրամանատար Յովաբին, իսկ քո ծառայ Սողոմոնին չի կանչել։ 20Տէ՛ր իմ արքայ, ամբողջ Իսրայէլն իր հայեացքը յառել է քեզ վրայ, որ յայտնես նրանց, թէ ով պիտի նստի իմ տէր արքայի աթոռին իրենից յետոյ։ 21Եթէ իմ տէր արքան գնայ իր նախնիների գիրկը, ես ու իմ որդի Սողոմոնը մեղապարտ կը համարուենք»։ 22Մինչ նա խօսում էր արքայի հետ, եկաւ Նաթան մարգարէն։ 23Յայտնեցին արքային, թէ՝ «Ահաւասիկ եկել է Նաթան մարգարէն»։ Սա մտաւ արքայի մօտ ու մինչեւ գետին երեսնիվայր գլուխ տուեց նրան։ 24Նաթանն ասաց. «Տէ՛ր իմ արքայ, դո՞ւ ես ասել, թէ՝ «Ադոնիան թագաւորելու է ինձնից յետոյ եւ նստելու է իմ աթոռին»։ 25Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զօրքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային։ Նրանք ահա ուտում ու խմում են նրա մօտ՝ ասելով. «Կեցցէ՛ Ադոնիա արքան», 26իսկ ինձ՝ քո ծառային, Սադոկ քահանային, Յովիդայէի որդի Բանեային եւ քո Սողոմոն ծառային չի կանչել։ 27Արդեօ՞ք այս բանն իմ տէր արքայի հրամանով է կատարուել։ Դու, սակայն, քո ծառային չես յայտնել, թէ իրենից յետոյ ո՛վ պիտի նստի իմ տէր արքայի աթոռին»։ 28Պատասխան տուեց Դաւիթ արքան՝ ասելով. «Ինձ մօ՛տ կանչեցէք Բերսաբէէին»։ Սա մտաւ նրա մօտ ու կանգնեց նրա դիմաց։ 29Արքան երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը, որ փրկել է իմ կեանքը ամէն նեղութիւնից։ 30Ինչպէս երդուելով Իսրայէլի Տէր Աստուծով ասել եմ, թէ՝ «Քո Սողոմոն որդին է թագաւորելու ինձնից յետոյ, եւ իմ փոխարէն նա է նստելու իմ աթոռին», այդպէս էլ անելու եմ հէնց այսօր»։ 31Բերսաբէէն երեսնիվայր գետին խոնարհուեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Յաւիտեան կեցցէ՛ իմ տէր Դաւիթ արքան»։ 32Դաւիթ արքան ասաց. «Ինձ մօ՛տ կանչեցէք Սադոկ քահանային, Նաթան մարգարէին ու Յովիդայէի որդի Բանեային»։ 33Սրանք եկան արքայի մօտ։ Արքան ասաց նրանց. «Առէ՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրայ նստեցրէ՛ք եւ իջեցրէ՛ք Գեհոն։ 34Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն այնտեղ նրան թող Իսրայէլի թագաւոր օծեն։ Եղջերափողեր հնչեցրէ՛ք եւ բացականչեցէ՛ք՝ «Կեցցէ՛ Սողոմոն արքան»։ 35Ապա նրա յետեւից գնալով՝ քաղա՛ք բարձրացէ՛ք, եւ նա թող գայ, նստի իմ աթոռին ու թագաւորի իմ փոխարէն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայէլի ու Յուդայի երկրի առաջնորդը»։ 36Յովիդայէի որդի Բանեան պատասխան տալով արքային՝ ասաց. «Թող այդպէս լինի, թող Տէր Աստուածն իմ տէր արքայի խօսքը հաստատի։ 37Ինչպէս Տէրն իմ արքայ տիրոջ հետ էր, նոյնպէս թող լինի նաեւ Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռը առաւել, քան իմ տէր արքայ Դաւթի աթոռը»։ 38Սադոկ քահանան, Նաթան մարգարէն, Յովիդայէի որդի Բանեան, քերեթիներն ու օփելեթիները եկան եւ Սողոմոնին նստեցրին Դաւիթ արքայի ջորու վրայ եւ նրան տարան Գեհոն։ 39Սադոկ քահանան իւղով լի եղջիւրն առաւ խորանից եւ օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, եւ ամբողջ ժողովուրդը բացականչեց՝ «Կեցցէ՛ Սողոմոն արքան»։ 40Բոլոր մարդիկ եկան նրա հետ, պարեր պարելով մեծ ուրախութիւն արեցին, երկիրը դղրդաց նրանց ձայնից։ 41Երբ Ադոնիան ու նրա բոլոր հիւրերը աւարտեցին ուտելը, լսեցին ուրախութեան աղմուկ-աղաղակը։ Յովաբը լսելով եղջերափողի ձայնը՝ ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»։ 42Մինչ նա խօսում էր, եկաւ Աբիաթար քահանայի որդի Յովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանզի զօրաւոր մարդ ես դու եւ բարի լուր ես տալու»։ 43Յովնաթանը պատասխան տալով՝ ասաց Ադոնիային. «Յիրաւի, մեր տէր Դաւիթ արքան թագաւոր դարձրեց Սողոմոնին։ 44Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարէին, Յովիդայէի որդի Բանեային, քերեթիներին ու օփելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրայ, 45եւ Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն նրան թագաւոր օծեցին Գեհոնում։ Ապա այնտեղից ուրախութեամբ եկան, ու քաղաքը դղրդաց։ Ահա այդ ձայնն է, որ լսում էք։ 46Սողոմոնը նստեց արքայական գահին։ 47Արքայի ծառաները մտան, որ շնորհաւորեն մեր տէր Դաւիթ արքային։ Նրանք ասացին. «Թող Աստուած քո Սողոմոն որդու անունը առաւել մեծացնի, քան քո անունը, եւ նրա աթոռն առաւել բարձրացնի, քան քո աթոռը»։ Արքան իր անկողնի մէջ գլուխ խոնարհեց՝ ասելով. 48«Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն այսօր իմ զաւակին արժանացրեց իմ աթոռին, եւ իմ աչքերը այդ տեսնում են»։ 49Ադոնիայի բոլոր հիւրերը զարհուրեցին ու վեր կացան, եւ ամէն մէկը գնաց իր ճանապարհով։ 50Ադոնիան վախենալով Սողոմոնից՝ ելաւ գնաց ու զոհասեղանի եղջիւրներից բռնեց։ 51Սողոմոնին յայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցաւ Սողոմոն արքայից։ Նա բռնել է զոհասեղանի եղջիւրները եւ ասում է. «Թող Սողոմոն արքան այսօր ինձ երդուի, թէ իր ծառային սրով չի սպանի»։ 52Սողոմոնն ասաց. «Եթէ նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետին չի ընկնի, իսկ եթէ ուզենայ չար գործ կատարել, կը մեռնի»։ 53Սողոմոն արքան մարդ ուղարկեց, եւ Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկաւ, խոնարհուեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տունը»։
2 Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա դիմելով իր որդի Սողոմոնին՝ ասաց. 2«Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան։ Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր, 3պահի՛ր քո Տէր Աստծու հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու նրա վկայութիւնները ըստ Մովսէսի Օրէնքների գրքի, որ, ինչ էլ անես, նկատի ունենաս այն ամէնը, որ պատուիրել եմ քեզ։ 4Եւ Տէրը կ՚իրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ «Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ սրտով ու հոգով հաւատարմութեամբ գնան իմ առջեւից, ապա մարդ չի պակասի Իսրայէլի գահի վրայից»։ 5Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետերին՝ Ներէի որդի Աբեններին եւ Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակուայ պէս արիւն թափեց, իր կեանքում անպարտ արիւն թափեց՝ ներկելով իր մէջքն ու կօշիկները։ 6Գործի՛ր ըստ քո իմաստնութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու դժոխք։ 7Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։ 8Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին։ Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ բանակատեղին։ Նա Յորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկաւ, եւ ես Տիրոջ անունով երդուելով՝ նրան ասացի. «Քեզ սրով չեմ սպանի»։ 9Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»։ 10Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում։ 11Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթը տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։ 12Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին, երբ տասներկու տարեկան էր։ Նրա թագաւորութիւնը շատ հաստատուն էր։ 13Ագիթի որդի Ադոնիան Սողոմոնի մայր Բերսաբէէի մօտ գալով՝ խոնարհուեց նրա առաջ։ Բերսաբէէն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես գալիս մօտս»։ Ադոնիան ասաց. «Բարի նպատակով»։ 14Եւ նա աւելացրեց. «Ես խօսքեր ունեմ քեզ ասելու»։ 15Բերսաբէէն ասաց. «Խօսի՛ր»։ Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, թէ իմն էր թագաւորութիւնը, եւ ամբողջ Իսրայէլն իր հայեացքն ինձ էր ուղղել որպէս թագաւորի, սակայն ոչ թէ ե՛ս արժանացայ թագաւորութեան, այլ՝ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրուեց նրան։ 16Արդ, մի բան եմ խնդրելու քեզնից, եւ դու չպէտք է մերժես ինձ»։ Բերսաբէէն ասաց. «Յայտնի՛ր խնդրանքդ»։ 17Ադոնիան ասաց. «Ասա՛ Սողոմոն արքային (եւ նա քեզ չի մերժի), որ ինձ կնութեան տայ սոմնացի Աբիսակին»։ 18Բերսաբէէն ասաց. «Բարի, ես այդ մասին կը խօսեմ արքայի հետ»։ 19Բերսաբէէն գնաց Սողոմոն արքայի մօտ, որ խօսի նրա հետ Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջեւ, համբուրեց նրան, նստեց իր աթոռին։ Արքայի մօր համար էլ աթոռ բերուեց, եւ մայրը նստեց նրա աջ կողմում։ 20Բերսաբէէն ասաց նրան. «Մի փոքր խնդրանք ունեմ քեզնից, ինձ մի՛ մերժիր»։ Արքան ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։ 21Բերսաբէէն ասաց. «Սոմնացի Աբիսակը թող քո եղբօրը՝ Ադոնիային կնութեան տրուի»։ 22Պատասխան տուեց Սողոմոն արքան եւ ասաց իր մօրը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սոմնացի Աբիսակին խնդրում, նրա համար թագաւորութի՛ւնս խնդրիր, չէ՞ որ նա իմ աւագ եղբայրն է, եւ Աբիաթար քահանան ու Շարուհիի որդի Յովաբը նրա սպարապետն ու բարեկամներն են»։ 23Սողոմոն արքան երդուեց Տիրոջ անունով՝ ասելով. «Թող Աստուած ինձ այսպէս անի եւ աւելին էլ անի. Ադոնիայի խնդրածը իր իսկ կեանքի դէմ է։ 24Արդ, կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դաւթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպէս խոստացել էր Տէրը։ Ադոնիան այսօր իսկ պիտի մեռնի»։ 25Եւ Սողոմոն արքան ուղարկեց Յովիդայէի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եւ այդ օրը մեռաւ Ադոնիան։ 26Աբիաթար քահանային արքան ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթոթ։ Այսօր դու մահուան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հօր առջեւ կրել ես Տիրոջ ուխտի տապանակը, եւ դու էլ չարչարուել ես այնտեղ, ուր չարչարուել է իմ հայրը»։ 27Եւ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայութիւնից, որպէսզի կատարուի Տիրոջ այն խօսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան վերաբերեալ։ 28Լուրը հասաւ Յովաբին, որը Ադոնիայի համակիրն էր եւ չէր հետեւել Սողոմոնին։ Յովաբը փախաւ մտաւ Տիրոջ վրանը եւ բռնեց զոհասեղանի եղջիւրներից։ 29Սողոմոնին յայտնեցին, թէ Յովաբը փախել մտել է Տիրոջ վրանը եւ բռնել զոհասեղանի եղջիւրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց Յովաբին՝ ասելով. «Քեզ ի՞նչ եղաւ, որ փախար զոհասեղանի մօտ»։ Յովաբն ասաց. «Վախեցայ քեզնից ու փախայ Տիրոջ մօտ»։ Սողոմոն արքան Յովիդայէի որդի Բանեային ասաց. «Գնա սպանի՛ր Յովաբին ու թաղի՛ր»։ 30Յովիդայէի որդի Բանեան գնաց Տիրոջ վրանը, Յովաբի մօտ եւ ասաց նրան. «Այսպէս է կարգադրել արքան, ելի՛ր այդտեղից»։ Յովաբն ասաց. «Չեմ ելնի, քանզի այստեղ էլ պիտի մեռնեմ»։ Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ ու արքային յայտնեց, թէ ինչ է ասել ինքը Յովաբին, եւ թէ ինչ պատասխան է տուել նա։ 31Արքան ասաց նրան. «Գնա՛ եւ արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր եւ այսօր վերացրո՛ւ ինձնից ու իմ հօր տնից այն անմեղ արիւնը, որ թափել էր Յովաբը։ 32Տէրը նրա հեղած անմեղ արիւնը թող նրա գլխին դարձնի, որովհետեւ նա սրով սպանել է իրենից աւելի արդար եւ քաջ երկու մարդկանց, եւ հայրս նրանց այդ սպանութեան մասին չգիտէր։ Դրանք էին՝ Ներէի որդի Աբենները, որն Իսրայէլի սպարապետն էր, եւ Յեթերի որդի Ամեսային, որը Յուդայի երկրի սպարապետն էր։ 33Նրանց արիւնը թող յաւիտեան դառնայ նրա ու նրա զաւակների գլխին, իսկ Տէրը յաւիտենական խաղաղութիւն թող պարգեւի Դաւթին, նրա զաւակին, նրա տանն ու գահին»։ 34Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ Յովաբի մօտ, սպանեց նրան ու թաղեց անապատում գտնուող նրա տան մէջ։ 35Արքան Յովիդայէի որդի Բանեային նրա փոխարէն զօրավար կարգեց, թագաւորութիւնը փոխադրեց Երուսաղէմ եւ Սադոկ քահանային Աբիաթարի փոխարէն քահանայ կարգեց Տիրոջ առաջ։Տէրը Սողոմոնին չափազանց շատ խելք ու իմաստնութիւն տուեց եւ ծովեզրի աւազի նման՝ սրտի լայնութիւն։ Սողոմոնն աւելի իմաստուն դարձաւ, քան իր նախնիների բոլոր որդիները եւ եգիպտացի իմաստունները։ Նա կին առաւ փարաւոնի դստերն ու, նախքան իր պալատը կառուցելը, նրան բերեց Դաւթի քաղաքը։ Նա նախ եօթը տարի կառուցեց եւ աւարտեց Տիրոջ տունն ու Երուսաղէմի շուրջանակի պարիսպը։ Սողոմոն արքան լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ։ Սողոմոնը ծովափին պատնէշներ դրեց, մեծամեծ ջրաւազաններ կառուցեց, ինչպէս նաեւ սիւներ տնկեց, բակում շատրուաններ շինել տուեց ու պղնձէ աւազանը։ Նա շինեց բարձրադիր միջնաբերդ աշտարակներով եւ Դաւթի քաղաքն անջրպետեց խրամատով։ Դրանից յետոյ փարաւոնի դուստրը ելաւ Դաւթի քաղաքից եւ եկաւ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար։ Դրանից յետոյ է, որ շինուեց բարձրադիր միջնաբերդը։ Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզ եւ խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որ կառուցել էր Տիրոջ համար, խունկ էր ծխում Տիրոջ առջեւ։ Նա աւարտեց տան կառուցումը։Սրանք են այն իշխանները, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը... Սողոմոնի ձեռնարկած գործերի վրայ աշխատող մարդկանց հսկում էին երեք հազար վեց հարիւր գործավարներ։ Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը եւ Բալաաթը, բայց Տիրոջ տունը եւ Երուսաղէմի շուրջանակի պարիսպը շինելուց յետոյ է, որ կառուցեց այդ քաղաքները։Դաւիթը կենդանի եղած ժամանակ պատուիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ մօտ է քեբրոնցի Յեմինի որդի Գերիի որդի Սեմէին։ Նա ծանր անէծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի իմ բանակը։ Սա Յորդանան գետի ափին ընդառաջ եկաւ ինձ, եւ ես Տիրոջ անունով երդուեցի նրան, թէ՝ «Քեզ սրով չեմ սպանի»։ Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես եւ գիտես, թէ ինչ պէտք է անես նրան՝ նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»։ 36Արքան լուր ուղարկեց, կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղէմում, այնտեղ ապրի՛ր եւ այնտեղից դուրս չգաս։ 37Այն օրը, որ ելնես եւ Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛ւ իմացիր, որ կը մեռնես, եւ քո արիւնը քո գլխին կը լինի»։ Արքան այդ օրը երդուել տուեց նրան։ 38Սեմէին ասաց արքային. «Բարի է այն, որ ասացիր, իմ տէ՛ր արքայ, քո ծառան այդպէս էլ կ՚անի»։ Եւ Սեմէին Երուսաղէմում բնակուեց երեք տարի։ 39Երեք տարի անց Սեմէիի երկու ծառաները փախան Գեթի արքայ Մաաքի որդի Անքուսի մօտ։ Սեմէիին յայտնեցին, թէ՝ «Ահա քո երկու ծառաները Գեթում են»։ 40Վեր կացաւ Սեմէին, համետեց իր էշը ու գնաց Անքուսի մօտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։ 41Սողոմոնին յայտնեցին, թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գեթ եւ վերադարձրել իր ծառաներին։ 42Արքան մարդ ուղարկելով՝ կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդուեցրի Տիրոջ անունով ու վկայութիւն տուեցի՝ ասելով, թէ՝ «Այն օրը, որ ելնես Երուսաղէմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛ւ իմացիր, որ կը մեռնես», իսկ դու ասացիր ինձ՝ «Բարի են խօսքերդ, որ լսեցի»։ 43Արդ, ինչպէ՞ս է, որ չպահեցիր Տիրոջը տուած իմ երդումն ու քեզ տուած իմ պատուէրը»։ 44Արքան ասաց Սեմէիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարութիւնը, որ արել ես իմ հայր Դաւթի նկատմամբ։ 45Տէրը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնեալ է, եւ Դաւթի աթոռը Տիրոջ առաջ թող յաւիտեան հաստատ մնայ»։ 46Եւ Սողոմոն արքան հրաման տուեց Յովիդայէի որդի Բանեային, որը եկաւ ու սպանեց Սեմէիին, եւ սա մեռաւ։
3 Երբ Սողոմոնի թագաւորութիւնն ամրապնդուեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղէմի շուրջանակի պարսպի շինարարութեան աւարտը նա խնամիութիւն հաստատեց Եգիպտոսի արքայ փարաւոնի հետ, կին առաւ նրա դստերն ու բերեց Դաւթի քաղաքը։ 2Ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրայ, քանզի մինչ այդ դեռ չէր շինուել Տիրոջ անուան տունը։ 3Սողոմոնը, հնազանդուելով իր հայր Դաւթի յորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։ 4Արքան ելաւ գնաց Գաբաւոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանզի այդտեղ աւելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբաւոնում գտնուող այդ զոհասեղանի վրայ հազար ողջակէզ մատուցեց։ 5Տէրը Սողոմոնին երեւաց գիշերուայ քնի մէջ։ Տէրն ասաց Սողոմոնին. «Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար»։ 6Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածութիւն արեցիր իմ հայր Դաւթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացաւ ճշմարտութեամբ, արդարութեամբ ու սրտի մաքրութեամբ, եւ դրա համար ցոյց տուեցիր այս մեծ ողորմածութիւնը՝ նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպէս որ է այսօր։ 7Արդ, իմ Տէ՛ր Աստուած, դու քո ծառային դրել ես իմ հայր Դաւթի փոխարէն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը։ 8Քո ծառան քո ընտրած ժողովրդի մէջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիւ ու անհամար։ 9Իմաստնութի՛ւն տուր քո ծառային, որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։ 10Տիրոջը հաճելի եղաւ Սողոմոնի այս խնդրանքը, 11եւ Տէրն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թէ կեանքի երկար օրեր, հարստութիւն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտութիւն՝ դատ անելու, 12ուստի քո ասածի համաձայն եմ վարուելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպէս որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, եւ ո՛չ էլ քեզնից յետոյ քո նմանը կը յայտնուի։ 13Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստութիւն ու փառք, այնպէս որ քո ապրած կեանքի օրերին թագաւորներից ոչ ոք չի լինելու քեզ նման։ 14Եւ եթէ ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատուիրանները, ինչպէս ընթացել էր քո հայր Դաւիթը, ապա քո կեանքի օրերը կ՚երկարեցնեմ»։ 15Սողոմոնը զարթնեց եւ տեսաւ, որ դա երազ էր։ Նա եկաւ Երուսաղէմ, կանգնեց Սիոնում գտնուող Տիրոջ ուխտի տապանակի դէմ յանդիման, զոհասեղանի առջեւ, ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց եւ մեծ խրախճանք սարքեց իր եւ իր բոլոր ծառաների համար։ 16Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջեւ։ 17Կանանցից մէկն ասաց. «Լսի՛ր ինձ, տէ՛ր իմ, ես եւ այս կինը մի տան մէջ էինք։ Ես երեխայ ունեցայ այդ տանը։ 18Այնպէս պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը։ 19Գիշերը սրա որդին մեռաւ, որովհետեւ նա իր երեխայի վրայ էր պառկել։ 20Սա գիշերուայ կէսին զարթնել է, վերցրել իմ մանկանն իմ գրկից, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը։ 21Առաւօտեան վեր կացայ, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսայ, որ մեռած է։ Ցերեկը մի լաւ դիտեցի նրան եւ տեսայ, որ դա իմ ծնած երեխան չէ»։ 22Միւս կինն ասաց. «Ո՛չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանին է»։ Առաջին կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ որդին է, իսկ քո որդին մեռածն է»։ 23Այսպէս վիճեցին արքայի առջեւ։ Արքան ասաց նրանց. «Դու ասում ես, թէ՝ «Այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է», իսկ դու էլ ասում ես՝ «Ո՛չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է»։ 24Արքան ասաց. «Սուրն ի՛նձ բերէք»։ Սուրը բերեցին թագաւորի մօտ։ 25Արքան ասաց. «Կտրեցէ՛ք, երկու կէս արէ՛ք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կէսը տուէ՛ք սրան ու միւս կէսը՝ նրան»։ 26Այն կինը, որի որդին կենդանի էր, ցաւից գալարուեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տէ՛ր, կենդանի մանկանը տուէ՛ք նրան, միայն թէ մի՛ սպանէք մանկանը»։ Միւս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մէջտեղից կիսէ՛ք նրան»։ 27Պատասխան տուեց արքան՝ ասելով. «Նրա՛ն տուէք կենդանի մանկանը, ով ասաց, թէ՝ «Դրա՛ն տուէք, միայն թէ մի՛ սպանէք երեխային»։ Նա է դրա մայրը»։ 28Եւ ամբողջ Իսրայէլը լսելով արքայի վճռած դատաստանը՝ երկնչեց արքայից, քանզի տեսաւ, որ նրա մէջ դատաստան վարելու Աստծու իմաստնութիւնը կար։
4 Սողոմոն արքան թագաւորում էր Իսրայէլի վրայ, 2ու սրանք էին նրա իշխանները. Սադոկի որդի Ազարիան՝ քահանայ, 3Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Յոսափատը՝ դիւանապետ, 4Յովիդայէի որդի Բանեան՝ սպարապետ, Սադոկն ու Աբիաթարը՝ քահանաներ, 5Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանայ եւ արքայի բարեկամ, 6Աքիսարը՝ տան վերակացու, Ելիակը՝ հազարապետ, Սափի որդի Ելիափը՝ իշխան, եւ Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։ 7Սողոմոնն ամբողջ Իսրայէլում ունէր տասներկու գործակալներ, որոնցից ամէն մէկը տարուայ մէջ մէկ ամիս ուտեստեղէն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին։ 8Ահա նրանց անունները. Օրի որդի Բէինը՝ Եփրեմի լերան վրայ, 9Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամիւսում ու Այիլոմում մինչեւ Բեթանան, 10Եսդի որդին՝ Արաբոթում։ Սրան էին պատկանում Սոքովն ու ամբողջ Օփերի երկիրը։ 11Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում։ Սողոմոնի դուստր Տափաթը սրա կինն էր։ 12Այելոթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում եւ Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մօտ է, Եզրայէլից ներքեւ, եւ տարածւում է Բեթսանից մինչեւ Աբելմաուլա եւ Մամբրալա։ 13Գարերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Սրան էին պատկանում Մանասէի որդի Յայիրի աւանները Գաղաադում, Երգաբի գաւառը Բասանում, վաթսուն մեծամեծ պարսպապատ, պղնձէ նիգերով ամրացուած քաղաքներ։ 14Ադդովի որդի Այինադաբը՝ Մայենեմում, 15Աքիմասը՝ Նեփթաղիմում։ Սա Սողոմոնի դուստր Մասեմաթին կնութեան էր առել։ 16Քուսիի որդի Բաանասը՝ Ասերում եւ Բաալոթում։ 17Փարուայի որդի Յոսափատը՝ Իսաքարում։ 18Ելի որդի Սեմէին՝ Բենիամինում։ 19Ադայի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում, ամորհացիների թագաւոր Սեհոնի ու Բասանի թագաւոր Օգի երկրում։ Նաբիփը՝ Յուդայի երկրում։ 20Իսրայէլը ծովեզերքի աւազի չափ շատ բնակիչներ ունէր, որոնք ուտում էին, խմում եւ ուրախանում։ 21Սողոմոնը տիրում էր թագաւորութիւններին այլազգիների գետի երկրից մինչեւ Եգիպտոսի սահմանները։ Բերում էին ընծաներ ու ծառայեցին նրան մինչեւ նրա կեանքի վերջը։ 22Սողոմոնն օրական սպառում էր երեսուն քոռ ընտիր ալիւր, քառասուն քոռ ալիւր, 23տասն ընտիր եզներ, արօտավայրում կերակրուած քսան կով եւ հարիւր ոչխար, չհաշուած եղջերուները, այծեամներն ու տեսակ-տեսակ ընտիր պարարտ թռչուններ 24քանզի նա իշխում էր գետից այս կողմ գտնուող բոլոր երկրների վրայ՝ Թափսայից մինչեւ Գազա, գետի այս կողմում եղած բոլոր թագաւորութիւնների վրայ։ Խաղաղութիւն էր տիրում նրա երկրում ու շրջակայ բոլոր կողմերում։ 25Սողոմոնի իշխանութեան օրօք Յուդայի երկրում եւ Իսրայէլում, Դանից մինչեւ Բերսաբէէ, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կեանք էին վարում, ուտում ու խմում։ 26Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ լծկան ձիեր եւ տասներկու հազար երիվարներ։ 27Գործակալները Սողոմոն արքային ամէն ամիս պարէն էին մատակարարում, արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։ 28Որտեղ որ գտնւում էր արքան, ըստ իւրաքանչիւրի վրայ դրուած հարկի, այնտեղ էին բերում նաեւ գարի ու յարդ նժոյգների եւ լծկան ձիերի համար։ 29Տէրը Սողոմոնին տուեց ընդունակութիւն, շատ խոր իմաստնութիւն, ծովեզերքի աւազի չափ լայնախոհ սիրտ։ 30Սողոմոնի իմաստնութունը շատ աւելի խորն էր, քան բոլոր նախորդ մարդկանց ու Եգիպտոսի իմաստունների հանճարը։ 31Նա բոլոր մարդկանցից առաւել իմաստուն դարձաւ, աւելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը եւ Մաւուլի որդիներ Քալքալն ու Դարդանը։ Նրա համբաւը տարածուել էր շրջակայ բոլոր ազգերի մէջ։ 32Սողոմոնը երեք հազար առակ է գրել, իսկ նրա օրհներգութիւնների թիւը հինգ հազար է։ 33Նա խօսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչեւ պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու ձկների մասին։ 34Բոլոր կողմերից, նրա իմաստնութեան համբաւը լսած երկրի բոլոր թագաւորների մօտից մարդիկ գալիս էին լսելու Սողոմոնի իմաստնութիւնը։
5 Տիւրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մօտ, որովհետեւ լսել էր, թէ նրան թագաւոր են օծել իր հայր Դաւթի փոխարէն. Քիրամը միշտ սիրել էր Դաւթին։ 2Սողոմոնը լուր ուղարկեց Քիրամին՝ ասելով. 3«Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դաւիթը շրջակայ երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացաւ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, մինչեւ որ Տէրը թշնամիներին հնազանդեցրեց նրա ոտքերի առաջ։ 4Արդ, իմ Տէր Աստուածն ինձ հանգիստ է տուել, եւ շրջապատում չկայ ո՛չ դաւադիր, ո՛չ չար պատահար։ 5Ես որոշել եմ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, ինչպէս Տէր Աստուածը պատուիրել է իմ հայր Դաւթին՝ ասելով. «Իմ անուան տունը շինելու է քո որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարէն»։ 6Արդ, հրամա՛ն տուր, որ ինձ համար Լիբանանից փայտ կտրեն, եւ իմ ստրուկների հետ լինեն նաեւ քո ստրուկները։ Ես քեզ կը տամ քո ստրուկների վարձատրութիւնն այնքան, որքան դու կ՚ասես, որովհետեւ դու ինքդ գիտես, որ մենք չունենք մի մարդ, որ գիտենայ սիդոնացիների նման փայտ կտրել»։ 7Երբ Քիրամը լսեց Սողոմոնի խօսքերը, շատ ուրախանալով՝ ասաց. «Օրհնեալ է այսօր Տէր Աստուածը, որ Դաւթին իմաստուն որդի է տուել, որպէսզի նա ղեկավարի մի բազմամարդ ժողովուրդ»։ 8Քիրամը Սողոմոնին լուր ուղարկեց՝ ասելով. «Իմացայ այն ամէնն, ինչ ինձ յայտնեցին քո ուղարկած մարդիկ։ Ես կը կատարեմ քո ամբողջ կամքը. 9իմ ստրուկները Լիբանանից եղեւնափայտ ու մայրի կ՚իջեցնեն ծով, ես դրանցից լաստեր կը պատրաստեմ ծովի վրայ, դրանք բերել կը տամ մինչեւ այն տեղը, որ դու ինձ ցոյց կը տաս, ես ծովափ կը հանեմ դրանք, եւ դու կը վերցնես։ Դրա փոխարէն դու կը կատարես իմ կամքը. հաց կը մատակարարես իմ տանը»։ 10Քիրամը Սողոմոնին եղեւնափայտ ու մայրի էր տալիս այնքան, ինչքան նա ուզում էր, 11իսկ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն ու քսան հազար սափոր զտուած ձիթաիւղ, որ Սողոմոնն ամէն տարի ուղարկում էր Քիրամին։ 12Տէրը Սողոմոնին իմաստնութիւն տուեց, ինչպէս խոստացել էր նրան, խաղաղութիւն հաստատուեց Քիրամի ու Սողոմոնի միջեւ, եւ նրանք իրար հետ դաշինք կնքեցին։ 13Սողոմոնը գլխաահարկ դրեց ամբողջ Իսրայէլում։ Հարկ էր դրուած երեսուն հազար մարդու վրայ, 14որոնցից տասը հազարին ամէն ամիս ուղարկում էր Լիբանան։ Սրանք մէկ ամիս մնում էին Լիբանանում եւ երկու ամիս՝ իրենց տներում։ Այդ գլխահարկի վերակացու էր Ադոնիրամը։ 15Սողոմոնը լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ, 16բացի երեք հազար հինգ հարիւր գործակալ ղեկավարներից, որ Սողոմոնը նշանակել էր գործաւորների վրայ։ 17Արքայի հրամանով տան հիմքի համար բերեցին մեծ ու ընտիր ապառաժ քարեր, անտաշ քարեր։ 18Սողոմոնի մարդիկ, Քիրամի մարդիկ ու Բիբլոսի բնակիչները տաշեցին, երեք տարի փայտ ու քար պատրաստեցին Աստծու տան շինութեան համար։
6 Իսրայէլացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարիւր քառասուներորդ տարում եւ Սողոմոն արքայի՝ Իսրայէլի վրայ թագաւորելու չորրորդ տարուայ երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։ 2Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարութիւնն էր վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ քսան կանգուն, բարձրութիւնը՝ քսան կանգուն։ 3Տան առջեւի կամարակապ բակի երկարութիւնը քսան կանգուն էր՝ ինչքան տան բարձրութիւնն էր, իսկ տան ճակատի կողմի լայնութիւնը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց-ամբողջացրեց տունը։ 4Տունն ունէր գաղտնի դիտելու պատուհաններ։ 5Նա տան պատից դուրս, տան պատերի երկայնքով, տաճարի ու սրբարանի շուրջը պատուար շինեց, չորս կողմը սենեակներ կառուցեց։ 6Ներքին յարկը հինգ կանգուն լայնութիւն ունէր, միջինը՝ վեց կանգուն լայնութիւն, իսկ երրորդը՝ եօթը կանգուն լայնութիւն, որպէսզի տան շուրջը արտաքուստ ազատ տեղ ունենալով՝ տան պատերը չվնասուեն։ 7Տունը շինուեց ապառաժ ու անմշակ քարերով, եւ մուրճի կամ երկաթէ որեւէ գործիքի ձայն չլսուեց դրա շինութեան ժամանակ։ 8Ներքին յարկի գաւթի դուռը տան աջ կողմում էր. այստեղից ոլորապտոյտ սանդուղքներով ելնում էին միջին յարկը, իսկ միջինից՝ երրորդը։ 9Տունը կառուցեց-վերջացրեց, տունը երեսապատեց միմեանց շաղկապուած տախտակներով ու քանդակազարդ եղեւնափայտով։ 10Ամբողջ տան շուրջը վերնախարիսխ շինեց հինգ կանգուն բարձրութեամբ եւ վերնախարիսխը պատեց եղեւնափայտով։ 11Տէրը խօսքն ուղղելով Սողոմոնին՝ ասաց. 12«Ահա տուն ես շինում։ Եթէ ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրէնքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատուիրաններն ու դրանցով առաջնորդուես, ապա կը կատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տուել էի քո հօրը՝ Դաւթին. 13կը բնակուեմ Իսրայէլի ժողովրդի մէջ եւ չեմ լքի իմ իսրայէլացի ժողովրդին»։ 14Սողոմոնը կառուցեց-աւարտեց տունը։ 15Տան պատերը ներսից երեսապատեց եղեւնափայտով. տան յատակից մինչեւ պատերն ու գերանները ներսից շուրջանակի փայտով երեսապատեց։ Տան ներքին մասը դրուագեց մայրի փայտով, 16տան յետեւում քսան կանգուն երկարութեամբ մի պատ շինեց, ներսում յատակից մինչեւ գերանները երեսապատեց փայտով ու այն վերածեց սրբարանի, որպէսզի այնտեղ պահուի սրբութիւնների սրբութիւնը։ 17Տունը՝ ներքին տաճարը, քառասուն կանգուն էր։ 18Տան ներսից կամարները, վերնախարիսխները երեսապատեց քանդակազարդ եղեւնափայտով։ Ամէն ինչ եղեւնափայտով էր ծածկուած այնպէս, որ քար չէր երեւում։ 19Սրբարանը տան մէջ էր, ներսում։ Այն շինուել էր, որպէսզի այնտեղ դրուի Տիրոջ ուխտի տապանակը։ 20Սրբարանը քսան կանգուն երկարութիւն, քսան կանգուն լայնութիւն եւ քսան կանգուն բարձրութիւն ունէր։ Այն դրուագել տուեց մաքուր ոսկով։ 21Սողոմոնը եղեւնափայտէ զոհասեղան պատրաստեց։ Նա տունը ներքուստ մաքուր ոսկով պատեց եւ սրբարանի դիմացը վարագոյր քաշեց ոսկէ շղթաներով։ 22Նա ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկէ թիթեղներով։ 23Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստուած երկու քերովբէներ։ Մէկի բարձրութիւնը տասը կանգուն էր։ 24Նրա մի թեւը հինգ կանգուն էր, միւսը թեւը՝ նոյնպէս հինգ կանգուն. մի թեւի ծայրից միւս թեւի ծայրը տասը կանգուն էր։ 25Երկրորդ քերովբէն նոյն չափն ու նոյն ձեւն ունէր։ 26Մի քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր, նոյնը եւ՝ երկրորդ քերովբէինը։ 27Երկու քերովբէները դրեց ներսի սենեակում եւ նրանց թեւերը տարածեց. մի քերովբէի մէկ թեւը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբէի մէկ թեւը՝ միւս պատին։ Նրանց միւս թեւերը սենեակում գալիս միանում էին իրար։ 28Նա քերովբէները ոսկով պատեց։ 29Տան բոլոր պատերի վրայ ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց, փորագրեց քերովբէներ, արմաւենիներ ու բարձրաքանդակներ։ 30Նա տան ներքին ու արտաքին յատակը ոսկով երեսապատեց։ 31Նա սրբարանի մուտքի դուռը շինեց գիհի փայտից։ Դուռը պատի մէկ հինգերորդ մասն էր կազմում։ 32Իւղաթաթախ փայտից շինուած երկու փեղկերի վրայ քերովբէներ, արմաւենիներ փորագրեց եւ դրանք ոսկով երեսապատեց. ոսկին ծածկում էր քերովբէներն ու արմաւենիները։ 33Տաճարի մուտքի դռան դրանդիկները նոյնպէս գիհիի քառակուսի փայտերից էին։ 34Երկու դռները մայրի փայտից էին, ամէն մի դուռը երկփեղկ էր, իսկ փեղկերը բացւում-փակւում էին ծխնիներով։ 35Երկրորդ դռան վրայ ոսկով դրուագուած էին քերովբէներ, արմաւենիներ, եւ այդ դրուագները պատուած էին ոսկով, որ իջնում էր յօրինուածքի վրայ։ 36Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով եւ պարիսպ կառուցեց եղեւնափայտով։ 37Տիրոջ տան հիմքը դրուեց Սողոմոնի թագաւորութեան չորրորդ տարուայ Զի ամսին, 38եւ տասնմէկերորդ տարուայ Բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին տունն աւարտուեց իրեն անհրաժեշտ ամէն ինչով ու ամէն յօրինուածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց եօթը տարում։
7 Սողոմոնն իր տունը տասներեք տարի կառուցեց եւ ամբողջովին աւարտեց այն։ 2Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ունէր հարիւր կանգուն երկարութիւն, յիսուն կանգուն լայնութիւն եւ երեսուն կանգուն բարձրութիւն. այն կառուցուել էր երեք շարք եղեւնափայտէ սիւներով, որոնց վրայ դրուած էին եղեւնափայտէ հեծաններ։ 3Նաեւ կառուցեց մի յարկ սիւների վրայ։ Կառոյցը քառասունհինգ սիւն ունէր. ամէն մի շարքի վրայ տասնհինգ սիւն։ 4Երեք պատուարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դէմ առ դէմ։ 5Բոլոր դռներն ու միջնորմները քառակուսի էին, պատուարով։ Դռները երեք շարքով իրար դիմաց էին։ 6Նա յիսուն կանգուն երկարութեամբ ու երեսուն կանգուն լայնութեամբ սիւնազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացուած կամարները տեղաւորուած էին միմեանց դիմաց, իսկ սիւներն ու խարիսխները դրուած էին կամարների դիմաց։ 7Նա կառուցեց նաեւ կամարակապ գահասրահ եւ դատաստան էր անում այդ կամարակապ ատեանում։ Այդ յարկը յատակից մինչեւ ձեղուն երեսապատուած էր եղեւնափայտով։ 8Նրա տան մէջ, ուր բնակւում էր, կար նոյն ձեւով կառուցուած կամարակապ մի սրահ։ Փարաւոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն էր, նոյն ձեւով կամարակապ սրահ պատրաստեց։ 9Ամէն ինչ շինուած էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչեւ առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցուած ըստ իրենց չափերի։ 10Մեծ սրահի պատի հիմքը նա կառուցել էր մեծ-մեծ քարերով, որոնք ունէին տասը եւ ութ կանգուն երկարութիւն, 11իսկ վերեւի մասը կառուցել էր նոյն չափի անտաշ ու ընտիր քարերով։ Պատերը երեսապատուած էին եղեւնափայտով։ 12Մեծ սրահը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր եւ երեսապատուած եղեւնափայտով։ Տիրոջ տան սրահը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ սրահը շինուած էր տաճարի դիմաց։ 13Սողոմոն արքան մարդ ուղարկեց ու Քիրամ անունով մի մարդու բերել տուեց Տիւրոսից։ 14Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տիւրոսցի էր, պղնձի վարպետ եւ ամէն տեսակ պղնձի գործերի մէջ մեծ հմտութիւն, վարպետութիւն ու գիտելիքներ ունէր։ Նա եկաւ Սողոմոն արքայի մօտ ու նրա բոլոր գործերը կատարեց. 15պատրաստեց տան կամարակապ սրահի երկու ձուլածոյ սիւները՝ ամէն մի սիւնի բարձրութիւնը տասնութ կանգուն, իսկ սիւների շուրջը կապեց մի գօտի, որի լայնութիւնը տասնչորս կանգուն էր եւ չորս մատ լայնութեամբ ակօսներ ունէր։ Նոյն ձեւով կերտեց նաեւ երկրորդ սիւնը։ 16Նա երկու խոյակ պատրաստեց, որոնք պէտք է դրուէին պղնձաձոյլ սիւների վրայ, նրանց գլխին։ Մի խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն էր, երկրորդ խոյակի բարձրութիւնը նոյնպէս հինգ կանգուն էր։ 17Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց խոյակը ծածկելու համար։ 18Վանդակակերպ երկու ցանց էլ պատրաստեց երկրորդ խոյակը զարդարանքով ծածկելու համար։ Նա երկու սիւների համար պատրաստեց նռնաձեւ զարդեր, որպէսզի դրանք շարք-շարք կախեն վանդակացանցի վրայ։ 19Սիւնի գլխին գտնուող երկրորդ խոյակի վրայ, կամարի մօտ դրեց մի պսակ, որն ունէր չորս կանգուն երկարութիւն, եւ վրան շուշաններ էին քանդակուած։ 20Երկու սիւների խոյակների վերեւից դրեց պսակներ, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարուած երկու հարիւր նռնաձեւ զարդեր։ 21Նա սիւներ կանգնեցրեց տաճարի սրահում։ Մի սիւն կանգնեցրեց ու այն անուանեց Յաքում. երկրորդ սիւնը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ։ 22Սիւների գլխին շուշանաձեւ զարդեր քանդակեց։ Այսպիսով աւարտուեցին սիւների հետ կապուած աշխատանքները։ 23Նա պատրաստեց նաեւ մի ձուլածոյ աւազան, որի երկարութիւնը մի ծայրից մինչեւ միւս ծայրը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։ Դրա բարձրութիւնը հինգ կանգուն էր, իսկ երեսուներեք կանգուն երկարութիւն ունեցող դրա շուրջբոլորը փոսեր կային։ 24Դրա եզրերից ներքեւ տասը կանգուն շուրջանակի յենարաններ կային, եւ երկու շարք մոյթեր ձուլուած-ամրացուած էին դրա շուրջը։ 25Ձուլածոյ աւազանը դրուած էր տասներկու եզների վրայ. երեքը դէպի հիւսիս էին նայում, երեքը՝ դէպի ծով, երեքը՝ դէպի հարաւ, երեքը՝ դէպի արեւելք։ Աւազանը դրանց վրայ էր ամրացուած։ Բոլոր եզների գաւակները դէպի ներս էին ուղղուած։ 26Աւազանի պղնձի հաստութիւնը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրայ ծաղկած շուշան էր քանդակուած։ Աւազանը մօտաւորապէս երկու հազար մար էր տանում։ 27Նա պղնձէ տասը պատուանդաններ շինեց. մէկ պատուանդանի երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ չորս կանգուն, բարձրութիւնը՝ վեց կանգուն։ 28Պատուանդաններն այսպիսի կառուցուածք ունէին. փոսիկները յաջորդում էին միմեանց, եւ դրանց միջեւ ելուստներ կային։ 29Ելուստների միջեւ գտնուող փոսիկների վրայ պատկերուած էին առիւծներ, եզներ ու քերովբէներ, իսկ փոսիկների վրայ պատկերուած առիւծներից եւ եզներից վերեւ ու ներքեւ զարդեր էին կախուած։ 30Ամէն մի պատուանդան պղնձէ չորս անիւ ու պղնձէ սռնի ունէր, եւ չորս անկիւններին, աւազանի տակ, մարդու ուսի նմանութիւն ունեցող ձուլածոյ ելուստներ կային։ 31Դրա բերանը ներքին խոյակից մինչեւ վեր մէկ կանգուն էր. այդ բերանը խարսխի պէս կլոր էր ու մէկուկէս կանգուն լայնութիւն ունէր։ Դրա բերանի վրայ ոչ թէ կլոր, այլ քառակուսի քանդակներ կային։ 32Սռնիով իրար միացուած չորս անիւներն ամրացուած էին աւազանի տակից, իսկ անիւներն էլ ամրացուած էին պատուանդանին։ Ամէն մի անուի բարձրութիւնը մէկուկէս կանգուն էր։ 33Անիւները սարքուած էին կառքի անիւների նման. դրանց սռնիները, շրջանակները, ճաղերը եւ ամէն ինչը ձուլածոյ էին։ 34Ամէն մի պատուանդանի չորս անկիւններն ունէին չորս ելուստներ, եւ ելուստները պարանոցի հետ միաձոյլ էին։ 35Պատուանդանի վերեւում կէս կանգուն բարձրութեամբ կար բոլորակ մի պսակ, եւ պատուանդանի գլխի վերեւում գտնուող դրա բռնակներն ու խորշերը պատուանդանի հետ միաձոյլ էին։ 36Դրա բռնակների ու խորշերի վրայ քանդակեց ներսի կողմից շուրջանակի միմեանց դիմաց կանգնած քերովբէներ, առիւծներ ու արմաւենիներ։ 37Այս նոյն օրինակով սարքեց բոլոր տասը պատուանդանները. բոլորը նոյն ձեւը, նոյն չափն ու նոյն զարդերն ունէին։ 38Նա պղնձէ տասը տաշտեր պատրաստեց. ամէն մի տաշտ քառասուն սափոր էր տանում եւ չորս կանգուն բարձրութիւն ունէր։ Ամէն մի տաշտ դրուեց այդ տասը պատուանդաններից մէկի վրայ։ 39Ուսի վրայ ամրացուած հինգ պատուանդանները տեղադրեց տան աջ կողմում, միւս հինգը՝ տան ձախ կողմում, իսկ աւազանը տեղադրեց տան աջ կողմում՝ դէպի հարաւ-արեւելք։ 40Քիրամը շինեց կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ ու կոնքեր։ Քիրամն աւարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Տիրոջ համար Սողոմոն արքայի տունը կառուցելիս. դրանք են՝ 41երկու սիւն ու սիւների շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի քանդակուած երկու խոյակները, 42երկու ցանցերի չորս հարիւր նռնաձեւ զարդերը, երկու շարք նռնաձեւ քանդակներ ամէն մի վանդակին, որոնցով պէտք է ծածկէին սիւների շուրջանակի քանդակուած երկու խոյակները։ 43Նաեւ տասը պատուանդաններ ու պատուանդանների վրայ դրուած տասը տաշտեր, 44մէկ աւազան ու աւազանի տակ ամրացուած տասներկու պղնձաձոյլ եզներ, 45կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ, կոնքեր եւ ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Տիրոջ համար Սողոմոն արքայի տունը կառուցելիս։ Արքայի տան ու Տիրոջ տան քառասունութ սիւներն ու արքայի պղնձի ամբողջ գործերը պատրաստեց Քիրամը։ Իսկ թէ որքան պղինձ օգտագործեց այդ ամբողջ գործերն անելու համար, հնարաւոր չէ ասել, քանի որ դրանց չափ ու սահման չկար։ Անգամ հնարաւոր չէ ասել, թէ որքան փայլուն պղինձ օգտագործուեց։ 46Արքան դրանք ձուլել էր տուել կաւային թանձր հողի մէջ, Սոկքոթի ու Սիրարթամի միջեւ ընկած Յորդանան գետի ափին։ 47Սողոմոն արքան այդպէս տեղում թողեց ամբողջ այդ իրերը, քանզի թուով չափազանց շատ էին դրանք, եւ օգտագործուած պղնձին չափ ու սահման չկար։ 48Սողոմոն արքան պատրաստել տուեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհարանն ու ոսկէ սեղանը, որի վրայ մատուցւում էր նուիրաբերման հացը, 49մաքուր ոսկուց պատրաստուած աշտանակները, որոնցից հինգը դրուած էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, եւ հինգը՝ ձախ կողմում, ոսկէ մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները, նաեւ դրանդիկները, լծակները, տաշտերը, ափսէներն ու տուփերը մաքուր ոսկուց։ 50Ոսկուց էին ներքնատան՝ սրբութիւնների սրբութեան դռներն ու տաճարի տան դռները։ 51Այսպիսով աւարտուեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եւ Սողոմոն արքան տարաւ իր հայր Դաւթի նուէրները եւ իր՝ Սողոմոնի բոլոր նուէրները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, եւ ի պահ դրեց Տիրոջ տան գանձարանում։
8 Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայէլի բոլոր ծերերին՝ ցեղերի բոլոր բարձրաստիճան գլխաւորներով եւ իսրայէլացիների նահապետներով հանդերձ կանչեց իր մօտ, Սիոն, որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ 2Իսրայէլի բոլոր տղամարդիկ Սողոմոն արքայի մօտ հաւաքուեցին Անթանիամ ամսին, տօնին, այսինքն՝ եօթներորդ ամսին։ 3Եկան Իսրայէլի բոլոր ծերերը, եւ քահանաները վերցնելով դուրս բերեցին Տիրոջ տապանակը, 4վկայութեան խորանն ու վկայութեան խորանի մէջ եղած ամբողջ սուրբ սպասքը։ Այն վերցրին քահանաներն ու ղեւտացիները։ 5Սողոմոն արքան ու նրա մօտ հաւաքուած Իսրայէլի ամբողջ ժողովուրդը նրա հետ տապանակի առջեւից գնալով՝ անթիւ ու անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։ 6Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը ներս տարան, իր տեղը՝ սրբութիւնների սրբութեան տան սրբարանը, եւ տեղադրեցին քերովբէների թեւերի ներքոյ։ 7Քերովբէները թեւերը տարածել էին տապանակի վրայ, եւ նրանք վերեւից ծածկում էին դրա սրբութիւնները։ 8Լծակներն այնպէս էին տեղաւորել, որ դրանց գլուխները սրբարանի դիմաց երեւում էին սրբութիւններից, բայց դրսից չէին երեւում։ Դրանք այնտեղ են մնում մինչեւ այսօր։ 9Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի քարէ երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից։ Դրանք այնտեղ դրել էր Մովսէսը Քորէբում, երբ Տէրն ուխտ էր արել իսրայէլացիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ։ 10Երբ քահանաները ելան սրբարանից, ամպ լցուեց Տիրոջ տունը, 11եւ քահանաներն ամպի պատճառով չէին կարողանում սպասաւորութիւն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տունը։ 12Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տէրն ասել է՝ «Ես հովանի պիտի լինեմ մէգ ու մշուշով»։ 13Ես քեզ համար բնակութեան տուն շինեցի, որ քո աթոռը հաստատ լինի յաւիտեան»։ 14Արքան երեսը դարձրեց ու օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին. եւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը կանգնած էր։ 15Նա ասաց. «Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածն այսօր, որն իր բերանով խօսեց իմ հայր Դաւթի մասին եւ իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ 16ասելով. «Այն օրից, որ իմ ժողովրդին՝ Իսրայէլին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայէլի ցեղերին պատկանող ոչ մի վայր չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անուամբ լինի, այլ ընտրեցի Դաւթին, որ իսրայէլի իմ ժողովրդին ղեկավարի»։ 17Իմ հայր Դաւթի մտքում եղել էր Իսրայէլի Տէր Աստծու անուանով տուն շինելու նպատակը, 18եւ Տէրն ասել էր իմ հայր Դաւթին. «Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լաւ ես արել, որ այն դրել ես մտքումդ, 19բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ՝ քո որդին, որ սերուելու է քեզնից, նա է շինելու իմ անուանով տունը»։ 20Եւ Տէրը կատարեց իր ասած խօսքը, ու ես փոխարինեցի իմ հօրը՝ Դաւթին, նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս ասել էր Տէրը, եւ Իսրայէլի Տէր Աստծու անունով տուն շինեցի, 21այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, ուր դրուած է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց Եգիպտացիների երկրից»։ 22Սողոմոնը ամբողջ Իսրայէլի ժողովրդի ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ, ձեռքերը երկինք տարածեց 23եւ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, չկայ քեզ նման Աստուած վերեւում՝ երկնքում, ու ներքեւում՝ երկրի վրայ. դու պահում ես ուխտը եւ ողորմածութիւն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջեւից։ 24Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպէս այսօր։ 25Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, կատարի՛ր քո Դաւիթ ծառային՝ իմ հօրը տուած քո այն խոստումը, թէ՝ «Մարդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայից, միայն թէ քո որդիները հաստատ հետեւեն իրենց ճանապարհին՝ ընթանալով իմ առջեւից, ինչպէս դու ես ընթանում իմ առջեւից»։ 26Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թող իրագործուեն քեզ ծառայ իմ հայր Դաւթին ասած քո խօսքերը։ 27Մի՞թէ Աստուած բնակուելու է մարդկանց հետ երկրի վրայ։ Եթէ երկինքն ու երկնքի անսահմանութիւնները քեզ բաւական չեն, ապա ինչպէ՞ս կարող է բաւականացնել իմ շինած այս տունը։ 28Արդ, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու իմ խնդրանքները, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, լսի՛ր քո ծառայի պաղատագին աղօթքները, որ նա քո առջեւ մատուցում է քեզ։ 29Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն այնտեղ պէտք է լինի. լսի՛ր այն աղերսանքը, որ քո ծառան գիշեր-ցերեկ առաքում է քեզ այստեղ։ 30Լսի՛ր քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի ձայնը, որոնք աղօթքի են կանգնել այստեղ. լսի՛ր քո բնակութեան վայրում՝ երկնքում, 31ու ների՛ր նրան, ով կը մեղանչի իր մերձաւորի դէմ։ Եթէ մէկը մի մարդու անիծելով մեղք գործելուց յետոյ գայ ու այս տանը, քո զոհասեղանի առաջ զղջայ, 32ապա լսի՛ր նրան երկնքում ու քաւութի՛ւն արա նրան։ Դատի՛ր Իսրայէլի քո ժողովրդին, դատապարտի՛ր անօրէնին ու նրանից պահանջի՛ր նրա կատարած մեղքի հատուցումը, իսկ արդարին արդարացրո՛ւ՝ հատուցելով նրան ըստ իր արդարութեան։ 33Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով Իսրայէլի քո ժողովուրդը պարտուի թշնամիներից, բայց դառնայ դէպի քեզ, փառք տայ քո անուանը, աղօթի ու աղաչի քեզ այս տանը, 34ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը եւ վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տուել ես նրանց հայրերին։ 35Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չլինի, իսկ նրանք աղօթք անեն այս վայրում, փառք տան քո անուանը եւ քեզնից ներում ստանալով՝ զղջան իրենց մեղքերի համար, 36ապա լսի՛ր երկնքում եւ ների՛ր քո ծառաների ու Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, որպէսզի ցոյց տաս նրանց բարի ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ անձրեւ տաս քո երկրին, որը տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։ 37Եթէ երկրի վրայ սով լինի, ժանտախտ, խորշակահարութիւն, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ թշնամին նեղի նրան իր քաղաքներից մէկում, կամ ամէն տեսակ պատահար ու ցաւ լինի, 38եւ եթէ Իսրայէլի քո ամբողջ ժողովրդից որեւէ մէկը մի աղօթք կամ մի աղերսանք անի, եւ մարդիկ, իրենց սրտի ցաւը գիտենալով, ձեռքները տարածեն դէպի այս տունը, 39ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամէն մէկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։ 40Թող մարդիկ երկիւղ կրեն քեզնից իրենց կեանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն մեր հայրերին տուած քո երկրի երեսին։ 41Եթէ Իսրայէլի քո ժողովրդին չպատկանող մի օտարական գայ հեռու երկրից, 42ուր լսած լինի քո մեծ անուան, ամուր ձեռքի ու հզօր բազկի մասին, գայ եւ աղօթք անի այս տեղում, 43ապա նրան եւս լսիր երկնքում՝ քո բնակութեան տեղում, եւ ըստ ամենայնի կատարի՛ր այդ օտարականի քեզնից խնդրածը, որպէսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկիւղ կրեն քեզնից, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ իմանան, որ քո անուամբ է կոչուել իմ կառուցած այս տունը։ 44Եթէ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որ դու կ՚ուղարկես նրանց, եւ եթէ նրանք աղօթքի կանգնեն Տիրոջ ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը, 45ապա երկնքից լսի՛ր նրանց աղօթքն ու խնդրանքը, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ։ 46Եթէ մեղանչեն քո դէմ (քանզի չկայ մարդ, որ չմեղանչի), եւ նրանց վրայ բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, եւ գերեվարողները նրանց գերեվարեն դէպի թշնամու հեռաւոր կամ մօտիկ երկիրը, 47եւ եթէ գերի տարուած երկրում զղջան իրենց հոգում, դառնան դէպի քեզ, աղաչեն քեզ գերութան երկրում եւ ասեն՝ «Մեղանչեցինք, անօրէնութիւն ու անիրաւութիւն գործեցինք», 48եւ ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դիմեն իրենց ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով, քեզ աղօթք անեն իրենց հայրերի տուած երկրի ճանապարհին, քո ընտրած քաղաքում եւ քո անունով իմ կառուցած տանը, 49ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան վայրում, նրանց աղօթքներն ու խնդրանքները, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ, 50ների՛ր քո դէմ գործած նրանց անիրաւութիւնները, քո հանդէպ թոյլ տուած բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց, 51քանզի նրանք քո ժողովուրդն են եւ քո ժառանգութիւնը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթէ հնոցի միջից։ 52Թող քո աչքերն ու ականջները բաց լինեն քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի աղերսանքների հանդէպ, որ լսես նրանց բոլոր աղաղակները, որ առաքում են քեզ, 53քանզի, դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերի միջից, ինչպէս ասել ես քո ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տէ՜ր, Տէ՜ր»։Երբ Սողոմոնն աւարտեց տան կառուցումը, իր կառուցած տան մասին ասաց. «Տէրն արեգակը ի ցոյց հանեց երկնքում. Տէրն ասաց, որ բնակւում է մէգ ու մշուշի մէջ։ Նա ասաց. «Իմ նոր տունը ինձ արժանի ձեւով կառուցի՛ր, որ բնակուեմ այնտեղ»։ Չէ՞ որ սա գրուած է Երգերի գրքում»։ 54Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դէպի երկինք տարածած Սողոմոնն աւարտեց Տիրոջն ուղղուած այս բոլոր աղօթքներն ու աղերսանքները, 55կանգնեց ու մեծաձայն օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին՝ ասելով. 56«Օրհնեալ է Տէրն այսօր, որ, ինչպէս խոստացել էր, հանգիստ է տուել Իսրայէլի իր ժողովրդին։ Իր ծառայի՝ Մովսէսի միջոցով խոստացած բոլոր բարի խօսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։ 57Մեր Տէր Աստուածը թող մեզ հետ լինի, ինչպէս մեր հայրերի հետ էր, 58մեզ թող չլքի, այլ այնպէս առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորուեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տուած նրա բոլոր պատուիրանները, նրա հրամանները, նրա կարգադրութիւնները։ 59Տէր Աստծու առջեւ մատուցած այս պաղատանքի խօսքերս ցերեկ ու գիշեր թող հասնեն մեր Տէր Աստծուն, որպէսզի իր ծառային ու Իսրայէլի իր ժողովրդին ամէն օր արդար դատի, 60որ երկրի բոլոր ժողովուրդները ճանաչեն, թէ Տէրը Աստուած է, եւ ուրիշ աստուած չկայ։ 61Մեր սրտերը հաւատարիմ թող լինեն մեր Տէր Աստծու նկատմամբ, որպէսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների եւ պահենք նրա պատուիրանները, ինչպէս այսօր»։ 62Արքան ու բոլոր իսրայէլացիները նրա հետ Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։ 63Սողոմոն արքան Տիրոջը քսաներկու հազար արջառ, հարիւր քսան հազար ոչխար մատուցեց իբրեւ խաղաղութեան զոհաբերում։ Արքան ու բոլոր իսրայէլացիները կատարեցին Տիրոջ տան նաւակատիքը։ 64Այդ օրը արքան սրբագործեց սրահի մէջտեղը, որը Տիրոջ տան դիմաց էր. այնտեղ արեց ողջակէզներ, ընծայաբերումներ, զոհաբերումներ ու խաղաղութեան զոհեր։ Տիրոջ առաջ գտնուող պղնձէ զոհասեղանը փոքր էր եւ չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծայաբերումները եւ խաղաղութեան զոհերը։ 65Սողոմոնն ու նրա հետ նաեւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը Եմաթի արեւմուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը այդ օրը մեր Տէր Աստծու առաջ, նրա համար շինուած տանը եօթը օր ու դարձեալ եօթը օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին եւ ուրախացան։ 66Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, եւ ամէն մէկը ուրախ ու զուարթ գնաց իր բնակութեան վայրը, որովհետեւ Տէրը իր Դաւիթ ծառային եւ Իսրայէլի իր ժողովրդին բարիք էր պարգեւել։
9 Երբ Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան շինութիւնը, ինչպէս նաեւ այն բոլոր գործերը, որ նա կամենում էր կատարել, 2Տէրը երկրորդ անգամ երեւաց նրան, ինչպէս երեւացել էր նրան Գաբաւոնում։ 3Տէրը նրան ասաց. «Լսեցի իմ առջեւ արած աղօթքի ձայնդ ու կատարած պաղատանքներդ եւ արեցի այն ամէնը, ինչ դու խնդրում էիր քո աղօթքներում. սրբագործեցի քո կառուցած տունը, որպէսզի իմ անունը յաւիտեան այնտեղ դրուի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։ 4Եթէ դու քո հայր Դաւթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջեւից, կատարես այն ամէնը, ինչ պատուիրեցի նրան, պահես իմ հրամաններն ու պատուիրանները, 5ապա քո աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան կանգուն կը պահեմ, ինչպէս խոստացել եմ քո հայր Դաւթին՝ ասելով, թէ՝ «Քո տոհմից առաջնորդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայ»։ 6Իսկ եթէ դուք եւ ձեր որդիները ինձնից խոտորուէք, չպահէք իմ պատուիրաններն ու հրամանները, որ Մովսէսը տուեց ձեզ, գնաք ու ծառայէք օտար աստուածներին, երկրպագէք նրանց, ապա երկրի երեսից կը ջնջեմ Իսրայէլ աշխարհը, որ տուել եմ նրանց։ 7Իմ անուան համար սրբագործուած այս տունը աչքից կը գցեմ, Իսրայէլը բոլոր ժողովուրդների մօտ խայտառակ ու ծաղրի առարկայ կը լինի։ 8Եւ եթէ այս բարձր տան կողքից ամէն անցնող զարմանալով ու սուլելով հարց տայ, թէ՝ «Ինչո՞ւ է Տէրն այսպէս արել այս երկիրն ու այս տունը», 9ապա նրան պիտի պատասխանեն. «Քանի որ նրանք լքեցին իրենց Տէր Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից, ստրկութեան տնից, իսկ իրենք յարեցին օտար աստուածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տէրը նրանց վրայ թափեց այս ամբողջ չարիքը»։ Այն ժամանակ Սողոմոնը փարաւոնի դստերը հանեց Դաւթի քաղաքից ու բերեց իր կառուցած տունը։ 10Քսան տարուայ ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքունի տունը, 11Տիւրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղեւնափայտ, մայրի փայտ, ոսկի եւ այն ամէնը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն ժամանակ Սողոմոն արքան Քիրամին Գալիլիայում քսան քաղաք նուիրեց։ 12Քիրամը եկաւ Տիւրոսից ու գնաց Գալիլիա, որպէսզի տեսնի Սողոմոնի իրեն նուիրած քաղաքները, սակայն դրանք նրան դուր չեկան։ 13Նա ասաց. «Եղբա՛յր, այս ի՞նչ քաղաքներ ես դու ինձ նուիրել»։ Եւ նա դրանց անունը Սահմաններ դրեց։ Դրանք մինչեւ այսօր էլ այդպէս են կոչւում։ 14Եւ Քիրամը Սողոմոնին հարիւր քսան տաղանդ ոսկի բերեց։ 15Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը եւ արքունի տունը, Մելոնը եւ բարձրապարիսպները, լցնի Դաւթի քաղաքի խրամատները, կառուցի Ասուրը, Մայդանը եւ Երուսաղէմի պարիսպը, Եսերը, Մակեդդովն ու Գազերը, 16որոնք Եգիպտոսի փարաւոն արքային էին պատկանում։ Փարաւոնը գնացել, նուաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, եւ այն օժիտ էր տուել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը։ 17Սողոմոնը վերակառուցեց Գազերը, ներքին Բեթերոնը, 18Բալաթն ու Թերմոթը այդ երկրի անապատում, 19իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանուած քաղաքները եւ այն շենքերը, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղէմում, Լիբանանում եւ ամբողջ երկրում։ 20Որպէսզի գլուխ չբարձրացնեն Իսրայէլի ցեղին չպատկանող եւ երկրում ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խեւացիներից, քանանացիներից, յեբուսացիներից ու գերգեսացիներից կենդանի մնացած մարդիկ, որոնց իսրայէլացիները չէին կարողացել կոտորել, 21Սողոմոնը նրանց հարկատու ծառայութեան ենթարկեց, ինչպէս որ են մինչեւ այսօր։ 22Սողոմոնը իսրայէլացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր սպառազէն զինուորները, իր հեծեալները։ 23Սողոմոնի գործերի վերակացուները հինգ հարիւր յիսուն իշխաններ էին, որոնք հսկում էին գործաւոր ժողովրդին։ 24Փարաւոնի դուստրը Դաւթի քաղաքից դուրս գալով՝ եկաւ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար։ Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը կառուցեց Մելոնը։ 25Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որը Տիրոջ համար էր կառուցել, եւ Տիրոջ առջեւ խունկ էր ծխում։ Նա աւարտեց տան կառուցումը։ 26Եդոմի երկրում, Կարմիր ծովի եզրին, Ելաթի մօտ գտնուող Գասիոնդաբերում Սողոմոն արքան նաւեր պատրաստեց, 27իսկ Քիրամը Սողոմոնի ծառաների հետ ծովի նաւարկութեան հմուտ նաւորդներ ուղարկեց այդ նաւերով։ 28Սրանք եկան Սոփերա եւ այնտեղից չորս հարիւր քսան տաղանդ ոսկի բերեցին ու յանձնեցին Սողոմոն արքային։
10 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբաւի, Տիրոջ անուան ու Սողոմոնի իմաստնութեան մասին, եկաւ նրան փորձելու հանելուկներով։ 2Նա եկաւ Երուսաղէմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժէք ակնեղէն բարձած ուղտերով։ Նա մտաւ Սողոմոնի մօտ եւ խօսեց այն ամենի մասին, որ կար իր սրտում։ 3Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խօսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալուէր կամ չմեկնէր։ 4Կինը, տեսնելով Սողոմոնի ամբողջ իմաստնութիւնը, կառուցած տները, 5նրա խորտիկները, նրա ծառաների դասակարգութիւնը, պաշտօնեաների կարգապահութիւնն ու հանդերձանքը, նրա մատռուակներին ու Տիրոջը մատուցուող ողջակէզները, ապշեց։ 6Նա ասաց Սողոմոն արքային. «Ինչ որ իմ երկրում լսել էի քո գործերի ու իմաստնութեան մասին, ճիշտ է։ 7Ես չէի հաւատում ինձ ասուած խօսքերին, մինչեւ որ անձամբ չեկայ եւ աչքերովս չտեսայ։ Քո իմաստնութեան եւ քո բարութեան համբաւի կէսն անգամ չեն պատմել ինձ իմ երկրում։ 8Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջեւ կանգնած՝ ամէն օր լսում են քո ամբողջ իմաստնութիւնը։ 9Օրհնեալ լինի քո Աստուածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայէլի գահը։ Տէրն Իսրայէլը յաւիտեան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքայ դարձրել նրա վրայ, որ արդարամտութեամբ դատաստան անես նրանց ատեաններում»։ 10Նա Սողոմոնին նուիրեց հարիւր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ եւ թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ եւ անուշահոտ խունկ չստացուեց, ինչքան որ Սաբայի թագուհին էր նուիրել Սողոմոն արքային։ 11Սոփերից ոսկով բարձուած Քիրամի նաւը բերեց նաեւ խիստ շատ անտառանիւթ եւ թանկագին քարեր։ 12Արքան անտառանիւթից Տիրոջ տան եւ արքունի տան համար մոյթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տաւիղներ։ Այդպիսի քանակութեամբ անտառանիւթ այդ երկիրն այլեւս չստացաւ, եւ մինչեւ օրս էլ այդպիսի փայտեր չեն երեւացել։ 13Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տուեց ամէն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց, չհաշուած այն ամէնը, որ Սողոմոն արքան իր կամքով էր նուիրել։ Սաբայի թագուհին եւ նրա բոլոր ծառաները վերադարձան իրենց երկիրը։ 14Մէկ տարուայ ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարիւր վաթսունվեց տաղանդ, 15չհաշուած հպատակներից, վաճառականների հասոյթից եւ գետի այն կողմում գտնուող բոլոր թագաւորներից ու երկրի կառավարիչներից ստացուած հարկերը։ 16Սողոմոն արքան երեք հարիւր նիզակ պատրաստել տուեց կռածոյ ոսկուց՝ երեք հարիւր դահեկան ծախսելով մէկ նիզակի վրայ, 17եւ երեք հարիւր վահան կռածոյ ոսկուց՝ մէկ ու կէս կիլոգրամ կշռով ոսկի ծախսելով ամէն մի վահանի վրայ։ 18Արքան դրանք զետեղեց Լիբանանի փայտից կառուցուած տանը։ Արքան փղոսկրէ մեծ գահ պատրաստել տուեց եւ այն պատեց մաքուր ոսկով։ 19Գահը վեց աստիճան ունէր, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակուած։ Գահաթոռի երկու կողմերին երկու յենաթեւ կար, եւ յենաթեւերի այս ու այն կողմից երկու առիւծներ կային։ 20Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առիւծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։ 21Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաեւ լուացարանները, իսկ Լիբանանի փայտից կառուցուած տան ամբողջ ամանեղէնը ոսկեպատ էր։ Արծաթէ ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրօք արծաթը յարգի չէր։ 22Սողոմոն արքան Թարսիսի ծովում նաւ ունէր Քիրամի նաւերի հետ, եւ երեք տարին մէկ Թարսիսից մի նաւ էր գալիս՝ բեռնուած ոսկով, արծաթով, փղոսկրներով, կապիկներով ու սիրամարգերով։ 23Սողոմոնն իր հարստութեամբ ու իմաստնութեամբ գերազանցեց աշխարհի բոլոր թագաւորներին, 24եւ աշխարհի բոլոր թագաւորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որը Տէրն էր դրել նրա սրտում։ 25Նրանցից իւրաքանչիւրն ամէն տարի բերում էր իր ընծան՝ արծաթէ, ոսկէ անօթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու ջորիներ։ 26Սողոմոնը հաւաքեց ռազմակառքեր ու հեծեալներ։ Նա ունէր քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց տեղաւորեց ռազմակառքերի համար սահմանուած քաղաքներում, իսկ նրանք, որ արքայի համար էին սահմանուած՝ Երուսաղէմում։ Նա գետից մինչեւ այլազգիների եւ եգիպտացիների սահմանները իշխում էր բոլոր թագաւորների վրայ։ 27Արքան արծաթն ու ոսկին Երուսաղէմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղեւնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։ 28Սողոմոնի երիվարները բերւում էին Եգիպտոսից եւ Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։ 29Արծաթ վճարելով ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից։ Ամէն մի ձի հարիւր յիսուն արծաթ արժէր։ Այդ ապրանքները վաճառւում էին նաեւ Քետտիմի երկրի բոլոր թագաւորներին եւ ասորիների թագաւորներին ծովային ճանապարհով։
11 Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնութեան առաւ շատ օտար կանանց. փարաւոնի աղջկան, սովաբացի, ամոնացի, եդոմայեցի, ասորի, քետացի, ամորհացի 2եւ այլ ազգերի պատկանող բազմաթիւ օտար կանանց, որոնց մասին Տէրն ասել էր իսրայէլացիներին. «Չխառնուէք նրանց հետ, նրանք էլ թող չխառնուեն ձեզ հետ, որպէսզի չլինի, թէ ձեր սրտերը մոլորեցնեն իրենց կուռքերին դարձնելով»։ Սողոմոնը յարեց նրանց՝ սէր տածելով։ 3Նա եօթը հարիւր կին եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ կանայք խոտորեցրին նրա սիրտը։ 4Սողոմոնի ծերութեան օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստուածների կողմը, եւ նա ամբողջ հոգով չկապուեց իր Տէր Աստծու հետ, ինչպէս իր հօր՝ Դաւթի սիրտն էր կապուած։ 5Սողոմոնը պաշտեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին ու ամոնացիների գարշելի կուռք Մեղքոմին։ 6Սողոմոնը չարութիւն գործեց Աստծու առաջ եւ չընթացաւ Տիրոջ ճանապարհով, ինչպէս որ ընթացել էր իր հայր Դաւիթը։ 7Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմի դիմաց, լերան վրայ մի մեհեան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպէս եւ ամոնացիների Մեղքոմ կուռքի եւ սիդոնացիների գարշելի կուռք Աստարտի համար։ 8Նոյն բանն արեց նա նաեւ իր բոլոր օտարազգի կանանց աստուածների համար. նրա կանայք խունկ էին ծխում եւ իրենց կուռքերին զոհ մատուցում։ 9Տէրը բարկացաւ Սողոմոնի վրայ, որովհետեւ նրա սիրտը խոտորուել էր Իսրայէլի Տէր Աստծուց, որը երկու անգամ երեւացել 10ու պատուիրել էր նրան, որ օտար աստուածների յետեւից ամենեւին չգնայ, այլ պահի եւ կատարի այն, ինչ Տէր Աստուածը պատուիրել էր նրան։ 11Տէրն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպէս վարուեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատուիրանները, որ պատգամել էի քեզ, ես կը խլեմ թագաւորութիւնը քո ձեռքից եւ այն կը տամ քո ծառային։ 12Բայց, յանուն քո հայր Դաւթի, քո կենդանութեան ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կը խլեմ թագաւորութիւնը։ 13Ամբողջ թագաւորութիւնը չեմ խլի, այլ, յանուն իմ ծառայ Դաւթի եւ իմ ընտրած Երուսաղէմ քաղաքի, մէ՛կ ցեղ կը յանձնեմ քո որդուն»։ 14Եւ Տէրը մի թշնամի յարուցեց Սողոմոնի դէմ՝ եդոմայեցիների թագաւորական սերնդից եդոմայեցի Ադերին։ 15Երբ Դաւիթը կոտորում էր Եդոմը, զօրագլուխ Յովաբը գնացել էր սպանուածներին թաղելու եւ կոտորելու Եդոմի բոլոր արու ծնունդներին։ 16Յովաբը եւ բոլոր իսրայէլացիները վեց ամիս մնացին Եդոմում, մինչեւ որ կոտորեցին եդոմացի բոլոր արու ծնունդներին։ 17Այդ ժամանակ Ադերն ինքը եւ իր հօր բոլոր ծառաները փախել-գնացել էին Եգիպտոս։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։ 18Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ։ Ադերը եկել էր փարաւոնի մօտ, սա նրան տուն էր տուել, ուտելիք յատկացրել ու հող տրամադրել։ 19Ադերը փարաւոնի առաջ մեծ շնորհ էր գտել, եւ փարաւոնը նրան կնութեան էր տուել իր «Մեծ տիկնոջ»՝ Թեկեմինայի քրոջը։ 20Թեկեմինայի քոյրը Ադերի համար ծնել էր մի որդի՝ Գանեբաթին։ Թեկեմինան նրան մեծացրել էր փարաւոնի որդիների հետ եւ այսպիսով Գանեբաթը փարաւոնի տան մէջ, նրա որդիների հետ էր դաստիարակուել։ 21Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, թէ Դաւիթը վախճանուել է, եւ թէ զօրագլուխ Յովաբը մահացել է, ասաց փարաւոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»։ 22Փարաւոնն ասաց Ադերին. «Ի՞նչդ է պակաս ինձ մօտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայմա՛ն արձակիր ինձ»։ Եւ Ադերը վերադարձաւ իր երկիրը։ 23Տէրը Սողոմոնի դէմ հանեց Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքայ Ադրաազարից։ 24Երբ Դաւիթը նրանց կոտորում էր, Ռազոնի մօտ մարդիկ էին հաւաքուել, եւ նա գնդի հրամանատար էր եղել։ Նրանք գնացին Դամասկոս եւ հաստատուեցին այնտեղ։ Նա թագաւորեց Դամասկոսում 25եւ Իսրայէլի թշնամին դարձաւ Սողոմոնի թագաւորութեան ամբողջ ընթացքում։ Խժդժութիւններ անելուց բացի, Ադերը ոխ ունէր Իսրայէլի դէմ։ Նա թագաւորում էր Եդոմի երկրում։ 26Իր արքայի դէմ ձեռք բարձրացրեց նաեւ Սարիրայում ապրող եփրաթացի Նաբադի որդի Յերոբովամը, որի մօր անունը Սարուա էր՝ մի որբեւայրի կին։ Նա Սողոմոնի մի ծառայի այրի կնոջ որդին էր։ Ահա թէ ինչ պարագաներում նա ձեռք բարձրացրեց Սողոմոն արքայի դէմ։ 27Սողոմոն արքան կառուցել էր միջնաբերդը եւ լցրել իր հօր՝ Դաւթի քաղաքի խրամատը։ 28Յերոբովամը մի քաջարի մարդ էր, եւ երբ Սողոմոնը տեսաւ, որ նա գործունեայ երիտասարդ է, նրան նշանակեց Յովսէփի տան բեռնակիրների վերակացու։ 29Այդ ժամանակ էր, որ Յերոբովամը ելաւ Երուսաղէմից, եւ ճանապարհին նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարէն ու ճանապարհից մի կողմ քաշեց նրան։ Աքիան նոր զգեստ էր հագել, եւ դաշտում նրանք երկուսով էին։ 30Աքիան իր նոր զգեստը բռնեց ու պատառոտեց տասներկու կտոր անելով։ 31Նա ասաց Յերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանզի Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս է ասում. «Ահա ես Սողոմոնի թագաւորութիւնը ձեռքից խլելով՝ պիտի պատառոտեմ եւ քեզ պիտի յանձնեմ տասը ցեղ, 32իսկ երկու ցեղը թող նրան մնայ յանուն իմ ծառայ Դաւթի եւ յանուն Երուսաղէմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող քաղաքների միջից։ Եւ սա այն բանի փոխարէն, 33որ նա ինձ լքեց եւ երկրպագեց սիդոնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին եւ ամոնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացաւ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրէնքներն ու պատուիրանները, ինչպէս արել էր իր հայր Դաւիթը։ 34Բայց ես ամբողջ թագաւորութիւնը չխլեցի նրա ձեռքից (որպէսզի իր թագաւորութեան բոլոր օրերում հակառակութեամբ հատուցեմ իր հակառակութեան դիմաց) յանուն իմ ծառայ Դաւթի, որին ընտրել եմ, եւ որը պահեց իմ պատուիրաններն ու իմ օրէնքները։ 35Թագաւորութիւնը խլելու եմ նրա ձեռքից եւ քեզ եմ յանձնելու տասը ցեղ, 36իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպէսզի իմ ծառայ Դաւթի ճրագը միշտ վառ մնայ իմ առջեւ՝ իմ Երուսաղէմ քաղաքում, որն ընտրել եմ իմ անունը յայտնի դարձնելու համար։ 37Ես քեզ եմ ընտրում, դու կը թագաւորես այն ամենի վրայ, որ քո սիրտը կը կամենայ, թագաւոր կը լինես Իսրայէլի վրայ։ 38Եթէ պահես այն ամէնն, ինչ քեզ պատուիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետեւես իմ պատուիրաններին ու հրամաններին, ինչպէս արեց իմ ծառայ Դաւիթը, ապա կը լինեմ քեզ հետ եւ քեզ համար հաստատուն տուն կը շինեմ, ինչպէս Դաւթի համար շինեցի, 39եւ քեզ կը յանձնեմ Իսրայէլը։ Այս պատճառով պիտի տանջեմ Դաւթի սերունդը, բայց ոչ ընդմիշտ»։ 40Սողոմոնը ուզում էր սպանել Յերոբովամին, բայց Յերոբովամը փախաւ-գնաց Եգիպտոս, եգիպտացիների Սաւսակիմ արքայի մօտ եւ մնաց Եգիպտոսում մինչեւ Սողոմոնի մահը։ 41Սողոմոնի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել է, նրա իմաստնութիւնները չէ՞ որ գրի են առնուած Սողոմոնի գործերի գրքում։ 42Սողոմոնը Երուսաղէմի եւ ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի։ 43Սողոմոնը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին իր հայր Դաւթի քաղաքում, ու նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Ռոբովամը։
12 Ռոբովամ արքան գնաց Սիկիմ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը եկել էր Սիկիմ նրան թագաւոր օծելու։ 2Երբ դա լսեց Նաբատի որդի Յերոբովամը, որը տակաւին Եգիպտոսում էր Սողոմոն արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձաւ Երուսաղէմ։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 3Յերոբովամը եւ հաւաքուած բոլոր իսրայէլացիները եկան ու խօսելով Ռոբովամ արքայի հետ՝ ասացին. 4«Քո հայրը ծանր լուծ էր դրել մեզ վրայ։ Արդ, դու թեթեւացրո՛ւ քո հօր սահմանած խիստ ծառայութիւնն ու մեզ վրայ դրած ծանր լուծը, որ մենք ծառայենք քեզ»։ 5Ռոբովամն ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ երեք օրից դարձեալ եկէ՛ք ինձ մօտ»։ Նրանք գնացին։ 6Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր հայր Սողոմոնին նրա կենդանութեան օրօք, եւ ասաց. «Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին»։ 7Նրան ասացին. «Եթէ դու այսօր ժողովրդին ծառայութիւն մատուցես, զիջող լինես, ընդառաջես եւ բարի խօսքեր ասես, նրանք ընդմիշտ կը ծառայեն քեզ»։ 8Ռոբովամը, սակայն, մերժեց ծերերի տուած խորհուրդը եւ խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝ 9ասելով. «Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խօսեց ինձ հետ ու ասաց. «Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեզ վրայ»։ 10Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. «Այսպէս կ՚ասես այն մարդկանց, որ քեզ հետ խօսելով ասել են. «Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու թեթեւացրո՛ւ այն մեր վրայից»։ Այսպէս ասա՛ նրանց. 11«Իմ ճկոյթը հօրս մէջքից հաստ է։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ վրայ ծանր լուծ էր դրել, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կը խրատեմ ձեզ»։ 12Երրորդ օրն ամբողջ Իսրայէլը եկաւ Ռոբովամ արքայի մօտ, ինչպէս արքան ասել էր նրանց. «Վերադարձէ՛ք ինձ մօտ երրորդ օրը»։ 13Արքան խստութեամբ պատասխան տուեց ժողովրդին եւ, մերժելով ծերերի տուած խորհուրդը, 14Ռոբովամը նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների տուած խորհրդի՝ ասելով. «Եթէ իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրայ, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։ 15Թագաւորը չլսեց ժողովրդին, որովհետեւ Տէրն էր խոտորել նրան, որպէսզի Տէրը հաստատի իր այն խօսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Յերոբովամի վերաբերեալ։ 16Երբ ամբողջ Իսրայէլը տեսաւ, որ արքան չլսեց իրեն, պատասխան տուեց ժողովուրդն արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դաւթի հետ։ Մենք Յեսսէի որդու հետ էլ ժառանգութիւն չունենք։ Իսրայէ՛լ, գնա՛ քո վրանները, դու ի՛նքդ հոգա Դաւթի տան հոգսերը»։ 17Իսրայէլացիները գնացին իրենց վրանները, իսկ Յուդայի երկրի քաղաքներում բնակուող իսրայէլացիների վրայ թագաւորեց Ռոբովամը։ 18Ռոբովամ արքան հարկահաւաքների պետ Ադոնիրամին ուղարկեց հարկ հաւաքելու, բայց ամբողջ Իսրայէլը քարկոծելով սպանեց նրան, իսկ Ռոբովամ արքան շտապեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղէմ։ 19Այսպիսով Իսրայէլը ապստամբեց Դաւթի տան դէմ։ Եւ այդպէս է մինչեւ այսօր։ 20Երբ ամբողջ Իսրայէլը լսեց, թէ Յերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, նրան ժողովի կանչեցին ու թագաւոր օծեցին Իսրայէլի վրայ։ Ոչ ոք չյարեց Դաւթի տանը, բացի Յուդայի ու Բենիամինի ցեղերից։ 21Ռոբովամը մտաւ Երուսաղէմ եւ զօրահաւաք արեց Յուդայի տնից ու Բենիամինի ցեղից։ Հարիւր ութսուն հազար երիտասարդ պատերազմողներ ելան Իսրայէլի տան դէմ, որպէսզի թագաւորութիւնը վերադարձնեն Սողոմոնի որդի Ռոբովամին։ 22Տէրը խօսեց Աստծու մարդ Սամեայի հետ՝ ասելով. 23«Խօսի՛ր Յուդայի երկրի արքայ Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի ու Բենիամինի ամբողջ տան եւ մնացած մարդկանց հետ ու նրանց ասա՛. 24«Այսպէս է ասում Տէրը. մի՛ ելէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների՝ իսրայէլացիների դէմ, եւ թող իւրաքանչիւրը վերադառնայ իր տունը, քանզի ինձնից եղաւ այդ բանը»։ Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ, անսալով Տիրոջը, յետ դարձան։ 25Յերոբովամը Եփրեմի լերան վրայ կառուցեց Սիկիմը եւ այնտեղ էր բնակւում։ Այնուհետեւ այնտեղից ելաւ ու շինեց Փանուէլը։ 26Յերոբովամն ասաց իր մտքում. «Իմ թագաւորութիւնը նորից կը վերադառնայ Դաւթի տուն, 27եթէ այս մարդիկ գնան ու զոհ մատուցեն Երուսաղէմում, Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կը հակուի դէպի Տէրն ու իրենց տէրը՝ Յուդայի երկրի արքայ Ռոբովամը, ինձ կը սպանեն ու կ՚անցնեն Յուդայի երկրի արքայ Ռոբովամի կողմը»։ 28Արքան խորհեց ու երկու ոսկէ հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բաւական է մինչեւ Երուսաղէմ գնաք։ Ահա քո աստուածները, ո՜վ Իսրայէլ, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտացիների երկրից»։ 29Նա կուռքերից մէկը դրեց Դանում, իսկ միւսը՝ Բեթէլում։ 30Այսպիսով մեղք գործուեց, որովհետեւ ժողովուրդը գնում էր մինչեւ Դան՝ հորթերից մէկին երկրպագելու։ 31Նա բարձունքների վրայ կառուցեց նաեւ մեհեաններ եւ Ղեւիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։ 32Յերոբովամը տօն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տօնական օր սահմանեց, ինչպէս Յուդայի երկրում էր, եւ Բեթէլում պատրաստած իր ոսկէ հորթերի համար զոհեր մատուցեց։ Նա Բեթէլում կառուցած մեհեանում քրմեր նշանակեց, 33Բեթէլում, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը սահմանած տօնին՝ զոհասեղանի վրայ զոհեր մատուցեց իսրայէլացիների համար։
13 Երբ Յերոբովամը զոհ մատուցելու համար կանգնած էր զոհասեղանի առաջ, Տիրոջ թելադրանքով Յուդայի երկրից Բեթէլ եկաւ Աստծու մարդը։ 2Նա Տիրոջ խօսքն ուղղելով զոհասեղանին՝ ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպէս է ասում Տէրը. «Դաւթի տանը Յոսիա անունով մի որդի կը ծնուի, նա քեզ վրայ կը զոհաբերի մեհեանների քրմերին, որոնք քեզ վրայ զոհ են մատուցում, եւ մարդկանց ոսկորները կ՚այրի քեզ վրայ»։ 3Իր ասածը հաստատելու համար ասաց. «Այս է նշանը, որ Տէրն է ասել. «Հիմա դա կը փլուի, իսկ դրա վրայի իւղոտուած մոխիրը կը թափուի»։ 4Երբ Յերոբովամ արքան լսեց Աստծու մարդու Բեթէլում գտնուող զոհասեղանին ուղղուած խօսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնեցէ՛ք դրան», բայց դէպի նա մեկնուած նրա ձեռքը չորացաւ, նա չկարողացաւ ձեռքն իրեն քաշել, 5զոհասեղանը փլուեց, իսկ դրա վրայի իւղոտուած մոխիրը թափուեց, ըստ այն նշանի, որ տուել էր Աստծու մարդը Տիրոջ խօսքով։ 6Յերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր քո Տէր Աստծուն, աղօթի՛ր ինձ համար, որ ձեռքս դէպի ինձ քաշուի»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջը, եւ արքայի ձեռքը առաջուայ պէս դէպի ինքը յետ քաշուեց։ 7Արքան, խօսելով Աստծու մարդու հետ, ասաց. «Տո՛ւն մտիր ինձ հետ, ճաշի՛ր, եւ ես քեզ պարգեւ կը տամ»։ 8Աստծու մարդն ասաց արքային. «Եթէ քո տան կէսն էլ ինձ տաս, չեմ մտնի քո տունը, ոչ էլ հաց կ՚ուտեմ եւ ջուր կը խմեմ այստեղ, 9քանզի Տէրն ինձ այսպիսի պատուէր է տուել. «Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես եւ չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել ես»։ 10Նա գնաց հեռացաւ Բեթէլից, բայց ոչ այն ճանապարհով, որով եկել էր։ 11Մի ծեր մարգարէ էր բնակւում Բեթէլում։ Նրա որդիներն եկան ու նրան պատմեցին այն բոլոր դէպքերը, որ այդ օրը Բեթէլում անցել էին Աստծու մարդու գլխով, ինչպէս նաեւ այն խօսքերը, որ նա ասել էր արքային, եւ իրենց երեսը շուռ տուեցին, որ հեռանան իրենց հօր մօտից։ 12Հայրը հարցրեց նրանց. «Ո՞ր ճանապարհով գնաց նա»։ Որդիները ցոյց տուեցին նրան այն ճանապարհը, որով գնացել էր Յուդայի երկրից եկած Աստծու մարդը։ 13Նա ասաց որդիներին. «Թամբեցէ՛ք էշը»։ Թամբեցին էշը, եւ նա նստեց էշի վրայ, 14գնաց Աստծու մարդու յետեւից եւ նրան գտաւ կաղնու տակ նստած։ Ծերը հարցրեց. «Դո՞ւ ես Յուդայի երկրից եկած Աստծու մարդը»։ Սա ասաց. «Ես եմ»։ 15Նա ասաց. «Ե՛կ ինձ հետ տուն եւ հա՛ց կեր»։ 16Սա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ եւ քեզ մօտ գալ, հաց ուտել ու ջուր խմել այնտեղ, 17քանզի Տէրն ինձ այսպիսի հրաման է տուել. «Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես եւ չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել ես»։ 18Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարէ քեզ պէս. Տիրոջ հրեշտակը խօսեց ինձ հետ՝ ասելով. «Նրան քեզ մօտ՝ քո տունը տար, թող հաց ուտի ու ջուր խմի»։ 19Նա խաբելով տարաւ նրան իր հետ. սա հաց կերաւ ու ջուր խմեց։ 20Եւ մինչ սեղան էին նստել, 21Տէրը խօսեց նրան այն մարգարէի հետ, որ Աստծու մարդուն իր տունն էր բերել։ Սա խօսելով Յուդայի երկրից եկած Աստծու մարդու հետ՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ դու չհնազանդուեցիր Տիրոջ խօսքին, չպահեցիր այն հրամանը, որ քո Տէր Աստուածն էր տուել քեզ, 22եկար, հաց կերար ու ջուր խմեցիր այնտեղ, որի մասին Տէրն ասել էր քեզ. «Հաց չուտես, ջուր չխմես»։ Արդ, քո դիակը քո հայրերի գերեզմանը չի մտնելու»։ 23Երբ հաց ուտելուց ու ջուր խմելուց յետոյ նա թամբեց մարգարէի էշն ու գնաց, 24ճանապարհին նրան հանդիպեց մի առիւծ, որը յօշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առիւծը՝ դիակի մօտ։ 25Եկան անցորդներ, տեսան ճանապարհին ընկած դիակն ու դիակի մօտ կանգնած առիւծը, մտան այն քաղաքը, ուր այդ ծերունի մարգարէն էր բնակւում, եւ պատմեցին իրենց տեսածը։ 26Երբ այս բանը լսեց Աստծու մարդուն ճանապարհից յետ դարձրած մարգարէն, ասաց. «Դա Աստծու մարդն է, որը Տիրոջ խօսքը չլսեց, Տէրը նրան առիւծին յանձնեց, եւ սա բզկտելով սպանեց նրան, ինչպէս որ Տէրն ասել էր նրան»։ 27Նա խօսեց իր որդիների հետ՝ ասելով. «Համետեցէ՛ք էշը»։ 28Նրանք համետեցին։ Նա գնաց ու գտաւ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առիւծը կանգնած էին դիակի մօտ։ Առիւծը չէր կերել Աստծու մարդու դիակը, ոչ էլ յօշոտել էր էշին։ 29Մարգարէն առաւ Աստծու մարդու դիակը, դրեց իր էշի վրայ եւ բերեց իր քաղաքը, որ ողբան նրա վրայ ու թաղեն նրան։ 30Մարգարէն նրա դիակը թաղեց իր գերեզմանում։ Նրա վրայ լաց եղան եւ ասացին. «Վա՜յ, եղբա՛յր»։ 31Նրա վրայ ողբալուց յետոյ ծերն ասաց իր որդիներին. «Երբ մեռնեմ, ինձ կը թաղէք այն գերեզմանում, ուր թաղուեց Աստծու մարդը. նրա ոսկորների կողքի՛ն դրէք ինձ, որպէսզի իմ ոսկորները պահպանուեն նրա ոսկորների հետ, 32որովհետեւ անպայման կը կատարուի Տիրոջ այն խօսքը, որ ասուեց Բեթէլում գտնուող զոհասեղանի ու Սամարիայի բարձրադիր կռատների դէմ»։ 33Այս բաներից յետոյ էլ Յերոբովամը չհրաժարուեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհեանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, եւ սա դառնում էր մեհեանների քուրմ։ 34Ահա թէ ինչպէս Յերոբովամի տունը մեղք գործեց, եւ դրա համար էլ նա բնաջնջուեց ու վերացաւ երկրի երեսից։
14 Այն ժամանակ հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան, 2եւ Յերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանափոխուի՛ր, որ չիմանան, թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարէն։ Նա գուշակել է, թէ ես պիտի թագաւորեմ այս ժողովրդի վրայ։ 3Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մօտ, եւ նա քեզ պիտի յայտնի, թէ ինչ կը պատահի մանկանը»։ 4Յերոբովամի կինն այդպէս էլ արեց. նա վեր կացաւ գնաց Սելով, մտաւ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողութիւնը վատացել էր, ծերութեան պատճառով աչքերը չէին տեսնում։ 5Տէրն ասաց Աքիային. «Յերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիւանդ որդու մասին, իսկ դու այսպէս եւ այսպէս կ՚ասես նրան»։ 6Երբ կինը ներս մտաւ, արդէն կերպարանափոխուած էր։ Երբ Աքիան դռան բացուելուց եւ ներս մտնելուց յետոյ լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Յերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխուել։ Ես ուղարկուած եմ, որ քեզ դաժան բան ասեմ։ 7Գնա՛ եւ ասա՛ Յերոբովամին. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ առաջնորդ դրեցի, 8ես թագաւորութիւնը խլեցի Դաւթի տնից ու քեզ յանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառայ Դաւթի նման, որը պահում էր իմ պատուիրանները եւ իր ամբողջ սրտով հետեւում էր ինձ, որպէսզի իմ աչքին հաճելի երեւացածն անի։ 9Դու աւելի շատ չարութիւն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստուածներ ու ձուլածոյ կուռքեր պատրաստել տուեցիր, որպէսզի ինձ բարկացնես, իսկ ինձ մոռացութեան տուեցիր։ 10Դրա համար Յերոբովամի տան վրայ չարիք պիտի բերեմ, Յերոբովամի տնից մինչեւ վերջ պիտի բնաջնջեմ բոլոր նրանց, ովքեր միզում են պատին, Իսրայէլի մէջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Յերոբովամի տունը պիտի աւլեմ այնպէս, ինչպէս աղբն են աւլում, մինչեւ որ իսպառ ոչնչացնեմ այն։ 11Յերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն»։ Ահա Տէրն է այսպէս ասել։ 12Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը, եւ երբ քո ոտքերը քաղաք մտնեն, երեխան կը մեռնի, 13եւ ամբողջ Իսրայէլը կ՚ողբայ ու կը թաղի նրան։ Յերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կը մտնի գերեզման, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը Յերոբովամի տանը միայն նրա՛ մէջ տեսաւ մի բարի բան։ 14Տէրը իր համար մի թագաւոր պիտի հանի Իսրայէլի դէմ, որը այսօր իսկ բնաջինջ պիտի անի Յերոբովամի տունը։ 15Եւ արդ, ի՞նչ մնաց։ Տէրը պիտի հարուածի Իսրայէլին, եւ նա պիտի նմանուի ջրի մէջ շարժուող եղէգի։ Նա իսրայէլացիներին պիտի հեռացնի այս լաւ երկրից, որ տուել էր նրանց հայրերին։ Նրանց գետի միւս կողմը պիտի քշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար կուռքեր շինեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը։ 16Տէրը կորստեան պիտի մատնի Իսրայէլին Յերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց եւ Իսրայէլին էլ մեղանչել տուեց»։ 17Յերոբովամի կինը վեր կացաւ ու գնաց Սարիրա։ Նա հազիւ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռաւ, 18եւ ամբողջ Իսրայէլը ողբաց նրան ու թաղեց, ինչպէս որ Տէրն էր նախօրօք յայտնել իր ծառայ Աքիա մարգարէի միջոցով։ 19Յերոբովամի մնացած գործերի մասին, թէ նա ինչ պատերազմներ մղեց, որքան ժամանակ թագաւորեց, գրուած է Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 20Յերոբովամը թագաւորեց քսաներկու տարի եւ գնաց իր նախնիների գիրկը։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Նաբադը։ 21Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի երկրի վրայ։ Քառասունմէկ տարեկան էր Ռոբովամը, երբ թագաւոր օծուեց, եւ տասնեօթը տարի թագաւորեց Երուսաղէմ քաղաքում, որը Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպէսզի իր անունն այնտեղ յայտնի դարձնի։ Նրա ամոնացի մօր անունն էր Նաամա։ 22Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանուեց իր նախնիներին՝ ընթացաւ նրանց գործած մեղքերի ճանապարհով։ 23Նրանք իրենց համար մեհեաններ ու կուռքեր շինեցին ամէն բարձր բլրի վրայ եւ ամէն տերեւաշատ ծառի տակ։ 24Նրանք խոտորուեցին այդ երկրի այն ազգերի նման, որոնք գարշելի բաներ էին անում, եւ որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։ 25Այն տարում, երբ Ռոբովամը թագաւոր օծուեց, Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ, 26վերցրեց Տիրոջ տան, ինչպէս նաեւ արքայի տան բոլոր գանձերը, ոսկէ նիզակները, որոնք Դաւիթը աւար էր վերցրել Սուբայի արքայ Ադրաազարի ձեռքից։ Նա տարաւ ամէն ինչ, որ Դաւիթը վերցրել էր որպէս աւար ու տարել Երուսաղէմ։ Աւար վերցրեց նաեւ ոսկէ վահանները, որ պատրաստել էր Սողոմոնը։ 27Ռոբովամ արքան դրանց փոխարէն պղնձէ վահաններ շինեց եւ դրանք յանձնեց պահակազօրքի զօրագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։ 28Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազօրքը օգտագործում էր դրանք ու յետոյ կախում զինարանում։ 29Ռոբովամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 30Ռոբովամն ու Յերոբովամը միշտ պատերազմի մէջ էին։ 31Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա ամոնացի մօր անունը Նաամա էր։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աբիուն։
15 Նաբատի որդի Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Ռոբովամի որդի Աբիուն։ 2Նա երեք տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։ 3Նա գնաց նախկինում Տիրոջ առաջ իր հօր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր իր Տէր Աստծու առջեւ, ինչպէս մաքուր էր իր հայր Դաւթի սիրտը։ 4Տէր Աստուածը, սակայն, յանուն Դաւթի նկատմամբ ունեցած իր սիրոյ, Երուսաղէմում թողել էր մի ժառանգ, որպէսզի նրանից յետոյ նրա որդիները գոյատեւեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղէմը, 5քանի որ Դաւիթն իր ամբողջ կեանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջեւ, չէր շեղուել այն ուղուց, որ պատուիրել էին իրեն, բացի քետացի Ուրիայի հետ կատարուած դէպքից։ 6Իրենց կենդանութեան բոլոր օրերում Աբիուն ու Յերոբովամը իրար դէմ պատերազմ էին մղում։ 7Աբիուի մնացած գործերն ու նրա արարքները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Պատերազմ էր մղւում Աբիուի ու Յերոբովամի միջեւ։ 8Աբիուն գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ասան։ 9Իսրայէլի արքայ Յերոբովամի թագաւորութեան քսաներորդ տարում Ասան թագաւորեց Յուդայի երկրի վրայ։ 10Նա քառասունմէկ տարի իշխեց Երուսաղէմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։ 11Ասան իր նախնի Դաւթի նման ուղիղ ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, 12երկրից վերացրեց սոդոմական մեղքը, ջնջեց ամէն տեսակ մոլորութիւնները, որ գործել էին իր նախորդները։ 13Նա իր մայր Մաաքային զրկեց «Մեծ տիկին» կոչումից, քանզի նա իր մեհեանում ծէս էր կատարել։ Ասան կործանեց նրա կուռքերը եւ դրանք հրով այրեց Կեդրոնի հեղեղատի մօտ։ 14Թէեւ մեհեանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կեանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։ 15Նա բերեց իր հօր սիւները, նաեւ իրեն պատկանող արծաթէ ու ոսկէ սիւներն ու անօթները եւ դրեց Տիրոջ տանը։ 16Իրենց կենդանութեան բոլոր օրերում Ասան ու Իսրայէլի արքայ Բաասան իրար դէմ պատերազմ էին մղում։ 17Իսրայէլի արքայ Բաասը յարձակուեց Յուդայի երկրի վրայ եւ կառուցեց Ռաման, որ որեւէ մէկը ելումուտ չունենայ Յուդայի արքայ Ասայի երկիրը։ 18Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում եւ թագաւորական տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տուեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակուող ասորիների արքայ Ազայէլի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով. 19«Դաշինք թող կնքուի իմ ու քո միջեւ, ինչպէս որ եղել է իմ հօր ու քո հօր միջեւ։ Ահաւասիկ քեզ ընծայ եմ ուղարկում արծաթ ու ոսկի, որպէսզի քանդես քո եւ Իսրայէլի արքայ Բաասի միջեւ եղած դաշինքը, եւ նա հեռանայ ինձնից»։ 20Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, հարուածեց Այինը, Դանը, Աբէլ Բեթմաաքան եւ ամբողջ Քեներեթը մինչեւ Նեփթաղիմի ամբողջ երկիրը։ 21Երբ Բաասան լսեց այդ, ընդհատեց Ռամայի շինութիւնը եւ վերադարձաւ Թերսա։ 22Ասա արքան Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք Ենակիմում էին, հրամայեց, որ հանեն բերեն Ռամայի քարերն ու փայտերը, որ Բաասան օգտագործում էր շինութեան համար։ Ասա արքան դրանցով կառուցապատեց Բենիամինի ամբողջ բլուրը եւ դիտանոցը։ 23Ասայի մնացած գործերը, նրա զօրութիւնը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նաեւ իր կառուցած քաղաքը, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Այդտեղ չի ասուած միայն այն մասին, որ Ասայի ծերութեան օրերին նրա ոտքերը ցաւեցին։ 24Ասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը։ 25Յերոբովամի որդի Նաբատը Իսրայէլում թագաւորեց Յուդայի արքայ Ասայի թագաւորութեան երկրորդ տարում։ Նա Իսրայէլում թագաւորեց երկու տարի։ 26Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, ընթացաւ իր հօր գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով էլ Իսրայէլը մեղքի մէջ գցեց։ 27Նրա դէմ դաւ նիւթեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրայ էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների բնակավայրում, իսկ Նաբատն ու ամբողջ Իսրայէլը պաշարել էին Գաբաթոնը։ 28Բաասան նրան սպանեց Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երկրորդ տարում, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց։ 29Երբ թագաւոր դարձաւ, կոտորեց Յերոբովամի ամբողջ տունը եւ Յերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին բնաջնջեց, ինչպէս Տէրն էր ասել իր ծառայ սիլոնացի Աքիայի միջոցով, 30որովհետեւ Յերոբովամն ինքը շատ մեղքեր էր գործել եւ Իսրայէլին էլ մեղքերի մէջ էր գցել ու դրանով զայրացրել էր Իսրայէլի Տէր Աստծուն։ 31Նաբատի մնացած գործերն ու այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 32Իրենց կենդանութեան բոլոր օրերում Ասան ու Իսրայէլի արքայ Նաբատը իրար դէմ պատերազմ էին մղում։ 33Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երրորդ տարում ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց Աքիայի որդի Բաասան։ Նա քսանչորս տարի թագաւորեց Թերսայում։ 34Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, գնաց Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով Իսրայէլն էլ մեղքերի մէջ գցեց։
16 Տէրը Անանիայի որդի Յէուի միջոցով խօսքն ուղղելով Բաասային՝ ասաց. 2«Թէեւ ես քեզ երկրի փոշուց բարձրացրի եւ իմ ժողովուրդ Իսրայէլին առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Յերոբովամի ճանապարհով եւ Իսրայէլի իմ ժողովրդին մեղանչել տուեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես։ 3Դրա համար ես թշնամի եմ յարուցելու Բաասայի ու նրա տան դէմ եւ քո տունը Նաբատի որդի Յերոբովամի տան նման եմ դարձնելու։ 4Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն»։ 5Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործութիւններն ու այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 6Բաասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Թերսայում։ Ասա արքայի թագաւորութեան քսաներորդ տարում նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ելան։ 7Արդէն ասել ենք, թէ Տէրը Անանիայի որդի Յէու մարգարէի միջոցով խօսել էր Բաասայի, նրա տան եւ այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թէ ինչպէս նա իր կատարած գործերով բարկացրել էր նրան, եւ Տէրը պատուհասել էր նրան այնպէս, ինչպէս Յերոբովամին։ 8Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայէլի վրայ երկու տարի թագաւորեց Բաասայի որդի Ելան։ 9Նրա ծառայ Զամբրին՝ հեծելազօրի կէս մասի հրամանատարը, ըմբոստացաւ նրա դէմ, երբ նա Թերսայում հանդերձարանի պետ Արսայի տանը խմել հարբել էր։ 10Զամբրին Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում խփեց սպանեց նրան եւ նրա փոխարէն թագաւոր դարձաւ։ 11Երբ նա թագաւորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձաւորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց պատին միզող ոչ մէկին։ 12Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց, ինչպէս որ Տէրը Յէու մարգարէի միջոցով յայտնել էր Բաասայի տան մասին։ 13Այս բոլորը եղան Բաասայի բոլոր մեղքերի, նրա որդի Ելայի մեղքերի պատճառով, քանի որ նրանք մեղանչել էին տուել Իսրայէլին՝ բարկացնելով Իսրայէլի Տէր Աստծուն իրենց կուռքերով։ 14Ելայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 15Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում Զամբրին Թերսայում թագաւորեց եօթը օր։ Այդ ժամանակ Իսրայէլի զօրքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։ 16Երբ բանակատեղիում գտնուող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զօրք է հաւաքել ու սպանել արքային, ապա նոյն օրը զօրահրամանատար Ամրիին թագաւոր դարձրեց Իսրայէլի վրայ բանակատեղիում։ 17Ամրին բոլոր իսրայէլացիների հետ գնաց Գաբաթոնից ու եկաւ պաշարեց Թերսան։ 18Երբ Զամբրին տեսաւ, որ քաղաքը շուտով գրաւելու են, մտաւ արքունի սենեակներից մէկը եւ արքունի տունը հրի մատնեց։ 19Նա մեռաւ Տիրոջ առաջ իր գործած մեղքերի համար, քանզի գնացել էր Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով էլ Իսրայէլը մեղքի մէջ գցել։ 20Զամբրիի մնացած գործերն ու նիւթած դաւադրութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 21Այն ժամանակ Իսրայէլի ժողովուրդը երկուսի բաժանուեց. ժողովրդի կէսը յարեց Գոնաթի որդի Թամնիին, որպէսզի նրան թագաւոր դարձնի, իսկ ժողովրդի միւս կէսը յարեց Ամրիին։ 22Յաղթեցին Ամրիի հետեւորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին յարող ժողովուրդը պարտութիւն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու նրա եղբայր Յորամը, եւ Թամնիից յետոյ թագաւորեց Ամրին։ 23Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երեսունմէկերորդ տարում Ամրին թագաւորեց Իսրայէլի վրայ եւ իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագաւորեց վեց տարի։ 24Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շէնացրեց եւ շէնացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։ 25Ամրին Տիրոջ առջեւ չարիք գործեց, բոլոր իրենից առաջ եղածներից աւելի չարութիւն գործեց, 26գնաց Նաբատի որդի Յերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տուեց Իսրայէլին եւ իր կուռքերով բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն։ 27Ամրիի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 28Ամրին գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց Սամարիայում, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքաաբը։ 29Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ։ Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ։ Նա քսաներկու տարի թագաւորեց Սամարիայում։ 30Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջեւ առաւել չար գտնուեց, քան իր բոլոր նախորդները։ 31Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Յերոբովամի նոյն մեղքերը, նա կին առաւ սիդոնացիների արքայ Յոբաղի դուստր Յեզաբէլին եւ գնաց ու պաշտեց Բահաղին, 32երկրպագեց նրան եւ Սամարիայում կառուցած գարշելի կուռքերի տանը Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց։ 33Աքաաբը կուռք կանգնեցրեց եւ իր գործերով առաւել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորները։ 34Նրա օրօք բեթէլացի Աքիէլը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի հետ դրա դարպասները կանգնեցրեց, համաձայն Տիրոջ խօսքի, որ ասուեց Նաւէի որդի Յեսուի բերանով։
17 Գաղաադի Թեզբէ գիւղից սերած Եղիա մարգարէն ասաց Աքաաբին. «Կենդանի է երկնային զօրութիւնների Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որի առջեւ կանգնում եմ. եթէ այս տարիներին ցօղ իջնի կամ անձրեւ գայ, ապա այդ կը լինի միայն իմ խօսքով»։ 2Տէրը խօսեց Եղիայի հետ եւ ասաց. 3«Գնա՛ այստեղից դէպի արեւելք ու թաքնուի՛ր Քոռաթի հեղեղատի մօտ, որը Յորդանան գետի դիմացն է։ 4Այնտեղ հեղեղատի ջրից կը խմես, իսկ ես հրամայել եմ ագռաւներին, որ քեզ այնտեղ կերակրեն»։ 5Եղիան գնաց եւ արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մօտ, Յորդանան գետի դիմաց։ 6Ամէն առաւօտ ագռաւները հաց ու միս էին բերում նրան, ինչպէս նաեւ հաց ու միս՝ երեկոները, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում։ 7Որոշ ժամանակ անց հեղեղատը ցամաքեց, որովհետեւ անձրեւ չէր տեղում երկրի վրայ։ 8Տէրն իր խօսքն ուղղեց Եղիային՝ ասելով. 9«Վե՛ր կաց եւ գնա՛ սիդոնացիների Սարեփթա քաղաքը եւ այնտե՛ղ մնա։ Ես մի այրի կնոջ պատուիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»։ 10Եղիան գնաց Սարեփթա ու հասաւ քաղաքի դարպասը։ Մի կին այնտեղ փայտ էր հաւաքում։ Եղիան ձայն տալով նրան՝ ասաց. «Ինձ համար ամանով մի քիչ ջուր բե՛ր, որ խմեմ»։ 11Կինը գնաց բերելու։ Եղիան նրա յետեւից ձայն տալով՝ ասաց. «Ինձ համար մի պատառ հաց բե՛ր»։ 12Կինն ասաց. «Կենդանի է քո Տէր Աստուածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալիւրից եւ կուժի մէջ եղած մի քիչ իւղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հաւաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ եւ երեխաներիս համար. այն կ՚ուտենք ու յետոյ կը մեռնենք»։ 13Եղիան ասաց նրան. «Քաջալերուի՛ր, գնա՛ եւ արա՛ այնպէս, ինչպէս ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանակ պատրաստի՛ր ու բե՛ր եւ ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար։ 14Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ալիւրը չի պակասելու սափորում, եւ կուժի իւղը չի նուազելու մինչեւ այն օրը, երբ Տէրն անձրեւ կը տեղացնի երկրի վրայ»։ 15Կինը գնաց եւ արեց այնպէս, ինչպէս ասել էր Եղիան։ Եղիան, կինն ու նրա որդիները կերան։ 16Այդ օրուանից սափորում ալիւր չպակասեց, եւ կուժի մէջ իւղ չնուազեց, ինչպէս որ Եղիայի միջոցով ասել էր Տէրը։ 17Այս դէպքերից յետոյ այնպէս պատահեց, որ տանտիկնոջ որդին հիւանդացաւ։ Հիւանդութիւնն այնքան ծանր էր, որ տղայի մէջ շունչ չմնաց։ 18Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մօտ, որ մեղքե՞րս յիշեցնես ու որդո՞ւս սպանես»։ 19Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարաւ վերնատուն, ուր ինքն էր բնակւում, եւ պառկեցրեց նրան իր անկողնի վրայ։ 20Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տէր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մօտ ես բնակւում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն եւ մահ պատճառեցիր»։ 21Նա երեք անգամ փչեց մանկան վրայ եւ աղաղակեց Տիրոջն՝ ասելով. «Տէ՜ր իմ Աստուած, այս երեխայի շունչը իրե՛ն վերադարձրու»։ 22Այդպէս էլ եղաւ. նա աղաղակեց, Տէրը լսեց Եղիայի ձայնը, երեխայի շունչը վերադարձաւ նրա մարմնի մէջ, ու նա կենդանացաւ։ 23Եղիան առաւ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տուեց իր մօրը՝ ասելով. «Տես, որ կենդանի է քո որդին»։ 24Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզուեցի, որ դու Աստծու մարդն ես, եւ Տիրոջ ճշմարիտ խօսքն է քո բերանում»։
18 Որոշ ժամանակ անցնելուց յետոյ, երրորդ տարում, Եղիային հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Գնա՛ ու երեւացի՛ր Աքաաբին, իսկ ես անձրեւ կը տեղացնեմ երկրի վրայ»։ 2Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր։ 3Աքաաբը կանչեց իր հազարապետ Աբդիուին։ Աբդիուն սաստիկ երկիւղ էր կրում Տիրոջից. 4երբ Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, Աբդիուն հարիւր մարգարէի տարաւ եւ նրանց յիսուն-յիսուն թաքցրեց քարայրներում եւ կերակրեց նրանց հացով ու ջրով։ 5Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտռենք ու գտնենք բոլոր աղբիւրներն ու հեղեղատները, թերեւս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպէսզի անասունները չսատկեն»։ 6Նրանք իրենց միջեւ բաժանեցին շրջելու ենթակայ տեղերը։ Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, իսկ Աբդիուն մի այլ ճանապարհով՝ առանձին։ 7Երբ Աբդիուն ճանապարհին էր, Եղիան նրան ընդառաջ ելաւ միայնակ։ Աբդիուն անմիջապէս ընկաւ երեսի վրայ ու ասաց. «Մի՞թէ դու ես, տէ՛ր իմ Եղիա»։ 8Եղիան ասաց. «Ես եմ։ Գնա ասա՛ քո տիրոջը. «Ահա Եղիան»։ 9Աբդիուն ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպէսզի սպանի ինձ։ 10Կենդանի է քո Տէր Աստուածը. չկայ ազգ կամ թագաւորութիւն, ուր իմ տէրը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին, թէ՝ «Չկայ», նա այրել էր տալիս այն թագաւորութիւնը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։ 11Արդ, ինձ ասում ես, թէ՝ «Գնա՛ ու պատմի՛ր քո տիրոջը, թէ՝ ՛՛Ահա այստեղ է Եղիան՛՛»։ 12Եթէ ես քո մօտից գնամ, եւ Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ յայտնեմ Աքաաբին, եւ նա չգտնի քեզ, ապա ինձ կը սպանի։ 13Չէ՞ որ քո ծառան մանկութիւնից ի վեր երկիւղ է կրում Տիրոջից։ Մի՞թէ չեն պատմել իմ տիրոջը, որ, երբ Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, ես Տիրոջ մարգարէներից հարիւր հոգի՝ յիսուն-յիսուն թաքցրել եմ տարբեր քարայրներում, նրանց կերակրել հացով ու ջրով։ 14Եւ հիմա ասում ես ինձ՝ «Գնա ասա՛ քո տիրոջը, թէ՝ ՛՛Ահա այստեղ է Եղիան՛՛», որ նա էլ ինձ սպանի»։ 15Եղիան, սակայն, ասաց. «Կենդանի է զօրութիւնների Տէրը, որի առջեւ կանգնած եմ. ես այսօր երեւալու եմ Աքաաբին»։ 16Աբդիուն գնաց Աքաաբի մօտ ու նրան պատմեց կատարուածը։ Աքաաբը վեր կացաւ ու գնաց Եղիային դիմաւորելու։ 17Երբ Աքաաբը տեսաւ Եղիային, ասաց. «Այդ դո՞ւ ես Իսրայէլը տակնուվրայ անողը»։ 18Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայէլը տակնուվրայ անողը, այլ՝ դու եւ քո հօր տունը, որ, լքելով ձեր Տէր Աստծուն, գնացել էք Բահաղիմին յարողների յետեւից։ 19Արդ, մա՛րդ ուղարկիր եւ ինձ մօտ, Կարմելոս լերան վրայ հաւաքի՛ր ամբողջ Իսրայէլին, Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին եւ չորս հարիւր յիսուն ամօթի՝ Աստարտի մարգարէներին եւ մեհեանների չորս հարիւր կռապաշտ մարգարէներին, որոնք սնվում են Յեզաբէլ թագուհու սեղանից։ 20Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայէլի չորս կողմերը եւ մարգարէներին հաւաքեց Կարմելոս լերան վրայ։ 21Եղիան մօտենալով ամբողջ ժողովրդին՝ ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթէ Տէրը Աստուած է, գնացէ՛ք նրա յետեւից, եւ եթէ Բահաղն է, նրա՛ յետեւից գնացէք»։ Ժողովուրդը պատասխան չտուեց։ 22Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարէ, Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն հոգի են, մեհեանների կռապաշտ մարգարէները՝ չորս հարիւր։ 23Արդ, թող մեզ երկու եզ տան, նրանք թող իրենց համար ընտրեն մէկին, կտրատեն այն ու դնեն փայտերի վրայ, սակայն կրակ թող չվառեն։ Ես էլ նոյնն անեմ միւս եզան. դնեմ փայտերի վրայ եւ կրակ չվառեմ։ 24Դրանից յետոյ դուք դիմեցէ՛ք ձեր աստուածներին, իսկ ես՝ իմ Տէր Աստծուն։ Այն աստուածը, որ հրով կը պատասխանի, նա՛ է Աստուածը»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խօսք ասացիր»։ 25Եղիան ասաց ամօթի՝ Աստարտի մարգարէներին. «Ընտրեցէ՛ք ձեզ համար մի զուարակ եւ առաջինը դուք սկսեցէ՛ք, քանի որ բազմամարդ էք։ Տուէ՛ք ձեր աստուածների անունը, սակայն կրակ մի՛ վառէք»։ 26Նրանք առան իրենց տրուած զուարակը եւ այդպէս արեցին. նրանք առաւօտից մինչեւ կէսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։ 27Երբ կէսօր եղաւ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեցէք, չէ՞ որ աստուած է, թերեւս զբաղուած է, կամ գործ է կատարում, կամ գուցէ քնած է եւ զարթնի»։ 28Նրանք բարձրաձայն կանչում էին եւ, ըստ իրենց օրէնքի, սրերով ու գեղարդներով իրենք իրենց կտրատում էին, մինչեւ որ արիւն հոսեց նրանց մարմնից։ 29Երբ երեկոն մօտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչեւ զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ խօսեց թեզբացի Եղիան գարշելի կուռքերի մարգարէների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեցէք, հիմա ես եմ իմ ողջակէզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։ 30Եղիան ասաց ժողովրդին. «Մօտեցէ՛ք ինձ»։ Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ նրան։ 31Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, առաւ տասներկու քար ըստ Իսրայէլի ցեղերի թուի, ինչպէս Տէրն ասել էր նրան՝ «Իսրայէ՛լ թող լինի քո անունը»։ 32Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիւ սերմ տանել, 33ապա փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց զուարակը, դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերի վրայ։ 34Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերէք եւ թափեցէ՛ք ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ»։ Ապա ասաց. «Դարձեա՛լ արէք»։ Նրանք նոյն բանը կրկին արեցին։ Եղիան ասաց. «Երրո՛րդ անգամ էլ արէք»։ Նրանք երրորդ անգամ էլ արեցին։ 35Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով։ 36Զոհի մատուցման ժամին Եղիան երկինք աղաղակելով՝ ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր համոզուեն, թէ դու ես Իսրայէլի Տէր Աստուածը, եւ ես քո ծառան եմ։ Ես արեցի այս գործերը։ 37Լսի՛ր ինձ, Տէ՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենայ, թէ դու ես Տէր Աստուածը, եւ դու յետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»։ 38Եւ երկնքից կրակ ընկաւ Տիրոջից, լափեց ողջակէզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը։ 39Երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, ընկաւ երեսնիվայր եւ ասաց. «Արդարեւ, Տէրն Աստուած է, Տէրն Աստուած է»։ 40Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Բռնեցին նրանց։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։ 41Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետեւ անձրեւի ձայն է լսւում»։ 42Աքաաբն ելաւ, որ ուտի եւ խմի, իսկ Եղիան բարձրացաւ Կարմելոս լերան գագաթը։ Նա մինչեւ գետին խոնարհուեց, երեսն առաւ ծնկների մէջ 43ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»։ Եղիան ասաց. «Դու եօթն անգամ արա՛ դա»։ 44Ծառան եօթն անգամ գնաց եւ այնպէս պատահեց, որ, եօթներորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում։ Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին՝ «Լծի՛ր քո կառքերը եւ հեռացի՛ր, որ անձրեւի չբռնուես»։ 45Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ սաստիկ անձրեւ սկսեց տեղալ։ 46Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ։ Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն իր մէջքը պինդ կապելով՝ վազեց Աքաաբի առջեւից մինչեւ որ մտաւ Յեզրայէլ։
19 Աքաաբը իր կնոջը՝ Յեզաբէլին պատմեց այն ամէնը, ինչ Եղիան արել էր, եւ թէ ինչպէս նա բոլոր մարգարէներին սրակոտոր էր արել։ 2Յեզաբէլը սուրհանդակ ուղարկեց Եղիայի մօտ՝ ասելով. «Եթէ դու Եղիան ես, իսկ ես՝ Յեզաբէլը, ապա թող աստուածներն ինձ այսպէս ու այսպէս անեն եւ դեռ աւելին, եթէ վաղը այս ժամին քեզ չանեմ այն, ինչ մարգարէներից իւրաքանչիւրին արեցիր դու»։ 3Եղիան վախեցաւ, ելաւ գնաց, հեռացաւ այդտեղից, եկաւ Յուդայի երկրի Բերսաբէէ քաղաքը։ Այնտեղ թողնելով իր ծառային՝ 4ինքը մէկ օրուայ ճանապարհ գնաց դէպի անապատ եւ նստեց բեւեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացաւ՝ ասելով. «Բաւական է, Տէ՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից աւելի լաւ չեմ»։ 5Նա քուն մտաւ, ննջեց ծառի տակ։ Եւ ահա մէկը նրան մօտենալով՝ ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»։ 6Եղիան նայեց եւ տեսաւ իր սնարից կախուած հաճարի նկանակ եւ ջրի կուժ։ Նա ելաւ, կերաւ, խմեց եւ դարձեալ ննջեց։ 7Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ նրան մօտենալով՝ ասաց. «Ելի՛ր, կե՛ր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու»։ 8Նա վեր կացաւ, կերաւ ու խմեց եւ այդ կերակրի զօրութեամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչեւ Աստծու Քորէբ լեռը։ 9Նա մտաւ քարայրն ու այնտեղ օթեւանեց։ Եւ ահա նրան հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։ 10Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին եւ քո մարգարէներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտռում են, որ սպանեն»։ 11Տէրն ասաց. «Վաղն առաւօտեան կ՚ելնես ու կը կանգնես լերան վրայ, Տիրոջ առջեւ։ Տէրը կ՚անցնի, մի սաստիկ հողմ կը բարձրանայ, Տիրոջ առաջ կը խորտակի լեռները, փուլ կը տայ ժայռերը, սակայն Տէրն այն հողմի մէջ չի լինի։ Հողմից յետոյ երկրաշարժ կը լինի, սակայն Տէրը երկրաշարժի մէջ չի լինի։ 12Երկրաշարժից յետոյ կրակ կը թափուի, սակայն Տէրը կրակի մէջ չի լինի։ Կրակից յետոյ մեղմ օդի ձայն կը լինի»։ 13Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշուէ վերարկուով ծածկեց երեսը, եկաւ ու կանգնեց քարայրից ներս։ Եւ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։ 14Եղիան ասաց. «Նախանձախնդրութիւն ունեցայ ամենակալ Տիրոջ համար, քանզի իսրայէլացիները դրժեցին քո ուխտը, քո զոհասեղանները քանդեցին, քո մարգարէներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, եւ ինձ էլ փնտռում են, որ սպանեն»։ 15Տէրն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, գնա՛ Դամասկոսի անապատով, եւ երբ հասնես, Ազայէլին ասորիների թագաւոր կ՚օծես, 16Ամեսսէի որդի Յէուին՝ Իսրայէլի թագաւոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսէէին կ՚օծես մարգարէ քո փոխարէն։ 17Այնպէս կը լինի, որ Ազայէլի սրից ազատուածին Յէուն կը սպանի, իսկ Յէուի սրից ազատուածին՝ Եղիսէէն։ 18Իսրայէլում կը թողնես եօթը հազար տղամարդ՝ այնպիսի մարդիկ, որ չեն ծնրադրել Բահաղին եւ շրթունքներով նրան չեն համբուրել»։ 19Նա գնաց այնտեղից ու գտաւ Սափատի որդի Եղիսէէին, որը տասներկու եզով վար էր անում, եւ եզները զոյգ-զոյգ նրա առաջ էին, իսկ ինքը տասներկուերորդ զոյգն էր քշում։ Եղիան մօտենալով՝ իր կաշուէ վերարկուն նետեց Եղիսէէի վրայ։ 20Եղիսէէն թողեց եզներն ու վազեց Եղիայի յետեւից՝ ասելով. «Թող նախ համբուրեմ հօրս ու մօրս, ապա հետեւեմ քեզ»։ Եղիան ասաց. «Գնա՛ ու վերադարձի՛ր, քեզ ի՞նչ եմ արել»։ 21Վերադառնալով՝ նա մի զոյգ եզ վերցրեց, մորթեց եւ հերկելու գործիքները տաքացնելով՝ խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին։ Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի յետեւից ու ծառայեց նրան։
20 Ադերի որդին՝ ասորիների արքան հաւաքեց իր ամբողջ զօրքը եւ բոլոր երիվարներով ու մարտակառքերով ելաւ ու պաշարեց Սամարիան։ Պատերազմի ժամանակ նրան դաշնակցել էին երեսուներկու թագաւորներ։ 2Նա սուրհանդակներ ուղարկելով քաղաք, Իսրայէլի արքայ Աքաաբի մօտ՝ 3ասաց նրան. «Այսպէս է ասում Ադերի որդին. «Քո արծաթն ու ոսկին իմն են, քո կանայք ու գեղեցիկ որդիները իմն են»։ 4Իսրայէլի արքան պատասխան տալով՝ ասաց. «Քո ասածի պէս, տէ՛ր իմ արքայ, քոնն եմ ես, եւ քոնն է իմ ամէն ինչը»։ 5Սուրհանդակները նորից եկան ու ասացին. «Այսպէս է ասում Ադերի որդին. «Ես լուր էի ուղարկել, որ քո արծաթն ու ոսկին, քո կանայք ու որդիներն ինձ տաս։ 6Արդ, վաղն այս ժամին կ՚ուղարկեմ իմ ծառաներին, որոնք խուզարկելու են քո եւ քո ծառաների տները եւ ինչ որ իրենց աչքերին ցանկալի թուայ, ինչի էլ որ իրենց ձեռքերը մեկնեն, պիտի առնեն»։ 7Իսրայէլի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին եւ ասաց. «Իմացէ՛ք ու տեսէ՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մօտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան»։ 8Ծերերն ու ամբողջ ժողովուրդը նրան ասացին. «Մի՛ լսիր նրան ու յանձնառու մի՛ լինիր»։ 9Եւ նա Ադերի սուրհանդակներին ասաց. «Ձեր տէր արքային ասացէ՛ք. «Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառային, կ՚անեմ, իսկ այս բանը չեմ կարող անել»։ Մարդիկ գնացին ու պատասխանը հաղորդեցին նրան։ 10Ադերի որդին նրա մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Այսպէս եւ այսպէս թող անեն ինձ աստուածները եւ աւելին թող անեն, եթէ Սամարիան աւերելուց յետոյ թողնեմ այնքան կանգուն բան, որի փոշին լցնի իմ զինուորների ափերը»։ 11Իսրայէլի արքան պատասխան տուեց ու ասաց. «Շա՜տ եղաւ, թող կուզիկը չպարծենայ ուղիղ կանգնողի նման»։ 12Նա այս պատասխան խօսքերը լսեց, երբ որ բոլոր թագաւորների հետ վրաններում գինարբուքի մէջ էր։ Նա ասաց իր ծառաներին. «Պաշարեցէ՛ք»։ Եւ պաշարեցին քաղաքը։ 13Եւ ահա մի մարգարէ մօտեցաւ Իսրայէլի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որ համոզուես, թէ ես եմ Տէրը»։ 14Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»։ Մարգարէն ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Գաւառների իշխանների ծառաների միջոցով»։ Աքաաբը հարցրեց. «Ո՞վ պէտք է սկսի պատերազմը»։ Մարգարէն ասաց. «Դո՛ւ»։ 15Աքաաբը հաշուեց գաւառների իշխանների ծառաներին ու տեսաւ, որ նրանք երկու հարիւր երեսուն հոգի են։ Ապա հաշուեց ամբողջ ժողովրդին, զօրքի բոլոր անդամներին եւ տեսաւ, որ եօթը հազար մարդ կար։ Կէսօրին նա յարձակման անցաւ։ 16Ադերի որդին եւ նրա երեսուներկու դաշնակից թագաւորները գինով հարբած էին Սոկքովում։ 17Նախ յարձակում գործեցին գաւառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին. «Պաշարուած Սամարիայից մարդիկ են դուրս եկել»։ 18Ադերի որդին ասաց նրանց. «Եթէ խաղաղութեան համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեցէք նրանց, եթէ պատերազմի համար են եկել, դարձեա՛լ կենդանի բռնեցէք»։ 19Քաղաքից դուրս եկան գաւառների իշխանների ծառաները, նրանց յետեւից՝ նաեւ զօրքը, 20եւ ամէն մէկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, եւ իսրայէլացիները հալածեցին նրանց։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիւ փրկուեց երեք ձիաւորների հետ։ 21Իսրայէլի արքան առաջ շարժուեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը եւ ասորիներին մեծ հարուածներ հասցրեց։ 22Մարգարէն մօտեցաւ Իսրայէլի արքային ու ասաց նրան. «Զօրացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թէ ինչ ես անելու, քանզի յաջորդ տարի Ադերի որդին՝ ասորիների արքան, յարձակուելու է քեզ վրայ»։ 23Ասորիների արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայէլի Աստուածը լեռների Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, այդ պատճառով էլ նրանք յաղթեցին մեզ։ Եթէ նրանց դէմ պատերազմենք հարթ վայրում, կը յաղթենք նրանց։ 24Այս բա՛նն արա. թագաւորներին գահընկե՛ց արա եւ նրանց փոխարէն նախարարնե՛ր նշանակիր։ 25Քո կորցրած զօրքերի փոխարէն զօրքեր կը տանք, երիվարների փոխարէն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարէն՝ մարտակառքեր. նրանց դէմ պատերազմենք հարթ վայրում ու յաղթենք»։ Նա անսաց նրանց խօսքերին եւ այդպէս էլ արեց։ 26Հետեւեալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելաւ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայէլի դէմ։ 27Իսրայէլացիները նոյնպէս աշխարհագիր անցկացրին եւ երկու գնդի բաժանուելով՝ եկան կանգնեցին նրանց առջեւ։ Իսրայէլացիները ասորիների դէմ ճակատ կազմեցին այծերի երկու հօտերի պէս, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։ 28Աստծու մարդը մօտենալով Իսրայէլի արքային՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ ասորիներն ասացին, թէ՝ Աստուած լեռների Տէր Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, նա այդ մեծ զօրքը քո ձեռքն է յանձնելու, որ համոզուես, թէ ես եմ Տէրը»։ 29Նրանք, ճակատ կազմած, եօթը օր իրար դէմ դիմաց էին, իսկ եօթներորդ օրը պատերազմը բորբոքուեց։ Իսրայէլացիները մէկ օրում հարիւր հազար ասորի հետեւակ կոտորեցին, 30իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, եւ պարիսպը փուլ եկաւ մնացած քսանեօթը հազար ասորիների վրայ։ Ադերի որդին փախաւ ու իր պալատում մի սենեակից միւս սենեակն էր վազում։ 31Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայէլի տան թագաւորները ողորմած են։ Մեր մէջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չուաններ, գնանք Իսրայէլի թագաւորի մօտ, թերեւս մեր կեանքը խնայի»։ 32Նրանք իրենց մէջքերին քուրձեր ու գլուխներին չուաններ կապեցին եւ ասացին Իսրայէլի թագաւորին. «Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. «Խնայի՛ր կեանքս»։ Իսկ նա ասաց. «Եթէ նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է»։ 33Նրա մարդիկ այս յաջող առիթից օգտուելով՝ նուէրներ տուեցին եւ այս խօսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝ Ադերի որդին, այստեղ է»։ Ասաց. «Գնացէ՛ք ու բերէ՛ք նրան»։ Ադերի որդին եկաւ Աքաաբի մօտ, եւ նրան մարտակառք նստեցրին թագաւորի կողքին։ 34Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրաւել էր քո հօրից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կը վերցնես Դամասկոսից, ինչպէս իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կ՚արձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ եւ արձակեց նրան։ 35Մարգարէների որդիներից մէկը Տիրոջ խօսքին անսալով՝ ասաց իր ընկերոջը. «Հարուածի՛ր ինձ»։ Մարդը, սակայն, չուզեց հարուածել նրան։ 36Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդուեցիր, հէնց որ ինձնից հեռանաս, մի առիւծ քեզ կը բզկտի»։ Երբ սա հեռացաւ նրանից, մի առիւծ հանդիպեց նրան ու յօշոտեց։ 37Նա մի ուրիշ մարդու հանդիպելով՝ ասաց. «Հարուածի՛ր ինձ»։ Այս մարդը հարուածեց ու վիրաւորեց նրան։ 38Մարգարէն եկաւ եւ կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագաւորին ու չճանաչուելու համար շորով կապեց իր աչքը։ 39Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, պատերազմ էի գնացել, մի մարդ ինձ մօտ բերելով մէկին՝ ասաց. «Այս մարդուն պահի՛ր, իսկ եթէ ձեռքիցդ փախչի, քո կեանքը կը կորչի նրա կեանքի փոխարէն, կամ մի տաղանդ արծաթ կը տաս ինձ»։ 40Եւ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդէն չկար»։ Իսրայէլի արքան նրան ասաց. «Իմ ըմբռնումով դա դաւ է, ուրեմն սպանե՞լ ես նրան»։ 41Սա անմիջապէս շորը հեռացրեց աչքերից, եւ Իսրայէլի արքան ճանաչեց նրան. նա այնտեղի մարգարէներից էր։ 42Մարգարէն ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. «Քանի որ դու վտանգաւոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կեանքով կը հատուցես նրա կեանքի փոխարէն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարէն»։ 43Իսրայէլի արքան գնաց իր տունը, Սամարիա, տխուր ու հուսահատ։
21 Այս դէպքերից յետոյ այսպիսի մի բան պատահեց. յեզրայէլացի Նաբոթը մի այգի ունէր Սամարիայի Աքաաբ արքայի կալի մօտ։ 2Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնայ, որովհետեւ այն իմ տան մօտ է։ Դրա փոխարէն դրանից աւելի լաւ այգի կը տամ քեզ, եւ եթէ կամենաս, այգու արժէքը արծաթով կը վճարեմ, եւ սա ինձ համար կը լինի բանջարանոց»։ 3Նաբոթն ասաց արքային. «Թող իմ Աստուածն այնպէս չանի, որ իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ»։ 4Աքաաբն իր տունը եկաւ խռոված եւ անտրամադիր այն խօսքերի պատճառով, որ յեզրայէլացի Նաբոթն ասել էր, թէ՝ «Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տայ»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց եւ հաց չկերաւ։ 5Նրա մօտ եկաւ կինը՝ Յեզաբէլը, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ինչո՞ւ է հոգիդ խռովուած, եւ հաց չես ուտում»։ 6Աքաաբն ասաց. «Յեզրայէլացի Նաբոթին ասացի. «Ինձ տուր քո այգին արծաթի դիմաց եւ եթէ չուզենաս, դրա փոխարէն քեզ ուրիշ այգի կը տամ», իսկ նա ասաց, թէ՝ «Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տայ»։ 7Նրա կին Յեզաբէլն ասաց. «Դու այդպէ՞ս ես թագաւորութիւն անում Իսրայէլի վրայ։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափուի՛ր, եւ ես քեզ կը յանձնեմ յեզրայէլացի Նաբոթի այգին։ 8Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով եւ հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք Նաբոթի հետ էին ապրում։ 9Հրովարտակում այսպէս էր գրուած. «Ծո՛մ պահեցէք եւ Նաբոթին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում նստեցրէ՛ք, 10իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրէն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն, թէ՝ «Դու օրհնեցիր Աստծուն ու արքային», եւ թող դուրս հանեն Նաբոթին եւ քարկոծեն, մինչեւ որ մեռնի»։ 11Այդ քաղաքում բնակուող ծերերն ու ազատները արեցին այնպէս, ինչպէս որ գրուած էր Յեզաբէլի՝ նրանց ուղարկած հրովարտակներում։ 12Ծոմապահութիւն նշանակեցին, Նաբոթին նստեցրին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում, 13եկան երկու անօրէններ, նստեցին նրա դիմաց եւ վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ, թէ Նաբոթն ապստամբել է, ասացին, թէ՝ «Նաբոթն օրհնել է« Աստծուն եւ արքային»։ Դրանից յետոյ նրան քաղաքից դուրս հանեցին եւ քարկոծելով սպանեցին։ 14Լուր ուղարկեցին Յեզաբէլին, թէ՝ «Նաբոթը քարկոծուելով մեռաւ»։ 15Երբ Յեզաբէլը լսեց, որ Նաբոթը քարկոծուել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր յեզրայէլացի Նաբոթի այգին, որը չէր ուզում այն քեզ արծաթով ծախել, քանզի Նաբոթը կենդանի չէ, նա մեռել է»։ 16Երբ Աքաաբը լսեց, թէ յեզրայէլացի Նաբոթը մեռել է, իր զգեստները պատառոտեց ու քուրձ հագաւ։ Դրանից յետոյ Աքաաբը եկաւ ու ժառանգեց յեզրայէլացի Նաբոթի այգին։ 17Տէրը խօսելով թեզբացի Եղիայի հետ՝ ասաց. 18«Վեր կաց գնա՛ Իսրայէլի Աքաաբ արքայի մօտ, Սամարիա։ Նա գնացել է Նաբոթի այգին ժառանգելու։ 19Կը խօսես նրա հետ ու կ՚ասես. այսպէս է ասում Տէրը. «Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցուածքը, ապա դրա համար այսպէս է ասում Տէրը. ՛՛Այն տեղում, ուր շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արիւնը, նոյն տեղում լափելու են նաեւ քո արիւնը, եւ բոզերը լողանալու են քո արեան մէջ՛՛»։ 20Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտայ, քանզի իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջեւ ու բարկացնելով նրան։ 21Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրայ կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ բոլոր նրանց, ովքեր պատին են միզում, ինչպէս նաեւ Իսրայէլից պիտի վերացնեմ նեղութեան մէջ եղող եւ լքուած մարդկանց։ 22Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Յերոբովամի տան նման եւ Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետեւ դու բարկացրիր ինձ եւ Իսրայէլին մեղանչել տուեցիր։ 23Տէրը Յեզաբէլի մասին ասաց. «Շները պիտի ուտեն նրան Յեզրայէլի պարսպի մօտ»։ 24Աքաաբ թագաւորի մարդկանցից քաղաքում մեռածներին շներն են ուտելու, իսկ դաշտում մեռածների դիակները երկնքի թռչուններն են կտցելու»։ 25Իզուր ամբարտաւանացաւ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջեւ։ Նրան իր կինը՝ Յեզաբէլը յիմարացրեց։ 26Նա կուռքեր պաշտելով՝ անօրէն դարձաւ, արեց այն ամէնը, որ ամորհացին էր արել, որին Տէրը հալածել էր իսրայէլացիների միջից։ 27Այս խօսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջեւ, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագաւ իր մարմնի վրայ եւ ծոմ պահեց. նա քուրձ հագաւ այն օրուանից, երբ սպանել տուեց յեզրայէլացի Նաբոթին։ Նա գլխիկոր էր ման գալիս։ 28Տէրը Աքաաբի մասին ասաց իր ծառայ Եղիային. 29«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջեւ։ Եւ քանի որ ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանութեան օրօք, այլ նրա որդիների՛ օրօք կը թափեմ չարիքը նրա տան վրայ»։
22 Երեք տարի պատերազմ չեղաւ Ասորիքի ու Իսրայէլի միջեւ։ 2Երրորդ տարում Յուդայի երկրի արքայ Յոսափատը եկաւ Իսրայէլի արքայի մօտ։ 3Իսրայէլի արքան ասաց իր ծառաներին. «Գիտէ՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրաւում ասորիների արքայից»։ Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Մեզ հետ կը յարձակուե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ»։ 4Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Մի ենք ես եւ դու, մի են իմ զօրքն ու քո զօրքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»։ 5Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Ապա Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»։ 6Իսրայէլի արքան հաւաքեց բոլոր մարգարէներին, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ պատերազմի գնա՞մ, թէ՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տէրն այն անպայման արքայի ձեռքն է յանձնելու»։ 7Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այստեղ արդեօք Տիրոջ մարգարէ կա՞յ, թէ՞ ոչ, որ նրա՛ միջոցով Տիրոջը հարցնենք»։ 8Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Այստեղ կայ մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետեւ ինձ համար բարի բան չի գուշակում, այլ՝ չար։ Դա Յեմլէի որդի Միքիան է»։ Յուդայի երկրի արքայ Յոսափատն ասաց. «Թող այդպիսի բան չասի արքան»։ 9Իսրայէլի արքան մի ներքինի կանչելով՝ ասաց. «Անմիջապէս այստե՛ղ բեր Յեմլէի որդի Միքիային»։ 10Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի արքայ Յոսափատը արքայական զգեստներով նստել էին ամէն մէկն իր աթոռին, Սամարիայի դարպասների մօտ, եւ բոլոր մարգարէները մարգարէութիւն էին անում նրանց առջեւ։ 11Քանանի որդի Սեդեկիան, որը երկաթէ եղջիւրներ էր սարքել տուել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Սրանցո՛վ ես հարուածելու ասորիներին, մինչեւ որ բնաջնջուեն»։ 12Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ յաջողութիւն կ՚ունենաս. Տէրը քո ձեռքը կը յանձնի ասորիների արքային»։ 13Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահաւասիկ բոլոր մարգարէները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար։ Արդ, քո խօսքն էլ թող նրանց ասածին համահնչիւն լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»։ 14Միքիան ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Տէրն ինձ ասի, ա՛յն կը հաղորդեմ»։ 15Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դէմ պատերազմելու գնա՞մ, թէ՞ տեղում մնամ»։ Միքիան ասաց. «Գնա՛ եւ յաջողութիւն կը գտնես, եւ Տէրը դա արքայի ձեռքը կը յանձնի»։ 16Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդուեցնում, որ ինձ ճշմարտութիւնն ասես յանուն Տիրոջ»։ 17Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտութիւնը։ Ես տեսել եմ, թէ ինչպէս բոլոր իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ իբրեւ ոչխարների հօտ, որ չունի հովիւ։ Տէրն ասաց. «Դրանք տէրեր չունեն, թող ամէն մէկն իր տունը դառնայ խաղաղութեամբ»։ 18Իսրայէլի արքան ասաց Յուդայի արքայ Յոսափատին. «Ես քեզ չասացի՞, թէ նա ինձ համար բարի բան չի մարգարէանայ, այլ միայն՝ չար բան»։ 19Միքիան ասաց. «Այդպէս չէ, ոչ թէ իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես, արդարեւ, տեսայ Իսրայէլի Տէր Աստծուն՝ նստած իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը աջից ու ձախից կանգնած էին նրա մօտ։ 20Տէրն ասաց. «Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ ելնի յարձակուի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրայ եւ սպանուի»։ Մէկն այսպէս ու միւսն այնպէս էր ասում։ 21Եւ ահա մարգարէի մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. «Ես կը խաբեմ նրան»։ Տէրը նրան ասաց. «Ի՞նչ միջոցով»։ 22Նա պատասխանեց. «Կ՚ելնեմ ու սուտ ոգի կը դառնամ նրա բոլոր մարգարէների բերանում»։ Տէրն ասաց. «Դու իրօք կը խաբես, դու այդ կարող ես, գնա՛ եւ այդպէ՛ս արա»։ 23Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում, եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար»։ 24Քանանի որդի Սեդեկիան մօտեցաւ ու խփելով Միքիայի ծնօտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խօսեց քո մէջ»։ 25Միքիան ասաց. «Դու ինքդ կը տեսնես այն օրը, երբ սենեակից սենեակ կը վազես թաքնուելու համար»։ 26Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիային եւ յանձնելով Ամոն քաղաքապետին ու արքայորդի Յովասին՝ 27ասացէ՛ք. «Այսպէս է հրամայում արքան։ ՛՛Բանտարկեցէ՛ք սրան, եւ թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչեւ որ ողջ եւ առողջ վերադառնամ պատերազմից՛՛»։ 28Միքիան ասաց. «Եթէ դու ողջ եւ առողջ վերադառնաս, ուրեմն Տէրը չէ, որ խօսել է իմ բերանով»։ Ապա աւելացրեց. «Լսեցէ՛ք, զօրքե՛ր, ամէնքդ լսեցէ՛ք»։ 29Իսրայէլի արքան Յուդայի երկրի արքայ Յոսափատի հետ շարժուեց դէպի Գաղաադի Ռամաթ քաղաքը։ 30Իսրայէլի արքան ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ես կը կերպարանափոխուեմ եւ այդպէս կը մտնեմ պատերազմ, իսկ դու հագի՛ր իմ զգեստները»։ Իսրայէլի արքան փոխեց իր հագուստները եւ մտաւ պատերազմի մէջ։ 31Ասորիների արքան պատուէր էր տուել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչէք մեծի կամ փոքրի դէմ, այլ միայն՝ Իսրայէլի արքայի դէմ»։ 32Երբ մարտակառքերի պետերը տեսան Յուդայի երկրի արքայ Յոսափատին, ասացին միմեանց. «Թւում է, թէ սա է Իսրայէլի թագաւորը»։ Նրանք մօտեցան, որ կռուեն նրա դէմ, բայց Յոսափատը աղաղակեց։ 33Երբ մարտակառքերի պետերը տեսան, թէ նա չէ Իսրայէլի արքան, յետ դարձան։ 34Նրանցից մէկը ուժգին ձգեց իր աղեղը եւ ճեղքելով Իսրայէլի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը։ Սա ասաց իր մարտակառքի պետին՝ «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրաւոր եմ»։ 35Այդ օրը, սակայն, պատերազմը սաստկացաւ, եւ արքան այգաբացից մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքում, ասորիների դէմ։ Արիւնը հոսում էր վէրքից ու լցւում մարտակառքի մէջ։ Երբ երեկոյ եղաւ, նա մեռաւ։ 36Արեգակը մայր մտնելիս մունետիկը յայտնեց զօրքին. «Ամէն ոք իր քաղաքը, իր երկիրը թող գնայ, որովհետեւ արքան մեռել է»։ 37Արքային բերեցին Սամարիա եւ Սամարիայում էլ թաղեցին։ 38Սամարիայի ջրաւազաններում լուացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արիւնը, իսկ բոզերը լողացան նրա արեան մէջ, ինչպէս կանխատեսել էր Տէրը։ 39Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրեայ տունը, կառուցապատած բոլոր քաղաքները՝ այս ամէնը նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 40Աքաաբը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Յուդայի երկրի վրայ թագաւորում էր Ասայի որդի Յոսափատը։ 41Իսրայէլի թագաւոր Աքաաբի թագաւորութեան չորրորդ տարում թագաւորեց Յոսափատը։ 42Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, ու քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Սալալի դուստր Ասուբան էր։ 43Նա իր հօր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորուեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ։ 44Նա, սակայն, բարձրադիր մեհեանները չվերացրեց, որովհետեւ ժողովուրդը տակաւին զոհ էր մատուցում եւ խունկ ծխում մեհեաններում։ 45Յոսափատը խաղաղութեան դաշինքի մէջ էր Իսրայէլի արքայի հետ։ 46Յոսափատի մնացած գործերը, կատարած քաջագործութիւններն ու պատերազմները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 47Նա երկրից մաքրեց սոդոմական մեղք գործողներին, որոնք մնացել էին իր հօր օրերից։ 48Այդ ժամանակ Եդոմում թագաւոր չկար։ 49Յոսափատ արքան Թարսիսի նաւեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ոսկի ձեռք բերելու, սակայն նաւերը տեղ չկարողացան հասնել, որոհետեւ Գասիոնգաբերում նաւաբեկութեան ենթարկուեցին։ 50Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Յոսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, եւ քո նաւերն՝ իմ նաւերի հետ»։ Յոսափատը, սակայն, չհամաձայնեց։ 51Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ, իր նախահայր Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Յորամը։ 52Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնեօթներորդ տարում։ Նա Իսրայէլում թագաւորեց երկու տարի։ 53Նա չար գործեր արեց Տիրոջ առջեւ, գնաց իր հայր Աքաաբի ու իր մայր Յեզաբէլի, Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղսալից ճանապարհով։ 54Նա ծառայեց Բահաղիմներին, երկրպագեց նրանց եւ դրանով իսկ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն՝ ըստ ամենայնի կրկնելով իր նախորդների կատարածը։