4 Թագաւորաց
1 Աքաաբի մահուանից յետոյ մովաբացիներն ըմբոստացան Իսրայէլի դէմ։ 2Օքոզիան ընկաւ Սամարիայում գտնուող իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասուածք ստացաւ։ Նա պատգամաւորներ ուղարկեց ու ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրէ՛ք, թէ ես կը փրկուե՞մ այս ցաւից»։ Եւ նրանք գնացին հարցնելու նրան։ 3Տիրոջ հրեշտակը, սակայն, կանչեց թեզբացի Եղիային եւ ասաց. «Ելիր գնա՛ եւ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամաւորներին դիմաւորելով՝ նրանց ասա՛. «Իսրայէլի մէջ Աստուած չլինելո՞ւ պատճառով է, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ 4Մի՛ արէք այդ բանը։ Տէրն այսպէս է ասում. «Այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից չես իջնելու եւ դրա մէջ էլ մեռնելու ես»։ Եղիան գնաց ու յայտնեց նրանց այդ խօսքերը։ 5Պատգամաւորները վերադարձան նրա մօտ, եւ նա հարցրեց. «Ինչո՞ւ էք յետ դարձել»։ 6Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելաւ ու ասաց մեզ. «Վերադարձէ՛ք ձեզ ուղարկող արքայի մօտ եւ ասացէ՛ք նրան. այսպէս է ասում Տէրը. ՛՛Իսրայէլի մէջ Աստուած չլինելո՞ւ պատճառով է, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Մի՛ արէք այդ բանը։ Այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից ցած չես իջնելու, մեռնելու ես՛՛»։ 7Օքոզիան հարցրեց. «Ի՞նչ նշաններ ունէր այն մարդը, որ ձեր առաջ ելաւ եւ այդ բաներն ասաց ձեզ»։ 8Նրանք ասացին. «Մազոտ մարդ էր եւ մէջքին կաշուէ գօտի էր կապել»։ Նա ասաց. «Դա թեզբացի Եղիան է»։ 9Նա մի յիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարէի մօտ իր յիսուն զինուորներով։ Յիսնապետը եկաւ նրա մօտ։ Եղիան նստած էր լերան գագաթին։ Յիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»։ 10Եղիան պատասխան տալով՝ ասաց յիսնապետին. «Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն զինուորներին»։ Կրակ իջաւ երկնքից եւ լափեց նրան ու նրա յիսուն զինուորներին։ 11Արքան նորից մի այլ յիսնապետ ուղարկեց նրա մօտ իր յիսուն զինուորներով։ Յիսնապետն եկաւ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպէս է ասում. «Անմիջապէս ցա՛ծ իջիր այդտեղից»։ 12Եղիան պատասխան տալով՝ ասաց նրան. «Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն զինուորներին»։ Աստծու կրակն իջաւ երկնքից ու լափեց նրան ու նրա յիսուն զինուորներին։ 13Արքան երրորդ անգամ յիսնապետ ուղարկեց յիսուն հոգով։ Երրորդ յիսնապետն եկաւ, Եղիայի առջեւ ծնկի իջաւ եւ աղաչելով՝ ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, բարի՛ աչքով նայիր ինձ ու քո այս յիսուն ծառաներին, 14քանզի տեսանք, որ կրակ ընկաւ երկնքից ու լափեց նախորդ երկու յիսնապետներին ու նրանց յիսունական զինուորներին։ Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին»։ 15Տիրոջ հրեշտակը խօսելով Եղիայի հետ՝ ասաց. «Գնա՛ նրա հետ, նրանցից երկիւղ մի՛ ունեցիր»։ Վեր կացաւ Եղիան, նրա հետ գնաց արքայի մօտ 16եւ ասաց նրան. «Քանի որ պատգամաւորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ Աստծու մօտ բան հարցնելու, կարծես թէ Իսրայէլի մէջ չկար Աստուած, որ նրանից հարցնէիր (մի բան, որ չպէտք է անէիր), ուստի այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից չես իջնելու, այլ մեռնելու ես»։ 17Եւ նա մեռաւ, ինչպէս որ Տէրն էր ասել Եղիային։Աքաաբի որդի Յորամը Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնութերորդ տարում թագաւորեց Իսրայէլի վրայ Սամարիայում տասներկու տարի։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, բայց ոչ իր եղբայրների եւ իր մօր նման։ Նա հանեց ու ոչնչացրեց իր հօր պատրաստած Բահաղի արձանները, բայց գործեց Յերոբովամի այն մեղքերը, որոնցով նա մեղանչել էր տուել Իսրայէլին, դրանցից չհրաժարուեց, ուստի Տէրը խիստ զայրացաւ Աքաաբի տան վրայ։ Յոսափատի որդի Յուդայի երկրի արքայ Յորամի թագաւորութեան երկրորդ տարում Օքոզիայի փոխարէն իշխել էր իր եղբայր Յորամը, որովհետեւ Օքոզիան որդի չունէր։ 18Օքոզիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
2 Երբ Տէրը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսէէն գնացին Գաղգաղա։ 2Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Բեթէլ է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթէլ։ 3Բեթէլում գտնուող մարգարէների որդիները եկան Եղիսէէի մօտ եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տէրը այսօր առնել տանելու է քո մօտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ 4Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Երիքով է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ 5Նրանք եկան Երիքով։ Երիքովում գտնուող մարգարէների որդիները մօտեցան Եղիսէէին եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տէրը քո տիրոջը առնել տանելու է քո մօտից»։ 6Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրը ինձ Յորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ 7Եւ նրանք երկուսով գնացին։ Մարգարէների որդիներից յիսուն հոգի գնաց ու կանգնեց հեռւում, Եղիայի ու Եղիսէէի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Յորդանան գետի եզերքին։ 8Եղիան առաւ իր մորթէ վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ նրանք երկուսով անցան ցամաքով։ 9Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»։ Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»։ 10Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»։ 11Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ։ 12Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»։ Եւ այլեւս չտեսաւ նրան։ Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց։ 13Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ։ Եղիսէէն վերադարձաւ, գնաց կանգնեց Յորդանան գետի եզերքին, 14վերցրեց Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ, խփեց ջրերին՝ ասելով. «Եղիայի Տէ՛ր Աստուած, ո՞ւր ես հիմա»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէէն անցաւ։ 15Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսէէի վրայ»։ Նրանք եկան դիմաւորեցին, երկրպագեցին նրան 16ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ, յիսուն զօրեղ մարդիկ կան, թող գնան ու փնտռեն քո տիրոջը, գուցէ Տիրոջ հոգին նրան վերցնելով նետել է Յորդանան գետի եզերքը կամ մի լերան եւ կամ մի բլրի վրայ։ Եղիսէէն ասաց. «Մի՛ ուղարկէք»։ 17Սակայն նրանք այնքան պնդեցին, որ նա ամաչեց ու ասաց. «Ուղարկեցէ՛ք»։ Յիսուն հոգու ուղարկեցին, որոնք երեք օր փնտռեցին ու չգտան նրան։ 18Վերադարձան նրա մօտ, իսկ նա Երիքովում էր։ Նա ասաց նրանց. «Չէ՞ որ ասացի՝ «Մի՛ գնացէք»։ 19Քաղաքի մարդիկ ասացին Եղիսէէին. «Մեր քաղաքում բնակուելը լաւ է, ինչպէս որ տեսնում ես, տէ՛ր իմ. բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»։ 20Եղիսէէն ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերէք ու այդտե՛ղ դրէք»։ 21Բերեցին նրա ուզածը, Եղիսէէն գնաց ջրերի ակունքը եւ այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ եւ անբերրիութիւն չառաջանան։» 22Եւ այդ ջրերը մաքուր դարձան, ու այդպէս է մինչեւ այսօր, ինչպէս որ ասել էր Եղիսէէն։ 23Նա այնտեղից բարձրացաւ Բեթէլ եւ մինչ իր ճանապարհն էր գնում, քաղաքից դուրս եկան փոքրիկ երեխաներ ու ծաղրելով նրան՝ ասում էին. «Բարձրացի՛ր, ճաղա՛տ, բարձրացի՛ր, ճաղա՛տ»։ 24Երբ նա յետ դարձաւ ու տեսաւ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անուանելով յանցանքի եւ ունայնութեան որդիներ։ Եւ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։ 25Եղիսէէն այնտեղից գնաց Կարմելոս լեռը եւ ապա վերադարձաւ Սամարիա։
3 Աքաաբի որդի Յորամը Յուդայի երկրի Յոսափատ արքայի թագաւորութեան տասնեօթներորդ տարում դարձաւ Իսրայէլի թագաւոր եւ տասներկու տարի թագաւորեց Սամարիայում։ 2Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, բայց ո՛չ իր հօր, ո՛չ էլ իր մօր նման. նա կործանեց այն արձանները, որ իր հայրն էր կանգնեցրել։ 3Նա, սակայն, միացաւ Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերին, որն Իսրայէլին մեղանչել էր տուել, եւ դրանցից չհրաժարուեց։ 4Մովաբի Մոսա արքան ոչխարի հօտերի տէր էր եւ Իսրայէլի արքային հարկ էր տալիս հարիւր հազար մաքի ու հարիւր հազար նրբագեղմ խոյ։ 5Աքաաբի մեռնելուց յետոյ Մովաբի երկրի արքան ըմբոստացաւ Իսրայէլի արքայի դէմ։ 6Այդ ժամանակ Յորամ արքան ելաւ Սամարիայից եւ գնաց Իսրայէլի բանակն աչքի անցկացնելու։ 7Նա Յուդայի երկրի Յոսափատ արքայի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դէմ, կը գա՞ս ինձ հետ մովաբացիների դէմ պատերազմելու»։ Նա ասաց. «Կ՚ելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զօրքը, եւ մի են իմ ու քո երիվարները»։ 8Նա հարցրեց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Սա պատասխանեց. «Եդոմի անապատի ճանապարհով»։ 9Իսրայէլի արքան, Յուդայի երկրի արքան եւ Եդոմի արքան գնացին, եօթը օրուայ ճանապարհ կտրեցին, սակայն ջուր չկար ո՛չ բանակի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար։ 10Իսրայէլի արքան ասաց. «Աւա՜ղ, Տէրը պաշարել է իրար մօտ հաւաքուած երեք թագաւորներիս, որ սրանց մովաբացիների ձեռքը յանձնի»։ 11Յոսափատն ասաց. «Մի՞թէ այստեղ Տիրոջ մի մարգարէ չկայ, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»։ Իսրայէլի արքայի ծառաներից մէկն ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսէէն, որը 1Եղիայի ձեռքին ջուր էր ածում»։ 12Յոսափատն ասաց. «Տիրոջ խօսքը նրա հետ է»։ Իսրայէլի արքան, Յուդայի երկրի Յոսափատ արքան եւ Եդոմի արքան եկան նրա մօտ։ 13Եղիսէէն ասաց Իսրայէլի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հօր ու քո մօր մարգարէների մօտ»։ Իսրայէլի արքան նրան ասաց. «Մի՞թէ Տէրը երեք թագաւորներիս կանչեց, որ մեզ յանձնի մովաբացիների ձեռքը»։ 14Եղիսէէն ասաց. «Կենդանի է զօրութիւնների Տէրը, որի առջեւ կանգնած եմ. եթէ Յուդայի երկրի Յոսափատ արքայի նկատմամբ ակնածանք չունենայի, քո երեսն իսկ չպիտի նայէի։ 15Բայց արդ, բերէ՛ք ինձ մի քնարահարի»։ Երբ քնարահարն սկսեց նուագել, Տիրոջ ձեռքը իջաւ Եղիսէէի վրայ։ 16Նա ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Այս հեղեղատը փոսերի՛ վերածեցէք»։ 17Այսպէս է ասում Տէրը. «Ո՛չ հողմ էք տեսնելու, ո՛չ էլ անձրեւ, սակայն այս հեղեղատը ջրով պիտի լցուի, եւ դուք, ձեր անասուններն ու ձեր գրաստները պիտի խմէք այդտեղից»։ 18Այս բոլորը դեռ չնչին բան է Տիրոջ համար։ 19Նա մովաբացիներին ձեր ձեռքն է մատնելու, դուք աւերելու էք բոլոր պարսպապատ քաղաքները, բոլոր գեղեցիկ քաղաքները, ջարդելու էք պտղատու ծառերը, խցանելու էք ջրի աղբիւրները եւ քարեր լցնելով՝ անպէտք էք դարձնելու բարեբեր դաշտերը»։ 20Առաւօտեան զոհաբերութեան ժամին Եդոմի կողմից ջրեր հոսեցին, եւ շրջակայ տարածքը լցուեց ջրով։ 21Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագաւորները եկել են իրենց դէմ պատերազմելու, զէնք կրելու ի վիճակի եղող եւ նրանցից աւելի տարիքաւոր մարդիկ առաւօտ կանուխ զարթնեցին ու կանգնեցին սահմանագլխին։ 22Երբ արեւը բարձրացաւ ջրերի վրայ, ջրերի դիմաց կանգնած մովաբացիներին թուաց, թէ այդ ջրերն արեան պէս կարմիր են։ 23Նրանք ասացին. «Դա սրի թափած արիւն է, թագաւորներն իրար հետ կռուել են, ամէն մէկն իր ընկերոջն է սպանել։ Հիմա, ո՜վ մովաբացիներ, գնանք աւարի»։ 24Նրանք մտան Իսրայէլի բանակատեղին, իսկ իսրայէլացիները ելան ու հալածեցին մովաբացիներին։ Սրանք փախան իսրայէլացիների առջեւից, բայց իսրայէլացիները եկան ու խիստ հարուածներ հասցրին մովաբացիներին, 25կործանեցին քաղաքները, ամէն մէկը մի քար նետեց եւ լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբիւրները, ջարդեցին բոլոր պտղատու ծառերը։ Այնտեղ մնացին միայն քանդած պատերի քարերը, որովհետեւ պարսաւորները պաշարել էին այն ու քանդել։ 26Երբ Մովաբի երկրի արքան տեսաւ, որ պատերազմը տանուլ է տալիս, իր հետ վերցրեց եօթը հարիւր սուսերակիրներ, որպէսզի ճեղքելով հասնի Եդոմի արքային, սակայն չկարողացաւ։ 27Նա իր անդրանիկ որդուն, որն իր փոխարէն պէտք է թագաւորէր, տարաւ ողջակիզեց պարսպի վրայ։ Դա մեծ կսկիծ պատճառեց իսրայէլացիներին, եւ նրանք նրանցից երես դարձնելով՝ գնացին իրենց երկիրը։
4 Մարգարէների որդիների կանանցից մէկը աղաղակում էր Եղիսէէին եւ ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռաւ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկիւղած ծառան էր, եւ ահա պարտատէրը եկել է, որ իմ երկու որդիներին որպէս ստրուկ տանի իր մօտ»։ 2Եղիսէէն նրան ասաց. «Ի՞նչ անեմ քեզ։ Ասա՛ ինձ, թէ ինչ կայ քո տանը»։ Նա ասաց. «Քո աղախնի տանը ոչինչ չկայ, բացի այն իւղից, որով օծւում եմ»։ 3Եղիսէէն ասաց. «Գնա՛ եւ քո բոլոր դրացիներից դատարկ ամաններ խնդրի՛ր ոչ քիչ քանակով։ 4Ապա մտի՛ր տունդ, դռները փակի՛ր քո եւ քո որդիների վրայ, իսկ քո ունեցած իւղը լցրո՛ւ բոլոր ամանների մէջ ու լցուածը մի կո՛ղմ դիր»։ 5Նա հեռացաւ նրա մօտից, դուռը փակեց իր եւ իր որդիների վրայ։ Սրանք ամաններն էին մատուցում, իսկ նա լցնում էր, մինչեւ որ բոլոր ամանները լցուեցին։ 6Նա ասաց իր որդիներին. «Մի աման եւս բերէ՛ք»։ Նրանք ասացին. «Այլեւս աման չկայ»։ Եւ իւղը դադարեց հոսելուց։ Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։ 7Եղիսէէն ասաց. «Գնա իւղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, եւ դու ու քո որդիները մնացած իւղով կ՚ապրէք»։ 8Պատահեց, որ, երբ մի օր Եղիսէէն անցնում էր Սոմնայից, մի հարուստ կին նրան կանչեց հաց ուտելու։ Եղիսէէն շատ յաճախ այնտեղից անցնելիս մտնում էր այդ տունը՝ ուտելու եւ խմելու։ 9Կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ Աստծու մարդը սուրբ է, եւ նրա ճանապարհը մեր կողմով է անցնում։ 10Ե՛կ մի փոքրիկ վերնատուն շինենք նրա համար, այնտեղ դնենք մահիճ, սեղան, աթոռ ու աշտանակ, եւ երբ որ մեզ մօտ գայ, թող այնտեղ ապրի»։ 11Եւ ահա մի օր, երբ նա եկել էր ու մտել վերնատուն ու այդտեղ քնել, 12ասաց իր սպասաւոր Գէեզիին. «Ինձ մօ՛տ կանչիր այդ սոմնացի կնոջը»։ Նա կանչեց կնոջը, եւ սա եկաւ կանգնեց նրա առջեւ։ 13Եղիսէէն ասաց սպասաւորին. «Ասա՛ նրան. «Ահա այս ամէնը դու պատրաստել ես մեզ համար։ Ի՞նչ պէտք է անել քեզ համար. գուցէ արքայի կամ զօրքի հրամանատարի մօտ պէտք է բարեխօսե՞լ քո մասին»։ Կինն ասաց. «Ես իմ ժողովրդի մէջ եմ բնակւում»։ 14Եղիսէէն ասաց. «Նրան ի՞նչ կարող ենք անել»։ Իր սպասաւոր Գէեզին ասաց. «Շատ բարի, չէ՞ որ նա որդի չունի, եւ նրա ամուսինը ծեր չէ»։ 15Եղիսէէն ասաց. «Կանչի՛ր նրան»։ Գէեզին կանչեց նրան, եւ սա կանգնեց դռան առաջ։ 16Եղիսէէն ասաց նրան. «Միւս տարի այս ժամանակ, այս օրերին գրկումդ մի մանուկ կ՚ունենաս»։ Կինն ասաց. «Ո՛չ, տէ՛ր, Աստծո՛ւ մարդ, մի՛ խաբիր քո աղախնին»։ 17Կինը յղիացաւ ու հետեւեալ տարին, այդ նոյն ժամանակ որդի ծնեց, որը ողջ-առողջ էր, ինչպէս նրան ասել էր Եղիսէէն։ 18Մանուկը մեծացաւ։Մի օր տղան գնաց իր հօր, հնձողների մօտ ու ասաց իր հօրը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։ 19Հայրն ասաց իր ծառային. «Տա՛ր սրան իր մօր մօտ»։ 20Նա տարաւ նրան նրա մօր մօտ, իսկ երեխան մօր ծնկներին քնեց մինչեւ կէսօր ու մեռաւ։ 21Կինը վերցրեց նրան ու պառկեցնելով Աստծու մարդու անկողնում՝ դուռը փակեց նրա վրայ։ 22Նա գնաց կանչեց իր ամուսնուն եւ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո ծառաներից մէկին ու մի էշ, որպէսզի շտապ հասնեմ Աստծու մարդու մօտ եւ վերադառնամ»։ 23Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մօտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ»։ Նա ասաց. «Հանգստացի՛ր»։ 24Կինը համետեց էշը եւ ասաց իր ծառային. «Քշի՛ր ու գնա՛, մինչեւ որ ասեմ՝ «Կանգնի՛ր»։ Բայց եթէ քեզ ասեմ՝ «Այստե՛ղ արի», կը գաս։ 25Կը քշես ու կը գնաս Աստծու մարդու մօտ, Կարմելոս լեռը»։ Երբ Եղիսէէն տեսաւ, որ կինը գալիս է իր մօտ, ասաց իր սպասաւոր Գէեզիին. 26«Ահա նա այն սոմնացի կինն է։ Ընդառա՛ջ գնա եւ հարցրո՛ւ. «Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ»։ Նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։ 27Ապա եկաւ Եղիսէէի մօտ, լեռը, եւ գրկեց նրա ոտքերը։ Գէեզին մօտեցաւ, որ նրան յետ քաշի, բայց Եղիսէէն ասաց. «Թո՛յլ տուր նրան, որովհետեւ նրա սիրտը վշտահար է, եւ Տէրն ինձնից դա թաքցրել է, չի յայտնել ինձ»։ 28Կինն ասաց. «Մի՞թէ ես իմ տիրոջից որդի խնդրեցի, չասացի՞, թէ՝ «Մի՛ խաբիր ինձ»։ 29Եղիսէէն ասաց Գէեզիին. «Գօտի՛ կապիր մէջքիդ, իմ ցուպը ձեռքդ վերցրո՛ւ եւ գնա՛։ Եթէ որեւէ մէկին հանդիպես, բարեւ մի՛ տուր, եթէ որեւէ մէկը քեզ բարեւ տայ, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»։ 30Երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Եղիսէէն ելաւ ու գնաց կնոջ յետեւից։ 31Գէեզին նրանցից առաջ անցաւ եւ ցուպը դրեց երեխայի երեսին, սակայն երեխան ո՛չ խօսում էր, ո՛չ լսում։ Նա վերադարձաւ Եղիսէէի մօտ ու ասաց. «Երեխան վեր չի կենում»։ 32Եղիսէէն մտաւ տուն եւ տեսաւ, որ մեռած երեխան պառկած է իր մահճում։ 33Եղիսէէն տուն մտնելով՝ դուռը փակեց իրենց երկուսի վրայ, աղօթեց Տիրոջը, 34եկաւ ընկաւ երեխայի վրայ, իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ձեռքերը՝ նրա ձեռքերին, ապա կծկուեց նրա վրայ ու ջերմացրեց երեխայի մարմինը։ 35Նա շրջեց տան մէջ այս ու այն կողմ, բարձրացաւ երեխայի վրայ, եօթն անգամ ծածկեց երեխային իր մարմնով, եւ երեխան բացեց իր աչքերը։ 36Եղիսէէն աղաղակեց ու ասաց Գէեզիին. «Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը»։ Նա կանչեց նրան, եւ կինը ներս մտաւ։ 37Եղիսէէն ասաց. «Ա՛ռ քո որդուն»։ Կինը մտաւ, ընկաւ նրա ոտքերին եւ մինչեւ գետին խոնարհուեց նրա առաջ։ Նա առաւ իր որդուն ու գնաց, 38իսկ Եղիսէէն վերադարձաւ Գաղգաղա։Երկրում սով էր. մարգարէները նստած էին Եղիսէէի առջեւ։ Եղիսէէն իր սպասաւորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր եւ ապո՛ւր եփիր մարգարէների համար»։ 39Նա գնաց դաշտ՝ բանջար քաղելու, գտաւ մի վայրի բոյս եւ դրանից մի ամբողջ բեռ վայրի դդում 40քաղեց ու բերեց լցրեց ապուրի կաթսայի մէջ, բայց նա չէր իմանում, թէ դա ինչ բոյս է։ Երբ ճաշը պատրաստ էր, դրեց նրանց առաջ, որ ուտեն։ Երբ սկսեցին ապուրն ուտել, նրանք աղմուկ բարձրացնելով՝ ասացին. «Մահ կայ կաթսայի մէջ, ո՜վ Աստծու մարդ»։ Նրանք չկարողացան ուտել։ 41Եղիսէէն ասաց. «Ալի՛ւր առէք ու լցրէ՛ք այդ կաթսայի մէջ»։ Նա ասաց իր սպասաւոր Գէեզիին. «Դի՛ր ժողովրդի առջեւ, որ ուտեն»։ Եւ կաթսայի այդ ճաշը ոչ ոքի վնաս չտուեց։ 42Բեթսարիսայից մի մարդ եկաւ եւ Աստծու մարդու համար մատղաշ արմտիքից պատրաստուած նկանակներ, գարեհաց ու չոր թուզ բերեց տոպրակով։ 43Եղիսէէն ասաց. «Տուէ՛ք ժողովրդին, թող ուտեն»։ Նրա սպասաւորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարիւր մարդու առջեւ դնեմ»։ Նա ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանզի այսպէս է ասում Տէրը. «Պիտի ուտեն, եւ պիտի աւելանայ»։ 44Ծառան դրեց նրանց առջեւ, նրանք կերան, եւ, Տիրոջ ասածի նման, մի բան էլ դեռ աւելացաւ։
5 Ասորիների զօրքի հրամանատար գեղեցկադէմ Նէեմանը յարգելի մարդ էր իր տիրոջ առջեւ, քանզի նրա միջոցով էր Տէրը փրկութիւն տուել ասորիներին։ Այս մարդը հզօր էր, սակայն՝ բորոտ։ 2Ասորի զինուած կողոպտիչները յարձակուել էին եւ Իսրայէլից գերի վերցրել մի փոքրիկ աղջկայ, որը մնում էր Նէեմանի կնոջ մօտ։ 3Աղջիկն ասաց իր տիկնոջը. «Երանի թէ իմ տէրը գնար Աստծու մարգարէի մօտ, որը Սամարիայում է, նա նրան կը բուժէր բորոտութիւնից»։ 4Կինը գնաց եւ ասաց իր տիրոջը. «Այսպէս է խօսում իսրայէլացի աղջիկը»։ 5Ասորիների արքան ասաց Նէեմանին. «Գնա՛, ես էլ նամակ կ՚ուղարկեմ Իսրայէլի արքային»։ Սա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան եւ տասը ձեռք պատմուճան։ 6Նա տարաւ Իսրայէլի արքային ուղղուած նամակը, ուր գրուած էր. «Երբ որ քեզ հասնի այս նամակը, գիտցի՛ր, որ քեզ մօտ եմ ուղարկում իմ ծառայ Նէեմանին, որպէսզի բուժես նրան իր բորոտութիւնից»։ 7Երբ Իսրայէլի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Միթէ ես Աստուա՞ծ եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մօտ մարդ է ուղարկել բորոտութիւնից բուժելու համար։ Իմացէ՛ք եւ տեսէ՛ք, որ սա պատրուակ է»։ 8Երբ Աստծու մարդ Եղիսէէն լսեց, թէ Իսրայէլի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նէեմանն ինձ մօտ գայ եւ իմանայ, որ Իսրայէլում մարգարէ կայ»։ 9Նէեմանն եկաւ երիվարներով ու մարտակառքերով եւ կանգնեց Եղիսէէի տան դռանը։ 10Եղիսէէն մարդ ուղարկելով նրա մօտ՝ ասաց. «Գնա՛ եօթն անգամ լուացուի՛ր Յորդանան գետում, քո մարմինը կը բուժուի, եւ դու կը մաքրուես»։ 11Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թէ գուցէ կը գայ, կը կանգնի ինձ մօտ, իր Տէր Աստծու անունը կը տայ, իր ձեռքը կը դնի հիւանդ տեղի վրայ եւ կը բուժի իմ բորոտութիւնը։ 12Մի՞թէ Դամասկոսի Նաբանա եւ Փարփարա գետերը Իսրայէլի բոլոր ջրերից աւելի լաւ չեն, ինչո՞ւ չերթամ, չլուացուեմ դրանց մէջ եւ մաքրուեմ»։ Եւ վերադառնալով՝ գնաց զայրացած։ 13Նրան մօտեցան ծառաներն ու ասացին. «Հա՛յր, եթէ մարգարէն դժուար բան խնդրէր, չպէ՞տք է կատարէիր։ Նա միայն ասաց՝ «Լուացուի՛ր ու կը մաքրուես»։ 14Նէեմանն իջաւ ու եօթն անգամ թաթախուեց Յորդանան գետի մէջ, ինչպէս Եղիսէէն էր ասել, եւ նրա մարմինը դարձաւ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրուեց։ 15Դրանից յետոյ նա իր ամբողջ բանակով վերադարձաւ Եղիսէէի մօտ ու կանգնելով նրա առջեւ՝ ասաց. «Հիմա համոզուեցի, որ չկայ Աստուած ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայէլում։ Արդ, ընծա՛յ ընդունիր քո ծառայից»։ 16Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը. ես կանգնած եմ նրա առջեւ. ոչինչ չեմ ընդունի»։ Նա ստիպեց առնել, սակայն Եղիսէէն չհամաձայնուեց։ 17Նէեմանն ասաց. «Քանի որ մերժում ես, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տան այս երկրից, որպէսզի քո ծառան այլեւս օտար աստուածներին ողջակէզ եւ զոհ չմատուցի այս բանի համար, 18այլ միայն՝ Տիրոջը։ Թող Տէրը ների քո ծառային հետեւեալի համար. երբ իմ տէր արքան մտնի Ռեմանի տունը նրան երկրպագելու, ես էլ նրա հետ երկրպագեմ Ռեմանին, քանի որ արքան յենուած է լինում իմ ձեռքին։ Թող Տէրը ների քո ծառային այս բանի համար»։ 19Եղիսէէն ասաց Նէեմանին. «Գնա՛ խաղաղութեամբ»։ Եւ նա գնաց նրա մօտից, Իսրայէլի երկրից։ 20Սպասաւոր Գէեզին ասաց Եղիսէէին. «Իմ տէրը հրաժարուեց վերցնել ասորի Նէեմանի բերած նուէրները։ Կենդանի է Տէրը. ես նրա յետեւից կը վազեմ ու մի բան կ՚առնեմ»։ 21Գէեզին վազեց Նէեմանի յետեւից, եւ երբ Նէեմանը տեսաւ, որ նա իր յետեւից է գալիս, մարտակառքից իջաւ եւ նրան ընդառաջ գնալով՝ ասաց. «Բարի՞ գործով է»։ 22Գէեզին ասաց. «Բարի գործով է։ Իմ տէրն ինձ քեզ մօտ ուղարկեց՝ ասելով. «Ահա Եփրեմի լեռից ինձ մօտ եկան երկու երիտասարդ մարգարէներ։ Նրանց համար տո՛ւր մի տաղանդ արծաթ եւ երկու ձեռք պատմուճան»։ 23Նէեմանն ասաց. «Եթէ այդպէս է, ա՛ռ երեք տաղանդ արծաթ»։ Նէեմանն ստիպեց եւ երկու պարկի մէջ երեք տաղանդ արծաթ ու երկու ձեռք պատմուճան դնելով՝ տուեց իր երկու ծառաներին, որ տանեն նրա առջեւից։ 24Երբ մի մութ տեղ հասան, նա բեռը խլեց նրանց ձեռքից ու տան մէջ դրեց, իսկ այդ մարդկանց ճանապարհ գցեց։ 25Նրանք վերադարձան։ Գէեզին եկաւ կանգնեց իր տիրոջ առջեւ։ Եղիսէէն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գէեզի՛»։ Գէեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»։ 26Եղիսէէն նրան ասաց. «Մի՞թէ իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջաւ քեզ դիմաւորելու։ Արդարեւ, արծաթ ու հագուստներ առար՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու եւ ծառաներ ու աղախիններ ունենալու համար։ 27Թող Նէեմանի բորոտութիւնը քեզ ու քո սերնդին կպչի յաւիտեան»։ Եւ Գէեզին դուրս եկաւ նրա մօտից ձեան նման սպիտակած բորոտ մարմնով։
6 Մարգարէներն ասացին Եղիսէէին. «Այս տեղը, ուր մենք բնակւում ենք, մեզ համար նեղ է, 2գնանք մինչեւ Յորդանան գետը եւ այնտեղ ամէն մէկս մի գերան վերցնելով՝ մեզ համար բնակութեան տեղ պատրաստենք»։ Եղիսէէն ասաց. «Գնացէ՛ք»։ 3Նրանցից մէկն ասաց. «Դու եւս քո ծառաներով ե՛կ մեզ հետ»։ 4Նա պատասխանեց. «Կը գամ»։ Եւ գնաց նրանց հետ։ Հասան Յորդանան գետի եզերքը։ Այնտեղ ծառ էին կտրում։ 5Եւ ահա երբ նրանցից մէկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկաւ։ Նա բացականչելով՝ ասաց. «Ո՜հ, Տէ՛ր, ես այն փոխ էի առել»։ 6Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկաւ»։ Նա ցոյց տուեց տեղը, եւ Եղիսէէն մի փայտ կտրելով՝ այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց։ 7Եղիսէէն ասաց. «Վերցրո՛ւ»։ Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց կացինը։ 8Ասորիների արքան պատերազմի մէջ էր Իսրայէլի դէմ։ Նա խորհրդակցելով իր ծառաների հետ՝ ասաց. «Այսինչ տեղում թող բանակը դարան մտնի»։ 9Եղիսէէն լուր ուղարկելով Իսրայէլի արքային՝ ասաց. «Զգո՛յշ եղիր, չլինի, թէ անցնես այսինչ տեղով, քանզի ասորիները դարան են մտել այնտեղ»։ 10Իսրայէլի արքան մարդ ուղարկեց Եղիսէէի նշած վայրը եւ դարանից զգուշացաւ ոչ միայն մէկ, այլ երկու եւ աւելի անգամ։ 11Այս բանի համար ասորիների արքան վրդովուեց եւ կանչելով իր ծառաներին՝ ասաց. «Ինձ չէ՞ք ասի, թէ ով է իմ գաղտնիքները յայտնում Իսրայէլի արքային»։ 12Ծառաներից մէկն ասաց. «Ո՛չ, տէ՛ր իմ արքայ, Իսրայէլում գտնուող Եղիսէէ մարգարէն է, որ Իսրայէլի արքային յայտնում է նոյնիսկ այն բոլոր խօսքերը, որ դու քո ննջասենեակում ես խօսում»։ 13Արքան ասաց. «Գնացէ՛ք ու տեսէ՛ք, թէ ո՛ւր է նա, որ մարդ ուղարկեմ ու բռնեմ նրան»։ Յայտնեցին նրան, որ Եղիսէէն Դոթայիմում է։ 14Նա ուղարկեց մարտակառքեր, երիվարներ եւ ուժեղ զօրք։ Սրանք եկան ու գիշերը պաշարեցին քաղաքը։ 15Առաւօտ կանուխ Եղիսէէն զարթնեց եւ դուրս եկաւ, որ պաշտամունք կատարի։ Նա տեսաւ, որ զօրքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասաւորը նրան ասաց. «Տէ՜ր, ի՞նչ պիտի անենք»։ 16Եղիսէէն ասաց. «Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ 17Եղիսէէն աղօթք անելով՝ ասաց. «Տէ՜ր, բա՛ց սպասաւորիս աչքերը, որ տեսնի»։ Տէրը բացեց նրա աչքերը, եւ նա տեսաւ, որ Եղիսէէի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղէն մարտակառքերով, որոնք եկան նրա մօտ։ 18Եղիսէէն սկսեց աղօթել Տիրոջն՝ ասելով. «Հարուածի՛ր այս ազգին, որ շիլ դառնայ»։ Եւ Տէրը, ինչպէս ասել էր Եղիսէէն, հարուածեց նրանց ու շիլ դարձրեց։ 19Եղիսէէն ասաց թշնամու զօրքին. «Այս չէ ճանապարհը, եւ այս չէ քաղաքը, եկէ՛ք իմ յետեւից, եւ ես ձեզ կը տանեմ այն մարդու մօտ, որին փնտռում էք»։ Նա տարաւ նրանց Սամարիա, եւ երբ մտաւ Սամարիա, ասաց Եղիսէէն. «Տէ՜ր, բա՛ց նրանց աչքերը, որ տեսնեն»։ 20Եւ Տէրը բացեց նրանց աչքերը, ու տեսան, որ իրենք Սամարիայի մէջ են։ 21Երբ Իսրայէլի արքան տեսաւ նրանց, ասաց Եղիսէէին. «Սպանե՞մ սրանց, հա՛յր իմ»։ 22Եղիսէէն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջեւ հաց ու ջուր դի՛ր. թող ուտեն ու խմեն։ Արձակի՛ր նրանց, թող գնան իրենց տիրոջ մօտ»։ 23Նրանց առաջ առատ խոտ դրեց։ Նրանք կերան ու խմեցին։ Արքան նրանց արձակեց, եւ նրանք գնացին իրենց տիրոջ մօտ։ Ասորիների կողոպտիչ զօրքը այլեւս Իսրայէլի երկրի վրայ չյարձակուեց։ 24Դրանից յետոյ Ադերի որդին՝ ասորիների արքան, հաւաքեց իր ամբողջ բանակը եւ եկաւ պաշարեց Սամարիան։ 25Սամարիայում մեծ սով եղաւ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը յիսուն սիկղ արծաթով էր ծախւում, իսկ աղաւնու կեղտի մէկ քառորդ կապիճ չափը՝ յիսունհինգ արծաթով։ 26Իսրայէլի արքան շրջում էր պարսպի վրայ։ Մի կին աղաղակելով՝ ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տէ՜ր արքայ»։ 27Արքան ասաց. «Եթէ Տէրը չի փրկում, ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ, կալո՞վ, թէ՞ հնձանով»։ 28Արքան հարցրեց. «Քեզ ի՞նչ է պատահել»։ Նա ասաց. «Այս կինն ինձ ասաց. «Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կ՚ուտենք»։ 29Եփեցինք իմ որդուն ու կերանք։ Յաջորդ օրն ասացի նրան. «Տո՛ւր քո որդուն, որ ուտենք», սակայն նա թաքցրեց իր որդուն»։ 30Երբ արքան կնոջ այս խօսքերը լսեց, պատառոտեց իր հագուստները, եւ քանի որ նա դեռ շրջում էր պարսպի վրայ, ժողովուրդը տեսաւ, որ նա իր հագուստի տակից, մարմնի վրայ քուրձ էր հագել։ 31Արքան ասաց. «Թող Աստուած այսպէս ու այսպէս եւ աւելին անի ինձ, եթէ Սափատի որդի Եղիսէէի գլուխն իր վրայ մնայ այսօր»։ 32Եղիսէէն նստել էր իր տանը, ծերերի հետ։ Արքան մարդ ուղարկեց նրա մօտ, եւ երբ դեռ պատգամաւորը նրա մօտ չէր հասել, Եղիսէէն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ էք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հէնց որ հասնի պատգամաւորը, դռների մօտ բռնեցէ՛ք նրան։ Չէ՞ որ նրա տիրոջ ոտնաձայնը նրա յետեւից լսւում է»։ 33Մինչ Եղիսէէն խօսում էր նրանց հետ, պատգամաւորն եկաւ նրանց մօտ եւ ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջից է. Տիրոջ վրայ էլ ի՞նչ յոյս դնեմ»։
7 Եղիսէէն ասաց. «Տիրոջ խօ՛սքը լսեցէք։ Այսպէս է ասում Տէրը. «Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մօտ մէկ գրիւ ընտիր ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ պէտք է արժենայ»։ 2Այն զօրապետը, որի ձեռքին յենւում էր արքան, ասաց Եղիսէէին. «Եթէ Տէրը անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թէ այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսէէն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։ 3Քաղաքի դարպասի մօտ կային չորս բորոտ մարդիկ։ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ այստեղ նստենք մինչեւ մեր մահը։ 4Եթէ ասենք՝ «Մտնենք քաղաք», քաղաքում էլ սով է, այնտեղ էլ կը մեռնենք. եթէ այստեղ նստած մնանք, էլի կը մեռնենք։ Արի՛ գնանք ասորիների բանակը։ Եթէ մեզ ողջ թողնեն, կ՚ապրենք, իսկ եթէ սպանեն մեզ, թող մեռնենք»։ 5Նրանք մթնշաղին վեր կացան, որպէսզի ասորիների բանակը մտնեն։ Նրանք հասան ասորիների բանակատեղին, սակայն այստեղ մարդ չկար։ 6Տէրն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ եւ մեծ զօրքի աղաղակ լսել տուեց, եւ նրանք իրար ասացին. «Իսրայէլի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագաւորներին, որպէսզի մեզ վրայ յարձակուեն»։ 7Եւ նրանք ելան ու մթութեան մէջ փախան՝ թողնելով իրենց բանակատեղիի վրանները, ձիերն ու էշերը, ինչպէս որ կային։ Նրանք մազապուրծ փախան։ 8Բորոտները հասան մինչեւ բանակատեղիի եզրը, մի վրան մտան, կերան ու խմեցին, վերցրին արծաթ, ոսկի ու հագուստներ, գնացին եւ տարան թաքցրին դրանք։ Մի այլ վրան մտան եւ այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։ 9Նրանք ասացին իրար. «Ճիշտ չէ մեր արածը, այսօր աւետեաց օր է, իսկ մենք լռո՞ւմ ենք։ Մինչեւ առաւօ՞տ սպասենք, որ մեր անօրէնութեան պատիժը կրենք։ Եկէ՛ք գնանք թագաւորի մօտ եւ այս ամէնը յայտնենք նրան»։ 10Նրանք գնացին, ձայն տուեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսւում, միայն ձիեր ու էշեր էին կապուած, իսկ վրանները մնում էին, ինչպէս որ կային»։ 11Դռան պահապանները ձայն տուեցին եւ այդ լուրը հասցրին թագաւորի տուն։ 12Արքան գիշերով ելաւ եւ ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թէ ասորիները մեզ ինչ են արել։ Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից եւ թաքնուել բաց դաշտում՝ մտածելով, որ թերեւս քաղաքից դուրս կը գանք, մեզ կենդանի կը բռնեն, կը մտնեն քաղաքը եւ ապա դուրս կը գան»։ 13Նրա ծառաներից մէկն ասաց. «Թող մարդիկ Իսրայէլի մէջ փոքր քանակով մնացած ձիերից հինգը վերցնեն, գնանք ու հետախուզենք այնտեղ»։ 14Արքան երկու ձիաւոր ուղարկեց ասորիների արքայի բանակատեղի՝ ասելով. «Գնացէ՛ք ու հետախուզեցէ՛ք»։ 15Սրանք գնացին նրանց հետքերով մինչեւ Յորդանան գետը եւ տեսան, որ ամբողջ ճանապարհը լի է հագուստներով եւ իրերով, որ խուճապահար փախչելիս նետել էին ասորիները։ Հետախոյզները վերադարձան ու պատմեցին արքային։ 16Ժողովուրդը եկաւ եւ կողոպտեց ասորիների բանակատեղին։ Մէկ գրիւ ընտիր ալիւրը արժեց մէկ սիկղ, իսկ երկու գրիւ գարին՝ մէկ սիկղ, ինչպէս ասել էր Տէրը։ 17Արքան դռան առջեւ հսկիչ կարգեց այն զօրապետին, որի ձեռքին յենւում էր ինքը պաշտամունքի ժամանակ։ Ժողովուրդը դռան մօտ այնքան կոխոտեց նրան, որ նա մեռաւ, ինչպէս ասել էր Աստծու մարդը, երբոր պատգամաւորը նրա մօտ էր եկել։ 18Եղաւ այնպէս, ինչպէս Եղիսէէն ասել էր արքային. «Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մօտ երկու գրիւ գարին մի սիկղ կը լինի, եւ մէկ գրիւ ընտիր ալիւրը՝ մի սիկղ»։ 19Իսկ զօրապետը պատասխանել էր Եղիսէէին. «Տէրը եթէ անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թէ այդպիսի բան կարող է լինել»։ 20Այդ ժամանակ Եղիսէէն ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։ 21Այդպէս էլ եղաւ. եւ ժողովուրդը կոխոտեց նրան դռան առաջ, ու նա մեռաւ։
8 Եղիսէէն, խօսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացէք գնացէ՛ք դու եւ քո տնեցիները, եղէ՛ք պանդուխտ այնտեղ, որտեղ կարող էք ապրել, քանզի Տէրը սով է ուղարկելու երկրի վրայ. դա արդէն եկել է եւ եօթը տարի է տեւելու երկրի վրայ»։ 2Կինը վեր կացաւ եւ արեց այնպէս, ինչպէս Եղիսէէն էր ասել. ինքն ու տնեցիները գնացին եւ եօթը տարի պանդուխտ մնացին այլազգիների երկրում։ 3Եօթը տարին լրանալուց յետոյ կինը վերադարձաւ այլազգիների երկրից եւ իր տան ու արտերի համար բողոքի գնաց արքայի մօտ։ 4Թագաւորը խօսելով Աստծու մարդ Եղիսէէի սպասաւոր Գէեզիի հետ՝ ասաց. «Պատմի՛ր ինձ Եղիսէէի կատարած բոլոր մեծամեծ գործերը»։ 5Երբ նա պատմում էր արքային, թէ ինչպէս էր Եղիսէէն կենդանացրել մեռեալ որդուն, առաջ եկաւ այդ կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսէէն, եւ արքային ասաց իր տան եւ արտերի մասին։ Գէեզին ասաց. «Տէ՜ր արքայ, այս է այդ կինը, եւ այս էլ՝ նրա որդին, որին Եղիսէէն կենդանացրեց»։ 6Արքան հարցեր տուեց կնոջը, եւ նա պատմեց նրան։ Թագաւորը տուեց նրան մի ներքինի եւ ասաց. «Վերադարձրո՛ւ նրան նրա ամբողջ ունեցուածքը եւ արտերի այն ամբողջ բերքը, որ ստացուել է նրա պանդխտութեան առաջին օրից մինչեւ այսօր։ 7Եղիսէէն եկաւ Դամասկոս։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, հիւանդացել էր։ Նրան այդ մասին յայտնելով՝ ասացին. «Աստծու մարդն այստեղ է եկել»։ 8Արքան ասաց Ազայէլին. «Մի ընծա՛յ վերցրու, գնա՛ Աստծու մարդու մօտ, նրա միջոցով Տիրոջը հարցրո՛ւ, թէ կը բուժուե՞մ արդեօք իմ այս հիւանդութիւնից»։ 9Ազայէլը վերցրեց ընծան եւ Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրայ բարձելով՝ գնաց նրան ընդառաջ։ Նա կանգնելով նրա առջեւ՝ ասաց. «Ո՜վ հայր Եղիսէէ, քո որդին, ասորիների արքայ Ադերի որդին, ինձ քեզ մօտ է ուղարկել՝ ասելով, թէ՝ «Արդեօք կը բուժուե՞մ իմ այս հիւանդութիւնից»։ 10Եղիսէէն ասաց նրան. «Գնա ասա՛, որ կ՚ապրի, սակայն Տէրն ինձ ցոյց է տուել, որ կը մեռնի»։ 11Մարգարէի հայեացքը դարձաւ սեւեռուն, դէմքը՝ լարուած, եւ Աստծու մարդը լաց եղաւ։ 12Ազայէլը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տէ՛ր իմ»։ Եղիսէէն ասաց. «Գիտեմ, թէ իսրայէլացիների դէմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով պիտի կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, յղիների փորը պիտի պատռես»։ 13Ազայէլն ասաց. «Քո ծառան ի՞նչ շուն է, որ այդ բաներն անի»։ Եղիսէէն ասաց. «Տէրն ինձ յայտնեց, որ դո՛ւ պիտի թագաւորես ասորիների վրայ»։ 14Ազայէլը գնաց Եղիսէէի մօտից եւ մտաւ իր տիրոջ մօտ։ Սա հարցրեց նրան. «Ի՞նչ ասաց Եղիսէէն»։ Նա պատասխանեց. «Ինձ ասաց, թէ՝ «Անպայման կ՚ապրես»։ 15Հետեւեալ օրը նա մի սաւան առաւ, ջրով թրջեց, փռեց իր երեսին ու մեռաւ։ Նրա փոխարէն թագաւորեց Ազայէլը։ 16Իսրայէլի արքայ Աքաաբի որդի Յորամի թագաւորութեան հինգերորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Յոսափատ արքայի որդի Յորամը։ 17Երբ նա գահ բարձրացաւ, երեսուներկու տարեկան էր եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 18Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհով, ինչպէս արել էր Աքաաբի տոհմը, քանզի Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, 19սակայն Տէրը չկամեցաւ ոչնչացնել Յուդայի երկիրը իր ծառայ Դաւթի սիրուն, որովհետեւ նրան խոստացել էր, որ թէ՛ նրան, թէ՛ նրա սերնդին միշտ ճրագ՝ թագաւորութիւն կը տայ։ 20Նրա օրօք Եդոմն ազատագրուեց Յուդայի երկրից եւ իր համար առանձին մի թագաւոր օծեց։ 21Յորամն իր բոլոր մարտակառքերով եկաւ Սիոր եւ առաւօտեան, լոյսը չբացուած, յարձակուեց եդոմացիների վրայ (որոնք իրեն շրջապատել էին), ինչպէս նաեւ նրա մարտակառքերի զօրավարների վրայ։ 22Զինուորները փախան՝ ամէն մէկն իր վրանը։ Եդոմը անջատ մնաց Յուդայի երկրից։ Եւ այդպէս է մինչեւ այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաեւ Լոբնան։ 23Յորամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 24Յորամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ, իր նախնի Դաւթի քաղաքում, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Օքոզիան։ 25Իսրայէլի արքայ Աքաաբի որդի Յորամի թագաւորութեան տասներկուերորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիան։ 26Երբ Օքոզիան թագաւոր դարձաւ, քսաներկու տարեկան էր։ Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Իսրայէլի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր։ 27Նա ընթացաւ Աքաաբի տոհմի ճանապարհով, չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս Աքաաբի տունն էր արել, որովհետեւ նա Աքաաբի տան փեսան էր։ 28Նա Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու, սակայն ասորիները խոցեցին Յորամին։ 29Յորամ արքան վերադարձաւ, որպէսզի Յեզրայէլում բուժուի այն վէրքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու ժամանակ։ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիան եկաւ Յեզրայէլ Աքաաբի որդի Յորամի տեսութեան, որովհետեւ սա հիւանդացել էր։
9 Եղիսէէ մարգարէն կանչելով մի երիտասարդ մարգարէի՝ ասաց նրան. «Գօտի՛ կապիր մէջքիդ, իւղի այս սրուակը ձեռքդ վերցրո՛ւ, 2գնա մտի՛ր Գաղաադի Ռամաթ քաղաքը, ու երբ տեսնես Ամեսիի որդի Յոսափատի որդի Յէուին, կանչի՛ր նրան իր եղբայրների միջից, նրան մի ներքնասենեակ տա՛ր 3եւ այս սրուակի իւղը նրա գլխին թափելով՝ ասա՛. «Այսպէս է ասում Տէրը. քեզ Իսրայէլի թագաւոր օծեցի»։ Ապա դուռը բա՛ց արա, էլ մի՛ սպասիր, փախի՛ր»։ 4Երիտասարդ մարգարէն գնաց մտաւ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ տեսաւ, 5որ զօրքի իշխանները նստած են։ Նա ասաց. «Ո՜վ իշխան, խօսք ունեմ քեզ ասելու»։ Յէուն ասաց. «Մեզնից ո՞ւմ»։ 6Մարգարէն ասաց. «Քե՛զ, ո՜վ իշխան»։ Յէուն եկաւ ու մտաւ սենեակը։ Նա իւղը թափելով նրա գլխին՝ ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայէլի թագաւոր օծեցի, 7որպէսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը քո միջից եւ իմ ծառայ մարգարէների ու Տիրոջ բոլոր ծառաների արեան վրէժը լուծես Յեզաբէլից ու նրա ամբողջ տնից, 8Աքաաբի տնից ոչնչացնես բոլոր պատին միզողներին, Իսրայէլում կապուած ու ազատ մարդկանց, 9որպէսզի ես Աքաաբի տունը Նաբատի որդի Յերոբովամի տան եւ Աքիայի որդի Բաասայի տան նման դարձնեմ։ 10Յեզաբէլին Յեզրայէլի դաշտերի մէջ շները պիտի ուտեն, քանի որ մարդ չպիտի գտնուի, որ թաղի նրան»։ 11Ապա նա դուռը բացեց ու փախաւ։ Յէուն եկաւ իր տիրոջ ծառաների մօտ, որոնք հարցրին նրան. «Բարի՞ լուր է. այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մօտ»։ Նա ասաց նրանց. «Դուք արդէն գիտէք այդ մարդուն եւ նրա բարբաջանքները»։ 12Նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Յէուն նրանց ասաց. «Այսպէս ու այսպէս ասաց ինձ. «Այսպէս է ասում Տէրը. քեզ Իսրայէլի թագաւոր օծեցի»։ 13Երբ այդ լսեցին, ամէն մէկն շտապեց իր բաճկոնն առնել եւ աստիճանների գլխին, ուր նստում էին, դրեց նրա տակը։ Եղջերափող հնչեցնելով՝ նրանք ասացին. «Յէուն թագաւոր դարձաւ»։ 14Ամեսսիայի որդի Յոսափատի որդի Յէուն գլուխ բարձրացրեց Յորամի դէմ, իսկ Յորամը բոլոր իսրայէլացիների հետ ասորիների արքայ Ազայէլից Գաղաադի Ռամաթ քաղաքն էր պաշտպանում։ 15Յորամ արքան ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վէրքերից բուժուելու համար եկել էր Յեզրայէլ։ Յէուն ասաց. «Եթէ հոգով դուք ինձ հետ էք, ապա թող ոչ ոք գաղտնի կերպով դուրս չգայ քաղաքից, որ գնայ այս բանը յայտնի Յեզրայէլում»։ 16Յէուն ձի հեծաւ ու գնաց Յեզրայէլ, ուր Իսրայէլի Յորամ արքան բուժւում էր նետերի վէրքերից, որ նա ստացել էր Ռամաթում ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելիս։ Նա զօրաւոր եւ հզօր մարդ էր եւ այնտեղ էր պառկել։ Յուդայի երկրի արքայ Օքոզիան եկել էր տեսնելու Յորամին։ 17Յեզրայէլում մի պահակ աշտարակի վրայ ելաւ ու փոշի տեսաւ, որ Յէուի գալուց էր բարձրանում։ Նա ասաց. «Ես փոշի եմ տեսնում»։ Յորամն ասաց. «Մի հեծեալ վերցրո՛ւ, նրան ընդառա՛ջ ուղարկիր, եւ նա թող հարցնի, թէ խաղա՞ղ նպատակով է գալիս»։ 18Հեծեալը գնաց նրան ընդառաջ եւ ասաց. «Արքան այսպէս է ասում. «Արդեօք խաղա՞ղ նպատակով ես գալիս»։ Յէուն ասաց նրան. «Քո ինչի՞ն է պէտք խաղաղութիւնը, հետեւի՛ր ինձ։» Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց, բայց չի վերադառնում»։ 19Արքան երկրորդ հեծեալին ուղարկեց, որն ասաց. «Այսպէս է հարցնում արքան, թէ՝ «Արդեօք խաղա՞ղ նպատակով ես գալիս»։ Յէուն ասաց. «Քո ինչի՞ն է պէտք խաղաղութիւնը, հետեւի՛ր ինձ»։ 20Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց մօտ, բայց չի վերադառնում։ Նրա ձի վարելը Ամեսսիայի որդի Յէուի ձի վարելուն նման է, որովհետեւ կատաղօրէն է քշում»։ 21Յորամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, եւ Իսրայէլի արքայ Յորամն ու Յուդայի երկրի արքայ Օքոզիան, ամէն մէկն իր մարտակառքը նստած՝ գնացին Յէուին ընդառաջ եւ նրան հասան Նաբոթ Յեզրայէլացու կալուածքում։ 22Երբ Յորամը տեսաւ Յէուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Յէո՛ւ»։ Յէուն ասաց. «Ի՞նչ խաղաղութիւն, երբ քո մայր Յեզաբէլի պոռնկութիւններն ու կախարդութիւնները շատանում են»։ 23Յորամը սանձերը շուռ տալով՝ փախաւ եւ ասաց Օքոզիային. «Դաւադրութիւն է, Օքոզիա՛»։ 24Յէուն քաշեց աղեղը, հարուածեց Յորամի թիկունքի մէջտեղը, նետը մտաւ նրա սիրտը, եւ նա ընկաւ իր ծնկների վրայ։ 25Յէուն ասաց իր զինակիր Բադեկարին. «Սրան գցի՛ր Նաբոթ Յեզրայէլացու կալուածքի մի արտը, քանզի յիշում եմ, որ, երբ ես ու դու դրա հայր Աքաաբի յետեւից ձի հեծած կողք-կողքի գնում էինք, Տէրը նրա նկատմամբ այս վճիռը տուեց. 26«Ես, - ասաց Տէրը, - երէկ տեսայ Նաբոթի ու նրա որդիների արիւնը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում»։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպէս ասել է Տէրը»։ 27Յուդայի երկրի արքայ Օքոզիան, տեսնելով այդ, փախաւ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Յէուն հետապնդելով նրան՝ ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»։ Եւ նա նրան խոցեց մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Յեբլաամի զառիվերը։ Նա փախաւ Մակեդդով եւ այնտեղ մեռաւ։ 28Ծառաները նրան տարան Երուսաղէմ եւ այնտեղ թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ 29Իսրայէլի արքայ Յորամի թագաւորութեան տասնմէկերորդ տարում էր թագաւորել Օքոզիան Յուդայի երկրի վրայ։ 30Յէուն եկաւ Յեզրայէլ։Յեզաբէլն այդ լսելով՝ իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։ 31Երբ Յէուն քաղաք էր մտնում, նա ասաց. «Մի՞թէ տիրասպան Զամբրին խաղաղութեամբ է գալիս»։ 32Յէուն իր գլուխը բարձրացնելով դէպի պատուհանը՝ ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մօտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին, 33եւ Յէուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեցէք սրան»։ Ցած նետեցին այդ կնոջը. նրա արիւնը պատերի ու ձիերի վրայ ցայտեց, եւ ձիերը ոտքի կոխան արեցին նրան։ 34Յէուն մտաւ ներս եւ ուտելուց ու խմելուց յետոյ ասաց. «Վերցրէ՛ք այդ անիծեալին ու թաղեցէ՛ք նրան, քանզի թագաւորի դուստր է»։ 35Գնացին նրան թաղելու, սակայն նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից, 36եւ վերադառնալով՝ այդ մասին յայտնեցին Յէուին։ Նա ասաց. «Իրականացաւ Տիրոջ այն խօսքը, որ ասուել էր Եղիա Թեզբացու բերանով, թէ՝ «Յեզրայէլի կալուածքում շներն ուտելու են Յեզաբէլի մարմինը, 37Յեզաբէլի դիակը այդ կալուածքի հողի երեսին լինելու է իբրեւ աղբ, այնպէս որ ոչ ոք չկարողանայ ասել, թէ՝ ՛՛Սա է Յեզաբէլը՛՛»։
10 Աքաաբը Սամարիայում եօթանասուն որդի ունէր։ Յէուն նամակ գրեց եւ ուղարկեց Սամարիա նրա իշխաններին, ծերերին եւ Աքաաբի որդիների դաստիարակներին։ Այդտեղ ասուած էր. 2«Երբ ձեզ հասնի այս նամակը, քանի որ ձեզ մօտ են ձեր տիրոջ որդիները, եւ դուք ունէք մարտակառքեր ու երիվարներ, ամրապատ քաղաքներ ու զէնքեր, 3ապա ձեր տիրոջ որդիներից, որին որ արժանի ու յարմար տեսնէք, նրան նստեցրէ՛ք իր հօր գահին եւ պատերազմեցէ՛ք ձեր տիրոջ տան համար»։ 4Նրանք շատ վախեցան ու ասացին. «Երկու թագաւոր չկարողացան նրա դէմ կանգնել, մենք ինչպէ՞ս դէմ կանգնենք»։ 5Ուստի թագաւորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Յէուի մօտ՝ ասելով. «Մենք քո ստրուկներն ենք, եւ մեզ ինչ որ հրամայես, կ՚անենք, ոչ ոքի թագաւոր չենք նստեցնի, եւ ինչ որ լաւ է քեզ համար, այն կ՚անենք»։ 6Նա մի երկրորդ նամակ գրեց նրանց՝ ասելով. «Եթէ դուք ինձ էք պատկանում եւ իմ ձայնին հնազանդ էք, ապա ձեր տիրոջ որդիների գլուխները կտրեցէ՛ք եւ վաղն այս ժամին բերէ՛ք ինձ մօտ, Յեզրայէլ»։ Արքայի որդիները եօթանասուն հոգի էին, եւ քաղաքի ազդեցիկ մարդիկ էին նրանց դաստիարակում։ 7Երբ նամակը նրանց հասաւ, բռնեցին արքայի որդիներին, եօթանասունին էլ սպանեցին եւ նրանց գլուխները կողովների մէջ դնելով՝ ուղարկեցին նրա մօտ, Յեզրայէլ։ 8Սուրհանդակն եկաւ ու Յէուին ասաց. «Արքայի որդիների գլուխները բերել են»։ Նա ասաց. «Դրանք երկու կոյտ անելով՝ դրէ՛ք քաղաքից դուրս մինչեւ առաւօտ»։ 9Առաւօտեան նա ելաւ կանգնեց եւ ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք մեղաւոր չէք, ես եմ գլուխ բարձրացրել իմ տիրոջ դէմ, եւ ես եմ սպանել նրան, բայց տեսէ՛ք, սրանց հիմա ո՞վ է կոտորել։ 10Որպէսզի Աքաաբի մասին Տիրոջ ասած խօսքն իրականանայ, Տէրը կատարեց այն, ինչ ասել էր իր ծառայ Եղիայի միջոցով»։ 11Եւ Յէուն կոտորեց Աքաաբի տնից Յեզրայէլում մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպէս որ նրանցից ոչ մէկին կենդանի չթողեց։ 12Դրանից յետոյ Յէուն ելաւ գնաց Սամարիա։ Երբ ճանապարհին նա հասաւ հովիւների կացարանին, 13Յէուն հանդիպեց Յուդայի երկրի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր էք դուք»։ Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու նրա ազգականների որդիներին ողջունելու»։ 14Յէուն ասաց. «Սրանց կենդանի՛ բռնեցէք»։ Նրանց կենդանի բռնեցին ու հովիւների կացարանի մօտ կոտորեցին այդ քառասուներկու հոգուն, եւ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։ 15Յէուն գնաց այնտեղից եւ հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Յոնադաբին։ Նա նրան բարեւեց ու ասաց. «Արդեօք քո սիրտը հաւատարի՞մ է, ինչպէս իմ սիրտն է հաւատարիմ քո նկատմամբ»։ Յոնադաբն ասաց. «Հաւատարիմ է»։ Յէուն ասաց. «Եթէ այդպէս է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տուեց իր ձեռքը, եւ նա նրան իր մօտ՝ մարտակառքի վրայ բարձրացրեց։ 16Նա ասաց նրան. «Արի՛ ինձ հետ ու Տիրոջ հանդէպ ունեցած նախանձախնդրութիւնս տե՛ս»։ Եւ նա նրան նստեցրեց իր մարտակառքը։ 17Նա մտաւ Սամարիա եւ այնտեղ Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց, մինչեւ որ նրանց բնաջնջեց, ինչպէս Տէրն ասել էր Եղիային։ 18Յէուն հաւաքեց ամբողջ ժողովրդին եւ նրանց ասաց. «Աքաաբը Բահաղին քիչ ծառայութիւն մատուցեց, իսկ Յէուն շատ ծառայութիւններ պիտի մատուցի։ 19Արդ, Բահաղի բոլոր մարգարէներին, նրա ծառաներին ու քրմերին ինձ մօ՛տ կանչեցէք. թող ոչ ոք չբացակայի, քանզի Բահաղին մեծ զոհ եմ մատուցելու։ Ով բացակայի, իմ ձեռքից չի փրկուի»։ Յէուն խաբէութիւն արեց, որպէսզի Բահաղի ծառաներին կորստեան մատնի։ 20Յէուն ասաց. «Բահաղի համար սրբազան զոհաբերութիւն պատրաստեցէ՛ք»։ 21Այդ բանը հաղորդեցին բոլորին։ Յէուն Իսրայէլի բոլոր կողմերը մարդ ուղարկեց, Բահաղին պաշտող բոլոր մարդիկ եկան, չներկայացող մարդ չմնաց։ Սրանք մտան Բահաղի մեհեանը, եւ մեհեանը բերնէբերան լցուեց։ 22Յէուն ասաց սեղանի վերակացուներին. «Հանեցէ՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եւ նրանք հանեցին նրանց պատմուճանները։ 23Յէուն եւ Ռեքաբի որդի Յոնադաբը մտան Բահաղի մեհեանը։ Նրանք ասացին Բահաղին պաշտողներին. «Որոնեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ արդեօք այստեղ ձեզ հետ չկա՞ն Տիրոջը պաշտողներ, այստեղ միայն Բահաղին ծառայողներ պէտք է լինեն»։ 24Յէուն մտաւ խունկ ծխելու եւ ողջակէզներ մատուցելու, իսկ դրսում երեք հարիւր ութսուն մարդ կանգնեցնելով՝ ասաց նրանց. «Եթէ ձեզնից որեւէ մէկը կենդանի թողնի նրան, ում ես կը յանձնեմ ձեր ձեռքը, իր կեանքով կը հատուցի այդ մարդու փոխարէն»։ 25Երբ Յէուն ողջակէզները կատարեց վերջացրեց, ասաց հետեւակ ու սպառազէն զինուորներին. «Մտէք կոտորեցէ՛ք նրանց, նրանցից ոչ ոք թող դուրս չգայ»։ Հետեւակ ու սպառազէն զինուորները նրանց սրակոտոր արեցին, նրանց մարմինները դուրս շպրտեցին, ապա գնացին քաղաք, ուր գտնւում էր Բահաղի մեհեանը, 26Բահաղի մեհեանի արձանը հանեցին եւ այրեցին այն։ 27Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհեանը եւ այն արտաքնոց դարձրին, ինչպէս որ է մինչեւ այսօր։ 28Այսպիսով Յէուն Բահաղ աստծուն վերացրեց Իսրայէլից։ 29Յէուն, սակայն, Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, այսինքն՝ Բեթէլի ու Դանի ոսկէ երինջներից չհրաժարուեց։ 30Տէրն ասաց Յէուին. «Քանի որ քաջութիւն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո յետնորդները մինչեւ չորրորդ սերունդ նստելու են Իսրայէլի գահին»։ 31Յէուն, սակայն, ամբողջ հոգով Իսրայէլի Տէր Աստծու օրէնքով ընթանալու ջանադիր չեղաւ, Իսրայէլին մեղանչել տուող Յերոբովամի մեղքերից զերծ չմնաց։ 32Այդ օրերին Տէրն սկսեց կոտորակել Իսրայէլի բոլոր սահմանները, իսկ Ազայէլը նրանց կոտորեց Իսրայէլի բոլոր սահմաններում, 33Յորդանան գետից արեւելք գտնուող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբէնի ու Մանասէի երկրներում, Առնոնի ձորի եզրին գտնուող Արոյերից մինչեւ Գաղաադ ու Բասան։ 34Յէուի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա բոլոր քաջագործութիւնները, մղած պատերազմները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 35Յէուն գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին Սամարիայում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Յովաքազը։ 36Յէուն Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց քսանութ տարի։
11 Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսաւ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագաւորական սերունդը, 2բայց Յորամ արքայի դուստրը, Օքոզիայի քոյր Յոսաբէէն Օքոզիայի որդի Յովասին վերցրեց արքայի սպանուած որդիների միջից եւ նրան ու նրա դայեակին Գոթողիայից փախցնելով՝ թաքցրեց ննջասենեակում։ Յովասը փրկուեց։ 3Նա նրա հետ վեց տարի Տիրոջ տանը թաքնուեց, երբ Գոթողիան թագաւորում էր երկրում։ 4Եօթներորդ տարում Յովիդայէն մարդ ուղարկեց, կանչեց հարիւրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինուորներին, նրանց բերեց Տիրոջ տունն ու նրանց Տիրոջ անունով երդուեցնելով՝ ցոյց տուեց նրանց արքայի որդի Յովիդայէին։ 5Նա պատուիրելով նրանց՝ ասաց. «Ձեր անելիքն այս է. ձեր մէկ երրորդ մասը շաբաթ օրը թող պահպանի արքունի տան դուռը, 6միւս մէկ երրորդ մասը ճանապարհների դարպասը պահպանի, իսկ մնացած մէկ երրորդ մասը՝ սուրհանդակ զինուորների յետեւի դուռը։ Այսպիսով ամբողջ տունը պէտք է հսկողութեան տակ առնուի։ 7Երեք խմբերից երկուսը, այսինքն՝ շաբաթ օրը Տիրոջ տունը 8եւ արքայի շուրջը պահպանութիւն անողները, զէնքերը ձեռքներին արքայի չորս կողմը թող պահպանեն, եւ ովքեր այդ շրջանից ներս մտնեն, թող սպանուեն։ Եւ նրանք թագաւորի հետ են լինելու նրա ելումուտ անելու ամբողջ ժամանակ»։ 9Հարիւրապետներն արեցին այն, ինչ իմաստուն Յովիդայէն պատուիրել էր. ամէն մէկն առաւ իր մարդկանց՝ թէ՛ նրանց, որոնք շաբաթ օրը պահպանութիւն անելու էին կոչուած եւ թէ՛ նրանց, որոնք այդ օրը վերջացրել էին իրենց ծառայութիւնը, եւ եկաւ Յովիդայէ քահանայի մօտ։ 10Քահանան Դաւիթ արքայի՝ Տիրոջ տանը գտնուող գեղարդներն ու զէնքերը տուեց հարիւրապետներին։ 11Հետեւակ զինուորներն եկան ու իրենց զէնքերը ձեռքներին կանգնեցին տան աջ անկիւնից մինչեւ ձախ անկիւնը, զոհասեղանի ու արքունի տան շուրջը։ 12Յովիդայէն բերել տուեց արքայի որդուն, նրա գլխին դրեց թագը, նրան յանձնեց վկայականը, նրան օծելով թագաւոր դարձրեց եւ ծափ զարկեց ու ասաց. «Կեցցէ՛ արքան»։ 13Գոթողիան լսելով շարժման մէջ եղող մարդկանց աղմուկը՝ եկաւ նրանց մօտ, մտաւ Տիրոջ տունը 14եւ տեսաւ, որ արքան, ինչպէս կարգն է, կանգնել է սեան մօտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր եւ փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները եւ աղաղակեց՝ ասելով. «Դա՜ւ է, դա՜ւ»։ 15Յովիդայէ քահանան պատուիրեց զօրքի հարիւրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերէք նրան շարքերից, եւ ով որ գնայ նրա յետեւից, թող սրով սպանուի»։ Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանուի։ 16Նրան բռնեցին, եւ երբ իրենք արքունի տուն տանող երիվարների ճանապարհով էին ընթանում, սպանեցին նրան։ 17Յովիդայէն Տիրոջ եւ արքայի, ինչպէս եւ արքայի ու ժողովրդի միջեւ ուխտ դրեց, որ իրենք կը լինեն Տիրոջ ժողովուրդը։ 18Երկրի բոլոր մարդիկ գնացին Բահաղի մեհեանը, կործանեցին այն, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղանները, նրա արձանները, Բահաղի քուրմ Մաթանին սպանեցին զոհասեղանի դիմաց։ Քահանան հսկիչ ոստիկաններ նշանակեց Տիրոջ տան վրայ։ 19Նա հարիւրապետներին, թիկնապահներին, սուրհանդակ զինուորներին ու երկրի ամբողջ ժողովրդին առնելով՝ արքային դուրս բերեց Տիրոջ տնից, սուրհանդակների դռան ճանապարհով բերեց արքունի տուն եւ նրան թագաւորական գահին նստեցրեց։ 20Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախացաւ, քաղաքը հանդարտուեց։ Գոթողիային արքունի տան մօտ սպանել էին սրով։ 21Երբ Յովասը թագաւոր օծուեց, եօթը տարեկան էր։
12 Յէուի թագաւորութեան եօթներորդ տարում թագաւոր դարձաւ Յովասը, որը քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Սաբիա էր՝ Բերսաբէէ քաղաքից։ 2Յովասն արդար գտնուեց Տիրոջ առջեւ այնքան ժամանակ, որ Յովիդայէն նրան դաստիարակում էր։ 3Մարդիկ, սակայն, մեհենական բարձունքներից չհրաժարուեցին, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում մեհենական բարձունքներում։ 4Յովասն ասաց քահանաներին. «Տիրոջ տունը մտած սրբութիւնների ամբողջ արծաթը, այսինքն՝ հաշուառման ենթարկուած բոլոր մարդկանց դրամը, ըստ մարդկանց սրտի ցանկութեան Տիրոջ տան համար նուիրաբերուող արծաթը, ինչպէս նաեւ ամէն մէկի կատարած վաճառքից ստացուած հարկերը 5քահանաները թող վերցնեն, որպէսզի, ուր որ Տիրոջ տան քանդուած մասեր լինեն, նորոգուեն»։ 6Մինչեւ Յովաս արքայի թագաւորութեան քսաներկուերորդ տարին քահանաները Տիրոջ տան քանդուած մասերը դեռ չէին նորոգել, 7ուստի Յովաս արքան կանչեց Յովիդայէ քահանային ու միւս քահանաներին եւ ասաց նրանց. «Ինչո՞ւ չէք նորոգել Տիրոջ տան քանդուած մասերը։ Վաճառքից ստացուած արծաթը ձեզ մի՛ վերցրէք, այլ Տիրոջ տան քանդուած մասերի նորոգմա՛նը յատկացրէք»։ 8Քահանաները խոստացան ժողովրդից արծաթ չառնել, եթէ դա չէին յատկացնելու Տիրոջ տան քանդուած մասերը նորոգելու համար։ 9Յովիդայէ քահանան մի արկղ վերցրեց, վրան անցք բացեց եւ դրեց Տիրոջ զոհասեղանի կողքին։ Տիրոջ տունը պահպանող քահանաները, Տիրոջ տանը գտնուած ամբողջ արծաթը լցրին այնտեղ։ 10Երբ տեսնում էին, որ արկղի մէջ արծաթը շատացել է, կանչում էին 11արքունի քարտուղարների պետին ու մեծ քահանային, որոնք գալիս էին, Տիրոջ տանը գտնուած արծաթը ծրարում եւ պատրաստ գումարը տալիս էին Տիրոջ տան գործավարներին, որ բաշխեն Տիրոջ տան ատաղձագործներին, 12շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպէսզի Տիրոջ տան քանդուած մասերը նորոգելու համար գնեն փայտ ու տաշած քարեր եւ անեն այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։ 13Տիրոջ տուն բերուած արծաթով, սակայն, Տիրոջ տան համար արծաթէ դռներ, սեպեր, տաշտեր, փողեր եւ ամէն տեսակ ոսկէ ու արծաթէ անօթներ չպէտք է սարքէին, 14այլ այդ գումարը գործաւորներին պէտք է տային, որպէսզի նրանք Տիրոջ տունը նորոգեն։ 15Հաշիւ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին յանձնում գործաւորներին տրուելիք արծաթը, որովհետեւ նրանք վստահելի էին, 16իսկ մեղքի ու յանցանքի քաւութեան համար ընծայաբերուած արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրւում։ 17Այն ժամանակ ասորիների արքայ Ազայէլը յարձակուեց Գէթի դէմ եւ գրաւեց այն։ Ապա Ազայէլն իր երեսը դարձրեց դէպի Երուսաղէմ, որ նրա վրայ արշաւի։ 18Յուդայի երկրի արքայ Յովասը իր հայրերի, Յուդայի երկրի արքաներ Յոսափատի, Յորամի ու Օքոզիայի արած բոլոր նուիրատուութիւններն ու իր նուիրատուութիւնները, Տիրոջ տան ու թագաւորի տան գանձարաններում գտնուող ամբողջ արծաթը ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղէմից։ 19Յովասի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արեց, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 20Նրա ծառաները նրա դէմ ելան, դաւաճանեցին նրան եւ Գաղաադում բնակուող Մաալոնի տանը սպանեցին Յովասին։ 21Նրան սպանեցին նրա ծառաները՝ Յեմաւութի որդի Յովազաքարը եւ սրա որդի Յեզեբութը։ Նրա այս պատանդ ծառաները խփեցին ու սպանեցին նրան եւ թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ամեսսիան։
13 Յուդայի երկրի արքայ Օքոզիայի որդի Յովասի թագաւորութեան քսաներկուերորդ տարում Իսրայէլի վրայ, Սամարիայում թագաւորեց Յէուի որդի Յովաքազը։ Նա թագաւորեց տասնեօթը տարի։ 2Նա Տիրոջ առջեւ չարիք գործեց, ընթացաւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերի հետքերով։ Նա դրանցից չհրաժարուեց։ 3Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Իսրայէլի դէմ, եւ Տէրը նրանց շարունակ մատնեց ասորիների Ազայէլ արքայի եւ Ազայէլի որդի Ադերի ձեռքը։ 4Յովաքազն աղօթեց Տիրոջը, եւ Տէրը լսեց նրան, որովհետեւ տեսաւ Իսրայէլի նեղութիւնները, որ պատճառում էր նրան ասորիների արքան։ 5Տէրն Իսրայէլին մի ազատարար տուեց. Իսրայէլն ազատուեց ասորիների ձեռքից, եւ իսրայէլացիներն ապրեցին իրենց վրաններում, ինչպէս նախկին ժամանակներում։ 6Սակայն իսրայէլացիները չհրաժարուեցին Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, այլ նրա ուղիով ընթացան, եւ Աստարոթի կուռքերն էլ մնացին Սամարիայում։ 7Յովաքազի մօտ մնացել էին միայն յիսուն հեծեալ, տասը մարտակառք ու տասը հազար հետեւակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր եւ կոխոտուած հող էր դարձրել։ 8Յովաքազի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 9Յովաքազը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին Սամարիայում, իր նախնիների մօտ։Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովասը։ 10Յուդայի երկրի արքայ Յովասի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յովաքազի որդի Յովասը։ Նա Սամարիայում թագաւորեց տասներկու տարի։ 11Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, թաղուեց դրանց մէջ։ 12Յովասի մնացած պատմութիւնը, այն ամէնը, ինչ նա արել է, Յուդայի երկրի արքայի հետ կռուելու ժամանակ նրա ցուցաբերած քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 13Յովասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա գահին նստեց Յերոբովամը։ Յովասը թաղուեց Սամարիայում, Իսրայէլի թագաւորների մօտ։ 14Եղիսէէն ծանր հիւանդացաւ, որից եւ մեռաւ։ Իսրայէլի արքայ Յովասը մինչ այդ եկել էր նրա մօտ, լաց եղել նրա մօտ՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր եւ նրա հեծելազօրը»։ 15Եղիսէէն նրան ասել էր. «Ա՛ռ քո աղեղն ու նետերը»։ Յովասն առել էր աղեղն ու նետերը, 16եւ Եղիսէէն Իսրայէլի արքային ասել էր. «Աղեղը ձեռքո՛վդ լարիր». եւ նա իր ձեռքով լարել էր աղեղը։ Եղիսէէն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին 17եւ ասել. «Բա՛ց արեւելեան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, եւ Եղիսէէն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսէէն ասել էր. «Սա Տիրոջ փրկութեան նետն է, ասորիների դէմ փրկութեան նետը։ Դու ասորիներին պիտի հարուածես Ափեկում, մինչեւ որ իսպառ բնաջնջես նրանց»։ 18Եղիսէէն աւելացրել էր. «Նետեր վերցրո՛ւ»։ Երբ Յովասը նետերը վերցրել էր, Եղիսէէն ասել էր Իսրայէլի արքային. «Արձակի՛ր եւ խփի՛ր գետնին»։ Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել։ 19Աստծու մարդը բարկացել էր նրա վրայ՝ ասելով. «Եթէ հինգ կամ վեց անգամ հարուածէիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կը լինէիր։ Արդ, միայն երեք անգամ կը հարուածես ասորիներին»։ 20Մեռաւ Եղիսէէն, եւ նրան թաղեցին։ Հետեւեալ տարին Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակուեց երկրի վրայ։ 21Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսէէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ։ 22Ասորիների արքայ Ազայէլը Յովաքազի իշխանութեան բոլոր օրերին նեղում էր Իսրայէլին, 23բայց Տէրը յանուն Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայեացքը դարձրեց նրանց, չկամեցաւ կործանել նրանց եւ իր երեսը նրանցից շուռ չտուեց։ 24Ասորիների արքայ Ազայէլը մեռաւ, եւ թագաւորեց Ադերի որդին նրա որդու փոխարէն։ 25Յովաքազի որդին Յովասը ելաւ եւ Ազայէլի որդի Ադերի որդուց գրաւեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հօրից՝ Յովաքազի ձեռքից։ Յովասը նրան երեք անգամ յաղթեց եւ վերագրաւեց Իսրայէլի քաղաքները։
14 Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի թագաւորութեան երկրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիան։ 2Քսանհինգ տարեկան էր նա, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունն էր Յովադին, որը Երուսաղէմից էր։ 3Ամասիան արդար գտնուեց Տիրոջ առջեւ, բայց ոչ իր նախնի Դաւթի նման։ Ըստ ամենայնի նա արեց այն, ինչ իր հայր Յովասն էր արել, 4սակայն բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում։ 5Երբ թագաւորութիւնն իր ձեռքն անցաւ, նա սպանեց իր այն պալատական պաշտօնեաներին, որոնք սպանել էին իր հօրը, 6սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետեւ, ինչպէս գրուած է Մովսէսի Օրէնքի գրքում, Տէրը պատուիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամէն ոք իր մեղքի համար թող մեռնի»։ 7Նա տասը հազար եդոմացիների սպանեց Մայիլայում, գրաւեց Վէմը պատերազմով եւ այն կոչեց Յեկթովէլ, ինչպէս եւ կոչւում է մինչեւ այսօր։ 8Այդ ժամանակ Ամասիան Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ բանագնաց ուղարկեց՝ ասելով. «Ե՛կ երես երեսի հանդիպենք միմեանց»։ 9Իսրայէլի արքայ Յովասը մարդ ուղարկեց Յուդայի երկրի արքայ Ամասիայի մօտ եւ ասաց. «Լիբանանում բուսնող ակքան փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղեւնուն՝ ասելով. «Քո դստերը կնութեան տո՛ւր իմ որդուն»։ Լիբանանի անապատի գազանները, սակայն, անցան ու կոխոտեցին ակքան փուշը։ 10Եդոմացիներին կոտորեցիր եւ մտքումդ հպարտացար։ Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը։ Ինչո՞ւ է քո չարութիւնը քեզ գրգռում, չէ՞ որ կ՚ընկնես դու, եւ քեզ հետ էլ՝ Յուդայի երկիրը»։ 11Ամասիան չանսաց նրան, եւ պատերազմի ելաւ Իսրայէլի արքայ Յովասը։ Հրէաստանի Բեթսամիւս բնակավայրում դէմ դիմաց իրար հանդիպեցին ինքը եւ Յուդայի երկրի արքայ Ամասիան։ 12Յուդայի երկրի զօրքը պարտուեց Իսրայէլից, եւ Յուդայի երկրի բոլոր զօրքերը իրենց վրանները փախան։ 13Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասը Բեթսամիւսում բռնեց Յովաքազի որդի Յովասի որդի Ամասիային՝ Յուդայի երկրի թագաւորին, եկաւ Երուսաղէմ եւ Եփրեմի դարպասից մինչեւ Անկիւնների դարպասը քանդեց Երուսաղէմի պարիսպը, որը չորս հարիւր կանգուն էր։ 14Նա Տիրոջ տան ու թագաւորի տան գանձարանում եղած ոսկին ու արծաթը, բոլոր անօթները եւ հարճորդիներին վերցնելով՝ վերադարձաւ Սամարիա։ 15Յովասի մնացած գործերը, նրա կատարած քաջագործութիւններն ու Յուդայի երկրի արքայ Ամասիայի դէմ մղած պատերազմը չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 16Յովասը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Սամարիայում, Իսրայէլի թագաւորների հետ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յերոբովամը։ 17Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիան Իսրայէլի թագաւոր Յովաքազի որդի Յովասի մահուանից յետոյ ապրեց տասնհինգ տարի։ 18Ամասիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 19Նրա դէմ Երուսաղէմում դաւադրութիւն կազմակերպեցին, եւ նա փախաւ Լաքիս։ Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։ 20Նրան բերեցին ձիերի վրայ ու թաղեցին Երուսաղէմում՝ Դաւթի քաղաքում, իր հայրերի մօտ։ 21Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամեայ Ազարիային եւ թագաւոր նստեցրեց նրա հայր Ամասիայի փոխարէն։ 22Ազարիան բարեկարգեց Ելոթը եւ արքայի մեռնելուց յետոյ այն վերադարձրեց Յուդայի երկրին։ 23Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիայի թագաւորութեան տասնհինգերորդ տարում թագաւորեց Իսրայէլի արքայ Յովասի որդի Յերոբովամը։ Նա քառասունմէկ տարի թագաւորեց Սամարիայում։ 24Նա Տիրոջ առջեւ չարիք գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի բոլոր մեղքերից։ 25Նա Իսրայէլի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչեւ Արաբա ծովը ապահով դարձրեց, ինչպէս իր ծառայ գեթաքոբերացի Ամաթի որդի Յովնան մարգարէի միջոցով ասել էր Տէր Աստուածը, 26քանզի Տէրը տեսել էր սակաւամարդ, նեղուած, տկար ու լքուած Իսրայէլի չափազանց դառն տառապանքը. ոչ ոք չկար, որ օգնէր Իսրայէլին։ 27Տէրը չէր ուզում, որ իսրայէլացիները բնաջնջուեն երկնքի ներքոյ, ուստի Յովասի որդի Յերոբովամի ձեռքով փրկեց նրանց։ 28Յերոբովամի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, թէ պատերազմում նա ինչպիսի քաջագործութիւն է ցուցաբերել, ինչպէս է Դամասկոսն ու Եմաթը Յուդայի երկրից ազատելով վերադարձրել Իսրայէլին, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 29Յերոբովամը գնաց իր նախնիների՝ Իսրայէլի թագաւորների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Զաքարիան։
15 Իսրայէլի Յերոբովամ արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Ամասիա արքայի որդի Ազարիան։ 2Նա տասնվեց տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յեքեղիա էր, նա Երուսաղէմից էր։ 3Ազարիան իր հայր Ամասիայի նման ըստ ամենայնի բարի գործեր կատարեց Տիրոջ առջեւ, 4բայց բարձունքների մեհեանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում։ 5Տէրը պատուհասեց թագաւորին, եւ նա բորոտ դարձաւ մինչեւ իր կեանքի վերջը։ Նա առանձին մի տան մէջ էր բնակւում։ Արքունի տան վրայ իշխում եւ երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Յովաթամը։ 6Ազարիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 7Ազարիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաթամը։ 8Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յերոբովամի որդի Զաքարիան։ Նա վեց ամիս թագաւորեց Սամարիայում։ 9Նա իր նախնիների նման չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 10Նրա դէմ գլուխ բարձրացրին Յաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայութեամբ հարուածեցին նրան ու սպանեցին։ Նրա փոխարէն թագաւորեց Սեղղումը։ 11Զաքարիայի մնացած գործերը նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 12Ահա այս էր այն մարդը, որի մասին Տէրը ասել էր Յէուին. «Քո որդիներից միայն մինչեւ չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայէլի գահին»։ Եւ այդպէս էլ եղաւ։ 13Յաբիսի որդի Սեղղումը թագաւորեց Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունութերորդ տարում։ Սեղղումը Սամարիայում թագաւորեց մէկ ամիս։ 14Գադդիի որդի Մանայեմը դուրս եկաւ Թերսայից, մտաւ Սամարիա, Սամարիայում հարուածեց Յաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարէնը թագաւոր նստեց։ 15Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դաւադրութիւնները նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 16Այն ժամանակ Մանայեմը յարձակուեց Թերսայի վրայ եւ այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնուող բոլորին սպանեց, յղի կանանց արգանդը պատռեց, որովհետեւ նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները։ 17Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունիններորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Գադդիի որդի Մանայեմը։ Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում։ 18Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 19Ասորեստանի արքայ Փուան եկաւ յարձակուեց Իսրայէլի վրայ։ Մանայեմը Փուային հազար տաղանդ արծաթ տուեց, որպէսզի նա իրեն օգնական լինի, եւ Մանայեմն իր թագաւորութիւնն իր ձեռքում պահի։ 20Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայէլի բոլոր հարուստների վրայ հարկ դրեց, ամէն մէկից յիսնական սիկղ արծաթ առաւ։ Ասորեստանի թագաւորը յետ դարձաւ՝ չմնաց երկրում։ 21Մանայեմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Մանայեմը գնաց իր նախնիների գիրկը։ 22Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Փակէիան։ 23Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներորդ տարում Փակէիան թագաւորեց Իսրայէլի վրայ։ Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում։ 24Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 25Նրա դէմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակէէն՝ իր զօրապետը։ Սրա հետ էին Արգոբը եւ Արիէն, ինչպէս նաեւ չորսհարիւրեակի միջից յիսուն հոգի։ Նա հարուածեց նրան Սամարիայում, արքունի տան առաջ, սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց։ 26Փակէիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 27Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներկուերորդ տարում թագաւորեց Ռոմելիայի որդի Փակէէն։ Նա Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց քսան տարի։ 28Նա Տիրոջ առջեւ չարութիւն գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 29Իսրայէլի արքայ Փակէէի օրօք եկաւ Ասորեստանի Թակղաթփաղասար արքան, գրաւեց Այինը, Կաբէէլը, Բեթմաաքան, Յանոքը, Կենէզը, Ասորը, Գաղաադը եւ Գալիլիան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը եւ նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։ 30Եղայի որդի Օսէէն դաւադրութիւն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակէէի դէմ, խփեց ու սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց Օզիայի որդի Յովաթամի թագաւորութեան քսաներորդ տարում։ 31Փակէէի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 32Իսրայէլի թագաւոր Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան երկրորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Օզիայի որդի Յովաթամը։ 33Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յերուսա էր, նա Սադոկի դուստրն էր։ 34Յովաթամը ըստ ամենայնի արդար գտնուեց Տիրոջ առջեւ, այնպէս, ինչպէս իր հայր Օզիան, 35միայն թէ նա բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։ 36Յովաթամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 37Այդ օրերին Տէրը Յուդայի երկրի դէմ ուղարկեց ասորիների արքայ Ռասոնին եւ Ռոմելիայի որդի Փակէէին։ 38Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնի Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքազը։
16 Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան տասնեօթներորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովաթամի որդի Աքազը։ 2Աքազը քսան տարեկան էր, որ թագաւորեց եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում։ Նա հաւատարիմ չգտնուեց Տէր Աստծու առջեւ, ինչպէս հաւատարիմ էր եղել իր նախնի Դաւիթը, 3այլ գնաց Իսրայէլի արքայ Նաբատի որդի Յերոբովամի ճանապարհով։ Նա իր որդուն կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորութեան, որոնց Տէրն իսրայէլացիների առջեւից հալածել էր։ 4Նա զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքների մեհեաններում, բլուրների վրայ ու ծառախիտ անտառներում։ 5Այն ժամանակ ասորիների արքայ Ռասոնը եւ Ռոմելիայի որդի Իսրայէլի թագաւոր Փակէէն ելան Աքազի դէմ պատերազմի ու պաշարեցին Երուսաղէմը, սակայն պատերազմը շարունակել չկարողացան։ 6Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան Ելաթը վերադարձրեց ասորիներին, իսկ հրեաներին հանեց Ելաթից։ Եդոմայեցիները եկան Ելաթ եւ այնտեղ են բնակւում մինչեւ այսօր։ 7Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ եւ փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայէլի արքայի ձեռքից, որոնք ինձ վրայ են յարձակուել»։ 8Աքազը Տիրոջ տանն ու թագաւորի տան գանձարանում գտնուող արծաթն ու ոսկին առաւ եւ ուղարկեց Ասորեստանի արքային որպէս պարգեւ։ 9Ասորեստանի արքան անսաց նրան, ելաւ Դամասկոսի դէմ ու գրաւեց այն, բնակիչներին գերեվարեց Կիւրէն, իսկ Ռասոնին սպանեց։ 10Աքազ արքան գնաց Դամասկոս, Ասորեստանի Թագղաթփաղասար արքային հանդիպելու։ Նա տեսաւ Դամասկոսում եղած զոհասեղանը, այդ զոհասեղանի օրինակն ու ձեւերը բոլոր մանրամասներով ուղարկեց Ուրիա քահանային։ 11Ուրիա քահանան կառուցեց զոհասեղանը ըստ այն օրինակի, որ Աքազ արքան ուղարկել էր Դամասկոսից։ Մինչեւ Աքազ արքայի Դամասկոսից վերադառնալը Ուրիա քահանան պատրաստեց դա։ 12Երբ արքան տեսաւ զոհասեղանը, մօտեցաւ դրան, զոհեր մատուցեց նրա վրայ, իր ողջակէզներն այրեց, 13իր ընծաները նուիրեց, զոհասեղանի վրայ թափեց խաղաղութեան զոհերի արիւնը։ 14Տիրոջ առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանը նա տեղափոխեց իր տեղից՝ Տիրոջ տան առջեւից, ու դրեց նոր զոհասեղանից հիւսիս։ 15Աքազ արքան պատուէր տուեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այս մեծ զոհասեղանի վրայ պէտք է մատուցես առաւօտեան ողջակէզը եւ երեկոյեան զոհաբերութիւնը, արքայի ողջակէզն ու նրա զոհաբերութիւնները, երկրի ժողովրդի ողջակէզները, զոհաբերութիւններն ու ընծաները։ Բոլոր ողջակէզների ու զոհաբերութիւնների արիւնը նրա վրայ պէտք է թափես, իսկ պղնձէ զոհասեղանն իմ տրամադրութեան տակ պէտք է լինի առաւօտեան»։ 16Ուրիա քահանան ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս նրան պատուիրել էր Աքազ արքան։ 17Աքազ արքան կոտրեց անուաւոր խարիսխները, փոխադրեց լուացարանները, ձուլածոյ աւազանն իջեցրեց իր տակ գտնուող տասներկու պղնձէ ցուլերից ու դրեց քարէ յատակի վրայ։ 18Նա, ի պատիւ Ասորեստանի արքայի, Տիրոջ տան մէջ գահի համար մի պատուանդան դրեց եւ թագաւորական տան արտաքին մուտքը դարձրեց Տիրոջ տան կողմը։ 19Աքազի կատարած մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 20Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Եզեկիան։
17 Յուդայի երկրի արքայ Աքազի թագաւորութեան տասներկուերորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Ելայի որդի Օսէէն։ Նա Սամարիայում թագաւորեց ինը տարի։ 2Նա Տիրոջ առջեւ չար գտնուեց, բայց ոչ Իսրայէլի այն թագաւորների նման, որոնք իրենից առաջ կային։ 3Նրա դէմ յարձակուեց Ասորեստանի Սաղմանասար արքան, եւ Օսէէն նրան ենթակայ դարձաւ, նրան հարկ էր տալիս, որ նա տանի։ 4Ասորեստանի արքան, սակայն, տեսաւ, որ Օսէէի մէջ նենգութիւն կայ, որովհետեւ սա պատգամաւորներ էր ուղարկել Եգիպտոսի թագաւոր Սովային եւ այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան կալանաւորեց նրան եւ բանտարկեց։ 5Ասորեստանի արքան յարձակուեց ամբողջ երկրի վրայ, ելաւ նաեւ Սամարիայի դէմ եւ այն պաշարեց երեք տարի։ 6Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան եւ իսրայէլացիներին քշեց Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում եւ Աբորում, Գոզան գետի մօտ ու Մարերի լեռներում։ 7Իսրայէլացիները մեղանչել էին իրենց տէր Աստծու դէմ, որն իրենց հանել էր Եգիպտացիների երկրից եւ ազատել եգիպտացիների Փարաւոն արքայի ձեռքից։ Նրանք սկսել էին երկիւղ կրել օտար աստուածներից, 8հետեւել այն ազգերի կրօնին, որոնց Տէրը քշել էր իսրայէլացիների առջեւից։ 9Իսրայէլի թագաւորները նման շատ բաներ էին արել, եւ իսրայէլացիները նման շատ թաքուն գործեր կատարել, որ չպէտք է անէին իրենց Աստծու դէմ։ Նրանք իրենց բոլոր քաղաքներում բարձրադիր տեղեր ստեղծեցին, սկսած պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը, 10իրենց համար արձաններ եւ կուռքեր կանգնեցրին, բոլոր բարձր բլուրների վրայ, բոլոր անտառախիտ ծառերի ներքոյ, 11բոլոր բարձունքների վրայ խունկ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տէրը վտարել էր նրանց առջեւից։ Նրանք վատ ընկերակիցներ ունեցան եւ վատ հաւաքոյթներ կազմակերպեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը։ 12Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տէրն իրենց ասել էր. «Այդ բանը մի՛ արէք յանուն Տիրոջ»։ 13Տէրը բոլոր մարգարէների ու տեսանողների միջոցով Իսրայէլին ու Յուդայի երկրին զգուշացրեց՝ ասելով. «Դարձէ՛ք ձեր չար ճանապարհներից, պահեցէ՛ք իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները, որ պատուիրեցի ձեր հայրերին, եւ որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառայ մարգարէների միջոցով»։ 14Նրանք չլսեցին, աւելի ըմբոստացան, քան իրենց հայրերը, չհաւատացին իրենց Տէր Աստծուն։ 15Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայութիւնները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստուածներ պաշտողների հետքերով՝ իրենք էլ նրանց հետ սնոտի աստուածներ պաշտողներ դառնալով իրենց շրջապատող ազգերին հետեւելով։ Մինչդեռ Տէրը պատուիրել էր, որ չնմանուեն նրանց։ 16Նրանք անտեսեցին իրենց Տէր Աստծու բոլոր պատուիրանները, իրենց համար երկու ձուլածոյ երինջներ պատրաստեցին, երկնքի զօրութիւններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին, 17իրենց տղաներին եւ աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդութիւն ու հմայութիւն արեցին, համարձակուեցին Տիրոջ առջեւ չարութիւն գործել եւ զայրացրին նրան։ 18Տէրն Իսրայէլի վրայ խիստ բարկացաւ, չուզեց տեսնել նրանց երեսը, այնպէս որ միայն Յուդայի ցեղն էր մնացել։ 19Սակայն Յուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին իրենց Տէր Աստծու պատուիրանները եւ ընթացան Իսրայէլի երկրում ընդունուած սովորութիւններով։ 20Նրանք Տիրոջը հեռու պահեցին Իսրայէլի ամբողջ սերնդից։ Տէրը նրանց չարչարեց եւ աւարառուների ձեռքը մատնեց, մինչեւ որ նրանց իր երեսից հեռու վանեց։ 21Մինչ Դաւթի տունը գոյութիւն ունէր, նրանք Իսրայէլի թագաւոր էին նստեցրել Նաբատի որդի Յերոբովամին, եւ Յերոբովամը իսրայէլացիներին արգելել էր ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տուել։ 22Իսրայէլացիներն ընթացել էին Յերոբովամի գործած բոլոր մեղքերի ճանապարհով, չէին հրաժարուել դրանցից։ 23Տէրն իր երեսը թեքել էր Իսրայէլից, ինչպէս որ մարգարէների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Այսպէս է, որ Իսրայէլացիներն իրենց երկրից Ասորեստան գերեվարուեցին, ուր գտնւում են մինչեւ այսօր։ 24Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց էր բերել տուել եւ իսրայէլացիների փոխարէն բնակեցրել Սամարիայի քաղաքներում։ նրանք ժառանգել էին Սամարիան ու բնակուել նրա քաղաքներում։ 25Իրենց բնակութեան սկզբնական շրջանում նրանք չէին վախեցել Տիրոջից, եւ Տէրն առիւծներ էր ուղարկել, որ յօշոտեն նրանց։ 26Նրանք դիմել էին Ասորեստանի թագաւորին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր եւ Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը, Տէրը նրանց վրայ առիւծներ ուղարկեց, որոնք ահա յօշոտում են նրանց, որովհետեւ չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը»։ 27Ասորեստանի արքան հրաման էր արձակել ու ասել. «Այնտե՛ղ տարէք ձեր գերեվարած քահանաներից մէկին, որ գնայ այնտեղ բնակուի, սովորեցնի Տիրոջ կրօնը եւ լուսաւորի նրանց այդ երկրի Աստծու օրէնքներով»։ 28Գերուած քահանաներից մէկին Սամարիայից տարել էին, բնակեցրել Բեթէլում։ Քահանան լուսաւորել էր նրանց եւ սովորեցրել, որ երկիւղ կրեն Տիրոջից։ 29Ամէն մի ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստուածներ էր պատրաստել եւ դրել այն բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ սամարացիներն էին շինել։ 30Բաբելացիները կառուցել էին Սոքքոթն ու Բանոթը, քութացիները կառուցել էին Անգեղը, եմաթացիները կառուցել էին Ասիմաթը, 31այիացիները կառուցել էին Աբլազերը, Նեբասը, Թարթակն ու Սեփփարուիմը, ուր սեփփարուիմացիները կենդանի վառում էին իրենց որդիներին Սեփփարուիմի աստուածներ Ադրամելէքի ու Ամամելէքի համար վառուող հրով։ 32Նրանք երկիւղ էին կրում նաեւ Տիրոջից, սակայն իրենց գարշելի կուռքերը հաստատել էին բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ ամէն մի ազգ շինել էր Սամարիայում, այնտեղ, ուր նրանք բնակւում էին։ Թէեւ Տիրոջից երկիւղ էին կրում, բայց բարձունքների վրայ քրմեր էին նշանակել. 33թէեւ երկիւղ էին կրում Տիրոջից, բայց պաշտում էին իրենց աստուածներին ըստ այն ազգերի կրօնների, որոնց Աստուած մերժել էր։ 34Մինչեւ օրս նրանք առաջնորդւում են իրենց սովորութիւններով. թէեւ երկիւղ են կրում Տիրոջից, բայց վարւում են ըստ իրենց սովորութիւնների, կանոնների եւ օրէնքների, նաեւ ըստ այն պատուիրանի, որ Տէրը պատուիրել էր Յակոբի որդիներին։ Տէրը Յակոբի անունը դրել էր Իսրայէլ։ 35Տէրը նրանց հետ ուխտ էր դրել, պատուիրել ու ասել. «Մի՛ վախեցէք օտար աստուածներից, մի՛ երկրպագէք նրանց, մի՛ պաշտէք նրանց, զոհեր մի՛ մատուցէք նրանց, 36այլ վախեցէ՛ք Տէր Աստծուց, որը մեծ զօրութեամբ ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսից։ Նրանի՛ց վախեցէք, նրա՛ն երկրպագեցէք ու նրա՛ն զոհեր մատուցեցէք։ 37Ձեզ համար գրուած կանոնները, դատաստանները, օրէնքներն ու պատուիրանները զգուշութեա՛մբ գործադրեցէք։ Մի՛ վախեցէք օտար աստուածներից, 38մի՛ մոռացէք այն ուխտը, որ Տէրը դրել է ձեզ հետ, մի՛ վախեցէք օտար աստուածներից, այլ ձեր Տէ՛ր Աստծուց երկիւղ կրեցէք։ 39Նա ձեզ կը փրկի ձեր բոլոր թշնամիներից։ 40Մի՛ հաւատացէք նրանց կրօնին, որին նրանք հետեւում են։ 41Այդ ազգերը թէպէտ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքն էին պաշտում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչեւ այսօր վարւում են այնպէս, ինչպէս իրենց նախնիները»։
18 Իսրայէլի արքայ Եղայի որդի Օսէէի թագաւորութեան երրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Աքազ արքայի որդի Եզեկիան։ 2Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւորեց, եւ Երուսաղէմում քսանինը տարի իշխեց։ Նրա մօր անունը Աբութ էր, որը Զաքարիայի դուստրն էր։ 3Նա իր նախնի Դաւթի նման ըստ ամենայնի ուղիղ ընթացաւ Տիրոջ առջեւ։ 4Նա վերացրեց բարձունքների մեհեանները, խորտակեց բոլոր արձանները, ջարդուփշուր արեց կուռքերի կոթողները, փշրեց Մովսէսի շինած պղնձէ օձը, քանզի մինչեւ այդ օրը իսրայէլացիները զոհ էին մատուցում նրան եւ այն կոչում էին Նէեսթան։ 5Նա իր յոյսը կապեց Իսրայէլի Տէր Աստծու հետ, եւ նրա նմանը չեղաւ Յուդայի երկրի ո՛չ յաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագաւորների մէջ։ 6Նա Տիրոջն ապաւինեց, նրա ճանապարհից չխոտորուեց, պահեց Մովսէսին պատգամուած պատուիրանները, 7ուստի Տէրը նրա հետ էր, եւ Եզեկիան ինչ որ անում էր, խելամտօրէն էր անում։ Նա ապստամբեց Ասորեստանի արքայի դէմ, չծառայեց նրան, 8այլազգիներին քշեց մինչեւ Գազա եւ նրա սահմանները, Պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը։ 9Եզեկիա արքայի թագաւորութեան չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի Եղա արքայի որդի Օսէէի թագաւորութեան եօթներորդ տարում Ասորեստանի արքայ Սաղմանասարը ելաւ Սամարիայի դէմ, պաշարեց այն եւ երեք տարի անց քաղաքը գրաւեց։ 10Եզեկիայի թագաւորութեան վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայէլի արքայ Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան 11եւ սամարացիներին քշեց Ասորեստան, նրանց տեղաւորեց Ալաթում եւ Աբորում՝ Գոզան գետի եւ Մարաց լեռների մօտ, 12որովհետեւ նրանք իրենց Տէր Աստծուն չէին անսացել, նրա ուխտը չէին պահել եւ այն, ինչ նրանց պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, չէին լսել ու չէին կատարել։ 13Եզեկիա արքայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Յուդայի երկրի պարսպապատ քաղաքների վրայ եւ գրաւեց դրանք։ 14Յուդայի երկրի արքայ Եզեկիան Ասորեստանի արքայի մօտ դեսպաններ ուղարկելով Լաքիս՝ ասաց. «Մեղանչել եմ, յե՛տ դարձիր իմ երկրից, եւ ինչ տուգանք որ ինձ վրայ դնես, կը հատուցեմ»։ Ասորեստանի արքան Յուդայի երկրի արքայ Եզեկիայի վրայ երեք հարիւր տաղանդ արծաթ եւ երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց, 15եւ Եզեկիան Տիրոջ տանը եւ թագաւորի գանձատանը ինչ որ գտաւ, տուեց։ 16Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների եւ դրանդիկների վրայ եղած ոսկին, որ ինքը՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիան էր պատել, ու տուեց Ասորեստանի արքային։ 17Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զօրքով Լաքիսից ուղարկեց Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղէմ եւ, կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնուող վերին աւազանի ջրմուղի վրայ, 18կանչեցին Եզեկիային։ Նրանց մօտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը, որ պատմագիր էր։ 19Ռափսակը նրանց ասաց. «Ասացէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում մեծ արքան՝ Ասորեստանի արքան. «Ի՞նչ է քո յոյսը, որին դու ապաւինել ես։ 20Եթէ ասես, թէ խորհուրդ ու զօրութիւն են անհրաժեշտ պատերազմի համար, թէեւ դրանք դատարկ խօսքեր են, ապա ո՞ւմ ապաւինելով ապստամբեցիր իմ դէմ։ 21Դու ապաւինել ես այդ ջախջախուած եղէգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթէ մարդ յենուի, ձեռքը կը ծակի, ու նա կը խոցուի դրանից։ Այդպիսին է Եգիպտոսի Փարաւոն արքան բոլոր նրանց համար, ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ։ 22Ինձ ասացիր, թէ՝ Տէր Աստծուն ենք ապաւինում։ Դա այն չէ՞, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան ոչնչացրեց եւ Յուդայի երկրին ու Երուսաղէմին ասաց. «Երուսաղէմում միայն այս զոհասեղանի առջեւ երկրպագեցէք»։ 23Արդ, իմ տիրոջ՝ Ասորեստանի արքայի հետ հաշտուեցէ՛ք, եւ նա քեզ երկու հազար երիվար կը տայ, եթէ դու կարող ես այդքան հեծեալներ գտնել դրանց համար։ 24Ինչպէ՞ս կարող ես դիմադրել իմ տիրոջ յետին ծառաներից որեւէ զօրականի եւ դեռ մարտակառքեր ու երիվարներ ստանալու համար ապաւինում ես Եգիպտոսին։ 25Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես յարձակուել այս երկրի վրայ, որ բնաջնջեմ այն։ Տէրն ինձ ասել է. «Յարձակուի՛ր այդ երկրի վրայ եւ բնաջնջի՛ր այն»։ 26Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Յովաքը ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերէ՛ն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրայ կանգնած ժողովրդի ներկայութեամբ եբրայերէն մի՛ խօսիր»։ 27Բայց Ռափսակը նրանց ասաց. «Միթէ իմ տէրն այս խօսքերը քո տիրո՞ջ ու քե՞զ ասելու համար ուղարկեց ինձ. չէ՞ որ պարսպի վրայ կանգնած մարդկանց համար, որպէսզի ձեզ հետ ուտեն իրենց կեղտը եւ խմեն իրենց մէզը»։ 28Ռափսակը ելաւ, բարձր ձայնով բղաւելով՝ եբրայերէն ասաց. «Լսեցէ՛ք մեծ արքայի՝ Ասորեստանի արքայի պատգամը։ 29Այսպէս է ասում արքան. «Թող Եզեկիան չմոլորեցնի ձեզ, քանզի նա չի կարող ձեզ իմ ձեռքից փրկել։ 30Եզեկիան ձեզ թող Տիրոջով չյուսադրի՝ ասելով, թէ ՚ Տէրը մեզ անպայման կը փրկի եւ այս քաղաքը չի մատնի Ասորեստանի արքայի ձեռքը»։ 31Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ այսպէս է ասում Ասորեստանի արքան. «Ինձ հետ հաշտութիւն կնքեցէ՛ք, եկէ՛ք ինձ մօտ, եւ ամէն մարդ իր խաղողի այգուց ու թզենուց կ՚ուտի, իր ջրհորից ջուր կը խմի, 32մինչեւ որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր։ Դուք այնտեղ կ՚ապրէք ու չէք մեռնի։ Մի՛ լսէք Եզեկիային, որովհետեւ խաբում է ձեզ՝ ասելով, թէ՝ ՚ Տէրը մեզ կը փրկի»։ 33Միթէ ազգերի աստուածները Ասորեստանի արքայի ձեռքից փրկեցի՞ն նրանց երկրները։ 34Ո՞ւր է Եմաթի ու Արփաթի աստուածը, ո՞ւր է Սեփփարուիմ քաղաքի աստուածը, Անայի ու Աւայի աստուածը։ Միթէ նրանք փրկեցի՞ն Սամարիան իմ ձեռքից։ 35Երկրի բոլոր աստուածներից ո՞ր մէկը կարողացաւ իր երկիրն իմ ձեռքից փրկել, որ Տէրը Երուսաղէմը փրկի իմ ձեռքից»։ 36Մարդիկ լռեցին եւ պատասխան չտուեցին, որովհետեւ արքան հրաման էր տուել, թէ՝ «Նրան մի՛ պատասխանէք»։ 37Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը եւ Ասափի որդի Յովաքը՝ պատմագիրը, զգեստները պատառոտելով եկան Եզեկիայի մօտ ու հաղորդեցին նրան Ռափսակի ասածները։
19 Երբ Եզեկիան լսեց արքայի պատգամը, պատառոտեց իր զգեստները, քուրձ հագաւ ու մտաւ Տիրոջ տունը։ 2Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին եւ քահանաներից ծերերին քրձեր հագած ուղարկեց Ամոսի որդի Եսայի մարգարէի մօտ, 3որոնք նրան ասացին. «Այսպէս է ասում Եզեկիան. «Այս օրը նեղութեան, կշտամբանքների ու նախատինքի օր է, որովհետեւ երեխաների մայրերը երկունքի մէջ են, սակայն ուժ չունեն ծննդաբերելու։ 4Թերեւս քո Աստուածը լսի Ռափսակի պատգամները, որին իր տէրը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպէսզի անարգի կենդանի Աստծուն, քսու խօսքերով հայհոյի։ Այդ բոլորը լսեց քո Տէր Աստուածը։ Դու կենդանի մնացողներիս համար աղօթի՛ր»։ 5Եզեկիա արքայի ծառաները եկան Եսայի մարգարէի մօտ. Եսային նրանց ասաց. 6«Այսպէ՛ս ասացէք ձեր տիրոջը. այս է ասում Տէրը. «Մի՛ վախեցիր այն խօսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները ինձ հայհոյեցին։ 7Ես նրան այնպիսի մի ոգի կը ներշնչեմ, որ նա մի գոյժ լսելով՝ իր երկիրը կը վերադառնայ, եւ ես սրով նրան կ՚ոչնչացնեմ իր երկրում»։ 8Ռափսակը վերադարձաւ ու տեսաւ, որ Ասորեստանի արքան Ղոբնայի դէմ պատերազմի մէջ է, թէեւ լսել էր, որ նա չուել է Լաքիսից։ 9Նա լսել էր եթովպացիների արքայ Թարակայի մասին. նրան ասել էին, թէ՝ «Նա քո դէմ պատերազմի է ելել»։ Նա այնտեղից վերադարձաւ, դեսպաններ ուղարկեց Եզեկիային՝ ասելով. 10«Այսպէ՛ս ասացէք Յուդայի երկրի արքայ Եզեկիային. «Թող քո Աստուածը, որին ապաւինել ես, քեզ չամբարտաւանացնի՝ մտածելով, թէ Երուսաղէմը Ասորեստանի արքայի ձեռքը չի մատնուի։ 11Դու ինքդ լսել ես, թէ ինչպէս Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիւ երկրներ, իսկ դու պիտի փրկուե՞ս։ 12Միթէ ազգերի աստուածները փրկեցի՞ն Գոզանի, Քառանի, Ռափաթի մարդկանց, ծովեզերքի մօտ բնակուող եդոմացիներին, որոնց ոչնչացրին իմ նախնիները։ 13Ո՞ւր են Եմաթի արքան, Արփաթի արքան, Սեփփարուիմ քաղաքի, Անայի ու Աւայի արքան»։ 14Եզեկիան հրովարտակներն առաւ դեսպանների ձեռքից, ընթերցեց դրանք, ապա գնաց Տիրոջ տուն եւ դրանք բաց վիճակում ցոյց տուեց Տիրոջը։ 15Եզեկիան Տիրոջն աղօթելով՝ ասաց. «Տէ՛ր Աստուած Իսրայէլի, դու, որ նստած ես քերովբէների վրայ, աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ միայն դո՛ւ ես Աստուած, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։ 16Տէ՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խօսքերը, որ մարդ էր ուղարկել նախատելու կենդանի Աստծուն։ 17Արդարեւ, Տէ՛ր, Ասորեստանի թագաւորները ազգեր ու երկրներ ոչնչացրին, 18հրի մատնեցին նրանց աստուածներին, որոնք աստուածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստուած էին մարդկանց ձեռքով, եւ ոչնչացրին դրանց։ 19Արդ, Տէ՛ր Աստուած մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագաւորութիւններն իմանան, որ միայն դո՛ւ ես Տէր Աստուածը»։ 20Ամոսի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ ասելով. «Այսպէս է ասում զօրութիւնների Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Ասորեստանի Սենեքերիմ արքայի մասին ինձ ուղղած աղօթքդ լսեցի։ 21Նրա մասին Տիրոջ ասած խօսքն այս է. « Սիոնի կոյս դուստրը քեզ արհամարհեց, անգոսնեց, Երուսաղէմի դուստրը շարժեց քո դէմ գլուխն իր։ 22Դու ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրայ նախատալից ձայնդ բարձրացրիր, հայեացքդ յառեցիր Իսրայէլի սրբի վրայ։ 23Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով. ՚ Իմ բազմաթիւ կառքերով ես ելայ լեռների բարձունքը՝ Լիբանանի լանջերը, կտրատեցի մեծամեծ եղեւնիներն ու ընտիր նոճիները նրա, հասայ եզրը Կարմելի անտառի, 24փորեցի եւ խմեցի օտար աղբիւրների ջրեր, իմ ոտքի թաթով ցամաքեցրի ջրառատ գետեր»։ 25Միթէ չե՞ս լսել, Սենեքերի՛մ, որ ես դա նախօրօք էի պատրաստել ու հասցրել այն վիճակի, որ պատերազմում, նոյնիսկ պարըսպապատ քաղաքներում գերեվարուածների խմբերը տարանջատուեն, 26այնտեղ բնակուող մարդիկ տկարանան ու զարհուրեն, ամաչեն ու դառնան նման վայրի խոտի, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի եւ լինեն ամէն հասնողի ոտքի կոխան։ 27Ես գիտեմ, թէ դու երբ ես նստում,երբ ես վեր կենում,երբ ես մտնում ու ելնում. 28Գիտեմ նաեւ քո զայրոյթն իմ դէմ։ Քո խռովքը հասել է ականջիս։ Ես կարթ կը գցեմ քո քթին, սանձ կը դնեմ քո բերանին, քեզ յետ կ՚ուղարկեմ այն ճանապարհով, որով եկել ես։ 29Ահա թէ ինչը քեզ համար նշան կը լինի, Եզեկիա՛. այս տարի կ՚ուտես ինքնաբոյս ցորենը, երկրորդ տարին նոյնպէս՝ ինքնաբոյս ցորենը, երրորդ տարին՝ ձեր ցանածը, հնձածն ու այգիների բերքը, դրանց արդիւնքները կ՚ուտէք։ 30Յուդայի երկրում կենդանի մնացածները բազմանալու են, ներքեւից արմատ են արձակելու, վերեւից պտուղ են տալու, 31քանզի Երուսաղէմից են ելնելու կենդանի մնացածները, եւ Սիոն լեռից՝ փրկուածները։ Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութիւնն է դա ի կատար ածելու։ 32Դրա համար այսպէս է ասում Տէրը. ՚ Ասորեստանի արքան չի մտնի այս քաղաքը, նետեր չի արձակի դրա վրայ, քաղաքը չի պաշարի վահաններով, նրա առջեւ հողաթումբ չի կանգնեցնի, 33յետ կը գնայ այն ճանապարհով, որով եկել էր, եւ այս քաղաքը չի մտնի»։ Այսպէս է ասում Տէրը. 34՚ Այս քաղաքը պիտի հովանաւորեմ, որպէսզի այն ազատեմ ինձ ու իմ ծառայ Դաւթի համար»։ 35Երբ որ գիշերը վրայ հասաւ, Տիրոջ հրեշտակը եկաւ եւ Ասորեստանի բանակից հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ առաւօտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են։ 36Ասորեստանի Սենեքերիմ արքան չուեց ու գնաց բնակուեց Նինուէում։ 37Երբ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելէքն ու Սարասարը նրան սրով հարուածեցին եւ Արարատի երկիրը փախան։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ասորդանը։
20 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիւանդացաւ։Նրա մօտ եկաւ Ամոսի որդի Եսայի մարգարէն եւ ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. «Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես»։ 2Եզեկիան երեսը պատի կողմը դարձրեց եւ աղօթեց Տիրոջն՝ ասելով. 3«Ո՜վ Տէր, յիշի՛ր, թէ ինչպէս եմ ես քո առջեւ ճշմարտութեամբ ու հաւատարիմ սրտով ընթացել, քո առջեւ բարին եմ կատարել»։ Եւ Եզեկիան դառնօրէն արտասուեց։ 4Եսային դեռ դուրս չէր եկել գաւթից, երբ նրան հասաւ Տիրոջ խօսքը, որ ասում էր. 5«Յե՛տ դարձիր եւ իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. «Այսպէս է ասում քո նախնի Դաւթի Տէր Աստուածը. ՚ Լսեցի քո աղօթքը եւ տեսայ քո արտասուքը։ Ես, ահա, պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը, 6քո կեանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին ինձ ու իմ ծառայ Դաւթի համար» «»։ 7Եսային ասաց. «Չոր թզե՛ր բերէք»։ Բերեցին, վէրքի վրայ դրեցին, ու նա առողջացաւ։ 8Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչ է նշանակում այն, որ Տէրն ինձ բժշկեց, եւ թէ ինչո՞ւ երրորդ օրը Տիրոջ դուռը պիտի գնամ»։ 9Եսային ասաց. «Դա նշան է Տիրոջ կողմից, որ Տէրն իր խօսքը կը կատարի. արեւի ժամացոյցի ստուերը տասն աստիճան առաջ պիտի շարժուի»։ 10Եզեկիան ասաց. «Ստուերի տասը աստիճան առաջ շարժուելը բնական բան է։ Ո՛չ, այդպէս թող չլինի, ստուերը թող տասն աստիճան յետ դառնայ»։ 11Եսայի մարգարէն դիմեց Տիրոջը, եւ ստուերը տասն աստիճան յետ դարձաւ Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններով։ 12Այդ ժամանակ Բաբելոնի արքան՝ Բաղդանի որդի Մարոդաք Բաղդանը հրովարտակներ ու ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետեւ լսել էր, թէ Եզեկիան հիւանդացել է։ 13Եզեկիան ուրախացաւ դրանց համար եւ նրա դեսպաններին ցոյց տուեց Նաքոթի ամբողջ գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ իւղերը, զինանոցը եւ այն ամէնը, ինչ կար իր գանձատանը։ Եզեկիան իր տանը եւ ամբողջ իշխանութեան մէջ տեղ չթողեց, որ ցոյց չտար նրանց։ 14Եսայի մարգարէն եկաւ Եզեկիա արքայի մօտ ու ասաց նրան. «Ի՞նչ խօսեցին այդ մարդիկ եւ որտեղի՞ց էին եկել քեզ մօտ»։ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել ինձ մօտ»։ 15Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ինչ որ կար իմ տանը եւ իմ գանձատանը, տեսան. ոչ մի բան չկայ իմ տան մէջ եւ իմ գանձատանը, որ նրանց ցոյց տուած չլինեմ»։ 16Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խօսքը. 17«Ահա կը գան օրեր, եւ քո տան մէջ ինչ որ կայ, եւ ինչ որ կուտակել են քո հայրերը մինչեւ այսօր, կը տարուեն Բաբելոն, ոչինչ չի մնայ»։ 18Այս է Տիրոջ ասած խօսքը. «Քո որդիները, որոնք քեզնից են ծնուելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը»։ 19Եզեկիան ասաց Եսայուն. «Բարի է Տիրոջ ասած խօսքը»։ Ապա աւելացրեց. «Միայն թէ խաղաղութիւն ու ապահովութիւն լինի իմ օրերում»։ 20Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործութիւնները, նրա ջրամբարների, ջրմուղի եւ քաղաք հասնող ջրատարի շինարարութիւնը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 21Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Մանասէն։
21 Մանասէն տասներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսունինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Եփսիբա էր։ 2Նա չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, հետեւեց այն ազգերի գարշութեանը, որոնց Տէրը վռնդել էր իսրայէլացիների առջեւից։ 3Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած բարձունքների մեհեանները, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, Աստարոթի կուռքեր կառուցեց, ինչպէս արել էր Իսրայէլի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու պաշտեց դրանք։ 4Նա Տիրոջ տանը զոհասեղան դրեց, թէեւ Տէրն ասել էր. «Երուսաղէմում եմ դնելու իմ աթոռը»։ 5Տիրոջ տան բոլոր սրահներում նա երկնքի բոլոր զօրութիւնների համար զոհասեղաններ պատրաստեց, 6իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայութիւն արեց, թռչուններին նայելով գուշակութիւններ արեց, վհուկներ ու նշանագէտներ պահեց։ Տիրոջ առջեւ շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց նրան։ 7Նա Աստարոթի կուռքերի արձաններ տեղադրեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին, թէ՝ «Իմ անունը յաւիտեան դնելու եմ այս տան մէջ, Իսրայէլի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղէմի մէջ, 8Իսրայէլի ոտքը դուրս պիտի չգայ այս երկրից, որը նրա հայրերին եմ տուել, միայն թէ նրանք իմ բոլոր պատուիրաններն ու իմ ծառայ Մովսէսի պատուիրած բոլոր օրէնքներն զգուշութեամբ կատարեն»։ Սակայն նրանք չլսեցին. 9Մանասէն մոլորեցրեց նրանց, եւ նրանք չարիք գործեցին Տիրոջ առաջ շատ աւելի քան այն ազգերը, որոնց հալածել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։ 10Տէրը խօսելով իր ծառայ մարգարէների միջոցով՝ ասաց. 11«Քանի որ Յուդայի երկրի արքայ Մանասէն այս գարշութիւններն արեց իմ առջեւ, առաւել չարիք գործեց, քան իրենից առաջ եղած ամորհացիներն էին արել իմ առջեւ, իր կուռքերով Յուդայի երկրին մեղանչել տուեց, 12ապա այդ պատճառով այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ, որ ամէն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան։ 13Երուսաղէմը Սամարիայի եւ Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղէմը պիտի ջնջեմ այնպէս, ինչպէս մի ապակէ աման, որ մաքրում ու շուռ են տալիս։ 14Իմ ժողովրդի մնացորդացը պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպէսզի նրանք աւար ու յափշտակութիւն դառնան իրենց բոլոր թշնամիների համար։ 15Այսպէս պիտի վարուեմ, քանի որ իմ առջեւ չարութիւն գործեցին եւ իրենց հայրերին Եգիպտոսից դուրս բերելու օրից մինչեւ այսօր ինձ բարկացնում էին։ 16Մանաւանդ Մանասէն չափազանց շատ անմեղ արիւն թափեց, այնպէս որ Երուսաղէմը ծայրէծայր արեամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջեւ Յուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տուեց»։ 17Մանասէի մնացած գործերը, բոլոր արարքները եւ գործած մեղքերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 18Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց իր տան պարտէզում՝ Օզայի պարտէզում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ամոնը։ 19Ամոնը քսաներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ։ Նա տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Մեսոլոմիթ էր, նա յետեբալցի Արուսի դուստրն էր։ 20Նա իր հայր Մանասէի նման չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, 21գնաց իր հօր ընթացած բոլոր ճանապարհներով, պաշտեց իր հօր պաշտած կուռքերը, երկրպագեց նրանց, 22լքեց իր հայրերի Տէր Աստծուն, չգնաց Տիրոջ ճանապարհներով։ 23Ամոնի ծառաները նրա դէմ դաւ նիւթեցին ու արքային սպանեցին իր տան մէջ, 24իսկ ամբողջ ժողովուրդը կոտորեց բոլոր նրանց, որոնք դաւաճանել էին Ամոն արքային։ Երկրի ժողովուրդը նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Յոսիային։ 25Ամոնի մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 26Ամոնը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտէզում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսիան։
22 Յոսիան ութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեսունմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յեդիդա էր, նա բասուրոթացի Յեդիդայի դուստրն էր։ 2Նա հաւատարիմ գտնուեց Տիրոջ առջեւ, գնաց իր նախնի Դաւթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորուեց։ 3Յուդայի երկրի արքայ Յոսիայի թագաւորութեան տասնութերորդ տարուայ եօթներորդ ամսում արքան Մեսողոմի որդի Եսելիայի որդի Սափանին՝ տան քարտուղարին ուղարկելով՝ ասաց. 4«Գնա՛ Քեղկիա քահանայապետի մօտ եւ նրան ասա՛, որ նա պահապանների՝ ժողովրդից կշռով հաւաքած եւ Տիրոջ տունը բերուած արծաթը հաշուի 5ու յանձնի Տիրոջ տան գործի վրայ նշանակուած գործաւորներին՝ Տիրոջ տան վերակացուներին»։ 6Սրանք Տիրոջ տան քայքայուած մասերը վերականգնելու համար վճարեցին Տիրոջ տան վրայ աշխատող բանուորներին՝ հիւսներին, շինարարներին, ճարտար որմնադիրներին, որպէսզի Տիրոջ տան փլուած մասերը նորոգելու համար ատաղձ ու տաշած քարեր գնեն։ 7Նրանց տրուած արծաթի հաշիւը չէին պահանջում, որովհետեւ նրանք ազնուօրէն էին աշխատում։ 8Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. «Տիրոջ տանը օրէնքի գիրք եմ գտել»։ Քեղկիան գիրքը տուեց Սափանին, 9եւ սա ընթերցեց այն։ Նա արքային լուր տարաւ՝ ասելով. «Քո ծառաները Տիրոջ տանը եղած արծաթը հաւաքեցին եւ Տիրոջ տան վրայ աշխատող բանուորներին յանձնեցին»։ 10Սափան քարտուղարը խօսեց արքայի հետ՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի մատեան է տուել»։ Սափանն այն ընթերցեց արքայի առջեւ։ 11Երբ արքան լսեց օրէնքի գրքի խօսքերը, իր զգեստները պատառոտեց։ 12Պատուէր տուեց արքան Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքէի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին եւ արքայի ծառայ Յասայիային, թէ՝ 13«Գնացէ՛ք եւ ինձ համար, ամբողջ ժողովրդի համար եւ Յուդայի ամբողջ երկրի համար հարցրէ՛ք Տիրոջը այս գտնուած գրքի խօսքերի մասին, որովհետեւ մեզ վրայ Տիրոջ մեծ բարկութիւնն է բորբոքուել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խօսքերին չեն հնազանդուել, չեն գործադրել այդտեղ գրուած բոլոր պատգամները»։ 14Եւ Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը եւ Յասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարէի մօտ։ Նա Երուսաղէմում՝ Մասենայում էր բնակւում։ Նրանք խօսեցին նրա հետ։ 15Օղդան ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ասացէ՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մօտ. 16այսպէս է ասում Տէրը. ՚ Ահա չարիք պիտի բերեմ այդ տեղի եւ բնակիչների վրայ, ինչպէս գրուած է Յուդայի երկրի արքայի կարդացած մատեանում։ 17Այս ամէնը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստուածներին, որպէսզի իրենց ձեռնարկած բոլոր գործերով ինձ բարկացնեն, եւ բորբոքուի իմ բարկութիւնը այդ տեղի վրայ եւ չմեղմանայ»։ 18Տիրոջը հարց տալու համար ձեզ ուղարկած Յուդայի երկրի արքային ա՛յս ասացէք. ՚ Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. 19՛՛Քո լսած խօսքերի իմաստը այս է. քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնուեցիր Տիրոջ առջեւ, երբ լսեցիր, թէ ինչ է ասուել Երուսաղէմի եւ նրա բնակիչների մասին, թէ լինելու է աւերածութիւն ու անէծք, եւ պատառոտեցիր քո զգեստները, լաց եղար իմ առջեւ, իսկ ես լսեցի այդ, ուստի Տէրն ասում է. 20՚ Դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը, դու թաղուելու ես քո տեղում՝ Երուսաղէմում, եւ քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղէմի վրայ՛՛»«»։
23 Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մօտ հաւաքեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր ծերերին, գնաց Տիրոջ տուն։ 2Յուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարէները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նրա հետ էին։ Նա նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տան մէջ գտնուած ուխտի մատեանի բոլոր խօսքերը։ 3Արքան կանգնեց սեան մօտ եւ Տիրոջ առջեւ ուխտ դրեց, որ կ՚ընթանայ Տիրոջ ճանապարհով, ամբողջ հոգով ու էութեամբ կը պահի նրա պատուիրանները, վկայութիւններն ու կանոնները, կը կատարի այդ մատեանում գրուած ուխտի պատգամները։ Եւ ամբողջ ժողովուրդը ուխտ արեց։ 4Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարոթի կուռքերի եւ երկնքի զօրութեան համար պատրաստուած իրերը։ Դրանք այրեց Երուսաղէմից դուրս գտնուող Կեդրոնի դաշտում եւ դրանց մոխիրը տարաւ Բեթէլ։ 5Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Յուդայի երկրի արքաները, որովհետեւ նրանք բարձունքների մեհեաններում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներում ու Երուսաղէմի շուրջը խունկ էին ծխում, ինչպէս նաեւ արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ամբողջ զօրութեանը խնկարկողներին, 6Տիրոջ տնից հանելով եւ Երուսաղէմից դուրս բերելով Կեդրոնի հեղեղատում այրեց Աստարոթի կուռքերը, փոշու վերածեց եւ նրանց մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրայ ցանեց։ 7Տիրոջ տան մօտ գտնուող սոդոմականների տունը քանդեց, ուր կանայք Աստարոթի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։ 8Նա բոլոր քրմերին հանեց Յուդայի երկրի քաղաքներից, Գաբաայից մինչեւ Բերսաբէէ քարուքանդ արեց բարձունքների մեհեանները, ուր քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Յեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնուող տունը։ 9Բարձունքների մեհեանների քրմերն այլեւս Երուսաղէմում գտնուող Տիրոջ զոհասեղանին չէին մօտենում, այլ բաղարջ հաց էին ուտում իրենց եղբայրների շրջանում։ 10Նա քարուքանդ արեց ենոմացիների ձորում գտնուող Թոփոթը, որպէսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։ 11Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մօտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մօտ գտնուող այն ձիերը, որ Յուդայի երկրի արքան նուիրել էր արեգակին. արեգակին նուիրուած մարտակառքերը հրի մատնեցին։ 12Վերնատների տանիքների վրայ Յուդայի երկրի թագաւորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասէի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց եւ նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։ 13Երուսաղէմի դիմաց, Մոսաթի լերան աջ կողմում գտնուող տունը, որ Սողոմոն արքան էր շինել ի պատիւ սիդոնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի եւ ամոնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։ 14Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց Աստարոթի կուռքերը եւ նրանց տեղում մարդկանց ոսկորներ լցրեց։ 15Բեթէլի բարձունքում գտնուող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամը, այս բարձր զոհասեղանը եւս կործանեց, նրա քարերը ջարդուփշուր անելով փոշու վերածեց, Աստարոթի կուռքերը այրեց։ 16Յոսիան հայեացքը շուռ տուեց ու տեսաւ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրայ այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խօսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Յերոբովամը տօնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մօտ։ Նա աչքերը յառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խօսել էր այս բաների մասին, 17եւ ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ»։ Քաղաքի մարդիկ ասացին. «Աստծու մարդու գերեզմանն է, որ եկաւ Յուդայի երկրից եւ Բեթէլի այս զոհասեղանի մասին այդ բաներն ասաց»։ 18Յոսիան ասաց. «Ձեռք մի՛ տուէք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»։ Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարէի ոսկորների հետ էին թաղուած։ 19Բարձունքների բոլոր մեհեանները, որոնք Իսրայէլի թագաւորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայէլի արքայ Յոսիան քանդեց եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս Բեթէլում էր արել։ 20Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնւում էին զոհասեղանների մօտ, դրանց վրայ էլ այրեց մարդկանց ոսկորները եւ դրանից յետոյ վերադարձաւ Երուսաղէմ։ 21Արքան պատուիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարեցէ՛ք մեր Տէր Աստծու զատիկը, ինչպէս որ գրուած է այս ուխտի մատեանում»։ 22Իսրայէլը ղեկավարող դատաւորների օրերից սկսած, Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների օրօք նման զատիկ չէր եղել։ 23Յոսիա արքայի թագաւորութեան տասնութերորդ տարում էր միայն, որ Երուսաղէմում կատարեցին Տիրոջ զատիկը։ 24Յոսիան վերացրեց վհուկներին, նշանագէտներին, մեռելահարցուկներին, կուռքերը եւ Յուդայի երկրում ու Երուսաղէմում եղած ամէն տեսակ գարշութիւնները, որպէսզի հաստատի օրէնքի գրքի այն խօսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատեանում էին գրուած։ 25Նրանից առաջ նման մի թագաւոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զօրութեամբ, հնազանդուելով Մովսէսի բոլոր օրէնքներին, հակուէր դէպի Տէրը։ 26Ոչ էլ նրանից յետոյ եղաւ նրա նմանը։ Մանասէի կատարած չար գործերի պատճառով Յուդայի երկրի հանդէպ Տիրոջ մէջ բորբոքուած սաստիկ զայրոյթը, սակայն, չմեղմացաւ, 27ուստի Տէրն ասաց. «Յուդայի երկիրն էլ իմ երեսից պիտի մերժեմ, ինչպէս մերժեցի Իսրայէլը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղէմը, եւ այդ տունը, որի համար ասել եմ, թէ՝ «Իմ անունը նրա վրայ պիտի լինի»։ 28Յոսիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 29Այդ օրերին Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը Եփրատ գետի մօտ յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ։ Յոսիա արքան նրան ընդառաջ գնաց, եւ երբ Նեքաւովը տեսաւ նրան, սպանեց նրան Մակեդովում։ 30Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանում։Երկրի ժողովուրդը Յոսիայի որդի Յովաքազին բերեց, օծեց նրան եւ նրա հօր փոխարէն թագաւոր նստեցրեց։ 31Քսաներեք տարեկան էր Յովաքազը, որ թագաւոր դարձաւ։ Նա երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամիտալ էր։ Նա լոբնացի Երեմիայի դուստրն էր։ 32Յովաքազը չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հայրերի ամէն տեսակ վատ արարքները։ 33Նեքաւով փարաւոնը նրան գերեվարելով փոխադրեց Ռեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագաւորութեանը։ Երուսաղէմում Նեքաւով փարաւոնը հարիւր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրայ։ 34Փարաւոն Նեքաւովը Իսրայէլի վրայ թագաւոր նստեցրեց Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Եղիակիմին իր հօր՝ Յոսիայի փոխարէն, նրա անունը փոխելով՝ Յովակիմ դրեց, իսկ Յովաքազին առաւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ։ 35Յովակիմն արծաթն ու ոսկին տալիս էր փարաւոնին, սակայն փարաւոնի պահանջածի չափով արծաթ վճարելու համար երկրի վրայ հարկ դրեց։ Երկրի մարդկանցից ամէն մէկից նա իր սահմանած հարկի համեմատ արծաթ ու ոսկի էր վերցնում, որպէսզի տայ Նեքաւով փարաւոնին։ 36Յովակիմը քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ելդափ էր։ Նա ռոմայեցի Յեդդելայի դուստրն էր։ 37Նա Տիրոջ առջեւ գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։
24 Յովակիմի օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան ելաւ կռուի։ Յովակիմը երեք տարի նրան հպատակ եղաւ, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ։ 2Տէրը Յովակիմի դէմ ուղարկեց քաղդէացիների, ասորիների, մովաբացիների եւ ամոնացիների կողոպտիչ զօրքը։ Նա նրանց Հրէաստանի դէմ ուղարկեց, որպէսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպէս ասել էր Տէրը իր մարգարէների միջոցով։ 3Տէրը բարկացել էր Յուդայի երկրի վրայ, իրենից հեռու վանել նրան Մանասէի կատարած մեղքերի պատճառով, այն անմեղ արեան համար, որ նա թափել էր 4ու Երուսաղէմը լցրել այդ անմեղ արեամբ։ Տէրը չուզեց ներել նրան։ 5Յովակիմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 6Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաքիմը։ 7Եգիպտոսի փարաւոնն այլեւս իր երկրից դուրս չեկաւ, որովհետեւ Բաբելոնի արքան գրաւել էր Եգիպտոսի հեղեղատից մինչեւ Եփրատ գետը, այն ամէնը, ինչ պատկանում էր Եգիպտոսի արքային։ 8Յովաքիմը տասնութ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Նեսթա էր, նա երուսաղէմացի Ելամաթի դուստրն էր։ 9Յովաքիմը չարիք գործեց Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հօր արարքները։ 10Այդ ժամանակ Երուսաղէմի դէմ ելաւ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, եկաւ ու պաշարեց քաղաքը։ 11Բաբելացիների արքան Երուսաղէմ քաղաքը եկաւ, երբ նրա զօրականները պաշարուած վիճակում էին պահում այն։ 12Այն ժամանակ Յուդայի երկրի արքայ Յովաքիմը, իր զօրականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մօտ, եւ բաբելացիների արքան իր թագաւորութեան ութերորդ տարում գերեվարեց նրանց։ 13Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագաւորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկէ անօթները, որ Իսրայէլի Սողոմոն արքան պատրաստել էր տուել Տիրոջ տաճարի համար, ինչպէս ասել էր Տէրը։ 14Ամբողջ Երուսաղէմը, բոլոր իշխաններին ու հզօր մարդկանց՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հիւսներին ու դարբիններին տարաւ։ Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։ 15Նա Յովաքիմին, թագաւորի մօրը, նրա կանանց ու ներքինիներին, երկրի ուժեղ մարդկանց Երուսաղէմից տարաւ Բաբելոն, գերութեան։ 16Բաբելացիների արքան բոլոր եօթը հազար հզօր մարդկանց, հազար հիւսների ու դարբինների՝ ամէնքն էլ կտրիճ պատերազմիկներ, գերութեան տարաւ Բաբելոն։ 17Բաբելացիների արքան նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, եւ անունը դրեց Սեդեկիա։ 18Սեդեկիան քսանմէկ տարեկան էր, որ դարձաւ թագաւոր, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամատել էր։ Նա ղոբնացի Երեմիայի դուստրն էր։ 19Սեդեկիան Տիրոջ առջեւ չարիք գործեց, ինչպէս արել էր Յովաքիմը։ 20Տէրը բարկացել էր Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ այն սատիճան, որ Տէրը նրանցից երես թեքեց։ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ։
25 Այնպէս պատահեց, որ իր թագաւորութեան իններորդ տարուայ տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմի դէմ, նրա շուրջը բանակ դրեց եւ պարիսպ բարձրացրեց։ 2Քաղաքը պաշարուեց մինչեւ Սեդեկիա արքայի թագաւորութեան տասնմէկերորդ տարուայ 3իններորդ ամիսը։ Քաղաքում սովը սաստկացաւ, եւ երկրի ժողովուրդը հաց չունէր։ 4Քաղաքի պարսպի մէջ ճեղք բացուեց, եւ բոլոր պատերազմիկները գիշերը փախան պարիսպների միջեւ գտնուող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտէզի մօտ էր։ Քաղդէացիները քաղաքը շրջապատել էին։ Թագաւորը գնաց Արաբա դաշտը տանող ճանապարհով։ 5Երբ քաղդէացիների զօրքը տեսաւ այդ, ընկաւ թագաւորի յետեւից եւ նրան հասաւ Երիքովի Արաբոթ վայրում։ Նրա ամբողջ զօրքը նրանից հեռացաւ։ 6Բռնեցին թագաւորին ու բերեցին Բաբելոնի արքայի մօտ, Ռեբղաթա, եւ արքան նրա դատաստանն արեց։ 7Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ շղթայակապ տարաւ Բաբելոն։ 8Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարուայ հինգերորդ ամսի եօթներորդ օրը Բաբելոնի արքայի ծառայ Նաբուզարդան դահճապետը եկաւ Երուսաղէմ, 9այրեց Տիրոջ տունը, թագաւորի տունը, Երուսաղէմի բոլոր տները եւ ամէն ինչ կրակի մատնեց։ 10Դահճապետի հետ եկած քաղդէացիների բոլոր զինուորները Երուսաղէմի պարիսպը շուրջանակի քանդեցին։ 11Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային յանձնուելիք փախստականներին եւ մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարաւ։ 12Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպէսզի սրանք զբաղուեն այգեգործութեամբ ու երկրագործութեամբ։ 13Քաղդէացիները Տիրոջ տան երկու պղնձէ սիւները, պատուանդաններն ու պղնձէ աւազանը, որը Տիրոջ տան մէջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։ 14Ամաններն ու կաթսաները, տաշտերն ու խնկամանները եւ բոլոր պղնձէ անօթները, որոնցով սպասաւորութիւն էին անում, տարան։ 15Դահճապետը վերցրեց արծաթէ ու ոսկէ բուրվառներն ու ափսէները, 16ինչպէս նաեւ երկու սիւները եւ մի աւազանն ու պատուանդանները, որ Սողոմոնն էր դրել Տիրոջ տանը։ 17Այս բոլոր պղնձէ անօթներին կշիռ չկար։ Մի սիւնը տասնութ կանգուն բարձրութիւն ունէր, վրան պղնձէ խոյակ կար, եւ մի խոյակի բարձրութիւնը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձեւ զարդեր կային խոյակի վրայ, շուրջանակի, ամբողջովին պղնձէ։ Նոյնօրինակ վանդակի զարդեր կային նաեւ երկրորդ սիւնի վրայ։ 18Դահճապետն առաւ Սարայա քահանայապետին, նրա օգնական Սոփոնիա քահանային, 19կշեռքի երեք պահապաններին, քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց զօրագլուխն էր, արքայի առջեւ կանգնող խորհրդականներից հինգ հոգու, որոնք քաղաքում էին գտնւում, զօրքի քարտուղար իշխանին, որը զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ երկրի ժողովրդից եօթը այլ մարդկանց, որոնք քաղաքում էին գտնւում։ 20Նաբուզարդան դահճապետը նրանց առաւ տարաւ Ռեբղաթա, Բաբելոնի արքայի մօտ։ 21Բաբելոնի արքան հարուածելով սպանեց նրանց Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում։ Այսպիսով Յուդայի բնակիչները իրենց երկրից գերեվարուեցին։ 22Յուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը թողեց եւ նրանց վրայ կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։ 23Երբ զօրքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, ապա Գոդողիայի մօտ, Մասեփա եկան Նաթանիայի որդի Իսմայէլը, Կարէի որդի Յովնանը, սոփաթացի Թանայէմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Յեզոնիան։ Եկան թէ՛ իրենք, թէ՛ իրենց մարդիկ։ 24Գոդողիան ինքն ու իր մարդիկ երդուեցին, եւ նա ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի ասպատակներից, նստեցէ՛ք ձեր երկրում, ծառայեցէ՛ք Բաբելոնի արքային, եւ ձեզ համար լաւ կը լինի»։ 25Այնպէս պատահեց, սակայն, որ եօթներորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայէլը, որը թագաւորական ընտանիքից էր, տասը մարդով եկաւ, խփեց Գոդողիային, եւ սա մեռաւ։ Նա սպանեց նաեւ Մասեփայում նրա մօտ գտնուող հրեաներին ու քաղդէացիներին։ 26Ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նաեւ զօրքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետեւ վախենում էին քաղդէացիներից։ 27Յուդայի երկրի արքայ Յովաքիմի գերութեան երեսունեօթներորդ տարուայ տասներկուերորդ ամսի քսանեօթներորդ օրը Բաբելոնի Եւիլմարոդաք արքան իր թագաւորութեան առաջին տարում շնորհ արեց Յուդայի երկրի Յովաքիմ արքային, նրան հանեց բանտից, 28քաղցրութեամբ խօսեց նրա հետ, նրա աթոռը Բաբելոնում իր մօտ գտնուող այլ թագաւորների աթոռից բարձր դրեց։ 29Նրա բանտային հագուստները փոխեց, եւ Յովաքիմը միշտ նրա հետ էր հաց ուտում։ 30Յովաքիմի ապրուստի միջոցները, որպէս հանապազօրեայ ապրուստի միջոցներ, նրան տրւում էին արքայական տնից ամէն օր մինչեւ նրա կեանքի վերջը։