Ղուկաս
1 Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարուած դէպքերի պատմութիւնը, 2ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան, 3ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ, 4որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր։ 5Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրով, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանայ կար, որի կինը Ահարոնի դստրերից էր. նրա անունը Եղիսաբեթ էր։ 6Եւ երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով։ 7Նրանք որդի չունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր, եւ երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին։ 8Եւ մինչ Զաքարիան Աստծու առջեւ իր քահանայական պաշտօնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 9ըստ քահանայութեան օրէնքի նրան վիճակուեց մտնել Տիրոջ տաճարը եւ խնկարկել։ 10Եւ խնկարկութեան ժամին ժողովրդի ամբողջ բազմութիւնը դրսում աղօթքի էր կանգնած։ 11Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած։ 12Երբ Զաքարիան նրան տեսաւ, խռովուեց, եւ վախ ընկաւ նրա մէջ։ 13Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետեւ քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբեթը, մի որդի կը ծնի քեզ, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես։ 14Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կը լինի, եւ շատերը կ՚ուրախանան իր ծննդով, 15որովհետեւ նա Տիրոջ առաջ մեծ կը լինի, գինի եւ օղի չի խմի եւ մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի 16եւ Իսրայէլի որդիներից շատերին կը դարձնի դէպի իրենց Տէր Աստուածը։ 17Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ 18Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կ՚իմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, եւ կինս էլ առաջացած տարիքում է»։ 19Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկուեցի խօսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ աւետելու։ 20Եւ ահա՛, դու համր կը լինես եւ չես կարողանայ խօսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարուի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կ՚իրականան իրենց ժամանակին»։ 21Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ 22Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կարողանում խօսել նրանց հետ։ Եւ նրանք իմացան, թէ տաճարում տեսիլք էր տեսել. եւ նա նշանացի էր խօսում նրանց հետ ու մնում էր պապանձուած։ 23Եւ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ 24Այդ օրերից յետոյ նրա կինը՝ Եղիսաբեթը յղիացաւ։ Հինգ ամիս նա թաքցնում էր ինքն իրեն եւ ասում. 25«Այս ի՛նչ բան արեց Տէրը ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրայ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։ 26Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ 28Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։ 29Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը։ 30Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ 31Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ 32Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, 33ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։ 34Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ 35Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։ 36Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»։ 38Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։ Եւ հրեշտակը հեռացաւ նրանից։ 39Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց։ 41Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»։ 46Եւ Մարիամն ասաց. 47Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը։ 48Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց. 49եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ։ 50Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում։ 51Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի»։ 52Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մէջ չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի»։ 53Նշանացի ակնարկեցին նրա հօրը, թէ ի՛նչ կը կամենայ նրան կոչել։ 54Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է»։ Եւ բոլորը զարմացան։ 55Եւ իսկոյն նրա բերանը բացուեց ու նրա լեզուն՝ նոյնպէս. եւ խօսում էր ու օրհնում Աստծուն։ 56Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը։ Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին։ 57Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը եւ ասում էին. «Արդեօք ի՞նչ կը լինի այս մանուկը»։ Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ 58Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարէացաւ եւ ասաց. 59Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում՝ մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը։
2 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ 6Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։ 8Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։ 9Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ 10Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է։ 12Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»։ 13Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. 14«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»։ 15Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»։ 16Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած մանկանը։ 17Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին։ 18Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւները ասացին իրենց։ 19Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում։ 20Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր։ 21Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում։ 22Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, 23ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»։ 24Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ։ 25Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ։ 26Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին։ 27Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, 28Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. 29Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին։ 30Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան՝ հակառակութեան։ 31Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»։ 32Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից։ 33Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։ 34Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում։ 35Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարէթ։ 36Եւ մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին։ 37Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում։ 38Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան։ 39Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան։ 40Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ։ 41Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար։ 42Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս։ 43Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ։ 44Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»։ 45Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»։ 46Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց։ 47Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց։ Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ 48Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով եւ շնորհով Աստծու ու մարդկանց առջեւ։
3 Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, եւ Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, եւ նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2եւ Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով, Աստծու խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում։ 3Եւ նա եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար, 4ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգամների գրքում. 5Եւ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտուելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է։ 6Այսուհետեւ ապաշխարութեան արժանի պտուղներ տուէ՛ք եւ մի՛ սկսէք ասել, թէ Աբրահամին ունենք իբրեւ հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։ 7Բայց ահաւասիկ կացինը ծառերի արմատի վրայ է. ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում»։ 8Ժողովուրդը նրան հարցնում էր եւ ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ 9Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, որ չունի, եւ ով որ ուտելիք ունի, նոյն ձեւով թող անի»։ 10Մաքսաւորներն էլ եկան մկրտուելու եւ հարցրին նրան. «Վարդապե՛տ, մե՛նք ինչ անենք»։ 11Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայուածներից աւելին մի՛ վերցրէք»։ 12Զինուորները նոյնպէս հարցնում էին նրան. «Իսկ մե՛նք ինչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղէք, ոչ ոքի մի՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»։ 13Ժողովուրդը սպասման մէջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ միթէ սա՞ է Քրիստոսը։ 14Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով եւ հրով. 15նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։ 16Նա շատ ուրիշ մխիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին։ 17Բայց Հերովդէս չորրորդապետը, յանդիմանուած լինելով Յովհաննէսի կողմից, իր եղբօր կնոջ՝ Հերովդիայի պատճառով եւ այն բոլոր չարիքների համար, որ Հերովդէսը գործել էր, 18այդ բոլորի վրայ աւելացրեց եւ այն, որ Յովհաննէսին բանտարկեց։ 19Եւ ամբողջ ժողովրդի մկրտուելուց յետոյ, Յիսուս եւս մկրտուեց ու երբ աղօթքի կանգնեց, երկինքը բացուեց, 20եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի իջաւ նրա վրայ. եւ երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։ 21Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը։ Եւ, ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Հեղիի, եւ սա՝ Մատաթէի, 22եւ սա՝ Ղեւիի, եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Յաննէի, եւ սա՝ Յովսէփի, 23եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ամոսի, եւ սա՝ Նաւումի, եւ սա՝ Էսղիի, եւ սա՝ Նանգէի, 24եւ սա՝ Մաաթի, եւ սա՝ Մատաթէի, եւ սա՝ Սեմէիի, եւ սա՝ Յոսէքէի, եւ սա՝ Յոդայի, 25եւ սա՝ Յովնանէի, եւ սա՝ Րէսայի, եւ սա՝ Զորոբաբէլի, եւ սա՝ Սաղաթիէլի, եւ սա՝ Ներիի, 26եւ սա՝ Մեղքիի, եւ սա՝ Ադդէի, եւ սա՝ Կոսամի, եւ սա՝ Ելմոդադի, եւ սա՝ Երէի, 27եւ սա՝ Յեսուի, եւ սա՝ Եղիազարի, եւ սա՝ Յորամի, եւ սա՝ Մատթէի, եւ սա՝ Ղեւիի, 28եւ սա՝ Սիմէոնի, եւ սա՝ Յուդայի, եւ սա՝ Յովսէփի, եւ սա՝ Յովնամի, եւ սա՝ Եղիակիմի, 29եւ սա՝ Մելլէի, եւ սա՝ Մեննէի, եւ սա՝ Մատտաթայի, եւ սա՝ Նաթանի, եւ սա՝ Դաւթի, 30եւ սա՝ Յեսսէի, եւ սա՝ Օբէդի, եւ սա՝ Բոոսի, եւ սա՝ Սաղմանի, եւ սա՝ Նաասոնի, 31եւ սա՝ Ամինադաբի, եւ սա՝ Արամի, եւ սա՝ Ադմէի, եւ սա՝ Առնէի, եւ սա՝ Եսրոնի, եւ սա՝ Փարէսի, եւ սա՝ Յուդայի, 32եւ սա՝ Յակոբի, եւ սա՝ Իսահակի, եւ սա, Աբրահամի, եւ սա՝ Թարայի, եւ սա՝ Նաքորի, 33եւ սա՝ Սերուգի, եւ սա՝ Ռագաւի, եւ սա՝ Փաղեկի, եւ սա՝ Եբերի, եւ սա՝ Սաղայի, 34եւ սա՝ Կայնանի, եւ սա՝ Արփաքսադի, եւ սա՝ Սէմի, եւ սա՝ Նոյի, եւ սա՝ Ղամէքի, 35եւ սա՝ Մաթուսաղայի, եւ սա՝ Ենոքի, եւ սա՝ Յարեդի, եւ սա՝ Մաղաղայէլի, եւ սա՝ Կայնանի, 36եւ սա՝ Ենոսի, եւ սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստծու։
4 Եւ Յիսուս Սուրբ Հոգով լի վերադարձաւ Յորդանանից. եւ Հոգով անապատ առաջնորդուեց 2ու քառասուն օր փորձուեց սատանայից։ Չկերաւ եւ չխմեց այն օրերին. եւ երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց։ 3Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»։ 4Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Գրուած է. «Միայն հացով չէ, որ կ՚ապրի մարդ, այլ՝ Աստծու ամէն խօսքով»։ 5Եւ սատանան տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկեանում նրան ցոյց տուեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները։ 6Եւ սատանան նրան ասաց. «Քեզ կը տամ այս ամբողջ իշխանութիւնը եւ սրանց փառքը, որովհետեւ ինձ է տրուած, եւ ում որ կամենամ, կը տամ այն։ 7Արդ, եթէ դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կը լինի»։ 8Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Գրուած է. «Քո Տէր Աստծո՛ւն պիտի երկրպագես եւ նրա՛ն միայն պիտի պաշտես»։ 9Եւ տարաւ նրան Երուսաղէմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, 10որովհետեւ գրուած է. «Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, որ քեզ պահեն. 11եւ իրենց ձեռքերի վրայ կը բռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»։ 12Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Ասուած է. «Քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 13Եւ սատանան կատարած լինելով բոլոր փորձութիւնները՝ նրանից միառժամանակ հեռու մնաց։ 14Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց։ 15Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից։ 16Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ։ 17Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18«Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»։ 20Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռուած։ 21Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»։ 22Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»։ 23Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ՚ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»։ Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ, քո գաւառում»։ 24Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում։ 25Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ։ 26Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում։ 27Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»։ 28Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. 29եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն։ 30Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց։ 31Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց։ 32Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը լի էր հեղինակութեամբ։ 33Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34«Թո՛ղ տուր մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»։ 35Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»։ Դեւը մէջտեղում գետին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան։ 36Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»։ 37Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում։ 38Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը։ 39Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր։ Նրա համար Յիսուսին աղաչեցին։ 40Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան։ Հիւանդը անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց։ 41Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէսպէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում ու նրանց բժշկում։ 42Շատերի միջից դեւեր էլ էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դո՛ւ ես Աստծու Որդին»։ Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետեւ գիտէին, թէ նա Քրիստոսն է։ 43Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտռում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից։ 44Եւ նա նրանց ասաց. «Աստծու արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»։ 45Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում։
5 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին։ 2Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում։ 3Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին։ 4Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»։ 5Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»։ 6Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին։ 7Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն։ Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան։ 8Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»։ 11Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին։ 12Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 13Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից։ 14Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, - ասաց, - դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»։ 15Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու։ 16Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում։ 17Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր։ 18Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։ 19Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ։ 20Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»։ 21Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»։ 22Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր։ 24Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ 25Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն։ 26Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն։ Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։ 27Դրանից յետոյ, դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը մաքսատանը նստած՝ գործի վրայ էր։ Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւից արի՛»։ 28Եւ նա թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից։ 29Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ 30Փարիսեցիները եւ օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»։ 31Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին։ 32Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»։ 33Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտները ուտում են ու խմում»։ 34Եւ նա ասաց նրանց. «Միթէ կարո՞ղ էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է։ 35Կը գան օրեր, երբ որ փեսան նրանցից կը վերցուի, ապա այդ օրերին ծոմ կը պահեն»։ 36Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ։ 37Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան։ 38Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն։ 39Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»։
6 Առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում իրենց ափի մէջ եւ ուտում։ 2Եւ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ օրինաւոր չէ անել շաբաթ օրով»։ 3Յիսուս նրանց պատասխանեց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ նրա հետ էին. 4թէ ինչպէս նա մտաւ Աստծու տունը, կերաւ առաջաւորութեան հացը եւ տուեց նրանց, որ իր հետ էին. մինչդեռ, բացի քահանայապետներից, ոչ ոքի չէր թոյլատրուած ուտել այն»։ 5Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարդու Որդին նաեւ շաբա՛թ օրուայ տէրն է»։ 6Եւ մի ուրիշ շաբաթ օր նա մտաւ ժողովարան եւ ուսուցանում էր. եւ այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը չորացած էր։ 7Օրէնսգէտներն ու փարիսեցիները հետեւում էին՝ տեսնելու, թէ արդեօք շաբաթ օրը կը բժշկի՞. որպէսզի նրան ամբաստանելու համար բան գտնեն։ 8Եւ նա գիտէր նրանց մտածումները։ Չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»։ Նա վեր կացաւ կանգնեց։ 9Յիսուս նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրը ի՞նչ բան է օրինաւոր անել՝ բարի՞ գործ անել, թէ՞՝ չար գործ, մի հոգի՞ փրկել, թէ՞ կորստեան մատնել»։ 10Եւ իր շուրջը բոլորի վրայ զայրագին նայելով՝ ասաց նրան. «Ձեռքդ երկարի՛ր». եւ նա երկարեց, եւ նրա չորացած ձեռքը առողջացաւ միւսի նման։ 11Նրանք լցուեցին կատաղութեամբ եւ միմեանց հետ խօսում էին, թէ ի՛նչ անեն Յիսուսին։ 12Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով։ 13Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ։ 17Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից։ Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին։ 19Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին։ 20Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. 21- Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է։ 22- Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան։ 23- Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն։ 24- Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ 25Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հանդէպ։ 26- Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք։ 27- Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք։ 28- Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք։ 29- Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում։ 30«Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում էք ինձ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարութի՛ւն արէք. 31օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք։ 32Ով խփում է քո ծնօտին, նրան մի՛ւսն էլ մօտեցրու. եւ ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ։ 33Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, եւ ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր։ 34Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց։ 35Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են սիրում իրենց սիրողներին։ 36Եւ եթէ ձեր բարերարներին բարութիւն անէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ նոյնն են անում։ 37Եւ եթէ փոխ էք տալիս նրանց, որոնցից յետ առնելու ակնկալութիւն ունէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են փոխ տալիս մեղաւորներին, որպէսզի նոյն չափով յետ առնեն։ 38Բայց դուք սիրեցէ՛ք ձեր թշնամիներին եւ բարութի՛ւն արէք ձեզ ատողներին ու փո՛խ տուէք նրան, ումից յետ առնելու ակնկալութիւն չունէք։ Եւ ձեր վարձը շատ կը լինի, եւ դուք Բարձրեալի որդիները կը լինէք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդէպ։ 39Գթասի՛րտ եղէք, ինչպէս որ ձեր Հայրը գթասիրտ է»։ 40«Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, մի՛ դատապարտէք, եւ չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք, եւ ներում պիտի գտնէք Աստծուց, 41տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում էք, նո՛ւյն չափով պիտի չափուի ձեզ համար»։ 42Նրանց մի առակ էլ ասաց. «Միթէ կարո՞ղ է կոյրը կոյրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կ՚ընկնեն։ 43Աշակերտը մեծ չէ, քան իր վարդապետը. ամէն կատարեալ աշակերտ իր վարդապետի պէս կը լինի։ 44Ինչո՞ւ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում։ 45Եւ կամ՝ ինչպէ՞ս կարող ես եղբօրդ ասել՝ եղբա՛յր, թող որ քո աչքից այդ շիւղը հանեմ, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծաւո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր եւ ապա լաւ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»։ 46«Որովհետեւ չկայ բարի ծառ, որ չար պտուղ տայ. եւ դարձեալ՝ չկայ չար ծառ, որ բարի պտուղ տայ. 47որովհետեւ իւրաքանչիւր ծառ իր պտղից է ճանաչւում։ Փշերից թուզ չեն քաղում եւ ոչ էլ մորենուց՝ խաղող։ 48Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. որովհետեւ սրտի աւելցուկից է, որ խօսում է նրա բերանը»։ 49«Ինչո՞ւ ինձ «Տէ՛ր, Տէ՛ր» էք կոչում, իսկ ինչ ասում եմ՝ չէք անում։ 50Ամէն մարդ, որ ինձ է գալիս եւ լսում է իմ խօսքերն ու կատարում դրանք, ձեզ ցոյց տամ, թէ ում է նման։ 51Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրայ. եւ երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը եւ չկարողացաւ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած։ 52Իսկ ով իմ խօսքերը լսում է եւ չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրայ առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, եւ այն իսկոյն փուլ եկաւ, եւ այդ տան կործանումը մեծ եղաւ»։
7 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ։ 2Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր։ 3Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային։ 4Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»։ 6Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի. 8որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»։ 9Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»։ 10Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած։ 11Հետեւեալ օրը Յիսուս գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաեւ իր աշակերտները եւ բազում ժողովուրդ։ 12Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել, միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր. եւ քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց. «Մի՛ լար»։ 14Մօտենալով՝ դագաղին դիպաւ։ Դագաղը տանողները կանգ առան։ Եւ նա ասաց. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ 15Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել։ Եւ Յիսուս նրան մօրը տուեց։ 16Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Մի մեծ մարգարէ է յայտնուել մեր մէջ», եւ՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»։ 17Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում եւ երկրի բոլոր կողմերում։ 18Եւ Յովհաննէսին այս բոլորի մասին պատմեցին իր աշակերտները։ 19Եւ Յովհաննէսն իր աշակերտներից մի երկուսին իր մօտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մօտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 20Եւ այդ մարդիկ գալով նրա մօտ՝ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մօտ եւ ասում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 21Եւ նոյն ժամին նա շատերին բժշկեց հիւանդութիւններից, ցաւերի հարուածներից, չար ոգիներից եւ բազմաթիւ կոյրերի տեսողութիւն շնորհեց։ 22Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. 23եւ երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի»։ 24Եւ երբ Յովհաննէսի պատգամաւորները գնացին, նա սկսեց ժողովրդին խօսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժուող մի եղէ՞գ։ 25Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարուած մի մա՞րդ. ահաւասիկ նրանք, որ փառաւոր զգեստներով են եւ փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են լինում։ 26Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ, առաւել քան մի մարգարէ. 27որովհետեւ Յովհաննէսը նա է, որի մասին գրուած է. «Ահա քո առաջից ուղարկում եմ իմ պատգամաւորին, որպէսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ չկայ աւելի մեծ մարգարէ, քան Յովհաննէսը. բայց Աստծու արքայութեան մէջ ամենափոքրը աւելի մեծ է, քան թէ նա»։ 29Եւ երբ ամբողջ ժողովուրդը լսեց, նոյնպէս եւ մաքսաւորները, ընդունեցին Աստծու արդարութիւնը՝ մկրտուելով Յովհաննէսի մկրտութեամբ։ 30Իսկ փարիսեցիները եւ օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին։ 31«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, եւ ո՞ւմ են նման։ 32Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս միմեանց եւ ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, եւ չպարեցիք. ողբ ասացինք, եւ դուք լաց չեղաք»։ 33Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում եւ չէր խմում. եւ դուք ասացիք՝ նրա մէջ դեւ կայ։ 34Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ դուք ասում էք. «Ահա ուտող եւ խմող մի մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ»։ 35Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»։ 36Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց։ 37Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, 38կանգնեց Յիսուսի յետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում։ 39Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ՚իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»։ 40Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եւ Յիսուս ասաց. 41«Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն։ 42Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»։ 43Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»։ Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ 44Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց։ 45Դու ինձ մի համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ 46Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց։ 47Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կը ներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»։ 48Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»։ 49Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»։ 50Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»։
8 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը։ Եւ նրա հետ էին Տասներկուսը 2եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթը դեւ էր դուրս եկել, 3Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան։ 4Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. 5«Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու։ Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչունները այն կերան։ 6Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ՝ խոնաւութիւն չլինելու պատճառով։ 7Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը նրա հետ բուսնելով՝ այն խեղդեցին։ 8Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ, բուսնելով, հարիւրապատիկ պտուղ տուեց»։ Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։ 9Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում։ 10Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան։ 11Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է։ 12Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն։ 13Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում։ 14Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում։ 15Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս»։ 16«Ո՛չ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի, ովքեր մտնեն, լոյսը տեսնեն։ 17Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ։ 18Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից» 19Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով։ 20Իմաց տուին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»։ 21Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծու խօսքը լսում են եւ կատարում»։ 22Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»։ Եւ գնացին։ 23Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ։ Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել։ 24Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց։ 25Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»։ Եւ նրանք սարսափած՝ զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են սրան»։ 26Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է։ 27Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների։ 28Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». 29որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր։ 30Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եւ նա ասաց. «Լեգէոն». որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել. 31աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան։ 32Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լերան վրայ։ Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց՝ գնալ մտնել նրանց մէջ։ Եւ նա թոյլատրեց նրանց, 33եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց։ 34Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում։ 35Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին, - որը հագնուած եւ զգաստացած՝ նստած էր Յիսուսի ոտքերի մօտ, - վախեցան։ 36Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը։ 37Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին։ Եւ նա նաւակ նստելով՝ վերադարձաւ։ 38Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի։ Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց. 39«Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»։ Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն։ 40Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին։ 41Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր։ Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր։ Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ 43Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց։ 45Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»։ Եւ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»։ 46Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»։ 47Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչ բանի համար դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց։ 48Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»։ 49Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկն եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր դրան»։ 50Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կ՚ապրի»։ 51Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից։ 52Ամէնքը լալիս եւ ողբում էին նրա վրայ։ Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»։ 53Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր։ 54Եւ ամենքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։ 55Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկը իսկոյն կանգնեց։ Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ 56Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր։
9 Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները։ 2Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին։ 3Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք։ 5Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»։ 6Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ։ 7Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ, 8թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել։ 9Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Եւ ուզում էր նրան տեսնել։ 10Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում։ 11Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց։ 12Եւ օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»։ 13Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»։ Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»։ 15Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին։ 16Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն։ 17Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը։ 18Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները։ Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»։ 19Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք, թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ, թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել»։ 20Ասաց նրանց. «Դո՛ւք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծու Քրիստոսը»։ 21Նա սաստեց նրանց եւ պատուիրեց ոչ ոքի չասել այդ։ 22Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարուի եւ անարգուի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանուի ու երրորդ օրը յարութիւն առնի»։ 23Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ 25Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։ 27Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։ 28Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու։ 29Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ։ 30Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ։ Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում։ 32Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին։ 33Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»։ Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում։ 34Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան։ 35Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»։ 36Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան։ 37Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռնից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն։ 38Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մէկ հատիկն է. 39ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ, խորտակելով նրան, հազիւ է հեռանում նրանից։ 40Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ 41Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»։ 42Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետին խփեց նրան ու ցնցեց։ 43Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը։ 44Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ։ Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»։ 45Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ դա ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան։ 46Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ո՛վ է մեծ։ 47Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ 48եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետեւ, ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»։ 49Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»։ 50Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»։ 51Եւ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապէս որոշեց գնալ Երուսաղէմ։ 52Եւ իրենից առաջ պատգամաւորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գիւղ՝ նրա համար պատրաստութիւն տեսնելու։ 53Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետեւ նա ուղեւորւում էր դէպի Երուսաղէմ։ 54Երբ նրա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, այդ տեսան, ասացին. «Տէ՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, եւ երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»։ 55Նա դարձաւ սաստեց նրանց եւ ասաց. «Չգիտէք ի՛նչ հոգուց էք դուք. 56որովհետեւ մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ՝ փրկելու»։ Եւ մի ուրիշ գիւղ գնացին։ 57Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կը գամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»։ 58Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»։ 59Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»։ Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ՝ գնալ նախ թաղել իմ հօրը»։ 60Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայութիւնը»։ 61Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ 62Յիսուս նրան ասաց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի, եթէ յարմար է Աստծու արքայութեանը»։
10 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր։ 2Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։ 3Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ։ 4Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք։ 5Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. «Խաղաղութի՜ւն այս տանը». 6եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կը հանգչի. ապա թէ ոչ՝ ձե՛զ կը վերադառնայ։ 7Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք։ 8Ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։ 9Եւ բժշկեցէ՛ք դրա մէջ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. «Մօտեցել է ձեզ Աստծու արքայութիւնը»։ 10Իսկ ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ չընդունեն, երբ դուրս գաք նրա հրապարակները, ասացէ՛ք. 11«Ձեր քաղաքից մեր ոտքերին կպած փոշին անգամ թօթափում ենք ձեր վրայ. բայց իմացէ՛ք, որ մօտեցել է Աստծու արքայութիւնը»։ 12Ասում եմ ձեզ, որ սոդոմայեցիների համար դատաստանի օրը աւելի տանելի պիտի լինի, քան այն քաղաքի համար»։ 13«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա, որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում եղած լինէին այն զօրաւոր գործերը, որ կատարուեցին ձեր մէջ, արդարեւ վաղուց իսկ քուրձերի մէջ ու մոխրի վրայ նստած՝ ապաշխարած կը լինէին։ 14Բայց Տիւրոսի եւ Սիդոնի համար, դատաստանի ժամանակ, աւելի տանելի կը լինի, քան ձեզ համար։ 15Եւ դու, Կափառնայո՛ւմ, որ մինչեւ երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչեւ դժոխք։ 16Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։ 17Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»։ 18Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը։ 19Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու։ 20Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»։ 21Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 22Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»։ 23Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կը տեսնեն այն, ինչ դուք տեսնում էք։ 24Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»։ 25Եւ ահա օրինականներից մէկը վեր կացաւ, փորձում էր նրան եւ ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 26Եւ նա նրան ասաց. «Օրէնքում ի՞նչ է գրուած, ինչպէ՞ս ես ընթերցում»։ 27Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»։ 28Եւ Յիսուս նրան ասաց. «Ճիշտ պատասխան տուեցիր, այդ արա՛ եւ կը փրկուես»։ 29Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ 30Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին։ 31Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ. 32նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ։ 33Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց։ 34Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան։ 35Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»։ 36Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»։ 37Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»։ Յիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա»։ 38Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ։ 39Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը։ 40Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ 41Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, 42բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»։
11 Եւ եղաւ որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթել սովորեցրո՛ւ, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»։ 2Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. 3Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան. բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փո՛խ տուր, 4որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ։ 5Իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. «Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ»։ 6Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի՛ պատճառով վեր կենալով կը տայ նրան, ինչ որ պէտք է։ 7Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար, 8որովհետեւ, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ։ 9Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան. 10եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան։ 11Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից»։ 12Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ։ 13Եւ նրանցից ոմանք ասացին. «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»։ 14Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից։ 15Իսկ նա իմանալով նրանց մտածումները՝ ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում։ 16Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ «Դա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»։ 17Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդները ինչո՞վ պիտի հանեն. դրա համար նրա՛նք պիտի լինեն ձեր դատաւորները։ 18Իսկ եթէ Աստծու մատով եմ հանում դեւերին, ապա Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 19Երբոր զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է։ 20Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կը հանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կը բաժանի։ 21Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է»։ 22«Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտռում. եւ երբ չի գտնում, ասում է՝ «Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ»։ 23Եւ գալիս է ու գտնում այն՝ մաքրուած եւ կարգի բերուած։ 24Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթը այլ դեւեր եւ մտնում, բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»։ 25Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»։ 26Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»։ 27Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 28որովհետեւ, ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կը լինի այս սերնդի համար։ 29Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ։ 30Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ»։ 31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ 32Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի։ 33Արդ, զգո՛յշ եղիր, գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի։ 34Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կը լինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»։ 35Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի։ Եւ նա մտնելով՝ սեղան նստեց։ 36Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց։ 37Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ։ 38Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց։ 39Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի։ 40Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխի, փեգենայի եւ ամէն տեսակ բանջարեղէնի, բայց զանց էք անում Աստծու արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չանել։ 41Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ։ 42Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»։ 43Օրէնսգէտներից մէկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»։ 44Եւ նա ասաց. «Վա՜յ ձե՛զ եւս, օրէնսգէտնե՛ր, որ մարդկանց դժուարակիր բեռներ էք բարձում, բայց դուք ինքներդ մէկ մատով իսկ բեռներին չէք դիպչում։ 45Վա՜յ ձեզ, որ մարգարէներին շիրիմներ էք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին։ 46Դրանով իսկ դուք վկայում էք, թէ կամակից էք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին մարգարէներին, իսկ դուք նրանց գերեզմաններ էք շինում։ 47Դրա համար Աստծու իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կ՚ուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 48որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ 49Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի՛ այդ սերնդից։ 50Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտների՛դ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»։ 51Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ՝ շատ բաների համար։ 52Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին։
12 Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։ 10Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի։ 11Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք, 12որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կը սովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»։ 13Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»։ 14Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»։ 15Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»։ 16Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ։ 18Գիտեմ, - ասաց նա, - թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. 19ու ինքս ինձ կ՚ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»։ 20Աստուած նրան ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ 21Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»։ 22Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, 23որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը։ 24Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները։ 25Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կը կարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել։ 26Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում։ 27Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում։ Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց։ 28Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէ՛ս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր։ 29Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտռում են։ Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ։ 31Այլ դուք հետամո՛ւտ եղէք Աստծու արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կը տրուի ձեզ»։ 32«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը։ 33Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»։ 35«Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած։ 36Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն։ 37Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու։ 38Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները։ 39Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն։ 40Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»։ 41Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»։ 42Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար։ 43Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի։ 44Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի։ 45Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի։ 47Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի։ 48Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ՚ուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կը պահանջեն»։ 49«Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի։ 50Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի։ 51Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի։ 53Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»։ 54Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ՚ասէք, թէ՝ անձրեւ կը գայ։ Այդպէս էլ լինում է։ 55Եւ երբ հարաւի քամին փչի, կ՚ասէք, թէ՝ խորշակ կը լինի։ Եւ այդպէս էլ լինում է։ 56Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում։ 57Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում։ 58Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտ նետի։ 59Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»։
13 Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ։ 2Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։ 6Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ։ 7Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ 8Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։ 10Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր։ 11Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում։ 12Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»։ 13Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս։ 14Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»։ 15Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու։ 16Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, - արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ 17Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից։ 18Եւ ասաց. «Ինչի՞ նման է Աստծու արքայութիւնը, եւ ինչի՞ նմանեցնեմ այն։ 19Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը։ Սա աճեց եւ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»։ 20Եւ դարձեալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայութիւնը. 21նման է այն խմորին, որ մի կին, վերցնելով, խառնեց երեք գրիւ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»։ 22Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր։ Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ, 23մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»։ 24Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կ՚ուզենան մտնել, բայց չեն կարողանայ։ 25Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կը սկսէք դուռը բախել եւ ասել. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար». իսկ նա պատասխանելով կ՚ասի ձեզ. «Չգիտեմ, թէ որտեղից էք»։ 26Այն ժամանակ կը սկսէք ասել. «Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր»։ 27Եւ տանտէրը կ՚ասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ»։ 28Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծու արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած։ 29Եւ կը գան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ հարաւից ու կը բազմեն Աստծու արքայութեան մէջ։ 30Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կը լինեն, եւ առաջիններ՝ որ կը լինեն վերջին»։ 31Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»։ 32Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ։ 33Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»։ 34«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար։ 35Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
14 Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան։ 2Եւ ահա այնտեղ, նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար։ 3Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞՝ ոչ»։ 4Նրանք լուռ մնացին։ Յիսուս նրան բռնելով՝ բուժեց եւ արձակեց։ 5Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»։ 6Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։ 7Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում։ 8Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի։ 9Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի՝ «Սրան տե՛ղ տուր»։ Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել։ 10Այլ, երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի, երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ «Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես. 11որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»։ 12Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի։ 13Այլ, երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին 14եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների յարութեան օրը»։ 15Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կ՚ուտի Աստծու արքայութեան մէջ»։ 16Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց եւ հրաւիրեց շատերին։ 17Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրաւիրուածներին, թէ՝ «Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է»։ 18Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել։ Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ 19Եւ միւսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ 20Իսկ միւսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»։ 21Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. «Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ»։ 22Եւ ծառան ասաց. «Տէ՛ր, ինչ հրամայեցիր՝ կատարուեց եւ էլի տեղ կայ»։ 23Եւ տէրը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի»։ 24Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»։ 25Եւ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձաւ եւ ասաց նրանց. 26«Եթէ մէկը ինձ մօտ գայ եւ չնախընտրի ինձ իր հօրից ու մօրից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քոյրերից, նոյնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. 27որովհետեւ, ով որ չվերցնի իր խաչը եւ իմ յետեւից չգայ, չի կարող իմ աշակերտը լինել։ 28Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը, թէ աւարտելու համար բաւական դրամ ունի՞, 29որպէսզի, գուցէ, երբ հիմը դնի եւ չկարողանայ աւարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, չսկսեն նրան ծաղրել 30եւ ասել, թէ՝ «Այս մարդը սկսեց կառուցել եւ չկարողացաւ աւարտել»։ 31Կամ ո՞ր թագաւորը, եթէ գնայ պատերազմելու մի այլ թագաւորի դէմ, նախ չի նստի եւ խորհի, թէ տասը հազարով կը կարողանա՞յ դիմադրել նրան, որ իր վրայ քսան հազարով է գալիս։ 32Ապա թէ ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամաւորութիւն ուղարկելով՝ խաղաղութիւն կը խնդրի։ 33Արդ, այսպէս էլ՝ ձեզնից ով որ իր ամբողջ ունեցուածքից չհրաժարուի, չի կարող իմ աշակերտը լինել»։ 34«Աղը լաւ բան է, բայց եթէ աղն էլ անհամանայ, ինչո՞վ այն պիտի համեմուի։ 35Ո՛չ հողի համար է պիտանի եւ ո՛չ էլ՝ պարարտանիւթի, այլ՝ դուրս թափելու։ Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»։
15 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտն էին, որպէսզի լսեն նրան։ 2Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»։ 3Յիսուս նրանց այս առակն ասաց. 4«Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի։ 5Եւ երբ այն գտնի, կը դնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6եւ կը գնայ տուն, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կ՚ասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը։ 7Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ։ 8Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտռի, մինչեւ որ գտնի։ 9Եւ երբ գտնի, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու կ՚ասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»։ 10Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»։ 11Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. 12նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»։ Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց։ 13Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում։ 14Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ։ 15Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ 16Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ 17Ապա խելքի եկաւ եւ ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ 18Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ 19եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»։ 20Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ 21Եւ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»։ 22Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. 23բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, 24որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ։ 25Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. 26եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է։ 27Եւ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»։ 28Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ 29Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի։ 30Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ 31Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. 32բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»։
16 Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը։ 2Տէրը կանչեց նրան եւ ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող»։ 3Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ 4Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ 5Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»։ 6Եւ սա ասում է՝ «Հարիւր տակառիկ ձէթ». եւ տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»։ 7Ապա դարձեալ միւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». եւ սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»։ Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»։ 8Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»։ 9«Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ։ 10Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է։ 11Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը։ 12Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ։ 13Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի։ Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»։ 14Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին։ 15Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։ 16Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծու արքայութիւնը, եւ ամէն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն։ 17Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի։ 18Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է»։ 19«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում։ 20Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած։ 21Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից։ Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը։ 22Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց։ 23Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած։ 24Եւ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ»։ 25Եւ Աբրահամը նրան ասաց. «Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ 26Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել»։ 27Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, - 28որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»։ 29Եւ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրա՛նց լսեն»։ 30Եւ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ՚ապաշխարեն»։ 31Եւ Աբրահամը նրան ասաց. «Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»։
17 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ։ 2Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր։ 3Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար»։ 4«Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան։ 5Եւ եթէ եօթն անգամ մեղանչի քո դէմ եւ եօթն անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։ 6Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»։ 7Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ «Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ», նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ»։ 8«Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կ՚ասի իսկոյն՝ «Անցի՛ր սեղան նստիր». 9այլ նրան չի՞ ասի՝ «Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ ապա կ՚ուտես եւ կը խմես դու»։ 10Միթէ տէրը շնորհապա՞րտ կը լինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։ 11Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»։ 12Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով։ 13Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 14բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ 15Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»։ Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին։ 16Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 17երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր։ 18Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 19որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»։ 20Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»։ 21Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ ե՞րբ պիտի գայ Աստծու արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 22եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»։ 23Իսկ իր աշակերտներին ասաց. «Կը գան օրեր, երբ դուք կ՚ուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնի։ 24Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ», մի՛ շտապէք գնալու, 25որովհետեւ, ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կը լինի մարդու Որդին՝ իր օրում։ 26Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից։ 27Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով։ 28Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց։ 29Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ 30Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց։ 31Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու։ 32Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ։ 33Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը։ 34Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ 35Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ 36Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»։ 37Պատասխան տուին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»։ 38Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կը հաւաքուեն արծիւները»։
18 Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան։ 2Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ 3Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տես»։ 4Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»։ 6Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը։ 7Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի։ 8Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»։ 9Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին։ 10«Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր։ 11Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ 13Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»։ 14Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»։ 15Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։ 16Իսկ Յիսուս կանչելով մանուկներին իր մօտ՝ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծու արքայութիւնը։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»։ 18Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 19Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած։ 20Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»։ 21Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»։ 22Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»։ 23Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր։ 24Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն։ 25Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»։ 26Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»։ 27Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»։ 28Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»։ 29Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զաւակներին՝ Աստծու արքայութեան համար, 30եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»։ 31Եւ Տասներկուսին, առանձին, մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն. 32որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի. 33նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 34Եւ առաքեալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խօսքը նրանցից ծածկուած էր, եւ ասուածները չէին ըմբռնում։ 35Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան։ 36Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թէ՝ այդ ի՞նչ է։ 37Եւ նրան պատմեցին, թէ անցնում է Յիսուս Նազովրեցին։ 38Նա աղաղակեց եւ ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 39Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 40Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. 41«Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»։ Եւ սա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»։ 42Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր. քո հաւատը քեզ փրկեց»։ 43Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն։ Եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն գոհութիւն էր տալիս։
19 Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր։ 2Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր։ 4Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու։ 5Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»։ 6Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ։ 7Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու։ 8Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»։ 9Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»։ 11Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է։ 12Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։ 13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»։ 14Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»։ 15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել։ 16Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»։ 17Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»։ 18Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»։ 19Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»։ 20Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ 22Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել։ 23Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»։ 24Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»։ 25Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»։ 26- Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի։ 27Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»։ 28Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար։ 29Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին 30եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք։ 31Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»։ 32Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար։ 33Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»։ 34Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»։ 35Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին։ 36Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ։ 37Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան։ 38Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»։ 39Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»։ 40Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ՚աղաղակեն»։ 41Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. 42«Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. 43որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից 44ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»։ 45Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց 46ու ասաց նրանց. «Գրուած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»։ 47Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտռում նրան կորստեան մատնելու, 48բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան։
20 Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, 2եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»։ 3Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. 4Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից»։ 5Եւ նրանք իրենց մտքում խորհեցին եւ ասացին. 6«Եթէ ասենք՝ երկնքից էր, կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կը քարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»։ 7Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է։ 8Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»։ 9Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց։ 10Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին։ 11Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին։ 12Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին։ 13Այգու տէրն ասաց. «Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն»։ 14Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. «Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»։ 15Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի։ 16Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»։ 17Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»։ Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ «Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ»։ 18Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»։ 19Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ այն առակը իրենց մասին ասաց։ 20Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծաւորութեամբ, արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն՝ մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին։ 21Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում ու ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում։ 22Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՝ ոչ»։ 23Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց. 24«Ցո՛յց տուէք ինձ դահեկանը»։ Եւ նրանք ցոյց տուին։ 25Եւ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը եւ գիրը ունի դա»։ Պատասխանեցին եւ ասացին՝ կայսրինը։ Եւ նա նրանց ասաց. «Արդ, գնացէ՛ք տուէք կայսրինը՝ կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ 26Եւ չկարողացան նրան խօսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրայ՝ լռեցին։ 27Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին. 28«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»։ 29Արդ, եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ։ 30Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ։ 31Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ... Եւ ժառանգներ չթողեցին։ 32Մեռաւ եւ կինը։ 33Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կը լինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»։ 34Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում. 35իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում, 36քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ, քանի որ յարութեան որդիներ են։ 37Իսկ թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»։ 38Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»։ 39Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»։ 40Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել։ 41Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի որդին է. 42քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում, 43մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ»։ 44Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 45Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46«Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները։ Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»։
21 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում։ 2Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ։ 3Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը։ 4Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»։ 5Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց. 6«Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»։ 7Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»։ 8Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք։ 9Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»։ 10Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. 11եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից։ 12Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար։ 13Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան։ 14Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ 16Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ 17Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար։ 18Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ 19Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»։ 20«Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է։ 21Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները։ 23Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ։ 24Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»։ 25«Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ։ Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, 26աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն։ 27Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով։ 28Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»։ 29Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը։ 31Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է։ 32Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 33Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։ 34«Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. 35որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին։ 36Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»։ 37Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց։ 38Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար։
22 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք։ 2Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։ 3Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր։ 4Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի։ 5Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ։ 6Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի։ 7Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը։ 8Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ 9Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»։ 10Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի։ 11Եւ կ՚ասէք տանտիրոջը. «Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը»։ 12Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»։ 13Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը։ 14Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ։ 15Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել։ 16Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»։ 17Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»։ 19Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ 20Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած։ 21Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է։ 22Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»։ 23Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է։ 24Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի։ 25Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում։ 26Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը։ 27Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը։ Չէ՞ որ՝ սեղան նստողը։ Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»։ 28«Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ։ 29Եւ ես խոստանում եմ ձեզ, - ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, - 30որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»։ 31Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ 32Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»։ 33Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»։ 34Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»։ 35Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»։ 36Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի։ Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի։ 37Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի իմ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց». որովհետեւ, ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»։ 38Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»։ Եւ նրանց ասաց. «Բաւական են»։ 39Եւ Յիսուս ըստ իր սովորութեան ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները։ 40Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»։ 41Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկեց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում. 42«Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»։ 43Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում։ 44« Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով։ 45Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից 46եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վե՛ր կացէք, աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»։ 47Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»։ 48Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։ 49Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»։ 50Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը։ 51Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»։ Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց։ 52Եւ իր վրայ եկած քահանայապետներին, տաճարի իշխանաւորներին եւ ծերերին ասաց. «Ինչպէս աւազակի՞ վրայ էք գալիս սրերով ու մահակներով. 53միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրայ ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը եւ խաւարի իշխանութեան զօրութիւնը»։ 54Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա յետեւից։ 55Երբ գաւթի մէջ կրակ վառեցին եւ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ։ 56Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան եւ ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին» 57Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։ 58Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան եւ ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։ 59Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»։ 60Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խօսում»։ Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց։ 61Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»։ 62Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ։ 63Եւ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրայ եւ խփում, 64ծածկում էին նրա երեսը եւ տանջում, հարցնում էին նրան եւ ասում. «Մարգարէացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»։ 65Եւ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։ 66Եւ երբ լոյսը բացուեց, հաւաքուեց ժողովրդի ծերակոյտը՝ քահանայապետներ եւ օրէնսգէտներ, եւ Յիսուսին քաշեցին բերին իրենց ատեանի առաջ եւ ասացին. «Եթէ դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։ 67Նրանց ասաց. «Եթէ ձեզ ասեմ իսկ, չէք հաւատայ։ 68Եւ եթէ ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չէք տայ կամ չէք արձակի ինձ։ 69Բայց սրանից յետոյ մարդու Որդին պիտի նստի Աստծու զօրութեան աջին»։ 70Եւ ամէնքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Եւ նա նրանց ասաց. «Դուք ասում էք, թէ ես եմ»։ 71Եւ նրանք ասացին. «Էլ ի՞նչ վկայութիւն է պէտք մեզ, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։
23 Եւ նրանց ամբողջ բազմութիւնը, վեր կենալով, նրան տարաւ Պիղատոսի մօտ։ 2Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»։ 3Իսկ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Հրեաների թագաւորը դո՞ւ ես»։ Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դու ասացիր»։ 4Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»։ 5Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ։ 6Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է։ 7Եւ երբ իմացաւ, թէ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր։ 8Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալութիւն ունէր նրա ձեռքով կատարուած որեւէ նշան տեսնել։ 9Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտուեց։ 10Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում։ 11Հերոդէսն էլ, իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տուեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ։ 12Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար թշնամիներ էին։ 13Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին եւ ժողովրդին ու ասաց. 14«Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահաւասիկ ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան։ 15Եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն։ 16Արդ, նա մահուան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ» 17(որովհետեւ հարկաւոր էր իւրաքանչիւր տօնի առթիւ մի բանտարկեալ արձակել նրանց համար)։ 18Եւ նրանք ամբողջ բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. «Նրան վերացրո՛ւ եւ արձակի՛ր մեզ համար Բարաբբային» 19(որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկուել էր)։ 20Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել։ 21Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»։ 22Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. սրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»։ 23Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի։ Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին։ 24Եւ Պիղատոսը հաւանութիւն տուեց, որ նրանց պահանջը կատարուի։ 25Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին։ 26Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից։ 27Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան։ 28Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ, 29որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չդիեցրին»։ 30Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ, 31որովհետեւ, երբ դալա՛ր փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կը պատահի»։ 32Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար։ 33Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. եւ չարագործներին էլ՝ մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը՝ խաչեցին։ 34Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»։ Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ 35Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան եւ ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրեալ Որդին»։ 36Զինուորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան եւ ասում. 37«Եթէ դու ես հրեաների թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»։ 38Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրուած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա՛ է հրեաների արքան։ 39Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան եւ ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»։ 40Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նոյն պատիժն ես կրում։ 41Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»։ 42Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»։ 43Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»։ 44Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց։ 45Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռուեց։ 46Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»։ Երբ այս ասաց, հոգին աւանդեց։ 47Եւ հարիւրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառաւորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապէս այս մարդը արդար էր»։ 48Եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարուածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում։ 49Նրա բոլոր ծանօթներն էլ կանգնել էին հեռւում. եւ կանայք, որոնք Գալիլիայից նրա յետեւից էին եկել, տեսնում էին այս բաները։ 50Եւ ահա Յովսէփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթէ քաղաքից։ Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ 51(սա չէր միաբանել նրանց մտադրութիւններին ու գործերին)։ Եւ ինքն էլ էր սպասում Աստծու թագաւորութեանը։ 52Սա Պիղատոսի մօտ գալով՝ ուզեց Յիսուսի մարմինը։ 53Եւ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մէջ, որտեղ բնաւ ոչ ոք չէր դրուած։ 54Եւ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը։ 55Եւ Յովսէփի յետեւից գնում էին կանայք, որոնք Գալիլիայից էին եկել Յիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս նրա մարմինը այնտեղ դրուեց։ 56Վերադարձան, խնկեր եւ իւղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրէնքի համաձայն, հանգիստ արեցին։
24 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք։ 2Եւ քարը գերեզմանից գլորած գտան 3ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան։ 4Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ։ 5Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում։ 6Այստեղ չէ, այլ՝ յարեաւ։ Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. 7ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»։ 8Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը։ 9Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին։ 10Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին։ 11Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց։ 12Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային։ Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել։ 13Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր մօտ տասնմէկ կիլոմետր։ 14Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին։ 15Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը՝ Յիսուս մօտեցաւ ու գնում էր նրանց հետ։ 16Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն։ 17Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»։ 18Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»։ 19Եւ նրանց ասաց՝ ի՞նչ։ Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ, 20եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան։ 21Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին։ 22Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել 23եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան եւ ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է։ 24Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին։ Բայց նրան չտեսան։ 25Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին մարգարէները։ 26Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»։ 27Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում։ 28Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառ բռնեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ։ 29Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»։ Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։ 30Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն եւ տուեց նրանց։ 31Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներեւոյթ եղաւ։ 32Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»։ 33Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան Տասնմէկին եւ նրանց հետ եղածներին, 34որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարեաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»։ 35Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէ՛ս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ։ 36Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»։ 37Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում։ 38Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. 39տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք, 40ես ունեմ»։ 41Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը։ 42Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»։ 43Եւ նրանք տուին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ։ 44Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց. 45«Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»։ 46Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը։ 47Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, 48եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած։ 49Եւ այս բաների վկաներ էք դուք։ 50Եւ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»։ 51Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց։ 52Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում։ 53Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ։ 54Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն։