1 Մակաբայեցիներ


1 Փիլիպպոսի որդի Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը Քետիմացիների երկրից դուրս գալով՝ ծնկի բերեց պարսիկների եւ պարթեւների արքայ Դարեհին, թագաւորեց նրա փոխարէն, իշխեց յոյների եւ հռոմէացիների երկրների վրայ։ 2Այնուհետեւ զօրք հաւաքելով՝ մեծ պատերազմներ մղեց, բերդեր գրաւեց, բազում թագաւորներ սպանեց, 3հեթանոս տարբեր ազգերից մեծ աւար վերցրեց։ Ամբողջ երկիրը դողում էր նրա առաջ։ 4Նա բազմաթիւ զօրք հաւաքեց, յարձակուեց բոլոր հզօր երկրների վրայ 5ու ողջ աշխարհը հարկատու դարձրեց։ 6Դրանից յետոյ նա մահացու ախտով հիւանդացաւ եւ անկողին ընկաւ։ 7Երբ տեսաւ, որ մեռնում է, կանչեց մանկուց իր հետ սնուած-դաստիարակուած ծառաներին՝ իր կողմից փառքի արժանացած իր չորս կաթնեղբայրներին, ու քանի դեռ կենդանի էր, իր թագաւորութիւնը բաժանեց եւ տուեց նրանց։ 8Ալեքսանդրը տասներկու տարի թագաւորելուց յետոյ մեռաւ։ 9Նրանից յետոյ իր կաթնեղբայրները իշխեցին իրենց բաժին հասած տարածքում. 10նրա մահուանից յետոյ իւրաքանչիւրը թագ կապեց իր գլխին։ Սրանց հետեւեցին նաեւ իրենց որդիները։ Եւ այսպէս՝ երկար տարիներ։ Սրանք բազմացրին անօրէնութիւններն ու երկիրը լցրին իրենց չարագործութիւններով։ 11Սրանցից է սերում չարիքի արմատ, դառնութեան շառաւիղ, անօրէն Անտիոքոսը՝ Անտիոքոս արքայի որդին, որ պատանդ էր մնացել Հռոմ քաղաքում։ Նա թագաւորեց յոյների թագաւորութեան հարիւր երեսունեօթներորդ տարում։ 12Սրանց ժամանակ էր, որ իսրայէլացիներից ծնուեցին անօրէն մարդիկ, որոնք շատերին դիւթելով պատիր ու շողոմ խօսքերով՝ ասացին. «Եկէք մեր շուրջը բնակուող բոլոր հեթանոս ազգերի հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք, որովհետեւ այն օրից ի վեր, երբ մենք անջատուեցինք նրանցից ու մեկնեցինք, բազում մեծ չարիքներ պատահեցին մեզ»։ 13Շատերին հաճելի թուացին այս խօսքերը, 14ժողովրդի միջից ոմանք համաձայնեցին գնալ հանդիպել թագաւորին, եւ թագաւորը նրանց իրաւունք տուեց ապրել հեթանոսների բոլոր օրէնքներով։ 15Նրանք Երուսաղէմում ըստ հեթանոսների օրէնքների մեհենական հրապարակներ կառուցեցին, 16իրենց համար անթլփատութեան օրէնք հաստատեցին, շեղուեցին սուրբ կտակարանների ուխտից, միաբանեցին հեթանոսների հետ եւ յօժարեցին չարիքներ գործել։ 17Երբ Անտիոքոսի թագաւորութիւնը հզօրացաւ, նա մտադրուեց թագաւորել նաեւ Եգիպտացիների երկրի վրայ, որպէսզի միացնի երկու թագաւորութիւնները։ 18Նա մեծ զօրքով, ռազմակառքերով, փղերով ու բազում նաւերով արշաւեց Եգիպտացիների երկրի վրայ, 19որպէսզի պատերազմի Եգիպտոսի Պտղոմէոս թագաւորի դէմ։ Պտղոմէոսը պարտութիւն կրեց նրանից ու փախուստի դիմեց։ Այդ կռւում բազմաթիւ մարդիկ վէրքեր ստանալով մեռան։ 20Անտիոքոսն ասպատակեց ամբողջ երկիրը. նրա զօրքերը յանկարծակի վրայ էին հասնում, արագ հաւաքում էին աւարն ու գրաւում ողջ Եգիպտացիների երկրի բերդերը։ 21Եգիպտացիներին յաղթելուց յետոյ Անտիոքոսը հարիւր քառասուներեք թուականին վերադարձաւ 22եւ մեծ զօրքով յարձակուեց Երուսաղէմ քաղաքի վրայ, 23յանդուգն գոռոզութեամբ մտաւ սուրբ տաճար, յափշտակեց ոսկէ զոհասեղանը, լոյսի աշտանակը, գանձատան բոլոր իրերը, առաջաւորութեան հացի սեղանը, սկիհներն ու տաշտերը, բոլոր խնկամաններն ու վարագոյրները, պսակներն ու ոսկէ զարդերը։ 24Առաջինն ինքը մտաւ տաճար, յափշտակեց ու ձուլեց ամէն ինչ, վերցրեց արծաթն ու ոսկին, զէնքն ու զրահը, ռազմական բոլոր իրերը, գտաւ ու վերցրեց թաքցրած գանձերն ու սրբազան բոլոր անօթները եւ գնաց իր երկիրը։ 25Նա շատ արիւն թափեց, շատ մարդկանց սպանեց, մեծ ամբարտաւանութեամբ խօսեց շատերի հետ։ 26Մեծ սուգ պատեց Իսրայէլին։ 27Իրենց բոլոր տեղերում հեծեցին իշխաններն ու ծերերը, թուլացան աղջիկներն ու երիտասարդները, խամրեց կանանց գեղեցկութիւնը, 28բոլոր փեսաների դէմքերից անպակաս դարձաւ ողբն ու լացը, սգոյ բանտի վերածուեցին բոլոր հարսների ննջասենեակները, 29երկիրը սարսռաց իր բնակիչների համար, եւ անարգանքն ու ամօթը համակեց Յակոբի ամբողջ տունը։ 30Այդ դէպքերից երկու տարի յետոյ Անտիոքոս արքան հարկահան մի իշխան ուղարկեց Հրէաստանի քաղաքները։ Սա Երուսաղէմ եկաւ բազմաթիւ զօրքերով 31եւ սկսեց նենգութեամբ խաղաղութիւն քարոզել։ Նրանք հաւատացին սրան, 32բայց սա յանկարծակի յարձակուեց քաղաքի վրայ, մեծ հարուածներ հասցրեց բնակիչներին եւ բազմաթիւ իսրայէլացիներ սպանեց։ 33Նա աւարի մատնեց քաղաքը, հրկիզեց նրա բոլոր փայտակերտ շինութիւնները, քանդեց, աւերեց քաղաքը շրջափակող պարիսպներն ու նրա ապարանքների բոլոր պատերը։ 34Գերեվարեցին կանանց ու մանուկներին, տիրացան նրանց բոլոր անասուններին։ 35Նրանք քաղաքի վերին կողմը հզօր աշտարակներով ամուր պարիսպ շինեցին, եւ դա նրանց համար ամրացուած քաղաքի միջնաբերդը եղաւ։ 36Այնտեղ լցրին մեղսագործ, անօրէն մարդկանց, զէնքերով զինեցին նրանց, մթերքներով ապահովեցին եւ Երուսաղէմի ողջ աւարը կուտակեցին ներսում։ 37Դրանք Իսրայէլի երկրի համար մշտապէս եղան մեծ որոգայթ, 38սրբութեան արգելքներ ու չար սատանայ։ 39Նրանք սուրբ տաճարի շուրջը անմեղ արիւն թափեցին եւ պղծեցին սրբավայրերը։ 40Դրանից յետոյ Երուսաղէմի բնակիչները նրանց պատճառով փախստական դարձան։ Երուսաղէմը օտարների բնակավայր դարձաւ եւ օտարացաւ իր հարազատ զաւակներից, որովհետեւ նրա որդիները հեռացան այնտեղից։ 41Աւերուեց նրա սրբարանն ու վերածուեց անապատի։ Նրա տարեկան տօները սգի վերածուեցին, իսկ նրա շաբաթ օրերը՝ նախատինքի ու ամօթի։ Արհամարհուեց նրա պատիւը, 42նրա փառքը լցուեց անարգանքով, նրա վեհութիւնը դարձաւ սգի արժանի։ 43Ողջ աշխարհում հրովարտակներ արձակուեցին, որ երկրի բոլոր բնակիչները հրաժարուեն իրենց օրէնքներից եւ ընդունեն մէկ օրէնք՝ նրա՛ օրէնքը։ 44Բոլոր ազգերը ենթարկուեցին արքունի հրամանին։ 45Իսրայէլացիներից շատերը նոյնպէս դաւանեցին անօրէն կրօնը, զոհեր մատուցեցին նրանց կուռքերին ու պղծեցին իրենց շաբաթ օրերը։ 46Թագաւորը բանագնացների միջոցով հրովարտակներ ուղարկեց Երուսաղէմ եւ Հրէաստանի քաղաքները՝ նրանց ընդունել տալու համար օտարոտի օրէնքներ, 47վերացնելու ողջակիզումն ու սուրբ զոհերը, 48պղծելու շաբաթ օրերն ու ամենամեայ տօները, ապականելու սրբարանը, 49որպէսզի դրանց փոխարէն կռապաշտական զոհասեղաններ կանգնեցնեն, մեհեաններին արտեր յատկացնեն, 50նաեւ խոզեր ու խառնածին անասուններ մորթեն, 51որդիներին անթլփատ թողնեն, իրենց անձը պղծեն ամէն տեսակ անօրէն պղծութիւններով եւ բոլորովին մոռանան իրենց հաւատն ու փոխեն օրէնքները։ 52Եւ նա, ով չէր ենթարկուի թագաւորի հրամանին, կը դատապարտուէր մահուան։ 53Բոլոր վայրերում ոստիկանն արեց այն ամէնը, ինչ գրել էր թագաւորը։ 54Հրէաստանի քաղաքացիներին պարտադրեց, որ ամէն մէկը զոհեր մատուցի իր քաղաքում։ 55Նրանց մօտ հաւաքուեցին նախկին օրէնքներից դժգոհ բոլոր մարդիկ եւ չարագործութիւններով լցրին երկիրը։ 56Նրանք ստիպեցին Իսրայէլին քաշուել աւելի ամուր տեղեր եւ ապաստարաններ։ 57Հարիւր քառասունհինգ թուականի քասղեւ ամսի քսանհինգին նա զոհասեղանի վրայ բարձրացրեց անապատի մի պիղծ կուռք։ 58Ամբողջ Հրէաստանի քաղաքների շուրջը մեհեաններ կառուցեցին եւ ապարանքների բոլոր դռների, քաղաքների բոլոր ճանապարհների վրայ խունկ ծխեցին։ 59Պատառոտում ու կրակն էին նետում իրենց ձեռքն ընկած Կտակարանի բոլոր գրքերը։ 60Ում մօտ Կտակարանի գիրք էին գտնում, կամ ով իր հաւատն էր դաւանում, թագաւորի հրամանի համաձայն նրան մահապատժի էին ենթարկում։ 61Այսպէս ամսէամիս սաստկանում էր հրամանը այն իսրայէլացիների նկատմամբ, որոնք գտնւում էին քաղաքներում։ 62Ամսի քսանհինգին զոհասեղանի վրայ կառուցուած հեթանոսական բագինների վրայ զոհ էին մատուցում։ 63Հրամանի համաձայն՝ սպանում էին այն կանանց, որոնք թլփատել էին իրենց երեխաներին 64եւ, ըստ արքունի հրամանի, երեխաներին կախում էին իրենց իսկ մայրերի պարանոցներից։ Նոյն կերպ էին վարւում թլփատողների եւ նրանց որդիների հետ։ 65Բազմաթիւ իսրայէլացիներ որոշեցին չուտել պիղծ բաներ, գերադասեցին յօժար կամքով մեռնել, բայց երբեք իրենց անձը չպղծել անմաքուր կերակուրներով, 66որպէսզի չպղծեն սուրբ ուխտը։ Դրա համար էլ շատերը մեռան։ 67Իսրայէլը դա համարեց իր համար մեծ տօն եւ ուրախութիւն։
2 Այդ ժամանակներում ասպարէզ իջաւ Շմաւոնի որդի Յովհաննէսի որդի Մատաթիան՝ երուսաղէմացի Յովարիմի տոհմից սերած մի քահանայ։ Նա եկաւ ու նստեց Մոդիիմի քարայրների մօտ գտնուող բերդերում։ 2Նա ունէր հինգ որդի. Կադդիշ մականունով Յովհաննէսը, 3Թարսսի մականունով Շմաւոնը, 4Մակաբէ մականունով Յուդան, 5Աւարան մականունով Եղիազարը եւ Յովնաթանը, որ կոչուեց Սափութ։ 6Երբ Մատաթիան տեսաւ Հրէաստանում եւ Երուսաղէմում կատարուող սրբապղծութիւնները, սկսեց ողբալ իր անձի վրայ՝ ասելով. 7«Վա՜յ ինձ, ինչո՞ւ ականատես եղայ իմ ժողովրդի կոտորածին, կամ ինչո՞ւ տեսայ սուրբ քաղաք Երուսաղէմի աւերումը։ Ինչո՞ւ նա մատնուեց թշնամու ձեռքը, 8եւ սրբութիւնն ընկաւ օտարների ձեռքը։ ինչպէ՜ս տաճարը նմանուեց փառքից ընկած մի տղամարդու, 9իսկ նրա փառաւոր սպասքը՝ գերութեան մատնուած մի մարդու։ Նրա պատանիները կոտորուեցին իր փողոցներում, իսկ նրա երիտասարդներն ընկան թշնամու սրից։ 10Կա՞յ մի ազգ, որ ժառանգած չլինի մի մաս նրա տէրութիւնից, կամ կա՞յ մի մարդ, որ չի կողոպտել նրան ու չի տիրել նրա ունեցուածքին։ 11Սպառուել են նրա զարդերը։ Ազատութեան փոխարէն նա մատնուել է ստրկութեան։ 12Մեր բոլոր գեղեցիկ զարդերը, մեր սրբավայրն ու մեր փառքը կործանուել են։ Եւ այդ բոլորը պղծել են հեթանոսները։ 13Այլեւս մեր ինչի՞ն է պէտք կեանքը»։ 14Այն ժամանակ Մատաթիան ու նրա որդիները ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին իրենց պատմուճանները, քուրձ հագան ու սուգ պահեցին։ 15Թագաւորի մօտից մարդիկ եկան, որոնք ստիպում էին նրանց դիմելու ապստամբութեան։ Նրանք եկան Մոդիիմ քաղաքը, որ այնտեղ զոհեր մատուցեն։ 16Նրանց մօտ եկան ու հաւաքուեցին բազմաթիւ իսրայէլացիներ, որոնց թւում նաեւ՝ Մատաթիան ու իր որդիները։ 17Ապա թագաւորի մօտից եկած մարդիկ սկսեցին խօսել ու ասացին Մատաթիային. «Դու հռչակաւոր իշխան ես, դու մեծաւոր ես այս քաղաքում։ Դու սրանց մէջ ես հաստատուել քո որդիների ու եղբայրների հետ։ 18Արդ, նախ դո՛ւ մօտեցիր, կատարի՛ր թագաւորի հրամանը, ինչպէս կատարեցին Հրէաստանում բնակուող բոլոր ազգերի մարդիկ ու բոլոր նրանք, ովքեր բնակւում են Երուսաղէմում. դուք կը դառնաք արքայի բարեկամները, դու եւ քո որդիները պատիւ կը ստանաք ոսկով, արծաթով եւ արքունի հրովարտակներով»։ 19Մատաթիան պատասխան տուեց ու բարձր ձայնով ասաց. «Եթէ թագաւորի երկրի բոլոր մարդիկ ենթարկուել են թագաւորի հրամաններին, ընկրկել եւ հրաժարուել են իրենց հայրերի օրէնքներից ու կատարում են թագաւորի հրամանները, 20ապա ես, իմ որդիներն ու իմ եղբայրները կը հետեւենք մեր հայրերի պատուիրաններին։ 21Մենք չենք հրաժարուի Աստծու օրէնքներից ու կանոններից, 22չենք ենթարկուի թագաւորի հրամաններին։ Մենք չենք փոխի մեր հայրերի կրօնը, աջ ու ձախ չենք շեղուի եւ թագաւորի հրամանին չենք անսայ»։ 23Հազիւ էր նա այս խօսքերն ասել, որ հրեաներից մի մարդ, թագաւորի հրամանի համաձայն, բոլորի ներկայութեամբ առաջ եկաւ, որպէսզի Մոդիիմի բագինում, մեհեանի առաջ զոհ մատուցի։ 24Երբ դա տեսաւ Մատաթիան, այնքան զայրացաւ, որ դողացին իր երիկամները։ Նա դատաստան անելու համար բարկութեամբ լցուեց, բարձրացրեց ոտքը ու այնպէս հարուածեց հրեային, որ սպանեց նրան բագինի առաջ։ 25Նա սպանեց նաեւ այն մարդուն, որ արքունի հրամանով ստիպում էր զոհեր մատուցել։ Նա կործանեց բագինը, աւերեց մեհեանը։ 26Նա օրէնքի նախանձախնդիր եղաւ այնպէս, ինչպէս Փենէէսն էր վարուել Եդոմի որդու՝ Զամբրիի նկատմամբ։ 27Նա սկսեց բարձրաձայն աղաղակել ու ասաց. «Իւրաքանչիւր ոք, ով կարող է օրէնքի նախանձախնդիր լինել, ով ուզում է հաւատարիմ մնալ օրէնքներին, թող հետեւի ինձ»։ 28Նա ու իր եղբայրները փախան գնացին լեռները՝ իրենց բոլոր ունեցուածքը թողնելով քաղաքում։ 29Այն ժամանակ անապատ իջան իրաւունք եւ արդարութիւն որոնող շատ մարդիկ, 30որ բնակուեն այնտեղ իրենց կանանցով, որդիներով ու անասուններով, որովհետեւ չարագործութիւնը սաստկանում էր նրանց նկատմամբ։ 31Թագաւորի իշխաններն ու Դաւթի քաղաքում գտնուող զօրքը իմացան, որ թագաւորի հրամանը չկատարող մի քանի հոգի իջել են անապատի մօտ գտնուող ապաստարանները, իսկ շատերը նրանց միանալով՝ գնացել են նրանց հետ։ 32Ժամանակ նշանակեցին, պատրաստութիւն տեսան, ձի հեծած եկան ու պաշարեցին անապատի մօտ գտնուող ապաստարանները։ Նրանք պատերազմի պատրաստութիւն տեսան ու շաբաթ օրը պաշարեցին նրանց։ 33Նախ բանագնաց ուղարկեցին, սկսեցին բանակցութիւններ վարել՝ ասելով. «Գոնէ սրանից յետոյ ենթարկուեցէ՛ք թագաւորի հրամանին, որ կենդանի մնաք»։ 34Պաշարուածներն այնտեղից խօսել սկսեցին ու ասացին. «Ո՛չ դուրս կ՚ելնենք ապաստարաններից, ո՛չ թագաւորի հրամանին անսալով կը պղծենք մեր շաբաթ օրերը, ո՛չ էլ կը շեղուենք մեր օրէնքներից»։ 35Երբ նրանք այս խօսքերը լսեցին, աւելի սաստկացրին հակառակութիւնը նրանց նկատմամբ եւ ուզեցին աւելի սեղմել ապաստարանները պաշարող օղակը, որպէսզի գերի վերցնեն նրանց։ 36Սրանք ո՛չ կիրճերը փակեցին, ո՛չ քար արձակեցին, ո՛չ ապաստարաններն ամրացրին, ո՛չ իսկ նրանց ասածին պատասխան տուեցին, որովհետեւ օրը շաբաթ էր։ 37Սրանք միայն իրար էին քաջալերում՝ ասելով. «Հէնց այստեղ, մեր նեղութեան մէջ էլ կը մեռնենք, որովհետեւ երկինքն ու երկիրը վկայ են, որ իզուր էք մեզ ոչնչացնում։ Մեզ համար աւելի լաւ է մեռնել, քան թէ մեր օրէնքները խախտել ու շաբաթ օրերը պղծել»։ 38Երբ նրանք դա լսեցին, շաբաթ օրը սաստկացրին պատերազմը, սպանեցին հազար հոգի, չհաշուած այն, որ մարդկանց ու անասուններին գերի վարեցին։ 39Երբ դա լսեցին Մատաթիան ու իր եղբայրները, խիստ տրտմեցին ու մեծ սուգ արեցին։ 40Նրանք իրար հետ խօսելով ասացին. «Եթէ հետեւենք մեր եղբայրների օրինակին, այսինքն՝ մեր անձն ու իրաւունքները պաշտպանելու համար պատերազմի չելնենք հեթանոսների դէմ, կարճ ժամանակ յետոյ մեզ աւելի շուտ կը սպանեն, քան նախորդ օրերի մարդկանց»։ 41Ուստի հաւաքուեցին, պայմանաւորուեցին, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. «Ով էլ շաբաթ օրը գայ մեր դէմ պատերազմելու, համարձակ մարտնչենք եւ ոչ թէ ամէնքս էլ առհասարակ մեռնենք, ինչպէս մեռան անապատում ապրող մեր եղբայրները»։ 42Այն ժամանակ նրանց մօտ հաւաքուեցին ասիտացի շատ զինուորներ։ Սրանք իսրայէլացիների մէջ հզօր ու պատերազմող մարդիկ էին՝ ամէն մէկն իր օրէնքի համար ինքնակամ նահատակուելու պատրաստ։ 43Նրանց միացան նաեւ ամէն տեսակի չարագործութիւններից խուսափած մարդիկ, որով նրանք մեծ զօրք կազմեցին։ 44Զօրք հաւաքեցին, գնդեր կազմեցին, պատրաստութիւն տեսան, իրենց բարկութեան ուժով սպանեցին մեղաւորներին ու անօրէն մարդկանց, իսկ մնացածները փախան հեթանոսների մօտ։ 45Մատաթիան իր եղբայրների ու բարեկամների հետ հետապնդեց նրանց, հասաւ, ջարդեց, աւերեց մեհեանները, 46կործանեց բագինները, թլփատեց անթլփատ երեխաներին եւ ամրացաւ իսրայէլացիների սահմանների վրայ։ 47Նրանք հալածական արեցին ամբարտաւան մարդկանց։ Նրանց ձեռնարկած գործը յաջողութիւն ունեցաւ։ 48Նրանք պաշտպանեցին իրենց օրէնքները, վրէժ լուծեցին հեթանոսներից, մերժեցին թագաւորի անօրէն հրամանը, թոյլ չտուեցին, որ գլուխ բարձրացնի ամբարտաւանութեան եղջիւրը։ 49Երբ մօտեցան Մատաթիայի մեռնելու օրերը, նա իր մօտ կանչեց իր որդիներին ու ասաց նրանց. «Գոռոզութիւնն ու ամբարտաւանութիւնն են հաստատուել այժմ, բայց ահա հասել է կործանումն ու գոռոզութիւնը վերացնելու ժամանակը։ 50Արդ, զաւակնե՛րս, եկէք առաջնորդուեցէ՛ք օրէնքի հանդէպ նախանձախնդրութեամբ, դուք ձեզ նուիրեցէ՛ք հայրերի Կտակարանների պաշտպանութեանը, 51յիշեցէ՛ք, թէ ձեր հայրերը քաջութեան ինչ գործեր են կատարել իրենց ժամանակին, եւ աւագութեան փառք կը ստանաք, յաւիտենական անուն կը ժառանգէք։ 52Չէ՞ որ Աբրահամը փորձութեան ժամանակ հաւատարիմ գտնուեց եւ դրա համար էլ արդար համարուեց։ 53Յովսէփն իր նեղութեան ժամանակ պահեց պատուիրանը եւ տէր դարձաւ Եգիպտացիների երկրին։ 54Մեր նախանձախնդիր հայր Փենէէսն արդար վրէժի զգացումով առաջնորդուեց եւ առյաւէտ ստացաւ քահանայութեան ուխտը։ 55Նաւէի որդի Յեսուն Տիրոջ պատգամները կատարելու համար դարձաւ իսրայէլացիների դատաւորը։ 56Քաղեբը ժողովրդի մէջ վկայութիւն տալու համար դարձաւ ժառանգութեան տէր։ 57Դաւիթն իր հեզութեան, արդարամտութեան ու ողորմած լինելու համար յաւիտենապէս ժառանգեց թագաւորութեան գահը։ 58Եղիան օրէնքի նկատմամբ նախանձախնդիր լինելու համար բարձրացաւ երկինք։ 59Անանիան, Ազարիան ու Միսայէլը իրենց հաւատի շնորհիւ փրկուեցին հնոցի կրակից։ 60Դանիէլն անմեղ լինելու պատճառով փրկուեց առիւծների երախից։ 61Արդ, իմացէ՛ք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, սերնդից սերունդ չեն տկարանայ։ 62Ամբարիշտ մարդու խօսքից մի՛ վախեցէք, որովհետեւ նրա փառքը աղբ է ու կեղտ։ 63Այսօր լինի թէ վաղը, այն այլեւս չի մնայ, կը վերածուի հողի, եւ կ՚անէանան նրա մտադրութիւնները։ 64Գօտեպնդուեցէ՛ք, զաւակնե՛րս, հաստա՛տ մնացէք ձեր օրէնքի վրայ, որովհետեւ դրանով պիտի փառաւորուէք։ 65Գիտեմ, որ ձեր եղբայր Շմաւոնը խոհեմ մարդ է։ Լսեցէ՛ք նրան, նրան ընդունեցէ՛ք ձեր հօր տեղ։ 66Ձեր զօրքերի սպարապետը թող լինի զօրավար Յուդա Մակաբէն, նա թող պատերազմի ելնի զօրքով, 67իսկ դուք՝ օրէնքի նախանձախնդիր բոլոր մարդիկդ, միացէ՛ք, որ լուծէք ձեր ժողովրդի վրէժը. 68հատուցում պահանջեցէ՛ք հեթանոսներից ու հետեւեցէ՛ք օրէնքի հրամաններին»։ 69Նա օրհնեց նրանց, վախճանուեց ու միացաւ իր նախնիներին։ 70Նա մեռաւ հարիւր քառասունութ թուականին։ Նրան թաղեցին իր նախնիների գերեզմանատանը՝ Մոդիիմում, եւ ամբողջ Իսրայէլը մեծապէս սգաց նրան։
3 Նրան փոխարինեց Մակաբէ մականուամբ Յուդան՝ նրա որդին։ 2Նրան աջակից եղան իր բոլոր եղբայրները եւ բոլոր նրանք, ովքեր իր հօր հետեւորդներն էին։ Նրանք յանուն իսրայէլացիների պատերազմ էին մղում խինդով եւ ուրախութեամբ։ 3Մեծ էր Մակաբէի փառքը ժողովրդի վրայ։ Նա զինուեց իբրեւ մի հսկայ, պատերազմի զրահ հագաւ, մեծամեծներին պատերազմի էր առաջնորդում եւ իր նիզակով հովանի լինում իր զօրագնդերին։ 4Իր գործերով նա նմանուեց առիւծի ու որսի վրայ մռնչացող առիւծի ձագի։ 5Հետապնդելով հալածեց նա անօրէններին, կրակի մատնեց իր ժողովրդին անհանգստացնողներին։ 6Անօրէնները սարսափեցին նրա ահից,ովքեր սատար էին անօրէնութեան, խուճապի մատնուեցին. նրա շնորհիւ ձեռք բերուեց փրկութիւն։ 7Նա բազում թագաւորների դառնութիւն պատճառեց, իր գործերով ուրախացրեց Յակոբի տունը, դրա համար էլ նրա յիշատակը յաւիտեանս օրհնութեամբ է մնալու։ 8Նա յարձակւում էր Հրէաստանի քաղաքների վրայ, կոտորում այնտեղ գտնուող ամբարիշտներին, որպէսզի վերացնի Իսրայէլի վրայ իջած բարկութիւնը։ 9Նա հաւաքում էր ցրուած մարդկանց եւ գտնում կորածներին։ 10Այս դէպքերից յետոյ Ապոլոնիոսը հեթանոսներից զօրք հաւաքեց, զէնքի կոչեց նաեւ բազմաթիւ շամրտացիների, որպէսզի պատերազմի Իսրայէլի դէմ։ 11Երբ դա իմացաւ Յուդան, ընդառաջ ելաւ Ապոլոնիոսին եւ խփեց-սպանեց նրան, նրա զինուորներից շատերին վիրաւորելով կոտորեց, իսկ մնացածներին փախուստի մատնեց, 12աւարի ենթարկեց նրա ունեցուածքը։ Յուդան առաւ Ապոլոնիոսի սուսերն ու իր ամբողջ կեանքում դրանով կռուեց նրանց զօրքերի դէմ։ 13Երբ ասորեստանցիների զօրքերի իշխան Նրէնը լսեց, որ Յուդան զօրք է հաւաքել, եւ բազմաթիւ հաւատացեալներ պատերազմի են գալիս նրա հետ, 14ինքն իր մէջ մտածեց եւ ասաց. «Ես էլ անուն վաստակեմ ու փառքի տիրանամ իմ արքայութեան մէջ։ Պատերազմ մղեմ Յուդայի դէմ եւ պարտութեան մատնեմ նրանց, ովքեր անարգում են թագաւորի հրամանը»։ 15Նա կրկնապատիկ զօրք հաւաքեց։ Նրան օգնութեան հասան անօրէնների բազմաթիւ զօրքեր, որպէսզի յարձակուեն ու վրէժ լուծեն իսրայէլացիներից։ 16Նա եկաւ հասաւ մինչեւ Բեթորի կողմերը։ Յուդան նրան ընդառաջ գնաց սակաւաթիւ մարդկանցով։ 17Երբ նրանք տեսան, որ գունդ է գալիս իրենց դէմ ճակատելու, Յուդայի մօտ եղած մարդիկ սկսեցին խօսել ու ասացին. «Ինչպէ՞ս կարող ենք մենք սակաւաթիւ մարդկանցով մարտնչել այդքան բազմամարդ բանակի դէմ, մանաւանդ որ թոյլ ու տկար ենք, որովհետեւ արդէն քանի օր է, ինչ քաղցած ենք»։ 18Յուդան սկսեց նրանց քաջալերել ու ասաց. «Աստծու համար դիւրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը։ Երկնաւորի համար տարբերութիւն չկայ շատի ու քչի միջեւ, 19որովհետեւ յաղթանակը ձեռք է բերւում ոչ թէ շատ զօրքով, այլ այն զօրութեամբ, որ երկնքից է գալիս։ 20Նրանք մեզ վրայ են գալիս ամբարտաւան գոռոզութեամբ եւ անօրէնութեամբ, որպէսզի կոտորեն մեզ եւ մեր կանանց ու երեխաներին գերեվարեն։ 21Մենք մարտնչում ենք յանուն մեր անձերի ու յանուն մեր օրէնքների, 22եւ Տէրը նրանց սատակեցնելու է մեր ոտքերի առաջ։ Գօտեպնդուեցէ՛ք, քա՛ջ եղէք, մի՛ վախեցէք»։ 23Հազիւ էր նա իր խօսքերը վերջացրել, որ յարձակուեց գնդի վրայ, կոտորեց այն թեւը, ուր կազմ ու զինավառ կանգնած էր Նրէն իշխանը, հալածական արեց բանակն այդ վայրից եւ նրան ու ողջ զօրքը փախուստի մատնեց։ 24Նրանք հետապնդեցին դրանց մինչեւ Բեթորի դաշտի կողմերը, շատերին վիրաւորելով դիաթաւալ գետին տապալեցին։ Դրանցից մօտաւորապէս ութ հարիւր մարդ ընկաւ, իսկ մնացածները փախուստի դիմեցին դէպի Փիլիստիիմ։ 25Յուդան ու իր եղբայրները ահ ու սարսափ էին տարածել. այնուհետեւ նրանք որոշեցին ասպատակել իրենց շրջակայքում գտնուող հեթանոսների երկրները։ 26Նրա համբաւը հասաւ թագաւորին, որովհետեւ հեթանոսները պատմում էին նրա պատերազմների մասին։ 27Երբ այս դէպքերի մասին լսեց Անտիոքոս կայսրը, խիստ զայրացաւ։ Նա իր բոլոր երկրներից զօրք հաւաքելով՝ շատ մեծ բանակ կազմեց։ 28Նա բաց արեց գանձատունը, զինուորներին մէկ տարուայ պարգեւներ բաշխեց եւ պատուիրեց նրանց, որ պատրաստ լինեն ամէն ինչի։ 29Երբ տեսաւ, որ գանձատունը դատարկուել է, եւ նուազել է երկրի հարկը այն երկպառակութեան եւ հարուածների պատճառով, որ նա հասցրել էր երկրին, եղծել նախնիների օրէնքները, որ սահմանուած էին վաղ ժամանակներից, 30Անտիոքոսը զարհուրեց, որ գուցէ նուէրներն ու ռոճիկները բաւական չլինեն առաջուայ նման առատաձեռնօրէն բաժանելու համար։ 31Եւ նա վարանեց։ Մտածեց մտնել Պարսից աշխարհը, երկրի հարկը հաւաքել այնտեղից, շատ արծաթ կուտակել։ 32Նա այնտեղ թողեց Լիւսիասին՝ թագաւորական տոհմից մի հռչակաւոր մարդու, իբրեւ Եփրատի կողմերի ու եգիպտացիների սահմանների արքունի գործերի վերակացու, 33որպէսզի սա դաստիարակի իր որդի Անտիոքոսին, մինչեւ որ ինքը վերադառնայ այնտեղից։ 34Նա նրա մօտ թողեց զօրքի կէսն ու փղերը եւ կարգադրեց նրան անել այն ամէնը, ինչ ինքը կամենում էր ու ինչ ինքը խորհել էր ե՛ւ Հրէաստանի բնակիչների, ե՛ւ Երուսաղէմի մասին։ 35Նա նրանց համար գումարտակ յատկացրեց, որ կոտորի նրանց, բնաջինջ անի Իսրայէլի զօրքն ու Երուսաղէմի մնացած բնակիչներին, այնտեղից ջնջի նրանց յիշատակը, 36այնտեղ, նրանց բոլոր սահմաններում, բնակեցնի օտարազգիների որդիներին եւ չափած հողակտորների բաժանի նրանց ողջ երկիրը։ 37Ինքը վերցրեց զօրքի միւս կէսը եւ հարիւր քառասուն թուականին Անտիոքից՝ իր թագաւորանիստ քաղաքից շարժուեց, անցաւ Եփրատ մեծ գետն ու գնաց վերին գաւառների կողմերը։ 38Լիւսիասն ընտրեց Պտղոմէոսին՝ Դորիմէնի որդուն, Նիկանորին եւ Գորգիասին, որոնք արքայի հզօր բարեկամներն ու խորհրդականներն էին, 39նրանց յանձնեց քառասուն հազար հեծեալ եւ եօթը հազար բտած ձի, որպէսզի, թագաւորի հրամանի համաձայն, յարձակուեն Հրէաստան երկրի վրայ, աւերեն, քանդեն այդ աշխարհը, կործանեն երկիրը։ 40Նրանք իրենց ամբողջ զօրքով եկան ու բանակ դրեցին Ամաուսի մօտակայքում, դաշտավայրի տափարակ մասում։ 41Երբ այդ երկրի վաճառականները լսեցին, որ զօրք է եկել, որպէսզի աւարի մատնի Հրէաստան երկիրը, գերեվարի նրա որդիներին ու դուստրերին, վերցրին իրենց արծաթն ու ոսկին եւ այնքան ձեռնհաս մարդ, որ կարող լինէին օգնել իրենց, որպէսզի գան ու փրկագնեն օտար երկրներում գերի ընկած իսրայէլացիներին։ Դրանց միացան նաեւ ասորիների ու այլազգիների երկրների զօրքերը։ 42Երբ Յուդան ու իր եղբայրները տեսան, որ ամէն տեսակ չարիքներ են կուտակւում իրենց վրայ, եւ այս զօրքն էլ եկել, պաշարուած վիճակում է պահել իրենց սահմանները, երբ նաեւ տեղեկացան ժողովրդին կորստի ու բնաջնջման մատնելու վերաբերեալ թագաւորի հրամանի մասին, սկսեցին իրար հետ խօսել եւ ասացին. 43«Եկէք սրտապնդուենք, կանխենք մեր ժողովրդի անկումը, պատերազմենք յանուն մեր սրբութիւնների, յանուն մեր ազգի»։ 44Եւ ժողովուրդը պատերազմի պատրաստութիւն տեսաւ, աղօթք արեց ու Տիրոջից ողորմածութիւն խնդրեց։ 45Երուսաղէմն աւերակ ու ամայի էր, նրա բնակիչներից չկար ոչ մէկը, որ մտնէր ու ելնէր այնտեղից։ Նրա սրբութիւնները այլազգիների որդիները ոտնակոխ էին անում, քաղաքի ամրութիւնները հեթանոսների բնակութեան վայր էին դարձել։ Վերացաւ ուրախութիւնը Յակոբի տնից, պակասեցին շեփորների ու տաւիղների ձայները, լռեցին երաժշտութեան ցանկալի եւ ուրախ հնչիւնները։ 46Բոլորը եկան հաւաքուեցին Մասեփայում՝ Երուսաղէմի դէմ յանդիման, որովհետեւ իսրայէլացիների աղօթատեղին առաջ Մասեփայում էր։ 47Ծոմ պահեցին, քուրձ ու ցնցոտի հագան, մոխիր ու հող վերցրին, ածեցին իրենց գլխին, պատառոտեցին օձիքները։ 48Բացում էին Օրէնքի մատեանները, որոնց համար հեթանոսները հալածում էին իրենց, 49բերում էին քահանայութեան զգեստները, բերքի առաջին պտուղներն ու տասանորդներն էին մէջտեղ դնում, հաւաքում ու բերում էին այն ուխտաւորներին, որոնք վերջացրել էին իրենց ուխտի օրերը։ 50Նրանք բարձր ձայնով իրենց խօսքը երկինք էին առաքում՝ ասելով. «Հիմա ի՞նչ անենք սրանց, կամ ո՞ւր տանենք, 51որովհետեւ քո սրբութիւնները ոտնակոխ են եղել, քո քահանաները նստել են սգի ու տառապանքի մէջ, 52բոլոր հեթանոսները ահա հաւաքուել են, որ բնաջնջեն մեզ։ Դու գիտես, թէ նրանք ինչ են խորհում մեր մասին։ 53Հիմա մենք ինչպէ՞ս կարող ենք դէմ կանգնել, եթէ դու մեզ չօգնես»։ 54Նրանք շեփոր էին փչում, աղաղակ բարձրացնում, բարձր ձայնով դէպի երկինք դիմում։ 55Դրանից յետոյ Յուդան սկսեց կարգ հաստատել ժողովրդի մէջ։ Նա հրամանատարներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ նշանակեց նրանց վրայ։ 56Իսկ շէնքեր կառուցողներին, նոր ամուսնացածներին ու այգի տնկողներին ասուեց եւ վախկոտներին էլ պատուէր տրուեց, որ, Օրէնքի համաձայն, իրենց տները վերադառնան։ 57Ամբողջ զօրքը հասաւ ու բանակ դրեց Ամաուսի թիկունքում։ 58Այնտեղից Յուդան սկսեց քաջալերել զօրքին՝ ասելով. «Զինուեցէ՛ք, պատրաստուեցէ՛ք, գօտեպնդուեցէ՛ք, որ վաղը առաւօտեան պատերազմ մղենք հեթանոսների դէմ, որոնք եկել են բնաջնջելու մեզ ու մեր սրբութիւնները։ 59Աւելի լաւ է մեռնենք պատերազմի դաշտում, քան տեսնենք մեր ազգի ու մեր սրբութիւնների անարգանքը։ 60Ինչ որ է երկնային Տիրոջ կամքը, այդպէս էլ թող կատարուի։ 61Նա թող յիշի մեր հայրերի հետ կնքած ուխտը եւ մեր ոտքերի առաջ թող կոտորի այս զօրքը, 62որպէսզի հեթանոսները գիտենան, թէ գոյութիւն ունի մէ՛կ Աստուած, որ փրկում է Իսրայէլը»։
4 Այլազգիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ նրանք յարձակուելով գալիս են իրենց վրայ. 2եւ նրանք պատերազմելու ելան նրանց գնդերի դէմ։ 3Յուդայի զինուորները շեփոր հնչեցրին ու մի տեղ հաւաքուեցին։ Յարձակուեցին, կոտորեցին, փախուստի մատնեցին, 4մի մասին տեղում սպանեցին, ոմանց դաշտում սրախողխող արեցին, փախուստի մատնեցին մինչեւ Գազիրոնի սահմանները, եդոմացիների, Ազոտի ու Յամէնի կողմերը։ Այդ օրը խոցուած ընկաւ շուրջ երեք հազար մարդ։ 5Յուդան վերադարձաւ իր զօրքով։ Երբ նա եկաւ հասաւ ճակատամարտի վայրը, 6սկսեց խօսել զօրքի հետ ու ասաց. «Դեռ մի՛ մտածէք ընկած դիակները կողոպտելու մասին, 7որովհետեւ ահա Գորգիասը սպառազինուած իր զօրքով կանգնած է մեր դէմ։ Դիրքե՛ր բռնեցէք, կանգնեցէ՛ք ձեր թշնամիների դէմ, իսկ մարտի յաղթանակից յետոյ համարձակ կերպով կողոպտեցէ՛ք նրանց»։ 8Երբ նա այս խօսքերն էր ասում, տեսան, որ մի գունդ երեւաց լերան կողմից։ 9Գնդի մարդիկ մտածեցին, որ իսրայէլացիները պարտութեան մատնուելով կրակ են գցել ճամբարի մէջ, եւ բարձրացող ծուխը կատարուած դէպքի նշան է։ 10Երբ սրանք դա տեսան, կանգ առան՝ մանաւանդ նկատելով, թէ Յուդայի գունդը ինչպէս էր պատրաստուած ճակատամարտ տալու համար։ 11Սրանք վեր կացան ու փախան Փղշտացիների երկիրը։ 12Յուդան վերադարձաւ ճակատամարտի վայրը, որպէսզի կողոպտի ընկած դիակները։ Նա նրանց բանակից վերցրեց ոսկի ու արծաթ, թանկարժէք զգեստներ, կարմիր, կապուտակ, ծովագոյն կտորեղէն, մեծ հարստութիւն։ 13Երբ այնտեղից վերադարձան, սկսեցին գոհութիւն մատուցել, օրհնել երկնային Տիրոջն ու ասել. «Նա բարի է, յաւիտենական է նրա ողորմածութիւնը»։ 14Եւ Իսրայէլն այդ օրը մեծ փորձանքից ազատուեց։ 15Այլազգիներից ովքեր այս անգամ փրկուել էին, եկան պատմեցին Լիւսիասին այն ամէնը, ինչ կատարուել էր։ 16Երբ դա լսեց Լիւսիասը, տրտմեց ու երեսի վրայ ընկաւ գետին, որովհետեւ իսրայէլացիների վերաբերեալ իր ցանկութիւնը չէր կատարուել այնպէս, ինչպէս ինքն էր մտածել. չէր կատարուել այն, ինչ պատուիրել էր իրեն թագաւորը։ 17Յաջորդ տարի նա մօտ վեց հազարանոց հետեւակ զօրք հաւաքեց, հինգ հազարանոց սպառազինուած հեծեալ այրուձի կազմեց, որպէսզի գայ, կողոպտի Հրէաստան երկիրը։ 18Եկան, հասան, ճակատամարտ տուեցին Բեթսորի կողմերում։ Յուդան նրան ընդառաջ եկաւ տասնմէկ հազար մարդկանցով։ 19Երբ տեսան բազմամարդ ու հզօր գունդը, սկսեցին աղօթել, օրհնել Աստծուն եւ ասել. «Տէ՛ր Աստուած, դու ես այն Աստուածը, որ քո ծառայ Դաւթի ձեռքով կոտորեցիր յարձակում գործած հզօր ազգի զօրքերին, Սաւուղի որդի Յովնաթանի ձեռքը մատնեցիր այլազգիների բանակները։ 20Արդ, Իսրայէլի ձեռքով խորտակի՛ր այս զօրքի զօրութիւնը։ Թող նօսրանան նրանց զօրքերի՝ հեծեալների ու հետեւակների շարքերը։ 21Սարսա՛փ գցիր նրանց մէջ, հալածի՛ր նրանց գոռոզ զինուորներին, նրանք թող դողան իրենց պարտութիւնը տեսնելով։ 22Կործանի՛ր նրանց, յանձնի՛ր քո սիրելիների սրերի բերանը, որպէսզի քեզ օրհնեն նրանք, ովքեր ճանաչում են քո անունը»։ 23Բանակները բախուեցին միմեանց, եւ այդ ժամանակ իրենց առաջ Լիւսիասի գնդից ընկաւ հինգ հազար հեծեալ։ 24Երբ Լիւսիասը տեսաւ իր գնդի պարտութիւնն ու Յուդայի գնդի քաջութիւնն ու յաղթանակը եւ այն, որ նրանք պատրաստ էին քաջ յաղթողի անուն վաստակելու համար ապրել կամ մեռնել, նահանջեց, գնաց Անտիոքի կողմերը։ Դարձեալ նա զօրք հաւաքեց, սպառազինուեց, որպէսզի նորից արշաւի դէպի Հրէաստան։ 25Յուդան ու եղբայրներն սկսեցին խօսել ժողովրդի հետ ու ասացին. «Ահա մեր թշնամիները ջախջախուեցին մեր ոտքերի առաջ։ Եկէք գնանք, մաքրենք սրբարանը, մաքրենք տաճարը, որպէսզի նաւակատիք անենք այնտեղ»։ 26Ողջ ժողովուրդը հաւաքուեց, եկաւ հասաւ Սիոն լեռը 27եւ տեսաւ, որ սրբարանն աւերուած է, զոհասեղանը՝ պղծուած, դռները՝ հրկիզուած։ Գաւիթներում թփեր էին բուսել ինչպէս անտառում կամ մի լերան վրայ, կամարակապ սենեակներն աւերուած էին, ներքնախցերը՝ քանդուած։ 28Նրանք ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին պատմուճանները, գլուխներին հող ցանեցին։ 29Թաւալւում էին գետին, շեփոր էին փչում, դէպի երկինք աղաղակ բարձրացնում։ 30Այն ժամանակ Յուդան հրաման տուեց, որ զօրքը հաւաքուի, պաշարի միջնաբերդը՝ մաքրելու համար սրբարանը։ 31Նա ընտրեց անարատ, օրէնքներին հնազանդ քահանաներ եւ մաքրել տուեց սրբարանը։ 32Նրանք հանեցին պղծուած վէմերը, հաւաքեցին մի առանձին տեղ 33եւ խորհրդի նստեցին թշնամիների պղծած ողջակէզների զոհասեղանի համար, թէ ինչ անեն այն։ 34Քանի որ այն պղծել էին թշնամիները, խորհրդի նստածները որոշեցին քանդել զոհասեղանը, որպէսզի իրենց խիղճը չտանջի ու յաւիտենական նախատինք չլինի։ Նրանք քանդեցին զոհասեղանը, 35քարերը տարան դրեցին յարմար մի տեղ, մինչեւ կը գար մի մարգարէ ու իր խօսքը կ՚ասէր դրանց մասին։ 36Նրանք, ինչպէս սահմանուած է Օրէնքով, վերցրին անկոփ քարեր, 37կառուցեցին սրբարանը ու այն ամէնը, ինչ պէտք է լինէր տաճարի ներսում, եւ մաքրեցին գաւիթները։ 38Պատրաստեցին սրբութեան նոր սպասքներ, ներս տարան լոյսի աշտանակը, խնկերի սեղանը, տաճարի սեղանը։ 39Զոհասեղանի վրայ խունկ ծխեցին, վառեցին ճրագները եւ լուսաւորեցին տաճարը։ 40Սեղանի վրայ դրեցին հանապազօրեայ հացը, կախեցին վարագոյրները եւ արեցին այն բոլոր արարողութիւնները, որ պէտք է կատարէին։ 41Հարիւր քառասուն թուականի իններորդ ամսի քսանհինգերորդ օրուայ առաւօտեան վաղ վեր կացան, 42ըստ Օրէնքի զոհ մատուցեցին այդ ժամանակ նոր կառուցուած ողջակէզների սեղանի վրայ։ 43Այն նոյն օրը, որ հեթանոսները պղծել էին զոհասեղանը, տարուայ այդ նոյն օրն էլ այն նորոգուեց օրհնութեան երգերով, շեփոր, քնար ու սրինգ հնչեցնելով։ 44Ողջ ժողովուրդն ընկաւ երեսի վրայ, խոնարհուեց, երկրպագութիւն արեց, օրհնեց իրենց գործին յաջողութիւն պարգեւած երկնային Աստծուն։ 45Ութ օր նրանք կատարեցին զոհասեղանի նաւակատիքը, ուրախութեամբ ողջակէզներ, փրկութեան ու օրհնութեան զոհեր մատուցեցին։ 46Տաճարի ճակատը, կամարակապ դահլիճը ու ներքնախցերը զարդարեցին ոսկէ պսակներով ու ոսկէ ճարմանդներով, նորոգեցին դարպասները, տեղադրեցին դռները։ 47Ժողովուրդը խիստ մեծ ուրախութեան մէջ էր, որովհետեւ իրենց վրայից ջնջւում էր թշնամու հասցրած նախատինքը։ 48Յուդան, իր եղբայրներն ու իսրայէլացի ողջ ժողովուրդը որոշեցին, որ զոհասեղանի նաւակատիքի այս օրերը ամէն տարի ութ օր ուրախութեամբ ու ցնծութեամբ նշուեն նոյն այդ ժամանակ՝ իններորդ ամսի քսանհինգերորդ օրը, տարուայ վերջում։ 49Այդ ժամանակ նրանք Սիոն լերան շուրջը կառուցեցին բոլորշի բարձր պարիսպներ, ամուր աշտարակներ, որպէսզի հեթանոսները չգան, ոտնակոխ չանեն այդ վայրը, ինչպէս արել էին առաջ։ 50Յուդան այդտեղ պահապան զօրք թողեց, ամրացրեց Բեթսուրան, որպէսզի եդոմայեցիների կողմից զօրքն ապահով պատնէշ ունենայ։
5 Երբ շրջակայքի հեթանոսները լսեցին, որ զոհասեղանը նորից են շինել ու սրբարանը վերականգնել առաջուայ պէս, խիստ զայրացան։ 2Որոշեցին գալ, բնաջնջել իրենց մօտ բնակուող Յակոբի ցեղը եւ սկսեցին սպանել ու կոտորել նրանց։ 3Յուդան միշտ պատերազմ էր մղում Եսաւի որդիների՝ եդոմայեցիների եւ ակրաբատացիների դէմ, որովհետեւ սրանք եկել էին ու Իսրայէլը պաշարելով նստել։ Նա ծանր հարուածներ հասցրեց նրանց, ընկճեց նրանց եւ կողոպտեց նրանց ունեցուածքը։ 4Նա յիշեց Բեանի ցեղի չարագործութիւնները. նրանք գայթակղութեան որոգայթ էին դառնում ժողովրդի համար, դարանակալում էին նրանց ճանապարհներին։ 5Յուդայից փախչելով՝ նրանք ամրացան իրենց բերդերում, բայց նա եկաւ, շրջապատեց նրանց, հրդեհեց նրանց բերդերը բոլոր բնակիչներով հանդերձ։ 6Ինքն այնուհետեւ յարձակուեց ամոնացիների վրայ, բայց այնտեղ նա պատահեց մի հզօր ձեռքի՝ բազմաթիւ զօրքերի ու նրանց զօրագզուխ Տիմոթէոսին։ 7Նրանք բախուեցին իրար։ Նրանք բազմիցս էին պատերազմել միմեանց դէմ։ 8Նա հարուածեց, վանեց նրանց, գրաւեց Ազեր քաղաքն ու նրա շրջակայքի գիւղերը եւ վերադարձաւ Հրէաստան։ 9Հրեաների դէմ հաւաքուեցին իրենց մօտիկ՝ Գաղաադում բնակուող բոլոր հեթանոսները, որպէսզի բնաջնջեն իրենց կողմերում գտնուող հրեաներին։ Հրեաները փախուստի մատնուելով՝ ընկան Դոթայիմում գտնուող բերդերը։ 10Նրանք բանագնացներ ուղարկեցին Յուդայի ու նրա եղբայրների մօտ եւ ասացին. «Ահա մեզ վրայ են յարձակուել բոլոր հեթանոսները։ Նրանք շրջապատել են մեզ եւ ուզում են մեզ բնաջնջել այստեղ։ 11Նրանք պատրաստւում են գրաւել այն բերդերը, ուր մենք պատսպարուել ենք։ Նրանց զօրագլուխը Տիմոթէոսն է։ 12Արդ, եթէ քո ձեռքին հնար կայ, շտապի՛ր փրկել մեզ նրանց ձեռքից, 13որովհետեւ մեզանից շատերն են սպանուել, Տոբայում գտնուող մեր բոլոր եղբայրները կոտորուել են, նրանց կանայք ու որդիները՝ գերեվարուել։ Իրենց ունեցած-չունեցածով առհասարակ կորել է այդ կողմերում այնքան մարդ, որչափ լինում է մի հազարապետի իշխանութեան տակ»։ 14Դեռ նամակն իրենց ձեռքին էր, որ գալիլիացիների կողմից օձիքները պատառոտուած, ճակատները պատռուած գուժկաններ հասան։ Սրանք գուժելով յայտնեցին. 15«Պըտղոմէոսի, Ծուրի ու Ծայդանի կողմից մեզ վրայ են յարձակուել Գալիլիայի բոլոր կողմերի այլազգիները, որպէսզի մեզ բնաջնջեն այնտեղ»։ 16Երբ դա լսեցին Յուդան ու ժողովուրդը, անմիջապէս խորհրդի հաւաքուեցին, որպէսզի որոշեն, թէ ինչ ձեռնարկեն՝ փրկելու համար իրենց եղբայրներին, որոնք նեղութեան մէջ էին եւ տառապում էին պատերազմողների ձեռքին։ 17Յուդան սկսեց խօսել իր եղբայր Շմաւոնի հետ ու ասաց. «Ընտրի՛ր կտրիճ տղամարդկանց ու գնա՛ Գալիլիայի կողմերում նեղութեան մէջ գտնուող մեր եղբայրներին փրկելու, իսկ ես ու իմ եղբայր Յովնաթանը կը գնանք Գաղաադի կողմերը»։ 18Նա Զաքարիայի որդի Յովսեպոսին ու զօրագլուխ Զաքարիային յանձնեց ընտիր զօրքեր, որպէսզի սրանք պահպանեն Հրէաստան երկիրը։ 19Նա պատուիրեց նրանց ու ասաց. «Կը ղեկավարէք այս ժողովրդին, բայց մինչեւ մեր այնտեղից վերադառնալը ոչ մի ճակատամարտ չտաք հեթանոսների դէմ»։ 20Զօրք հաւաքեցին ու այն բաժանեցին երկուսի միջեւ։ Երեք հազարը Շմաւոնի հետ գնաց Գալիլիայի կողմերը, իսկ ութ հազարը՝ Գաղաադի երկիրը։ 21Շմաւոնը գնաց Գալիլիացիների երկիրը եւ պատերազմեց հեթանոսների դէմ։ Հեթանոսները կոտորուեցին նրա հարուածներից։ Նա նրանց հալածեց մինչեւ Պտղոմէոսի դարպասները։ 22Այդ օրը հեթանոսներից կոտորուեց երեք հազար սպառազէն զինուոր։ 23Նա Գալիլիայի ու Արաբաթի կողմերը մատնեց աւարի, գերեց կանանց՝ իրենց որդիների հետ, գրաւեց բոլոր տներն իրենց կահ-կարասիով ու գանձերով։ Նրանք այդ բոլորը մեծ ցնծութեամբ եւ ուրախութեամբ բերեցին Հրէաստան երկիր։ 24Յուդա Մակաբայեցին ու նրա եղբայր Յովնաթանն անցան Յորդանան գետի միւս ափը եւ երեք օրուայ ճանապարհ կտրեցին անապատով։ 25Խաղաղութեամբ նրանց առաջ ելան նաբատացիները եւ պատմեցին Գաղաադի երկրում իրենց եղբայրների հետ կատարուած դէպքերի մասին, 26թէ ինչպէս իրենցից շատերը արգելափակուած են եղել Բոսոր, Բոսալում, Մակեդիայի Սեփոր եւ Զառնասպասի քաղաքներում։ Այս քաղաքներն ամուր էին ու մեծ։ 27Յայտնեցին նաեւ, որ Գաղաադի կողմի միւս քաղաքները նոյնպէս պաշարուած են, որ նրանք հաւաքուել են մի տեղ, պայմանաւորուել, որ վաղն եւեթ շրջապատեն բերդերը, գրաւեն, բոլորին սպանեն, բնաջնջեն մէկ օրում։ 28Երբ դա լսեց Յուդան, անմիջապէս մի զօրագունդ կազմեց ու բռնեց անապատի ճանապարհը։ Նա շտապ արշաւեց դէպի Բոսոր, յանկարծակի, անսպասելի մի ժամի գրաւեց ողջ քաղաքը։ Ինքն այնտեղ իր սուր սուսերով սպանում էր բոլոր երիտասարդներին, բռնագրաւում բոսորացիների քաղաքի ողջ գոյքը եւ ամբողջ քաղաքը կրակի մատնում, 29իսկ գիշերը ինքն իր զօրագնդով դիմում էր պաշարուած բերդերի կողմը։ 30Երբ գիշերն անցնում, եւ առաւօտը բացուելու վրայ էր, նրանք բարձրացրին իրենց աչքերը եւ անթիւ-անհամար զօրքեր տեսան, որոնք բերում էին սանդուղքներ, ռազմական մեքենաներ եւ այլ յարմարանքներ, որպէսզի բերդերի վրայ բարձրանան, կռիւ տան, պատերազմի մէջ մտնեն։ 31Երբ Յուդան այդ կողմը նայեց, տեսաւ, որ մարտն սկսուած է։ Այնտեղ՝ աղաղակող քաղաք, այստեղ՝ շրջապատող զօրքեր։ Կռուի աղմուկը, պատերազմի շառաչը, շեփորի կանչը՝ այս ամէնը երկինք էին հասնում։ 32Նա իր զօրքին դիմելով՝ ասաց. «Ապա, զգաստացէ՛ք, պի՛նդ կացէք։ Ձեր գործը այսօր մարտնչելն է եղբայրների համար»։ 33Նա ամբողջ զօրքը բաժանեց երեք գնդի եւ նրանց շրջապատելով կռուի պատրաստուեց։ Շեփոր հնչեցրին, քաջալերեցին միմեանց, աղօթքներով Աստծուն դիմեցին ու յարձակման անցան։ 34Տիմոթէոսին ու իր զօրքին իմաց տուեցին, թէ Մակաբէն զօրքով յարձակում է գործել։ Երբ սրանք տեսան դա, շփոթուեցին, խուճապի մատնուեցին, ընկրկեցին, լքեցին բոլոր մեքենաներն ու փախուստի դիմեցին։ Նա այդ օրը սաստիկ մեծ հարուած հասցրեց նրանց, հետապնդեց նրանց, մէկը միւսի յետեւից դիաթաւալ արեց, սրախողխող արեց մօտ ութ հազար սպառազէն զինուոր։ 35Ապա շուռ եկաւ Մայափի կողմը, ճակատամարտ տուեց դրա շրջակայքում, գրաւեց այն, սպանեց այդտեղի բոլոր երիտասարդներին, բռնագրաւեց նրանց կայքն ու ունեցուածքը եւ քաղաքն էլ հրի մատնեց։ 36Այնտեղից շարժուեց, եկաւ պաշարեց Մակեդիայի Քասփօ եւ Բոսոր քաղաքները, ինչպէս նաեւ Գաղաադի մնացած քաղաքները։ 37Որոշ ժամանակ անց Տիմոթէոսը դարձեալ զօրք հաւաքեց, եկաւ բանակ դրեց Ռափոնի դիմաց, գետի այն կողմում։ 38Յուդան հետախոյզներ ուղարկեց, որպէսզի հետախուզեն նրանց բանակները։ Եկան, պատմեցին ու ասացին. «Խիստ համախմբուած են մեր շրջապատում բնակուող բոլոր ցեղերն ու ազգերը։ Նրանք շատ մեծ զօրք են կուտակել։ 39Նրանք, իբրեւ օգնական, բազմաթիւ արաբներ են վարձել, բանակ դրել գետի այն կողմում եւ պատրաստւում են գալ, յարձակուել քեզ վրայ»։ Երբ դա լսեց Յուդան, անմիջապէս ի՛նքը նախայարձակ եղաւ։ 40Երբ Տիմոթէոսը տեսաւ դա, սկսեց խօսել իշխանների հետ ու ասաց. «Երբ նա կը հասնի գետի ափին, ուշադի՛ր եղէք Յուդայի ու նրա գնդի նկատմամբ։ Եթէ նա հասնի ու միանգամից անցնի գետը, ապա մենք չենք կարող դէմ կանգնել նրան, որովհետեւ նա մեզ անպայման կը յաղթի, 41իսկ եթէ հասնի գետի ափին ու բանակ դնի այնտեղ, նշանակում է՝ վախենում է։ Այդ դէպքում մենք կ՚անցնենք գետը, մարտի մէջ կը մտնենք ու կը յաղթենք նրան»։ 42Հազիւ էր նա իր խօսքը վերջացրել, որ Յուդան զօրքով հասաւ գետի ափը։ Այնտեղ, գետի ափին, նշանակեց գրագիրներ եւ նրանց պատուիրեց, որ ոչ ոքի թոյլ չտան բանակ դնել գետի ափին, այլ պատերազմող ամէն մի մարդ շեփորի ձայնով իրար յետեւից առաջ ընթանայ։ 43Ինքը միանգամից հասաւ, անցաւ գետը ու յարձակուեց. նախ առաջապահ գունդը տեղում ջարդեց, ամբողջ զօրքը փախուստի մատնեց, իսկ բոլոր ցեղերն ու ազգերը, զէնքերը նետելով, փախան-գնացին բերդի կողմը՝ Կառնայինի մեհեանին նուիրուած վայրը։ 44Սրանք եկան, հասան, պաշարեցին քաղաքը, հրդեհեցին բերդը մեհեանով հանդերձ։ Կառնայինը ընկճուեց, չկարողացաւ դիմադրել Յուդային։ 45Յուդան հրաման տուեց տեղափոխել Գաղաադի կողմերում ապրող բոլոր հրեաներին իրենց բոլոր կանանցով, երեխաներով, կահ-կարասիով ու բերել, հասցնել Հրէաստան երկիրը։ 46Դա մեծաթիւ մի բազմութիւն էր։ Նրանք եկան-հասան Եփրոն քաղաքի դարպասին։ Սա ճանապարհի վրայ, ամուր մի վայրում գտնուող մի մեծ քաղաք էր, եւ իրենք աջ կամ ձախ շեղուելու ուրիշ ճանապարհ չունէին, այլ միայն քաղաքի միջով պիտի անցնէին։ 47Երբ քաղաքում գտնուող զօրքերը տեսան զինուորներին ու զօրքի բազմութիւնը, դարպասները փակեցին, դռների յետեւը քարեր լցրին եւ թոյլ չտուեցին, որ նրանք անցնեն քաղաքի միջով։ Երբ Յուդան տեսաւ դա, խաղաղութեան առաջարկով դիմեց նրանց եւ ասաց. 48«Թո՛յլ տուէք, որ անցնենք ձեր երկրով։ Թողէ՛ք անցնենք, գնանք մեր երկիրը։ Մենք ձեզ ոչ մի վնաս չենք պատճառի, միայն մեր ոտքերը կ՚անցնեն ձեր հողի վրայով»։ Նրանք չհամաձայնեցին բանալ դարպասները։ 49Այն ժամանակ Յուդան հրամայեց շեփոր հնչեցնել, ճառ արտասանեց ու ասաց. «Այժմ թող ամէն մի գունդ, որտեղ որ կանգնել է, այդտեղով էլ թող ներս մտնի»։ 50Ամէն մի գունդ, որտեղ որ կանգնել էր, այդտեղ էլ ճակատամարտ տուեց։ Կռուեցին ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, մինչեւ որ քաղաքն անցաւ իրենց ձեռքը։ 51Այստեղ նրանք սրակոտոր արեցին բոլոր երիտասարդներին, հիմնայատակ կործանեցին, կողոպտեցին քաղաքը, դիակները կոխոտելով անցան քաղաքի միջով։ 52Նրանք Յորդանան գետի միջով անցան տափարակ մի վայր՝ մի մեծ դաշտ, եւ այնտեղ բանակատեղի դրեցին Բեթսոնի դէմ յանդիման։ 53Այնտեղ նա հոգ տարաւ յետ մնացած ժողովրդի մասին։ Յուդան բոլորին յուսադրում էր։ Ճանապարհի ողջ ընթացքում նա այսպէս էր վարւում, մինչեւ որ նրանց բերեց հասցրեց Հրէաստան երկիր։ 54Եկան, հասան, ցնծութեամբ եւ ուրախութեամբ բարձրացան Սիոն լեռը, այնտեղ ողջակէզներ ու զոհեր մատուցեցին, որովհետեւ այնտեղից մինչեւ այստեղ գալը ոչ ոք չէր սպանուել, եւ տեղ էին հասել խաղաղութեամբ։ 55Այդ օրերին Յուդան ու Յովնաթանը Գաղաադի երկրում էին, իսկ իրենց եղբայր Շմաւոնը Գալիլիացիների երկրում էր գտնւում, Պտղոմէոսի դիմաց։ 56Երբ Զաքարիայի որդի Յովսեպոսն ու զօրքերի իշխան Զաքարիան լսեցին այդ պատերազմում տարած յաղթութեան մասին, ասացին. 57«Եկէք մենք էլ գնանք, պատերազմ մղենք մեր շրջակայքում գտնուող հեթանոսների դէմ եւ մենք էլ փառք վաստակենք»։ 58Զօրքերի համար ժամ նշանակեցին, շարժուեցին-գնացին Համնիայի կողմերը։ 59Գորգիոսն իր մօտ գտնուող զօրքով դուրս ելաւ քաղաքից, որ ճակատամարտ տայ։ Նրանք բախուեցին միմեանց։ 60Պարտութեան մատնուեցին Յովսեպոսն ու Զաքարիան եւ հալածական դարձած՝ փախան մինչեւ Հրէաստան երկրի սահմանները։ Այդ օրը նրանց զօրքից ընկաւ շուրջ երկու հազար մարդ։ Այս աղէտը շատ ծանր նստեց ժողովրդի վրայ, 61որովհետեւ նրանք չլսեցին Յուդային ու նրա եղբայրներին, այլ մտածեցին, որ իրենք էլ նրա նման քաջի անուն կարող են վաստակել։ 62Նրանք, սակայն, այն մարդկանց զաւակներից չէին, որոնց միջոցով Իսրայէլը փրկութիւն պիտի ստանար։ 63Յուդան ինքն ու իր եղբայրները հռչակաւոր դարձան ժողովրդի աչքին, բոլոր հեթանոս ազգերի առաջ։ 64Ուր որ լսում էին նրանց անունները, հաւաքւում էին ու օրհնում նրանց։ 65Յուդան ելաւ իր եղբայրների հետ, որ պատերազմ մղի հարաւային մասում գտնուող Եսաւի որդիների դէմ։ Այնտեղ նա յարձակուեց Քեբրոն քաղաքի ու նրա գիւղերի վրայ, քանդեց, կործանեց նրա բոլոր ամրութիւնները, հրի մատնեց նրա շրջակայքում գտնուող աշտարակները։ 66Նա ելաւ գնաց այլազգիների երկիրը, եկաւ հասաւ Մարիսայի կողմերը։ 67Քաջի անուն վաստակելու համար կռուի ելան բազմաթիւ քահանաներ, բայց նրանք սպանուեցին, որովհետեւ ծանօթ չէին պատերազմ վարելու գործին։ 68Յուդան շուռ եկաւ Ազոտի կողմը՝ դէպի այլազգիների երկիրը, աւերեց նրանց մեհեանները, կործանեց նրանց կուռքերը, հրի մատնեց նրանց քաղաքները, բռնագրաւեց նրանց կայքն ու ունեցուածքը եւ վերադարձաւ Հրէաստան երկիր։
6 Անտիոքոս կայսրը գնում էր վերին գաւառները։ Նրան տեղեկացրին, որ Պարսից աշխարհի Լիմնէոս քաղաքի կողմերում կայ հռչակաւոր, ոսկով ու արծաթով հարուստ մի քաղաք, 2այնտեղ գտնուող մեհեանը խիստ հարուստ գանձեր ունի, այնտեղ կան ոսկեձոյլ մեծամեծ կուռքեր, բազում զէնքեր, զրահներ ու պատեաններ, որը թողել էր Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, որ նախ թագաւորել էր Յունաստանի վրայ, 3ապա եկել հասել էր այդ քաղաքը եւ ուզում էր գրաւել այն՝ կողոպտելու համար։ Երբ դա իմացան քաղաքացիները, 4պատրաստուեցին ճակատամարտ տալու եւ թոյլ չտուեցին, որ նա քաղաք մտնի։ Ալեքսանդրը վախեցաւ ու արեւելեան կողմերից գնաց Բաբելացիների երկիրը։ 5Հարաւային կողմերից Անտիոքոս կայսեր մօտ գուժկան եկաւ ու յայտնեց, որ Հրէաստանի վրայ յարձակուած զօրքը կոտորուել է, 6որ բազմաթիւ զինուորներով առաջից գնացող Լիւսիասը պարտութեան է մատնուել նրանց կողմից, որ նրանք հզօրացել են զէնքերով, զօրքերով, շատ աւար են առել, կոտորել իրենց բանակները, իրենց կայքն ու ունեցուածքը բռնագրաւել, 7մեհեաններն աւերել, Երուսաղէմում զոհասեղանի վրայ շինուած կուռքերը կործանել, առաջուայ պէս բարձր պարիսպներով փակել սրբավայրը, դրա հետ նաեւ Բեթսոր քաղաքը։ 8Երբ այս բանը լսեց թագաւորը, խիստ զարմացաւ, շուարեց ու զայրացաւ, անկողին ընկաւ ու հիւանդացաւ, քանի որ չէր կատարուել իր հրամանը։ 9Այնտեղ նա մնաց բազմաթիւ օրեր, որովհետեւ նրա ցաւի տագնապները կրկնւում էին եւ նա կարծեց, թէ մեռնում է։ 10Կանչեց իր բոլոր բարեկամներին ու ասաց. «Քունը կտրուել է աչքերիցս։ Վախից սիրտս պայթում է։ 11Մտածեցի ու ինքս ինձ ասացի. «Ինչպիսի նեղութիւններ ու բազմաթիւ խռովքներ են պաշարել քեզ այժմ»։ Կար ժամանակ, որ իմ զօրքի համար ես քաղցր էի, բարերար ու սիրելի։ 12Հիմա յիշում եմ այն չարիքները, որ գործեցի Երուսաղէմում. բռնագրաւեցի ոսկէ ու արծաթէ բոլոր սպասքները, իզուր զօրք հաւաքեցի, որ յարձակուելով բնաջինջ անեմ նրանց։ 13Հիմա հասկանում եմ, որ այդ պատճառով եկան ինձ վրայ այս բոլոր չարիքները, եւ ահա ես տխուր ու տրտում կորչում եմ օտար երկրում»։ 14Նա կանչեց Փիլիպպոսին՝ իր բարեկամներից մէկին, նրան իր ամբողջ թագաւորութեան վերակացու նշանակեց, 15նրան յանձնեց իր թագը, պատմուճանն ու մատանին, պատուիրեց բերել իր Անտիոքոս որդուն, սնել ու դաստիարակել եւ իր փոխարէն գահին նստեցնել նրան։ 16Անտիոքոս արքան մահացաւ այնտեղ հարիւր քառասունինը թուականին։ 17Լիւսիասն իմանալով, որ արքան մեռել է, գահին նստեցրեց նրա որդի Անտիոքոսին եւ նրա անունը դրեց Եւպատոր Անտիոքոս։ 18Թշնամի զօրքերից նրանք, որոնք արգելափակուած էին միջնաբերդում, նեղում էին իսրայէլացիներին, սրբարանի շուրջը անընդհատ չարիքներ էին գործում, հեթանոսներին աջակցում, ուստի քաղաքի բնակիչները որոշեցին բնաջնջել նրանց։ 19Այն ժամանակ Յուդան հաւաքեց բոլոր զօրքերը, 20որոնք եկան, հաւաքուեցին մի տեղ ու շրջապատեցին նրանց։ Նրանք պաշարեցին միջնաբերդը հարիւր յիսուն թուականին. շինեցին բազմաթիւ պատուարներ, նետաձիգ յարմարանքներ ու մեքենաներ։ 21Պաշարուածներից ոմանք դուրս ելան արգելափակոցից ու միացան մի քանի անօրէն իսրայէլացիների։ 22Նրանք գնացին արքայի մօտ ու ասացին. «Մինչեւ ե՞րբ դատաստան չես անելու եւ մեր եղբայրների վրէժը չես լուծելու։ 23Մենք համաձայնել ենք ծառայել քո հօրը եւ կատարել նրա հրամանները։ 24Դրա համար էլ մեր ժողովրդի որդիները նստում էին միջնաբերդի շուրջը. շատերը օտարանում էին մեզանից. ում էլ գտնում էին մեզնից, մահուան էին դատապարտում, յափշտակում մեր ունեցուածքը։ 25Նրանք ձեռք բարձրացրին ոչ միայն մեզ վրայ, այլեւ իրենց բոլոր սահմաններում բնակուողների վրայ։ 26Այժմ էլ եկել պաշարել են մեզ, փակել եւ շրջապատուած վիճակում են պահում Երուսաղէմի միջնաբերդը, որպէսզի գրաւեն այն, ինչպէս եւ սրբարանը։ Անգամ ամրացրել են Բեթսորը։ 27Եթէ չշտապէք, սրանից աւելի վատ գործեր կ՚անեն, եւ դուք այլեւս առաջն առնել չէք կարող»։ 28Երբ դա լսեց թագաւորը, խիստ բարկացաւ, հրամայեց կանչել իր բարեկամներին ու զօրքի վրայ նշանակուած զօրապետներին։ 29Այլ թագաւորութիւնից ու այլ կղզիներից նրա մօտ եկան բազմաթիւ վարձկան զինուորներ։ 30Նրա զինուորների թիւը հասաւ հարիւր հազար վահանակիր ու նիզակաւոր հետեւակի, քսան հազար սպառազէն հեծեալի, երեսուներկու զինուած, մարտական փղերի։ 31Եկան, անցան Եդոմի միջով, ճակատ կազմեցին, շրջապատեցին Բեթսոր քաղաքը եւ դրա շրջակայքում պատերազմեցին բազմաթիւ օրեր։ Շուրջանակի դասաւորեցին ռազմական սարքերն ու մեքենաները, բայց պաշարուածները դուրս եկան քաղաքից, այրեցին մեքենաները եւ քաջաբար մարտի ելան նրանց դէմ։ 32Յուդան ամրոցից շարժուեց գնաց միջնաբերդ, եկաւ բանակ դրեց Բեթսակարիայում, արքայի բանակի դէմ յանդիման։ 33Թագաւորն առաւօտեան կանուխ վեր կացաւ, բանակը տարաւ տեղաւորեց Բեթսակարիայի ճանապարհի երկարութեամբ եւ զօրքերը դասաւորելով՝ պատրաստուեց ճակատամարտ տալու։ 34Փող փչեցին, փղերին կազմ ու պատրաստ վիճակի բերելու համար խաղողի հիւթ, զմուռս ու գինի խմեցրին, 35դրանց բաժանեցին առանձին գնդերի, ամէն մի փղի մօտ դրեցին հազար սպառազէն զինուոր, իսկ ամէն մի գնդի գլխին իբրեւ պահապան դրեցին հինգ հազար հեծեալ իրենց սպառազէն նժոյգներով՝ իբրեւ գնդերի պաշտպան, 36որպէսզի փղերը ուր որ կանգնեն, այնտեղ կանգնեն նաեւ իրենք, եւ ուր որ փղերը գնան, այնտեղ գնան նաեւ իրենք։ 37Փղերի վրայ տեղաւորեցին յարմարանքներ ունեցող վանդակակալ մարտկոցներ, փղապաններին նստեցրին նրանց գլուխներին, 38գնդի աջ ու ձախ թեւերին տեղաւորեցին մնացած այրուձին։ 39Երբ արեգակն իր առաջին ճառագայթներն արձակեց, լեռների վրայ փայլատակեցին առհասարակ զրահաւոր, պատենաւոր, պղնձապատ վահանների շողերը։ Ճառագայթները շողարձակում էին կրակի ցոլքերի նման։ 40Ռազմաճակատը երկարեց, ստուարացաւ մասամբ դէպի լեռների բարձունքները, մասամբ դէպի ձորերը, մասամբ դէպի կիրճերն ու դաշտերը։ 41Միահամուռ կերպով առաջ շարժուեցին առհասարակ բոլոր զինուածներն ու դասաւորուած շարքերը։ Լսւում էին բազմութեան աղաղակները, զէնքերի շաչիւնը, ձիերի վրնջիւնը, վահանակիրների ոտքերի դոփիւնը։ 42Յուդան եկաւ հասաւ իր բանակով, դասաւորեց գնդերը, պատրաստուեց, յարձակուեց, դէմ յանդիման բախուեց թագաւորի բանակին, նոյն տեղում, թագաւորի աչքի առաջ վեց հարիւր սպառազէն հեծեալների դիաթաւալ արեց։ 43Այդ տեղում Եղիազար Աւարանը աչքերը վեր բարձրացնելով տեսաւ, որ զարդարուած ու զինավառ փղերից մէկը արքայական զէնք է կրում եւ տարբերւում է միւսներից։ Կարծեց, թէ արքան հէնց դրա վրայ է, 44յարձակուեց այդ գնդի վրայ, աջ ու ձախ կոտորեց, գնաց հասաւ մինչեւ տարբերանշաններ ունեցող փղին, 45վերցրեց զէնքը, մտաւ փղի տակ, հարուածեց ու տապալեց նրան։ 46Փիղը տապալուեց, ընկաւ նրա վրայ ու ճզմեց նրան։ 47Երբ հրեաները տեսան թագաւորի բանակի ուժը, խոյս տուեցին նրանցից, 48սակայն ուր էլ գնում էին, նրանց ընդառաջ էին գալիս արքունի գնդերը, մինչեւ որ եկան հասան Երուսաղէմի կողմերը։ 49Արքան եկաւ, բանակ դրեց Հրէաստանի ու Սիոն լերան մօտ։ 50Նա խաղաղութիւն առաջարկեց Բեթսոր քաղաքին։ Նրանք ելան ցրուեցին այդ քաղաքից, որովհետեւ այնտեղ պաշար չունէին երկար ժամանակ շրջափակուած լինելու պատճառով։ Բացի այդ, երկրում հանգստեան տարի էր։ 51Թագաւորը գրաւեց Բեթսոր քաղաքը եւ հրամայեց քաղաքում պահապան զօրք թողնել, 52իսկ ինքը երկար ժամանակ պաշարուած պահեց սուրբ քաղաքը։ Նրա շուրջը կանգնեցրել էին մարտական սարքեր ու մեքենաներ, կրակ նետող յարմարանքներ, քարընկեցներ, քարագնդեր, բաբաններ, նետաձգութեան աշտարակներ ու պարսատիկաւորների աշտարակներ։ 53Սրանք էլ իրենց կողմից քաղաքում սկսեցին նրանց ամէն մի յարմարանքի դիմաց մի յարմարանք տեղաւորել։ Ճակատամարտ տալով կռւում էին շատ օրեր։ 54Մթերքը պակասեց, որովհետեւ եօթներորդ տարին էր, ինչ երկրի գաղթականները սպառում էին կուտակուած մթերքները։ 55Քիչ մարդիկ էին մնացել այնտեղ, սրբավայրում, որովհետեւ սովը գնալով սաստկանում էր, եւ ամէն ոք ցրուել էր իր տեղը։ 56Լիւսիասը լսեց, թէ Փիլիպպոսը, որին Անտիոքոսն ինքն էր հրամայել սնել ու դաստիարակել իր Անտիոքոս որդուն, որպէսզի նրան գահ նստեցնի, 57վերադարձել է Պարսկաստանից ու Պարթեւների երկրից, եւ որ ամբողջ զօրքը յարել է նրա կողմը, եւ ինքը կամենում է վերահասու լինել իր երկրի գործերին։ 58Դրա համար նա, գալով, ասաց արքային ու բանակի բոլոր մեծամեծներին. «Զօրքերը միշտ նեղութեան մէջ են, մթերքները նուազել են, կերը պակասել։ Այն վայրը, որի համար պատերազմ է մղւում, ամուր է ու ապահով, իսկ մենք գահակալական հոգսերով ենք տարուած։ 59Արդ, եկէք հաշտութեան մասին խօսենք, դաշինք կնքենք, խաղաղութիւն հաստատենք այդ ազգի մարդկանց հետ։ 60Մենք նրանց խոստանանք, որ նրանք իրենց բոլոր օրէնքները կը պահպանեն առաջուայ պէս։ Նրանք մեզ վրայ բարկացել են այն բանի համար, որ մենք ստիպեցինք նրանց խախտել իրենց օրէնքները։ Դրա համար էր, որ նրանք ընդդիմացան ու այս բոլոր բաներն արեցին»։ 61Թագաւորին ու նրա իշխաններին խոհեմ թուացին այս խօսքերը։ Նա բանագնացներ ուղարկեց խաղաղութիւն կնքելու համար։ Նրանք ընդունեցին պայմանները, 62թագաւորն ու զօրապետները երդումով հաստատեցին իրենց խօսքը, որից յետոյ նրանք դուրս եկան ամրոցներից։ 63Թագաւորը ելաւ Սիոն լեռը, տեսաւ այդ վայրի ամրութիւնը եւ դրժեց իր տուած երդումը. նա հրամայեց քանդել այն շրջապատող պարիսպները։ 64Նա շտապ գնաց Անտիոքի կողմերը եւ տեսաւ, որ Փիլիպպոսը տիրել է քաղաքին։ Նա ճակատամարտ տուեց նրա դէմ եւ բռնութեամբ առաւ քաղաքը։
7 Հարիւր յիսունմէկ թուականին Սելեւկիոսի որդի Դեմետրիոսը ելաւ Հռոմ քաղաքից, սակաւաթիւ զինուորներով եկաւ ծովեզերեայ մի քաղաք եւ թագաւորեց այնտեղ։ 2Երբ Անտիոքոսը ցանկացաւ մտնել իր հայրենի թագաւորական տունը, նրան շրջապատեցին բազմաթիւ զինուորներ, ձերբակալեցին Լիւսիասին, իսկ Անտիոքոսին կալուկապ արած բերեցին Դեմետրիոսի մօտ։ 3Երբ Դեմետրիոսին յայտնեցին եղելութիւնը, նա հրաման տուեց եւ ասաց. «Թող իմ աչքը բնաւ չտեսնի նրանց երեսը»։ 4Նրանց վերցրին, զօրքից դուրս տարան ու սպանեցին։ Թագաւորական գահին նստեց Դեմետրիոսը։ 5Նրա մօտ եկան իսրայէլացի անօրէն ու ամբարիշտ մարդիկ, որոնց պարագլուխը Յակիմոսն էր։ Նա ինքը ձգտում էր քահանայութեան։ 6Սրանք ամբաստանեցին ժողովրդին ու ասացին. «Յուդան լլկեց, կործանեց մեզ՝ իր եղբայրներին ու քո բարեկամներին, մեզ հալածեց մեր իսկ երկրից։ 7Արդ, հաւատարիմ մարդի՛կ ուղարկիր, որ գան տեսնեն ազգի չարչարանքները եւ այն հարուածները, որ նա հասցրել է մեզ։ Նա է ոչնչացրել արքունի երկիրը, վշտացրել նրա պաշտպաններին»։ 8Կայսրն ընտրեց արքային սիրելի Բաքիդէսին, որը գետի միւս կողմի իշխանն էր, նրա թագաւորութեան հաւատարիմ իշխանը։ 9Սրան ու սրա հետ անօրէն Յակիմոսին ուղարկեցին, նրան յանձնեցին քահանայութիւնը եւ հրաման տուեցին, որ նա լուծի իսրայէլացիների վրէժը։ 10Բաքիդէսը շարժուեց գնաց եւ այդտեղից բանագնացներ ուղարկեց Յուդայի ու նրա եղբայրների մօտ, որ խորամանկ խօսքերով խաղաղութեան դաշինք կնքեն։ 11Սրանք չհաւատացին նրանց խօսքերին, որովհետեւ տեսան, որ բազմաթիւ զօրքերով են եկել։ 12Բաքիդէսի ու Յակիմոսի մօտ հաւաքուեց օրէնսգէտների այն խումբը, որ արդարութիւն էր պահանջում։ 13Իսրայէլացիներից նախ ասիդացիներն էին, որ խաղաղութիւն էին պահանջում, 14որովհետեւ այսպէս էին մտածում. «Եթէ Ահարոնի զաւակներից մի քահանայ է եկել զօրքի հետ, ուրեմն մեզ վնաս չի պատճառի»։ 15Յակիմոսը խաղաղութեան խօսքեր ասաց նրանց, երդում տուեց նրանց, թէ՝ «Ո՛չ ձեզ վնաս կը պատճառեմ, ո՛չ ձեր բարեկամներին»։ 16Հաւատացին նրան, բայց նա վաթսուն մարդ վերցրեց նրանցից ու մի օրում սպանեց նրանց ըստ Գրքում գրուած այն խօսքի, թէ՝ 17«Քո սրբերի մարմինները նետեցին երկնքի թռչուններին, նրանց արիւնը հեղեցին Երուսաղէմի շուրջը, եւ ոչ ոք չկար, որ թաղէր նրանց»։ 18Ժողովուրդն ահ ու սարսափի մէջ ընկաւ, որովհետեւ մտածում էին, որ նրանք ո՛չ իրաւունք են ճանաչում, ո՛չ ճշմարտութիւն, քանի որ դրժեցին իրենց իսկ խոստումն ու երդումը։ 19Բաքիդէսը հեռացաւ Երուսաղէմից եւ եկաւ, բանակ դրեց Բերաեթում։ Նա մարդ ուղարկեց եւ բռնել տուեց բազմաթիւ փախստականների եւ ժողովրդի միջից բազմաթիւ մարդկանց, հրամայեց փողոտել նրանց ու նետել ջրհորների մէջ։ 20Նա երկիրը յանձնեց Յակիմոսին, Յակիմոսի մօտ թողեց բազմաթիւ զինուորներ իբրեւ նրան օգնական եւ ինքը գնաց արքայի մօտ։ 21Յակիմոսը ջանք էր թափում, որպէսզի քահանայապետ դառնար։ 22Նրա մօտ հաւաքուեցին ժողովրդի բոլոր խառնակիչները, նուաճեցին Յուդայի երկիրը եւ Իսրայէլին մեծամեծ հարուածներ հասցրին։ 23Երբ Յուդան տեսաւ Յակիմոսի ու նրա հետ եղող իսրայէլացիների կատարած չարագործութիւնները, 24չորս կողմից յարձակուեց Հրէաստանի սահմանների վրայ եւ վրէժ լուծեց այն մարդկանցից, որոնք ինքնակամ կերպով հեթանոսներին էին յարել։ Դրանից յետոյ նրանք այլեւս Հրէաստան չէին գալիս։ 25Երբ Յակիմոսը տեսաւ, որ այս անգամ էլ հզօրացաւ Յուդան, եւ հասկացաւ, որ չի կարող նրան դիմադրել, նորից եկաւ թագաւորի մօտ, որպէսզի չարախօսի նրա մասին։ 26Թագաւորն ուղարկեց Նիկանորին՝ իր հռչակաւոր զօրավարներից մէկին, մանաւանդ որ սա ատելութիւն ու թշնամանք էր տածում Իսրայէլի նկատմամբ։ Թագաւորը նրան պատուիրեց, որ բնաջինջ անի այդտեղի ժողովրդին։ 27Նիկանորը եկաւ հասաւ բազմաթիւ զօրքերով եւ նենգութեամբ խաղաղութեան պատգամներ ուղարկեց Յուդային ու նրա եղբայրներին. 28«Կռիւ թող չլինի իմ ու ձեր միջեւ։ Ես կը գամ սակաւաթիւ մարդկանցով, որ ձեր երեսները տեսնեմ խաղաղութեամբ»։ 29Նա եկաւ Յուդայի մօտ, նրանք խաղաղութեամբ ողջունեցին միմեանց, մինչդեռ զօրքը դասաւորուել-պատրաստուել էր, որ յարձակուի ու ձերբակալի Յուդային։ 30Երբ Յուդան իմացաւ, որ Նիկանորը նենգ մտադրութեամբ է եկել իր մօտ, հոգին տակնուվրայ եղաւ, վրդովուեց, մօտ չեկաւ նրան ու այլեւս չէր ուզում տեսնել նրա երեսը։ 31Նիկանորը հասկանալով, որ իր գաղտնիքը բացայայտուել է, առաջ շարժուեց, որ հանդիպի նրան ու պատերազմի Փարսալլայի մօտերքում։ 32Նիկանորի բանակից ընկաւ մօտ հինգ հարիւր մարդ, իսկ մնացածները փախան Դաւթի քաղաքը։ 33Այս դէպքերից յետոյ Նիկանորը եկաւ, բարձրացաւ Սիոն լեռը։ Տեղի սրբավայրերի քահանաներից ոմանք բարձրացան նրա մօտ, որպէսզի խաղաղութեան ողջոյն տան նրան եւ ցոյց տան նրան այն ողջակէզները, որ ամէն օր մատուցում էին թագաւորի կեանքի համար։ 34Նա անարգեց նրանց, ծիծաղեց նրանց վրայ, անպատուեց ծանր ու ամբարտաւան խօսքերով։ 35Նա հարուածեց նրանց եւ ցասումով ասաց. «Եթէ իմ ձեռքը չյանձնէք Յուդային իր գնդի հետ, դուք կը տեսնէք, որ ես այս տաճարը կրակի կը մատնեմ եւ ձեզանից վրէժ կը լուծեմ, երբ խաղաղութիւնը հաստատուած լինի, եւ ես վերադառնամ այստեղ»։ Նա թողեց գնաց խիստ վրդովուած ու զայրացած։ 36Քահանաները եկան, ներս մտան, կանգնեցին զոհասեղանի ու տաճարի դիմաց, սկսեցին լալ ու ասել. 37«Դո՛ւ ես, որ ընտրեցիր քո այս տաճարը, որպէսզի քո սուրբ անուամբ կոչուի այն, որպէսզի դա քո ժողովրդի ուխտի, աղօթքի տուն լինի։ 38Դու էլ վրէ՛ժ լուծիր այդ մարդուց ու նրա բանակից։ Նրանք թող կոտորուեն իրենց իսկ սրով։ Յիշի՛ր նրանց հայհոյութիւնները եւ նրանց հանգիստ մի տո՛ւր»։ 39Նիկանորը ելաւ Երուսաղէմից եւ բանակ դրեց Բեթսորոնում։ Նրան ընդառաջ եկան Ասորիքի զօրքերը։ 40Ինքը Յուդան երեք հազար մարդկանցով բանակ էր դրել Ադասայում։ Նա սկսեց աղօթել ու ասաց. 41«Այն ժամանակ, երբ թագաւորի մօտից մարդիկ էին եկել եւ հայհոյում էին քեզ, ելաւ քո հրեշտակն ու հարուածելով նրանց՝ հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Նոյն ձեւով այսօր դու կոտորի՛ր այս բանակը, որպէսզի մնացածներն իմանան, որ քո սրբութեան վերաբերեալ սին խօսքեր են ասել։ Պատժի՛ր նրանց ըստ իրենց կատարած չարագործութեան»։ 42Երկու բանակները հասան եւ իրար բախուեցին Ադար ամսի տասներեքերորդ օրը։ Նիկանորի գունդը պարտուեց, ջախջախուեց, եւ երկու բանակների միջեւ ինքն էլ առաջինը սրախողխող ընկաւ։ 43Երբ թշնամու գունդը տեսաւ, որ Նիկանորն ընկաւ, զէնքերը նետեցին եւ փախուստի դիմեցին։ 44Սրանք մէկ օր շարունակ Ադասայից հետապնդեցին նրանց, մինչեւ որ հասան Ազերա։ Նրանց յետեւից փող էին փչում իբրեւ յաղթանակի նշան, 45Հրէաստանի բոլոր քաղաքներից ելնում էին ու սպանում նրանց։ Հետապնդուողները դարձեալ հաւաքւում էին ու դիմադրում։ Այդ օրը սրախողխող ընկան բոլորը, եւ նրանցից մէկ մարդ անգամ չմնաց։ 46Եկան եւ սկսեցին աւար առնել, կողոպտել բանակի զէնքերը, գանձերը եւ ամբողջ ունեցուածքը։ Կտրեցին Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը, որ նա գոռոզութեամբ յանդգնել էր բարձրացնել տաճարի վրայ, եւ բերեցին ու կախեցին Երուսաղէմի դիմաց։ 47Ժողովուրդը խիստ ուրախացաւ եւ այդ օրը նշեց որպէս տարեկան տօն։ 48Այդ օրը, Ադար ամսի տասներեքերորդ օրը, նրանք հռչակեցին ամենամեայ տօն։ 49Յուդայի երկիրը միառժամանակ հանգիստ ապրեց։
8 Յուդան լսեց հռոմէացիների համբաւի մասին, թէ նրանք հզօր են իրենց ուժով, նրանք լաւ են համարում, եթէ մէկը դիմում է իրենց օգնութեանը կամ դաշնակից լինում իրենց։ Նա լսեց, որ նրանք խիստ զօրացել են երկրի վրայ, 2նաեւ պատերազմներ մղելու շնորհիւ գրաւել են գաղատացիների կողմերը, ընկճել նրանց ու հարկատու դարձրել, 3նաեւ այն, թէ ինչ են արել ժամանակին իսպանացիների կողմերում՝ նրանցից գրաւել են հանքեր, որտեղից ոսկի ու արծաթ էին հանում, գրաւել են այդ վայրերն իրենց խելամտութեամբ ու իրենց համբերատարութեամբ, թէեւ այդ վայրը խիստ հեռու էր նրանցից։ 4Լսեց նաեւ, որ երկրի հեռաւոր ծայրամասից նրանց վրայ յարձակուելու եկած թագաւորներից մի քանիսին կոտորել են, մեծ ջարդ տուել նրանց, իսկ մնացածներին տարեկան հարկի տակ դրել։ 5Նրանք Փիլիպպոսին ու իրենց վրայ յարձակուած կինացիների արքային սպանել են պատերազմի ժամանակ ու ընկճել նրանց։ 6Նրանցից պարտութիւն է կրել նաեւ ասիացիների մեծ արքան՝ Անտիոքոսը, որ եկել էր նրանց վրայ մեծ պատերազմով եւ որն ունէր հարիւր քսան փիղ, բազմաթիւ կառքեր ու երիվարներ։ 7Նրան կենդանի են բռնել եւ ստիպել, որ հարկ վճարի։ 8Ստիպել են նաեւ իրենից յետոյ եկած թագաւորներին պատանդներ ու փրկագին տալ, նրանից խլել են Հնդիկների, Պարթեւների, Լիդացիների երկրներն ու նրանց ընտիր գաւառները յանձնել են Եւմենիի արքային։ 9Երբ լսել են նաեւ, թէ յոյները որոշել են գալ, կոտորել իրենց, երբ տեղեկացել են այդ մասին, ուղարկել են իրենց զօրավարներից մէկին, 10որն եկել ու ահեղ մի կռուի ժամանակ կոտորել է նրանց, բազմաթիւ մարդկանց սրախողխող արել, գերեվարել նրանց կանանց ու որդիներին, կողոպտել նրանց կայքն ու ունեցուածքը, երկիրն ստրկացրել, բերդերը քանդել, երկիրը հարկատու դարձրել մինչեւ օրս։ 11Կոտորել են նաեւ խռովութիւն բարձրացրած միւս թագաւորութիւնների ու կղզիների մարդկանց, ստրկացրել նրանց։ 12Բայց իրենց բարեկամների եւ նրանց հետ, ովքեր դիմել են իրենց օգնութեանը, անդաւաճան բարեկամութիւն են արել։ Նրանք ընկճել են մօտիկ ու հեռաւոր բոլոր թագաւորութիւնները, եւ ովքեր մի անգամ լսել են նրանց անունը, վախեցել են նրանցից։ 13Ում ուզեցել են, թագաւորութիւն են տուել, ում ուզեցել են, զրկել են իշխանութիւնից։ Նրանք խիստ հզօրացել են։ 14Հակառակ այս ամենին, նրանցից ոչ ոք յանձն չի առել, ի նշան իշխանութեան, թագ կրել կամ ծիրանի հագնել։ 15Նրանք խորհրդարան են շինել, եւ ամէն օր երեք հարիւր քսան մարդ հոգ է տարել զօրքի մասին, որպէսզի երկիրը շէն պահեն։ 16Ամէն տարի նրանցից մէկը, ով արժանաւոր է եղել, նշանակուել է իշխանութեան ղեկավար, որպէսզի կառավարի իրենց ողջ երկիրը։ Բոլորը հնազանդութեամբ լսել են մէկին, նրանք միմեանց նկատմամբ ոխ կամ նախանձ չեն ունեցել։ 17Այն ժամանակ Յուդան ամէն մի գնդից ընտրեց մարդիկ՝ Ակկոսի որդի Յովնաթանի որդի Եւպոլեմոսին եւ Եղիազարի որդի Յասոնին, նրանց ուղարկեց Հռոմ քաղաքը, որպէսզի սրանք նրանցից հաշտութիւն եւ օգնութիւն խնդրեն, 18որպէսզի իրենց վրայից վերացնեն ստրկութեան այն լուծը, որ յոյները դրել էին իսրայէլացիների վրայ։ 19Նրանք գնացին հռոմէացիների կողմերը։ Ճանապարհը երկար էր։ Բանագնացները եկան հասան ու նրանց հանդիպեցին խորհրդարանում։ Նրանք կանգնեցին մէջտեղում ու սկսեցին յայտնել, թէ ինչ պատգամներով են եկել։ 20«Յուդա Մակաբայեցին, իր եղբայրներն ու Հրէաստանի բոլոր սեպուհները ուղարկել են մեզ, որ ձեզ հետ հաշտութեան մասին խօսենք, ձեզ մեր օգնականը դարձնենք եւ ձեզանից խաղաղութիւն խնդրենք, որ դուք էլ մեզ ձեր նիզակակիցն ու բարեկամը համարէք»։ 21Այս խօսքերը նրանց հաճելի թուացին։ 22Ահա այս է այն հրովարտակի պատճէնը, որ պղնձէ տախտակների վրայ նրանք գրեցին նրանց համար, ուղարկեցին Երուսաղէմ եւ թողեցին նրանց մօտ իբրեւ օգնութեան ու խաղաղութեան վկայագիր. 23«Խաղաղութիւն եւ բարեգործութիւն թող լինի Հրէաստանի ու հռոմէացիների միջեւ, ծովի ու ցամաքի վրայ, թող սուրն ու թշնամին հեռու լինեն նրանցից։ 24Իսկ եթէ պատերազմ լինի նախ հռոմէաեցիների կամ նրա բարեկամներից որեւէ մէկի դէմ նրանց պետութեան ողջ տարածքում, 25ապա անմիջապէս նրանց կամովին թող օգնեն հրէական գնդերը ըստ ժամանակի պահանջի։ 26Նրանք թշնամու կողմը չպէտք է անցնեն, արծաթով, ոսկով, զէնքով կամ նաւերով չպէտք է օգնեն թշնամիներին, որովհետեւ այսպէս է ձեռնտու հռոմէացիներին։ Այս պատուիրանները պէտք է նրանք պահպանեն առանց հատուցում պահանջելու։ 27Նոյն ձեւով եթէ հրեաների դէմ պատերազմ լինի, հաւատարմութեամբ, կամովին շտապ օգնութեան պէտք է հասնեն հռոմէացիներն էլ ըստ ժամանակի պահանջի, 28թշնամուն չպէտք է տան ոսկի, արծաթ, զէնք կամ նաւեր, որովհետեւ այսպէս է ձեռնտու հռոմէացիներին։ Այս պատուիրանները նրանք պէտք է պահպանեն առանց նենգութեան։ 29Ահա այսպիսի պայմաններ կապեցին հռոմէացիները հրեաների գնդի հետ. 30իսկ եթէ այդ պայմաններից յետոյ այս կամ այն կողմը որեւէ բան ունի հանելու կամ աւելացնելու, ապա դա թող անեն, ըստ հարկի, երկու կողմերի համաձայնութեամբ եւ պահեն անխախտ։ 31Նրանց նկատմամբ չարագործութիւն կատարող Դեմետրիոս արքային կը գրենք. «Ասա՛, ինչո՞ւ էք լուծ դնում մեր նիզակակից բարեկամների պարանոցին։ 32Իմացէ՛ք, որ եթէ նրանք բողոքեն քեզանից, արդար դատաստան կը տեսնենք, քո դէմ կռուի կ՚ելնենք, լինի ծովի վրայ թէ ցամաքում»։
9 Դեմետրիոսը չլսեց։ Քանի որ Նիկանորն իր բանակով նրանց դէմ պատերազմելով պարտուել էր, ուստի դարձեալ, երկրորդ անգամ, Հրէաստան ուղարկեց Բաքիդէսին եւ Յակիմոսին իր բանակի աջակողմեան թեւի հետ։ 2Նրանք գնացին Գաղգաղայի ճանապարհով, եկան ու դասաւորուեցին Մեսալոթում՝ Արբելացիների երկրում։ Գրաւեցին այն ու այնտեղ բազմաթիւ մարդկանց սպանեցին։ 3Հարիւր յիսուներեք թուականի առաջին ամսում բանակ դրեցին Երուսաղէմի մօտ, 4յետոյ քսան հազար նիզակակիր մարդկանցով ու երկու հազար սպառազինուած հեծեալներով գնացին Բերէթ։ 5Յուդան երեք հազար սպառազէն ընտիր զինուորներով բանակ էր դրել Եղիշայում։ 6Երբ սրանք տեսան զօրագնդի բազմութիւնը, խիստ վախեցան. շատերը լքեցին նրան, Յուդայի մօտ ոչ ոք չմնաց, բացի ութ հարիւր սպառազէն հեծեալներից։ 7Երբ Յուդան տեսաւ, որ զինուորները լքել են իրեն, իսկ պատերազմը նեղում էր իրեն, վրդովուեց իր սրտում, որովհետեւ չէր հասցնի նորից հաւաքել նրանց, 8թեւաթափ եղաւ, յուսալքուեց, բայց մնացածների հետ խօսելով՝ ասաց. «Եկէք դիմադրենք, գուցէ կարողանանք դիմադրել նրանց»։ 9Ինքը համարձակօրէն առաջ շարժուեց, բայց զինուորները, մօտենալով, շրջապատեցին նրան, որ յետ դարձնեն։ Սկսեցին խօսել նրա հետ ու ասացին. «Ո՜վ մարդ, մենք չենք կարող նրանց վնասել, այժմ մեր անձը փրկելու մասին մտածենք, յետոյ կը գնանք, կը հաւաքենք մեր եղբայրներին ու կը կռուենք, թէպէտեւ սակաւաթիւ ենք»։ 10Յուդան պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես այդ բանը չեմ անի, ես նրանց առաջ փախուստի չեմ դիմի։ Եթէ հասել է մեր ժամանակը, քաջութեամբ մեռնենք մեր եղբայրների համար եւ վախկոտի անունը չենք խառնի քաջի առաքինութեան հետ»։ 11Երկու կողմի բանակների զինուորները վեր կացան ու պատերազմեցին միմեանց դէմ։ Բաքիդէսի սպառազէն բանակը բաժանուեց երկու մասի։ Պարսատիկաւորներն ու աղեղնաւորները գնում էին գնդի առաջից, իսկ առաջամարտիկները գնում էին սրանց առաջից։ 12Բաքիդէսն աջ թեւում շտապեցնում էր զինուորներին, տագնապի շեփոր հնչեցնելով առաջ էր տանում նրանց։ 13Յուդայի գունդը շեփոր հնչեցնելով յարձակում գործեց։ Երկիրը երկու կողմերի աղմուկ-աղաղակից դղրդում էր։ Պատերազմը շարունակուեց առանց դադարի՝ առաւօտից մինչեւ երեկոյ։ 14Երբ Յուդան նկատեց, որ Բաքիդէսն ընտիր զօրքով աջ թեւում է կանգնած, իր գնդի սպառազէն, ընտիր զինուորներին իր մօտ կանչեց, քաջալերեց ու յարձակման անցաւ։ 15Երբ նա արդէն ջախջախել էր աջակողմեան թեւը, նետուեց դէպի ձախ թեւն ու նրանց իր առաջն առած՝ հալածեց մինչեւ Ազոտ լերան կողմը։ 16Երբ ձախակողմեան թեւի զինուորները տեսան, որ աջակողմեան թեւը ջախջախուել է Յուդայի զինուորների առաջ, եկան, միացան ու պաշարեցին Յուդային իր գնդի հետ։ 17Այդ վայրում երկու կողմերի վիրաւորները գետին էին թաւալւում։ 18Այդտեղ ընկաւ Յուդան առաջին նահատակուողների հետ, իսկ մնացածները փախուստի դիմեցին։ 19Երկու եղբայրները՝ Յովնաթանն ու Շմաւոնը, վերադարձան, վերցրին Յուդային, տարան թաղեցին իրենց հայրերի շիրիմում՝ Մոդիիմում։ 20Իսրայէլացիները մեծ կոծով ողբացին, սուգ պահեցին բազում օրեր, 21յետոյ սկսեցին խօսել եւ ասել. «Ինչպէ՜ս ընկաւ, ինչպէ՜ս տապալուեց Իսրայէլի հզօր փրկիչը»։ 22Այս մատեանում, սակայն, չի գրուել այն բոլոր մարտերի, ճակատամարտերի, պատերազմների մասին, որ մղել է Յուդան, եւ այն քաջութիւնների մասին, որ գործել է նա, որովհետեւ դրանք չափազանց շատ են։ 23Յուդայի մահուանից յետոյ անօրէնները յայտնուեցին Իսրայէլի բոլոր սահմաններում աճեցին, բազմացան նրանք, որ անօրէնութիւն էին գործում։ 24Այդ օրերին մեծ սով եղաւ, եւ մարդիկ ինքնակամ գնացին նրանց մօտ. բոլորը նրանց կողմն անցան։ 25Բաքիդէսն ընտրեց անօրէն մարդկանց, նրանց իշխանութիւն տուեց։ 26Նրանք փնտռում, գտնում էին ու Բաքիդէսի մօտն էին բերում Յուդայի բարեկամներին, նրանցից վրէժ լուծում։ Իսրայէլացիներին չարչարում, ծաղրում, 27նեղում, ծանակում էին այնպէս, որ մարգարէի ի յայտ գալուց յետոյ այդպիսի բան չէր եղել։ 28Հաւաքուեցին Յուդայի բոլոր բարեկամները, գնացին Յովնաթան Ափուսի մօտ ու ասացին. 29«Քո եղբայր Յուդան մեռաւ, եւ չկայ մի մարդ, որ նրա նման ելնի թշնամիների դէմ, պատասխան տայ նրանց, ովքեր թշնամութեամբ գալով նեղում են մեր ազգը։ 30Արդ, նրա փոխարէն մենք քեզ ընտրեցինք, որ դու մեզ վրայ զօրապետ լինես, մեզ առաջնորդես, մեր թշնամիների դէմ ճակատամարտ տաս»։ 31Այդ ժամանակ Յովնաթանն ստանձնեց առաջնորդութիւնը եւ բարձրացաւ իր եղբայր Յուդայի տեղը։ 32Երբ դա իմացաւ Բաքիդէսը, հնար էր փնտռում սպանելու Յովնաթանին ու նրա եղբայր Շմաւոնին։ 33Սրանք փախան Թակովիի անապատը, եկան, բանակ դրեցին Ասփառ լճի մօտ։ 34Բաքիդէսը այդ մասին իմացաւ շաբաթ օրը եւ եկաւ, ինքն էլ իր զօրքով բանակ դրեց Յորդանան գետի այն կողմում։ 35Նա նրանց մօտ ուղարկեց իր մի եղբօրը՝ բազմաթիւ զօրքերի զօրավարին, եւ խնդրեց իրենց բարեկամ նաբատացիներին, որ իրենց յանձնեն իրենց պատկանող կայքն ու գրաստները եւ այն ամէնը, ինչ մնացել էր իրենց մօտ։ 36Դամասայում գտնուող Յամբրիի որդիները ելան ու բռնեցին Յովհաննէսին եւ կահ-կարասիով հանդերձ վերցրին գնացին իրենց հետ։ 37Դրանից յետոյ նրա եղբայրներ Յովնաթանն ու Շմաւոնը իմացան, որ Յամբրիի որդիները հարսանիք են անում։ Սրանք Աբլալաթից մեծ երթով ու անչափ հանդերձանքով հարս էին բերում քանանացի մեծամեծ աւագներից մէկի դստերը։ 38Նրանք յիշեցին իրենց Յովհաննէս եղբօրը եւ վեր կացան, դարան մտան լերան մի ծործորում։ 39Իրենց հայեացքը բարձրացնելով՝ նրանք տեսան, որ մի մեծ երթ՝ հոծ մի ամբոխ է գալիս։ Փեսան դուրս եկաւ իր բարեկամների եւ իր եղբայրների հետ շեփորներով, թմբուկներով, տարբեր նուագածուների ու բազում զինուած մարդկանց ուղեկցութեամբ։ 40Սրանք ելան դարանից, շատերին սպանեցին, վիրաւորեցին եւ զինուած մարդկանց փախուստի մատնեցին, աւար առան իրերն ու զգեստները, իսկ երթի մասնակիցներին կողոպտեցին։ 41Հարսանիքը փոխուեց լաց ու կոծի, իսկ երաժիշտների ձայնը սուգի ու ողբի վերածուեց։ 42Նրանք իրենց եղբօր վրէժը լուծեցին ամբողջովին եւ վերադարձան Յորդանան գետին մօտիկ մի մարգագետին։ 43Երբ դա իմացաւ Բաքիդէսը, զօրք վերցրեց, շարժուեց նրանց վրայ, եկաւ հասաւ Յորդանան գետի քարայրների մօտ։ 44Յովնաթանն ասաց իր զօրքին. «Եկէք վեր կենանք ու մարտի մէջ մտնենք յանուն մեր կեանքի, որովհետեւ այս օրը նման չէ երէկուան եւ ոչ էլ նախորդ օրուան։ 45Ահաւասիկ զօրք է դասաւորուել մեր դիմաց։ Ո՛չ ամրոց կայ պատսպարուելու, ո՛չ էլ դաշտ կայ փախուստի համար. մեզ Յորդանան գետն է շրջապատել։ 46Արդ, եկէք կանչենք Տիրոջ անունը, յարձակուենք, գուցէ փրկուենք մեր թշնամիների ձեռքից»։ Այս խօսքն ասաց ու անմիջապէս յարձակուեց Բաքիդէսի վրայ, 47ձեռքը բարձրացրեց, որ հարուածի, բայց սա խոյս տուեց։ 48Յովնաթանն ու նրա հետ եղածները անցան այդ բարձունքից։ 49Բաքիդէսի զինուորները հարուածեցին, կոտորեցին Յուդայի գնդից հազար մարդ եւ վերադարձան Երուսաղէմ, 50սկսեցին Հրէաստանում ամուր քաղաքներ կառուցել, Երիքովի, Ամաւուսի, Բեթորի, Բեթէլի, Մինաթարոթի եւ Սթեփի բերդերն ամրացրին ամուր պարիսպներով, հզօր դարպասներով ու հաստատուն նիգերով։ 51Նա թշնամութիւնը բորբոքելու համար պահապաններ կանգնեցրեց իսրայէլացիների վրայ, 52ամրացրեց Բեթսոր քաղաքը, Գազերան եւ ամրոցը, այնտեղ տեղաւորեց բազմաթիւ զօրքեր ու շատ մթերք։ 53Նա երկրի իշխանների որդիներին պատանդ վերցրեց եւ նրանց բանտարկեց Երուսաղէմի բերդում։ 54Հարիւր տասը թուականի երկրորդ ամսին Յակիմոսը հրամայեց քանդել ներքին սրբավայրի սրահների պարիսպները. նրանք սկսեցին քանդել այն գործը, որ արել էին մարգարէները։ 55Այդ ժամանակ դիւահարուեց Յակիմոսը. ձախողուեցին նրա գործերը, թուլացաւ նրա երախը, պապանձուեց լեզուն. նա ոչ մի բան չէր կարողանում ասել ու իր տան վերաբերեալ կարգադրութիւններ անել։ 56Այդ ժամանակ Յակիմոսը մեռաւ մեծ տանջանքներով։ 57Երբ Բաքիդէսը տեսաւ, որ Յակիմոսը մեռաւ, վերադարձաւ արքայի մօտ, եւ Հրէաստանը երկու տարի խաղաղ կեանք ունեցաւ։ 58Անօրէնները միտք արեցին ու ասացին. «Ահա Յովնաթանն ու նրա մօտ գտնուողները ապրում են խաղաղ ու անհոգ։ Եկէք բերենք Բաքիդէսին, որ սա մի գիշերուայ մէջ բռնի բոլորին»։ 59Գնացին ու իրենց մտածածն ասացին նրան։ 60Նա բազմաթիւ զօրքերով արագ ճանապարհ ընկաւ, գաղտնի հրովարտակ ուղարկեց Հրէաստանում գտնուող իր համախոհներին, որ բռնեն Յովնաթանին ու նրա հետ գտնուողներին, բայց սրանք դա անել չկարողացան, քանի որ դաւի գաղտնիքը բացայայտուել էր։ 61Նրանք բռնեցին երկրի չար առաջնորդներից մի յիսուն հոգու եւ խողխողեցին։ 62Յովնաթանը, Շմաւոնն ու նրանց հետ եղող մարդիկ խոյս տուեցին դէպի Բեթբէս, որ անապատում էր, նրա քանդուած պատերը վերանորոգեցին ու ամրացրին։ 63Երբ Բաքիդէսը տեսաւ դա, զօրք հաւաքեց, եկաւ պաշարեց այն։ 64Բեթբէսի շրջակայքում մարտ մղեց, կռիւ արեց բազմաթիւ օրեր, դրա շուրջը մեքենաներ կանգնեցրեց։ 65Յովնաթանն իր Շմաւոն եղբօրը թողեց քաղաքում, իսկ ինքն եկաւ այդ գաւառը։ 66Եկաւ Արթամ, սպանեց Օդոմերային, նրա եղբայրներին ու Փասիրոնի որդիներին իրենց վրանում։ Դրանից յետոյ սկսեց կոտորել զինուորներին։ 67Շմաւոնն ու նրա հետ եղող մարդիկ ելան քաղաքից, հրկիզեցին մեքենաները, 68պատերազմեցին Բաքիդէսի դէմ եւ պարտութեան մատնեցին նրան, որովհետեւ նրա մտադրութիւնն ու նրա արշաւանքն իզուր էին։ 69Սա բարկացաւ այն անօրէն մարդկանց վրայ, ովքեր իրեն խորհուրդ էին տուել արշաւել նրա երկիրը։ Բաքիդէսը նրանցից շատերին սպանեց ու որոշեց վերադառնալ այն երկիրը, որտեղից եկել էր։ 70Երբ Յովնաթանն իմացաւ այդ, բանագնացներ ուղարկեց նրա յետեւից, որ նրա հետ խօսեն խաղաղութիւն հաստատելու մասին, դաշինք կնքեն, եւ նա վերադարձնի բոլոր գերիներին։ 71Նա համաձայնեց եւ արեց այնպէս, ինչպէս Յովնաթանը խօսել էր իր հետ։ Նա երդուեց, որ, քանի կենդանի է ինքը, այլեւս չարիք չի հասցնի նրանց։ 72Նա վերադարձրեց այն գերիներին, որ վերցրել էր նախկինում Հրէաստանից, իսկ ինքը գնաց իր երկիրն ու այլեւս չարշաւեց նրանց սահմանների վրայ։ 73Կռիւները դադարեցին Իսրայէլում։ Յովնաթանը բնակուեց Մաքմասում, սկսեց դատել իր ժողովրդին ու անօրէններին կոտորել Իսրայէլում։
10 Հարիւր վաթսուն թուականին անտիոքացի Ալեքսանդր Եպիփանը գնաց ու գրաւեց պտղոմէացիների քաղաքը։ Ընդունեցին նրան, եւ նա այնտեղ թագաւորեց։ 2Երբ Դեմետրիոս արքան լսեց, բազմաթիւ զօրք հաւաքեց, վեր կացաւ, որ պատերազմի նրա դէմ։ 3Դեմետրիոսը նրան խաղաղութեան պատգամ ուղարկեց, որ նրանք մեծարեն իրեն։ 4«Շտապեցէ՛ք, - ասաց, - նրա հետ խաղաղութեան դաշինք կնքել, քանի դեռ Ալեքսանդրը նրանց հետ դաշինք չի կնքել ընդդէմ մեզ։ 5Ես գիտեմ, նա կը յիշի իր դէմ, իր եղբայրների ու իր ազգի դէմ մեր կատարած չարագործութիւնները»։ 6Եւ նա նրան իրաւունք տուեց զօրք հաւաքելու, սպառազինուելու, որպէսզի նա իր նիզակակիցը դառնայ, իսկ ամրոցում գտնուող պատանդներին հրամայեց յանձնել նրա ձեռքը։ 7Յովնաթանն եկաւ Երուսաղէմ։ Նա նամակը կարդաց ամբողջ ժողովրդի առաջ եւ նրանց առաջ, ովքեր բերդում էին։ 8Նրանք խիստ վախեցան, որովհետեւ լսեցին, թէ արքան նրան իրաւունք է տուել զօրք հաւաքելու։ 9Բայց պատանդներին բերեցին ու յանձնեցին նրան, իսկ նա նրանց յանձնեց իրենց ընտանիքներին։ 10Յովնաթանը բնակուեց Երուսաղէմում, սկսեց բարեկարգել ու նորոգել քաղաքը։ 11Նա պարսպի շինարարութեան վրայ աշխատողներին ասաց. «Շինեցէ՛ք այդ պարիսպը եւ պատեցէ՛ք Սիոն լերան շուրջը քառանկիւն որձաքարերով»։ Այդպէս էլ արեցին։ 12Այն ժամանակ Բաքիդէսի կառուցած բերդում ապրող այլազգիները փախուստի դիմեցին։ 13Նա ամէն մէկին թողեց իր տեղում, իսկ ինքը գնաց իր հայրենի երկիրը։ 14Բեթսորում մնացել էին Օրէնքին ու հրամաններին չենթարկուող մի քանի մարդիկ, որովհետեւ դա նրանց ապաստարանն էր։ 15Երբ Ալեքսանդր արքան լսեց այն խոստումները, որ Դեմետրիոսը տուել էր Յովնաթանին, եւ պատմեցին նրան այն պատերազմի մասին, որ նա քաջաբար մղել էր իր եղբայրների հետ, եւ այն տանջանքները, որ նա կրել էր, ասաց. 16«Մի՞թէ երբեւէ կարող ենք գտնել այսպիսի մի տղամարդ։ Եկէք նրան դարձնենք մեր բարեկամն ու օգնականը»։ 17Նա հրամայեց նրանց հրովարտակ ուղարկել հետեւեալ խօսքերով. 18«Ալեքսանդր արքայից ողջո՜յն իր եղբայր Յովնաթանին։ 19Քո մասին լսել ենք, թէ քաջ տղամարդ ես, եւ արժանի է, որ լինես մեր բարեկամը։ 20Արդ, մենք քեզ այսօր նշանակում ենք քո ազգի քահանայապետ եւ քեզ կոչում ենք արքայի բարեկամ (եւ հրամայեց նրա համար տանել ոսկէ պսակ ու ծիրանիներ)։ Արդ, հաստատո՛ւն մնա մեր դաշինքի վրայ եւ պահպանի՛ր մեր նկատմամբ ունեցած քո հաւատարիմ բարեկամութիւնը։ Ո՛ղջ եղիր»։ 21Յովնաթանը հագաւ այդ ընտիր պատմուճանը։ Հարիւր վաթսուն թուականին, տաղաւարահարաց տարեկան տօնի ժամանակ զօրք հաւաքեցին, սպառազինուեցին եւ ուրախութիւններ կատարեցին։ 22Այս բաները լսելով՝ Դեմետրիոսը խիստ տրտմեց 23ու ասաց. «Այս ի՞նչ արեցինք, ինչո՞ւ մենք նրանց չդարձրինք մեզ օգնական։ Ալեքսանդրը կանխեց մեզ, նրանց հետ խաղաղութեան դաշինք կնքեց եւ Հրէաստանը հաստատապէս իր ձեռքն առաւ։ 24Արդ, եկէք մենք էլ նրանց գրենք ողջոյնի ու մեծարանքի խօսքեր, պարգեւներ խոստանանք, որպէսզի նրանք դառնան մեր օգնականները»։ 25Եւ նա նրանց հրովարտակ ուղարկեց հետեւեալ խօսքերով.«Դեմետրիոս արքայից ողջո՜յն հրեայ ազգին։ 26Քանի որ դուք պահպանեցիք մեզ հետ կնքած ուխտն ու դաշինքը, շարունակեցիք մնալ մեր բարեկամը, թշնամիներին աջակից չեղաք, մենք, լսելով այդ, ուրախ եղանք։ 27Արդ, շարունակեցէ՛ք, պահպանեցէ՛ք մեր նկատմամբ ունեցած հաւատարմութիւնը, 28եւ մենք դրա փոխարէն բազում բարեգործութիւններով կը հատուցենք ձեզ, բազմաթիւ պարգեւներ կը տանք։ 29Ձեզ ազատ կ՚արձակենք, բոլոր հրեաներին կ՚ազատենք տուրքերից, աղի ու պսակի, սերմի երրորդ բաժին հարկերից, 30իսկ ինձ պատկանող հանրային այգիներն ու ծառերը այսօրուանից սկսած եւ յետագայում կը թողնեմ ձեզ։ 31Երուսաղէմը թող մնայ սուրբ ու նուիրական իր շրջակայ սահմաններով։ Տասանորդից վերցրած մաքսը վերացնում ենք ձեզանից։ 32Միջնաբերդի իշխանութիւնը յանձնում ենք քահանայապետին։ Դա պահպանելու համար նա թող այնտեղ կարգի այն մարդկանց, որոնց ինքը կ՚ընտրի։ 33Հրէաստանից իմ թագաւորութեան երկրները բերուած ամէն մի գերի հրեայ առանց փրկագնի՝ ձրի թող ազատ արձակուի։ Թող վերանան հասի, մաքսի ու գրաստի հարկերը։ 34Իմ թագաւորութեան մէջ գտնուող բոլոր հրեաները տարեկան բոլոր տօներին, շաբաթ օրերին, ամսուայ սկզբներին, տօնին նախորդող եւ տօնին յաջորդող երեք օրերին հարկ թող չվճարեն։ 35Ոչ ոք թող չյանդգնի որեւէ մէկին պահանջ ներկայացնել կամ որեւէ մէկին նեղել իմ բոլոր գործերի պատճառով։ 36Անդրանիկ զաւակները թող մտնեն արքունի զօրքի մէջ, նրանց թիւը թող լինի մինչեւ վեց հարիւր հազար զօրական, եւ նրանք ըստ օրէնքի պարգեւներ թող ստանան արքունի առաջին զօրքի մեծամեծներին հաւասար։ 37Ովքեր հաւատարիմ են, դարձեալ նրանցի՛ց թող նշանակուեն արքունի պաշտօնեաներ, նրանք թող դառնան իշխաններ ու վերակացուներ, նրանք թող առաջնորդուեն այն օրէնքներով, որ արձակել է արքան Հրէաստանում։ 38Նախկինում Հրէաստանին պատկանող երեք գաւառները Սամարացիների երկրից թող վերադարձուի Հրէաստանին, եւ երկուսի համար թող գործի մէկ օրէնք, որ ուրիշը չկարողանայ իշխել նրանց վրայ, այլ՝ քահանայապետը։ 39Պտղոմէացիների քաղաքը թող պարգեւ տրուի Երուսաղէմում գտնուող սրբարանին, որպէսզի հոգացուեն սրբարանի համար յատկացուող ծախսերը։ 40Ամէն տարի ես արքունի գանձարանից կը տամ տասնհինգ հազար կշիռ արծաթ, որոնք կը ստացուեն ինձ ենթակայ վայրերից։ 41Այն մթերքը, որ կը պակասի, եւ իրենք չեն կարողանայ ձեռք բերել, արքունիքից կը տրուի, ինչպէս եղել է առաջին սերունդների ժամանակ։ 42Դրանք սրանից յետոյ թող տրուեն արքունի միջոցներից։ Բացի այդ, սրբարանի եկամուտներից ամէն տարի գանձուող հինգ հազար կշիռ արծաթը զեղչում եմ, որովհետեւ դա պէտք է քահանաներին ու պաշտօնեաներին։ 43Ով արքունիքին պարտք ունենալու պատճառով կը ցանկանայ փախչել ու մտնել Երուսաղէմի տաճարը, կամ ով դրա սահմաններում է գտնւում, թող ներում ստանայ։ Նրանք թող ազատ արձակուեն։ 44Սուրբ շինութիւններից ամէն ինչ, որ աւերուած-կործանուած կը լինի, թող կառուցուի ու նորոգուի, իսկ ծախսերը թող վճարուի արքունիքից։ 45Թող կառուցեն Երուսաղէմի պարիսպը, չորս կողմը թող ամրացնեն, իսկ ծախսերը թող վճարուի արքունիքից։ Թող կառուցուեն Հրէաստանի բոլոր բերդապարիսպները»։ 46Երբ Յովնաթանն ու ժողովուրդը լսեցին այս բանը, երբեք չհաւատացին ու չընդունեցին նրանց, որովհետեւ յիշեցին Երուսաղէմում նրանց կատարած մեծամեծ չարագործութիւնները, նրանց պատճառած նեղութիւնները։ 47Նրանք գերադասեցին Ալեքսանդրի հետ հաշտութիւնը, որովհետեւ նախ նա էր խաղաղութիւն առաջարկողը, իրենք նրա նիզակակիցներն էին, եւ նա իրենց օգնականն էր եղել իրենց կեանքի բոլոր օրերում։ 48Ալեքսանդր արքան զօրաժողով արեց, բազմաթիւ զօրքեր հաւաքեց, որ գայ, պատերազմ տայ Դեմետրիոսի դէմ։ 49Երկու թագաւորները եկան միմեանց բախուեցին, եւ Դեմետրիոսի զօրագունդը փախուստի դիմեց։ Ալեքսանդրը հետապնդեց նրանց. 50ճակատամարտը սաստկացաւ մինչեւ արեւի մայր մտնելը։ Այդ օրն այդտեղ, Ալեքսանդրի առաջ սպանուեց Դեմետրիոսը։ Հարուածեցին, հալածեցին եւ նոյն օրն էլ ամէն ինչ աւարտի հասցրին։ 51Ալեքսանդրը Եգիպտացիների երկիր՝ Պտղոմէոս արքայի մօտ բանագնացներ ուղարկեց եւ հետեւեալը պատուիրեց. «Թող յայտնի լինի քեզ, ո՜վ արքայ Եգիպտոսի, 52որ ես տէր դարձայ իմ տէրութեանը, ես նստեցի իմ հայրերի գահին, իշխանութիւնը վերցրի իմ ձեռքը, հարուածեցի ու վանեցի Դեմետրիոսին իր զօրքով հանդերձ եւ վերանուաճեցի իմ երկիրը։ 53Պատերազմում հարուածեցի ու վանեցի նրան ու իր զօրքերը, նստեցի նրա թագաւորական գահին։ 54Արդ, ե՛կ միմեանց միջեւ խաղաղութիւն հաստատենք. դու քո դստերն ինձ կնութեա՛ն տուր, որ նա ինձ արժանի կին լինի, իսկ ես էլ՝ քո արժանի փեսան»։ 55Եգիպտացիների արքան պատասխան տուեց ու ասաց. «Բարի է այն օրը, երբ դու վերադարձար քո նախնիների երկիրը եւ նստեցիր քո հայրերի արքայական գահին։ 56Ես պատրաստ եմ յօժար կամքով անել այն ամէնը, ինչ դու գրել ես ինձ։ Եկ հանդիպենք իրար պտղոմէացիների քաղաքում, տեսնենք միմեանց, եւ քեզ իմ փեսան դարձնեմ, ինչպէս որ դու ես ասել»։ 57Պտղոմէոս արքան ելաւ Եգիպտացիների երկրից հարիւր վաթսուներկու թուականին եւ իր Կլէոպատրա դստեր հետ եկաւ պտղոմէացիների քաղաքը։ 58Երկու թագաւորները հանդիպեցին միմեանց, եւ Պտղոմէոսը իր Կլէոպատրա դստերը տուեց նրան։ Պտղոմէացիների քաղաքում հարսանիք արեցին մեծ ճոխութեամբ ու մեծ շուքով, ինչպէս վայել է թագաւորներին։ 59Ալեքսանդրը Յովնաթանին հրովարտակ ուղարկեց, որ սա գայ իր մօտ։ 60Յովնաթանը մեծ շուքով գնաց պտղոմէացիների քաղաքը, երկու թագաւորներին հանդիպելով մեծամեծ նուէրներ տուեց եւ ինքն էլ նրանցից նուէրներ ստացաւ։ 61Երուսաղէմի անօրէն մարդիկ հաւաքուեցին, որպէսզի ամբաստանեն նրան, սակայն թագաւորը նրանց չլսեց։ 62Արքան հրամայեց հանել Յովնաթանի զգեստները. նրան հագցրին ծիրանի զգեստներ. արքան նրան նստեցրեց իր կողքը 63եւ ասաց իշխաններին. «Կը գնաք նրա հետ, բոլոր քաղաքներում կը յայտնէք իմ հրամանը, որ ոչ ոք չյանդգնի ամբաստանել նրան, եւ ոչ ոք չնեղացնի նրան ոչ մի բանով»։ 64Երբ չարագործները տեսան նրա նկատմամբ ցուցաբերուած պատիւը, լսեցին հրամանի խօսքերը եւ տեսան ծիրանի զգեստները, բոլորը փախան, թաքնուեցին, անհետացան։ 65Թագաւորը պատիւ տուեց նրան առաջին բարեկամների հետ հաւասար, նրան նշանակեց սպարապետ եւ կուսակալ։ 66Յովնաթանը վերադարձաւ Երուսաղէմ՝ լցուած ուրախութեամբ ու խաղաղութեամբ։ 67Հարիւր վաթսունհինգ թուականին Դեմետրիոսի որդի Դեմետրիոսը կրետացիների կողմերից եկաւ իր հայրերի երկիրը։ 68Ալեքսանդրը խիստ տրտմեց ու այնտեղից վերադարձաւ անտիոքացիների քաղաքը։ 69Դեմետրիոսն այնտեղ նշանակեց Ապոլոնիոսին, որն առաջ Ստորին Ասորիքի վերակացուն էր։ Նա բազմաթիւ զօրք հաւաքեց, եկաւ, բանակ դրեց Յամնիայի շրջակայքում։ Նա Յովնաթան քահանայապետի մօտ մարդ ուղարկեց, որ ասի հետեւեալը. 70«Դու ես միայն, որ գլուխդ բարձրացրել, գոռոզացել ես մեզ վրայ, իսկ ես քո պատճառով նախատինքի ու ծաղրի եմ ենթարկուել։ Ի՞նչ ես փքուել ու նստել քո լեռներում։ 71Արդ, եթէ յոյսդ քո զօրքի վրայ է, ե՛կ, իջի՛ր դաշտ, մեզ մօտ, հանդիպենք միմեանց, որովհետեւ ես էլ այստեղ ինձ հետ քաղաքի զօրք ունեմ։ 72Արդ, հարցրո՛ւ, փորձի՛ր, տե՛ս, թէ ով եմ ես, կամ ովքեր են մեր օգնականները. նրանք քեզ կ՚ասեն. «Դու մեզ հետ կռիւ անել չես կարող, որովհետեւ ձեր հայրերին իրենց իսկ երկրում երկու անգամ պարտութեան ենք մատնել մենք»։ 73Արդ, դու չես կարող դիմադրել այսքան հեծելազօրին այս դաշտում, ուր թաքնուելու համար ո՛չ թուփ կայ, ո՛չ փախուստի տեղ, ո՛չ ապաւինելու ժայռ եւ ո՛չ էլ նետելու քար»։ 74Երբ Ապոլոնիոսի այս խօսքերը լսեց Յովնաթանը, բարկացաւ իր մտքում, անմիջապէս ոտքի ելաւ, իր զօրքից ընտրեց մօտ տասը հազար ընտիր զինուոր եւ դուրս եկաւ Երուսաղէմից։ Նրան ընդառաջ եկաւ իր եղբայր Շմաւոնը՝ օգնելու նրան։ 75Նրանք եկան հասան յոպպէացիների քաղաքը։ Քաղաքացիները դռները փակեցին նրանց դէմ, որովհետեւ Ապոլոնիոսը սրանց վրայ պահապան ոստիկաններ էր նշանակել։ Նրանք յարձակուեցին, պատերազմ մղեցին քաղաքի դէմ։ 76Քաղաքի բնակիչները վախից բաց արեցին քաղաքի դռները, եւ նրանք մտան ու գրաւեցին քաղաքը։ 77Երբ դա լսեց Ապոլոնիոսը, պատրաստութիւն տեսաւ, իր հետ վերցրեց երեք հազար սպառազէն մարդ ու բազմաթիւ այլ զօրքեր, 78գնաց Ազոտի կողմերը, իբր պիտի անցնէր դաշտի մօտով, մինչդեռ նա ուղիղ գնում էր դէպի դաշտավայրը, որովհետեւ վստահ էր իր հեծելազօրի վրայ։ Յովնաթանը հետապնդեց նրան, որպէսզի ճակատամարտ տայ։ 79Ապոլոնիոսը նրա հետքերով դարան էր դրել հազար հեծեալ։ 80Յովնաթանն իմացաւ, որ իր համար դարան են դրել, ուստի եկաւ, փակեց, պաշարեց դարանակալների ամրոցը եւ դրա շուրջը պատնէշ կառուցեց։ Դրանց պաշարուած էին պահում առաւօտից մինչեւ երեկոյ, ինչպէս հրամայել էր նրանց Յովնաթանը։ 81Հեծեալները յոգնեցին, տանջուեցին ու թուլացան։ 82Շմաւոնն իր գնդով բռնեց գաղտնի ճանապարհը, եկաւ կանգնեց ձորակի գլխին ու յարձակուեց նրանց վրայ։ Քանի դեռ սրանք թուլացած էին ու յոգնած, յարձակուեց սրանց վրայ, շատերին սպանեց հէնց դարանում, 83հեծելազօրից շատերին դաշտի վրայ փախուստի մատնեց ու հալածեց մինչեւ Ազոտի կողմերը։ Նա այնպիսի իրարանցում գցեց սրանց մէջ, որ փախստականները եկան Դագոնի մեհեանում պատսպարուելու։ 84Յովնաթանն իր զօրքով եկաւ, պաշարեց Դագոնի մեհեանն ու ազոտացիների քաղաքը եւ աւարի մատնեց դրա շրջակայքի քաղաքները, հրկիզեց Դագոնի մեհեանն այնտեղ պատսպարուողներով հանդերձ։ 85Սրից ընկածների ու այրուածների թիւը հասաւ մօտ ութ հազարի։ 86Յովնաթանն այնտեղից շարժուեց գնաց ու բանակ դրեց Ասկաղոնի կողմերում։ Այդ քաղաքից մարդիկ ընդառաջ եկան նրան եւ պատիւներ մատուցեցին։ 87Յովնաթանն իր զօրագնդով վերադարձաւ Երուսաղէմ հարուստ աւարով, որովհետեւ կողոպտել ու յափշտակել էր բազում թշնամիների։ 88Երբ դա լսեց Ալեքսանդրը, առաւել եւս սկսեց փառաւորել Յովնաթանին։ 89Նրան ուղարկեց ոսկէ ճարմանդ, որ աւանդաբար տալիս էին թագաւորի եղբայրներին, եւ, իբրեւ ժառանգութիւն, նրան տուեց Ակկարոնն իր բոլոր սահմաններով։
11 Եգիպտացիների թագաւորը զօրք կազմեց, ծովափի աւազի չափ բազմաթիւ զինուորներ եւ շատ նաւեր հաւաքեց։ Նա ուզում էր նենգութեամբ Ալեքսանդրի թագաւորութեանը տիրանալ եւ այն միացնել իր թագաւորութեանը։ 2Նա խաղաղութեան պատգամներով եկաւ Ասորիքի կողմերը։ Դարպաս էին բաց անում նրա առաջ եւ ընդառաջ գնում նրան։ Դա Ալեքսանդր արքայի պատուէրն էր, որովհետեւ Պտղոմէոսն իր աներն էր։ 3Երբ Պտղոմէոսը մտնում էր քաղաքները, ամէն մի քաղաքում իր զօրքից պահապաններ էր թողնում։ 4Երբ նրանք եկան մօտեցան ազոտացիների քաղաքին, նրան ցոյց տուեցին Դագոնի հրկիզուած մեհեանը, քաղաքը եւ պատերազմի ժամանակ կրակի մատնուած նրա շրջակայ քաղաքների այրուած դիակները, որ բերել կոյտ-կոյտ դիզել էին ճանապարհի վրայ։ 5Արքային պատմեցին այն ամենի մասին, ինչ կատարել էր Յովնաթանը, եւ աչքից գցեցին նրան։ Թագաւորը լուռ էր։ 6Յովնաթանը մեծ պատիւներով դիմաւորեց թագաւորին յոպպէացիների քաղաքում։ Իրար ողջոյն տուեցին ու միասին անցկացրին այդ օրը։ 7Յովնաթանն արքայի հետ գնաց մինչեւ Ազատ կոչուող գետի կողմերը եւ այդտեղից վերադարձաւ Երուսաղէմ, 8իսկ Պտղոմէոս արքան գրաւեց ծովեզրեայ քաղաքները մինչեւ սելեւկացիների քաղաքը. նա Ալեքսանդրի դէմ դաւադրութիւն էր պատրաստում։ 9Նա Դեմետրիոս արքայի մօտ բանագնացներ ուղարկեց ու ասաց. «Եկ իրար հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք։ Ես քեզ կը տամ Ալեքսանդրի մօտ գտնուող իմ դստերը, եւ դու կը տիրանաս քո հօր թագաւորութեանը։ 10Ես զղջում եմ, թէ ինչու իմ դստերը տուեցի նրան կնութեան, քանի որ նա մահուան դաւ է նիւթում իմ դէմ»։ 11Այսպէս նա զրպարտեց Ալեքսանդրին, որովհետեւ աչք էր դրել նրա տէրութեան վրայ։ Նա իր դստերը յետ բերեց ու տուեց Դեմետրիոսին։ 12Նա երես դարձրեց Ալեքսանդրից եւ յայտնի դարձրեց իր թշնամանքը։ Պտղոմէոսը մտաւ ու գրաւեց քաղաքները, ծովեզրեայ Սելեւկիան եւ Ալեքսանդրի դէմ դաւ էր նիւթում։ 13Նա եկաւ մտաւ անտիոքացիների քաղաքը, գլխին դրեց ասիացիների թագն ու իրեն պսակեց կրկնակի թագով՝ ասիացիների թագով ու եգիպտացիների թագով։ 14Այդ ժամանակ, սակայն, Ալեքսանդր արքան Կիլիկիայի կողմերում էր, որովհետեւ ապստամբութիւն էին բարձրացրել նրա դէմ։ 15Երբ դա իմացաւ Ալեքսանդրը, եկաւ պատերազմ տալու։ Պտղոմէոսը նրա դէմ ելաւ բազմաթիւ զօրքով եւ նրան պարտութեան մատնեց։ 16Ալեքսանդրը փախաւ արաբացիների կողմերը, որպէսզի թաքնուի այնտեղ ու ազատուի նրանից։ Հզօրացաւ Պտղոմէոս արքան։ 17Եկաւ արաբ Զաբեէլը, կտրեց Ալեքսանդրի գլուխը եւ տուեց, որ այն տանեն Պտղոմէոս արքային։ 18Երրորդ օրը մեռաւ Պտղոմէոսը, եւ բոլոր նրանք, ովքեր բերդի շուրջն էին գտնւում, կոտորուեցին բնակիչների կողմից։ 19Դեմետրիոսը թագաւորեց հարիւր վաթսունեօթը թուականին։ 20Այդ օրերին Յովնաթանը Հրէաստանում զօրք հաւաքեց, որ գայ պատերազմ մղի Երուսաղէմում գտնուող բերդի համար։ Նրա շրջակայքում կանգնեցրին բազմաթիւ ռազմական մեքենաներ։ 21Հրեայ ազգին թշնամի մի քանի անօրէն մարդիկ գնացին պատմեցին թագաւորին, թէ Յովնաթանը մեքենաներ է կանգնեցրել ու շրջապատել բերդը, պատրաստուել է գրաւելու այն։ 22Երբ դա լսեց Դեմետրիոսը, խիստ բարկացաւ, վեր կացաւ ու եկաւ պտղոմէացիների մօտ, հրովարտակներ ուղարկեց Յովնաթանին, որ բերդն այլեւս պաշարման մէջ չպահի, այլ անմիջապէս վեր կենայ ու գայ պտղոմէացիների քաղաքը, որպէսզի այնտեղ հանդիպեն միմեանց։ 23Երբ դա լսեց Յովնաթանը, հրամայեց առաւել եւս ուժեղացնել բերդի պաշարումը, իսկ ինքը ժողովրդի ծերերից ու քահանաներից վերցրեց ազնիւ եւ իմաստուն մարդկանց, 24ճանապարհ ընկաւ նուէրներով, ոսկով ու արծաթով, իր անձը մահուամբ վտանգելով գնաց, որ պտղոմէացիների քաղաքում հանդիպի թագաւորին։ 25Նա նրա կողմից պատուի արժանացաւ, թէեւ շատ անօրէններ էին ամբաստանել նրան։ 26Թագաւորը նրան մեծարեց, ինչպէս իր նախնիներն էին մեծարել, պատուեց նրան իր բոլոր բարեկամների մօտ, 27նրան տուեց քահանայապետութեան իշխանութիւն եւ այն բոլոր պատիւները, որ ունէին քահանայապետները նրանից առաջ։ Նա նրան իր առաջին բարեկամների շարքը դասեց։ 28Յովնաթանը խնդրեց արքային, որ վերացնի Հրէաստանի եւ Սամարիայի երեք կուսակալութիւնների հարկերը։ Նա խոստացաւ նրան տալ միայն երեք հարիւր քանքար։ 29Թագաւորին դա ընդունելի թուաց, եւ նա այս բոլորի համար հրամայեց Յովնաթանին տալ հրովարտակ հետեւեալ բովանդակութեամբ. 30«Դեմետրիոս արքան ողջունում է իր եղբայր Յովնաթանին։ 31Այս հրովարտակի պատճէնը մենք ուղարկել ենք մեր եղբայր Լասթենէսին։ Նոյնի օրինակն էլ ձեզ ենք գրում, որ տեղեակ լինէք։ 32«Արքայ Դեմետրիոսը ողջունում է հայր Լասթենէսին։ 33Մեր բարեկամ, օգնական, նիզակակից, ուխտապահ հրեաներին արժանի ենք համարում, որ հանգիստ թողնենք նրանց, բարութիւն հատուցենք այն արդարութեան ու հաւատարմութեան համար, որ նրանք ցուցաբերել են մեր նկատմամբ։ 34Հաստատում ենք Հրէաստանի սահմանները եւ երեք գաւառները՝ Ափարիմը, Լուդան ու Ռաթամինը։ Դրանք թող անջատուեն Սամարիայից եւ կցուեն Հրէաստանին։ Այսուհետեւ օրէնքով սահմանուած այդ գաւառների հարկերը թող յատկացուեն Երուսաղէմի պաշտօնեաներին։ Արքունի այն եկամուտները, որոնք ամէն տարի ստացւում են հողի արտադրանքից ու պտղատու ծառերի բերքից, 35արքունի հարկերը, տասանորդները, մաքսերը, արքունի այլ եկամուտները, աղի տուրքը, պսակների հարկը, - 36այս բոլորը զիջում ենք նրանց։ Սրանցից ոչ մէկը թող չխախտուի յաւիտենապէս։ 37Արդ, հո՛գ տարէք, որ այդ հրովարտակի մի պատճէնը հանէք եւ յանձնէք Յովնաթանին, որպէսզի այն դնի սրբարանի գանձարանում, աչքի ընկնող եւ յարմար տեղում»։ 38Երբ Դեմետրիոս արքան տեսաւ, որ ողջ երկիրը հնազանդուել է իրեն, եւ աշխարհում չկար մի բան, որ հակառակուէր իր կամքին, հրաման տուեց, որ ամէն մի զօրք արձակուի ու վերադառնայ իր տեղը, բացի հեռաւոր ազգերի զինուորներից ու կղզիներից հաւաքուած ռազմիկների գնդից։ Բոլոր ազգերի զօրքերը թշնամացան նրա դէմ։ 39Ալեքսանդրի տոհմում կար Տրիփոն անունով մէկը։ Երբ տեսաւ, որ բոլոր զօրքերը տրտնջում են Դեմետրիոսի դէմ, գնաց Իմալկուս Արաբացու մօտ, որը սնում ու դաստիարակում էր Ալեքսանդրի պատանի որդի Անտիոքոսին։ 40Նա ստիպեց նրան, որ պատանուն իրեն յանձնի, որպէսզի ինքը բերի նրան ու հօր գահին նստեցնի։ Նա նրան պատմեց նախկինում Դեմետրիոսի կատարած գործերի մասին եւ այն բոլոր թշնամութիւնների, որ մի ժամանակ ունէր զօրքը նրա նկատմամբ։ Նա նրա մօտ մնաց շատ օրեր։ 41Յովնաթանը Դեմետրիոս արքայի մօտ մարդ ուղարկեց, որ նա հրաման տայ միջնաբերդից եւ միւս բերդերից դուրս հանելու զօրքերը, որովհետեւ սրանք թշնամաբար էին տրամադրուած Իսրայէլի նկատմամբ։ 42Դեմետրիոսը մարդ ուղարկեց Յովնաթանի մօտ ու ասաց. «Ես ոչ միայն քեզ ու քո ազգի համար կ՚անեմ այդ, այլեւ պատուի կ՚արժանացնեմ քո ազգը, միայն թէ ժամանակ գտնեմ։ 43Դու լաւ կ՚անես, եթէ օգնական մի գունդ ուղարկես, որովհետեւ իմ զինուորներն ինձ լքել են»։ 44Երբ դա լսեց Յովնաթանը, անմիջապէս լաւ սպառազինուած երեք հազարանոց մի գունդ ուղարկեց անտիոքացիների քաղաքը իբրեւ թագաւորի օգնական։ Թագաւորն ուրախացաւ, որ նրանք հասան իր մօտ։ 45Երբ դա իմացան քաղաքի բնակիչները, զանազան տեղերից եկան հաւաքուեցին քաղաքի կենտրոնում հարիւր քսան հազար մարդ եւ թագաւորի վրայ յարձակուելով՝ ուզում էին նրան անմիջապէս սպանել, 46բայց նա խոյս տուեց նրանցից։ Նրանք անմիջապէս գրաւեցին քաղաքի բոլոր փողոցների մուտքերը եւ սկսեցին կռուել։ 47Իսրայէլեան գունդն այդ իմանալով՝ կուտակուեց թագաւորի ապարանքի մօտ. մարդիկ ձայն տուեցին միմեանց ու տարածուեցին ամբողջ քաղաքում։ 48Հարուածելով սպանեցին, կոտորեցին մօտ տասը հազար մարդ, հրդեհի մատնեցին քաղաքի փայտակերտ բոլոր շէնքերը եւ կողոպտեցին նրանց կայքն ու ունեցուածքը, իրենց մօտ բերեցին թագաւորին ու փրկեցին նրանց ձեռքից։ 49Երբ քաղաքի գնդի մնացած զինուորները տեսան, որ իսրայէլեան գունդը հզօրացել է, կատարելապէս յաղթել իրենց, յուսալքուեցին, թուլացան ու հրաժարուեցին իրենց մտադրութիւնից։ Նրանք աղաչական ձայնով սկսեցին դիմել թագաւորին ու ասացին. 50«Խղճա՛ մեզ, մոլեգնած գունդը թող դադարեցնի քաղաքի բնակիչների կոտորածը»։ 51Ասում էին այս, եւ ամէն մէկն իր զէնքը նետում էր յաղթողների ոտքերի առաջ։ Իսրայէլեան գնդի փառքն ու պատիւը բարձրացաւ թագաւորի ու նրա ողջ զօրքի աչքին։ Դրանից յետոյ նրանք մեծ պատուով ու բազում աւարով վերադարձան Երուսաղէմ։ 52Դեմետրիոս արքան նստեց իր տէրութեան գահին, եւ ամբողջ երկիրը դողաց նրա առաջ։ 53Բայց նա դրժեց այն բոլոր խոստումները, որ տուել էր իսրայէլացիներին, բոլորովին օտարացաւ Յովնաթանից եւ չհատուցեց նրա հաւատարիմ ծառայութեան փոխարէն։ 54Այս դէպքերից յետոյ վերադարձան Տրիփոնն ու նրա հետ պատանի Անտիոքոսը, որն արդէն թագաւոր էր դարձել ու նստել տէրութեան գահին։ 55Նրա մօտ հաւաքուեցին Դեմետրիոսի բոլոր ցրուած զինուորները, պատերազմեցին Դեմետրիոսի դէմ ու խայտառակ կերպով նրան փախուստի մատնեցին։ 56Տրիփոնն եկաւ փղերով ու գրաւեց անտիոքացիների քաղաքը։ 57Պատանի Անտիոքոսը հրաման արձակեց, որ Յովնաթանին հրովարտակ ուղարկեն, ուր ասուած էր. «Քեզ քահանայապետ եմ նշանակում, քեզ հաստատում եմ չորս գաւառների վերակացու, քեզ համարում եմ մեր իսկական եւ առաջին բարեկամներից մէկը»։ 58Նա հրամայեց, որ նրան տանեն ոսկէ գաւաթներ ու տաճարի սպասքը։ Նրան իրաւունք տուեց ըմպել ոսկէ գաւաթներով, ծիրանի զգեստներ հագնել, թագաւորական նշանի նման ճարմանդ կրել։ 59Հրաման տուեց, որ նրա եղբայր Շմաւոնը նշանակուի իշխան եւ զօրավար Ծուրից մինչեւ եգիպտացիների սահմանը։ 60Յովնաթանը ելաւ, որ շրջագայի Յորդանան գետի այն կողմում եւ քաղաքներում։ Իբրեւ օգնական նրա մօտ հաւաքուեցին Ասորիքի բոլոր զինուորները։ Նա եկաւ Ասկաղոնի կողմերը։ Մեծամեծ գովաբանութիւններ անելով նրան ընդառաջ ելան քաղաքացիները։ 61Այնտեղից նա գնաց Գազա, բայց գազացիները նրա առաջ փակեցին դարպասները։ Նա շրջապատեց նրանց, հրդեհի մատնեց նրանց աւանները, բռնագրաւեց նրանց ինչքն ու ունեցուածքը։ 62Դրանից յետոյ եկան գազացիները, կանգնեցին ու խոնարհուեցին նրա առաջ, իրենց իշխանների որդիներին պատանդ տուեցին։ Նա նրանց ուղարկեց Երուսաղէմ, իսկ ինքն անցաւ երկիրը մինչեւ Դամասկոսի կողմերը։ 63Յովնաթանը լսեց, որ Դեմետրիոսի իշխանները բազում զօրքերով հասել են գալիլիացիների կողմերը՝ Կադէս, նրան իշխանութիւնից զրկելու դիտաւորութեամբ։ 64Նա իր եղբայր Շմաւոնին վերակացու թողեց երկրի վրայ, իսկ ինքը գնաց նրանց ընդառաջ։ 65Շմաւոնը յարձակուեց Բեթսորի վրայ, բազում օրեր պաշարեց այն, կալանքի տակ պահեց նրա բնակիչներին։ 66Նրանք սկսեցին աղաչել նրան, որ իրենց հետ դաշինք կնքի։ Շմաւոնը համաձայնեց, նրանց տեղահան արեց քաղաքից եւ այդտեղ, քաղաքի վրայ պահապաններ նշանակեց։ 67Յովնաթանն իր զօրքով եկաւ ու բանակ դրեց Գեննեսարեթի ջրերի մօտ։ Երբ առաւօտեան հասաւ Նասորի դաշտը, 68այլազգիների մի գունդ ընդառաջ եկաւ նրան մի դաշտավայրում, բայց նրանք ծուղակ էին պատրաստել. գնդի կէսը դարան էր մտել, իսկ միւս կէսը յարձակուեց նրա վրայ։ 69Դարանակալները ելան իրենց տեղերից, հետապնդեցին նրանց, Յովնաթանին զօրքով հանդերձ շրջապատեցին 70եւ Յովնաթանի զօրքը փախուստի մատնեցին։ Նրա մօտ ոչ ոք չմնաց, բացի Բեսալոմի որդի Մատաթիայից ու Կափի որդի Յուդայից, որոնք զօրքի զօրավարներն էին։ 71Յովնաթանը բռնեց իր օձիքից, պատառոտեց պատմուճանը, հող լցրեց գլխին։ 72Նա մեծ բարկութեամբ յարձակուեց ու պարտութեան մատնեց նրանց։ 73Այն ժամանակ բոլոր փախստականները վերադարձան ու հալածեցին թշնամուն մինչեւ իրենց բանակատեղին՝ մինչեւ Կադէս։ Նրանք եկան հասան այլազգիների բանակի մօտերքը։ 74Այդ օրն սպանեցին երեք հազար սպառազէն հեծեալ, եւ Յովնաթանը վերադարձաւ Երուսաղէմ։
12 Երբ Յովնաթանը տեսաւ, որ ժամանակը նպաստաւոր է իր համար, մարդիկ կանչեց, բանագնացներ ընտրեց նրանցից եւ ուղարկեց հռոմէացիների քաղաքը, որպէսզի գնան ու նորոգեն իրենց հետ կնքուած հաշտութեան դաշինքը։ 2Նա սպարտացիներին ու այլ վայրերի մարդկանց հրովարտակներ ուղարկեց նոյն բովանդակութեամբ։ 3Բանագնացները գնացին, հասան հռոմէացիների քաղաքը, հանդիպեցին նրանց խորհրդարանի դահլիճում ու ասացին. «Յովնաթան քահանայապետն ու հրեայ ազգը մեզ ուղարկեցին ձեզ մօտ, որպէսզի նորոգենք հաշտութեան նախկին դաշինքը, առաջուայ նման լինենք միմեանց զինակից ու օգնական»։ 4Հռոմէացիներն ընդունեցին, համաձայնեցին, տարբեր վայրեր հրովարտակներ ուղարկեցին, որ նրանց խաղաղութեամբ Հրէաստան ուղեկցեն։ 5Այս է նրանց փոխարքաներին, իշխաններին ու կուսակալներին գրած Յովնաթանի հրովարտակի պատճէնը. 6«Յովնաթան քահանայապետը, ժողովրդի աւագների խորհուրդը, քահանաները, հրեայ ազգի բանակն ու սպաները ողջունում են իրենց սպարտացի եղբայրներին։ 7Դարեհ արքան Օնիա քահանայապետին անցեալում հրովարտակներ էր ուղարկել, թէ դուք մեր նիզակակիցներն էք, մեր եղբայրներն ու բարեկամները, ինչպէս մեզ ցոյց են տալիս այդ հրովարտակների պատճէնները, 8Օնիան մեծ պատուով էր ընդունել ուղարկուած մարդուն, ձեռքն առել հրովարտակը, ուր նշւում էր, թէ մենք նիզակակիցներ ու սիրելի բարեկամներ ենք։ 9Մենք, որ հարուստ ենք եւ ոչնչի կարիք չենք զգում ու մխիթարուել ենք ձեր հրովարտակներով, 10այժմ դարձեալ ուզում ենք նորոգել հաւատարմութիւնը, որպէսզի չօտարանանք ձեզանից։ Երկար ժամանակ է անցել նախկին համաձայնագրերից յետոյ, որ դուք ուղարկել էք մեզ։ 11Արդ, մենք ամէն ժամանակ, տարեկան տօներին ու յիշարժան միւս բոլոր օրերին, միշտ յիշում ենք ձեզ, երբ զոհ ենք մատուցում, յիշում ենք մեր աղօթքներում, ինչպէս վայել ու արժանի է յիշել մեր եղբայրներին։ 12Մենք ուրախանում ենք ձեր փառքով։ 13Արդ, մեզ պատել են պատերազմների պատճառած նեղութիւնները։ Պատերազմներ մղեցին մեր դէմ մեր շրջակայքում գտնուող թագաւորները, 14բայց մենք առ այսօր ոչնչով նեղութիւն չտուեցինք ո՛չ ձեզ եւ ո՛չ էլ նրանց, ովքեր ձեզ սահմանակից լինելով՝ այս պատերազմում մեր նիզակակից բարեկամներն են եղել, 15որովհետեւ մեր օգնութիւնը գալիս էր երկնքից, եւ մենք ազատուեցինք մեր թշնամիների ձեռքից. նրանք մեր առաջ պարտութեան մատնուեցին։ 16Արդ, մենք ընտրեցինք Անտիոքոսի որդի Նումենիոսին ու Յասոնի որդի Անտիպատրոսին, ուղարկեցինք նրանց հռոմէացիների մօտ, որպէսզի նորոգեն հաշտութեան, բարեկամութեան, եղբայրութեան ու օգնութեան նախկին դաշինքը։ 17Նրանց պատուիրել ենք, որ անցնեն ձեզ մօտ, ձեզ հաղորդեն մեր ողջոյնը եւ ձեզ մատուցեն մեր եղբայրական սիրոյ նորոգման նամակը։ 18Արդ, բարեհաճեցէ՛ք հրամայել, որ պատասխանեն մեզ»։ 19Այս է հրովարտակների պատճէնը, որ այնտեղից ուղարկեցին Օնիա քահանային. 20«Սպարտացիների արքայից ողջո՜յն Օնիա մեծ քահանայապետին։ 21Սպարտացիներին ու հրէաստանցիներին վերաբերող հին մատեաններ են գտնուել, ուր գրուած է, թէ նրանք հաւասար եղբայրներ են եւ սերել են Աբրահամից։ 22Այն բանից յետոյ, երբ այս մասին տեղեկացանք, բարեհաճեցէ՛ք ամէն անգամ գրել մեզ մեր նկատմամբ ձեր եւ ձեր նկատմամբ մեր ունեցած խաղաղութեան ու ողջոյնի մասին։ 23Մեր ունեցած ինչքն ու հարստութիւնը, բոլոր անասունները նաեւ ձե՛րն են, ինչպէս եւ ձերը մե՛րն է։ Արդ, մենք այս պատուէրն ենք տալիս ձեզ, որ դուք միշտ այս բանը պահանջէք մեզանից»։ 24Յովնաթանը տեղեկացաւ, որ Դեմետրիոսի իշխանները առաջուանից շատ զինուորներով գալիս են իր դէմ պատերազմելու։ 25Նա դուրս եկաւ Երուսաղէմից, գնաց նրանց դէմ, հասաւ ու բախուեց Ամաթիտի մօտ։ Քանի դեռ նրանք չէին հասցրել մտնել եւ հետախուզել իր երկիրը, 26ինքը հետախոյզ ուղարկեց նրանց բանակը։ Նրան հաղորդեցին, որ պատրաստւում են գիշերով յարձակուել իրենց վրայ։ 27Երբ արեւը մայր մտաւ, Յովնաթանը զօրքին հրաման տուեց, որ մինչեւ առաւօտ կազմ ու պատրաստ, զինուած, համախմբուած լինեն պատերազմելու համար։ Պարեկներ նշանակեցին, փակեցին իրենց չորս կողմը, ու իրենք պատրաստուեցին յարձակում գործելու։ 28Երբ թշնամիները տեղեկացան, թէ նրանք գիշերով են պատրաստւում յարձակում գործելու, սրտները վախ ընկաւ, զարհուրեցին։ Բոլոր տեղերում, խիտ առ խիտ, խարոյկներ վառեցին, իսկ իրենք գիշերով փախան ու գնացին։ 29Յովնաթանն ու զօրքը չիմացան նրանց փախուստը, որովհետեւ տեսնելով բորբոքուող խարոյկները, կարծում էին, թէ իրենց տեղում են նրանք։ 30Դրանից յետոյ թէեւ հետապնդեցին նրանց, բայց հասնել չկարողացան, որովհետեւ նրանք արդէն անցել էին Ազատ գետը։ 31Դրանից յետոյ Յովնաթանը վերադարձաւ այդտեղից ու յարձակուեց զաբդեցի կոչուող արաբացիների վրայ։ Նա հարուածեց, կոտորեց, փախուստի մատնեց նրանց բանակը, աւար առաւ նրանց ինչքն ու ունեցուածքը։ 32Ապա նա շուռ եկաւ Դամասկոսի կողմը, իսկ Շմաւոնը հասաւ Ասկաղոն, 33գրաւեց նրա շրջակայքում գտնուող բոլոր բերդերը, գնաց յոպպէացիների կողմերը։ Նա շտապում էր զօրքը ներս մտցնել։ 34Քանի որ լսել էր, թէ բերդի բնակիչները օգնում են Դեմետրիոսին, ուստի դրանց վրայ պահապան ոստիկաններ նշանակեց։ 35Յովնաթանը վերադարձաւ, զօրք հաւաքեց, ծերակոյտը խորհրդի կանչեց. ուզում էր Հրէաստանում բերդեր կառուցել, 36միջնաբերդում ու քաղաքում բարձր պարիսպներ շինել, անջրպետել դրանք քաղաքից, որպէսզի Դեմետրիոսի մարդիկ առանձին լինեն, ոչինչ չտան ու չառնեն, չգնեն ու չվաճառեն։ 37Հաւաքուեցին, որ կառուցեն քաղաքը եւ այն պատը, որ պարիսպներից հասնում էր մինչեւ Քափնաթա կոչուող ծմակների ջրառատ հեղեղատները։ 38Շմաւոնն Ափիլայում սկսեց կառուցել Ալեդա քաղաքը, ամրացրեց այն, դարպասներ դրեց ու նիգերով ամրացրեց դրանք։ 39Տրիփոնն ուզում էր թագաւորել ասիացիների կողմերում, թագ դնել գլխին, ձեռք բարձրացնել անտիոքացիների արքայի վրայ, 40բայց վախեցաւ, զգուշացաւ, թէ գուցէ Յովնաթանը չհամաձայնի ու պատերազմի գայ իր վրայ։ Դրա համար հնար էր փնտռում, որ բռնի նրան ու կորստեան մատնի։ 41Նա շարժուեց ու եկաւ Բեթսանի կողմերը։ Յովնաթանը նրան ընդառաջ եկաւ քառասուն հազար զինավառ ընտիր զինուորներով, եկաւ հասաւ Բեթսան։ 42Երբ Տրիփոնը տեսաւ, որ Յովնաթանը եկել է բազմաթիւ զօրքով, վախեցաւ ձեռք բարձրացնել նրա վրայ, 43ուստի նրան ընդունեց պատուով, նրան ներկայացրեց իր բարեկամներին, նրան նուէրներ տուեց, իսկ զօրքին հրամայեց, որ հնազանդ լինեն նրան։ 44Նա սկսեց խօսել Յովնաթանի հետ ու ասաց. «Ինչո՞ւ ես այդքան նեղութիւն տուել զօրքին, չէ՞ որ պատերազմելու պատճառ չկար։ 45Արդ, զինուորներին ուղարկի՛ր իրենց տեղերը եւ ընտրի՛ր սակաւաթիւ մարդկանց, որ քեզ հետ շրջեն միշտ, իսկ դու ինձ հետ ե՛կ պտղոմէացիների քաղաքը։ Ես այն կը յանձնեմ քեզ, ինչպէս նաեւ այլ բերդեր՝ դրանք հսկող զօրքերի հետ միասին, ինչպէս յարմար է քեզ, իսկ ես կը վերադառնամ այնտեղից, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»։ 46Յովնաթանը հաւատաց նրան ու արեց այնպէս, ինչպէս նա հրամայել էր. զինուորներին ուղարկեց իրենց տեղերը՝ Հրէաստան, 47իսկ իր մօտ թողեց շուրջ երեք հազար մարդ։ Սրանցից երկու հազարին էլ թողեց Գալիլիացիների երկրում, իսկ ինքը նրա հետ գնաց հազար հոգով։ 48Երբ Յովնաթանը մտաւ պտղոմէացիների քաղաքը, քաղաքացիները փակեցին դարպասները, ներսում արգելափակեցին նրան եւ սրախողխող արեցին բոլոր նրանց, ովքեր նրա հետ ներս էին մտել։ 49Տրիփոնն իր զօրքն ուղարկեց Գալիլիացիների երկիրն ու մեծ դաշտը, որ գնան կոտորեն Յովնաթանի ամբողջ զօրքը։ 50Երբ սրանք իմացան, որ նա բանտարկուած է եւ նրա հետ եղած բոլոր մարդիկ սպանուած են, սթափուեցին ու միասին համախմբուած՝ գնացին պատերազմելու։ 51Յարձակուողների զօրականները երբ տեսան, որ անձնազոհաբար են մարտնչում նրանք, վախեցան, մարտադաշտը թողեցին ու վերադարձան, 52իսկ նրանք հանգիստ եկան հասան Հրէաստան։ Կոծեցին ու ողբացին Յովնաթանի եւ նրա հետ եղած զինուորների համար։ Նրանք սարսափի մէջ էին։ Ողջ Իսրայէլը սգում ու ողբում էր Յովնաթանին։ 53Շրջակայքում ապրող բոլոր հեթանոսներն ուզում էին կոտորել սրանց, որովհետեւ այսպէս էին ասում. 54«Սրանք այլեւս զօրապետ չունեն, որ մեր դէմ պատերազմի։ Արդ, եկէք յարձակուենք սրանց վրայ ու երկրի երեսից ջնջենք սրանց յիշատակը»։
13 Շմաւոնը լսեց, որ Տրիփոնը մեծ զօրք է հաւաքել Հրէաստանի վրայ յարձակուելու, բնակիչներին կոտորելու համար։ 2Երբ տեսաւ, որ ժողովուրդը ահի եւ խուճապի մէջ է, ինքը վեր կացաւ եկաւ Երուսաղէմ, հաւաքեց ժողովրդին, խրախուսեց նրանց ու ասաց. 3«Դուք ինքներդ էլ գիտէք, թէ որքան գործ ենք արել ես, իմ եղբայրներն ու իմ հօր տունը։ Քանի՜-քանի՜ մարտ ու պատերազմներ ենք մղել, որքա՜ն նեղութիւններ կրել յանուն մեր սրբարանի, մեր օրէնքների ու քաղաքի, 4որովհետեւ Իսրայէլի ու ձեր բոլորի համար զոհուեցին մեր բոլոր եղբայրները, եւ ես եմ մնացել միայն։ 5Ոչ մի նեղութեան ժամանակ ես իմ անձը չեմ խնայի։ Թէեւ ես աւելի քաջ չեմ, քան իմ եղբայրները, 6բայց մեր սրբարանի եւ օրէնքների, մեր կանանց ու որդիների վրէժը լուծելու համար աւելի կը զօրանամ։ Բոլոր հեթանոսներն ահա հաւաքուել են, որ յարձակուեն, մեր յիշատակը ջնջեն երկրի երեսից»։ 7Երբ նա խօսում էր, ժողովուրդը յուսադրւում, ոգեւորւում էր։ 8Նրանք պատասխան տուեցին, սկսեցին խօսել բարձր ձայնով ու ասացին. «Դու ես մեր առաջնորդը Յուդայի ու քո եղբայր Յովնաթանի փոխարէն։ 9Ղեկավարի՛ր մեր պատերազմը, ինչ որ ասես, մենք կը հնազանդուենք քեզ»։ 10Նա հաւաքեց բոլոր ռազմիկներին, շտապ կառուցեց Երուսաղէմի պարիսպը, 11Աբիսողոմի որդի Յովնաթանին մեծ զօրքով ուղարկեց յոպպէացիների քաղաքը։ Սա այնտեղից հանեց պահապաններին, ինքը մտաւ ու ամրացաւ այնտեղ եւ պահպանում էր այն։ 12Դրանից յետոյ Տրիփոնը մեծ զօրքով շարժուեց պտղոմէացիների քաղաքից, որ գայ Հրէաստան։ Նա Յովնաթանին իր մօտ պահելու զգուշութեան համար ման էր ածում իր հետ։ 13Շմաւոնը բանակ էր դրել Դիդայում, դաշտի դիմաց։ 14Երբ Տրիփոնը տեղեկացաւ, որ Շմաւոնը նստել է իր եղբայր Յովնաթանի փոխարէն եւ պատրաստւում է պատերազմ տալու, բանագնացներ ընտրեց եւ ուղարկելով նրա մօտ՝ ասաց. 15«Յովնաթանն արքունիքում բանտարկուած է այն արծաթների համար, որ նա պարտք է։ 16Արդ, բերե՛լ տուր հարիւր քանքար արծաթ, ինձ մօ՛տ բեր նրա որդիներից երկուսին, որ, երբ իրեն ազատ արձակենք, չապստամբի մեր դէմ»։ 17Շմաւոնը հասկացաւ, որ խաբէութիւն կայ նրա խօսքերի մէջ, բայց տուեց, որ տանեն արծաթն ու պատանիներին, որպէսզի չլինի թէ թշնամութիւն ծագի ժողովրդի ու իր միջեւ, 18եւ չասեն, թէ՝ «Շմաւոնը խնայեց արծաթը եւ չտուեց պատանիներին, որ տանեն, դրա համար էլ մարդը կորաւ»։ 19Նա տուեց, որ տանեն հարիւր քանքարն ու պատանիներին, բայց Տրիփոնը խաբեց եւ Յովնաթանին ազատ չարձակեց։ 20Դրանից յետոյ Տրիփոնն եկաւ երկրի կողմերը, որ մտնի, կոտորի նրանց։ Նա բռնեց Ադոր տանող ճանապարհը։ Նա որտեղ էլ որ գնար, Շմաւոնն իր բանակով հետապնդում էր նրան։ 21Երուսաղէմի միջնաբերդում գտնուողները Տրիփոնի մօտ բանագնացներ ուղարկեցին ու ստիպեցին, որ նա իրենց մօտ գայ անապատի միջով ու բերդի համար պաշար ուղարկի։ 22Տրիփոնն իր գնդով պատրաստուեց գալ ու միջնաբերդ մտնել այդ գիշերն իսկ, բայց քանի որ սաստիկ ձիւն էր եկել, այդ պատճառով էլ չկարողացաւ մտնել, շարժուեց եկաւ Գաղաադի կողմերը։ 23Երբ նա մօտեցաւ Բասկանային, այնտեղ սպանեց Յովնաթանին, որն այնտեղ էլ թաղուեց։ 24Տրիփոնն այդտեղից վերադարձաւ ու եկաւ իր երկիրը։ 25Շմաւոնը մարդ ուղարկեց, որ այնտեղից հանեն իր եղբայր Յովնաթանի ոսկորները։ Նրա աճիւնը բերեցին եւ թաղեցին Մոդիիմում՝ իր հայրերի քաղաքում։ 26Մեծ ողբով լաց եղան նրա վրայ բոլոր իսրայէլացիները եւ բազում օրեր սուգ պահեցին։ 27Նա իր հօր ու եղբայրների գերեզմանի վրայ մահարձան բարձրացրեց, կոփածոյ քարերով պարիսպ քաշեց նրա շուրջը, 28իսկ պարսպի վրայ իրար դէմ-դիմաց բուրգեր կանգնեցրեց եւ կողք-կողքի երեք զարդանշաններ դրեց ի պատիւ իր հօր ու եղբայրների։ 29Գերեզմանը վանդակապատ էր եւ ունէր բարձր սիւներ։ Այդպէս նա յաւերժացրեց իր անունը։ Նա վանդակի կողքերին նաւերի նմանութեամբ քանդակներ արեց, որպէսզի դրանք երեւան նրանց, ովքեր նաւերով անցնում են ծովով։ 30Մոդիիմի շիրիմների վրայ կառուցուած այդ դամբարանը մնում է մինչեւ այսօր։ 31Տրիփոնը նենգ մտադրութեամբ վարուեց նաեւ պատանի Անտիոքոս արքայի հետ, 32սպանեց նրան ու թագաւորեց նրա փոխարէն։ Իր գլխին դրեց ասիացիների թագը եւ մեծամեծ հարուածներ հասցրեց երկրին։ 33Շմաւոնը Հրէաստանում բերդեր կառուցեց, պարիսպներ բարձրացրեց, աշտարակներ կանգնեցրեց, դարպասներով ու նիգերով ամրացրեց, բերդերը լցրեց պարէնով։ 34Շմաւոնը հաւաքեց ընտիր մարդկանց, ուղարկեց Դեմետրիոսի մօտ, որ երկրին զիջումներ անի, որովհետեւ Տրիփոնի բոլոր գործերը յափշտակութիւններ էին եղել։ 35Դեմետրիոս թագաւորը հետեւեալ բովանդակութեամբ պատասխան ուղարկեց նրան, գրեց այսպիսի հրովարտակներ. 36«Դեմետրիոս արքան ողջունում է Շմաւոն քահանայապետին՝ թագաւորների բարեկամին ու հրեայ ամբողջ ազգի ծերակոյտին։ 37Ստացանք ոսկէ պսակն ու օրհնութիւնը, որ ուղարկել էք մեզ։ Մենք պատրաստ ենք կայուն խաղաղութիւն հաստատել եւ գրել հարկահաւաք պաշտօնեաներին, որ զիջեն ձեր պարտքերը, 38եւ ինչ որ մի անգամ հաստատել ենք ձեզ հետ, հաստատ թող մնայ։ Ձեր կառուցած բերդերը թող ձեզ պատկանեն։ 39Մինչեւ այսօր կամայ թէ ակամայ ձեր կատարած մեղքերը ներում ենք։ Վերացնում ենք պսակի հարկը եւ Երուսաղէմից ապրանք դուրս բերելու համար գանձուող մաքսը։ 40Եթէ կայ պիտանի մէկը, որ արժանի է մեր ցանկի մէջ մտնելու, համարձակ թող ցուցակագրուի։ Մեր ու ձեր միջեւ խաղաղութիւն թող հաստատուի»։ 41Հարիւր եօթանասուն թուականին հեթանոսների լուծը վերացաւ իսրայէլեան ցեղի վրայից։ 42Ժողովուրդն սկսեց ազգահամար կատարել եւ ցուցակագրել գոյքը՝ գրանցելով մատեաններում. Շմաւոն մեծ քահանայապետի եւ հրեայ ազգի առաջնորդ զօրավարի առաջին տարում»։ 43Այս օրերին նա յարձակուեց Գազարա քաղաքի վրայ, զօրքով պաշարեց այն, մարտական մեքենաներ կառուցեց, դրանք մօտեցրեց պարիսպներին ու կործանեց աշտարակներից մէկը։ 44Մեքենաներից դուրս եկան զինուորներն ու յարձակուեցին քաղաքի վրայ։ Մեծ խռովութիւն բարձրացաւ քաղաքում։ 45Բոլոր քաղաքացիներն առհասարակ, կանանց ու երեխաների հետ, ճչալով, օձիքները պատառոտելով եւ աղաղակ բարձրացնելով դիմեցին Շմաւոնին. 46խնդրում էին խնայել իրենց, իրենց կատարած չարագործութիւնների համեմատ չդատել, այլ ողորմածութեամբ գթալ իրենց։ 47Մեղմացաւ Շմաւոնը, դադարեցրեց պատերազմը եւ հրամայեց քաղաքից դուրս հանել նրանց։ Տները մաքրեցին նրանց կուռքերի բոլոր պիղծ աղտեղութիւններից, որից յետոյ նա եկաւ, ներս մտաւ ցնծութեամբ ու օրհնութեամբ, 48այնտեղից մաքրեց բոլոր պղծութիւնները եւ այնտեղ բնակեցրեց Օրէնքին հետեւող մարդկանց։ Նա դարձեալ ամրացրեց այն, այնտեղ շինեց բազմատեսակ ապարանքներ։ 49Երուսաղէմի միջնաբերդում մնացածները դեռեւս պաշարուած, շուրջկալի մէջ էին. նրանք ո՛չ ելումուտ ունէին, ո՛չ առեւտուր էին կարողանում անել։ Նրանք նեղւում, սովամահ էին լինում, եւ նրանցից շատերն էլ մեռան։ 50Նրանք դիմեցին Շմաւոնին՝ խնդրելով հաշտութիւն։ Նա խնայեց նրանց, բայց դուրս արեց նրանց այնտեղից, միջնաբերդը մաքրեց նրանց ամէն տեսակի պղծութիւններից 51եւ այնտեղ մտաւ հարիւր եօթանասունմէկ թուականի երկրորդ ամսի քսաներեքերորդ օրը։ Նա օրհնութիւն ու գոհութիւն մատուցելով, արմաւենու ճիւղերով, ցնծութեամբ շեփոր ու սրինգ հնչեցնելով՝ մտաւ այնտեղ, որովհետեւ խորտակուել էր Իսրայէլի երկրի ահեղ թշնամին։ 52Նա հրաման տուեց ամէն տարի տօնել այդ օրը ուրախութեամբ եւ ցնծութեամբ։ 53Նա ամրացրեց միջնաբերդի մօտ գտնուող լեռը, որի վրայ էր տաճարը, եւ ինքն իր սեփական զօրագնդով ապրեց այնտեղ։ 54Շմաւոնը տեսնելով, որ իր որդի Յովնաթանը չափահաս ու կատարեալ տղամարդ է դարձել, նրան նշանակեց բոլոր զօրքերի իշխան՝ առաջնորդ զօրավար, եւ նրան վերակացու կարգեց Գազարայի կողմերում։
14 Հարիւր եօթանասուներկու թուականին Դեմետրիոս արքան զօրք հաւաքեց եւ գնաց մարերի ու պարթեւների մօտ, որպէսզի նրանցից օգնութիւն խնդրի, գայ եւ պատերազմի Տրիփոնի դէմ։ 2Երբ պարսից ու պարթեւաց արքայ Արշակը լսեց, թէ Դեմետրիոսը եկել-մտել է իր երկրի սահմանները, ուղարկեց իր իշխաններից մէկին, որ գնայ ու ձերբակալի նրան։ 3Սա գնաց, հարուածեց, կոտորեց Դեմետրիոսի զօրքը, ձերբակալեց նրան ու նրան բերեց Արշակի մօտ։ Վերջինս հրամայեց ոստիկաններին կապկպել նրան եւ բանտ դնել։ 4Շմաւոնի բոլոր օրերին երկիրը խաղաղ կեանք ունեցաւ. նա ազգի համար շատ բարեգործութիւններ կատարեց։ 5Նա տիրեց գաւառների, բազմաթիւ գերիներ վերցրեց, տիրեց Գազարայի, Բեթսորի կողմերի բերդերին։ 6Մարդիկ հանգիստ իրենց հողն էին մշակում, երկիրը տալիս էր իր պտուղները, մրգատու ծառերը առատ բերք էին տալիս։ 7Ծերերը նստում էին հրապարակներում, բարի գործեր անելու մասին իրար հետ խորհրդակցում, երիտասարդները զինուորական շքեղ զգեստներ էին հագնում։ 8Նրանք քաղաքն ապահովում էին պարէնով ու իրենց նախապատրաստում յուսալի սպառազինութեամբ։ Նրանց փառքի համբաւը հասաւ մինչեւ երկրի չորս կողմերը։ 9Իսրայէլը խաղաղ էր ապրում, ցնծում մեծ ուրախութեամբ։ 10Ամէն մէկը նստում էր իր այգում, իր թզենու տակ, եւ ոչ ոք նրանց չէր վախեցնում։ 11Այդ ժամանակներում աշխարհի երեսից վերացան իրենց դէմ կռուողները, խորտակուեցին թագաւորները։ 12Նա ոտքի կանգնեցրեց, լիացրեց ժողովրդի խեղճ մարդկանց, Օրէնքի նկատմամբ մարդկանց դարձրեց նախանձախնդիր, երկրի երեսից բնաջնջեց բոլոր չար ու անօրէն մարդկանց։ 13Նա փառաւոր դարձրեց սրբարանը, շատացրեց նրա սպասքն ու անօթները։ 14Երբ հռոմէացիների քաղաքից մինչեւ սպարտացիների կողմերը լսեցին, որ մեռել է Յովնաթանը, խիստ տրտմեցին, 15բայց երբ նաեւ լսեցին, թէ նրա փոխարէն իր եղբայր Շմաւոնն է դարձել քահանայապետ եւ տիրել այդտեղ գտնուող գաւառներին ու քաղաքներին, 16բանագնացներ ուղարկեցին, պղնձէ տախտակների վրայ հրովարտակ գրեցին, որպէսզի նորոգեն եղբայրներ Յուդայի ու Յովնաթանի հետ հաստատած հին բարեկամութեան ուխտը։ 17Դա բերեցին ու կարդացին Երուսաղէմի ժողովրդի առաջ։ Այս է սպարտացիների ուղարկած հրովարտակի պատճէնը. 18«Սպարտացիների իշխաններն ու առաջնորդները մեծ քաղաքի բնակիչների հետ ողջունում են Շմաւոն մեծ քահանային, իսրայէլացիների ծերակոյտին ու քահանաներին, հրեաների բոլոր գնդերին՝ մեր եղբայրներին։ 19Ձեր ուղարկած բանագնացները պատմեցին մեզ ձեր փառքի ու պատուի մասին։ Մենք ուրախ ենք նրանց գալստեան համար։ 20Մենք ձեր պատգամները գրեցինք մեր բանակի խորհուրդների մատեանում՝ ըստ այս օրինակի. «Անտիոքոսի որդի Նումենիոսն ու Յասոնի որդի Անտիպատրոսը՝ հրեաների պատգամաւորները, եկել են մեզ մօտ, որպէսզի նորոգեն մեր ազգի հետ բարեկամութիւնը։ 21Բոլոր սպարտացիների համար հաճելի էր մեծ պատուով ընդունել այդ մարդկանց եւ նրանց ասածների պատճէնը դնել սպարտացիների բանակի խորհուրդների մատեանի աչքի ընկնող մի տեղում եւ հրովարտակի պատասխանն ուղարկել Շմաւոն մեծ քահանային»։ 22Այս դէպքերից յետոյ Շմաւոնը մեծ նուէրներով եւ հազար քանքարի ոսկեայ վահանով նորից պատգամաւորներ ուղարկեց Հռոմ, որ գնան, վերահաստատեն նախկին բարեկամութիւնն ու հովանաւորութիւնը։ 23Երբ հռոմէացիների բանակն այդ լսեց, զինուորներն սկսեցին խորհել ու ասացին. «Այժմ մենք ինչո՞վ կարող ենք հատուցել Շմաւոնի ու նրա որդիների երախտիքը, 24որովհետեւ նա, նրա եղբայրներն ու նրա հօր տոհմը մեզ հետ բարեկամութիւն են հաստատել։ Նա կոտորել է իր թշնամիներին, մեզ դարձրել իր բարեկամն ու օգնականը եւ ազատութիւն է տուել իր ժողովրդին»։ Այս մասին նրանք գրեցին պղնձէ տախտակների վրայ, դրանք ամրացրին մի կոթողի եւ այն կանգնեցրին Սիոն լերան վրայ։ 25Այս է նրանց գրած նամակի պատճէնը.«Հարիւր եօթանասուն թուականին, ամսի տասնութին, Շմաւոնի քահանայապետութեան երրորդ տարում, 26Սամարէքում հաւաքուած ժողովրդի առաջնորդ մեծ քահանաներին, ժողովրդին, ազգերի իշխաններին, բոլոր գաւառների ծերակոյտին. յայտնի է դարձել մեզ, թէ բազմաթիւ պատերազմներ են մղուել ձեր երկրում, 27որ Յովարիմի որդիներից Մատաթիա քահանայապետի որդի Շմաւոնն իր եղբայրներով կեանքը վտանգի ենթարկելով՝ պատերազմներ է մղել։ Նա դիմակայել է իր ազգի թշնամիներին, որ իրենց սրբութիւններն ու օրէնքները չպղծուեն։ Նա մեծապէս փառաւորել է իր ազգը։ 28Յովնաթանը միաւորել է իր ազգը, դարձել քահանայապետ, մեռել ու գերեզման մտել։ 29Երբ թշնամին կամեցել է յարձակուել նրանց երկրի վրայ ու ձեռք մեկնել նրանց սրբութիւններին, 30այդ ժամանակ վեր է կացել Շմաւոնը, յանուն իր ազգի պատերազմ մղել, իր մեծ հարստութիւնը ծախսել, որ իր ազգի համար կռուողներին սպառազինի, պարէն կուտակի ու զինուորներին թոշակ վճարի։ 31Նա ամրացրել է Հրէաստանի քաղաքները, նաեւ Բեթսորան, որ գտնւում է Հրէաստանի սահմաններում, ուր նախկինում պահում էր իրենց թշնամի զօրքերի զէնքն ու զրահը, այնտեղ կանգնեցրել է հրեայ պահապաններ, 32ամրացրել ծովեզրին գտնուող յոպպէացիների քաղաքները եւ Ազոտի սահմանների մօտ գտնուող Գազարան։ Նախկինում դա թշնամու ձեռքին է եղել։ Նա այնտեղ հրեաներ է բնակեցրել։ Ինչ որ հարկաւոր է եղել իրենց, նա արել է հաստատապէս։ 33Երբ ժողովուրդը տեսել է Շմաւոնի այս բոլոր գործերը, նաեւ այն փառքը, որ իր ազգի համար նա խորհում էր ստեղծել, նրան քահանայապետ եւ իշխան է կարգել, որովհետեւ այս ամէնը նա արել էր նրանց համար։ Բացի այդ, նա իր ազգը ղեկավարել է արդարութեամբ ու հաւատով։ Նա ձգտում էր ամէն կերպ բարձրացնել իր ժողովրդին։ 34Իր օրօք նրան յաջողուել է իր երկրից վերացնել հեթանոսներին ու նրանց, ովքեր Երուսաղէմի միջնաբերդում են եղել։ Սրանք դուրս էին գալիս, գնում ու հիմնովին պղծում սրբարանի շրջակայքը, եւ սրբարանը դրանից մեծապէս տուժել է։ Նա նրանց արգելափակել է ու բնաջնջել։ 35Երկրի ու քաղաքի ապահովութեան համար նա պահապաններ է նշանակել, ամրացրել ու բարձրացրել քաղաքի պարիսպները։ 36Դեմետրիոս արքան եւս հաստատել է նրա քահանայապետութիւնը։ 37Այս ամենի համար նա իր բոլոր բարեկամների հետ մեծ պատուի է արժանացրել նրան, 38որովհետեւ լսել է, թէ հրեաները հռոմէացիներին բարեկամ, եղբայր, հովանաւոր ու նիզակակից են անուանել եւ Շմաւոնի պատգամաւորներին փառքով են ընդունել։ 39Հրեաներն իրենք ու քահանաները բարեհաճել ու յանձն են առել նրան ընտրել յաւիտենապէս քահանայապետ իշխան, մինչեւ որ գար հաւատարիմ մի մարգարէ, 40որպէսզի նրան դարձնէր առաջնորդող զօրավար, եւ նա հոգ տանէր սրբութիւններին, գործավարներ կանգնեցնէր երկրի գործերի վրայ, գաւառների վրայ, զէնք ու զրահի վրայ, բերդերի վրայ։ 41Շմաւոնը պիտի հոգ տանէր սրբութիւններին, ամբողջ ժողովուրդը պիտի հնազանդուէր նրան, նրա անունով պիտի կնքուէին երկրի բոլոր պայմանագրերը։ Նա իրաւունք պիտի ունենար ծիրանի զգեստներ հագնելու եւ ոսկով զարդարուելու։ 42Ժողովրդի կամ քահանաների միջից ոչ ոք իրաւունք չպիտի ունենար հակառակուելու նրա հրամաններին կամ առանց նրա թոյլտուութեան երկրում ժողովներ գումարելու, կամ ծիրանի զգեստներ հագնելու, կամ ոսկէ ճարմանդ կրելու։ 43Եթէ որեւէ մէկը զանց առնէր եւ կամ արհամարհէր սրանք, մահուան կը դատապարտուէր։ 44Ժողովրդին հաճելի թուաց ենթարկուել Շմաւոնի ասածին։ 45Շմաւոնը յանձն առաւ եւ հաճոյքով ընդունեց քահանայապետութիւնը, դարձաւ Հրէաստանի բանակի զօրավար եւ սպարապետ, առաջնորդեց բոլորին։ 46Պատուիրեցին պղնձէ տախտակների վրայ գրել այս հրովարտակը եւ հրամայեցին այն դնել բերդում, սրբարանի մէջ, նշանաւոր, աչքի ընկնող մի տեղ, 47իսկ դրա պատճէնները դնել գանձարանում, որպէսզի Շմաւոնն ու նրա որդիները այն միշտ ունենան իրենց մօտ»։
15 Դեմետրիոս արքայի որդի Անտիոքոսը կղզիներից հրովարտակներ ուղարկեց քահանայապետ Շմաւոնին, Հրէաստանի կուսակալին ու նրա ամբողջ ազգին։ 2Հրովարտակներն ունէին այսպիսի բովանդակութիւն.«Անտիոքոս արքայից ողջո՜յն մեծ քահանայապետ Շմաւոնին եւ հրեայ ազգի կուսակալին։ 3Քանի որ մի քանի անօրէններ եկան ու խլեցին իմ հայրերի թագաւորութիւնը, ուստի ուզում եմ նոյն թագաւորութիւնը վերականգնել եւ հաստատել ինչպէս առաջ։ Արդ, ես մեծ զօրք եմ հաւաքել, ռազմանաւեր պատրաստել, 4որպէսզի ելնեմ ու իմ հայրերի վրէժը լուծեմ այն ազգերից, որոնք մեր երկրին վնաս պատճառեցին, աւերեցին մեր մեծամեծ քաղաքները։ 5Արդ, ես վերահաստատում եմ նախկին թագաւորների այն բոլոր պայմանագրերը, որոնցով վերացւում էին ամէն տեսակի հասոյթի հարկերը։ 6Միաժամանակ հրաման ենք տալիս, որ դու իրաւունք ունես քո երկրում առանձին դրամ հատելու։ 7Երուսաղէմն ու սրբավայրերը ամէն ինչից թող ազատ լինեն, քո պատրաստած զէնքն ու զրահը, քո ամրացրած բերդերը թող պատկանեն քեզ։ 8Արքունի բոլոր պարտքերը, նաեւ հարկերն ու տուրքերը, որ դուք տալիս էք, այսուհետեւ յաւիտեան թող պատկանեն քեզ։ 9Երբ վերականգնենք մեր տէրութիւնը, մեծ փառքով կը պատուենք քեզ, քո ազգն ու քո տաճարը, որպէսզի քո փառքը յայտնի լինի ամբողջ երկրում»։ 10Հարիւր եօթանասունչորս թուականին Անտիոքոսն եկաւ հասաւ իր հայրերի երկիրը։ Նրա մօտ հաւաքուեցին բոլոր զօրքերը, իսկ Տրիփոնի մօտ մնացին սակաւաթիւ մարդիկ։ 11Անտիոքոսը նրան հալածեց, նրան քշեց ծովեզրեայ Դորա բնակավայրը։ 12Երբ բոլոր զինուորները տեսան նրա գլխին եկած չարիքները, լքեցին նրան։ 13Անտիոքոսն եկաւ տասներկու հազար հետեւակ զինուորներով եւ ութ հազար սպառազէն հեծեալներով, բանակ դրեց Դորայի շուրջը։ 14Նա նաւերով փակեց ծովի կողմը եւ քաղաքը շրջափակեց ծովի ու ցամաքի կողմից։ Ոչ ոքի չէին թողնում ելնել կամ մտնել։ 15Նումենիոսն ու նրա ուղեկիցները եկան, Հռոմ քաղաքից երկրի թագաւորներին հրովարտակներ բերեցին, ուր գրուած էր հետեւեալը. 16«Հռոմէացիների հիւպատոս Լեւկիոսից ողջո՜յն Պտղոմէոս արքային։ 17Հրէաստանից աւագներ եկան մեզ մօտ, որպէսզի նորոգեն նախկին բարեկամութիւնը, նիզակակցութիւնն ու օգնութիւնը։ Նրանց մեզ մօտ էին ուղարկել քահանայապետ Շմաւոնն ու հրեաների բանակը։ 18Նրանք մեզ բերեցին հինգ հազար քանքարի ոսկեայ վահան։ 19Դրա համար հաճելի է մեզ գրել ձեր երկրի թագաւորներին եւ բոլոր ազգերին, որ ոչ ոք չար բան չխորհի նրանց նկատմամբ, պատերազմ չմղի նրանց քաղաքների ու երկրի դէմ, որպէսզի նրանք մեր թշնամիներին բարեկամ չլինեն։ 20Մեզ համար հաճելի եղաւ նրանցից ընդունել վահանը։ 21Արդ, եթէ իրենց երկրից փախած անօրէն մարդիկ կան, յանձնեցէ՛ք քահանայապետ Շմաւոնին, որպէսզի նրանք կարողանան իրենց օրէնքի համաձայն դատել նրանց»։ 22Որպէսզի դա հաճելի լինի սպարտացիներին, նոյնը գրեց Դեմետրիոս արքային, Աթալային, Արիարէթին, Արշակին, 23ուղարկեց բոլոր գաւառները՝ Դելոս, Մինդոն, Սիկիոնա, Կարիդա, Սամոն, Պամփիլա, Լիդիա, Ալիկառնաս, Ռոդոն, Փասելիդա, Սիդէն, Արադոն, Գորտինա, Կնիդոս, Կիպրոս եւ Կիւրէն։ 24Հրովարտակների պատճէնը ուղարկեցին քահանայապետ Շմաւոնին։ 25Անտիոքոս արքան եկաւ եւ պաշարեց Դորան։ Վաղ առաւօտեան այնտեղ մօտեցրեց մարտական մեքենաներ ու սկսեց յարձակումը։ Նա ներսում արգելափակուած, պաշարուած պահեց Տրիփոնին։ Ոչ ոք չէր կարողանում ներսից դուրս գալ, եւ ոչ ոք չէր կարողանում ներս մտնել։ 26Շմաւոնը նրան օգնելու համար ուղարկեց երկու հազար սպառազէն ընտիր ռազմիկներ, մեծարժէք նուէրներ՝ ոսկի եւ արծաթ, 27բայց սա դրժեց նրա հետ կնքած իր ուխտը եւ օտարացաւ նրանից։ 28Նա իր բարեկամներից մէկին՝ Աթենոբիոսին ուղարկեց նրա հետ բանակցելու համար եւ ասաց. «Դուք գրաւել ու տիրացել էք իմ թագաւորութեան քաղաքներին՝ յոպպէացիների եւ գազարացիների քաղաքներին ու Երուսաղէմի միջնաբերդին։ 29Դուք աւերել էք դրանց սահմանները, մեծ հարուածներ հասցրել երկրին, շատ գաւառներ գրաւել, բազմաթիւ գաւառներ անջատել իմ տէրութիւնից։ 30Արդ, վերադարձրէ՛ք քաղաքները, գաւառներն ու շրջանները, դրանցից գանձուող հարկերը, ինչպէս նաեւ Հրէաստանից դուրս գտնուող այն վայրերը, որ նախկինում բռնութեամբ նուաճել էք մեզանից, 31ապա թէ ոչ, դրանց փոխարէն տուէ՛ք հինգ հարիւր քանքար արծաթ, ինչպէս նաեւ քաղաքների մինչեւ այսօր չվճարած հարկերն ու ձեր պատճառած աւերի վարձը՝ եւս հինգ հարիւր քանքար։ Այլապէս կը գանք ու կը պատերազմենք, կը հարուածենք երկիրը եւ կը կոտորենք»։ 32Երբ արքայի բարեկամ Աթենոբիոսը եկաւ Երուսաղէմ, տեսաւ Շմաւոնի փառքը, ոսկէ ու արծաթէ սպասքը, մեծաթիւ զօրքի պատրաստի հանդերձանքը, ոտքի կանգնեց նրա առաջ եւ յարգանքով հաղորդեց թագաւորի պատգամը։ 33Շմաւոնը պատասխանեց նրան ու ասաց. «Օտար երկիր չենք մտել, ոչ էլ որեւէ մէկի բաժնին բռնութեամբ, յանիրաւի ձեռք ենք մեկնել։ Անօրէն թշնամիների ձեռքից իզուր տեղը վտարանդի դարձած մեր հայրերի ժառանգութիւնն է, 34որ քաջութեամբ, ժամանակի ընթացքում յետ ենք վերցրել։ 35Ինչ վերաբերում է յոպպէացիների ու գազարացիների քաղաքներին, որ դուք պահանջում էք, ապա դրանք մեծ վնասներ են հասցրել մեր աշխարհին, ուստի մենք էլ վրէժ ենք լուծել նրանցից։ Դրա համար մենք կը վճարենք հարիւր քանքար»։ Բայց Աթենոբիոսը պատասխան չտուեց, 36զայրացած վերադարձաւ թագաւորի մօտ, նրան հաղորդեց Շմաւոնի վայելած փառքն ու իր տեսած շքեղութիւնը։ Թագաւորը խիստ բարկացաւ։ 37Տրիփոնը փախաւ Օրթոսիա։ 38Թագաւորը ծովեզրեայ շրջանների վրայ սպարապետ նշանակեց Կենդեբոսին, նրան յանձնեց մեծաթիւ հեծեալ եւ հետեւակ զօրքեր։ 39Պատուիրեց նրան, որ բանակ դնի Հրէաստանի դէմ-յանդիման եւ բերդեր շինելով իսրայէլացիների բանակի դէմ՝ պատերազմելու համար պատրաստութիւն տեսնի։ Թագաւորն ի՛նքը հետապնդեց Տրիփոնին։ 40Կենդեբոսը եկաւ հասաւ Յամնիայի կողմերը, սկսեց հրահրել զօրքերին, որ մտնեն Հրէաստան, գերեն ու սպանեն։ 41Նա կառուցեց Կեդրոնը եւ այնտեղ շատ հեծելազօր հաւաքեց, որ ներխուժեն Հրէաստան, շրջափակեն նրանց ճանապարհները, ինչպէս թագաւորն էր հրամայել։
16 Յովհաննէսը վերադարձաւ Գազարայից, եկաւ պատմեց իր հայր Շմաւոնին, թէ ինչեր է անում Կենդեբոսը։ 2Շմաւոնը կանչեց իր երկու որդիներին՝ Յուդային ու Յովհաննէսին, եւ ասաց նրանց. «Ես, իմ եղբայրներն ու իմ հօր տոհմը մեր մանկութիւնից մինչեւ այսօր կռուել ենք իսրայէլացիների թշնամիների դէմ։ Մենք յաջողութիւններ ենք ունեցել, մեր ձեռքով բազմաթիւ իսրայէլացիներ ենք փրկել։ 3Հիմա, սակայն, ես ծերացել եմ, իսկ դուք արդէն հասուն տղամարդ էք։ Փոխարինեցէ՛ք ինձ ու իմ եղբօրը։ Արդ, ելէ՛ք, կռի՛ւ մղեցէք յանուն մեր ազգի, եւ երկնքից օգնական ուժեր կը հասնեն ձեզ»։ 4Նա իր երկրից ընտրեց սպառազէն մօտ քսան հազար հեծեալ եւ գնաց Կենդեբոսի դէմ։ 5Այդ օրը գիշերեցին Մոդիիմում։ Առաւօտեան, վեր կենալով, դաշտ մտան։ Այնտեղ նրանք տեսան բազմաթիւ հեծեալ ու հետեւակ զօրքեր, որոնք գալիս էին իրենց դէմ։ Երկու կողմերի միջեւ մի հեղեղատ կար։ 6Նրանց դիմաց ճակատ յարդարեցին ինքն ու իր զօրքը։ Երբ Յովհաննէսը տեսաւ, թէ նրանց զօրքը դանդաղում է անցնել հեղեղատը, նախ ինքն առաջ ընկաւ, իսկ յետոյ զօրքը միահամուռ գնաց նրա յետեւից։ 7Նա հետեւակ գունդը բաժանեց երկու մասի, իսկ հեծելազօրը դասաւորեց հետեւակների միջեւ։ Թշնամու հեծելազօրը շատ-շատ էր։ 8Շեփոր հնչեցրին, միմեանց քաջալերեցին ու անցան յարձակման։ Կենդեբոսը պարտութեան մատնուեց, եւ այդ օրը նրա զօրքից բազմաթիւ մարդիկ սպանուեցին, իսկ կենդանի մնացածները փախան մտան բերդերը։ 9Այդ օրը վիրաւորուեց Յուդան, իսկ Յովհաննէսը հալածեց փախուստի դիմածներին, մինչեւ որ նրանց հասցրեց Կենդեբոսի կառուցած Կեդրոնի կողմերը։ 10Նրանց մի մասը գնաց մինչեւ Ազոտի կողմերի բուրգերը. Յովհաննէսը կրակի ճարակ դարձրեց դրանց։ Այդ բերդում հրդեհից այրուեց մօտ երկու հազար մարդ, իսկ ինքը խաղաղութեամբ վերադարձաւ Հրէաստանի կողմերը։ 11Աբուբի որդի Պտղոմէոսը Երիքովի դաշտի վերակացուն էր։ Նա շատ արծաթ ու ոսկի ունէր, 12որովհետեւ քահանայապետի փեսան էր։ 13Նա մեծամտացաւ, հպարտացաւ ինքն իր մէջ եւ ուզում էր տիրել այդ կողմերի գաւառներին։ Նա նենգ դաւեր էր նիւթում Շմաւոնի ու նրա որդիների դէմ, որպէսզի մէջտեղից վերացնի նրանց։ 14Շմաւոնը շրջագայում էր այդ կողմերի բնակիչների գաւառները, տեսնում եւ հոգում էր կարիքները։ Նա Մատաթիայի, Յուդայի ու իր որդիների հետ եկաւ իջաւ Երիքով։ Դա հարիւր եօթանասունեօթը թուականի շաբաթ ամսի տասնմէկերորդ օրն էր։ 15Պտղոմէոսն իր կառուցած Դորա քաղաքում ընդունեց նրանց կեղծ մեծարանքով, խնջոյք սարքեց հիւրերի պատուին, մինչդեռ նա դարանում մարդիկ էր թաքցրել։ 16Երբ Շմաւոնն ու իր որդիները կերան, խմեցին ու հարբեցին, Պտղոմէոսը եւ թաքնուած մարդիկ վերցրին իրենց զէնքերը, յարձակուեցին Շմաւոնի վրայ եւ խնջոյքի սրահում սպանեցին նրան, նրա որդիներին ու նրանց հետ եկած ծառաներին։ 17Նրանք անօրէն մեծ գործ կատարեցին, բարութիւնը չարութեամբ հատուցեցին։ 18Պտղոմէոսը թագաւորին գրեց, որ իրեն օգնական զօրք ուղարկի, որպէսզի թագաւորին յանձնի իրենց քաղաքներն ու հարկերը։ 19Նա զօրքի մի մասն ուղարկեց Գազարայի կողմերը, որպէսզի այնտեղից վերացնի Յովհաննէսին։ Նա գրեց նաեւ զօրապետներին, որ գան ու իրենից ստանան ոսկի, արծաթ ու բազմաթիւ պարգեւներ։ 20Միւսներին ուղարկեց Երուսաղէմ, որ շտապ հասնեն, գրաւեն այն լեռը, որի վրայ գտնւում էր տաճարը։ 21Մի մարդ աւելի շուտ եկաւ Գազարա եւ գոյժ տուեց Յովհաննէսին, թէ՝ «Քո հայրն ու եղբայրները սպանուել են, նենգ մտադրութեամբ մարդիկ են գալիս քո յետեւից, որ սպանեն նաեւ քեզ»։ 22Երբ Յովհաննէսը լսեց այս, խիստ զարմացաւ, զայրացաւ, բռնել տուեց իրեն սպանելու եկած մարդկանց ու անմիջապէս սպանեց նրանց, որովհետեւ իմացաւ, որ նրանք եկել էին նենգութեամբ սպանելու իրեն։ 23Ինչ վերաբերում է Յովհաննէսին, նրա պատերազմներին, տարբեր մարդկանց քաջագործութիւններին, պարիսպների շինարարութիւններին կամ բարի գործերին եւ այլ պատմութիւններին, 24դրանք բոլորը գրի են առնուած քահանաների մատեաններում, սկսած այն օրից, երբ Յովհաննէսը իր հօրից յետոյ դարձաւ քահանայապետ։