2 Մնացորդաց


1 Դաւթի որդի Սողոմոնը հզօրացաւ իր թագաւորութեան մէջ, իր Տէր Աստուածը նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։ 2Սողոմոնը խօսեց բոլոր իսրայէլացիների՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների ու տոհմերի բոլոր իշխանների հետ։ 3Սողոմոնը բոլոր ժողովականների հետ գնաց Գաբաւոնի բարձրաւանդակը, ուր դրուած էր Աստծու վկայութեան խորանը։ Անապատում այն պատրաստել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, 4իսկ Դաւիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթարիմ քաղաքից եւ դրա համար վրան էր պատրաստել Երուսաղէմում։ 5Պղնձէ զոհասեղանը, որ պատրաստել էր Յորի որդի Ուրի որդի Բեսելիէլը, այնտեղ էր՝ Տիրոջ վրանի առջեւ։ 6Սողոմոնն ու ժողովականները փնտռեցին ու գտան այն։ Սողոմոնը զոհեր բերեց Տիրոջ վրանի առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանի վրայ եւ այնտեղ հազար ողջակէզ մատուցեց։ 7Այն գիշեր Տէրը երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։ 8Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու իմ հօրը մեծ ողորմածութիւն ես արել եւ ինձ գահ ես բարձրացրել նրա փոխարէն։ 9Արդ, Տէ՛ր Աստուած, քո անունը թող հաստատուն մնայ իմ հայր Դաւթի վրայ, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրայ, որը երկրի հողի չափ շատ է։ 10Արդ, ինձ իմաստնութիւն ու իմացութիւն տո՛ւր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապէս ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»։ 11Աստուած ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստութիւն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների մահը, ո՛չ էլ երկար կեանք, այլ խնդրեցիր իմաստնութիւն ու իմացութիւն, որ կարողանաս ղեկավարել իմ ժողովրդին, որի թագաւորն եմ դարձրել քեզ, 12ապա քեզ կը տամ իմաստնութիւն եւ իմացութիւն, ինչպէս եւ հարստութիւն, ունեցուածք ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագաւոր չի ունեցել, եւ ոչ էլ քեզանից յետոյ եկողներն են ունենալու»։ 13Սողոմոնը Գաբաւոնի Բարձրաւանդակից, վկայութեան խորանի առջեւից եկաւ Երուսաղէմ եւ թագաւորեց Իսրայէլի վրայ։ 14Սողոմոնը հաւաքեց մարտակառքեր ու հեծեալներ եւ ունեցաւ հազար չորս հարիւր մարտակառք ու տասներկու հազար հեծեալ։ Նա դրանք թողեց հեծեալների համար սահմանուած քաղաքներում, իսկ զօրքը արքայի հետ մնաց Երուսաղէմում։ 15Արքան Երուսաղէմում ոսկին ու արծաթը այնքան առատ դարձրեց, որքան քարը, իսկ մայրիները Հրէաստանում իրենց շատութեամբ դարձան դաշտում աճող մոլաթզենիների չափ։ 16Սողոմոնի ձիերը Եգիպտոսից էին բերւում։ Արքային վաճառուող ձիերի գները սահմանուած էին այսպէս. 17Եգիպտոսից բերուած մէկ մարտակառքը վաճառում էին վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր յիսուն։ Դրանք բերւում էին նաեւ բոլոր քետացի թագաւորների եւ ասորի թագաւորների համար։
2 Սողոմոնը հրամայեց կառուցել Տիրոջ տունը եւ իր թագաւորական պալատը։ 2Նա հաւաքեց եօթանասուն հազար բեռնակիրներ, լեռներում աշխատող ութսուն հազար քարհատներ եւ նրանց վրայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր մարդ։ 3Սողոմոնը Տիւրոսի արքայ Քիրամի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դաւթին օգնել ես՝ մայրի փայտ ես տուել բնակութեան տուն շինելու համար։ 4Արդ, ես նոյնպէս, նրա որդին, իմ Տէր Աստծու անուան տուն եմ շինում, որ այն Նրան նուիրաբերեմ, Նրա առջեւ խունկ ծխեմ, շարունակ առաջաւորութեան հաց ու ողջակէզներ մատուցեմ ամէն առաւօտ ու երեկոյ, ամէն շաբաթ օրերին, ամսամուտներին եւ մեր Աստծու տօներին։ Եւ սա պէտք է յաւիտեան կատարուի Իսրայէլում։ 5Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի մեր Տէր Աստուածն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։ 6Եւ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի եթէ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրա փառքը, ես նրա համար ի՞նչ տուն կարող եմ կառուցել։ Ես կարող եմ նրա համար կառուցել մի տուն, ուր միայն խունկ կը ծխեն։ 7Արդ, ինձ մօտ ճարտար մարդ ուղարկի՛ր, որ գիտենայ մշակել իմ հայր Դաւթի հաւաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մէջ, որ իմանայ քանդակներ պատրաստել Հրէաստանում ու Երուսաղէմում գտնուող իմ վարպետների հետ։ 8Ինձ Լիբանանից ուղարկի՛ր մայրի, սարդենի եւ թեղենի փայտեր, որովհետեւ գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ, 9որ ինձ համար մեծ քանակութեամբ փայտ պատրաստեն, որովհետեւ այն տունը, որ կառուցելու եմ, պէտք է լինի մեծ ու փառաւոր։ 10Քո ծառաներին, փայտ կտրող գործաւորներին իբրեւ ռոճիկ կը տամ քսան հազար քոռ ցորեն, քսան հազար քոռ« գարի, քսան հազար չափ գինի եւ քսան հազար չափ ձէթ»։ 11Տիւրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով եւ այն ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տէրը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրայ թագաւոր կարգեց»։ 12Ապա Քիրամն ասում էր. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը եւ Դաւիթ արքային տուել է խելամտութեամբ ու դատողութեամբ օժտուած իմաստուն որդի, որ կառուցի Տիրոջ տունն ու իր թագաւորական տունը։ 13Ահա քեզ մօտ եմ ուղարկում մի խելօք ու հմուտ մարդու՝ իմ ծառայ Քիրամին, 14որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տիւրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հիւսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ, քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հօր՝ իմ տէր Դաւթի վարպետների հետ, կը կարողանայ անել այն բոլոր գործերը, որ կ՚առաջարկես դու իրեն։ 15Արդ, ցորենը, գարին, ձէթն ու գինին, որ յիշատակել է իմ տէրը, թող տայ իր ծառաներին, 16իսկ մենք Լիբանանից փայտ կը կտրենք ըստ քո կարիքների եւ ծովի վրայով, լաստերով կը բերենք Յոպպէ, եւ դու կը տանես կը կուտակես Երուսաղէմում»։ 17Սողոմոնը հաւաքեց Երուսաղէմում գտնուող բոլոր պանդուխտներին ըստ իր հայր Դաւթի կատարած մարդահամարի։ Նրանք հարիւր յիսուներեք հազար վեց հարիւր հոգի էին։ 18Նա նրանցից եօթանասուն հազար բեռնակիրներ, ութսուն հազար քարհատներ վերցրեց ու նրանց վրայ երեք հազար վեց հարիւր գործավարներ նշանակեց։
3 Սողոմոնը Երուսաղէմում, Ամորհացիների լերան վրայ, ուր Տէրը երեւացել էր նրա հօրը՝ Դաւթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դաւիթը պատրաստել էր Օռնա Յեբուսացու կալում։ 2Նա կառուցումն սկսեց իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսին։ 3Այսպիսով Սողոմոնն սկսեց շինել Աստծու տունը։ Դրա նախկին երկարութիւնը վաթսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ քսան կանգուն։ 4Տան ճակատի արտաքին գաւթի նախկին երկարութիւնն ու լայնութիւնը քսանական կանգուն էին, բարձրութիւնը՝ հարիւր քսան կանգուն։ Նա այն ներսից պատեց մաքուր ոսկով։ 5Մեծ դահլիճը նա երեսապատեց մայրի փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմաւենիներ ու շղթայաձեւ զարդեր։ 6Շքեղութեան համար տունը զարդարեց թանկարժէք քարերով ու Սեփարուիմից աւար բերուած մաքուր ոսկով. 7տունը, պատերը, դրանդիկները, դռներն ու ձեղունը պատեց ոսկով, իսկ պատերին քանդակեց քերովբէներ։ 8Շինեց նաեւ Սրբութիւնների սրբութեան դահլիճը, որի երկարութիւնը ճակատի կողմից քսան կանգուն էր, լայնութիւնն էլ՝ քսան կանգուն։ Նա սրահը պատեց մաքուր ոսկով եւ քերովբէներով՝ ծախսելով վեց հարիւր տաղանդ ոսկի։ 9Ամէն մի մեխի կշիռը յիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատունը նոյնպէս պատեց ոսկով։ 10Սրբութիւնների սրբութեան դահլիճում երկու քերովբէներ պատրաստեց եւ դրանք պատեց ոսկով։ 11Քերովբէների թեւերի երկարութիւնը քսան կանգուն էր. ամէն մի թեւը՝ հինգ կանգուն, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին։ 12Միւս քերովբէի թեւը նոյնպէս հինգ կանգուն էր, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին։ 13Երկու քերովբէների թեւերը տարածուած վիճակում քսան կանգուն էին։ Նրանք կանգնած էին իրենց ոտքերի վրայ, իսկ նրանց դէմքերը նայում էին սրահի կողմը։ 14Նա վարագոյրները պատրաստեց կապուտակ, ծիրանի, կարմիր կտորներից ու բեհեզից, որոնց վրայ քերովբէներ էին հիւսուած։ 15Տան առաջ երկու սիւներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն բարձրութեամբ եւ նրանց վրայ՝ խոյակներ, որոնք հինգ կանգուն էին։ 16Նա սրբարանում եղած շղթայաձեւ զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սիւների գլուխներին։ Նռան հարիւր ծաղկաբողբոջներ սարքեց ու դրեց շղթայաձեւ զարդերի վրայ։ 17Տաճարի առաջ սիւներ կանգնեցրեց. մէկը՝ աջից, միւսը՝ ձախից։ Աջ կողմինը կոչեց Ուղղութիւն, իսկ ձախ կողմինը՝ Զօրութիւն։
4 Նա պղնձէ զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարութեամբ, քսան կանգուն լայնութեամբ ու տասը կանգուն բարձրութեամբ։ 2Ձուլածոյ մեծ աւազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձեւ, հինգ կանգուն բարձրութեամբ եւ երեսուն կանգուն շրջագծով։ 3Դրա տակ շուրջանակի կային ձուլածոյ եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Զուարակները միաձոյլ էին։ 4Զուարակները տասներկու հատ էին. երեքը նայում էին հիւսիս, երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ, երեքը նայում էին արեւելք։ Աւազանը տեղադրուած էր դրանց վրայ, եւ դրանց գաւակներն ուղղուած էին դէպի ներս։ 5Մեծ աւազանի խորութիւնը մէկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակուած, եւ երեք հազար չափ տարողութիւն ունէր։ Նա այս ամէնն աւարտեց։ 6Նա պատրաստեց տասը աւազան. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մէջ լուանան ու ողողեն ողջակիզման գործիքները, իսկ մեծ աւազանը նրա համար էր, որ քահանաները լուացուեն դրա մէջ։ 7Նա պատրաստեց տասը ոսկէ աշտանակներ ըստ եղած նմուշի եւ դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ 8Նա պատրաստեց տասը զոհասեղաններ ու դրեց տաճարի մէջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ Պատրաստեց հարիւր ոսկէ տաշտեր։ 9Նա պատրաստեց քահանաների սրահը, մեծ սրահն ու սրահի դռները եւ դրանց փեղկերը պատեց պղնձով։ 10Մեծ աւազանը զետեղեց տաճարի աջ անկիւնը՝ ուղղուած դէպի արեւելք։ 11Քիրամը պատրաստեց զոհասեղանի մեծ պատառաքաղները, կաթսաները, կասկարաներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Նա վերջացրեց այն բոլոր գործերը, որ Սողոմոն արքան հրամայել էր պատրաստել Աստծու տան մէջ։ 12Քիրամը պատրաստեց երկու սիւներն ու նրանց վրայի խոյակները, սիւների խոյակների վրայի երկու վերնախարիսխները, երկու վանդակապատ ցանցերը, որ ծածկում էին վերնախարիսխների խոյակները, եւ որոնք սիւների գլխին էին։ 13Նա պատրաստեց նաեւ չորս հարիւր ոսկէ զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար եւ նռան ծաղկաբողբոջների երկու շարքեր ամէն մի վանդակապատ ցանցի համար, որպէսզի դրանցով ծածկեն սիւների վրայ դրուած երկու խոյակները։ 14Նա պատրաստեց տասը խարիսխներն ու խարիսխների վրայ դրուած աւազանները, 15մի աւազանն իր տակ գտնուող տասներկու զուարակներով, 16կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը, որ Քիրամն էր պատրաստել, եւ տարաւ Սողոմոնի մօտ՝ Տիրոջ տունը։ 17Այդ բոլորն արքան ձուլել տուեց մաքուր պղնձից Յորդանան գետի հովտում գտնուող մի ընդարձակ վայրում, Սոքոթի տանը, Սարեթի բնակավայրում, թանձր հողի մեջ։ 18Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակութեամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չունէր։ 19Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհասեղանն ու այլ սեղաններ, որոնց վրայ առաջաւորութեան հաց պէտք է դրուէր, 20աշտանակները, լոյսի ճրագները, որոնք, ըստ ընդունուած կարգի, վառւում էին սրբարանի դիմաց եւ մաքուր ոսկուց էին պատրաստուած։ 21Նա պատրաստեց նաեւ կանթեղները, ունելիները, տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նոյնպէս մաքուր ոսկով էին սարքուած, 22Սրբութիւնների սրբութեան դահլիճի ներսի դռներն ու տաճարի դռները, որոնք ոսկուց էին։
5 Սողոմոնն աւարտելով Տիրոջ տան կառուցման ամբողջ գործը՝ իր հայր Դաւթի սրբութիւնները, արծաթն ու ոսկին եւ սպասքը տարաւ ներս ու դրեց Տիրոջ տան գանձարանը։ 2Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմում հաւաքեց Իսրայէլի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայէլացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ 3Տօն կատարելու համար եօթներորդ ամսին արքայի մօտ հաւաքուեցին Իսրայէլի բոլոր տղամարդիկ։ 4Եկան Իսրայէլի բոլոր ծերերը։ Բոլոր ղեւտացիները վերցրին տապանակը, վկայութեան խորանն ու խորանում եղած ամբողջ սուրբ սպասքը, 5եւ քահանաներն ու ղեւտացիները տարան դրանք։ 6Սողոմոն արքան, բոլոր իսրայէլացիները, աստուածավախ եւ տապանակի առջեւ հաւաքուած մարդիկ զուարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիւն անհնար էր հաշուել շատութեան պատճառով։ 7Ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբութիւնների սրբութեան մէջ, քերովբէների թեւերի տակ։ 8Քերովբէներն իրենց թեւերը տարածելով տապանակի վրայ՝ վերեւից ծածկում էին տապանակն ու այն վերցնելու ձողերը։ 9Ձողերը շուրջը բռնել էին եւ դրանց ծայրերը երեւում էին միայն Սրբութիւնների սրբութիւնից, իսկ դրսից չէին երեւում։ Դրանք մինչեւ այսօր էլ այնտեղ են։ 10Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի երկու տախտակներից, որ Մովսէսն էր դրել այնտեղ Քորէբում։ Դրանցով Տէրն ուխտ էր դրել իսրայէլացիների հետ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից։ 11Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնուող բոլոր քահանաներն էլ սրբագործուել էին եւ չէին նշանակուած ըստ իրենց ամենօրեայ սպասաւորութեան), 12բոլոր սաղմոսերգու ղեւտացիները՝ Ասափի, Եմանի եւ Իդիթոմի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզէ պատմուճաններ հագած, տաւիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արեւելեան կողմը կանգնեցին։ 13Նրանց հետ կային հարիւր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները միաբերան իրենց ձայնը բարձրացնելով՝ ասում էին. «Գովերգեցէ՛ք եւ օրհնեցէ՛ք Տիրոջը»։ Եւ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նուագարանների նուագակցութեամբ իրենց ձայնը բարձրացրին, կրկնեցին. «Գովերգեցէ՛ք Տիրոջը եւ օրհնեցէ՛ք, քանզի նա բարի է, եւ յաւիտեան է նրա ողորմածութիւնը»։ Այն ժամանակ Տիրոջ տունը լցուեց Նրա փառքի ամպով, 14եւ քահանաները չէին կարողանում պաշտամունք կատարել ամպի պատճառով, քանզի Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։
6 Այն ժամանակ Սողոմոնը խօսեց՝ ասելով. «Տէրն ասաց, թէ ինքը բնակւում է մառախուղի մէջ, 2բայց ես տուն շինեցի քո անուանը իբրեւ սրբութիւն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակուես յաւիտեան»։ 3Արքան երեսը դարձրեց դէպի ժողովուրդը, օրհնեց իսրայէլացի բոլոր ժողովականներին։ Իսրայէլացի բոլոր ժողովականները նրա շուրջն էին կանգնած։ 4Արքան ասաց. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դաւթին, այն էլ կատարեց իր ձեռքով։ 5Նա ասել էր. «Այն օրուանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինուի, որ իմ անունն այնտեղ լինի, որեւէ մէկին չընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի առաջնորդը լինի։ 6Հիմա Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւթին ընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ լինի»։ 7Իմ հայր Դաւիթը ցանկութիւն ունէր Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել, 8ուստի Տէրն ասաց իմ հայր Դաւթին. «Ցանկութիւն ունես իմ անուան տուն կառուցելու. լաւ է, որ այդ բանը սրտումդ կայ։ 9Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ՝ որդիդ, որ քեզնից է ծնուելու, նա է, որ իմ անուան տուն է շինելու»։ 10Աստուած իր ասած խօսքը կատարեց, եւ ես, ահա, հօրս փոխարինեցի՝ նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս Տէրն էր ասել, շինեցի Իսրայէլի Տէր Աստծու անուան այս տունը, 11այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տէրը կնքեց իսրայէլացիների հետ»։ 12Սողոմոնը Իսրայէլի բոլոր ժողովականների ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ եւ բարձրացրեց իր ձեռքերը։ 13(Սողոմոնը պղնձէ պատուանդան էր պատրաստել ու դրել տաճարի սրահի մէջտեղում։ Նրա երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ հինգ կանգուն, եւ բարձրութիւնը՝ երեք կանգուն)։ Դրա վրայ կանգնելով՝ նա Իսրայէլի բոլոր ժողովականների առջեւ ծնրադրեց եւ իր ձեռքերը դէպի երկինք մեկնելով՝ 14ասաց. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, չկայ քեզ նման Աստուած երկնքում ու երկրի վրայ, դու պահում ես ուխտն ու ողորմածութիւնը բոլոր նրանց, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջեւից։ 15Դու քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ կատարեցիր. ինչ որ քո բերանով ասել էիր, այսօր քո ձեռքով կատարեցիր։ 16Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հօրը՝ քո ծառայ Դաւթին՝ ասելով. «Քեզ համար երբեք չի պակասելու մարդ, որ նստի Իսրայէլի գահի վրայ, միայն թէ քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները՝ ընթանան իմ առջեւից, ինչպէս դու ես ընթացել իմ առջեւից»։ 17Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, Դաւթին ասած խօսքդ թող ի կատար ածուի։ 18Բայց եթէ Աստուած իրօք բնակուելու է երկրի վրայ, մարդկանց մէջ (երբ երկինքն ու երկինքների երկինքը բաւական չեն նրան տեղաւորելու համար), ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։ 19Արդ, Տէ՜ր Աստուած, ունկնդրի՛ր քո ծառայի աղօթքին ու խնդրանքին, լսի՛ր քո ծառայի՝ քո առջեւ այսօր արած աղաչանքներն ու աղօթքները, 20որպէսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրայ, այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն ես հաստատելու դրա մէջ, որպէսզի այս տեղո՛ւմ լսես քո ծառայի աղաչական աղօթքը։ 21Արդ, լսի՛ր քո ծառայի եւ Իսրայէլի քո ժողովրդի խնդրանքը, այստեղ կատարուած աղաչանքը, եւ լսելով երկնքում՝ քո բնակութեան վայրում, ունկնդի՛ր եղիր ու ողորմած։ 22Եթէ մի մարդ մեղանչի իր մերձաւորի հանդէպ, եւ նրանից պահանջեն, որ նա երդում տայ, ապա թող գայ կանգնի քո զոհասեղանի առջեւ, այս տան մէջ, 23եւ դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրէնին, իր գլխի՛ն թափիր նրա արածը, արդարացրո՛ւ արդարին եւ հատուցի՛ր ամէն մէկին ըստ իր արդարութեան չափի։ 24Եթէ Իսրայէլի քո ժողովուրդը թշնամիներից հալածուի, քո դէմ մեղանչի եւ ապա դառնայ ու քո անուանը փառք տայ, աղօթքի կանգնի ու պաղատի քո առջեւ այս տան մէջ, 25ապա դու լսի՛ր երկնքից, քաւի՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրան այն երկիրը, որ նրանց հայրերին ես տուել։ 26Եթէ նրանք մեղանչեն քո դէմ, եւ այդ պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չգայ, բայց այս տեղում քեզ աղօթք անեն, փառաբանեն քո անունը եւ իրենց մեղքերից դարձ կատարեն (քանի որ դու կարող ես նկուն դարձնել նրանց), 27ապա լսի՛ր նրանց երկնքից, ների՛ր քո ծառաների եւ Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛յց տուր բարի ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ քո ժողովրդին որպէս ժառանգութիւն տրուած երկրին անձրե՛ւ պարգեւիր։ 28Երբ սով կամ մահ լինի երկրի վրայ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, որեւէ աղէտ լինի, կամ համաճարակ, 29երբ որեւէ մէկը կամ Իսրայէլի քո ժողովուրդը աղօթք կամ պաղատանք անի եւ իմանալով իր բորոտութիւնը կամ հիվանդութիւնը՝ իր ձեռքերը երկարի դէպի այս տունը, 30ապա դու երկնքում՝ քո բնակութեան վայրում լսի՛ր ու բժշկի՛ր եւ ամէն մէկին տո՛ւր իր սրտի կամեցածը, ինչպէս որ դու ես ճանաչում նրա սիրտը (քանզի միայն դո՛ւ գիտես մարդկանց սրտերը), 31որպէսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կ՚ապրեն նրանց հայրերին տրուած երկրում։ 32 33Երբ մի օտարական, որ Իսրայէլի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անուան, քո զօրեղ ձեռքի, քո հզօր բազկի համար եկել է հեռաստանից ու աղօթքի կանգնել այս վայրում, 34ապա դու լսի՛ր երկնքից, քեզ համար պատրաստուած բնակութեան վայրից եւ արա՛ այն ամէնը, ինչ օտարականը կը խնդրի քեզնից, որպէսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպէս, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ գիտենան, որ քո անունով է կոչուած իմ շինած այս տունը։ 35Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որով դու կ՚ուղարկես նրանց, եւ երբ նրանք աղօթեն քեզ՝ իրենց հայեացքն ուղղելով դէպի քո այս ընտրած քաղաքն ու դէպի այս տունը, որ շինել եմ քո անուան համար, 36ապա երկնքից կը լսես նրանց պաղատանքներն ու աղօթքները եւ կը պաշտպանես նրանց իրաւունքը։ 37Երբ քո դէմ մեղանչեն (քանզի մարդ չկայ, որ մեղք չգործի), եւ դու հալածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես, երբ գերեվարելով նրանց տանեն թշնամիների հեռաւոր կամ մօտիկ երկիրը, 38եւ գերութեան տարուած երկրում նրանք զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերութեան մէջ՝ ասելով՝ «Մեղք եւ անօրէնութիւն ենք գործել», 39իրենց գերութեան երկրում դէպի քեզ դարձ կատարեն իրենց ամբողջ սրտով ու հոգով, մեր հայրերին տուած քո երկրի, քո ընտրած քաղաքի եւ քո անուան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղօթեն, 40ապա երկնքից՝ քո բնակութեան վայրից, լսի՛ր նրանց աղօթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրաւունքը եւ ների՛ր քո դէմ մեղանչած ժողովրդին։ 41Արդ, Տէ՛ր, թող քո աչքերը բաց լինեն եւ քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արուած պաղատանքները։ 42Արդ, Տէ՛ր Աստուած, դու եւ քո սրբութեան տապանակը ելէք եկէ՛ք ձեր հանգստութեան վայրը. 43քո քահանաները, Տէ՛ր Աստուած, փրկութիւն թող հագնեն, 44եւ քո որդիները ցնծան բարութեան մէջ։ 45Տէ՛ր Աստուած, երես մի՛ դարձրու քեզնից օծուածից, յիշի՛ր քո ծառայ Դաւթին քո ողորմածութեամբ»։
7 Երբ Սողոմոնը վերջացրեց աղօթքը, երկնքից կրակ իջաւ եւ լափեց ողջակէզներն ու զոհերը։ 2Տիրոջ փառքը լցրեց տաճարը, եւ այդ ժամանակ քահանաները չէին կարողանում մտնել Տիրոջ տունը, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։ 3Բոլոր իսրայէլացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրայ։ Նրանք երեսնիվայր ընկան սալայատակի վրայ, երկրպագեցին եւ օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմածութիւնը՝ յաւիտեան։ 4Արքան եւ ամբողջ ժողովուրդը Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։ 5Սողոմոնը քսաներկու հազար զուարակ եւ հարիւր քսան հազար արածող ոչխար զոհ մատուցեց։ Արքան եւ ամբողջ ժողովուրդը տաճարի նաւակատիքն արեցին։ 6Քահանաներն ըստ իրենց սպասաւորութեան պաշտօնի էին կանգնած, իսկ ղեւտացիները նուագարաններով փառաբանում էին Տիրոջը տէրունական եւ Դաւիթ արքայի յօրինած երգերով, քանզի Նրա ողորմածութիւնը յաւիտեան է։ Նրանք կատարում էին Դաւթի յօրինած օրհնաբանութիւնները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայէլը ոտքի վրայ էր։ 7Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան սրահի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցեց ողջակէզներն ու խաղաղութեան զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձէ զոհասեղանը չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծաներն ու ճարպերը։ 8Այդ ժամանակ Սողոմոնը եօթը օր տօն կատարեց։ Բոլոր իսրայէլացիները՝ շատ մեծ բազմութեամբ, Եմաթի մուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը նրա հետ էին։ 9Ութերորդ օրը հանդիսաւոր ժողով արեցին, քանզի զոհասեղանի նաւակատիքը եօթը օր տօնեցին, 10իսկ եօթներորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախութեամբ եւ բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետեւ Տէրը բարիք էր գործել Դաւթի, Սողոմոնի ու Իսրայէլի իր ժողովրդի համար։ 11Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան կառուցումը, եւ ամէն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր Տիրոջ տան եւ իր տան համար կատարել, յաջողուեց։ 12Այդ նոյն գիշեր Աստուած երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Լսեցի քո աղօթքը եւ այդ տեղն ինձ համար ընտրեցի որպէս զոհաբերութիւնների տուն։ 13Եթէ երկինքը փակեմ, ու անձրեւ չլինի, եթէ հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթէ մահ առաքեմ իմ ժողովրդին, 14եւ եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը։ 15Այժմ իմ աչքերը բաց կը լինեն, եւ իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարուող աղօթքը։ 16Ահա ընտրեցի եւ սրբագործեցի այս տունը, որպէսզի իմ անունը այստեղ լինի յաւիտեան, իմ աչքերն ու սիրտը այստեղ լինեն ընդմիշտ։ 17Եթէ դու իմ առջեւից ընթանաս քո հայր Դաւթի նման եւ կատարես այն ամէնը, ինչ պատգամել եմ քեզ՝ պահես իմ հրամաններն ու օրէնքները, 18քո թագաւորութեան աթոռը հաստատուն կը պահեմ, ինչպէս ուխտ էի դրել քո հայր Դաւթի հետ՝ ասելով. «Քեզնից յետոյ Իսրայէլի վրայ իշխող մարդ չի պակասելու»։ 19Իսկ եթէ դուք յետ դառնաք ու մոռանաք իմ հրամաններն ու պատուիրանները, որ ձեր առաջ եմ դրել, գնաք պաշտէք օտար աստուածներ ու երկրպագէք նրանց, ապա ես ձեզ կը վերացնեմ այն երկրից, որը տուել եմ ձեզ, 20եւ այս տունը, որ սրբագործել եմ իմ անուան համար, կը վերացնեմ, ծաղրանքի առարկայ կը դարձնեմ ու խայտառակ կ՚անեմ բոլոր ազգերի մէջ այս բարձրաշէն տունը. 21եւ ով որ անցնի այս տան կողքով, կը զարմանայ ու կ՚ասի. «Ինչո՞ւ Տէրն այս բանն արեց այս երկրին ու այս տանը»։ 22Եւ մարդիկ կը պատասխանեն. «Որովհետեւ նրանք լքեցին իրենց հայրերի Տէր Աստծուն, որը նրանց հանել էր եգիպտացիների երկրից, օտար աստուածներ ընդունեցին եւ նրանց երկրպագեցին ու ծառայեցին։ Դրա համար էլ Նա նրանց վրայ բերեց այդ բոլոր չարիքները»։
8 Պատահեց այնպէս, որ Սողոմոնը Տիրոջ տունն ու իր տունը կառուցելուց քսան տարի յետոյ 2վերակառուցեց այն քաղաքները, որ Քիրամը տուել էր իրեն, եւ այնտեղ բնակեցրեց իսրայէլացիներին։ 3Սողոմոնը եկաւ Սոբայի Եմաթ բնակավայրը, ամրացրեց այն, 4անապատում կառուցեց Թադմորը եւ Եմաթում շինեց ամրութիւններով քաղաքներ։ 5Նա Վերին Բեթորոն ու Ներքին Բեթորոն քաղաքները վերակառուցեց ամուր պարիսպներով, դռներով ու նիգերով։ 6Նա կառուցեց Բալաաթն ու իրեն պատկանող բոլոր ամրացուած քաղաքները, մարտակառքերի ու հեծեալների բոլոր քաղաքները։ Ամէն ինչ, որ Սողոմոնը կամեցաւ, ըստ իր ցանկութեան շինեց Երուսաղէմում, Լիբանանում եւ իր ամբողջ թագաւորութեան մէջ։ 7Ոչ իսրայէլացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խեւացիներից եւ յեբուսացիներից, 8Իսրայէլի կազմակերպած կոտորածից յետոյ երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց. եւ այդպէս է մինչեւ այսօր։ 9Սողոմոնն իսրայէլացիներից իր թագաւորութեան համար ծառաներ չվերցրեց, որովհետեւ նրանք պատերազմողներ, հզօր իշխաններ, մարտակառքերի ու հեծեալների հրամանատարներ էին։ 10Սրանք, թուով երկու հարիւր յիսուն հոգի, Սողոմոնի թագաւորութեան գլխաւոր իշխանները՝ ժողովրդի ղեկավարներն էին։ 11Սողոմոնը փարաւոնի դստերը հանելով Դաւթի քաղաքից՝ բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար։ Նա ասում էր. «Իմ կինը չպէտք է բնակուի Իսրայէլի արքայ Դաւթի քաղաքում, որովհետեւ սուրբ է այն քաղաքը, ուր Տիրոջ տապանակն է մտել»։ 12Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցեց տաճարի դիմաց իր շինած զոհասեղանի վրայ, 13որի վրայ, ամենօրեայ կարգի համաձայն, ըստ Մովսէսի պատուիրանների, ողջակէզ պիտի մատուցուէր շաբաթ օրերին, ամսուայ սկզբին ու տարեկան երեք տօներին՝ Բաղարջակերաց տօնին, Շաբաթների տօնին եւ Տաղաւարահարաց տօնին։ 14Նա, Դաւթի կարգադրութեան համաձայն, քահանաների դասերը որոշեց ըստ իրենց սպասաւորութեան. ղեւտացիները նշանակուեցին իրենց պարտականութիւնների վրայ, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջեւ ըստ ամէն մի օրուայ կարգի։ Դռնապաններ կարգուեցին տարբեր դռների վրայ ըստ իրենց դասերի, քանզի այդպէս էր Աստծու մարդու՝ Դաւթի ցուցումը։ 15Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրուել էին քահանաների, ղեւտացիների, գանձարանի եւ ամէն ինչի վերաբերեալ։ 16Այսպիսով աւարտուեց Սողոմոնի՝ Տիրոջ համար տուն կառուցելու ամբողջ գործը սկզբից մինչեւ վերջ։ 17Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր եւ Ելամ, որը Հրէաստանի ծովեզերքին էր։ 18Քիրամը իր ծառաների միջոցով նաւեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրայ նաւարկել գիտէին։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Սոփերա եւ այնտեղից բերեցին չորս հարիւր յիսուն տաղանդ ոսկի ու եկան Սողոմոն արքայի մօտ։
9 Սաբայի թագուհին լսելով Սողոմոնի համբաւը՝ շատ մեծ զօրքով եւ խնկերով, բազում ոսկով ու թանկարժէք քարերով ծանրաբեռնուած ուղտերով եկաւ Երուսաղէմ, որ Սողոմոնին փորձի հանելուկներով։ Նա եկաւ Սողոմոնի մօտ եւ նրա հետ խօսեց այն ամենի մասին, որ մտքում ունէր։ 2Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. եւ չգտնուեց ոչ մի հարց, որին Սողոմոնը պատասխանած չլինէր։ 3Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի իմաստնութիւնը, նրա կառուցած տունը, 4սեղանների վրայ դրուած ուտելիքները, նրա իշխանների զբաղեցրած աթոռներն ու աստիճանակարգումը, նրա պաշտօնեաների պատմուճանները, նրա մատռուակներին ու նրանց զգեստները եւ այն ողջակէզները, որ Տիրոջ տանը նա մատուցում էր, եւ ապշելով ասաց արքային. 5«Ճշմարիտ էր այն, ինչ լսել էի իմ երկրում քո խօսքերի ու քո իմաստնութեան մասին։ 6Եւ չէի հաւատում ասուած խօսքերին, մինչեւ որ եկայ ու աչքերովս տեսայ, որ ինձ չեն պատմել քո իմաստնութեան նոյնիսկ կէսի մասին։ Դու աւելի իմաստուն ես, քան ես լսել եմ։ 7Երանելի են քո մարդիկ, երանելի են քո կանայք եւ պալատական այդ ծառաները, որ միշտ քո առաջ կանգնած են ու լսում են քո իմաստնութիւնը։ 8Օրհնեալ լինի Տէր Աստուածը, որ քեզ հաւանելով՝ քեզ է յանձնել քո ժողովրդի թագաւորութեան աթոռը, քանզի քո Տէր Աստուածը Իսրայէլին սիրելու պատճառով ու նրան յաւիտեան հաստատելու համար քեզ է նրանց վրայ թագաւոր դրել, որ իրաւունք ու արդարութիւն գործադրես»։ 9Սաբայի թագուհին արքային հարիւր քսան տաղանդ ոսկի տուեց, չափազանց շատ խունկ եւ թանկարժէք քարեր։ Սաբայի տիկնոջ՝ Սողոմոն արքային տուած խնկից լաւ խունկ չի եղել։ 10Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սոփերից Սողոմոնին բերեցին ոսկի, նոճու փայտ եւ թանկարժէք քարեր։ 11Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց եւ երգիչների համար քնարներ ու տաւիղներ, որոնց նմանը դրանից առաջ Յուդայի երկրում չէր եղել։ 12Սողոմոն արքան Սաբայի տիկնոջը տուեց ամէն ինչ, որ նա ցանկացաւ ու խնդրեց, շատ աւելի, քան այն, ինչ թագուհին տուել էր Սողոմոն արքային։ Եւ թագուհին վերադարձաւ իր երկիրը։ 13Մէկ տարում Սողոմոնի համար բերուած ոսկու կշիռը վեց հարիւր վաթսունվեց տաղանդ էր, 14չհաշուած կառավարիչների, վաճառականների բերածները։ Սողոմոն արքային ոսկի ու արծաթ էին բերում նաեւ Արաբիայի բոլոր թագաւորները, երկրի իշխանները։ 15Սողոմոն արքան ոսկուց երեք հարիւր կռածոյ վահան պատրաստեց՝ ամէն մի վահանի համար օգտագործելով վեց հարիւր դահեկան մաքուր ոսկի։ 16Ոսկուց պատրաստեց նաեւ երեք հարիւր կռածոյ նիզակ՝ ամէն մի նիզակի համար օգտագործելով երեք հարիւր դահեկան։ Արքան դրանք դրեց Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան մէջ։ 17Արքան փղոսկրից մի մեծ գահ պատրաստեց եւ այն պատեց մաքուր ոսկով։ 18Գահը ունէր ոսկով ծածկուած վեց աստիճան։ Գահի նստատեղը այս եւ այն կողմից ունէր յենակներ, իսկ յենակների ծայրին կային երկու առիւծներ։ 19Վեց աստիճանների այս եւ այն կողմերում կային տասներկու առիւծներ։ Այսպիսի գահ երբեք չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։ 20Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր, եւ Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան ամբողջ սպասքը ոսկու շերտով էր պատուած։ Սողոմոնի օրօք արծաթը ոչինչ էր համարւում, 21քանզի Սողոմոն արքայի նաւը Քիրամի ծառաների հետ գնում էր Թարսիս, եւ երեք տարին մէկ Թարսիսից արքայի նաւը գալիս էր լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։ 22Սողոմոնը բոլոր թագաւորներին գերազանցեց ունեցուածքով եւ իմաստնութեամբ։ 23Աշխարհի բոլոր թագաւորները ձգտում էին տեսնել Սողոմոնի երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որն Աստուած դրել էր նրա սրտում։ 24Նրանցից ամէն մէկը ամէն տարի բերում էր ընծաներ՝ արծաթէ անօթներ, ոսկէ անօթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ։ 25Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ ձիեր մարտակառքերի համար եւ տասներկու հազար երիվարներ։ Նա դրանք տեղաւորեց մարտակառքերի համար սահմանուած քաղաքներում. իսկ Երուսաղէմում Սողոմոնի մօտ մնացին որոշ քանակի մատակ ձիեր ու երիվարներ։ 26Նա իշխում էր բոլոր թագաւորների վրայ Եփրատ գետից մինչեւ այլազգիների երկիրն ու մինչեւ Եգիպտոսի սահմանները։ 27Արքան Երուսաղէմում քարի չափ շատ ոսկի ու արծաթ եւ դաշտում գտնուող մոլաթզենու չափ շատ մայրի փայտ կուտակեց։ 28Սողոմոնի ձիերը բերւում էին Եգիպտոսից եւ շատ ուրիշ երկրներից։ 29Սողոմոնի պատմութեան մնացած մասը, սկզբից մինչեւ վերջը, գրուած են Նաթան մարգարէի գրուածքներում, սիլոնացի Աքիայի գրուածքներում, տեսանող Յովէլի՝ Նաբաթի որդի Յերոբովամին վերաբերող տեսիլքում։ 30Սողոմոնն ամբողջ Իսրայէլի վրայ իշխեց քառասուն տարի։ 31Սողոմոնը մեռաւ եւ նրան թաղեցին իր հօր՝ Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ռոբովամը։
10 Ռոբովամը եկաւ Սիւքէմ, որովհետեւ բոլոր իսրայէլացիները եկել էին Սիւքէմ նրան թագաւոր դարձնելու։ 2Երբ Նաբատի որդի Յերոբովամը, որը Սողոմոն արքայի երեսից Եգիպտոս էր փախել ու բնակուել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձաւ Եգիպտոսից։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 3Յերոբովամը եւ Իսրայէլի բոլոր ժողովականները եկան Ռոբովամ արքայի մօտ եւ ասացին. 4«Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը։ Արդ, թեթեւացրո՛ւ հօրդ նշանակած տաժանակիր աշխատանքն ու մեր վրայ դրուած ծանր լուծը, որ քեզ ծառայենք»։ 5Նա նրանց ասաց. «Գնացէ՛ք եւ երեք օրից եկէ՛ք ինձ մօտ»։ Ժողովուրդը գնաց։ 6Ռոբովամ արքան հաւաքեց ծերերին, որոնք իր հօր՝ Սողոմոնի կենդանութեան օրօք կանգնում էին նրա առաջ, եւ ասաց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»։ 7Նրանք ասացին նրան. «Եթէ այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարեացակամ լինես, հաճելի լինես եւ լաւ խօսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառայ կը լինեն»։ 8Նա, սակայն, անտեսեց այն խորհուրդը, որ ծերերը տուել էին իրեն, եւ հարց տուեց իր հետ մեծացած տարեկից ընկերներին, որոնք իր առջեւ էին կանգնում։ 9Նա ասաց նրանց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խօսեց՝ ասելով. «Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեր վրայ»։ 10Նրա տարեկից ընկերները նրան ասացին. «Այսպէս կը խօսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թէ՝ «Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթեւացրո՛ւ մեր վրայից»։ 11Նրանց այսպէս կ՚ասես. «Իմ ճկոյթն աւելի հաստ է, քան հօրս մէջքը։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը։ Եթէ իմ հայրը խրատել է ձեզ գաւազաններով, ապա ես ձեզ կը խրատեմ կարիճներով»։ 12Յերոբովամը եւ ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մօտ, ինչպէս որ ասել էր արքան. «Ինձ մօտ կը վերադառնաք երրորդ օրը»։ 13Արքան խստութեամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը, 14եւ նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, ես աւելացնելու եմ այն։ Իմ հայրը գաւազաններով էր ձեզ խրատել, ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։ 15Արքան չլսեց ժողովրդին, որովհետեւ կործանումն Աստծուց էր սահմանուած, որպէսզի Տէրը հաստատի սիլոնացի Աքիայի բերանով իր ասած խօսքերը Նաբատի որդի Յերոբովամի եւ ամբողջ Իսրայէլի մասին. եւ արքան չլսեց նրանց։ 16Ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ գործ ունենք Դաւթի հետ, կամ կիսելու ի՞նչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայէլ, եւ քո տա՛ն մասին հոգա, ո՜վ Դաւիթ»։ 17Եւ բոլոր իսրայէլացիները գնացին իրենց բնակավայրերը, իսկ Յուդայի երկրի քաղաքներում ապրող միւս իսրայէլացիները Ռոբովամին դարձրին իրենց թագաւոր։ 18Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայէլացիների մօտ, բայց սրանք նրան քարկոծեցին, ու նա մեռաւ։ Ռոբովամ արքան հազիւ կարողացաւ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղէմ։ 19Եւ իսրայէլացիները երես դարձրին Դաւթի տնից, ու այդպէս է մինչեւ այսօր։
11 Ռոբովամը եկաւ Երուսաղէմ, Յուդայի ու Բենիամինի տներից հաւաքեց պատերազմի ընդունակ հարիւր ութսուն հազար երիտասարդներ եւ պատերազմեց Իսրայէլի դէմ, որ թագաւորութիւնն իրեն վերադարձնի։ 2Տէրը խօսեց Աստծու մարդու՝ Սամէասի հետ՝ ասելով. 3«Խօսի՛ր Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի երկրի ու Բենիամինի երկրի բոլոր մարդկանց հետ՝ ասելով. «Այսպէս է ասում Տէրը. 4մի՛ ելնէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների դէմ, ամէն ոք թող վերադառնայ իր տունը, որովհետեւ այս բանը ինձնից եղաւ»։ Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ ետ դարձան Յերոբովամի վրայ արշաւելուց։ 5Ռոբովամը բնակուեց Երուսաղէմում եւ պարսպապատ քաղաքներ կառուցեց Հրէաստանում։ 6Նա շինեց Բեթղեհէմը, Ետանին, Բեքովեան, 7Բեթսուրան, Սոկքովը, Օդողամը, 8Գէթը, Մարիսան, Զիփը, 9Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան, 10Սարաան, Աեղոնը եւ Քեբրոնը, որոնք Յուդայի երկրում ու Բենիամինի երկրում պարսպապատ քաղաքներ էին։ 11Նա պարիսպներով ամրացրեց դրանք, հրամանատարներ կարգեց դրանց վրայ, բոլոր քաղաքներում ուտելիքի՝ ձէթի ու գինու ամբարներ շինեց, 12վահաններ ու նիզակներ պատրաստեց եւ յաճախակի ամրացրեց այդ քաղաքները։ 13Ռոբովամին էին պատկանում Յուդայի ու Բենիամինի երկրները։ Ամբողջ Իսրայէլի մէջ գտնուող քահանաներն ու ղեւտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մօտ հաւաքուեցին, որովհետեւ ղեւտացիները իրենց սեփականութիւնը հանդիսացող բնակավայրերը լքեցին ու գնացին Յուդայի երկիրը՝ Երուսաղէմ. 14Յերոբովամն ու նրա որդիները զրկել էին նրանց Տիրոջն սպասաւորելու պարտականութիւնից։ 15Նա իր պատրաստած բարձրադիր մեհեանների, կուռքերի, չաստուածների ու երինջների վրայ քրմեր նշանակեց։ 16Նա Իսրայէլի ցեղերից առանձնացրեց բոլոր նրանց, ովքեր սրտանց փնտռում էին Իսրայէլի Տէր Աստծուն։ Սրանք եկան Երուսաղէմ, որ իրենց հայրերի Տէր Աստծուն զոհեր մատուցեն, 17եւ զօրացրին Յուդայի երկրի թագաւորութիւնը։ Երեք տարով հզօրացաւ Սողոմոնի որդի Ռոբովամը, որովհետեւ նա երեք տարի ընթացաւ Դաւթի ու Սողոմոնի ճանապարհներով։ 18Ռոբովամը կին առաւ Դաւթի որդի Յերիմութի դուստր Մոլաթին ու Յեսսէի որդի Եղիաբի դուստր Աբիադին։ 19Նրանք Ռոբովամի համար ծնեցին երեք որդիներ՝ Յերումին, Սամարիային ու Ալովին։ 20Դրանից յետոյ նա ամուսնացաւ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, եւ սա նրա համար ծնեց Աբիասին, Եթթիին, Իզային, Սալեմոթին։ 21Ռոբովամը իր բոլոր կանանց ու հարճերի մէջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ունէր տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։ 22Ռոբովամը Մաաքայից ծնուած Աբիային իշխան կարգեց նրա եղբայրների վրայ, քանզի նպատակ ունէր նրան թագաւոր դարձնել։ 23Յուդայի ու Բենիամինի երկրների բոլոր սահմաններում Ռոբովամն աւելի հզօր եղաւ, քան իր բոլոր որդիները, եւ ամրացուած քաղաքներում նրանց տուեց ուտելիքի խիստ առատ պաշար եւ նրանց համար բազում կանայք փնտռեց։
12 Երբ Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուն դարձաւ ու հզօրացաւ, նա, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, անտեսեց Տիրոջ պատուիրանները։ 2Եւ քանի որ նրանք մեղանչել էին Տիրոջ դէմ, Ռոբովամի թագաւորութեան հինգերորդ տարում Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ 3հազար երկու հարիւր մարտակառքերով ու վաթսուն հազար հեծեալներով։ Անթիւ էր Եգիպտոսից նրա հետ եկած բազմութիւնը՝ լիբէացիներ, տրոգլոդացիներ, եթովպացիներ, 4որոնք տիրեցին Յուդայի երկրի ամրակուռ քաղաքներին։ Եւ Սաւսակիմը եկաւ Երուսաղէմ։ 5Սամէաս մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի երկրների իշխանների մօտ, որոնք Սաւսակիմի ահից հաւաքուել էին Երուսաղէմում, եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. «Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սաւսակիմի ձեռքը»։ 6Իսրայէլի իշխաններն ու արքան ամաչեցին եւ ասացին. «Արդար է Տէրը»։ 7Երբ Տէրը տեսաւ, որ զղջացին, ապա Տէրն ասաց Սամէասին. «Նրանք զղջացին, ուրեմն ես նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կը թողնեմ եւ իմ զայրոյթը Երուսաղէմի վրայ չեմ թափի։ 8Այսպիսով նրանք իմ ծառայութեան տակ կը մտնեն եւ կ՚իմանան, թէ ո՞րն է ինձ ծառայելու եւ երկրային թագաւորութիւններին ծառայելու տարբերութիւնը»։ 9Եգիպտոսի արքայ Սաւսակիմը եկաւ ու գրաւեց Տիրոջ տան գանձերը եւ տարաւ արքայի տան բոլոր գանձերը։ Նա գրաւեց նաեւ Սողոմոնի պատրաստած ոսկէ վահանները։ 10Ռոբովամը դրանց փոխարէն պղնձէ վահաններ պատրաստեց եւ դրանք յանձնեց արքունի դռների պահապանների պետերին։ 11Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, մտնում էին նաեւ պահապաններն ու սուրհանդակները, եւ պահապանները դրանք վերցնում տանում էին սուրհանդակների ներկայութեամբ։ 12Երբ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկութիւնը նրանից վերացաւ, եւ նա իսպառ չկործանուեց, քանզի Յուդայի երկրում բարի գործեր էլ կային կատարուած։ 13Ռոբովամը հզօրացաւ Երուսաղէմում ու թագաւորեց։ Ռոբովամը քառասունմէկ տարեկան էր, երբ գահ բարձրացաւ։ Նա տասնեօթը տարի թագաւորեց Երուսաղէմում, այն քաղաքում, որ Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, որպէսզի իր անունը դնի դրա վրայ։ Ռոբովամի ամոնացի մօր անունը Նոոմա էր։ 14Նա չարիք գործեց, որովհետեւ նրա սիրտը հակուած չէր Տիրոջ կողմը։ 15Ռոբովամի առաջին ու վերջին խօսքերը եւ գործերը չէ՞ որ գրուած են Սամէաս մարգարէի ու Ադդով տեսանողի գրքերում։ Յարատեւ պատերազմ էր մղւում Ռոբովամի ու Յերոբովամի միջեւ։ 16Ռոբովամը մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ 17Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աբիասը։
13 Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Աբիասը։ 2Նա Երուսաղէմում թագաւորեց երեք տարի։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Պատերազմ էր տեղի ունենում Աբիասի ու Յերոբովամի միջեւ։ 3Աբիասը պատերազմի պատրաստուեց հզօր մարտիկներով՝ չորս հարիւր հազար զօրեղ մարդկանցով։ Յերոբովամը նրա դէմ պատերազմի ելաւ ութ հարիւր հազար հզօր, քաջազուն ռազմիկներով։ 4Աբիասը վեր բարձրացաւ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մէկն էր, 5եւ ասաց. «Լսեցէ՛ք, Յերոբովա՛մ եւ բոլո՛ր իսրայէլացիներ, մի՞թէ ձեզ յայտնի չէ, թէ Իսրայէլի Տէր Աստուածը Իսրայէլի թագաւորութիւնը անբեկանելի ուխտով յաւիտեան տուել է Դաւթին ու նրա որդիներին։ 6Նաբատի որդի Յերոբովամը՝ Դաւթի որդի Սողոմոնի ծառան, սակայն, վեր կացաւ եւ ապստամբեց իր տիրոջ դէմ։ 7Նրա մօտ հաւաքուեցին չար եւ անօրէն մարդիկ եւ ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր եւ երկչոտ սիրտ ունէր, ուստի նրա դէմ չելաւ։ 8Արդ, դուք ասում էք, որ դէմ կը կանգնէք Տիրոջ թագաւորութեանը, որը Դաւթի որդիների ձեռքին է, որ չափազանց շատ զօրք ունէք, եւ ձեզ հետ են ոսկէ երինջները, որոնց Յերոբովամը ձեզ համար աստուածներ դարձրեց։ 9Մի՞թէ դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին, եւ ձեզ համար քրմեր ընտրեցիք մի այլ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ քահանայ դառնալու համար գալիս էին զուարակներով եւ եօթը խոյով, դառնում էին չաստուածների քուրմ։ 10Մենք մեր Տէր Աստծուն չլքեցինք. նրա քահանաները՝ Ահարոնի որդիներն ու ղեւտացիները, ծառայում են Տիրոջը։ 11Նրանք ամէն օր խունկ են ծխում Տիրոջ համար, առաւօտեան ու երեկոյեան ողջակէզներ են մատուցում, անուշաբոյր խնկեր են ծխում, սուրբ սեղանի վրայ առաջաւորութեան հաց են դնում, վառում են ոսկէ աշտանակներն ու ճրագները, որ երեկոները լուսաւորեն։ Մենք պահում ենք մեր հայրերի Տէր Աստծու պատուիրանները, իսկ դուք լքել էք Նրան։ 12Ահաւասիկ մեզ հետ են եւ մեզ իշխան են Տէրն ու նրա քահանաները, եւ ազդարարող փողերը պատրաստ են հնչելու, որ մեզ մարտի հրաւէր տան։ Եւ դուք, ո՜վ իսրայէլացիներ, մի՞թէ կը մարտնչէք մեր հայրերի Աստծու դէմ. դա ձեզ յաջողութիւն չի բերի»։ 13Յերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիասի զօրքի յետեւն անցնեն։ Ինքը կանգնեց Յուդայի երկրի մարդկանց առաջ, իսկ դարանակալները անցան սրանց թիկունքը։ 14Յուդայի երկրի մարդիկ յետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց ե՛ւ առջեւը, ե՛ւ յետեւը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, քահանաները փողեր հնչեցրին, եւ Յուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին։ 15Երբ Յուդայի երկրի մարդիկ գոչեցին, Տէրը Աբիասի ու Յուդայի երկրի մարդկանց առջեւ կոտորեց Յերոբովամին ու իսրայէլացիներին։ 16Իսրայէլացիները փախան Յուդայի երկրի մարդկանց առջեւից, եւ Տէրը սրանց մատնեց նրանց ձեռքը։ 17Աբիասն ու նրա զօրքը նրանց ծանր հարուածներ հասցրին։ Իսրայէլացիներից հինգ հազար ուժեղ մարդ կոտորուեց։ 18Այդ օրը իսրայէլացիները ընկճուեցին, իսկ Յուդայի երկրի մարդիկ զօրացան, քանզի իրենց հայրերի Տէր Աստծուն էին ապաւինել։ 19Աբիասը Յերոբովամին հալածեց ու նրանից գրաւեց քաղաքներ՝ Բեթէլն ու նրա գիւղերը, Անան ու նրա գիւղերը, Եփրոնն ու նրա գիւղերը, Բեան ու նրա գիւղերը։ 20Աբիասի օրօք Յերոբովամն այլեւս չկարողացաւ զօրութեամբ ոտքի կանգնել։ Տէրը հարուածեց նրան, եւ նա մեռաւ։ 21Աբիասը հզօրացաւ. նա տասնչորս կին առաւ։ Նա ունեցաւ քսաներկու տղայ եւ տասնվեց աղջիկ։ 22Աբիասի մնացեալ արարքները, գործերն ու խօսքերը գրուած են Ադդով մարգարէի գրքում։
14 Աբիասը գնաց իր նախնիների գիրկը. նրան թաղեցին Դաւթի քաղաքում։Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ասան։ Նրա օրօք Յուդայի երկիրը տասը տարի հանգիստ մնաց։ 2Նա բարի եւ արդար գործեր կատարեց իր Տէր Աստծու առջեւ։ 3Նա վերացրեց օտար աստուածների զոհասեղանները, բարձադիր մեհեանները, խորտակեց արձանները եւ այրեց կուռքերը։ 4Նա Յուդայի երկրի բնակիչներին հրամայեց պաշտել իրենց հայրերի Տէր Աստծուն եւ կատարել օրէնքներն ու պատուիրանները։ 5Նա Յուդայի երկրի բոլոր քաղաքներից վերացրեց զոհասեղաններն ու կուռքերը։ Եւ Յուդայի երկրում պարսպապատ քաղաքները խաղաղուեցին, 6քանզի երկիրը խաղաղուել էր, եւ այն տարիներին պատերազմ չկար նրա դէմ, որովհետեւ Տէրը նրան հանգստութիւն էր պարգեւել։ 7Նա ասաց Յուդայի երկրի մարդկանց. «Եկէ՛ք վերակառուցենք այս քաղաքները, պարիսպներ, աշտարակներ, դռներ ու նիգեր դնենք, որ տիրենք երկրին, քանզի, ինչպէս մենք մեր Տէր Աստծուն փնտռեցինք պաշտեցինք, այնպէս էլ նա մեզ փնտռեց եւ ամէն տեղ հանգստութիւն ու յաջողութիւն տուեց մեզ։ 8Ասան Յուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող երեք հարիւր հազարանոց զօրք ունեցաւ, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարիւր վաթսուն հազար ասպարաւորներ ու աղեղնաւորներ։ Սրանք բոլորը հզօր պատերազմիկներ էին։ 9Նրանց դէմ ելաւ եթովպացի Զարեհը մէկ միլիոն զինուորներով ու երեք հարիւր մարտակառքերով։ Նա եկաւ-հասաւ մինչեւ Մարիսա։ 10Ասան դուրս եկաւ նրա դէմ եւ պատերազմի ճակատ կազմեց Մարիսայի հիւսիսում գտնուող ձորում։ 11Ասան դիմեց իր Տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՜ր, քեզ համար դժուար չէ օգնութեան հասնել ինչպէս սակաւազօր, այնպէս եւ բազմաքանակ զօրքերին։ Զօրացրո՛ւ մեզ, Տէ՜ր Աստուած մեր, քանզի քեզ ենք ապաւինում եւ քո անունով ելանք այս բազմութեան դէմ։ Ո՜վ Տէր Աստուած մեր, թող մարդը քո դէմ յաղթանակ չտանի»։ 12Եւ Տէրը հարուածեց եթովպացիներին Յուդայի երկրի մարդկանց աչքի առջեւ, ու եթովպացիները փախան։ 13Ասան եւ իր զօրքը հալածեցին նրանց մինչեւ Գեդոր, եւ եթովպացիներից այնքան մարդ ընկաւ, որ նրանցից ոչ մէկը կենդանի չմնաց, քանզի կոտորուեցին Տիրոջ ու նրա զօրութեան առջեւ։ 14Յուդայի երկրի մարդիկ շատ աւար վերցրին եւ կործանեցին Գեդորի շուրջը գտնուող նրանց գիւղերը, քանզի Տիրոջից հասած արհաւիրքն էր պատել նրանց։ Նրանք աւար առան նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ աւար կար այդտեղ։ 15Նրանք նաեւ քանդեցին նրանց հօտերի պահակների վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, քշեցին տարած բազում ոչխարներ եւ ուղտեր ու վերադարձան Երուսաղէմ։
15 Տիրոջ հոգին իջաւ Ադադի որդի Ազարիասի վրայ։ 2Նա, կանգնելով Ասայի եւ ամբողջ Յուդայի ու Բենիամինի երկրների ամբողջ ժողովրդի առջեւ, ասաց. «Լսեցէ՛ք ինձ, ո՜վ Ասա եւ Յուդայի ու Բենիամինի երկրների բոլո՛ր մարդիկ։ Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք։ Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի։ 3Երկար ժամանակ Իսրայէլը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցանէր, 4եւ առանց օրէնքի, որ նրանց դարձնէր դէպի Իսրայէլի Տէր Աստուածը, բայց Տէրը նրանց մէջ էր։ 5Այդ ժամանակներում չկար ապահովութիւն դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գաւառների բոլոր բնակիչների վրայ։ 6Ազգը ազգի դէմ էր պատերազմում, եւ քաղաքը՝ քաղաքի, քանզի Աստուած ամէն տեսակ նեղութիւններով զարհուրեցրել էր նրանց։ 7Արդ, դուք զօրացէ՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»։ 8Երբ Ասան լսեց այս խօսքերը եւ Ազարիաս մարգարէի մարգարէութիւնը, զօրացաւ եւ Յուդայի ու Բենիամինի երկրներից եւ այն քաղաքներից, որ գրաւել էր Եփրեմի լերան վրայ, դուրս գցեց ամէն տեսակ կուռքերը։ Նա կատարեց նաեւ Տիրոջ տաճարի առջեւում գտնուող Տիրոջ զոհասեղանի նաւակատիքը։ 9Նա ժողովեց հաւաքեց Յուդայի ու Բենիամինի երկրների մարդկանց, ինչպէս եւ Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի ցեղերից նրանց մօտ գտնուող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ նրանց Տէր Աստուածը նրա հետ է, Իսրայէլից անցել-գնացել էին նրա կողմը։ 10Ասայի թագաւորութեան տասնհինգերորդ տարուայ երրորդ ամսին նրանք հաւաքուեցին Երուսաղէմում։ 11Այդ օրը նա բերուած աւարից Տիրոջ համար զոհաբերեց եօթը հարիւր զուարակ ու եօթը հազար ոչխար։ 12Նա ուխտ դրեց, որ իրենց Տէր Աստծուն պէտք է պաշտեն ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով։ 13Ով չէր պաշտի Իսրայէլի Տէր Աստծուն, պէտք է մեռնէր, լինի երիտասարդ թէ ծեր, տղամարդ թէ կին։ 14Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդուեցին Տիրոջը։ 15Ամբողջ Յուդայի երկիրը ուրախացաւ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդուեցին եւ յօժարակամ պաշտեցին Նրան։ Տէրը նրանց մէջ էր. Նա համատարած հանգստութիւն պարգեւեց նրանց։ 16Ասան իր մօրը՝ Մաաքային հեռացրեց, քանզի սա Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքերը՝ այրեց դրանք Կեդրոնի հեղեղատում։ 17Բարձրադիր մեհեանները, սակայն, չվերացուեցին. դրանք տակաւին կային Յուդայի երկրում ու Իսրայէլում, թէեւ Ասայի սիրտն իր կեանքի բոլոր օրերին լի էր Աստուծով։ 18Նա ներս տարաւ իր նախահայր Դաւթի սրբութիւնները եւ Տէր Աստծու սրբութիւնները՝ արծաթ, ոսկի ու սպասք։ 19Պատերազմ չեղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունհինգերորդ տարին։
16 Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Իսրայէլի Բաաս արքան յարձակուեց Յուդայի երկրի վրայ։ Նա ամրացրեց Հռաման, որ փակի Յուդայի երկրի արքայ Ասայի ելումուտը։ 2Ասան ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան եւ թագաւորական տան գանձատներից՝ ուղարկեց ասորիների արքայ Ադերի որդուն, որ բնակւում էր Դամասկոսում, ասելով. 3«Դաշի՛նք կնքիր իմ ու քո միջեւ, ինչպէս որ կար իմ հօր ու քո հօր միջեւ։ Ահաւասիկ ես քեզ արծաթ ու ոսկի եմ ուղարկում, որ յետ դարձնես Իսրայէլի Բաաս արքային, որպէսզի նա ինձնից հեռանայ»։ 4Ասորիների արքայ Ադերի որդին անսաց եւ իր զօրքի իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, որոնք հարուած հասցրին Աւոնին, Դանին, Աբելմայինին եւ Նեփթաղիմ գաւառի շրջակայ ամբողջ երկրին։ 5Երբ Բաասը լսեց այդ մասին, հրաժարուեց Հռաման ամրացնելուց, եւ նրա այդ գործը կանգ առաւ։ 6Ասա արքան հաւաքեց Յուդայի երկրի բոլոր մարդկանց եւ տանելով Բաասի կառուցած Հռամայի ամրութիւնների քարերն ու փայտը՝ դրանցով ամրացրեց Գաբաան ու Մասփան։ 7Այն ժամանակ Յուդայի երկրի Ասա արքայի մօտ եկաւ Անանիաս մարգարէն եւ ասաց նրան. «Քանի որ ապաւինեցիր ասորիների արքային եւ ոչ թէ քո Տէր Աստծուն, այդ պատճառով Իսրայէլի արքայի զօրքը փրկուեց քո ձեռքից։ 8Մի՞թէ եթովպացիներն ու լիբիացիները մեծաթիւ զօրք չունէին եւ համարձակութեամբ չյարձակուեցին չափազանց շատ հեծեալներով։ Բայց քանի որ դու ապաւինել էիր քո Տիրոջը, Տէրը նրանց քո ձեռքը մատնեց, 9քանզի Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին, որպէսզի նա զօրացնի բոլոր նրանց, որոնց սրտերը ուղիղ են։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից յետոյ քո երկիրը պատերազմներ է ունենալու»։ 10Ասան զայրացաւ մարգարէի վրայ եւ նրան բանտարկեց, որովհետեւ այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան սկսեց դաժան վերաբերուել ժողովրդի հանդէպ։ 11Ասայի առաջին եւ վերջին գործերը գրի են առնուած Յուդայի երկրի ու Իսրայէլի թագաւորների գրքում։ 12Ասայի ոտքերը թուլացան իր թագաւորութեան երեսունիններորդ տարում. նա ծանրօրէն հիւանդացաւ։ Իր հիւանդութեան ժամանակ նա Տիրոջը չապաւինեց, այլ՝ բժիշկներին։ 13Ասան վախճանուեց իր թագաւորութեան քառասունմէկերորդ տարում եւ գնաց իր նախնիների գիրկը։ 14Նրան թաղեցին այն գերեզմանում, որ ինքն իր համար էր փորել տուել Դաւթի քաղաքում։ Նրան գահաւորակի վրայ դրեցին, առատ խնկերով ու զանազան իւղերով օծեցին ու շատ մեծ յուղարկաւորութեամբ թաղեցին։
17 Ասայի փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը։ Յոսափատը իր իշխանութիւնը զօրացրեց Իսրայէլի դէմ։ 2Նա զօրքեր դրեց Յուդայի երկրի բոլոր ամրացուած քաղաքներում, հրամանատարներ նշանակեց Եփրեմի երկրի բոլոր քաղաքներում, որոնք իր հայր Ասան էր գրաւել։ 3Տէրը Յոսափատի հետ էր, քանզի նա ընթացաւ իր նախահօր՝ Դաւթի իշխանութեան սկզբում որդեգրած ճանապարհով. կուռքեր չպաշտեց, 4այլ իր նախահօր Տէր Աստծուն պաշտեց, իր նախահօր պատուիրաններով առաջնորդուեց եւ ոչ թէ Իսրայէլի թագաւորութեան նման վարուեց։ 5Նրա թագաւորութիւնը բարգաւաճեց նրա ձեռքում, եւ ամբողջ Յուդայի երկիրը Յոսափատին ընծաներ էր տալիս. նա ձեռք բերեց մեծ հարստութիւն ու փառք։ 6Նրա սիրտը նուիրուեց Տիրոջ ճանապարհներին, եւ նա եւս Յուդայի երկրից վերացրեց բարձրադիր մեհեաններն ու կուռքերը։ 7Իր թագաւորութեան երրորդ տարում նա իր իշխաններին ու զօրականներին՝ Աբդիասին, Զաքարիասին, Նաթանայէլին ու Միքէասին ուղարկեց ուսուցանելու Յուդայի երկրի քաղաքներում։ 8Նրանց հետ էին ղեւտացիներ Սամուիասը, Նաթանաասը, Զաբդիասը, Ասիէլը, Սեմիրամոթը, Յովնաթանը, Ադոնիասը եւ Տաբադոնիասը՝ բոլորն էլ ղեւտացիներ։ Նրանց հետ էին Եղիսամա ու Յորամ քահանաները։ 9Նրանք ուսուցանում էին Յուդայի երկրում՝ իրենց մօտ ունենալով Տիրոջ Օրէնքների գիրքը։ Նրանք անցնում էին Յուդայի երկրի քաղաքներով եւ ուսուցանում ժողովրդին։ 10Տիրոջ սարսափն էր պատել Յուդայի երկրի շուրջը գտնուող երկրների թագաւորներին, ու նրանք ոչ մի պատերազմ չէին մղում Յոսափատի դէմ։ 11Այլազգիները Յոսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու նուէրներ, իսկ արաբները նրան բերում էին եօթը հազար եօթը հարիւր խոյ եւ եօթը հազար եօթը հարիւր նոխազ։ 12Յոսափատը գնալով աւելի մեծ հարստութեան էր տիրանում։ Նա Հրէաստանում շինեց տներ ու ամրացուած քաղաքներ։ 13Նա բազում գործեր կատարեց Հրէաստանում։ Հզօր պատերազմիկներ կային Երուսաղէմում։ 14Նրանց թիւը, ըստ նրանց տոհմատների, այս էր. Յուդայի ցեղի հազարապետներն էին Եդնաս իշխանը, որն ունէր երեք հարիւր հազար ուժեղ զինուոր։ 15Նրանից յետոյ Յովնան իշխանն էր, որն ունէր երկու հարիւր ութսուն հազար զինուոր։ 16Նրանից յետոյ Զաքարիայի որդի Մասէասն էր, որը Տիրոջ նուիրեալն էր։ Նա ունէր երկու հարիւր հազար ուժեղ զինուոր։ 17Բենիամինի ցեղից էր հզօր Եղիադան, որն ունէր երկու հարիւր հազար աղեղնաւորներ ու պարսաւորներ։ 18Նրանից յետոյ Յոզաբադն էր, որն ունէր հարիւր ութսուն հազար հզօր պատերազմող մարդիկ։ 19Սրանք էին արքային ծառայութիւն անողները, բացի նրանցից, որոնց կարգել էր արքան ամբողջ Հրէաստանի ամրացուած քաղաքներում։
18 Յոսափատը էլ աւելի շատ հարստութիւն ու մեծ փառք ունեցաւ եւ խնամութիւն արեց Աքաաբի տան հետ։ 2Տարեվերջին նա գնաց Աքաաբի մօտ, Սամարիա, եւ Աքաաբը նրա ու նրա հետ եկած զօրքի համար շատ ոչխար ու զուարակ մորթեց եւ փորձեց նրան համոզել, որ միասին յարձակուեն Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ։ 3Իսրայէլի արքայ Աքաաբն ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամոթ քաղաքի դէմ կը յարձակուե՞ս»։ Սա ասաց. «Մի ենք ես ու դու, մի են քո զօրքն ու իմ զօրքը քեզ համար պատերազմում»։ 4Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այսօր հարցնենք Տիրոջը»։ 5Իսրայէլի արքան հաւաքեց Իսրայէլի մարգարէներին՝ չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամոթ քաղաքը պատերազմի գնա՞մ, թէ՞ յետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, եւ Աստուած քեզ՝ արքայիդ, յաջողութիւն կը պարգեւի»։ 6Յոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարէ չկա՞յ, որ նրան էլ հարցնենք»։ 7Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կայ, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետեւ նա ինձ համար լաւ բան չի մարգարէանում, եւ նրա բոլոր օրերը չարութեամբ են լցուած։ Դա Յեմլայի որդի Միքիասն է»։ Յոսափատն ասաց. «Թող արքան այդպէս չխօսի»։ 8Եւ Իսրայէլի արքան մի ներքինի կանչեց ու ասաց. «Շտապ այստե՛ղ բեր Յեմլայի որդի Միքիասին»։ 9Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի Յոսափատ արքան, ամէն մէկը պատմուճանը հագած, նստել էին իրենց գահին։ Նրանք նստել էին Սամարիայի դարպասի առջեւ, մի ընդարձակ տեղ, եւ բոլոր մարգարէները նրանց առջեւ մարգարէանում էին։ 10Քանանի որդի Սեդեկիասը, որ երկաթէ եղջիւրներ էր պատրաստել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Սրանցով պիտի հարուածես ասորիներին, մինչեւ որ բնաջնջես նրանց»։ 11Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Յարձակուի՛ր Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ, յաջողութիւն կ՚ունենաս, եւ Տէրը քո՝ արքայիդ ձեռքը կը յանձնի այն»։ 12Սուրհանդակը, որ գնացել էր Միքիասին կանչելու, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ահա մարգարէները միաբերան բարեգուշակ բաներ ասացին յօգուտ արքայի, դու էլ նրանց ասածի պէս մի բա՛ն ասա, լաւ բա՛ն գուշակիր»։ 13Միքիասն ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Աստուած ինձ ասի, այն էլ կ՚ասեմ»։ 14Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան նրան ասաց. «Միքիա՛ս, Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ յարձակուե՞մ, թէ՞ յետ կանգնեմ»։ Եւ նա ասաց. «Յարձակուի՛ր եւ յաջողութիւն կը գտնես, նրանք ձեր ձեռքը կ՚ընկնեն»։ 15Ասաց նրան արքան. «Քանի անգամ եմ քեզ երդուել տուել, որ, Տիրոջ անունով, ճշմարտութիւնից բացի ինձ այլ բան չասես»։ 16Միքիասն ասաց. «Տեսայ, որ իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ հովիւ չունեցող ոչխարների պէս, եւ Տէրն ասաց. «Սրանք առաջնորդ չունեն, թող ամէն մարդ իր տունը վերադառնայ խաղաղութեամբ»։ 17Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակութիւն չի անի, այլ՝ չար»։ 18Իսկ Միքիասն ասաց. «Ճիշտ չէ։ Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը։ Ես տեսայ Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերին։ 19Տէրն ասաց. «Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ վեր կենայ ու յարձակուի Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ»։ Մէկն այսպէս խօսեց, միւսն՝ այնպէս։ 20Մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. «Ես կը խաբեմ նրան»։ Տէրն ասաց. «Ի՞նչպէս»։ 21Նա ասաց. «Ես կը գնամ ու սուտ ոգի կը լինեմ նրա բոլոր մարգարէների բերանում»։ Տէրն ասաց. «Դու կը խաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ եւ արա՛ այդպէս»։ 22Ահա Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանում, այդ պատճառով էլ Տէրը քեզ համար վատ բան է գուշակում»։ 23Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիասը մօտենալով Միքիասին՝ հարուածեց նրա ծնօտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցաւ իմ մէջ եւ խօսեց քեզ հետ»։ 24Միքիասն ասաց. «Ահա դու կը տեսնես այն օրը, երբ պահասենեակից պահասենեակ կը մտնես, որ թաքնուես»։ 25Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիասին, յե՛տ տարէք քաղաքագլուխ Սեմերի ու արքայորդի իշխան Յովասի մօտ 26եւ ասացէ՛ք. «Այսպէս է ասում արքան. սրան բա՛նտ դրէք, ու թող նա մի կտոր հացով ու մի կում ջրով սնուի, մինչեւ որ ես խաղաղութեամբ վերադառնամ»։ 27Միքիասն ասաց. «Եթէ իրօք խաղաղութեամբ վերադառնաս, ուրեմն Տէրը ինձ հետ չի խօսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսեցէ՛ք»։ 28Իսրայէլի արքան ու Յուդայի երկրի արքայ Յոսափատը յարձակուեցին Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ։ 29Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպէս մտնեմ պատերազմի մէջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»։ Իսրայէլի արքան ծպտուեց եւ մտաւ պատերազմի մէջ։ 30Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր մօտ էին, ասաց. «Մի՛ կռուէք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծաւորների դէմ, այլ միայն՝ Իսրայէլի արքայի դէմ»։ 31Եւ երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Յոսափատին, ասացին. «Սա է Իսրայէլի արքան»։ Եւ շրջապատեցին նրան, որ կռուեն նրա դէմ։ Յոսափատը աղաղակեց, ու Տէրը փրկեց նրան։ Աստուած նրանց հեռացրեց նրա մօտից։ 32Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայէլի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին։ 33Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը եւ լանջապանակի միջով խոցեց Իսրայէլի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. «Կառքը յե՛տ դարձրու եւ ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետեւ մահացու վիրաւոր եմ»։ 34Այդ օրը պատերազմը սաստկացաւ, եւ Իսրայէլի արքան մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքի վրայ, ասորիների դիմաց եւ արեգակի մայր մտնելու ժամանակ մեռաւ։
19 Յոսափատ արքան խաղաղութեամբ վերադարձաւ իր տունը, Երուսաղէմ։ 2Նրան ընդառաջ եկաւ Անանիա մարգարէի որդի Յէուն եւ ասաց Յոսափատ արքային. «Պէ՞տք էր, որ մեղաւորին օգնէիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինէիր։ Այդ պատճառով քեզ վրայ իջաւ Տիրոջ բարկութիւնը, 3բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Յուդայի երկրից վերացրել էիր բարձրադիր մեհեանները եւ սրտով Տիրոջն էիր յարել, ուստի Տէրը քեզ փրկեց»։ 4Յոսափատը ապրեց Երուսաղէմում, կրկին դուրս եկաւ ժողովրդի մէջ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի լեռը եւ մարդկանց վերստին դարձրեց դէպի իրենց հայրերի Տէր Աստուածը։ 5Նա դատաւորներ կարգեց Յուդայի երկրի բոլոր քաղաքներում, ամէն մի ամրացուած քաղաքում։ 6Նա ասաց դատաւորներին. «Տեսէ՛ք, թէ դուք ինչ էք անում, ձեր դատը մարդկանց չի վերաբերում, այլ՝ Տիրոջը։ Արդարութիւնը ձեր կողմն է։ 7Արդ, Տիրոջ երկիւղը թող ձեզ վրայ լինի, պահեցէ՛ք Օրէնքը եւ գործադրեցէ՛ք, քանզի մեր Տէր Աստուածը անիրաւութիւն եւ կողմնակալութիւն չի անում եւ չի կաշառւում»։ 8Յոսափատը քահանաներից, ղեւտացիներից եւ Իսրայէլի տոհմապետերից դատաւորներ կարգեց նաեւ Երուսաղէմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատեն Երուսաղէմի բնակիչներին։ 9Նա նրանց պատուիրեց՝ ասելով. «Տիրոջ երկիւղով, ճշմարտութեամբ ու կատարեալ սրտով այսպէս կը վարուէք. 10եթէ իրենց քաղաքներում բնակուող ձեր եղբայրներից որեւէ մէկը արեան դիմաց արեան, օրէնքին ու պատուիրանին, իրաւունքներին ու դատաստաններին վերաբերող գործով դիմի ձեզ, ապա բացատրեցէ՛ք նրանց, որ չմեղանչեն Աստծու դէմ, որ նրանք չբարկանան ո՛չ ձեր վրայ, ո՛չ էլ՝ ձեր եղբայրների։ Այսպէս արէ՛ք եւ չէք մեղանչի։ 11Եւ ահա Ամարիաս քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայէլի որդի Զաբդիասը Յուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ քարտուղարներն ու ղեւտացիները ձեր կողքին են. զօրացէ՛ք ու գործեցէ՛ք, եւ Տէրը բարուն աջակից պիտի լինի»։
20 Դրանից յետոյ ամոնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաեւ մինեցիներից ոմանք եկան Յոսափատի դէմ պատերազմելու։ 2Եկան ու այդ բանը յայտնեցին Յոսափատին՝ ասելով. «Քեզ վրայ մեծ բազմութիւն է յարձակւում ծովի այն կողմից՝ Ասորիքից, եւ ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Գադդիում»։ 3Յոսափատը վախեցաւ, երեսն ուղղելով դէպի Տէրը՝ աղօթեց եւ յայտարարեց, որ ծոմ պահեն ամբողջ Յուդայի երկրում։ 4Յուդայի երկրի բնակիչները հաւաքուեցին, որ դիմեն Տիրոջը. Յուդայի երկրի բոլոր քաղաքներից եկան դիմելու Տիրոջը։ 5Յոսափատը Երուսաղէմում, Տիրոջ տանը, դրա նոր գաւթի դիմաց կանգնեց Յուդայի երկրի ժողովականների մէջ 6ու աղօթեց. «Ո՜վ մեր հայրերի Տէր Աստուած, չէ՞ որ դո՛ւ ես Աստուած երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագաւորութիւնների վրայ. քո ձեռքում է իշխանութեան ուժը, եւ ոչ ոք չի կարող քեզ դէմ կանգնել։ 7Չէ՞ որ, Տէ՜ր, քո իսրայէլացի ժողովրդի առաջ դո՛ւ ոչնչացրիր այս երկրի բնակիչներին եւ երկիրը յաւիտեան տուեցիր քո սիրելի Աբրահամի յետնորդներին։ 8Սրանք բնակուեցին այստեղ եւ այստեղ էլ շինելով քո անուան սրբարանը՝ ասացին. 9«Եթէ մեզ վրայ գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կը կանգնենք այս տան առջեւ եւ քո առջեւ, քանզի քո անունը այս տան վրայ է, քեզ կը կանչենք նեղութեան մէջ լինելու դէպքում, եւ դու կը լսես ու կը փրկես մեզ»։ 10Եւ արդ, ահա ամոնացիները, մովաբացիները եւ Սէիր լերան բնակիչները, որոնց երկրով թոյլ չտուեցիր անցնել, երբ իսրայէլացիները Եգիպտոսից դուրս եկան եւ շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց, 11ահաւասիկ նրանք յանդգնել են մեզ վրայ յարձակուել ու մեզ հանել ժառանգութիւն ստացած մեր երկրից, որը դու ես տուել մեզ։ 12Ո՜վ Տէր Աստուած մեր, մի՞թէ նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զօրութիւն չունենք այս մեծ բազմութեան դէմ կանգնելու եւ չգիտենք, թէ ինչ անենք նրանց դէմ։ Մեր աչքերը քեզ են ուղղուած»։ 13Յուդայի երկրի ողջ բնակչութիւնը, նաեւ երեխաներն ու կանայք կանգնած էին Տիրոջ առջեւ։ 14Ասափի որդիներից ղեւտացի Մաթանիայի որդի Եղիէլի որդի Բանիասի որդի Զաքարիայի որդի Օզիէլի վրայ հաւաքի ժամանակ իջաւ Տիրոջ հոգին, 15եւ Օզիէլն ասաց. «Լսեցէ՛ք, Յուդայի մարդի՛կ, Երուսաղէմի բնակիչնե՛ր եւ Յոսափա՛տ արքայ, Տէրը ձեզ այսպէս է ասում. «Մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք այս մեծ բազմութիւնից, քանզի պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ 16Վաղն եւեթ յարձակուեցէ՛ք նրանց վրայ։ Ահա նրանք իջնում են Ասերի զառիվայրով, եւ դուք նրանց կը գտնէք Յերիէլի անապատում գտնուող գետի եզերքին։ 17Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմէք։ Հասկացէ՛ք ու կը տեսնէք ձեզ հետ եղող Տիրոջ փրկութիւնը։ Յուդայի՛ երկիր եւ Երուսաղէ՛մ, մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք. վաղը յարձակուեցէ՛ք նրանց վրայ, քանզի Տէրը ձեզ հետ է»։ 18Յոսափատը, ամբողջ Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչները երեսնիվայր խոնարհուելով՝ ընկան Տիրոջ առջեւ ու երկրպագեցին Տիրոջը։ 19Եւ Կահաթի տոհմից ու Կորխի տոհմից ղեւտացիները վեր կացան ու բարձր ձայնով օրհնեցին Տէր Աստծուն։ 20Նրանք առաւօտեան կանուխ զարթնելով՝ գնացին Թեկուայի անապատը։ Երբ նրանք վեր էին կենում, Յոսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեցէք, Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, հաւատացէ՛ք մեր Տէր Աստծուն, եւ նա էլ ձեզ կը հաւատայ, հաւատացէ՛ք նրա մարգարէներին ու յաջողութիւն կ՚ունենաք»։ 21Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ եւ կարգեց սաղմոսերգուներ ու օրհնաբանողներ, որ զօրքի առջեւից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբութիւնները։ Նրանք ասում էին. «Փառք տանք Տիրոջը, քանզի նրա ողորմածութիւնը յաւիտեան է»։ 22Երբ նրանք սկսել էին օրհնել ու փառաբանել Տիրոջը, Տէրը ամոնացիներին կռուի հանեց մովաբացիների ու Սէիր լերան բնակիչների դէմ, որոնք եկել էին Յուդայի երկրի վրայ յարձակուելու։ Եւ նրանք պարտուեցին։ 23Ամոնացիներն ու մովաբացիները յարձակուեցին Սէիր լերան բնակիչների վրայ, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց։ Երբ Սէիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ սրանք իրար վրայ յարձակուեցին ու կոտորեցին միմեանց։ 24Յուդայի երկրի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանուած են, գետին ընկած, ու ոչ ոք չէր փրկուել։ 25Յոսափատն ու զօրքը եկան կողոպտելու նրանց աւարը։ Նրանք գտան մեծ թուով անասուններ, հանդերձանք, աւար ու թանկարժէք առարկաներ եւ այս ամէնը կողոպտեցին։ Նրանք երեք օր հաւաքում էին աւարը, որովհետեւ չափազանց շատ էր։ 26Չորրորդ օրը նրանք հաւաքուեցին Օրհնութեան հովտում, որովհետեւ այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչուեց Օրհնութեան հովիտ. եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր։ 27Յուդայի երկրի բոլոր մարդիկ վերադարձան Երուսաղէմ։ Յոսափատը նրանց առաջնորդեց մեծ ուրախութեամբ, քանզի Տէրը նրանց ուրախութիւն էր տուել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից։ 28Նրանք մտան Երուսաղէմ, Տիրոջ տունը քնարներով, տաւիղներով ու փողերով։ 29Երբոր երկրի բոլոր թագաւորութիւնները լսեցին, որ Տէրն է պատերազմել Իսրայէլի թշնամիների դէմ, Տիրոջ վախն ընկաւ նրանց վրայ։ 30Յոսափատի թագաւորութիւնը խաղաղուեց, եւ նրա Աստուածը ամէն կողմից հանգստացրեց նրան։ 31Յոսափատը իշխեց Յուդայի երկրի վրայ։ Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ազուբա էր, որը Սալիի դուստրն էր։ 32Յոսափատն ընթացաւ իր հօր՝ Ասայի ճանապարհներով, չխոտորուեց Տիրոջ ճանապարհից, 33թէեւ տակաւին բարձրադիր մեհեաններ կային, եւ ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել իր հայրերի Տէր Աստծուն։ 34Յոսափատի մնացած գործերը, առաջինից մինչեւ վերջինը, գրուած են Անանի որդի Յէուի պատմութեան մէջ. նա է գրի առել Իսրայէլի թագաւորների պատմութիւնը։ 35Դրանից յետոյ Յուդայի երկրի արքայ Յոսափատը բարեկամացաւ Իսրայէլի արքայ Օքոզիայի հետ. 36Յոսափատը անօրէնութիւն գործեց, երբ վեր կացաւ ու գնաց Օքոզիայի մօտ, որ նաւ պատրաստի ու գնայ Թարսիս։ Նա նաւ պատրաստեց Գասիոնգաբերում։ 37Մարեսացի Օդրիի որդի Եղիազարը Յոսափատի մասին մարգարէանալով ասաց. «Քանի որ Օքոզիային սիրելի դարձար, Տէրը պիտի խառնի քո գործերը, քո նաւը պիտի խորտակուի, եւ դու չպիտի կարողացաս Թարսիս գնալ»։
21 Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։ 2Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յորամը։ 3Նա ունէր վեց եղբայր, որոնք Յոսափատի որդիներն էին. Եզրիաս, Եէլ, Զաքարիաս, Միսայէլ, Սափատիաս եւ Ազարիու։ Սրանք բոլորը Յուդայի երկրի արքայ Յոսափատի որդիներն էին։ 4Հայրը նրանց տուել էր բազում պարգեւներ՝ արծաթ, ոսկի, զէնքեր, ինչպէս նաեւ ամրացուած քաղաքներ Յուդայի երկրում, իսկ թագաւորութիւնը յանձնել էր Յորամին, քանզի նա էր անդրանիկը։ 5Յորամն ստանձնելով թագաւորութիւնը՝ հզօրացաւ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաեւ Իսրայէլի մի շարք իշխանների։ 6Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 7Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհներով. նա արեց այն, ինչ որ Աքաաբի տունն էր արել, քանի որ նրա կինը Աքաաբի դուստրն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, 8սակայն Տէրը չուզեց կործանել Դաւթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դաւթի հետ, եւ ինչպէս ասել էր նրան՝ միշտ մի ճրագ էր տալու նրան ու նրա որդիներին։ 9Այդ օրերին Յուդայի երկրի դէմ ապստամբեցին եդոմացիները, որոնք իրենց համար թագաւոր ընտրեցին։ 10Յորամը գնաց իր իշխաններով ու հեծեալներով հանդերձ եւ գիշերը վեր կենալով՝ յարձակուեց եդոմացիների ու նրանց մարտակառքերի հրամանատարների վրայ, որոնք պաշարել էին իրեն։ Եդոմացիների զօրքը փախաւ դէպի իրենց վրանները։ 11Եդոմն ազատուեց Յուդայի երկրի գերիշխանութիւնից. եւ այդպէս է մինչեւ այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց Լոբնան Յորամի իշխանութեան դէմ, քանզի Յորամը լքել էր իր հայրերի Տէր Աստծուն, 12բարձրադիր մեհեաններ էր կառուցել տուել Յուդայի երկրի քաղաքներում, չաստուածներ պաշտելու էր մղել Երուսաղէմի բնակիչներին ու մոլորեցրել Յուդայի երկիրը։ 13Եղիա մարգարէից նրան պատգամագիր եկաւ, ուր ասուած էր. «Այսպէս է ասում քո նախահօր՝ Դաւթի Տէր Աստուածը. «Քանի որ չընթացար քո հօր՝ Յոսափատի ուղիով եւ ոչ էլ Յուդայի երկրի արքայ Ասայի ուղիով, 14այլ ընթացար Իսրայէլի թագաւորի ուղիով, չաստուածներ պաշտելու մղեցիր Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչներին, ինչպէս որ արել էր Աքաաբի տունը, եւ քո հօր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լաւ էին, սպանեցիր, 15դրա համար էլ Տէրը քո ժողովրդի ներկայութեամբ քեզ, քո որդիներին, քո կանանց եւ քո ամբողջ ունեցուածքին մեծ հարուածներ է հասցնելու։ 16Դու ծանր հիւանդութեամբ ու որովայնի ախտով պիտի մաշուես, մինչեւ որ քո ախտահարուած փորոտիքը օրէցօր դուրս թափուի»։ 17Եւ Տէրը Յորամի դէմ հանեց այլազգիներին եւ եթովպացիների հարեւան արաբներին։ 18Նրանք յարձակուեցին Յուդայի երկրի վրայ, կողոպտեցին այն եւ տարան արքայի տան ամբողջ հարստութիւնը, նրա տղաներին ու աղջիկներին, եւ նա զրկուեց իր բոլոր որդիներից, բացի կրտսերագոյն որդուց՝ Օքոզիասից։ 19Դրանից յետոյ Տէրը նրան հարուածեց եւ որովայնի անբուժելի հիւանդութիւն տուեց։ 20Որոշ ժամանակ անց երբ հասաւ նրա վախճանը, ամբողջ երկու օր նրա ախտահարուած փորոտիքը դուրս թափուեց, եւ նա մեռաւ այդ ծանր հիւանդութիւնից։ Ժողովուրդը նրան յուղարկաւորութիւն չարեց, ինչպէս որ արել էր նրա նախնիներին։ 21Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նա մեռաւ առանց դրուատանքի խօսքի։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում, բայց ոչ թագաւորների գերեզմանոցում։
22 Երուսաղէմի բնակիչները Յորամի փոխարէն գահ բարձրացրին նրա կրտսերագոյն որդուն՝ Օքոզիասին, քանզի նրա բոլոր աւագ եղբայրներին սպանել էին նրանց վրայ յարձակուած աւազակախմբերը, արաբները եւ ալիմազոնացիները։ Թագաւոր դարձաւ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը։ 2Օքոզիասը թագաւոր դարձաւ, երբ քսաներկու տարեկան էր։ Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Գոթողիա էր։ Սա Ամրիի դուստրն էր։ 3Օքոզիասն ընթացաւ Աքաաբի տան ճանապարհով, քանզի նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր։ 4Օքոզիասը չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս արել էին Աքաաբի տան մարդիկ, քանի որ հօր մահից յետոյ նրան կործանելու համար նրանք էին դարձել իր խորհրդականները։ 5Նա առաջնորդուեց նրանց խորհուրդներով, Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ Ասորիքի արքայ Ազայէլի դէմ պատերազմելու։ Եւ աղեղնաւորները վիրաւորեցին Յորամին։ 6Յորամը վերադարձաւ Յեզրայէլ, որ բուժուի այն վէրքերից, որ ասորիները պատճառել էին Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքայ Ազայէլի դէմ։ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը եկաւ Յեզրայէլ, որ այցելի Աքաաբի որդի Յովրամին, որը հիւանդ էր։ 7Տիրոջ պատուհասը իջաւ Օքոզիասի գլխին այն ժամանակ, երբ սա գնացել էր Յորամի մօտ։ Մինչ նա գնում էր, յարձակուեց Ամեսսիի որդի, Տիրոջից օծեալ Յէուի վրայ։ 8Երբ Յէուն վրէժ էր լուծում Աքաաբի տնից, տեսաւ, որ Յուդայի իշխանները՝ Օքոզիասի եղբօրորդիները, ծառայում էին Օքոզիասին, ուստի կոտորեց նրանց։ 9Նա հրամայեց փնտռել գտնել Օքոզիասին։ Նրան բռնեցին Սամարիայում, ուր բուժւում էր։ Նրան բերեցին Յէուի մօտ, որն սպանեց նրան։ Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին, թէ նա որդին է Յոսափատի, որն իր ամբողջ սրտով ձգտում էր Տիրոջը։ Եւ Օքոզիասի տան մէջ չգտնուեց մէկը, որ ձեռք առնէր թագաւորական իշխանութիւնը։ 10Օքոզիասի մայրը՝ Գոթողիան, երբ տեսաւ, թէ որդին մեռել է, վեր կացաւ ու կոտորեց Յուդայի տան ամբողջ թագաւորական սերունդը։ 11Արքայադուստր Յոսաբեթը, սակայն, գողացաւ Օքոզիասի որդի Յովասին արքայի կոտորուող որդիների միջից եւ նրան ու նրա դայեակին տեղաւորեց անկողինների սենեակում։ Յոսաբեթը, որը Յորամ արքայի դուստրն էր, Օքոզիասի քոյրը եւ Յովիդայէ քահանայի կինը, նրան թաքցրեց Գոթողիայից, ուստի սա չկարողացաւ սպանել նրան։ 12Նա վեց տարի նրա հետ թաքնուած մնաց Աստծու տանը։ Գոթողիան վեց տարի թագաւորեց երկրում։
23 Եօթներորդ տարում Յովիդայէն զօրացաւ եւ վերցնելով հարիւրապետներին՝ Յորամի որդի Ազարիասին, Յովնանի որդի Իսմայէլին, Յոբադի որդի Ազարիասին, Ադայիայի որդի Մասիասին, Զաքարիայի որդի Եղիսափատին, տարաւ Տիրոջ տունը։ 2Նրանք շրջեցին Յուդայի երկրում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներից հաւաքեցին ղեւտացիներին, Իսրայէլի տոհմերի իշխաններին եւ եկան Երուսաղէմ։ 3Նրանք Յուդայի երկրի բոլոր ժողովականների եւ արքայի հետ ուխտ դրեցին Տիրոջ տանը։ Նա նրանց ցոյց տալով արքայորդուն՝ ասաց. «Ահաւասիկ Յուդայի երկրի արքայորդին. սա՛ պէտք է թագաւորի, ինչպէս Տէրն ասել էր Դաւթի տան մասին։ 4Արդ, պէտք է անէք հետեւեալը. ձեզնից՝ քահանաներիցդ ու ղեւտացիներիցդ նրանք, որ շաբաթ օրուայ պաշտամունք են կատարում, նրանց մէկ երրորդ մասը պէտք է պահպանի դռների մուտքը, 5մէկ երրորդ մասը պէտք է լինի արքայի պալատում, իսկ միւս մէկ երրորդ մասը պէտք է լինի Հիմքի դռան մօտ։ Ամբողջ ժողովուրդը պէտք է լինի Տիրոջ տան գաւթում։ 6Ոչ ոք չպէտք է մտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից, ղեւտացիներից ու սպասաւորութեան կոչուած ղեւտացիներից։ Սրանք միայն պէտք է մտնեն, քանզի սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պէտք է Տիրոջ հրամանները կատարի։ 7Ղեւտացիները, ամէն մէկն իր ձեռքին զէնք ունենալով, պէտք է շրջապատեն արքային։ Ով տուն մտնի, կը սպանուի։ Նրանք պէտք է ուղեկցեն արքային, որտեղ էլ որ նա գտնուի»։ 8Ղեւտացիները եւ Յուդայի երկրի բոլոր բնակիչները ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Յովիդայէ քահանան պատուիրեց. ամէն մէկն ընտրեց իր մարդկանց, թէ՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրուայ իրենց պաշտամունքը եւ թէ՛ նրանց, որ այդ օրը աւարտում էին այն, քանի որ Յովիդայէն ամենօրեայ պահապաններին չէր արձակել։ 9Յովիդայէն նրանց տուեց սուսերներ, վահաններ եւ զէնքեր, որ Դաւիթ արքայինն էին եւ պահւում էին Աստծու տանը։ 10Նա ամբողջ ժողովրդին, ամէն մէկին իր զէնքով կանգնեցրեց տան աջ կողմից մինչեւ զոհասեղանի եւ տաճարի ձախ կողմը, թագաւորի շուրջը։ 11Դուրս բերելով արքայորդուն՝ նա նրա վրայ դրեց թագն ու Վկայութեան գիրը. Յովիդայէն ու իր որդիները նրան թագաւոր դարձրին եւ օծեցին՝ գոչելով. «Կեցցէ՜ արքան»։ 12Երբ Գոթողիան լսեց վազող, արքային փառաբանող ու օրհնող ժողովրդի ձայնը, մտաւ արքայի մօտ՝ Տիրոջ տունը, 13ու տեսաւ, որ թագաւորը իր տեղում է, իսկ զօրապետները, փողհարները եւ իշխանները կանգնած են արքայի շուրջը, ճանապարհի մուտքի մօտ։ Ամբողջ ժողովուրդը զուարճանում էր, փողեր էր հնչեցնում, նուագարաններով երգեր էր երգում, օրհնութիւններ առաքում առ Աստուած։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դաւադրութեամբ խարդախ խաղ խաղացիք»։ 14Յովիդայէ քահանան տեղից բարձրանալով՝ պատուիրեց հարիւրապետներին եւ զօրքի հրամանատարներին՝ ասելով նրանց. «Սրան Աստծու տնից դո՛ւրս հանեցէք, հետեւեցէ՛ք նրան ու սրով սպանեցէ՛ք»։ Քահանան ասաց. «Նա Տիրոջ տան մէջ թող չմեռնի»։ 15Թոյլ տուեցին, որ նա դուրս գնայ, եւ երբ անցաւ արքայի հեծեալների տան դռան կողքով, նրան այնտեղ սպանեցին։ 16Յովիդայէն ուխտ դրեց իր, ժողովրդի ու արքայի միջեւ, որ իրենք Տիրոջ ժողովուրդը կը լինեն։ 17Երկրի ամբողջ ժողովուրդը մտաւ Բահաղի տունը, ջարդուփշուր արեց նրան ու նրա զոհասեղանները, փշրեց նրա կուռքերը, իսկ Բահաղի Մաթան քուրմին սպանեց նրա զոհասեղանի առջեւ։ 18Յովիդայէն Տիրոջ տան գործը յանձնեց քահանաներին ու ղեւտացիներին, վերականգնեց քահանաների ու ղեւտացիների մշտական սպասաւորութիւնը, որ Դաւիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարուելու համար, Տիրոջը ողջակէզներ մատուցեց, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ՝ ուրախութեամբ ու երգերով, ըստ Դաւթի սահմանած կարգի։ 19Պահապաններ կանգնեցին Տիրոջ տան դռների մօտ, եւ ոչ մի անմաքուր մարդ որեւէ կերպ այնտեղ չէր մտնում։ 20Նա կանչեց տոհմերի պետերին, զօրապետներին ու ժողովրդի իշխաններին եւ երկրի ամբողջ ժողովրդին։ Սրանք արքային հանելով Տիրոջ տնից՝ ներքին դռնով մտան թագաւորական տունը եւ արքային նստեցրին թագաւորական գահին։ 21Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացաւ, քաղաքը հանդարտուեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով։
24 Եօթը տարեկան էր Յովասը, երբ թագաւոր դարձաւ։ Նա քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա բերսաբէէցի մօր անունը Աբիա էր։ 2Յովիդայէ քահանայի բոլոր օրերին Յովասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ։ 3Յովասը երկու կին առաւ, որոնք ծնեցին տղաներ ու աղջիկներ։ 4Այնպէս պատահեց, որ Յովասի սիրտը ուզեց Տիրոջ տունը նորոգել։ 5Նա հաւաքեց քահանաներին ու ղեւտացիներին եւ ասաց նրանց. «Ելէք գնացէ՛ք Յուդայի երկրի քաղաքները եւ ամբողջ Իսրայէլից արծա՛թ հաւաքեցէք Տիրոջ տունը տարէցտարի նորոգելու համար։ Շտապեցէ՛ք կատարել»։ Սակայն ղեւտացիները չանսացին նրան։ 6Յովաս արքան կանչեց Յովիդայէ իշխանին եւ ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետեւել, որ ղեւտացիները Յուդայի երկրից ու Երուսաղէմից բերեն այն, ինչ սահմանուած էր Աստծու մարդու՝ Մովսէսի կողմից, երբ սա հաւաքել էր իսրայէլացիներին վկայութեան խորանի մօտ։ 7Չէ՞ որ Գոթողիան անօրէն էր, եւ նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբութիւնները նուիրել Բահաղին»։ 8Արքան ասաց. «Թող մի արկղ պատրաստեն ու դնեն Տիրոջ տան դռան առջեւ, դրսում, 9եւ յայտարարեն Յուդայի երկրում ու Երուսաղէմում, որ արծաթ բերեն Տիրոջը, ինչպէս ասել էր Աստծու ծառայ Մովսէսը անապատում»։ 10Եւ ամէնքը՝ իշխաններն ու ամբողջ ժողովուրդը, արծաթ բերելով, գցեցին արկղի մէջ, մինչեւ որ այն լցուեց։ 11Երբ ղեւտացիները արկղը ներս բերեցին արքայի վերակացուների մօտ, տեսան, որ արծաթը շատ-շատ է հաւաքուել. արքայի քարտուղարը եկաւ ու մեծ քահանայի վերակացուի հետ արկղը դատարկելով՝ տարաւ իր տեղը դրեց։ Այսպէս արեցին ամէն օր։ 12Շատ արծաթ հաւաքուեց։ Արքան ու Յովիդայէ քահանան այն տուեցին նրանց, ովքեր Տիրոջ տան վերակառուցման գործով էին զբաղուած։ Վարձեցին քարհատներ ու հիւսներ, որ նորոգեն Տիրոջ տունը։ Նրանք աշխատում էին, 13եւ գործը նրանց շնորհիւ յաջողութեամբ առաջ էր ընթանում։ Նրանք Տիրոջ տունը իր նախկին հիմնաձեւին բերեցին եւ ամրացրին այն։ 14Երբ աւարտեցին, արքայի ու Յովիդայէի մօտ բերեցին աւելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակէզների համար անօթներ, ոսկէ ու արծաթէ խնկամաններ պատրաստեցին եւ Յովիդայէի օրօք միշտ ողջակէզներ էին մատուցում Տիրոջ տանը։ 15Յովիդայէն հասաւ խոր ծերութեան. նա վախճանուեց հարիւր երեսուն տարեկան հասակում։ 16Երբ վախճանուեց, նրան թաղեցին Դաւթի քաղաքում, թագաւորների մօտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայէլում, Աստծու առաջ եւ նրա տան համար։ 17Յովիդայէի վախճանուելուց յետոյ Յուդայի երկրի իշխանները մտան արքայի մօտ, խոնարհութիւն արեցին նրան, Յովասի միտքը յեղաշրջեցին, եւ արքան լսեց նրանց։ 18Նրանք լքեցին իրենց հայրերի Տէր Աստծուն եւ ծառայեցին կուռքերին ու Աստարտներին։ Այդ ժամանակ Աստծու բարկութիւնն իջաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ, 19եւ նա նրանց մօտ մարգարէներ առաքեց, որ նրանց շուռ տան դէպի Տէրը, սակայն նրանք չլսեցին։ Նա նրանց վկայութիւններ ցոյց տուեց, սակայն նրանք չանսացին։ 20Եւ Աստծու հոգին պատեց Յովիդայէ քահանայի որդի Ազարիասին, որը, մտնելով ամբողջ ժողովրդի մէջ, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Ինչո՞ւ խոտորուեցիք Տիրոջ պատուիրաններից, որ այլեւս յաջողութիւն չունենաք։ Քանի որ դուք լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու»։ 21Յովաս արքայի հրամանով Տիրոջ տան սրահում մարդիկ յարձակուեցին նրա վրայ ու քարկոծեցին նրան։ 22Յովասը չյիշեց այն բարեգթութիւնը, որ նրա հայր Յովիդայէն ցուցաբերել էր իր նկատմամբ, եւ սպանեց նրա որդի Ազարիասին։ Իր մահուան ժամանակ Ազարիասն ասաց. «Տէ՛րը թող տեսնի ու դատի»։ 23Այդ տարուայ վերջին նրա դէմ ելաւ Ասորիքի զօրքը. այդ զօրքը յարձակուեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ, կոտորեց բանակի մէջ եղած ժողովրդի բոլոր իշխաններին եւ նրանց ամբողջ աւարը վերցրեց տարաւ Դամասկոսի արքայի մօտ։ 24Թէեւ Ասորիքի զօրքը սակաւամարդ էր, բայց Աստուած նրանց ձեռքը չափազանց շատ զօրք մատնեց, քանի որ իսրայէլացիները լքել էին իրենց հայրերի Տէր Աստծուն։ Եւ Ասորիքի զօրքը Յովասի նկատմամբ դատաստան տեսաւ։ 25Երբ Ասորիքի զօրքը ծանր հիւանդութիւնների մէջ թողնելով նրան՝ հեռացաւ նրանից, նրա վրայ յարձակուեցին իր ծառաները, որ լուծեն Յովիդայէ քահանայի որդու արեան վրէժը։ Յովասին սպանեցին իր անկողնում, եւ նա մեռաւ։ Նրան թաղեցին Դաւթի քաղաքում, բայց ոչ թագաւորների գերեզմանոցում։ 26Նրա վրայ յարձակուողներն էին ամոնացի Սամեթի որդի Զաբդեան, մովաբացի Սամարիթի որդի Յոսաբեթը։ 27Ինչ վերաբերում է նրա որդիներին, նրա վրայ դրուած հարկերին եւ Աստծու տան նորոգութեանը, ահա դրանք գրուած են թագաւորների գրքի յիշատակարաններում։Նրա որդի Ամասիան թագաւորեց նրա փոխարէն։
25 Քսանհինգ տարեկան էր Ամասիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա երուսաղէմացի մօր անունը Յովադին էր։ 2Ամասիասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, բայց ոչ լիակատար սրտով։ 3Եւ պատահեց, որ երբ թագաւորութիւնն անցաւ իր ձեռքը, նա սպանեց այն պալատականներին, որոնք սպանել էին իր արքայ հօրը։ 4Նա, սակայն, նրանց որդիներին չսպանեց, ինչպէս գրուած է Տիրոջ օրէնքների ուխտի մէջ, եւ ինչպէս պատուիրել է Տէրը՝ ասելով. «Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, եւ որդիները չպէտք է մեռնեն հայրերի փոխարէն, այլ ամէն ոք պէտք է իր մեղքերի համար մեռնի»։ 5Ամասիասը հաւաքեց Յուդայի տան մարդկանց եւ նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարիւրապետներ նշանակեց Յուդայի ամբողջ երկրում ու Երուսաղէմում։ Նա քսան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշուառում կատարեց եւ տեսաւ, որ նրանք պատերազմի ելնելու, նիզակ ու ասպար կրելու ընդունակ երեք հարիւր հազար հոգի են։ 6Բացի այդ, Իսրայէլից նա հարիւր տաղանդ արծաթով հարիւր հազար հզօր մարդ վարձեց։ 7Նրա մօտ Աստծու մի մարդ եկաւ եւ ասաց. «Արքա՛յ, թող Իսրայէլի զօրքերը քեզ հետ չգնան, որովհետեւ Տէրը Իսրայէլի հետ չէ եւ նոյնիսկ Եփրեմի ոչ բոլոր որդիների հետ է։ 8Եթէ դու կարծում ես, թէ այդ զօրքով ես զօրանալու, ապա Տէրը քեզ պարտութեան կը մատնի քո թշնամիների առջեւ, քանզի Տէրն է թէ՛ յաղթանակ պարգեւողը եւ թէ՛ պարտութեան մատնողը»։ 9Ամասիասն ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարիւր տաղանդը, որ տուել եմ Իսրայէլի զօրքի համար»։ Աստծու մարդն ասաց նրան. «Տէրը քեզ դրանից աւելի՛ն կը տայ»։ 10Ամասիասն իր զօրքից բաժանեց այն զօրքը, որ եկել էր իր մօտ Եփրեմից, որպէսզի իր տեղը վերադառնայ։ Սրանք շատ զայրացան Յուդայի երկրի վրայ եւ բարկութեամբ ու ցասումով վերադարձան իրենց տեղը։ 11Ամասիասը հզօրանալով՝ վերցրեց իր զօրքն ու գնաց Աղի հովիտը եւ Սէիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։ 12Տասը հազար էլ Յուդայի երկրի մարդիկ գերի բռնեցին ու տարան քարաժայռի գլուխը, բարձունքի եզրից նրանց գահավէժ անելով՝ բոլորին սպանեցին։ 13Այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիասը յետ էր դարձրել, որ իր հետ պատերազմի չգնան, յարձակուեցին Յուդայի երկրի քաղաքների վրայ Սամարիայից մինչեւ Բեթորոն, երեք հազար հոգու կոտորեցին եւ բազում աւար տարան։ 14Երբ Ամասիասը եդոմայեցիներին ջարդելուց յետոյ վերադարձաւ, իր հետ բերեց Սէիրի որդիների աստուածներին եւ նրանց դարձրեց իր աստուածները, երկրպագեց նրանց, եւ հէնց ինքն էլ նրանց զոհեր էր մատուցում։ 15Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ամասիասի դէմ. Նա նրա մօտ մարգարէներ առաքելով՝ ասաց նրան. «Ինչո՞ւ յարեցիր դու այդ աստուածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»։ 16Երբ նա խօսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թէ քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛յշ եղիր, թէ չէ տանջանքի կ՚ենթարկուես»։ Մարգարէն լռեց եւ ապա ասաց. «Գիտեմ, որ Տէրը որոշել է քեզ կործանել, որովհետեւ դու այս բանն արեցիր եւ չանսացիր իմ խրատներին»։ 17Ամասիասը խորհուրդ արեց եւ Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Ե՛կ, եւ երես առ երես հանդիպենք»։ 18Իսրայէլի արքայ Յովասը Յուդայի երկրի արքայ Ամասիասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրի ծառին՝ ասելով. «Քո դստերը իմ որդուն կնութեա՛ն տուր»։ Եւ ահա անցան Լիբանանի անապատի գազանները եւ կոխոտեցին փուշը»։ 19Այնուհետեւ աւելացրեց. «Դու ահա կոտորեցիր եդոմայեցիներին, եւ քո սիրտը լցուել է սնապարծութեամբ։ Այսուհետեւ տանդ նստի՛ր, ինչո՞ւ ես լցւում չարութեամբ։ Դու կը կոտորուես, եւ Յուդայի երկիրն էլ՝ քեզ հետ»։ 20Ամասիասը չլսեց նրան, քանզի Տէրը որոշել էր նրան մատնել Յովասի ձեռքը այն բանի համար, որ յարել էր եդոմայեցիների աստուածներին։ 21Ելաւ Իսրայէլի արքայ Յովասը, եւ նա ու Յուդայի երկրի արքայ Ամասիասն իրար դէմ ելան Բեթսամիւսում, որը Յուդայի երկրում է գտնւում։ 22Յուդայի երկիրը պարտուեց Իսրայէլից, եւ ամէն մարդ իր վրանը փախաւ։ 23Իսրայէլի արքայ Յովասը Բեթսամիւսում գերի բռնեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասին ու տարաւ Երուսաղէմ։ Նա քանդեց Երուսաղէմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը՝ շուրջ երեք հարիւր կանգուն։ 24Նա տարաւ Աբդեդոմի հսկողութեան տակ գտնուող Տիրոջ տան ամբողջ ոսկին, արծաթն ու սպասքը, նաեւ թագաւորի տան գանձերն ու ապօրինածին մարդկանց եւ վերադարձաւ Սամարիա։ 25Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասը Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի մեռնելուց յետոյ ապրեց տասնհինգ տարի։ 26Ամասիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, չէ՞ որ գրուած են Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում։ 27Այն ժամանակ, երբ Ամասիասը հեռացել էր Տիրոջից, զօրքը Երուսաղէմում ապստամբեց նրա դէմ, եւ նա փախաւ Լաքիս։ Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս։ Եւ այնտեղ սպանեցին նրան։ 28Նրա դիակը դրեցին ձիերի վրայ եւ բերեցին ու թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։
26 Եւ երկրի ամբողջ ժողովուրդը առաւ տասնվեցամեայ Օզիասին եւ թագաւոր դարձրեց նրան իր հայր Ամասիասի փոխարէն։ 2Նա վերակառուցեց Ելաթը եւ այն վերադարձրեց Յուդայի երկրին, երբ արքան արդէն գնացել էր իր նախնիների գիրկը։ 3Օզիասը թագաւոր դարձաւ տասնվեց տարեկան հասակում եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա երուսաղէմացի մօր անունն էր Յեքելիա։ 4Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, ըստ այն ամենի, որ իր հայր Ամասիասն էր արել։ 5Զաքարիա իմաստունի կենդանութեան օրօք Օզիասը Տիրոջ երկիւղով Տիրոջն էր յարել։ Նրա օրերին նա Տիրոջը ձգտեց։ Եւ Տէրը նրան յաջողութիւն պարգեւեց։ 6Նա ելաւ ու պատերազմեց այլազգիների դէմ, քանդեց Գեթի պարիսպը, Յաբիսի պարիսպը, Ազոտի պարիսպը եւ այլազգիների մօտ կառուցեց Ազոտի քաղաքները։ 7Տէրը նրան զօրացրեց այլազգիների, քարայրաբնակ արաբների եւ մինեցիների դէմ։ 8Մինեցիները հարկ էին տալիս Օզիասին, եւ նրա անունը տարածուեց մինչեւ Եգիպտոս, որովհետեւ նա շատ հզօրացաւ։ 9Օզիասը կառուցեց Երուսաղէմի աշտարակները Ձորի դռան ու Անկեան դռան մօտ եւ ամրացրեց դրանք։ 10Նա աշտարակներ կառուցեց անապատում եւ բազում ջրհորներ փորեց, որովհետեւ շատ անասուններ ունէր Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում եւ այգեգործներ՝ լեռներում եւ Կարմելոսում. նա սիրում էր երկրագործութիւնը։ 11Օզիասն ունեցաւ մարզուած զօրք՝ պատրաստ պատերազմելու։ Եւ նրա գնդերը մարտի էին ելնում։ Նրանց թիւը յայտնի էր Յեէլ գրագրին, Մասիաս դատաւորին եւ արքայի փոխանորդ Անանիային։ 12Պատերազմի ժամանակ բոլոր քաջազուն ցեղապետների գնդերում լինում էր երկու հազար վեց հարիւր զինուոր։ 13Նրանց հետ կար երեք հարիւր եօթը հազար հինգ հարիւր հոգուց բաղկացած պատերազմող զօրք։ Սրանք էին, որ մեծ հզօրութեամբ օգնելով արքային՝ պատերազմում էին թշնամիների դէմ։ 14Օզիասը ամբողջ զօրքի համար պատրաստել տուեց վահաններ, նիզակներ, սաղաւարտներ, զրահներ, աղեղներ եւ քարանետ պարսատիկներ։ 15Երուսաղէմում նա մեծ վարպետութեամբ սարքուած մեքենաներ պատրաստել տուեց, որոնք պարիսպների ու անկիւնների վրայ դրուելով՝ նետեր ու հսկայ քարեր էին արձակում։ Նրա ռազմական պատրաստութեան մասին լսեցին հեռաստաններում, որովհետեւ նա իր հզօրութեան համար պարտական էր սքանչելի օգնութեան։ 16Երբ Օզիասը զօրացաւ, այնքան մեծամտացաւ, որ անխուսափելի դարձաւ նրա կործանումը։ Նա անիրաւութիւն գործեց իր Տէր Աստծու դէմ. մտաւ Տիրոջ տաճարը եւ խունկ ծխեց խնկի սեղանի վրայ։ 17Նրա յետեւից մտաւ Ազարիաս քահանան, Ազարիասի հետ Տիրոջ ութսուն քահանաներ՝ հզօր մարդիկ, 18որոնք կանգնելով Օզիաս արքայի դիմաց՝ ասացին նրան. «Օզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրաւունք չունես, այլ՝ միայն Ահարոնի որդի քահանաները, որոնք սրբագործուած են խունկ ծխելու համար։ Ելի՛ր սրբարանից, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դէմ, եւ դրա համար Տէր Աստծու առջեւ դու փառք չես գտնի»։ 19Օզիասը զայրացաւ, եւ երբ, իր ձեռքին ունենալով տաճարում խունկ ծխելու բուրվառը, բարկացաւ քահանաների վրայ, բորոտութիւն երեւաց նրա ճակատին, քահանաների առջեւ, Տիրոջ տանը, խնկի սեղանի մօտ։ 20Առաջին քահանան եւ միւս քահանաները նրա կողմը դարձան եւ տեսան, որ նրա ճակատը բորոտութեամբ է պատած, ուստի նրան անմիջապէս դուրս հանեցին։ Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տէրը պատժել էր նրան։ 21Օզիաս արքան բորոտ մնաց մինչեւ իր վախճանը։ Նա տան մէջ մեկուսացած էր նստում բորոտ վիճակում՝ արտաքսուած Տիրոջ տնից։ Նրա որդի Յովաթամը, դառնալով թագաւորական տան վերակացուն, ղեկավարում էր երկրի ժողովրդին։ 22Օզիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, գրի է առել Ամոսի որդի Եսայի մարգարէն։ 23Օզիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր նախնիների մօտ, թագաւորների գերեզմանների դաշտում, որովհետեւ նա բորոտ էր։ 24Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Յովաթամը։
27 Քսանհինգ տարեկան էր Յովաթամը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յերուա էր. սա Սադոկի դուստրն էր։ 2Յովաթամն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, արեց այն բոլորը, ինչ իր հայր Օզիասն էր արել։ Նա, սակայն, Տիրոջ տաճարը չմտաւ։ Իսկ ժողովուրդը դեռ շարունակում էր մեղքեր գործել։ 3Նա շինեց Տիրոջ տան Վերին դուռը եւ Օփեղի պարսպի վրայ շատ բաներ կառուցեց։ 4Յուդայի երկրի լեռներում ու անտառներում նա կառուցեց քաղաքներ, բնակավայրեր եւ աշտարակներ։ 5Նա կռուեց ամոնացիների արքայի դէմ եւ յաղթեց նրան. ամոնացիները նրան տարեկան հարիւր տաղանդ արծաթ էին տալիս, տասը հազար քոռ ցորեն ու տասը հազար քոռ գարի։ Այս ամէնը Ամոնի արքան բերում էր ամէն տարի՝ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ տարում։ 6Յովաթամը զօրացաւ, որովհետեւ նա ուղիղ էր ընթանում Տիրոջ առաջ նրա ճանապարհներով։ 7Յովաթամի մնացեալ գործերը, նրա պատերազմներն ու մարտերը ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում։ 8Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ 9Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում։Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աքազը։
28 Երբ Աքազը թագաւոր դարձաւ, քսան տարեկան էր։ Նա տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպէս որ արել էր իր նախահայր Դաւիթը։ 2Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհներով. նա կուռքերի քանդակներ պատրաստեց 3եւ Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին կրակի միջով անցկացրեց՝ կատարելով այն հեթանոս ազգերի գարշելի գործերը, որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։ 4Նա խունկ էր ծխում բարձրադիր մեհեաններում, տանիքների վրայ եւ ամէն մի սաղարթաւոր ծառի տակ։ 5Տէրը Աքազ թագաւորին մատնեց Ասորիքի արքայի ձեռքը, որը հարուածեց նրան եւ նրանցից մեծ թուով գերիներ վերցնելով՝ տարաւ Դամասկոս։ Նա նաեւ Իսրայէլի թագաւորի ձեռքը մատնեց նրան, որը մեծամեծ հարուածներ հասցրեց նրան։ 6Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակեէն մի օրում Յուդայի երկրում հարիւր քսան հազար զօրաւոր մարդկանց կոտորեց այն բանի համար, որ նրանք լքել էին իրենց հայրերի Տէր Աստծուն։ 7Եփրեմի սերնդից մի հզօր մարդ՝ Զեքրին, սպանեց արքայի որդի Ամասիասին, նրա տան իշխան Եզրիկամին եւ արքայի փոխանորդ Եղկանային։ 8Իսրայէլացիները Յուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարիւր հազար կին, տղաներ ու աղջիկներ եւ բազում աւար առնելով նրանցից՝ տարան Սամարիա։ 9Այնտեղ կար Տիրոջ մի մարգարէ, որի անունն էր Օդեդ։ Նա դիմաւորելով Սամարիա եկող զօրքը՝ ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տէր Աստծու բարկութիւնն իջաւ Յուդայի երկրի վրայ, եւ Աստուած նրանց ձեր ձեռքը մատնեց. դուք նրանց կոտորեցիք այնպիսի կատաղութեամբ, որը մինչեւ երկինք հասաւ։ 10Արդ, դուք ուզում էք, որ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի մարդիկ ստրուկներ եւ ստրկուհիներ դառնան։ Բայց չէ՞ որ ես, ահա, ձեզ հետ եմ որպէս ձեր Տէր Աստծու վկայ։ 11Հիմա լսեցէ՛ք ինձ եւ ձեր եղբայրներին ազատեցէ՛ք գերութիւնից, թէ չէ Տիրոջ կատաղի բարկութիւնը կ՚իջնի ձեզ վրայ»։ 12Եփրեմի սերնդի իշխանները՝ Յովնանի որդի Ազարիասը, Մոսոքլոմոթի որդի Բարաքիասը, Ելեմի որդի Եզեկիասը եւ Ադլիայի որդի Մաասիասը ելան պատերազմից եկողների դէմ եւ ասացին նրանց. 13«Այդ գերիներին մեզ մօտ մի՛ բերէք, որովհետեւ Տիրոջ դէմ մեզ մեղանչել էք տալիս եւ աւելացնում էք մեր մեղքերն ու անխելքութիւնը։ Բազում են ձեր այդ մեղքերը, եւ Տիրոջ կատաղի զայրոյթը Իսրայէլի վրայ է»։ 14Պատերազմողները ազատ արձակեցին գերիներին եւ վերադարձրին աւարը իշխանների եւ բոլոր ժողովականների առջեւ։ 15Այս գործի համար յականէ յանուանէ նշանակուած մարդիկ վեր կացան եւ խնամեցին գերիներին, բոլոր մերկերին հագցրին աւարի մէջ եղած հագուստներից, տուեցին կօշիկներ, կերցրին, իւղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տուեցին ու տարան Երիքով՝ արմաւենիների քաղաքը, իրենց եղբայրների մօտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։ 16Այդ ժամանակ Աքազը լուր ուղարկեց Ասորեստանի արքային, որ օգնի իրեն, 17քանզի եդոմայեցիները յարձակուել էին Յուդայի երկրի վրայ, հարուածել, գերիներ տարել։ 18Այլազգիները յարձակուել էին Դաշտավայրի քաղաքների վրայ, լիբէացիները եկել էին Յուդայի երկիրը, գրաւել Բեթսամիւսը, Այելոնը, Գադերոթը, Սոկքովն ու նրա գիւղերը, Թամնան ու նրա գիւղերը, Գամեզերն ու նրա գիւղերը եւ բնակուել այնտեղ։ 19Տէրը ընկճել էր Յուդայի երկիրը Յուդայի արքայ Աքազի պատճառով, որը, անհաւատարիմ լինելով, հեռացել էր Տիրոջից։ 20Նրա վրայ յարձակուեց Ասորեստանի արքայ Թագղաթփաղասարը, հարուածեց նրան, 21իսկ Աքազը, առնելով Տիրոջ տանը եւ թագաւորի ու իշխանների տանը եղած ամէն ինչը, յանձնեց Ասորեստանի արքային, որը ոչ միայն չօգնեց իրեն, այլ ինքը եւս նեղեց իրենց։ 22Եւ էլ աւելի հեռանալով Տիրոջից՝ 23արքան ասաց. «Ես պիտի յարեմ Դամասկոսի աստուածներին, որոնք ինձ հարուածեցին»։ Նա նաեւ ասաց. «Քանի որ Ասորեստանի թագաւորի աստուածները զօրաւոր են, այսուհետեւ նրա՛նց զոհեր կը մատուցեմ, եւ նրանք ինձ կ՚օգնեն»։ Սակայն այդ աստուածները նրա ու ամբողջ Իսրայէլի առաջ խոչընդոտներ յարուցեցին։ 24Աքազը Տիրոջ տան սպասքը վերցրեց, կտոր-կտոր արեց, Տիրոջ տան դռները փակեց եւ իր համար զոհասեղաններ դրեց Երուսաղէմի ամէն մի անկիւնում։ 25Յուդայի երկրի բոլոր քաղաքներում բարձրադիր մեհեաններ կառուցեցին, խունկ ծխեցին օտար աստուածների առաջ եւ զայրացրին իրենց հայրերի Տէր Աստծուն։ 26Աքազի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում։ Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, քանզի նրան թագաւորների գերեզմանոցում չթաղեցին։Նրա փոխարէն թագաւորեց Եզեկիասը։
29 Եզեկիասը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ։ Նա քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Աբաութ էր։ Սա Զաքարիայի դուստրն էր։ 2Եզեկիասը արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպէս արել էր իր նախահայր Դաւիթը։ 3Երբ Եզեկիասը հաստատուեց իր թագաւորութեան մէջ, առաջին ամսին նա բացեց Տիրոջ տան դռները եւ նորոգեց դրանք։ 4Նա ներս տարաւ քահանաներին ու ղեւտացիներին եւ կանգնեցրեց արեւելեան կողմը։ 5Նա ասաց նրանց. «Լսեցէ՛ք, ղեւտացինե՛ր, այսուհետեւ պէտք է սրբուէք ու սրբէք ձեր հայրերի Տէր Աստծու տունը, պղծութիւնները պէտք է դուրս հանէք սրբարաններից։ 6Մեր հայրերը անհաւատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջեւ, լքեցին նրան եւ իրենց երեսները շուռ տուեցին Տիրոջ խորանից, 7ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին եւ զոհեր չմատուցեցին Իսրայէլի սուրբ Աստծուն։ 8Տէրը խիստ զայրացաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ եւ նրանց մատնեց յիմարութեան, կորստեան ու խայտառակութեան, ինչպէս դուք տեսնում էք ձեր աչքերով։ 9Եւ ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները եւ կանայք գերութեան մէջ են ոչ իրենց երկրում, ուր գտնւում են այժմ։ 10Եկէ՛ք մենք սրտանց ուխտ դնենք Իսրայէլի Տէր Աստծու հետ, որ նա իր բարկութիւնը վերացնի մեզնից։ 11Արդ, այսուհետեւ անհոգութիւն մի՛ արէք, քանզի Տէրը ձեզ ընտրել է, որ կանգնէք նրա առջեւ, պաշտէք նրան, սպասաւորէք ու խունկ ծխէք»։ 12Ոտքի ելան ղեւտացիները՝ Կահաթի տոհմից Ամասիի որդի Մայէթը, Զաքարիայի որդի Յովէլը, Մերարիի տոհմից Աբդիի որդի Կիսը, Յելէլի որդի Ազարիասը, Զեմաթի որդի Յովան, Յովաքայի որդի Յովադան, 13Եղիսափանի տոհմից Սամարին եւ Էիէլը, Ասափի տոհմից Զաքարիասը եւ Մաաթանիասը, 14Եմանի տոհմից Էիէլը եւ Սեմէին, Իդիթունի տոհմից Սամիասը եւ Օզիէլը։ 15Սրանք հաւաքեցին իրենց եղբայրներին եւ, ըստ թագաւորի պատուիրանի ու Տիրոջ հրամանի, իրենք սրբուեցին, որ սրբեն Տիրոջ տունը։ 16Քահանաները մտան Տիրոջ տունը, որ սրբեն այն, եւ դուրս հանեցին այն ամէն տեսակ աղտեղութիւնները, որ գտան Տիրոջ տանն ու Տիրոջ տան գաւթում։ Ղեւտացիները դուրս հանեցին դրանք եւ առան տարան Կեդրոնի հեղեղատը։ 17Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին մաքրել այն եւ ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը։ Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ տունը եւ առաջին ամսի տասնվեցերորդ օրը աւարտեցին աշխատանքը։ 18Նրանք գնացին Եզեկիաս արքայի մօտ եւ ասացին. «Մաքրեցինք Տիրոջ տան մէջ եղած ամէն ինչ՝ ողջակէզների զոհասեղանն ու նրա սպասքը, առաջաւորութեան սեղանն ու նրա սպասքը 19եւ այն բոլոր անօթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագաւորութեան ու Տիրոջ հանդէպ իր անհաւատարմութեան ժամանակ, կարգի բերել եւ մաքրել ենք. եւ ահա դրանք Տիրոջ զոհասեղանի առջեւ են»։ 20Եզեկիաս արքան առաւօտ կանուխ վեր կացաւ ու հաւաքելով քաղաքի իշխաններին՝ գնաց Տիրոջ տունը։ 21Նա եօթը զուարակ, եօթը խոյ, եօթը գառ եւ եօթը նոխազ զոհեց թագաւորութեան, սրբութիւնների ու Իսրայէլի մեղքերի քաւութեան համար։ Նա ասաց քահանաներին՝ Ահարոնի որդիներին. «Մօտեցէ՛ք Տիրոջ զոհասեղանին եւ մորթեցէ՛ք զուարակները»։ 22Քահանաները վերցրին զոհերի արիւնը եւ ցանեցին զոհասեղանի վրայ, մորթեցին խոյերը եւ արիւնը ցանեցին զոհասեղանի վրայ, մորթեցին գառները եւ արիւնը ցանեցին զոհասեղանի վրայ։ 23Նոխազները մեղքերի քաւութեան համար զոհ մատուցեցին արքայի ու ժողովրդի առջեւ եւ իրենց ձեռքերը դրեցին դրանց վրայ։ 24Քահանաները մորթեցին դրանք եւ արիւնը քաւութեան համար զոհասեղանի վրայ ցանեցին ու քաւութիւն արեցին ամբողջ Իսրայէլի համար, քանզի արքան ասել էր, որ ողջակէզները եւ մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը ամբողջ Իսրայէլի համար անեն։ 25Ղեւտացիներին տեղաւորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տաւիղներով ու քնարներով, ինչպէս պատուիրել էին Դաւիթ արքան, թագաւորի տեսանող Գադն ու Նաթան մարգարէն, քանզի Տիրոջ պատուիրանով հրամանը մարգարէների միջոցով էր տրւում։ 26Ղեւտացիները կանգնեցին Դաւիթ արքայի պատրաստած նուագարաններով, իսկ քահանաները՝ շեփորներով։ 27Եզեկիասը կարգադրեց, որ ողջակէզները դնեն զոհասեղանի վրայ։ Երբ սկսեցին ողջակէզները դնել զոհասեղանի վրայ, սկսեցին օրհներգել Տիրոջը Իսրայէլի Դաւիթ արքայի պատրաստած նուագարաններով ու շեփորներով։ 28Բոլոր հաւաքուածները երկրպագում էին, սաղմոսերգուները երգում էին, շեփորներ հնչեցնում մինչեւ ողջակէզների մատուցման աւարտը։ 29Երբ ողջակէզների մատուցումը վերջացրին, թագաւորը խոնարհուեց, եւ բոլոր քահանաները երկրպագեցին։ 30Եզեկիաս արքան ու իշխանները ղեւտացիներին հրամայեցին, որ Տիրոջը օրհնեն Դաւթի ու Ասափ մարգարէի խօսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախութեամբ եւ երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։ 31Եզեկիաս արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք լի ձեռքերով էք ներկայանում Տիրոջը, այսուհետեւ էլ այդպէս մօտեցէ՛ք եւ ընծաներ բերէ՛ք»։ Եւ հաւաքուածները օրհնութեան նուէրներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով յօժար էին, ողջակէզներ մատուցեցին։ 32Հաւաքուածների մատուցած ողջակէզների թիւը այս էր. եօթանասուն զուարակ, հարիւր խոյ, երկու հարիւր գառ. սրանք բոլորը իբրեւ ողջակէզ մատուցուեցին Տիրոջը։ 33Նուիրաբերուած զուարակները վեց հարիւր էին, ոչխարները՝ երեք հազար։ 34Քահանաները սակաւաթիւ էին, ուստի չէին կարողանում հասցնել մորթել ողջակէզները։ Նրանց օգնում էին իրենց ղեւտացի եղբայրները, մինչեւ որ գործն աւարտուեց, եւ քահանաները մաքրուեցին. ղեւտացիներն աւելի տրամադիր էին մաքրուելու, քան քահանաները։ 35Խաղաղութեան ու փրկութեան ողջակէզների հետ մէկտեղ, որոնք առատ էին ճարպերով, կային նաեւ ոչ կենդանական նուիրաբերումներ։ Այսպիսով Տիրոջ տանը կարգի դրուեց սպասաւորութեան գործը։ 36Եզեկիասն ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստուած սպասաւորութեան գործը կարգի էր բերել ժողովրդի համար. եւ այդ գործը երկար ժամանակ չխլեց։
30 Եզեկիասն ամբողջ Իսրայէլ ու Յուդայի երկիր մարդ ուղարկեց, նամակ գրեց Եփրեմի ու Մանասէի երկրների բնակիչներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղէմ՝ Իսրայէլի Աստծու զատիկը կատարելու։ 2Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնւում էին Երուսաղէմում, որոշեցին զատիկը տօնել երկրորդ ամսին, 3որովհետեւ չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բաւական թուով քահանաներ դեռ չէին մաքրուել, եւ ժողովուրդը չէր հաւաքուել Երուսաղէմում։ 4Սա ընդունելի թուաց արքային ու հաւաքուածներին, 5եւ նրանք որոշեցին, որ ամբողջ Իսրայէլ լուր ուղարկեն, Բերսաբէէից մինչեւ Դան, որպէսզի գան եւ Իսրայէլի Տէր Աստծու զատիկը տօնեն Երուսաղէմում, քանզի քիչ մարդ էր հաւաքուել, հակառակ Գրուածքի թելադրանքին։ 6Սուրհանդակները, ըստ թագաւորի հրամանի, թագաւորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայէլի ու Յուդայի բնակիչների մօտ եւ ասացին իսրայէլացիներին. «Դարձէ՛ք դէպի Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Տէր Աստուածը, որ նա էլ դառնայ դէպի փրկուածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատուածներդ։ 7Մի՛ նմանուէք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին իրենց հայրերի Տէր Աստծու դէմ, եւ նա նրանց կործանման մատնեց, ինչպէս դուք տեսնում էք։ 8Արդ, կամակորութիւն մի՛ արէք, փա՛ռք տուէք Աստծուն, մտէ՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է յաւիտեան, ծառայեցէ՛ք ձեր Տէր Աստծուն, որ նա ձեր վրայից վերացնի իր սաստիկ բարկութիւնը։ 9Եթէ դառնաք դէպի Տէրը, ձեր եղբայրներն ու որդիները գթութիւն կը գտնեն իրենց գերեվարողների մօտ, եւ Նա նրանց կը վերադարձնի այս երկիրը։ Մեր Տէր Աստուածը ողորմած ու գթառատ է եւ մեզնից երես չի թեքի, եթէ մեր երեսն ուղղենք դէպի Նա»։ 10Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասէի լեռները մինչեւ Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։ 11Ասերի, Մանասէի եւ Զաբուղոնի բնակիչները, սակայն, խոնարհ գտնուեցին եւ եկան Երուսաղէմ ու Յուդայի երկիրը։ 12Տիրոջ ձեռքը նրանց միասիրտ դարձրեց, որ նրանք գան ու կատարեն արքայի ու իշխանների հրամանը, ինչպէս ասել էր Տէրը։ 13Երուսաղէմում մեծ բազմութիւն հաւաքուեց՝ չափազանց շատ ժողովականներ, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տօնը։ 14Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղէմում եւ բոլոր վայրերում, ուր խունկ էին ծխում սուտ աստուածներին, եւ դրանք կործանելով գցեցին Կեդրոնի հեղեղատը։ 15Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղեւտացիները, ամաչելով, մաքրուեցին եւ ողջակէզները տարան ներս՝ Տիրոջ տունը։ 16Նրանցից իւրաքանչիւրը, ըստ իրենց Օրէնքի, կանգնեց իր տեղում, ինչպէս պատուիրել էր Աստծու մարդ Մովսէսը, եւ քահանաները զոհի արիւնն ընդունում էին ղեւտացիների ձեռքից։ 17Քանի որ հաւաքուածներից շատերը դեռ չէին մաքրուած, ուստի ղեւտացիները զատկի զոհեր էին մորթում նաեւ նրանց համար, ովքեր Տիրոջ համար դեռ չէին մաքրուած։ 18Քանի որ Եփրեմի, Մանասէի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը չէին մաքրուած, ուստի նրանք զատիկը կերան, հակառակ Գրուածքի թելադրանքին։ Եզեկիասը նրանց համար աղօթելով՝ ասաց. 19«Բարերա՛ր Տէր, ողորմի՛ր բոլոր ուղիղ սիրտ ունեցողներին, որոնք քեզ՝ իրենց հայրերի Տէր Աստծուն են յարում, թէեւ, ըստ սրբարանի մաքրութեան, մաքրուած չեն»։ 20Տէրը լսեց Եզեկիասին ու բուժեց ժողովրդին։ 21Երուսաղէմում գտնուող իսրայէլացիները Բաղարջակերաց տօնը եօթը օր տօնեցին մեծ ուրախութեամբ՝ ամէն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղեւտացիները նուագակցում էին Տիրոջ փառաբանութեանը յատկացուած նուագարաններով։ 22Եզեկիասը համոզեց բոլոր ղեւտացիներին եւ միւս իմաստուններին, որոնց ծանօթ էր Տիրոջ բարի հանճարը, եւ նրանք եօթը օր կատարեցին Բաղարջակերաց տօնը՝ փրկութեան զոհեր մատուցելով ու իրենց հայրերի Տէր Աստծուն գովաբանելով։ 23Եւ հաւաքուածները միահամուռ առաջարկեցին եօթը օր եւս տօն կատարել. եւ եօթը օր եւս ուրախութիւն արեցին։ 24Եզեկիասը Յուդայի երկրից հաւաքուածներին տուել էր հազար զուարակ ու եօթը հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տուեցին հազար զուարակ եւ տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրուեցին, 25եւ բոլոր ժողովականները՝ քահանաներն ու ղեւտացիները, ինչպէս նաեւ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ նրանք, որ Իսրայէլից էին կամ Իսրայէլի երկրից էին եկել ու Յուդայի երկրում էին բնակւում, ուրախացան։ 26Երուսաղէմում մեծ ուրախութիւն եղաւ. Իսրայէլի արքայ Դաւթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տօն չէր եղել Երուսաղէմում։ 27Ոտքի ելան քահանաներն ու ղեւտացիները եւ օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի դարձաւ, ու նրանց աղօթքը հասաւ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։
31 Երբ այս ամէնն աւարտուեց, ոտքի ելան Յուդայի երկրի քաղաքներում գտնուող բոլոր իսրայէլացիները, ամբողջ Հրէաստանում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասէի երկրներում իսպառ փշրեցին արձանները, կոտորեցին կուռքերը, կործանեցին բարձրադիր մեհեաններն ու բագինները։ Եւ բոլոր իսրայէլացիներից իւրաքանչիւրը վերադարձաւ իր կալուածքը եւ իր քաղաքը։ 2Եզեկիասը քահանաների ու ղեւտացիների դասին նշանակեց հանապազօրեայ սպասաւորութեան, քահանայ լինեն թէ ղեւտացի, ամէն մէկին ըստ իր պաշտօնի, որպէսզի ողջակէզներ ու փրկութեան զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գովաբանեն եւ ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մօտ։ 3Թագաւորն իր ունեցուածքից բաժին հանեց առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզների, շաբաթ օրերի, ամսամուտների եւ տօների ողջակէզների համար, ինչպէս գրուած է Տիրոջ Օրէնքում։ 4Նա Երուսաղէմում բնակուող ժողովրդին կարգադրեց, որ բաժին տան քահանաներին ու ղեւտացիներին, որպէսզի սրանք կարողանան կատարել Տիրոջ տան ծառայութիւնը։ 5Երբ այս բանը հրամայեց, իսրայէլացիները առատօրէն բերեցին ցորենի, գինու, ձէթի, մեղրի եւ դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը։ Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները առատօրէն բերեցին նաեւ ամէն ինչի տասանորդը։ 6Յուդայի երկրի քաղաքներում բնակուողները նոյնպէս բերեցին զուարակների ու ոչխարների տասանորդները, բերեցին եւ դարսեցին կոյտ-կոյտ։ 7Կոյտերն սկսեցին դիզուել երրորդ ամսին եւ աւարտի հասան եօթներորդ ամսին։ 8Եզեկիասն ու իշխանները եկան տեսան կոյտերը եւ օրհնեցին Տիրոջն ու նրա իսրայէլացի ժողովրդին։ 9Եզեկիասը քահանաներին ու ղեւտացիներին հարցրեց կոյտերի մասին, 10եւ Ազարիաս քահանան՝ Սադոկի տան իշխանը, ասաց նրան. «Այն բանից յետոյ, երբ սկսեցին նուէրներ բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու խմեցինք եւ թողեցինք այդ մնացորդները, քանզի ամենակալ Տէրն օրհնեց իր այդ ժողովրդին, եւ ահա այսքան շատ էլ աւելացել է»։ 11Եզեկիասն ասաց. «Ուրիշ շտեմարաններ եւս պատրաստեցէ՛ք Տիրոջ տանը»։ 12Պատրաստեցին եւ այնտեղ հաւատարմութեամբ բերեցին նուէրներն ու տասանորդները։ Դրանց վերակացուն ղեւտացի Քոքենիասն էր, իսկ նրա եղբայր Սեմէին իր փոխանորդն էր։ 13Յեիէլը, Օզիասը, Նաթանը, Ասայէլը, Յերիմոթը, Յոզաբադը, Ելիէլը, Սամաքիան, Մաաթը, Բանեասն ու նրա որդիները օգնում էին Քոքենիասին ու նրա եղբայր Սեմէիին, ինչպէս հրամայել էր Եզեկիաս արքան։ 14Ազարիասը Տիրոջ տան ղեկավարն էր, ղեւտացի Յեմնայի որդի Կորէն արեւելեան կողմի դռան պահապանն էր, Տիրոջը մատուցուող նուէրների եւ ամենասուրբ իրերի վերակացուն, 15որին հաւատարմօրէն օգնում էին Օդոմը, Բենիամինը, Յեսուն, Սեմէին, Մարիսը, Սեքինիան ու քահանաները։ Նրանք, ըստ ամենօրեայ սպասաւորութեան, ըստ մեծի ու փոքրի, դրանք պիտի բաժանէին իրենց եղբայրներին, 16նաեւ երեք տարեկանից բարձր տարիք ունեցող արական սեռի մարդկանց, ամէն մէկին, ով ամէն օր մտնում էր Տիրոջ տունը՝ ըստ իր կարգի ամենօրեայ սպասաւորութիւն կատարելու։ 17Քահանաները հաշուառուած էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող ղեւտացիները արձանագրուած էին ըստ իրենց ամենօրայ պաշտօնի։ 18Սրանք արձանագրուած էին իրենց նոր ծնուած տղաներով եւ աղջիկներով ու ամբողջ բազմութեամբ, քանի որ սրանք հաւատարմօրէն սրբագործեցին սրբազան վայրը։ 19Ահարոնի քահանայ դարձած որդիներին օգնելու համար ամէն մի քաղաքում յականէ յանուանէ նշանակուեցին մարդիկ, որոնք բաժին պէտք է հանէին արական սեռի բոլոր քահանաներին ու ղեւտացիների ցուցակի մէջ մտած մարդկանց։ 20Եզեկիասն այսպէս արեց ամբողջ Յուդայի երկրում. նա Տիրոջ առաջ բարի եւ ուղիղ գործ կատարեց։ 21Ամէն մի գործ, որին ձեռնարկեց թէ՛ Տիրոջ տանը ծառայելիս, թէ՛ Տիրոջ օրէնքն ու պատուիրանը կատարելիս, իր ամբողջ սրտով յարեց Աստծուն, կատարեց եւ յաջողութիւն ունեցաւ։
32 Այս բաներից եւ հաւատարմութեամբ արուած գործերից յետոյ Ասորեստանի արքայ Սենեքերիմը յարձակուեց Յուդայի երկրի վրայ եւ բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների շուրջը։ Նա ասում էր, որ կը գրաւի դրանք։ 2Եզեկիասը տեսնելով, որ Սենեքերիմը իր դէմ է եկել պատերազմելու Երուսաղէմի դիմաց, 3խորհրդակցեց ծերերի ու զինուորականների հետ քաղաքից դուրս գտնուող աղբիւրների ջրերը փակելու մասին։ Եւ փակեցին դրանք։ 4Նա մեծ թուով մարդկանց հաւաքեց, որոնք փակեցին աղբիւրների ջրերն ու գետի ճանապարհը, որ բաժանում էր քաղաքը՝ նրա միջով անցնելով։ Նրանք ասացին. «Չլինի, թէ Ասորեստանի արքան, գալով, առատ ջուր գտնի եւ հզօրանայ»։ 5Եզեկիասը զօրացաւ եւ վերաշինեց բոլոր կործանուած պարիսպներն ու աշտարակները, ինչպէս նաեւ կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դաւթի քաղաքի պատնէշները եւ շատ զէնք կուտակեց։ 6Նա զօրքերի վրայ հրամանատարներ նշանակեց, որոնք հաւաքուեցին նրա մօտ Ձորի հրապարակում։ Նա սրտապնդեց նրանց՝ ասելով. 7«Զօրացէ՛ք ու քա՛ջ եղէք, մի՛ վախեցէք Ասորեստանի թագաւորից եւ այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետեւ մեզ հետ եղածներն աւելի շատ են, քան նրանց հետ եղածները։ 8Նրանք ունեն մարմնաւոր բազուկներ, իսկ մեզ հետ է մեր Տէր Աստուածը, որ մեզ կը փրկի ու մեր պատերազմը ինքը կը մղի»։ Եւ ժողովուրդը քաջալերուեց Յուդայի երկրի արքայ Եզեկիասի խօսքերից։ 9Դրանից յետոյ Ասորեստանի արքայ Սենեքերիմը իր զօրապետներին ուղարկեց Երուսաղէմ, իսկ ինքը իր ամբողջ զօրքով մնաց Լաքիսում։ Նա լուր ուղարկեց Յուդայի երկրի արքայ Եզեկիասին, որ Երուսաղէմում էր։ Նա երուսաղէմացիներին դիմելով՝ ասում էր. 10«Այսպէս է ասում Ասորեստանի արքայ Սենեքերիմը. «Ո՞ւմ ապաւինելով էք դուք նստել Երուսաղէմի ամրոցում։ 11Չէ՞ որ Եզեկիասը ձեզ խաբում է, որ ձեզ մատնի մահուան, սովի ու ծարաւի՝ ասելով. «Ձեր Տէր Աստուածը կը փրկի ձեզ Ասորեստանի արքայի ձեռքից»։ 12Դա այն Եզեկիասը չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, բարձրադիր մեհեանները եւ ասաց Յուդայի՝ Երուսաղէմի բնակիչներին. «Միայն այս զոհասեղանի առջեւ պէտք է երկրպագէք եւ այս զոհասեղանի վրայ պիտի զոհ մատուցէք»։ 13Դուք չգիտէ՞ք, թէ ինչ ենք արել ես եւ իմ հայրերը բոլոր ժողովուրդներին ու երկրներին։ Մի՞թէ բոլոր այդ երկրների ազգերի աստուածները կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից։ 14Այս ազգերի բոլոր աստուածներից ո՞ր մէկին իմ հայրերը չկործանեցին, մի՞թէ կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից, եւ ինչպէ՞ս կարող է ձեր Աստուածը ձեզ իմ ձեռքից փրկել։ 15Արդ, Եզեկիասը թող ձեզ չխաբի, թող ձեզ չյուսադրի։ Մի՛ հաւատացէք նրան, քանզի բոլոր ազգերի ու թագաւորութիւնների աստուածները չկարողացան իրենց ժողովուրդներին փրկել իմ եւ իմ նախնիների ձեռքից. ձեր Աստուածն էլ ձեզ չի փրկի իմ ձեռքից»։ 16Եւ դեռ աւելին խօսեցին նրա ծառաները Տէր Աստծու եւ նրա ծառայ Եզեկիասի մասին։ 17Սենեքերիմը նամակ էր գրել, ուր հայհոյում էր Իսրայէլի Տէր Աստծուն եւ որի մասին ասում էր. «Երկրի ուրիշ ազգերի աստուածները իրենց ժողովուրդներին չփրկեցին իմ ձեռքից, նոյնպէս եւ Եզեկիասի Աստուածը իր ժողովրդին չի փրկի իմ ձեռքից»։ 18Եւ Սենեքերիմի զօրապետները եբրայերէն բարձրաձայն դիմեցին Երուսաղէմի պարսպի վրայ եղած ժողովրդին, որ օգնեն իրենց՝ քանդեն պարիսպը, որպէսզի իրենք շուտափոյթ գրաւեն քաղաքը։ 19Նա խօսեց Երուսաղէմի Աստծու մասին այնպէս, ինչպէս կը խօսեն երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտուած աստուածների մասին։ 20Եզեկիաս արքան եւ Ամոսի որդի Եսայիաս մարգարէն աղօթք արեցին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք։ 21Տէրը հրեշտակ ուղարկեց եւ բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնուող բոլոր զօրաւոր մարդկանց եւ պատերազմիկներին, իշխաններին ու զօրագլուխներին։ Սենեքերիմը ամօթապարտ վերադարձաւ իր երկիրը, գնաց իր աստուածների տունը, եւ իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին իրեն։ 22Տէրը Եզեկիասին ու Երուսաղէմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից, եւ նրանց երկրի բոլոր վայրերում խաղաղութիւն տիրեց։ 23Շատերը Տիրոջը զոհեր էին բերում Երուսաղէմ եւ ընծաներ՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիասին։ Եզեկիասը բարձրացաւ բոլոր ազգերի աչքին։ 24Դրանից յետոյ այդ օրերին Եզեկիասը մերձիմահ հիւանդացաւ։ Նա աղօթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցոյց տուեց, 25բայց Եզեկիասն իր նկատմամբ ցոյց տրուած բարերարութեան համեմատ չհատուցեց, այլ մեծամտացաւ, ուստի բարկութիւն իջաւ նրա, Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ։ 26Եզեկիասը հրաժարուեց իր մեծամտութիւնից, նոյնպէս եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այլեւս Եզեկիասի թագաւորութեան օրօք Տիրոջ բարկութիւնը չիջաւ նրանց վրայ։ 27Եզեկիասը շատ մեծ հարստութեան եւ փառքի տիրացաւ։ Նա իր համար ոսկու, արծաթի եւ թանկարժէք քարերի գանձարաններ ստեղծեց, նաեւ հաւաքեց մեծ քանակութեամբ խունկ, զէնք, թանկարժէք անօթներ։ 28Նա կառուցել տուեց ցորենի, գինու եւ ձէթի շտեմարաններ, գիւղեր, ամէն տեսակ անասունների ախոռներ, հօտերի համար գոմեր, 29իր համար քաղաքներ։ Նա մեծ թուով ոչխարներ ու արջառներ ունեցաւ, որովհետեւ Տէրը նրան չափազանց շատ հարստութիւն էր տուել։ 30Նոյն այս Եզեկիասը փակեց Վերին Գեհոնի ջրի ընթացքը եւ այն ուղղեց ցած՝ դէպի Դաւթի քաղաքի արեւմտեան կողմը։ Եզեկիասի բոլոր գործերը յաջողութիւն ունեցան։ 31Երբ Բաբելոնից իշխաններ եւ դեսպաններ ուղարկեցին նրա մօտ՝ հարցնելու նրան իր մասին եւ իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տէրը ազատ թողեց նրան՝ փորձելու եւ գիտենալու համար, թէ ի՞նչ կայ նրա սրտում։ 32Եզեկիասի մնացած գործերը եւ նրա բարեպաշտութիւնը ահա գրի են առնուած Ամոս մարգարէի որդի Եսայիասի մարգարէութեան մէջ եւ Յուդայի երկրի ու Իսրայէլի թագաւորների գրքում։ 33Եզեկիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին մի բարձր տեղ, Դաւթի յետնորդների գերեզմանների վերին մասում։ Նրա մահուան առթիւ նրանց փառք ու պատիւ տուեցին ամբողջ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչները։Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Մանասէն։
33 Մանասէն տասներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ յիսունհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 2Նա չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանութեամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց բնաջնջել էր Տէրը իսրայէլացիների աչքի առաջ։ 3Նա վերականգնեց այն բարձրադիր մեհեանները, որ իր հայրը՝ Եզեկիասը քանդել էր, Բահաղիմի արձաններ կանգնեցրեց եւ կուռքեր շինել տուեց։ Նա երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու ծառայեց նրանց։ 4Նա զոհասեղան պատրաստեց Տիրոջ տան մէջ, որի մասին Տէրն ասել էր. «Իմ անունը Երուսաղէմում յաւիտեան պիտի լինի»։ 5Նա այստեղ՝ Տիրոջ տան երկու գաւիթներում, զոհասեղան շինեց երկնքի բոլոր զօրութիւնների համար։ 6Նա ինքն իր ձեռքով որդիներին անցկացրեց կրակի միջով Բեննոմի երկրում եւ հմայութիւն, գուշակութիւն ու դիւթութիւն էր անում։ Նա ունէր վհուկներ ու կախարդներ։ Նա շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջեւ՝ նրան բարկացնելու աստիճան։ 7Նա ձուլածոյ քանդակուած պատկեր դրեց Տիրոջ տան մէջ, որի մասին Աստուած ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տան մէջ եւ Երուսաղէմում, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան 8եւ Իսրայէլի ոտքը չեմ կտրելու այս երկրից, որը նրանց հայրերին տուեցի, միայն թէ պահեն այն ամէնը, որ պատուիրել եմ նրանց, ըստ Մովսէսի միջոցով տրուած բոլոր օրէնքների, պատուիրանների ու կանոնների»։ 9Բայց Մանասէն մոլորեցրեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչներին, որ չարիք գործեն առաւել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տէրը իսրայէլացիների առաջից։ 10Տէրը խօսեց Մանասէի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին։ 11Տէրը նրա դէմ հանեց Ասորեստանի արքայի զօրքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասէին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։ 12Երբ նա նեղութեան մէջ ընկաւ, փնտռեց իր Տէր Աստծու ներկայութիւնը եւ խիստ նուաստացաւ իր նախնիների Աստծու առջեւ։ 13Նա աղօթեց Աստծուն. Աստուած լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղէմ, իր թագաւորութեանը։ Եւ Մանասէն իմացաւ, թէ Տէրը Աստուած է։ 14Դրանից յետոյ նա Դաւթի քաղաքի արտաքին պարիսպը շինեց արեւմուտքից դէպի հարաւակողմ, հեղեղատի միջով, դռան մուտքի մօտ, Օփէլի շուրջը. նա շատ բարձրացրեց այն։ Նա զօրքի հրամանատարներ նշանակեց Յուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում։ 15Նա Տիրոջ տնից վերացրեց օտար աստուածներին ու քանդակուած կուռքերը, նաեւ այն զոհասեղանները, որ պատրաստել էր Տիրոջ տան բարձունքի վրայ, Երուսաղէմում։ Նա հրամայեց դրանք թափել քաղաքից դուրս։ 16Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը եւ նրա վրայ փրկութեան ու օրհնութեան զոհեր մատուցեց։ Նա պատուիրեց Յուդայի երկրի բնակիչներին, որ պաշտեն Իսրայէլի Տէր Աստծուն։ 17Ժողովուրդը, սակայն, տակաւին յաճախում էր բարձրադիր մեհեաները եւ զոհեր մատուցում, միայն թէ՝ իր Տէր Աստծուն։ 18Մանասէի մնացած գործերն ու նրա աղօթքը Աստծուն, տեսանողների խօսքերը, որ ասել էին նրան յանուն Իսրայէլի Տէր Աստծու, 19նրա աղօթքների խօսքերի մէջ են, այն աղօթքների, որոնցով նա լսեց Նրան. նրա բոլոր մեղքերն ու նրա անհաւատարմութիւնը Տիրոջ հանդէպ, այն բարձրադիր տեղերը, ուր մեհեաններ շինեց, կուռքեր ու քանդակուած պատկերներ պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնուած տեսանողների գրքերում։ 20Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր տան պարտէզում։ 21Մանասէի փոխարէն թագաւորեց իր որդի Ամոսը։ Ամոսը քսաներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ 22Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպէս արել էր իր հայրը՝ Մանասէն. իր հօր պատրաստած բոլոր կուռքերին Ամոսը զոհեր մատուցեց եւ պաշտեց դրանք։ 23Նա դարձի չեկաւ Տիրոջ առջեւ, ինչպէս դարձի էր եկել իր հայրը՝ Մանասէն, այլ նրա որդին՝ Ամոսը, իր հօր գործած մեղքերի վրայ մեղք աւելացրեց։ 24Նրա դէմ ելան իր պալատականները ու նրան սպանեցին իր տան մէջ։ 25Իսկ երկրի ժողովուրդը սպանեց նրանց, որոնք յարձակուել էին թագաւորի վրայ։Եւ երկրի ժողովուրդը նրա փոխարէն գահ բարձրացրեց նրա որդուն՝ Յոսիասին։
34 Յոսիասը ութ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ երեսունմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 2Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ. գնաց իր նախնի Դաւթի ճանապարհներով՝ չխոտորուելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։ 3Իր թագաւորութեան ութերորդ տարում, երբ Յոսիասը տակաւին երիտասարդ էր, սկսեց յարել իր նախնի Դաւթի Տէր Աստծուն, իսկ իր թագաւորութեան տասներկուերորդ տարում սկսեց մաքրել Յուդայի երկիրն ու Երուսաղէմը բարձրադիր մեհեաններից, կուռքերից, ձուլածոյ աստուածներից։ 4Նա իր իսկ ներկայութեամբ կործանել տուեց Բահաղիմի զոհասեղանները եւ սրանց վերեւի մասում գտնուող բարձրադիր պաշտամունքի տեղերը։ Նա ջարդուփշուր արեց կուռքերը, քանդակուած ու ձուլածոյ աստուածները, փշրեց, փոշիացրեց դրանք եւ շպրտեց դրանց զոհ մատուցողների շիրիմների վրայ։ 5Նա զոհասեղանների վրայ վառեց քրմերի ոսկորները եւ մաքրեց Յուդայի երկիրը, Երուսաղէմը, 6Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի, Նեփթաղիմի քաղաքներն ու դրանց շրջակայ վայրերը։ 7Նա վերացրեց կուռքերը, բագիններն ու աստուածների արձանները փշրեց, մանրեց եւ բոլոր բարձրադիր մեհեանները վերացնելով ամբողջ Իսրայէլի երկրից՝ վերադարձաւ Երուսաղէմ։ 8Իր թագաւորութեան տասնութերորդ տարում, երբ վերջացրել էր երկիրն ու թագաւորական տունը մաքրելը, Սելիի որդի Սափանին, քաղաքի իշխան Մասիասին ու Յովաքազի որդի Յոսիասին՝ իր դիւանապետին ուղարկեց, որ նորոգեն իր Տէր Աստծու տունը։ 9Սրանք եկան մեծ քահանայ Քեղկիասի մօտ, եւ նա տուեց Տիրոջ տուն բերուած արծաթ դրամը, որը դռան ղեւտացի պահապանները հաւաքել էին Մանասէի, Եփրեմի երկրներից, իշխաններից եւ Իսրայէլի մնացած բոլոր վայրերից, Յուդայի, Բենիամինի երկրների եւ Երուսաղէմի բնակիչներից։ 10Նրանք այն տուեցին գործաւորներին, որոնք մնում էին Տիրոջ տանը այն նորոգելու եւ ամրացնելու համար։ 11Նրանք արծաթը տուեցին հիւսներին եւ շինարարներին, որ խոշոր քառանկիւն քարեր ու փայտէ գերաններ գնեն, ծածկեն այն շենքերը, որ Յուդայի երկրի թագաւորներն էին քանդել։ 12Այդ մարդիկ հաւատարմօրէն կատարեցին գործը, եւ նրանց վերակացուները՝ Մերարիի որդիներից ղեւտացիներ Յէթն ու Աբդիասը, Կահաթի որդիներից Զաքարիասն ու Մեսոլամը եւ ամէն մի ղեւտացի, որ գիտակ էր նուագարանների ընկերակցութեամբ երգեր կատարելու, հսկում էին։ 13Վերակացուներ կային բեռնակիրների, ամէն տեսակ գործեր կատարողների ու աշխատանքի ղեկավարների վրայ։ Քարտուղարները, դատաւորներն ու դռների պահապանները ղեւտացիներից էին։ 14Երբ Տիրոջ տուն մտնելով հանում էին արծաթը, Քեղկիաս քահանան գտաւ Տիրոջ Օրէնքի գիրքը, որը գրուած էր Մովսէսի ձեռքով։ 15Քեղկիասը յայտնեց Սափան քարտուղարին. «Օրէնքի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ 16Քեղկիասը Օրէնքի գիրքը տուեց Սափանին։ Սափանը արքային յանձնեց այդ գիրքը, ինչպէս նաեւ ներկայացրեց գործ անող բանուորներին տրուած արծաթի հաշիւը։ 17Ձուլեցին Տիրոջ տանը գտնուած արծաթը եւ այն տուեցին վերակացուներին ու նրանց, որոնք գործ էին անում։ 18Սափան քարտուղարը պատմեց արքային՝ ասելով. «Քեղկիաս քահանան ինձ տուեց Օրէնքի գիրքը»։ 19Եւ Սափանն այն ընթերցեց թագաւորի առջեւ։ Երբ արքան լսեց Օրէնքի գրքի խօսքերը, պատառոտեց իր պատմուճանը։ 20Արքան պատուիրեց Քեղկիասին, Սափանի որդի Աքիկամին, Միքեասի որդի Աբդիին, Սափան քարտուղարին եւ արքայի ծառայ Ասայիային՝ ասելով. 21«Գնացէք հարցրէ՛ք Տիրոջը ինձ համար եւ Իսրայէլում ու Յուդայի երկրում մնացած բոլորի համար, թէ ինչ են գրել այդ գտնուած գրքում, քանզի մեր նախնիների Տիրոջ խօսքերին չանսալու՝ այս գրքի մէջ գրուած ամէն ինչ չկատարելու պատճառով է Տիրոջ բարկութիւնը բորբոքուած մեզ վրայ»։ 22Քեղկիասը եւ նրանք, որոնց հետ խօսել էր արքան, գնացին Օղդան մարգարէուհու՝ Եսերի որդի Թակուաթի որդի Սելեմի կնոջ մօտ, որը պահում էր պատուիրանները եւ ապրում էր Երուսաղէմում՝ Մասենայում, եւ նրան պատմեցին վերեւում ասուած խօսքերը։ 23Նա ասաց նրանց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ասացէ՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մօտ է ուղարկել, 24թէ այսպէս է ասում Տէրը. «Ահա ես այդ տեղի վրայ չարիք պիտի բերեմ, այսինքն՝ պիտի կատարուեն այն խօսքերը, որ գրուած են այդ գրքում, եւ ընթերցել են Յուդայի երկրի արքայի առջեւ. 25քանի որ ինձ լքելով զոհեր մատուցեցին օտար աստուածներին, որպէսզի ինձ բարկացնեն իրենց ձեռքի գործերով, իմ բորբոքուած բարկութիւնն է իջնելու այդ տեղի վրայ եւ չի հանդարտուելու»։ 26Իսկ Տիրոջը փնտռելու համար ձեզ ուղարկած Յուդայի երկրի թագաւորին այսպէ՛ս ասացէք. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. 27՚Քո լսած խօսքերը պատկառանքով լցրեցին քո սիրտը, եւ դու խոնարհուեցիր իմ առջեւ՝ լսելու համար իմ խօսքերը այդ տեղի ու նրա բնակիչների մասին։ Դու խոնարհուեցիր իմ առջեւ, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, ուստի ես եւս լսեցի քեզ, - ասում է Տէրը։ 28Ահա ես քեզ քո նախնիների մօտ պիտի տանեմ, քեզ քո շիրիմի մէջ պիտի դնեմ խաղաղութեամբ, եւ քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների գլխին» «»։ Այս խօսքերը հաղորդեցին թագաւորին։ 29Արքան մարդ ուղարկեց ու հաւաքեց Յուդայի երկրի եւ Երուսաղէմի ծերերին։ 30Յուդայի երկրի արքան եւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու ղեւտացիները եւ ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչեւ փոքրը, եկան Տիրոջ տունը, եւ արքան նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տանը գտնուած ուխտի բոլոր խօսքերը։ 31Վեր կացաւ Յոսիաս թագաւորը, կանգնեց սեան մօտ եւ ուխտեց Տիրոջ առջեւ՝ ընթանալ Տիրոջ նշած ուղիով, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել Նրա պատուիրանները, Նրա օրէնքներն ու հրամանները եւ ուխտի խօսքերը, որ գրուած են այդ գրքում։ 32Նա յորդորեց Երուսաղէմում ու Բենիամինի երկրում գտնուող բոլոր մարդկանց, եւ Երուսաղէմի բնակիչները ուխտ արեցին իրենց հայրերի Աստծու տանը։ 33Այսպիսով Յոսիասը իսրայէլացիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծութիւնները եւ Երուսաղէմում ու Իսրայէլում գտնուող բոլոր մարդկանց համոզեց ծառայել իրենց Տէր Աստծուն։ Իր բոլոր օրերին նա չխոտորուեց իր նախնիների Տէր Աստծու ուղուց։
35 Յոսիասն իր Տէր Աստծու զատիկը կատարեց. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։ 2Նա քահանաներին կանգնեցրեց իրենց պաշտօնի վրայ եւ յորդորեց նրանց կատարելու Տիրոջ տան ծառայութիւնները։ 3Նա ասաց ղեւտացիներին՝ ամբողջ Իսրայէլի վերակացուներին, որ պէտք է նուիրուել Տիրոջը եւ սուրբ տապանակը դնել այն տանը, որը շինել էր Իսրայէլի արքայ Դաւթի որդի Սողոմոնը։ Արքան ասաց. «Դուք ոչ մի բան չպէտք է վերցնէք ուսերի վրայ։ Արդ, ծառայեցէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ նրա ժողովրդին՝ իսրայէլացիներին։ 4Պատրա՛ստ եղէք ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր առօրեայ պաշտամունքի, ըստ Իսրայէլի արքայ Դաւթի եւ նրա որդի Սողոմոն թագաւորի գրածի։ 5Տաճարում կանգնեցէ՛ք այն տեղերում, որ նշանակուած են ըստ ձեր ազգատոհմերի, ձեր եղբայրների եւ ձեր ժողովրդի որդիների առջեւ՝ ղեւտացիների ազգատոհմի մարդկանց յատկացուած բաժանումների համեմատ։ 6Մորթեցէ՛ք զատկի գառը եւ պատրաստեցէ՛ք ձեր եղբայրների սրբութիւնները՝ գործելով ըստ Տիրոջ խօսքի, որ գրուել է Մովսէսի ձեռքով»։ 7Եւ Յոսիասն սկսեց ժողովրդի որդիներին եւ ամենքին, որ այնտեղ էին գտնւում, տալ խոյեր, գառներ, մատաղ այծերի նոխազներ՝ բոլորն էլ զատկի համար։ Այդ բոլորը թուով երեսուն հազար էր. նաեւ երեք հազար զուարակ։ Սրանք թագաւորի ունեցուածքից էին։ 8Նրա իշխանները նոյնպէս սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղեւտացիներին։ Քեղկիասը, Զաքարիասը եւ Յէիէլը եւ Աստծու տան իշխանները զատկի առթիւ քահանաներին տուեցին երկու հազար վեց հարիւր խոյ, գառ, նոխազ եւ երեք հարիւր զուարակ։ 9Քոնենիասը, Բանեասը, Սամէասը եւ նրա եղբայր Նաթանայէլը, Ասաբիասը, Յէիէլը եւ Յոզաբադը՝ ղեւտացիների իշխանները, զատկի առթիւ ղեւտացիներին տուեցին հինգ հազար խոյ եւ հինգ հարիւր զուարակ։ 10Պաշտամունքը կատարուեց. քահանաները կանգնած էին իրենց տեղերում, իսկ ղեւտացիները՝ իրենց դասերում, ըստ արքայի հրամանի։ 11Նրանք մորթեցին զատկի գառը, եւ քահանաները իրենց ձեռքերով ցանեցին արիւնը։ 12Ղեւտացիները կտրտեցին ու պատրաստեցին ողջակէզները, որ դրանք բաժանեն ժողովրդի որդիներից իւրաքանչիւրին ըստ ազգատոհմերի, դասերի, որպէսզի մատուցեն Տիրոջը, ինչպէս որ գրուած է Մովսէսի Օրէնքի գրքում։ Այսպէս արեցին մինչեւ առաւօտ։ 13Զատկի գառը խորովեցին կրակով ըստ օրէնքի, իսկ սուրբ մասերը եփեցին կաթսաների ու սաների մէջ։ Տօնը յաջող ընթացաւ, եւ զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։ 14Յետոյ զատիկը պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչեւ գիշեր մատուցում էին ճարպերն ու ողջակէզները։ Ղեւտացիները բաժին վերցրին նաեւ իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ 15Ասափի սաղմոսերգու որդիները, նաեւ Ասափը, Եմանը եւ Իդիթունը՝ արքայի մարգարէները, ըստ Դաւթի պատուիրանի, կանգնեցին իրենց տեղերում։ Իշխանները, դռների պետերն ու իւրաքանչիւր դռան պահապան տեղից չպէտք է շարժուէին սրբութեան ծառայութեան ժամանակ, քանզի նրանց եղբայրները՝ ղեւտացիները, բաժիններ էին պատրաստել նաեւ նրանց համար։ 16Այդ օրը Տիրոջ ամբողջ պաշտամունքը պատշաճօրէն պատրաստուեց ու կատարուեց, որպէսզի, ըստ Յոսիաս արքայի հրամանի, տօնեն զատիկը եւ ողջակէզներ մատուցեն Տիրոջ սեղանի վրայ։ 17Այդ ժամանակ այնտեղ գտնուող իսրայէլացիները եօթը օր կատարեցին զատիկը եւ անթթխմոր հացի տօնը։ 18Սամուէլ մարգարէի օրերից ի վեր սրա նման զատիկ երբեք չէր եղել Իսրայէլում, եւ Իսրայէլի բոլոր թագաւորները այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիասը։ Այնտեղ գտնուող քահանաներն ու ղեւտացիները, ամբողջ Յուդայի երկիրն ու Իսրայէլը եւ Երուսաղէմի բնակիչները 19Տիրոջ տօնը կատարեցին Յոսիասի թագաւորութեան տասնութերորդ տարում։ Յոսիաս արքան Յուդայի երկրում եւ Երուսաղէմում գտնուող վհուկներին, գուշակներին, մոգերին, կախարդներին եւ չաստուածներին վերացրեց ու հրով այրեց, որպէսզի հաստատի Օրէնքի այն խօսքերը, որ գրուած էին Քեղկիաս քահանայի՝ Տիրոջ տանը գտած գրքում։ Յոսիասի նմանը չէր եղել նրանից առաջ, որ, ըստ Մովսէսի բոլոր օրէնքների, իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով եւ իր ամբողջ զօրութեամբ դառնար դէպի Տէր Աստուածը։ Եւ նրանից յետոյ էլ նրա նմանը չյայտնուեց։ Տէրը, սակայն, չհանդարտուեց իր խիստ բորբոքուած բարկութիւնից, Յուդայի երկրի նկատմամբ այն բարկութիւնից, որով բորբոքել էր Նրան Մանասէն։ Եւ Տէրն ասաց. «Ես Յուդայի երկիրն էլ եմ վերացնելու իմ աչքի առաջից, ինչպէս վերացրել եմ Իսրայէլը, եւ մերժելու եմ Երուսաղէմը՝ այն քաղաքը, որ ընտրել էի, եւ այն տունը, որի համար ասել էի, թէ՝ իմ անունը պէտք է լինի այնտեղ»։ 20Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ Եփրատ գետի ուղղութեամբ։ Յոսիաս արքան գնաց նրա դէմ, 21իսկ սա պատգամաւորներ ուղարկեց նրա մօտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամութիւն ունենք ես ու դու, Յուդայի երկրի՛ արքայ, այսօր քո դէմ պատերազմելու չեմ եկել։ Աստուած ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցէ նա քեզ կործանի»։ 22Յոսիասը, սակայն, իր երեսը նրանից չշրջեց, այլ ինքն իր մէջ ուժ գտաւ, որ պատերազմի նրա դէմ։ Նա չանսաց Նեքաւովի Տիրոջ անունով ասուած խօսքերին եւ եկաւ պատերազմելու Մակեդդովի դաշտում։ 23Աղեղնաւորները հարուածեցին Յոսիասին, եւ արքան ասաց իր ծառաներին. «Ինձ այստեղից դո՛ւրս հանեցէք, որովհետեւ ծանր վիրաւորուած եմ»։ 24Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մէջ ու տարան Երուսաղէմ։ Նա մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, եւ ամբողջ Յուդայի երկիրն ու Երուսաղէմը սուգ արեցին Յոսիասի վրայ։ 25Երեմիասը ողբեր ասաց Յոսիասի մասին, եւ բոլոր պալատականները, տղամարդ թէ կին, Յոսիասի մասին յօրինեցին ողբեր, որոնք յիշւում են մինչեւ այսօր։ Դրանք Իսրայէլի մէջ կանոնական դարձան եւ ահա գրի են առնուած ողբերի գրքում։ 26Յոսիասի գործերը եւ նրա յուսացած բաները գրի են առնուած Տիրոջ օրէնքներում գրուածի համեմատ, 27իսկ նրա մնացած գործերը, սկզբից մինչեւ վերջինը, գրի են առնուած Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում։
36 Երկրի ժողովուրդը Յոսիասի որդի Յովաքազին օծեց ու իր հօր փոխարէն Երուսաղէմում դարձրեց թագաւոր։ 2Յովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամիտալ էր, որը լոբնացի Երեմիայի դուստրն էր։ Յովաքազը չարիք գործեց Տիրոջ առջեւ, այն բոլոր չարիքները, որ գործել էին նրա նախնիները։ 3Նեքաւով փարաւոնը նրան բռնեց Դեբլաթայում, Եմաթի երկրում, եւ նա այլեւս չկարողացաւ թագաւորել Երուսաղէմում։ Արքան նրան տարաւ Եգիպտոս եւ երկրի վրայ հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի հարկ դրեց։ 4Նեքաւով փարաւոնը Յուդայի երկրի արքայ Յոսիասի որդի Եղիակիմին նշանակեց նրա հօր՝ Յոսիասի փոխարէն եւ նրա անունը փոխեց ու դրեց Յովակիմ, իսկ նրա եղբայր Յովաքազին Նեքաւով փարաւոնն առաւ եւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ։ Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարաւոնին։ Այնուհետեւ երկիրն սկսեց հարկեր վճարել, եւ արծաթը տալիս էին ըստ փարաւոնի հրամանի։ Երկրի ժողովրդից՝ ամէն մէկից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ նրա կարողութեան, որպէսզի դրանք յանձնեն Նեքաւով փարաւոնին։ 5Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Զեկքորա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջեւ գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտաւ Յուդայի երկիրը։ Յովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ։ Տէրն ուղարկեց նրա դէմ քաղդէացիներին, Ասորիքի աւազակներին, մովաբացիների աւազակներին եւ ամոնացիներին ու սամարացիներին։ Եւ այս բաներից յետոյ նրանք ազատուեցին, ինչպէս ասել էր Տէրն իր ծառայ մարգարէների միջոցով։ Տիրոջ զայրոյթը, սակայն, դեռ Յուդայի երկրի վրայ էր, որ վերացնի իր աչքի առաջից Մանասէի գործած բոլոր մեղքերի, Մանասէի թափած անմեղ արեան՝ Երուսաղէմում թափած անմեղ արեան պատճառով։ Տէրը, սակայն, չուզեց ոչնչացնել նրանց։ 6Յովակիմի վրայ յարձակուեց Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը եւ նրան կապեց պղնձէ շղթաներով ու տարաւ Բաբելոն։ 7Նա Տիրոջ տան սպասքի մի մասը տարաւ Բաբելոն ու դրեց Բաբելոնում գտնուող իր տաճարում։ 8Յովակիմի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել էր, չէ՞ որ ահա գրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը ու թաղուեց Գանոզայում, իր նախնիների մօտ։ 9Յովակիմի փոխարէն թագաւորեց իր որդի Յեքոնիասը։ 10Տասնութ տարեկան էր Յեքոնիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ։ 11Երբ տարին բոլորուեց, Նաբուքոդոնոսոր արքան մարդ ուղարկեց ու նրան Տիրոջ տան թանկարժէք սպասքով հանդերձ տարաւ Բաբելոն։ Նա Յուդայի երկրում ու Երուսաղէմում թագաւորական գահին նստեցրեց նրա հօրեղբօրը՝ Սեդեկիասին։ 12Քսանմէկ տարեկան էր Սեդեկիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 13Նա չարիք գործեց իր Տէր Աստծու առաջ, չպատկառեց ո՛չ Երեմիա մարգարէից, ո՛չ էլ Տիրոջ խօսքերից։ 14Սեդեկիասն ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դէմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդուեցրել էր Աստծու անունով, դարձաւ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնայ Իսրայէլի Տէր Աստծուն։ 15Յուդայի երկրի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդները բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրէնութիւնները եւ պղծեցին Տիրոջ տունը Երուսաղէմում։ 16Նրանց հայրերի Տէր Աստուածը մարգարէների միջոցով շտապ առաքեց իր պատգամախօսներին, քանզի խնայում էր իր ժողովրդին եւ իր սրբավայրը։ 17Մարդիկ արհամարհեցին նրա պատգամախօսներին, մերժեցին նրանց խօսքերը ու ծաղրեցին նրա մարգարէներին մինչեւ այն աստիճան, որ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց ժողովրդի վրայ, որից յետոյ նրանք փրկութիւն չունեցան։ 18Տէրը նրանց վրայ ուղարկեց քաղդէացիների թագաւորին, որը սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբութեան տան մէջ, չխնայեց նաեւ Սեդեկիասին, չողորմեց նրանց կոյս աղջիկներին եւ նրանց բոլոր ծերերին մատնեց թշնամիների ձեռքը։ 19Նա Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը եւ արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամէն ինչ տարաւ Բաբելոն, 20այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղէմի պարիսպը եւ նրա մէջ եղած ապարանքները հրոյ ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամէն մի գեղեցիկ անօթ, 21իսկ վերապրածներին գերեվարեց Բաբելոն։ 22Այնտեղ նրանք նրա ու նրա սերնդի ծառաները դարձան մինչեւ մարաց թագաւորութեան հաստատումը, որպէսզի 23կատարուի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը, թէ՝ «Երկիրը պիտի լքուի եօթանասուն տարի, մինչեւ որ լրանայ շաբաթօրեայ հանգստի իր ժամանակը, որպէս հատուցում շաբաթօրեայ հանգստեան այն ժամանակի, որ չէր պահպանուել»։ 24Պարսից արքայ Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում, երբ կատարուեց Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս արքայի հոգին եւ պատուիրեց իր ամբողջ թագաւորութեան մէջ գրաւոր հրովարտակ ծանուցել, ուր ասուած էր. 25«Այսպէս է ասում Պարսից Կիւրոս արքան. «Երկնքի Տէր Աստուածն ինձ է յանձնել աշխարհի բոլոր թագաւորութիւնները։ Նա ինձ է պատուիրել Հրէաստանում՝ Երուսաղէմում, կառուցել իր տունը։ Ձեզնից ով որ Նրա ժողովրդին է պատկանում, թող ելնի գնայ, եւ թող Տէր Աստուածն իր հետ լինի»։