ԹՈՒԵՐ
1 Տէրը Սինայի անապատում, վկայութեան խորանում, Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Մէկ առ մէկ հաշուառման ենթարկեցէք իսրայէլացի ամբողջ ժողովրդին ըստ ազգատոհմերի, ըստ նահապետների տների։ 3Դու եւ Ահարոնը հաշուառման կ՚ենթարկէք քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք կարող են զէնք վերցնել Իսրայէլի բանակի համար։ 4Ձեզ հետ ամէն մի ցեղից՝ նահապետների ընտանիքներից մէկական իշխան թող լինի։ 5Սրանք են այն մարդկանց անունները, որոնք պիտի ներկայանան ձեզ. 6Ռուբէնի ցեղից՝ Սադիուրի որդի Եղիսուրը, 7Շմաւոնի ցեղից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը, 8Յուդայի ցեղից՝ Ամինադաբի որդի Նաասոնը, 9Իսաքարի ցեղից՝ Սոգարի որդի Նաթանայէլը, 10Զաբուղոնի ցեղից՝ Քելոնի որդի Եղիաբը, 11Յովսէփի որդիներից Եփրեմի ցեղից՝ Եմիուդի որդի Եղիսաման, Մանասէի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը, 12Բենիամինի ցեղից՝ Գեդէոնի որդի Աբիդանը, 13Դանի ցեղից՝ Միսադանի որդի Աքիեզերը, 14Ասերի ցեղից՝ Եքրանի որդի Փագիէլը, 15Գադի ցեղից՝ Ռագուէլի որդի Եղիսափանը, 16Նեփթաղիմի ցեղից՝ Ենանի որդի Աքիրէն»։ 17Սրանք են իսրայէլացի նահապետների ցեղերի իշխանները, հազարապետները։ 18Մովսէսն ու Ահարոնը վերցրին յականէ յանուանէ թուարկուած այս այրերին եւ երկրորդ տարուայ երկրորդ ամսի առաջին օրը հաւաքելով ամբողջ ժողովրդին՝ հաշուառման ենթարկեցին ըստ իրենց ցեղերի, ըստ նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ՝ քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց։ 19Ինչպէս որ Տէրը հրամայել էր Մովսէսին, հաշուառման ենթարկեցին մարդկանց Սինայի անապատում։ 20Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 21կազմեց քառասունվեց հազար հինգ հարիւր հոգի։ 22Շմաւոնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 23կազմեց յիսունինը հազար երեք հարիւր հոգի։ 24Յուդայի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 25կազմեց եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգի։ 26Իսաքարի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 27կազմեց յիսունչորս հազար չորս հարիւր հոգի։ 28Զաբուղոնի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 29կազմեց յիսունեօթը հազար չորս հարիւր հոգի։ 30Յովսէփի որդիներից Եփրեմի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 31կազմեց քառասուն հազար հինգ հարիւր հոգի։ 32Մանասէի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 33կազմեց երեսուներկու հազար երեք հարիւր հոգի։ 34Բենիամինի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 35կազմեց երեսունհինգ հազար չորս հարիւր հոգի։ 36Գադի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 37կազմեց քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։ 38Դանի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 39կազմեց վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգի։ 40Ասերի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 41կազմեց քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգի։ 42Նեփթաղիմի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ որդիների թիւը ըստ իրենց ցեղերի, գնդերի, նահապետների ընտանիքների, յականէ յանուանէ, մէկ առ մէկ 43կազմեց յիսուներեք հազար չորս հարիւր հոգի։ 44Ահա այս է աշխարհագիրը, որ կատարեցին Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի տասներկու իշխանները, որոնցից ամէն մէկը մի ցեղից էր՝ իրենց նահապետների ընտանիքներից՝ ըստ ցեղերի։ 45Կատարուեց քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող, զէնք կրելու ընդունակ իսրայէլացիների մարդահամարը։ 46Հաշուառման ենթարկուածների ընդհանուր թիւը կազմեց վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի։ 47Ղեւտացիների ցեղին պատկանողները, սակայն, իսրայէլացիների հետ հաշուառման չենթարկուեցին։ 48Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 49«Տե՛ս, մարդահամար կատարելիս Ղեւիի ցեղը հաշուառման չենթարկես, նրանց թիւը իսրայէլացիների վրայ չգումարես։ 50Ղեւտացիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վերակացու, նրա սպասքի եւ այն ամէնի վերակացու, ինչ գտնւում է դրա մէջ։ Նրանք կը բարձեն խորանն ու նրա ամբողջ կահկարասին, հոգեւոր սպասարկութիւն կ՚անեն նրա մէջ եւ կը բնակուեն խորանի շուրջը։ 51Խորանը տեղափոխելիս այն կը քանդեն ղեւտացիները, խորանը տեղաւորելիս այն կը կանգնեցնեն ղեւտացիները։ Եթէ մի այլազգի մօտենայ դրան, թող մեռնի։ 52Իսրայէլացիներից իւրաքանչիւրն իր զօրքով թող վրան խփի ըստ իր ցեղի, ըստ նահապետների կարգի։ 53Ղեւտացիները վրանները թող խփեն վկայութեան խորանի շուրջը, Տիրոջ դիմաց, միւս իսրայէլացիները չդիպչեն վրանին, որպէսզի մեղք գործած չլինեն։ Վկայութեան խորանի պահպանութիւնը թող ղեւտացինե՛րը յանձն առնեն»։ 54Եւ իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին։
2 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2«Ամէն մէկը թող գնայ իր գնդի դրօշակի ետեւից, ըստ իր նահապետական տների։ Իսրայէլացիներից իւրաքանչիւրը թող բանակատեղի հաստատի ըստ իր բանակի։ 3Արեւելեան կողմում առաջինը թող Յուդայի ցե՛ղը բանակատեղի հաստատի իր զօրքով։ Յուդայի ցեղի գնդի հրամանատարը Ամինադաբի որդի Նաասոնն է։ 4Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգուց։ 5Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Իսաքարի ցեղը։ Իսաքարի ցեղի գնդի հրամանատարը Սոգարի որդի Նաթանայէլն է։ 6Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունչորս հազար չորս հարիւր հոգուց։ 7Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Զաբուղոնի ցեղը։ Զաբուղոնի ցեղի գնդի հրամանատարը Քելոնի որդի Եղիաբն է։ 8Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունեօթը հազար չորս հարիւր հոգուց։ 9Յուդայի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութսունվեց հազար չորս հարիւր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող առաջինը գնան։ 10Ռուբէնի ցեղի գունդն ու զօրքը հարաւային կողմում թող լինեն։ Ռուբէնի ցեղի գնդի հրամանատարը Սադիուրի որդի Եղիսուրն է։ 11Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունվեց հազար հինգ հարիւր հոգուց։ 12Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Շմաւոնի ցեղը։ Շմաւոնի ցեղի գնդի հրամանատարը Սուրիսադայի որդի Սաղամիէլն է։ 13Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունինը հազար երեք հարիւր հոգուց։ 14Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Գադի ցեղը։ Գադի ցեղի հրամանատարը Ռագուէլի որդի Եղիսափանն է։ 15Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգուց։ 16Ռուբէնի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր յիսունմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող երկրորդը գնան։ 17Վկայութեան խորանը տեղափոխելիս ղեւտացիների բանակատեղին թող գտնուի բանակատեղիների մէջտեղում։ Ինչ կարգով որ բանակատեղի են հաստատել, նոյն կարգով էլ իւրաքանչիւրն ըստ իր իշխանութեան թող ճանապարհ ընկնի։ 18Եփրեմի ցեղի գունդն իր սպառազինութեամբ հանդերձ թող բանակատեղի հաստատի արեւմտեան կողմում։ Եփրեմի ցեղի գնդի հրամանատարը Էմիուդի որդի Եղիսաման է։ 19Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասուն հազար հինգ հարիւր հոգուց։ 20Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Մանասէի ցեղը։ Մանասէի ցեղի հրամանատարը Փադասուրի որդի Գամաղիէլն է։ 21Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսուներկու հազար երեք հարիւր հոգուց։ 22Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Բենիամինի գունդը թող լինի։ Բենիամինի գնդի հրամանատարը Գեդէոնի որդի Աբիդանն է։ 23Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսունհինգ հազար չորս հարիւր հոգուց։ 24Եփրեմի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութ հազար երկու հարիւր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող երրորդը գնան։ 25Դանի ցեղի գունդն իր սպառազինութեամբ թող բանակատեղի հաստատի հիւսիսային կողմում։ Դանի ցեղի գնդի հրամանատարը Ամիսադայի որդի Աքիեզերն է։ 26Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգուց։ 27Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Ասերի ցեղը թող լինի։ Ասերի ցեղի գնդի հրամանատարը Եքրանի որդի Փագիէլն է։ 28Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգուց։ 29Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Նեփթաղիմի ցեղը թող լինի։ Նեփթաղիմի ցեղի գնդի հրամանատարը Ենանի որդի Աքիրէն է։ 30Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսուներեք հազար չորս հարիւր հոգուց։ 31Դանի ցեղի հաշուառման ենթարկուած զօրքը բաղկացած է հարիւր յիսունեօթը հազար վեց հարիւր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք, ըստ իրենց գնդի կարգի, իրենց զօրքով վերջինը թող գնան»։ 32Այս է իսրայէլացիների զօրքի թիւն ըստ իրենց նահապետների ընտանիքների։ Հաշուառման ենթարկուած զօրքերի ընդհանուր թիւը բաղկացած է վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգուց։ 33Ղեւտացիները, սակայն, վերոյիշեալ հաշուառման ենթարկուածների մէջ չեն մտնում, ինչպէս որ Տէրն էր պատուիրել Մովսէսին։ 34Իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը հրամայել էր Մովսէսին։ Նրանք բանակատեղիներ հաստատեցին ըստ իրենց գնդերի, եւ ամէն մէկը ճանապարհ էր ընկնում իր ցեղի հետ, ըստ իր նահապետների ընտանիքների։
3 Երբ Տէրը Սինայի լերան վրայ խօսում էր Մովսէսի հետ, Ահարոնի ու Մովսէսի յետնորդները հետեւեալներն էին. 2Ահարոնի որդիների անուններն են. անդրանիկի անունը՝ Նաբադ, միւսներինը՝ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։ 3Ահա սրանք են Ահարոնի քահանայ օծուած, քահանայանալու շնորհքին արժանացած որդիների անունները։ 4Նաբադն ու Աբիուդը վախճանուեցին Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում պիղծ կրակ էին մատուցում Տիրոջը։ Սրանք զաւակներ չունէին, ուստի իրենց հօր՝ Ահարոնի հետ քահանայացան Եղիազարն ու Իթամարը։ 5Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 6«Ղեւիի ցեղի մարդկանց բե՛ր Ահարոն քահանայի մօտ, որ ծառայեն նրան. 7թող կատարեն նրա պահպանութիւնն ու իսրայէլացիների պահպանութիւնը վկայութեան խորանի առջեւ եւ ծառայեն խորանին։ 8Նրանք թող պահպանեն վկայութեան խորանի ամբողջ սպասքը, թող կատարեն իսրայէլացիների պահպանութիւնը եւ խորանի ամբողջ ծառայութիւնը։ 9Ղեւտացիներին կը յանձնես քո եղբայր Ահարոնին ու նրա քահանայ որդիներին. թող նրանք ինձ ընծայուած լինեն իսրայէլացիներից։ 10Ահարոնին ու նրա որդիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վրայ, որ կատարեն իրենց քահանայական պաշտօնը եւ այն ամէնը, ինչ վերաբերում է զոհասեղանին ու վարագոյրից ներս եղածին։ Եթէ վկայութեան խորանին մի այլազգի մօտենայ, թող մեռնի»։ 11Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 12«Ես, ահա, իսրայէլացիների միջից ղեւտացիներին առանձնացրի բոլոր այն անդրանիկների փոխարէն, որոնք իսրայէլացի կանանց արգանդն են բացել։ Ղեւտացիները թող լինեն իսրայէլացիների անդրանիկների փրկագինը եւ ինձ պատկանեն, 13որովհետեւ ամէն անդրանիկ ծնունդ ինձ է պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկ զաւակներին, սրբագործեցի ինձ համար իսրայէլի բոլոր անդրանիկ ծնունդներին, մարդ թէ անասուն, որպէսզի ինձ պատկանեն, քանզի ես եմ Տէրը»։ 14Տէրը Սինայի անապատում խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 15«Ղեւիի որդիներին հաշուառման ենթարկի՛ր ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի ու իրենց ցեղերի։ Հաշուառման ենթարկի՛ր մէկ ամսական եւ դրանից բարձր բոլոր արու զաւակներին»։ 16Մովսէսն ու Ահարոնը հաշուառումը կատարեցին ըստ Տիրոջ խօսքի, այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրենց։ 17Սրանք են Ղեւիի որդիների անունները. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի։ 18Սրանք են Գեթսոնի որդիների անունները ըստ իրենց գնդերի. Ղոբենի եւ Սեմէի։ 19Կահաթի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են. Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։ 20Մերարիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են. Մոողի եւ Մուսի։ 21Սրանք են ղեւտացիների գնդերն ըստ իրենց նահապետների ընտանիքների. Գեթսոնի տոհմից՝ Ղոբենիի գունդն ու Սեմէիի գունդը։ Սրանք Գեթսոնի գնդերն են։ 22Մէկ ամսական ու դրանից բարձր տարիք ունեցող արու զաւակների ընդհանուր թիւը կազմում է եօթը հազար հինգ հարիւր հոգի։ 23Գեթսոնի այս գնդերը խորանի յետեւի մասում՝ արեւմտեան կողմում բանակատեղի պիտի հաստատեն։ 24Գեթսոնի գնդի նահապետների ընտանիքների առաջնորդը Գեիղի որդի Եղիսափանն է։ 25Վկայութեան խորանում Գեթսոնի որդիների պահպանութեանն են յանձնւում 26խորանը, վկայութեան խորանի արտաքին վարագոյրները, քօղերը, սրահի առագաստները, խորանի դռան վարագոյրները եւ նրանց բոլոր բաղկացուցիչ մասերը։ 27Կահաթից սերուեցին նախ Ամրամի գունդը, յետոյ՝ Իսահառի գունդը, յետոյ՝ Քեբրոնի գունդը, յետոյ՝ Ոզիէլի գունդը։ 28Սրանք Կահաթի գնդերն են։ Այս գնդերի մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արու զաւակների թիւը կազմում է ութ հազար երեք հարիւր հոգի, որոնք եւ պիտի հսկէին սրբազան իրերը։ 29Կահաթի որդիների գնդերը բանակատեղի պիտի հաստատեն խորանից հարաւ։ 30Կահաթի գնդի նահապետների ընտանիքների առաջնորդը Ոզիէլի որդի Եղիսափանն է։ 31Նրանց պարտականութիւնն է տապանակի, զոհասեղանի, աշտանակի, զոհարանների եւ ծիսակատարութեան արբազան սպասքի, խորանի վերին ծածկոցի եւ դրանց բոլոր բաղկացուցիչ մասերի պահպանութիւնը։ 32Ղեւտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է, որի պարտականութիւնն է սուրբ իրերի պահպանութիւնը։ 33Մերարիից սերուեցին Մոողիի գունդն ու Մուսիի գունդը։ Սրանք Մերարիի գնդերն են։ 34Սրանց մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր արու զաւակների թիւը կազմում է վեց հազար երկու հարիւր հոգի։ 35Մերարիի գնդի նահապետների ընտանիքների իշխանը Աբիքիի որդի Սուրիէլն է։ Նրանք թող բանակատեղի հաստատեն խորանից հիւսիս։ 36Մերարիի որդիների պահպանութեանը թող յանձնուեն խորանի խոյակները, նիգերը, սիւները, խարիսխներն ու դրանց բոլոր բաղկացուցիչ մասերը, 37բակի չորս կողմի բոլոր սիւները, սրանց խարիսխները, ցցերը եւ պարանները։ 38Վկայութեան խորանի դիմաց՝ արեւելեան կողմում թող բանակատեղի հաստատեն Մովսէսն ու Ահարոնը։ Վերջինիս որդիները իսրայէլացիներին ծառայելու համար պէտք է պահպանեն սրբութիւնները։ Եթէ վկայութեան խորանին մի այլազգի մօտենայ, թող մեռնի։ 39Տիրոջ խօսքով Մովսէսի ու Ահարոնի կողմից հաշուառման ենթարկուած մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի ղեւտացիների թիւը, ըստ իրենց գնդերի, կազմեց քսաներկու հազար հոգի։ 40Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Հաշուառման ենթարկի՛ր իսրայէլացիների մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր անդրանիկներին եւ ստացի՛ր նրանց թիւն ըստ իրենց անունների։ 41Իսրայէլացիների բոլոր անդրանիկների փոխարէն ղեւտացիներին ինձ պիտի շնորհես, քանզի ես եմ Տէրը, ինչպէս եւ ղեւտացիների անասունները՝ իսրայէլացիների անասունների առաջին ծնունդների փոխարէն»։ 42Մովսէսը հաշուառման ենթարկեց իսրայէլացիների բոլոր անդրանիկ որդիներին, ինչպէս պատուիրել էր Տէրը։ 43Իսրայէլացիների յականէ յանուանէ հաշուառման ենթարկուած մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր անդրանիկների թիւը կազմեց քսաներկու հազար երկու հարիւր եօթանասուներեք հոգի։ 44Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 45«Ղեւտացիներին կ՚առնես իսրայէլացիների բոլոր անդրանիկ զաւակների փոխարէն, ինչպէս նաեւ ղեւտացիների անասունները՝ նրանց անասունների փոխարէն։ Ղեւտացիներն ինձ պիտի պատկանեն, քանզի ես եմ Տէրը։ 46Ղեւտացիների թուի համեմատ թուով աւելի իսրայէլացի երկու հարիւր եօթանասուներեք անդրանիկների դիմաց փրկագին կը վերցնես. 47իւրաքանչիւրի դիմաց՝ հինգ սիկղ. ըստ սրբարանում ընդունուած սակագնի մէկ սիկղը հաւասար է քսան դանգի։ 48Դրամը իբրեւ փրկագին կը տաս Ահարոնին ու նրա որդիներին՝ ղեւտացիների թուի համեմատ իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց»։ 49Ղեւտացիների թուի համեմատ իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց դրամն իբրեւ փրկագին առաւ Մովսէսը։ 50Իսրայէլացիների թուով աւելի անդրանիկ որդիների դիմաց նա հազա 51ր երեք հարիւր վաթսունհինգ սիկղ դրամ ստացաւ ըստ սրբարանում ընդունուած սիկղի։ 52Իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը, ըստ Տիրոջ խօսքի, Մովսէսը յանձնեց Ահարոնին ու նրա որդիներին։ Տէրը այսպէս էր հրամայել Մովսէսին։
4 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2«Ղեւիի ցեղից հաշուառման ենթարկի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 3քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու են վկայութեան խորանում եւ կատարելու են բոլոր անհրաժեշտ գործերը։ 4Ղեւիի որդիների միջից Կահաթի որդիների գործը վկայութեան խորանում ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների թող լինի սրբազան իրերի պահպանութիւնը։ 5Երբ բանակատեղին տեղափոխուելու լինի, Ահարոնն ու իր որդիները պիտի մտնեն վրան, իջեցնեն վարագոյրը եւ դրանով ծածկեն վկայութեան տապանակը։ 6Նրանք դրա վրայ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոցը, իսկ նրա վրայ էլ պիտի գցեն համակ կապոյտ կերպասը, ապա պիտի տեղադրեն տապանակի ձողերը։ 7Նուիրաբերութեան սեղանի վրայ պիտի փռեն համակ ծիրանի կերպասը, իսկ դրա վրայ էլ պիտի դնեն ափսէները, տուփերը, գաւաթները եւ մատուցարանները, որոնցով նուիրաբերում են կատարում։ Դրա վրայ պիտի դնեն նաեւ հանապազօրեայ հացը, 8սեղանը պիտի ծածկեն կարմիր կտորով, սրա վրայ էլ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը։ 9Նրանք պիտի առնեն կապոյտ կերպաս եւ դրանով ծածկեն լոյսի աշտանակը, նրա երկու կանթեղները, նրա ունելիները, նրա ճրագակալները եւ իւղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։ 10Աշտանակն ու նրա ամբողջ սպասքը պիտի առնեն կաշուէ կապոյտ ծածկոցի տակ եւ դնեն ձողերի վրայ։ 11Ոսկէ զոհասեղանը պիտի ծածկեն կապոյտ կերպասով, դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը։ 12Պիտի վերցնեն պաշտամունքի ամբողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, եւ պիտի դնեն կապոյտ կերպասի մէջ։ Այնուհետեւ դա պիտի ծածկեն կաշուէ կապոյտ ծածկոցով եւ պիտի դնեն ձողերի վրայ։ 13Զոհասեղանի վրայ ծածկոց պիտի փռեն, ապա այն պիտի ծածկեն համակ ծիրանի կերպասով։ 14Վրան պիտի դնեն այն սպասքը, որով պաշտամունք են կատարելու դրա վրայ. այն է՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոցը եւ պիտի տեղադրեն ձողերը։ 15Ապա պիտի վերցնեն ծիրանի կերպաս ու դրանով ծածկեն լուացարանն ու նրա պատուանդանները, դրա վրայ էլ պիտի գցեն կապոյտ կաշուէ ծածկոց եւ դնեն ձողերի վրայ։ Երբ բանակատեղիի բնակիչները ճանապարհ ընկնեն, Ահարոնն ու նրա որդիները պիտի աւարտած լինեն սրբազան ամբողջ սպասքը ծածկելու գործերը։ Դրանից յետոյ միայն պիտի գան Կահաթի որդիները, որ դրանք վերցնեն տանեն։ Նրանք, սակայն, սրբազան առարկաներին չպիտի դիպչեն, որպէսզի չմեռնեն։ Կահաթի որդինե՛րը պիտի վերցնեն վկայութեան խորանի բոլոր իրերը, 16իսկ բոլորի վերակացուն պիտի լինի Ահարոն քահանայի որդի Եղիազարը։ Նա պիտի հոգայ լուսաւորութեան իւղի, անուշահոտ խնկերի, հանապազօրեայ զոհամատուցման, օծութեան իւղի, խորանին վերաբերող ամէն ինչի, դրա մէջ եղած սրբազան առարկաների ու այնտեղ կատարուող ամէն ինչի մասին»։ 17Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց. 18«Ղեւտացիներից Կահաթի տոհմի մարդկանց չվերացնէք։ Այնպէս արէք, որ նրանք ապրեն եւ սրբազան իրերին մերձենալիս չմեռնեն։ 19Ահարոնն ու նրա որդիները միայն պիտի մտնեն ներս եւ որոշեն, թէ նրանցից իւրաքանչիւրը ինչ պաշտօն է կատարելու։ 20Կահաթի որդիները հէնց այնպէս թող ներս չմտնեն սրբութիւնները տեսնելու համար, թէ ոչ կը մեռնեն»։ 21Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 22«Հաշուառման ենթարկի՛ր Գերսոնի որդիներին ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի՝ 23սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի մտնեն։ 24Այս է Գերսոնի գնդի մարդկանց պարտականութիւնը ծառայելիս եւ բեռներ բարձելիս։ 25Նրանք պիտի վերցնեն խորանի ծածկոցը, վկայութեան խորանը, դրա արտաքին վարագոյրները, դրա վրայ գցուող կապոյտ ծածկոցը, վկայութեան խորանի դռան վարագոյրը, սրահի առագաստը, 26այն, ինչ դրուած է վկայութեան խորանի վրայ, պարանները եւ այն ամբողջ սպասքը, որով պաշտամունք են կատարում։ 27Գերսոնի որդիները պիտի վարուեն այնպէս, ինչպէս կը կարգադրեն Ահարոնն ու նրա որդիները. սպասաւորութիւնը պէտք է կատարուի ըստ նրանց կարգադրութեան։ Նրանց հաշուառումը եւ նրանցից իւրաքանչիւրի կրելիք իրերի հաշուառումը կատարեցէ՛ք յականէ յանուանէ։ 28Ահա այս է Գերսոնի որդիների պարտականութիւնը վկայութեան խորանում, որի վերակացուն է Ահարոն քահանայի որդի Իթամարը»։ 29«Հաշուառման կ՚ենթարկէք Մերարիի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 30սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի մտնեն։ 31Նրանց պարտականութիւնն է կրել խորանի հետեւեալ իրերը. խորանի խոյակները, նրա նիգերն ու սիւները, նրա խարիսխները, վարագոյրը, նրա խարիսխները, սիւները, 32խորանի դռան վարագոյրը, բակի չորս կողմերի սիւները, դրանց խարիսխները, բակի դռան վարագոյրի սիւները եւ սրանց խարիսխներն ու ցցերը, պարանները, ամբողջ կահ-կարասին ու սպասքը։ Մէկ առ մէկ կատարեցէ՛ք նրանց եւ փոխադրութեան ենթակայ ամբողջ կահ-կարասու հաշուառումը։ 33Այս է լինելու վկայութեան խորանում Մերարիի տոհմին պատկանող մարդկանց պարտականութիւնն իրենց յանձնարարուած գործերում, որ պիտի կատարուեն Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողութեան ներքոյ»։ 34Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի հրամանատարները հաշուառման ենթարկեցին Կահաթի որդիներին ըստ նրանց տոհմերի, ըստ նրանց նահապետների ընտանիքների՝ 35սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին ծառայութեան մէջ մտնելու եւ վկայութեան խորանում սպասաւորութիւն կատարելու։ 36Նրանց թիւը ըստ իրենց տոհմերի եղաւ երկու հազար եօթը հարիւր յիսուն հոգի։ 37Այս է Կահաթի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու, հաշուառում, որ կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։ 38Հաշուառման ենթարկուեցին Գերսոնի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 39սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկան, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու։ 40Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երկու հազար վեց հարիւր երեսուն։ 41Այս է Գերսոնի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու էին վկայութեան խորանում, հաշուառում, որ կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։ 42Հաշուառման ենթարկուեցին նաեւ Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 43սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու։ 44Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երեք հազար երկու հարիւր։ 45Այս է Մերարիի տոհմին պատկանող մարդկանց թիւը, որոնց հաշուառումը կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։ 46Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի հրամանատարների հաշուառման ենթարկած բոլոր ղեւտացիների թիւը ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝ 47սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր իրաւունք ունէին սպասաւորութիւն կատարելու եւ վկայութեան խորանն ու դրա կահ-կարասին փոխադրելու, 48Տիրոջ խօսքի համաձայն բոլոր հաշուառման ենթարկուածների թիւը եղաւ ութ հազար հինգ հարիւր ութսուն։ 49Տէրը նրանց հաշուառման ենթարկեց Մովսէսի ձեռքով։ Իւրաքանչիւր մարդու համար նշուեց իր կատարելիք սպասաւորութիւնն ու փոխադրելիք կահ-կարասին։ Նրանք հաշուառման ենթարկուեցին, ինչպէս որ Տէրը հրամայել էր Մովսէսին։
5 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Հրամայի՛ր իսրայէլացիներին, որ բանակատեղիից հեռացնեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց եւ բոլոր նրանց, ովքեր դիակի ձեռք տալով պիղծ են դարձել, 3այր լինեն նրանք թէ կին։ Բանակատեղիից արձակեցէ՛ք նրանց, որպէսզի չպղծեն իրենց բանակատեղիները, ուր իջնում բնակւում եմ ես»։ 4Այդպէս էլ արեցին իսրայէլացիները. նրանք բանակատեղիից հեռացրին նրանց։ Ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, այդպէս էլ արեցին իսրայէլացիները։ 5Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 6«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. «Այն տղամարդը կամ կինը, որ մարդկային որեւէ մեղք է գործում, խիստ արհամարհած կը լինի Տիրոջը եւ յանցանք գործած կը լինի։ 7Թող նա խոստովանի իր մեղքերը, թող լրիւ հատուցի նրան, ում վնաս է պատճառել եւ վնասի մէկ հինգերորդ մասն էլ աւելացնի հատուցածի վրայ։ 8Եթէ վնաս կրած մարդը մերձաւոր որեւէ մէկը չունի, որ նրան հատուցի իր պատճառած վնասը, ապա յանցանքի դիմաց Տիրոջը հատուցուածը թող պատկանի քահանային, բացի քաւութեան նոխազից, որով նա պէտք է քաւի իր մեղքը։ 9Իսրայէլացիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները պիտի պատկանեն քահանային։ 10Տիրոջը մատուցուող ամէն ինչ քահանային պէտք է պատկանի։ Իսրայէլացիների՝ քահանային մատուցած ամէն ինչ նրան թող պատկանի»։ 11Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 12«Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. «Եթէ պատահի, որ ամուսնացած մի կին յանցանք գործի՝ դաւաճանի ամուսնուն, 13կենակցի մէկի հետ, եւ դա վրիպի ամուսնու աչքից, կինը թաքցնի եղածը, եւ այդ բանի մասին վկայ չլինի, ու կինն էլ յղի չմնայ, միեւնոյնն է, կինը պղծուած է։ 14Նոյնպէս եւ՝ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, եւ նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, ու նա խանդի իր կնոջը, եւ կինը պղծուած լինի, - 15ապա երկու դէպքում էլ ամուսինն իր կնոջը թող բերի քահանայի մօտ եւ նրա համար մէկ տասներորդ գրիւ գարու ալիւր մատուցի։ Դրա վրայ իւղ չպէտք է ածել, կնդրուկ չպէտք է դնել, որովհետեւ դա խանդի ընծայաբերում է, յիշատակի ընծայաբերում, մեղքը յիշեցնող ընծայաբերում։ 16Քահանան կնոջը պէտք է բերի ու կանգնեցնի Տիրոջ առջեւ։ 17Քահանան խեցէ մի ամանով սուրբ ջուր պիտի առնի եւ վկայութեան խորանի յատակի հողից մի բուռ վերցնելով՝ պիտի լցնի ջրի մէջ։ 18Քահանան կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, հանի կնոջ գլխաշորը, նրա ձեռքը տայ մեղքը յիշեցնող ընծայաբերումը, խանդի ընծայաբերումը։ Քահանայի ձեռքին պիտի լինի նզովքի յանդիմանութեան ջուրը։ 19Քահանան պիտի երդուեցնի կնոջը եւ ասի նրան. «Եթէ ուրիշի հետ չես կենակցել, յանցանք չես գործել, չես դաւաճանել ամուսնուդ, ապա անմասն լինես նզովքի այս յանդիմանութեան ջրից»։ 20Իսկ եթէ ամուսին ունենալով հանդերձ է անառակութիւն արել, դաւաճանել ամուսնուն, 21այն ժամանակ քահանան թող երդուեցնի կնոջը այս նզովքի երդմամբ եւ ասի նրան. «Տէրը թող քեզ նզովքի ու երդման ենթակայ դարձնի քո ժողովրդի մէջ, հիւծի քո զիստերը եւ ուռեցնի քո որովայնը։ 22Նզովեալ ջուրը թող լցուի քո որովայնը, ուռեցնի քո մէջքը եւ հիւծի քո զիստերը»։ Կինը թող պատասխանի. «Թող այդպէս լինի, թող այդպէս լինի»։ 23Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրուածքը լուայ նզովքի յանդիմանութեան ջրի մէջ, 24յանդիմանութեան նզովքի այդ ջուրը խմել տայ կնոջը, որպէսզի այդպիսով նրա մէջ լցուի յանդիմանութեան նզովեալ ջուրը։ 25Թող քահանան կնոջ ձեռքից առնի խանդի ընծայաբերումը, դնի Տիրոջ առջեւ եւ մատուցի զոհասեղանի վրայ։ 26Քահանան բռով թող առնի կնոջ մեղքը յիշատակող ընծայաբերումից եւ այն դնի զոհասեղանի վրայ։ Դրանից յետոյ կնոջը թող խմել տայ յանդիմանութեան ջուրը։ 27Եթէ կինն իրօք պղծուած է, եւ նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա յանդիմանութեան նզովեալ ջուրը թող լցուի նրա մէջ, ուռեցնի նրա որովայնը, հիւծի նրա զիստերը, եւ կինը նզովուած լինի իր ժողովրդի մէջ։ 28Իսկ եթէ կինը պղծուած չէ, մաքուր է, ապա թող նա քաւութիւն գտնի եւ կենակցի իր ամուսնու հետ։ 29Այս է խանդի օրէնքը, երբ կինն ամուսնացած լինելով դաւաճանում է ամուսնուն, 30կամ երբ խանդի զգացում է տիրում տղամարդուն, եւ նա խանդում է իր կնոջը։ Այս դէպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, իսկ քահանան նրա նկատմամբ պէտք է կիրառի վերոյիշեալ օրէնքը։ 31Եթէ կինը յանցաւոր դուրս գայ, այդ դէպքում ամուսինն անմեղ է, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատիժը»։
6 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ նրանց ասա՛. «Այն տղամարդը կամ կինը, որ Տիրոջը նուիրուելու մեծ ուխտ է անում, 3պէտք է հրաժարուի գինուց եւ ոգելից խմիչքից։ Նա գինուց կամ ոգելից խմիչքից պատրաստուած քացախ չպէտք է խմի, խաղող եւ չամիչ չպէտք է ուտի։ 4Իր ուխտի ամբողջ ընթացքում նա որթատնկից ստացուող ոչ մի բան չպէտք է օգտագործի՝ ոչ գինի, ոչ չամիչ, ոչ իսկ խաղողի կորիզ։ 5Իր ուխտի ամբողջ ընթացքում իր գլխին ածելի չպէտք է կպցնի, մինչեւ Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պէտք է մնայ. իր գլխի մազերին ձեռք չպիտի տայ 6Տիրոջն ուխտած բոլոր օրերին։ Նա չպէտք է մօտենայ 7հօր կամ մօր, եղբօր կամ քրոջ դիակին։ Նրանց դիակին մօտենալով՝ նա չպէտք է պղծուի, որովհետեւ Տիրոջն արած ուխտը իր գլխի վրայ է։ 8Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ պէտք է լինի Տիրոջ համար։ 9Իսկ եթէ որեւէ մէկը յանկարծ մեռնի իր մօտ, ապա այդ դէպքում պղծուած կը լինի նրա ուխտ արած գլուխը. այդ օրն իսկ նա պէտք է ածիլի իր գլուխն ու մաքրուի, իսկ յաջորդ անգամ պէտք է ածիլուի եօթը օր անց։ 10Ութերորդ օրը նա քահանայի մօտ, վկայութեան խորան թող բերի երկու տատրակ եւ աղաւնու երկու ձագ։ 11Քահանան մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը պէտք է ողջակիզի։ Այդպիսով քահանան թող քաւած լինի նրա մեղքը, որ կատարել էր դիակ տեսնելով։ Նա այդ օրն իսկ թող սրբագործի իր գլուխը, 12որովհետեւ նա այդ օրն է նուիրւում Տիրոջը իր ուխտի բոլոր օրերում։ Դրանից յետոյ նա մի տարեկան գառ թող նուիրաբերի իր մեղքերի քաւութեան համար։ Իր ուխտին նախորդած օրերը հաշուի պիտի չառնուեն, որովհետեւ նրա ուխտ արած գլուխը պղծուեց։ 13Այս է ուխտեալին վերաբերող օրէնքը. երբ վերջանան նրա ուխտի օրերը, քահանան նրան վկայութեան խորան թող բերի 14եւ Տիրոջը մատուցած նրա զոհերն ու նուէրները, այն է՝ մի տարեկան ոչ արատաւոր գառ՝ ողջակէզի համար, մի տարեկան ոչ արատաւոր էգ գառ՝ մեղքերի քաւութեան համար, ոչ արատաւոր մէկ խոյ՝ փրկութեան համար, 15մէկ զամբիւղ ընտիր ալիւրով հունցուած բաղարջ կարկանդակներ, իւղով շաղուած բաղարջ բլիթներ եւ իւղով հունցուած բաղարջ հացիկներ։ 16Քահանան այս բոլորը թող դնի Տիրոջ առջեւ, կատարի մեղքերի քաւութեան պատարագը։ 17Այնուհետեւ նրա ողջակէզը եւ խոյը բաղարջ հացի զամբիւղի հետ թող մատուցուի Տիրոջը որպէս փրկութան զոհաբերութիւն, եւ քահանան թող մատուցի զոհն ու ընծաները։ 18Վկայութեան խորանի մուտքի մօտ ուխտաւորը թող ածիլի իր ուխտ արած գլուխը եւ մազը դնի այն կրակին, որի վրայ փրկութեան զոհն է։ 19Քահանան թող վերցնի խոյի եփուած թեւը, զամբիւղից վերցնի մի բաղարջ հաց ու մի բաղարջ կարկանդակ եւ դնի ուխտաւորի ձեռքերի վրայ, երբ նա արդէն ածիլած կը լինի իր գլուխը։ 20Քահանան այն իբրեւ ընծայ թող բերի Տիրոջ առջեւ, որից յետոյ ուխտեալը մաքրուած է համարւում։ Քահանային են հասնում ողջակէզի կուրծքն ու ազդրը։ Դրանից յետոյ ուխտեալը կարող է գինի խմել։ 21Ահա սրանք են իրեն Տիրոջը ուխտած մարդու մասին օրէնքը եւ դրան վերաբերող ծէսը, բացի այն դէպքերից, երբ ուխտեալը ի վիճակի է իր ուխտի համար աւելին անելու։ Սա Տիրոջն արած իր ուխտը իր նուիրաբերումի չափով պէտք է կատարի» 22Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 23«Խօսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ եւ ասա՛. «Այսպէ՛ս օրհնեցէք իսրայէլացիներին եւ ասացէ՛ք նրանց. 24(իմ անունը թող դնեն իսրայէլացիների վրայ, եւ ես՝ Տէրս, կ՚օրհնեմ նրանց). 25Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, 26իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ 27Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։
7 Երբ հասաւ այն օրը, որ Մովսէսն աւարտեց խորանի կառուցումը, եւ այն պատրաստ էր կանգնեցուելու, նա օծեց այն ու դրա ամբողջ սպասքը, զոհարանն ու դրա ամբողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։ 2Իսրայէլացի իշխանները՝ նրանց նահապետների ընտանիքների տասներկու հրամանատարները, որոնք գործակալների վերակացուներ էին, նուէրներ մատուցեցին։ 3Նրանք Տիրոջ առջեւ որպէս ընծայ մատուցեցին վեց զարդարուած սայլ ու տասներկու եզ. մէկական սայլ երկու իշխանների կողմից եւ մէկական զուարակ ամէն մի իշխանի կողմից։ Նրանք այդ ընծաները բերեցին խորանի առջեւ։ 4Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 5«Ընդունի՛ր նրանցից այդ ընծաները։ Դրանք թող ծառայեն վկայութեան խորանի սպասաւորութեանը։ Դրանք կը տաս ղեւտացիներին՝ ամէն մէկին ըստ իր սպասաւորութեան»։ 6Եւ Մովսէսն ընդունելով սայլերն ու եզները՝ տուեց ղեւտացիներին։ 7Նա երկու սայլ ու չորս եզ տուեց Գերսոնի որդիներին՝ ըստ նրանց պաշտօնի։ 8Չորս սայլ եւ ութ եզ տուեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտօնի։ Մովսէսն այդ արեց Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։ 9Կահաթի որդիներին նա ոչինչ չտուեց, որովհետեւ նրանց պարտականութիւնը սրբազան սպասքը իրենց ուսերի վրայ կրելն էր։ 10Զոհասեղանի նաւակատիքի օրը, երբ նա օծեց այն, իշխաններն իրենց ընծաները բերեցին զոհասեղանի առջեւ։ 11Տէրն ասաց Մովսէսին. «Օրական միայն մի իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նաւակատիքին»։ 12Առաջին օրն իր ընծաները մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Յուդայի ցեղի իշխանը։ 13Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 14խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ ոսկէ տուփ, 15ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 16մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 17որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ամինադաբի որդի Նաասոնի ընծան։ 18Երկրորդ օրն իր ընծաները մատուցեց Սոգարի որդի Նաթանայէլը՝ Իսաքարի ցեղի իշխանը։ 19Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 20խնկով լցուած տուփ՝ տասը դահեկան արժողութեամբ, 21ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 22մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 23որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սոգարի որդի Նաթանայէլի ընծան։ 24Երրորդ օրն իր ընծաները մատուցեց Քելոնի որդի Եղիաբը՝ Զաբուղոնի որդիների իշխանը։ 25Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 26խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 27ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 28մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 29որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Քելոնի որդի Եղիաբի ընծան։ 30Չորրորդ օրն իր ընծաները մատուցեց Սեդիուրի որդի Եղիսուրը՝ Ռուբէնի որդիների իշխանը։ 31Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 32խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 33ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 34մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 35որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սեդիուրի որդի Եղիսուրի ընծան։ 36Հինգերորդ օրն իր ընծաները մատուցեց Սուրիսադայի որդի Սաղամիէլը՝ Շմաւոնի որդիների իշխանը։ 37Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 38խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 39ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 40մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 41որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սուրիսադայի որդի Սաղամիէլի ընծան։ 42Վեցերորդ օրն իր ընծաները մատուցեց Ռագուէլի որդի Եղիսափանը՝ Գադի որդիների իշխանը։ 43Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 44խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 45ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 46մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 47որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ռագուէլի որդի Եղիսափանի ընծան։ 48Եօթներորդ օրն իր ընծաները մատուցեց Եմիուդի որդի Եղիսաման՝ Եփրեմի որդիների իշխանը։ 49Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 50խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 51ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 52մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 53որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եմիուդի որդի Եղիսամայի ընծան։ 54Ութերորդ օրն իր ընծաները մատուցեց Փադասուրի որդի Գամաղիէլը՝ Մանասէի որդիների իշխանը։ 55Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 56խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 57ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 58մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 59որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Փադասուրի որդի Գամաղիէլի ընծան։ 60Իններորդ օրն իր ընծաները մատուցեց Գերսոնի որդի Աբիդանը՝ Բենիամինի որդիների իշխանը։ 61Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 62խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 63ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 64մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 65որպէս փրկութեան նուիրաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Գերսոնի որդի Աբիդանի ընծան։ 66Տասներորդ օրն իր ընծաները մատուցեց Ամիսադայի որդի Աքիեզերը՝ Դանի որդիների իշխանը։ 67Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերութիւն, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 68խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 69ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 70մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 71որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ամիսադայի որդի Աքիեզերի ընծան։ 72Տասնմէկերորդ օրն իր ընծաները մատուցեց Եքրանի որդի Փագեէլը՝ Ասերի որդիների իշխանը։ 73Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 74խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 75ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 76մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 77որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եքրանի որդի Փագեէլի ընծան։ 78Տասներկուերորդ օրն իր ընծաները մատուցեց Ենանի որդի Աքիրանը՝ Նեփթաղիմի որդիների իշխանը։ 79Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 80խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 81ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 82մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 83որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ենանի որդի Աքիրանի ընծան։ 84Ահա սրանք են զոհասեղանի նաւակատիքի օրը իսրայէլացիների իշխանների մատուցած ընծաները. տասներկու արծաթէ կոնք, տասներկու արծաթէ տաշտ, տասներկու տուփ։ 85Իւրաքանչիւր կոնքի քաշը հարիւր երեսուն սիկղ էր, իւրաքանչիւր տաշտի քաշը՝ եօթանասուն սիկղ։ Սպասքի ամբողջ արծաթը, ըստ սրբարանի սիկղի, երկու հազար չորս հարիւր սիկղ էր։ 86Խնկով լցուած ոսկէ տուփերի թիւը տասներկու էր։ Խնկամանների ամբողջ ոսկին հարիւր քսան դահեկան էր։ 87Ողջակէզի հորթերի ընդհանուր թիւը տասներկու էր, զուարակներինը՝ տասներկու, խոյերինը՝ տասներկու, մէկ տարեկան ոչ արատաւոր գառներինը՝ տասներկու, դրանց վրայ գումարած անարիւն ընծաները եւ մեղքերի քաւութեան համար այծերի հօտերից բերուած տասներկու նոխազները։ 88Որպէս ողջակէզի զոհաբերութիւն՝ արջառների ընդհանուր թիւը տասներկու էր, երինջներինը՝ քսանչորս, խոյերինը՝ վաթսուն, նոխազներինը՝ վաթսուն, մէկ տարեկան ոչ արատաւոր էգ գառներինը՝ վաթսուն։ Ահա սրանք են զոհասեղանի ընծաները, որ բերուեցին նաւակատիքից յետոյ։ 89Երբ Մովսէսը մտաւ վկայութեան խորան Տիրոջ հետ խօսելու համար, նա լսեց Տիրոջ ձայնը, որ խօսում էր իր հետ քաւութեան սեղանի վերեւից, երկու քերովբէների միջեւ դրուած վկայութեան տապանակի վրայ գտնուող տեղից։ Երկու քէրովբէների մէջտեղից էր խօսում Տէրը նրա հետ։
8 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Խօսի՛ր Ահարոնի հետ եւ ասա՛ նրան. «Երբ կանթեղները տեղադրես, այնպէս արա, որ դրանք լուսաւորեն աշտանակն առջեւի կողմից»։ 3Ահարոնն այդպէս էլ արեց. նա աշտանակի առջեւի կողմից վառեց կանթեղները, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 4Այսպիսին էր աշտանակի կառուցուածքը. նրա բունն ու շուշանաձեւ ծաղիկները համակ ձոյլ ոսկի էին։ Աշտանակը պատրաստուած էր ըստ այն օրինակի, որ Տէրն էր ցոյց տուել Մովսէսին։ 5Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Ղեւտացիներին առանձնացրո՛ւ իսրայէլացիների միջից եւ սրբագործի՛ր նրանց։ 6Այսպէս կը կատարես նրանց սրբագործումը. 7նրանց վրայ սրբագործման ջուր կը ցանես։ Նրանք թող ածիլեն իրենց ամբողջ մարմինը, լուան իրենց զգեստները եւ մաքուր լինեն։ 8Նրանք նախրից թող վերցնեն մէկ զուարակ, իւղով հունցուած ընտիր ալիւր՝ իբրեւ նուիրաբերում։ Նախրից կը վերցնես մեղքերի քաւութեան համար մէկ տարեկան հորթ, 9ղեւտացիներին կը տանես վկայութեան խորանի առջեւ, կը հաւաքես իսրայէլացի ամբողջ ժողովրդին, 10ղեւտացիներին կը բերես Տիրոջ առջեւ, եւ իսրայէլացիներն իրենց ձեռքերը կը դնեն ղեւտացիների վրայ։ 11Ահարոնը իսրայէլացիներից կ՚առանձնացնի ղեւտացիներին՝ Տիրոջը նուիրաբերելու համար նրանց, եւ նրանք կը ստանձնեն Տիրոջ սպասաւորութեան գործը։ 12Ղեւտացիներն իրենց ձեռքերը կը դնեն զուարակների գլխին։ Դրանցից մէկը կը զոհես մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը Տիրոջը ողջակէզ կ՚անես, որպէսզի քաւուեն նրանց մեղքերը։ 13Ղեւտացիներին կը կանգնեցնես Տիրոջ, Ահարոնի ու նրա որդիների առջեւ եւ կը նուիրաբերես Տիրոջը իբրեւ ընծայ։ 14Ղեւտացիներին կ՚առանձնացնես իսրայէլացիների միջից, եւ նրանք կը պատկանեն ինձ։ 15Այնուհետեւ ղեւտացիները կը մտնեն վկայութեան խորան, որպէսզի կատարեն խորանի սպասաւորութեան գործը։ Կը սրբես նրանց եւ, իբրեւ ընծայ, կը նուիրաբերես Տիրոջ առաջ, 16որովհետեւ նրանք ինձ ընծայ են տրւում իսրայէլացիների միջից։ Ես նրանց ընդունել եմ ի դիմաց իսրայէլացի բոլոր անդրանիկ ծնունդների, որոնք արգանդ են բացում, 17քանի որ իսրայէլացի բոլոր անդրանիկ ծնունդները, մարդ թէ անասուն, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, ես ինձ համար սրբագործեցի նրանց 18եւ ղեւտացիներին վերցրի ի դիմաց իսրայէլացիների բոլոր անդրանիկների։ 19Իսրայէլացիներից ես առանձնացրի ղեւտացիներին եւ նրանց տուեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի վկայութեան խորանում կատարեն իսրայէլացիների սպասաւորութեան գործը եւ սրբութիւններին մերձենալով՝ իսրայէլացիների մեղքերի քաւութեան համար զոհեր մատուցեն»։ 20Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի ամբողջ ժողովուրդը ղեւտացիների հանդէպ վարուեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։ Իսրայէլացիներն այդպէս էլ վարուեցին նրանց հանդէպ։ 21Ղեւտացիները մաքրուեցին, լուացին իրենց զգեստները եւ իրենք իրենց յանձնեցին Ահարոնին իբրեւ նուիրաբերում Տիրոջ առաջ։ Եւ Ահարոնը կատարեց նրանց մեղքերի քաւութիւնը՝ սրբագործելու համար նրանց։ 22Այնուհետեւ ղեւտացիները մտան վկայութեան խորան, որպէսզի իրենց սպասաւորութիւնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջեւ։ Ինչպէս Տէրը պատուիրել էր Մովսէսին ղեւտացիների վերաբերեալ, այդպէս էլ արեցին նրանց։ 23Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 24«Այս է ղեւտացիներին վերաբերող կարգը. քսանհինգից բարձր տարիք ունեցողները միայն իրաւունք ունեն վկայութեան խորան մտնելու, որպէսզի սպասաւորութիւն կատարեն։ 25Յիսուն տարին լրանալուց յետոյ նրանք պարտաւոր են հեռանալ սպասաւորութիւնից եւ այլեւս չեն աշխատելու։ 26Նրանք կարող են օգնել իրենց ղեւտացի եղբայրներին՝ կատարելու վկայութեան խորանի պահպանութեան գործը, բայց սպասաւորութիւն անելու իրաւունք չունեն։ Այսպէս կը կարգաւորես ղեւտացիների սպասաւորութեան գործը»։
9 Տէրը Սինայի անապատում, Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Ասա՛, որ իսրայէլացիները զատիկը թող կատարեն իր ժամանակին։ 3Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան թող կատարեն այն. իր ժամանակին, ըստ օրէնքի, ըստ ձեզ տուած իմ պայմանի թող կատարեն»։ 4Մովսէսն այդ յայտնեց իսրայէլացիներին եւ նրանք զատիկը կատարեցին 5ամսուայ տասնչորսերորդ օրուայ սկզբին, Սինայի անապատում։ Ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին իսրայէլացիները։ 6Սակայն այնտեղ եկան այնպիսիներ, որոնք մարդու դիակի հետ շփուելու պատճառով պղծուած էին եւ իրաւունք չունէին զատիկ կատարելու այդ օրը։ 7Այդ իսկ պատճառով նրանք այդ օրը եկան Մովսէսի ու Ահարոնի մօտ եւ ասացին նրանց. «Մենք մարդու դիակի հետ շփուելու պատճառով անմաքուր ենք։ Արդ, իսրայէլացիների մէջ իր ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց յետ չմնանք»։ 8Մովսէսը նրանց ասաց. «Այդտեղ սպասեցէք, տեսնեմ, թէ Տէրը ի՞նչ հրաման կը տայ ձեր վերաբերեալ»։ 9Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 10«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. «Եթէ ձեզանից մէկը մարդու դիակի հետ շփուելու պատճառով պղծուելու է եւ կամ ձեր սերնդից մէկը զատկի օրը հեռաւոր ճանապարհի վրայ գտնուելու պատճառով անմաքուր է, 11նա Տիրոջ զատիկը թող կատարի երկրորդ ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյեան՝ զատկուայ գառն ուտելով բաղարջ հացով ու դառը խոտով։ 12Գառից յաջորդ առաւօտեան ոչինչ չպէտք է մնայ, դրա ոսկորները չպէտք է ջարդեն։ Ըստ զատկի օրէնքի թող կատարեն այն։ 13Բայց այն մարդը, որ մաքուր է ու հեռու ճանապարհի վրայ չի գտնւում եւ ուշանում է զատիկը կատարելուց, թող վերանայ իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհաբերութիւնը իր ժամանակին չի կատարել։ Այդ մարդը թող կրի իր պատիժը։ 14Եթէ ձեր երկիրը գայ որեւէ օտարական եւ ցանկանայ կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի ըստ զատկի օրէնքի։ Ըստ այդ պայմանի թող կատարի այն։ Նոյն օրէնքն է ձեզ համար՝ եկուոր լինէք թէ բնիկ»։ 15Այն օրը, երբ կանգնեցուեց խորանը, ամպը ծածկեց խորանը՝ վկայութեան տունը։ Երեկոյից մինչեւ առաւօտ ամպը խորանի վրայ կրակի տեսք ունէր։ 16Այդպէս լինում էր մշտապէս. ամպն այն ծածկում էր ցերեկը, իսկ գիշերը կրակի տեսք էր ունենում։ 17Երբ ամպը վերանում էր խորանից, իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում եւ բանակատեղի դնում ամպի կանգ առած տեղում։ 18Իսրայէլացիները բանակատեղի էին դնում ըստ Տիրոջ հրամանի եւ ըստ Տիրոջ հրամանի էլ ճանապարհ էին ընկնում։ 19Այն բոլոր օրերին, երբ ամպը հովանի էր լինում խորանի վրայ, իսրայէլացիները պէտք է բանակատեղի դնէին, իսկ եթէ ամպը բազում օրեր էր մնում խորանի վրայ, իսրայէլացիները պէտք է պահէին Տիրոջ պատուէրը եւ ճանապարհ չընկնէին։ 20Եթէ պատահէր, որ ամպը խորանի վրայ հովանի անէր քիչ օրեր, նրանք բանակատեղի պէտք է դնէին։ Նրանք Տիրոջ հրամանով միայն պէտք է ճանապարհ ընկնէին։ 21Եթէ պատահէր, որ ամպը ծածկէր խորանը երեկոյից մինչեւ առաւօտ, կամ ամպը վերանար առաւօտեան, ապա ճանապարհ պէտք է ընկնէին կա՛մ ցերեկը, կա՛մ գիշերը։ Քանի դեռ ամպը չէր վերացել, նրանք չպէտք է ճանապարհ ընկնէին։ 22Եթէ անգամ մէկ ամիս մնար ամպն ու հովանի անէր խորանի վրայ, իսրայէլացիները բանակատեղի պէտք է դնէին ու ճանապարհ չընկնէին։ 23Նրանք միայն Տիրոջ հրամանով պէտք է ճանապարհ ընկնէին։ Իսրայէլացիները պահպանեցին Տիրոջ այս հրամանը, որ նա Մովսէսի միջոցով տուել էր իրենց։
10 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Արծաթից երկու կռածոյ շեփոր կը պատրաստես։ Դրանք թող ծառայեն ժողովրդին ի մի հաւաքելու եւ բանակատեղիների բնակիչներին երթի հանելու համար։ 3Երբ երկու շեփոր հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը պէտք է հաւաքուի վկայութեան խորանի դռանը։ 4Եթէ մէկ շեփոր հնչեցնեն, թող քեզ ներկայանան իշխանները՝ իսրայէլացիների հրամանատարները։ 5Երբ շեփորը առաջին անգամ հնչեցնեն, ճանապարհ թող ընկնեն արեւելեան մասում բանակատեղի դրած գնդերը։ 6Երբ երկրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հարաւային մասում բանակատեղի դրած գնդերը։ Երբ երրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն արեւմտեան մասում բանակատեղի դրած գնդերը։ Երբ չորրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հիւսիսային մասում բանակատեղի դրած գնդերը։ Գնդերը թող ճանապարհ ընկնեն ըստ շեփորի ազդարարութեան։ 7Երբ ժողովրդին հաւաքելու լինէք, շեփոր կը հնչեցնէք, բայց ոչ տագնապի։ 8Շեփորը պէտք է հնչեցնեն քահանաները՝ Ահարոնի որդիները։ Դա սերնդէսերունդ փոխանցուող յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեզ համար։ 9Եթէ ձեր երկրում պատերազմի ելնէք ձեզ ընդդիմադիր թշնամիների դէմ, շեփոր կը հնչեցնէք, կը յիշուէք Տիրոջ առաջ եւ կը փրկուէք ձեր թշնամիներից։ 10Շեփոր կը հնչեցնէք ձեր ուրախութեան օրերին, ամսուայ առաջին օրերին, ինչպէս նաեւ ողջակէզներ եւ փրկութեան համար զոհեր մատուցելիս։ Եւ Աստուած կը յիշի ձեզ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 11Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի քսանին ամպը վերացաւ վկայութեան խորանի վրայից։ 12Իսրայէլացիներն իրենց ամբողջ բազմութեամբ դուրս եկան Սինայի անապատից։ Ամպը կանգ առաւ Փառանի անապատում։ 13Իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսի միջոցով։ 14Նախ ճանապարհ ընկան Յուդայի ցեղին պատկանող գնդերն իրենց զօրքով։ Սրանց զօրքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասոնն էր։ 15Իսաքարի ցեղի զօրքի առաջնորդը Սոգարի որդի Նաթանայէլն էր։ 16Զաբուղոնի ցեղի զօրքի առաջնորդը Քելոնի որդի Եղիաբն էր։ 17Սրանց հետեւեցին Գերսոնի ու Մերարիի որդիները, որոնք իջեցնում կամ ուսերի վրայ կրում-տանում էին խորանը։ 18Ապա իրենց զօրքով շարժուեցին Ռուբէնի ցեղի գնդերը։ Նրանց զօրքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։ 19Շմաւոնի ցեղի զօրքի առաջնորդը Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր։ 20Գադի ցեղի զօրքի առաջնորդը Ռագուէլի որդի Եղիսափանն էր։ 21Շարժուեցին նաեւ Կահաթի որդիները, որոնք պէտք է փոխադրէին սուրբ սպասքը եւ կանգնեցնէին խորանը, մինչեւ որ հասնէին միւսները։ 22Ապա իրենց զօրքով շարժուեցին Եփրեմի բանակի գնդերը։ Նրանց զօրքի առաջնորդը Եմիուդի որդի Եղիսաման էր։ 23Մանասէի ցեղի զօրքի առաջնորդը Փադասուրի որդի Գամաղիէլն էր։ 24Բենիամինի ցեղի զօրքի առաջնորդը Գեդէոնի որդի Աբիդանն էր։ 25Դանի ցեղի գնդերն իրենց զօրքով ճանապարհ ընկան բոլորից յետոյ։ Նրանց զօրքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։ 26Ասերի ցեղի զօրքի առաջնորդը Եքրանի որդի Փագեէլն էր։ 27Նեփթաղիմի ցեղի զօրքի առաջնորդը Ենանի որդի Աքիրանն էր։ 28Ահա սրանք են իսրայէլացիների զօրքերը։ Իսրայէլացիները ճանապարհ ընկան իրենց զօրքով։ 29Մովսէսը մադիանացի Ռագուէլի որդի Յոբաբին՝ իր աներոջը, ասաց. «Ահա մենք շարժւում ենք դէպի այն տեղը, որ Աստուած խոստացաւ մեզ տալ։ Դու էլ արի՛ մեզ հետ, մենք քեզ լաւութիւն կ՚անենք, որովհետեւ Տէրը բարիք է խոստացել իսրայէլացիներին»։ 30Նա պատասխանեց. «Ես չեմ գնայ այնտեղ, այլ կը գնամ իմ երկիրն ու իմ ազգականների մօտ»։ 31Մովսէսն ասաց նրան. «Մեզ մի՛ լքիր, չէ՞ որ մեզ հետ էիր անապատում։ Որպէս աւագ մեր խորհրդատուն կը լինես։ 32Եթէ մեզ հետ գաս, ինչ բարիք որ մեզ անի Տէրը, նոյն բարիքն էլ մենք քեզ կ՚անենք»։ 33Իսրայէլացիները Տիրոջ լեռից հեռացան երեք օրուայ ճանապարհ։ Այդ երեք օրուայ ընթացքում Տիրոջ ուխտի տապանակը գնում էր առջեւից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։ 34Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսէսն ասում էր. «Վե՛ր կաց, Տէ՜ր, որ ցանուցիր լինեն քո թշնամիները, փախուստի մատնուեն բոլոր քեզ ատողները»։ 35Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Տէ՜ր, դարձի՛ր դէպի հազարաւոր ու բիւրաւոր իսրայէլացիները»։ 36Բանակատեղիից հեռանալու ժամանակ ամպը ցերեկը հովանի էր անում նրանց վրայ։
11 Ժողովուրդը դառնօրէն տրտնջում էր Տիրոջ դէմ։ Տէրը լսեց դա, խիստ բարկացաւ եւ նրանց վրայ կրակ թափելով՝ ոչնչացրեց բանակատեղիի բնակիչների մի մասը։ 2Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսէսի առաջ, Մովսէսն աղօթքով դիմեց Տիրոջը, եւ կրակը դադարեց։ 3Այդ վայրը կոչուեց Հրայրեաց, որովհետեւ Տէրը նրանց վրայ կրակ էր թափել։ 4Նրանց մէջ գտնուող խառնամբոխը սկսեց շատ պահանջներ ներկայացնել։ Իսրայէլացիները նստած լաց էին լինում եւ ասում. «Ո՞վ մեզ ուտելու միս կը տայ։ 5Մենք յիշեցինք ձուկը, որ Եգիպտոսում ձրի էինք ուտում, սեխը, ձմերուկը, պրասը, սոխն ու սխտորը։ 6Եւ արդ, մենք կորչում ենք, մեր աչքերը մանանայից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում»։ 7Մանանան գինձի սերմի նման սպիտակ էր ու սառոյցի տեսք ունէր։ 8Ժողովուրդը շրջում էր, մանանան հաւաքում, երկանքով աղում, սանդի մէջ ծեծում, կաթսայի մէջ եփում եւ բլիթ էր պատրաստում։ Նա քաղցր էր իւղով ու մեղրով պատրաստուած խորիզի նման։ 9Երբ գիշերը բանակատեղիի վրայ ցօղ էր իջնում, մանանան էլ նրա վրայ էր իջնում։ 10Մովսէսը լսեց գնդերի անդամներից իւրաքանչիւրի լացն իր վրանի դռան մօտ։ Տէրը դրա համար խիստ բարկացաւ, եւ դա Մովսէսին չարագուշակ երեւաց։ 11Մովսէսը հարցրեց Տիրոջը. «Տէ՜ր, ինչո՞ւ չարչարեցիր ինձ՝ քո ծառային, ինչո՞ւ քո առաջ շնորհք չգտայ, եւ այս ժողովրդի բարկութիւնն ինձ վրայ թափեցիր։ 12Միթէ ե՞ս յղացայ այս ամբողջ ժողովրդին կամ թէ ե՞ս ծնեցի նրան, որ ինձ ասում ես, թէ՝ «Առ նրան քո գիրկը, ինչպէս դայեակն է իր գիրկն առնում ծծկեր երեխային, որպէսզի նրան տանեմ այն երկիրը, որը դու խոստացար իրենց հայրերին»։ 13Արդ, ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, չէ՞ որ նրանք լաց են լինում ինձ մօտ եւ ասում. «Մեզ մի՛ս տուր, որ ուտենք»։ 14Ես միայնակ չեմ կարող կրել այս ժողովրդի բեռը, որովհետեւ իմ ուժերից վեր է դա։ 15Եթէ այդպէս ես վարուելու ինձ հետ, սպանի՛ր ինձ միանգամից, եթէ դա հաճելի է քեզ, եթէ շնորհ գտայ եւ ողորմութիւն քո կողմից, որպէսզի չտեսնեմ իմ չարչարանքները»։ 16Տէրը պատասխանեց Մովսէսին. «Իսրայէլացի ծերերի միջից ինձ համար հաւաքի՛ր եօթանասուն տղամարդ, որոնց ճանաչում ես իբրեւ ժողովրդի մէջ ամենածեր մարդիկ եւ իսրայէլացիների գրագիրներ։ Նրանց կը բերես վկայութեան խորան, եւ նրանք այնտեղ կը կանգնեն քեզ հետ։ 17Ես կ՚իջնեմ այնտեղ, կը խօսեմ քեզ հետ եւ քեզ տուածս ոգուց կ՚առնեմ ու կը դնեմ նրանց մէջ։ Նրանք ի վիճակի կը լինեն կրելու այդ ժողովրդի յանդգնութեան բեռը. եւ դու միայնակ չես կրի դա։ 18Ժողովրդին կ՚ասես. «Մաքրուեցէ՛ք վաղուայ համար, որ միս ուտէք, որովհետեւ լաց լինելով Տիրոջ առջեւ՝ ասում էիք. «Ո՞վ մեզ միս կը տայ ուտելու։ Մեզ համար լաւ էր Եգիպտոսում»։ Տէրը ձեզ միս կը տայ ուտելու, եւ դուք միս կ՚ուտէք։ 19Կ՚ուտէք ոչ թէ մէկ, երկու, հինգ օր, ոչ էլ տասը կամ քսան օր, 20այլ կ՚ուտէք ամբողջ ամսուայ բոլոր օրերին, մինչեւ որ ձեր քթից դուրս գայ, մինչեւ որ զզուէք, որովհետեւ արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մէջ է, լաց լինելով նրա առջեւ՝ ասացիք. «Մեր ինչին էր պէտք Եգիպտոսից դուրս գալ»։ 21Մովսէսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարիւր հազար հետեւակ, որոնց մէջ եմ նաեւ ես, եւ դու ասում ես, թէ՝ «Միս տամ նրանց, որ մէկ ամիս ուտեն»։ 22Եթէ անգամ մորթենք բոլոր արջառներն ու ոչխարները, կը բաւարարե՞նք նրանց, կամ եթէ հաւաքուի ծովի ամբողջ ձուկը, կը բաւարարե՞նք նրանց»։ 23Տէրը պատասխանեց Մովսէսին. «Մի՞թէ Տիրոջ ձեռքը ի վիճակի չէ դրան։ Հիմա կը համոզուես, թէ իմ ասածը կը կատարուի՞, թէ՞՝ ոչ»։ 24Մովսէսն ելաւ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ ասածը։ Նա ժողովրդի ծերերի միջից հաւաքեց եօթանասուն տղամարդկանց ու նրանց կանգնեցրեց խորանի շուրջը։ 25Տէրն իջաւ ամպի մէջ, խօսեց Մովսէսի հետ, առաւ նրան տրուած ոգուց եւ դրեց եօթանասուն ծեր տղամարդկանց մէջ։ Երբ ոգին հանգչեց նրանց վրայ, նրանք մարգարէացան բանակատեղիում, բայց դա այլեւս չկրկնուեց։ 26Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ։ Ոգին հանգչեց նրանց վրայ էլ։ Նրանք եւս այդ եօթանասուն գրանցուածների մէջ էին, խորան չէին եկել, բայց մարգարէութիւն էին անում բանակատեղիում։ 27Մի պատանի, գալով Մովսէսի մօտ, այդ մասին պատմեց նրան ու ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարէութիւն են անում բանակատեղիում»։ 28Նաւէի որդի Յեսուն՝ Մովսէսի ընտրեալ պաշտօնեան, ասաց. «Տէր Մովսէս, արգելի՛ր նրանց մարգարէութիւն անել»։ 29Մովսէսը նրան պատասխանեց. «Իմ փոխարէն դու մի՛ նախանձիր նրանց։ Երանի թէ Տէրը ամբո՛ղջ ժողովրդին մարգարէներ դարձնէր՝ իր ոգին տալով նրանց»։ 30Դրանից յետոյ Մովսէսն ու իսրայէլացի ծերերը գնացին բանակատեղի։ 31Տէրը քամի բարձրացրեց եւ ծովի կողմից լորամարգիներ բերեց-թափեց բանակատեղիի շուրջը մէկ օրուայ ճանապարհի երկարութեամբ ու գետնից երկու կանգուն բարձրութեամբ։ 32Ժողովուրդը ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, նաեւ յաջորդ օրը մինչեւ երեկոյ լորամարգի էր հաւաքում։ Ամենաքիչ հաւաքողը տաս քոռ հաւաքեց։ Մորթեցին, ապխտեցին ու փռեցին բանակատեղիի շուրջը։ 33Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին ծամել, որ Տէրը, ժողովրդի վրայ զայրացած, մեծամեծ հարուածներ հասցրեց նրանց։ 34Այդ վայրը կոչուեց Ցանկութեան գերեզմաններ, որովհետեւ այնտեղ թաղեցին բազում անկուշտ մարդկանց։ Ցանկութեան գերեզմաններից ժողովուրդը ճանապարհ ընկաւ դէպի Ասերոթ։
12 Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսէսին, քանի որ նա կնութեան էր առել մի եթովպուհու։ Մովսէսն, իրօք, եթովպացի կնոջ հետ էր ամուսնացել։ 2Նրանք ասացին. «Միթէ Տէրը միայն Մովսէ՞սի հետ խօսեց, նա նաեւ մեզ հետ չխօսե՞ց»։ Տէրը լսեց դա։ 3Մովսէսը, սակայն, շատ աւելի հեզ էր, քան երկրի վրայ ապրող բոլոր մարդիկ։ 4Տէրը միաժամանակ ասաց Մովսէսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ վկայութեան խորան գնացէք։» Նրանք երեքով գնացին վկայութեան խորան։ 5Տէրն իջաւ սիւնակերպ ամպի մէջ եւ կանգնեց վկայութեան խորանի դռան մօտ։Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, եւ նրանք երկուսով դուրս եկան։ 6Տէրն ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ խօսքերը. եթէ ձեզանից որեւէ մէկը Տիրոջ մարգարէ դառնայ, ես տեսիլքով կ՚երեւամ նրան եւ երազի մէջ կը խօսեմ նրա հետ։ 7Ո՛չ այնպէս, ինչպէս իմ ծառայ Մովսէսի հետ, որը իմ ամբողջ տան մէջ իմ հաւատարիմ մարդն է։ 8Ես նրա հետ դէմ առ դէմ, բացէիբաց եմ խօսելու եւ ոչ թէ առակներով։ Նա ականատես է եղել Տիրոջ փառքին։ Եւ ինչպէ՞ս դուք առանց երկիւղի վատաբանեցիք իմ ծառային՝ Մովսէսին»։ 9Տէրը խիստ բարկացաւ նրանց վրայ։ Նրանք գնացին եւ 10ամպը վերացաւ խորանի վրայից, իսկ Մարիամը բորոտ դարձաւ ձեան նման։ Ահարոնը նայեց Մարիամին եւ տեսաւ, որ նա բորոտ է դարձել։ 11Ահարոնն ասաց Մովսէսին. «Խնդրում եմ քեզ, տէ՛ր, մեզ վրայ մեղքեր մի՛ բարդիր, որովհետեւ չիմացանք, որ մեղք գործեցինք։ 12Մարիամը թող չնմանուի այն մեռելածին երեխային, որը, որպէս վիժուածք, ելնում է մօր արգանդից, բայց կիսատ մարմնով։ 13Մովսէսը, աղերսելով Տիրոջը, ասաց. «Խնդրում եմ քեզ, Աստուա՛ծ, բուժի՛ր նրան»։ 14Տէրն ասաց Մովսէսին. «Եթէ Մարիամի հայրը թքէր նրա երեսին, մի՞թէ նա եօթը օր չէր ամաչելու։ Ուրեմն եօթը օր նա թող հեռանայ բանակատեղիից եւ յետոյ վերադառնայ»։ 15Մարիամը եօթը օր հեռու պահուեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկաւ, մինչեւ որ մաքրուեց Մարիամը։
13 Դրանից յետոյ ժողովուրդը Ասերոթից ճանապարհ ընկաւ եւ բանակատեղի դրեց Փառանի անապատում։ 2Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մարդիկ ուղարկի՛ր, որ հետախուզեն Քանանացիների երկիրը։ 3Դա ես իսրայէլացիներին եմ տալու իբրեւ կալուածք։ Ամէն ցեղից, ըստ իրենց նահապետների ընտանիքների, որպէս գլխաւոր, մէկական մարդ ուղարկիր»։ 4Մովսէսը, ինչպէս Տէրն էր ասել, այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից։ Նրանք բոլորը իսրայէլացիների գլխաւորներն էին։ 5Սրանք են նրանց անունները. Ռուբէնի ցեղից՝ Աքուրի որդի Սաղամիէլ, 6Շմաւոնի ցեղից՝ Սուրիի որդի Սափատ, 7Յուդայի ցեղից՝ Յեփոնէի որդի Քաղէբ, 8Իսաքարի ցեղից՝ Յովսէփի որդի Գաղամ, 9Եփրեմի ցեղից՝ Նաւէի որդի Օսէս, 10Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտի, 11Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Յուդիէլ, 12Յովսէփի ցեղից՝ Մանասէի յետնորդներից՝ Գադդէ, որ որդին է Սուսիի, 13Դանի ցեղից՝ Գամայի որդի Ամիէլ, 14Ասերի ցեղից՝ Միքայէլի որդի Սաթուր, 15Նեփթաղիմի ցեղից՝ Յաբիի որդի Աբի, 16Գադի ցեղից՝ Մակքիի որդի Գուդիէլ։ 17Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տէրն ուղարկեց Քանանացիների երկիրը հետախուզելու։ Մովսէսը Նաւէի որդի Օսէսին վերանուանեց Յեսու։ 18Մովսէսը սրանց առաքեց Փառան անապատից, որպէսզի հետախուզեն Քանանացիների երկիրը, եւ ասաց նրանց. «Անապատով բարձրացէ՛ք լեռը եւ տեսէ՛ք, թէ դա ինչ երկիր է. 19այդտեղ բնակուող ժողովուրդը հզօ՞ր է արդեօք, թէ՞ առանց ղեկավարի, սակաւաթի՞ւ են, թէ՞ բազմամարդ, 20ի՞նչ վիճակում է այն երկիրը, որտեղ նրանք բնակւում են, այն բարեբե՞ր է, թէ՞ անբերրի, ի՞նչ վիճակում են այն քաղաքները, ուր բնակւում են նրանք, պարսպապա՞տ են դրանք, թէ՞ անպարիսպ, 21ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թէ՞ անպէտք, այնտեղ ծառեր կա՞ն, թէ՞՝ ոչ։ Աշխատեցէ՛ք հաւաքել երկրի պտուղներից»։ Գարնան վերջն էր՝ խաղողի հասունանալու ժամանակը։ 22Նրանք գնացին ու հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչեւ Րոոբ՝ Եփրաթի մուտքը։ 23Ապա վերադարձան անապատ եւ եկան մինչեւ Քեբրոն, որտեղ բնակւում էին Աքիմանը, Սեսին եւ Թալամին՝ Ենակի յետնորդները։ Քեբրոնը եօթը տարի առաջ էր կառուցուած, քան եգիպտացիների Տայանիս բնակավայրը։ 24Նրանք եկան մինչեւ Ողկոյզի ձորը, հետախուզեցին այն, այնտեղից կտրեցին խաղողի ողկոյզ ունեցող որթատնկի մի ճիւղ եւ ձողերի վրայ դրած տարան։ Առան նաեւ նուռ ու թուզ։ 25Իսրայէլացիներն այդ վայրն անուանեցին Ողկոյզի ձոր այն ողկոյզի պատճառով, որ այնտեղից կտրել-տարել էին։ 26Իսրայէլացիները, երկիրը քառասուն օր հետախուզելուց յետոյ, վերադարձան։ 27Նրանք եկան-հասան Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացիների ամբողջ ժողովրդի մօտ, Փառան անապատը, Կադէս։ Հետախոյզները տեղեկութիւններ հաղորդեցին նրանց ու ամբողջ ժողովրդին։ Նրանք ցոյց տուեցին երկրի բարիքները, պատմեցին նրանց 28ու ասացին Մովսէսին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Ահա սրանք են նրա բարիքները։ 29Այնտեղ բնակուող ժողովուրդը, սակայն, հզօր է, քաղաքները շատ ամուր են, պարսպապատ ու շատ մեծ։ Ենակի յետնորդներին էլ տեսանք այնտեղ։ 30Ամաղէկացիները բնակւում են երկրի հարաւային մասում, քետացիները, խեւացիները, յեբուսացիները եւ ամորհացիները՝ լեռնային շրջանում, իսկ քանանացիները՝ ծովեզերքին ու Յորդանան գետի ափին»։ 31Քաղէբը լռեցրեց Մովսէսից դժգոհող ժողովրդին՝ ասելով. «Ո՛չ, առաջ պէտք է շարժուենք ու տիրենք այդ երկրին, որովհետեւ կարո՛ղ ենք նրանց յաղթել»։ 32Նրա հետ հետախուզութեան գնացած մարդիկ, սակայն, ասացին. «Չենք յարձակուի այդ ժողովրդի վրայ, որովհետեւ նրանք մեզանից շատ աւելի հզօր են»։ 33Նրանք իսրայէլացիներին վախեցրին այն երկրով, որ հետախուզել էին, ասելով. «Այն երկիրը, ուր գնացինք հետախուզելու, իր բնակիչներին լափող երկիր է։ 34Այնտեղ մեր տեսած բոլոր մարդիկ աժդահաներ են։ Այնտեղ տեսանք նաեւ հսկաներ, որոնց համեմատութեամբ մենք մորեխներ ենք»։
14 Ամբողջ ժողովուրդը աղաղակ բարձրացրեց ու լաց եղաւ այդ ամբողջ գիշեր։ 2Բոլոր իսրայէլացիները տրտնջացին Մովսէսից ու Ահարոնից եւ ասացին. «Աւելի լաւ կը լինէր Եգիպտացիների երկրում մեռած լինէինք կամ հէնց այստեղ՝ անապատում մեռնէինք։ 3Ինչո՞ւ է Տէրը մեզ տանում այդ երկիրը, որպէսզի պատերազմում ընկնենք, իսկ մեր կանայք ու մեր զաւակները յափշտակուեն։ Արդ, աւելի լաւ է վերադառնանք Եգիպտոս»։ 4Նրանք իրար ասացին. «Հրամանատար ընտրենք եւ Եգիպտոս վերադառնանք»։ 5Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան բոլոր իսրայէլացիների առջեւ։ 6Երկիրը հետախուզողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը, պատառոտելով իրենց զգեստները, 7ասացին բոլոր իսրայէլացիներին. «Մեր հետախուզած երկիրը չափազանց լաւ է։ 8Եթէ Աստծուց բարեհաճութիւն ունենանք, նա մեզ կ՚առաջնորդի այդ երկիրը եւ այն կը տայ մեզ։ Դա մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։ 9Միայն թէ Տիրոջ դէմ չապստամբէք եւ այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետեւ մենք կը լափենք նրանց։ Տէրն արդէն լքել է նրանց, նա մեզ հետ է։ Մի՛ վախեցէք նրանցից»։ 10Ամբողջ ժողովուրդն ասաց. «Եկէք քարկոծենք նրանց»։ Այն ժամանակ Տիրոջ փառքը ամպի մէջ երեւաց վկայութեան խորանի վրայ, բոլոր իսրայէլացիների դիմաց։ 11Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ պիտի ինձ զայրացնի քո այդ ժողովուրդը, մինչեւ ե՞րբ պիտի չհաւատայ այն բոլոր հրաշքներին, որ կատարեցի նրանց մէջ։ 12Թո՛յլ տուր ինձ, որ հարուածեմ մահուամբ եւ կորստեան մատնեմ նրանց, իսկ քեզ ու քո հօր տունը այս ժողովրդից աւելի մեծ ու բազմանդամ դարձնեմ»։ 13Մովսէսն ասաց Տիրոջը. «Այժմ եգիպտացիները իմացան, որ դու ես քո մեծ ուժով այս ժողովրդին հանել իրենց միջից, 14եւ այս երկրի ամբողջ բնակիչները հասու են դարձել, որ դու ես այս ժողովրդի մէջ այն Տէրը, որ դէմ յանդիման ես երեւում։ Տէ՜ր, քո ամպը հովանի է նրանց վրայ, եւ ցերեկը դու ես սիւնակերպ ամպի մէջ գնում նրանց առաջից, իսկ գիշերը՝ կրակէ սեան նման։ 15Արդ, եթէ դու այդ ժողովրդին մի մարդու պէս ոչնչացնես, ապա քո անունը լսած ազգերը կ՚ասեն. 16«Քանի որ Տէրը չկարողացաւ այս ժողովրդին տանել իր խոստացած երկիրը, նրանց դիակները այս անապատում գետին փռեց»։ 17Արդ, թող բարձրանայ քո ձեռքը, Տէ՜ր, ինչպէս որ խօսեցիր ու ասացիր, 18թէ՝ «Տէրը համբերատար է, ողորմած ու ճշմարիտ, որ ներում է անօրէնութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, բայց եւ ամենեւին չի ներում մեղսագործներին, հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զաւակներին մինչեւ երրորդ ու չորրորդ սերունդը»։ 19Քո մեծ ողորմութեամբ ների՛ր քո ժողովրդին, ինչպէս ներել ես նրանց Եգիպտոսից ելնելուց մինչեւ հիմա»։ 20Տէրն ասաց Մովսէսին. «Կը ներեմ նրանց, ինչպէս դու ասացիր, 21բայց կենդանի եմ ես, կենդանի է իմ անունը, եւ Տիրոջ փառքը պիտի լցնի ամբողջ երկիրը։ 22Թէեւ իմ փառքը եւ Եգիպտոսում ու այս անապատում իմ գործած հրաշքները տեսան բոլոր մարդիկ, բայց տասն անգամ փորձեցին ինձ, ու չհաւատացին, 23թէ կը տեսնեն այն երկիրը, որ ես խոստացայ նրանց հայրերին։ Ես երկիրը կը տամ նրանց այն որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղեակ են չարին ու բարուն, կը տամ բոլոր անփորձ մանուկներին։ Բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի։ 24Բայց ուրիշ հոգի ունեցող եւ ինձ հետեւած իմ ծառայ Քաղէբին ես կը տանեմ այն երկիրը, ուր նա մտաւ հետախուզելու, իսկ նրա յետնորդները կը ժառանգեն այն։ 25Ամաղէկացիներն ու քանանացիները բնակւում են ձորում, բայց դուք վաղը կը վերադառնաք եւ անապատով կը գնաք դէպի Կարմիր ծով»։ 26Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 27«Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեմ այս վատ ժողովրդին, եւ դրանք պիտի տրտնջան իմ առջեւ։ 28Ես լսեցի իսրայէլացիների տրտունջը ձեր դէմ։ Արդ, նրանց կ՚ասես. «Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - եւ ես կը վարուեմ ձեզ հետ այն խօսքերի համաձայն, որ հասան իմ ականջներին. 29այս անապատում ցրիւ պիտի գան ձեր ոսկորները, գնդերը, հաշուառման ենթարկուած քսան տարեկանից բարձր եւ իմ դէմ բողոքած բոլոր մարդիկ պիտի կոտորուեն այստեղ։ 30Նրանք չպիտի մտնեն այն երկիրը, որի վրայ բարձրացնելով իմ ձեռքը՝ երդուեցի, թէ՝ «Ձեզ կը բնակեցնեմ այնտեղ, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից։ 31Իսկ ձեր զաւակները, որոնց մասին ասացիք, թէ կը յափշտակուեն, նրանց կը տամ այդ երկիրը, նրանք կը ժառանգեն այն, որից դուք նողկանքով յե՛տ քաշուեցիք։ 32Ձեր ոսկորները ցրիւ կը գան այս անապատում, 33իսկ ձեր զաւակները քառասուն տարի խոտ կը ճարակեն այս անապատում եւ կը հատուցեն ձեր հոգու պոռնկութեան դիմաց, մինչեւ որ ձեր ոսկորները փտեն այս անապատում։ 34Երկիրը հետախուզելու քառասուն օրերի թուի համեմատ ձեր գործած մեղքերի համար քառասուն տարի պիտի պատժուէք, որպէսզի ճանաչէք իմ բարկութիւնն ու ցասումը։ 35Ես՝ Տէրս, ասել եմ, որ իմ դէմ դուրս եկած վատ ժողովրդի նկատմամբ այդպէս էլ կը վարուեմ։ Նրանք այս անապատում պիտի հիւծուեն եւ այստեղ էլ պիտի մեռնեն»։ 36Եւ այն մարդիկ, որոնց Մովսէսն ուղարկել էր երկիրը հետախուզելու, եւ որոնք, վերադառնալով, ժողովրդի մէջ չարախօսեցին այդ երկրի դէմ՝ վատ համբաւ տարածելով նրա մասին, 37Տիրոջ առաջ չարաչար մեռան։ 38Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկուեցին միայն Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը։ 39Մովսէսը բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ այս պատգամները, եւ ժողովուրդը մեծապէս սգաց։ 40Վաղ առաւօտեան վեր կենալով՝ մարդիկ բարձրացան լերան գագաթը եւ ասացին Մովսէսին. «Մենք, ահա, պատրաստ ենք գնալու այն տեղը, որ Տէրը խոստացել է մեզ, որովհետեւ մեղք ենք գործել»։ 41Մովսէսը պատասխանեց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խօսքը։ Դուք յաջողութիւն չէք ունենայ։ 42Մի՛ գնացէք, որովհետեւ Տէրը ձեզ հետ չէ, դուք կ՚ընկնէք ձեր թշնամիների ձեռքից։ 43Ամաղէկացիներն ու քանանացիները այնտեղ՝ ձեր առջեւն են, եւ դուք կ՚ընկնէք նրանց սրից։ Քանի որ հեռացաք Տիրոջից եւ նրան չանսացիք, Տէրը ձեզ հետ չի լինի»։ 44Նրանք, սակայն, չլսեցին ու բարձրացան լերան գագաթը, բայց Տիրոջ ուխտի տապանակն ու Մովսէսը բանակատեղիից չշարժուեցին։ 45Լերան վրայ բնակուող ամաղէկացիներն ու քանանացիները իջան, հարուածելով սրակոտոր արեցին նրանց՝ հետապնդելով մինչեւ Հերմա։ 46Վերապրածները վերադարձան բանակատեղի։
15 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Խօսի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. «Երբ մտնէք ձեր բնակութեան երկիրը, որ ես տալու եմ ձեզ, 3ողջակէզներ արէ՛ք Տիրոջ համար, լինեն դրանք ուխտի առիթով արուող կամաւոր եւ կամ ձեր տօնակատարութիւննրի առթիւ մատուցուող նուիրաբերութիւններ, որպէսզի դրանք, որպէս անուշ բուրմունք, Տիրոջը ընդունելի լինեն։ Եթէ զոհաբերութիւնը արջառ է կամ ոչխար, 4զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաեւ քառորդ հիմէն իւղով հունցուած մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ 5Ողջակէզ եւ զոհ մատուցելիս կը նուիրաբերէք նաեւ քառորդ հիմէն գինի. իւրաքանչիւր զոհաբերուող գառան համար կը զոհաբերես նրան հասնող չափով գինի, որպէսզի դա Տիրոջ համար անուշ բուրմունք լինի։ 6Խոյ ողջակիզելիս կամ զոհաբերելիս մէկ երրորդ հիմէն իւղով հունցուած երկու տասներորդ ընտիր ալիւր կը նուիրաբերես։ 7Կը մատուցես կէս հիմէն գինի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար։ 8Եթէ Տիրոջ փրկութեան ուխտը փառաւորելու համար ողջակէզ կամ զոհ կը մատուցես արջառներից, 9զուարակի հետ կէս հիմէն իւղով հունցուած երեք տասներորդ ընտիր ալիւր կը նուիրաբերես, 10որպէս նուէր կէս հիմէն գինի՝ իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։ 11Նոյն կերպ կը վարուես մէկ զուարակի, մէկ խոյի, մէկ գառան, մէկ ոչխարի կամ այծի դէպքում, ըստ դրանց թուի։ 12Ինչ որ անէք մէկի համար, նոյնը կ՚անէք միւսի համար, ըստ դրանց թուի։ 13Բոլոր իսրայէլացիները այդպէս պէտք է վարուեն՝ նոյնպիսի ընծաներ պէտք է մատուցեն իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։ Եթէ որեւէ օտարական գայ ձեր երկիրը ձեր մէջ բնակուելու համար կամ ծնուած լինի ձեր երկրում, ընծայ թող մատուցի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար։ 14Ինչպէս դուք էք անում, նոյնպէս թող անեն օտարականն ու Տիրոջ ժողովուրդը։ 15Միեւնոյն օրէնքը պէտք է գործի ե՛ւ ձեզ համար, ե՛ւ ձեզ հետ բնակուող օտարականների համար։ Դա յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեր բոլոր սերունդների համար։ Ինչպիսին դուք էք, այդպիսին էլ պէտք է լինի օտարականը Տիրոջ առջեւ։ Միեւնոյն օրէնքը պէտք է գործի, միեւնոյն պարտականութիւնը պիտի ունենաք ե՛ւ դուք, ե՛ւ ձեր մէջ բնակուող օտարականը»։ 16Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 17«Խօսի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. 18«Երբ դուք մտնէք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ, 19եւ ուտէք երկրի հացից, 20Տիրոջը որպէս հաս կը տաք թթխմորով հունցուած հացից։ Տիրոջը որպէս հաս հաց կը տանէք, այն կը յատկացնէք Տիրոջը իբրեւ կալից ստացուած ու մատուցուած հաս։ 21Այդ հացը Տիրոջը նուիրաբերուող հաս թող լինի։ Այդպէս կը վարուէք սերնդէսերունդ։ 22Եթէ մեղանչէք եւ չկատարէք այն բոլոր պատուիրանները, որ Տէրը տուեց Մովսէսին, 23ինչպէս նաեւ այն հրամանները, որ Տէրը Մովսէսի միջոցով տուեց ձեզ այն օրը, երբ Տէրը այս պատուիրանները տուեց ձեզ եւ ձեր յետագայ սերունդներին, 24եթէ ժողովուրդն ակամայ մեղանչի, ապա ժողովուրդը նախրից բերուած ոչ արատաւոր մի զուարակ թող ողջակէզ անի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշ բուրմունք։ Նուիրաբերումը պէտք է լինի անարիւն, այլեւ՝ մի նոխազ մեղքերի քաւութեան համար։ 25Քահանան դրանով քաւած կը լինի իսրայէլացի ամբողջ ժողովրդի մեղքերը եւ թողութիւն կը տայ նրանց, որովհետեւ ակամայ էր մեղանչել ժողովուրդը։ Նրանք Տիրոջ հանդէպ ակամայ գործած իրենց մեղքերի համար որպէս ընծայ պէտք է Տիրոջը զոհ մատուցեն։ 26Այսպէս թող քաւուեն բոլոր իսրայէլացիների եւ օտարականների մեղքերը, որովհետեւ ակամայ գործած մեղքերը վերաբերում են ամբողջ ժողովրդին։ 27Եթէ մէկը ակամայ մեղք գործի, թող մի տարեկան էգ ուլ մատուցի մեղքերի քաւութեան համար։ 28Քահանան դրանով քաւած կը լինի ակամայ մեղանչած անձի՝ Տիրոջ առջեւ ակամայ մեղք գործողի մեղքերը, որպէսզի քաւութիւն լինի նրա համար։ 29Տեղաբնակ իսրայէլացիների եւ նրանց մէջ բնակութիւն հաստատած օտարականի համար թող գործի միեւնոյն օրէնքը, եթէ նրանցից որեւէ մէկը ակամայ մեղք է գործել։ 30Եթէ տեղաբնակը կամ օտարականը մեղանչի մեծամտաբար կամ գիտակցօրէն, ապա նա զայրացրած կը լինի Աստծուն։ Այդ մարդը թող վերանայ իր ժողովրդի միջից, 31որովհետեւ անարգում է Տիրոջ խօսքը եւ խախտում նրա պատուիրանները։ Ջնջուելով թող ջնջուի այդ մարդը իր ժողովրդի միջից, որովհետեւ իր մեղքերի համար ինքն է մեղաւոր»։ 32Իսրայէլացիներն այնտեղ՝ անապատում էին։ Նրանք տեսան մի մարդ, որ շաբաթ օրը փայտ էր հաւաքում։ 33Նրան տեսնողները շաբաթ օրը փայտ հաւաքողին բերեցին Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի մօտ 34եւ բանտարկեցին, որովհետեւ չէին կարողանում որոշել, թէ ինչ անեն նրան։ 35Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մահուան թող դատապարտուի այդ մարդը։ Ամբողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»։ 36Ամբողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս բերեց եւ քարկոծեց նրան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 37Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 38«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց, որ իրենց զգեստների ծայրերին ծոպեր կարեն, իսկ փեշերի ծոպերի վրայ կապոյտ թել դնեն։ 39Այս ծոպերը ձեր զգեստների վրայ պիտի լինեն, որպէսզի տեսնելով դրանք՝ յիշէք Տիրոջ պատուիրանները եւ կատարէք դրանք։ Այսպիսով դուք չէք շեղուի ձեր մտքի ու աչքերի ցանկութիւններին հետեւելով ու չէք պոռնկանայ։ 40Կը յիշէք ու կը կատարէք իմ բոլոր պատուիրանները, ձեր Աստծու առջեւ մաքուր կը լինէք, 41քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեցի Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինեմ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։
16 Խօսեցին Ղեւիի որդի Կահաթի, սրա որդի Իսահառի որդի Կորխը, Ռուբէնի որդի Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, Ռուբէնի որդի Փաղէթի որդի Օնանը, եւ իրար հետ պայմանաւորուելով՝ 2ըմբոստացան Մովսէսի դէմ։ Սրանց միացան նաեւ իսրայէլացիներից երկու հարիւր յիսուն տղամարդիկ՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անուանի մարդիկ։ 3Նրանք միացան Մովսէսի ու Ահարոնի դէմ եւ ասացին. «Բաւակա՛ն է, հասկացէ՛ք, որ ժողովուրդը մաքուր է, եւ Տէրը նրա մէջ է։ Արդ, ինչո՞ւ էք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։ 4Այդ լսելով՝ Մովսէսը երեսնիվայր ընկաւ գետին 5եւ դիմելով Կորխին ու նրա բոլոր մարդկանց՝ ասաց. «Աստուած այցի եկաւ, ճանաչեց իւրայիններին եւ մաքուրներին ու նրանց իր մօտ առաւ։ 6Ում որ չընտրեց, իր մօտ չառաւ։ Արդ, այսպէ՛ս արէք. Կո՛րխ, դու եւ քո մարդիկ բուրվառներ առէք, դրանց մէջ կրակ դրէք, կրակի վրայ խունկ, 7որ վաղը խնկարկէք Տիրոջ առաջ։ Տէրը ում որ ընտրի, նա՛ է սուրբ։ Բաւակա՛ն է ձեզ, Ղեւիի՛ որդիներ»։ 8Մովսէսն ասաց Կորխին. «Լսեցէ՛ք ինձ, Ղեւիի՛ որդիներ։ 9Մի՞թէ քիչ բան է ձեզ համար, որ Իսրայէլի Աստուածը ձե՛զ առանձնացրեց իր ժողովրդի միջից եւ ձե՛զ մերձեցրեց իրեն, որպէսզի սպասաւորէք Տիրոջ խորանում եւ ժողովրդին ծառայելու համար կանգնէք նրա առջեւ։ 10Չէ՞ որ նա քեզ եւ քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղեւիի յետնորդներին իր մօտ վերցրեց։ Հիմա պահանջում էք քահանա՞յ էլ դառնալ։ 11Դրանով դու եւ քո մարդիկ Աստծու դէմ էք ելնում։ Մի՞թէ չգիտէք, թէ ով է Ահարոնը, որ նրա դէմ էք տրտնջում»։ 12Եւ Մովսէսը մարդ ուղարկեց, որ կանչեն Եղիաբի որդիներ Դաթանին ու Աբիրոնին։ Սրանք ասացին. «Չենք գայ։ 13Մի՞թէ քիչ բան է այն, որ մեզ հանեցիր Եգիպտոսից, ուր կաթ ու մեղր էր բխում, որպէսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա մեզ սաստո՞ւմ ես եւ դո՞ւ ես ղեկավարը։ 14Մի՞թէ դու մեզ բերել ես մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, եւ մեզ դաշտեր ու այգիներ ես ժառանգութիւն տուել այնտեղ։ Մեր աչքերն էլ փորես, քեզ մօտ չենք գայ»։ 15Մովսէսը խիստ դառնացաւ եւ Տիրոջն ասաց. «Մի՛ ընդունիր նրանց զոհաբերութիւնները, որովհետեւ նրանցից ես ոչինչ չեմ առել եւ նրանցից որեւէ մէկի հանդէպ անարդար բան չեմ արել»։ 16Եւ Մովսէսն ասաց Կորխին. «Մաքրի՛ր քո մարդկանց, եւ առաւօտեան Տիրոջ առաջ պատրաստ եղէք դու եւ Ահարոնը։ 17Իւրաքանչիւրը թող առնի իր բուրվառը եւ դրա մէջ խունկ թող դնի։ Իւրաքանչիւրն իր բուրվառը մատուցի Տիրոջը՝ ընդամէնը երկու հարիւր յիսուն բուրվառ։ Դու եւ Ահարոնը նոյնպէս մատուցեցէ՛ք ձեր բուրվառները»։ 18Նրանք կրակ դրեցին դրանց մէջ, կրակի վրայ խունկ լցրին, եւ Մովսէսն ու Ահարոնը կանգնեցին վկայութեան խորանի դռանը։ 19Կորխն իր բոլոր մարդկանց հաւաքեց նրանց դիմաց, վկայութեան խորանի դռան մօտ։ Եւ Տիրոջ փառքը երեւաց ամբողջ ժողովրդին։ 20Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 21«Հեռացէ՛ք այդ ժողովրդի մօտից, որ ես միանգամից կոտորեմ սրանց»։ 22Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկնելով՝ ասացին. «Ո՛վ Աստուած, հոգիների ու բոլոր մարմինների Աստուած, եթէ մի մարդ մեղք է գործում, միթէ ամբողջ ժողովրդի՞ վրայ պիտի թափուի Տիրոջ զայրոյթը»։ 23Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 24«Խօսի՛ր ժողովրդի հետ եւ ասա՛. «Հեռացէ՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի բնակավայրի շրջապատից»։ 25Մովսէսը վեր կացաւ եւ գնաց Դաթանի ու Աբիրոնի մօտ։ Նրա հետ գնացին նաեւ իսրայէլացիների բոլոր ծերերը։ 26Մովսէսը դիմեց ժողովրդին եւ ասաց. «Հեռացէ՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, նրանց ոչ մի իրին ձեռք չտաք, որպէսզի կորստեան չմատնուէք դրանց գործած մեղքերի պատճառով»։ 27Նրանք հեռացան Կորխի վրանի շուրջը գտնուող ժողովրդից, բայց Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք, երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռան մօտ։ 28Մովսէսն ասաց. «Սրանով դուք կ՚իմանաք, որ Տէրն է ուղարկել ինձ այս բոլոր գործերը կատարելու համար, եւ ոչ թէ ես ինձանից եմ անում դրանք. 29եթէ Դաթանն ու Աբիրոնը մեռնեն մարդկային սովորական մահով, կամ դրանց պատիժը մարդկային սովորական պատժի նման լինի, ապա Տէրը չէ, որ ուղարկել ինձ։ 30Իսկ եթէ որեւէ նոր նշան ցոյց տայ Տէրը, երկիրն իր երախը բացելով կուլ տայ նրանց, նրանց ընտանիքներին վրաններով ու դրանցում եղած ամէն ինչով, ողջ-ողջ դժոխք իջնեն նրանք, ուրեմն իմացէք, որ այդ մարդիկ զայրացրել են Տիրոջը»։ 31Երբ Մովսէսն աւարտեց այս խօսքերը, նրանց ոտքի տակ պատռուեց երկիրը, 32բացուեց գետինը եւ կուլ տուեց նրանց ու նրանց ընտանիքներին, Կորխին յարած մարդկանց ու նրանց անասուններին։ 33Նրանք եւ նրանց ունեցածները ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, եւ նրանք վերացան ժողովրդի միջից։ 34Նրանց շուրջը գտնուող բոլոր իսրայէլացիները նրանց ճիչը լսելով՝ փախուստի դիմեցին, որովհետեւ հաւատացած էին, թէ գուցէ երկիրն իրենց էլ կուլ տայ։ 35Տիրոջ ուղարկած կրակն իջաւ ու ճարակեց այն երկու հարիւր յիսուն մարդկանց, որոնք խնկարկում էին։ 36Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. 37«Վերցրէ՛ք հրոյ ճարակ դարձած մարդկանց պղնձէ բուրվառները, իսկ օտար կրակը սփռեցէ՛ք հեռու, 38որովհետեւ իրենց հոգիների դէմ մեղք գործողների այդ բուրվառները սրբագործուեցին։ Այդ բուրվառները դրուագածոյ թիթեղների վերածի՛ր եւ դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետեւ դրանք մատուցուած լինելով Տիրոջը, սրբագործուած են։ Դրանք իսրայէլացիների համար ազդանշան պիտի լինեն»։ 39Ահարոն քահանայի որդի Եղիազարն առաւ հրոյ ճարակ դարձած մարդկանց մատուցած պղնձէ բուրվառները, 40դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց, որպէսզի իսրայէլացիներին յիշեցնի, որ Ահարոնից չսերած որեւէ օտար մարդ խունկ դնելու համար չմօտենայ Տիրոջը, որպէսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան յարած ամբոխի հետ։ Այդ էր Տէրը յայտնել Մովսէսի միջոցով։ 41Հետեւեալ օրն իսրայէլացիները տրտնջացին Մովսէսի ու Ահարոնի դէմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։ 42Երբ ժողովուրդը խուժեց Մովսէսի ու Ահարոնի վրայ, նրանք դիմեցին դէպի վկայութեան խորան։ Ամպը իսկոյն ծածկեց խորանը, եւ երեւաց Տիրոջ փառքը։ 43Մովսէսն ու Ահարոնը կանգնեցին վկայութեան խորանի առջեւ։ 44Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 45«Հեռացէ՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետին, 46եւ Մովսէսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մէջ զոհասեղանի վրայից վերցրած կրակ դի՛ր, դրա վրայ խունկ լցրո՛ւ, շտապ տա՛ր բանակատեղի եւ քաւութիւն խնդրի՛ր նրանց մեղքերի համար, որովհետեւ Տէրը զայրացել է եւ սկսել է կոտորել ժողովրդին»։ 47Ահարոնն առաւ բուրվառը, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը, եւ գնաց ժողովրդի մօտ։ Մարդկանց կոտորածն արդէն սկսուել էր։ Ահարոնը խունկ դրեց եւ քաւութիւն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար։ 48Նա կանգնեց սպանուած ու կենդանի մարդկանց միջեւ, եւ կոտորածը դադարեց։ 49Կոտորուածների թիւը հասաւ տասնչորս հազար եօթը հարիւր հոգու՝ չհաշուած Կորխի պատճառով մեռածները։ 50Ահարոնը վերադարձաւ Մովսէսի մօտ, վկայութեան խորանի դուռը, եւ կոտորածը դադարեց։
17 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Դիմի՛ր իսրայէլացիներին եւ նրանցից՝ նրանց ցեղերի բոլոր իշխաններից մէկական գաւազան ա՛ռ ըստ իրենց նահապետների ընտանիքների թուի՝ ընդամէնը տասներկու գաւազան։ Իւրաքանչիւր իշխանի անունը կը գրես իր գաւազանի վրայ։ 3Ահարոնի անունը կը գրես իր գաւազանի վրայ։ Իսրայէլի ամէն մի ցեղ մէկ գաւազան է տալու ըստ իր նահապետների ընտանիքների։ 4Դրանք կը դնես վկայութեան խորանում, որով պիտի երեւամ քեզ այնտեղ։ 5Թող ծաղկի այն մարդու գաւազանը, որին ես կ՚ընտրեմ։ Դրանով կը վերացնեմ ձեր դէմ ուղղուած իսրայէլացիների տրտունջը»։ 6Մովսէսն այդ հաղորդեց իսրայէլացիներին, եւ նրանց իշխանները նրան տուեցին իրենց գաւազանները. ամէն մի իշխան տուեց մէկ գաւազան՝ ըստ իրենց նահապետների ընտանիքների, ընդամէնը տասներկու գաւազան։ Դրանց մէջ էր նաեւ Ահարոնի գաւազանը։ 7Մովսէսն այդ գաւազանները դրեց Տիրոջ առջեւ, վկայութեան խորանում։ 8Յաջորդ օրը Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորան եւ տեսան, որ ծաղկել է Ղեւիի տան կողմից տրուած Ահարոնի գաւազանը. նա ճիւղեր էր արձակել, ծաղկել եւ ընկոյզ բռնել։ 9Մովսէսը գաւազաններն առաւ Տիրոջ առաջից եւ ցոյց տուեց բոլոր իսրայէլացիներին։ Նրանք տեսան այդ։ Ամէն մէկն առաւ իր գաւազանը։ 10Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնի այդ գաւազանը դի՛ր միւս վկայութիւնների կողքին ի պահ, որպէս նշան անհնազանդ որդիների, որպէսզի դադարի նրանց տրտունջն իմ դէմ, եւ նրանք չմեռնեն»։ 11Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին. նրանք այդպէս էլ արեցին։ 12Իսրայէլացիներն ասացին Մովսէսին. «Մենք կոտորւում, կորչում, նուազում ենք։ 13Ով որ մօտենում է Տիրոջ խորանին, մեռնում է։ Մի՞թէ մենք իսպառ պիտի ոչնչանանք»։
18 Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Դու, քո որդիներն ու քո նահապետական ընտանիքը պատասխանատու էք սրբարանի սպասաւորութեան նկատմամբ կատարուող մեղսագործութիւնների համար, բայց միայն դու եւ քո որդիներն էք կրելու ձեր քահանայագործութեան ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատուութիւնը։ 2Քեզ մօտ վերցրու քո եղբայրներին՝ քո նախորդը եղող Ղեւիի սերնդից՝ քո հօր ցեղից, եւ նրանք թող միանան ու թող ծառայեն քեզ։ Վկայութեան խորանում, սակայն, պիտի սպասաւորէք դու եւ քեզ հետ քո որդիները։ 3Ղեւտացիները պիտի ծառայեն քեզ եւ վկայութեան խորանի պահապանները պիտի լինեն, բայց նրանք իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպէտք է մերձենան, որպէսզի ե՛ւ նրանք, ե՛ւ դուք չմեռնէք։ 4Նրանք պիտի միանան քեզ, որ կատարուի վկայութեան խորանի պահպանութիւնն ըստ խորանի բոլոր ծառայութիւնների։ Ոչ մի օտարազգի մարդ քեզ չպիտի մօտենայ։ 5Դուք ինքներդ կը սպասարկէք սրբութիւններն ու զոհասեղանը, որպէսզի իսրայէլացիների վրայ այլեւս չիջնի Տիրոջ բարկութիւնը։ 6Ես իսրայէլացիների միջից, որպէս Տիրոջը տրուած ընծայ, վերցրի ձեր ղեւտացի եղբայրներին, որպէսզի նրանք սպասարկեն վկայութեան խորանում, 7իսկ դու եւ քեզ հետ քո որդիները վարէք քահանայութեան պաշտօնը, անէք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, վարագոյրի յետեւում գտնուող մասում կատարէք քահանայական ձեր պարտականութիւնները, իսկ այլ ազգի մարդը եթէ մօտենայ, մահուամբ պիտի պատժուի»։ 8Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Ահա ես ձեզ յանձնեցի ինձ նուիրաբերուած ընծաների պահպանութիւնը. իսրայէլացիների ինձ նուիրած ամէն ինչ իբրեւ պարգեւ տալիս եմ քեզ ու քո յետնորդներին. եւ սա թող յաւիտենական օրէնք լինի։ 9Ահա սրանք են սուրբ ընծաներից ձեզ պատկանող բաները. նրանց բոլոր զանցանքների, նրանց բոլոր մեղսագործութիւնների համար ինձ նուիրաբերուող նրանց բոլոր նուէրներից, նրանց բոլոր զոհերից քեզ եւ քո որդիներին բաժին պիտի հասնի։ 10Սուրբ վայրերում կ՚ուտէք դրանք. ով որ արու է, կարող է ուտել այն. միայն դու եւ քո արու զաւակները. եւ քեզ համար դրանք սուրբ պիտի լինեն։ 11Ձեզ պիտի պատկանեն նաեւ իսրայէլացիների մատուցած բերքի առաջին պտուղները։ Բոլոր զոհաբերութիւնները տալիս եմ քեզ եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին։ Սա թող յաւիտենական օրէնք լինի։ Քո տանը ամէն մաքուր մարդ թող ուտի այն։ 12Տիրոջը մատուցուած բերքի ընտիր իւղը, ընտիր գինին եւ ընտիր ցորենը քեզ եմ տալիս։ 13Իրենց երկրի հացաբոյսերի ամէն առաջին բերքը, որ Տիրոջն են մատուցում, թող քեզ պատկանի։ Քո տանը ամէն մաքուր մարդ թող ուտի այն։ 14Իսրայէլացիներից ինձ նուիրաբերուող ամէն ինչ քեզ թող պատկանի։ 15Ամէն մի առաջնածին, մարդ թէ անասուն, որ Տիրոջն են նուիրում, թող քեզ պատկանի։ Յետ կը գնես միայն մարդկանց անդրանիկներին։ Յետ կը գնես նաեւ անմաքուր անասունների առաջնածինները։ 16Յետգնումը թող տեղի ունենայ ծննդից մէկ ամիս անցնելուց յետոյ, իսկ դրա գինը, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ թող լինի, որը հաւասար է քսան դանգի։ 17Արջառների, ոչխարների ու այծերի առաջնածինները յետ չգնես, որովհետեւ մաքուր են։ Նրանց արիւնը կը հեղես զոհասեղանի մօտ, իսկ ճարպը ընծայ կ՚անես իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։ 18Միսը թող պատկանի քեզ, ինչպէս եւ կուրծքն ու աջ թեւը։ 19Սրբութիւններից այն ամէնը, ինչ որ իսրայէլացիները Տիրոջն են տալիս որպէս տուրք, քեզ եմ տալիս, քո զաւակներին եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին։ Դա յաւիտենական օրէնք թող լինի, որովհետեւ դա Տիրոջ առաջ Աղի ուխտ է քեզ համար եւ քեզնից յետոյ քո սերնդի համար»։ 20Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. «Նրանց երկրում ոչ մի ժառանգութիւն չպիտի ունենաս, եւ դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետեւ ես եմ քո բաժինն ու ժառանգութիւնը իսրայէլացիների մէջ»։ 21«Ես Ղեւիի որդիներին իբրեւ ժառանգութիւն եմ տալիս իսրայէլացիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայութեան համար, որ նրանք պիտի կատարեն վկայութեան խորանում։ 22Միւս իսրայէլացիները չպէտք է մերձենան վկայութեան խորանին, որպէսզի մահացու մեղքեր գործած չլինեն։ 23Միայն ղեւտացիները թող սպասարկեն վկայութեան խորանում եւ պատասխան տան իրենց գործած մեղքերի համար։ Դա յաւիտենական օրէնք թող լինի իսրայէլացիների մէջ իրենց բոլոր սերունդներում։ Ղեւտացիները ժառանգութիւն չպէտք է ունենան, 24որովհետեւ իսրայէլացիների եկամուտների տասանորդները, որ յատկացնելու են Տիրոջը իբրեւ տուրք, տուեցի ղեւտացիներին որպէս ժառանգութիւն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգութիւն չպիտի ունենան իսրայէլացիների մէջ»։ 25Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 26«Խօսի՛ր ղեւտացիների հետ ու ասա՛ նրանց. «Եթէ իսրայէլացիներից տասանորդ ստանաք, որը ես որպէս ժառանգութիւն ձեզ եմ տուել, դուք էլ դրանից պէտք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մէկ տասներորդը։ 27Ձեր տուրքը պիտի ընդունուի իբրեւ կալում գտնուող ցորեն եւ հնձանում եղած գինի։ 28Ըստ այդմ էլ դուք մաս պիտի հանէք Տիրոջը այդ տուրքից, որ պիտի ստանաք իսրայէլացիներից իբրեւ տասանորդ, եւ դրանից տուրք պիտի տաք Տիրոջը, Ահարոն քահանային։ 29Ձեր ստացած տասանորդներից Տիրոջը մաս պիտի հանէք նաեւ առաջին բերքից։ 30Դու ղեւտացիներին ասա՛. «Երբ դրանից ընտիրը նուիրաբերէք Տիրոջը, դա պէտք է ընդունուի իբրեւ կալում գտնուող ցորեն եւ հնձանում եղած գինի։ 31Դուք եւ ձեր ընտանիքները դա կարող էք ուտել ամէն տեղ, որովհետեւ դա ձեր վարձն է վկայութեան խորանում ձեր մատուցած ծառայութեան փոխարէն։ 32Եւ դրա համար դուք մեղք կրած չէք լինի. երբ որ դրանից տուրք հանէք որպէս սրբութիւն Իսրայէլի որդիներին, սրբութիւնները պղծած չէք լինի եւ չէք մեռնի»։
19 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2«Սա է այն ծիսակարգը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին՝ ասելով. «Իսրայէլացիներին ասա՛, որ քեզ մօտ բերեն ոչ արատաւոր մի կարմիր երինջ, որ բծաւոր ու լծի տակ մտած չլինի։ 3Այն կը յանձնես Եղիազար քահանային։ Թող հանեն դա բանակատեղիից դուրս մի մաքուր տեղ եւ մորթեն նրա առջեւ։ 4Եղիազարը թող առնի նրա արիւնից եւ եօթն անգամ ցանի վկայութեան խորանի դիմաց։ 5Երինջը թող այրեն նրա առջեւ. դրա մորթը, միսն ու արիւնը թող այրեն իր աղտեղիքի հետ։ 6Քահանան թող վերցնի մի եղեւնու փայտ, զոպայ ու կարմիր թել եւ նետի այրուող երինջի վրայ։ 7Քահանան իր հագուստներն ու մարմինը լուանալուց յետոյ թող մտնի բանակատեղի։ Քահանան, սակայն, մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի։ 8Երինջն այրողը ջրով թող լուանայ իր հագուստներն ու մարմինը եւ անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։ 9Մի մաքուր մարդ թող հաւաքի այրուած երինջի մոխիրը եւ կուտակի բանակատեղիից դուրս մի մաքուր տեղ։ Իսրայէլացի ժողովրդի համար դա պիտի պահուի որպէս մեղքերի մաքրման ջուր, քանի որ դա սրբութիւն է։ 10Երինջի մոխիրը հաւաքողը թող լուանայ իր մարմինն ու հագուստները եւ անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։ Դա իսրայէլացի ժողովրդի ու նրա մօտ ապրող օտարականների համար յաւիտենական օրէնք թող լինի»։ 11«Ով որ դիպչի մեռած մարդու դիակին, եօթն օր թող անմաքուր համարուի։ 12Նա պէտք է մաքրուի երրորդ ու եօթներորդ օրերը, որից յետոյ մաքուր կը համարուի։ Իսկ եթէ երրորդ ու եօթներորդ օրերը չմաքրուի, մաքուր չի համարուի։ 13Ով որ դիպչի մեռած կամ մեռնելու վրայ եղող մարդու դիակի ու չմաքրուի, նա պղծած է լինում Տիրոջ խորանը։ Այդ մարդը թող վերանայ իսրայէլացիների միջից։ Քանի որ մեղքերի մաքրման ջուր չցանուեց նրա վրայ, նա անմաքուր է, որովհետեւ նրա անմաքրութիւնը մնում է նրա մէջ։ 14Տան մէջ մեռնող մարդու մասին ծիսակարգը հետեւեալն է. ով որ մտնի այդ տունը, եւ ինչ որ կայ այդ տան մէջ, թող անմաքուր համարուի եօթը օր։ 15Բաց, կափարիչով չծածկուած կամ բերանը չկապած որեւէ աման անմաքուր թող համարուի։ 16Ով որ դաշտում բնական կամ բռնի մահով մեռած մարդու դիակի, ոսկորի կամ գերեզմանի դիպչի, եօթն օր թող պիղծ համարուի։ 17Անմաքուր համարուածի համար թող առնեն մեղքերի մաքրման համար այրուած երինջի մոխրից, դնեն մի ամանի մէջ եւ վրան ջուր աւելացնեն։ 18Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան եւ այն սուրբ ջրի մէջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնուող մարդկանց վրայ, ինչպէս նաեւ մարդու ոսկորին, բնական կամ բռնի մահով մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տուած մարդու վրայ։ 19Մի մաքուր մարդ երրորդ ու եօթներորդ օրերը այդ անմաքուր մարդու վրայ ջուր թող ցանի, եւ նա եօթներորդ օրը մաքուր թող համարուի։ Նա ջրով թող լուանայ իր հագուստներն ու մարմինը եւ մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի։ 20Այն մարդը, որ անմաքուր է, բայց չի ցանկանայ մաքրուել, թող վերանայ իր ժողովրդի միջից, որովհետեւ նա Տիրոջ սրբարանն է պղծել, մեղքերի մաքրման ջրով չի լուացուել եւ անմաքուր է։ 21Դա ձեզ համար յաւիտենական օրէնք թող լինի։ Մեղքերի մաքրման լուացում կատարողը պէտք է լուանայ իր հագուստները։ Ով որ դիպչում է մեղքերի մաքրման այդ ջրին, նա մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի։ 22Ինչի էլ որ դիպչի անմաքուրը, մինչեւ երեկոյ թող դա անմաքուր համարուի, իսկ ով դիպչի անմաքուր մարդուն, նա էլ մինչեւ երեկոյ անմաքուր թող համարուի»։
20 Իսրայէլացիները ամբողջ ժողովրդի հետ առաջին ամսին եկան Սինայի անապատ, եւ ժողովուրդը բանակատեղի դրեց Կադէսում։ Մարիամը վախճանուեց այնտեղ ու այնտեղ էլ թաղուեց։ 2Ժողովուրդը խմելու ջուր չունէր, ուստի հաւաքուեց Մովսէսի ու Ահարոնի գլխին։ 3Մովսէսի դէմ գանգատուելով՝ մարդիկ ասում էին. «Աւելի լաւ կը լինէր, եթէ մենք էլ մեռնէինք, երբ Տիրոջ առջեւ կոտորւում էին մեր եղբայրները։ 4Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ կոտորուենք մենք ու մեր անասունները։ 5Ինչո՞ւ հանեցիք մեզ Եգիպտացիների երկրից, որ գանք հասնենք այս վատ տեղը, ուր ո՛չ սերմ կը լինի ցանել, ո՛չ սեխ կայ, ո՛չ այգիներ, ո՛չ նռնենիներ եւ ո՛չ իսկ խմելու ջուր»։ 6Մովսէսն ու Ահարոնը ժողովրդի մօտից գնացին վկայութեան խորանի դուռը եւ երեսնիվայր ընկան գետին։ Եւ Տիրոջ փառքը երեւաց նրանց։ 7Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 8Վերցրո՛ւ գաւազանը, դու եւ քո եղբայր Ահարոնը ժողովրդին հաւաքեցէ՛ք, նրանց ներկայութեամբ ասացէ՛ք այդ ապառաժին, եւ նա կը տայ իր ջուրը։ Այդ ապառաժից ջուր կը հանէք եւ կը խմեցնէք ժողովրդին ու նրանց անասուններին»։ 9Մովսէսն առաւ Տիրոջ առջեւ գտնուող գաւազանը, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն։ Մովսէսն ու Ահարոնը ժողովրդին հաւաքեցին ապառաժի դիմաց։ 10Մովսէսն ասաց նրանց. «Լսեցէ՛ք ինձ, ապստամբնե՛ր, հնարաւո՞ր է, որ այս ապառաժից ձեզ համար ջուր հանենք»։ 11Եւ Մովսէսն իր ձեռքը բարձրացնելով՝ երկու անգամ հարուածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, եւ ժողովուրդն ու անասունները խմեցին։ 12Տէրն ասաց Մովսէսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհաւատացիք, որ ես կարող եմ ինձ սրբացնել իսրայէլացիների առջեւ, ուստի դուք այդ ժողովրդին չէք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տուել»։ 13Այդ աղբիւրը կոչուեց Հակաճառութեան ջուր, որովհետեւ իսրայէլացիները հակաճառել էին Տիրոջ առջեւ։ Եւ նա սրբացաւ նրանց մէջ։ 14Մովսէսը Կադէսից պատգամաւորներ ուղարկեց եդոմացիների արքայի մօտ եւ ասաց. «Այսպէս են ասում քո եղբայր իսրայէլացիները. «Դու ինքդ տեղեակ ես այն բոլոր նեղութիւններին, որ կրեցինք մենք, 15թէ ինչպէս մեր հայրերը գնացին Եգիպտոս, ուր պանդուխտ էինք երկար ժամանակ, թէ եգիպտացիները ինչքան չարչարեցին մեզ ու մեր հայրերին։ 16Մենք բողոք բարձրացրինք Տիրոջ առջեւ, նա լսեց մեր ձայնը եւ հրեշտակ ուղարկելով՝ մեզ հանեց Եգիպտոսից։ Եւ հիմա մենք Կադէս քաղաքում ենք, քո երկրի սահմանների մօտ։ 17Արդ, պիտի անցնենք քո երկրով։ Մենք ո՛չ քո դաշտերով կ՚անցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կը խմենք քո ջրհորներից։ Արքունի ճանապարհներով կը գնանք, աջ կամ ձախ չենք շեղուի, մինչեւ որ դուրս գանք քո սահմաններից»։ 18Եդոմացիների արքան նրանց ասաց. «Իմ երկրով չանցնէք, ապա թէ ոչ պատերազմի կ՚ելնեմ ձեր դէմ»։ 19Իսրայէլացիներն ասացին նրան. «Լերան մօտով կ՚անցնենք։ Եթէ մենք ու մեր հօտերը խմենք քո ջրից, քեզ դրա գինը կը տանք։ Մենք շատ բան չենք պահանջում, թող անցնենք լերան մօտով»։ 20Նա պատասխանեց. «Չանցնէք իմ երկրով»։ Եւ եդոմացիները իսրայէլացիների դէմ ելան մեծ ու լաւ զինուած զօրքով։ 21Եդոմացիները չցանկացան իսրայէլացիներին ճանապարհ տալ իրենց երկրի սահմանների միջով, ուստի իսրայէլացիները խուսափեցին նրանցից։ 22Նրանք Կադէսից դուրս գալով՝ եկան Հոր լեռը։ 23Տէրը Հոր լերան վրայ, Եդոմացիների երկրի սահմանի մօտ, խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 24«Ահարոնը մեռնելով թող միանայ իր նախնիների մեռելներին։ Նա չի մտնելու այն երկիրը, որ ես տուել եմ իսրայէլացիներին, որովհետեւ դուք ինձ բարկացրիք Հակաճառութեան ջրի հարցում։ 25Ահարոնին ու նրա որդի Եղիազարին ամբողջ ժողովրդի ներկայութեամբ բարձրացրո՛ւ Հոր լեռը։ 26Ահարոնի վրայից հանի՛ր նրա պատմուճանը եւ այն հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին, եւ Ահարոնն այնտեղ թող մեռնի ու միանայ իր նախնիների մեռելներին»։ 27Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն. նա ամբողջ ժողովրդի ներկայութեամբ Ահարոնին բարձրացրեց Հոր լեռը, 28նրա վրայից հանեց նրա զգեստները եւ դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին։ 29Ահարոնը մեռաւ լերան գագաթին, իսկ Մովսէսն ու Եղիազարը իջան լեռից։ 30Ամբողջ ժողովուրդը տեսաւ, որ վախճանուեց Ահարոնը, եւ բոլոր իսրայէլացիները երեսուն օր ողբացին Ահարոնի մահը։
21 Արադի քանանացի արքան, որը բնակւում էր անապատում, լսեց, որ իսրայէլացիները գալիս են Աթարինի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ եւ նրանցից գերիներ վերցրեց։ 2Իսրայէլացիները Տիրոջ հետ ուխտ անելով՝ ասացին. «Եթէ մեր ձեռքը յանձնես այդ ժողովրդին, մենք նրան ու նրա քաղաքները կը կործանենք»։ 3Տէրը լսեց իսրայէլացիներին եւ քանանացիներին մատնեց նրանց ձեռքը։ Իսրայէլացիները նրանց ու նրանց քաղաքները կործանեցին եւ այդ վայրը կոչեցին Նզովք։ 4Հոր լեռից շարժուելով դէպի Կարմիր ծովը տանող ճանապարհով, նրանք շրջանցեցին Եդոմը։ Ժողովուրդը յուսահատուեց ճանապարհին 5եւ սկսեց գանգատուել Աստծուց ու Մովսէսից։ Նրանք ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կայ եւ ո՛չ ջուր։ Մենք զզուել ենք այս խղճուկ սննդից»։ 6Տէրը կոտորող օձեր ուղարկեց ժողովրդին, որոնք խայթում էին մարդկանց. իսրայէլացիներից շատերը մեռան։ 7Իսրայէլացիները գալով Մովսէսի մօտ՝ ասացին. «Մեղք ենք գործել, որովհետեւ չարախօսել ենք Տիրոջն ու քեզ։ Արդ, աղօթի՛ր Տիրոջը, որ նա մեր միջից վերացնի այդ օձերը»։ Մովսէսն աղօթեց Տիրոջը ժողովրդի համար։ 8Տէրն ասաց Մովսէսին. «Դու մի պղնձէ օձ պատրաստի՛ր եւ այն դի՛ր ձողի վրայ։ Երբ օձը մարդ խայթի, եւ օձից խայթուողը նայի քո սարքած օձին, կը փրկուի»։ 9Մովսէսը պղնձէ օձ պատրաստեց եւ այն դրեց ձողի վրայ։ Օձից խայթուողը, նայելով պղնձէ օձին, կենդանի էր մնում։ 10Իսրայէլացիները ճանապարհ ընկան ու բանակատեղի դրեցին Օբոթում։ 11Օբոթից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Աքեղգայում՝ անապատի այն կողմում, որը Մովաբի դիմաց է գտնւում, նրանից արեւելք։ 12Այնտեղից էլ դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Զարեդ ձորում։ 13Այնտեղից էլ դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Առնոնից այն կողմ, անապատում, ամորհացիների սահմանների ելքի մօտ. Առնոնը գտնւում է մովաբացիների ու ամորհացիների սահմանների միջեւ։ 14Դրա համար էլ գրքում գրուած է. «Տիրոջ պատերազմը կրակի մատնեց Զովոբն ու Առնոնի ձորը։ 15Նա ձորում բնակուողներին տարաւ բնակեցնելու Էրում, որը սահմանակից էր Մովաբին»։ 16Դրանից այն կողմ Ջրհորն էր։ Դա այն ջրհորն է, որի մասին Տէրն ասաց Մովսէսին. «Հաւաքի՛ր ժողովրդին, որ ես նրանց խմելու ջուր տամ»։ 17Այն ժամանակ իսրայէլացիները ջրհորի մօտ այս երգը երգեցին. 18«Փառաբանեցէ՜ք այն ջրհորը, որ փորեցին իշխանները,այն խորացրին յղկեցին ազգերի թագաւորներըիրենց թագաւորութեան եւ տիրապետութեան ժամանակ»։Իսրայէլացիներն այդ ջրհորի մօտից գնացին դէպի Մանթանին, 19Մանթանինից՝ Մանայէլ, Մանայէլից՝ Բամոթ, 20Բամոթից՝ Անայէն, որը գտնւում է Մովաբացիների դաշտում՝ Կոփածոյ կոչուած լերան գագաթի մօտ, որ նայում է դէպի անապատ։ 21Մովսէսն ամորհացիների արքայի մօտ պատգամաւորներ ուղարկեց խաղաղութեան խօսքերով։ Նա ասաց. «Թո՛յլ տուր անցնենք քո երկրով։ 22Ճանապարհով կը գնանք, չենք շեղուի ո՛չ դաշտերի, ո՛չ էլ այգիների մէջ եւ ո՛չ իսկ քո ջրհորներից ջուր կը խմենք։ Արքունի ճանապարհով կը գնանք, մինչեւ որ անցնենք քո սահմաններից»։ 23Սեհոնն իսրայէլացիներին թոյլ չտուեց անցնել իր սահմաններով։ Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին ու իսրայէլացիների դէմ պատերազմելու ելաւ անապատում։ Նա եկաւ Սիասար եւ պատերազմ մղեց իսրայէլացիների դէմ։ 24Իսրայէլացիները նրանց կոտորեցին եւ տիրեցին նրա երկրին Առնոնից մինչեւ Յաբոկ, մինչեւ Ամմոնացիների երկիրը, որովհետեւ Յազերը ամոնացիների սահմանն էր։ 25Իսրայէլացիները գրաւեցին այդ շրջանի բոլոր քաղաքները եւ բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա ամբողջ շրջակայքում, 26որովհետեւ Եսեբոնը ամորհացիների արքայ Սեհոնի քաղաքն էր։ Նա անցեալում պատերազմ էր մղել մովաբացիների արքայի դէմ ու գրաւել նրա ամբողջ երկիրը Արոյերից մինչեւ Առնոն։ 27Դրա համար բոլոր վիպերգակներն ասում են. «Եկէ՛ք Եսեբոն, որ կառուցուի ու բարեկարգուի Սեհոնի քաղաքը, 28քանզի հուր ելաւ Եսեբոնից, եւ բոց՝ Սեհոնի քաղաքից, այրեց մինչեւ Մովաբ եւ լափեց Առնոնի արձանները։ 29Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ։ Նրանց այրերը փախուստի մատնուեցին, նրանց դուստրերը գերի ընկանամորհացիների թագաւորի ձեռքը։ 30Նրանց սերունդները թող կոտորուեն Եսեբոնից մինչեւ Դեբոն, եւ նրանց կանայք կրակով բորբոքուեցինՄովաբի վրայ»։ 31Իսրայէլացիները բնակուեցին ամորհացիների բոլոր քաղաքներում։ 32Մովսէսը մարդ ուղարկեց, որ հետախուզեն Յազերը։ Իսրայէլացիները գրաւեցին այն ու նրա աւանները եւ դուրս քշեցին այնտեղ բնակուող ամորհացիներին։ 33Այնտեղից իսրայէլացիները դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով։ Եդրինայում նրանց դէմ պատերազմի ելաւ Բասանի թագաւոր Օգը իր ամբողջ ժողովրդով։ 34Տէրն ասաց Մովսէսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը։ Նրա հետ կը վարուես այնպէս, ինչպէս վարուեցիր Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնի հետ»։ 35Եւ իսրայէլացիները հարուածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, մինչեւ որ նրանցից ոչ մի մարդ կենդանի չմնաց, եւ իրենք սեփականացրին նրանց երկիրը։
22 Իսրայէլացիներն այնտեղից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Մովաբի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց։ 2Սեպփորի որդի Բաղակը տեսաւ այն ամէնը, ինչ իսրայէլացիներն արել էին ամորհացիներին։ 3Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետեւ նրանք շատ էին։ Մովաբացիները վախեցան իսրայէլացիներից, 4ուստի նրանք ասացին Մադիամի ծերակոյտին. «Հիմա իսրայէլացիները մեր շրջակայքում գտնուող ամէն ինչ լափում են այնպէս, ինչպէս արջառն է խժռում դաշտի դալար խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այդ ժամանակ մովաբացիների արքան էր։ 5Նա պատգամաւորներ ուղարկեց Բէորի որդի Բաղաամի մօտ, Փաթուրն քաղաքը, իր ազգակիցների երկիրը, գետեզերքի մօտ, որպէսզի կանչի նրան ու ասի. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել երկրի երեսը եւ իջեւանել ինձ մօտ։ 6Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին, որովհետեւ ինձանից ուժեղ է նա։ Թերեւս կարողանանք կոտորել նրանցից շատերին ու հալածել մեր երկրից։ Գիտեմ, որ այն, ինչ դու օրհնում ես, օրհնուած է, եւ ինչ դու անիծում ես՝ անիծուած է»։ 7Մովաբացիների ծերակոյտն ու Մադիամի ծերակոյտը գնացին։ Նրանց ձեռքում կար բախտագուշակութիւնների համար տրուելիք վարձը։ Նրանք եկան Բաղաամի մօտ եւ յայտնեցին Բաղակի պատգամները։ 8Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացէ՛ք այստեղ, եւ ես պատասխան կը տամ այն բաների մասին, ինչ Տէրը կը յայտնի ինձ»։ Եւ մովաբացի իշխանները գիշերեցին Բաղաամի մօտ։ 9Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ նրան ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մօտ են»։ 10Բաղաամը պատասխանեց Աստծուն. «Մովաբացիների արքայ Սեպփորի որդի Բաղակն է ուղարկել նրանց ինձ մօտ եւ ասել. 11«Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել երկրի երեսը եւ իջեւանել ինձ մօտ։ Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր նրանց, որպէսզի թերեւս կարողանամ նրանց կոտորելով՝ հալածել իմ երկրից»։ 12Աստուած ասաց Բաղաամին. «Մի՛ գնա նրանց հետ եւ մի՛ անիծիր ժողովրդին, որովհետեւ նա օրհնեալ է»։ 13Առաւօտեան վեր կենալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին. «Վերադարձէ՛ք ձեր տիրոջ մօտ, որովհետեւ Աստուած թոյլ չի տալիս ինձ, որ գամ ձեզ հետ»։ 14Մովաբացի իշխանները, վեր կենալով, եկան Բաղակի մօտ ու ասացին. «Բաղաամը չկամեցաւ գալ մեզ հետ»։ 15Բաղակը սրանցից էլ աւելի շատ եւ պատուաւոր իշխաններ ուղարկեց։ 16Բաղաամի մօտ գալով՝ նրանք ասացին. «Այսպէս է ասում Սեպփորի որդի Բաղակը. «Աղաչում եմ քեզ, շտապ ինձ մօտ արի՛, 17որովհետեւ մեծապէս պատուելու եմ քեզ, եւ ինչ էլ ասես, կ՚անեմ քեզ համար։ Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին»։ 18Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին. «Եթէ Բաղակն ինձ անգամ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տայ, ես չեմ կարող ոտնահարել Տէր Աստծու խօսքը, Տիրոջը հակառակ մեծ կամ փոքր բան կատարել։ 19Արդ, այս գիշեր մնացէ՛ք այստեղ, որպէսզի իմանամ, թէ Տէրը էլ ինչ կ՚ասի ինձ»։ 20Գիշերն Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց կ՚անես այն, ինչ ես կ՚ասեմ քեզ»։ 21Բաղաամն առաւօտեան վեր կենալով՝ համետեց իր էշը եւ գնաց մովաբացի իշխանների հետ։ 22Աստուած խիստ բարկացաւ, որ նա գնում է։ Աստծու հրեշտակը եկաւ, կանգնեց նրա առաջ որպէս հակառակորդ։ Բաղաամը նստել էր իր էշի վրայ, եւ նրա հետ էին իր երկու ծառաները։ 23Երբ էշը տեսաւ, որ Աստծու հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին փակել է ճանապարհը, մի կողմ քաշուեց ճանապարհից եւ գնում էր դաշտի միջով։ Բաղաամը գաւազանով հարուածեց էշին, որպէսզի ուղղի նրան դէպի ճանապարհը։ 24Աստծու հրեշտակը կանգնեց այգիների առուամիջին։ Այգիները այս ու այն կողմից ցանկապատեր ունէին։ 25Էշը տեսնելով Աստծու հրեշտակին՝ նետուեց պատի կողմը եւ ճզմեց Բաղաամի ոտքը։ Նա սկսեց աւելի սաստիկ հարուածել էշին։ 26Աստծու հրեշտակը դարձեալ գնաց կանգնեց նեղ տեղում, որտեղից էշն այլեւս չէր կարող աջ կամ ձախ թեքուել։ 27Էշը տեսնելով Աստծու հրեշտակին՝ կքեց Բաղաամի տակ։ Բաղաամը բարկացաւ եւ էշին հարուածեց գաւազանով։ 28Աստուած բացեց էշի լեզուն, եւ էշն ասաց Բաղաամին. «Քեզ ի՞նչ եմ արել, որ երրորդ անգամ հարուածում ես ինձ»։ 29Բաղաամն էշին ասաց. «Որովհետեւ ինձ ծաղրուծանակի ենթարկեցիր։ Եթէ սուր լինէր ձեռքիս, կը խոցոտէի քեզ»։ 30Էշն ասաց Բաղաամին. «Ես այն էշը չե՞մ, որի վրայ դու հեծել ես քո մանկութեան օրից մինչեւ այսօր։ Ես երբեւէ ծուլացե՞լ եմ ու քեզ այսպէս ծառայել»։ 31Նա պատասխանեց՝ ո՛չ։ Աստուած բացեց Բաղաամի աչքերը, եւ նա տեսաւ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրայ։ Նա երեսնիվայր ընկնելով՝ երկրպագեց։ 32Աստծու հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երրորդ անգամ հարուածեցիր քո էշին։ Ես, ահա, քեզ խանգարելու եմ, որովհետեւ դու ուղիղ ճանապարհի վրայ կանգնած չես։ 33Էշդ ինձ տեսաւ ու երրորդ անգամ լինելով մի կողմ քաշուեց, եւ եթէ ինձնից չխուսափէր, հիմա ես քեզ սպանած կը լինէի, իսկ դրան կը թողնէի կենդանի»։ 34Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք եմ գործել, որովհետեւ չգիտէի, թէ դու էիր ճանապարհս փակողը։ Արդ, եթէ քեզ ցանկալի չէ գնալս, կը վերադառնամ»։ 35Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛յշ եղիր եւ խօսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ»։ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։ 36Բաղակը լսելով, որ գալիս է Բաղաամը, ընդառաջ գնաց նրան մովաբացիների քաղաքում, որը Առնոնի՝ մովաբացիների սահմանի մօտ է։ 37Բաղակն ասաց Բաղաամին. «Մարդ չե՞մ ուղարկել, որ քեզ կանչեն ինձ մօտ։ Ինչո՞ւ չէիր գալիս ինձ մօտ. կարծում էիր, թէ ի վիճակի չէ՞ի քեզ պատուելու։ 38Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մօտ։ Արդ, կարո՞ղ եմ մի բան ասել։ Բայց կ՚ասեմ այն, ինչ Աստուած կը դնի իմ բերանը»։ 39Բաղաամը գնաց Բաղակի հետ եւ հասաւ ամարանոցային քաղաքը։ 40Բաղակը արջառ ու ոչխար մորթեց եւ ուղարկեց Բաղաամին ու այն իշխաններին, որ նրա հետ էին։ 41Երբ առաւօտ եղաւ, Բաղակն իր հետ առնելով Բաղաամին՝ նրան հանեց Բահաղի սեան մօտ եւ այնտեղից նրան ցոյց տուեց իսրայէլացի ժողովրդի մի մասը։
23 Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար եօթը բագին կառուցի՛ր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր»։ 2Բաղակն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակէզ արեց ամէն մի բագինի վրայ։ 3Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ. գուցէ Աստուած ընդառաջ գալով՝ երեւայ ինձ։ Այն, ինչ նա ցոյց կը տայ ինձ, կը հաղորդեմ քեզ»։ Բաղակը կանգնեց իր մատուցած զոհի մօտ։ Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու։ 4Նա ուղիղ առաջ էր գնում։ Աստուած երեւաց Բաղաամին, եւ Բաղաամն ասաց նրան. «Եօթը բագին պատրաստեցի եւ ամէն մի բագինի վրայ մէկական զուարակ ու խոյ ողջակիզեցի»։ 5Աստուած Բաղաամի բերանը դրեց այս խօսքերը. «Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր նրան այն, ինչ ասացի»։ 6Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզների մօտ։ Այնտեղ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները։ 7Աստծու հոգին իջաւ Բաղաամի վրայ, եւ նա առակի ձեւով ասաց. «Մովաբացիների Բաղակ արքան ինձ կանչեց Միջագետքից՝ Արեւելքի լեռներից, եւ ասաց. « Արի նզովի՛ր Յակոբին ինձ համար, նզովի՛ր նաեւ Իսրայէլին ինձ համար»։ 8Բայց ես ինչպէ՞ս նզովեմ նրան, որին Տէրը չի նզովում, կամ ի՞նչն անիծեմ, որ Աստուած չի անիծում։ 9Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կայ մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակուի, ազգերի մէջ չպիտի դասուի։ 10Ո՞վ է ճշտել Յակոբի սերնդի թիւը, ո՞վ է հաշուել Իսրայէլի ցեղերը։ Երա՜նի թէ ես մեռնէի այդ արդար մարդկանց հետ, եւ իմ յետնորդները լինէին նրա յետնորդների նման»։ 11Բաղակն ասաց Բաղաամին. «Այդ ի՞նչ արեցիր։ Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնելով օրհնեցիր նրանց»։ 12Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թէ քեզ չասացի, թէ ինչ որ Աստուած իմ բերանը դնի, այն էլ կը հաղորդեմ քեզ»։ 13Բաղակն ասաց նրան. «Դարձեալ ինձ հետ արի՛ մի ուրիշ տեղ, որտեղից իսրայէլացիներին ամբողջութեամբ չես տեսնի, այլ կը տեսնես նրանց մի մասը։ Այնտեղից նրանց անիծի՛ր ինձ համար»։ 14Նա վերցրեց նրան ու գնաց բարձրանիստ մի ագարակ, Կոփածոյ լերան գագաթը, այնտեղ կառուցեց եօթը բագին եւ ամէն մի բագինի վրայ զոհեց մէկական զուարակ ու խոյ։ 15Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ Աստծու մօտ հարցում անելու»։ 16Աստուած ընդառաջ եկաւ Բաղաամին, խօսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր ասելիքս»։ 17Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզի մօտ։ Նրա հետ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները։ Բաղակը հարցրեց նրան. «Ի՞նչ խօսեց Տէրը»։ 18Բաղաամն առակի ձեւով պատասխանեց նրան. «Վե՛ր կաց, Բաղա՜կ, եւ լսի՛ր, իբրեւ վկայ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփորի որդի։ 19Աստուած մարդու նման չէ, որ արթնանայ, եւ ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնայ։ Դու ասացիր, թէ չի անի, կ՚ասի, բայց չի իրականացնի։ 20Արդ, ես հրաման եմ ստացել, որ օրհնեմ, ուրեմն կ՚օրհնեմ եւ չեմ հրաժարուի դրանից։ 21Յակոբի սերունդները թող նեղութիւն չկրեն, Իսրայէլի յետնորդները յոգնութիւն չզգան։ Նրանց Տէր Աստուածը իրենց հետ է, իշխանների փառքն ու պատիւը՝ նրանց մէջ։ 22Աստուա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից, եւ նա միեղջերուի նման իր վրայ փառք է կրում։ 23Յակոբի յետնորդների մէջ կախարդութիւն անող չկայ, ոչ էլ Իսրայէլի յետնորդների մէջ՝ մոգութիւն։ Ժամանակին թող յայտնուի Յակոբի ու Իսրայէլի սերունդներին, ինչ որ կատարելու է Աստուած։ 24Ահա այդ ժողովուրդն իբրեւ առիւծի կորիւն ոտքի պէտք է ելնի եւ իբրեւ առիւծ պէտք է պարծենայ։ Նա չի քնելու, մինչեւ չլափի իր զոհին, չխմի խոցոտուածների արիւնը»։ 25Բաղակն ասաց Բաղաամին. «Ինձ համար նրան անիծելով մի՛ անիծիր, եւ ոչ էլ օրհնելով օրհնիր նրան»։ 26Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Քեզ հետ չխօսեցի՞, չասացի՞, թէ՝ «Ինչ որ Աստուած կ՚ասի ինձ, այն էլ կ՚անեմ»։ 27Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի այլ տեղ, գուցէ դա հաճոյ լինի Աստծուն, եւ ինձ համար դու այնտեղից անիծես իսրայէլացիներին»։ 28Բաղակը Բաղաամին տարաւ կատարը Փոգոր լերան, որը դէպի անապատ է ձգւում։ 29Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ եւս եօթը բագին կառուցի՛ր եւ ինձ համար այստեղ եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր»։ 30Բաղակն արեց այնպէս, ինչպէս նրան ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակիզեց բագինների վրայ։
24 Բաղաամը տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայէլին օրհնելը, այլեւս հմայութիւնների չդիմեց, ինչպէս սովոր էր, այլ երեսը դարձրեց դէպի անապատ։ 2Բաղաամն իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ իսրայէլացիները բանակատեղի են դրել ըստ ցեղերի։ Աստծու հոգին իջաւ նրա վրայ, 3եւ նա առակի ձեւով ասաց. «Բէորի որդի Բաղաամն ասում է. 4«Ես՝ ճշմարտատես այրս, որ Աստծու տեսիլը տեսաւ քնի մէջ իր բաց աչքերով։ 5Ինչքա՜ն գեղեցիկ են քո տները, Յակո՛բ, եւ քո վրանները, Իսրայէ՛լ։ 6Դրանք նման են հովանի անող անտառների, գետերի ափին գտնուող բուրաստանների, Տիրոջ կանգնեցրած վրանների, վազող ջրերի ափին գտնուող մայրիների։ 7Այդ սերնդից պիտի ծնուի մի մարդ, որ պիտի տիրի բազում ազգերի։ Նրա թագաւորութիւնը Գոգի թագաւորութիւնից հզօր պիտի լինի, նրա թագաւորութիւնը պիտի բարգաւաճի։ 8Աստուած ժողովրդին առաջնորդեց Եգիպտոսից, եւ նա միեղջերուի նման իր վրայ փառք է կրում։ Նա պիտի լափի իր թշնամի ժողովուրդներին, նրանց գիրութիւնը պիտի հիւծի եւ իր նետերով նետահար պիտի անի իր թշնամիներին։ 9Նա փռուած պիտի հանգստանայ նման առիւծի, նման առիւծի կորիւնի։ Ո՞վ կը համարձակուի զարթնեցնել նրան։ Իսրայէ՜լ, թող օրհնուեն քեզ օրհնողները, եւ անիծուեն քեզ անիծողները»։ 10Բաղակը բարկացաւ Բաղաամի վրայ եւ ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպէսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու, ահա, օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։ 11Արդ, թող ու փախի՛ր քո տեղը։ Ուզում էի պատուել քեզ, բայց Տէրը զրկեց քեզ փառքից»։ 12Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թէ ինձ մօտ ուղարկած քո բանագնացներին չասացի. 13«Եթէ Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի էլ տայ, ես չեմ կարող ոտնահարել Տիրոջ խօսքը եւ ոչ էլ կարող եմ ինձնից լաւ կամ վատ դարձնել այն։ Ինչ որ ասի Աստուած, այն էլ խօսելու եմ»։ 14Իսկ հիմա ահա գնում եմ իմ տեղը։ Արի՛ քեզ յայտնեմ, թէ ինչ է անելու այդ ժողովուրդն առաջիկայում քո ժողովրդին»։ 15Եւ նա առակի ձեւով ասաց. «Խօսում է Բէորի որդի Բաղաամը՝ ճշմարտատես այն մարդը, 16որ լսել է Աստծու պատգամները եւ հմուտ է Բարձրեալի գիտութեանը,քնի մէջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։ 17Ես ցոյց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մօտ ժամանակում։ Ծագելու է Յակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու իսրայէլացիներից եւ կոտորելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սէթի բոլոր յետնորդներին։ 18Նա պիտի ժառանգի Եդոմացիների երկիրը, որ պատկանում է իր թշնամի Եսաւին։Եւ այդ ամէնը իսրայէլացիները պիտի իրականացնեն իրենց ուժով։ 19Յակոբի ցեղից պիտի կանգնի այդ այրըեւ պիտի կոտորի այդ քաղաքից փրկուածներին»։ 20Ամաղէկացիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամաղէկացիները ազգերի գլուխն են, բայց կորստեան պիտի մատնուի նրանց սերունդը»։ 21Կինեցիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամուր է քո բնակավայրը, բայց եթէ քարանձաւներում էլ դնես քո բոյնը, 22եթէ անգամ Բէորի հմտութեամբ կառուցուի ձեր բոյնը, միեւնոյնն է, ասորեստանցիները գերեվարելու են ձեզ»։ 23Ապա առակի կարգով ասաց. Ո՞վ ողջ կը մնայ, եթէ Աստուած այս բաներն անի։ 24Կիտացիները կը գան ու կը չարչարեն ասորեստանցիներին ու եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կը կորչեն»։ 25Եւ վեր կենալով՝ Բաղաամը վերադարձաւ, գնաց իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր երկիրը։
25 Իսրայէլացիները բանակատեղի դրեցին Սատտիմում եւ պղծուեցին այնտեղ մովաբացիների դուստրերի հետ պոռնկանալով։ 2Մովաբացի կանայք իսրայէլացիներին հրաւիրեցին իրենց կուռքերի պատուին զոհ մատուցելու ծէսին։ Իսրայէլացիները կերան մովաբացիների մատուցած զոհերից ու երկրպագեցին նրանց կուռքերին։ 3Իսրայէլացիները յարեցին Բէլփեգորին, որի համար Տէրը խիստ բարկացաւ իսրայէլացիների վրայ։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ քո ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախի՛ր նրանց Տիրոջ առջեւ՝ արեգակի դէմ, որպէսզի Տիրոջ զայրոյթը վերանայ իսրայէլացիների վրայից»։ 5Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Ամէն մէկը թող կոտորի Բէլփեգորին յարած իր հարազատին»։ 6Մի անգամ մի իսրայէլացի մարդ Մովսէսի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի ներկայութեամբ իր եղբօրը բերեց մի մադիանացի կնոջ մօտ։ Իսրայէլացիները լաց էին լինում վկայութեան խորանի դռանը։ 7Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսը, տեսնելով դա, վեր կացաւ ժողովրդի միջից եւ իր ձեռքն առնելով տէգը՝ 8այդ տղամարդու յետեւից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից։ Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը։ 9Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ։ 10Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 11«Փենեէսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, վերացրեց իսրայէլացիների նկատմամբ ունեցած իմ զայրոյթը, քանի որ նա նրանց նկատմամբ նոյնքան անհաշտ էր, որքան ես։ Եւ ես իսրայէլացիներին իմ բարկութեամբ չոչնչացրի։ 12Եւ հիմա այսպէս կ՚ասես. «Ես, ահա, նրա հետ խաղաղութեան ուխտ եմ կնքում։ 13Նրան եւ նրա յետնորդներին յաւիտենական քահանայութիւն եմ խոստանում ի դիմաց այն բանի, որ նա իր Աստծու փոխարէն վրէժխնդիր լինելով՝ քաւեց իսրայէլացիների մեղքերը»։ 14Մադիանացի կնոջ հետ սպանուած իսրայէլացի տղամարդու անունը Զամբրի էր։ Նա Սաղոմի որդին էր՝ Շմաւոնի յետնորդներին պատկանող ընտանիքի իշխանը, 15իսկ սպանուած մադիանացի կնոջ անունը Քազբի էր։ Նա մադիանացի նահապետական ընտանիքից Ամոթի ցեղի Սուր իշխանի դուստրն էր։ 16Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 17«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛. «Դարձէ՛ք մադիանացիների թշնամին, հարուածեցէ՛ք նրանց, 18որովհետեւ նրանք ձեր նենգ թշնամիներն են. նրանք ձեզ դաւեցին Փոգորի պատճառով, նաեւ մադիանացի իշխանի դուստր Քազբիի՝ իրենց քրոջ պատճառով, որն սպանուեց Փոգորի համար սկսուած կոտորածների օրը»։
26 Այդ կոտորածից յետոյ Տէրը խօսեց Մովսէսի ու Եղիազար քահանայի հետ եւ ասաց. 2«Հաշուառման ենթարկեցէ՛ք իսրայէլացիների քսան տարեկանից բարձր մարդկանց ըստ իրենց նահապետների ընտանիքների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»։ 3Մովսէսն ու Եղիազար քահանան Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց ասացին իսրայէլացիներին. 4«Դուք՝ Եգիպտոսից ելած իսրայէլացիներդ, հաշուառման ենթարկեցէ՛ք քսան տարեկանից բարձր մարդկանց, ինչպէս Տէրը հրամայել է Մովսէսին։ 5Հաշուառման ենթարկուեցին Ռուբէնը՝ Իսրայէլի անդրանիկ որդին, Ռուբէնի որդիներ Ենոքը եւ Ենոքի ընտանիքը, Փալլուսը եւ Փալլուսի ընտանիքը, 6Ասրոմը եւ Ասրոմի ընտանիքը, Քարմին եւ Քարմիի ընտանիքը։ 7Սա Ռուբէնի տոհմն է. նրանց թիւը քառասուներեք հազար եօթը հարիւր երեսուն է։ 8Փալլուսի որդի Եղիաբը, Եղիաբի որդիներ Յամուէլը, Դաթանը եւ Աբիրոնը։ 9Սրանք իսրայէլացիների մէջ երեւելի մարդիկ էին. սրանք են, որ Տիրոջ դէմ ապստամբել էին, երբ Կորխի յետնորդների հետ յարձակուել էին Մովսէսի ու Ահարոնի վրայ, 10եւ երկիրը բացելով իր երախը՝ կուլ էր տուել նրանց ու Կորխին իր ժողովրդի հետ։ Կրակը լափել էր երկու հարիւր յիսուն հոգի, որպէսզի միւսների համար դա դաս լինի։ Կորխի որդիները, սակայն, չմեռան։ 11Հաշուառման ենթարկուեցին Շմաւոնի որդիները եւ Շմաւոնի որդիների տոհմերը. 12Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը, Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յաքինը եւ Յաքինի շառաւիղը, 13Զարան եւ Զարայի շառաւիղը, Մաւուլը եւ Մաւուլի շառաւիղը։ 14Սրանք են Շմաւոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քսաներկու հազար երեք հարիւր հոգի։ 15Հաշուառման ենթարկուեցին Յուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսը եւ Զարան։ Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում։ 16Յուդայի որդիներն ու նրանց շառաւիղներն են՝ Սելոմը եւ Սելոմի շառաւիղը, Փարէսը եւ Փարէսի շառաւիղը, Զարան եւ Զարայի շառաւիղը։ 17Փարէսի որդիներ Ասրոնը եւ Ասրոնի շառաւիղը, Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը։ 18Սրանք են Յուդայի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին եօթանասունվեց հազար հինգ հարիւր հոգի։ 19Հաշուառման ենթարկուեցին Իսաքարի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Թողան եւ Թողայի շառաւիղը, Փուան եւ Փուայի շառաւիղը, Յասուբը եւ Յասուբի շառաւիղը, Ամրանը եւ Ամրանի շառաւիղը։ 20Սրանք են Իսաքարի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար երկու հարիւր հոգի։ 21Այնուհետեւ՝ Զաբուղոնի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սարեդը եւ Սարեդի շառաւիղը, Ալլոնը եւ Ալլոնի շառաւիղը, Աղէլը եւ Աղէլի շառաւիղը։ 22Սրանք են Զաբուղոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։ 23Այնուհետեւ՝ Գադի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սափոնը եւ Սափոնի շառաւիղը, Անգին եւ Անգիի շառաւիղը, Սունին եւ Սունիի շառաւիղը, 24Ազենին եւ Ազենիի շառաւիղը, Ադդին եւ Ադդիի շառաւիղը, 25Արուադին եւ Արուադիի շառաւիղը, Արիէլը եւ Արիէլի շառաւիղը։ 26Սրանք են Գադի որդիների տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասունչորս հազար հինգ հարիւր հոգի։ 27Այնուհետեւ՝ Ասերի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յեսուն եւ Յեսուի շառաւիղը, Բարիան եւ Բարիայի շառաւիղը, 28Քոբէրը եւ Քոբէրի շառաւիղը, Մելքիէլը եւ Մելքիէլի շառաւիղը։ 29Ասերի դստեր անունն էր Սարա։ 30Սրանք են Ասերի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուներեք հազար վեց հարիւր հոգի։ 31Այնուհետեւ՝ Յովսէփի որդիները եւ նրանց շառաւիղները՝ Մանասէն եւ Եփրեմը։ 32Այնուհետեւ՝ Մանասէի որդիներ Մաքիրը եւ Մաքիրի շառաւիղը։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Գաղաադը եւ Գաղաադի շառաւիղը։ 33Այնուհետեւ՝ Գաղաադի որդիներ Աքիեզերը եւ Աքիեզերի շառաւիղը, Քեղէգը եւ Քեղէգի շառաւիղը, 34Եսրիէլը եւ Եսրիէլի շառաւիղը, Սիւքէմը եւ Սիւքէմի շառաւիղը, 35Սիմային եւ Սիմայիի շառաւիղը, Ոփերը եւ Ոփերի շառաւիղը։ 36Ոփերի որդի Սաղպաադը արու զաւակներ չունեցաւ, այլ՝ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անուններն են՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։ 37Սրանք են Մանասէի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին յիսուներկու հազար եօթը հարիւր հոգի։ 38Այնուհետեւ՝ Եփրեմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սուտաղան եւ Սուտաղայի շառաւիղը, Տանաքը եւ Տանաքի շառաւիղը։ 39Սուտաղայի որդի Եդենը եւ Եդենի շառաւիղը։ 40Սրանք են Եփրեմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսուներկու հազար հինգ հարիւր հոգի։ Ահա սրանք են Յովսէփի որդիներն ու նրանց շառաւիղները։ 41Այնուհետեւ՝ Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Բալէն եւ Բալէի շառաւիղը, Ասիբերը եւ Ասիբերի շառաւիղը, Յաքիրանը եւ Յաքիրանի շառաւիղը, 42Սափանը եւ Սափանի շառաւիղը։ 43Բալէի որդիներն են՝ Ադարը, Նոյեմանը եւ Նոյեմանի շառաւիղը։ 44Սրանք են Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսունհինգ հազար հինգ հարիւր հոգի։ 45Այնուհետեւ՝ Դանի որդիներն ըստ իրենց շառաւիղների. Սամին եւ Սամիի շառաւիղը։ Սրանք են Դանի տոհմերը ըստ իրենց շառաւիղների։ 46Սամիի տոհմերը, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար վեց հարիւր հոգի։ 47Այնուհետեւ՝ Նեփթաղիմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Ասիէլը եւ Ասիէլի շառաւիղը, Գօնին ու Գօնիի շառաւիղը, 48Յեսերը եւ Յեսերի շառաւիղը, Սելլեմը եւ Սելլեմի շառաւիղը։ 49Սրանք են Նեփթաղիմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուն հազար երեք հարիւր հոգի։ 50Իսրայէլացիների ընդհանուր թիւը, այսպիսով, եղաւ վեց հարիւր մէկ հազար եօթը հարիւր երեսուն։ 51Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 52«Ըստ մարդկանց թուի սրանց միջեւ թող բաժանուի երկիրը որպէս սեփականութիւն։ 53Նրանց քանակին համապատասխան պէտք է աւելանայ նրանց բաժինը եւ, սակաւութեան համեմատ, նուազի նրանց բաժինը։ Թող իւրաքանչիւրին ժառանգութեան բաժին տրուի ըստ հաշուառման։ 54Երկիրը թող բաժանուի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետների ցեղերի թող բաժին ստանան։ 55Բազմանդամ ու սակաւաթիւ ընտանիքները վիճակ գցելով թող ստանան իրենց բաժինը։ 56Ահա հաշուառման ենթարկուած Ղեւիի որդիներն ըստ իրենց տոհմերի. Գեթսոնը եւ Գեթսոնի շառաւիղը, Կահաթը եւ Կահաթի շառաւիղը, Մերարին եւ Մերարիի շառաւիղը։ 57Սրանք են Ղեւիի որդիների ենթատոհմերը. Ղոբենիի շառաւիղը, Քեբրոնի շառաւիղը, Կորխի շառաւիղը եւ Մուսիի շառաւիղը։ 58Կահաթը ծնեց Ամրամին։ Նրա կնոջ անունն էր Յոքաբեթ, որ Ղեւիի դուստրն էր եւ որը Ղեւիի ցեղի համար Եգիպտոսում Ամրամից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու Մարիամին՝ նրանց քրոջը։ 59Ահարոնը ծնեց Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։ 60Նաբադն ու Աբիուդը մեռան, երբ Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում Սինայի անապատում։ 61Ղեւիի ցեղի մէկ ամսականից բարձր արական սեռին պատկանողների թիւը, ըստ հաշուառման, կազմեց քսաներեք հազար հոգի։ Սրանք հաշուառման ենթարկուած իսրայէլացիների մէջ չընդգրկուեցին, քանի որ, ի տարբերութիւն իսրայէլացիների, հողաբաժին չէր հասնում նրանց։ 62Այս է Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց Մովսէսի ու Եղիազար քահանայի կատարած իսրայէլացիների հաշուառումը։ 63Սրանց մէջ չկար իսրայէլացիներից որեւէ մարդ, որ հաշուառման ենթարկուած չլինէր Սինայի անապատում Մովսէսի եւ Ահարոնի կողմից, 64քանի որ Տէրը նրանց մասին ասել էր, թէ՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եւ, իրօք, նրանցից ոչ ոք չմնաց, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից։
27 Մովսէսի մօտ եկան Յովսէփի որդի Մանասէից սերուած Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սաղպաադի դուստրերը, որոնց անուններն էին՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։ 2Նրանք կանգնելով Մովսէսի, Եղիազար քահանայի, իշխանների եւ ողջ ժողովրդի առաջ, վկայութեան խորանի դռանը, ասացին. 3«Մեր հայրը մեռաւ այնտեղ՝ անապատում։ Նա Կորխի՝ Տիրոջ դէմ ընդվզած ամբոխի մէջ չէր։ Նա մեռաւ իր այլ մեղքի համար՝ առանց որդիներ ունենալու։ 4Արդ, թէեւ նա որդի չունեցաւ, բայց մեր հօր անունը թող չջնջուի իր ցեղի միջից նրա համար, որ որդի չունեցաւ։ Մեզ բաժին տուէ՛ք մեր հօր եղբայրներին հաւասար»։ 5Մովսէսը նրանց պահանջը ներկայացրեց Տիրոջ առաջ։ 6Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց. 7«Ճիշտ են ասում Սաղպաադի դուստրերը։ Նրանց նոյնպէս բաժին տո՛ւր իրենց հօր եղբայրներին հաւասար. իրենց հօր հասանելիք բաժինը կը յատկացնես նրանց։ 8Իսրայէլացիներին բացատրելով՝ կ՚ասես. «Եթէ մեռնող մարդը որդի չի ունենում, նրա ժառանգութիւնը պէտք է անցնի իր դստերը։ 9Եթէ նա դուստր չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք իր եղբօրը։ 10Եթէ նա եղբայր էլ չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք իր հօրեղբօրը։ 11Եւ եթէ հօրեղբայրներ էլ չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք նրա մերձաւոր ազգականին։ Նրա ունեցածը իր ցեղից որեւէ մէկը թող ժառանգի։ Դա իսրայէլացիների համար դատաստանական օրէնք թող լինի, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»։ 12Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր այն կողմում գտնուող Նաբաւ լեռը եւ դիտի՛ր Քանանացիների երկիրը, որը ես իսրայէլացիներին եմ տալու որպէս կալուածք։ 13Կը տեսնես այն, որից յետոյ դու եւս մեռնելով՝ կը միանաս քո նախնիներին, ինչպէս քո եղբայր Ահարոնը մեռաւ Հոր լերան վրայ, 14որովհետեւ ոտնակոխ արեցիք իմ պատգամները Սին անապատում, երբ ժողովուրդը չցանկացաւ ինձ սրբացնել. նրա ներկայութեամբ դուք ինձ չսրբացրիք, եւ մարդիկ ջրի պակասութիւն զգացին» (Խօսքը վերաբերում էր Սին անապատի Հակաճառութեան ջրին)։ 15Մովսէսն ասաց Տիրոջը. 16«Հոգիների ու բոլոր էակների ո՜վ Տէր Աստուած, այս ժողովրդի վրայ մի մարդ նշանակի՛ր, 17որ կարողանայ առաջնորդել նրան, որ հանի եւ տանի նրան այստեղից, որպէսզի Տիրոջ այս ժողովուրդը չնմանուի այն ոչխարներին, որոնք հովիւ չունեն»։ 18Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Վերցրո՛ւ Նաւէի որդի Յեսուին, որի մէջ Հոգի կայ, եւ ձեռքդ դի՛ր նրա վրայ։ 19Նրան կը կանգնեցնես Եղիազար քահանայի առջեւ եւ ամբողջ ժողովրդի ներկայութեամբ պատուէր կը տաս նրան։ Այո՛, պատուէր կը տաս նրան նրանց առաջ։ 20Քո իշխանութիւնից որոշ բաժին կը տաս նրան, որպէսզի իսրայէլացիները հնազանդուեն նրան։ 21Նա թող կանգնի Եղիազար քահանայի առաջ, եւ թող նրան հարցեր տան Տիրոջ իրաւունքների մասին։ Եղիազարի խօսքով պիտի շարժուեն, գործեն բոլորը՝ Յեսուն եւ իսրայէլացի ամբողջ ժողովուրդը միաբան»։ 22Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրը պատուիրել էր իրեն։ Յեսուին վերցնելով՝ Մովսէսը նրան բերեց Ահարոն քահանայի որդի Եղիազարի ու ամբողջ ժողովրդի առջեւ։ 23Նա իր ձեռքերը դրեց նրա վրայ եւ առաջնորդ կարգեց նրան, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
28 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Պատուիրի՛ր իսրայէլացիներին եւ նրանց ասա՛. «Հետամո՛ւտ եղէք, որ իբրեւ անուշ բուրմունք ինձ մատուցուող ընծաները, զոհաբերութիւնները եւ կերակուրները մատուցուեն իմ սահմանած տօներին»։ 3Նրանց կ՚ասես. «Սրանք են այն զոհաբերութիւնները, որ պիտի մատուցուեն Տիրոջը. մշտապէս օրական երկու ոչ արատաւոր գառ՝ իբրեւ ողջակէզ։ 4Մի գառը կը զոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կը զոհես երեկոյեան։ 5Ապա կը մատուցես քառորդ դորակ իւղով հունցուած մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ 6Սրանք են այն ողջակէզները, որ իբրեւ անուշ բուրմունք ամէն օր մատուցւում էին Տիրոջը Սինա լերան վրայ։ 7Պիտի ընծայաբերես նաեւ քառորդ դորակ գինի ամէն մի գառան համար։ Գինին սուրբ վայրում կը մատուցես Տիրոջը։ 8Երկրորդ գառը երեկոյեան կը զոհես, որի հետ կը մատուցես ընտիր ալիւրն ու գինին իբրեւ անուշ բուրմունք Տիրոջը»։ 9«Շաբաթ օրը կը մատուցես նաեւ մի տարեկան ոչ արատաւոր երկու գառ եւ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ 10Ողջակէզի յաւելեալ նուէրն է դա իւրաքանչիւր շաբաթ օրուայ համար, բացի ամէն օրուայ ողջակէզից ու գինուց»։ 11«Ամսուայ առաջին օրերին Տիրոջը ողջակէզ կը մատուցէք նախրից բերուած երկու զուարակ, մէկ խոյ, մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։ 12Ամէն մի զուարակի հետ պէտք է լինի իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, ամէն մի խոյի հետ՝ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 13ամէն մի գառան հետ՝ իւղով հունցուած մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր՝ իբրեւ անուշ բուրմունք՝ առաքուած Տիրոջը։ 14Ամէն մի զուարակի հետ պէտք է ընծայաբերէք կէս դորակ գինի, իսկ ամէն մի գառան հետ՝ մէկ քառորդ դորակ գինի։ Այս ողջակէզները պիտի մատուցէք իւրաքանչիւր ամսուայ առաջին օրը, տարուայ բոլոր ամիսներին։ 15Ամէն օրուայ ողջակէզից ու նուէրից բացի, մեղքերի քաւութեան համար Տիրոջը պէտք է մատուցուի մէկ նոխազ»։ 16«Առաջին ամսի տասնչորսերորդ օրը Տիրոջ զատիկն է։ 17Նոյն ամսի տասնհինգերորդ օրը տօն է։ 18Եօթը օր բաղարջ կ՚ուտէք։ Առաջին օրը սուրբ է ձեզ համար. այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք։ 19Նախրից բերուած երկու զուարակ, մէկ խոյ, մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ կը մատուցէք Տիրոջն իբրեւ ողջակէզ ու ընծայ։ 20Ամէն մի զուարակի հետ պէտք է մատուցուի իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իսկ ամէն մի խոյի համար՝ երկու տասներորդ։ 21Եօթը գառներից ամէն մէկի հետ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր կ՚ընծայաբերէք, 22իսկ մեղքերի քաւութեան համար կ՚ընծայաբերէք նաեւ մէկ նոխազ։ 23Եւ դա կ՚անէք բացի ամէն օր առաւօտեան կատարուող ողջակէզից։ 24Դա, իբրեւ անուշ բուրմունք, ողջակէզ կը մատուցէք Տիրոջը ամէն մի եօթներորդ օրը, ըստ նշուած կարգի։ Ողջակէզի մշտական զոհը գինու հետ կը մատուցէք։ 25Եօթներորդ օրը նոյնպէս սուրբ է ձեզ համար։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք»։ 26«Երախայրիքների օրը, երբ Տիրոջը շաբաթական նուէր էք մատուցում, թող սուրբ լինի ձեզ համար. դուք ոչ մի աշխատանք չպէտք է կատարէք։ 27Տիրոջն իբրեւ անուշ բուրմունք նախրից բերուած երկու զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ ողջակէզ պիտի մատուցէք։ 28Ամէն մի զուարակի հետ պիտի նուիրաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, ամէն խոյի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ 29Եօթը գառներից ամէն մէկի համար մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր կը բերէք։ 30Կը նուիրաբերէք նաեւ մէկ նոխազ մեղքերի քաւութեան համար։ 31Այդ բոլորը կ՚ընծայաբերէք, բացի ամենօրեայ ողջակէզից։ Սրանց հետ նաեւ՝ ընտիր ալիւրն ու գինին։ Զոհաբերուող բոլոր կենդանիները պէտք է լինեն ոչ արատաւոր»։
29 «Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք։ Յիշատակելի օր թող լինի դա ձեզ համար։ 2Տիրոջը իբրեւ անուշ բուրմունք ողջակէզ կ՚անէք նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։ 3Իւրաքանչիւր զուարակի հետ կը մատուցէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իւրաքանչիւր խոյի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր 4եւ եօթը գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 5իսկ մեղքերի քաւութեան համար՝ մէկ նոխազ։ 6Իւրաքանչիւր ամսուայ առաջին օրը կատարուող ողջակէզից բացի, ըստ սահմանուած կարգի, կը մատուցէք նաեւ ընտիր ալիւրն ու գինին իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք»։ 7«Այդ եօթներորդ ամսուայ տասներորդ օրը եւս ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի։ Այդ օրը ծոմ կը պահէք եւ ոչ մի աշխատանք չէք կատարի։ 8Տիրոջ համար իբրեւ անուշ բուրմունք ողջակէզ կը մատուցէք նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։ 9Իւրաքանչիւր զուարակի հետ կ՚ընծայաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, իւրաքանչիւր խոյի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 10իսկ եօթը գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ 11Մեղքերի քաւութեան համար կը զոհաբերէք մէկ նոխազ։ Բացի մեղքերի քաւութեան զոհերից, ըստ սահմանուած կարգի, կը մատուցէք նաեւ ամենօրեայ ողջակէզը, ընտիր ալիւրն ու գինին իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք»։ 12«Նոյն այդ եօթներորդ ամսուայ տասնհինգերորդ օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի. ոչ մի աշխատանք չկատարէք եւ եօթը օր Տիրոջ տօնը կը տօնէք։ 13Իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք հետեւեալ ընծաները կ՚անէք. առաջին օրը՝ նախրից բերուած տասներեք զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 14Տասներեք զուարակներից իւրաքանչիւրի հետ կ՚ընծայաբերէք իւղով հունցուած երեք տասներորդ գրիւ ընտիր ալիւր, երկու խոյերից իւրաքանչիւրի հետ՝ երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր, 15տասնչորս գառներից իւրաքանչիւրի հետ՝ մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։ 16Կը զոհաբերէք նաեւ մէկ նոխազ մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։ 17Երկրորդ օրը կը մատուցէք տասներկու զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 18Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 19Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։ 20Երրորդ օրը կը մատուցէք տասնմէկ զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 21Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 22Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։ 23Չորրորդ օրը կը մատուցէք տասը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 24Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 25Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։ 26Հինգերորդ օրը կը մատուցէք ինը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 27Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասախան։ 28Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։ 29Վեցերորդ օրը կը մատուցէք ութ զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 30Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 31Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։ 32Եօթներորդ օրը կը մատուցէք եօթը զուարակ, երկու խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր տասնչորս գառ։ 33Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 34Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։ 35Ութերորդ օրը ձեր տօնի վերջին օրը թող լինի։ Ոչ մի աշխատանք չկատարէք այդ օրը։ 36Իբրեւ Տիրոջ համար անուշ բուրմունք ողջակէզ կը մատուցէք մէկ զուարակ, մէկ խոյ եւ մի տարեկան ոչ արատաւոր եօթը գառ։ 37Զուարակների, խոյերի ու գառների հետ մատուցուող ընտիր ալիւրն ու գինին, ըստ սահմանուած կարգի, թող լինեն նրանց քանակին համապատասխան։ 38Մէկ նոխազ էլ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար, բացի ամենօրեայ ողջակէզից, ընտիր ալիւրից ու գինուց։ 39Այս զոհաբերութիւնները կը մատուցէք Տիրոջը ձեր տօների ժամանակ՝ չհաշուած ըստ ուխտի ձեր մատուցածները, ձեր ինքնաբուխ ողջակէզները, ձեր անարիւն ընծաները, գինին եւ փրկութեան համար արած զոհերը»։
30 Մովսէսն իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ հրամանը, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։ 2Մովսէսն իսրայէլացիների իշխաններին ասաց. 3«Ահա թէ ինչ է հրամայել Տէրը ուխտ արած մարդուն. «Եթէ որեւէ մէկը Տիրոջը ուխտ է անում, երդւում կամ խոստանում է մի բան, որ ինքը երդումով պարտաւորուած լինի անել, ապա նա չպէտք է դրժի իր երդումն ու խոստումը. նա պէտք է կատարի այն ամէնը, ինչ դուրս է եկել նրա բերանից։ 4Եթէ մի կին իր հօր տանը դեռեւս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել, որեւէ բան խոստացել, 5եւ եթէ նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը եւ լռելեայն հաւանութիւն տուել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումը ուժի մէջ պէտք է մնան եւ կատարուեն։ 6Իսկ եթէ նրա հայրը, լսելով նրա ուխտը, հաւանութիւն չի տուել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումը, ապա անվաւեր թող լինեն դրանք, եւ Տէրը այդ կնոջը թող անպարտ համարի, քանի որ յանձնառու չեղողը նրա հայրն է։ 7Եթէ կինն ամուսնանայ եւ նախքան ամուսնանալը Տիրոջը ուխտ արած կամ խոստում տուած լինի, 8ու եթէ այդ մասին իմանայ նրա ամուսինը եւ լռելեայն հաւանութիւն տայ այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումը պէտք է մնան ուժի մէջ եւ կատարուեն։ 9Իսկ եթէ նրա ամուսինը հաւանութիւն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվաւեր են, քանի որ յանձնառու չեղողը ամուսինն է։ Տէրը այդ կնոջը անպարտ թող համարի։ 10Այրի կամ բաժանուած կնոջ ուխտերն ու խոստումը, որ նա ինքնաբուխ է արել, պէտք է կատարուեն։ 11Իսկ եթէ կինն իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով խոստումներ տուել, 12եւ եթէ նրա ամուսինը լսել է այդ մասին եւ լռելեայն հաւանութիւն տուել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումը, որ նա ինքնաբուխ է արել, ուժի մէջ են. դրանք պէտք է կատարուեն։ 13Իսկ եթէ նրա ամուսինը լսած օրը կտրականապէս խափանի կնոջ շուրթերով արուած ուխտերն ու խոստումը, ապա դրանք անվաւեր են, կարող են չկատարուել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջեւ այդ կինն անպարտ է։ 14Ինքն իրեն նեղութիւն տալու գնով ամուսնացած կնոջ արած ուխտին կամ խոստումին ամուսինը կարող է հաւանութիւն տալ կամ չտալ։ 15Եթէ կնոջ ուխտի կամ խոստումի մասին տեղեակ լինի ամուսինը եւ բազում օրեր լռի, ուրեմն հաստատած եւ ընդունած է լինում կնոջ ուխտն ու խոստումը, քանի որ լսած օրը դրանց համար չի առարկել։ 16Եւ եթէ նրա ամուսինը իր լսած օրից յետոյ առարկի, ուրեմն ինքն է իր վրայ կրում մեղքը»։ 17Սրանք են այն պատգամները, որ Տէրը տուեց Մովսէսին ամուսնու եւ նրա կնոջ, հօր եւ նրա դստեր մասին, որը դեռեւս երիտասարդ հասակում իր հօր տանն է գտնւում։
31 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Իսրայէլացիների վրէժը մադիանացիներից ա՛ռ եւ դրանից յետոյ միացի՛ր քո ժողովրդի մեռելներին»։ 3Մովսէսը, դիմելով ժողովրդին, ասաց. «Ձեր միջից մարդկանց զինեցէ՛ք, որ պատերազմեն մադիանացիների դէմ Տիրոջ առաջ, որպէսզի լուծուի մադիանացիների դէմ Տիրոջ վրէժը։ 4Իսրայէլացիների իւրաքանչիւր ցեղից հազար տղամարդ ուղարկեցէ՛ք, որպէսզի նրանք պատերազմ մղեն»։ 5Բազմահազար իսրայէլացիների ամէն մի ցեղից ընտրեցին հազար տղամարդ, ընդամէնը տասներկու հազար մարդ՝ զինուած պատերազմելու համար։ 6Մովսէսը իւրաքանչիւր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զէնքով հանդերձ, նրանց հետ նաեւ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսին՝ նրանց ձեռքը յանձնելով սուրբ սպասքն ու ազդարարութեան շեփորները։ 7Եւ նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դէմ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ Նրանք կոտորեցին արական սեռի բոլոր մարդկանց. 8բացի սրախողխող եղած մադիանացիներից, նրանք սպանեցին նաեւ մադիանացիների թագաւորներ Եւինին, Սուրին, Րոկոմին, Ուրին եւ Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագաւորներին։ Բացի նրանց կոտորելուց, սրախողխող արեցին Բէորի որդի Բաղաամին, 9գերեվարեցին Մադիամի կանանց, նրանց զաւակներին, քշեցին տարան նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցուածքն ու գոյքը աւար առան։ 10Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները՝ տներով հանդերձ, ինչպէս նաեւ նրանց աւանները։ 11Գերեվարեցին ու աւար առան նրանց ամէն ինչը՝ մարդ թէ անասուն։ 12Գերիներին, բանակի կողոպուտն ու աւարը բերեցին Մովսէսի, Եղիազար քահանայի եւ բոլոր իսրայէլացիների մօտ՝ Մովաբի Ռաբոթ կոչուող վայրը, որը գտնւում է Երիքովի դիմաց, Յորդանան գետի եզերքին։ 13Մովսէսն ու Եղիազար քահանան եւ ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան նրանց ընդառաջ։ 14Մովսէսը բարկացաւ զօրահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարիւրապետների վրայ՝ ասելով. 15«Ինչո՞ւ էք կենդանի թողել բոլոր կանանց։ 16Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով կոտորեցին իսրայէլացիներին, որոնք յանուն Փոգորի շեղուեցին Տիրոջից եւ արհամարհեցին նրա խօսքը, եւ Տիրոջ ժողովուրդն ստացաւ այդ պատիժը։ 17Արդ, կոտորեցէ՛ք արական սեռի բոլոր մարդկանց, նաեւ այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։ 18Կը խնայէք միայն այն կանանց, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։ 19Իսկ դուք եօթը օր բանակատեղիից դուրս կը բնակուէք։ Ով որ սպանել է կամ ձեռք տուել դիակի, թող մաքրուած համարուի երրորդ կամ եօթներորդ օրը։ Մաքրուեցէ՛ք դուք եւ ձեր գերիները, 20մաքրեցէ՛ք բոլոր հագուստները, կաշուէ բոլոր անօթները, մազից գործած ու փայտից պատրաստուած ամէն ինչ»։ 21Եղիազար քահանան ասաց ռազմադաշտից վերադարձած զինուորներին. «Այս է Օրէնքի կարգը, որ Տէրը տուել է Մովսէսին։ 22Ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի, 23այն ամէնը, ինչ հրակայուն է, թող հրով մաքրուի, ապա եւ սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանայ, թող ջրով մաքրուի։ 24Ձեր զգեստները եօթներորդ օրը լուալով՝ մաքուր կը լինէք, որից յետոյ կը մտնէք բանակատեղի»։ 25Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 26«Դու, Եղիազար քահանան եւ ժողովրդի ցեղերի իշխանները կազմեցէ՛ք գերուածների եւ աւարի ցանկը՝ մարդուց մինչեւ անասուն։ 27Աւարը բաժանեցէ՛ք պատերազմին մասնակցածների եւ ամբողջ ժողովրդի միջեւ։ 28Պատերազմին մասնակցածներին բաժին ընկած հինգ հարիւր գերիներից մէկին կ՚ընծայէք Տիրոջը։ Նոյնը նաեւ անասունների վերաբերեալ՝ լինի արջառ, ոչխար ու այծ։ 29Այս ամենի կէսը կ՚առնես ու կը տաս Եղիազար քահանային իբրեւ Տիրոջը մատուցուելիք նուէր, 30իսկ իսրայէլացիներին հասնող բաժնի կէսի ամէն յիսուն գերիներից եւ բոլոր անասուններից՝ արջառից, ոչխարից, էշից մէկը կը յանձնես ղեւտացիներին, որոնք սպասարկում են Տիրոջ խորանը»։ 31Մովսէսն ու Եղիազար քահանան արեցին այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին։ 32Պատերազմին մասնակցած տղամարդկանց բերած աւարի մնացած մասը կազմեց վեց հարիւր եօթանասունհինգ հազար ոչխար, 33եօթանասուներկու հազար արջառ, 34վաթսունմէկ հազար էշ։ 35Գերեվարուած աղջիկների թիւը երեսուներկու հազար էր, որոնք դեռ չէին կենակցել տղամարդու հետ։ 36Պատերազմին մասնակցածներին հասած աւարը կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար, 37որոնցից Տիրոջը որպէս հաս տրուեց վեց հարիւր եօթանասունհինգ ոչխար, 38երեսունվեց հազար արջառից Տիրոջը որպէս հաս տրուեց եօթանասուներկու արջառ, 39երեսուն հազար հինգ հարիւր էշից Տիրոջը որպէս հաս տրուեց վաթսունմէկ էշ, 40իսկ գերեվարուած մարդկանց թիւը կազմեց տասնվեց հազար, որից Տիրոջը որպէս հաս տրուեց երեսուներկու հոգի։ 41Մովսէսը Տիրոջ հասը՝ Աստծու նուէրը յանձնեց Եղիազար քահանային, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 42Դա ստացուել էր իսրայէլացիներին հասնող աւարի կէսից, որ Մովսէսն առանձնացրել էր պատերազմի մասնակիցների բաժնից։ 43Դա կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար, 44երեսունվեց հազար արջառ, 45երեսուն հազար հինգ հարիւր էշ 46եւ տասնվեց հազար մարդ։ 47Մովսէսը իսրայէլացիներին հասնող աւարի կէսի իւրաքանչիւր յիսուն մարդուց եւ անասունից վերցրեց մէկին եւ տուեց ղեւտացիներին, որոնք սպասարկում էին Տիրոջ խորանը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 48Մովսէսին ներկայացան բոլոր զօրահրամանատարները՝ հազարապետներն ու հարիւրապետները, 49եւ ասացին նրան. «Մենք՝ քո ծառաները, հաշուառման ենթարկեցինք ռազմիկներին եւ տեսանք, որ նրանցից ոչ ոք չի պակասում։ 50Դրա համար Տիրոջը որպէս ընծայ բերել ենք ինչ որ գտնւում է իւրաքանչիւրիս մօտ՝ ոսկէ տուփ, ապարանջան, մատանի, մանեակ եւ ընդելուզուած ծամկալ, որպէսզի Տիրոջից քաւութիւն ստանանք։ 51Մովսէսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկեղէնը՝ ձեռագործ բոլոր անօթները։ 52Հազարապետների կողմից Տիրոջը որպէս հաս տրուած ամբողջ ոսկին կազմեց տասնվեց հազար եօթը հարիւր յիսուն սիկղ։ 53Իւրաքանչիւր ռազմիկին աւարից մաս հասաւ։ 54Մովսէսն ու Եղիազար քահանան, հազարապետներից ու հարիւրապետներից առնելով ոսկին, տարան վկայութեան խորան որպէս իսրայէլացիների յիշատակ Տիրոջ առաջ։
32 Իսրայէլացիները բազում անասուններ ունէին, բայց Ռուբէնի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Յազերի ու Գաղաադի շրջանները հօտերի համար յարմար արօտավայրեր են։ 2Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ գալով Մովսէսի, Եղիազար քահանայի ու ժողովրդի իշխանների մօտ՝ ասացին. 3«Ատարոթը, Դեբոնը, Յազերը, Նեմբրան, Եսեբոնը, Էլէալէթը, Սեբաման, Նաբաւը եւ Բէանը՝ 4այն վայրերը, որ Տէրը յանձնել է իսրայէլացիների ձեռքը, անասուն սնուցող արօտներ ունեն, իսկ մենք՝ քո ծառաները, անասուններ ունենք»։ 5Նրանք աւելացրին. «Եթէ քո առաջ շնորհ են գտել, այդ վայրերը մեզ՝ քո ծառաներին իբրեւ կալուածք տո՛ւր եւ մեզ Յորդանան գետից այն կողմ մի՛ անցկացրու»։ 6Մովսէսը Գադի ու Ռուբէնի ցեղերի մարդկանց պատասխանեց. «Ձեր եղբայրները գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ նստէ՞ք։ 7Ինչո՞ւ էք պղտորում իսրայէլացիների հոգին, այնպէս անում, որ չուզենան անցնել այն երկիրը, որը Տէրը տալու է նրանց։ 8Ձեր հայրերը նոյն կերպ չվարուեցի՞ն, երբ նրանց ուղարկում էի Կադէսբառնէից, որպէսզի հետախուզեն երկիրը։ 9Նրանք հասան Ողկոյզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով յեղաշրջեցին իսրայէլացիների մտքերը, որ չմտնեն այն երկիրը, որ Տէրը տուել էր նրանց։ 10Այդ պատճառով Տէրը խիստ զայրացաւ այդ օրը եւ երդուելով ասաց. 11«Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկանից բարձր մարդիկ, որոնք գիտեն չարն ու բարին, թող չտեսնեն այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, քանի որ ինձ չհետեւեցին։ 12Նրանցից ոչ ոք չի մտնելու այդ երկիրը, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից, քանի որ նրանք հետեւեցին Տիրոջը»։ 13Տէրը, խիստ զայրանալով իսրայէլացիների վրայ, քառասուն տարի նրանց թափառել տուեց անապատում, մինչեւ որ մեռան Տիրոջ առաջ ամբարիշտ գտնուող բոլոր մարդիկ։ 14Հիմա էլ դուք էք ելել ձեր հայրերի փոխարէն, ո՜վ մեղաւոր մարդկանց վոհմակներ, որպէսզի է՛լ աւելի բորբոքէք Տիրոջ բարկութիւնը իսրայէլացիների վրայ։ 15Քանի որ դուք խոտորուել էք Աստծուց, նա դարձեալ կը թողնի ձեզ այս անապատում, եւ դուք պատճառ կը դառնաք, որ ամբողջ ժողովուրդը անօրինութիւն գործի»։ 16Նրանք, դիմելով Մովսէսին, ասացին. «Ուզում ենք մեր ոչխարների ու միւս անասունների համար գոմեր շինել, մեր ընտանիքների համար՝ քաղաքներ։ 17Մենք ինքներս կը զինուենք Տիրոջ առջեւ, կը գնանք միւս իսրայէլացիների առջեւից, մինչեւ որ հաստատենք նրանց իրենց տեղերում։ Մեր ժողովուրդը, որպէսզի ապահով լինի այս երկրի բնակիչներից, թող բնակուի պարսպապատ քաղաքներում։ 18Մենք չենք վերադառնայ մեր տները, մինչեւ որ իսրայէլացիները իրենց ժառանգութեան տէր դառնան։ 19Մենք ակնկալութիւն չունենք Յորդանան գետի այն կողմում եւ աւելի հեռու տեղերում միւս իսրայէլացիների հետ բաժին ստանալու, որովհետեւ մենք մեր բաժինն ստացել ենք Յորդանան գետի այս կողմում՝ արեւելքում»։ 20Մովսէսն ասաց նրանց. «Եթէ անէք այնպէս, ինչպէս ասում էք, այսինքն՝ Տիրոջ հրամանով պատերազմի համար զինուէք, 21ձեր բոլոր ռազմիկները Տիրոջ կարգադրութեան համաձայն անցնեն Յորդանան գետի այն կողմը, մասնակցեն պատերազմին, մինչեւ Տիրոջ առջեւ ոչնչանայ նրա թշնամին, 22եւ երկիրը նուաճուի ըստ Տիրոջ ցանկութեան, ապա կը վերադառնաք, Տիրոջ ու իսրայէլացիների առջեւ անպարտ կը լինէք, եւ այս երկիրը Տիրոջ առաջ ձեր կալուածքը կը լինի։ 23Իսկ եթէ այդպէս չվարուէք, մեղաւոր կը համարուէք Տիրոջ առջեւ եւ ձեր մեղքերը կը ճանաչէք, երբ չարիքը հասնի ձեզ։ 24Արդ, դուք քաղաքներ շինեցէ՛ք ձեր մարդկանց համար եւ գոմեր՝ ձեր անասունների համար, եւ ինչ որ դուրս է եկել ձեր բերանից, կատարեցէ՛ք»։ 25Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ, դիմելով Մովսէսին, ասացին. «Մենք՝ քո ծառաները, կը վարուենք այնպէս, ինչպէս դու՝ մեր տէրը, հրամայեցիր մեզ։ 26Մեր երեխաներն ու կանայք, մեր բոլոր անասունները թող մնան Գաղաադի քաղաքներում, 27իսկ մենք՝ քո ծառայ տղամարդիկդ, զինավառ ու պատրաստ, Տիրոջ առջեւից կ՚անցնենք-կը գնանք պատերազմի, ինչպէս դու՝ մեր տէրը, ասում ես»։ 28Մովսէսը հրահանգ տուեց նրանց մասին Եղիազար քահանային, Նաւէի որդի Յեսուին եւ իսրայէլացի ցեղերի նահապետների ընտանիքների իշխաններին։ 29Մովսէսն ասաց նրանց. «Եթէ Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ բոլորն էլ Տիրոջ առջեւ սպառազինուած ձեզ հետ անցնեն Յորդանան գետի այն կողմը, եթէ դուք նուաճէք այդ երկիրը, ապա նրանց իբրեւ կալուածք կը տաք Գաղաադի երկիրը։ 30Իսկ եթէ սպառազինուած ձեզ հետ պատերազմի չելնեն Տիրոջ առջեւ, ապա նրանց երեխաներին, կանանց ու անասուններին, նախքան ձեր անցնելը, կը փոխադրէք Քանանացիների երկիրը, եւ նրանք եւս ձեզ հետ թող ժառանգութիւն ստանան Քանանացիների երկրում»։ 31Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ պատասխան տալով՝ ասացին. «Ինչ որ հրամայես դու՝ մեր տէրը, քո ծառաներին, այդ էլ կը կատարենք։ 32Սպառազինուած կ՚անցնենք Քանանացիների երկիրը, եւ մեզ կալուածքներ կը տաք Յորդանան գետի այս կողմում»։ 33Եւ Մովսէսը Գադի, Ռուբէնի ցեղերին, Յովսէփի որդիներից Մանասէի կէս ցեղին տուեց ամորհացիների Սեհոն արքայի թագաւորութիւնը, Բասան երկրի Օգ արքայի թագաւորութիւնը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնուող բոլոր քաղաքներով, ինչպէս նաեւ սահմանամերձ քաղաքներով։ 34Գադի մարդիկ կառուցեցին Դեբոնը, Ատարոթը, Արոյերը, 35Սոփորն ու Յազերը, դրանք շրջապատեցին բարձր պարիսպներով։ 36Կառուցեցին նաեւ Նամրանը, Բօթառանը, ամուր քաղաքներ ու անասունների գոմեր։ 37Ռուբէնի ցեղի մարդիկ կառուցեցին Եսեբոնը, Էլէալէթը, Կարիաթեմը, 38Բէելմէոնը՝ չորս կողմից պարսպապատ, եւ Սեմաբան։ Իրենց կառուցած քաղաքներն անուանեցին իրենց իսկ անուններով։ 39Մանասէի որդի Մաքիրի յետնորդները գնացին Գաղաադ, գրաւեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակուող ամորհացիներին։ 40Մովսէսը Գաղաադը տուեց Մանասէի որդի Մաքիրին, որը եւ բնակուեց այնտեղ։ 41Մանասէի որդի Յայիրը գրաւեց նրանց քաղաքները, որոնք կոչեց «Յայիրի աւաններ»։ 42Նաբաւը գնաց գրաւեց Կանաթն ու նրա աւանները, որոնք իր անունով կոչեց Նաբաւթ։
33 Սրանք են այն բանակատեղիները, որ դրեցին իսրայէլացիները, երբ Մովսէսի եւ Ահարոնի գլխաւորութեամբ, իրենց զօրքով հանդերձ դուրս եկան Եգիպտոսից։ 2Մովսէսը Տիրոջ հրամանով գրի առաւ իսրայէլացիների չուերթն ու նրանց բանակատեղիները։ Ահա սրանք են իրենց երթի ժամանակ նրանց դրած բանակատեղիները։ 3Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնեցին առաջին ամսի տասնհինգերորդ օրը։ Զատկի յաջորդ օրը նրանք, բոլոր եգիպտացիների աչքի առջեւ, Աստծու հզօր պաշտպանութեամբ ելան Եգիպտոսից, 4երբ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին։ Տէրը կոտորել էր Եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկ զաւակներին։ Տէրը նրանցից վրէժ էր լուծել իրենց չաստուածների համար։ 5Իսրայէլացիները Ռամեսսէից մեկնելով բանակատեղի դրեցին Սոկքոթում։ 6Սոկքոթից մեկնելով բանակատեղի դրեցին Բոթանում, որն անապատի մի մասն է։ 7Մեկնեցին Բոթանից եւ բանակատեղի դրեցին Եպիրոթի մօտ, որը գտնւում է Բեէլսեպփոնի դիմաց, եւ բանակատեղի դրեցին Մագդողի դիմաց։ 8Մեկնեցին Եպիրոթի դիմաց ընկած շրջանից, Կարմիր ծովի միջով անցան դէպի անապատ, անապատի միջով երեք օրուայ ճանապարհ կտրեցին եւ բանակատեղի դրեցին Դառն աղբիւրների մօտ։ 9Մեկնեցին Դառն աղբիւրների մօտից եւ եկան Ելիմ։ Ելիմում տասներկու ջրի աղբիւր կար եւ արմաւի եօթանասուն ծառ։ Նրանք բանակատեղի դրեցին այնտեղ՝ ջրի մօտ։ 10Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի ափին։ 11Մեկնեցին Կարմիր ծովից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում։ 12Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Ռափայում։ 13Մեկնեցին Ռափայից եւ բանակատեղի դրեցին Ելիմում։ 14Մեկնեցին Ելիմից եւ բանակատեղի դրեցին Ռափիդինում։ 15Այստեղ ժողովուրդը խմելու ջուր չունէր, ուստի մեկնեցին Ռափիդինից եւ բանակատեղի դրեցին Սինայի անապատում։ 16Մեկնեցին Սինայի անապատից եւ բանակատեղի դրեցին Ցանկութեան գերեզմաններում։ 17Մեկնեցին Ցանկութեան գերեզմաններից եւ բանակատեղի դրեցին Ասերոթում։ 18Մեկնեցին Ասերոթից եւ բանակատեղի դրեցին Ռաթամայում։ 19Մեկնեցին Ռաթամայից եւ բանակատեղի դրեցին Ռեմոնփարէսում։ 20Մեկնեցին Ռեմոնփարէսից եւ բանակատեղի դրեցին Ղեբոնայում։ 21Մեկնեցին Ղեբոնայից եւ բանակատեղի դրեցին Դեսսայում։ 22Մեկնեցին Դեսսայից եւ բանակատեղի դրեցին Մակեղղաթում։ 23Մեկնեցին Մակեղղաթից եւ բանակատեղի դրեցին Սոփարում։ 24Մեկնեցին Սոփարից եւ բանակատեղի դրեցին Քարադաթում։ 25Մեկնեցին Քարադաթից եւ բանակատեղի դրեցին Մակելոթում։ 26Մեկնեցին Մակելոթից եւ բանակատեղի դրեցին Կատտաաթում։ 27Մեկնեցին Կատտաաթից եւ բանակատեղի դրեցին Տարաթում։ 28Մեկնեցին Տարաթից եւ բանակատեղի դրեցին Մատեկայում։ 29Մեկնեցին Մատեկայից եւ բանակատեղի դրեցին Սելմոնայում։ 30Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Մասուրութում։ 31Մեկնեցին Մասուրութից եւ բանակատեղի դրեցին Բանէայում։ 32Մեկնեցին Բանէայից եւ բանակատեղի դրեցին Գադգադ լերան վրայ։ 33Մեկնեցին Գադգադ լեռից եւ բանակատեղի դրեցին Ետեբաթայում։ 34Մեկնեցին Ետեբաթայից եւ բանակատեղի դրեցին Եբրոնայում։ 35Մեկնեցին Եբրոնայից եւ բանակատեղի դրեցին Գեսիոնգաբերում։ 36Մեկնեցին Գեսիոնգաբերից եւ բանակատեղի դրեցին Սին անապատում։ 37Մեկնեցին Սին անապատից եւ բանակատեղի դրեցին Փարանի անապատում, այսինքն՝ Կադէսում։ Մեկնեցին Կադէսից եւ բանակատեղի դրեցին Հոր լերան վրայ՝ Եդոմի երկրի մօտ։ 38Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացաւ լեռը եւ մեռաւ այնտեղ իսրայէլացիների՝ Եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարուայ հինգերորդ ամսի մէկին։ 39Ահարոնը հարիւր քսաներեք տարեկան էր, երբ մեռաւ Հոր լերան վրայ։ 40Քանանացիների երկրում բնակուող Արադի արքայ Քանանէսը տեղեկացաւ, որ իսրայէլացիները մուտք են գործում իր երկիրը։ 41Իսրայէլացիները, սակայն, Հոր լեռից հեռանալով՝ բանակատեղի դրեցին Սելմոնայում։ 42Մեկնեցին Սելմոնայից եւ բանակատեղի դրեցին Փենովում։ 43Մեկնեցին Փենովից եւ բանակատեղի դրեցին Օբոթում։ 44Մեկնեցին Օբոթից եւ բանակատեղի դրեցին Գայիում՝ Յորդանան գետի այն կողմը, Մովաբի սահմաններում։ 45Մեկնեցին Գայիից եւ բանակատեղի դրեցին Դեմոնգադում։ 46Մեկնեցին Դեմոնգադից եւ բանակատեղի դրեցին Գեղմոնդեբղաթէմում։ 47Մեկնեցին Գեղմոնդեբղաթէմից եւ բանակատեղի դրեցին Աբարիմ լեռների վրայ՝ Նաբաւի դիմաց։ 48Մեկնեցին Աբարիմի լեռներից եւ բանակատեղի դրեցին Մովաբացիների երկրից արեւմուտք, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց։ 49Նրանք բանակատեղի դրեցին Յորդանան գետի մօտ, Եսիմոթում, որ ձգւում էր մինչեւ Մեղսատով՝ Մովաբացիների երկրից արեւմուտք։ 50Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 51«Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. «Ահա դուք Յորդանան գետով անցնում էք Քանանացիների երկիրը։ 52Երկրի բոլոր բնակիչներին կը քշէք ձեր առջեւից, կը կործանէք նրանց կոթողները, ձուլածոյ բոլոր կուռքերը, նրանց բոլոր յուշասիւները կը վերացնէք մէջտեղից։ 53Կ՚ոչնչացնէք երկրի բնակիչներին եւ կը բնակուէք այնտեղ, որովհետեւ նրանց երկիրը ձեզ եմ տալու իբրեւ սեփականութիւն։ 54Ըստ ձեր ցեղերի անդամների թուաքանակի, կը բաժանէք այդ երկիրը. բազմանդամներին մեծ բաժին կը յատկացնէք, իսկ սակաւանդամներին՝ փոքր բաժին։ Իւրաքանչիւր ցեղ թող ստանայ այն, ինչ կը հասնի նրան։ Բաժանումը պէտք է կատարուի ըստ ձեր նահապետութեան ցեղերի։ 55Եթէ երկրի բնակիչներին չոչնչացնէք, ձեր կենդանի թողածները փուշ կը լինեն ձեր աչքերին եւ նետեր՝ ձեր կողերին։ Նրանք ձեր թշնամիները կը լինեն այն երկրում, որտեղ դուք էք բնակւում։ 56Եւ կը լինի այնպէս, որ ինչ վճռել էի անել նրանց նկատմամբ, կ՚անեմ ձեր նկատմամբ»։
34 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Պատուիրի՛ր իսրայէլացիներին ու նրանց ասա՛. «Դուք, ահա, մտնում էք Քանանացիների երկիրը։ Այն իր սահմաններով հանդերձ թող ձեր սեփականութիւնը լինի։ 3Նրա հարաւային սահմանը թող լինի Սին անապատից մինչեւ Եդոմի երկրի մերձակայքը։ Հարաւային սահմանները թող անցնեն Մեռեալ ծովի արեւելեան կողմից։ 4Սահմանները հարաւից թող շրջանաձեւ բարձրանան դէպի Ակրաբինի սարը, անցնեն դէպի Ենակ, ապա դարձեալ դէպի հարաւ մինչեւ Կադէսբառնէ, ապա Արադի աւանը եւ հասնեն Ասեմոն։ 5Այս սահմանները, սկսած Ասեմոնից դէպի եգիպտացիների ձորը, շրջան պիտի կազմեն եւ դուրս գան ծով։ 6Ձեր ծովահայեաց սահմանը թող լինի Մեծ ծովը. դա ձեր ծովահայեաց սահմանն է։ 7Ձեր հիւսիսային սահմանը թող լինի հետեւեալը. Մեծ ծովից ուղիղ գծով մինչեւ Լեռը, 8այդ լեռից ուղիղ գծով մինչեւ Եմաթի մուտքը։ Այն հասնելու է մինչեւ Արադաքի սահմանները։ 9Սահմանագիծն այնտեղից թող անցնի մինչեւ Եփրոնի մերձակայքը եւ հասնի մինչեւ Ասիռնային։ Սրանք թող լինեն ձեր հիւսիսային սահմանները։ 10Ձեր արեւելեան սահմանները պէտք է անցնեն Ասիռնայինից մինչեւ Սեպփամար։ 11Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգուի մինչեւ Բեղա՝ աղբիւրների արեւելեան կողմը, Բեղայից թող ձգուի մինչեւ Քենարի ծովի արեւելեան կողմը։ 12Սահմանագիծն այնուհետեւ թող ձգուի մինչեւ Յորդանան գետը՝ հասնելով մինչեւ Մեռեալ ծով։ Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն»։ 13Մովսէսը պատուիրեց իսրայէլացիներին ու ասաց. «Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգէք վիճակ գցելով։ Ինչպէս Տէրն է հրամայել, այն պիտի տրուի ինը ցեղերին ու Մանասէի կէս ցեղին, 14որովհետեւ Ռուբէնի ու Գադի ցեղերը, ըստ իրենց նահապետների ընտանիքների, 15եւ Մանասէի կէս ցեղը իրենց բաժինն ստացել էին Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, հարաւից դէպի արեւելք ձգուող մասում»։ 16Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Սրանք են այն մարդկանց անունները, 17որոնք ձեզ պիտի բաժանեն Քանաան երկիրը. Եղիազար քահանայ եւ Նաւէի որդի Յեսու։ 18Ամէն մի ցեղից վերցրէ՛ք մէկական իշխան, որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջեւ։ 19Սրանք են այդ մարդկանց անունները. Յուդայի ցեղից՝ Յեփոնէի որդի Քաղէբ, 20Շմաւոնի ցեղից՝ Էմիուդի որդի Սաղամիէլ, 21Բենիամինի ցեղից՝ Քասղոդի որդի Ելդադ, 22Դանի ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բակքիր, 23Յովսէփի որդիներից Մանասէի ցեղից՝ Սուփիցի որդի իշխան Անիէլ, 24Եփրեմի ցեղից՝ Սաբաթի որդի իշխան Կամուէլ, 25Զաբուղոնի ցեղից՝ Փառնաքի որդի իշխան Եղիսափան, 26Իսաքարի ցեղից՝ Ոզիայի որդի իշխան Փաղտիէլ, 27Ասերի ցեղից՝ Սելեմիի որդի իշխան Աքիոր, 28Նեփթաղիմի ցեղից՝ Մէուդի որդի իշխան Փագայէլ։ 29Տէրը սրանց հրամայեց Քանանացիների երկիրը բաժանել իսրայէլացիների միջեւ»։
35 Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի եզերքին, Երիքովի դիմաց, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Հրամայի՛ր իսրայէլացիներին, որ իրենց բաժին հասած կալուածքներից բնակուելու համար քաղաքներ, ինչպէս եւ իրենց քաղաքների շուրջն ընկած արօտավայրերը տան ղեւտացիներին։ 3Այդ քաղաքները նրանց բնակութեան վայրերը թող լինեն, իսկ առանձնացուած արօտավայրերը թող լինեն նրանց ոչխարների հօտերի եւ ամէն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր։ 4Քաղաքների շուրջը գտնուող արօտավայրերը, որ տալու էք ղեւտացիներին, իւրաքանչիւր քաղաքի պարիսպներից սկսած շուրջանակի պէտք է ունենան երկու հազար կանգուն տարածութիւն։ 5Քաղաքից դուրս, արեւելեան կողմում չափեցէ՛ք երկու հազար կանգուն, ծովի կողմում՝ երկու հազար կանգուն, հիւսիսային կողմում՝ երկու հազար կանգուն, հարաւային կողմում՝ երկու հազար կանգուն։ Դրանց մէջտեղում գտնուող քաղաքը, ինչպէս եւ նրա շուրջն ընկած տարածքը պէտք է պատկանեն ղեւտացիներին։ 6Ղեւտացիներին, բացի յիշեալ քաղաքներից, պէտք է տրուի վեց քաղաք եւս, որոնք ապաստան պիտի ծառայեն սպանութիւն գործած մարդկանց։ Այս բոլոր քաղաքներից բացի, նրանց պիտի տաք քառասուներկու քաղաքներ։ 7Ղեւտացիներին տրուելիք քաղաքների թիւը կազմելու է քառասունութ՝ իրենց արօտավայրերով հանդերձ։ 8Իսրայէլացիների ժառանգած կալուածքներից ղեւտացիներին տրուելիք քաղաքները պիտի լինեն ըստ նրանց ստացած քաղաքների թուի. շատ ստացողը շատ պիտի տայ, քիչ ստացողը՝ քիչ։ Իւրաքանչիւր ցեղ ըստ ժառանգա՛ծ տարածութեան քաղաքներ թող տայ ղեւտացիներին»։ 9Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 10«Դիմի՛ր իսրայէլացիներին ու նրանց ասա՛. «Դուք, ահա, Յորդանան գետի վրայով անցնում էք Քանանացիների երկիրը։ 11Այնտեղ առանձնացրէ՛ք քաղաքներ, որոնք ձեզ համար որպէս ապաստան պիտի ծառայեն, երբ մի մարդասպան այնտեղ փախչի։ Ով ակամայ մէկին սպանի, այդ քաղաքները սպանողի արեան վրէժխնդրութիւնից փրկուելու համար ապաստան թող լինեն։ 12Սպանողը թող մահուան չդատապարտուի, մինչեւ ժողովրդի դատաստանի առջեւ չկանգնի։ 13Ղեւտացիներին տրուելիք քաղաքներից վեցը որպէս ապաստան թող ծառայեն։ 14Երեք քաղաք տուէ՛ք Յորդանան գետի այն կողմում, երեք քաղաք՝ Քանանացիների երկրում։ 15Այդ քաղաքներն իբրեւ ապաստան թող ծառայեն իսրայէլացիներին, այլեւ օտարականների ու ձեր մէջ պանդխտելու եկածների համար։ Այդ քաղաքներն իբրեւ ապաստան թող ծառայեն, որպէսզի այնտեղ փախչեն բոլոր նրանք, ովքեր ակամայ մարդ են սպանել։ 16Եթէ որեւէ մէկը երկաթէ առարկայով հարուածի ու սպանի մէկին, նա մարդասպան է. մահուան թող դատապարտուի մարդասպանը։ 17Եթէ որեւէ մէկը քարով հարուածի ու սպանի մէկին, նա մարդասպան է. մահուան թող դատապարտուի մարդասպանը։ 18Եթէ փայտէ առարկայով հարուածի ու սպանի մէկին, նա մարդասպան է. մահուան թող դատապարտուի մարդասպանը։ 19Սպանուածի մերձաւորը թող սպանի մարդասպանին. երբ որ հանդիպի նրան, թող սպանի։ 20Եթէ որեւէ մէկը թշնամութեան հողի վրայ հրի մի մարդու, չարամտութեամբ նրա վրայ որեւէ իր նետելով սպանի 21կամ քինախնդրութեան համար հարուածի ձեռքով ու սպանի նրան, նա մահուան թող դատապարտուի։ Նա մարդասպան է. մահուան թող դատապարտուի մարդասպանը։ Սպանուածի մերձաւորը ուր որ հանդիպի նրան, թող սպանի։ 22Իսկ եթէ սխալմամբ եւ ոչ թէ թշնամութեան հողի վրայ է հրել նրան, նրա վրայ նետել որեւէ իր ոչ չար դիտաւորութեամբ, 23կամ մահ պատճառող քարով առանց չարամտութեան է հարուածել նրան ու սպանել, սակայն սպանուողը նրա թշնամին չէր, եւ նա չէր ցանկանում նրան չարիք պատճառել, 24այդ դէպքում ժողովուրդը հարուածողին սպանուածի մերձաւորի ներկայութեամբ դատ թող անի ըստ հետեւեալ դատաստանի. 25ժողովուրդը սպանողին թող փրկի սպանուածի մերձաւորների ձեռքից։ Թող ժողովուրդը նրան ուղարկի ապաստան-քաղաք, ուր նա ապաստանել էր։ Նա թող բնակուի այնտեղ, մինչեւ որ վախճանուի սուրբ իւղով օծուած քահանայապետը։ 26Իսկ եթէ սպանողը դուրս գայ այն քաղաքի սահմաններից, որտեղ ապաստանել էր, 27եւ սպանուածի մերձաւորը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս, ապա սպանուածի արիւնակիցը թող սպանի մարդասպանին եւ մահապարտ չդիտուի։ 28Դրա համար էլ մարդասպանը պէտք է բնակուի իր ապաստանած քաղաքում, մինչեւ որ վախճանուի քահանայապետը։ Քահանայապետի վախճանուելուց յետոյ միայն մարդասպանը թող վերադառնայ իր կալուածքը։ 29Սա ձեր սերունդների մէջ արդարադատութեան օրէնք թող լինի ձեր բնակութեան բոլոր վայրերում։ 30Ով որ մէկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին։ Մէկ հոգու վկայութիւնը բաւարար չէ մահուան վճիռ արձակելու համար։ 31Մահապարտ մարդասպանից փրկագին չպէտք է վերցնէք։ Նա պէտք է մահապատժի ենթարկուի։ 32Ապաստան-քաղաք փախչելու համար մարդասպանից փրկագին չպէտք է վերցնէք, նոյնպէս եւ՝ մինչեւ քահանայապետի վախճանումը իր երկրում նորից բնակուելու համար։ 33Մի՛ պղծէք երկիրը. երկիրն իր վրայ թափուած արեան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արեան, ով արիւն է թափել։ 34Մի՛ պղծէք այն երկիրը, ուր բնակւում էք, եւ ուր բնակւում եմ ես ձեր մէջ, քանզի ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում է իսրայէլացիների մէջ»։
36 Յովսէփի որդիներից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի ընտանիքի իշխանները, դիմելով Մովսէսին, Եղիազար քահանային ու իսրայէլացիների նահապետների ընտանիքների իշխաններին, ասացին. 2«Տէրը մեր տիրոջը՝ Մովսէսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ Քանանացիների երկիրը բաժանուի իսրայէլացիների միջեւ։ Տէրը մեր տիրոջը հրամայել է նաեւ, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրուի նրա դուստրերին։ 3Արդ, եթէ նրանք ամուսնանան իսրայէլացի մի այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց բաժին պիտի յատկացուի իրենց ցեղի սեփականութիւնից եւ աւելանայ այն ցեղի ժառանգութեան վրայ, որոնց կնութեան կը գնան։ Այսպիսով մեր ժառանգութիւնից այդ բաժինը պիտի վերանայ։ 4Եւ երբ գայ իսրայէլացիների փրկութեան տարին, նրանց ժառանգութիւնը վերջնականապէս կը գումարուի այն ցեղի ժառանգութեան վրայ, որոնց կնութեան են գնացել, որով մեր ցեղի ժառանգութիւնից նրանց բաժին ընկած ժառանգութեան մասը պիտի վերանայ»։ 5Մովսէսը, Յովսէփի մարդկանց ասածի մասին, Տիրոջ հրամանով իսրայէլացիներին ասաց. 6«Սաղպաադի 7դուստրերին Տէրը հետեւեալ հրամանն է տուել եւ ասել. «Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կը թուան, պայմանով որ այդ տղամարդիկ իրենց հայրակա՛ն ցեղից լինեն։ 8Իսրայէլացիների ժառանգութիւնը ցեղից ցեղ թող չանցնի, որպէսզի իսրայէլացիներից իւրաքանչիւրը ի՛ր ցեղի հայրենի ժառանգութեանը կապուի։ 9Իսրայէլացիների որեւէ ցեղից ժառանգութիւն ստացած ամէն մի աղջիկ թող դառնայ իր հայրակա՛ն ցեղին պատկանող որեւէ տղամարդու կինը, որպէսզի իսրայէլացիները ամուսնանալուց յետոյ էլ պահպանեն իրենց հայրենի ժառանգութիւնը։ 10Ժառանգութեան բաժինը մի ցեղից միւսը չպէտք է անցնի, իսրայէլացիներից իւրաքանչիւրը պէտք է կապուի իր ժառանգած կալուածքին»։ 11Եւ ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին, այդպէս էլ արեցին Սաղպաադի դուստրերը։ 12Թերսան, Էգղան, Մեղքան, Նուան եւ Մաաղան՝ Սաղպաադի դուստրերը, ամուսնացան իրենց հօրեղբայրների որդիների հետ։ 13Նրանք Յովսէփի որդիներից Մանասէի ցեղի տղամարդկանց կանայք դարձան, եւ նրանց ժառանգութիւնը մնաց իրենց հօր ազգատոհմին։ 14Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու դատաստանները, որ Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի եզերքին, Երիքովի դիմաց տուեց Մովսէսի միջոցով։