Օսէէ


1 Տիրոջ խօսքը, որ հասաւ Երիի որդի Օսէէին, Յուդայի երկրի թագաւորներ Օզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերին եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի ժամանակ։ 2Օսէէին տրուած Տիրոջ խօսքի սկիզբը։ Տէրը ասաց Օսէէին. «Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան որդիներ, որովհետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանայ Տիրոջ դէմ»։ 3Նա գնաց ու առաւ Գոմերին՝ Գաբելայիմի աղջկան, որը յղիացաւ եւ որդի ծնեց նրա համար։ 4Եւ Տէրն ասաց նրան. «Նրա անունը Յեզրայէ՛լ դիր, որովհետեւ մի քիչ ժամանակ եւս, եւ ես Յեզրայէլի արեան վրէժը պիտի պահանջեմ Յէուիի տնից եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը։ 5Այն օրը պիտի խորտակեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտում»։ 6Գոմերը երկրորդ անգամ յղիացաւ եւ մի աղջիկ ծնեց, ու Տէրը ասաց նրան. «Նրա անունը դի՛ր Չողորմած, որովհետեւ այլեւս պիտի չշարունակեմ ողորմել Իսրայէլի տանը, այլ նրանց դէ՛մ պիտի կանգնեմ հակառակութեամբ։ 7Բայց Յուդայի որդիներին պիտի ողորմեմ եւ պիտի փրկեմ նրանց, ես՝ իրենց Տէր Աստուածը, բայց չեմ փրկելու նրանց աղեղով, ո՛չ սրով, ո՛չ պատերազմով, ո՛չ կառքերով, ո՛չ ձիերով եւ ո՛չ հեծեալներով»։ 8Եւ Չողորմածին կտրեց կաթից։ Գոմերը դարձեալ յղիացաւ եւ մի որդի ծնեց։ 9Տէրը ասաց. «Նրա անունը դի՛ր Ոչ Իմ Ժողովուրդ, քանի որ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես ձեր ոչ մի բանը չեմ»։ 10Բայց իսրայէլացիների քանակը ծովի աւազի պէս անչափ ու անթիւ կը լինի. եւ այնտեղ, որտեղ ասուեց՝ «Դուք իմ ժողովուրդը չէք», այնտեղ «Կենդանի Աստծու որդիներ կը կոչուեն»։ 11Եւ Յուդայի ու Իսրայէլի որդիները միասին կը հաւաքուեն, իրենց համար մի իշխանութիւն կը հաստատեն եւ կ՚ելնեն այն երկրից, քանի որ մեծ է Յեզրայէլի օրը։
2 «Ձեր եղբօրն ասացէ՛ք՝ «Իմ ժողովո՛ւրդ», եւ ձեր քրոջը՝ «Ողորմած»։ 2Դա՛տ արէք ձեր մօր հետ, դա՛տ արէք, քանի որ նա իմ կինը չէ, եւ ես նրա ամուսինը չեմ։Ես կը վերացնեմ նրա պոռնկութիւնը իմ ներկայութիւնիցեւ շնութիւնը՝ իր ստինքների միջից, 3որովհետեւ նրան կը մերկացնեմեւ նրան կ՚անեմ այնպէս, ինչպէս ծնուած օրը.նրան անբնակ կը դարձնեմ,կը վերածեմ անջուր հողի 4եւ կը սպանեմ նրան ծարաւից։ 5Նրա որդիներին չեմ գթայ, քանի որ պոռնկութեան որդիներ են, 6քանի որ չափից դուրս պոռնկացաւ նրանց մայրըեւ ամօթի մէջ թողեց ում որ ծնեց, քանի որ ասաց. «Կը գնամ իմ սիրածների յետեւից, որոնք կը տան ինձ իմ հացն ու ջուրը, իմ հագուստն ու ներքնազգեստը,իմ գինին ու իմ ձէթըեւ ամէն ինչ, որ պէտք է ինձ»։ 7Դրա համար ես կը փակեմ նրա ճանապարհները,կը պատնէշեմ նրա ուղիները, եւ նա իր շաւիղները չի գտնի։ 8Նա կը գնայ իր սիրածների յետեւից եւ չի հասնի նրանց, կը փնտռի, բայց չի գտնի նրանց եւ կ՚ասի. «Կը գնամ եւ կը վերադառնամ իմ նախկին ամուսնու մօտ, որովհետեւ այն ժամանակ աւելի լաւ էր ինձ համար, քան հիմա»։ 9Եւ նա չիմացաւ, որ ե՛ս տուեցի նրան ցորենը, գինին եւ ձէթը, բազմացրի նրա դրամը, իսկ նա շատ արծաթէ եւ ոսկէ արձաններ սարքեց Բահաղին։ 10Դրա համար ես կը դառնամ եւ յետ կ՚առնեմ իմ ցորենն իր ժամանակին,իմ գինին եւ իմ ձէթն իրենց ժամանակին եւ կը հանեմ նրա վրայից իմ հագուստն ու ներքնազգեստը, որ չծածկի իր մերկութիւնը։ 11Եւ արդ, կը պարզեմ նրա պղծութիւնը իր սիրածների առաջ, եւ ոչ ոք չի ազատի նրան իմ ձեռքից։ 12Կը խափանեմ նրա բոլոր ուրախութիւնները, նրա տօները, ամսագլուխներն ու շաբաթները եւ նրա բոլոր տօնախմբութիւնները։ 13Կը կործանեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց, թէ՝ «Իմ վարձն են սրանք, որ տուեցին ինձ իմ սիրածները».նրան որպէս վկայութիւն կը դնեմ,կ՚ուտեն նրան անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները։ 14Կը պատժեմ նրան Բահաղիմի օրերի համար, երբ զոհ էր մատուցում նրանց, ականջօղեր էր դնում, իր քառամանեակներն էր գցում, գնում էր իր սիրածների հետ եւ մոռացել էր ինձ», - ասում է Տէրը։ 15«Դրա համար ահա կը մոլորեցնեմ նրան եւ կը դարձնեմ նրան ինչպէս անապատ, կը խօսեմ նրա սրտին, 16ապա կը տամ նրան իր ունեցուածքը եւ Աքորի հովիտը՝ բացելու նրա միտքը, եւ նա խոնարհ կը դառնայ այնտեղ, ինչպէս իր մանկութեան օրերին, եւ ինչպէս նրա՝ Եգիպտացիների երկրից ելնելու օրերին։ 17Այն օրը, - ասում է Տէրը, - ինձ կ՚անուանի՝ «Իմ ամուսին» եւ Բահաղիմ չի կոչի ինձ։ 18Կը վերացնեմ Բահաղիմի անունները նրա բերանից, եւ այլեւս չեն յիշուի նրանց անունները։ 19Այն օրը ուխտ կը կնքեմ նրանց հետ՝ անապատի գազաններով, երկնքի թռչուններով եւ երկրի սողուններով հանդերձ. եւ աղեղը, սուրն ու ճակատամարտը կը վերացնեմ երկրից եւ կը բնակեցնեմ քեզ յոյսով։ 20Քեզ կը նշանեմ ինձ յաւիտեան, քեզ կը նշանեմ ինձ արդարութեամբ եւ իրաւունքով,ողորմութեամբ եւ գթութեամբ։ 21Քեզ կը նշանեմ ինձ հաւատով,եւ դու կը ճանաչես Տիրոջը։ 22Այն օրը, - ասում է Տէրը, - ես կ՚ունկնդրեմ երկնքին, երկինքը կ՚ունկնդրի երկրին, 23երկիրը կ՚ունկնդրի ցորենին, գինուն ու ձէթին,եւ նրանք կ՚ունկնդրեն Յեզրայէլին։ 24Ես նրան կը սերմանեմ երկրի վրայ ինձ համար, կը գթամ Չողորմածին, կ՚ասեմ ինձ օտար ժողովրդին՝ 25«Իմ ժողովուրդն ես դու», եւ նա կ՚ասի՝ «իմ Տէր Աստուածն ես դու»։
3 Եւ Տէրն ասաց. «Դարձեալ դու գնա՛ եւ սիրի՛ր մի կին, որ սիրի չարութիւնը եւ շնացող լինի, ինչպէս որ Աստուած սիրեց իսրայէլացիներին, իսկ նրանք օտար աստուածներին էին նայում եւ սիրում էին չամիչով պատրաստուած բլիթներ»։ 2Ես վարձեցի նրան ինձ համար տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով եւ մի մատնաչափ գինով։ 3Եւ ասացի նրան. «Շատ օրեր կը նստես ինձ մօտ եւ այլեւս չես պոռնկանայ ու այլեւս ուրիշ տղամարդունը չես լինի»։ 4Արդարեւ, շատ օրեր իսրայէլացիները կը նստեն առանց թագաւորի, առանց իշխանի, առանց զոհաբերութեան, առանց սեղանի, առանց քահանայութեան եւ առանց յայտնութիւնների։ 5Դրանից յետոյ իսրայէլացիները կը դառնան եւ կը փնտռեն իրենց Տէր Աստծուն ու իրենց Դաւիթ արքային. կը զօրանան Տիրոջով եւ նրա բարութիւններով՝ վերջին օրերին։
4 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, իսրայէլացինե՛ր, որովհետեւ Տէրը դատ ունի երկրի բնակիչների հետ.«Չկայ ճշմարտութիւն, չկայ ողորմութիւն եւ չկայ Աստծու ճանաչում երկրի վրայ։ 2Անէծք, ստութիւն, սպանութիւն, գողութիւն եւ շնութիւն ողողել են երկիրը եւ արիւնը արեան են խառնում։ 3Դրա համար սուգը կը պատի երկիրը, եւ կը նուազեն նրա բոլոր բնակիչները՝ 4անապատի գազանները, գետնի սողունները եւ երկնքի թռչունները,կը պակասեն ծովի ձկները. 5քանի որ չի լինելու մէկը, որ դատի, ոչ էլ մէկը, որ յանդիմանի»։ 6«Բայց իմ ժողովուրդը նման է քահանային հակաճառողի. նրանք կը տկարանան ցերեկով,եւ մարգարէն էլ կը տկարանայ քեզ հետ. քո մօրը նմանեցրի գիշերուան։ 7Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի. քանի որ դու մերժեցիր իմացութիւնը, ես էլ քեզ կը մերժեմ, որպէսզի քահանայութիւն չանես ինձ համար.քանի որ մոռացար քո Աստծու օրէնքները, ես էլ կը մոռանամ քո որդիներին։ 8Քահանաները իրենց թուի աճի համեմատ մեղք գործեցին իմ նկատմամբ, նրանց փառքը անարգանքի կը վերածեմ։ 9Իմ ժողովրդի մեղքերով կ՚ուռճանան եւ իրենց անիրաւութեամբ կը հարստացնեն իրենց անձերը։ 10Ինչպէս ժողովուրդը, այնպէս էլ քահանան կը լինի, եւ ես կը պատժեմ նրան, նրա ճանապարհների եւ նրա խորհուրդների համաձայն կը հատուցեմ նրան. 11կ՚ուտեն եւ չեն յագենայ, կը պոռնկանան, բայց յաջողութիւն չեն գտնի, քանի որ լքեցին Տիրոջը՝ ամբողջապէս պոռնկանալու համար»։ 12«Գինին եւ հարբեցողութիւնը գրաւեցին իմ ժողովրդի սիրտը։ 13Վիճակաքարեր գցելով խորհուրդ էին հարցնում, եւ քահանաներն իրենց փայտիկներով պատասխանում էին նրանց. պոռնկութեան սատանայից մոլորուեցին եւ պոռնկացան իրենց Աստծու նկատմամբ։ 14Լեռների գլխին զոհ էին մատուցում եւ բլուրների վրայ ողջակէզ էին անումկաղնիների, կաղամախիների եւ սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց. դրա համար ձեր դուստրերը կը պոռնկանան,եւ ձեր հարսները կը շնանան։ 15Ես չեմ պատժելու ձեր դուստրերին, երբ պոռնկանան, եւ ձեր հարսներին՝ երբ շնանան, քանի որ այրերն իրենք էին պոռնիկների հետ կենակցում,զոհ էին մատուցում մեհեաններին նուիրուածների հետ, եւ քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակւում էր պոռնիկների հետ։ 16Բայց դո՛ւ, Իսրայէ՛լ, տգէտ մի՛ լինիր, եւ Յուդայի՛ որդիներ, մի՛ մտէք Գաղգաղա, մի՛ բարձրացէք Ովնի տունեւ մի՛ երդուէք կենդանի Տիրոջ անունով, 17քանի որ Իսրայէլն ինձ համար եղաւ ինչպէս լուծը թօթափած երինջ»։Արդ, Տէրը նրանց որպէս գառ կ՚արածացնի բաց դաշտում։ 18Եփրեմը յարեց կուռքերին, գայթակղութեան մատնեց իր անձը. բոլորը տենչացին քանանացիների կուռքերին, գինի սիրեցին. թողէ՛ք նրանց։ 19Չափից դուրս պոռնկացան, սիրեցին անպատուութիւնը իրենց հպարտութեան պատճառով։ 20Քամու մրրիկ կը փչի նրանց թեւերի տակ, եւ կ՚ամաչեն իրենց զոհասեղանների համար։
5 Լսեցէ՛ք սա, ո՛վ քահանաներ, մտի՛կ արէք, ո՛վ Իսրայէլի տուն,թագաւորի՛ տուն, ակա՛նջ դրէք,քանի որ ձերն է դատաստանը. 2կը լինէք ինչպէս թակարդ դիտանոցումեւ ինչպէս մի ցանց՝ ձգուած բարձրադիր վայրում,որ որսորդները դրեցին որսի համար։ 3«Ես եմ ձեր ուղղիչը. ես ճանաչեցի Եփրեմին, եւ Իսրայէլը հեռու չէ ինձնից, քանի որ այժմ Եփրեմը պոռնկացաւ, եւ Իսրայէլը պղծուեց»։ 4Նրանք չմտածեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետեւ պոռնկութեան չար ոգին նրանց մէջ է,եւ Տիրոջը չճանաչեցին։ 5Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ. ե՛ւ Իսրայէլը, ե՛ւ Եփրեմը կը տկարանան իրենց անօրէնութեան մէջ, կը տկարանայ եւ Յուդան նրանց հետ։ 6Նրանք ոչխարներով եւ զոհերով կը գնան Տիրոջը որոնելու եւ չեն գտնի նրան, որովհետեւ նա խուսափեց նրանցից։ 7Նրանք Տիրոջը թողեցին, քանի որ օտար որդիներ ծնուեցին նրանց։ Ահա այժմ թրթուրը կ՚ուտի նրանց,նրանց եւ նրանց երկիրը։ 8Փո՛ղ հնչեցրէք բլուրների վրայ, գոռացէ՛ք բարձունքների վրայ, յայտարարեցէ՛ք Ովնի տանը, թէ յիմարացաւ Բենիամինը, 9եւ Եփրեմը կործանուեց յանդիմանութեան օրերին. «Իսրայէլի ցեղերին հաւատարմութիւն ցոյց տուեցի։ 10Յուդայի երկրի իշխանները նմանուեցին սահմանները փոփոխողների. նրանց վրայ ջրի պէս կը թափեմ իմ կատաղութիւնը։ 11Եփրեմը զրկեց իր թշնամուն եւ ոտնակոխ արեց արդարադատութիւնը, քանի որ սկսեց սնոտի բաների յետեւից գնալ։ 12Ես Եփրեմի համար սարսափ կը լինեմեւ Յուդայի տան համար՝ ինչպէս խայթոց։ 13Եփրեմը տեսաւ իր ախտը, եւ Յուդան՝ իր ցաւերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մօտ եւ պատգամաւորներ ուղարկեց Յարիմի արքային, բայց նա չկարողացաւ փրկել ձեզ եւ ոչ էլ հանգստացնել ձեզ ցաւերից։ 14Քանզի ես Եփրեմի համար յովազի պէս եմ եւ Յուդայի տան համար՝ առիւծի նման. կը յարձակուեմ, կը յափշտակեմ, 15կ՚առնեմ նրանց, ու ոչ ոք չի լինի, որ փրկի. կը գնամ եւ կը վերադառնամ իմ տեղը,մինչեւ որ նրանք կործանուեն եւ փնտռեն ինձ»։
6 «Իրենց նեղութիւնների մէջ կը շտապեն ինձ մօտ եւ կ՚ասեն. «Գնանք եւ վերադառնանք մեր Տէր Աստծուն. 2որովհետեւ նա հարուածեց մեզ եւ ինքն էլ կը բժշկի, վիրաւորեց եւ կը կապի մեր վէրքերը։ 3Երկու օր յետոյ նա կը կենդանացնի մեզ,եւ երրորդ օրը կ՚ելնենք կը կանգնենք նրա առաջ, կը ճանաչենք Տիրոջըեւ հետամուտ կը լինենք ճանաչելու նրան։ Մենք նրան պատրաստ կը գտնենք ինչպէս առաւօտը, եւ նա կը գայ դէպի մեզ՝ ինչպէս վաղ եւ ուշացած անձրեւը՝ դէպի հողը»։ 4Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Յուդա՛, որովհետեւ ձեր ողորմութիւնը վաղորդեան ամպի պէս է եւ առաւօտեան ցօղի պէս, որ անհետանում է։ 5Դրա համար հնձեցի ձեր մարգարէներինեւ կոտորեցի նրանց իմ բերանի խօսքով. իմ արդարադատութիւնը իբրեւ լոյս կը ծագի։ 6Քանզի ողորմութիւն եմ ցանկանում եւ ոչ թէ զոհաբերում, Աստծու ճանաչումն աւելի եմ ցանկանում, քան ողջակէզները. 7բայց նրանք եղան ինչպէս մի մարդ, որ դրժում է ուխտը։ 8Գաղաադն այնտեղ արհամարհեց ինձ, քաղաք, որ սնոտի բաներ է անում եւ խառնում ջրերը։ 9Քո զօրութիւնը աւազակ մարդու զօրութեան պէս է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սիկիմը, որովհետեւ անօրէնութիւն գործեցին։ 10Իսրայէլի տան մէջ տեսայ արհաւիրքներ. այնտեղ պոռնկացաւ Եփրեմը, եւ պղծուեց Իսրայէլը։ 11Յուդան սկսեց այգեկութը,երբ ես գերութիւնից վերադարձրի իմ ժողովրդին»։
7 «Իսրայէլին բժշկելիսի յայտ կը գան Եփրեմի չարիքներն ու Սամարիայի չարիքները, քանի որ սխալ բաներ արեցին. գող կը մտնի նրա տուն, իսկ աւազակը կը թալանի նրա ճանապարհներին. 2նրանք միասին կը մրմնջեն, ինչպէս մրմնջում են մարդիկ իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները յիշեցի. նրանց խորհուրդները պաշարեցին նրանց, եւ նրանք յայտնուեցին իմ առաջ։ 3Իրենց չարիքներով ուրախացրին թագաւորինեւ իրենց ստերով՝ իշխաններին։ 4Բոլորը շնացան, ինչպէս թոնիրն է վառւում հաց թխելու համար բորբոքուած կրակից եւ ճարպի զանգուածից, մինչեւ այն խմորուի. 5այդպէս ձեր թագաւորների օրերինիշխաններն սկսեցին վառուել գինուցեւ ձեռք մեկնեցին չարագործներին, 6որովհետեւ սրտերն իրենց հնոցի պէս բորբոքուեցին՝ անիծելու նրանց։ Գիշերն ամբողջ քնից յագեցաւ Եփրեմը. առաւօտ եղաւ,եւ բորբոքուեցին որպէս կրակի բոց։ 7Բոլորը տաքացան ինչպէս վառուած հնոց, եւ կրակը կերաւ նրանց դատաւորներին. նրանց բոլոր թագաւորներն ընկան, եւ նրանց մէջ չկար մէկը, որ կանչէր ինձ։ 8Եփրեմը խառնւում էր ժողովուրդներին, Եփրեմը նմանուեց շուռ չտուած հացիկի. 9օտարները կերան նրա զօրութիւնը, եւ նա չիմացաւ.սպիտակեցին նրա մազերը, եւ նա չզգաց։ 10Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ.նրանք չվերադարձան իրենց Տէր Աստծունեւ չփնտռեցին նրան այս բոլորի մէջ։ 11Եփրեմը նման էր անմիտ աղաւնու, որ սիրտ չունի.Եգիպտոս էին կանչւում, բայց գնացին Ասորեստան։ 12Ուր էլ որ գնան, նրանց վրայ կը գցեմ իմ ցանցը,երկնքի թռչունների նման ցած կը բերեմ նրանց եւ կը պատժեմ նրանց իրենց գլխին գալիք նեղութեան լուրով։ 13Վա՛յ նրանց, քանի որ նրանք խոյս տուեցին ինձնից, ողորմելի են, քանի որ ամբարշտացան իմ դէմ։ Ես փրկեցի նրանց, իսկ նրանք ստութեամբ բամբասեցին ինձ։ 14Նրանց սրտերը չկանչեցին ինձ, այլ ողբում էին իրենց անկողիններում. նրանք ցորենի ու գինու համար ծուատում էին իրենց։ 15Ես խրատեցի նրանցեւ զօրացրի նրանց բազուկները,բայց նրանք չարիք խորհեցին իմ դէմ։ 16Նրանք դարձան անգոյին եւ եղան ինչպէս լարուած աղեղ։Սրով կ՚ընկնեն նրանց իշխանները իրենց լեզուի անսանձ խստութեան պատճառով, եւ սա կը լինի նրանց նախատինքը Եգիպտոսում»։
8 «Կ՚իջնի նա նրանց կենտրոնում ինչպէս հողը եւ ինչպէս արծիւ՝ Տիրոջ տան վրայ, որովհետեւ անտեսեցին իմ ուխտը եւ իմ օրէնքի դէմ ամբարշտացան։ 2Կ՚աղաղակեն դէպի ինձ. «Աստուա՛ծ, ճանաչեցինք քեզ». 3քանի որ Իսրայէլը հեռացաւ բարիքներից նրանք հալածեցին թշնամուն։ 4Անձամբ թագաւորներ կարգեցին,բայց ոչ իմ միջոցով. տիրեցին, բայց ցոյց չտուեցին ինձ,իրենց արծաթից ու ոսկուց կուռքեր շինեցին իրենց, որպէսզի կործանուեն։ 5Խորտակի՛ր քո հորթը, Սամարիա՛. իմ բարկութիւնը բորբոքուեց նրանց դէմ. մինչեւ ե՞րբ պիտի չկարողանան մաքրուել Իսրայէլում։ 6Արհեստաւորը պատրաստեց այն, եւ նա Աստուած չէ, քանի որ քո հորթը մոլորեցուցիչ է, Սամարիա՛, 7որովհետեւ խորշակահար սերմ սերմանեցին, եւ նա էլ կը կործանուի նրանց նման. նրանց ցորենի խուրձը ուժ չի ունենայ խիւս դառնալու. եթէ նոյնիսկ դառնայ, օտարները կ՚ուտեն այն։ 8Իսրայէլն ընկղմուեց. այժմ նա ազգերի մէջ դարձաւ ինչպէս անպիտան անօթ։ 9Քանի որ գնացին դէպի ասորեստանցիները,ուրախացաւ Եփրեմն առանձին, սիրեց կաշառքը. 10դրա համար էլ կը մատնուի ազգերին։ Բայց այժմ կ՚ընդունեմ նրանց, եւ մի փոքր կը դադարեն թագաւորներ եւ իշխաններ օծելուց։ 11Եփրեմն առատացրեց զոհասեղանները, եւ նրա սիրելի զոհասեղանները մեղք դարձան նրան։ 12Բազմաթիւ պատգամներ կը գրեմ նրանց,բայց նրա կուռքերը օտարոտի կը համարուեն,նաեւ նրա սիրելի զոհասեղանները։ 13Թէպէտ եւ զոհեր կը մատուցեն եւ դրանց միսը կ՚ուտեն, Տէրը չի ընդունի այն։Այժմ կը յիշի նրանց անիրաւութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց անօրէնութիւնների համար, քանի որ նրանք վերադարձան Եգիպտոս եւ պիղծ բաներ պիտի ուտեն ասորեստանցիների մէջ։ 14Իսրայէլը մոռացաւ իր Արարչին,եւ մեհեաններ շինեցին. Յուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կ՚ուղարկեմ նրա քաղաքների վրայ, եւ այն կ՚ուտի դրանց հիմքերը»։
9 Մի՛ խնդար, Իսրայէ՛լ, եւ մի՛ ուրախացիր ինչպէս երկրի ժողովուրդները,որովհետեւ պոռնկացար քո Աստծու դէմ, սիրեցիր կաշառքը ցորենի բոլոր կալերի վրայ։ 2Կալերն ու հնձանները չճանաչեցին նրանց,եւ գինին խաբեց նրանց։ 3Նրանք չեն բնակուի Տիրոջ երկրում. Եփրեմը կը բնակուի Եգիպտոսում, եւ նրանք ասորեստանցիների մէջ պիղծ բաներ պիտի ուտեն։ 4Տիրոջը գինի չնուիրեցին եւ նրա սիրտը չքաղցրացրին իրենց վրայ, նրանց զոհերը սգոյ հոգեճաշ կը դառնան նրանց, բոլոր նրանք, ովքեր կ՚ուտեն նրանից, կը պղծուեն, քանի որ իրենց հացը միայն իրենց կը մնայ եւ չի մտնի Տիրոջ Տան մէջ։ 5Ի՞նչ պիտի անէք տարեկան հաւաքի օրը եւ Տիրոջ տօնի օրը։ 6Դրա համար ահա կը գնան դէպի եգիպտացիների թշուառութիւնը. Մեմփիսը կ՚ընդունի նրանց, եւ Մաքմասը կը թաղի նրանց, կորստի կը մատնի նրանց արծաթը, եւ նրանց բնակարանում փուշ կը բուսնի։ 7Հասել են քո վրէժխնդրութեան օրերը, հասել են օրերը քո հատուցման, եւ Իսրայէլը կը չարչարուի ինչպէս յիմարացած մարգարէ, ինչպէս այսահար մի մարդ. քո անիրաւութիւնների շատութեան պատճառով վրայ հասաւ մոլորութիւնը։ 8Եփրեմը դիտորդ է Աստծու հետ, մարգարէն գայթակղութեան թակարդ է նրա բոլոր ճանապարհների վրայ. նրանք մոլորութիւն հաստատեցին Աստծու տան մէջ, 9ապականուեցին ինչպէս բարձունքի օրերին. Տէրը կը յիշի նրանց անօրէնութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց մեղքերի համար։ 10Գտայ Իսրայէլին՝ ինչպէս խաղող անապատում,եւ տեսայ նրանց հայրերին՝ որպէս պահակ վաղահաս թզենու մէջ։ Նրանք մտան Բելփեգոր եւ օտարացան ամօթահար լինելով. գարշելիները դարձան սիրելիներ։ 11Եփրեմը թռչունի պէս թռաւ, եւ փառք չի լինի նրանց ծնունդներից, երկունքից եւ յղութիւնից։ 12Թէպէտեւ կը մեծացնեն իրենց որդիներին, սակայն զուրկ կը մնան մարդկանցից։Արդարեւ, վայ է նրանց, թէեւ իմ մարմինը նրանցից է։ 13Ինչպէս Եփրեմին տեսայ, նրանք իրենց որդիներին որպէս զոհ կանգնեցրին, եւ Եփրեմն սկսեց իր որդիներին դուրս բերել սպանդի։ 14Տո՛ւր նրանց, Տէ՛ր,- ի՞նչ ես տալու նրանց, - տո՛ւր նրանց անորդի արգանդ եւ ցամաքած ստինքներ։ 15«Նրանց ամբողջ չարութիւնը Գաղգաղայում է, ուստի եւ այնտեղ ատեցի նրանց. իրենց չար ընթացքի համար իմ տնից կը հեռացնեմ նրանց եւ այլեւս չեմ սիրի նրանց. նրանց բոլոր իշխանները ապստամբներ են։ 16Ախտահարուեցին Եփրեմի արմատները, չորացան եւ այլեւս պտուղ չեն տայ, որովհետեւ նոյնիսկ եթէ ծնեն, կ՚ոչնչացնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները»։ 17Աստուած կը մերժի նրանց, քանի որ չլսեցին նրան, եւ նրանք մոլորուած կը լինեն ազգերի մէջ։
10 Ճիւղառատ պտղալից որթատունկ է Իսրայէլը. նա իր պտուղների առատութեան չափ բազմացրեց իր զոհասեղանները,իր պարարտութեան չափ արձաններ կանգնեցրեց։ 2Նրանք բաժանեցին իրենց սրտերը, նրանք կ՚ապականուեն։ Նա կը կործանի նրանց զոհասեղանները, 3ողբալի կը դառնան նրանց արձանները, 4քանի որ հիմա կ՚ասեն. «Թագաւոր չունենք, որովհետեւ Տիրոջից չվախեցանք, բայց թագաւորը ի՞նչ կարող է անել մեզ համար»։ 5Եթէ խօսքեր ասի՝ ստայօդ են.ուխտ կը կնքի, եւ արդարադատութիւնը որպէս սէզ կ՚աճի ագարակի անմշակ հողում։ 6Ովնի տան հորթի պէս պանդուխտ կը դառնան Սամարիայի բնակիչները, որովհետեւ նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրայ. եւ ինչպէս որ դառնացրին նրան, ոտնակոխ կը լինեն նրա փառքի համար, քանի որ գերուեցին նրա կողմից։ 7Եւ նրան կապկպած Ասորեստան կը տանեն որպէս նուէր Յարիմ արքային։ Նա կաշառքով կ՚ընդունի Եփրեմին. Իսրայէլը կ՚ամաչի իր խորհուրդներից։ 8Սամարիան մերժեց իր թագաւորին, ինչպէս տաշեղ ջրի երեսին։ 9Կը վերանան Ովնի մեհեանները՝ Իսրայէլի մեղքերը, փուշ ու տատասկ կը բուսնեն նրանց զոհասեղաններին,եւ լեռներին կ՚ասեն, թէ՝ «Ընկէ՛ք մեզ վրայ» եւ բլուրներին, թէ՝ «Ծածկեցէ՛ք մեզ»։ 10«Այն օրից, երբ բարձունքները գոյութիւն ունեն,Իսրայէլը մեղք գործեց։Այնտեղ տեղաւորուեցին նրանք։ Եւ բարձունքի վրայ չի հասնի նրանց պատերազմը, 11որ եկաւ խրատելու նրանց անօրէնութեան որդիների դէմ.ազգերը կը հաւաքուեն նրանց դէմ՝ խրատելու նրանց իրենց կրկնակի անիրաւութիւնների համար։ 12Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ Եփրեմի վրայ, կ՚անտեսեմ Յուդային, եւ Յակոբը կը յաղթի նրան։ 13Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտռեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ։ 14Ինչո՞ւ էք փորփրում ամբարշտութիւնը, փխրեցնում նրա անօրէնութիւնները եւ ուտում ստութեան պտուղը. որովհետեւ յոյս դրեցիր քո կառքերի վրայ, քո զօրքի բազմութեան վրայ։ 15Քո ժողովուրդը կորստեան կը մատնուի, եւ քո բոլոր պարսպապատ ամրոցները կը կործանուեն։Ինչպէս Յերոբովաղի տնից Սաղաման իշխանի պատերազմի ժամանակ, երբ մայրերին սպանեցին որդիների կողքին, 16այդպէս էլ կ՚անեն ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ձեր չարիքների պատճառով»։
11 «Առաւօտեան նրանք ընկան, ընկաւ Իսրայէլի թագաւորը։ Քանի դեռ մանուկ էր Իսրայէլը,ես սիրեցի նրան եւ Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։ 2Եւ ինչպէս կանչեցի նրանց, այնպէս էլ հեռացան իմ ներկայութիւնից։ Նրանք Բահաղիմին էին զոհ մատուցում եւ խնկարկում էին կուռքերին։ 3Ես խափանեցի Եփրեմի ընթացքը եւ նրան վերցրի իմ բազուկների վրայ. 4չիմացան, որ ես բժշկում եմ նրանց։Երբ մարդիկ ապականուեցին, ես կապեցի նրանց իմ սիրոյ կապերով եւ նրանց համար դարձայ այնպիսին, որ ապտակում է ուրիշի ծնօտին։Ես հոգ կը տանեմ եւ կը յաղթեմ նրան։ 5Եփրեմը բնակուեց Եգիպտոսում,իսկ ասորեստանցին նրա թագաւորն էր, քանի որ չուզեցին վերադառնալ։ 6Նա սրով տկարացաւ իր քաղաքներում եւ դադարեց կռիւ մղել իր ձեռքերով։Նրանք կը ճաշակեն իրենց խորհուրդների պտուղը։ 7Նրա ժողովուրդը կախուած կը մնայ իր բնակավայրից, եւ Աստուած կը բարկանայ նրա պատուական բաների վրայ ու չի մեծարի նրան։ 8Ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ, Եփրե՛մ, ինչպէ՞ս պաշտպան լինեմ քեզ, Իսրայէ՛լ,ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ. քեզ կը դարձնեմ ինչպէս Ադամ եւ ինչպէս Սեբոյիմ։ 9Սիրտս շուռ եկաւ, գութս շարժուեց, եւ իմ սաստիկ բարկութեան թելադրանքով չեմ վարուի ու չեմ թողնի, որ Եփրեմը ջնջուի, քանի որ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ, Սուրբ եմ ձեր մէջ եւ քաղաք չեմ մտնի։ 10Տիրոջ յետեւից կը գնան։ Նա առիւծի պէս կը մռնչայ. քանի որ նա կը մռնչայ եւ ջրերի որդիներին կ՚ապշեցնի։ 11Որպէս թռչուն կը թռչեն, կը գան Եգիպտոսից, եւ որպէս աղաւնիներ՝ Ասորեստանից. «Կը պատսպարեմ նրանց իրենց տներում», - ասում է Տէրը։ 12Եփրեմն ինձ ստութեամբ պաշարեց, իսկ Իսրայէլի եւ Յուդայի տունը՝ անբարշտութեամբ։Բայց այժմ Աստուած ճանաչեց նրանց, եւ նրանք կը կոչուեն Աստծու սուրբ ժողովուրդ։
12 Սակայն այս Եփրեմը չար է. հետեւեց խորշակին, ամբողջ օրը դատարկ եւ սնոտի բաներ շատացրեց, դաշինք կնքեց ասորեստանցիների հետ եւ իւղ էր տանում Եգիպտոս։ 2Տէրը վէճ ունեցաւ Յուդայի հետ եւ կը պատժի Յակոբին. ըստ նրա ճանապարհի եւ ընթացքի կը հատուցի նրան։ 3Արգանդում նա խաբեց իր եղբօրը եւ իր գործերով ուժ ցոյց տուեց Աստծու դէմ. նա չափուեց Հրեշտակի հետ եւ յաղթեց նրան։ 4Լաց եղան, աղաչեցին ինձ եւ գտան ինձ իմ տանը. այնտեղ խօսք ուղղուեց նրանց, 5եւ Ամենակալ Տէր Աստուածը կը դառնայ յիշատակը նրանց։ 6«Դու կը դառնաս քո Աստծուն, կը պահպանես ողորմութիւն եւ արդարութիւն եւ ամէն ժամ կը մերձենաս քո Տէր Աստծուն»։ 7Անիրաւութեան կշեռքը Քանանի ձեռքում է, եւ նա սիրեց բռնանալ։ 8Եփրեմն ասաց. «Հարստացայ, հանգիստ գտայ իմ անձի համար». նրա բոլոր վաստակները չեն մնայ նրան, քանի որ անօրէնութիւնների համար յանցանք գործեց։ 9«Բայց ես՝ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, դարձեալ կը բնակեցնեմ քեզ վրանների տակ ինչպէս տօն օրերին։ 10Կը խօսեմ մարգարէների հետ, կը շատացնեմ տեսիլքները եւ մարգարէների միջոցով կը ներկայանամ։ 11Եթէ Գաղաադը չկար, ապա սուտ էին իշխանները, որ զոհ էին մատուցում Գաղգաղայում, եւ նրանց զոհասեղանները նման էին կրիաների խոպան հողում։ 12Յակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայէլը ծառայեց կնոջ համար եւ կնոջ համար պահակութիւն արեց։ 13Տէրը մարգարէի միջոցով Իսրայէլը հանեց Եգիպտոսից, եւ նա պահպանուեց մարգարէի միջոցով։ 14Իսրայէլը ինձ բարկացրեց ու զայրացրեց, նրա արիւնը իր վրայ կը թափուի, եւ Տէրը կը հատուցի նրան նրա նախատինքների համար»։
13 Ըստ Եփրեմի խօսքի, նա ստացաւ Իսրայէլի Աստծու վճիռը, նրան հաստատեց Բահաղի համար ու մեռաւ։ 2Այժմ դարձեալ շարունակեցին մեղանչել եւ իրենց համար կուռքերի պատկերների նման ձուլածոյ արձաններ պատրաստեցին իրենց արծաթից՝ ճարտար արհեստաւորների գործ տալու նրանց։ Նրանք ասացին. «Մարդի՛կ, զո՛հ մատուցեցէք, որովհետեւ հորթերը նուազեցին»։ 3Դրա համար կը լինեն ինչպէս առաւօտեան ամպ եւ վաղորդեան ցօղ, որ անցնում է, ինչպէս փոշի՝ կալից քշուած, եւ ինչպէս ծուխ՝ պատուհանից դուրս եկող։ 4«Ես եմ քո Տէր Աստուածը, որ հաստատեցի երկինքը եւ հաստատեցի երկիրը, ես, որի ձեռքերը հաստատեցին երկնքի բոլոր զօրքերը, բայց քեզ ցոյց չեմ տայ, որ գնաս նրանց յետեւից. ես հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, ինձնից բացի Աստուած չես ճանաչի, եւ ինձնից բացի փրկիչ չկայ։ 5Ես էի քեզ հովւում անապատում՝ անշէն երկրում։ 6Նրանք իրենց արօտավայրերի չափ յագեցան եւ զմայլուեցին, գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան ինձ։ 7Ես նրանց համար կը լինեմ ինչպէս յովազ եւ ինչպէս ընձառիւծ Ասորեստանի ճանապարհին։ 8Կը պատահեմ նրանց ինչպէս սոված արջ, կը պատառոտեմ նրանց սրտերի վարագոյրը. անտառի կորիւնները կ՚ուտեն նրանց,եւ վայրի գազանները կը յօշոտեն նրանց։ 9Քո ապականութեան մէջ, Իսրայէ՛լ, ո՞վ է, որ պիտի օգնի քեզ։ 10Ո՞ւր է քո թագաւորը, որ փրկի քեզ քո բոլոր քաղաքներում, որ դատի քեզ, եւ որի մասին ասացիր, թէ՝ «Տո՛ւր ինձ թագաւոր եւ իշխան»։ 11Ես քեզ թագաւոր տուեցի իմ բարկութեամբ եւ յետ վերցրի նրան իմ սրտմտութեամբ։ 12Եփրեմը անիրաւութիւնների կծիկ է, եւ նրա մեղքերը թաքնուած են։ 13Ծննդկանի պէս երկունք կը պատահի նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ նա չի կարող տոկալ քո որդիների կործանմանը։ 14Ես դժոխքից կ՚ազատեմ նրանց եւ մահից կը փրկեմ նրանց։ Որտե՞ղ է քո յաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք։ 15Մխիթարութիւնը ծածկուած է իմ աչքերից, քանի որ նա խտրութիւն է դնում եղբայրների միջեւ»։ Տէրը նրա վրայ կը բերի խորշակի հողմ անապատից, կը ցամաքեցնի նրա երակները եւ կ՚աւերի նրա աղբիւրները։ Նա կը չորացնի նրա երկիրը եւ նրա բոլոր թանկագին անօթները։
14 Կը կործանուի Սամարիան, որովհետեւ նա իր Աստծու դէմ դուրս եկաւ. նրանք սրով կ՚ընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կը զարնուեն, եւ նրանց յղի կանայք կը պատռուեն։ 2Դարձի՛ր, Իսրայէ՛լ, դէպի քո Տէր Աստուածը, քանի որ տկարացար քո անօրէնութիւնների մէջ։ 3Առէ՛ք այս խօսքերը ձեզ հետ, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ ասացէ՛ք նրան. «Դու կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որ անիրաւութիւն չանենք, այլ բարին ընդունենք եւ հատուցենք քեզ մեր շրթունքների պտուղը. - եւ ձեր սրտերը բարութեան մէջ կը գտնեն։ - 4Ասորեստանը չի փրկի մեզ, եւ մենք ձի չենք հեծնի ու այլեւս մեր ձեռակերտներին «աստուած մեր» չենք ասի, որովհետեւ նա, որ քո մէջ է, կը գթայ որբերին»։ 5«Կը վերականգնեմ նրանց բնակարանները եւ ամբողջ սրտով կը սիրեմ նրանց, որովհետեւ անցաւ նրանց դէմ ունեցած իմ բարկութիւնը։ 6Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար, նա կը ծաղկի ինչպէս շուշան եւ իր արմատները կը կը տարածի ինչպէս լիբանոսը։ Կ՚ընդարձակուեն նրա ճիւղերը, 7նա կը դառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կը բուրի ինչպէս կնդրուկի բոյր։ 8Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ, կ՚ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով, նա կը բողբոջի ինչպէս որթատունկ, 9եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար։ Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կը զօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձանից է քո պտուղը»։ 10Ով իմաստուն է, կը հասկանայ այս բաները, ով հանճարեղ է, կ՚իմանայ սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները. արդարները դրանցով կ՚անցնեն, իսկ ամբարիշտները կը սայթաքեն դրանց մէջ։