Հռութ
1 Դատաւորների կառավարման օրերին սով եղաւ երկրում։ Յուդայի Բեթղեհէմ քաղաքից մի մարդ իր կնոջ եւ երկու որդիների հետ գնաց բնակուելու Մովաբի դաշտում։ 2Այդ մարդու անունը Ելիմելէք էր, նրա կնոջ անունը՝ Նոոմին, իսկ նրա երկու որդիների անունները՝ Մաալոն եւ Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին, Յուդայի ցեղից։ Նրանք գնացին Մովաբի դաշտը եւ մնացին այնտեղ։ 3Ելիմելէքը՝ Նոոմինի ամուսինը, մեռաւ, եւ մնաց կինը իր երկու որդիների հետ։ 4Նրանք մովաբացի կանայք առան. սրանցից մէկի անունը Օրփա էր, միւսինը՝ Հռութ։ Նրանք այնտեղ բնակուեցին մօտ տասը տարի։ 5Մաալոնը եւ Քելլոնը երկուսն էլ մեռան այնտեղ, եւ կինը մնաց միայնակ՝ զրկուած իր ամուսնուց եւ որդիներից։ 6Նա ու իր երկու հարսները վեր կացան, վերադարձան Մովաբի դաշտից, որովհետեւ լսել էին, որ Աստուած այցի է եկել իր ժողովրդին՝ նրան հաց տալու։ 7Նա իր երկու հարսների հետ դուրս եկաւ այն տեղից, որտեղ ապրում էր, եւ նրանք ճանապարհ ընկան Յուդայի երկիրը վերադառնալու համար։ 8Նոոմինը իր երկու հարսներին ասաց. «Գնացէ՛ք, վերադարձէ՛ք ամէն մէկդ ձեր հօր տունը. Տէրը թող ձեզ ողորմութիւն անի, ինչպէս որ դուք այն մեռածներին եւ ինձ էք արել։ 9Աստուած տայ, որ ամէն մէկդ հանգիստ գտնէք ձեր հօր տանը»։ Եւ համբուրեց նրանց։ 10Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան եւ ասացին նրան. «Այդպէս չի լինի, մենք քեզ հետ կը վերադառնանք դէպի քո ժողովուրդը»։ 11Նոոմինն ասաց. «Ե՛տ դարձէք, աղջիկնե՛րս, ինչո՞ւ գաք ինձ հետ, միթէ դարձեալ իմ որովայնում որդինե՞ր կան, եւ նրանք ձեզ համար ամուսի՞ն կը լինեն։ 12Վերադարձէ՛ք, աղջիկնե՛րս, եւ գնացէ՛ք, որովհետեւ ես պառաւել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթէ ասէի էլ, թէ յոյս ունեմ եւ կ՚ամուսնանամ ու որդիներ կը ծնեմ, 13դուք նրանց պիտի սպասէի՞ք, մինչեւ որ մեծանան, եւ նրանցով գրաւուելով՝ պիտի զրկուէի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից աւելի եմ դառնացած, որովհետեւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ ինձ վրայ»։ 14Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը եւ լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը եւ վերադարձաւ իր ժողովրդի մօտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ յետեւից։ 15Նոոմինն ասաց Հռութին. «Ահա քո տագերակինը վերադարձաւ իր ժողովրդի եւ իր աստուածների մօտ, դու էլ ե՛տ դարձիր քո տագերակնոջ յետեւից»։ 16Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ եւ չեմ հեռանայ քեզնից. ուր էլ որ դու գնաս, ես էլ կը գնամ, որտեղ էլ որ մնաս, ես էլ կը մնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է։ 17Որտեղ որ դու մեռնես, այնտեղ էլ ես կը մեռնեմ եւ կը թաղուեմ. թող Տէրը այսպէս եւ սրանից աւելին անի ինձ. միայն մահը կը բաժանի ինձ քեզանից»։ 18Երբ Նոոմինը տեսաւ, որ նա հաստատ որոշել է գնալ իր հետ, այլեւս չխօսեց այդ մասին նրա հետ։ 19Նրանք երկուսով գնացին, մինչեւ որ հասան Բեթղեհէմ։ Երբ նրանք եկան Բեթղեհէմ, ամբողջ քաղաքը զրնգաց նրանց շուրջը։ Ասում էին. «Սա՞ է Նոոմինը»։ 20Նա նրանց ասաց. «Ինձ Նոոմին մի՛ կոչէք, այլ կոչեցէ՛ք Դառնացած, որովհետեւ Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։ 21Լիքը գնացի, բայց Տէրը դատարկ վերադարձրեց ինձ. հիմա ինչո՞ւ էք ինձ Նոոմին կոչում։ Տէրն ինձ նկուն դարձրեց, եւ Ամենակարողը չարչարեց ինձ»։ 22Եւ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից եւ գարու հնձի սկզբին եկան Բեթղեհէմ։
2 Նոոմինի ամուսինը մի ազգական ունէր, մեծ կարողութեան տէր մի մարդ՝ Ելիմելէքի ազգից։ Նրա անունը Բոոս էր։ Նա այրի Նոոմինին տուն տուեց, որ բնակուի նրա մէջ։ 2Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը եւ ում մօտ բարեհաճութիւն գտնեմ, նրա յետեւից հասկեր հաւաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։ 3Նա գնաց եւ մտնելով արտի մէջ՝ հասկ էր հաւաքում հնձողների յետեւից. եւ այնպես պատահեց, որ նա ընկնի արտի այն մասը, որը Ելիմելէքի ազգական Բոոսինն էր։ 4Եւ ահա Բոոսը եկաւ Բեթղեհէմից եւ ասաց իր հնձուորներին. «Տէրը ձեզ հետ»։ Նրանք ասացին. «Տէրը օրհնի քեզ»։ 5Եւ Բոոսը հնձուորների վրայ նշանակուած ծառային ասաց. «Ո՞ւմ աղջիկն է դա»։ 6Հնձուորների վրայ նշանակուած ծառան պատասխանեց ու ասաց. «Դա մովաբացի աղջիկն է, որ Նոոմինի հետ վերադարձաւ Մովաբի դաշտից եւ ասաց. 7«Թո՛ղ, որ հնձուորների յետեւից հասկաքաղ անեմ եւ խուրձերից ընկածները հաւաքեմ»։ Եկել ու մնացել է այստեղ առաւօտից մինչեւ այժմ, մի փոքր դադար էլ չտուեց այս արտում»։ 8Բոոսն ասաց Հռութին. «Լսի՛ր, աղջի՛կս, հասկ հաւաքելու համար ուրիշ տեղ, ուրիշի արտը չգնաս, այստեղից ոչ մի տեղ չգնաս, այլ հէնց այստեղ, ինձ ծառայող աղջիկների մօտ մնա՛։ 9Թող քո աչքերը լինեն այն արտի վրայ, որտեղ հունձ են անում, եւ նրա՛նց յետեւից գնա։ Չէ՞ որ ես պատուիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթէ ծարաւես, գնա՛ ամանների մօտ եւ խմի՛ր այդ պատանիների հանած ջրից»։ 10Աղջիկն ընկաւ երեսի վրայ եւ մինչեւ գետին խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճութեանն արժանացայ, եւ դու հետաքրքրուեցիր ինձնով, թէեւ ես մի օտար կին եմ»։ 11Բոոսը պատասխան տուեց եւ ասաց. «Ինձ պատմել են այն ամէնը, ինչ որ արել ես դու քո սկեսրոջ համար ամուսնուդ մահուանից յետոյ. թէ ինչպէս թողել ես քո հօրն ու մօրը, քո ծննդավայրը եւ եկել ես այն ժողովրդի մօտ, որին առաջ չէիր ճանաչում։ 12Քո արածի համար թող Տէրը հատուցի քեզ, թող քո վարձը անպակաս լինի Իսրայէլի Տէր Աստծու կողմից, որին դու դիմել ես՝ նրա թեւերի տակ ապաստան գտնելու համար»։ 13Հռութն ասաց. «Տէ՛ր իմ, քո առաջ շնորհ գտայ, դու մխիթարեցիր ինձ, քանի որ քո աղախնի սրտից խօսեցիր. թող ես էլ քո աղախիններից մէկը լինեմ»։ 14Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մօտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից եւ պատառդ թաթախի՛ր քացախով պատրաստուած հիւթի մէջ»։ Հռութը նստեց հնձուորների մօտ, Բոոսը նրա համար փոխինձ պատրաստեց, նա կերաւ, յագեցաւ, աւելացածը պահեց 15եւ վեր կացաւ հասկ հաւաքելու։ Բոոսն իր պատանիներին պատուիրեց եւ ասաց. «Թող խուրձերի միջից էլ հաւաքի, մի՛ ամաչեցնէք նրան, 16այլ տարէ՛ք, կուտակուած խուրձերից էլ նրա առաջը գցէ՛ք, թո՛յլ տուէք ուտի եւ հասկ հաւաքի, մի՛ յանդիմանէք նրան»։ 17Նա մինչեւ երեկոյ այդ արտի մէջ հաւաքեց, հաւաքածը ծեծեց, եւ դա մի տոպրակ գարի եղաւ։ 18Նա առաւ այն եւ քաղաք մտաւ։ Երբ սկեսուրը տեսաւ նրա հաւաքածը, Հռութը հանեց, նրան տուեց այն, ինչ պահել էր կշտանալուց յետոյ։ 19Սկեսուրը նրան ասաց. «Ո՞րտեղ հաւաքեցիր այսօր եւ ո՞րտեղ եղար. օրհնեալ լինի նա, ով լաւութիւն արեց քեզ»։ Եւ Հռութն իր սկեսրոջը յայտնեց, թէ որտեղ է եղել եւ ասաց, թէ Բոոս է այն մարդու անունը, որի մօտ ինքը եղել է այն օրը։ 20Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնեալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից եւ մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մօտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։ 21Հռութն ասաց իր սկեսրոջը. «Ճիշտ է, նա ինձ ասաց՝ «Ինձ ծառայող աղջիկների մօտ մնա՛, մինչեւ որ վերջացնեն իմ հունձը»։ 22Նոոմինն իր հարս Հռութին ասաց. «Լաւ է, աղջի՛կս, որ նրան ծառայող աղջիկների հետ լինես, եւ չլինի, թէ մի այլ արտում քեզ ուրիշը հանդիպի»։ 23Եւ Հռութը միացաւ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հաւաքեց մինչեւ գարու եւ ցորենի հնձի վերջը եւ ապրում էր իր սկեսրոջ մօտ։
3 Նրա սկեսուր Նոոմինն ասաց Հռութին. «Աղջի՛կս, քեզ համար ապաստան փնտռեմ, որ քեզ լաւ լինի։ 2Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։ 3Դու լուացուի՛ր, օծանելիք ցանուի՛ր, հագուստներդ հագի՛ր եւ դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ յայտնուիր, մինչեւ որ նա ուտելն ու խմելը վերջացնի։ 4Երբ նա գնայ քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, բա՛ց արա ծածկոցը ոտքի կողմից եւ պառկի՛ր։ Նա քեզ կ՚ասի, թէ ինչ պիտի անես»։ 5Հռութը նրան ասաց. «Կ՚անեմ այն ամէնը, ինչ որ ասացիր ինձ»։ 6Նա իջաւ կալը եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս պատուիրել էր իր սկեսուրը։ 7Բոոսը կերաւ, խմեց, եւ նրա սիրտը զուարթացաւ, գնաց պառկեց դէզի մօտ։ Հռութը թաքուն եկաւ, բացեց ծածկոցը նրա ոտքերի կողմից եւ պառկեց։ 8Կէս գիշերուայ մօտ մարդը վախեցաւ, շփոթուեց եւ տեսաւ, որ իր ոտքերի մօտ մի կին է պառկել։ 9Ասաց. «Ո՞վ ես դու»։ Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ։ Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրայ, որովհետեւ դու իմ ազգականն ես»։ 10Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տէր Աստծուց, աղջի՛կս, որովհետեւ քո այս վերջին բարեգթութիւնը աւելին է, քան առաջինը, քանի որ աղքատ կամ հարուստ երիտասարդների յետեւից չգնացիր։ 11Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կ՚անեմ քեզ համար, որովհետեւ իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ դու զօրաւոր կին ես։ 12Ես, արդարեւ, քո ազգականն եմ, բայց ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական էլ կայ։ 13Այս գիշեր այստեղ գիշերի՛ր, իսկ առաւօտեան եթէ այն ազգականը տէր կանգնի քեզ, լաւ է, թող տէր կանգնի, իսկ եթէ չկամենայ քեզ տէր կանգնել, ե՛ս քեզ տէր կը կանգնեմ։ Կենդանի է Տէրը։ Պառկի՛ր այստեղ մինչեւ առաւօտ»։ 14Նա պառկեց նրա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ։ Հռութը վեր կացաւ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել։ Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանայ, որ կին է եկել ինձ մօտ կալը։ 15Վրայիդ ծածկոցը բե՛ր եւ բռնի՛ր այստեղ»։ Հռութը բռնեց այն, եւ Բոոսը վեց չափ գարի չափեց, դրեց նրա շալակը, եւ Հռութը մտաւ քաղաք։ 16Նա գնաց իր սկեսրոջ մօտ, որը նրան ասաց. «Ի՞նչ եղաւ, աղջի՛կս»։ Եւ նա պատմեց նրան այն ամէնը, ինչ որ այդ մարդն արել էր իր համար, 17եւ ասաց. «Այս վեց չափ գարին տուեց ինձ եւ ասաց. «Քո սկեսրոջ մօտ ձեռնունայն չգնաս»։ 18Նոոմինն ասաց. «Նստի՛ր, մինչեւ որ պարզ լինի մեզ, թէ գործն ինչպես կը վերջանայ, որովհետեւ այն մարդը չի հանգստանայ, մինչեւ որ այս գործն այսօր չվերջացնի»։
4 Բոոսը գնաց նստեց քաղաքի դռների մօտ։ Եւ ահա նրա մօտով անցնում էր այն ազգականը, որի մասին ասել էր ինքը։ Բոոսը նրան ասաց. «Ե՛կ այստեղ նստի՛ր եւ մնա՛ մի պահ»։ Նա գնաց նստեց։ 2Բոոսը քաղաքի ծերերից տասը մարդ վերցրեց եւ ասաց. «Նստեցէ՛ք այստեղ»։ Եւ նրանք նստեցին։ 3Բոոսն ասաց այն ազգականին. «Նոոմինը, որը վերադարձել է Մովաբի դաշտից, վաճառում է մեր եղբայր Ելիմելէքի արտի բաժինը։ 4Ես ասացի, թէ կը յայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների եւ իմ ժողովրդի ծերերի ներկայութեամբ գնի՛ր։ Եթէ ուզում ես ազգականի իրաւունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթէ չես ուզում ծախու առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետեւ քեզանից բացի ազգական չկայ, քեզանից յետոյ ազգականը ես եմ»։ 5Բոոսն ասաց. «Նոոմինից ագարակն առնելուդ օրը մովաբացի Հռութին՝ հանգուցեալի կնոջն էլ կնութեան պիտի առնես, որ վերակենդանացնես մեռածի անունն իր կալուածքում»։ 6Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրաւունքով այն ծախու առնել, որ չաւերեմ իմ ժառանգութիւնը, դո՛ւ տէր կանգնիր իմ ազգականութեան իրաւունքին, որովհետեւ ես չեմ կարող տէր կանգնել»։ 7Առաջ Իսրայէլում ետ գնելու եւ ծախու առնելու գործում ամէն բան հաստատելու համար այս սովորութիւնը կար. մարդն իր կօշիկը հանում տալիս էր իր ընկերոջը, որը պէտք է սեփականացնէր նրա ազգականութեան իրաւունքը։ Եւ դա Իսրայէլի մէջ դիտւում էր որպէս վկայութիւն։ 8Ազգականը Բոոսին ասաց. «Դո՛ւ ստացիր իմ ազգականութեան իրաւունքը»։ Եւ հանեց իր կօշիկն ու տուեց նրան։ 9Բոոսն ասաց ծերերին եւ ամբողջ ժորովրդին. «Դուք այսօր վկայ էք, որ ես Ելիմելէքի ամբողջ ստացուածքը եւ Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ստացուածքը Նոոմինի ձեռքից գնում եմ։ 10Նաեւ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին ինձ կնութեան եմ առնում, որ մեռածի անունը պահեմ իր կալուածքում, եւ նրա անունը չվերանայ իր եղբայրների միջից ու իր բնակավայրի ցեղից. դուք այսօր դրա վկաներն էք»։ 11Քաղաքի դռանը գտնուող ամբողջ ժողովուրդը պատասխան տուեց եւ ասաց. «Մենք վկայ ենք»։ Ծերերն ասացին. «Տէրը թող քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքէլի եւ Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայէլի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հաւաքիր եւ Բեթղեհէմում անո՛ւն վաստակիր։ 12Քո տունը թող լինի Փարէսի տան 13նման, որին Թամարը Յուդայի համար ծնեց այն սերնդից։ Եւ Տէրը քեզ որդի կը տայ այդ աղջկանից»։ 14Բոոսը կնութեան առաւ Հռութին, որը մտաւ նրա տունը. Տէրը նրան յղիութիւն տուեց, եւ նա որդի ծնեց։ 15Կանայք ասացին Նոոմինին. «Օրհնեալ լինի Տէրը. նա քեզ այսօր առանց ազգականի չթողեց, որ քո անունն Իսրայէլի մէջ յիշուի. 16նորածինը քեզ սիրտ կը տայ եւ կը կերակրի քո ծերութեան ժամանակ, որովհետեւ քեզ սիրող հարսը ծնեց մի որդի, որ քեզ համար եօթը որդուց լաւ է»։ 17Նոոմինն առաւ մանկանը, դրեց իր ծոցը եւ նրա համար դայեակ եղաւ։ 18Դրացիները նրան անուն դրին եւ ասացին. «Նոոմինը որդու տէր դարձաւ»։ Նրա անունը Օբէդ դրին։ Նա Դաւթի հօր՝ Յեսսէի հայրն է։ 19Փարէսի ազգատոհմը այս է. Փարէսը ծնեց Եսրոմին, 20Եսրոմը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, 21Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին, 22Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Օբէդին, 23Օբէդը ծնեց Յեսսէին, Յեսսէն ծնեց Դաւթին։