Սիրաք
1 Բովանդակ իմաստութիւնը Տիրոջից է, եւ այն յաւիտեան կը մնայ նրա հետ։ 2Ո՞վ կարող է հաշուել երբեւէ ծովի աւազը, անձրեւների շիթերը եւ յաւիտենութեան օրերը։ 3Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրութիւնը, երկրի լայնութիւնը եւ իմաստութեան խորքերը։ 4Իմաստութիւնն ստեղծուեց ամէն ինչից առաջ, զգօնութիւնը եւ հանճարը ի յաւիտենից կային։ 5Իմաստութեան աղբիւրը բարձրեալ Աստծու խօսքն է, եւ նրա ճանապարհները յաւիտենական պատգամներ են։ 6Իմաստութեան արմատները նրա մէջ յայտնուեցին։ 7Ո՞ւմ տրուեց իմաստութեան գիտութիւնը, եւ ո՞վ հասկացաւ նրա արուեստը։ 8Իմաստութիւնը մէկ է եւ խիստ ահեղ, որ նստում է իր գովութեան աթոռին։ 9Ինքը՝ Տէրը հաստատեց այն, տեսաւ եւ չափեց այն ու հեղեց իր գործերի վրայ, 10ամէն մարմնի վրայ, ըստ իր պարգեւի, եւ այն բաշխեց իր սիրելիներին։ 11Տիրոջ հանդէպ երկիւղը փառք է ու պարծանք, ուրախութիւն է եւ ցնծութեան պսակ։ 12Տիրոջ հանդէպ երկիւղը զուարճացնում է սիրտը եւ պարգեւում ուրախութիւն, խնդութիւն ու երկար կեանք։ 13Ով երկիւղ է կրում Տիրոջից, նա բարիք կը ստանայ յետոյ եւ իր վախճանի օրը կ՚օրհնուի։ 14Տիրոջ հանդէպ երկիւղը Տիրոջ պարգեւն է, որ հաստատւում է սիրոյ ճանապարհներին։ 15Տիրոջ հանդէպ սէրը փառաւոր իմաստութիւն է, եւ ում կամենում է՝ Տէրը շնորհում է համաձայն իր հայեցողութեան։ 16Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջից, որ հաւատացեալների համար հաստատուել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնաւորուել է յաւիտենական հիմքից եւ հաւատարիմ կը մնայ նրանց սերնդի հետ։ 17Իմաստութեան լրումը երկիւղն է Տիրոջից. այն կը սնի մարդկանց իր պտուղներով, 18մարդու ամբողջ տունը կը լցնի ցանկալի բաներով եւ շտեմարանները՝ նրա վաստակով։ 19Իմաստութեան պսակը Տիրոջ հանդէպ երկիւղն է։ 20Նա է, որ ծլեցնում է խաղաղութիւն եւ կատարեալ առողջութիւն, տեսնում եւ քննում է ամէն բան։ 21Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը եւ գիտութիւնը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։ 22Իմաստութեան արմատը երկիւղն է Տիրոջից, եւ նրա ոստերը՝ երկար կեանքը։ 23Տիրոջ հանդէպ երկիւղը վանում է մեղքը, 24իսկ երկիւղ չունեցողը չի կարող արդարանալ։ 25Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում. 26համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, եւ յետոյ դարձեալ ուրախութիւնը տիրում է նրան։ 27Նա միառժամանակ կը թաքցնի իր խօսքերը, եւ շատերի շուրթերը կը պատմեն նրա իմաստութեան մասին։ 28Իմաստութեան գանձերի մէջ խրատի առակներ կան։ 29Մեղաւորի համար աստուածապաշտութիւնը գարշելի է։ 30Եթէ իմաստութեան ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատուիրանները, եւ Տէրը քեզ կը պարգեւի այն։ 31Արդարեւ, իմաստութիւնն ու խրատը երկիւղն է Տիրոջից, եւ հաւատն ու հեզութիւնը հաճելի է Տիրոջը։ 32Մի՛ անտեսիր Տիրոջ հանդէպ երկիւղը եւ նրան մի՛ մօտեցիր երկբայութեամբ։ 33Կեղծաւորութիւն մի՛ արա մարդկանց առջեւ եւ զգո՛յշ եղիր քո շրթունքներից։ 34Մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի չընկնես, քո վրայ անարգանք չբերես, եւ Տէրը չնուաստացնի քեզ, 35քանզի նրան չմօտեցար Տիրոջ երկիւղով, եւ քո սիրտը լի է նենգութեամբ։
2 Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր։ 2Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ։ 3Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս։ 4Ինչ էլ որ գայ քո գլխին, ընդունի՛ր յօժարութեամբ եւ յաճախադէպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ 5Ոսկին փորձւում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։ 6Հաւատա՛ Տիրոջը, եւ նա կը պաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները եւ յոյսդ դի՛ր նրա վրայ։ 7Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք նրա ողորմութիւնը եւ մի՛ խոտորուէք, որպէսզի չգլորուէք։ 8Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, հաւատացէ՛ք նրան, եւ չի կորչի ձեր վարձը։ 9Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք բարիքներ, յաւիտենական ուրախութիւն եւ ողորմութիւն։ 10Նայեցէ՛ք հին ազգերին եւ տեսէք՝ ո՞վ հաւատաց Տիրոջը եւ ամօթով մնաց։ 11Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկիւղի մէջ՝ եւ յուսահատուեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, եւ նա անտես արեց նրան։ 12Արդարեւ, Տէրը գթած է եւ ողորմած, ներում է մեր մեղքերը եւ փրկում է մեզ նեղութեան ժամանակ։ 13Վա՜յ վատթար սրտերին, յուսալքուած ձեռքերին եւ այն մեղաւորին, որ քայլում է երկու շաւիղներով։ 14Վա՜յ յուսաբեկ սրտին, որ չի հաւատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանութիւն։ 15Վա՜յ ձեզ, որ կորցրել էք համբերութիւնը, եւ ի՞նչ պիտի անէք, երբ Տէրն այցելի հաշիւ պահանջելու։ 16Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խօսքերը, եւ ովքեր սիրում են նրան, կը պահեն նրա ճանապարհները։ 17Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, կը փնտռեն նրա բարեհաճութիւնը, եւ ովքեր սիրում են նրան, կը լցուեն նրա օրէնքով։ 18Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, նրանց սրտերը պատրաստ կը լինեն Տիրոջ առաջ, նրանց անձերը՝ խոնարհ։ 19Լաւ է Տիրոջ ձեռքն ընկնենք եւ ոչ թէ՝ մարդկանց, 20քանզի ինչպէս նրա մեծութիւնն է, այնպէս էլ՝ նրա ողորմածութիւնը։
3 Լսեցէ՛ք ինձ՝ ձեր հօրը, որդինե՛ր, եւ արէ՛ք այդպէս, որպէսզի փրկուէք. 2քանզի Տէրը փառաւորում է հօրն իր զաւակների նկատմամբ եւ հաստատում մօր իրաւունքները որդիների վրայ։ 3Ով պատւում է հօրը, քաւում է իր մեղքերը, եւ ով յարգում է իր մօրը, նման է գանձ դիզողի։ 4Ով պատւում է հօրը, ինքն էլ կ՚ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի։ 5Ով փառաւորում է հօրը, երկարակեաց կը լինի։ 6Ով լսում է Տիրոջը, կը հանգստացնի իր մօրը եւ իր ծնողներին կը ծառայի այնպէս, ինչպէս տէրերին։ 7Գործով եւ խօսքով պատուի՛ր քո հօրը, որպէսզի նրա կողմից օրհնութիւն գայ քեզ վրայ։ 8Հօր օրհնութիւնը ամրացնում է որդիների տները, իսկ մօր անէծքը խարխլում է հիմքերը։ 9Մի՛ փնտռիր փառք քո հօր անարգանքի մէջ, որովհետեւ քո հօր անարգանքը փառք չէ քեզ համար։ 10Արդարեւ, մարդու փառքը իր հօր պատուից է գալիս, որդիների նախատինքը՝ մօր անպատուութիւնից։ 11Որդեա՛կ, զօրավի՛գ եղիր քո հօրը ծերութեան ժամանակ եւ նրան մի՛ տրտմեցրու իր կեանքի ընթացքում։ 12Եւ եթէ պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։ 13Ով հոգատար է հօր հանդէպ, Աստուած չի մոռանայ նրան։ 14Դրա փոխարէն չարը կը ներուի քեզ, քո նեղութեան օրը Տէրը կը յիշի քեզ եւ, ինչպէս սառոյցն է հալւում ջերմութիւնից, այնպէս էլ կը հալուեն քո մեղքերը։ 15Ով լքում է հօրը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մօրը, անիծուած է Տիրոջից։ 16Որդեա՛կ, քո գործը հեզութեա՛մբ կատարիր եւ կը սիրուես ընտիր մարդկանցից։ 17Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, եւ շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ, քանզի մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ նա փառաւորում է իր կամքը կատարող խոնարհներին։ 18Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, եւ այն, ինչ հզօր է քեզանից, մի՛ քննիր։ Մտքիդ մէջ պահի՛ր այն, ինչ հրամայուեց քեզ, 19քանզի քեզ պէտք չեն գաղտնի բաներ։ 20Աւելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետեւ աւելի իմաստութիւն է տրուած քեզ, քան շատ մարդկանց։ 21Արդարեւ, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, եւ դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը։ 22Ով որ սիրում է տագնապը, նրա մէջ էլ պիտի կորչի։ 23Յամառ սիրտը ի վերջոյ չարաչար պիտի կործանուի, 24քանզի դաժան սիրտը ցաւերով կը ծանրանայ, եւ մեղաւորը մեղքերի վրայ մեղքեր կ՚աւելացնի։ 25Ամբարտաւանի հարուածներից բժշկութիւն չկայ, որովհետեւ չարութեան բոյսը արմատաւորուեց իր մէջ։ 26Իմաստունի սիրտը իր միտքն է բերում առակը. իմաստունի ցանկութիւնն է, որ լինի լսող ականջ։ 27Ջուրը հանգցնում է բորբոքուած կրակը, եւ ողորմածութիւնը քաւում է մեղքերը։ 28Ով բարիք է հատուցում, պիտի յիշուի յետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի։
4 Որդեա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին եւ թոյլ մի՛ տուր, որ տուայտեն կարօտեալների աչքերը։ 2Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու եւ մի՛ զայրացրու մարդուն նրա չքաւորութեան մէջ։ 3Մի՛ խռովի՛ր արդէն նեղուած սիրտը եւ մի՛ դանդաղիր օգնել կարօտեալներին։ 4Մի՛ մերժիր նեղութեան մէջ եղողի պաղատանքը եւ քո երեսը մի՛ դարձրու տնանկից։ 5Քո հայեացքը մի՛ շրջիր կարօտեալից եւ առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, 6քանզի երբ նա իր հոգու դառնութեան պահին քեզ անիծի, նրա խնդրանքը կը լսի Տէրը։ 7Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին եւ քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջեւ։ 8Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին եւ խաղաղ հեզութեամբ պատասխա՛ն տուր նրան։ 9Զրկուածին փրկի՛ր հզօրի ձեռքից եւ կարճամիտ մի՛ եղիր, երբ դատում ես։ 10Որբերի համար եղիր ինչպէս հայր եւ նրանց մօր հանդէպ՝ որպէս ամուսին, 11եւ դու կը լինես Բարձրեալի որդու նման, որը քեզ աւելի կը սիրի, քան քո մայրը։ 12Իմաստութիւնը բարձրացնում է իր որդիներին եւ պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։ 13Ով սիրում է նրան, կեա՛նքն է սիրում, եւ ովքեր առաւօտից շտապում են դէպի նա, ուրախութեամբ պիտի լցուեն։ 14Ով ունի այն, փառք պիտի ժառանգի, եւ ուր որ մտնի նա, պիտի օրհնի Տիրոջը։ 15Ովքեր երկրպագում են նրան, ծառայում են սրբութեանը, եւ Տէրը սիրում է այն սիրողներին։ 16Ով լսում է նրան, դատելու է ազգերին, եւ ով իր մտքի մէջ դնի այն, կ՚ապրի յուսով։ 17Ով հաւատայ, կը ժառանգի այն, եւ երբ վրայ հասնի չարութիւնը, նրա սերունդը կը յարատեւի։ 18Սկզբից իմաստութիւնը կը գնայ այդ սերնդի հետ սայթաքուն ճանապարհներով, 19երկիւղ եւ վստահութիւն կը բերի նրան եւ նրան փորձութեան կը մատնի իր խրատով, մինչեւ որ վստահի նրա անձին եւ նրան փորձի իր հրահանգներով։ 20Ապա դարձեալ ընդառաջ դուրս կը գայ նրան, ուղիղ ճանապարհի վրայ, կ՚ուրախացնի նրան, եւ իր գաղտնիքները նրան կը յայտնի։ 21Բայց եթէ մոլորուի, կը թողնի նրան եւ կը մատնի նրան իր իսկ գլորմանը։ 22Առժամանակ դանդաղի՛ր եւ զգո՛յշ եղիր չարից, 23եւ դու քո անձի համար ամօթահար չես լինի, 24քանզի ամօթ կայ, որ դէպի մեղք է տանում, ամօթ էլ կայ, որ փառք է եւ շնորհ։ 25Մի՛ եղիր աչառու հակառակ քո անձի եւ մի՛ ամաչիր ի վնաս քեզ։ 26Նեղութեան պահին խօսքը մի՛ արգելիր, քանզի ասուածից է ճանաչւում իմաստութիւնը, եւ խրատը՝ լեզուի խօսքերից։ 27Մի՛ եղիր ընդդէմ ճշմարտութեան եւ ամաչի՛ր քո անարժանութեան համար։ 28Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին, մի՛ ենթարկիր քո անձը յիմարին, 29մի՛ ակնածիր հզօրից, մինչեւ մահ պայքարի՛ր յանուն ճշմարտութեան, եւ Տէր Աստուած կը պայքարի քեզ հետ։ 30Մի՛ եղիր յանդուգն քո լեզուով եւ ծոյլ ու դանդաղկոտ՝ քո գործերում։ 31Մի՛ եղիր քո տան մէջ առիւծի պէս եւ դաժան՝ քո ծառաների հանդէպ։ 32Թող ձեռքդ բաց չլինի վերցնելու համար եւ փակ՝ տալու ժամանակ։
5 Յոյսդ քո ունեցուածքի վրայ մի՛ դիր եւ մի՛ ասա, թէ դա բաւական է ինձ։ 2Գերի մի՛ դարձիր քո անձին եւ քո ուժին, մի՛ հպարտացիր քո հարստութեամբ, մի՛ եղիր յանձնապաստան եւ մի՛ ասա, թէ՝ «Իմ ունեցուածքը շատ է»։ 3Մի՛ ասա, թէ՝ «Ո՞վ կը յաղթի ինձ» եւ մի՛ ասա, թէ՝ «Ո՞վ չարութիւն կ՚անի ինձ», որովհետեւ Տէրը քեզանից վրէժխնդիր կը լինի։ 4Մի՛ ասա՝ «Մեղք գործեցի, բայց ի՞նչ եղաւ ինձ»։ 5Տէրը համբերատար է քո դարձի եւ քաւութեան համար. քեզ անվախ մի՛ համարիր՝ մեղքերի վրայ մեղքեր աւելացնելով։ 6Մի՛ ասա՝ «Տիրոջ գթութիւնը շատ է, նա իմ բազում մեղքերը կը քաւի», 7քանզի ողորմութիւնն ու բարկութիւնը նրանից է, եւ մեղաւորների վրայ է իջնում նրա զայրոյթը։ 8Որդեա՛կ, մի՛ յապաղիր քո մեղքերից դառնալ դէպի Տէրը, որպէսզի մեղքերիդ մէջ չմեռնես։ 9Յոյսդ մի՛ դիր անարդար գանձերի վրայ, որովհետեւ դրանք քեզ չեն օգնի բարկութեան օրը։ 10Մի՛ ենթարկուիր ամէն հողմի եւ մի՛ գնա ամէն շաւղով, քանզի դրանք մեղաւորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ 11Հաստա՛տ եղիր քո իմաստութեան մէջ, եւ քո խօսքը թող մէ՛կ լինի։ 12Լսելու մէջ փութկո՛տ եղիր եւ պատասխան խօսքի մէջ՝ համբերո՛ղ։ 13Եթէ քո մէջ իմաստութիւն կայ, պատասխա՛ն տուր մերձաւորիդ, իսկ եթէ ոչ՝ քո ձեռքը թող բերանիդ վրայ լինի։ 14Փառքն ու անարգանքը խօսքի մէջ է, եւ մարդու կործանումն՝ իր լեզուի վրայ։ 15Մի՛ ունեցիր բանսարկուի համբաւ եւ քո լեզուով չարիք մի՛ նիւթիր. 16որովհետեւ գողի վրայից անպակաս է ամօթը, երկերեսանու վրայից՝ չար պարսաւանքը։ 17Մի՛ եղիր անխոհեմ ո՛չ մեծ եւ ո՛չ փոքր բաների մէջ։
6 Բարեկամ լինելու փոխարէն մի՛ եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կը բերի ամօթ եւ նախատինք մեղաւորին ու երկերեսանուն։ 2Քո հոգու խորհուրդների մէջ մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի քո անձը չմորթոտուի զուարակի նման, 3այլապէս քո տերեւները կ՚ոչնչացնես, քո պտուղները կը կորցնես եւ կը մնաս իբրեւ չորացած ծառ։ 4Չար հոգին կործանում է իր տիրոջը եւ նրան ոտնատակ դարձնում թշնամիներին։ 5Քաղցր բերանը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախօս լեզուն մեծացնում է մտերմութիւնը։ 6Ովքեր քեզ հետ խաղաղութեան մէջ են, թող մեծաթիւ լինեն, բայց քո խորհրդակիցը հազարից մէկը թող լինի։ 7Եթէ բարեկամ ես ձեռք բերում, փորձո՛վ ձեռք բեր նրան եւ իսկոյն մի՛ վստահիր նրան, 8քանզի բարեկամ կայ, որ բարեկամ է իրեն պէտք եղած ժամանակ միայն եւ քեզ հետ բարեկամ չի մնայ քո նեղութեան օրը. 9բարեկամ կայ, որ թշնամի է դառնում քեզ, եւ քո վէճն ու նախատինքը հրապարակում։ 10Բարեկամ էլ կայ, որ սեղանակից է քեզ, սակայն քեզ մօտ չի մնայ քո նեղութեան օրը։ 11Քո բարեկեցութեան ժամանակ նա քեզ նման կը լինի եւ յանդուգն կը վերաբերուի քո ծառաների հետ։ 12Եթէ սնանկանաս, նա քեզ հակառակ կը լինի եւ կը թաքնուի քեզնից։ 13Հեռո՛ւ մնա քո թշնամիներից եւ զգո՛յշ եղիր բարեկամներից։ 14Հաւատարիմ բարեկամը հզօր պատուար է, իսկ ով գտնի նրան՝ գանձ է գտել։ 15Հաւատարիմ բարեկամն անփոխարինելի է, եւ անկշռելի է նրա բարութիւնը։ 16Հաւատարիմ բարեկամը կեանքի դեղ է, եւ Տիրոջից երկնչողները միայն կը գտնեն նրան։ 17Ով երկնչի Տիրոջից, կը յաջողի բարեկամութեան մէջ, որովհետեւ ինչպիսին ինքն է, այնպիսին էլ՝ իր մերձաւորը։ 18Որդեա՛կ, ուսո՛ւմ փնտռիր քո մանկութիւնից, եւ մինչեւ ծերութիւն իմաստութիւն պիտի գտնես։ 19Մօտեցի՛ր նրան վարողի եւ սերմանողի նման, եւ սպասի՛ր նրա բարի պտուղներին. 20թէեւ այն մշակելու պահին մի փոքր կը յոգնես, բայց շուտով կ՚ուտես նրա պտուղները։ 21Տգէտների համար այն քարքարոտ ճանապարհ է, եւ անմիտ մարդը նրա մէջ երկար չի մնայ։ 22Փորձութեան ծանր քարի նման այն բեռ է նրա վրայ, եւ նա չի դանդաղի այն դէն շպրտել։ 23Արդարեւ, իմաստութիւնը համապատասխանում է իր անուանը եւ շատերին չէ, որ յայտնի է։ 24Լսի՛ր, որդի՛ս, եւ ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։ 25Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մէջ եւ քո պարանոցը՝ նրա շղթաների մէջ։ 26Խոնարհեցրո՛ւ քո ուսը, վերցրո՛ւ այն եւ մի՛ ձանձրացիր նրա կապանքներից։ 27Քո բովանդակ հոգով մօտեցի՛ր նրան եւ քո բովանդակ զօրութեամբ պահի՛ր նրա ճանապարհները։ 28Քննի՛ր, փնտռիր, եւ դու կը ճանաչես այն. եւ երբ բռնես՝ մի՛ թող նրան, 29քանզի ի վերջոյ դու հանգիստ կը գտնես նրա մէջ, եւ քեզ համար նա ուրախութիւն կը դառնայ։ 30Քեզ համար նրա կապանքները զօրութեան պատուար կը լինեն, եւ նրա շղթաները՝ փառքի պատմուճան։ 31Արդարեւ, ոսկեղէն զարդ կայ նրա վրայ, եւ նրա կապանքները յակինթի շար են։ 32Այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ եւ քո վրայ կը դնես իբրեւ ցնծութեան պսակ։ 33Որդեա՛կ, եթէ ցանկանաս, կը դաստիարակուես եւ եթէ հոգով նուիրուես, խորագէտ կը լինես։ 34Եթէ լսել սիրես, կը հասկանաս եւ եթէ մօտեցնես քո ականջը, իմաստուն կը լինես։ 35Եղի՛ր ծերերի բազմութեան մէջ, եւ ով իմաստուն է, հակուի՛ր դէպի նա։ Ցանկացի՛ր լսել բոլոր աստուածառաք զրոյցները, եւ թող հանճարեղ ասոյթները չվրիպեն քեզնից։ 36Եթէ իմաստուն մարդ տեսնես, առաւօտից նրա մօ՛տ եղիր, եւ թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը։ 37Խորհի՛ր Տիրոջ հրամանների մասին եւ տեւապէս ձգտի՛ր նրա պատուիրաններին։ Նա կը հաստատի քո սիրտը եւ իմաստութեան ցանկութիւն կը տայ քեզ։
7 Չարիք մի՛ գործիր, եւ քո վրայ չարիք չի գայ։ 2Հեռո՛ւ մնա անիրաւութիւնից, եւ այն հեռու կը մնայ քեզնից։ 3Որդեա՛կ, մի՛ սերմանիր անիրաւութեան ակօսի մէջ, որպէսզի այն եօթնապատիկ չհնձես։ 4Տիրոջից իշխանութիւն մի՛ խնդրիր եւ թագաւորից՝ փառքի աթոռ։ 5Տիրոջ առջեւ մի՛ փորձիր արդարանալ եւ թագաւորի առջեւ ճարտարախօս մի՛ երեւար։ 6Մի՛ ձգտիր դատաւոր լինել, գուցէ չկարողանաս վերացնել անիրաւութիւնը։ Գուցէ երբեւէ ակնածելով հզօրից՝ սայթաքես քո արդարութիւնից։ 7Քաղաքի բազմութեան հանդէպ մի՛ մեղանչիր եւ քեզ մի՛ նուաստացրու ամբոխի առջեւ։ 8Մեղքի վրայ մեղք մի՛ աւելացրու, որպէսզի որեւէ մէկից չմեղադրուես։ 9Մի՛ ծուլացիր քո ուխտի մէջ, 10անփոյթ մի՛ լինիր ողորմածութիւն անելու մէջ։ 11Մի՛ ասա, թէ Տէրը կը նայի իմ բազմաթիւ զոհաբերումներին եւ բարձրեալ Աստծուն մատուցելիս՝ նա կ՚ընդունի։ 12Մի՛ ծաղրիր այդ մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տէ՛րն է, որ նուաստացնում եւ բարձրացնում է նրան։ 13Քո եղբօր մասին ստեր մի՛ սերմանիր, նոյնը՝ եւ բարեկամի մասին։ 14Մի՛ ախորժիր ստեր ասել ամէն բանի մասին, քանզի յաճախակի ստելը լաւ բան չէ։ 15Մի՛ շատախօսիր ծերերի մէջ եւ մի՛ կրկնաբանիր քո աղօթքի մէջ։ 16Մի՛ ատիր աշխատանքի տքնութիւնը եւ ոչ էլ այն մշակութիւնը, որ հաստատուել է Բարձրեալի կողմից։ 17Մի՛ գտնուիր մեղաւորների բազմութեան մէջ. յիշի՛ր, որ Տիրոջ բարկութիւնը չի ուշանայ։ 18Մի՛շտ խոնարհեցրու քո անձը, 19որովհետեւ ամբարշտի վրէժխընդրութիւնը կրակ ու որդ է։ 20Բարեկամիդ մի՛ փոխանակիր կայք ու ինչքի հետ եւ հարազատ եղբօրդ՝ Սափիրական ոսկու հետ։ 21Մի՛ լքիր իմաստուն եւ բարի կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առաւել է։ 22Մի՛ չարչարիր ծառային, որ ջանասիրութեամբ է աշխատում եւ՝ վարձկանին, որ քեզ նուիրուած է հոգով։ 23Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային եւ նրան չզրկի ազատութիւնից։ 24Եթէ անասուն ունես, հո՛գ տար դրանց, եւ եթէ դրանք քեզ պիտանի են, թող քեզ մօտ մնան։ 25Եթէ զաւակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկութիւնից խոնարհեցրո՛ւ նրանց պարանոցը։ 26Եթէ դուստրեր ունես, զգո՛յշ եղիր նրանց մարմինների համար եւ քո դէմքի լրջութիւնն անպակա՛ս արա նրանցից։ 27Ամուսնացրո՛ւ քո դստերը, եւ դու մեծ գործ արած կը լինես. տո՛ւր նրան իմաստուն մարդու։ 28Քո սրտո՞վ է կինդ՝ մի՛ վտարիր։ 29Քո բովանդակ հոգով պատուի՛ր հօրդ եւ մի՛ մոռացիր մօրդ երկունքը։ 30Յիշի՛ր, որ դու նրանցից ես ծնուել եւ ի՞նչ կարող ես հատուցել նրանց՝ քեզ նրանց տուածի փոխարէն։ 31Քո ամբողջ սրտով երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ յարգի՛ր նրա քահանաներին։ 32Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ եւ նրա սպասաւորներին մի՛ անտեսիր։ 33Երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ մեծարի՛ր քահանաներին։ 34Ինչպէս հրամայուած է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը. 35պտուղը, յանցանքների համար սահմանուածը, զոհաբերուած անասունի թիակները, սրբութեան զոհը եւ սրբազան ընծաները։ 36Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպէսզի կատարեալ լինի քեզ տրուող օրհնութիւնը։ 37Ողորմութեան շնորհը թող բաշխուի բոլոր ողջերին, բայց եւ մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։ 38Մի՛ խուսափիր լացողներից եւ սգա՛ սգացողների հետ։ 39Մի՛ յապաղիր հիւանդին տեսութեան գնալ, եւ դա շնորհ կը համարուի քեզ համար։ 40Քո բոլոր գործերի մէջ յիշի՛ր վախճանդ, եւ չես մեղանչի երբեք։
8 Մի՛ խանդիր սրտակից կնոջդ եւ չար խորհուրդներ մի՛ յարուցիր քո նկատմամբ։ 2Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպէսզի նա չիշխի քեզ վրայ։ 3Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպէսզի յանկարծ նրա որոգայթների մէջ չընկնես։ 4Մի՛ յաճախիր երգող ու կաքաւող կնոջ մօտ, որպէսզի յանկարծ կուլ չգնաս նրա լրբութեանը։ 5Երկար մի՛ նայիր կոյսին, որպէսզի չգայթակղուես նրա հմայքով։ 6Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպէսզի չկորցնես քո ունեցուածքը։ 7Դէս ու դէն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում եւ մի՛ թափառիր նրա աւերակների մէջ։ 8Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից եւ երկար մի՛ նայիր օտարի գեղեցկութեանը։ 9Շատերը մոլորուեցին կնոջ գեղեցկութիւնից. դրանից կրակի նման սէր է բորբոքւում։ 10Ամենեւին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մօտ եւ նրա հետ գինի մի՛ խմիր. գուցէ քո անձը շեղուի դէպի նա, եւ քո հոգով կորստեան մատնուես։ 11Մի՛ լքիր հին բարեկամին, քանզի նորը հաւասար չէ նրան։ 12Նոր գինի՝ նոր բարեկամ. երբ հնանայ, ուրախութեա՛մբ վայելիր։ 13Մեղաւորի փառքին մի՛ նախանձիր, որովհետեւ չգիտես, թէ ինչպիսին կը լինի նրա կործանումը։ 14Հաւանութիւն մի՛ տուր ամբարիշտների հաւանած բանին. յիշի՛ր, որ մինչեւ դժոխք չես արդարանայ։ 15Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու իշխանութիւն ունի, եւ դու չես տագնապի մահուան երկիւղից։ 16Եթէ մօտ էլ լինես, զգո՛յշ եղիր սխալ գործելուց, որպէսզի նա չխլի կեանքդ. 17համարի՛ր, թէ որոգայթների միջով ես անցնում եւ քաղաքի պարիսպների վրայով ես քայլում։ 18Ըստ քո կարողութեան ճանաչի՛ր մերձաւորիդ եւ իմաստունների հետ խորհրդակցի՛ր։ 19Արդարները թող քո սեղանակիցները լինեն, եւ Տիրոջ երկիւղը՝ քո պարծանքը։ 20Զրուցի՛ր իմաստունների հետ, եւ քո բոլոր զրոյցները թող լինեն Բարձրեալի Օրէնքի մասին։ 21Ճարտար վարպետները գովաբանւում են իրենց ձեռքի գործով, իսկ ժողովրդի առաջնորդը՝ իր իմաստուն խօսքով։ 22Լեզուանի մարդը ահաւոր է իր քաղաքում, եւ ատելի է նա, ով յանդուգն է իր խօսքով։
9 Իմաստուն դատաւորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանութիւնը կարգաւորուած է լինում։ 2Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասաւորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները։ 3Տգէտ թագաւորը կորստեան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցւում է հզօրների իմաստութեամբ։ 4Երկրի իշխանութիւնը Տիրոջ ձեռքին է. նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանութեան։ 5Տիրոջ ձեռքին է մարդու յաջողութիւնը. նա է իր փառքը դնում օրէնսգէտի վրայ։ 6Մերձաւորիդ նկատմամբ ոխ մի՛ պահիր նրա բոլոր մեղանչումների պատճառով եւ թշնամական արարքներ մի՛ գործիր նրա դէմ։ 7Ամբարտաւանութիւնը ատելի է թէ՛ Տիրոջ եւ թէ՛ մարդկանց համար. դա երկուսի համար էլ անիրաւութիւն է։ 8Թագաւորութիւնն անցնում է մի ազգից միւսին անիրաւութեան, թշնամանքի եւ ընչաքաղցութեան պատճառով։ 9Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։ 10Դեռեւս կենդանի՝ թափւում է նրա փորոտիքը։ 11Բժիշկը կարճեցնում է երկարատեւ ցաւերը։ 12Թագաւորն այսօր կայ, իսկ վաղը վախճանւում է։ 13Երբ մարդը մեռնում է, սողուններ, ճիճուներ եւ որդեր է ժառանգում։ 14Մարդու ամբարտաւանութեան սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դէմ, նրա սրտի ստահակութիւնը՝ իր Արարչի դէմ։ 15Մեղքի սկիզբն ամբարտաւանութիւնն է, եւ ով ունի այն, նրանից պղծութիւն պիտի ժայթքի։ 16Դրա համար էլ Տէրը նրան սարսափելի հարուածներ հասցրեց եւ իսպառ կործանեց նրան։ 17Տէրը ջախջախեց իշխանների աթոռները եւ նրանց փոխարէն հեզերին նստեցրեց։ 18Տէրն արմատախիլ արեց հեթանոսներին եւ նրանց փոխարէն խոնարհներին տնկեց։ 19Տէրը քարուքանդ արեց ժողովուրդների բնակավայրերը եւ դրանք կորստեան մատնեց մինչեւ հիմքերը։ 20Կործանեց եւ կորստեան մատնեց դրանք, եւ դրանց յիշատակը վերացրեց երկրից։ 21Ամբարտաւանութիւնը մարդկանց համար չի հաստատուած, եւ ոչ էլ զայրալից բարկութիւնը՝ կանանցից ծնուածների համար։ 22Ո՞վ է մարդու պատուական զաւակը. նա, ով երկնչում է Տիրոջից։ Ո՞վ է մարդու անարգ զաւակը. նա, ով զանց է առնում Տիրոջ պատուիրանները։ 23Բազում եղբայրների մէջ աւագն է պատուականը, իսկ Տիրոջ աչքում՝ իրենից երկնչողները։ 24Հարուստ լինի, անուանի թէ աղքատ, նրա պարծանքը Տիրոջ երկիւղն է։ 25Արդարացի չէ անպատուել իմաստուն աղքատին, եւ օրինաւոր չէ պատուել անարդար մարդուն։ 26Հարուստը, դատաւորը եւ իշխանը գովաբանւում են, սակայն նրանցից եւ ոչ մէկը մեծ չէ նրանից, ով երկնչում է Տիրոջից։ 27Իմաստուն ծառային ազատներն են սպասաւորում, եւ խելամիտ մարդը չի տրտնջում դրա համար։ 28Քո գործը կատարելու համար մի՛ պերճաբանիր եւ մեծութիւն մի՛ ծախիր քո նեղութեան ժամանակ։ 29Աւելի լաւ է նա, ով փողոց է մաքրում, քան նա, ով սիգալով ճեմում է, բայց մնում է հացի կարօտ։ 30Որդեա՛կ, հեզութեա՛մբ փառաւորիր քո հոգին եւ նրան պատի՛ւ տուր ըստ իր արժանիքների։ 31Ո՞վ կ՚արդարացնի նրան, որ մեղանչում է իր հոգու մէջ, կամ ո՞վ կը փառաբանի նրան, որ անարգում է իր կեանքը։ 32Աղքատը մեծարւում է իր իմաստութեան համար, իսկ հարուստը փառաբանւում իր հարստութեան համար։ 33Ով իմաստութեամբ փառաւորւում է հարստութեան մէջ, որքա՜ն եւս կը փառաւորի աղքատութեան մէջ, իսկ նա, ով չի մեծարւում աղքատութեան մէջ, առաւել եւս չի մեծարուի հարստութեան մէջ։
10 Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլուխը եւ մեծամեծների մէջ է բազմեցնում նրան։ 2Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։ 3Մեղուն փոքր է թռչողների մէջ, սակայն նրա պտուղը քաղցրութեան սկիզբն է։ 4Մի՛ պարծեցիր զգեստների պերճութեամբ եւ փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը եւ դրանք ծածկուած են մարդկանցից։ 5Բազում բռնակալներ գետին նստեցին, եւ նա, որից չէին սպասում, թագ ստացաւ։ 6Բազում հզօրներ խիստ անարգուեցին, եւ անուանի մարդիկ մատնուեցին այլոց ձեռքը։ 7Քանի դեռ չի քննուել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ յետո՛յ պատժիր։ 8Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր եւ մի՛ միջամտիր խօսակցութեանը։ 9Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, եւ մի՛ նստիր մեղաւորների ատեանում նրանց կողքին։ 10Որդեա՛կ, շատ գործեր մի՛ ձեռնարկիր, քանզի բազում գործերի մէջ չես կարող անպարտ մնալ, եւ եթէ հետամուտ լինես դրանց, չես հասնի վերջին եւ չես խուսափի կործանումից։ 11Մարդ կայ, որ տքնում, աշխատում ու աճապարում է, եւ սակայն առաւել եւս կարիքի մէջ է մնում, 12մարդ էլ կայ, որ ծոյլ է, օգնութեան կարօտ, զօրութիւնից զուրկ, աղքատութեան մէջ թաղուած, 13սակայն Տիրոջ աչքը նրան նայում է բարութեամբ, ոտքի է կանգնեցնում նրան իր աղքատութիւնից, բարձրացնում է նրա գլուխը, եւ շատերը զարմանում են դրա վրայ։ 14Բարիքը, չարիքը, կեանքը եւ մահը, աղքատութիւնն ու հարստութիւնը Տիրոջից են։ 15Տիրոջ պարգեւը բարեպաշտներին է մնում, եւ յաւիտեան է նրա բարեհաճութիւնը։ 16Ով հարստանում է ժլատութեամբ եւ կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում. 17երբ նա ասում է, թէ, «Հանգիստ գտայ եւ այժմ պիտի վայելեմ իմ հարստութիւնը», 18սակայն չգիտի, թէ երբ որ գայ օրհասը, նա այլոց կը թողնի այն ու կը մեռնի։ 19Հաւատարի՛մ մնա քո ուխտին, նուիրուի՛ր նոյն ուխտին եւ ծերացի՛ր քո գործի մէջ։ 20Մի՛ զարմացիր մեղաւոր մարդու գործերի վրայ, հաւատա՛ Տիրոջը ու տոկա՛ քո տքնութեան մէջ։ 21Տիրոջ համար դիւրին է աղքատին անակնկալ հարստացնելը։ 22Տիրոջ օրհնութիւնը բարեպաշտների վարձն է, եւ շատ շուտով Նրա օրհնութիւնը խնդութիւն է տալու նրանց։ 23Մի՛ ասա, թէ՝ «Էլ ինչի՞ կարիք ունեմ» եւ՝ «Սրանից յետոյ էլ ի՞նչ բարիք պիտի լինի ինձ»։ 24Մի՛ ասա, թէ՝ «Սա բաւական է ինձ. սրանից յետոյ էլ ի՞նչ չարիք կարող է լինել»։ 25Երջանկութեան օրը մոռացւում են չարիքները, չարիքի օրը չեն յիշւում բարիքները, 26քանզի Տիրոջ համար դիւրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների։ 27Մէկ ժամուայ տանջանքը մոռացնել է տալիս հաճոյքները, եւ մարդու վախճանի ժամին յայտնի են դառնում նրա գործերը։ 28Մարդու վախճանից առաջ երանի մի՛ տուր նրան. մարդ ճանաչւում է իր որդիներով։ 29Ամէն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիւ են նենգաւոր մարդու որոգայթները։ 30Ինչպէս որսորդն է դարան մտնում կաքաւ որսալու համար, այնպէս էլ ամբարտաւանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։ 31Նա բարիքը վերածում է չարիքի եւ արատաւորում այն, ինչ ցանկալի է։ 32Կայծերի շատութիւնից բորբոքւում է կրակը, այդպէս էլ մեղաւոր մարդը մահ է նիւթում։ 33Զգուշացի՛ր խորամանկ մարդուց, քանզի նա չարիք է նիւթում. գուցէ նա քեզ յաւիտենական պարսաւանքի տակ դնի։ 34Քո տանը բնակեցրո՛ւ օտարին, եւ նա խռովութիւն կը գցի քո տան մէջ ու կ՚օտարացնի քեզ քո իւրայիններից։
11 Եթէ բարիք ես անում, իմացիր՝ ում ես անում, եւ շնորհ կը ստանաս քո բարիքի դիմաց։ 2Բարի՛ք արա բարեպաշտին եւ փոխարէնը հատուցում կը ստանաս եթէ ոչ նրանից, ապա՝ Բարձրեալից։ 3Բարիք չկայ նրա համար, ով մշտապէս չարիք է գործում եւ ողորմածութիւն չի ցուցաբերում։ 4Օգնի՛ր բարեպաշտին եւ ձեռք մի՛ երկարիր մեղաւորին։ 5Բարի՛ք արա խոնարհին եւ մի՛ օգնիր ամբարշտին, 6պահի՛ր քո հացը եւ մի՛ տուր նրան, որպէսզի դրանով նա քեզ չյաղթի, 7այլապէս կրկնակի չարիք կը ստանաս նրան արած քո բոլոր բարութիւնների դիմաց, որովհետեւ Բարձրեալն ատում է մեղաւորներին եւ վրէժ առնում ամբարիշտներից։ Օգնի՛ր բարի մարդուն եւ զօրավիգ մի՛ եղիր մեղաւորին։ 8Բարեկամը չի ճանաչւում երջանկութեան մէջ, եւ ոչ էլ թշնամիդ վշտակից կը լինի քեզ։ 9Մարդու երջանկութեան ժամանակ տրտմութեան մէջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։ 10Յաւիտեան մի՛ հաւատա քո թշնամուն, քանզի ինչպէս պղինձն է ժանգոտւում, այնպէս էլ՝ նրա չարութիւնը։ 11Եթէ թէկուզ նա խոնարհուի եւ գլխահակ գնայ, ուշքդ վրա՛ն պահիր եւ զգուշացի՛ր նրանից, նրա առջեւ մաքուր հայելու նման եղիր ու կ՚իմանաս, որ նա իսպառ չի մաքրուել ժանգից։ 12Նրան մի՛ պահիր քեզ մօտ, որպէսզի քեզ կործանելով չգրաւի քո տեղը։ Նրան մի՛ նստեցրու քո աջ կողմը, որպէսզի երբեւէ չյաւակնի քո աթոռին. ի վերջոյ դու կը հասկանաս իմ խօսքերը եւ չես ափսոսայ իմ խրատների համար։ 13Ինչպէս նա, ով կարեկցում է խայթուած օձահմային, եւ նա, ով գնում է գազանների դէմ, այդպէս է եւ նա, ով ընդառաջ է գնում մեղաւոր մարդուն ու շաղախւում նրա մեղքերին։ 14Մի պահ նա կը լինի քեզ հետ, եւ երբ բաժանուես, չի համբերի։ 15Թշնամին քաղցր է իր շրթունքներով, բայց իր սրտում խորհում է խորխորատի մէջ քեզ կործանելու մասին։ 16Թշնամին իր աչքերով է արտասւում, բայց եթէ յարմար պահ գտնի, արիւնից չի յագենայ։ 17Եթէ քեզ չարիք պատահի, նրան այնտեղ կը գտնես քեզանի՛ց առաջ եւ, օգնութեան փոխարէն, նա ոտք կը դնի քո առջեւ։ 18Նա թափ կը տայ իր գլուխը, ծափ կը զարկի ձեռքով, իբր շատ է տագնապում, եւ կեղծ զարմանքով կ՚այլայլի իր երեսը։
12 Ով դիպչի ձիւթին, նրանով կը շաղախուի, եւ ով շփուի ամբարտաւանի հետ, նրան կը նմանուի։ 2Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, եւ ով քեզնից հարուստ ու հզօր է, մի՛ եղիր նրա հետ։ 3Ի՞նչ յարաբերութիւն ունի կաւէ սափորը մետաղեայ կաթսայի հետ. սա հարուածում է, եւ այն փշրւում։ 4Հարուստը զրկում եւ ի՛նքն է սպառնում, աղքատը զրկւում եւ ի՛նքն է ներողութիւն խնդրում։ 5Եթէ դու նրան պէտք լինես, նա քեզ կ՚օգտագործի, իսկ եթէ պէտք չես, քեզ կը լքի։ 6Եթէ ունեւոր ես, նա քո ընկերը կը լինի, քեզ կը քամի եւ չի էլ կարեկցի։ 7Երբ քո կարիքը ունենայ, կը մոլորեցնի քեզ, կը ժպտայ երեսիդ եւ յոյս կը տայ քեզ։ 8Քեզ հետ կը խօսի ազնուութեամբ եւ կ՚ասի. «Քեզ ի՞նչ է պէտք», ու քեզ կ՚ամաչեցնի իր հիւրասիրութեամբ, 9մինչեւ որ երկու-երեք անգամ կողոպտի եւ ապա խաբի քեզ, որից յետոյ երբ տեսնի քեզ, կ՚արհամարհի ու երես կը թեքի քեզանից։ 10Զգո՛յշ եղիր, որպէսզի չմոլորուես, եւ մի՛ նուաստացիր քո ուրախութեան մէջ։ 11Եթէ հզօրը քեզ հրաւիրի, խուսափի՛ր, եւ նա առաւել եւս պնդելով՝ կը հրաւիրի քեզ իր մօտ։ 12Շատ մէջ մի՛ ընկիր, որ չվռնդուես, ոչ էլ շատ հեռու մնա, որ մոռացուես։ 13Մի՛ ձգտիր նրան հաւասարուել եւ մի՛ հաւատա նրա երկար խօսքերին, որովհետեւ երկար խօսքով նա քեզ կը գայթակղեցնի եւ քո երեսին ժպտալով՝ կը քննի քեզ։ 14Անողորմ է նա, ով չի չափաւորում իր խօսքը եւ չի զգուշանում տանջանքից ու կապանքներից։ 15Ուշադի՛ր եղիր եւ չափազանց զգոյշ, քանզի ամէն րոպէ կարող ես կործանուել։ 16Իւրաքանչիւր կենդանի էակ իր նմանին է սիրում, եւ իւրաքանչիւր մարդ՝ իր մերձաւորին։ 17Իւրաքանչիւր մարմին միանում է իր տեսակին, եւ իւրաքանչիւր մարդ յարում իր նմանին։ 18Ի՞նչ յարաբերութիւն կարող է լինել գայլի եւ գառան միջեւ։ 19Ի՞նչ խաղաղութիւն կարող է լինել բորենու եւ շան միջեւ, եւ ի՞նչ խաղաղութիւն՝ հարուստի եւ աղքատի միջեւ։ 20Առիւծների որսը անապատի վայրի էշերն են, այդպէս էլ հարուստների կերակուրը աղքատներն են։ 21Հպարտի համար արգահատելի է խոնարհութիւնը, այդպէս էլ հարուստի համար արգահատելի է աղքատը։ 22Եթէ հարուստը վտանգուի, բարեկամները նեցուկ կը լինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանօթներից իսկ հեռու է վանւում։ 23Սխալուելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ եւ ոչ մի. հարուստն անմիտ բաներ խօսեց, եւ նրան իրաւունք տրուեց, 24բայց երբ աղքատը խօսեց, դատափետեցին նրան. թէեւ նա խելացի խօսեց, բայց նրան տեղ չտրուեց։ 25Երբ հարուստը խօսեց, բոլորը լռեցին եւ նրա խօսքերը մինչեւ երկինք բարձրացրին։ 26Աղքատը խօսեց, եւ ասացին. «Սա ո՞վ է». իսկ եթէ նա սայթաքի, աւելի կը հրեն նրան։ 27Լաւ է այն հարստութիւնը, որի մէջ չկայ մեղք, եւ վատ է աղքատութիւնն ամբարշտի շուրթերին։ 28Թէ՛ բարիք եւ թէ՛ չարիք գործելիս մարդու սիրտը այլափոխում է նրա երեսը։ 29Բարի սրտի նշանը զուարթ դէմքն է, բայց իմաստութեան գիւտը արդիւնք է տանջալից խորհրդածութեան։
13 Երանի այն մարդուն, որ չի մեղանչել իր շուրթերով եւ խոցուած չէ մեղքի յարուցած տրտմութեամբ։ 2Երանի այն մարդուն, որին չի տանջում իր խիղճը, եւ ով չի կորցրել իր յոյսը։ 3Հարստութիւնը բարիք չէ ժլատ մարդու համար, եւ չկամ մարդու ինչի՞ն է պէտք իր ունեցուածքը։ 4Ով հաւաքում է իրեն զրկելով, նա հաւաքում է այլոց համար, եւ նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն։ 5Ով չար է իր անձի հանդէպ, ո՞ւմ համար բարի կը լինի. նա ուրախ չի լինի նոյնիսկ իր բարիքների մէջ։ 6Աւելի չար մարդ չկայ, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, եւ դա նրա չարութեան հատուցումն է։ 7Թէկուզեւ բարիք անի՝ պատահաբար կ՚անի, եւ յետոյ յիշելով՝ դարձեալ իր չարութիւնը կ՚անի։ 8Չար է նա, ով նախանձոտ աչքերով է նայում, երեսը թեքում է եւ անտեսում մարդկանց։ 9Ագահի աչքը քչով չի յագենայ, եւ չար անօրէնութիւնը չորացնում է հոգին։ 10Չար աչքը նախանձոտ է նոյնիսկ իր հացին եւ կարօտ է իր սեղանին։ 11Որդեա՛կ, ըստ քո ունեցուածքի բարութի՛ւն արա եւ Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր։ 12Յիշի՛ր, որ մահը չի ուշանայ, եւ գերեզմանի ուխտը քեզ յայտնի չէ։ 13Մինչեւ վախճանուելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողութեան եւ տո՛ւր նրան։ 14Քեզ մի՛ զրկիր լաւ օրից, եւ բարի ցանկութեան մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։ 15Արդեօ՞ք քո վաստակն ուրիշին չես թողնելու, եւ մի՞թէ զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցուելու։ 16Տո՛ւր եւ վերցրո՛ւ եւ ուրախացրո՛ւ քո հոգին, 17քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտռել։ 18Ամէն մարմին շորի նման մաշւում է, քանզի յաւիտենութիւնից ի վեր օրէնք է, թէ՝ «Մահով պիտի մեռնես»։ 19Ինչպէս սաղարթախիտ ծառի դալար տերեւը մերթ թափւում է եւ մերթ բուսնում, այնպէս էլ մարմնի եւ արեան տեսակն է. մէկը վախճանւում է, միւսը՝ ծնւում։ 20Ամէն գործ, որ ենթակայ է փտելու, վերանում է, եւ այն ստեղծողը նրա հետ էլ պիտի գնայ։ 21Երանի՜ այն մարդուն, որ կը վախճանուի իմաստութեամբ, կը խօսի իր բանականութեամբ եւ իր մտքով կը թափանցի նրա գաղտնիքների մէջ։ 22Հետամո՛ւտ եղիր նրան իբրեւ որսորդ եւ դարանակա՛լ եղիր նրա ճանապարհին։ 23Ով կը կանգնի նրա պատուհանների դէմ, նա ունկնդիր կը լինի նաեւ նրա դռների մօտ, 24ով իջեւան հաստատի նրա տան մօտ, նա ցից կը խփի նրա պատերին 25եւ իր վրանը կը կանգնեցնի նրա հովանու տակ, կը հանգստանայ բարիքի բնակարանում, իր զաւակներին կը դնի նրա հովանու տակ եւ նրա ճիւղերի ներքոյ։ 26Նրանով կը պատսպարուի խորշակից եւ կը հանգստանայ նրա փառքի մէջ։
14 Ահա այսպէս կ՚անի նա, ով երկնչում է Տիրոջից. եւ ով ընդունում է օրէնքը, կը հասնի իմաստութեան։ 2Նրան կը դիմաւորի մօր նման եւ նրան կ՚ընդունի իբրեւ կոյս աղջիկ։ 3Նրան կը ջամբի հացն իմաստութեան, նրան կը խմեցնի ջուրն իմացութեան։ 4Նա կը յենուի նրան եւ չի ընկնի, նրա մէջ ապաստան կը գտնի, ամօթով չի մնայ եւ նրան ընկերներից աւելի վեր կը բարձրացնի։ 5Ժողովուրդների մէջ կը բացի նրա շուրթերը։ 6Նա ուրախութիւն, ցնծութեան պսակ եւ յաւիտենական անուն կը ժառանգի։ 7Անմիտ մարդկանց հասու չէ իմաստութիւնը, եւ մեղաւորներն այն չեն տեսնի։ 8Այն հեռու է հպարտութիւնից, եւ խաբեբայ մարդիկ չեն յիշի նրան։ 9Օրհնութիւնը գեղեցիկ չէ մեղաւորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չառաքուեց նրան։ 10Թող իմաստութեամբ ասուի օրհնութիւնը, եւ Տէրը յաջողութիւն կը տայ նրան։ 11Մի՛ ասա, թէ յանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պէտք չէ անել այն, ինչ ատեց Տէրը։ 12Մի՛ ասա, թէ նա՛ ինձ մոլորեցրեց, քանզի նրան հարկաւոր չէ մեղաւոր մարդը։ 13Տէրն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին։ 14Նա ի սկզբանէ մարդուն ստեղծեց եւ նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ 15Եթէ կամենաս, կը պահես պատուիրանները եւ հաճութեամբ կը պահպանես քո հաւատը։ 16Քո առջեւ Տէրը կրակ եւ ջուր է դրել. որին կամենաս՝ կը մեկնես քո ձեռքը։ 17Մարդու առջեւ է կեանքն ու մահը. ինչ հաճելի կը թուայ իրեն՝ կը տրուի նրան։ 18Արդարեւ, մեծ է Տիրոջ իմաստութիւնը, նա հզօր է իր կարողութեամբ եւ տեսնում է ամէն բան։ 19Նրա աչքը իրենից երկնչողների վրայ է, եւ ինքը կ՚իմանայ մարդու բոլոր գործերը։ 20Նա ոչ մէկին չպատուիրեց ամբարշտութիւն անել եւ ոչ մէկին չքաջալերեց մեղանչել։
15 Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շատութիւն եւ մի՛ ուրախացիր ամբարիշտ որդիներով. եթէ նրանք շատանան, մի՛ ուրախացիր նրանցով։ 2Եթէ նրանց մէջ չկայ Տիրոջ երկիւղը, դու նրանց կեանքի նկատմամբ վստահ մի՛ եղիր եւ մի՛ ապաւինիր նրանց շատութեանը։ 3Լաւ է մէկը, քան հազարը, եւ լաւ է մեռնել անզաւակ, 4քան ունենալ ամբարիշտ որդիներ։ 5Արդարեւ, միայն մէկ իմաստուն է կառուցում քաղաքը, բայց այն կործանւում է անօրէնների ցեղից։ 6Բազում այսպիսի բաներ տեսայ իմ աչքերով, եւ սրանից էլ առաւել զօրաւոր բաներ լսեց իմ ականջը։ 7Մեղաւորների հաւաքոյթներին կրակ կը բորբոքուի, եւ Տիրոջ բարկութիւնը կը թափուի անհնազանդ ազգի վրայ։ 8Տէրը քաւութիւն չտուեց հին հսկաներին, ովքեր, իրենց զօրութեան վրայ վստահ, ապստամբեցին։ 9Չխնայեց նաեւ Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզուեց նրանց ամբաստանութեան պատճառով։ 10Չգթաց իրենց մեղքերի համար կորստեան դատապարտուած ազգին։ 11Այսպէս վարուեց նաեւ վեց հարիւր հազար հետեւակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտութեամբ։ Թէկուզ եւ նրանցից մէկն իսկ խստապարանոց լինէր, զարմանալի կը լինէր, եթէ չդատապարտուէր. 12քանզի թէ՛ ողորմութիւնը, թէ՛ բարկութիւնը նրանն է։ 13Նա հզօր է ինչպէս իր ներման, այնպէս էլ իր բարկութիւնը թափելու մէջ. որքան մեծ է նրա ողորմութիւնը, այնքան էլ մեծ է նրա յանդիմանութիւնը։ 14Մարդը դատւում է ըստ իր գործերի. մեղաւորն իր յափշտակութեան համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կը գտնի իր համբերութեան համար։ 15Ամէն ողորմածութեան համար Տէրը տեղ կ՚անի. իւրաքանչիւր ոք հատուցում կը գտնի ըստ իր գործերի։ 16Մի՛ ասա, թէ՝ «Կը թաքնուեմ Տիրոջից», եւ՝ «Ո՞վ կը յիշի ինձ»։ 17«Բազում ժողովրդի մէջ չեմ նկատուի, որովհետեւ իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մէջ»։ 18Ահաւասիկ, երկինքը, երկինքների երկինքը, անդունդներն ու երկիրը դղրդում են նրա այցելութիւնից, 19նոյնպէս լեռներն ու երկրի հիմքերը ցնցւում նրա հայեացքից։ 20Բայց սիրտը չի կարող խորհել այդ մասին։ 21Ո՞վ կը մտածի նրա ճանապարհների եւ այն որոգայթների մասին, որոնք մարդ չի տեսել։ 22Իսկ նրա գործերից շատերը ծածուկ են. արդարութեան գործերը ո՞վ կը յայտնի, կամ ո՞վ համբերութեամբ կը սպասի, որովհետեւ կ՚ասի, թէ՝ «Ուխտը հեռու է»։ 23Ով պակասամիտ է, այսպէս կը խորհի, եւ անզգամ ու մոլորուած մարդը յիմարութիւններ կը մտածի։ 24Որդեա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտութիւնը եւ իմ խօսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։ 25Ես քեզ ցոյց կը տամ կշռադատուած գիտութիւնը եւ ճշմարտութեամբ կը յայտնեմ իմացութիւնը։ 26Տիրոջ գործերը սկզբից եւեթ ճշմարտութեամբ էին, եւ նա արարչագործութիւնից իսկ զատեց նրանց մասերը։ 27Յաւիտեան կարգաւորեց իր գործերը եւ կարգեր սահմանեց նրանց տեսակների մէջ։ 28Դրանք ո՛չ քաղց ունեն եւ ոչ էլ յոգնութիւն, չեն դադարում իրենց գործերից, եւ դրանցից իւրաքանչիւրը նեղութիւն չի տալիս իր մերձաւորին։ 29Դրանք յաւիտեան չեն հակառակուի Տիրոջ խօսքերին։ 30Այնուհետեւ Տէրը նայեց երկրին եւ այն լցրեց նրա բարիքներով։ 31Բոլոր կենդանի էակների շունչը ծածկեց երկրի երեսը, եւ բոլորը դարձեալ վերադառնալու են երկիր։
16 Տէրը մարդուն ստեղծեց հողից եւ դարձեալ նրան վերադարձրեց հողին։ 2Նա մարդկանց տուեց հաշուած օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանութիւն տուեց այն ամենի վրայ, ինչ կայ երկրում։ 3Ըստ իրենց բնոյթի, զօրութեամբ զգեստաւորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց։ 4Մարդու ահը դրեց ամէն կենդանի էակի վրայ՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին։ 5Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ եւ սիրտ տուեց՝ դրանցով իմացութիւն ստանալու համար։ 6Նրանց լցրեց գիտութեան հանճարով եւ նրանց ցոյց տուեց չարն ու բարին։ 7Իր աչքը դրեց նրանց սրտի մէջ՝ ցոյց տալու համար նրանց իր գործերի մեծութիւնը, որպէսզի օրհնեն իր սուրբ անունը. 8նաեւ, որպէսզի պատմեն իր գործերի մեծութիւնը։ 9Աւելացրեց նրանց գիտութիւնը եւ նրանց ժառանգութիւն տուեց կեանքի օրէնքը։ 10Յաւիտենական ուխտ հաստատեց նրանց հետ եւ իր դատաստանները ցոյց տուեց նրանց։ 11Նրանց աչքը տեսաւ նրա փառքի մեծութիւնը, եւ նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տէրը նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք ամէն մի անիրաւութիւնից»։ 12Նա նրանցից իւրաքանչիւրին պատուիրեց հոգ տանել մերձաւորին։ 13Նրանց ճանապարհները միշտ նրա առջեւ են եւ չեն վրիպում նրա հայեացքից։ 14Իւրաքանչիւր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Տիրոջ բաժինը Իսրայէլն է։ 15Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջեւ են, եւ նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրայ է։ 16Նրանց անիրաւութիւնները չծածկուեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջեւ են։ 17Մարդու ողորմածութիւնը կնիք է նրա համար, եւ մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։ 18Սրանից յետոյ Տէրը պիտի ելնի ու հատուցի նրանց եւ նրանց արածների փոխարէնը պիտի բերի իրենց գլխին։ 19Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում եւ մխիթարում նրանց, որոնց համբերութիւնը նուազել էր։ 20Դարձի՛ր դէպի Տէրը եւ թո՛ղ մեղքերդ։ 21Աղերսի՛ր նրա առջեւ, եւ նա կը նուազեցնի յանցանքներդ։ 22Դարձի՛ր դէպի Բարձրեալը, յե՛տ դարձի՛ր անիրաւութիւնից եւ խի՛ստ ատիր գարշութիւնը։ 23Բարձրեալին ո՞վ գոհութիւն կը տայ գերեզմանում նրանց փոխարէն, ովքեր ողջ են եւ գոհութիւն են տալիս նրան։ 24Մեռեալից, իբրեւ անգոյից, կորած է փառաբանութիւնը։ Կենդանի եւ ողջ մարդը միայն կը գովի Տիրոջը։ 25Որքան մեծ է Տիրոջ ողորմութիւնը, 26նոյնքան էլ՝ քաւութիւնը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դէպի Տէրը։ 27Ամէն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։ 28Ի՞նչն է աւելի լուսաւոր, քան արեգակը, բայց նա էլ է նուազում. մարդու մարմինն ու արիւնը չարի մասին են մտածում։ 29Տէրն ինքն է հետեւում երկնքի բարձր զօրքերին. բոլոր մարդիկ հող եւ մոխիր են։
17 Նա, որ կենդանի է յաւիտեան, ամէն ինչ ստեղծեց հաւասարապէս, եւ միայն Տէրն է արդար համարւում։ Ոչ մէկին չի տրուած պատմել նրա գործերը։ 2Ո՞վ կը քննի նրա մեծագործութիւնները։ 3Ո՞վ կը չափի նրա հզօրութեան մեծութիւնը, 4եւ ո՞վ կը համարձակուի պատմել նրա ողորմութեան մասին։ 5Հնարաւոր չէ ո՛չ նուազեցնել, ո՛չ աւելացնել եւ ո՛չ էլ հետազօտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։ 6Երբ մարդը համարի, թէ աւարտել է, կը զգայ, թէ նոր է սկսել, եւ երբ դադարի պատմեզուց, ապշահար կը մնայ։ 7Ի՞նչ է մարդը, եւ ի՞նչ է նրա օգուտը։ 8Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիւը ինչքան էլ շատ լինի, հարիւր տարի է։ Ինչպէս ջրի կաթիլը ծովի համեմատութեամբ եւ խիճը՝ աւազի, այնպէս տարիներն են սակաւ յաւիտենական օրերի համեմատ։ 9Սրա համար է, որ Տէրը համբերատար է նրանց նկատմամբ եւ նրանց վրայ հեղում է իր ողորմութիւնը։ 10Նա տեսաւ եւ իմացաւ նրանց կործանումը, որ դաժան էր։ 11Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտութիւնը։ 12Մարդու ողորմութիւնն իր մերձաւորի վրայ է, իսկ Տիրոջ ողորմութիւնը՝ բովանդակ մարմնաւորի։ 13Տէրը յանդիմանում, խրատում եւ ուսուցանում է եւ, իբրեւ հովիւ, նրան իր հօտն է վերադարձնում։ 14Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը եւ շտապում են լսել նրա վճիռները։ 15Որդեա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր եւ քո տուածներին՝ տրտմութեան խօսքեր։ 16Միթէ ցօղը չի՞ զովացնում տօթը. այդպէս էլ լաւ խօսքն աւելի լաւ է, քան նուէրը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։ 17Յիմարն ապերախտութեամբ նախատում է, 18եւ չարակամ մարդու նուէրը արցունք է բերում աչքերին։ 19Խօսելուց առաջ մտածի՛ր եւ դեռ չհիւանդացած՝ հո՛գ տար քո մասին. 20նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը եւ նրա այցելութեան ժամանակ ողորմութիւն կը գտնես։ 21Մեղանչելու ժամանակ ցո՛յց տուր, որ դարձի ես գալիս։ 22Մի՛ յապաղիր ժամանակին կատարել խոստումդ եւ մինչեւ մահ մի՛ յետաձգիր արդարացումդ։ 23Աղօթելուց առաջ նախապատրաստի՛ր քեզ եւ մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը։ 24Յիշի՛ր վախճանի օրուայ ցասումը եւ վրէժխնդրութեան ժամանակը, երբ Տէրը քեզնից կը շրջի իր երեսը։ 25Լիութեան ժամանակ յիշի՛ր աղքատութեան ժամանակը եւ հարստութեան օրերին՝ աղքատութիւնն ու նեղութիւնը։ 26Առաւօտից մինչեւ երեկոյ փոփոխւում է ժամանակը, եւ Տիրոջ առջեւ ամէն ինչ յարափոփոխ է։ 27Իմաստուն մարդը ամէն ինչում զգոյշ կը լինի եւ մեղքի ժամանակ կը խուսափի բազում յանցանքներից։ 28Ամէն խելամիտ մարդ ճանաչում է իմաստութիւնը եւ գոհութիւն կը տայ նրան, ով գտել է այն։ 29Խելամիտ խօսքերով իրենք էլ են իմաստնանում եւ ճշմարիտ ու տեղին առակներ բերում։ 30Որդեա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրութեանը 31եւ թշնամիներից ոտնակոխ չես լինի։ 32Մի՛ ուրախացիր փափուկ կեանքով եւ մի՛ կապուիր դրա հետ։ 33Գրաւ դրած եւ պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր, քանզի հարբեցող մշակը նոյնպէս հարստութեան չի հասնի։
18 Ով անարգում է փոքրագոյն բաները, քիչ-քիչ կը կործանուի։ 2Կանայք եւ գինին կործանում են իմաստութիւնը, եւ լկտի մարդը պիտի սատակի։ 3Ով փութկոտ է հաւատալու մէջ, նա թեթեւամիտ է, եւ ով յանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դէմ։ 4Ով մտքով լիրբ է, շատերից կը մեղադրուի։ 5Մի՛ յօժարիր խօսքդ կրկնել ո՛չ բարեկամին եւ ո՛չ թշնամուն։ 6Եթէ ներսդ մեղքեր չունես, բնաւ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կը լսի եւ կը զգուշանայ քեզանից։ 7Լսեցի՞ր որեւէ խօսք՝ թող մեռնի այն քո սրտում. 8պի՛նդ կաց, քանզի այն քեզ չի պատռի եւ դուրս չի գայ։ 9Տխմարն իր խօսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպէս երեխայից ծնուածը։ 10Ինչպէս մարդու մարմնի մէջ մխրճուած նետն է, այնպէս էլ խօսքն է անմիտ մարդու սրտում։ 11Քննի՛ր բարեկամիդ, գուցէ ոչնչով նա չի մեղանչել։ 12Իսկ եթէ մեղանչել է, դարձեա՛լ զգուշացրու, որպէսզի բարեկամութիւնը հաստատ մնայ։ 13Բանսարկութիւնները շատ են, բայց դու ամէն խօսքի մի՛ հաւատա։ 14Մարդ կայ, որ մեղանչում է լեզուով եւ ոչ թէ մտքով, քանզի ո՞վ է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզուով։ 15Ամէն իմաստութիւն երկիւղն է Տիրոջից։ Նախքան սպառնալը՝ հարցուփո՛րձ արա քո մերձաւորին եւ տե՛ղ թող Բարձրեալի օրէնքի համար։ 16Չարերի խրատն իմաստութիւն չէ եւ ոչ էլ՝ մեղաւորների խորհուրդը։ 17Նենգութիւն կայ, որ գարշանք է, եւ կայ աղքատամտութիւն, որ զուրկ է իմաստութիւնից։ 18Լաւ է երկիւղած աղքատամիտը, քան գիտելիքով հարուստը, որ յանդգնում է զանց առնել օրէնքը։ 19Կայ նրբին խորագիտութիւն, որ լեցուն է ապիրատութեամբ եւ անիրաւութեամբ։ 20Մարդ կայ, որ կորցնում է իր շնորհները, որպէսզի երեւան հանի արդարութիւնը, խորամանկ էլ կայ, որ քայլում է խոնարհ եւ գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգութեամբ։ 21Նա դէմքով խոնարհ է եւ խուլ է ձեւանում, բայց քեզ կը սպասի այնտեղ, ուր չես էլ կարծում։ 22Եւ եթէ ուժի պակասութիւնը նրան արգելք հանդիսանայ վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կը պատճառի, երբ պահը գտնի։ 23Մարդը ճանաչւում է իր հայեացքից իսկ, եւ դէմքի տեսքից երեւում է իմաստութիւնը։ 24Մարդու հագուստը, երեսի ծիծաղը եւ ոտքի քայլը յայտնի է դարձնում նրան։ 25Յանդիմանութիւն կայ, որ բարի չէ, եւ լռութիւն կայ, որ իմաստութիւն է։
19 Որքա՜ն աւելի լաւ է յանդիմանել, քան ինքն իր մէջ զայրանալ։ 2Ով բռնութեամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կոյսի կուսութեանը։ 3Մարդ կայ, որ շատախօսութեան պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խօսք չկայ։ 4Կան որ լուռ են, քանզի չգիտեն խօսելու ժամանակը։ 5Իմաստուն մարդը լռում է մինչեւ խօսելու պահը, բայց ով անզգամ եւ ամբարիշտ է, առաջ է վազում։ 6Ով շատախօսում է, կ՚արհամարհուի, եւ ով անչափ սաստում է իր խօսքով, ատելի կը լինի։ 7Կայ յաջողութիւն, որ չարիք է մարդուն, գիւտ էլ կայ, որ կորուստ է։ 8Կայ ողորմութիւն, որ չի օգնում, բայց ողորմութիւն էլ կայ, որ կրկնակի հատուցում ունի։ 9Նուաստութիւն կայ, որ փառքից է գալիս, փառք էլ կայ, որ խոնարհութիւն է տալիս։ 10Կան որ փոքր բանի համար գլուխ են բարձրացնում, եւ կան, որ մեծ բանը փոքր բանի տեղ են դնում, բայց կան, որ եօթնապատիկ տուժում են։ 11Ով խօսքով իմաստուն է, իր անձը սիրելի է դարձնում, բայց տխմարների շնորհներն ամաչեցնում են իրենց։ 12Անզգամների ողորմութիւնը օգուտ չի բերի, քանզի նրանց աչքը մէկի փոխարէն շատն է ակնկալում։ 13Քիչ է տալիս, բայց շատ է նախատում, եւ իր բերանը բացում է իբրեւ քարոզիչ։ 14Հիմա փոխ կը տայ, իսկ վաղը յետ կը պահանջի. այդպիսին Տիրոջ եւ մարդկանց համար ատելի է։ 15Տխմարն այսպէս է ասում. «Ես բարեկամ չունեմ, եւ իմ բարի գործերի համար հատուցում չկայ։ 16Իմ հացն ուտողները կեղծաւոր են»։ 17Որքա՜ն յաճախ եւ ինչքա՜ն շատերը պէտք է ծիծաղեն նրանց վրայ։ 18Լաւ է ոտքից սայթաքել, քան լեզուից. այդպէս էլ չարերի կործանումը շուտ կը հասնի։ 19Ապաշնորհ մարդը նման է տարադէպ առասպելի։ 20Անմիտ մարդու շուրթերին առակներն անարժէք են դառնում, քանզի նա չի ասում ժամանակին։ 21Մարդ կայ, որ տկարութեան պատճառով անկարող է մեղք գործել. նա իր հանգստութեան մէջ խղճի խայթ չի զգում։ 22Մարդ կայ, որ ամօթի պատճառով է հոգին կորցնում. նա կը կորչի իր մարդահաճութեան համար։ 23Մարդ էլ կայ, որ բարեկամի պատճառով է ամօթը յանձն առնում եւ իզուր նրան թշնամի դարձնում իրեն։ 24Մարդու մէջ չար բիծ է սուտը։ 25Այլ բան է գողութիւնը եւ այլ բան՝ ստութիւնը, սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում։ 26Մարդու հոգուն անարգանք են իր սրտի վատ խօսքերը, եւ նրա ամօթը միշտ մնում է իր հետ։ Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք։ 27Ով խօսքով իմաստուն է, առաջ կը տանի իրեն, եւ գիտուն մարդը հաճելի կը լինի մեծամեծներին։ 28Ով որ մշակի հողը, կը բարձրացնի իր ցորենի դէզը, եւ ով որ հաճելի լինի մեծամեծներին, կը քաւի իր անիրաւութիւնը։ 29Նուէրներն ու կաշառքը կուրացնում են իմաստունների աչքը եւ, ինչպէս բերանի կապ, կաշկանդում յանդիմանութիւնը։ 30Թաքուն է իմաստութիւնը, եւ անյայտ՝ գանձը. երկուսից էլ ի՞նչ օգուտ։ 31Լաւ է այն մարդը, որ թաքցնում է իր յիմարութիւնը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստութիւնը։
20 Որդեա՛կ, եթէ մեղք գործեցիր, այլեւս մի՛ արա եւ աղօթի՛ր հին մեղքերի համար։ 2Փախի՛ր մեղքերից, ինչպէս օձից. եթէ մօտենաս կը խայթի քեզ։ 3Մեղքի ժանիքները առիւծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։ 4Ամէն տեսակ անօրէնութիւն նման է երկսայրի սրի. նրա տուած վէրքերին բժշկութիւն չկայ։ 5Արհաւիրքն ու թշնամանքը աւերում են հարստութիւնը. այդպէս էլ կ՚աւերուի ամբարտաւանների տունը։ 6Խոնարհների խնդրուածքները հասնում են մինչեւ Տիրոջ ականջները, եւ նրա արդարութիւնը փութով կը հասնի։ 7Ով որ ատի յանդիմանութիւնը, նա կը լինի մեղաւորների շաւիղների մէջ, եւ ով որ երկիւղ է կրում Տիրոջից, սրտով նրան կը դառնայ։ 8Լեզուով հզօրը հեռուից է ճանաչւում, իսկ ով գիտուն է, տեսնում է իր սայթաքումը։ 9Ով իր տունը կառուցում է այլոց ունեցուածքով, նման է նրան, որ քարեր է հաւաքում ձմռանը։ 10Անօրէնների խումբը նման է դիզուած վուշի, եւ նրանց վախճանը կրակի բոցի մէջ է։ 11Մեղաւորների ճանապարհները հարթ են՝ քարերից մաքրուած, բայց վերջը դժոխքի խորխորատն է։ 12Ով պահում է օրէնքը, իշխում է իր մտքերին, 13եւ Տիրոջ երկիւղի վերջը իմաստութիւնն է։ 14Ով խորագէտ չէ, չի սովորի։ 15Բայց խորագիտութիւն էլ կայ, որ շատացնում է դառնութիւնը։ 16Իմաստունի գիտութիւնը հեղեղի նման կը սաստկանայ, եւ նրա խորհուրդները ակնաղբիւրի նման են։ 17Տգէտի փորը նման է ծակոտկէն ամանի. ոչ մի գիտելիք այնտեղ չի մնայ։ 18Եթէ գիտունը իմաստուն խօսք լսի, կը գովի այն եւ կ՚աւելացնի այն, մինչդեռ թեթեւամիտը լսեց ու նրան հաճելի չթուաց այն եւ նետեց իր թիկունքի յետեւը։ 19Տխմարի խօսքը ճանապարհի բեռան նման է, սակայն իմաստունների շուրթերի վրայ այն շնորհ է ստանում։ 20Իմաստունների խօսքերը փընտռուելու են ժողովրդի մէջ, եւ դրանց մասին խորհելու են իրենց սրտում։ 21Աւերուած տան նման է յիմարի իմաստութիւնը, եւ տխմար մարդու գիտութիւնը անմիտ խօսք է։ 22Անմիտների համար խրատը ոտնակապ է եւ աջ ձեռքի ձեռնակապ։ 23Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագէտ մարդը հազիւ ժպտում է հանդարտ։ 24Գիտունի համար խրատը նման է ոսկեղէն զարդի եւ աջ բազկի ապարանջանի։ 25Տխմարի ոտքը արագ դիմում է դէպի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։ 26Անմիտը դռան արանքից է տան մէջ նայում, իսկ բարեկրօն մարդը մնում է դրսում։ 27Մարդու համար անվայել բան է դռան մօտ ականջ դնելը, իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից։ 28Շատախօս օտար բերանները պատմում են, ինչ որ լսել են, իսկ իմաստունների խօսքերը կշռադատուած են։ 29Յիմարների սիրտը իրենց բերանում է, իսկ իմաստունների բերանը՝ իրենց սրտում։ 30Ամբարիշտը սատանային անիծելիս՝ ինքն իր հոգին է անիծում։ 31Բամբասողը պղծում է իր հոգին, նա ուր էլ բնակուի, ատելի կը լինի։
21 Ծոյլը նման է շաղախուած կղկղանքի. ամէն ոք զզուանքով կը թքի նրա վրայ։ 2Ծոյլը հաւասար է աղբի եւ թրիքի. ամէն ոք, ով այն վերցնի, թափ կը տայ իր ձեռքը։ 3Անդաստիարակ որդու ծնունդը հօր ամօթն է, իսկ դստեր ծնունդը՝ նրա նուաստացումը։ 4Ողջախոհ դուստրն իր ամուսինը կ՚ունենայ, իսկ անամօթը տրտմութիւն է ծնողների համար։ 5Անառակը ամօթով կը թողնի իր հօրն ու մօրը եւ երկուսից էլ կ՚անարգուի։ 6Տարադէպ պատմութիւնը նոյնն է, ինչ որ երաժշտութիւնը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստութիւն է ամէն ժամանակ։ 7Յիմարին սովորեցնողը նման է կոտրած խեցի կպցնողի 8եւ քնածին խոր քնից արթնացնողի։ 9Ով պատմում է յիմարին, նոյնն է թէ պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է՝ «Ի՞նչ»։ 10Լա՛ց եղիր նաեւ տխմարի վրայ, քանզի նրա համար չքացաւ իմաստութիւնը։ 11Մեղմ լա՛ց եղիր մեռելի վրայ, քանզի նա գտաւ իր հանգիստը, իսկ յիմարի համար ապրելը մահից վատ է։ 12Մեռելի վրայ սուգը եօթն օր է, 13իսկ անմիտ եւ ամբարիշտ մարդու համար՝ իր կեանքի բոլոր օրերին։ 14Անզգամի հետ շատ մի՛ խօսիր եւ անմիտ մարդու մօտ մի՛ գնա։ 15Զգո՛յշ եղիր նրանից, որպէսզի տանջանք չկրես եւ նրանից հեռանալիս կեղտով չշաղախուես, 16այլ զատուի՛ր նրանից, եւ հանգիստ կը գտնես ու չես ձանձրանայ նրա անմտութիւնից։ 17Կապարից աւելի ծանր ի՞նչ կայ, եւ ի՞նչ է նրա անունը, եթէ ոչ՝ յիմար։ 18Աւելի դիւրին է տանել աւազը, աղը եւ շիկացած երկաթը, քան անմիտ մարդուն։ 19Ինչպէս փայտէ պահանգով ամրացուած շինուածքը ցնցումներից չի խախտւում, այդպէս էլ անխախտ է մնում իմացութեան խորհրդով հաստատուած սիրտը։ 20Իմաստութեան խորհրդով հաստատուած սիրտը վախի ժամանակ չի վհատուի։ 21Ինչպէս բարձրաւանդակի վրայ գտնուող յարդը եւ աւազաշաղախ քարաշէն պատի խճաքարերը հողմերի առաջ չեն դիմանայ, 22այնպէս էլ վախկոտ սիրտը տխմար խորհուրդների պատճառով չի տոկայ ամէն տեսակ երկիւղի առաջ։ 23Ով աչքն է խոցում, արտասուք է բերում, եւ ով սիրտն է խոցում, զգացմունքներ է յարուցում։ 24Ով քար է նետում թռչուններին, քշում է նրանց, եւ ով նախատում է բարեկամին, խզում է բարեկամութիւնը։ 25Թէ սուր էլ քաշես բարեկամի վրայ, անյոյս մի՛ եղիր, քանզի դարձ կայ։ 26Թէ բարեկամի վրայ բերան էլ բացես, մի՛ վախեցիր, քանզի հաշտութիւն կայ, միայն թէ դա չլինի նախատինք, ամբարտաւանութիւն, գաղտնիք յայտնել եւ նենգ վիրաւորանք։ 27Ամէն տեսակ բարեկամ փախչում է սրանցից։ Մերձաւորի մօտ հաւատարմութի՛ւն ունեցիր նրա աղքատութեան ժամանակ, որպէսզի նրա հարստութեան օրօք ուրախ լինես։ 28Նեղութեան ժամանակ մօ՛տ եղիր նրան, որպէսզի դու էլ ժառանգես նրա ժառանգութիւնից։ 29Ինչպէս հնոցում կրակից առաջ գոլորշի եւ ծուխ է դուրս գալիս, այդպէս էլ արիւնահեղութիւնից առաջ՝ բամբասանքը։ 30Ես չեմ ամաչի բարեկամիս պաշտպանել եւ նրա երեսից չեմ թաքնուի, թէկուզ ինձ չարիք պատահի նրա պատճառով, 31մինչդեռ ամէն ոք, ով լսի այդ մասին, պիտի խորշի նրանից։ 32Ո՞վ ինձ կը տար պահապան իմ բերանի վրայ եւ խորագիտութեան կնիք՝ իմ շուրթերին, որպէսզի չխորտակուեմ, եւ իմ լեզուն չկործանի ինձ։
22 Տէ՛ր, Հա՛յր եւ Իշխա՛ն իմ կեանքի, մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մէջ։ 2Ո՞վ կապանք կը դնէր իմ մտքերի վրայ եւ իմաստութեան խրատ իմ սրտի վրայ, 3որպէսզի դրանք չխնայեն իմ տգիտութեանը եւ թոյլ չտան, որ մեղք գործեմ, որպէսզի չծանրանան իմ զանցանքները, եւ չմեծանան իմ մեղքերը, որպէսզի չընկնեմ հակառակորդների առջեւ, եւ իմ թշնամին ինձ ոտնատակ չանի։ 4Տէ՛ր, Հա՛յր եւ իմ կեանքի՛ Աստուած, 5մի՛ տուր ինձ աչքերի ունայն խաղ եւ հեռացրո՛ւ ինձնից սրտի ցանկութիւնը։ 6Թող ինձ չհասնեն որովայնի ցանկութիւնն ու անառակութիւնը, եւ մի՛ մատնիր ինձ անամօթ մարդու ձեռքը։ 7Որդինե՛ր, լսեցէ՛ք բերանի մասին այս խրատը. ով որ պահի այն, չի որսուի։ 8Մեղաւորն իր շուրթերով է որսւում, եւ հայհոյիչն ու ամբարտաւանը դրանցով է սայթաքում։ 9Մի՛ ընտելացրու քո բերանը երդումի։ 10Մի՛ վարժուիր Սրբի անունով երդուել։ 11Ինչպէս այն ծառան, որ յաճախ պատժի է ենթարկւում, անպակաս չէ վէրքերից, այնպէս էլ ով երդւում եւ մշտապէս Սրբի անունն է տալիս, չի մաքրւում մեղքերից։ 12Շատ երդուող մարդը անօրէնութեամբ է լցւում, եւ հարուածներն անպակաս կը լինեն նրա տնից։ 13Եթէ յանցանք գործի, իր մեղքն իր վրայ է, եւ եթէ շփոթուի, կրկնակի մեղք է գործում։ 14Եթէ ի զուր երդուեց, չի արդարանայ, որովհետեւ նրա տունը տանջանքով է լցուելու։ 15Խօսք կայ, որ հաւասար է մահուան. թող այն չգտնուի Յակոբի տոհմի ժառանգութեան մէջ։ 16Թող այս ամէնը բարեպաշտներից հեռու մնայ, եւ նրանք մեղքի մէջ չեն թաւալուի։ 17Մի՛ ընտելացրու քո շուրթերը տգիտութեան, քանզի դրա մէջ մեղաւոր խօսքեր կան։ 18Երբ մեծամեծների մէջ նստես, յիշի՛ր քո հօրն ու մօրը, 19որպէսզի քեզ չկորցնես նրանց առջեւ եւ, ըստ քո սովորութեան, յիմարութիւն չանես ու չասես, թէ՝ «Լաւ էր չծնուէի», եւ քո ծննդեան օրն անիծես։ 20Այն մարդը, որ վարժուած է նախատինքի, իր բոլոր օրերում չի խրատուի։ 21Երկու բան կայ, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ՝ որ բարկութիւն է առաջ բերում։ 22Ցասկոտ հոգին բորբոքուած կրակի նման է՝ չի մարի մինչեւ չսպառուի։ 23Բոզաբարոյ մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակութիւն անել, մինչեւ որ կրակը վառի նրան։ 24Պոռնիկ մարդուն ամէն տեսակ հաց քաղցր է, նա չի դադարի, մինչեւ որ մեռնի։ 25Մարդը, որ մեղք է գործում իր մահճի դէմ, իր սրտում ասում է. «Ո՞վ կը տեսնի ինձ։ 26Իմ շուրջը խաւար է, պատերը ծածկում են ինձ, ոչ ոք չի տեսնում ինձ. ինչո՞ւ կասկածեմ, չէ՞ որ Բարձրեալը չի տեսնում իմ մեղքը»։ 27Նրա երկիւղը մարդկանց աչքն է։ 28Նա չգիտի, որ Տիրոջ աչքը բիւր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները եւ նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը։ 29Մինչեւ նրանց ստեղծուելը ամենայն ինչ ծանօթ էր նրան, այդպէս էլ կը լինի նրանց վախճանուելուց յետոյ։ 30Այդպիսին կը պատժուի քաղաքի հրապարակներում եւ կը բռնուի այնտեղ, ուր չէր ենթադրի։ 31Այդպէս կը պատժուի նաեւ այն կինը, որ թողել է իր ամուսնուն եւ օտարից ժառանգ է բերել։ 32Նախ՝ որովհետեւ Բարձրեալի օրէնքին չհնազանդուեց, երկրորդ՝ յանցանք գործեց իր ամուսնու դէմ, եւ երրորդ՝ շնացաւ պոռնկութեամբ եւ օտար մարդուց որդի բերեց։ 33Նա ժողովրդից պիտի վտարուի, եւ նրա որդիներին պիտի հոգ չտանեն։ 34Նրա որդիները արմատներ պիտի չարձակեն, եւ նրա ոստերը պտուղ չպիտի տան։ 35Նա անէծք է թողնելու իր յիշատակին, եւ նրա նախատինքը չի ջնջուելու։ 36Աւելի լաւ բան չկայ, քան երկիւղը Տիրոջից, եւ չկայ աւելի քաղցր բան, քան անսալ Տիրոջ պատուիրաններին։
23 Իմաստութիւնը կը գովի իրեն եւ պիտի պարծենայ իր ժողովրդի մէջ։ 2Բարձրեալի տաճարում պիտի բացի իր բերանը եւ նրա զօրութեան առջեւ պիտի պարծենայ. 3«Ես դուրս ելայ Բարձրեալի բերանից եւ մշուշի նման ծածկեցի երկիրը։ 4Ես բնակուեցի բարձունքներում, եւ իմ Աթոռը ամպի սեան մէջ է։ 5Միայն ես պտտուեցի երկնքի ծիրով մէկ, գնացի անդունդների խորքերը, 6իշխեցի ծովի ալիքներին, 7բոլոր երկրներին եւ բոլոր ժողովուրդներին ու ազգերին։ 8Այս բոլորի մէջ հանգիստ փնտռեցի եւ այն երկիրը, ուր ես հանդարտուեմ։ 9Այն ժամանակ բոլորի Արարիչը պատուիրեց ինձ, եւ նա, ով ստեղծեց ինձ, ցոյց տուեց իմ խաղաղութեան խորանը։ 10Նա ասաց. «Դու բնակուի՛ր Յակոբի տոհմի մէջ եւ Իսրայէլի մէջ ժառանգութի՛ւն ստացիր»։ 11Սկզբից, յաւիտենութիւնից առաջ Տէրն ստեղծեց ինձ, եւ ես յաւիտեան չեմ նուազելու։ 12Ես պաշտամունք մատուցեցի նրա սուրբ խորանի առջեւ, ապա հաստատուեցի Սիոնի մէջ, Տէրը նոյնպէս բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, եւ իմ իշխանութիւնը Երուսաղէմի մէջ է։ 13Ես արմատաւորուեցի փառաւոր ժողովրդի մէջ, Տիրոջ բաժնում՝ նրա ժառանգութեան մէջ։ 14Բարձրացայ Լիբանանի նոճու պէս եւ Ահերմոնի լեռների դափնու նման։ 15Բարձրացայ ինչպէս արմաւենին Ենգադիում եւ ինչպէս վարդենու տունկը Երիքովի մէջ։ 16Բարձրացայ դաշտի վայելուչ ձիթենու պէս, բարձրացայ սօսու նման։ 17Բուրեցի իբրեւ կինամոն եւ խնկի ծառ, 18իբրեւ քաղբան, խունկ, ստաշխ եւ իբրեւ կնդրուկի անուշ հոտ վրանում։ 19Բեւեկնի նման արձակեցի իմ ոստերը, եւ իմ ոստերը փառքի եւ շնորհների ոստեր են։ 20Ես իբրեւ այգի շնորհներ եմ բխում, եւ իմ ծաղիկները փառքի եւ հարստութեան պտուղներ են։ 21Մօտեցէ՛ք ինձ ամէնքդ, որ ցանկանում էք ինձ, եւ ճաշակեցէ՛ք իմ արմատներից, 22քանզի իմ յիշատակը մեղրից քաղցր է, եւ իմ ժառանգութիւնը աւելի քաղցր է, քան մեղրի խորիսխը։ 23Ովքեր ուտեն ինձ, տակաւին պիտի քաղցած մնան, եւ ովքեր ըմպեն ինձ, տակաւին պիտի ծարաւեն։ 24Ով ինձ լսի, չի ամաչի, եւ ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի»։ 25Այս ամէնը բարձրեալ Աստծու ուխտի Գիրքն է եւ Օրէնքը, 26որ մեզ պատուիրեց Մովսէսը իբրեւ Յակոբի ժողովուրդների ժառանգութիւն։ 27Նա իմաստութիւնը հեղում է Փիսոն գետի նման 28եւ ինչպէս Տիգրիսը՝ նորահաս բերքի օրերին։ 29Նա գիտութիւնը լցնում է Եփրատի նման եւ ինչպէս Յորդանանը՝ հնձի օրերին։ 30Նա խրատը սփռում է իբրեւ լոյս եւ տարածում ինչպէս Գեհոնը՝ բերքահաւաքի օրերին։ 31Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը եւս, 32քանզի նրա խոհամտութիւնը ծովից անհուն է, եւ նրա խորհուրդը խոր է մեծ անդունդներից աւելի։ 33Ես իբրեւ ջրմուղ ելայ գետից եւ իբրեւ վտակ ելայ դրախտից։ 34Ասացի՝ ջրեմ պարտէզը եւ ջրեմ ածուն։ 35Եւ ահա ինձ համար ջրմուղը գետ դարձաւ եւ ինձ համար գետը՝ ծով։ 36Տակաւին ես գիտութիւնը պիտի լուսաւորեմ ինչպէս առաւօտ եւ նրա լոյսը պիտի տարածեմ մինչեւ հեռաստանները։ 37Եւ տակաւին ուսմունքը պիտի սփռեմ իբրեւ մարգարէութիւն եւ այն յաւիտեանս պիտի թողնեմ ազգերի մէջ։ 38Տեսէ՛ք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր փնտռում են այն։
24 Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տիրոջ եւ մարդկանց առջեւ։ 2Դրանք են՝ եղբայրների միաբանութիւնը, մերձաւորների սէրը եւ՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ 3Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց եւ խիստ գարշեց նրանց կեանքից։ 4Դրանք են՝ հպարտ աղքատը, ստախօս հարուստը եւ վաւաշոտ ու պակասամիտ ծերը։ 5Եթէ պատանեկութեանդ ժամանակ չհաւաքեցիր, ինչպէ՞ս կը գտնես ծերութեանդ ժամանակ։ 6Որքա՜ն պատշաճ է ալեհեր մարդուն՝ դատելը եւ ծերերին՝ խորհուրդ տալը։ 7Որքա՜ն գեղեցիկ է ծերերի իմաստութիւնը եւ պատուաւոր մարդկանց իմացութիւնն ու խորհուրդը։ 8Ծերերի պսակը բազմահմտութիւնն է եւ նրանց պարծանքը՝ երկիւղը Տիրոջից։ 9Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կ՚ասեմ լեզուով։ 10Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով եւ իր կենդանութեան ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։ 11Երանի՜ նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզուով չի սխալւում եւ չի ծառայում մէկին, որ անարժան է իրեն։ 12Երանի՜ նրան, ով իմաստութիւն գտաւ եւ այն կը պատմի լսողների ականջին։ 13Որքա՜ն մեծ է նա, ով իմաստութիւն է գտել, բայց նա աւելի մեծ չէ, քան նա, ով երկիւղ է կրում Տիրոջից։ 14Երկիւղը Տիրոջից գերազանցում է ամէն բան։ 15Եւ ով ունի այն, ո՞ւմ կարելի է նմանեցնել։ 16Կարելի է տանել ամէն տեսակ վէրք, բայց ոչ՝ սրտի վէրքը, 17ամէն տեսակ չարութիւն, բայց ոչ՝ կնոջ չարութիւնը, 18ամէն տեսակ հարուած, բայց ոչ՝ ատելիների հարուածը, 19ամէն տեսակ վրէժ, բայց ոչ՝ թշնամիների վրէժը։ 20Օձի գլխից չար գլուխ չկայ եւ ոչ էլ թշնամու ցասումից աւելի մեծ ցասում։ 21Նախընտրեցի բնակուել առիւծի եւ վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ 22Կնոջ չարութիւնը այլափոխում է նրա տեսքը եւ քուրձի նման սեւացնում նրա երեսը։ 23Նրա ամուսինը կը նստի իր ընկերների հետ եւ, լսելով, հոգոց կը հանի։ 24Ամէն տեսակ չարութիւն փոքր է կնոջ չարութեան մօտ. թող նրան ընկնի մեղաւորի վիճակը։ 25Աւազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նոյնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզուանի կինը։ 26Մի՛ նայիր կնոջ գեղեցկութեանը եւ մի՛ փափագիր։ 27Բարկութիւն է, լրբութիւն եւ մեծ ամօթ, 28եթէ կինն է ամուսնուն հրամայողը։ 29Թշուառացած սիրտ, խոժոռ դէմք եւ սրտի վէրք է չար կինը։ 30Թուլացած ձեռք եւ կթոտած ծունկ է այն կինը, որ երանի չի տալիս իր ամուսնուն։ 31Մեղքի սկիզբը կնոջից է, եւ նրա պատճառով ենք մեռնում բոլորս։ 32Ելք մի՛ տուր ջրին եւ չար կնոջ համարձակութեանը. եթէ նա չի գնում ըստ քո ձեռքի ցոյց տուած ուղղութեան, կտրի՛ր քո մարմնից եւ հեռո՛ւ նետիր նրան։
25 Երանելի է բարի կնոջ ամուսինը, եւ բազում է նրա օրերի թիւը։ 2Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն եւ նրա տարիները լցնում խաղաղութեամբ։ 3Բարի կինը մի բարի բաժին է, որ Տէրը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թէ աղքատ՝ 4նրանց սիրտը գոհ է նրանից, եւ նրանց դէմքը միշտ ուրախ է։ 5Երեք բանի վրայ կասկածեց իմ սիրտը, բայց կայ մի չորրորդը, որի համար աղօթում եմ վախից։ 6Դրանք են՝ քաղաքի բանսարկութիւնը, ամբոխի վրդովմունքը 7եւ սուտ չարախօսութիւնը, որոնք մահից աւելի դաժան են։ 8Բայց սրտի ցաւ եւ սուգ է այն կինը, որ չարանախանձ է մէկ այլ կնոջ, 9լեզուանի գազան է, որ խոցում է բոլորին։ 10Չար կինը եզան երերացող լուծ է. ով բռնի այն՝ իժ է բռնում։ 11Մեծ խայտառակութիւն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամօթը։ 12Կնոջ պոռնկութիւնը իմացւում է նրա շարժուձեւերից, նրա աչքերի հայեացքից եւ նրա արտեւանունքներից։ 13Անամօթ դստեր վրայ հսկողութի՛ւն հաստատիր, որպէսզի համարձակութիւն ստանալով՝ նա ինքնագլուխ չլինի։ 14Լիրբ կնոջ աչքից զգո՛յշ եղիր եւ մի՛ զարմացիր, եթէ քո դէմ էլ յացանք գործի։ 15Ինչպէս ծարաւած ճանապարհորդը, նա բերանը բացում եւ խմում է ամէն տեսակ մօտիկ ջրերից, նստում է ամէն տեսակ վրանի առջեւ եւ կապարճի պէս բացւում առաջին իսկ նետի դէմ։ 16Կնոջ շնորհը հրճուանք է նրա ամուսնուն, եւ նրա ողջախոհութիւնը զօրացնում է նրա ոսկորները։ 17Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին։ 18Շնորհների վրայ շնորհ է ամօթխած կինը, 19եւ համարժէք կշիռ չկայ նրա զուսպ հոգու համար։ 20Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է 21բարի կնոջ գեղեցկութիւնն իր տան յարդարանքի մէջ։ 22Ինչպէս լուսատու ճրագն է մաքուր աշտանակի վրայ, այնպէս էլ երեսի գեղեցկութիւնն է հանդարտ հասակի վրայ։ 23Ինչպէս ոսկեղէն սիւներն են արծաթեղէն խարիսխների վրայ, այնպէս էլ գեղեցիկ ոտքերն են խոնարհ գարշապարների վրայ։ 24Սիրտս տխուր է երկու բանի համար, եւ կայ մի երրորդ բան, որից իմ մէջ ցասում առաջացաւ։ 25Դրանք են՝ պատերազմող մարդը, որն աղքատութեան պատճառով է թշուառ, եւ իմաստուն մարդիկ, որոնք արհամարհուած են։ 26Բայց ով արդարութիւնից դառնում է դէպի մեղքը, Տէրը նրա համար սուր է պատրաստում։ 27Դժուար թէ վաճառականը խուսափի յանցանքներից, եւ պանդոկապանը արդարանայ մեղքերից։
26 Շատերը մեղանչում են կայքի համար, եւ ով ուզում է շատացնել այն, դէմքը շրջում է։ 2Ինչպէս իրար կից քարերի միջեւ ցից է խփւում, 3այնպէս էլ մեղքն է տեղ գտնում վաճառելու եւ գնելու միջեւ։ 4Եթէ մէկը նախանձախնդրութեամբ հաստատակամ չէ Տիրոջ երկիւղի մէջ, արագ կը կործանուի նրա տունը։ 5Մաղելիս մաղի մէջ աղբն է մնում, ինչպէս մարդու կղկղանքը՝ նրա մտքերի մէջ։ 6Բրուտի անօթները փորձւում են կրակի մէջ, իսկ մարդը փորձւում է իր խորհուրդների մէջ։ 7Ծառերի մշակութիւնը երեւում է նրա պտղից, ինչպէս խօսքից՝ մարդու սրտի խորհուրդները։ 8Մի՛ գովիր մարդուն նրա խօսելուց առաջ. այսպէս են փորձում մարդկանց։ 9Եթէ արդարութեան յետեւից գնաս, կը հասնես նրան, եւ այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ։ 10Թռչունները հանգստանում են իրենց նմանների մօտ, եւ ճշմարտութիւնը վերադառնում է իրեն փնտռողների մօտ։ 11Ինչպէս առիւծն է դարանակալ որսին, այնպէս էլ մեղքը՝ անիրաւութիւն անողին։ 12Բարեպաշտի զրոյցը յարատեւ իմաստութիւն է, իսկ անզգամը լուսնի պէս այլափոխւում է։ 13Խնայի՛ր ժամանակդ, երբ անմիտների մէջ ես, բայց տեւապէ՛ս մնա խելացիների հետ։ 14Յիմարների զրոյցները ձանձրալի են, եւ ծաղրելու համար նրանք պիտի մեղքեր գործեն։ 15Շատ երդուողի խօսքից ցցւում են լսողի մազերը, իսկ նրանց վէճը ականջ է խլացնում։ 16Ամբարտաւանների վէճն արիւնահեղութիւնն է, եւ նրանց բամբասանքը ձանձրալի է լսել։ 17Ով յայտնում է գաղտնիքները, կորցնում է հաւատարմութիւնը եւ չի գտնի բարեկամ իր հոգու համար։ 18Երկա՛ր մնա բարեկամի մօտ եւ հաւատարի՛մ եղիր նրան. 19իսկ եթէ յայտնես նրա գաղտնիքները, չես գնայ նրա յետեւից։ 20Ինչպէս մարդ կորցնում է իր թշնամուն, այնպէս կորցնում է մերձաւորի սէրը։ 21Ինչպէս թռչունին, որ քո ձեռքից բաց ես թողնում եւ էլ չես կարող բռնել, այնպէս էլ չես բռնի մերձաւորին, որին բաց ես թողնում։ 22Մի՛ գնա նրա յետեւից, քանզի նա հեռացաւ եւ այծեամի պէս փրկուեց որոգայթից։ 23Վէրքը կարելի է կապել, եւ հայհոյանքից յետոյ հաշտութիւն կայ։ 24Ով յայտնում է գաղտնիքները, նա կորցնում է հաշտութեան յոյսը։ 25Ով ակնարկում է աչքով, չարիք է նիւթում, եւ ով տեսնում է այն, թող հեռու մնայ նրանից։ 26Քո աչքի առջեւ նա կը քաղցրացնի իր բերանը, կը զարմանայ քո խօսքի վրայ, իսկ յետոյ կը ծռի իր բերանը եւ քո խօսքը գայթակղութեան առարկայ կը դարձնի։ 27Շատ բան ատեցի, բայց ոչ մի բան այնպէս չեմ ատել, ինչպէս նրան. Տէրը նոյնպէս ատելու է նրան։ 28Ով քարը երկինք է նետում, այն իր գլխին կ՚ընկնի. նենգաւոր մարդու հարուածները բացում են վէրքերը։ 29Ով հոր փորի, նրա մէջ կ՚ընկնի, եւ ով որոգայթ լարի, կը բռնուի նրա մէջ։ 30Ով չարութիւն անի, կը գլորուի նրա մէջ եւ չի էլ իմանայ, թէ այն որտեղից հասաւ իրեն։ 31Ամբարտաւանների ծաղրն ու նախատինքը, նաեւ վրէժխնդրութիւնը առիւծի նման դարանակալ է նրանց։ 32Որոգայթով կը բռնուեն նրանք, ովքեր ուրախանում են բարեպաշտների անկումով. իրենց մահից առաջ հեծութիւնը պիտի մաշի նրանց։ 33Ոխը եւ բարկութիւնը նոյնպէս գարշելի են, եւ մեղաւոր մարդը ամուր կառչում է նրանցից։
27 Ով վրէժ առնի, Տիրոջից վրէժխնդրութիւն կը գտնի, եւ Տէրը խստօրէն կը հաստատի նրա մեղքերը։ 2Ների՛ր քո եղբօր անիրաւութիւնը, եւ միայն այն ժամանակ աղօթելիս քո մեղքերը կը ներուեն։ 3Մարդը մարդու հանդէպ բարկութիւն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկութիւն է խնդրում։ 4Իր նման մարդու հանդէպ նա չունի ողորմածութիւն, բայց աղերսում է իր մեղքերի թողութեան համար։ 5Ինքը եւս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քաւութիւն կը տայ նրա մեղքերին։ 6Յիշի՛ր քո վախճանը եւ դադարի՛ր թշնամութիւն անելուց, յիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ 7եւ մնա՛ պատուիրանների մէջ։ 8Յիշի՛ր պատուիրանները եւ ոխ մի՛ պահիր մերձաւորիդ հանդէպ, 9յիշի՛ր Բարձրեալի ուխտը եւ արհամարհի՛ր տգիտութիւնը։ 10Հեռո՛ւ մնա վէճից եւ դու կը նուազեցնես մեղքերդ, քանզի զայրացած մարդը կռիւ է բորբոքում, մեղաւոր մարդը գժտեցնում է իր բարեկամներին 11եւ նրանց մէջ, ովքեր խաղաղութեամբ են ապրում, բանսարկութիւն է գցում։ 12Կրակը վառւում է ըստ իրեն սնող նիւթի, իսկ կռիւն էլ բորբոքւում է ըստ նրան գրգռող սաստկութեան. մարդու զայրոյթը լինում է ըստ նրա զօրութեան, եւ ըստ նրա հարստութեան սաստկանում է նրա բարկութիւնը։ 13Անզիջում հակառակութիւնը կրակ է բորբոքում, եւ անզիջում կռիւը արիւն է հեղում։ 14Եթէ կայծի վրայ փչես, կը բորբոքուի, եւ եթէ նրա վրայ թքես, կը մարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։ 15Քսուն եւ երկերեսանին թող անիծուեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանուեցին։ 16Մի երրորդ մարդու լեզուն շատերին սասանեց, նրանց ազգից ազգ հալածեց, 17ամուր քաղաքներ կործանեց 18եւ մեծամեծների տներն աւերեց։ 19Մի երրորդ մարդու լեզուն ջանասէր կանանց վռնդեց եւ նրանց զրկեց իրենց վաստակից։ 20Ով նրան լսի, հանգիստ չի գտնի եւ վստահ ու ապահով չի ապրի։ 21Մտրակի հարուածը վէրք է առաջացնում, իսկ լեզուի հարուածը ոսկորներ է փշրում։ 22Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզուի երեսից։ 23Երջանիկ է նա, ով թաքնւում է նրանից, ով չի ճաշակել նրա ցասումը, ով չի քաշել նրա լուծը եւ ով չի կապուել նրա կապանքներով։ 24Նրա լուծը երկաթեայ լուծ է, եւ նրա կապանքները՝ պղնձէ կապանքներ։ 25Դաժան մահ է նրա մահը, դժոխքը լաւ է նրանից։ 26Թող նրա ձեռքը չլինի բարեպաշտների վրայ, եւ թող նրանք չայրուեն նրա բոցում։ 27Ովքեր Տիրոջը թողնեն, կ՚ընկնեն չար լեզուի ձեռքը, նրանց մէջ կը բորբոքուի այն ու չի մարի, նրանց վրայ կ՚ուղարկուի իբրեւ առիւծ ու նրանց կ՚ոչնչացնի ինձի նման։ 28Տե՛ս, քո կալուածքը ամրացրո՛ւ փշէ ցանկապատով։ 29Պի՛նդ կապած պահիր քո ոսկին եւ արծաթը, քո խօսքին չափ ու կշի՛ռ տուր եւ քո բերանին դուռ ու նի՛գ դիր։ 30Զգո՛յշ եղիր, որպէսզի չգայթակղուես լեզուից, չընկնես դարանակալ մարդու առջեւ։
28 Ով ողորմութիւն է անում, նա փոխ է տալիս մերձաւորին։ 2Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատուիրանները։ 3Մերձաւորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խօսքդ, հաւատարի՛մ եղիր նրան եւ միշտ կը գտնես քեզ համար անհրաժեշտը։ 4Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին եւ դառնութիւն պատճառեցին իրենց օգնողներին։ 5Մինչեւ վերցնելը մարդ համբուրում է մերձաւորի ձեռքը եւ խոնարհ ձայնով է խօսում նրա ունեցուածքի մասին։ 6Վերադարձնելու ժամանակ նա կը յետաձգի ժամկէտը, ցաւալի խօսքեր կ՚ասի եւ կը գանգատուի ժամանակից։ 7Եթէ փոխատուն կարողանայ տուածի հազիւ կէսը յետ առնել, ապա այն կը համարի գտած բան. 8իսկ եթէ չկարողանայ, կը զրկուի իր ունեցուածքից եւ նրան զուր տեղը թշնամի կը դարձնի իրեն։ 9Սա էլ անէծք եւ բամբասանք կը հատուցի եւ պատիւ տալու փոխարէն կ՚անարգի նրան։ 10Արդ, շատերը նման չարութեան պատճառով երես են թեքում եւ զգուշանում զուր տեղը զրկուել ունեցուածքից։ 11Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր եւ նրան մի՛ ուշացրու ողորմութիւնդ։ 12Ի սէր պատուիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարօտութեան եւ ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։ 13Արծաթը ծախսի՛ր եղբօր եւ բարեկամի վրայ եւ մի՛ թող որ ժանգոտուի քարի տակ ի կորուստ։ 14Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրեալի պատուիրանների, եւ դա քեզ օգուտ կը լինի ոսկուց աւելի։ 15Ողորմութի՛ւն հաւաքիր քո շտեմարաններում, եւ այն կը փրկի քեզ զանազան չարչարանքներից, 16թշնամու դէմ կը ճակատի քեզ համար հզօր վահանից եւ ծանր նիզակից աւելի։ 17Բարերար մարդը երաշխաւորում է իր մերձաւորին, իսկ ով կորցրել է ամօթը, կը թողնի նրան։ 18Մի՛ մոռացիր երաշխաւորողի շնորհը, քանզի նա իր անձը տուեց քեզ համար։ 19Մեղաւորը վատնում է իր երաշխաւորողի բարիքը, եւ սրտով երախտամոռը կը լքի իր փրկարարին։ 20Երաշխաւորութիւնը բազում յաջողակների կործանեց եւ նրանց ցնցեց ծովի ալիքների նման։ 21Հզօր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից, եւ նրանք դեգերեցին օտար ազգերի մէջ։ 22Իր շահին հետամուտ մեղաւորը, որը երաշխաւոր է դառնում, դատաստանի մէջ կ՚ընկնի։ 23Պաշտպա՛ն եղիր մերձաւորին ըստ քո կարողութեան եւ զգո՛յշ եղիր, որպէսզի չլինի թէ ծուղակ ընկնես։ 24Մարդու կեանքի սկիզբը ջուրն է, հացն է, շորն է եւ տունն է, ուր նա ծածկում է իր ամօթը։ 25Լաւ է աղքատի ապրուստը իր գերանապատ յարկի տակ, քան այլոց տների ճոխ կերակուրը։ 26Գո՛հ եղիր թէ՛ շատից եւ թէ՛ քչից։ 27Թշուառ կեանք է տնից տուն փոխադրուելը. ուր պանդխտես՝ չես կարող բանալ բերանդ։ 28Հաց եւ ջուր կը տաս՝ շնորհակալութիւն չես ստանայ, եւ դեռ աւելին՝ այսպիսի բաներ կը լսես. 29«Ե՛կ, օտարակա՛ն, սեղա՛ն պատրաստիր եւ, ինչ որ քո ձեռքին կայ, կերակրի՛ր ինձ։ 30Դո՛ւրս գնա տնից, օտարակա՛ն, պատուաւոր մարդ է հիւր եկել, իմ եղբայրը հիւր է եկել, տունը պէտք է ինձ»։ 31Այս բոլորը ծանր են այն մարդու համար, որ հոգի ունի, անարգուած ծառայ է եւ կրում է փոխատուի նախատինքը։
29 Ով սիրում է իր որդուն, պէտք է յաճախակի պատժի նրան, որպէսզի վերջում ուրախ լինի։ 2Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կը տեսնի եւ ծանօթների մէջ նրանով կը պարծենայ։ 3Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կը շարժի եւ բարեկամների առջեւ նրանով կը պարծենայ։ 4Երբ նրա հայրը վախճանուի, կարծես թէ չի մեռել, որովհետեւ իրենից յետոյ թողնում է իր նմանին։ 5Հայրը նրան տեսաւ իր կեանքում եւ ուրախացաւ եւ իր վախճանի մասին չտրտմեց։ 6Թշնամիների առջեւ վրիժառու թողեց նրան եւ բարեկամների առջեւ՝ շնորհներ հատուցող։ 7Ով գուրգուրում է իր որդուն, նրա վէրքերը կը կապի, եւ նրա ամէն մի ճիչի հետ կը գալարուեն նրա աղիքները։ 8Անվարժ ձին կամակոր է լինում, եւ քմահաճ որդին՝ լկտի։ 9Գգուի՛ր որդուդ, եւ նա քեզ կը վախեցնի, խաղա՛ նրա հետ, եւ նա քեզ կը տրտմեցնի։ 10Մի՛ ծիծաղիր նրա հետ, որպէսզի ցաւ չպատճառի քեզ, եւ յետոյ ատամներդ չառնեն դառնութիւնից։ 11Մանկութեան ժամանակ իշխանութիւն մի՛ տուր նրան. քանի դեռ տղայ է, ջարդի՛ր նրա կողերը, 12որպէսզի չլինի թէ երբեւէ յամառելով չհնազանդուի քեզ։ 13Խրատի՛ր քո որդուն եւ գործի՛ դիր նրան, որպէսզի խայտառակութեան մէջ չընկնես։ 14Լաւ է առողջ եւ ուժեղ աղքատը, քան հաշմուած մարմնով հարուստը։ 15Լաւ է առողջութիւնն ու առոյգութիւնը, քան ամէն տեսակ ոսկին, եւ լաւ է կարող մարմինը, քան անսպառ հարստութիւնը։ 16Մարմնի առողջութիւնից աւելի մեծ հարստութիւն չկայ եւ մարմնի խնդութիւնից՝ աւելի մեծ ուրախութիւն։ 17Լաւ է մահը, քան դառն կեանքը կամ երկար ցաւը։ 18Փակ բերանին մօտեցուած քաղցրաւենիքը նոյնն է, ինչ գերեզմանին դրուած կերակուրը։ 19Ի՞նչ օգուտ զոհերը կուռքերին, քանի որ ո՛չ ուտում են եւ ո՛չ էլ հոտոտում։ 20Այնպէս էլ՝ ովքեր հալածուեն Տիրոջից, աչքով կը տեսնեն ու կը հառաչեն այն ներքինու նման, 21որը գրկում է կոյսին եւ հոգոց հանում։ 22Անձնատուր մի՛ եղիր տխրութեանը եւ քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով։ 23Մարդու կեանքը սրտի ուրախութիւնն է, եւ կեանքի երկարութիւնը՝ նրա ցնծութիւնը։ 24Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը եւ քեզանից հեռո՛ւ վանիր տխրութիւնը, 25քանզի շատերին սպանեց տխրութիւնը, եւ դրանից ոչ մի օգուտ չկայ։ 26Նախանձն ու բարկութիւնը կարճեցնում են կեանքի օրերը, եւ հոգսերը ծերացնում ժամանակից առաջ։ 27Տիրոջ օրհնութիւնը հասնում է բերք հաւաքողների յետեւից ինչպէս ճռաքաղը. 28եւ բերք հաւաքողի նման լցնում հնձանը։ 29Հասկացէ՛ք, միայն ինձ համար չէ, որ աշխատեցի, այլ՝ բոլորի համար, ովքեր խրատ են փնտռում։ 30Լսեցէ՛ք ինձ, ժողովրդի՛ իշխաններ, եւ ունկնդի՛ր եղէք, եկեղեցո՛ւ առաջնորդներ։ 31Որդուդ, կնոջդ, եղբօրդ եւ բարեկամիդ իրաւունք մի՛ տուր քո կեանքում եւ քո ունեցուածքը մի՛ տուր ուրիշի, որպէսզի զղջալով կարիքի մէջ չընկնես։ 32Քանի դեռ կենդանի ես, եւ շունչդ վրադ է, թող ոչ մէկը չփոխարինի քեզ, 33քանզի աւելի լաւ է, որ որդիներդ քո կարիքն զգան, քան դու նայես նրանց ձեռքին։ 34Քո բոլոր գործերի մէջ գլխաւո՛ր եղիր։ 35Քո պատուի վրայ պարսաւանք մի՛ բեր։ Քո կեանքի աւարտի օրը եւ վախճանի ժամանակ միայն բաշխի՛ր եւ տո՛ւր ժառանգութիւնդ։ 36Կերը, գաւազանը եւ բեռը էշինն է. հացը, ծեծը եւ գործը՝ ծառայինը։ 37Գործը կատարի՛ր ծառայով, եւ դու հանգիստ կ՚ունենաս, անգո՛րծ թող նրա ձեռքերը, եւ նա ազատութիւն կը փնտռի։ 38Լուծը եւ շղթաները վիզն են խոնարհեցնում, իսկ լլկանքն ու տանջանքը՝ չարագործ ծառային։ 39Նրան գործի՛ դիր, որպէսզի պարապ չմնայ, 40քանզի բազում չարիք է ծնում անգործութիւնը։ 41Նրան գործի՛ մէջ պահիր, ինչպէս վայել է նրան, եւ եթէ նա չհնազանդուի, ծանրացրո՛ւ կապանքները, բայց ամբողջ մարմինը աւելորդ մի՛ ծանրաբեռնիր եւ մի՛ գործիր անարդարութեամբ։ 42Եթէ դու ծառայ ունես, թող նա քեզ նման լինի, քանզի նրան ձեռք բերեցիր արեամբ։ Եթէ դու ծառայ ունես, նրա հետ եղբօր նման վարուիր, քանզի նրա կարիքը կը զգաս, ինչպէս քո անձի կարիքը։ 43Եթէ չարչարես նրան, նա խրտնելով կը փախչի. 44էլ ո՞ր ճանապարհի վրայ նրան պիտի փնտռես։
30 Դատարկ եւ սուտ են անմիտ մարդու յոյսերը. անուրջները թեւաւորում են անզգամներին։ 2Ով հաւատում է երազներին, նա նման է մէկին, որը փորձում է բռնել ստուերը եւ վազել քամու յետեւից։ 3Ինչպէս ունայն է դէմքի անդրադարձը դէմքի դիմաց, այնպէս էլ՝ երազներ տեսնելը։ 4Պիղծ բանից մաքուր բան չի լինի, եւ սուտ բանից՝ ստոյգ բան։ 5Ունայն են այն գուշակութիւնները, նշաններն ու երազները, 6որ երկնում է բանդագուշակի սիրտը, եթէ դրանք Բարձրեալից չեն առաքուած։ 7Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, եւ դրանց վրայ յոյս դնողները խոտորուեցին։ 8Օրէնքը գործադրւում է առանց խաբէութեան, եւ իմաստութիւնը հաւատարիմ շուրթերի վրայ մարդու կատարելութիւնն է։ 9Ճանապարհորդող մարդը շատ բան իմացաւ, եւ բազմափորձ մարդը խելամտօրէն է պատմում։ 10Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կը մեծացնի իր գիտելիքը։ 11Շատ բան տեսայ իմ պանդխտութեան ժամանակ, եւ իմ իմաստութիւնն աւելին է, քան իմ խօսքը։ 12Շատ անգամ մահու չափ վտանգուեցի եւ փրկուեցի իմ փորձառութեամբ։ 13Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց յոյսն իրենց փրկարարի վրայ է։ 14Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մէկից երկիւղի կասկած չի ունենայ, 15ոչ ոքից չի վախենայ, քանզի նրա յոյսը Տէրն է։ 16Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։ 17Ո՞ւմ է ապաւինում նա, եւ ո՞վ է նրա նեցուկը։ 18Տիրոջ աչքն իր սիրելիների վրայ է, Նա նրանց զօրութեան պաշտպանն է, ուժի ամրութիւնն է, ապաստան է խորշակից եւ հովանի՝ միջօրէի տապից։ 19Պահպանութիւն է գայթակղութիւնից եւ ապահովութիւն գլորումից. վեհացնում է հոգին, լուսաւորում աչքը, մարդկանց տալիս է բժշկութիւն, օրհնութիւն եւ կեանք։ 20Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումը արհամարհուած է. հաճելի չէ անօրէնների մատուցած զոհը։ 21Բարձրեալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերութիւնները եւ ոչ էլ դրանց շատութեամբ է քաւութիւն տալիս մեղքերին։ 22Ով զոհ է մատուցում օտարների ունեցուածքից, նոյնն է, թէ որդուն զոհում է իր հօր առաջ։ 23Կարօտեալների հացը աղքատների կեանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։ 24Ով զրկում է մերձաւորին կերակրից, նա սպանում է նրան։ 25Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արիւնը։ 26Մէկը շինում է, եւ միւսն՝ աւերում. ի՞նչ օգուտ կայ դրանից, բացի տանջանքից։ 27Մէկն աղօթում է, եւ միւսն՝ անիծում. ո՞ւմ ձայնը կը լսի Տէրը։ 28Ով որ մաքրւում է մեռելին դիպչելուց եւ դարձեալ հպւում է նրան, ի՞նչ օգուտ ունեցաւ իր լուացուելուց։ 29Ինչպէս այն մարդը, որ մեղքի պատճառով ծոմ է պահում եւ դարձեալ գնում ու նոյն բանն է անում, ո՞վ կը լսի նրա աղօթքը, եւ ի՞նչ օգուտ ունեցաւ նա իր խոնարհուելուց։
31 Ով պահում է օրէնքը, նա բազմացնում է զոհաբերութիւնները։ 2Ով լսում է պատուիրանները, զոհ է մատուցում փրկութեան համար։ 3Ով ընտիր ալիւր է մատուցում, շնորհ է փոխհատուցում, եւ ով ողորմութիւն է անում, օրհնութեան զոհ է մատուցում։ 4Տիրոջը հաճելի է, որ մարդ զերծ մնայ չարութիւնից, եւ մարդու համար քաւութիւն է հեռու մնալ անիրաւութիւնից։ 5Տիրոջ առջեւ ձեռնունայն մի՛ երեւա, 6քանզի այս բոլորը արւում է պատուիրանի համար։ 7Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, եւ դրա անուշահոտութիւնը Տիրոջ առջեւ է։ 8Արդար մարդու զոհն ընդունելի է, եւ դրա յիշատակը չի մոռացուի։ 9Լիառատ աչքով փառաւորի՛ր Տիրոջը եւ նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։ 10Քո դէմքը թող զուարթ լինի ամէն տեսակ պտուղ եւ ընծայ մատուցելիս եւ ուրախութեա՛մբ ընծայիր տասանորդը։ 11Բարձրեալին տո՛ւր ըստ նրա տուածների եւ լիառատ աչքով տո՛ւր քո ձեռքի բարիքներից, 12քանզի Տէրը հատուցող է եւ եօթնապատիկ կը հատուցի քեզ։ 13Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։ 14Յոյս մի՛ դիր անարդար զոհի վրայ, քանզի Տէրը դատաւոր է, եւ նրա մօտ չկայ աչառութիւն։ 15Նա կողմնակալ չէ աղքատի հանդէպ եւ կը լսի զրկուածի աղօթքը։ 16Անտես չի անի ո՛չ որբերի պաղատանքը եւ ոչ էլ՝ այրու, երբ նա աղօթք է մատուցում։ 17Միթէ արտասուք չի՞ իջնում այրու այտերից, եւ միթէ նրա աղաղակը նրանց դէմ չէ՞, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։ 18Ով յօժարութեամբ է պաշտամունք մատուցում, ընդունելի կը լինի այն, եւ նրա խնդրուածքները կը հասնեն մինչեւ երկինք։ 19Տառապեալի աղօթքները կ՚անցնեն ամպերի միջով եւ մինչեւ չմօտենան Աստծուն, չեն մխիթարի նրան եւ չեն հեռանայ, մինչեւ Բարձրեալը չայցելի, 20չդատի արդարութեամբ եւ չհրապարակի վճիռը. Տէրը չի ուշանայ ու չի հանդուրժի նրանց, մինչեւ չփշրի անողորմների մէջքը՝ վրէժխնդիր չլինի հեթանոսներից, 21մինչեւ չոչնչացնի թշնամիների բազմութիւնը եւ չփշրի անիրաւների գաւազանները, 22մինչեւ չհատուցի արդարներին ըստ իրենց գործերի եւ մարդկանց գործերն էլ՝ ըստ իրենց խորհուրդների, 23մինչեւ չդատի իր ժողովրդին եւ իր ողորմութեամբ չուրախացնի նրանց։ 24Բարեպատեհ է նրա ողորմութիւնը նեղութեան ժամանակ, ինչպէս անձրեւաբեր ամպը՝ երաշտի ժամանակ։
32 Ողորմի՛ր մեզ, բոլորի Տէր Աստուած, եւ նայի՛ր։ 2Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մէջ։ 3Քո ձեռքը բարձրացրո՛ւ օտար ազգերի վրայ, եւ նրանք թող տեսնեն քո զօրութիւնը։ 4Ինչպէս նրանց առջեւ ցոյց տուեցիր մեր մէջ եղած քո սրբութիւնը, այնպէս մեր առջեւ ցո՛յց տուր նրանց մէջ եղած քո մեծութիւնը, եւ թող ճանաչեն քեզ, ինչպէս որ մենք ճանաչեցինք, քանզի չկայ Աստուած քեզանից բացի, Տէ՛ր։ 5Նորոգի՛ր նշանները եւ նոր զարմանահրաշ գործե՛ր կատարիր։ 6Փառաւորի՛ր քո ձեռքն ու աջ բազուկը։ 7Զարթնեցրո՛ւ քո զայրոյթը եւ թափի՛ր բարկութիւնդ։ 8Վերացրո՛ւ ախոյեանին, ոչնչացրո՛ւ թշնամուն։ 9Փութա՛ հասնել ժամանակին եւ յիշի՛ր ժամադրութիւնը, եւ թող պատմեն քո մեծագործութիւնները։ 10Կրակի բարկութեամբ թող ոչնչանայ սրից փախչողը, եւ ովքեր չարչարում են քո ժողովրդին, թող կորուստ գտնեն։ 11Փշրի՛ր թշնամի այն իշխանների գլուխը, ովքեր ասում են. «Ոչ ոք չկայ մեզանից բացի»։ 12Հաւաքի՛ր Յակոբի բոլոր ցեղերին, թող նրանց սիրտը լինի պայծառ, թող մտահոգուեն առատ խորտիկների սեղանների համար։ Նրանց դարձրո՛ւ քո ժառանգութիւնը, ինչպէս սկզբում էր։
33 Հարստութեան համար տքնութիւնը մաշում է մարմինը, եւ ծանր հիւանդութիւնը վանում է քունը։ 2Մտահոգ տքնութիւնը փախցնում է քունը։ 3Հարուստը տանջւում է ունեցուածք կուտակելու համար եւ հանգստանալիս յագենում է շուայտօրէն վատնելով այն։ 4Աղքատն աշխատում է զրկանքներով եւ հանգստանալիս էլ կարիքի մէջ է մնում։ 5Ով ոսկի է սիրում, չի արդարանայ, եւ ով ապականութիւն է սիրում, նրանով կը լցուի։ 6Շատերը կործանուեցին ոսկու պատճառով եւ կանգնեցին հէնց իրենց կորստի դէմյանդիման։ 7Գայթակղութեան ծառ է դա նրանց համար, ովքեր զոհ են մատուցում նրան. բոլոր անմիտները կուլ են գնում դրան։ 8Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնուեց եւ չգնաց ոսկու յետեւից։ 9Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մէջ։ 10Ո՞վ փորձուեց դրանով եւ կատարեալ մնաց. այդ նրան թող պարծանք համարուի. ո՞վ կարող էր զանցառու լինել՝ եւ չեղաւ, չարիք գործել՝ եւ չգործեց։ 11Թող նրա բարօրութիւնը հաստատուն լինի, եւ թող մարդիկ պատմեն նրա ողորմածութեան մասին։ 12Երբ ճոխ սեղան ես նստում, քո կոկորդը բաց մի՛ արա ուտելու համար։ 13Մի՛ ասա՝ «Ինչքա՜ն շատ բան կայ սրա վրայ»։ 14Յիշի՛ր, որ վատ է չար աչքը. ի՞նչ կայ չար աչքից աւելի չար։ 15Դրա համար ինչ էլ որ տեսնի, լաց կը լինի։ 16Ուր որ նայես՝ ձեռքդ մի՛ երկարիր։ Մի՛ փութա ձեռքդ երկարել նրա ափսէի մէջ։ 17Մերձաւորի մասին դատի՛ր քո մէջ եւ ամէն գործի մասին խորհի՛ր։ 18Մարդու պէս կե՛ր այն, ինչ կայ քո առջեւ, 19եւ մի՛ ծամծմիր, որպէսզի ատելի չլինես։ 20Ի սէր բարեկրթութեան առաջինը դո՛ւ դադարիր ուտելուց եւ ագահութիւն մի՛ արա, որպէսզի չգայթակղուես։ 21Եթէ շատերի մէջ նստես, նրանցից առաջ ձեռքդ մի՛ երկարիր։ 22Բարեկիրթ մարդը բաւարարւում է քչով եւ իր անկողնում ծանր չի քնում։ 23Առողջ քունը լինում է չափաւոր ստամոքսի դէպքում. մարդ վեր է կենում արշալոյսին, եւ նրա հոգին էլ թեթեւ է լինում։ 24Ժլատ մարդն ունենում է անքնութեան ցաւեր, սրտխառնուք եւ որովայնի խիթեր։ 25Եթէ ծանրացար կերակուրներով, կէսից վե՛ր կաց եւ հանգստացի՛ր։ 26Լսի՛ր ինձ, որդեա՛կ, մի՛ արհամարհիր ինձ եւ վերջում կը հասկանաս իմ խօսքերը։ 27Քո ամէն գործի մէջ կայտա՛ռ եղիր, եւ ոչ մի հիւանդութիւն քեզ չի հանդիպի։ 28Շրթունքները կ՚օրհնեն հաց ու խրախճանք տուողին, դա է նրա լաւութեան ճշմարիտ վկայութիւնը։ 29Քաղաքը կը տրտնջայ հաց տալու մէջ ժլատ մարդուց, եւ դա է նրա վատութեան ճշմարիտ վկայութիւնը։ 30Գինու մօտ քեզ քաջ մի՛ ցոյց տուր, քանզի գինին կործանել է շատերին։ 31Ինչպէս քուրան փորձում է սրի սայրի ջրդեղուած լինելը, այդպէս էլ գինին հպարտների սիրտը փորձում է վէճով։ 32Գինին հաւասար է մարդու կեանքին, եթէ այն խմում ես չափով։ 33Ի՞նչ է կեանքն առանց գինու. այն ստեղծուած է մարդկանց ուրախութեան համար։ 34Սրտի ցնծութիւն եւ հոգու ուրախութիւն է գինին, երբ այն խմում են չափաւոր եւ ժամանակին։ 35Գինին հոգու դառնութիւն է, երբ այն խմում են շատ եւ ընկնում գրգռութեան եւ հակառակութեան մէջ։ 36Հարբեցողութիւնը շատացնում է անզգամի բարկութիւնը՝ դառնալով գայթակղութիւն, 37թուլացնում է ուժը եւ վէրք պատճառում։ 38Խրախճանքի մէջ, երբ գինի են խմում, մի՛ յանդիմանիր մերձաւորիդ եւ մի՛ արհամարհիր նրան ուրախութեան պահին։ 39Նախատինքի խօսք մի՛ ասա նրան եւ մի՛ նեղիր նրան քո պահանջներով։
34 Եթէ քեզ առաջնորդ են կարգել խրախճանքի մէջ, մի՛ հպարտացիր, նրանց մէջ եղի՛ր իբրեւ նրանցից մէկը։ 2Հո՛գ տար նրանց մասին եւ յետոյ նստիր, նրանց բոլոր կարիքները կատարելուց յետոյ բազմի՛ր, որպէսզի ուրախանաս նրանց հետ 3եւ լաւ կառավարելու համար պսակ ստանաս։ 4Խօսի՛ր, երբ աւագը դու ես, քանզի քեզ է վայել խօսել ստոյգ իմաստութեամբ. 5մի՛ խանգարիր երաժիշտներին։ 6Երբ ունկնդրում են քեզ, խօսքդ մի՛ երկարիր եւ իզուր մի՛ իմաստախօսիր։ 7Ինչպէս փայլուն ակն է ոսկէ զարդի վրայ, 8եւ զմրուխտէ ակը՝ ոսկու շրջանակի վրայ, այնպէս էլ երաժիշտների նուագը քաղցր է գինու վրայ։ 9Եթէ երիտասարդ ես, խօսի՛ր եթէ քեզ պէտք է, հազիւ մէկ-երկու խօսք ասա, եթէ հարցնեն։ 10Ասա՛ գլխաւորը, քիչ խօսքով՝ շատը։ 11Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։ 12Մեծամեծներին մի՛ հաւասարուիր, եւ ուր նրանք խօսում են, մի՛ շաղակրատիր։ 13Որոտից առաջ փայլակն է շուտ երեւում, իսկ ամօթխածից առաջ շնորհն է շտապում։ 14Զարթնի՛ր ժամանակին, մի՛ եղիր վերջինը, գնա՛ քո տունը եւ մի՛ ծուլացիր։ 15Զուարճացի՛ր այնտեղ եւ քո կա՛մքն արա, բայց ոչ մեղք գործելով եւ ամբարտաւանութեամբ։ 16Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին, որ կերակրում է քեզ իր բարիքներով։ 17Ով Տիրոջից երկնչում է, խրատ կը ստանայ, եւ ովքեր առաւօտ կանուխ դիմում են նրան, հաճութիւն կը գտնեն։ 18Ով օրէնք է փնտռում, կը լցուի նրանով, եւ ով կեղծաւորութիւն անի, նրանո՛վ կը գայթակղուի։ 19Ովքեր երկնչում են Տիրոջից, իրաւունք կը գտնեն եւ արդարութիւնն իբրեւ լոյս կը վառեն։ 20Մեղաւոր մարդը խորշում է յանդիմանութիւնից եւ ըստ իր հայեցողութեան գտնում է արդարացման օրինակներ։ 21Առանց խորհրդածութեան ոչինչ մի՛ արա եւ անելուց էլ մի՛ զղջա։ 22Առանց մտածելու մի՛ անտեսիր իմացութիւնը։ 23Հպարտը եւ ամբարտաւանը չեն զարհուրում Տիրոջ երկիւղից։
35 Ով մեղանչում է իր Արարչի առջեւ, նա կ՚ընկնի բժշկի ձեռքը։ 2Որդեա՛կ, մեռեալի վրայ արտասո՛ւք թափիր եւ սկսի՛ր ողբալ՝ իբրեւ թէ նա վնաս է կրել, եւ, ըստ օրինի, պատի՛ր նրա մարմինը ու մի՛ անտեսիր նրա թաղումը։ 3Դառնօրէն լա՛ց եղիր, աղի արցո՛ւնք թափիր 4եւ, ըստ նրա արժանիքի, մէկ-երկու օր սգա՛՝ պարսաւանքից խուսափելու համար եւ ապա մխիթարուի՛ր տրտմութիւնից, 5քանզի տրտմութիւնից մահ է լինում, եւ սրտի տրտմութիւնը թուլացնում է ուժը։ 6Հարուածների հետ գալիս է նաեւ տրտմութիւնը, եւ աղքատի կեանքը սիրտ է մաշում։ 7Քո սիրտը մի՛ տուր տրտմութեան, վանի՛ր այն, յիշի՛ր վախճանը։ 8Մի՛ մոռացիր, որ վերադարձ չկայ, վախճանուածին օգուտ չես բերի եւ դու ինքդ կը չարչարուես։ 9Յիշի՛ր իմ դատաստանը, քանզի այդպէս է լինելու եւ քո՛նը. իմը՝ երէկ, եւ քոնն՝ այսօր։ 10Մեռեալի հանգչելուց յետոյ հանգի՛ստ թող նրա յիշատակը եւ մխիթարուի՛ր, որ նա աւանդել է իր հոգին։ 11Օրէնսգէտի իմաստութիւնը ձեռք է բերւում հանգստի հաճելի ժամին, եւ ով մի բանի կարիք ունի, ջանք կը թափի եւ կ՚իմաստնանայ։ 12Ինչպէ՞ս կարող է իմաստնանալ նա, ով աշխատում է մաճով, պարծենում խթանի ցուպով, եզներ է քշում, զբաղւում իր գործերով, եւ նրա զրոյցը իր որդիների հետ հորթերի մասին է։ 13Նրա սիրտը զբաղուած է լինում ակօս բացելով, եւ նրա հոգսը հորթերին կերակրելն է։ 14Այդպէս են նաեւ ամէն հիւսն եւ ճարտարապետ, որ գիշերն անցկացնում են իբրեւ ցերեկ, նաեւ նրանք, ովքեր արձաններ են քանդակում. նրանցից իւրաքանչիւրի զբաղմունքը ձեւերի բազմազանութիւն ստեղծելն է։ Ամէն մէկն իր սիրտը տալիս է պատկերներ նմանեցնելուն, եւ նրա հոգսը իր գործն աւարտելն է։ 15Այդպէս է եւ դարբինը, որ նստում է սալի մօտ եւ մտածում երկաթէ առարկայի մասին. տաք գոլորշին մաշում է նրա մարմինը, եւ նա ոգորում է հնոցի տապի դէմ։ 16Մուրճի ձայնը խլացնում է նրա ականջը, իսկ նրա աչքի առաջ միշտ պատրաստուող անօթի նմանութիւնն է։ 17Նրա սիրտը ձգտում է գործի աւարտին, եւ աւարտելիս նրա մտահոգութիւնը այն բարեզարդելն է։ 18Այդպէս է եւ բրուտը, որ նստած իր գործն է անում եւ ոտքով պտտում է դուրգը. նա իր գործի համար տեւապէս հոգսի մէջ է, եւ նրա ամբողջ աշխատանքը կապուած է հաշուարկի հետ։ 19Իր բազկով նա ձեւ է տալիս կաւին եւ ոտքով մեղմում նրա պնդութիւնը։ 20Նրա սիրտը ձգտում է աւարտել ծեփը, եւ նրա հոգսը թրծարանը մաքրելն է։ 21Նրանք բոլորն էլ վստահ են իրենց ձեռքերի վրայ, եւ իւրաքանչիւրը հմուտ է իր գործի մէջ։ 22Առանց սրանց քաղաք չի կառուցուի, մարդիկ չեն բնակուի այնտեղ եւ չեն շրջի, 23բայց սրանց ժողովարան չեն հրաւիրում, 24սրանք դատաւորի աթոռին չեն նստում, արդարութեան եւ իրաւունքի մասին դատողութիւն չեն անում, չեն արդարացնում, չեն մեղադրում եւ չեն զբաղւում առակներով։ 25Սրանք միայն այս աշխարհի շինուածքն են ամրացնում, եւ սրանց աղօթքը միայն իրենց արհեստի համար է. բայց այդպէս չէ դա, ով իր անձը նուիրում եւ խորհրդածում է Բարձրեալի մասին։
36 Օրէնսգէտը կը քննի իմաստութիւնը եւ կը պարապի ու կը հմտանայ իր բոլոր նախորդների մարգարէութիւնների մէջ։ 2Կը մտապահի անուանի մարդկանց պատմութիւնները եւ կը թափանցի առակների նրբին դարձուածքների մէջ։ 3Կը փնտռի առակների խորհուրդը եւ կը զբաղուի առակների իմաստների բացայայտմամբ։ 4Նա կը ծառայի մեծամեծների մօտ եւ կ՚երեւայ իշխանների առջեւ։ 5Կը ճամփորդի օտար ազգերի երկրներով, որպէսզի ձեռք բերի մարդկանց չար եւ բարի փորձառութիւնը։ 6Վաղ առաւօտից սրտով կը դիմի Տիրոջը, որ ստեղծեց իրեն, եւ կը պաղատի Բարձրեալի առջեւ։ 7Աղօթքի մէջ կը բացի իր շուրթերը եւ կը թախանձի իր մեղքերի համար։ 8Եթէ մեծազօր Տէրը կամենայ, նա կը լցուի իմաստութեան հոգով։ 9Նրա սրտից կը բխեն Տիրոջ իմաստութեան խօսքերը, եւ նա աղօթքով կը փառաբանի նրան։ 10Տէրն ինքը կ՚ուղղի նրա խորհուրդներն ու իմաստութիւնը, իսկ նա էլ կը մտածի Նրա գաղտնիքների մասին։ 11Նա ցոյց կը տայ իր ստացած ուսմունքի իմաստութիւնը եւ կը պարծենայ Տիրոջ պատուիրանի օրէնքով։ 12Շատերը նրա իմաստութիւնը կը գովեն, եւ նա չի մոռացուի յաւիտեանս։ 13Նրա յիշատակը չի անցնի, եւ նրա անունը կը մնայ սերնդից սերունդ։ 14Ազգերը կը պատմեն նրա իմաստութեան մասին, եւ ժողովուրդը կը տարածի նրա գովքը։ 15Քանի դեռ կ՚ապրի, հազարաւոր մարդկանցից աւելի մեծ անուն կ՚ունենայ, եւ երբ վախճանուի, լաւ կը լինի նրա համար։ 16Դարձեալ խորհրդածելով պիտի պատմեմ, քանզի լցուեցի լիալուսնի նման։ 17Լսեցէ՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցէ՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մօտ։ 18Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեցէք։ 19Ծաղկեցէ՛ք շուշանի նման, հո՛տ տարածեցէք, օրհնութեան ե՛րգ երգեցէք, Տիրո՛ջն օրհնեցէք իր բոլոր գործերի մէջ։ 20Փա՜ռք տուէք նրա մեծ անուանը եւ նրան փառաբանեցէ՛ք օրհնութեամբ. շուրթերի երգով եւ տաւղով այսպէ՛ս ասացէք՝ գոհաբանելով. 21«Տիրոջ բոլոր գործերը շատ բարի են, եւ նրա բոլոր հրամանները կատարւում են իրենց ժամանակին. վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամէն ինչ պիտի կատարուի իր ժամանակին։ 22Նրա խօսքով ջուրը կանգնեց դէզի նման, նրա բերանի պատգամով ջրերի շտեմարաններ յայտնուեցին։ 23Նրա հրամանների մէջ է իր հաճութիւնը, եւ ոչ ոք չի կարող նսեմացնել նրա բերած փրկութիւնը։ 24Նրա առջեւ է ամէն մարմնեղէն էակի մարմնի գործը, եւ անկարելի է թաքնուել նրա աչքից։ 25Նա տեսնում է յաւիտենութիւնից յաւիտենութիւն, եւ չկայ մի բան, որ զարմանալի լինի նրա համար։ 26Վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամէն ինչ ստեղծուած է ըստ իր կարիքի։ 27Նրա օրհնութիւնը յորդում է գետի նման եւ հեղեղի նման ջրում ցամաքը։ 28Հեթանոսները պիտի ժառանգեն նրա բարկութիւնն այնպէս, 29ինչպէս նա քաղցր ջուրը վերածեց աղաջրի։ Նրա ճանապարհները սրբերի համար ուղիղ են, իսկ անօրէնների համար՝ սայթաքուն»։ 30Ինչպէս բարիքները բարիների համար ստեղծուել են սկզբից, այնպէս էլ չարիքները՝ մեղաւորների համար։ 31Մարդու կեանքի համար ամէն տեսակ կարիքների սկիզբը ջուրն է, կրակը, երկաթը, աղը, ցորենի ալիւրը, 32կաթը, մեղրը, խաղողի հիւթը, ձէթը եւ հագուստը։ 33Այս բոլորը բարիք է բարեպաշտների համար, իսկ մեղաւորների համար չարիք կը դառնայ։ 34Այն հոգիները, որոնք ստեղծուած են վրէժխնդրութեան համար եւ իրենց սրտմտութեամբ սաստկացրել են իրենց տանջանքները, նրանք իրենց վախճանի ժամանակ հեղում են իրենց ուժն ու զայրոյթը, եւ դա հանդարտեցնում է իրենց Արարչի ցասումը։ 35Կրակը, կարկուտը, սովը եւ մահը, այս բոլորը վրէժխնդրութեան համար են ստեղծուած։ 36Գազանների ժանիքները, իժերը, օձերը եւ սուրը վրիժառութեան համար են՝ ամբարիշտներին սատակեցնելու համար։ 37Նրանք ուրախ կը լինեն նրա պատուիրանները կատարելու համար, երկրի վրայ պատրաստ են հոգալու նրա կարիքները եւ իր ժամանակին չեն խախտի նրա խօսքը։ 38Դրա համար էլ ես սկզբից հաստատուեցի, մտածեցի ամէն բան եւ գրով թողեցի։ 39Արդարեւ, Տիրոջ բոլոր գործերը բարի են, եւ բոլոր պէտքերը նա ժամանակին է բաշխում։ 40Չի կարելի ասել, թէ սա նրանից վատ է, քանզի ամէն ինչ իր ժամանակին լաւ կը լինի։ 41Իսկ այժմ ամբողջ սրտով եւ լիաբերան օրհնեցէ՛ք եւ բարեբանեցէ՛ք Տիրոջ անունը։
37 Մեծ աշխատանք է սահմանուած ամէն մարդու համար, եւ ծանր լուծ է դրուած մարդու որդիների վրայ իրենց մօրից ելնելու օրից մինչեւ բոլորի մօր ծոցում թաղուելու օրը։ 2Ակնկալիքի եւ վախճանի օրուայ մասին մտածումը նրանց խորհրդածութեան նիւթն ու սրտի ահն է. 3սկսած նրանից, ով նստած է ինքնագոհ փառքի աթոռին, մինչեւ նա, ով թշուառացել եւ հող ու մոխրի մէջ է, 4սկսած նրանից, ով կրում է յակինթ եւ պսակ, մինչեւ նա, ով ցնցոտի է հագնում, ամէն ոք ունի ցասում եւ նախանձ, խռովք եւ անհանգստութիւն, մահուան երկիւղ, ոխ եւ հակառակութիւն։ 5Հանգստի ժամանակ անկողնում գիշերուայ երազը մթագնում է նրա միտքը։ 6Քիչ հանգիստ, համարեա նա հանգիստ չունի, որից յետոյ երազների մէջ տանջւում է ինչպէս ցերեկը։ 7Իր սրտի տեսիլքներից ցնցուած՝ նա նման է պատերազմից մազապուրծ եղածի. արթնանում է իր տեսիլքներից փրկուելու պահին եւ զարմանում է, որ սարսափել է ոչինչ բանից։ 8Թէպէտ այս պատահում է ամէն էակի հետ՝ մարդուց մինչեւ անասուն, բայց մեղաւորների հետ դա լինում է սրանից եօթնապատիկ աւելի։ 9Մահն ու հակառակութիւնը, արիւնն ու սուրը, հարուածներն ու սովը, կործանումն ու տանջանքը, այս բոլորը ստեղծուել են մեղաւորների համար։ 10Նաեւ նրանց պատճառով եղաւ ջրհեղեղը։ 11Ամէն ինչ, որ հողից է, հողին է վերադառնում, ինչ որ ջրից է, ծովին է վերադառնում, այդպէս էլ ամբարիշտները գնում են նզովքից դէպի կորուստ։ 12Ամէն տեսակ կաշառք եւ անիրաւութիւն կը կործանուի, իսկ հաւատարմութիւնը յաւիտեանս կը մնայ։ 13Անիրաւ մարդկանց ունեցուածքը գետի նման պիտի ցամաքի, եւ նրանք պիտի գոռան տեղատարափ անձրեւի որոտի պէս։ 14Նրանցից ով բացի իր ձեռքը, ուրախ կը լինի, այդպէս էլ յանցագործներն ի վերջոյ կը ցամաքեն։ 15Ամբարիշտների սերունդը չի շատացնի ճիւղերը, իսկ պիղծ արմատները ապառաժ քարի վրայ են լինում։ 16Ոսկեծաղիկը, որ բուսնում է ամէն տեսակ ջրի մօտ, գետեզրին, ամէն տեսակ խոտից առաջ է արմատախիլ լինում։ 17Բարեգործութիւնը, սակայն, իբրեւ դրախտ, յաւիտեան կը մնայ օրհնութեան մէջ։ 18Աշխատաւորի եւ ինքնագոհ մարդու կեանքը քաղցր է, բայց երկուսին գերազանցում է նա, ով գանձ է գտնում։ 19Որդիներ ունենալն ու քաղաք կառուցելը յաւերժացնում են մարդու անունը, բայց անբիծ կինն այս երկուսից էլ առաւել յարգելի է։ 20Գինին եւ երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստութեան սէրը երկուսից էլ առաւել է։ 21Սրինգն ու տաւիղը հաճելի են դարձնում նուագը, բայց քաղցր լեզուն երկուսից էլ առաւել է։ 22Աչքը ցանկանում է շնորհ եւ գեղեցկութիւն, բայց այս երկուսից աւելի՝ բոյսերի գեղեցկութիւնը։ 23Ժամանակին հանդիպած բարեկամն ու ընկերը լաւ են, բայց այս երկուսից աւելի՝ բարի կինը։ 24Եղբայրներն ու օգնութիւնը փրկում են նեղութեան ժամանակ, բայց այս երկուսից աւելի՝ ողորմածութիւնը։ 25Ոսկին եւ արծաթը հաստատուն են պահում ոտքերը, բայց ընտիր խորհուրդն այս երկուսից առաւել է համարւում։ 26Հարստութիւնը եւ ուժը հպարտութիւն են տալիս սրտին, բայց բոլորից առաւել է երկիւղը Տիրոջից։ 27Ով երկիւղ ունի Տիրոջից, նա պակասութիւն չի զգայ։ 28Երկիւղը Տիրոջից օրհնեալ դրախտի նման է, եւ այն հովանի է ամէն տեսակ փառքից աւելի։ 29Որդեա՛կ, մի՛ ապրիր մուրացկանի կեանքով. լաւ է մեռնել, քան մուրալ։ 30Ով նայում է ուրիշի սեղաններին, նրա կեանքը չի կարելի կեանք համարել. նա իր հոգին ստորացնում է ուրիշի կերակուրներով։ 31Իսկ իմաստուն եւ խելացի մարդը զգոյշ է լինում։ 32Անամօթի բերանին քաղցր է մուրալով ստացածը, բայց նրա որովայնի մէջ կրակ պիտի վառուի։
38 Ո՜վ մահ, որքան դառն է քեզ յիշելն այն մարդու համար, ով խաղաղ ապրում է իր հարստութեան մէջ, 2ով անվիշտ է ու ամէն ինչում յաջողակ եւ կարող է դեռ կերակուր ճաշակել։ 3Ո՜վ մահ, բարի է քո դատաստանն այն մարդու համար, որ կարիքի մէջ է եւ ուժից ընկած, 4որ ծերացած եւ ամէն տեսակ հոգսերով ծանրաբեռնուած եւ կորցրած է հաւատն ու համբերութիւնը։ 5Մի՛ վախեցիր մահուան դատաստանից. յիշի՛ր քո նախնիներին եւ յետնորդներին. այս դատաստանը Տիրոջից է ամէն մի կենդանի մարմնի համար։ 6Էլ ինչո՞ւ է քեզ ծանր թւում Բարձրեալի բարեհաճութիւնը. 7թէկուզ տասը, թէկուզ հարիւր, թէկուզ հազար տարի էլ լինի՝ գերեզմանում չկայ յանդիմանութիւն կեանքի համար։ 8Մեղաւորների որդիները պիղծ որդիներ են լինում, նրանք շրջում են ամբարիշտների մէջ։ 9Մեղաւորների որդիների ժառանգութիւնը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։ 10Որդիները մեղադրում են ամբարիշտ հօրը, որովհետեւ նրա պատճառով նախատինք են կրում։ 11Վա՜յ ձեզ ամբարիշտ մարդիկ, որ լքել էք բարձրեալ Աստծու օրէնքը։ 12Եթէ ծնւում էք՝ անէծքի համար էք ծնւում, եւ եթէ մեռնում էք՝ անէծքն է ձեր բաժինը։ 13Այն ամէնն, ինչ հողից է, հողին է գնում. այդպէս էլ ամբարիշտները անէծքից գնում են դէպի կորուստ։ 14Մարդկանց սուգն իրենց մարմնի համար է, իսկ մեղաւորների անունը բարի չէ, պիտի ջնջուի։ 15Հո՛գ տար քո անուան համար, քանզի այն քեզ հետ է լինելու աւելի քան ոսկու հազարաւոր մեծ գանձերը։ 16Բարի կեանքի օրերը համրանք չունեն, եւ բարի անունը յաւիտեան կը մնայ։ 17Որդինե՛ր, պահպանեցէ՛ք խաղաղութեան խրատը. ծածուկ իմաստութիւն լինի թէ թաքցուած գանձ, ի՞նչ օգուտ երկուսից։ 18Աւելի լաւ է այն մարդը, որ թաքցնում է իր յիմարութիւնը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստութիւնը։ 19Արդ, պատկառեցէ՛ք իմ այս խօսքերից, 20որ մի բանի մասին պիտի ասեմ. լաւ չէ ամէն ինչից ամօթ զգալ եւ ոչ էլ բոլորին հաւատարմութեամբ հաճելի լինել։ 21Հօրից ամաչեցէ՛ք պոռնկութեան համար, 22դատաւորից եւ իշխանից՝ յանցանքի համար, ժողովականներից եւ ժողովրդից՝ անօրինութեան համար, 23ընկերոջից եւ բարեկամից՝ զրկանքների համար, պանդխտութեան վայրում՝ գողութեան համար, 24Աստծու ճշմարտութիւնից եւ ուխտից՝ ստութեան համար, ուրիշների հացի վրայ ձեռք դնելու համար, տալու եւ առնելու մէջ նախատինք կրելու համար, ողջոյնին ի պատասխան ձեր լռութեան համար, 25բոզ կնոջ երեսին նայելու համար, ազգականից երես թեքելու համար, 26մէկի բաժինը կամ նրան տրուածը խլելու համար, ամուսնացած կնոջը ակնապիշ նայելու համար, 27նրա սպասուհուն հետամտելու, առաւել եւս նրա անկողնուն մօտենալու համար։ 28Ամաչի՛ր բարեկամներին նախատինքի խօսքեր ասելու համար, եւ տալուց յետոյ մի՛ յանդիմանիր. ամաչի՛ր նրանցից քո լսած խօսքերը կրկնելու եւ նրանց գաղտնիքները հրապարակելու համար։
39 Եթէ ճշմարտապէս ամօթխած լինես, բոլոր մարդկանց առջեւ շնորհ կը գտնես։ Բայց այն բանի համար, որ պիտի ասեմ, դու չես ամաչի, եւ մեղանչելու պատճառ չի լինի։ 2Մի՛ ամաչիր Աստծու օրէնքը եւ ուխտը կատարելու եւ ամբարշտին արդար դատաստան անելու համար։ 3Մի՛ ամաչիր գործընկերոջ եւ ուղեկցի հետ հաշիւները պահելու եւ ժառանգութիւնը ուրիշների հետ բաժանելու համար, 4կշռի եւ չափի ճշգրտութեան, քիչ կամ շատ ունեցուածքի համար, 5վաճառականներին ապրանքը թանկ վաճառելու համար, որդիներին շատ խրատելու եւ չար ծառաների կողերն արնոտելու համար։ 6Չար կնոջ հետ լաւ է կնիք դնել բերանին, եւ ուր շատ ձեռքեր կան, ունեցուածքդ պահի՛ր փակի տակ։ 7Ինչ տալիս ես, հաշուով եւ կշռո՛վ տուր, իսկ առեւտուրը գրանցի՛ր։ 8Մի՛ ամաչիր անմիտ մարդուն, յիմարին եւ պոռնկութեան պատճառով դատուող ծերունուն խրատելու համար. այդպիսով ցոյց կը տաս, որ դու ճշմարտապէս խրատուած մարդ ես, եւ բոլորի առջեւ փորձառու կ՚երեւաս։։ 9Դուստրը հօր գաղտնի հոգսն է, եւ նրա այդ հոգսը վանում է քունը. չլինի թէ աղջիկ ժամանակ նա թառամի, չլինի թէ, երբ ամուսնանայ, ատելի դառնայ, 10չլինի թէ կուսութեան ժամանակ պղծուի եւ յղի լինի իր հայրական տանը, չլինի թէ, երբ ամուսնանայ, դաւաճանի ամուսնուն եւ երբ նրա հետ ապրի, չլինի թէ ամուլ մնայ։ 11Անամօթ դստեր վրայ հսկողութի՛ւն հաստատիր, որպէսզի քեզ ծաղրի չենթարկի թշնամիների առջեւ, որպէսզի զրոյցի նիւթ չդառնաս քաղաքում եւ նախատինք՝ ժողովրդի մէջ, որպէսզի նա քեզ ամօթահար չանի ամբոխի առջեւ։ 12Մի՛ նայիր ամէն մարդու գեղեցկութեանը եւ մի՛ նստիր կանանց մէջ, 13քանզի ինչպէս շորից ծնւում է ցեցը, այնպէս էլ կնոջից՝ չարութիւնը։ 14Լաւ է տղամարդու չարութիւնը, քան կնոջ բարութիւնը եւ նրա ամօթը, որ պատճառ է դառնում նախատինքի։ 15Այժմ ես պիտի յիշեմ Տիրոջ գործերը եւ պիտի պատմեմ, ինչ որ տեսել եմ. Տիրոջ խօսքերով են կատարւում նրա գործերը։ 16Արեգակը բոլորին նայում է լուսաւորելով, եւ Տիրոջ գործերը լի են նրա փառքով։ 17Տիրոջ սրբերին իսկ չտրուեց պատմել նրա բոլոր հրաշալի գործերը, որ հաստատեց Ամենակալ Տէրը, որպէսզի ամենայն ինչ հաստատ մնայ նրա փառքի մէջ։ 18Նա է, որ քննեց անդունդներն ու սրտերը, եւ դու յիշի՛ր նրա խորագիտութիւնը։ 19Բարձրեալն է, որ իմանում է բոլոր մեղքերը եւ նայում յաւիտենութեան նշաններին, յայտնի է դարձնում անցեալն ու լինելիքը, բացայայտում գաղտնի բաների հետքերը։ 20Նրանից չի խուսափում եւ ոչ մի մտածութիւն, նրանից չի թաքնւում եւ ոչ մի բան։ 21Նա կարգաւորեց իր իմաստուն մեծագործութիւնները. նա յաւիտենութիւնից առաջ է եւ յաւիտենական, 22նա երբեք չաւելացաւ ու չնուազեց եւ կարիք չունեցաւ որեւէ խորհրդատուի։ 23Որքա՜ն ցանկալի են նրա գործերը, թէպէտ դրանք երեւում են սոսկ իբրեւ փայլակ։ 24Այս ամէնը կենդանի է եւ յաւիտեան մնում է բոլոր կարիքների համար, ամէն ինչ հնազանդ է նրան։ 25Ամէն ինչ զոյգ է, մէկը միւսին ներհակ չէ, եւ ոչ մի բան նա չի ստեղծել թերի։