Երգ Երգոց
1 Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով։ 2Քո ստինքներն աւելի լաւ են գինուց,եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից։ Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, 3եւ դէպի իրենց ձգեցին քեզ։ Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»։ «Արքան ինձ իր սենեակը տարաւ»։ «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով,եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»։ «Արժանին սիրեց քեզ»։ 4«Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման։ 5Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ։ Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»։ 6«Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, 7ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»։ 8«Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերովեւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ։ 9Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»։ 10«Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման,եւ գեղեցիկ է քո պարանոցը,ասես մանեակներով զարդարուած լինի։ 11Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս,որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 12մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»։ 13«Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար,որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ։ 14Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝Ենգադդի այգիների մէջ»։ 15«Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների»։ 16«Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ, եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ։ 17Մեր տան գերանները մայրիներ են, եւ նոճիներ են մեր առաստաղները»։
2 «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։ 2Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»։ 3«Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։ Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի. եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»։ Հարսն ասում է օրիորդներին. 4«Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք,եւ թողէ՛ք մնամ ես իմ սիրոյ հետ։ 5Զօրացրէ՛ք ինձ իւղերով եւ խնձո՛ր դիզեցէք վրաս, քանզի այրւում եմ խանդակաթ սիրով։ 6Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ աջը նրա թող գրկի ինձ»։ 7«Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի եւ հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ»։ 8«Իմ սիրեցեալի ձայնն է. ահա գալիս է նա, վազքով անցնում է լեռների վրայով եւ ցատկոտում բլուրների վրայ։ 9Իմ սիրեցեալը նման է այծեամի կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթէլի լեռներում»։«Ահա նա կանգնած է մեր պատի յետեւում,եւ ձգուելով դէպի պատուհանները՝ նայում է ճաղերից։ 10Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում՝ «Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ 11Ահա ձմեռն անցաւ, անձրեւները անցան-գնացին, ծաղիկները երեւացին մեր երկրում, 12էտելու ժամանակը հասաւ, տատրակի ձայնը լսուեց մեր երկրում։ 13Թզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը։ 14Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ Ո՛վ իմ աղաւնեակ, դու, որ պատսպարուել ես վէմի հովանու տակ, ցո՛յց տուր քո երեսն ինձ եւ լսելի՛ դարձրու ինձ քո ձայնը, քանզի քաղցր է քո ձայնը, եւ գեղեցիկ է երեսը քո»։ 15«Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին, որ ապականում են այգիները, որպէսզի ծաղկեն մեր որթերը»։ 16«Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ, 17քանի դեռ ցերեկը կը լուսաւորի, եւ դեռ կը շարժուեն ստուերները։ Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ, այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։
3 «Գիշերն անկողնուս մէջ փնտռեցի իմ հոգու սիրածին, փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի, բայց ինձ ձայն չտուեց։ 2Վեր կենամ, շրջեմ քաղաքում, անցնեմ փողոցներ ու հրապարակներ եւ փնտռեմ նրան՝ իմ հոգու սիրածին։ Փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտուեց։ 3Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ»։«Արդեօք չէ՞ք տեսել իմ հոգու սիրածին»։ 4Երբ նրանցից փոքր-ինչ անցայ, ես գտայ իմ հոգու սիրածին։ «Բռնեցի նրան եւ բաց չթողեցի, մինչեւ որ նրան իմ մօր տունը չտարայ եւ այն սենեակը, ուր իմ մայրն յղիացել է ինձնով»։ 5«Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի եւ հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ»։ 6«Ո՞վ է սա, որ ելել գալիս է անապատից, բարձրանալով, ինչպէս ծառացած ծուխ, ինչպէս զմուռսի եւ կնդրուկի եւ ամէն տեսակ իւղերի փոշու սիւն»։ 7«Ահա Սողոմոնի գահաւորակը. նրա շուրջը Իսրայէլի վաթսուն սպառազէն քաջեր են կանգնած, 8բոլորն էլ սուսերաւորներ եւ հմուտ պատերազմողներ, եւ իւրաքանչիւրը սուր ունի ազդրին՝ գիշերուայ արհաւիրքների համար։ 9Սողոմոն արքան իր համար գահաւորակ պատրաստեց Լիբանանի մայրի փայտերից. 10նրա սիւները շինեց արծաթից, նրա սնարները՝ ոսկուց, իսկ ձեղունը՝ ծիրանի կերպասից։ Նրա ներսը ակնազարդ է, Երուսաղէմի դուստրերի սէրն է սփռուած։ 11Ելէ՛ք, ո՜վ Սիոնի դուստրեր, եւ նայեցէ՛ք Սողոմոն արքային ու նրա պսակին, որով մայրը նրա հարսանիքի օրը՝ իր որդու սրտի ուրախութեան օրը պսակեց նրան»։
4 «Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ 2Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, եւ ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։ 3Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։ 4Քո պարանոցը նման է Դաւթի աշտարակին, որ շինուած է Թալպիոթում. հազար վահան է կախուած նրանից, նաեւ՝ ռազմիկների բոլոր նետերը։ 5Քո երկու ստինքները նման են այծեամի երկուորեակ ուլերի, որոնք արածում են շուշանների մէջ, 6մինչեւ ցերեկն անցնի, եւ ստուերները շարժուեն։ Ես էլ առանձին գնամ զմուռսի սարը եւ կնդրուկի բլուրը։ 7Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ։ 8Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ եկ Լիբանանից. արի անցի՛ր Հաւատքի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի կատարներից, առիւծների որջերից եւ ինձերի լեռներից։ 9Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր։ 10Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները,եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։ 11Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։ 12Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։ 13Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով, 14նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ, 15բուրաստանների աղբիւր են եւ կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։ 16Վե՛ր կաց, հիւսիսի՛ քամի, եւ ե՛կ, հարաւի՛ հով, փչի՛ր իմ պարտէզի մէջ, եւ թող իմ խնկերն իրենց բոյրը տարածեն։
5 «Թող իմ սիրեցեալն իջնի իր պարտէզը,եւ իր ծառերի պտուղներն ուտի»։ «Ես իմ պարտէզը մտայ, քո՛յր իմ հարս, զմուռս քաղեցի իմ խնկերի հետ, հացս կերայ իմ մեղրով, իմ կաթի հետ խմեցի գինիս։ Կերէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ, խմեցէ՛ք եւ հարբեցէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ»։ 2«Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է»։ «Իմ սիրեցեալն է, նրա ձայնն է. դուռն է բախում»։ 3«Բա՛ց, քո՛յր իմ, ո՜վ իմ սիրելի, իմ աղաւնի՛, իմ կատարեա՛լ. գլուխս, ահա, թրջուել է ցօղով, մազերս՝ գիշերուայ շաղով»։ 4«Ես հանել եմ իմ պատմուճանը, ինչպէ՞ս հագնեմ այն.ես լուացել եմ իմ ոտքերը, ինչպէ՞ս կեղտոտեմ դրանք։ 5Իմ սիրեցեալը ձեռքը ձգեց պատուհանից, եւ որովայնս սարսռաց նրա համար։ 6Վեր կացայ դուռը բացելու իմ սիրեցեալի համար. իմ ձեռքերից զմուռս կաթեց, եւ իմ մատներից զմուռսը լցուեց փականի բռնակի վրայ։ 7Ես բացեցի դուռն իմ սիրեցեալի համար, բայց նա գնացել էր արդէն, եւ խելքս մաղուեց նրա խօսքի համար։ Փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ձայն չտուեց ինձ։ 8Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին եւ վիրաւորեցին ինձ, իսկ պարիսպների պահակները քօղս հանեցին իմ վրայից։ 9Երդուեցէ՛ք, ո՛վ Երուսաղէմի դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, եթէ դուք գտնէք իմ սիրեցեալին, կը պատմէք նրան, որ ես այրւում եմ նրա սիրուց»։ 10«Ինչո՞վ է առաւել քո սիրելին միւս տղաներից, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, ինչո՞վ է նա առաւել, որ այդպէս երդուեցնում ես մեզ»։ 11«Իմ սիրեցեալը սպիտակ է եւ կարմիր, ընտրեալ է՝ տասը հազարից։ 12Նրա գլուխը ոսկի է ազնիւ, նրա մազերը գանգուր են, սեւ, ինչպէս ագռաւ։ 13Նրա աչքերը նման են աղաւնիների՝ հակուած առատ ջրերի վրայ,կաթով լուացուած եւ թառած՝ առատ ջրերի վրայ։ 14Նրա ծնօտները նման են խնկէ անօթների, որոնք, ինչպէս օծման իւղեր, անուշահոտութիւն են բուրում. նրա շուրթերը շուշաններ են, որոնցից առատ զմուռս է բխում։ 15Նրա ձեռքերը ճախարակուած ոսկի են՝ Թարսիսի ակնաքարերով պատուած։ Նրա որովայնը փղոսկրեայ տախտակ է՝ շափիւղայ քարերով ընդելուզուած։ 16Նրա սրունքները մարմարեայ սիւներ են՝ հաստատուած ոսկէ խարիսխների վրայ։ Նրա տեսքն ասես Լիբանանի ընտիր եղեւնափայտ լինի։ 17Նրա կոկորդը լի է քաղցրութեամբ, եւ ամբողջովին հաճելի է նա։ Այսպիսին է, ահա, իմ սիրեցեալը, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, այսպիսին է իմ հոգու սիրածը։» 18«Ու՞ր գնաց քո սիրեցեալը, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ,ո՞ր կողմը գնաց քո սիրեցեալը, որ մենք էլ քեզ հետ որոնենք նրան»։
6 «Իմ սիրեցեալն իջաւ իր պարտէզը՝ խնկածաղիկների մարգերի մէջ, որ հօտն արածեցնի բուրաստաններում եւ շուշաններ քաղի։ 2Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ»։ 3«Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի, ամբողջովին հաճելի ես եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած։ 4Թեքի՛ր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով արբեցրին ինձ. քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ 5Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։ 6Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսուած նռան՝ հարսնաքօղիդ տակ։ 7Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն, թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան, 8մինչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը. իր մօր միա՛կն է նա, իր ծնողի ընտրեա՛լը։ Դուստրերը տեսան նրան եւ երանի տուին,թագուհիները եւ հարճերը գովեցին նրան»։ 9«Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ, եւ գեղեցիկ է, ինչպէս լուսին, ընտիր, ինչպէս արեգակ՝ զարմանալի յօրինուած»։ 10«Ես ընկուզենիների պարտէզն իջայ՝ նայելու, թէ առուներն ինչպէս են ջրում, տեսնելու, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին»։Հարսն ասում է Փեսային. 11«Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները. հոգիս չիմացաւ, բայց ցանկութիւնս տանում է ինձ, ինչպէս Ամինադաբի կառքը»։ 12«Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սոմնացիդ, վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ»։
7 «Ի՞նչ էք տեսնում այդ սոմնացու վրայ, որ գալիս է դէպի մեզ զօրաբանակի գնդերի նման։ Որքա՜ն գեղեցիկ է քո քայլքը կօշիկներով, ո՛վ Ամինադաբի դուստր։ Քո ազդրերի ձեւը նման է ճարտար վարպետի յղկած ուլունքների։ 2Քո պորտը ճախարակուած ըմպանակ է, որից անպակաս է անխառն գինին։ Քո որովայնը ցորենի շեղջ է՝ ծածկուած շուշանով։ 3Քո երկու ստինքները ասես այծեամի երկուորեակ ուլեր են, 4քո պարանոցը՝ փղոսկրեայ աշտարակ։ Քո աչքերը նման են Եսեբոնի ծովակին՝ Բազում դուստրերի դարպասների մօտ։ Քո քիթը նման է Լիբանանի աշտարակին, որ նայում է դէպի Դամասկոս։ 5Գլուխդ քո վրայ նման է Կարմելոսին, մազերիդ հիւսերը կարծես ծիրանի լինեն,ասես թագաւոր ես՝ թագը գլխիդ, հանդիսարանների մէջ։ 6Որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն քաղցր ես դու, սէ՛ր իմ, քո քնքշութեան մէջ։ 7Քո հասակը նման է արմաւենու, իսկ ստինքներդ՝ ողկոյզների։ 8Ասացի. «Բարձրանամ արմաւենու վրայ, ձեռքս ձգեմ նրա ճիւղերին, եւ թող քո ստինքները լինեն խաղողի ողկոյզների պէս, քո ռունգերի շունչը՝ խնձորի հոտի նման, եւ քո կոկորդը՝ ազնիւ գինու պէս»։ 9«Այն ուղիղ գնում է իմ սիրեցեալին՝ հոսելով ննջողների շրթների ատամների վրայ։ 10Ես իմ սիրեցեալինն եմ, եւ նա պիտի վերադառնայ ինձ մօտ։ 11Ե՛կ, իմ սիրեցեա՛լ, ելնենք ագարակները, գիշերենք շէների ու պարտէզների մէջ, վաղ առաւօտեան այգիները գնանք։ 12Տեսնենք, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին։ Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները։ 13Մանրագորներն իրենց հոտն են բուրում, մեր դռների մօտ ամէն տեսակ հին ու նոր մրգատու ծառեր կան, որ իմ մայրն է տուել ինձ, ես պահել եմ քե՛զ համար, իմ սիրեցեա՛լ։
8 Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝ մօրս կաթով սնուած, եւ երբ հանդիպէի քեզ դրսում, համբուրէի քեզ, եւ ոչ ոք չնախատէրինձ։ 2Վերցնէի քեզ, բերէի իմ մօր տունը, այն սենեակը, ուր նա յղիացել է ինձնով, քեզ ազնիւ գինի տայի խմելու, օշարակ տայի իմ նռնենիներից։ 3Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ նրա աջը թող գրկի ինձ։ 4Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ»։ 5«Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած, գալիս է՝ յենած իր սիրեցեալին»։ «Ես քեզ արթնացրի խնձորենու տակ. այնտեղ քո մայրը երկնել է քեզ, այնտեղ քո ծնողը ծնել է քեզ։ 6Ինձ իբրեւ կնիք դի՛ր քո սրտի վրայ, իբրեւ մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզօր է սէրը մահուան պէս, խանդը դաժան է դժոխքի նման, նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին։ 7Առատ ջրերը չեն կարող սէրը մարել, եւ ոչ էլ գետերը կարող են արգելել այն։ Եթէ մի մարդ իր ողջ հարստութիւնը տար սէր գնելու համար, նրան արհամարհելով կ՚արհամարհէին մարդիկ»։ 8«Մեր քոյրը փոքրիկ է եւ դեռ չունի ստինքներ. ի՞նչ պիտի անենք այն օրը, երբ գան նրան ուզելու։ 9Եթէ պարիսպ լինէր նա,վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք, եթէ դուռ լինէր նա, եղեւնափայտի տախտակներ կը շինէինք վրան»։ 10«Ես պարիսպ եմ, եւ իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես երեւում եմ ինչպէս մէկը, որ իր խաղաղութիւնն է գտել»։ 11Սողոմոնը մի այգի ունէր Բեէլմաւոնում. իր այգին նա տուեց պահապաններին։ Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր պտղի փոխարէն։ 12Իմ այգին իմ առջեւն է. հազարը Սողոմոնին, եւ երկու հարիւրը՝ պահապաններին, որ պահում են նրա պտուղը։ Հարսն ասում է. 13«Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ, եւ ուրիշները լսում են քեզ, քո ձայնը լսելի՛ դարձրու նաեւ ինձ»։ 14«Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։