2 Թեսաղոնիկեցիներ
1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով։ 2Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 3Եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, ինչպէս որ արժանի իսկ է, քանի որ աւելի ու աւելի է աճում ձեր հաւատը, եւ շատանում է ձեզնից իւրաքանչիւրի սէրը միմեանց հանդէպ, 4այնպէս որ մենք ձեզնով պարծենում ենք Աստծու եկեղեցիներում ձեր համբերութեան եւ հաւատի համար՝ ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղութիւնների մէջ, որոնց դուք համբերում էք։ 5Դրանք ապացոյց են Աստծու արդար դատաստանի, որպէսզի դուք արժանի լինէք Աստծու արքայութեանը, որի համար էլ նեղութիւն էք կրում։ 6Եւ արդար է Աստծու առաջ, որ ձեզ նեղողներին նեղութիւն հատուցուի, 7իսկ ձեզ՝ նեղութիւն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝ 8կրակի բոցով վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին. 9նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից, 10երբ նա գայ այն օրը՝ փառաւորուելու իր սրբերի մէջ, հիացմունքի արժանի դառնալու բոլոր հաւատացեալների մէջ (քանի որ մեր վկայութեանը հաւատացիք)։ 11Ահա թէ ինչու միշտ աղօթում ենք ձեզ համար, որպէսզի Աստուած ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչեւ լրացնի ձեր բոլոր փափագները եւ հաւատի գործերը՝ զօրութեամբ, 12որպէսզի փառաւորուի մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը ձեր մէջ, եւ դուք փառաւորուէք նրա մէջ՝ մեր Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։
2 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ նրա մօտ մեր հաւաքուելու համար 2դուք իսկոյն չխռովուէք ձեր մտքում եւ չզարհուրէք ո՛չ հոգով, ո՛չ խօսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թէ մեր կողմից գրուած, որպէս թէ արդէն եկած հասած լինի Տիրոջ օրը։ 3Թող ոչ ոք ձեզ չխաբի եւ ոչ մի ձեւով. որովհետեւ այն օրը չի գալու, եթէ նախ ապստամբութիւնը չգայ, եւ չյայտնուի անօրէնութեան մարդը՝ կորստեան որդին՝ 4Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրայ, որ կոչւում է աստուած կամ պաշտամունքի առարկայ, մինչեւ այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում եւ ինքն իրեն ցոյց տայ, թէ աստուած է։ 5Չէ՞ք յիշում, որ, մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բանը։ 6Եւ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է նրան յետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն յայտնի անի մինչեւ ժամանակը գայ. 7որովհետեւ անօրէնութեան այդ խորհրդաւոր ուժը արդէն գործի վրայ է. բայց այդ պիտի չյայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կը վերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում։ 8Եւ ապա պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ։ 9Նրա՝ Անօրէնի գալուստը Սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրութեամբ, նշաններով, 10խաբեբայական զօրաւոր գործերով եւ անիրաւութեան բոլոր պատրանքներով կորստեան մատնուածների վրայ. եւ այդ ամէնը այն բանի փոխարէն, որ չընդունեցին ճշմարտութեան սէրը, որպէսզի փրկուեն։ Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին 11եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրէնութեան մէջ։ 12Իսկ մենք, Տիրոջից սիրուած եղբայրնե՛ր, պարտաւոր ենք միշտ գոհութիւն մատուցել Աստծուն ձեզ համար, որովհետեւ Աստուած սկզբից ընտրեց մեզ, որ փրկուենք Հոգու սրբացումով եւ ճշմարտութեան հաւատով, 13որին եւ կանչեց ձեզ մեր աւետարանումով փրկուելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքին տիրանալու համար։ 14Ուրեմն, եղբայրնե՛ր, հաստա՛տ մնացէք եւ պի՛նդ պահեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք թէ՛ խօսքով եւ թէ՛ մեր թղթով. 15եւ ինքը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոս եւ մեր Հայրը՝ Աստուած, որ սիրեց մեզ եւ մեզ տուեց յաւիտենական մխիթարութիւն եւ բարի յոյս, իբրեւ շնորհ, 16թող մխիթարի եւ հաստատ պահի ձեր սրտերը ամէն բարի խօսքի եւ գործի մէջ։
3 Վերջապէս, եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզ համար, որպէսզի Տիրոջ խօսքը առաջ գնայ եւ փառաւորուի ամէն տեղ, ինչպէս որ ձեզ մօտ է, 2որպէսզի փրկուենք անօրէններից եւ անզգամ մարդկանցից, քանի որ բոլորը չէ, որ հաւատ ունեն։ 3Բայց հաւատարիմ է Տէրը. նա կը զօրացնի ձեզ ու կը պահի չարից։ 4Վստահ ենք Տիրոջով ձեր վրայ, թէ, ինչ որ պատուիրեցինք ձեզ, ե՛ւ անում էք, ե՛ւ կ՚անէք։ 5Եւ Տէրը թող ուղղի ձեր սրտերը դէպի Աստծու սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։ 6Եղբայրնե՛ր, պատուիրում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք հեռու մնաք ամէն մի եղբօրից, որ ծոյլ կեանքով է ապրում եւ ոչ ըստ այն օրինակի, որն ընդունեցիք մեզնից. 7որովհետեւ ինքներդ գիտէք, թէ որչա՜փ դուք պէտք է նմանուէք մեզ, քանի որ ձեզ մօտ երբեք չծուլացանք 8եւ ոչ ոքի հացը ձրի չկերանք, այլ ջանքով եւ վաստակով զօր ու գիշեր աշխատում էինք՝ ձեզնից ոչ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. 9ոչ թէ նրա համար, որ իշխանութիւն չունէինք, այլ որպէսզի մենք մեզ օրինակ դարձնենք ձեզ, որ մեզ նմանուէք. 10քանի դեռ ձեզ մօտ էինք, այս բանն էինք պատուիրում ձեզ. թէ՝ ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի։ 11Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թէ ծոյլ կեանքով են ապրում, որեւէ գործ չեն անում, այլ ծոյլ-ծոյլ շրջում են՝ դատարկ բաներով հետաքրքրուելով։ 12Այդպիսիներին պատուիրում ենք եւ յորդորում Տէր Յիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտութեամբ եւ իրե՛նց հացն ուտեն։ 13Իսկ դուք, եղբայրնե՛ր, մի՛ յոգնէք բարիք անելուց։ 14Իսկ եթէ որեւէ մէկը չհնազանդուի այս թղթի մէջ մեր ասած խօսքին, նկատի՛ ունեցէք նրան եւ մի՛ յարաբերուէք նրա հետ, որպէսզի ամօթով մնայ։ 15Բայց նրան որպէս թշնամի մի՛ համարէք, այլ խրատեցէ՛ք որպէս եղբայր։ 16Եւ խաղաղութեան Տէրն ինքը թող միշտ խաղաղութիւն տայ ձեզ ամէն ինչում։ Տէրը ձեզ բոլորիդ հետ լինի։ 17Այս ողջոյնը իմ՝ Պօղոսիս ձեռքով է, որ, որպէս նշան, կայ իմ բոլոր թղթերում. այսպէս եմ գրում ես։ 18Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։